Դրուագներ Հայաստանի IX-XIII դարերի պատմագրութեան

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍՏԵՓԱՆՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ (ԱՍՈՂԻԿ)

 

X դարի 20-ական թվականների կեսերից Հայաստանը թեւակոխել էր համեմատաբար հաղաղ մի ժամանակաշրջան, որը տեւեց ավելի քան հարյուր տարի: Ահա այդ խաղաղ ժամանակաշրջանի ծնունդն է Ստեփանոս Տարոնեցի՝ Ասողիկ մականվամբ պատմագիրը (Ասողիկ՝ լավ երգ ասող կամ էլ լաց ասմունքող) [1]: Այս պատմագրի մասին գրեթե ոչինչ չգիտենք: Ապրել ու գործել է X դարի երկրորդ կեսում եւ XI դարի առաջին կեսում:

Թվարկելով Անանիա Մոկացի կաթողիկոսի (943-965 թթ. ) ժամանակ գործող անվանի վարդապետներին, Ասողիկը գրում է. «Զոմանս ի սոցանէ ի ծերութեան իւրեանց՝ ի տղայութեան մերում տեսաք աչօք մերովք, ճաշակելով ի քաղցր ճաշակաց բանից նոցա» [2]: Բավական անորոշ մի ակնարկ էլ ունի Գրիգոր Մագիստրոսը իր 1041-1057 թթ. գրած թղթերից մեկում այն մասին, որ Ասողիկը խոր ծերության տարիքում է եղել [3]:

Արիստակես Լաստիվերցին, թվարկելով Գագիկ առաջինի ժամանակ անվանի վարդապետներին, գրում է. «եւ Ստեփաննոս Տարօնացին որ զաշխարհապատում գիրսն շարագրեաց սքանչելի յորինուածովք, սկսեալ ի մարդն առաջին եւ գայ բովանդակէ զպատմութիւն իւր ի վախճան Գագկայ» [4]:

Ասողիկն իր «Տիեզերական պատմությունը» գրել է Սարգիս կաթողիկոսի (992-1019թթ. ) հրամանով. «Տեառն Սարգսի, տիեզերափայլ եւ մեծաշնորհ հովուապետի, զորոյ զհրամանն ընկալեալ՝ ի վեր քան զկար իմ՝ զհնազանդուրյան օրէնսն կատարելով՝ աղքատիմաց բանիւք զբանս յիշատակիս գրեցի» [5], - խոստովանում է Ասողիկը: Նա իր ժամանակի գիտուն եւ հեղինակություն վայելող վարդապետներից է եղել: Նույն կաթողիկոսի հրամանով շրջագայել է վանքերը եւ զբաղվել եկեղեցու հոգսերով: «… յարածուփ շրջանք եւ հանապազորդեան հոգք եկեղեցւոյ, որ ըստ հրամանի ձեր, - գրում է Ասողիկը «Պատմության» վերջում խոսքն ուղղելով Սարգիս կաոթղիկոսին, - ոչ թողացուցանէին մտաց իմոց զետեղել ի պատշաճ յօրինուած բանիս. Զոր կրեմ զփառս եւ զանարգանս, զգովութիւն եւ զպարսաւանս ի ծանրասիրտ եւ ի խստապարանոց ազգէս մերմէ ի բարեխօհ եւ ի բղջախոհ մարդկանէ…» [6]: Սակայն չի ասում, թե ինչու են իրեն պարսավել ու անարգել, բավարարվում է միայն իր դժգոհությունը հայտնելով վերջիններից:

Չխախտելով ավանդական սկզբունքը, Ասողիկն իր պատմությունն սկսում է Ադամից, հասցնում մինչեւ 1004 թ.: Շարադրանքը բաժանված է երեք հանդեսի՝ պրակի կամ հատորի: Առաջին հանդեսում տրված է սկզբից մինչեւ Տրդատ Գ-ն ընկած ժամանակահատվածի համառոտ պատմությունը, ավելի ճիշտ՝ հրեաների, ասորեստանցիների, մարերի, պարսիկների, պտղոմյանների, եբրայեցիների, հռոմեացիների, պարթըների եւ հայերի թագավորների ժամանակագրությունը: Երկրորդում շարադրված է Տրդատից մինչեւ Աշոտ Ա Բագրատուն թագավորի ժամանակաշրջանի՝ նունպես համառոտ պատմությունը, ինչպես նաեւ կաթողիկոսների մասին կենսագրական տվյալներ սկզբից մինչեւ Գառնեցի Գեւորգ կաթողիկոսը: Համառոտակի խոսվում է նաեւ Սասանյան թագավորների, արաբական խալիֆների ու բյուզանդական կայսրերի մասին:

Պատմական նյութը երեք հանդեսներով ներկայացնելը պատահական չէ, քանի որ Ասողիկը պատմության պարբերացման հիմքում ելակետ է ունեցել հայաստանում թագավորած հարստությունների ժամանակաշրջանները: Այդ առթիվ նա գրել է. «…զՀայկազեանցն ասեմ եւ զԱրշակունեաց եւ զԲագրատունեաց»: Դրան համապատսախան էլ ՝ «…յերիս հատուածս զբան պատմութեան մերոյ որոշեցաք» [7]:

Եվ այդ երեք հատվածները՝ հանդեսները, սկսվում են հայ ժողովրդի համար դարագլուխ կազմող ու ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձություններով: Այսպես, առաձին հանդեսում բուն Հայաստանի պատոմությունը սկսում է Հայաստանում Պարթեւ Արշակունիների հարստության հաստատմամբ, երկրորդը՝ Տրդատ Գ-ի թագավորությունից եւ հայոց դարձից, որ նա Հայաստանի եւ հայերի լուսավորություն է  համարում՝ «…լուսաւորել Հայաստանեայցս… ի նոյն լուսաւորութենէ Հայոց» [8] եւ երրորդ՝ Բագրատունիների հարստության հաստատմամբ, որ նա համարում է «երրորդ նորոգումն թագաւորութեանս Հայոց» [9]:

Առաջին երկու հանդեսների նյութը նա վերցրել է նախորդ պատմագիրներից՝ առանց քննության, հաճախ բառացի: Ավելին, միեւնույն դեպքի կամ դեմքի մասին երկու անգամ է գրում, բայց տարբեր ձեւով, նայած օգտագործած աղբյուրին [10]:

Երրորդ հանդեսը, որը կրում է «Պատմութիւն ժամանակաց ինքնախոսութեան» խորագիրը, ընդգրկում է 117 տարվա պատմություն, սկսած Աշոտ Ա-ից մինչը Գագիկ Ա թագավորը: Այս հանդեսի առաջին գլուխները որոնք վերաբերում են Աշոտ Ա-ին, Սմբատ Ա-ին եւ Աշոտ երկաթին, նունպես քաղված են նախորդ պատմագիրներից, հիմնականում Շապուհ Բագրատունուց եւ Դրասխանակերտղուղ: Ասողիկի հեղինակածն սկսվում է Աբաս Բագրատունի թագավորի ժամանակից (929 թ. ) մինչեւ 1004 թ. Գագիկ Ա-ի տասնհինգերորդ տարին: Մ. Աբեղյանը, սակայն առանց որեւէ ներքին կապակցության, որ հաճախ միեւնուն գլխի մեջ, խառն, իրար ետեւից տարիների կարգով եւ տարիները նշելով, մեջբերում է ամեն տեսակի դիպվածներ հայոց թագավորներից ու կաթողիկոսներից արաբական ու մանավանդ բյուզանդական իշխողներից [11]:

Ասողիկը հայ այն բացառիկ պատմագիրներից է, որն ամենայն բարեխղճությամբ նշում է իր օգտագործած աղբյուրները: Դրանք հիմնբականում հետեւյալներն են՝ Եվսեբիոսը Աստվածաշնչի գրքերը, Խորենացին, Ագաթանգեղոսը, Բուզանդը, Փարպեցին, Սեբեոսը, Ղեւոնդը, Անանուն զրուցագիրը եւ Դրասխանակերտցին [12]:

  Ասողիկը չափազանց բարձր է գնահատել, թե օտար եւ թե հայ պատմագիրներին, որոնցից եւ առատորեն օգտվել է: Այսպես, նշելով Եվսեբիոսին եւ Սոկրատին, գրում է, թե հույներն ունեն անթիվ պատմագիրներ, բայց այս երկուսը «…որպէս լուսաւորքդ մեծամեծ քան զաստեղս՝ առաւելուն պայծառութեամբ» [13]:

«Իսկ ըստ հայումս՝- գրում է Ասողիկը, - նախ եւ առաջին քաջն Ագաթանգեղոս, որ նորասքանչ հրաշից եւ չարչարաց սրբոյն Գրիգորի եւ աստուածածանօթեանս մերոյ է պատմիչ: Եւ զկնի մեծն Մովսէս, հանգոյն Եւսեբայ, որ քերթողացն անուանի հայր [14]: եււ ապա Եղիշէ վարդապետ, որ վասն Վարդանանց եւ սուրբ քահանայիցն չարչարանաց եւ կատարման: Եւ զկնի՝ Ղազարու Փարբեցւոյ ճարտասանի պատմութիւն [15] եւ Փօստոս, որ եւ Բիւզանդ, պատմութիւն Հերակլի, որ ի Սեբէոսէ եպիսկոպոսէ ասացեալ. եւ պատմութիւն Ղեւոնդ երեցու, որ ինչ վասն Տաճկաց ելիցն եւ անցից Հայոց ի նոցունց բռնութենէ: Հուսկ յետոյ ի վերջին աւուրս պատմութիւնք Շապհոյ Բագրատունւոյ եւ Տեառնն Յովհաննիսի Հայոց կաթողիկոսի…» [16]: Ապա դիմելով Սարգիս կաթողիկոսին, ավելացնում է. «Արդ՝ յամենեցունց ի սոցանէ, իբրեւ ի լայնալիր մարգաց եւ ի հովտային լեարանց՝ հաւաքեալ ծաղիկս հեշտալի աչաց հայելոյ գեղեցկագոյն գունօվքն եւ անուշահամ հոտովքն՝ բերեալ ընծայ մատուցանեմ աստուածասէր անձիդ եւ հարցասիրական հորհրդոց քոց, ի հարկեցուցանող հրամանէ քոյ ստիպեալ…» [17]:

Առաջին հանդեսի վերջում որոշակի ընդգծում է, որ Արշակի թագավորությունից մինչեւ Տրդատ Գ-ի ժամանակահատվածի պատմությունը վերցրել է «ի մեծէ պատմագրէն Մովսիսէ» [18]:

Միանգամայն Իրավացի է Ստ. Մալխասյանցւ, որ գտնում է, թե Ասողիկի «Պատմության» առաջին երկու հանդեսները, լինելով քաղագրություն նշված պատմագիրներից, կարեւոր են միայն այն առումով, որ հնարավորություն են տալիս ուղղումներ մտցնել նրա օգտագործած աղբյուրներում, որոնք մեզ են հասեկ երբեմն աղավաղված ընթերցվածքներով:

Օրինակ՝ Խորենացու բնագրում Արշամի կապակցությամբ գրված է «որդի Արտաշիսի եղբօր Տիգրանայ», Ասողիկի մոտ՝ Արշամը Տիգրանի եղբայրն է եւ ոչ թե Տիգրանն է Արտաշեսի եղբայրը: Հայտնի է, որ Արտաշեսն այդ անունով ոչ թե եղբայր, այլ որդի է ունեցել [19]:

Ասողիկի բնագիրը հնարավուրություն է տվել վերացնելու նաեւ մի այլ թյուրիմացություն: Խորենացու «Պատմության» մեզ հասած բնագրում բացակայում է հայերի դարձի պատմությունը: Այն գլխում, ուր պետք է դա լիներ, տրված թ Կոստանդիանոս կայսրի դարձի պատմությունը: Այս կապակցությամբ Ստ. Մալխասյանցը նկատում է, որ Ասողիկն իր «Պատմության» երկրորդ հանդեսը գրելիսէ հավատարմությամբ հետեւում է Խորենացուն, երբեմն բառացի արտագրելով, երբեմն համառոտելով: Սակայն նա Խորենացու «Պատմության» երկրորդ գրքի 83-րդ գլխից, որ պարունակում է նշված կայսրի դարձը, ոչ մի բառ չի բերում, այն փոխարինված է հայոց դարձի համառոտ պատմությամբ: Ստ. Մալխասյանցը եզրակացնում է, որ Ասողիկը օգտվել է Խորենացու այնպիսի ձեռագրերից, որի մեջ 83-րդ գլուխը պարունակել է հայոց դարձի պատմությունը, եւ որ այն հետագայում է փոխարինվել (VII դարից հետո) կայսրի դարձի պատմությամբ [20]:

Ասողիկի «Պատմության» երրորդ հանդեսի Է գլխից սկսած, ուր շարադրված է Աբաս Բագրատունու գահակալության պատմությունը, մինչեւ 1004 թ. Նկարագրված իրադարձությունների միակ աղբյուրը Ասողիկի երկն է: Այն ականատես եւ ականջալուր, միաժամանակ ստուգապատում հեղինակի գործ է: Այստեղ Ասողիկն ավելի շուտ հանդես է գալիս խաղաղության ու շինարարության պատմիչի դերում: Մեծ գոհունակությամբ գրում է Աշոտ Ա-ի մասին, որն իր երկրի շրջապատի բոլոր ազգերին հաղթեց, պայծառացրեց սուրբ եկեղեցու ուխտը եւ զարդարեց Հայաստանի եկեղեցին, որովհետեւ «քաղցր եւ հեզ» մարդ էր, «անարատ ու չբամբասող» կյանքով էր ապրում [21]: Սմբատ Ա-ի կապակցությամբ էլ գրում է, թե նրա եւ նրա հոր իշխանության ժամանակ, Հայոց աշխարհում շինություն եւ խաղաղություն էր, «…իւրաքանչիւր ուրուք ընդ որթով իւրով եւ ընդ թզենեաւ» էր հանգստանում, ագարակները ավաններ, ավաննները քաղաքներ էին դարձել բազմամարդությամբ եւ ընչեղությամբ, մինչեւ անգամ հովիվներն ու նախրապանները մետաքսյա հագուստ էին հագնում [22]:

Աբաս թագավորն էլ Հայոց աշխարհի խաղաղության եւ շինության պատճառ է եղել. Շնորհիվ իր «քաղցր վարքի եւ քաջ զորությանը», հաղթել է բոլորին եւ վերջ տվել վրացիների ու սարմատացիների ասպատակություններին [23]:

Վարդապետ պատմագիրը մեծ գոհունակությամբ գրում է, թե Աբասի ժամանակ ծաղկում ու պայծառանում են Հայոց աշխարհի եկեղեցիները, շատ տեղերում շինում են եղբայրանոցներ, ուր հավաքվում են շատ ճգնավորներ: Այնուհետեւ մեծ սիրով, մանրամասն նկարագրում է, թե ո՛ր գավառում կամ քաղաքում Բագրատունի գահակալները եւ հռչակ վայելող հոգեւորականները վանքեր ու եկեղեցիներ են կառուցել, թե դրանցում ինչ մեծ եռանդով ու ջանասիրությամբ մշակութային, գիտակրթական գործունեություն է ծավալել: Մեծարման խոսքեր չխնայելով, նշում է իր ժամանակի գիտուն հոգեւորականների անունները եւ նրանց մատուցած ծառայությունները, դրանց թվում եւ Անանիա Նարեկացուն, որը գիրք է գրել թոնդրակեցիների եւ մյուս հերձվածողների դեմ [24]: Իր մասին էլ չի մոռանում նշել, որ եղել է Դերջան գավառի խլաձորի վանքում. «Առ որս եղեալ իմ յաւուրս սուրբ քառասնորդացն՝ գրեցի զբանս յիշատակիս այսորիկ սակաւուք, եւ զչափ ժամանակացս թուեցի ըստ կարի» [25]:

Ասողիկը, ի տարբերություն Դրասխանակերտցու, Մատթեոս Ուռհայեցու եւ ուրիշների, եթե աշխարհիկ բնույթի շատ կարեւոր իրադարձությունների մասին միայն ակնարկում ու անցնում է, ապա եկեղեցու դավանանքի հետ առնչված անց ու դարձերը բավական մանրամասն է ներկայացնում:

Այսպես. Աշոտ Բ-ի մասին բավարարվում է գրելով, որ նա քաջապինդ արիության համար երկաթ է անվանվել, Հունաստանում շատ արական գործեր է կատարել, Լեւոն Զ կայսրի հրամանով եկել է Հայսատան, գահակալել, անվանվելով շահանշահ, երկրից դուրս է քշել արաբական զորքերին եւ նա անձամբ է մղել այդ պատերազմը: Այսքանը եւ ուրիշ ոչինչ, ընդհամենը 9 տող [26]: Մինչդեռ Խաչիկ կաթողիկոսի հրամանով՝ Սեբաստիայի մետրոպոլիդին գրած պատասխան նամակը շարադրված է 41 էջում (202-243 էջերը), աստվածաբանական դոգմաների ձգձգված մեկնաբանություններով ու կրկնություններով:

Հակառակ իրեն ժամանակով մոտիկ կանգնած նախորդ եւ հետնորդ պատմագիրների, որոնք իրենց երկերում վեր են հանել ու խիստ դատապարտել աշխարհիկ ու հատկապես հոգեւոր վերնախավերում արմատացած վատ բարքերը, Ասողիկը, կարծեք, միտումնավոր ձեւով ու ընդգծված իդեալականցնում է իր համակրելի գործիչներին՝ նրանցից ոմանց վերագրելով հրաշագործություններ:

Ասողիկը Բագրատունի գահակալներից միայն Սմբատ Բ-ի մասին է վրդովված գրում, որովհետեւ նա երեք չար գործ էր կատարել. մի անմեղ մարդու էր այրել տվել, Գողթնի ամիրային տված երդումը դրժել էր եւ իր քրոջ աղջկա հետ կենակցել էր: Եվ նա այսքանի պատճառ է համարում հղփացածությունը. «յոյժ ի յղփութիւն հացի եւ ի լիութիւն գինւոյ անօրինեցաւ նա», գործեց երեք չար, արտասվելու արժանի գործ: [27]

Ասողիկը նպատակ էր դրել ցույց տալու, որ հոգեւորականների վերնախավը համեստ կյանք է վարել, նա ամեն ինչը հասարակության սեփականություն է համարել: Վանքերը վայելչազարդ են իրենց «բազմապայծառ բանական իմաստուններով», որոնք «…միաբանական ճգնութեամբ անզբաղ յամենայնի ինքնասիրութեան հոգոց, ոչ ստանալ մարդոյ ինքեան եւ ոչ խերեւէշ մի, ոչ ճաշակել ուրուք քան զհասարակաց սեղանն, ոչ ի մրգաց եւ ոչ ի դալար խոտոյ, այլ զհրամայեալան ըստ պատուիրանին տեառն գործել» [28]:

  Ինչով էր թելադրված «Պատմութիւն տիեզերական»-ի մեջ դավանանքներին ու եկեղեցուն վերաբերող հարցերին ընդգծված առաջնություն տալը, աստվածաբանական դոգմաների ընդարձակ մեկնաբանությունները, բուռն թափ ստացած եկեղեցաշինության հիացական նկարագրությունները, աշխարհիկ ու առանձնապես հոգեւոր վերնախավի ներկայացուցիչների չափազանցված իդեալականացումը, ժողովրդի նկատմամբ նրանց ցուցաբերած «հոգատարության» շեշտումը, վարդապետների հրաշագործությունների շարադրանքը եւ այլն: Այդ բոլորը բացատրելի ու հասկանալի է դառնում, երբ նկատի ենք ունենում Ասողիկի ապրած օերերը. Հայաստանն ապրում էր ներքին սոցիալ-դասակարգային ալեկոծությունների մի շրջան, երբ մարդիկ «աստվածավաճառք եւ աղօթքատեացք» [29] էին դարձել, հավատացյալները խուսափում էին «ի եկեղեցւոյ, ի խաչանէ, ի յաւետարանէ, ի քահանայից, յաղօթից եւ պահոց» [30], «Թքանեն ի խաչ եւ եկեղեցի» [31], գոռչում էին «ոչ գոյ աստուած» [32] եւ այդ անում էին ոչ թե միայն «փոքրերը»՝ գյուղացիները, այլեւ «մեծերը»՝ իշխանները:

Անհրաժեշտ էր ուժեղացնել քրիստոնեական գաղափարախոսության քարոզչությունը, ժողովրդի գիտակցությունը մթագնել «տերունական հորդորանքներով» [33], ոչնչացնել թոնդրակեցիներին ու նրանց գաղափարախոսությունը, ցույց տալ, որ երկրի խոշորագույն սեփականատերերը՝ թագավորը եւ եկեղեցին, միշտ ժողովրդի հետ են եղել, հոգացել են նրա կարիքները, ամեն ինչ արել են հիվանդներին բուժելու համար, ավելին, թագավորը նրանց չի տարբերել իր շրջապատի մարդկանցից, վարդապետները ամեն ինչ առատորեն բաշխել են աղքատներին, ոչնչացրել են ժողովրդին սարսափեցնող գազաններին ու վիշապներին եւ այլն:

Ասողիկն այստեղ ուներ նաեւ մի այլ մտահոգություն՝ պայքարը քաղկեդոնականության դեմ, երբ բյուզանդական կայսրության կողմից հայերի նկատմամբ կրոնական հալածանքներն ուժեղացել էին աննախընթաց կեթպով:

Ասողիկի երկն  իր հիմնքում հայոց թագավորության շահերն է պատշտպանում: Այս հողի վրա էլ, եթե մեր պատմիչն անընդհատ զգուշացնում է քաղկեդոնականության վարակի դեմ, կոչ անում անխախտ պսհել հայրենի լուսավորչական դավանանքի ավանդները, ցավոք, դեռ չէր տեսնում Բյուզանդական կայսրության հայակուլ քաղաքականության ընթացքը: Ընդհակառակը, նա մի անսքող համակրանքով է խոսում կայսրերի ու նրանց դրածոների գործունեության մասին: Պետք է նշենք, որ նրա ժամանակներում հայ մտավորականի ուժից վեր էլ էր այդ չարիքի կանխագուշակումը, քանի որկայսրությունը նրանից շատ տարիներ հետո էր իրականցնելու Բագրատունյաց թագավորությունը վերացնելու իր նենգ ծրաիրը, որպեսզի հետագայի պատմիչներ Ա. Լաստիվերցին եւ հատկապես Մատթեոս Ուռհայեցին կարողանային մինչեւ վերջ մերկացնել բյուզանդական արքունիքի հայաջինջ քաղաքականության էությունը:

Ասողիկը միամտորեն կարծում էր, թե զանգվածաբար Բյուզանդիա քաշված հայ բնակչությունը տարվել էր երկիր շենացնելու, կառուցելու նպատակով կամ, իբր, Վասիլ Բ կայսրը (Բարսեղ) կամեցել է իր թագավորության տակ գտնվող հայոց ազգը տեղահանել, տանել Մակեդոնիա, որպեսզի երկիրը շինեն-շենացնեն [34]:

Երկիրը շինեն-շենացնելու համար, անկասկած, մեծ քանակությամբ մարդիկ էին հարկավոր, ուստի այդ տեղահանումը զանգվածայոին բնույթ է կրել եւ դա բոլորովին չի անհանգստացրել մեր պատմագրին, նա չի գրում նաեւ դրա հետեւանքների մասին: Ընդհանրապես պետք է նկատել, որ Ասողիկը թշնամանք չունի, այն կայսրերի հանդեպ, որոնք հանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերել հայերի դավանանքի նկատմամբ, անկախ այն բանից, թե նրանք ինչ չարիքներ են պատճառել Հայաստանին եւ հայ ժողովրդին: Այսպես, ըստ Ասողիկի, Աշոտ Ա-ը թագավորել է Վասիլ Բ կայսրի կամակցությամբ [35], մինչդեռ այլ աղբյուրներից գիտենք, որ Աշոտը արդեն թագավոր էր հռչակվել [36], որից հետո միայն կայսրը «…ոչ փոքր ինչ օայման հաղաղութեան եւ նուճութեան եւ սիրոյ հաստատէր» [37]:

Ասողիկը գրում է, թե Սմբատը գահակալել է Լեւոն Զ կայսրի հրամանով [38], մինչդեռ ժամանակակից պատմագիրը վկայում է, որ խալիֆի կարգդրությամբ Ատրպատականի կուսակալ Ափշինն է Սմբատին թադ ուղարկել [39]: Նա լեւոնի մասին ոչինչ չի գրում, նշում է միայն, որ Սմբատը խաղաղությունը ապաբհովելու համար Լեւոն կայսրին մեծամեծնվերներ է ուղարկել եւ ավելի քան մեծամեծ պարգեւներ նրանից ստացել [40]: Ասողիկի մոտ ստացվում է այնպես, որ կայսրերը ում կամեցել են նրան էլ թագավորեցրել են եւ այդ կատարվել է հաշտ ու խաղաղ ճանապարհով:

Ինչով կարելի է բացատրել այս պատմագրի՝ դավաճանների եւ կրոնափոխ եղողներինկատմամբ նման անտարբերության դրսեւորումը: Դա նույնպես բացատրելի ու հասկանալի կդառնա, եթե նկատի ունենանք նրա ապրած ժամանակաշրջանը: Հայ պատմագիրների մեջ Ասողիկն այն բացառիկ երջանիկներից է, որ ապրել ու գործել է հայ պետականության ամրապնդման ու վերելքի տարիներին, երբ Հայաստանում համեմատաբար խաղաղ դրություն էր, տնտեսությունն ու շինարարությունը բուռն ծաղկում էին ապրում, արտաքին թշնամիները կարծեք հաշտվել էին ստեղծված իրադրության հետ եւ շատ հոգսեր չէին պատճառում հայերին, Բագրատունի գահակալներն էլ հաշտվել էին երկրի մասնատվածության եւ նահանգական մանր թագավորությունների առկայության հետ:

Եթե V-IX դարերի հայ պատմագիրները՝ հայ պետականության վերականգման կամ երկրի ինքնութույնությունն ու ինքնավստահությունը պահպանելու եւ հավատքում անսասն լինելու համար, ազգային ու կրոնական դաժան հալածանքների պայմաններում, դրա անհրաժեշտությունը խիստ զգացել են, ապա հայ տարածքում կթոնափոխության սպառնալիքի դադարեցման պայմաններում թերըս Ասողիկը դրա անհրաժեշտությունը չի զգացել: Նա չի զգացել ու ապրել նաեւ դավաճանությունների ու կրոնափոխության հետեւանքների դառնությունները: Ասողիկը տուրք է տվել այն մտայնությանը, որ համառորեն տարածում էր բյուզանդական դիվանագիտությունը, այն է՝ կայսրությունը հայ ազնվականնների նկատմամբ բարեկամական է տրամադրված եւ լավ մտադրություններ ունի: Կայսրության հզորացման պայմաններում հայ իշխող աշխարհիկ եւ հոգեւոր վերնախավերում այդ մտայնությունը հավատացողներ եղել են, որորնցից մեկն էլ մեր այս պատմագիրն է եղել եւ հենց այդ էլ պայմանավորել է նրա քաղաքական կողմնորոշման հարցը: Նա հայոց պատմությունը չի գրել, այլ տիեզերական, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ պատմության մեջ ավելի շատ ու ավելի հագամանորեն է գրվածկայսրության մեջ տեղի ունեցած իրադարջությունների՝ կայսրերի ու նրանց գործունեության, նրանց վարած ներքին ու արտաքին պատերազմների, քան Հայստանում ծավալված իրադարձությունների մասին: Երրորդ հանդես  48 գլխից 18-ը կայսրությանն է վերաբերում: Երրերդ հանդեսի նյութը շարադրված է 131 էջերում, եթե դրանից էլ հանենք 42 էջերը, ուր տրված է դավանաբանական բովանդակություն պարունակող նամակը, ապա կարելի է ասել, որ Ասողիկի «Պատմութիւն տիեզերականի» հիմնական, երրերդ հանդեսի առանցքը կայսրության պատմությունն է: Այնպիսի կարեւոր իրադարձության մասին, ինչպիսին թոնդրակյան շարժումն է, գրված ընդամենը երեք տող, ճարտասան եւ պատմագիր Հովահաննես կաթողիկոսի ժամանակ «…երեւեցաւ Սմբատ Թոնդրակաց առաջինն ի Զարեհաւան գեղջէ…» [41]: Մինչդեռ Վասիլ կայսրի բուլղարական արշավանքներին երեք գլուխ է հատկացված: Վասիլ կայսրի դեմ ծագած ապստամբություններին ու նրանց ճնշմանը 9 էջ է հատկացված (190-194 եւ 246-249): Նման մոտեցման պատճառը, մեր կարծիքով, այն էմ որ Ասողիկը նպատալ դնելով գրել իր ժամանակի հասկացողությամբ կամ պատկերացմամբ տիեզերքի պատմությունը, կայսրության հզորացման պայմաններում, աշխատել է ցույց տալ, որ կայսրությունն այն միակ ուժն է, որ տնօրինում է եւ կարող է տնօրինել Արեւմուտքի ու Արեւելքի շատ երկրների ու ժողովուրդների ճակատագիրը: Նա նվաճումներ է կատարում Բալկաններում, Միջագետքում, Անդրկովկասում, ակտիվորեն միջամտում է երկրների ներքին գործերին, թագավորներ ու իշխաններ է կարգում, բարձրաստիճան տիտղոսներ շնորհում:

Այսուհանդերձ, Ասողիկի «Պատմությունը» հաղորդում է կարեւոր այնպիսիտեղեկություններ Հայաստանում գիտության ու մատենագիտության զարգացման մակարդակի մասին, որոնցից շատերի համար նա հանդիսանում է միակ աղբյուրը: նրանից ենք իմանում, որ Անաստաս կաթողիկոսը մտածելով Հայաստանում էլ կարգել անշարժ տոմար, ինչպես ուրիշ ազգերն ունեւն, հրամայում է Անանիա Շիրակացուն «կարգել զքրոնիկոնն հրաշազան» [42]:

Նրանից ենք իմանում, որ հովահաննես Սարկավագ գիտնականը եղել է Սանահնի վանքի առաջնորդ [43], որ բուլղարներին՝ Վասիլ Բ կայսրի դեմ պատերազմելիս, օգնել են ռուսները [44]: Ինչպես նաը իմանում ենք, որ Վասիլ կայսրը Դավիր կյուրապաղատի կտակի համաձայն, երբ արշավել էր դեպի Արեւելք՝ տիրապետելու իրեն տված ժառանգությունը, նրա բանակում գործել է «ռուսական օգնական զորամաս» [45]: Նա է վկայում, որ Արգինայում եկեղեցին շինել է հայ նշանավոր ճարտարապետ Տրդատը [46]: Ինչպես եւ այն մասին, որ Կոստանդնուպոլսում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Ս. Սոֆիա եկեղեցու ավերված գմբեթը վերաշինել է այդ նույն Տրդատը [47]: Նա է հաղորդում, որ Համամ Բագրատունին «…զվելուծութիւն Առակացն գրեաց եւ Յովբայ զՈ՞վ է դայն թարգմանեաց եւ զօրհնութիւնսնոր ի գլուխս սաղմոսացն ասացեալ, գիրս մի, եւ զԱմբիծսն գիրս մի եւ վերլուծութիւն քերականին» [48]:

Ասողիկի «Պատմության» երրորդ հանդեսը XI դարի 75 տարվա (1004-1079 թթ. ) պատմության հիմնական աղբյուրն է՝ Հայաստանի հարեւան քրիստոնյա երկրների (Վրաստան, Աբխազիա, Բյուզանդական կայսրություն), Հայսատանի սահմանակից արաբական ամիրայությունների ռազմաքաղաքական որոշ իրադարձությունների, վերջիններիս՝ Հայսատանի նկատմամբ կատարած ոտնձգությունների, հայ-բյուզանդական հարաբերությունների, ինչպես նաեւ նշված ժամանակաշրջանի Բագրատունյաց թագավորության պատմության փաստալից ու ճշմարտապատում սկզբնաղբյուրը:

Հայ պատմագիրներից շատերի, այդ թվում եւ Ասողիկի, պատմական ժառանգությունը դուրս է գալիս ազգային պատմության շրջանակներից: Նրանց երկերը իրենց պարունակած նյութվ մի տեսալ ընդհանուր պատմության բնույթ են կրում: Այդ բնույթի գլխավոր առավելությունն այն է, որ թույլ է տալիս հասկանալու կատարվող իրադարձությունների ու երեւույթների եւ նրանց փոխառնչությունների ընդհանուր օրինաչափ ընթացքը:

 

 

 

 



[1]        Սամուել Անեցի, էջ 3:

[2]        Ասողիկ, էջ 178:

[3]        Նույն տեղում, էջ Թ:

[4]        Ասողիկ, էջ 285:

[5]        Ասողիկ, էջ 285:

[6]        Նույն տեղում, էջ 285:

[7]            Նույն տեղում, էջ 157:

[8]            Նույն տեղում, էջ 157:

[9]            Նույն տեղում:

[10]          Գրքի 27-րդ էջում գրում է, թե Կրեսոսին հաղթել է Կյուրոսը, իսկ 38-րդ էջում էլ գրում է, թե Արտաշես Ա-ն է պարտության մատնել ու սպանել Կրեսոսին: Առաջին դեպքում աղբյուրը Եցսեբիոսն է, երկրորդ դեպքում՝ Խորենացին: Նման օրինակների բավական հաճախ ենք հանդիպում նրա «Պատմության» մեջ:

[11]          Մ. Աբեղյան, նշվ. Աշխ., հ. 1, էջ 509-510:

[12]        Ասողիկ, Առաջաբան, էջ ԺԶ-ԺԷ եւ ծանութություններ 10, 23, 41, 68, 84, 93, 104, ուր մանրամասն խոսվում է Ասողիկի օգտագործած աղբյուրների մասին:

[13]        Նույն տեղում, էջ 6:

[14]        Նույն տեղում, էջ 7: 79-րդ էջում էլ՝ ասում է. «մեծ փիլիսոփա հայոց» եւ նրան համարում է Հայաստանում ճարտասանական արվեստի հիմնադիր:

[15]        Նույն տեղում, էջ 7, 82-րդ էջում էլ ասում է. «Փարպեցի ճարտասան եւ պատմագիր»:

[16]        Նույն տեղում, էջ 7. 16, -րդ էջում էլ՝ Հովհաննեսը «Ճարտասան ու պատմագիր» է:

[17]        Նույն տեղում:

[18]          Նույն տեղում:

[19]       Նույն տեղում, էջ 329, ծան. 51:

[20]       Ստ. Մալխասյանց. Խորենացու առեղծվածի շուրջը, Երեւան, 1940: Էջ 120-124:

[21]       Ասողիկ, թջ 158:

[22]       Նույն տեղում, էջ 161:

[23]       Նույն տեղում, էջ 171:

[24]       Նույն տեղում, էջ 173-179:

[25]       Նույն տեղում, էջ 175:

[26]       Նույն տեղում, էջ 169-170:

[27]       Նույն տեղում, էջ 253:

[28]       Նույն տեղում, էջ 176:

[29]       Մատենադարան, ձեռ. N 9100, թ. 214 ա, բ, 215 ա:

[30]       Նույն տեղում, ձեռ. N 3239, թ. 136 ա:

[31]       Նույն տեղում:

[32]       Նույն տեղում:

[33]       Ն. Շնորհալի, Թուղթ ընդհանրական, Էջմիածին, 1865, էջ 333:

[34]       Ասողիկ , էջ 201:

[35]       Նույն տեղում, էջ 157:

[36]       Դրասխանակերտցի, էջ 139:

[37]       Նույն տեղում, էջ 140:

[38]       Ասողիկ, էջ 159:

[39]       Դրասխանակերտցի, էջ 146-147:

[40]       Նույն տեղում, էջ 158:

[41]       Ասողիկ, էջ 160:

[42]       Նույն տեղում, էջ 99:

[43]       Նույն տեղում, էջ 181:

[44]       Նույն տեղում, էջ 183:

[45]       Նույն տեղում, էջ 276-277:

[46]       Նույն տեղում, էջ 187:

[47]       Նույն տեղում, էջ 251:

[48] Նույն տեղում, էջ 158-159: