Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/252/ ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ

ՊԱՅՔԱՐ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԴԵՄ


Այվազովսկու կաթոլիկ «վարքը»: Նրա «դարձի» միսիոներական բնույթը: Նրա դերը խալիֆականների եւ հայրապետականների հաշտեցման գործում: Ռեակցիոն պրոպագանդ ռեւոլյուցիոն կրիզիսի շրջանում: Թեր եւ դեմ խմբավորումներ Այվազովսկու շուրջը։ Մատթեոս Չուխաճյան: Ստ. Նազարյանցի դիրքը Այվազովսկու վերաբերմամբ։ Այվազովսկու քսությունները։ Նալբանդյանի դիմադրության սկիզբը։

 

Այվազովսկին պատկանում է Նալբանդյանի այն հակառակորդների շարքին, որոնց կենսագրությունը արժանի է ուշադրության: Ուշագրավ է, հիրավի, այդ մարդու «վարքը»: Նրա հայրը կաթոլիկ էր, մայրը՝ լուսավորչական: Դաստիարակվել էր նախապես հայ-լուսավորչական ոգով, բայց, դավանափոխ լինելով, տակավին պատանի հասակում ուղարկվել էր Վենետիկ՝ մխիթարյանների վանքում սնվելու եւ հոգեւոր կոչում ստանալու համար: Ժամանակ էր այդ, երբ Մխիթարյան ուխտն ու նրա դպրոցը վերակաղապարվել էին ամբողջովին եզվիտական հրահանգների տարազով: Զորեղ հիշողությունն ու բնական ընդունակությունները միջոց տվին նրան յուրացնելու հոգեւոր ու աշխարհիկ այն կրթությունը, որ հատկանշական է Լոյոլայի եղբայրության մակերեսային բայց բազմալեզու եւ բազմաճյուղ ուսումնառության համար: Ի վերջո նա ստացավ վարդապետական կոչում եւ վեց տարի վարեց վանական օրգան «Բազմավեպ»-ի խմբագրությունը: Ավստրիական կրունկի տակ գտնվող Վենետիկն այդ տարիներին կուտակում էր իր մեջ ազատաբաղձ այն տրամադրությունները, որոնք բռնկելու էին 1848–1849 թ. թ.: Մի հայտնի չափով անդրադառնում էին այդ տրամադրությունները մխիթարյաններից ոմանց: Նշենք, որ այդ տարիներին էր հենց հասունանում Նահապետի բանաստեղծական քանքարը: Որոշ տուրք վճարում էր այդ տրամադրություններին նաեւ Այվազովսկու դյուրաթեք գրիչը: Սակայն այս ամենը վերջ է առնում հենց որ նա լքում է լագունների քաղաքը։

1848 թ. վարդապետին ուղարկում են Փարիզ, ուր Մուրադյան վարժարանում ստանձնելու էր դաստիարակի պաշտոն, գործակից ունենալով Սարգիս Թեոդորյան եւ Ամբրոսիոս ու Խորեն Գալֆայան վարդապետներին: Փետրվարյան ռեւոլյուցիային հաջորդող ռեակցիայի տարիներին էր այդ, երբ վարժարանի գլխավոր հոգսն էր դարձել՝ բոլոր միջոցներով զերծ պահել սաներին ազատամտական եւ սոցիալիստական մտքերի ազդեցությունից: Ճարպիկ ու քաղցրախոս՝ Այվազովսկին այն մարդն էր հենց, որ եզվիտական մանկավարժության սկզբունքներին քաջածանոթ` կարող էր արդարացնել կաթոլիկ կղերի սպասելիքը, ընդառաջելով միաժամանակ նաեւ Ֆրանսիայի հետ կապված թյուրքահայ դրամատերերի տրամադրությանը, որոնց զավակների դաստիարակն էր Մուրադյան վարժարանը: Նման դերի համար սպառազինված էին նաեւ վարդապետի գործակիցները: Գալֆայան Ամբրոսիոս եւ Խորեն եղբայրների գրական-թարգմանչական գործունեության նպատակն էր հենց տարածել հայերի մեջ ֆրանսիական «քաղաքակրթության» պտուղները [1]: Փաստապես միսիոներական մի գործունեություն էր այդ, որ արվեստի եւ գիտության դիմակի տակ տարածում էր հայերի վրա ֆրանսիական կապիտալի ու Բոնապարտյան քաղաքականության շոշափուկները: Հիշատակելի փաստ է, որ Ամբրոսիոս Գալֆայանը հոգաց Նապոլեոն III-ի պատմության հայերեն հրատարակության մասին, իսկ Օրսինիի կատարած մահափորձից հետո Այվազովսկին եւ ընկերներն իրենց իրավազոր համարեցին հայ ազգի անունից «խնդակցության հատուկ ուղերձ» մատուցել կայսրին՝ նրա «հրաշափառ ազատության» առթիվ: Նրանց այս «ազգասիրական ընթացքը» հատուկ գովքի արժանացավ Զմյուռնիայի կղերա-վաճառականական «Արշալույս Արարատյան» ստրկամիտ թերթի էջերում [2]: Սրան հակառակ, Ստ. Ոսկանյանն ու Կոմս Էմմանուելը ծաղրեցին Էջմիածնից Հռոմ եւ Հռոմից Էջմիածին զբոսանք կատարող եւ չորս միլիոն ազգի «երեսփոխանի» լիազորություն հավեշտական վարդապետների՝ լուսավորության, լեզվագիտության եւ բանաստեղծության ճառագայթներով Հայաստանի խավարը փարատելու հավակնությունը… [3] ։

Այնուամենայնիվ, Այվազովսկուն եւ ընկերներին չէր գոհացնում վարժարանի գործունեության նեղ շրջանը, մինչդեռ Վենետիկի վանքը, ընդառաջելով Վատիկանի ներշնչումներին՝ կամ ենում էր Հռոմ փոխադրել վարժարանը եւ հակառակ հիմնադրողի կամքին՝ փակել նրա դըռները լուսավորչական սաների առաջ: Լուսավորչականների դրվատումներից խրախուսված՝ վարժարանի վարիչներին գրավում էր, ընդհակառա/254/կը, ազգի վրա ազդեցություն նվաճելու հեռանկարը, հանգամանք, որ գայթակղության դուռ էր բացում նրանց անդրլեռնյան հավատարմության առաջ: Գժտվելով վանքի հետ՝ 1855 թ. Այվազովսկին վերազգեստավորվում է նորից, դառնում կրկին «մայրենի եկեղեցու գիրկը: Նրա օրինակին հետեւում են իր գործակիցները՝ վարժարանի մյուս վարդապետները: Պոլսահայ լուսավորչական մեծամեծների նյութական օժանդակությունը մի պահ հրահրում է նրանց «ազգասեր» ընթացքը: Դրանից թեւառած՝ վարդապետները հիմնում են Փարիզում Հայկազյան վարժարան անունով մի նոր դպրոց, որի հարկի տակ դաստիարակվելու էին պոլսահայ ամիրաների ու հարուստների զավակները: Լուսավորչական կնգուղի տակ նոր դպրոցն ընդարձակելու էր հին պայքարը ֆրիգիական գդակի դեմ: Նույն ոգով էր թեւավորված վարդապետների «Մասյաց Աղավնի» հայ-ֆրանսերեն երկլեզու պարբերաթերթը: Բայց շուտով սեղմվում է պոլսահայ ազգասերների քսակի բերանը: Սաների չնչին քանակն անօգտաշատ ու թեական է դարձնում վարժարանի գոյությունը: Նախանձելի չէր նաեւ թերթի վիճակը: Դատապարտելով աշխարհաբարը՝ թերթը, այնուամենայնիվ, կիրառում էր այդ լեզուն, սոսկ անիծապարտ նյութականից դրդված, քանի որ, հակառակ պարագայում, թերթի խմբագիրները պիտի ենթարկվեին սեփական օրգանի միակ ընթերցողները լինելու վտանգին: 1856 թ. Այվազովսկին գրում էր Խրիստափոր Լազարեւին, թե ստիպված է դիմել աշխարհաբարին, հաշվի նստելով այն փաստի հետ, որ ընթերցողները, անտեղյակ գրոց «վսեմ, համեղ եւ կանոնաւոր» լեզվին, պահանջում են բանեցնել «աղխատրոյզ ռամկօրէնը»: «Արդ, գրում է նա, եթէ ռամկօրէն եւս գրելով՝ 200 բաժանորդս հազիւ ունիմ տակաւին ի հայոց Տաճկաստանի (որով եւ ծախքն իմ աւելի յոյժ գտանին քան զմուտսն), զի՞նչ լինիցի, եթէ բոլորովին ի գրոց բարբառ յօրինիցեմ զգրուածսն: Գիտեմ զի, որպէս վսեմափայլ տէրութեանդ նոյն եւ այլոց հայկազանց Ռուսաստան ախորժելի եւս է գրաբարն, բայց զի՞ գործեցից, դժբախտութեամբ յոյժ սակաւք են հայք կողմանցէ որ յօժարիցին յընթերցումն այսպիսի գրուածոց ի հայ լեզու: Եթե գտանիցեմ ի Ռուսաստան եւ ի հայկական նահանգս ի կովկասեան գաւառին բաժանորդս 250 կամ 300, պատրաստ եմ ի բաց թողու զռամկօրէն լեզուն եւ գրել ի գրոց բարբառ» [4]:

Այվազովսկուն նեղում էր թե՛ դպրոցի, թե՛ թերթի անապահովություն նը: Դժգոհ էր նա նաեւ Պոլսից եկած հասակավոր սաներից, որոնք անգոսնելով դիսցիպլինի երասանակը, առնում էին «ազատ կյանքի հովեր»: Փառամոլ ու կարիերիստ վարդապետին պատկերանում էր մի ելք միայն՝ /255/ թիկունք դարձնել Ֆրանսիային, անցնել Ռուսաստան եւ հենված իր եղբոր՝ Հովհաննես աղա Այվազովսկու, հայտնի ծովանկարչի, ազդու կապերի վրա՝ գրավել եկեղեցական բարձր դիրք կրթական, քաղաքական գործունեության համար: Այս մտայնությունն է, որ հուշեց նրան առաջարկել ռուս կառավարությանն իր ծառայությունները [5]:

Հայտնի չեն նրա այդ առաջարկությունների մանրամասնությունները: Հայտնի է միայն, որ Այվազովսկին` պատրաստակամություն ցույց տվեց Փարիզի ռուսաց դեսպանին՝ փոխադրվել Հարավային Ռուսաստան եւ այստեղ, կառավարության թեւի տակ, իր ձեռքն առնել հայերի լուսավորության գործը: Պետերբուրգ հղելով Այվազովսկու առաջարկը Օդեսայում բացվելիք հայկական դպրոցի մասին, դեսպանը հարցնում էր կառավարությանը՝ արդյոք «Օդեսայում բացվելիք հայ դպրոցը հենց այն սաղմը չէ՞, որի հոգատար եւ տեւական աճեցումը կդարձնի այդ քաղաքը արեւելյան այլեւայլ ազգությունների ու դավանությունների երիտասարդության կրոնական-դավանաբանական ուսուցման կենտրոն» [6]: Այվազովսկու դիմումը` արժանանում է «բարձրագույն ուշադրության». նրա գրության վրա կարդացվում է Ալեքսանդր II ցարի մակագրությունը.

C'est très important, il faudra vous en aboucher avec le Ministre de l'Intérieur», այսինքն՝ «Հույժ կարեւոր, հարկավոր է, որ սրա մասին խոսեք Ներքին գործոց մինիստրի հետ» [7]:

Հարկավ, պատահական չէր ցարի մակագրությունը: Ղրիմի պարտությունից հետո ցարիզմը Մերձավոր Արեւելքում նորից հենակետ էր որոնում՝ սասանված իր ազդեցությունն ամրակայելու համար: Աշտարակեցու մահից հետո այս կապակցությամբ մտահոգություն էր առաջացել նաեւ հայերի վերաբերմամբ տարվելիք քաղաքականության մասին. դրվում էր հատկապես ցարիզմի ազդեցության շոշափուկները թյուրքահայերի վրա տարածելու խնդիրը: Մի քաղաքականություն էր այն, որ ցայտուն արտահայտություն գտավ կաթողիկոսական առաջիկա ընտրությունների ժամանակ, երբ, երկարատեւ ընդմիջումից հետո, նպատակահարմար նկատվեց առաջ քաշել թյուրքահայ թեկնածուներ: Նշանակալի է այն գրությունը, որ 1857 թ. մարտի 29-ին Կովկասի փոխարքա իշխան Բարյատինսկին ուղղեց արտաքին գործոց մինիստր գրաֆ Գորչակովին.

«…Ինչ վերաբերում է մեզ համար արտակարգ կարեւոր թյուրքաց հայերին, մեր ազդեցությունն Արեւելքում պահպանելու համար միանգա/256/մայն համամիտ եմ գրաֆ Կիսիլեւի կարծիքին: Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է հակադրենք արեւմտյան պետությունների ձգտումներին մարտական հոգեւոր գործունեություն. մեր հովանավորած հայերի կրոնն ու ազդեցությունը հնարավորություն է տալիս օգտվելու նրանց համակրանքից: Ներկայիս, ինչպես թվում է ինձ, պետք է վճռվի ազդեցության խնդիրը. կա՛մ Թյուրքիայի հայերը կնետվեն մեր գիրկը, կա՛մ թե կուղղեն իրենց ցանկություններն ու համակրանքը մի այլ պետության կողմը… Էջմիածնի կաթողիկոսի ընտրությունը, Այվազովսկու՝ հայ երիտասարդներին ուսուցանելու համար Օդեսայում հիմնելիք դպրոցի հետ միատեղ, պիտի որ մեր կողմը թեքեն հայերի միտքը, եթե միայն կարողանանք բարեհաջող վախճանի հասցնել այս գործը» [8]: Ընդգծում ենք «մարտական-հոգեւոր գործունեություն» բառերը: Բարյատինսկու դիպուկ այդ դարձվածքը համընկնում էր եզվիտական այն ուղղությանը, որպիսին ապագայում համառորեն մատնանշում էր Նալբանդյանը՝ նշավակելով Այվազովսկու եւ մխիթարյանների գործունեության միսիոներական բնույթը:

1857 թ. մայիսին նոր իր առաքելությունն իրագործելու դիտումով Պոլսի վրայով Այվազովսկին ուղեւորվեց Ռուսաստան: Ձեռնարկը «բարեհաջող վախճանի» հասցնելու համար անհրաժեշտ էր դիրք ու ազդեցություն ստեղծել նրա համար: Պետերբուրգում նրան ունկնդրություն շնորհեցին արտաքին եւ ներքին գործոց մինիստրները: Վերջինս «մեծահաց կոչմունք» արեց նրա պատվին, հրավերք հղելով նաեւ հայ ազգի «վեհազնյան հրամանատարներին՝ Լազարեւներին, Դելիանովին, Աբամելիքին եւ ուրիշներին [9]: Արձակելով պաշտոնից Վեհապետյան արքեպիսկոպոսին, ցարը նորադարձ վարդապետին «ամենաողորմածաբար» նշանակեց Նարխիջեւանի եւ Բեսարաբիայի կառավարիչ եւ միաժամանակ հուշարկեց ապագա կաթողիկոսին՝ եպիսկոպոսական գավազան շնորհել նրան:

Այվազովսկու նշանակման ու առաջքաշման այս եղանակը զանց էր առնում «Պոլոժենիյե»-ով սահմանված եկեղեցական իրավունքը: Արտակարգ մի դեպք էր այս եւ ինքյան՝ հայերի մեջ տրտունջ ու շփոթմունք առթող հանգամանք:

Սրանից զատ, Պետերբուրգում անհապաղ հաստատվեց Ֆեոդոսիայում (եւ ոչ Օդեսայում, ինչպես ենթադրվում էր նախապես) բացվելիք դպրոցի ծրագիրը: Դպրոցը ենթարկվելու էր ներքին գործոց մինիստրի իշխանության, առանց մտնելու կրթական այն հիմնարկների շարքը, որոնց վարչությունը նույն «Պոլոժենիյե»-ի ուժով հատկացվում էր հայ /257/ լուսավորչական եկեղեցուն: Դպրոցի դռները լայնորեն բացվելու էին արտասահմանից բերվելիք սաների առաջ: Սրանց պահպանության եւ ուսման ծախքը հոգալու էր ինքը՝ կառավարությունը: Հանձնելով դպրոցի տեսչությունը Այվազովսկուն՝ նրան միաժամանակ իրավունք էր տրվում Ֆեոդոսիա փոխադրել «Մասյաց Աղավնի»-ն, որ, հասկանալի պատճառ ռով, շարունակեց հրատարակվել արեւմտահայ լեզվով նաեւ Ռուսաստան փոխադրվելուց հետո: Սրան զուգընթաց՝ պիտի հրատարակվեին «Ծիածան Հայաստանի» եւ սրա ռուսերենը՝ «Радуга» կոչված պարբերականները: Այվազովսկին ինքն է, որ պիտի լիներ այս օրգանների եւ խմբազիրը, ե՛ւ ցենզորը… Այս թերթերը եւս ֆինանսավորում էր կառավարությունը, հանգամանք, որի մասին թափանցիկ ակնարկ է անում մի նամակում Նալբանդյանը. ««Ծիածան»-ի եւ «Մասյաց Աղավնուն պաթոլոգիական վիճակն ինձ զարմացնում է, գրում էր նա, ասենք մյուս ամսագրերը ձախողեցին գերազանցապես գրպանի թոքախտի պատճառով, բայց չէ որ Գ. Այվազովսկիի հիշյալ ամսագրերի հրատարակությունը այդ կատեգորիային ոչ մի կերպ չի համապատասխանում: Նա երբեք բաժանորդագրության վրա հույս չէր դրել եւ անվանական բաժանորդներից երբեք ոչինչ չի ստացել, այլ՝ ինքն է հոգում նրանց փոխադրածախսը: Է՛, գրողը տանի» [10]:

Նախապատրաստելով իր ուղեւորությունը դեպի Ռուսաստան՝ Այվազովսկին հավատացրել էր ֆրանսիացի իր ծանոթներին՝ հայագետներ Դյուլորյեին, Լանգլուային եւ ուրիշներին, թե մեկնում է արտասահման՝ Էջմիածնում եւ այլուր հայ գրչագրեր ուսումնասիրելու նպատակով [11]: Սակայն հասնելով Պետերբուրգ՝ վարդապետը կարող էր արդեն վար դնել Փարիզում հագած դիմակը, աճապարելով տարածել ամենուրեք իրեն Հատկացված «բարձրագույն ուշադրության ավետիսը»: «Մասյաց Աղավնի»-ն հռչակում էր ի սփյուռս աշխարհի, թե ցարը տեսակցություն է շնորհել «սրբազան (sic) վարդապետին», «ամենայն ընտրությամբ խոսելով ազգի բարյացը վրա»: Շեփորելով Այվազովսկու «առաքինական» եւ «անստգյուտ» վարքը, նրա «զարմանալի հմտությունքն ու ընդարձակ կարողությունքը» եւ վեր հանելով «կայսերապսակ» նրա տիտղոսը, թերթը հավատացնում էր, թե «միայն ազգերնուս վրա ունեցած ամենամեծ սերն ու խնամարկոս գթությունն է, որ հաղթահարելով վարդապետի «ցածուն խոնարհությունը», հարկադրեցին նրան իր ձեռքն առնել իշխանավորի աթոռն ու գավազանը: Թերթը հայտնում էր նաեւ, որ «ցածուն /258/ խոնարհություն» անձնավորող կայսերապսակ վիճակավորին տրվել է «սրբազնության» տիտղոս նախքան եպիսկոպոս ձեռնադրվելը: Հայտնվում է նաեւ, որ նրան ուղեկցելու են իր պաշտոնատեղին հայ եւ ռուս ազնվականները, եւ որ նրա առաջին հոգսն էր լինելու հաստատել ազգային վարժարան, կղերանոց եւ տպարան… [12]

«Մասյաց Աղավնուս հաղորդած տեղեկությունները համապատասխանում էին վարդապետի վերջին քայլերին: Ստանձնելով նոր պաշտոնը՝ Այվազովսկին փոխադրեց թեմական կենտրոնը Քիշնեւից Ֆեոդոսիա: Ապա դիմեց Նոր-Նախիջեւան՝ լրացուցիչ միջոցներ գտնելու դպրոցի եւ սպարանի համար: Այս գործում նրան աջակցեցին Եկատերինոսլավի գեներալ-գուբերնատոր Սիվերսը եւ Խալիբը: Գեներալի միջոցով ճնշում գործ դնելով վերջինիս հակառակորդների վրա՝ Այվազովսկին «հաշտեցրեց» գժտված կողմերը. կնքվեց մի պայմանագիր խալիֆականների եւ սրանց դեմ պայքարողը լիբերալ-բուրժուա Հայրապետյանի կողմնակիցների միջեւ, որով եկեղեցական գումարների շուրջն աղմկող լիբերալները հրաժարվում էին Խալիբից պահանջված եկեղեցական գումարների խոշոր մասից: Շուրջ 185 հազարի դիմաց Խալիբը մուծելու էր՝ միայն 62 հազար, որի համար վերջինս ստանձնելու էր ազգային մի «բարեգործություն», հոգալով Ֆեոդոսիայում բացվելիք իր անվան դպրոցի եւ տպարանի ծախսը, հատկացնելով այդ նպատակին 50 հազար ռուբլի, եւ Հաշտվող լիբերալներից գրավոր շնորհակալություն ստանալով իր «մեծագործության» համար [13]: Այս կապակցությամբ կցելով իր անվանը «Ծիածան» ենթախորագիրը՝ թերթը կամենում էր դրվատել հայկական երկնակամարի հաշտության եւ խաղաղության խորհրդանշանը: «Այս ծիածանին, գրում էր Այվազովսկին, առաջին նշանակությունը ոչ ապաքեն պիտի ըլլա, որ Հայաստանի եւ ժողովրդոց մեջեն տգիտությունը, անկըրթությունը, խռովությունը, տարաձայնությունը, կռիվները, վտանգները, նեղությունները վերնալ սկսած են եւ այսուհետեւ անոնց տեղը պիտի տիթե ուսումնասիրություն, կրթություն, սեր, միաբանություն, խաղաղություն, ապահովություն եւ հանգստություն» [14]:

Թերթի նույն համարում վարդապետը զետեղեց Խալիբի կենսագրությունն ու նրա բարեգործությունների ներբողականը: Այվազովսկու այս ելույթներից հետո հասկանալի է միանգամայն, որ նրա «խաղաղասեր» «Աղավնի»-ն ու «Ծիածան»-ը բախվելու էին «Հյուսիսափայլ»-ի մարտընչող հրապարակախոսի հետ, որպես անհաշտ ախոյաններ:

/259/ Այվազովսկու կնքած պայմանագիրը հաստատվեց Էջմիածնի Սինոդի եւ ռուս կառավարության կողմից: Մի հարվածով Խալիբը զգետնում էր երկու նապաստակ. ինքնակոչ «սրբազանի» ձեռքով վավերացնում էր իր կողոպուտը եւ միաժամանակ հռչակվում ազգի բարերար: Դպրոց, տըպարան, պարբերաթերթ, գրավաճառանոց, կենցաղօգուտ լսարան եւ այլն՝ Այվազովսկու ձեռնարկած բոլոր այս գործերը զենք էին ծառայելու ոչ միայն ցարիզմին, այլեւ Այվազ-Խալիբյան խմբակցության ամրակայացմանը, նրա ազդեցության տարածմանը, եւ այդ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Թյուրքիայում: Կային համառ շշուկներ, թե Այվազի եւ Խալիրի այս իրար հասկացությունը նվիրագործվել է 20 հազար արծաթ աջահամբույրով…

Հակադրվելով Էջմիածնի քաղաքականությանը, Այվազովսկին հրասարակ էր գալիս որպես ցարական «Պոլոժենիյե»-ի ջատագով: Տսկավին Փարիզի դեսպանատան հետ բանակցելիս՝ նա տվեց «Մասյաց Աղավնի»-ում «Պոլոժենիյե»-ի իր ձեռքով կատարած թարգմանությունը: Դա մի երաշխիք էր, թե ինքը լինելու է ցարական օրենքի ժողովրդականացողն ու կենսագործողը: Սակայն, ինչպես տեսանք, նա պատրաստ էր անել դեռ ավելին, քան թելադրում էր «Պոլոժենիյե»-ն: Զուր չէր պարծենում, թե գործնական բոլոր կարեւոր հարցերում հետեւել է մինիստր Լանսկոյին… Երբ կաթողիկոս ընտրվեց Մատթեոս Չուխաճյանը, Այվազովսկին եւ յուրայինները գործ էին դնում նրան վարկաբեկելու բոլոր միջոցները: Ասում էին, թե կաթողիկոսը վատնում է ազգի փողերը, ոսկի գանձում՝ արտասահման փախչելու համար: Կամ նշելով նրա գործնական ապիկարությունը՝ ներկայացնում էին նրան որպես անբան մի արարածի, որպես ստրկամիտ վեղարավորի, որն ուրիշ բանի անպետք՝ օրնիբուն զբաղված է միայն մածուն եւ քթախոտ շինելով [15]:

Այվազովսկին սոսկ ցարիզմի եկեղեցական քաղաքականության գործակալ չէր: Նրա ղեկավարող սկզբունքը հասարակական տիրող հարաբերությունների եւ քաղաքական տիրող կարգերի ընդհանուր պաշտպանությունն էր: Եվ պատահական չէ, որ նրա գործունեությունը համընկնում էր համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսի տարիներին. նա պայքարի էր կոչված այն «մոլության» դեմ, թե մարդիկ հավասար պիտի լինին իրար, եւ, այդ՝ «ոչ միայն աստվածային եւ մարդկային իրավանց առջեւը՝ այլեւ խելքով, պատվով, աստիճանով, հարստությամբ եւ իշխանությամբ»: Ազգակործան զարհուրելի այդ ախտը, ասում էր վարդապետը, տարածվում է սովորաբար այդ ժողովուրդների մեջ, որոնք «կամ հասարակապետական կառավարություն ունեն, կամ ազգային սեփական կա/260/ռավարություն չունեն» [16]: Վարդապետին անհանգստացնում էր հենց «ազգային սեփական կառավարություն չունեցող» հայերի «մոլի» հավասարասիրությունը նրանց, որոնք չգոհանալով կրոնական կամ իրավական հավասարությամբ՝ ձգտում էին իրավունքի, իշխանության, ստացվածքի, դիրքի եւ կրթության հավասարության… «Մարդս պարտական է ուրիշի (իմա՝ տիրող հարուստների, Ա. Հ. ) ունեցած աղեկության վրա այնպես ուրախանալ, քարոզում էր նա իր թերթում, ինչպես իրեն աղեկությունը լիներ» [17]: Եվ կամենալով ավելի եւս համոզիչ դարձնել իր խոսքը՝ նա նույն էջի վրա տպում է Կռիլովից թարգմանած «Փիղն ու քոթոթը»: «Չափդ գիտցիր եւ ջանքդ, ավելցուր», այս է խեղճությունից ելնելու միակ հնարը, գրում էր նա: «Ժամանակ է յուր չափը, յուր կարգը, յուր արժանավորությունը ճանչնալու: Ոչ ապաքեն առ այս կհորդորե զմեզ բանիվ եւ գործով եւ օրհնաբանյալ տերությունս ռուսաց, երբ որ ամենայն միջոց եւ դյուրություն եւ արտոնություն կշնորհե մեզի ազգային լեզուն եւ կրոնը եւ ամենայն գեղեցիկ հատկությունները պահպանելու համար» [18]: «Եթե Հայք հալածանս ինչ կրեին արդարեւ ի Ռուսաստան ազգասիրագույնք լինեին», գրում էր նա իր թողած ձեռագիր մի մատյանում [19]: «Ազգասիրության» եւ «միաբանության» կոչ անելով ազգին՝ գրական իր մենախոսությունների մեջ Այվազովսկին անդադար շանթեր էր արձակում նրանց դեմ, ովքեր ընդդիմանալով «օրհնաբանյալ տերության» կարգերին՝ հրահրում էին ազգի մեջ ներքին սանձարձակություն, երկպառակություն: «Քակված ժամացույցի մը կտորներուն կնմանին այսպիսի ազգայինք, պարզաբանում էր պերճաբան հայր-սուրբը. միայն վարպետ ժամագործը կրնա տեսնել, թե այն մանր ու խոշոր, ծուռ ու շիտակ ցիրուցան կտորներով ինչպես կարելի է այնպիսի բարոյական ժամացույց մը կազմել, որ գրեթե ոգի առնու, կենդանանա եւ ժամագործին դիտավորությունը ճշտությամբ կատարե: Իսկ ժամացույցին յուրաքանչյուր բարոյական կտորները մեկ-մեկ պակասավոր միայն կտեսնեն, մեկը մյուսին ծուռ կըսե, մյուսն ալ ուրիշին՝ կեռ. անիվր զսպանակին վրա կբարկանա, կապանակը՝ շղթային, շղթան՝ զինքը լարող բանալիքին» [20]:

Այվազովսկին մեկն էր այն հայերից, որ ականատես էին եղել 1848 թ. մարտերին: Ձիթենու շյուղը կտուցին՝ նրա «Աղավնի»-ն նախազգուշացնում էր ազգակիցներին քաղաքացիական պատերազմի, ապստամբության, անհնազանդության, կարճ ասած՝ ռեւոլյուցիայի վտանգի մա/261/սին: «Եթե քաղաքական պատերազմը ազգային դառնա, ասում էր նա, այսինքն ամեն քաղաք, ամեն տուն, ամ են փողոց կռիվ ու պատերազմ ընեն համազգի մարդիկ իրարու դեմ, զուր տեղը արյուն կթափի, եւ հաղթությունը շատ անգամ ոչ մեկուն կտրվի եւ ոչ մեկալին. իհարկե, այսպիսի պատերազմը դատապարտելի է եւ ամեն կերպ զգուշալի» [21] ։

Դիտելով ազգի «անմիաբանության եւ կռվասիրության տխրական ավերակներ եւ ավերակներուն վրա հնացյալ կրից հրաբուխներեն ամպի նման ելած դիզված գարշահոտ մուխեր», «Աղավնի»-ն հուսադրում էր իրեն, որ եթե այդ հրաբուխը «փչող ու սաստկացնող կան տակավին, բայց աղեկն այն է, որ մարող ու անցնողներն ավելի են» [22]:

«Խրատական», «Հայրական», «քրիստոնեական» այս տոնն էր իշխում առակներով եւ օրինակներով հագեցած նրա դպրոցական զրույցների ու եկեղեցական քարոզների մեջ: Սակայն նա չէր պատկանում բարեհոգի ու անճարակ պարեգոտավորների շարքին: Աղավնու անմեղությունը սքողում էր օձի նենգություն: Իր նպատակներն իրագործելու համար վարդապետը գործ էր դնում խոսքի եւ գրչի ինտրիգների ու քսությունների, չարարկումների ու հարստահարումների բարդ այն կոմպլեքսը, որին մ երկացնելու համար Նալբանդյանը հետագայում կարիք զգաց իմացության մի նոր բնագավառի՝ «այվազովսկիաբանության»:

Այվազովսկու գրական ունակությունների մասին վկայում են Կռիլովի առակների թարգմանությունները, այլեւ նրա հայտնի օսմանյան պատմությունը: Նալբանդյանը դասում էր նրան «գրական վարդապետների» շարքին, արժեք տալիս նրա պատմաբանական գրվածքներին եւ նրա ընտիր հայախոսությանը: Ավելացրեք այս ամենին նրա քարոզչական ձիրքը եւ նրա պատկերավոր լեզուն, եւ սլարզ կլինի, որ վարդապեinը սովորական հակառակորդներից չէր, այլ կիրթ եւ շնորհունակ: «Շնորհքի» եւ «կրթության» խայծով էր հենց հմայում նա տկար հոգիները «դժգոհ ամբոխի» մեջ: Խոսքի ու ոճի կաշառ նրա մեղմությունը, լեզվի նրա դյուրաթեքությունն ու պատրաստաբանությունը, «քաղաքավարի» նրա վարվեցողությունն էին հենց առիթ տալիս Նալբանդյանին՝ խարանելու նրա ճակատին եզվիտ անունը: «Քաղաքավարությունը, ասել է Մարքսը, դա այն մանրադրամն է, որով սատանան վարձահատույց է լինում հիմարներին, նրանց ովքեր պարգեւում են նրան իրենց սրտի արյունը»: Նույն սատանայի մասին է ասված, դարձյալ, թե մարդկային լեզու առնելիս՝ աղոթում է։ Ըստ երեւույթին, նեղ չէր անազդեցիկ Այվազովսկու /262/ բարեպաշտությանը հավատացած մարդկանց շրջանը, ինչպես եւ աննշան չէր այն հիմարների թիվը, որոնք հավատով ու երկյուղածությամբ ականջ էին կախում նրա տոնoրյա քարոզներին: Բայց հենց այդ էր պատճառը, որ Նալբանդյանը այնքան եռանդ ու կիրք էր թափում վարդապետի դիմակը զերծելու համար: Մի պայքար էր այդ ընդհանուր եւ իշխող այն չարիքի դեմ, որի կոնկրետ ու ցայտուն մարմնացումն էր Այվազովսկին:

Այվազովսկու կողմն էր ռուսահայ աղայական դասի՝ ցարիզմի հետ կապված վերնախավը. մի Սիմեոն աղա Ալաջալով կամ մի Զենգին Կարապես, Նոր-Նախիջեւանում, մի «տվյորյանին» Ավետիս Օհանյան կամ «բոմենշչիկ» Հարություն Խաչիկյան Քիշնեւում: Նրա կողմն էին, բնականաբար, նաեւ աղայական դասի գաղափարախոսները՝ հայկական օբսկուրանտիզմի տեսաբանները՝ Հովսեփ Չերքեզյանը Մոսկվայում կամ Հակոբ Կարենյանը Թբիլիսիում: Նրան պաշտպանողների շարքումն էին ռուսահայ կղերի մոլի զինակիցներն ու ստրկամիտ ձայնատարները՝ «Ճռաքաղ»-ի տնաբույս մագիստրոսը, «Մեղու Հայաստանի»-ի խմբագիր Մանդինյան ավագերեցը, ցարական «կավալեր» Ջալալյան արհին եւ այլն: Վերջապես նրա կարիերի եւ նրա ինքնագլուխ գործունեության թեւածողներից էին ազգի «բարերարները»՝ Խրիստափոր աղա Լազարեւը եւ Հարություն աղա Խալիբը:

Ցարիզմին հավատարիմ տարրերի աչքում Այվազովսկին շարունակում էր վայելել գերազանց մանկավարժի, օրենսգետի, լեզվագետի, Հայկաբանի, թարգմանչի, բանաստեղծի, խմբագրի, քարոզչի եւ իհարկե նաեւ՝ պապականությունից հայ-լուսավորչականության փարախը դարձած «բարեպաշտ եւ ազգասեր եկեղեցականի» համբավ… Փույթ չէ, թե գիտության, գրականության եւ անգամ եկեղեցական վարչական գործունեության բնագավառներում այս եկեղեցականը ամենից առաջ ճարպիկ մի ակրոբատո էր, որ տիրանալով կալվածատիրական եւ առեւտրա-վաշխառուսական մագնատների շահերը պաշտպանելու եզվիտական մեթոդներին, դյուրասմատույց իր լեզվով, հոգեշահ, խոնարհ, անուշ իր խրատներով եւ, ինչպես վկայում էր Կ. Պոլսի «Մեղու»-ն, «ծանր, հանդարտ, բարեպաշտորեն եւ անդադար ծնրադրություն ընելով»՝ կարողանում էր մտնել մեծամեծների աչքն ու միամիտների սրտերը, ռեակցիայի հասարակական պատվերը կատարելու հետ միատեղ առաջ քաշելով նաեւ անձնական փառասիրությունից առաջացած իր շահն ու հաշիվր: Այն մարդկանցից մեկն էր նա, որոնց հատուկ էր, ինչպես արտահայտվում էր Ստ. Ոսկանյանը, «երկդիմի վարք եւ ծակամուտ բարք»: Եվ հարկավոր էր ահագին ջանք՝ լույս աշխարհ հանելու նրան բարոյական իր թաքստատեղից, մերկացնելու եւ ցույց տալու նրան իր բուն դերի մեջ:

/263/ Բարեկամների դիմաց Այվազովսկին ուներ բազմաթիվ հակառակորդներ:

Այվազովսկու հակառակորդներից էր, նախ եւ առաջ, «Պոլոժենիյե»-ի վերաքննությանը հետամուտ ամենայն հայոց կաթողիկոսը՝ Ներսես Աշտարակեցուն հաջորդած Մատթեոս Չուխաճյանը: Նրա դեմ էին պահպանողական «Կռունկ»-ի ազգասերները, որոնք Չուխաճյանի հակացարական տարտամ քայլերի գլխավոր հրահրողներն էին: «Չի կարելի ասել, գրում էր Պ. Պռոշյանը, թե Այվազովսկին չուներ Թիֆլիսի մեջ յուր բարեկամները, կեղծ թե անկեղծ միեւնույն է, բայց Թիֆլիսի մեծագույն հասկացող երիտասարդությունը հակակրում էր Այվազովսկուն: Սարգիս եպիսկոպոսը եւ յուրայինքն էին Այվազովսկու համակրողները, Շանշյանցը եւ յուր հետեւողները չէին սիրում՝ «Հայոց Հայրապետի իրավունքները ոտնատակ տվող «եզվիտ» վարդապետին» [23]: Սրանով դեռ չէր գոցվում հակառակորդների շարքը: Այվազովսկու դեմ էին Նազարյանցին համակիր լիբերալները եւ վերջապես՝ ռուսահայ դեմոկրատ այն չմտավորականները, որոնք «Այվազի» անձնավորության մեջ խտացնում էին կարիերիստ եկեղեցականի, ժանդարմներին սպասարկող ցարական պրովոկատորի որոշ հատկանիշները: Վարդապետի գիտությունն ու ընդունակությունները սրանց աչքում ունեին միայն բացասական արժեք: «Մեծ գիտնական էր, գրում էր նրա մասին Ղ. Աղայանը, բայց ոչ գրական, այլ բացասական մտքով առած այդ բառը… Այսպիսի մարդը մի ժողովրդի գլուխ անցնելով՝ նրան կտանե դեպի նախապատմական խավար դարերը: Սրանք են, որ կապկացնում են մարդիկներին եւ ոչ նրանք, որոնք ասում են՝ մարդը կապիկից է առաջ եկել» [24]:

Այվազովսկին բարեկամներ եւ թշնամիներ ուներ նաեւ արտասահմանում: Բարեկամների մեջ էին թյուրքահայ ամիրայական եւ կոմպրադորական բուրժուազիայի մարդկանցից ոմանք, մի Պողոս բեյ Տատյան՝ Պոլսում, մի Հակոբ Կրճիկյան՝ Փարիզում: Նրան պաշտպանում էր Պալթազարյանի «Արշալույս Արարատյան»-ը եւ հաճախ նույնիսկ Ութուճյանի «Մասիս»-ը: Շեշտված հակառակում էին նրան Ոսկանյանի «Արեւելք»-ն ու «Արեւմուտք»-ը Փարիզում եւ Սըվաճյանի «Մեղու»-ն Պոլսում:

Միատարր չէին հակառակորդները եւ միակերպ չպիտի լինեին նաեւ հակամարտության շարժառիթներն ու զենքերը:

Այվազովսկուն ուղղած կոնդակների մեջ կաթողիկոսը դժգոհում էր, օրինակ, որ եկեղեցական գործերով զբաղվելու փոխարեն՝ վարդապետը տարվել է աշխարհիկ այնպիսի մի գործով, ինչպիսին թերթի խմբագրելն /264/ է: Զայրացած էր, որ Խալիբյան դպրոցը դավանական խտրություն չի դնում հայ մանուկների մեջ: Վրդովված էր, որ դպրոցին կից հաստատվել էր աղջիկների կրթարան, ուր սովորում են «զկաքավ կայթից», մոռանալով միանգամայն Հերովդիադայի արյունոտ պատմությունը, որ տակավին Ոսկեբերանին եւ Բարսեղ Կեսարացուն էր առիթ տվել մատնանշելու պարարվեստի աստվածընդդեմ ներգործությունը [25]: Այվազովսկու ասելով, կաթողիկոսը դժգոհ էր մանավանդ, որ Նոր-Նախիջեւանում կնքված հաշտության հետեւանքով Խալիբի մուծելիք 50 հազար ռուբլին Էջմիածնի գանձարան մտնելու փոխարեն հատկացվելու էր Ֆեոդոսիայի դպրոցին եւ իր՝ Այվազովսկու գրական-հրատարակչական ձեռնարկություններին [26]:

Այս մեղադրանքների դեմ Այվազովսկին բերում էր ձեւական այն առարկությունը, թե ամեն ինչ ինքը արել է ստանալով… կայսերական կառավարության հաճությունը [27]:

Կաթողիկոսի հանդեպ վարդապետն ուներ, հարկավ, կասկածելի այն առավելությունը, որ տարբերանշում է նորադարյան լուսավորված պապականներին միջնադարյան խավարամիտ պարեգոտավորներից: Սակայն մտքի անձկությունը մթարկում էր դժգոհության վառ այն կետը, որից բոցակիզվում էր կաթողիկոսի մոլի եռանդը: Այվազովսկու մտերիմ կապը «մարմնավոր իշխանության» հետ կաթողիկոսի աչքում նվազ խոշոր մելանչում չէր, քան նրա աշխարհիկ հրապարակախոսությունը, նրա դավանական անխտրականությունը կամ իրեն մտահոգող աղջիկների դիվական ու գայթակղիչ կաքավը: Գրել այդ մասին իրեն՝ Այվազովսկուն, կաթողիկոսը չէր իշխում, իրավացիորեն մտածելով, որ վարդապետը կարող է կեղեքել ըստ ամենայնի նման սրտաբացությունը, զեկուցելով այդ մասին ուր հարկն էր: Սակայն բուն իր միտքը չէր թաքցնում նա այնտեղ, ուր հնարավոր էր: Ժամանակին մեր տրամադրության տակ եղել է կաթողիկոսի անտիպ մի գրությունը՝ ուղղված Հովսեփ Չերքեզյանին 186 1 թ. հուլիսի 3-ին: Այդ նամակում կային այսպիսի տողեր.

«Արդ՝ քաջապէս փորձառու լինելով յընթացս ամաց երից մերոյ կաթողիկոսութեան զամենայն անկարգ եւ անբերելի արարս Գաբրիէլ վարդապետի Այվազեանց, որ ընդդէմ հայրապետական կանոնաց իբրեւ աշխարհական վարէ զառաջնորդական պաշտօն յեցեալ ի գաւազան մարմնաւոր իշխանութեան, կամենալով ընդ նմին եւ, յեպիսկոպոսականն վերամբառնալ աստիճան՝ առ ի Համարձակագոյն եւ զիւրն եւ զոմանց կուսակցացն յառաջ վարել զկամս…»: Կաթողիկոսը հայտնում էր այնուհետեւ, որ Այվազովսկուն եպիսկոպոսացնելու մասին ինքը պաշտոնա/265/կան առաջադրություն է ստացել Կովկասի փոխարքայի միջոցով, եւ որ Այվազովսկին հայրապետական խնդրագրերը թարգմանում-հանձնում է կառավարության ձեռքը, ցինիկաբար տեղեկացնելով այդ մասին նաեւ իրեն՝ կաթողիկոսին…

Պայքարի այլ զենք էին բանեցնում Այվազովսկու դեմ պահպանողական եւ լիբերալ բանակի հակառակորդները: Սրանք ջանք էին գործ դնում՝ կասկածելի դարձնելու նրան կառավարական եւ բյուրոկրատական իսկ շրջաններում: Այդ նպատակով էր, ըստ երեւույթին, որ ձեռքից ձեռք էին տալիս Էմինի ռուսերեն կազմած անստորագիր քննադատականը՝ ուղղված Այվազովսկու՝ 1858 թ. Փարիզում տպած «Միջակ վարդապետաքան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» գրքի դեմ: Ժամանակին աղմկած այդ գիրքն արժանի է հատուկ ուշադրության, մանավանդ, որ դրա հետ է շաղկապված նաեւ Նալբանդյանի՝ Այվազովսկու դեմ ուղղված գրական գործերից մեկը:

  «Վարդապետարան»-ը քրիստոնեական ուսմունքի կատեխիզիս էր՝ հարմարեցված արեւմտահայ դպրոցների պետքերին: Գրքի տպագրությունն արտոնել էր Կ. Պոլսի Հակոբոս պատրիարքը, որին շահագրգռողը ոչ այնքան կրոնի դասատվությունն էր, որքան իր նախորդի՝ Մատթեոս Չուխաճյանի՝ «Հանդիսարան ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ». ձեռնարկը ասպարեզից հանելու մտահոգությունը: Տեղափոխվելով Ռուսաստան՝ Այվազովսկին իրավունք խնդրեց Չուխաճյանից՝ վերահրատարակել գիրքը, այս անգամ ռուսահայ դպրոցների համար: Բնական է, որ կաթողիկոսը մերժեր մրցակցի խնդիրը, մանավանդ, որ նույն այդ պահին «Վարդապետարան»-ի դեմ սկսվել էր արդեն գրական-աստվածաբանական մի արշավանք, որ զուգադիպում էր բացասական այդ վերաբերմունքին: Դասագրքի դեմ ուղղված էր ռուսահայ մտավորականության տարբեր հոսանքների կարծիքը: Կա Էմինի մի նամակը՝ ուղղված Խ. Լազարեւին, ուր նա բողոքում է Այվազովսկու գրքի կաթոլիկ ոգու եւ դեպի ազգային ավանդները ի հայտ բերած անարգական վերաբերմունքի դեմ, խնդրելով միջոցներ ձեռք առնել արգելելու գրքի տարածումը [28]: Էմինից զատ գրքի մասին արտահայտվում էին Նազարյանցը եւ Նալբանդյանը: Ինքը՝ Այվազովսկին գրում էր այդ առիթով. «Մինչեւ ցայժմ մենք երկու գրվածք տեսել ենք Վարդապետարանի դեմ, երկուքն էլ ձեռագիր մեկը անանուն իմաստակի մի գրվածք ռուսերեն, իսկ մյուսը՝ հայտնի հակառակորդ մը, այսինքն Նալբանդյան Միքայելեն շարադրված եւ կաթողիկոսին ուղարկված: Այս երկրորդիս հերքումն ալ ունիմք եւ շատ զորավոր եւ գեղեցիկ կերպով գրված է Թիֆլիս, չգիտեմք որու ձեռքով» [29]:

/266/ Թեր եւ դեմ այս քննադատականներն արտադրվում եւ տարածվում էին: Տպագիր քննադատությունն արգելված էր: Այդ երեւում է գոնե Ստ. Նազարյանցի մահից հետո նրա արխիվում հայտնված նյութերի ցուցակից, ուր նշանակված է նրա անտիպ քննադատականի վերնագիրը՝ «Կրիտիկա. Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց ս. եկեղեցւոյ, շարադրեաց Գ. վ. Այվազովսկի, Փարիզ, 1858»: Նազարյանցի «Կրիտիկա»-ն գրվել էր որպես մատենախոսություն «Հյուսիսափայլ»-ի համար: Սակայն գրչագիր ցուցակը կազմող Մ. Փանյանը, հիշատակելով գրվածքի վերնագիրը, դիտում է իր կողմից. «Ութածավալ տետրակ, գրված 12 երես: Ավարտած եւ ցենզորը թույլ չտված «Հյուսիսափայլ»-ում տպելու: Ցենզորական այս արգելքից ակնհայտ պիտի դառնար, թե որպիսի մի գանձ էր ցարիզմի համար եկեղեցու հեզ այն։ սպասավորը, որի հետ չէր կարելի վեճի բռնվել անգամ հայ եկեղեցու է դավանաբանական հարցերի շուրջը, որչափ կրոնական սքեմի տակ շոշափվում էին փաստորեն քաղաքական հարցեր: 1858 թ. հունիսի 20-ին, պատասխանելով Նազարյանցի մի նամակին, Այվազովսկին ուղղում էր նրան Նոր-Նախիջեւանից այսպիսի տողեր. «Յայտ իսկ են Ձերումդ իմաստութեան իմս կարծիք զպատուական վաստակոցն Ձերոց, ընդ որում եւ այս՝ թէ չէ արժան մեզ եւ Ձեզ զարմանալ, եթէ ոչ որչափ ըղձալին էր յարգիցին նոք ի կողմանս յայսօրիկ. եւ այն ի պատճառս բարբառոյն, որում չեւ այնպես ընտելացեալ են ականջք եւ միտք մերոցս ընթերցողաց որպէս վարժեալքն ի միում ուրեք ի մայրաքաղաքցդ Ռուսիոյ: Այլ զայս խնդիր լուծցէ կամ դիւրեսցէ արդեօք ժամանակն: Ներեսցէ ինձ ազնւութիւնդ եւ զայս յաւելուլ՝ մեծագոյն եւս քան զայն խափանիչ է ծաւալման օգտակար վաստակոցդ ի սահմանս մեր՝ երեւալն ուրեք ուրեք ի Հիւսիսափայլի հատուածսն տարապայման համարձակախոսութեան զթերութեանցն ազգիս եւ արանց առհասարակ դրուատելոց յազգէն, թէպէտ եւ վաղու եւս ի տէր հանգուցելոց: Թուի ինձ թէ արժան է օրագրիդ, գէթ ի սկզբան աստ զգուշաւորագոյն ունիլ ճանապարհ, զի մի՛ վայրապար խոտեսցի յանգիտացն, եւ Ձերումդ ազգասէր սրտի վհատութեան եղիցին պատճառք» [30]: Վերջին ակնարկները վերաբերում են, անշուշտ, «Հյուսիսափայլ»-ի 1858 թվականի համարներում Ներսես Աշտարակեցու գեմ Նալբանդյանի կողմից եղած հարձակումներին: Իր նախազգուշացումներով Այվազովսկին փաստորեն շարունակում էր Ներսեսի գլխավոթած ռեակցիայի թերավարտ պայքարը Նալբանդյանի դեմ:

Իր մի նամակում Նազարյանցը նշում էր Այվազովսկու «փափուկ եւ քաղաքավարի» ինքնավարությունը, շեշտելով հեգնաբար, թե «մեր հայ/267/կական դրության մեջ պիտո է լինել շատ մարդահաճո, որպես եւ է արդարեւ»: Նազարյանցն իսկ պատմում էր, թե ժամանելով առաջին անգամ Մոսկվա, Այվազովսկին բանեցնելով դյուրաթեք իր լեզուն՝ «քարոզ ասաց՝ երկինք հանելով Լազարյանց մեծագործությունքը եւ նոցա ձեռքով կառուցած տաճարը ուսմանց» [31]: Նազարյանցը հասկացել էր, անշուշտ, որ Այվազովսկու երեսպաշտ բարբառով գրած նամակը եւս շաքարավազով հրամցված դառն դեղահատ էր, ըստ էության՝ սպառնալից մի նախազգուշացում, որին կարող էին հաջորդել ստոր միջոցառումներ: Հետագայում վարդապետն այդպես էր պարզաբանում նամակը եւ հայտնում, որ փորձել է սանձ դնել «Հյուսիսափայլ»-ի բերնին նաեւ ուրիշների, մասնավորապես՝ Լազարեւների ձեռքով: Խստապարանոց Նազարյանցն այն մարդը չէր, սակայն, որ կարող էր նահանջել վարդապետի «հայրական խրատների» առաջ: Խրատաբանը նկատեց այդ եւ ամսագրի նկատմամբ բռնեց քսությունների ստոր ուղին:

1858 թ. նոյեմբերի 27 -ին ազգային-պահպանողական Աբել Մխիթարյանին գրած նամակում Նազարյանցը նշում էր. ««Հյուսիսափայլ»-ի հրատարակողն ունի այժմուս, թեպետ զինվորված եւ զրահավորված, հանդեպ գալու մի փոթորիկի. տեսանենք խավա՞րը կհաղթե լուսին, թե լույսը խավարին, միայն թե մեր ազգի մարդիկը ունենային այնքան բարոյականություն եւ ազնիվ պատվասիրություն (moralité est une noble ambition), որ չկամեին պատերազմել իմ հետ բռնակալության ճանապարհով, այլ պատվավոր զենքով. բայց պապականք եւ ասիացիք այս գործի մեջ միապես սովոր են ընթանալ. ուր պակաս է պատվավոր զենքը, որ միայն տեղիք ու հանդեպ ուներ լիտերատուրայի մեջ, այնտեղ կամին գործ դնել մի կապիտ բռնակալություն (un despotisme brutal): Եթե դեռ չեք հասկանում իմ ասածը, գուցե շուտով կլսեք մեր բերանից: Բայց արթուն կացեք եւ հսկեցեք իբրեւ բարեկամ եւ մեր ազգի, իբրեւ պահապան հայկական լուսավորության. Սիոնի թշնամին մոտեցել է. առեք եւ դուք ձեր զենքը եւ ճշմարտության դրոշակը, եւ հանդես եկեցեք: Պատերազմել պիտո է, եւ միաբանությամբ, այնուհետեւ հաղթությունը կլինի եւ ձեր, եւ մեր բաժին» [32]:

Այս նամակի առիթը Խրիստաֆոր Լազարեւի կողմից «Հյուսիսափայլ»-ի խմբագրությանն ուղղված գրության ահազդիչ այն սաստումն էր, որի բուն զսպանակը եղել էր Այվազովսկին: Այդ ակներեւ է Նազարյանցի հետ գրեթե միաժամանակ, 1858 թ. նոյեմբերի 27 -ին, Կ. Հայրապետյանին Նալբանդյանի գրած նամակից, ուր նա հայտնում էր, թե /268/ «գերապատիվ Այվազովսկին հայտնի թշնամի է մեր լրագրին, գանգատվել է Լազարյանց մեր վերա եւ սոքա մի անտեղի նամակով սպառնալիք գրում են մեզ, հայտնելով, թե մեր ծրագիրը, թե մենք ազգը մոլորեցնում ենք եւ այլ այսպիսի բաներ: Այժմ նոքա ամեն ջանք գործ պիտի դնեն, որ մենք ստորագրող չգտնելով, ընկնենք տարապայման նեղության մեջ…» [33]:

Հիրավի, Մոսկվայի Մարզային արխիվում պահվել է 1858 թ. հոկտեմբերին Այվազովսկու կողմից Խ. Լազարեւին ուղարկված գրությունը, ուր նա խնդրում էր վերջինիս միջամտությունը, որպեսզի «Հյուսիսափայլ»-ում չտպագրվեն «անբարեմիտ եւ անվայել» հոդվածներ, հակառակ պարագային սպառնալով հրավիրել ամսագրի վրա ներքին գործոց մինիստրի ուշադրությունը։ Ինչ խոսք, որ Այվազովսկին նկատի ուներ Նալբանդյանի հոդվածները: Այվազովսկու դիմումից ուշաբերված՝ Խ. Լազարեւը հրավիրում է «Հյուսիսափայլ»-ի վրա Դելիանովի հայացքը եւ առաջարկում նախազգուշացնել Նազարյանցին, որ եթե չուղղվի ամսագրի ընթացքը, ստիպված կլինի դիմել կառավարական օրգանների միջամտությանը եւ փականք դնել նրա բերնին [34]: Խ. Լազարեւին ուղղած իր գրության մեջ, սահմանազատվելով Նալբանդյանից, Նազարյանցը հաղորդում է, որ ինքն «այլ կերպ է մտածում, քան ուրիշները, եւ ուրիշներն էլ մտածում են այլապես, քան ինքը»: Հարում է այնուհետեւ, որ անձնապես ինքը «միշտ հարգել է ազգի արժանավոր քահանաներին» եւ քննադատության նշավակ է դարձրել ոչ թե բոլոր հոգեւորականությանը, այլ միայն «չարամիտ» եկեղեցականներին [35]:

Խուսափողական նման բացատրությունները չէին կարող, իհարկե, գոհացնել Այվազովսկուն, ոչ էլ նրա հովանավորողներին:

Լազարյան ճեմարանի արխիվում մնացել է, ի միջի այլոց, նաեւ ճեմարանի դիրեկտոր Դելիանովի՝ 1858 թ. դեկտեմբերի 11-ին Նազարյանցին ուղղված նամակի պատճենը, ուր նա հայտնում էր, թե «Հյուսիսափայլ»-ում տպված հոդվածներից մի քանիսն առիթ են տվել տրտունջների, որոնք գրավել են կառավարության եւ լուսավորության մինիստրի ուշադրությունը: Ցենզուրան, գրում է դիրեկտորը, քննության է առնում այն վիրավորանքը, որ հասցնում է «Հյուսիսափայլ»-ը հոգեւորականությանը եւ առանձին անձանց: Ասված է այնուհետեւ, որ այս առթիվ Նազարյանցի ներկայացրած բացատրություններն ուղարկվել են թեմի առաջնորդին, որից եւ կախված է հիմա ամսագրի բախտը: Եթե առաջնորդը /269/ պահանջելու լինի գոհացում, ճեմարանի հոգաբարձուն «ցավ ի սիրտ հետագայում հարկադրված է լինելու հրաժարվել ձեր բարեծննդությանը ցույց տված պաշտպանությունից, բարձր իշխանության միջոցով խափանելով ձեր ժուռնալի հրատարակությունը»: Ընդսմին ցանկություն էր հայտնում, որ ապագայում ժուռնալը «արժանի լինի գիտական իր կոչմանը եւ էական օգուտ բերի հայ ազգի կրոնաբարոյական զարգացմանը եւ ոչ մի կերպ տեղիք չտա հրատարակչի համար իրավաբանորեն եւ ազգակիցների համար բարոյապես վնասաբեր հետեւանքների»:

Եթե մտաբերենք այս կապակցությամբ Սողոմոն Տեր-Ղուկասյանին 1858 թ. վերջերին գրած այն նամակը, որի մեջ Խրիստափոր Լազարեւը տրտունջ էր հայտնում Նազարյանցի գործունեության մասին եւ անգոսնում նրա համագործակցությունը «վնասակար» Նալբանդյանի հետ, պարզ կլինի, թե ո՞ւմ դեմ էին ուղղվում «սրբազանի» եւ աղաղադայի համերաշխ զարկերը:

Երկու-երեք ամիս անց Նազարյանցը գրում է դարձյալ նույն Մխիթարյանին. «Ճշմարտությունը սովոր է աճել եւ տարածվել հալածանքով միայն, եւ առանց մարտիրոսների արյունը երբեք կարող չէր նույնիսկ քրիստոնեությունը այնքան հաղթող հանդիսանալ եւ տիրապետել աշխարհին. վաղուց գիտեինք ես եւ իմ բարեկամքը, որ մի փոթորիկ կբարձրանա պապական աբեղաների կողմից, որ եկավորել էին դեպի մեզ. այդ բանը իսկույն մարգարեացած է հոգիս, երբ այդ օրհնածը ոտքը կոխեց Ռուսաստանի հողի վրա, պատճառ, որ միշտ մտածել եմ եւ մտածում եմ, թե մենք եւ պապականքը, լինելով ամենեւին այլ ու մյուս հոգու որդիք, երբեք կարող չենք խաղաղությամբ ապրել միմյանց հետ, եւ ինչպես մարգարեացել էր հոգիս, կատարվեցավ եւ ճշմարտությամբ: Ես եւ իմ բարեկամքը սուրը ձեռքերնիս կանգնած ենք անշարժ եւ հաստատ. թշնամին տեսանելու չէ մեր քամակը, ունի՞ նա զորություն, թող հանդես գա պատվավոր զենքով եւ չափե յուր զորությունը մերի հետ: Բայց պապականները սովոր չեն պատվավոր զենքով գործ կատարել, որովհետեւ չունին. նոցա ծանոթ է միայն բռնության ճանապարհը» [36]:

Պարզ է այս ամենից հետո, որ Այվազովսկուն ուներ նկատի Նազարյանցը, երբ 1858 թ. տարեվերջում գրում էր «Հյուսիսափայլ»-ի համարում. «Հյուսիսափայլը քաջ գիտելով պատվել այն արժանավոր մեծատունքը եւ Հոգեւորականքը, որ կային մեր ազգի մեջ, ցավում է յուր սրտի խորքից, որ ստիպված էր այս րոպեիս մի քանի անձինք հայկական հասարակութենից պարտավորել ազգի առաջ որպես դավաճան եւ դարանագործ մարդիկ, որպես թշնամիք այն լուսավոր գաղափարներին, որ Հյուսիսա/270/փայլը այնքան համարձակ բերանով քարոզել է ազգին, որպես վատաբանողք այն եգիպսոսյան դատաստանին, որ Հյուսիսափայլը, առանց կաշառվելու մի անունի փայլողությամբ՝ բացել է եւ մեռած ու գնացածների գերեզմանի վերա» (ակնարկված է Ներսես Աշտարակեցին, Ա. Հ. ) [37]:

Անհայտ անձնավորության ուղղած մի նամակում, անդրադառնալով նույն հարցերին, Նազարյանցը գրում էր. «Ձեր եւ, ազգի թշնամին (իմա՝ Այվազովսկին, Ա. Հ. ) եւս կլարե յուր մեքենայքը եւ նա յուր գրչով ավելի զորավոր է, քան թե շատերը հայերի մեջ, ուր մնաց նրա եղբոր սիրելիությունը կայսերական ազգատոհմի անդամներին: Թիֆլիզեցիք կարոտ չեղան մինիստրի հրամանագրին, այլ յուրյանց կաթողիկոսի կոնդակի արհամարհությունը յուրյանց պատճառանք ընտրելով, հալածեցին Ջալալը, կամ թե հարկադրեցին պատրիարքին քշել նորան. եւ հետո տերությանը կամա-ակամա խոստովանեցին le droit de faits accomplis (կատարված փաստերի իրավունքը, Ա. Հ. ): Չգիտեմ արդյոք թույլ կտա մինիստրություննը ընդդեմ Այվազին գործ կատարել: N. B. Նույնիսկ մինիստրը Ռուսաստանի մեջ խոնարհ ծառա է կայսերական կամքի, ու մի՞թե պատրիարքի անձը՝ ունի այնքան հարգ կայսեր առջեւ, մի պատրիարքի, որ յուր պատվասիրության համար հանձն էր առել մի տերության հաճոյական գործ, հետո ուխտազանց գտնվեցավ, հանգամանքը արտաքուստ անհաջող լինելով: Ռուսաց սիստեման փաթեթ փաթեթ է» [38]:

Նազարյանցը, ինչպես տեսնում ենք, շատ լավ էր հասկացել Այվազովսկու նկարագիրը, գիտեր, թե ինչ վտանգ է սպառնում նա ազգին ու գրականությանը: Սակայն Նազարյանցի նամակում մեր ընդգծած տողերն ու բառերն իսկ ցույց են տալիս, որ բանեցնելով հակառակորդների դեմ բացառապես «լիտերատուրայի» հոգեւոր սուրը՝ լիբերալ պրոֆեսորն այն մարդը չէր, որ կարող պիտի լիներ ավելի ազդու միջոցներով դիմագրավել Այվազովսկուն եւ յուրայիններին, հակադրել նրա «բռնության ճանապարհին» օրենքի ճանապարհից խոտորող պայքարի զենք:

Վերջին կարգի զենք պիտի գործադրեին Այվազովսկու եւ յուրայինների դեմ դեմոկրատական հոսանքին պատկանող հակառակորդները եւ, ամենից առաջ, սրանց պարագլուխ Նալբանդյանը:

Այվազովսկու վարչության շրջանը Նալբանդյան-Խալիբյան հակամարսողության կատաղի տարիներն էին հենց: 1858 թ. ոստիկանության օժանդակությամբ հաշտություն կնքելով Խալիբի եւ Հայրապետականների միջեւ, Այվազովսկին նպատակ ուներ կղզիացնել Խալիբի անդրդվելի հակառակորդներին եւ օգտագործել քաղաքական իշխանության ուժը սրանց /271/ ղեկավարներին՝ Մ. Նալբանդյանին եւ Գ. Պատկանյանին ասպարեզից քշելու համար: Վերջերս հրապարակվեց ներքին գործոց մինիստր Լանսկոյին Այվազովսկու ձեռքով գրված դանոսի թարգմանությունը: Դանոսը գրված է 1858 թ. դեկտեմբերին «Հյուսիսափայլ»-ի նույն տարվա N 11-ում Նալբանդյանի տպած նամակի կապակցությամբ: Վարդապետը հրավիրում է մինիստրի ուշադրությունը ամսագրի «հակակրոնական» եւ «ոչ բարոյական» ուղղության վրա եւ խնդրում՝ շուտափույթ արգելել այդ հրատարակությունը: Դառնալով Նալբանդյանի անձնավորությանը՝ տեղեկացնում է, որ վերջինս «արդեն հայտնի է օտար դավանությունների դեպարտամենտում»: Խնդրում է նրան՝ «որպես վնասակար եւ անհանգիստ մարդու՝ ենթարկել արժանի պատժի, օրենքի ողջ խստությամբ, որպես հանցավոր իր դավանակիցների համերաշխությունը խառնելու դիտավորության եւ մեր համայնքի խիստ պատվարժան կրոնավոր եւ աշխարհիկ (անձանց անձնապես վիրավորելու մեջ» [39]: Իր այս դիմումի մասին Այվազովսկին նույն տարվա դեկտ. 12-ին տեղեկացնում է Խալիբին. «Վերջին տետրակ Հյուսիսափայլին եւ գրուածն Մուխալին, որ ի նմա (զոր ընկալայ յերեկն) ստիպեաց զիս գրել այսօր իսկ ուղղակի գիր բողոքանաց առ Մինիսթրին, եւ պահանջել զի օրագիր այն խափանեսցի ամենայն փութով իբրեւ վնասակար եկեղեցւոյ եւ ազգի, եւ Մուխալն այն պատուհասեսցի ըստ օրինաց իբրեւ բանսարկու եւ խռովարար» [40]: Փոքր-ինչ հետո, ղեկտ. 24-ին, Այվազովսկին գրում է դարձյալ Խալիբին.

«Լուրն բառնալոյ ցենզուրային կամ գրաքննութեան անհիմն է ամենեւին, ընդհակառակն կասկածելի է թէ դարձեալ յաւելցի խստութիւն ժամանակաց հանգուցելոյ կայսերն, որովհետեւ տեսանի զի բազումք չարաչար վարեն զայսպիսի ազատութիւնս ի Ռուսիա» [41]: Այս տողերից ակներեւ է, որ Այվազովսկին հակառակ էր ոչ միայն «Հյուսիսափայլ»-ի էջերից արծարծվող հայացքներին, այլեւ առաջադեմ մտքի ամեն մի խլրտման առհասարակ, ռուս ճորտատերերի հետ միախորհուրդ բաղձալով Նիկոլայ I-ի խստությունների վերադարձը: Ներքին գործոց մինիստր Լանսկոյի 1859 թ. հունվարի 28-ին լուսավորության մինիստրին ուղղած մի գրությունից տեղեկանում ենք, որ վարդապետը քանիցս դիմած է եղել Լանսկոյին, ուր մեղադրած է եղել «Հյուսիսափայլ»-ի խմբագրին հոգեւորականության եւ պատվարժան մի շարք աշխարհականների դեմ հոդվածներ զետեղելու մեջ: Հատկապես գանգատվել էր նա Նալբանդյանից՝ Ներսեսի, Ջալալյանի եւ իր՝ Այվազովսկու դեմ ուղղված նրա հոդվածների առիթով: Վարդապետին վրդովել էր, առանձնապես, «Հյուսիսափայլ»-ի 1858 /272/ թ. N 11-ում Նալբանդյանի տպած «խառնակիչ» հոդվածը եկեղեցական գումարների մասին: Խնդրել էր խափանել «Հյուսիսափայլ»-ը, իսկ իրեն՝ Նալբանդյանին «մեղավոր ճանաչելով կրոնակիցների մեջ խառնակչություն ձգելու եւ հոգեւոր եւ աշխարհիկ այնքան արժանահարգ մարդկանց վիրավորելու դիտավորություն ունենալու մեջ— պատժել օրենքի ամենայն խստությամբ» [42]:

1861 թ. այս մասին Նալբանդյանը ակնարկում էր. «Արդեն նախընթաց տարիներում քանի անգամ անբաստանվեցանք… Ռուսիո ներքին գործոց մինիստրի առջեւ, որպես անկրոն, որպես անբարոյական, որպես ապստամբ եւ խռովեցուցիչ ժողովրդյան: Պ. Այվազովսկին առաջարկում էր քաջափայլ մինիստրին «Հյուսիսափայլ» վնասակար օրագիրը դադարեցնել եւ մեզ ձգել սաստիկ պատժի տակ, օրենքի բովանդակ խստությամբ: Գուցե պ. Այվազովսկին հայրական հոգողությամբ պատրաստել էր մեզ տեղի բնակության Ներչինսկ կամ Կրասնոյարսկ… մեր ջերմությունը մի փոքր բարեխառնելու համար Սիբիրի սառնամանիքը… (բուն առողջապահության խորհրդով): Պ. Այվազովսկին չի կարող ուրանալ այս իրողությունքը, ըստ որում երկար քննությունք եւ գրագրությունը եղան մինիստրների եւ ցենզուրական ժողովի մեջ, այլեւ առաջարկվեցան Հարցամունքներ…» [43]:

Պահվել է 1860 թ. հունվարի 20-ին Այվազովսկու ձեռքով ոմն կոմսի, ըստ երեւույթին՝ այլադավանների դեպարտամենտի կառավարիչ Սիվերսին, ուղղված ֆրանսերեն «կոնֆիդենսիալ» նամակը, ուր հեղինակը, պաշտպանվելով հակառակորդների (հիշված են Նալբանդյանը, Նազարյանցը եւ Էմինը) մեղադրանքներից, ի միջի այլոց, ազդանշում է այն վտանգը, որ սպառնում է հայ ազգին եւ եկեղեցուն իր գրքի դեմ բարձրացած աղմուկը: Նշում է, մանավանդ, որ կառավարության ցանկացածին հակառակ՝ դրանով մեծ հուզմունք պիտի առաջանա Թյուրքաց Հայաստանում, ուր առանց այդ էլ կասկածանքով են վերաբերվում ռուսահայ եկեղեցու դավանական անաղարտությանը: Նամակի վերջում Այվազովսկին խնդրում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի կարգադրություն լինի իրեն վստահված վիճակում (իմա՝ նաեւ Մոսկվայում եւ Պետերբուրգում, Ա. Հ. ) հայ եկեղեցու դավանանքի մասին լույս տեսնող գրքերի ցենզուրան հանձնվի իրեն՝ Այվազովսկուն: Դրանով հնարավորություն կտրվի իրեն կատարելու այն պարտականությունները, որոնք դրված են իր վրա կայսրի կողմից: Նամակից պարզ է միանգամայն, որ Այվազովսկին կամենում էր ապահովագրել իրեն այն հարձակումներից, որոնք կարող էին /273/ լինել իր դեմ առաջիկայում, մասնավորապես, Նախիջեւանի եւ Բեսարաբիայի հոգեւոր կառավարությանը ենթակա Մոսկվայի եւ Պետերբուրգի հայ գաղութի կողմից: Լինել իր դեմ ուղղված գրությունների ցենզոր՝ այս էր վարդապետի համեստ բաղձանքը [44]:

  «Հյուսիսափայլ»-ի դեմ Այվազովսկու տարած այս պայքարի կոնկրետ շարժառիթներից մեկը, ինչպես պարզաբանում է մեզ ուղղած իր նամակում Խ. Փորքշեյանը, մեծ այն ազդեցությունն էր, որ, Խալիբյան դպրոցի հետամտած նպատակներին հակառակ, ունենում էր «Հյուսիսափայլ»-ը նրա սաների վրա: Ինչքան էլ ջանք էր թափում Այվազովսկին՝ փակել սրանց աչքերը նոյան աղավնու ձիթենիներով, «Հյուսիսափայլ»-ի շարունակում էր արձագանք գտնել Ֆեոդոսիայի դպրոցականների մեջ: Հայր տեսուչը խստիվ արգելում էր «Հյուսիսափայլ»-ի տարածումն ու ընթերցումը: Բայց դրանով նա միայն գրգռում էր իր խնամքին հանձնված սաների հետաքրքրությունը դեպի արգելված ամսագիրը: Դրսից եկողներից նրանք ձեռք էին բերում «Հյուսիսափայլ»-ի համարները: Դպրոցում մեծ էր, մանավանդ, դրանց էջերում Նալբանդյանի գրած հոդվածների ազդեցությունը: Ծակելով Խալիբյան դպրոցի հաստ պատերը՝ Նալբանդյանի խոսքը թափանցում էր նրա դասարաններն ու լսարանները, գրավում պատանի ընթերցողների սրտերը: Նալբանդյանի հրաշունչ խոսքը հանգիստ չէր տալիս Խալիբյան դպրոցի տնօրեն- տեսչին՝ անգամ նրա իսկ հյուսած բնի մեջ: Այս էր, որ անընդհատ զայրույթի պատճառ էր դառնում Այվազովսկու համար եւ անմիջական շարժառիթ՝ Սիվերսին ուղզած լրտեսագրերի հորինման: Պատվել է նաեւ Նալբանդյանին ամբաստանող՝ Այվազովսկու Սիվերսին գրած մի այլ նամակի պատառիկը, ուր գանգատվելով «Վարդապետարան»-ի կապակցությամբ իր դեմ հանված «Հալածանքների» մասին՝ վարդապետն անդրադառնում էր «Արեւմուտք»-ի էջերից եղած հարձակումներին: «Թերթի խմբագիրը, ասված է այդտեղ, զմյուռնիացի հայ մի երիտասարդ է, ծանոթ Փարիզում եւ Արեւելքում ռեւոլյուցիոն իր գաղափարներով, հունիսյան ռեւոլյուցիայի ժամանակ իր ձերբակալումով, իր խռովասեր նկարագրով, իր հակակրոն եւ, մանավանդ, հակառուս գաղափարներով: Անցյալ ապրիլ ամսին Ոսկանյանը բախտ ունեցավ հանդիպելու Փարիզում պ. Նալբանդյանին, որը նրան հաղորդեց իր ոչ նվազ կործանարար գաղափարները եւ ուրիշ փաստաթղթերի հետ նրան ներկայացրեց Խալիբյանի դեմ գրած եւ արդեն Նազարյանցի «Հյուսիսափայլ»-ում հրատարակված իր այն հոդվածը, որի մասին ես պարտք էի համարել պաշտոնապես հայտնել մինիստրությա/274/նը եւ որն արտացոլվեց «Արեւմուտք»-ում: Պարոն Լազարյանն իր նամակներից մեկում ինձ արդեն հասկացրեց, որ այս թերթը շրջում է Մոսկվայի եւ Պետերբուրգի հայերի մեջ: Պետք է նշել, որ Կ. Պոլսի եւ Զմյուռնիայի Հայ լրագիրները չթերացան հաղթականորեն պայքարի ելնելու Փարիզի թերթի կատաղի զրպարտությունների դեմ եւ նրան…» [45]: Նամակի պատառիկն ընդհատվում է այստեղ:

Այվազովսկին նույն տիպի թուղթ գրեց նաեւ Գաբրիել քահանա Պատկանյանի մասին: 1859 թ. մայիսի 16-ի գրությամբ նա դիմում էր ներքին գործոց մինիստրին՝ խնդրելով հեռացնել Պատկանյանին իր թեմից եւ ապաշխարելու համար ուղարկել դրսում գտնված վանքերից մեկը: Այվազովսկին նրան մեղադրում էր Խալիբի վրա մահափորձ կազմակերպելու մեջ: Մեղադրանքը չհաստատվեց: Պետական խորհուրդը որոշեց կալանքից ազատել քահանային, սակայն թողնելով նրան «կասկածանքի տակ», առանց կարգընկեց անելու: Ցարն անհամաձայն եղավ այդ որոշմանը, գտնելով, որ կասկածի տակ գտնված մեկը չի կարող զբաղվել քահանայագործությամբ: «Ավելի լավ է կարգազուրկ անել, քան թողնել կասկածանքի տակ», մակագրեց սենատի վճռի վրա Ալեքսանդր II-ը: Ըմբռնելով ցարի մտադրությունը եւ ընդառաջելով խալիբականների ցանկությանը, Նախիջեւանի հոգեւոր կառավարությունը արհամարհեց կանոնական բոլոր ձեւականությունները եւ կարգազուրկ արեց քահանային: Սակայն, դեռ նախքան այդ Այվազովսկին միջոցներ էր ձեռք առել՝ հեռացնելու նրան իր վարչության սահմաններից: Պատկանյանին Նոր-Նախիջեւանից հեռացնելը պետք եղավ ոչ միայն նրան անդառնալիորեն պատուհասելու, այլեւ նրա վարժարանը փակել տալու եւ նրա աշակերտներին Խալիբյան դպրոց քշելու համար [46]: 1860 թ. հոկտեմբերի 29-ին նույն մինիստրին ուղղած գրության մեջ Այվազովսկին նշում է, որ 1860 թ. մարտի 23-ին ազատվելով բանտից եւ թողնվելով Նոր-Նախիջեւանում՝ Պատկանյանը գրգռում է բնակիչներին հոգեւորականության եւ հոգեւոր վարչության դեմ, միջոցներ է փնտրում վնասելու եկեղեցականներին, տնից տուն ման գալով ամենուրեք գժտություն է ցանում, իսկ վերջին ժամանակներս զբաղվել է մանուկների ուսուցմամբ, որոնց Կարդացման վրա նա վերին աստիճանի վնասակար ազդեցություն ունի: Ուստի եւ խնդրում էր՝ աքսորել նրան թեմից: Այս գրության հետ ներկայացնում էր մի դիմում 12 տերտերների ստորագրությամբ, որոնք «հաստատում» էին թեմական կառավարչի» հարուցած մեղադրանքը [47]:

/275/ 1861 թ. ապրիլին Այվազովսկին նույն Պատկանյանի մասին գրում էր Էջմիածնի Սինոդի պրոկուրորին. «Մենք իբրեւ տեսաք՝ զի ցորչափ ի Նախիջեւան գտանի Պատկանեանն, եւ Աղամիրեանն եւս հակառակ առաջնորդական իշխանութեան ոգորի, ոչ գոյ խաղաղութիւն գտանել ժողովրրդեան տեղւոյն, եւ կամ անսայթաք ընթանալ գործոց հոգեւորական կառավարութեան որ անդ, բողոքեցաք առ ընդհանրական կուսակալն նորոյն Ռուսիոյ (խոսքը Նովորոսիսկի նահանգապետի մասին է, Ա. Հ. ) զի հեռացուսցէ անտի զՊատկանեանն՝ ըստ միաբանական բողոքոյ քահանայից Նախիջեւանի» [48]:

Գրություններն անհետեւանք չթողնվեցին: 1861 թ. Պատկանյանն աքսորվեց Վյատկա, իսկ այստեղից, փոքր-ինչ ուշ, քշվեց Կոստրոմա: 1863 թ. նրան իրավունք տրվեց փոխադրվել Պետերբուրգ: Ներման արժանացավ նա միայն 70-ական թվականների վերջերին՝ Ներսես Վարժապետյանի միջնորդությամբ: Պատկանյանի արխիվային ընդարձակ գործը կասկած չի թողնում, որ տասնյակ տարիներ քաշքշվող նրա դրամայի գլխավոր դերակատարներն էին Ներսեսը, Խալիբը եւ սրանց պաշտպան կանգնած Ջալալյանը եւ Այվազովսկին [49]:

  Հետագայում, ասես հանցանքի մեջ բռնված դպրոցական, անկյուն կանգնեցվելու երկյուղից սրդողած, Այվազովսկին անիրավվածի դիրք ընդունեց: Հայտնում էր, թե ինքը մեղսակից չէ Պատկանյանի աքսորին, այլ միայն հաղորդել է մինիստրին Նախիջեւանի քահանաների կողմից տրված դիմումը: «Չեմք գիտեր, թե առաջնորդին այս արած գործողության մեջ ինչ, անիրավություն կամ ինչ չափազանց խստություն կտեսնեն հակառակորդները», ասում էր նա, ակնոցի միջից նայող խորամանկ հայացքով եւ հակառակորդին զիջող պզտիկ ժպիտը շուրթիցը կախ [50]: Այվազովսկին չի ուզում ասել, որ անիրավության կամ չափազանց խստության մեջ չէ, որ մեղադրում էին իրեն, այլ քաղաքական ստորության եւ բարոյախոս գործչին անվայել ստախոսության: Իր դիմայլակով «Մասյաց Աղավնու» խմբագիրն աշխատում էր դարձյալ հավատացնել միամիտներին, թե ինքն է հենց Եհովայի կողմից հղված խաղաղության աղավնին: Փույթ չէ, որ Եհովայի դերը յուրացրել էին ոստիկանական օրգանները, որոնց նպատակներին նա ծառայում էր հոժարակամ, պաշտոնի փշոտ ճանապարհին ընդունելով Հաճախ տրորված անմեղության կերպարանք, չար եւ նման այն կոկետուհուն, որ ջեռնում է ցանկասիրությամբ, բայց կամենում է մեղանչած լինել հարկադրանքի /276/ կացության մեջ… Հարկավ, վարդապետը մեկն էր այն մարդկանցից, որի մասին կարելի է միայն կրկնել Պարոնյանի մի պերսոնաժի խոսքը. «Խիղճդ քեզմե ավելի անամոթ եւ դուն խղճեդ ավելի լիրբ»: 1859 թ. «Հյուսիսափայլ»-ում հաջողվեց զետեղել Ան. Սուլթանշահի «Հայոց ազգի լուսավորիչք» կատակերգությունը, ուր ծաղրվում էին Այվազովսկին եւ Խալիբյան դպրոցը: Նույն տարում Գաբրիել Պատկանյանը գրեց իր «Հռիփսիմե» եղերգությունը (տպվեց ավելի ուշ՝ 1864 թ., «Հյուսիս»-ում): Այդ պիեսում վեր էր հանվում Նախիջեւանի վարժարանի դերը, իսկ դժոխքն ու իր դեւերը՝ պատկերում Խալիբյան դպրոցն ու իր դասատուներին: Եղերգության Գր. Լուսավորիչը Գ. Պատկանյանն էր, Տրդատը՝ Խալիբը, Սադայելը՝ Այվազովսկին, դեւերից մեկը՝ Ս. Տիգրանյանը եւ այլն [51]:

Գ. Պատկանյանը վերադարձավ Այվազովսկու կերպարին նաեւ իր «Նիկոլի պատմության» մեջ, որ լույս տեսավ 1863 թ. առանձին գրքով, Հեղինակի «Վերջը կիմանաք» կեղծանունով:

Այվազ-Խալիբ խմբակի եւ ոստիկանության հարակցությունը գաղտնիք չէր հակառակորդների համար: Չուխաճյանին ուղղած անստորագիր մի գրության մեջ վերջիններս գանգատվում էին այն հալածանքներից, որոնց ենթակա էին Այվազովսկու եւ Խալիբի քաղաքական կապերի բերումով: «Որ չարատյաց եւ ազգասեր աշխարհականը, որ հանդգնի սոցա անիրավությանց դեմ կամ ձայն բարձրացնել, կամ բողոքել, թե Գ. Այվազյանը եւ թե Խալիբյանը ազգիս չարաչար կամբաստանեն զնա տերության առաջ եւ երկպառակ խռովարար ապստամբ եւ չարամիտ մարդ ճանաչելով եւ նահանգական իշխանության ձեռքով հալածելով կհալածեն զնա… Տասնեւիններորդ դարու մեջ ազգերնուս մեջ սրբաքննության մեքենաներ կբարձրանան, եւ սակայն, մեք անխռով ու սառն սրտիվ ականատես կըլլանք այդ սարսափելի գործողությանց» [52]:

Այվազովսկին գիտեր, իհարկե, իր դեմ հուզված դժգոհությունների պատճառը: Հետագայում գրում էր, թե «Միանգամայն մեծ փուշ էր նոցա (իմա՝ «ազգասերների», Ա. Հ. ) աչքին այս բանը, որ Գաբրիել վարդապետը (իր մասին Այվազովսկին խոսում է երրորդ դեմքով, Ա. Հ. ) ուղղակի տերութենեն նշանակված էր առաջնորդ, եւ իրենց հակառակությամբ կջանային իբրեւ գործնական բողոք մի ցուցանել, այնպես որ տերությունը զգուշանա մյուս անգամ այնպիսի կարգադրություն անելու» [53]: Վարդապետը բավական խելք ուներ գլխի ընկնելու համար, որ տերությունից նշանակված լինելու հանգամանքը չէր դժգոհության գլխավոր պատճառը, /277/ այլ այն, որ եկեղեցու ներսում եւ եկեղեցական սքեմի տակ սիստեմատիկաբար կատարում էր քաղաքական մատնիչի պաշտոն: Մասնավորապես, արտասահմանյան հայ առաջադիմական մամուլը հայտնում էր բարձրալուր, որ Այվազովսկին, իբրեւ ստաժավոր ռենեգատ, այն մարդն է հենց, որի գործունեության նպատակն է՝ առաջնորդել հայերին հունադավան եկեղեցու գիրկը: Այս ուղղությամբ գրում էին, հատկապես, արտասահմանյան այն լրագրերը, որոնց առատ նյութ էին մատակարարում, մանավանդ, Նալբանդյանին բարյացակամ թերթերը [54]:

Բացճակատ այսպիսի պայքար Այվազովսկու դեմ անհնարին էր ցարական Ռուսաստանում: «Ասել այն, ինչի մասին մյուսները լռում են:, գրում է մի տեղ Գերցենը, անհամեմատ ավելի դժվար է, քան ասել այն, որի մասին ուրիշները նույնիսկ գլխի չեն ընկնում… Պետք է ունենալ մեծ արիություն, բարձրաձայն ասելու բաներ, որոնք լռելյայն հայտնի են ամեն մեկին. այդպիսի հանդգնության համար մահվան դատապարտվեց Սոկրատեսը» [55]: Նալբանդյանը եւ համախոհներն ունեցան արիություն՝ ասելու Այվազովսկու մասին ամենքին հայտնի ճշմարտությունը: Նրանց գրական պրակտիկան կամենում էր կարծես արդարացնել դարձյալ Գերցենի մեզ ծանոթ խոսքը. «Ցենզուրան սարդի այն ցանցն է, որ ի վիճակի է խճճելու մանր ճանճերին. մեծերը պատռում են այն: Կարմիր մելանը ոչնչացնում է անձնականը, ակնարկությունները, եռանդուն միտքը. ճշմարիտ բանաստեղծությունն անցնում է այդ քավարանի միջից, թույլ տալով, ամենաշատը, որ փոքր-ինչ զտեն իրեն» [56]:

Չի կարելի ասել, թե Նալբանդյանը մեկն էր այն «ճանճերից» որոնց չէր հաջողվում պատռել-անցնել ցենզուրայի ցանցը: Ցենզորական արգելքի էր հանդիպում ու խափանվում նրա մի շարք գրվածքների տպագրությունը, ուր ծաղրի առարկա էր հանդիսացել Այվազովսկին:

Դրանցից մեկը «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսն» էր, մյուսը՝ «Մխիթար եւ մխիթարյանք» հոդվածաշարը, ուր նա հեգնում էր Այվազովսկու այն հայտարարությունը, թե մխիթարյանների պապականությունը սոսկ մի դիմակ էր, որ հագել էին ազգասիրաբար [57]: «Ի՞նչ կարելի /278/ բան է, գրում էր Նալբանդյանը, որ մի մարդ երկու տեսակ սրտի վկայություն ունենա, երբեմն այսպես ասել, երբեմն այլապես: Այո, մարդ չի կարող ունենալ, բայց ճիզվիթը առատ եւ հարուստ է սրտի վկայությամբ, նա այնքան ունի, եւ այնքան կարող է ունենալ, որքան գործ պատահել են կամ, պիտի պատահեն նորան, մանավանդ թե այդ գործը հարակցություն ունենա մի նյութական օգտի հետ…» [58]: Չամչյանի, Մ. Ավգերյանի, Իգն. Փափազյանի եւ ուրիշների օրինակներով Նալբանդյանը ցույց էր տալիս մխիթարյանների երկերեսանիությունը: Մասնավորապես, կասկածելի էր դարձնում հայոց եկեղեցու գիրկը «վերադարձած աբեղաների անկեղծությունը, որոնք հրաժարվելով հայոց վրա դրված պարսավից՝ չեն ամաչում ասել, թե իրենք չեն դրա հեղինակը… «այլ հետո Աբբան կամ վանական ժողովն է հավելացուցել» [59]: Ամենից «առաջ Այվազովսկին էր, հարկավ, որ պիտի հասկանալ, թե ում դեմ, էին ուղղված հոդվածի մերկացումները, ուստի եւ շտապեց խափանել նրա անհաճելի շարունակությունը եւ հասավ նպատակին [60]:

Ցենզորական արգելքի զոհ էր գնացել նաեւ Նալբանդյանի մեծ հոդված-պատասխանը՝ ուղղված Ստ. Պալասանյանի դեմ: Վերջինս Այվազովսկու սաներից էր եւ պաշտպան էր դուրս եկել նրա կայացրած «հաշտության» [61]:

Խոսելով ներկայիս անհետ կորած այդ հոդվածի մասին՝ Նազարյանցը հատկանշում է այն որպես «մեծապարունակ», «գեղեցիկ եւ զորավոր ճառ»: Սակայն ցենզորը արգելքի տակ դրեց Նոր-Նախիջեւանի «եկեղեցական արծաթի», Այվազովսկու եւ նրա արբանյակների մասին գրված այդ «ճառը», ինչպես նաեւ նույն նյութերի մասին գրված ուրիշ հեղինակների հոդվածները [62]: Այնուամենայնիվ, Նալբանդյանը կարողացավ տողամեջ ասել հիմնականը: Անդրադառնալով այդ «հաշտությանը», «Նկատողությունք» հոդվածում նա գրում էր. «Մեր ազգի մեջ կան հայացքներ, կան ուղղությունք, կան ուրեմն եւ դրոշակներ, կա պատերազմ: Օտարոտի մի բան էր հերքել այս. նույնպես օտարոտի էր ցանկալ մի տեսակ միավորություն հակառակող բաժինների (բաժին=պարտիա, Ա. Հ. ): Այդ վնասակար էր մեր ազգին: Պատերազմը հետեւանք է շարժողության, իսկ շարժողությունը կյանք է: Երբ երկու հակառակող բաժիննե/279/րը ամենեւին ազատությամբ համաձայնել էին յուրյանց կարծիքների մեջ, այն ժամանակ կհաշտվեն եւ կմոտենան միմյանց, առանց կարծիքների Հիմնավոր համաձայնության սուտ է ամենայն հաշտություն եւ միավորություն, թեեւ լրագրերի մեջ եւս հրատարակեին, թե թագավորել էր մեծ խաղաղություն (ակնարկը վերաբերում է «հաշտության» մասին «Աղավնու» բարձրացրած ցնծությանը, Ա. Հ. )… Եվ հակառակող բաժինները մոտավորության համար չէ պիտո զոհ բերեն յուրյանց սրտի վկայությունը… Օրհնյալ է պատերազմը, թո՛ղ լինի նա հզոր, անխնա, ազնիվ եւ բարեխիղճ: Նա, որ փախչում է ազնիվ պատերազմից, մարդ չէ բարոյապես, այլ մի թշվառ արարած կնամարդի բնավորությամբ… Ճշմարտության բուն հետեւանքը բաժինք է. պիտո է լինին հերձվածներ, որ ընտրվածքը երեւին: Եվ գինին մինչեւ չխմորվի եւ չպղտորվի՝ չի պարզվում: Ծծումբի ազդեցությամբ կտրված քաղցուն, որ չէր խմորվում ավելի, նույն պատիվն ունի գինիքի մեջ, ինչ պատիվ ներքինին մարդերի մեջ. ով ականջ ունի լսելու՝ թող լսե» [63]:

Նույն 1858 թ. Կոմս Էմմանուելը արծարծեց «Հիշատակարան»-ում Նոր-Նախիջեւանում ազգային ուսումնարան բացելու հարցը: Նրա խոսքն այս անգամ եւս ուղղված էր, ըստ էության, դարձյալ Այվազովսկու դեմ, որը, ինչպես տեսանք, ծրագրում էր ուսումնարան բացել Ֆեոդոսիայում [64] ։ Այս կապակցությամբ Նալբանդյանը մասնավոր նամակով հայտնում էր Գ. Սալթիկյանին. «Օրագրի հիշատակարանների վերա դարձուր առանձին ուշադրություն, մանավանդ 7 եւ 8 համարներին, եւ հասկացուր չիհասկացողներին, որ իմանան: 8-ի մեջ շատ սաստիկ խառնված է մեր թշնամիների աղբաթը եւ այսուհետեւ եւս պիտի խառնվի»: Կամ՝ «Այս օրերումս մեր օրագիրը մի երկու խոսք խոսելու է «Մասյաց Աղվանու վերա, իհարկե, կկարդաս, միայն թե ինչ որ կկարդաս եւ կհասկանաս, աշխատե, որ ուրիշներին եւս հասկացնես, որ ճշմարտությունը հայտնվի» [65]: Նույնը հաղորդելով նաեւ Կ. Հայրապետյանին՝ Նալբանդյանը հարում է. «Ազգի եւ ճշմարտության համար իմ կյանքը իմ աչքումը ոչինչ է եւ ամեն րոպե պատրաստ եմ զոհել, եւ այն օրից, երբ գրիչ վեր եմ առել ձեռքս, մինչեւ գերեզման ես պիտի պատերազմեմ ստության եւ խավարի հետ, եւ որքան թույլ տան մեզ շրջապատած հանգամանքը (ընդգծումը մերն է, Ա. Հ. ), պիտի խորտակեմ դավաճան վիշապի (իմա՝ Այվազովսկու եւ ընկերության, Ա. Հ. ) գլուխը…» [66]:

/280/ «Հյուսիսափայլ»-ի հաջորդ տետրակներում Կոմսը շարունակում է իր հարձակումները «օբսկուրանտների, եզվիտների եւ Մաքիավելու հոգով տոգորված մարդերի» դեմ, վեր հանելով նրանց «անձնապահություննը» եւ «շահասիրությունը», մտրակելով ազգի սուտ «լուսավորիչներին», որոնք ստիպված են, «յուրյանց փառասիրության հարկը ազգից անընդհատ ստանալու համար, որքան կարելի է աշխատել հլու հպատակ պահել ազգը խավարի բաբելոնյան գերության մեջ», հանդիսանալով «հոգեսպան» գործիք խավարի բռնակալության եւ այլն [67]:

Ի՞նչ էր նշանակում ներկա դեպքում «խավարի բաբելոնյան գերությունը», կամ ի՞նչ էր «խավարի բռնակալության» այն հրեշը, որի «հոգեսպան գործիքն» էին օբսկուրանտները, եզվիտները եւ նմանները: Կոմսը վերապահում է պայմանական այդ նշավակումների իմաստավորումը ուշիմ ընթերցողներին: Գրական պայքարի ընթացքում նա դիմում էր երբեմն մտքերի ծածկագրման: Վեղարավոր սատրապների՝ Աշտարակեցու, Զալալյանի, Այվազովսկու եւ նմանների անունների վրա ձգվում էր փակագրերի ու անագրամների գորշ շղարշ: Այսպես, եթե «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսում» նա դուրս էր բերել Այվազովսկուն «օրագրության» ոստիկան «Բուբանդոս դեւի» կերպարանքով, «Հիշատակարաններ»-ից մեկում նրան ներկայացնում էր «Շամիլի» դիմակով: Պատմական Շամիլի հետ Նալբանդյանի Շամիլը ընդհանուր քիչ բան ունի հարկավ: Նա բնութագրված է որպես մի սյուննի, որը անձնական վնասի եւ օգտի նկատառումով հագել է շիայի սքեմ՝ հետագայում նորից սյուննի դառնալու համար: Նա պատկերված է որպես ռենեգատ ու մատնիչ, որպես խավարադեմ ու ազատասպան մի իմամ, որ «վեհանձնություն» գործ դնելով՝ աշխարհիկ կառավարության ձեռքն է հանձնում իր զոհերի դատաստանը: Ակներեւ է, թե ումն է վերաբերում Նալբանդյանի ակնարկը: Դարձյալ Այվազովսկու քսությունների մասին է ակնարկը, երբ նախատելով ազատություն որոնողին՝ Շամիլը սպառնում էր նրան, թե «Ես քո դատաստանը կհանձնեմ այն աշխարհիկ կառավարությանը, որին հպատակ ես դու… ինձ արժե միայն մի նամակ արձակել դեպի Պետերբուրգ, այնուհետեւ ավարտված էր քո ասպարեզը» [68]: Դարձյալ պարզ է, թե ո՞ւմ եւ ի՞նչ նկատի ուներ Կոմսը, երբ 1859 թ. տարեմուտին գրում՝ էր, թե «Լուսավորության եւ մարդկային ազատ մտածության թշնամին դարբնի գործարան են բացում անտանելի ծանր շղթաներ պատրաստելու եւ, եթե կարելի է, բոլորովին խեղդելու մարդկային բանականության օրինավոր եւ ազատ հոսանքը» [69]:

/281/ Այվազովսկու դեմքը շոշափում էր Նալբանդյանը նաեւ չափածո գործերում: Նրա ստաբան քարոզներն ու ֆրանսագիր դանոսներն ուներ նա նկատի, երբ գրում էր.

Թո՛ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,

Յուր եռոտանու վերա փրփրի,

Թո՛ղ միջին դարու գաղափարներով :

Ամբոխը խաբել ճգնի աշխարհ,

Թո՛ղ նա թարգմանե զրսլարտությունը,

Թո՛ղ մխիթարվի ծովի ափերում,

Մենք ազատության ենք միայն թարգման,

Միայն այս խոսքս ունենք բերանում:

(«Մանկության օրեր»)

1859 թ. Նալբանդյանը գրեց ազատության գաղափարին նվիրված նշանավոր իր ոտանավորները՝ «Ապոլլոնին»-ը, «Ազատն աստված»-ը, «Իտալացի աղջկա երգը», «Մամիկոնյան մեծ Վահանի պատասխանը»: Հարկավ, բոլոր այդ երկերը արժեքավոր են իրենց գեղարվեստական ընդհանրացումներով եւ իբրեւ գործեր, որոնք արձագանքում էին հայերի հասունացող ազգային-ազատագրական գիտակցությանը կամ Արեւմուտքի ազգային-ապստամբական շարժումներին: Բայց անհնարին է անգիտանալ նաեւ դրանց մեջ ամփոփված կենսագրական կոնկրետ ակնարկները կամ մոռանալ դրանց ստեղծագործության կոնկրետ շարժառիթները: Հեղինակը գրի է առել դրանք՝ մեծ չափով ներշնչված Այվազովսկու դեմ տարած քաղաքական պայքարի հույզերով: Անգամ «Ազատն աստված»-ը տպված է Կոմսի «Հիշատակարան»-ում՝ «եզվիտների» նշավակման կապակցությամբ: Կարեւոր է այս հանգամանքների նկատառումը, մանավանդ, ոտանավորների քաղաքական իմաստավորման տեսակետից։ Քանի որ ոտանավորները առնչվում են Այվազովսկու դեմ վարած պայքարի տրամադրությունների հետ, եւ քանի որ այդ պայքարի ժամանակ էր հեղինակը ազատության դրոշակ պարզում բռնակալությանը ստրկացած ազգին, պարզ է ինքյան, որ այստեղ «ազգ» ասելով Նալբանդյանը հասկանում էր «հասարակ ժողովուրդը», իսկ այն ուժը, որի դեմ ոտքի էր ելնելու այդ ժողովուրդը՝ ցարիզմը եւ նրա հայ արբանյակները Ռուսաստանում: Նալբանդյանը մերկացնում է ազգային մեծավորների ուրացությունը, նշավակում իշխանություն գնող ազգային «հացկատակներին» ու «դռան շներին»: Ազատատենչ իր կոչերով հրավիրում էր «հասարակ ժողովրդին» «թրին ջուր տալ» թշնամու արյունով ու այդ ճանապարհով ազատել ստրկությունից «ազգն» ու «եկեղեցին»: Հեղինակի կենսագրության համար ունեցած իր նշանակությունից առավել, այս ընդհանրացումը կարեւոր է ռուսահայ հասարակական մտքի պատմության տեսանկյունից։ Նալբանդյանի ստեղծագործության այս կողմը գա/282/լիս է նշելու, որ համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսի շրջանում ռուսահայ աղայական-կղերական դասերի դեմ նրա վարած կռիվը սրվելով Այվազովսկու դեմ, ուղղվում էր, ըստ էության, ցարական ինքնակալության դեմ, վերաճում հայ ժողովրդի մղած ազգային-քաղաքական, ազգային–ազատագրական կռվի: Արդյո՞ք թույլ տալ, որ հայ ժողովուրդը եւ, առաջին հերթին, նրա միջից ելած երիտասարդությունը, զենք դառնա ցարիզմի նպատակների համար, թե՞, ընդհակառակը, թեքել ժողովրդի եւ երիտասարդության համակրանքն ու մարտական կարողությունը դեպի ռուս եւ համաեվրոպական ռեւոլյուցիան, որը կոչված է խորտակելու ոչ միայն ցարիզմի, այլեւ արեւմտյան պետությունների արտաքին ագրեսիան եւ ներքին ռեակցիան։ Այվազովսկու եւ նրա ետեւը եղած բոլոր մութ ուժերի դեմ հարդարվող պայքարի ճակատում այսպես էր դնում հարցը հայ ռեւոլյուցիոն դեմոկրատիայի մարտական ղեկավարը՝ Մ. Նալբանդյանը:

Պայքարի քողարկված այս մեթոդն ունեցավ հետեւորդներ: Այսպես, 1861 թ. «Հյուսիսափայլ»-ի էջերում տպվեցին Վահունու ոտանավորները Ջալալյանի եւ Այվազովսկու դեմ [70]:

Նկատենք, որ Նալբանդյանի ակներեւ ազդեցության տակ «Գիրսաս»-ին նշավակել էր նաեւ երեւանցի Մ. Սադաթյանը (մեռած 1866 թ. ), «Դեւ»-ի տաղանդավոր թարգմանողը: Համապատասխան ակնարկություն պարունակող նրա մի ոտանավորը 70-ական թվականների սկզբներին լույս տեսավ «Արեւելյան մամուլ»-ում:

Նույն այս տարիներին՝ 1861-1862 թվականներին, Այվազովսկու դեմ քողարկված ելույթներ ունեցավ նաեւ Ռ. Պատկանյանը: Սկզբնապես Պատկանյանը վատ չէր տրամադրված դեպի նորադարձ վարդապետը: 1855 թ. Քանանյանին ուղղած իր նամակում նա գրում էր, թե «պետք է поддерживать ծանոթություն Փարիզի հետ. Այվազովսկիի խնդիրն էլ, եթե հնար կա, առաջացուր այդտեղ. պետք է դրա հետ եւս գործ ունենալ» [71]: 1857 թ. նոյեմբերին երիտասարդ բանաստեղծը ողջույնի բանախոսությամբ դիմավորեց «աստվածընտիր առաջնորդի եւ հոգեհարազատ հոր» նշանակումը, եւ «Մասյաց Աղավնի»-ն փութաց հրապարակել հանդիսավոր նրա խոսքը [72]: Պատկանյան-հոր դեմ Այվազովսկու եւ յուրայինների հետագա խարդավանքը պետք է որ, իհարկե, սթափեցներ Պատկանյան-որդուն: Լենինգրադի կենտրոնական պետարխիվի ֆոնդերում պահվել են վերջինիս բազմաթիվ գրությունները, որոնք ցույց են տալիս նրա եռանդուն դիմադրությունը Այվազովսկու եւ այվազովսկիա/283/կանների հետապնդումներին: Այդ պայքարը բանաստեղծի կենսագրության կարեւոր այն փաստերից է, որոնք պարզաբանում են նրա քաղաքական կողմնորոշման անմիջական շարժառիթը, ինչպես եւ նրա ատելավառ պոռթկումները «ազգադավ» կղերի դեմ, որից վատթարագույն տիպարն էր դարձել նրա աչքում իր իսկ գրչով անցյալում «մեծարված» «աստվածընտիր առաջնորդը»… 1861 թ. Գամառ-Քաթիպան գրեց «Հիմի է՞լ լռենք» նշանավոր երգը, ուր Այվազովսկուն էր վերաբերում, անշուշտ, «Գառնազգեստ գայլ» դիմառնությունը: Նույն Այվազովսկին էր նաեւ 1862 թվականին «Դեւ Մրուս» ազգային ավանդությունը գրելու շարժառիթը:

Նալբանդյանի պայքարն Այվազովսկու դեմ ազատ էր այդ կարգի շարժառիթներից: Վերջինիս դեմ նա վարում էր սկզբունքային, հասարակական-քաղաքական անհաշտ պայքար: Նրան չէր գոհացնում նույնիսկ սկզբունքային պայքարի շպարված լեզուն: Նա ձգտում էր հրապարակային անշպար խոսքի:

Ես պիտի դուրս գամ դեպի հրապարակ,

Առանց քնարի, անզարդ խոսքերով.

Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,

Խավարի ընդդեմ պատերազմելով:

գրում էր «Մանկության օրեր»-ի հեղինակը: Նալբանդյանի գրչի տակ այս ազդը բանաստեղծական հափշտակության պոռթկում չէր, այլ գործունեության մի ամբողջ ծրագիր:



[1]     Տե՛ս «Радуга», 1862, N 10, եր. 153:

[2]     Տե՛ս այդ մասին «Մասյաց Աղավնի», 1858, եր. 72:

[3]     Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 429 :

[4]     Լազարեւների տոհմային արխիվ, գիրք 29:

[5]     Հմմ. Գ. Վ. Այվազյան, Պատմություն Խալիբյան ուսումնարանին, եր. 6 եւ հետ. ։ Մ. Օրմանյան, Ազգապատում, III, Երուսաղեմ, 1927, եր. 3951:

[6]     ЦГИАМ, фон Мин. Ин. дел, СПБ, отд. гл. Арх., N 89, թթ. եւ 4ա։

[7]     Նույն տեղը, թերթ :

[8]     ЦГИАМ, фон Мин. Ин. дел, СПБ, отд. гл. Арх., N 89, թթ. եւ 7բ։

[9]     Տե՛ս Գ. Ա. Այվազյան, Պատմություն Խալիբյան ուսումնարանին, եր. 27:

[10]   Ե. Լ. Ժ., IV, եր. 177: Այստեղ եւ հետագայում Նալբանդյանի ռուսերեն նամակներից արված մեջբերումները տալիս ենք ըստ «Ե. Լ. Ժ. » թարգմանության՝ որոշ սրբագրումներով, աչքի առաջ ունենալով համապատասխան ռուսերեն բնագրերը:

[11]   Հմմ. «Մեղու», 1857, N 21, էջ 497 եւ հետ.:

[12]   Տե՛ս «Մասյաց Աղավնի», 1857, եր. 263 եւ հետ., 281 եւ հետ,: Հմմ. նույն տեղը, 1858, եր. 154 եւ հետ.:

[13]   Հմմ. Գ. Ա. Այվազյան, Պատմություն Խալիբյան ուսումնարանին, եր. 35 եւ հետ. ։

[14]   «Մասյաց Աղավնի», 1860, եր. 2:

[15]   Հմմ. Նալբանդյան, Անտիպ երկեր, եր. 350 եւ ծան.:

[16]   «Մասյաց Աղավնի», 1860, եր. 92:

[17]   Նույն տեղը, եր. 94

[18]   Նույն տեղը, եր. 107:

[19]   ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 2638, եր. 83:

[20]   «Մասյաց Աղավնի», 1860, եր. 132:

[21]   «Մասյաց Աղավնի», 1861, եր. 26։

[22]   Նույն տեղը, 1860, եր. 2:

[23]   Պ. Պռոշյան, Հուշիկներ, 1894, եր. 25։

[24]   Ղ. Աղայան, Երկեր, III, Եր. 46:

[25]   Տե՛ս Այվազյան, Պատմ. Խալիբյան ուսումնարանին, եր. 339 եւ հետ.:

[26]   Տե՛ս «Մասյաց Աղավնի», 1865, ապրիլ:

[27]   Տե՛ս Այվազյան, Պատմ. Խալիբյան ուսումնարանին, եր. 341 եւ հետ:

[28]   Н. О. Эмин, Переводы и статьи, М., 1898, եր. 291 եւ հտ. ։

[29]   Այվազյան, Պատմություն Խալիբյան ուսումնարանին, եր. 94:

[30]   ЦГИАЛ, дело СПБ Ценз. Комитета, 1859, N 34, թերթ 11։

[31]   «Հանդես գրականության եւ պատմության», 1888, 1, եր. 270:

[32]   Մուրճ», 1902, N 5, եր. 128:

[33]   «Խորհրդային գրականություն», 1935, N 2, եր. 146 եւ հետ. ։

[34]   Ա. Ինճիկյան, նույն տեղը, եր. 95 եւ հետ., 97 եւ հետ»:

[35]   Նույն տեղը, եր. 98:

[36]   Նույն տեղը, եր. 129 եւ հետ.: Ընդգծումները հեղինակինն են:

[37]   «Հյուսիսափայլ», 1858, եր. 531:

[38]   ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թ. N 147, վ. 313:

[39]   «Գրական թերթ», 1941, N 11:

[40]   Գրականության թանգարան, Ն. -Նախ. արխիվ, ֆ 8:

[41]   Նույն տեղը:

[42]   Մինիստրին ուղղված այդ գրության բնագիրը տե՛ս «Անտիպ երկեր», եր. 264, ծան, 5:

[43]   Ե. Լ. Ժ., III, եր. 31, ծան.:

[44]   Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թ. N 10, վ. N 361. Հմմ. նույն տեղը, թ. N 156, վ. N 363:

[45]   ՀՍՍՌ Մատենադարան, Երիցյանի արխիվ, թղթապ. N 10, վավ. N: 361:

[46]   Հմմ. Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 579:

[47]   Տե՛ս ЦГИАЛ, отд. фонд департ. духов. дел. N 3191, 1858-1881, թերթ NN 39, 64 եւ հետ. ։

[48]   ՀՍՍՌ Մատենադարան, Սինոդի պրոկուրորի արխիվ, թղթապ. N 23, վավ. N 16:

[49]   Հմմ. նաեւ «Լումա», 1905, N 3, եր. 102 եւ հետ.:

[50]   Այվազյան, Պատմություն Խալիբյան ուսումնարանին, եր. 82:

[51]   Տե՛ս Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 519:

[52]   Այս գրության պատճենը գտանք Մսերի թղթերի մեջ:

[53]   Այվազյան, Պատմություն Խալիբյան ուսումնարանին, եր. 212:

[54]   Հմմ. Ստ. Ոսկանյանի հոդվածը, «Արեւմուտք», 1859, մարտ, թիվ 6. «Փարիզ», 1861, 42-45. հմմ. սրա դեմ «Մասյաց աղավնի», 1859, թիվ 3, մայիս 15։ Այնուհետեւ՝ Հովհաննես Թեւյանի թղթակցությունը, «Մեղու», 1861, N 133, եր. 116 եւ հետ», եւ Բ. Աթամանյանի հոդվածը, ն. տ., եր. 117 եւ հետ. եւ N 135, եր. 133 եւ հետ., եւ մանավանդ (հավանորեն Սըվաճյանի)՝ «Հայոց եւ հունաց եկեղեցիները միացնելու խորհուրդը: եւ Այվազովսկի վարդապետին անիրավ զրույցները» հոդվածը, ն. տ., N 137, եր. 149 եւ հետ.:

[55]   Герцен, П. С. С. и П., СПБ, 1905, т. IV, բր. 333։

[56]   Նույն տեղը, IV, եր. 367:

[57]   Ե. Լ. Ժ., II, եր. 212:

[58]   1 Ե. Լ. Ժ., II, եր. 231:

[59]   Նույն տեղը:

[60]   ЦГИАЛ, Дело N 152129, թերթ N 6-9։

[61]   Հմմ. «Մեղու Հայաստանի», 1859, N 10. հմմ. նաեւ նրա ավելի ուշ ժամանակ գրած պաշտպանությունը Այվազովսկու մասին, «Փորձ», 1880, N 4, եր. 132 եւ հետ.:

[62]   Հմմ. «Մուրճ», 1902, N 5, եր. 131:

[63]   1 Ե. Լ. Ժ., II, եր. 263:

[64]   Տե՛ս նույն տեղը, I, եր. 329 եւ հետ.:

[65]   Նույն տեղը, IV, եր. 50:

[66]   Նույն տեղը, եր. 52 եւ հետ.:

[67]   Տե՛ս Ն. Լ. Ժ., 1, եր. 363 եւ հետ.:

[68]   Նույն տեղը, եր. 403:

[69]   «Երկեր», 1, եր. 255:

[70]   Տե՛ս «Հյուսիսափայլ», 1861, N 26 11 եւ 12, «Տեսիլ», «Ազգ» եւ «Երազ» ոտանավորների: Այստեղ Այվազը դարձել է «Զայվա, իսկ Սարգիսը՝ «Գիրսաս»:

[71]   Տե՛ս «Մուրճ», 1905, N 2–3, եր. 79:

[72]   Տե՛ս՝ «Մասյաց Աղավնի», 1858, եր. 48: