Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/449/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԼՈՆԴՈՆԻ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏՆԵՐԻ» ՀԵՏ


Ունեցե՞լ էր արդյոք Նալբանդյանը որեւէ ռեւոլյուցիոն կապ «Լոնդոնի պրոպագանդիստներին» հանդիպելուց առաջ։ Ե՞րբ էր տեղի ունեցել նրա հանդիպումը «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ: Տուչկովա–Օգարյովայի վկայությունները: Նալբանդյանի կենսագրության մի քանի մութ կետեր: Նալբանդյանը եւ Լոնդոնի հայկական «ազատ մամուլը»։ Նալբանդյանը եւ Օգարյովի «Что нужно народу?» հոդվածը: Նալբանդյանը եւ «Земля и Воля» կազմակերպությունը: Նալբանդյանի եւ Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչի ծանոթությունը:

 

Ունեցե՞լ էր արդյոք Նալբանդյանը, նախքան Լոնդոնի էմիգրանտներին չհանդիպելը, կազմակերպչական որեւէ կապ ռուս կամ Եվրոպական ռեւոլյուցիոն շրջանների հետ:

Որքան գիտենք, տակավին չեն հայտաբերված արժանահավատ եւ որեւէ կասկածի տեղիք չտվող վկայություններ, որոնք կարողանային հիմք ծառայել առաջադրված հարցին դրական պատասխան տալու համար:

Աղբյուրների բացակայությունը ոմանց մոտ պահանջ է առաջացրել առկա տարակուսանքների լուծումը փոխադրել պատմական հետազոտության բնագավառից պատմական վիպագրության բնագավառը: Չենք կասկածում, որ բուն պատմական վեպը ի վիճակի է հարազատորեն վերստեղծել պատմական իրականությունը եւ որոշ իմաստով հաղթահարել պատմական աղբյուրների սակավախոսությունը եւ նույնիսկ բեղմնավոր ստիմուլներ առաջացնել պատմական գիտության հետագա զարգացման համար: Նշենք թեկուզ Վալտեր Սկոտտի անունը, որին այնքան շատ բան է պարտական եվրոպական միջնադարագիտությունը, այսպես կոչված՝ մեդիեէվիստիկան: Չմոռանանք, սակայն, որ հանճարեղ այդ վիպասանը նույնքան հանճարեղ էր նաեւ որպես պատմաբան, եւ որ նրա վեպերը գրված են սկզբնաղբյուրների խորաթափանց ուսումնասիրության հիման վրա եւ պատմաբանասիրական հզոր ինտուիցիայի ներշնչումով:

/450/ Այլ արժեք ունեն կամ հաճախ ոչ մի արժեք չունեն պատմավիպասանական կոչվելու հավակնություն ունեցող, սակայն պատմական աղբյուրների զանցառման կամ դրանց բռնազբոսիկ օգտագործման եղանակով կառուցված պատմավեպերը։ Այդ կարգի գրվածները ոչ միայն զուրկ են իմացական արժեքից, այլեւ անպետք նույնիսկ իբրեւ պատմավիպասանություն: Այսպես, ոչ միայն պատմաբանասիրական ինտուիցիայի, այլեւ պատմավիպասանական տեսակետից միանգամայն անպիտան մի փորձ էր 1929 թվականին Բոստոնի «Հայրենիք» ամսագրում Ռ. Բերբերյանի լույս ընծայած «Միքայել Նալբանդյան» վիպախառն կենսագրականը, ուր անգո հիշատակարանների եւ ժամանակաբանական խեղաթյուրումների միջոցով փորձ էր արվում, օրինակ, Նալբանդյանի ռուս բարեկամներից մեկին, դերասանուհի Մ. Ն. Պանովային, ներկայացնել որպես Չերնիշեւսկու շրջանի հետ կապված մի գործչի, որի միջոցով հայ հրապարակախոսը իբր թե ներգրավված է եղել անմիջորեն Պետերբուրգի ռեւոլյուցիոն ընդհատակյա կազմակերպության մեջ, մասնակցել Չերնիշեւսկու ժուր-ֆիքսերին եւ այլն: Ավելի համոզիչ չեն դառնում ավազի վրա կառուցված նման պատմությունները, երբ վիպական երկերից փոխադրվում են վիպախառն մեթոդով գրված այն «ուսումնասիրությունների» մեջ, ուր կառուցվում են հրապուրիչ լեգենդներ, որոնք ընթերցողների գիտակցության մեջ հետզհետե վեր են ածվում հաuտարման նախապաշարմունքի: Հրապարակ գալով նախապես իբրեւ վարկածներ՝ այդ կարգի ենթադրությունների մեջ են բերվում հետագայում իբրեւ անդրդվելի փաստեր, որոնց վրա հենված՝ փորձում են վիճարկել անգամ ակնհայտ իրողությունները: Պատմաբանասիրական կոնֆուզից զատ ոչինչ օգուտ չկա ձրի ու շահազուրկ նման վարկածներից, որոնք ջանում են պատմությունը պատկերել ոչ թե այնպես ինչպես եղել է իրոք, այլ այնպես, ինչպես ցանկանում են, որ եղած լիներ նա:

Հիմնավորված չենք համարում ոչ թե Չերնիշեւսկու եւ Նալբանդյանի միջեւ եղած իդեական կապերի ու առնչությունների մասին մինչեւ այժմ` արված մատնանշումները. նման կապերի ու առնչումների առկայությունը մասամբ արդեն նշել ենք եւ դեռ առիթ պիտի ունենանք անդրադառնալու դրան մեր գործի հաջորդ գրքում: Հարցը իդեական կապերի ու առնչումների մասին չէ, այլ անձնական հանդիպումների ու ծանոթության մասին ոմանց այն հայտարարությունների մասին, թե Նալբանդյանը ոչ միայն ծանոթ էր եւ հանդիպումներ էր ունենում Չերնիշեւսկու հետ, այլեւ անմիջական ցուցումներ ստանում նրանից:

Դժբախտաբար, նման հայտարարությունները արվում են առանց քիչ թե շատ գոհացուցիչ հիմնավորման, իսկ երբեմն՝ նույնիսկ առանց որեւէ հիմնավորման:

/451/ Այսպես, ոստիկանական ագենտների գաղտնի այն հաղորդումից, թե 1862 թ. հունիսի 13-ի—հուլիսի 7-ի արանքում Չերնիշեւսկուն մի անգամ այցելել է ոմն Բալանդին, Ա. Ինճիկյանը եզրակացրել է, թե Ռուսաստանում շատ տարածված այդ անվան տակ թաքնված է կամ նրա հետ շփոթությամբ նույնացված հենց Նալբանդյանը [1]: Տարօրինակ է, երբ մոռացության տալով իր իսկ գրածը՝ Ա. Ինճիկյանը մի այլ տեղ մատնանշում է այն հանգամանքը, որ 1862 թ. հունիս-հուլիս ամիսներին Պետերբուրգում «արտասահմանից եկած յուրաքանչյուր ոք ցարական կառավարության կողմից դիտվում էր որպես Գերցենի գործակալ եւ համարվում «կասկածելի» [2]: Դժվար է հավատալ, թե հենց այդ օրերին արտասահմանից Պետերբուրգ ժամանած Նալբանդյանը կարող էր այցելության գնալ Չերնիշեւսկուն:.

Պիտի նկատել, որ հաղորդելով Բալանդինի այցելության մասին՝ ոստիկանական ագենտները նշում են նաեւ այն տունը, ուր նա ապրում էր Պետերբուրգում՝ «на Васильевском острове между 7 и 8 линией по Среднему проспекту, в доме Сисова» [3]: Հայտնի է, սակայն, որ Պետերբուրգում նույն այդ ժամանակ Նալբանդյանն ապրում էր այլ տեղ՝ «на Васильевском острове, в Биржевом переулке, в доме Минаева кв. No 46» [4], որով բացարկվում է Նալբանդյանի եւ Բալանդինի՝ Ինճիկյանկ են թադրած նույնությունը:

Ներկայիս հրատարակված են երրորդ բաժանմունքի կազմած. այն ցուցակները, ուր նշված են 1862 թ. մայիսի 18-ից մինչեւ հուլիսի 7-ը Չերնիշեւսկու բնակարանը այցելած մարդկանց անունները [5]: Սակայն ծանոթանալով այդ ցուցակներին, ավելի շուտ պետք էր գալ այն եզրակացության, որ Նալբանդյանը չէր հանդիսանում այն անձերից մեկը, որոնք այդ ժամանակ ելումուտ ունեին ռուս մեծ հրապարակախոսի բնակարանը:

Ա. Ինճիկյանի մոտ հանդիպում ենք նաեւ մի երկրորդ «բնակարանային» թյուրիմացության: Նա նշում է, որ Նալբանդյանի 1852-1862 թ. թ. ընթացքում գրված «Ծոցատետրի նոթերում» հանդիպում են Ա. Ն. Պիպինի՝ Չերնիշեւսկու մորաքրոջ որդու, Պետերբուրգի հասցեն «Пыпин Моск(овская) 3, кв. 6, в доме Есаулова, В. М. »: 1861 թ. հետո այդ նույն բնակարանում ապրել է Ն. Գ. Չերնիշեւսկին: Ինճիկյանը շտապում է եզրակացնել, որ Նալբանդյանի ծոցատետրում նշվածը հենց վերջինիս /452/ հասցեն էր [6]: Սակայն այս դիտողությունը եւս չի դիմանում քննության: Ինճիկյանի ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Նալբանդյանի ծոցատետրում արված վերոհիշյալ փաստը արձանագրված է ծոցատետրի այն էջերում, ուր արված են 1859-1860 թ. թ. վերաբերող նոթերը: Պարզ է, որ Նալբանդյանը գրի է առել ոչ թե Չերնիշեւսկու, այլ Պիպինի հասցեն. այդ պահին նա ապրում էր այդ տանը, որի հասցեն էլ նշված է պարզորեն: Նալբանդյանն այդ պահին առնչություն ուներ Պիպինի հետ, վերջինս մեկն էր Պետերբուրգի համալսարանի այն պրոֆեսորներից, որոնք 1860 թ. հարցաքննում էին Նալբանդյանին՝ նրան համալսարանի ավարտական վկայական տալու համար:

Ավելի համոզիչ չէ Ա. Ինճիկյանի մատնանշած երրորդ «փաստը»: Նալբանդյանի ծոցատետրում նրա ագրեսատների շարքում 1859 թվականի ներքո հանդիպում ենք «Богданова» անվան [7]: «Ծոցատետրի» նույն թվականին արված նոթերի շարքում նույն անվանը հանդիպում ենք նաեւ մի երկրորդ անգամ [8]: Ա. Ինճիկյանի կարծիքով՝ Բոգդանովան պիտի եղած լինի 60-ական թվականների առաջին կին-ռեւոլյուցիոները՝ Անաստասիա Միխայլովնա Բոգդանովան [9], որը 1862-63 ուսման տարում դասախոսություններ էր լսում Պետերբուրգի Ռազմա-բժշկական ակադեմիայում, իսկ 1861 թ. աշնանը անդամակցում էր Չերնիշեւսկու նախաձեռնությամբ կազմակերպված կարիքավոր ուսանողներին օգնություն ցույց տվող կոմիտեին, որի կազմի մեջ մտնում էին նաեւ Ն. Ա. ՍեռնոՍոլովեւիչը, Ուտինը եւ Վ. Գոգոբերիձեն [10]:

Իր այս պնդումով Ինճիկյանը վերանայում է այն բացատրությունը, որ տվել էինք մենք Բոգդանովա անվան մասին Մ. Նալբանդյանի «Անտիպ երկեր»-ի կոմենտարների բաժնում: Այդտեղ մատնանշել ենք 1857 թ. Նալբանդյանի մի նամակը, ուր կարդում ենք. «Բոգդանովան գնաց Զագրանից: Բոզեոն գնաց, Լոդդե դե լա Սանտան եւս գնաց»: Վերջիններս, գրում էինք մենք, իտալական օպերայի արտիստուհիներ էին. նրանց հետ միասին Բոգդանովայի անվան հիշատակումը անկասկածելի է դարձնում, որ ծոցատետրում խոսքը կարող է վերաբերել Մոսկվայի Մեծ թատրոնի արտիստուհի Նադեժդա Կոնստանտինովնա Բոգդանովային /453/ (1836-1897), որի շուրջն այդ պահին մեծ ռեկլամ էր արվում նույնիսկ արտասահմանում [11]: Վերոհիշյալ արտիստուհիներից զատ, Նալբանդյանի նամակներում հիշատակվում են նաեւ այլ արտիստուհիների՝ Պ. Պ. Լեբեդեւայի, Մ. Ն. Մուրավյովայի, իսկ ավելի ուշ՝ նաեւ Մ. Ն. Պանովայի անունները: - Կա՞ որեւէ հիմք կարծելու, թե Նալբանդյանի ծոցատետրում 1859 թ. նշված Բոգդանովան տարբեր անձ էր, քան 1857 թ. նրա իսկ հիշատակած համանուն արտիստուհին: Պատճառ կա՞ ենթադրելու, թե 1859 թվականին Մոսկվայում եւ արտասահմանում ապրած Նալբանդյանը նշում էր ոչ թե նշանավոր արտիստուհի Բոգդանովային, որին նա պարզ հիշատակում է 1857 թ. նամակում եւ որի հետ նա կարող էր ծանոթացած լինել 1857-1859 թ. թ. ընթացքում Մոսկվայում եւ որեւէ առիթով նամակ Տղած լինել 1859 թ. Մոսկվայից կամ արտասահմանից, այլ 1858-1859 թ. Պետերբուրգի համալսարանի ուսանողուհի Բոգդանովային [12]: Միակ հիմքը, որ բերում է Ինճիկյանը իր ենթադրության օգտին, այն է, որ Կենտրոնական Պետական գրական արխիվում պահվող թղթերից երեւում է, որ Անաստասիա Միխայլովնա Բոգդանովան 1864 թ. օրիորդ էր, մինչդեռ Նալբանդյանի ծոցատետրում 1862 թ. նշված է տիկին Բոգդանովա, հետեւաբար եւ ծոցատետրում նշված արտիստուհի Բոգդանովայից տարբեր անձնավորություն [13]: Առ այս հիշեցնենք, որ ծոցատետրի նշումը արված է ոչ թե 1862 թ. այլ 1859 թ.: Ապա նշենք, որ Богданова ազգանվան առաջ ծոցատետրի համառոտագրված Md-ն կարող է ե՛ւ «madame», ե՛ւ «mademoiselle» կարդացվել, ըստ որում մեզ հայտնի չէ, արտիստուհի Բոգդանովան նույնպե՞ս «օրիորդ» չէր: Անգամ եթե ենթադրելու լինենք, թե Նալբանդյանի ծոցատետրում նշված Բոգդանովան նրա նամակում նշված արտիստուհուց տարբեր անձնավորություն էր, այդ դեռ ապացույց չէ, թե 1859 թ. կամ հետագայում Նալբանդյանը կապ էր հաստատում Չերնիշեւսկու հետ հանդիպող ուսանողուհի Բոգդանովայի միջոցով… Ինչպես եւ պետք էր սպասել, Ինճիկյանի հոդվածում չի բերված որեւէ փաստ, որից կարելի լիներ անել նման հետեւություն [14]:

Խախուտ հիմքերի վրա կառուցված այս ու նման ենթադրությունները ոմանց առիթ են տվել Նալբանդյանի եւ Չերնիշեւսկու անձնական /454/ կապերի մասին հյուսելու մի ամբողջ լեգենդ՝ փորձելով դարձնել այդ լեգենդը Նալբանդյանի ռեւոլյուցիոն-դեմոկրատական գործունեությունը բացատրելու դյուրին միջոց: Բերենք այդ լեգենդի նորագույն վերսիաներից մեկը: «Վերջերս, գրում է պրոֆ. Մ. Մկրյանը, սովետական գիտնականների կողմից հայտնաբերված արխիվային նյութերը նոր եւ կարեւոր փաստեր են մեզ տալիս Նալբանդյանի՝ ռեւոլյուցիոն-դեմոկրատների, հատկապես, Չերնիշեւսկու հետ ունեցած ոչ միայն գաղափարական կապերի, այլեւ ռեւոլյուցիոն պրակտիկ կապերի մասին: Այժմ հայտնի է դարձել, որ Նալբանդյանը ոչ միայն Չերնիշեւսկու դաստիարակած ռեւոլյուցիոն փառապանծ սերնդի փայլուն ներկայացուցիչներից մեկն էր, այլեւ անմիջապես նրա ղեկավարությամբ գործող ռեւոլյուցիոն ընդհատակյա կազմակերպության ամենագործունյա անդամներից մեկը: Անհավանական չէ, որ նույնիսկ Նալբանդյանի՝ 1859 թ. արտասահմանյան ճանապարհորդությունը եւ նրա առաջին հանդիպումը «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ տեղի ունեցած լինի Չերնիշեւսկու ծրագրով ու ցանկությամբ: Հայտնի է, որ Նալբանդյանին անչափ սիրել ու շատ բարձր են գնահատել Չերնիշեւսկին, Գերցենը, Օգարեւը եւ նրանց զինակիցները եւ նրան վստահել են իրականացնելու ամենաբարդ եւ պատասխանատու հանձնարարություններ» [15]:

Դժբախտաբար, բերված տողերի հեղինակն ի վիճակի չէ հիշատակեյու «հայտնաբերված արխիվային նյութերից» գեթ մեկի տեղը: Իսկ առանց դրան՝ նրա թվարկած «նոր եւ կարեւոր փաստերը» ավելի չեն, քան ձյան վրա փորագրված տարեմտի բաղձանքներ, որոնք, դյուրահավատ հասակավորների գիտակցության մեջ պատմական իրողությունների կերպարանք առնելու դեպքում, ազգային հպարտության առիթ ստեղծելու փոխարեն կարող են սոսկ աղբյուր դառնալ ազգային սնապարծության:

Նալբանդյանի նամակներում եւ ծոցատետրի նկատողությունների մեջ հանդիպում են մի շարք ռուս մարդկանց եւ սրանց թվում՝ հատկապես նրա մի շարք ռուս ընկերների անուններ, որոնց հետ թղթակցության մեջ էր նա 1859-1862 թվականների ընթացքում: Սակայն մեր փորձը՝ երեւան բերել դրանցից որեւէ մեկի առնչությունը ռուս կամ եվրոպական ռեւոլյուցիոն շարժումների հետ, մինչ այժմ չի պսակվել հաջողությամբ:

1860 եւ 1861 թվականներին Թբիլիսիից, Պոլսից եւ Լոնդոնից Նալբանդյանը նամակներ էր գրում ինչ-որ «քվակերների»: Ովքե՞ր էին դրանք: Անհնարին է պատկերացնել, որ այդ նշումը պիտի հասկանալ ուղղակի իմաստով, եւ ենթադրել, թե Նալբանդյանը կարող էր այդ ժամանակ որեւէ կապ ունենալ այդ անունը կրող կրոնական կազմակերպության հետ:

/455/ Պիտի, ընդհակառակը, ենթադրել, որ «քվակեր» անունը պայմանական իմաստ ուներ նրա մոտ: Շատ հավանական ենք համարում, որ այդ անվան տակ Նալբանդյանը նկատի ուներ ռեւոլյուցիոն որեւէ կազմակերպություն: Այնուամենայնիվ, անհնարին է հավաստի փաստ դարձնել ենթադրությունը կամ անել դրանից դրական եզրակացություններ: Բոլոր պարագաներում, «նշելով» «քվակերներին»՝ Նալբանդյանը չէր կարող նկատի ունեցած լինել «Լոնդոնի պրոպագանդիստներին», քանի որ «քվակերների» հասցեով նա նամակներ էր հղում ոչ միայն Պոլսից, այլեւ, ինչպես նշեցինք, նույնիսկ Թբիլիսիից եւ անգամ՝ Լոնդոնից:

Ոմանք տրամադիր են կարծելու, թե Գերցենի եւ Լոնդոնի մյուս էմիգրանտների հետ հանդիպելու համար է, որ Նալբանդյանը ձեռնարկում էր արտասահմանյան իր ուղեւորությունները: Ըստ այդմ նրա հանդիպումները «Լոնդոնի պրոպագանդիստն երի» հետ պիտի տեղի ունեցած լինեն 1859 եւ 1861-62 թվականների ընթացքում: Այս ապացուցելու համար «Հայ գրականության պատմություն» դասագրքում նշվում է, թե իր «Հիշողություններ»-ի մեջ Տուչկովա-Օգարյովան Նալբանդյանի եւ Գերցենի առաջին հանդիպումը կապում էր 1859 թ. ուղեւորության հետ: Ապա նշվում է, թե իբր այդ հանդիպումն էր նկատի ունեցել 1859 թ. իր ուղեվորությունից հետո Նալբանդյանը, երբ գրում էր, որ դեգերելով Եվրոպայում՝ հանդիպել է շատ «պատվական հոգու տեր մարդկանց», որոնք մտածում էին ոչ միայն իրենց ազգի, այլեւ մարդկության փրկության համար [16]:

Սակայն աչք ածելով Նալբանդյանի 1859 թ. ուղեւորության հանգամանքներին, ոչ մի տվյալ չենք գտնում պնդելու, թե դրանք կապված են եղել Գերցենի եւ նրա համախոհների «մտորումների ու ծրագրերի հետ»: Ինչպես պիտի տեսնենք վարը, խոսելով Նալբանդյանի այցելության մասին՝ Տուչկովա-Օգարյովան նկատի չուներ նրա 1859 թ. ուղեւորությունը, այլ ավելի ուշ, 1862 թ., Հնդկաստանից վերադառնալուց հետո Լոնդոնում Գերցենի հետ նրա ունեցած հանդիպումները: Հիշելով «պատվական հոգու տեր մարդկանց» հետ 1859 թ. ունեցած իր հանդիպումները՝ Նալբանդյանը չէր կարող աչքի առաջ ունեցած լինել Լոնդոնի ռուս նշանավոր էմիգրանտներին: Ստիպված ենք մեջ բերել Նալբանդյանի խոսքերը համապատասխան կոնտեքստի մեջ: «Ձանձրույթը, մյուս կողմից, խեղդում էր. չկար մի մարդ, որ մոտ լիներ սրտիս, որի հետ ունենայի մի հասարակաց գաղափար: Շատ պատահեցա գեղեցիկ եւ պատվական հոգու տեր մարդերի, որոնք դարձան ինձ շատ լավ ծանոթք, բայց նոքա պարապում էին յուրյանց ազգային գործերով կամ /456/ ընդհանուր մարդկության գործերով: Օրերը, շաբաթները վազում էին ջրի պես, բայց եւ ոչ մի խոսք այն բաների համար, որոնց մասին խոսելու ծարավը խեղդում էր ինձ. խոսք, որ մոտ էր իմ սրտին եւ հոգուն, որ վաղուց արդեն դարձել էր իմ կյանքը, իմ հոգին, իմ արյունը եւ ուղեղը» [17]: Դժվար է համաձայնել, թե այս տողերը վերաբերում էին Գերցենին եւ նրա համախոհներին: Անհնարին է, համենայն դեպս, պատկերացնել, թե այսպես կարող էր Նալբանդյանը գրել այն մարդկանց մասին, որոնց հետ հանդիպելու համար էր նա իբրեւ թե ձեռնարկել 1859 թ. եւ հետագա տարիներին կատարած ուղեւորությունները: Տարօրինակ կլիներ համաձայնել, թե նա տարիների ընթացքում համառորեն հանդիպումներ էր որոնում Գերցենի եւ Օգարյովի հետ եւ միաժամանակ՝ չէր գտնում նրանց հետ խոսելու ընդհանուր որեւէ բան… [18]

Ինչ վերաբերում է Նալբանդյանի 1860-61 թ. թ. ուղեւորությանը, - կարծում ենք, որ դա եւս չէր ձեռնարկվել «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ հանդիպում ունենալու նպատակով, որչափ, ինչպես տեսանք, նա չգիտեր իսկ, թե Հնդկաստանի կտակագումարները կենդանացնելու համար անհրաժեշտ պիտի լիներ անցնել նախապես Փարիզ կամ Լոնդոն: Ինչպես նշեցինք, այդ անհրաժեշտությունը պարզվեց ավելի ուշ, 1860 թ. վերջերին, երբ Նալբանդյանը գտնվում էր Պոլսում եւ բանակցություններ վարում ռուսական ու անգլիական դեսպանությունների մեջ:

1860 թվականի վերջերին Նալբանդյանի Սըվաճյանին գրած մեզ նախածանոթ նամակը համարելով «Գերցենի մշակած ռեւոլյուցիոն ծրագրի մի մասը», ոմանց ասելով՝ «Գերցենը ծրագրում էր նախապատրաստել կովկասյան ժողովուրդների ապստամբությունը եւ միացնել սլավոնական ժողովուրդների ապստամբության հետ. այդ ծրագրի կատարումը մի փոքր հետո «Լոնդոնի պրոպագանդիստների» կողմից հանձնարարվեց Նալբանդյանին» [19]: Պարզ է, որ «Գերցենի ծրագիր» ասելով՝ այստեղ հասկացվում է Կենտրոնական Եվրոպայում եւ Արեւելքում կազմակերպվելիք ազգային-ազատագրական ապստամբությունների այն պլանը, որի վրա կանգ առանք նախընթաց գլխում: Այդ պլանը գոյություն չուներ մինչ 1862 թվականը, եւ «Լոնդոնի պրոպագանդիստները» Նալբանդյանին չէին կարող մասնակից դարձնել այդ պլանին նախքան 1862 թ. մարտ-ապրիլ ամիսները: Համենայն դեպս, այդ ժամանակից առաջ Նալբանդյանը ծանոթ չէր «պրոպագանդիստների» պլանին, եւ ինքյան խոսք չի կարող լինել այն մասին, թե Սըվաճյանին գրած նամակում արծարծում էր հենց /457/ «պրոպագանդիստների» այդ պլանը: Նալբանդյանի այդ նամակում չկա ոչինչ, որ նախապատրաստված չլիներ նրա հրապարակախոսության նախընթաց տարիներին: Գարիբալդիական շարժումը բեւեռել էր իր վրա ոչ միայն «Լոնդոնի պրոպագանդիստների», այլեւ եվրոպական ու ռուս դեմոկրատիայի եւ, մասնավորապես, «Современник»-ի ղեկավարների ուշադրությունը, որոնց հայացքներին ներկա դեպքում ընդառաջում էին նաեւ Նալբանդյանը եւ ուրիշ հայ մտավորականներ: Ուշագրավ է, որ Նալբանդյանից անկախ՝ 1861 թ. «Հյուսիսափայլ»-ը տպագրում էր Գարիբալդիի ընդարձակ կենսագրությունը, որ ուսանող Ռուբեն Ջալալյանի առաջարկով «Современник»-ից թարգմանել էր ուսանող Մարտիրոս Հրաչյան:

Ե՞րբ էր իրոք տեղի ունեցել Նալբանդյանի առաջին հանդիպումը «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ:

Սենատական հանձնաժողովում Նալբանդյանը հայտնում էր, որ ծանոթացել է Լոնդոնի էմիգրանտների հետ Հնդկաստանից վերադառնալուց հետո [20]: Պատմում էր, որ նախապես Լոնդոնի կենդանաբանական այգում դիպվածաբար ծանոթացել է Գերցենի որդու հետ եւ ցույց տվել նրան Հնդկաստանում գնած եւ Ռուսաստան ուղարկած իր ռնգեղջյուրի լուսանկարը: Հետեւյալ անգամ հանդիպել է Գերցենի որդուն ճաշարանում, ուր այդ պահին գտնվում էին նաեւ նրա հայրը, Օգարյովը եւ Բակունինը, որոնց նրան այդտեղ էլ հենց ներկայացրել է Գերցեն-որդին: Հայտնի է, որ Բակունինը, Սիբիրից փախչելով, Լոնդոն հասավ 1861 թ. դեկտեմբերի 27-ին [21]: Տեսանք, Հնդկաստանից վերադառնալով՝ Նալբանդյանը Լոնդոն մտավ հաջորդ տարվա հունվարի 9-ին [22] եւ, որոշ ընդհատումներով, ապրեց այդ քաղաքում մինչեւ նույն տարվա ապրիլի կեսերը: Նշանակում է, Նալբանդյանի ցուցմունքի տվյալներով՝ նրա՝ եւ «պրոպագանդիստների» հանդիպումը կարող էր տեղի ունեցած լինել Լոնդոնում 1862 թվականի հունվար-ապրիլ ամիսներից ոչ շուտ։

Իր դեմ ձեւակերպվող մեղադրական կետերի կապակցությամբ Նալբանդյանի համար ծանոթության ժամկետը չուներ հատուկ կարեւորություն: Ուստի եւ հիմք չկա կասկածելու նրա տված ցուցմունքի ճշտությանը, մանավանդ, որ այդ ցուցմունքը ոչ միայն չի հակասում մեր տրամադրության տակ եղած կողմնակի փաստերին, այլեւ ուղղակի կամ անուղղակի կերպով հավաստվում է դրանցով:

«Նա (խոսքը դարձյալ Նալբանդյանի մասին է, Ա. Հ. ), գրում էր /458/ Տուչկովա-Օգարյովան, եղել է Չինաստանում (կարդա՝ Հնդկաստանում, Ա. Հ. ) եւ վերադարձին, լսած լինելով «Колокол»-ի եւ Գերցենի մասին, որոշել էր այցելել նաեւ Լոնդոն»:

Չպետք է այնպես հասկանալ այս տողերը, թե հենց Արեւելքից վերադառնալիս էր լսել Նալբանդյանը «Колокол»-ի կամ նրա խմբագրի մասին, այլ որ նախապես իմացած լինելով «Колокол»-ի եւ նրա խմբագրի մասին՝ այդ պահին էր հենց որոշել Լոնդոն հասնելուց հանդիպում ունենալ հռչակավոր էմիգրանտի հետ: Համոզիչ չէ այն միտքը, թե հենց այդ նպատակով էր նա Լոնդոն ուղեւորվել Արեւելքից: Տուչկովա-Օգարյովայի սխալը հեշտ կարելի է բացատրել նրանով, որ, ինչպես «Հայտնի է, այդ ժամանակ խիստ մեծ էր այն «երկրացիների» թիվը, որոնք այցելում էին Լոնդոն՝ Գերցենին տեսնելու համար: Ինչ վերաբերում է Նալբանդյանին, «Колокол»-ի եւ նրա խմբագրի մասին, ինչպես պիտի տեսնենք հետագայում, նա գիտեր դեռ ուսանող տարիներին: Իսկ Լոնդոնում եղել էր քանիցս դեռ մինչեւ Հնդկաստան մեկնելը, սակայն, ինչպես վկայում է Տուչկովա-Օգարյովան, Գերցենի հետ ունեցած նրա պառաջին տեսակցությունը տեղի էր ունեցել ավելի ուշ՝ Արեւելքից վերադառնալուց հետո: Որ Տուչկովա-Օգարյովան չէր շփոթում դեպքերի հաջորդականությունը, երեւում է նաեւ նրանից, որ Բակունինի Լոնդոնում գտնված ժամանակի հետ էր կապում նա Նալբանդյանի ծանոթությունը Գերցենի հետ: «Բակունինի Լոնդոնում եղած ժամանակները Ռուսաստանից եկողներից ես հիշում եմ մի հայի՝ Նալբանդով ազգանունով». այս խոսքերով է հենց սկսում նա իր հուշերը Նալբանդյանի մասին: Այսպիսով, Տուչկովա-Օգարյովայի վկայությունը Նալբանդյանի եւ էմիգրանտների հանդիպման ժամանակի մասին լիովին համընկնում է Նալբանդյանի բերդում տված ցուցմունքին:

Նալբանդյանի ցուցմունքի ճշտությունը հավաստվում է նաեւ մի այլ տվյալով: Բակունինի այն կոչում, որ սկսել էր լույս տեսնել «Колокол»-ի 1862 թ. փետրվարի 15-ի համարում՝ «Русским, польским и всем славнянским друзьям» վերնագրով, Հեղինակը քաղաքական իր ծրագրերի մեջ տակավին տեղ չէր տալիս հայերին: Հակառակը տեղի ունի «Колокол»-ի նույն տարվա ապրիլի 15-ի համարում տպված «Несколько слов южным славянским друзьям» վերնագրով Բակունինի հոդվածում, ինչպես նաեւ մայիսի 10-ին նրա գրած մի նամակում, ուր խոսվում է ապագա ապստամբությունների ժամանակ հայերի ունենալիք մասնակցության մասին: Այս հանգամանքը Նալբանդյանի եւ ռուս էմիգրանտների հանդիպման հետեւանք էր անշուշտ: Ըստ երեւույթին, հանդիպումը տեղի է ունեցել 1862 թ. մարտից մինչեւ հաջորդ ամսվա կեսերը, երբ Նալբանդյանը գտնվում էր Լոնդոնում: Նշանակում է, չէր սխալվում /459/ Տուչկովա-Օգարյովան, երբ մոտ երկու ամիս էր քաշվում Նալբանդյանի եւ էմիգրանտների անմիջական ծանոթության ժամանակամիջոցը: Նալբանդյանի կյանքում դրանք նշանակալից այն ամիսներն էին հենց, երբ նա վերջին ձեռքն էր դնում «Երկրագործության բնագրի վրա, ուր, ինչպես պիտի ցույց տանք, պահվել են Լոնդոնում նրա ունեցած հանդիպումների ազդեցության իդեական ցայտուն հետքերը:

Նալբանդյանի եւ էմիգրանտների ծանոթության ժամանակամիջոցի ստուգումը կարեւոր է նրա եւ էմիգրանտների գործնական ու իդեական կապերը լուսաբանելու համար, խնդիր, որին պիտի անդրադառնանք մեր ուաումնասիրության ընթացքում: Սակայն անհրաժեշտ է նախապես հաշվի առնել Նալբանդյանի եւ «Լոնդոնի պրոպագանդիստների» հանդիպման Ժամանակաշրջանի ներկա ճշտումը՝ նրա կենսագրության հետ կապված մի շարք այլ հարցեր պարզելու համար:

Նալբանդյանին նվիրած իր հիշողությունների մեջ Տուչկովա-0գարյովան վկայում է այն մասին, որ Նալբանդյանի հետ ծանոթանալուց առաջ իրենք լսել էին արդեն նրա մասին նրա ընկեր Ս-ի միջոցով [23]:

Ո՞վ էր Նալբանդյանի ընկեր «U-ն», որի միջոցով կարող էին լսած լինել նրա մասին Լոնդոնի էմիգրանտները: Կարելի է ենթադրել, թե դա Նալբանդյանի ծոցատետրում նշված Լոնդոնում ապրող այն Ստանիսլավն է, որին նա մի շարք նամակներ էր ուղղել Հնդկաստանի ճանապարհից: Սենատական գործի քննության ժամանակ Նալբանդյանն ասում էր, թե Ստանիսլավը Լոնդոնում իր ապրած հյուրանոցի թարգմանն էր: Գործը քննողները ենթադրում էին, ընդհակառակը, թե դա Լոնդոնում ապրող լեհ էմիգրանտ Ստանիսլավ Տխորժեւսկին է, որ մոտիկ մասնակցություն ուներ «Լոնդոնի պրոպագանդիստների» հրատարակչական գործունեությանը: Որչափ պարզեցինք, որ Նալբանդյանի ծանոթությունը Գերցենի եւ նրա մերձավոր մարդկանց հետ տեղի է ունեցել 1862 թ., պիտի անհավանական համարենք սենատական քննիչների այդ ենթադրությունը: Վերջնականապես լուծված չհամարելով Նալբանդյանի հետո նամակագրություն ունեցած Ստանիսլավի ինքնությունը, ներկայիս չենք պնդում ժամանակին մեր արած այն ենթադրության վրա, թե Տուչկովա-Օգարյովայի հիշատակած «U-ն» Ստանիսլավ Տխորժեւսկին պիտի եղած լինի: Մեր արած եւ ուրիշների կրկնած այդ ենթադրությունը զուրկ է հավանականությունից: Տխորժեւսկին 1845 թ. ի վեր արտասահմանում ապրող տարիքավոր մի էմիգրանտ էր եւ ըստ ամենայնի անհարմար Նալբանդյանի «ընկերոջ» դերի համար: Տուչկովա-Օգարյովայի «Հիշողություններ»-ի մեջ Տխորժեւսկու լրիվ ազգանունը հիշատակ/460/վում է բազմաթիվ անգամ, բայց ոչ մի անգամ նա չի նշում նրա անձնանունը կամ անձնանվան ինիցիալը: Դժվար է հավատալ, թե հիշատակելով Նալբանդյանի ընկերոջ անձնանունը՝ հեղինակը կարող էր հանկարծ կարիք զգացած լինել Տխորժեւսկու անունը կամ ազգանունը ծածկել խորհրդավորության քողով: Կարծում ենք, որ եթե նույնիսկ Տխորժեւսկին եղած լիներ այն Ստանիսլավը, որի հետ ծանոթացել էր Նալբանդյանը նախքան Հնդկաստան մեկնելը եւ որին նամակներ էր գրում Հնդկաստանից, նա չէր, անշուշտ, այն ընկեր «U-ն», որի բերնից «պրոպագանդիստները» կարող էին նախապես լսած լինել նրա մասին:

Երկու Ստանիսլավներից զատ կարելի է, ի դեպ, հիշել նաեւ մի երրորդի՝ Ստանիսլավ Սաթինի անունը, որ նույնպես հանդիպում է Նալբանդյանի ծոցատետրում նշված ադրեսատների թվում: Վերը հիշվածների համեմատությամբ՝ սա ունի գուցե այն առավելությունը, որ Նալբանդյանին նախածանոթ էր հավանորեն դեռ Մոսկվայի համալսարանից, ուստի եւ կարող էր իսկապես «ընկեր» համարվել նրան: 1859 թ. Նալբանդյանը հանդիպել էր Սաթինին Փարիզում եւ ուղղել նրա հասցեով մի նամակ՝ նույն տարում Լոնդոնից: Սակայն նկատենք, որ «գնացած թղթերի» մատյանում այդ նամակը նշված է ոչ թե «Ստանիսլավի», այլ «Սաթինի» անունով [24]: Չկան նաեւ փաստեր, որոնք ցույց տային, թե հետագայում Նալբանդյանը տեւական կամ մերձավոր կապ էր ունեցել այդ Ստանիսլավի հետ, կամ որ նրա միջոցով «պրոպագանդիստները» կարող էին լսած լինել Նալբանդյանի մասին:

Ավելի հավանական կարելի է համարել Տուչկովա-Օգարյովայի նշած «U-ի» նույնությունը Նալբանդյանի որեւէ հայ ընկերոջ հետ: Տուչկովա-Օգարյովայի ամբողջ գրքույկում չկա առհասարակ ծածկագրված կամ ինիցիալով նշված ուրիշ որեւէ անուն: Նալբանդյանի ընկերոջ անունը նշված է ինիցիալով հավանորեն այն պատճառով միայն, որ մոռացության տալով այդ մարդու օտարաձայն անունը կամ ազգանունը՝ հեղինակը կարողացել էր մտաբերած լինել սոսկ նրա անվան ինիցիալը: Թվում է, որ «Ս» տառի տակ թաքնված կարող է լինել Նալբանդյանի արեւմտահայ բարեկամներից ու գործակիցներից մեկը՝ Սերոբե Թագվորյանը: Թագվորյանի հետ նա բարեկամացել էր կա՛մ 1859 թ. Փարիզում, կա՛մ 1860 թ. Պոլսում: Ըստ երեւույթին, նա մեկն էր այն բարեկամներից, որոնց միջոցով Նալբանդյանը քաղաքական աշխատանք պիտի կազմակերպեր հայերի մեջ: Այդ ակներեւ կդառնա 1862 թ. մայիսին Նալբանդյանին գրած Թագվորյանի նամակից, որի բովանդակությանը պիտի անդրադառնանք շուտով: Նույն այդ նամակից պարզվում է, որ Արեւմուտքում, /461/ Թագվորյանն ուներ ընդարձակ կապեր: Անհնարին չէ, որ, մասնավորապես, նա կապեր հաստատած լիներ նաեւ ռուս էմիգրանտների հետ:

Իր ցուցմունքների մեջ 32-ի գործով մեղադրված Բենինը հայտնում էր, թե Բակունինը խնդրում էր Վորոնովին՝ նպաստել «Колокол»-ի տրանսպորտին: Այդ նպատակով նա խնդրում էր Վորոնովին՝ անցնել Փարիզ Նալբանդյանի բարեկամի մոտ եւ խոսել այդ մասին [25]: Արդյոք այստեղ խոսքը` նույն Թագվորյանի մասին չէ՞ր դարձյալ:

Բոլոր պարագաներում «U» սկզբնատառի տակ թաքնված անձի մասին մեր արած այս ենթադրությունը, ինչպես նաեւ մի ուրիշը, որին կանդրադառնանք շուտով, ավելի չէ առայժմս, քան վարկած, որի հավաստիացման համար կարիք կա ավելի հաստատ՝ կռվանների:

Վաթսունական թվականների վերջերին ցարական պահնորդական բաժանմունքին հանձնած ընդարձակ իր խոստովանագրի մեջ ռենեգատ՝ Կելսիեւը հաղորդում էր, թե հանդիպել է Լոնդոնում նախիջեւանցի մի հայ առեւտրականի, որը խոստացել էր Պոլսի իր բարեկամների միջոցով տաճկական անցագիր հայթայթել նրան: Նախիջեւանցի առեւտրականի պատրաստակամությունը Կելսիեւը վերագրում է այն հանգամանքին, որ ինքը համակիր վերաբերմունք էր ցույց տվել նրան թյուրքահայ ժողովրդի նկատմամբ: Մի տարի անց, 1862 թ. հունվարին, Հարում է Կելսիեւը, հայտնվելով նորից Լոնդոնում՝ նախիջեւանցի այդ առեւտրականը «Հանդիսավոր կերպով» հանձնեց իրեն խոստացած անցագիրը [26]:

Խոսքն այստեղ այն անցագրի մասին է, որ հիշատակված է նաեւ Նալբանդյանի սենատական գործի մեջ. այդտեղ Նիչիպորենկոն հայտնում էր, թե լսել է Բակունինից, որ Նալբանդյանը անցագիր է գտել Կելսիեւի համար: Բերված փաստերը բավական են համարվել եզրակացնելու, թե քանի որ Նալբանդյանը եւ Կելսիեւը ծանոթացել էին իրար հետ արդեն 1861 թ., պիտի որ առնվազն այդ ժամանակ ծանոթություն լիներ հաստատված նաեւ Նալբանդյանի եւ Լոնդոնի մյուս էմիգրանտների, մասնավորապես, Գերցենի հետ: Սակայն Կելսիեւը ոչ մի ակնարկ չի անում այն մասին, թե ինքը ծանոթացած է եղել Նալբանդյանի հետ Գերցենի մոտ, Գերցենի միջոցով կամ Գերցենի գործակիցների շրջանում: է 1861 թ. լույս տեսած «Երկու տող» պամֆլետում Նալբանդյանը հայտնում էր, թե Լոնդոնում «դրված [27] է արդեն հայկական ազատ տպագրության համար մի մամուլ»: «Ասում ենք, գրում էր նա, թե «Փարիզ» լրագիրը մանրամասն տեղեկություն պիտի տա այդ տպարանի մասին, որ մի նոր առհավատչյա է ազգի հառաջադիմության թերեւս անգլիացոց /462/ ձեռքով» [28]: Այստեղ նշված մամուլի կամ տպարանի հիմնադրումը կամք գործունեությունը փաստապես անհայտ է հայ մատենագիտությանն ու հայ գրատպության պատմությանը: Որքան գիտենք, «Փարիզ» թերթը եւ որեւէ տեղեկանք չի տալիս այդ մասին: Բողոքելով «Հյուսիսափայլ»-ի 1861 թ. 10-ի դեմ կաթողիկոսի կողմից սկսված արշավանքի առիթով՝ «Փարիզ» թերթը գրում էր, որ մամուլի՝ ազատության դեմ Էջմիածնի ընթացքը ոչ միայն անընդունելի է, այլեւ աննպատակ: «Ի՞նչ կրնանք ընել, հարցնում էր թերթը, եթե վաղը «Հյուսիսափայլ»-ի հեղինակները եւ կամ ուրիշ անձինք Եվրոպա գան, օրինակի աղագավ Անգղիա երթան եւ մեր չուզած մոլորություններն ազատորեն եւ առատորեն տպագրեն եւ տարածեն: Կրնա՞նք հոն ալ միջնորդ մը գտնել տպագրածնին խափանելու կամ իրենց ընթերցողներուն ձեռքեն խլելու: Ոչ երբեք: Եվ ահա Լոնդռա հրապարակված «Զանգակ» անուն ռուսերեն օրագիրը մեզի օրինակ» [29]: Այն հանգամանքը, որ 1862 թ. «Փարիզ»-ը ազատ գրատպության սկզբունքը պաշտպանելու համար օրինակ է բերում Լոնդոնի ռուս էմիգրանտական թերթը, ուղղակի ապացույց է հենց, թե այդ պահին տակավին Հայ տպարան կամ ազատ հայ գրատպություն չկար Լոնդոնում:

Այդ չի խանգարել ենթադրելու, թե Լոնդոնի անկնարկված մամուլը «հիմնվելու էր Գերցենի տպարանին կից եւ հրատարակվելու էր (sic) Նալբանդյանի ղեկավարությամբ» [30]: Այս ենթադրությունը անհիմն է անշուշտ: Նալբանդյանի ծանոթությունը «Լոնդոնի պրոպագանդիստների» Հետո սկսվեց «Երկու տող»-ը գրվելուց հետո՝ 1862 թ.: Ըստ էության, Նալբանդյանի գրածից չի էլ երեւում, թե «անգլիացիների ձեռքով» կամ նրանց հովանու տակ կազմակերպված հայ մամուլը պիտի ունենար կամ ունեցել էր որեւէ կապ Գերցենի հրատարակչության հետ: Նկատենք, ի դեպ, որ Նալբանդյանը բանեցնում էր «ազատ մամուլ» տերմինը շատ ընդարձակ իմաստով: Ըստ երեւույթին, «ազատ գրատպություն» էր կոչվում նախնական ցենզուրայից ազատ տպագրությունն առհասարակ: 1859 թ. Նալբանդյանը գրում էր. «Թյուրքիայում մինչեւ այժմ ազատ էր գրատպությունը, բայց այժմ լսում ենք, որ ամենայն ազգից կարգված են ցենզորք (քննիչք) եւ ինչպես պատմում են մեր ազգից կարգված պարոնը առավել խիստ վարվում է հեղինակների հետ, քան թե պահանջում էր Թյուրքիայի խարխլյալ կառավարությունը» [31]: Դիմակայելով խավարյալներին՝ «Երկու տող»-ում նա «ազատ մամուլի» շարքին էր դասում նույն /463/ իսկ «Հյուսիսափայլ»-ը, որի «էջերը բաց են» Պոլսում հալածված գրողների համար, եւ որը «ազատամտության կողմից» վերջին օրագիրը չէր համարում [32]: «Ազատ մամուլ» էր հաշվում նա նաեւ Ճանիկ Արամյանի Փարիզի տպարանը [33]: Տեսանք, որ ինքը՝ Նալբանդյանը եւս ապարդյուն ջանք թափեց «ազատ մամուլի» հիմք ձգելու արտասահմանում՝ երկրորդ իր ուղեւորության տարում: Կարելի է ստանալ այն տպավորությունը, որ «Երկու տող»-ի ազդը արվում էր արտասահմանում լույս տեսնելիք հայ ռեւոլյուցիոն հրատարակություններին սպասարկող տպարանի հետքը կորցնելու նպատակով միայն: Բոլոր պարագաներում պիտի նշենք, որ Նալբանդյանի՝ արտասահմանում լույս ընծայած երկերը լույս էին տեսնում ոչ թե Լոնդոնում, այլ Փարիզում: «Երկու տող»-ը տպվել է Ճ. Արամյանի տապարանում, իսկ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ը կրում է Paris, E. Thunot et C ie հասցեն, այսինքն՝ լույս է տեսել նույն այն տպարանում, ուսկից 50-60-ական թվականներին հրապարակ էին գալիս Կ. Վ. Շահնազարյանի «Շար հայ պատմագրաց»-ի հատորները. «Երկրագործություն»-ը տպվել է ոչ միայն նույն այդ տպարանում, այլեւ նույն այդ հատորների տպագրության ժամանակ գործադրված տառերով։

Գերցենի երկերի լիակատար հրատարակության խմբագիր Լեմկեն, առանց ակնհայտ հիմքի, ենթադրել է Օգարյովի «Что нужно народу?» նշանավոր հոդվածի դրության մեջ Նալբանդյանի մասնակցությունը: Այդ հոդվածը, որ հանդիսացավ 1862-63 թվականներին գոյություն ունեցած «Земля и Воля» ռեւոլյուցիոն կազմակերպության քաղաքական մանիֆեստը, Լեմկեի ենթադրությամբ, պետք է որ խմբագրված լինի «ոչ առանց Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչի, Ն. Ն. Օբրուչեւի, Ա. Ա. Սլեպցովի, Մ. Նալբանդյանի եւ ուրիշների խորհուրդի եւ ցուցմունքների» [34]: Լեմկեի զգուշավոր վարկածը առիթ է տվել փութկոտ շատերին մի քանի քայլ է: նրանից առաջ վազել՝ մասնակից դարձնելով Նալբանդյանին ոչ միայն «Что нужно народу?» հոդվածի գրության, այլեւ «Земля и Воля» կազմակերպության հիմնադրմանը՝ նույն Ն. Ս. Սեռնո-Սոլովեւիչի, Ն. Ն. Օբրուչեւի, Ա. Ա. Սլեպցովի եւ ուրիշների հետ միասին [35]: Խնդիրն այն է, որ վերը նշված ենթադրության «հիմք» ծառայած հոդվածը լույս է տեսել «Колокол»-ի 1861 թ. հուլիսի 1-ի համարում, այսինքն՝ Նալբանդյանի Հնդկաստան գտնված ժամանակ եւ նախքան Գերցենի ու Օգարյովի շրջանը /461/ նրա մուտք գործելը: Լեմկեն իսկ, հակասելով ինքն իրեն, ասում է, մի կողմից, թե «Что нужно народу?» պրոկլամացիան կազմվել է 1861 թ. Հունիսի 1-ին եւ, մյուս կողմից, արձանագրում, թե Նալբանդյանը եկավ Լոնդոն 1862 թ. ապրիլի 8—11-ին [36], մնալով այնտեղ մինչեւ ապրիլի 13—14-ը [37]: Քանի դեռ չկան Նալբանդյանի եւ «Լոնդոնի պրոպագանդիստների» ծանոթության ժամանակը ճշտող այլ տվյալներ, պետք է` սխալ համարենք Լեմկեի վարկածը «Что нужно народу?» հոդվածի նկատմամբ, ինչպես նաեւ այդ վարկածը կրկնող ու ընդլայնող հեղինակների ենթադրությունները Նալբանդյանի «Земля и Воля» կազմակերպության հիմնադրմանն ունեցած մասնակցության մասին: Այդ ենթադրությունը հակասում է, ի դեպ, նաեւ Տուչկովա-Օգարյովայի այն վկայությանը, թե «Նալբանդյանը մնաց Լոնդոնում առանց որեւէ մասնակցություն ունենալու ռուսական պրոպագանդի գործին»: Սա նշանակում է, թե Լոնդոնում նա չէր ունեցել գրական որեւէ մասնակցություն «Колокол»-ի, ինչպես եւ դրան հարակից էմիգրանտական մյուս հրատարակությունների մեջ, եւ գուցե նաեւ այն, թե Լոնդոնում եղած ժամանակ նա մասնակցություն չէր ունեցել նաեւ «ռուսական պրոպագանդի» կազմակերպական ձեռնարկությունների մեջ [38]:

/465/ Վերջին տարիների ընթացքում լույս են ընծայվել «Земля и Воля»-ի առաջացման հանգամանքները լուսաբանող բազմաթիվ նոր նյութեր եւ հետազոտություններ [39]: Այդ հետազոտությունների համաձայն, «Земля и Воля»-ի կազմակերպության գաղափարը արծարծվում էր Լոնդոնում 1861 թ. ամառը՝ ռեւոլյուցիոն-դեմոկրատական մտավորականության Պետերբուրգից ժամանած ներկայացուցիչների՝ Մ. Լ. Միխայլովի, Ն. Վ. Շելգունովի եւ Ն. Ն. Օբրուչեւի շրջանում, որոնց միացավ Օգարյովը, զետեղելով «Колокол»-ում՝ հիմնվելիք կազմակերպության պլատֆորմն արծարծող «Что нужно народу?» հոդվածը [40]:

Պարզված է, որ այդ կազմակերպության կենտրոնի մեջ մտնում էին Սեռնո-Սոլովեւիչ եղբայրները, Ն. Օբրուչեւը, Ա. Սլեպցովը եւ նշանավոր գրող Վ. Կուրոչկինը: Փոքր-ինչ ուշ, Սեռնո-Սոլովեւիչ եղբայրներին փոխարինեցին «Русское слово»-ի խմբագիր Գ. Բլագովետլովը եւ Ն. Ուտինը: Մինչեւ հիմա չի հայտաբերված որեւէ փաստ, որով կարելի լիներ դրականապես հավաստել Նալբանդյանի մասնակցությունը «Земля и Воля» կազմակերպության հիմնադրմանը, կամ կազմակերպության կենտրոնին նրա անդամակցությունը։ Ըստ երեւույթին, «պրոպագանդիստների» հետ Նալբանդյանի ունեցած կարճատեւ հանդիպումներից հետո է միայն, որ նա ընդհուպ ծանոթացավ եւ համակվեց այդ կազմակերպության գաղափարներով: Սակայն կարճատեւ այդ ժամանակամիջոցը բավական չէր, որպեսզի նա կարողանար ընդհուպ մասնակցել նաեւ Լոնդոնում տարվող կազմակերպչական աշխատանքներին:

Այն հանգամանքը, որ «Լոնդոնի պրոպագանդիստները» (Բակունինը, Օգարյովը եւ ուրիշներ) մտահոգվում էին «Երկրագործություն»-ը Ռուսաստան փոխադրելու գործով, հիմք է տալիս պնդելու, որ նրանք իրազեկ էին այդ երկի բովանդակությանը եւ ցանկանում էին, որ Նալբանդյանի մտքերը հասնեն հայ ընթերցողին: Եվ դեռ ավելին, նույն այդ փաստը իրավունք է տալիս ենթադրելու, որ «Երկրագործության» մեջ արծարծվող մտքերը մշակվել էին Լոնդոնի ռուս համախոհների հետ Տեղինակի ունեցած գաղափարական հաղորդակցության մթնոլորտում:

«Երկրագործություն»-ը շարադրելու համար Նալբանդյանը ծանոթացել էր նաեւ «Колокол»-ի համարներին եւ նրա խմբագիրների նախաձեռնությամբ լույս ընծայվող գրականությանը, ինչպես, օրինակ, Ֆոյեր/466/բախի «Քրիստոնեության ծագումը» գրքի ռուսերեն թարգմանությանը, որ լույս էր տեսել Լոնդոնում 1861 թ. Գերցենի հավանությամբ ու հանձնարարությամբ: Բազմաթիվ այլ նյութերի շարքին նա օգտագործել էր նաեւ Օգարյովի «Что нужно народу?» հոդվածը: Ավելին. մեր աշխատության ընթացքում պիտի տեսնենք, որ «Երկրագործության» մեջ արծարծվում էին մի շարք մտքեր, որոնք ըստ ամենայնի ընդառաջում են այդ հոդվածի հիմնական գաղափարներին: Բայց եթե Նալբանդյանն օգտագործում էր այդ հոդվածը կամ ձայնակցում նրա գաղափարներին, դեռ ապացույց չէ, թե այդ անում էր նա այն պատճառով, որ մասնակցել էր նրա գրությանը կամ խմբագրությանը: Հոդվածը գրվել եւ խմբագրվել էր մի ժամանակ, երբ նա բացակայում էր Լոնդոնից: Դժվարությունից խուսափելու համար ոմանք քմահաճորեն թվագրում են հոդվածի գրությունը 1861 թ. հունվարով, երբ Նալբանդյանը գտնվում էր Լոնդոնում [41]: Սակայն, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ Նալբանդյանն ա՛յդ պահին չէր ծանոթացել «պրոպագանդիստների» հետ, արհամարհվում է նաեւ այն փաստը, որ այդ պահին Լոնդոնում չէին գտնվում ռուս այն գործիչները, որոնց հետ միասին «Լոնդոնի պրոպագանդիստները» մշակեցին «Земля и Воля» կազմակերպության ծրագիրն ու անմիջական անելիքների այն պլատֆորմը, որ շարադրված է Օգարյովի հոդվածում:

Առայժմ կարող ենք եզրակացնել, որ «Земля и Воля»-ի գաղափարներով համակված՝ Նալբանդյանը խոստացել էր մասնակցել ու օժանդակել Ռուսաստանում եւ Կովկասում տանելիք նրա աշխատանքներին: Իր նվիրվածության մասին նա, ինչպես տեսանք Գերցենի եւ Օգարյովի՝ Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին 1862 թ. գրած նամակից, անվերապահ վստահություն էր ներշնչել կազմակերպության Լոնդոնի հիմնադիրներին: Իրենց նամակում Գերցենը եւ Օգարյովը խոսում են նրա մասին, որպես մի մարդու, որին շատ լավ ճանաչում էր Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչի. նրանք, ըստ երեւույթին, կամենում էին միայն հավաստել ջերմ այն հանձնարարականները, որ ստացել էին Նալբանդյանի մասին Սեռնո-Սոլովեւիչից: 1859-1861 թվականներին դեգերելով Արեւմտյան Եվրոպայում՝ ՍեռնոՍոլովեւիչը եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում ու Անգլիայում, ուր ծանոթացել էր եւ գաղափարապես մոտեցել Գերցենին ու Օգարյովին: Հավանորեն նույն ժամանակամիջոցին արտասահմանում նա հանդիպել ու մտերմացել էր նաեւ Նալբանդյանի հետ: Չգիտենք, թե ե՞րբ եւ որտե՞ղ տեղի ունեցավ Նալբանդյանի ու նրա ծանոթությունը: Այսքանը միայն ստույգ է, որ երբ Սեռնո-Սոլովեւիչը 1861 թ. ճանապարհորդում էր Եվրոպայում եւ «Земля и Воля» կազմակերպության հարցերի շուրջը կապվում լոն/467/դոնցիների հետ, Նալբանդյանը բացակայում էր Լոնդոնից: Բայց, ըստ երեւույթին, հենց այս պահին է, որ Գերցենի եւ Օգարյովի շրջանում կարող էր խոսք եղած լինել նրա մասին, որպես մի անձնավորության, որին ճանաչում էր Սեռնո-Սոլովեւիչը եւ հանձնարարում, որպես մի մարդու, որը կարող էր օգտակար լինել ստեղծվելիք կազմակերպության կովկասյան աշխատանքներին:

Կարելի կլիներ նույնիսկ ենթադրել, թե Սեռնո-Սոլովեւիչն էր հենց Նալբանդյանին հանձնարարող այն «ընկեր Ս-ն», որի մասին գրում էր իր հիշատակարանում Տուչկովա-Օգարյովան, եթե հարկ չլիներ հաշվի առնել այն հանգամանքը, որ հիշողությունների հեղինակը նշում էր Սեռնո-Սոլովեւիչի անունն առանց որեւէ սղման կամ ծածկագրման: Գիրքը շարադրվելու պահին ե՛ւ մեռած էին Նալբանդյանն ու նրա բարեկամ Սեռնո-Սոլովեւիչը, ե՛ւ հեղինակը պետք չուներ ծածկելու նրանց միջեւ եղած կապը:

Բոլոր պարագաներում նամակում Օգարյովի եւ Գերցենի՝ Սեռնո-Սոլովեւիչին «արեւելյան բարեկամի» մասին գրած երկտողը եւս հիմք է տալիս դարձյալ ասելու, թե Նալբանդյանի հանդիպումը «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ կարող էր տեղի ունեցած լինել միայն 1861 թ. հետո:



[1]     Տե՛ս «Սովետական գրականություն եւ արվեստ», 1952, N 6-ում Ա. Ինճիկյանի հոդվածը:

[2]     Ա. Ինճիկյան, Միքայել Նալբանդյան, եր. 110:

[3]     Տե՛ս «Красный архив», 1926, T. I (XIV), եր. 121:

[4]     Ե. Լ. Ժ., II, եր. 399. հմմ. նույն տեղը, IV, եր. 253:

[5]     Տե՛ս «Красный архив», 1928, T. IV (XXIX), եր. 177:

[6]     Տե՛ս Ա. Ինճիկյանի՝ «Սովետական գրականություն եւ արվեստ» ամսագրում վերը - նշված հոդվածը:

[7]     «Անտիպ երկեր», եր. 228:

[8]     Նույն տեղը, եր. 245:

[9]     Անհրաժեշտ ուղղում. Ինճիկյանի մատնանշած Բոգդանովայի անունն ու հայրանունը Անաստասիա Միխայլովնա չէ, այլ Մարիա Արսենեւնա: Իր թույլ տված այդ սխալը Ինճիկյանը ուղղել է «Մ. Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրության» էջ 116-ում:

[10]   Տե՛ս Ա. Ինճիկյանի վերը նշված հոդվածը:

[11]   «Անտիպ երկեր», եր. 721 եւ հետ,:

[12]   Որ այդ տարիներին ուսանողուհի Բոգդանովան ապրում էր ոչ թե Մոսկվայում, այլ Պետերբուրգում՝ այդ մասին հմմ. Л. Ф. Пантелеев, Из воспоминаний прошлого, եր. 143. Е. Юнге, "Из моих воспоминаний", - "Вестник Европы" 1905, No 5,

[13]   Տե՛ս Ա. Ինճիկյանի վերը նշված հոդվածը:

[14]   Զանց ենք առնում այն փաստը, որ շփոթած լինելով իր առաջ քաշած Բոգդանովայի անուն-հայրանունը, «Անաստասիա Միխայլովնայի» օրիորդ լինել կամ չլինելու հանգամանքը արժեքազրկվում է ինքյան:

[15]   «Ավանգարդ», 1954, նոյեմբերի 25-ի համարը:

[16]   «Հայ գրականության պատմություն», Առաջին գիրք, Երեւան, 1949, եր. 346 եւ հետ. ։

[17]   Ե. Լ. Ժ., 1, եր. 412:

[18]   Դժբախտաբար, անհեթեթ նույն վկայակոչության վրա հենվում է իր գրքում նա եւ Ա. Ինճիկյանը՝ «Միքայել Նալբանդյան», եր. 56:

[19]   Տե՛ս վերը հիշատակված «Հայ գրականության պատմություն»-ը, եր. 348:

[20]   «Անտիպ երկեր», եր. 67:

[21]   Նույն տեղը:

[22]   Նույն տեղը:

[23]   Տե՛ս Тучкова-Огарева, նույն տեղը, եր. 313:

[24]   Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 228:

[25]   Лемке, Очерки, եր. 116:

[26]   «Лит. наследство», NN 41-42, եր. 308 եւ 440:

[27]   Այստեղ պիտի թերեւս լիներ՝ «գնված»: Ա. Հ. ։

[28]   Ե. Լ. Ժ., III, եր. 25, ծան.:

[29]   «Փարիզ», 1862, N 61, փետրվար 14:

[30]   Ե. Լ. Ժ., III, եր. 455. նույնը նաեւ Լեո, Թյուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, Փարիզ, 1934, Գ. Ա., եր. 18

[31]   Ե. Լ. Ժ., I, եր. 440:

[32]   Ե. Լ. Ժ., II, եր. 24 եւ հետ. ու ծան.:

[33]   Նույն տեղը, I, եր. 437 եւ հետ. ։

[34]   Герцен, П. С. С. и П., XI, եր. 136:

[35]   Տե՛ս «Истор. рев. хрестоматия», 1923, I, 42, «Рев. движение 60-ых годов», M., 1932, եր. 45 եւ Մ. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, III, եր. 512 եւ հետ.:

[36]   Герцен, П. С. С. и П., XV, եր. 105 եւ 108:

[37]   Նույն տեղը, եր. 314 եւ 320:

[38]   Թե ինչ անհեթեթության կարող է հասցնել պատմության ժամանակաբանական «մանրուքի» արհամարհումը, դրա օրինակը եւս տալիս է Ա. Մակարյանի գիրքը: Հեղինակի հավաստիացումով՝ Հնդկաստանից վերադառնալիս, մտնելով երկրորդ անգամ Պոլիս, Նալբանդյանը իբր թե կոնկրետ հանձնարարություն է ունեցած ելել Բակունինից՝ կազմակերպելու Լոնդոնի արգելված հրատարակությունների փոխադրումը Տաճկաստանի վրայով Ռուսաստան, Կովկաս եւ այլն, իբր թե այդ մասին նա գրավոր ցուցմունք էր առել Բակունինից տակավին 1860 թ. մայիսի 10-ին Փարիզից ուղարկված նամակով: «Դրանից առաջ, ասում է հեղինակը, Գերցենին գրած նամակում Բակունինը տվել էր Կովկասում տանելիք ռեւոլյուցիոն պրոպագանդի կոնկրետ նախագիծը» . Մակարյան, Միքայել Նալբանդյանը եւ արեւմտահայ դեմոկրատիան, եր. 104 եւ հետ. Այստեղ կոպտաբար արհամարհված է երկու փաստ: Նախ այն, որ Հնդկաստանից Պոլիս հասած Նալբանդյանը ծանոթություն չուներ Բակունինի հետ, եւ վերջինս այդ պահին ի վիճակի չէր առհասարակ որեւէ հանձնարարություն անելու նրան: Բակումինը Նալբանդյանին հանձնարարություններ արեց ոչ թե 1860 թ. մայիսի 10-ի, այլ 1862 թ. մայիսի 10-ի նամակում: 1860 թ. մայիսի 10-ին Նալբանդյանը Պետերբուրգում զբաղված էր հարցաքննություններով, իսկ Բակոցն ինը դեդերում էր Սիբիրի տայգաներում: Ոչ մի կապ այդ պահին չկար նրանց միջեւ: Կովկասյան պրոպագանդայի մասին Բակունինի՝ Գերցենին ուղղված նամակը գրվել էր Նալբանդյանին հասցեագրված նամակից հետո: Այն գրքում, որից Մակարյանը, առանց աղբյուրի հիշատակման, սիրալիր կերպով քաղում է Գերցենին գրված նամակից թարգմանած իր տողերը, պարզորեն նշված է գրության ստույգ թվականը՝ 1862 թ. նոյեմբերի 10 (հմմ. Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, եր, 444)։

[39]   Հմմ., մասնավորապես, «Лит. наследство»-ի N N 41–42, եր. 82 եւ հետ., 8. Կուշեւայի հրապարակած նյութերը:

[40]   Տե՛ս «Лит. наследство», т. т. 39–40, 1, եր. 308 եւ, մանավանդ, Я. З. Черняк, «Был ли Н. Н. Обручев адресатом письма взятого при аресте H. Г. Чернышевскoro?» հաղորդոա՞ը, «Лит. наследство», т. 62, եր. 420—432:

[41]   Տե՛ս Ե. Լ. Ժ., III, Եր. 459, ծան.: