Դրուագներ Հայաստանի IX-XIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՆԱՆՈՒՆ ԱՐԾՐՈՒՆԻ

IX դարի վերջին եւ X դարի սկզբին Բագրատունիների եւ Արծրունիների միջեւ մրցակցությունն անհրաժեշտություն էր դարձել վերջիններիս համար ցույց տալու իրենց տոհմի գերադասությունը հայ մյուս նախարարների նկատմամբ: Եվ պատահական չէ, որ այդ բանի նախաձեռնողը Գրիգոր-Դերենիկ Արծրունի իշխանն էր, որը, ինչպես վկայում է Անանուն զրուցագիրը, հաշվի չէր նստում Սմբատ Բագրատունի թագավորի հետ [1]: Հավանաբար, հավակնություն ունենալով ձեռք բերելու թագավորական տիտղոս, նա իր տոհմի պատմության ստեղծումով թերեւս հող էր նախապատրաստում իր նպատակը պատմականորեն հիմնավորելու համար: Այդ հավակնությունը ռեալ հիմքերի վրա դրեց նրա միջնեկ որդի Գագիկը, որը մինչեւ թագավորելը ցանկացել էր իրականացված տեսնել հոր նախաձեռնությունը եւ այդ նպատակով պատվիրել էր Թովմա Արծրունուն շարունակելու եւ ավարտելու սկսած գործը: Սակայն, ինչպես ճիշտ նկատել է Մ. Աբեղյանը, Թովմայի գրածը նրան չի բավարարել եւ ցանկանալով փառաբանել իր հորը, եղբայրներին ու հատկապես իրեն, նա մի երկրորդ պատմագրի էլ գրել է տվել իր ժամանակի պատմությունը:

Թե ո՞վ է այդ պատմագիրը, հայտնի չէ, նրա գրած պատմությունը ամբողջությամբ մեզ չի հասել, պակասում է սկիզբը եւ վերջը, որտեղ հավանաբար իր ով լինելու մասին նա որեւէ ձեւով գրած կլիներ:

Որ Անանուն պատմագրի «Պատմության» սկիզբը մեզ չի հասել, երեւում է նրա հետեւյալ խոսքերից, որ նա տալիս է, թե ինչի մասին է գրելու: «Եւ արդ մեր բաղձալի սիրով, - գրում է նա, - բուռն հարեալ զգեղեցիկ պատմութեանց՝ զբազմօք զանց արարաք զրուցատրութեամբք, մանաւանդ որ անհուն շատաբանութեամբք իցեն լի, անօգուտ մեզ առ ի պատմել, եւ անշահ լսողաց առ ի լսել. ուստի եւ յայսցանէ ի բաց որոշելով զմեր միտս՝ յօգտակարն մեր փութասցուք պատմութեանցն հանդէս, եւ անվրէպ յայտարարութեամբք որ ինչ ի սկզբանց անտի շինութեան աշխարհիս Հայոց ի Հայկաց աղեղնաւորէ եւ ի նորուն զարմից եւ ցկաթոտ եւ վավաշոտ Շամիրամն …եւ ի նմանէ յայլս եւ յայլոց եւս յաւէտ ձեռակերտք եւ շինուածք յիւրաքանչիւրոցն յերկրիս մերում եղեն՝… մինչեւ յաւուրս մեծի արքային Հայոց Գագկայ…» [2]:

Այդ անելու համար  Անանունը, - «… առ ամենայնն անձամբ հասեալ եւ աչօք տեսեալ, ձգտեալ եւ ի հեռաւոր աշխարհս, մինչեւ ցԿղարջս եւ Շուշեթացիս եւ առ լերամբն Կաւկոսա եւ յԱհիզ, մինչեւ ի մուտսն Գաղայ, եւ ընդ Տայաստան եւ ընդ ամենայն հիւսիսական եւ ընդ արեւելս ի հետիոտս գնալով՝ տեսաք զգործ քաջաց եւ նախնեաց» [3]:

«Պատմության» մեզ հասած բնագրի առաջին մասը սկսվում է Գրիգոր-Դերենիկի երրորդ որդու՝ Գուրգենի ծննդից (Թովմա Արծրունու «Պատմության»՝ Թիֆլիսի 1917թ. Հրատարակության 419 էջի երկրորդ պարբերությունից) եւ վերջանում է հետեւյալ ծանոթությամբ. «Կատարեցաւ կարգ ծննդաբանութեան երից որդւոց մեծանուն եւ քաջամարտիկ իշխանին Գրիգորի, յորում եւ գործք նորին ամենայաջողակք եւ  զրաւ նորուն ի գաւելոյ ոմանց Հայաստանեայց եւ Պարսից եւ ողբք ի վերայ նորին» [4]:

Հիմնականում Գագիկ Արծրունու գործունեությանը վերաբերող երկրորդ մասի խորագիրը մեզ չի հասել. «Չորորդ դպրութիւն» բառերը հրատարակիչն է ավելացրել, այն ընդունելով իբրեւ Թովմա Արծրունու «Պատմության» չորորդ մաս [5]: Այդ դպրության Ը(8) եւ հաջորդ գլուխների (որոնցում խոսվում է XI դարի դեպքերի մասին), հեղինակը կամ հեղինակները ուրիշ Անանուն Արծրունիներ են: Այն ավարտվում է XI դարի վերջով, կյուրապազատ Աբդլմսեհի Ալուզ որդու գովքով:

Որ Անանունի «Պատմության» պատվիրատուն եղել է Գագիկ Արծրունին, որոշակի իմանում ենք հետեւյալ տողերից. «զոր եւս քեզ սիրելի քաջ, եւ քաջի արանց նախնական, որ եւ զպատմութիւնս յինէն պահանջեցեր, ոչ իբրու յայլոց համբաւուց տեղեկացեալ ընծայեալ արձանացուցանեմ քեզ ստայօդ բանից պաճուճեալ առասպելս, այլ ականատես եւ ականջալուր, եւ իմով ձեռօք շօշափեալ՝ պատմեմ քեզ հաւաստապէս զեղելոցն զարմանս» [6]: Մի այլ կապակցությամբ էլ գրում է. «Բայց մեր զդիպողսն եւ զպատշաճաւորսն որքան է կարողութիւն՝ ի լրումն ընծայեցաք գեղեցիկ քոյոցդ ախորժակաց, ով քաջազգի եւ տան մեծի արգասաւոր եւ նախնական մեծ» [7]:

Անանուն այս պատմագրի մասին Մ. Աբեղյանը գրել է. «Այս հեղինակի գրած «Պատմությունից» երեւում է, որ նա եղել է բավական հմուտ մի անձ, շատ կարդացած, շատ էլ ճանապարհորդած: Նա եղել է իր պատմած դեպքերի ժամանակակից, շատ բանի ականատես, հավանորեն եկեղեցական, թերեւս Արծրունի» [8]:

Անանունն էլ իր նախորդների նման, խոստանում է ճշմարիտը գրել, նշում է, որ ինքն ականատես է եղել, կամ պատմել են ականատեսները [9], հիշում է Բուզանդին [10]:

Իրեն սիրելի տոհմի եւ անձերի գովաբանությամբ անանուն այս պատմագիրը գերազանցել է իրեն նախորդ ու հետնորդ բոլոր տոհմիկ պատմագիրներին, իսկ իր հիմնական գործող անձին՝ Գագիկ Արծրունուն (թագավորին), անասելի չափով իդեալականացրել է: Նման մոտեցման հետեւանքով նրա երկում պատմական իրողություններն ու անձերը շատ են տուժել:

Նահանգական հայրենասիրությունն իր ամենացայտուն արտահայտությունն է գտել Անանունի «Պատմության» մեջ: Նրա համար Հայաստանը հայրենիք չէ, հայրենիքը «բարձրագոյն եւ սեփական» [11] Վասպուրականն է: Հայաստանի մասին խոսում է այնպես, ինչպես ասենք Պարսկաստանի, Վրաստանի, Աղվանքի մասին. այն օտար է նրան:

Ատրպատականի Յուսուֆ ոստիկանը Գագիկ Արծրունուն «Թագաւորեցուցանէ զնա ի վերայ ամենայն Հայոց» [12], «Տայ ի ձեռս նորա զբոլոր Հայաստան աշխարհս» [13]:

Ըստ Անանունի, Յուսուֆը Վրաստաննէլ է տվել Գագիկին. «տայ ի ձեռս արքայի զաշխարհս Հայոց եւ Վրաց» [14]:

Թշնամու բանակները Հայաստան առաջնորդող, հայ պետականությանը մահացու հարված հասցնող, հայրենիքի (լայն առումով) դավաճան Գագիկ Արծրունին Անանուն պատմագրի համար Հայաստան աշխարհի փրկարարն է. «…փրկեաց իսկ զՀայաստան աշխարհս ի ծանր ծանր աղէտից» [15]: Վայրագ թշնամու ձեռքին գործիք դարձած այս Արծրունին, բանից պարզվում է, թագավորի որդի է եւ, «սեփական եւ բնատուր տիրողի Հայոց» [16], «միապետեալ զբոլոր աշխարհս Հայաստան» [17]:

Գրիգոր-Դերենիկ Արծրունու սպանության կապակցությամբ Անանունը ողբալով բացականչում է. «…վա՛յ, կորավ մեծանուն իշխանն, եւ  անտերունչ մնաց երկիրս Հայոց» [18]:

Տոհմային փառասիրությամբ լցված եւ տերերին ծառայող ու նրանց փառքը գովաբանող պատմագրի համար, կարծեք, Բագրատունիները, նրանց թագավորությունը գոյություն չունեն: Ճիշտ է, մի քանի անգամ ակնարկում է Սմբատ թագավորին ու նրա եղբոր Աբասին, սակայն  բավական նսեմացրած  ձեւով: Աշոտ Արծրունին օրեցօր հզորանում է, Սմբատ թագավորը տեսնելով այդ «…Առաքէ զեղբայր իւր զԴավիթ եւ աղաչէ զիշխանն Աշոտ՝ նի մեկուսանալ ի նմանէ…» [19]:

Ավելին, ոստիկանը Սմբատին «փախստական արարեալ մազապուր ընկնելու յաշխարհն Վրաց» [20]: Սմբատը զորքով գնում է Ապահունիք գավառը, Կայսիկներից հարկ գանձելու նպատակով, կայսիկները հրաժարվում են եւ դիմում զենքի, Սմբատը օգնության է կանչում Աշոտ Արծրունուն, վերջինս գալիս է, սակայն Սմբատ թագավորն իր զորքով փախչում է, Աշոտը կռվում ու հաղթում է թշնամուն [21]:

Սմբատը տեսնելով Գագիկի հաղթանակները թշնամու նկատմամբ, «… մախացեալ ընդ իրսն, եւ զարթուցանել ջանայր զայլազգինս կրկին անգամ ի վերայ իշխանին: Եւ իբրեւ այնու ոչինչ կարաց ստանալ՝ ապա պատրողական բանիւք եւ խոստմամբք դավաճանէ զայրն զոր կարգեալ էր յամրոցին Ամիւկ, եւ նորա ըստ նմանութեան Յուդայի՝ առեալ զգինս աստուածավաճառ նմանությամբ, տայ զբերդն ի ձեռս Սմբատայ թագաւորին Հայոց:

Եւ Սմբատայ առեալ զբերդն, դարձեալ վաճառէ իշխանին Գագկայ, եւ առնու ի նմանէ գանձս բազումս, եւ յայնմ օրէ անկանի կասկած չարութեան յերկաքանչիւրոցն միտս, վասն որոյ եւ ոչ սիրով խաղաղութեամբ զմիմեամբք թեւակոխէին որպէս յառաջագոյնն» [22]:

Արաբական մի զորավար բանակով գալիս, գրավում է Արարատյան երկիրը, որը Սմբատի որդի Աբասի կալվածքն էր: Եվ հայոց սպարապետ Աբասը, որը քիչ բան չէր արել թագավորության բանակի ամրապնդման համար, դիմում է «մեծի թագավորին Հայոց» Գագիկ Արծրունուն, «… քանզի Աբաս ոչ կարողանայր ի դիմի հարկանել բռնացելոյն ի վերայ ինքեան՝ ձայն արկանէ յարքայ… զի եկեալ փրկեսցէ զնա ի հարկապահանջ բռնութեանցն հինից…» եւ ինչ եք կարծում, Բագրատունիներին դավաճանող Գագիկը «… յիշեալ զգութ արեան հարազատութեանն՝ ել գնաց զօրօք բազմօք զհարազատին խնդրել զքէն վրիժուց» [23]: Այս Աբասին Դրասխանակերտցի պատմագիրը հակառակ Անանունի, բոլորովին այլ բնութագիր է տալիս: Նա գրում է. «Աբասայ, որ էր այր քաջանձնեայ եւ թիկնաւէտ, առոյգանձն եւ գեղեցիկ հասակաւ, կորովի եւ աջողակ ի պատերազմունս, որ եւ աջակցեալ իսկ եղբօր իւրում Աշոտոյ զամենեսան հնազանդէր ընդ լծով ծառայութեան. ի բազում կողմանս բազում անգամ արութիւն ցուցեալ՝ եւ հռչակաւոր եւ յոյակապ ի մէջ բազմաց երեւեալ» [24]:

Թշնամու դեմ կռվել չկարողացող եւ օգնություն խնդրող Աբասը, սակայն, «… հպարտացեալ գայ իջանէ ի դաշտն Վաղարշապատ քաղաքի, կամեցեալ յառաջագոյն քան զգալուստն մեծի թագաւորին Հայոց Գագկայ անձինն ինչ ստանալ պարծանս» [25]: Եվ որովհետեւ արաբ զորավարը իբրեւ գիտեր, որ Աբասը հմուտ չէ պատերազմներում, փոքրաքանակ զորքով հարձակվում է նրա վրա, փախուստի մատնում, իսկ թշնամին «մեծաւ յաղթութեամբ եւ բազում աւարով» վերադառնում է  Դվին: Նահանգական հայրենասերին Աբասի պարտությունը չի հուզել, որովհետեւ իբրեւ թե Աբասը ցանկացել է մինչ Գագիկի ժամանելը «ստանալ պարծանս»: Այդ դեպքում պատմագիրը առիթը բաց թողած կլիներ եւս մեկ անգամ էլ դյուցազնացնելու իր Գագիկին եւ գրելու «Յայնժամ արքայ վառեալ ի զէն եւ ի զարդ արիական քաջութեան, առեալ զզօրսն գնդին հաւատացելոց… սուսերամերկացն հոյլք զմիմեամբք խառնեցան, եւ ճայթմունք եւ թնդիւնք եւ փայլատակմունք իբրեւ յամպոց ի վայր թափեալ երեւեցան… գայ պատահէ արքայ զմիջոցաւ ռազմին այլազգեաց, յորում էին արք… իբրեւ Տ. որոց ի դիմի հարեալ արքայի, իբրեւ կայծակն ընդ եղէգն հարեալ՝ այնպէս խորտակեաց զռազմաց զօրուն այլազգեաց», ութ հազար հոգու սպանում են, կենդանի մնացածներից շատերին ձարբակալում, իսկ 200 հոգու ազատ են արձակում, որ գնան «ի քաղաքն պատմեսցեն զոր տեսինն» [26]:

Սմբատ Բագրատունին շարունակելով հոր՝ Աշոտի քաղաքականությունը, աշխատում էր ամեն կերպ ամրապնդել այնքան մեծ դժվարությամբ եւ մեծ զոհերով ձեռք բերված անկախությունը, եւ միավորել ուժերը հակահարված տալու Ատրպատականի արաբ ոստիկանների ոտնձգություններին, որոնք օգտվելով խալիֆայության թուլացումից, եւ չհաշտվելով Հայաստանի ձեռք բերած անկախության հետ, եւ վախենալով նրա հետագա հզորացումից, ամեն ինչ անում էին խարխլելու հայ նորաստեղծ պետականությունը եւ վերացնելու այն, նվաճելու Հայաստանը եւ հարկատու դարձնելու նրան:

Չգիտակցելով, ավելի ճիշտ չցանկանալով գիտակցել, այս կարեւոր իրողությունը, Անանունը Սմբատին մեղադրում է այն բանի համար, որ նա «…ոչ խնդրեաց երթալ զհետ խաղաղութեան, տալ զհարկս արքունի, որպէս հրամայեաց տէր զսակ անդրանկացն ի ձեռն Պետրոսի ընծայել այնոցիկ որք զդիդրամայն պահանջէին, եւ ասէ. «տո՛ւք զկայսերն, եւ զԱստուծոյն Աստուծոյ» եւ ինչ «Զայս հրաման տէրունեան յետս հարեալ Սմբատայ՝ շարժեաց զբազում չարիս ի վերայ սուրբ եկեղեցւոյ եւ ժողովրդեանն տեառն» [27]:

Տոհմային-գավառային գերսնապարծությունը մեր այս Անանուն պատմագրի մեջ մեռցրել էր համահայկական պետականության պահպանման վեհ գաղափարը, որ արյան ծովերի գնով դարից-դար, սերնդից-սերունդ սխրանքների է մղել հայ ժողովրդին իր ազատության ու անկախության համար: Նա  փոխարեն դատապարտելու Գագիկ Արծրունու հայրենիքի վրա հասած օրհասական օրերում դավաճանական քայլը, որի համար եւ նրա ժամանակակից, սակայն  պետականորեն մտածող Հովհաննես Դրասխանակերտցի պատմագիրը զայրույթով նրան «թագակերպեալ իշխան» [28] է համարում, կարծեք մի տեսակ հրճվանքով Անանունը գրում է, թե իբր Յուսուֆը, որին պարսիկների արքա է դարձնում նա, - իմանալով «քաջ» եւ «աստուածազարդ» [29] «հանճարեղ եւ մեծանուն» [30] Գագիկ իշխանի մասին, նրան կանչում է իր մոտ եւ «… ուրախ լինէր յոյժ ի վերայ գալստեանն նորա առ նա» [31] ։

Ըստ Անանունի, Գագիկը չի դավաճանել, այլ Յուսուֆն է նրա «հանճարեղության» համար թագ տվել: Միայն ազգային զգացումներից զուրկ մարդը կարող էր այդպես ներկայացնել իրականությունը: Այդ ուրախության պատճառը թաքնված էր ոչ թե Գագիկի «աստուածազարդութեան» մեջ, որի համար, ընդհակառակը, Յուսուֆը պետք է որ զայրանար, այլ նրանում, որ Յուսուֆը քաջ գիտեր իր նախորդի՝ Ափշինի, ժամանակ Արծրունիների եւ հատկապես Գագիկի եղբոր Աշոտի թշնամական վերաբերմունքը Բագրատունիների նկատմամբ, գիտեր նաեւ, այդ երկու տոհմերի մրցակցության եւ Գագիկի ժամանակ նրանց միջեւ եղած հակասությունների խորացման մասին:

Պատմագիր Անանունը չի հասկացել եւ չի ցանկացել հասկանալ մի բան. Յուսուֆին հայտնի էր, որ հայ իշխաններից ոմանք իրենց անձնական շահերի համար պատրաստ են ոտնատակ տալ ժողովրդի եւ պետության շահերը, նենգ ու ստոր միջոցներով կուլ տալ թույլերին, իսկ ուժեղներին՝ դավաճանել, թշնամուն գործակցել: Թշնամին լավ գիտեր աշխարհակալ պետությունների ավանդական «բաժանեա զի տիրեսցես» քաղաքականության իրականացման արդյունքները: Բայց Հայաստանում, ինչպես միանգամայն ճիշտ նկատում է Ստ. Մալխասյանցը, դրա անհրաժեշտությունը չէր զգացվում, որովհետեւ հայ իշխաններն իրենք էին ընդառաջ գնում թշնամուն: «Արաբական ոստիկանը մի իշխանի թագ պարգեւելով, - գրում է Ստ. Մալխասյանցը, - գրգռում էր մյուսի փառասիրությունը, որ նույնպես ձգտում էր թագ ստանալու եւ դրա համար միացնում էր յուր զորքերը ոստիկանի զորքերի հետ՝ հայ իշխանի դեմ կռվելու համար: Հայաստանի ամենամեծ դավաճանը այդ ժամանակ, Գագիկ Արծրունին, որ թշնամու կողմն անցավ բնիկ Բագրատունի թագավորի դեմ եւ յուր զորքերը խառնեց արաբական զորքերին՝ օրինավոր թագավորի, յուր հայրենիքի դեմ, եւ այս դավաճանության իբրեւ պարգեւ թագավորի տիտղոս ստացավ Յուսուֆ ոստիկանից» [32]: Իսկ, ըստ Անանունի, Յուսուֆը «Եւ տեսեալ եթէ ոչ ոք է որ կարողանայ տիրել եւ ունել զաշխարհս Հայոց, բայց միայն Գագիկ, զորոյ զփորձ առեալ գիտէր զնա այսպիսի այր, զոր ոչ թողեալ ի կամս անձնիշխան կամացն թագաւորեցուցանէ զնա ի վերայ ամենայն Հայոց» [33]:

Ավելին, Գագիկի՝ այդ քայլի համար թագ ստանալը Անանունի համար եղել է «... զօծումն սորա աներեւութաբար լեալ ի Հոգւոյն սրբոյ, ըստ առաքելոյն գոչման որ ասէ «ոչ ուստեք է իշխանութիւն, եթէ ոչ յԱստուծոյ. եւ որ էն յԱստուծոյ է կարգեալ» [34]:

Անանունը Թովմա Արծրունուն հետեւելով, աշխատում է արդարացնել Արծրունիների դավաճանությունը: Խոսելով Աշոտ Արծրունու՝ Ափշինին հպատակություն հայտնելու մասին, նա գրում է. «Իսկ իշխանն Աշոտ եղբարբք հանդերձ եւ ամենայն տիրակոյտ ազատագունդ զօրօքն խորհուրդ արարեալ ասեն, «աւուրք սաստկութեան են եւ գործ պատերազմի, ո՞վ գիտէ ո՛յր ուրուք յաղթութիւնն լինիցի»: Եւ խնայեալ ի սուրբ եկեղեցիս եւ ի հաւատացեալս՝ ել գնաց առ Ափշին: ... Եւ դարձուցեալ զիշխանն Աշոտ մեծաւ պատուով եւ բազում եւ երեւելի պարգեւօք... » [35]:

Ահա Արծրունիների եւ նրանց տոհմիկ պատմագրի հայրենասիրությունը: Հայրենիքի համար ստեղծված այդ օրհասական օրերին, երբ Բագրատունի գահակալը ամեն ինչ անում էր պաշտպանելու երկրի անկախությունն ու ազատությունը, Արծրունիները ձեռք են մեկնում Հայաստանի անկախությունն ու ազատությունը ոտնահարող վայրագ թշնամուն:

Անտեսելով պատմական իրողությունը, Անանուն պատմագիրը չարաչար մեղանչել է պատմության առաջ: Սենեքերիմ թագավորի կողմից Վասպուրականը կայսրությանը հանձնելու կապակցությամբ նա գրում է, թէ Սենեքերիմն առաջնորդվել է տերունական հրամանով, որ ասում է «եթէ հալածեսեն զձեզ յայսմ քաղաքէ՝ փախիջիք ի միւսն»:

Ժամանակները փոխվել էին, մեր նախորդ եւ ոչ մի պատմագիր Հայկի եւ Թորգոմի զարմերի նման վարքագիծը չէին արդարացնի եւ տերունական հրաման չէին համարի հայրենիքը թողնել-փախչելը: Ի դեպ նկատենք, որ Անանունը այն դեպքում, երբ զգում է, որ գրում է հակառակ տիրող մտայնությանը պատսպարվում է «տերունական հրամանով»:

Անանունին չեն հավատացել նրան ժամանակով ոչ շատ հեռու ապրած Ուռհայեցին, Արիստակես Լաստիվերցին եւ ուրիշ պատմագիրներ, ընդհակառակը, նրանք զայրույթով ու ատելությամբ են խոսել հիշյալ իրադարձությունների մասին, ցույց տվել «աստվածասեր եւ բարեպաշտ Վասիլի» (Բազիլեյոս Բ) Հայաստանի եւ հայերի նկատմամբ վարած քաղաքականության կործանարար հետեւանքները: Սելջուկյան հորդանների ասպատակությունների պայմաններում, հավանաբար Հայաստանում իշխող աշխարհիկ եւ հոգեվոր ֆեոդալական վերնախավի որոշ շրջաններում դեռ ավանդական կարգով հույսերը կապում էին Բյուզանդական կայսրության հետ, նրանք, այդ թվում եւ Անանուն պատմագիրը, չէին հասկացել կայսրության հայակործան քաղաքականության էությունը: Եթե Անանունը ոչ միայն չի դատապարտում Գագիկ Արծրունու դավաճանությունը, այլեւ իդեալականացնում է նրան եւ հպարտությամբ գրում նրա մասին, ապա ատելությամբ է խոսում Արծրունիների տերությունն արհամարհողների, նրանց դեմ ապստամբողների մասին: Նրանք են, «... գողակիցք գողոց, ապականիչք աշխարհի եւ արհամարհող տէրութեանն: Յորոց մի էր Շապուհ որդի Մայմանկին, որոյ չարահնար նենգութէամբ առեալ էր զբերդն Ագարակայ եւ զգաւառն ճախուկ եւ կոկոցավիզ յինքնահայեաց ամբարտաւանութեամբ նստեալ յամրոցին, մեծ ոմն զինքն կարծելով: Ի սոյն աւուրս զնոյն օրինակ ապստամբութեան բերեալ եւ Գրիգորի որդւոյ Վասակաց, որոյ Ապուհամզայն անուն ճանաչիւր, որ բունեալ որջացեալ էր յԱրճուճսն անունեալ ամրոցի» [36]:

Նույն ատելությամբ նա խոսում է նաեւ ուրացողների մասին: Դրանցից ոմն Վասակի որդի Հասանը, «... այրն անօրէն, ժանտ եւ ապարասան, աւազակաց հայր, սպանողաց մայր եւ ամենայն անօրէնութեան ծնօղ, դարձեալ մոլեգնի հայրենի չարեօքն յաղթեալ, զխոստովանութիւնն հազիւ թէ պահեալ ամբողջ, ձեռն տայ յամիրայն Ափշին, եւ բազում վնասս կործանման ստանայ հաւատացելոց եւ սուրբ եկեղեցեաց. անձնամատն եղեալ դուռն բանայ չարեաց, դարանս մահաբեր գործէ սատանայի զգացեալ հնարիւք» [37]:

Անանունը ատելությամբ է տրամադրված նաեւ արաբների ու սելջուկների նկատմամբ: Արաբները «ամենաչար ազգն» են [38], «չարահնար ազգ» են [39], նրանք հարձակվում են «իբրեւ զգազանս արիւնարբուս մրմռեալ» [40]:

Սելջուկների մասին գրում է. «…եւ մատնեաց զմեզ Տէր եւ զմնացեալսն ի ձեռս անօրէն արծաթակուրծ եղեռնաթիւր եւ մեղսասէր զարմին Ելիմայ, որ են ազգք թուրքաց… եւ նոքա ունելով զբնութիւն արիւնարբու գազանի. զի են ազգք ահաւոր տեսլեամբ, զի տեսիլ դիմաց նոցա զարհուրեցուցանէ զտեսողսն եւ ահաբեկ առնէ. եւ բնակութիւն նոցա ի լերինս եւ ի դաշտս եւ յանապատս, որպէս զվայրենի գազանաց. եւ են շաղղակերք որպէս զգազանս. ոչ պատուեն զմեծամեծս, ոչ խնայեն յալիս եւ ի հարկիսս ծերոցն, ոչ ողորմին երիտասարդին եւ տղայոյն, ոչ խնայեն ի մանկութիւն ումեք. ազգ չար եւ դառնացող» [41]:

Անանուն պատմագիրը գեղարվեստական խոսքի վարպետ է Դա գլխավոհապես զգացվում է ողբերի եւ գովերգության հատվածներում:

Գրիգոր-Դերենիկի սպանության կապակցությամբ գրում է. «Իսկ համբաւ հզօրին կորստեան, իբրեւ զամպ թանձրամած խաւարային լցեալ սաստկութեամբ՝ ելեալ տարածեցաւ ի վերայ Հայաստանեայցս ազատագունդ զօրքն տիրակորոյսք ցրուեալք ի լերինս եւ ի դաշտս վայիւք եւ ողբովք եւ յորդահոս արտասուօք զերկիրն լրացուցանէին դառնութեամբ, եւ ի խորովակսկիծ կիզմանէ աղեացն դիթաւալ յերկիր կործանեալ թմբրեալք լինէին ի դառնաճաշակ մահարբոյց բաժակէն» [42]:

Անանունի երկի մեծագույն մասը նվիրվում է Գագիկ Արծրունի թագավորի գովերգությանը: «Սրա նման մի գովք թագավորի, - գրում է Մ. Աբեղյանը, - շատ չենք գտնիլ մեր հին գրականության մեջ: Դա մի ամբողջ ճառ է եւ ճառորեն կրկնությամբ հորինված: Թե վերջն էլ ինչ պիտի ասեր այդ Անանունը, չգիտենք, որովհետեւ վերջին մասը պակասում է» [43]:

Գեղեցիկ շատ հատվածներից բերենք միայն երկուսը:

Գագիկը «… ազգի նսեմացելոյ ջահ վառեալ եդեալ ի բարձրադիտակ անառիկ ամրոցի, շուրջանակի պարսպեալ զօրութեամբն Աստուծոյ՝ աննուաղ պահեցաւ ի չորեքծագեան սաստկագոյն հողմոց թշնամեաց ի սա հնչելոց. որ ոչ միայն ինքն աղօտացաւ, այլ եւ ի ձեռն պնդակազմ հաւատոյ ճոճ առեալ ցոլացեալ կիզեաց զթշնամիս տան հօր իւրոյ:

Սա աշտարակ բարձրաբերձ զօրաւոր վիմօք, կապարայօդ հիւսմամբ շարադրեալ իբրեւ զպարիսպ պղնձի, հաստահեղոյս բեւեռմամբ, անխրամատելի ի թշնամեաց, միանգամայն եւ իբրեւ զսիւն երկաթի, ի մէջ հարուստ խարսխաց, աստուածայոյս եւ անհաս զօրութեամբ, կանգնեալ ի բարձր տէրութեանս Հայոց՝ տեղի ապաւինի, որ ի թշնամեաց ոք փոխիցէ յերեսաց» [44]:

Գագիկը «… խաղաղութեան եւ շինութեան առիթ: Նա աւազակաց խանձող եւ հերքիչ: Նա իրաւանց եւ դատաստանաց արդարով կշռիչ: Նա ամբարտաւանից բարձրաթռիչ թեւոցն հարթող: Նա որջացելոց բազմաց ի բարձրաբերձ ամրոցաց ստորիջոյց: Նա ապստամբաց անզերծանելի ծուղակ: Նա գաղտնի նենգութեանց թշնամեաց նախատեսող եւ կարթ կորզիչ: Նա սիրելեաց եւ կամարարաց իւրոց անծախ պարգեւ, այլ եւ անուշահոտ բուրաստան, լի համապայծառ ծաղկովք: Նա… մշտաբուղխ աղբիւր իմաստից: Նա ամենայն  արուեստականաց դռնբաց եւ անվրէպ քանոն: Նա բռնաւորաց սպառնալեաց բքաբեր, եւ ահարկու հողմոցն ընդդիմակաց լեառն բարձր եւ անդրդուելի վէմ» [45]:

Անանունի գրածները Գագիկ Արծրունու շինարարական գործունեության մասին, հատկապես Ոստան ավանի, Աղթամար կղզու շենքերի՝ Աղթամար թագավորանիստի եւ նրա եկեղեցու մասին (գլ. Զ, Է, Ը) մեր հին գրականության լավագույն նկարագրություններից են [46]:

Մեծ հրճվանքով եւ հպարտությամբ պատմելով դրանց մասին, նա գրում է, որ այդ արել է «առ ի յիշատակ թողլով զկնի եկելոց, եւս եւ ի պարծանս տանն Արծրունեաց» [47]:

 

 



[1] «Պատմութիւն Անանուն զրուցագրի» (կարծեցեալ Շապուհ Բագրատունի), Երեւան, 1971, էջ 163:

[2]            Թովմա, էջ 477-478:

[3]            Նույն տեղում, էջ 478

[4]            Նույն տեղում, էջ 430: Հ. Օրբելին գտնում է, որ Արծրունիների տան պատմության երկու հեղինակների շարադրանքի սահմանազատման հարցը մնում է բաց, չլուծված, սակայն միաժամանակ ճիշտ կերպով գրում է, թե «Անանունին է պատկանում Պետերբուրգյան հրատարակության 19-րդ գլխի խորագիրը եւ գլխի սկզբի 9 տողը եւ հաջորդ գլուխների շարադրանքը»: Տե՛ս И. А. Орбели, Избранные труды, т. 1, М., 1968, стр. 19.

[5]            Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 1, էջ 451:

[6]            Թովմա, էջ 474:

[7]            Նույն տեղում, էջ 483:

[8]            Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 1, էջ 451:

[9]            Թովմա, էջ 429, 482:

[10]          Նույն տեղում, էջ 451;

[11]          Նույն տեղում, էջ 426;

[12]          Նույն տեղում, էջ 466:

[13]          Նույն տեղում, էջ 467:

[14]          Նույն տեղում, էջ 472:

[15]          Նույն տեղում, էջ 444:

[16]          Նույն տեղում, էջ 468:

[17]          Նույն տեղում, էջ 471:

[18]          Նույն տեղում, էջ 427:

[19]          Նույն տեղում, էջ 447:

[20]          Նույն տեղում, էջ 448:

[21]          Նույն տեղում, էջ 453:

[22]          Նույն տեղում, էջ 462:

[23]          Նույն տեղում, էջ 488:

[24]          Դրասխանակերտցի, էջ 135:

[25]          Թովմա, էջ 488-489:

[26]          Նույն տեղում, էջ 490-491:

[27]          Նույն տեղում, էջ 465-466:

[28]          Դրասխանակերտցի, էջ 210:

[29]          Թովմա, էջ 465:

[30]          Նույն տեղում, էջ 463:

[31]          Նույն տեղում, էջ 465:

[32]          Ստ. Մալխասյան, նշվ. աշխ., էջ 208-209:

[33]          Թովմա, էջ 466:

[34]          Նույն տեղում, էջ 467:

[35]          Նույն տեղում, էջ 488-489:

[36]          Նույն տեղում, էջ 454-455:

[37]          Նույն տեղում, էջ 449-450:

[38]          Նույն տեղում, էջ 420:

[39]          Նույն տեղում, էջ 460:

[40]          Նույն տեղում:

[41]          Նույն տեղում, էջ 497:

[42]          Նույն տեղում, էջ 426-427

[43]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 1, էջ 453:

[44]          Թովմա, էջ 446:

[45]          Նույն տեղում, էջ 494-495:

[46]          Մ. Աբեղյան, նշվ. աշխ., հ. 1, էջ 454:

[47]          Թովմա, էջ 474: