Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/396/ ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԸ . ՍԸՎԱՃՅԱՆ)


Նալբանդյանի գաղափարական բարեկամությունը Սըվաճյանի հետ: Կենսագրական տվյալներ Սըվաճյանի մասին: Նրա բնութագիրը։ Սըվաճյան եւ Ոսկանյան: «Մեղու»–ի ուղղությունը: Սըվաճյանի մտքերը ազգային վաճառականության եւ երկրագործության մասին: Նրա սոցիալական հենարանը: Արեւմտահայ դեմոսի տրիբունը։ Սըվաճյանը եւ լիբերալները: Պատրանքի եւ ճգնաժամի գրկում։ «Մատնություն» բրոշյուրը. Նալբանդյանի եւ Սըվաճյանի իդեական առնչությունը:

 

Արեւմտահայ եւ, գլխավորապես, պոլսահայ մտավորական շրջանների հետ Նալբանդյանը, ինչպես գիտենք, հանդիպումներ էր ունեցել դեռ արտասահմանյան երկրորդ իր ուղեւորության ժամանակ: Այդտեղ է, որ նա ծանոթացավ Ղ. Ալիշանի, Ճ. Արամյանի, Ոսկանյանի, Միսաքյանի, ինչպես նաեւ Փարիզում ուսանող թյուրքահայ երիտասարդության աչքի ընկնող ներկայացուցիչների՝ դ-ր Հովհաննես Քյաթիպյանի եւ, հավանորեն, նաեւ Հովսեփ Նուրիջանյանի, Միք. Ռաֆայելյանի եւ Տիգ. Փեշտիմալճյանի հետ. վերջիններիս հետ ավելի մտերիմ առնչություն սա եղծվեց ավելի ուշ, դարձյալ Փարիզում, արտասահմանյան երրորդ ճանապարհորդության ժամանակ: Սակայն հիմնականում Պոլսում էր, որ հրապարակախոսն անմիջական եւ մոտիկ ծանոթություն հաստատեց արեւմտահայ մի շարք մտավորականների հետ, որոնցից մի քանիսի հետ կապվեց անձնական եւ գաղափարական մտերմության հանգույցներով: Վերջիններիս շարքում անհրաժեշտ է վեր հանել, մանավանդ, պոլսահայ դեմոկրատական մտավորականության աչքի ընկնող պարագլուխներից: մեկին՝ «Մեղու» երկշաբաթաթերթի խմբագիր Հարություն Սըվաճյանին: Նալբանդյանի եւ Սըվաճյանի բարեկամությունը արեւելահայ եւ արեւմտահայ դեմոկրատիայի մերձեցման կարեւոր մոմենտներից մեկն է: Եվ քանի որ Սըվաճյանը ոչ միայն արեւմտահայ դեմոկրատիայի կարկառուն դեմքերից մեկն էր, այլեւ, ինչպես պիտի տեսնենք մեր շարադրության /397/ ընթացքում, դարձավ մեկը Նալբանդյանի քաղաքական եռանդուն գործակիցներից, անհրաժեշտ է նախապես պարզել նրա ինքնությունը:

Աչք էր բացել Սըվաճյանը Խասգյուղի աղքատ ընտանիքում: Բախտի քմահաճույքով ընկնելով Օտյանների հարուստ տունը, Գր. Օտյանի եւ նրան դասակից մի շարք այլ տղաների հետ նա աշակերտել էր նշանավոր «պուետ» Խաչատուր Միսաքյանին եւ նույնչափ նշանավոր «ուսումնական» Խաչատուր Պարտիզպանյանին: 1855 թ. գրած մի նամակում, հակառակորդներից մեկը՝ «Մասիս»-ի խմբագիր Կ. Ութուճյանը, բնորոշում է նրան որպես «անգործ խեղճ» մեկի, որին Ն. Ռուսինյանի համախոհները ամսական են հայթայթում՝ պայմանով, որ վերջինիս աղմուկ հանած «Ուղղախոսության» ջատագով լինի Պեշիկթաշի դպրատան մեջ: նույն նամակում Ութուճյանը նկարագրում է նրան իբրեւ մեկը Պարտիզպանյանի «հառաջադեմ» եւ ընտիր աշակերտներից որն որ մորուք թողած ըլլալով՝ երեւելի աքադեմիսիենի կերպարանք մը առած էր» [1]: 1856 թ. քսանհինգամյա Սըվաճյանը, որ, ինչպես երեւում է, արդեն իսկ երիտասարդ հասակում հանգիստ չէր տալիս ոչ միայն մայրաքաղաքի «խավարյալ» շրջաններին, այլեւ նույնիսկ լիբերալ «լուսավորյալներին», որոնցից մեկն էր հենց վերոհիշյալ Ութուճյանը, ստանձնում է «Մեղու» երկշաբաթաթերթի ղեկավարությունը: 60-ական թվականների սկզբներին «Մեղվի» խմբագիրը անդամակցում է Պոլսի նորահիմն Բարեգործական ընկերությանը, որի ուշագրավ գործունեությանը առիթ պիտի ունենանք անդրադառնալու հետագայում: Նույն այդ ժամանակ նա մասնակցում է նաեւ Սահմանադրության ստեղծած Ազգային ժողովին, որի արձանագրությունների մեջ երբեմն հանդիպում ենք նրա ելույթներին: Սըվաճյանին է պատկանում Սահմանադրությանը նվիրված «Արիք, հայկազունք» ծանոթ հիմնը: Ազգային ժողովի արձանագրություններից դատելով՝ նրան չէր վիճակված աչքի ընկնող դեր խաղալ իբրեւ երեսփոխան: Նա, երեւում է, ավելի գրչի ասպետ էր, քան առինքնող խոսքի վիրտուոզ, ինչպես ոմանք Ազգային սահմանադրության լիբերալ պարագլուխներից:

Այնուամենայնիվ, 50—60-ական թվականներին արեւմտահայ հրապարակախոսության մեջ չկար մի ուրիշը, որ համարձակ ու ժողովրդանվեր իր գործունեությամբ գերազանցած լիներ Սըվաճյանին: Անշահական եւ անեսական, անկաշառ եւ ուղղամիտ, ամեն դժվարության ու հալածանքի առաջ աննահանջ՝ նրա նկարագիրը պատկառանք էր ներշնչում երբեմն նույնիսկ նրանց, ովքեր համախոհ չէին նրան ըստ ամենայնի: «Արի եք դուք եւ խրոխտ. մի առաքյալի ավյունն կողողի ձեր հոգին, ձեր /398/ լեզուն մի բոց է, ձեր գրիչը շանթ», գրում էր նրան Չերազ-Տեմիրճիպաշյանը [2]: Այն գործիչներից մեկն էր նա, որոնք, ինչպես գրում էր նրա մասին «Արեւելյան մամուլ»-ի խմբագիրը, «առաջին գիտական զինվոր կդառնան եւ անոր բարոյական պատնեշներուն վրա կմեռնին երիտասարդ» [3]:

Սվաճյանի գործունեության բուն գավառը երգիծանքն ու հրապարակագրությունն էր, «Մեղու»-ն, որ 60-ական թվականներին դարձավ Ազգային ժողովի դիմադիր թեւի՝ պոլսահայ մարտնչող սահմանադրականների, երգիծող բերանը: Սըվաճյանը ոչ միայն խմբագրի, այլեւ գլխավոր հեղինակի կամ, ինչպես արտահայտվում էին արեւմտահայերը, «շարագրողի» կամ «համագրողի» դեր էր կատարում թերթում: Նա էլ, գլխավորապես, որ հոդվածներով ու ծաղրանկարներով թերթի էջերից սրիաբար մերկացնում էր մայրաքաղաքում եւ գավառներում կատարվող անարդարությունները, զեղծումներն ու խավարապաշտ գործերը: Խոշորացույցի տակ առնելով ընտանեկան եւ հանրային կենցաղի բացասական երեւույթները՝ նա խանդավառորեն վեր էր հանում ընթացիկ կյանքի դրական կողմերը: «Հայկական նամականի»-ի մեջ Մ. Մամուրյանը նրան, ուներ նկատի, երբ գրում էր, թե «Կենդանի երես, սայրասուր լեզու ուներ, վառվռուն աչեր, որ իրենց ծիրին մեջ կխաղային, անդուլ փայլակներ կարձակեին, այծի մորուս մ՚որ ծնոտը կծածկեր, սուր նայված մոր քեզ կդյութեր, եւ ամեն բանի մեջ ծուռ ու թյուր կողմը նշմարելու հա– կամ ետ է. հեգնալի ժպիտ մ՚որ ամենեն զգոն մարդն ինքզինքը կշռելու կհորդորեր»: «Հայոց Դեմոկրիտ ես, ասում էր դառնալով նրան Մամուրյանը, բայց չէ թե անզգա, մարդատյաց Դեմոկրիտն, այլ հրահանգիչ, մարդասեր անձ մորու հոգին հայերու վշտաց վրա լալու ատեն շրթունքն անոր թերությանց վրա կծիծաղին, գրիչը մոլություններ կհարվածե եւ մոլիները տարտարոս կղրկե… Ինչ որ գիրքեր, ճառեր, քարոզներ չեն կքած ընել՝ դու մի քանի համեղ, տատու եւ հրատապ գրավոր խոսքով կատարած ես: Ժողովրդյան զավակ եւ աղետիցը թարգման, բռնության թշնամի եւ ազատության լուսամիտ ու անվեհեր կուսակից…» [4]:

Հայտնի են, մանավանդ, նրա երգիծաբանական այն ֆելյետոններ կը, որ լույս էին տեսնում պարբերաբար Մեչուխեչա կեղծանունով: «Իր դիտողությունները շահագրգիռ ձեւով ներկայացնելու միջոց մը գտած էր «Մեղվի» խմբագիրը, գրում է նրա մասին Հ. Ասատուրը, հարաբերություն հաստատելով երեւակայական էակի մը, Մեչուխեչայի հետ: Այս էակը տեսակ մը խոլիկ էր, որ շատ մը լուրեր ու տեղեկություններ /399/ կբերեր իրեն. խորունկ հետաքրքրություն ուներ ամեն բան իմանալու, եւ կուզեր, որ իր հեգնական դատումները հրապարակվին ու հանցավորներ րը խարազանվին հրապարակով: Եթե պետք տեսներ, օդին մեջ կբարձրանար, նույնիսկ գետնին տակ կիջներ, խլուրդներու մեջ կխառնվեր, որդերն ու մրջյուններն իսկ չէր արհամարհեր կյանքը ուսումնասիրելու համար: Մեչուխեչա ընտանիքներու մեջ կմտներ, ներկա կգտնվեր կնկան վեճերու կամ ուրիշ ընտանեկան տեսարաններում, որոնք ապա կպատմըվին «Մեղվի» մեջ: Ան էր, որ եկեղեցականներու խիղճը կպրպտեր, անոնց թաքուն մտածումները քողազերծ կըներ, անոնց փառասիրական երդտումները՝ պարսավելով: Վերջապես, ուր որ զանցառություն կամ զեղծում կա մատնանիշ ընելիք՝ Մեչուխեչան տոն էր, հեգնող ժպիտը շրթունքին վրա, ծաղրանքի սլաքները արձակելու պատրաստ» [5]:

Հետաքրքրական է, ի դեպ, Չամուռճյանի իմաստակությունն իր հակառակորդի կեղծանվան մասին: ««Մեղուն» կարդացողներուն հայտնի է, գրում էր Չամուռճյանը, որ այս էակը պ. Սըվաճյանին ընտանի ոգին է, որ ամեն բան որքան գաղտնի գործված ըլլա նե՝ անոր կիմացընե, այսինքն՝ սատանայն: Բայց այս լրագրապետը Էակավին սատանային սուտ զրույց եւ ստության հեղինակ ըլլալը չգիտեր. բավական խելք ալ չունի դատելու, որ սատանայն ս. խաչի նշանեն կփախչի. եւ իրենց պարտականությունը գիտցող քահանաները մարդ մը խոստովանց Քնելու ըլլան նե՝ նախ եւ առաջ մեկ մը իրենց երեսնին կխաչակնքեն, մեկ` մըն ալ խոստովանողին խաչակնքել կուտան, որով մեչուխեչա դեւը այն տեղաց լեղապատառ կփախչի եւ խոստովանք լսելու ժամանակ չունենար» [6]:

Մամուրյանի եւ Ասատուրի տողերն ընդհանրապես ուղիղ գաղափար են տալիս պոլսահայ հրապարակագրի եւ шапка-невидимка-ի դեր ստանձնած երգիծողի գրական ընդհանուր ոճի ու հասարակական կերպարի մասին: Սըվաճյանը, ինչպես մի ժամանակ նաեւ Ոսկանյանը, արեւմըտահայ առաջավոր հրապարակախոսության ամենից կարկառուն դեմքերից մեկն էր: Գրական ձիրքի եւ մտավոր պատրաստության տեր մարդ էր Ոսկանյանը, սակայն ժողովրդից կտրված լինելու հանգամանքը, սահմանափակ լիբերալիզմն ու ինքնահաճ բնավորությունը ամլության են մաստնում նրա կարողությունները եւ, ինչպես տեսանք, նրան գլորում ի վերջո կղերա-բուրժուական ռեակցիայի ճահիճը: Այլ եղավ Սրվանյանի էվոլյուցիան: Կ. Պոլսի եւ գավառների հայ ժողովրդական մասսաների հետ կապված՝ հետզհետե աճեց իրականության նրա զգալցումը եւ գրչի նրա ազդեցությունը: Սահմանադրական կրիզիսի տարի/400/ներին նա էր հենց արեւմտահայ հրապարակախոսության ամենաառաջավոր դեմքը: Արեւմտահայ հասարակական մտքի ու գրականության առաջ նա բացեց արգասավոր այն ուղին, որով հետագայում քայլելու էր Հ. Պարոնյանը:

Հետաքրքրական է, որ սկզբնապես Սըվաճյանի թերթը եւս ձայնակցեց Ոսկանյանի հակառակորդներին: 1859 թվականին «Մեղու»-ն զետեղեց հատուկ ֆելյետոն՝ «Արեւմուտք»-ը դարձնելով «Արեւմութ» (տպագրում՝ «Արեւմուկ», Ա. Հ. ), որի «արձագանք Եվրոպայի լուսավորության» մեջ որպես թե «պախալ Եորկիին հինգ փարանոց մոմի չափ ալ լույս չտար կոր»: «Անոր արեւը մութ ըսելու է, որ սիրտ չէր տաքցներ, միտքը մութ էր մնացեր ու ան մութ ինքը լույս կկարծեր կոր ճերմակին սեւ, սեւին ճերմակ ըսելու պես» [7]: Սակայն 1864 թ., ազդարարելով «Արեւմուտք»-ի վերահրատարակումը, «Մեղու»-ն էին հիշողությամբ գրում էր արդեն ««Արեւմուտք» էլ փարիզեն սկսավ վերստին հրատարակվել դարձյալ պ. Ս. Ոսկանի խմբագրությամբ. այն անձին, որ գիշեր ցերեկ հայրենիք եւ ազատություն կերազե ու կերկնե, հսկայաքայլ հառաջդիմություն կբաղձա ազգին, եւ այս նպատակով փոքր ինչ խիստ է իր պահանջկոտությանց մեջ. իր եռանդոտ բնավորությամբը կուզե, որ ազգը ցատկե, մինչդեռ ուղիղ քայլելու նոր պիտի վարժի. մեծ բաներ կսպասե դեռ տղա ազգե մը. այսուամենայնիվ, կցանկանք, որ ըլլա ըստ սրտի յուրում, եւ կարելի ըլլա իրեն տեսնել՝ ինչ որ կփափաքի տեսնել» [8]:

Այս երկու ելույթների արանքում ընկնում է Ազգային սահմանադրության առաջացրած հասարակական տրամադրությունների ավելի ցայտուն տարբերակումը: Բացի այդ, տեղի էր ունեցել Սըվաճյանի կյանքում բախտորոշ դեր կատարած մի դեպք՝ նրա հանդիպումը Նալբանդյանի հետ, որ, ինչպես պիտի տեսնենք, վճռական նշանակություն ունեցավ «Մեղու»-ի խմբագրի կատարած շրջադարձի համար:

Նման շրջադարձի համար «Մեղու»-ի խմբագիրն ուներ որոշ նախատվյալներ: Սկզբից եւեթ Սըվաճյանը նպատակ էր դրել ծառայեցնել իր թերթը ազգի լուսավորության եւ առաջադիմության օգտին: «Ես ալ, գրում էր նա տակավին 1856 թ., որովհետեւ հրապարակախոս ըլլալու պաշտոն մը առած եմ վրաս, ես ճշմարիտ ազգասիրությամբ կըսեմ, ուրիշները թող ազգատեցությամբ ըսեն, պիտի ջանամ, անկողմնասեր ոգով, ամեն բան դիտելու, ազգային հառաջդիմության եւ լուսավորության արգելքները ու անոնք դնողներին համարձակ, այլ ոչ անխոհեմությամբ հայտնելու եւ ըստ իմ կարյաց անոնք վերացնելու ճամփաներն ալ /401/ ցուցընելու գործադրություն ազգին կամաց հանձնելով» [9]: Ազգի առաջադիմության համար բավական չէ սոսկ լուսավորության քարոզը, ասում էր խմբագիրը, լուսավորությունը պիտի զուգակցի ազգի բարեկեցությանը: «Ազգ մը հառաջադեմ, զորավոր եւ երջանիկ ըլլալու համար, գրում է Սըվաճյանը, թե հարստություն եւ թե քաղաքակրթություն մեկտեղ զարգացնելու է. կամ սանկ ըսեմ, թե նյութական հարստությունը եւ թե իմացականը մեկ տեղ ստանալու միջոցը գտնելու է» [10]:

Ազգի բարեկեցությունը Սըվաճյանը որոնում էր առեւտրական հարաբերությունների զարգացման հեռանկարների մեջ: «Ազգի մը հառաջդիմության, լուսավորության, քաղաքավարության եւ երջանկության էն մեծ աղբյուրները վաճառականությունն ու արհեստներն են: Ազգ մը վաճառականությամբ ուրիշ ազգաց հետ հարաբերություններ ունենալով, անոնց լուսովը հառաջդիմության ճշմարիտ շավղի մեջ կմտնե. անոնց ուսմանցն եւ գիտությանց հաղորդ ըլլալով ուրիշ ազգեր ու աշխարհներ ճանչելով կլուսավորվի. անոնց համարումն ստանալու համար ինքզինքը կկրթե, առաքինի կընե, քաղաքավարություն, մարդավարություն կուսի, լուսավորությունն ու առաքինությունը իր վրա միացնելով քաղաքակիրթ կըլլա. մեկ կողմ են իր պետքերը հոգալու դյուրությունն ունեննալով եւ մյուս կողմեն չափավորության վարժվելով աշխարհային երջանկությունը կստանա. վաճառականության երեսեն եւ ոչ մեկ ազգ մը վնասված է. այլ անոր շնորհիվ իրենց կործանման մոտ հասած ազգեր նորեն կանգնված են. որ ազգն որ վաճառականությամբ ուրիշ ազգաց հետ հաղորդակցություն ունեցած չէ, միշտ տկար մնացած է կամ միշտ անկիրթ ու վայրենի: Վաճառականությամբ ազգ մը կհարստանա եւ իր մեջը աղքատ չի մնար: Վաճառականությամբ ազգ մը կզորանա ու իրեն թշնամյաց դեմ կդնե: Վաճառականությամբ ազգ մը կճանչցվի, ուրիշ ազգաց բարեկամությունը եւ պետք եղած ատեն պաշտպանությունը կվայելե» [11]:

Չպիտի կարծել, սակայն, թե այսպիսի տողերով Սըվաճյանի թերթը ջուր էր ածում պոլսահայ կոմպրադորական բուրժուազիայի ջրաղացին: Իր առաջին իսկ քայլերից «Մեղու»-ն նշում էր քաղաքական եւ տնտեսակայն այն ճգնաժամը, որ ծայր էր առնում թյուրքահայ կյանքում եվրոպական կապիտալի ներարշավից: «Տիրող ազգ, ռայա ազգ երկուքն ալ եղբոր պես կգրկեին իրար: Հայերը սկսան երկրագործության ու վաճառականության պարապիլ. արհեստները նորեն կենդանացուցին, այնպես զի օրեօր հարստացան, օրեօր ավելի հանգչեցան: Սակայն այս վերջին տարիներուն մեջ առանց սով, սրածություն, հալածանք ու վիշտ /402/ կրելու, առանց թշնամի մը ունենալու, նորեն սկսան կամաց-կամաց իրենց պիտույք հայթայթելու համար նեղություն կրել: Օր-օրի աղքատանալ սկսան այն ատենեն ի վեր, որ Տաճկաստան՝ լուսավորության եւ հառաջդիմության բարեկամ, իր դուռները բացավ Եվրոպայի ճարտարության եւ արհեստներուն, հրավիրեց զանոնք եւ ընդունեց: Վասնզի հայերը իրենց գիտցած կամ ավանդված արհեստը առանց անոր վրա փորձ մը կամ նոր գյուտ մը ընելու եւ զանի կատարելագործելու փափաքելով, շարունակ կգործեին եւ զանի թերի կերպով իրենց աշկերտին հանձնելով` կանցնեին. հետեւաբար ճարտարության եւ արհեստներուն մասին եվրոպացիներեն այնքան ետ մնացած էին, որ անոնց հաստվածները (=արտադրանքը, Ա. Հ. ) ի Տաճկաստան մտած ատենը, կամաց-կամաց ալ իրենց գործ եւ վաստակ չմնալ սկսավ. իրենց շինածները ասոնց ինքերեն կոշտ եւ անվայելուչ ըլլալեն զատ, շատ ալ սուղ ըլլալով ամեն մարդ անոնցը գնել եւ գործածել սկսան. վաճառականներուն մինակ վաստակ մը մնաց նե ալ, անոնք ալ Եվրոպան չճանչելով, իրենց արհեստը ձեռքովնին օտարներուն հանձնեցին եւ մեկդի քաշվեցան: Երկրագործը, որ եվրոպացվոց դյուրությամբ ձեռք բերած բերքին հազիվ մեկ-տասնորդը կստանար անհնարին աշխատությամբ, տեսնելով, որ այն բերքերուն մեծ մասը Տաճկաստան կհագեցնեն, ու փոխադրության ծախքերով ալ հանդերձ դարձյալ իրեններեն աժան գինով վաճառվելով, իրենները իր տան բոլորտիքը, իր արտերուն մեջ դիզված կմնան, եթող իր ընտանիքը, արտերը, ելավ ուրիշ երկիր գնաց, ուրիշ արհեստ մը գործելու կամ ծառայության մտնելու, որով չորս-հինգ տարի իր ընտանիքեն հեռու մնալովը, ազգը ի՞նչ մեծ եւ ի՞նչ զգալի կորուստ ըրավ իր անհատից թվույն վրա, թող ընթերցողք խելամտեն» [12]:

Գծագրելով սկսված ճգնաժամը, Սըվաճյանը ելք էր փնտրում նրանից երկրագործության եւ սրա հետ զոհված ազգային վաճառականության ուղիներում: «Երկրագործությունն է միայն, առհասարակ, հայերուն առայժմ ունենալով էն շահավոր եւ էն հարմար արհեստը… Եթե գլխավոր զբաղմունքն ու գործերնին վաճառականությունն ընեն, Տաճկաստանեն դուրս ելած հաստվածները ներս մտածներուն մեկ-տասնորդն հազիվ ըլլալուն եւ օր-օրի այս վերջիններուն թիվը ավելի մեծնալուն, քիչ ատենեն այս դուրս են ընդունածնուն հետ փոխանակելու հաստված (արտադրանք, Ա. Հ. ) մը չպիտի կրնան ունենալ, եթե երկիրը մշակելով անոնց փոխանակությունը երկրին բերքովը չընեն: Ուստի նախ եւ առաջ երկրագործությունը ծավալելու է, որ ետքեն վաճառականության նյութ ունենան եւ քիչ մը հարստանան, ճարտարության ետեւեն ըլլան… Արհեստներ կան, որ երկրագործության մասին կրնան սեպվիլ. երկրին բերքերովը ըլ/403/լալիք հաստվածներն ալ կրնան իրենք շինել: Մետաքսը, տեսակ-տեսակ յուղեր, գինին, գույնզգույն ներկերը, բամբակը եւ այլն, ասոնք ամենն ալ երկրագործ մը կրնա պատրաստել…» [13]:

Կարող էր առարկություն լինել, թե ապրանքային գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական արդյունաբերության համար խիստ աննպաստ են Հայաստանի հաղորդակցության եւ ապրանքափոխադրության պայմանները: Սակայն սրա դեմ եւս դարման ունի Սըվաճյանը: Նա բեւեռում է իր ուշադրությունը Թյուրքիայի ծովամերձ շրջանների վրա: «Ի՞նչ պետք է Ասիո խորերը երթալ եւ հոն բնակիչներուն պետք եղած են ավելի վարուցան ընել: Ինչո՞ւ չեն տեսնել այս ծովեզերյա, փոխադրության հարմար, կակուղ, պարարտ եւ բարեբեր հողերը, որոնք ցանված են հարյուրապատիկը հատուցանելու համար, միայն ամենաթեթեւ եւ վերիվերո դրված արորի մը կկարոտին» [14]: Մյուս հնարավոր առարկությունը կարող էր վերաբերել պետք եղած դրամագլխի խնդրին: «Մեղու»-ն այս կետում նշում է երկու ելք՝ հարուստների ձեռնտվությունը եւ աղքատների ինքնօգնությունը: «Մշակը թող ստակ չունենա. հարուստները կդնեն դրամագլուխը, մշակներն ալ կաշխատին. որով հարուստները իրենք վաստակելեն զատ, մեծ բարերարություն մը ըրած կըլլան այն խեղճերուն, անոնց, որ իրենց երկրին մեջ հողագործություն պարապելով օգուտ մը չկրնան քաղել եւ պարտավորված են իրենց երկրեն եւ իրենց ընտանիքեն հեռու բախտ մը փնտրելու ու անարգ արհեստներ գործելու… Աղքատներու հաստատած բարեկարգ ընկերություն մը հարուստներուն իրենց հաշվույն համար բռնած գործեն ավելի շահավոր կըլլա աղքատներուն համար» [15]:

Այս եւ նման տողերը կասկած չեն թողնում, որ Սըվաճյանի մտահոգությունը պոլսահայ կամ զմյուռնահայ խոշոր առեւտրականների մասին չէր, այլ եվրոպական կապիտալի ներմուտից տուժող երկրագործ ժողովրրդի եւ նրա ծոցից ելած պոլսահայ արհեստավորների ու բանվորների մասին: Հոդվածներից մեկում նա խոսում է այն սպասավորների եւ նավաստիների մասին, որոնք պիտի ձգտեն մեքենագործ, նավապետ, ուղեցույց կամ գրագիր դառնալ, այն մշակների ու գործարանային բանվորների մասին, որոնք պիտի կամենան լինել ագարակի տեր կամ նրանց տերերի գործակալ, լինել գործարանի մեծավոր կամ բանվորների պետ, եւ, վերջապես, այն բեռնակիրների ու սայլորդների մասին, որոնք պիտի ձգտեն դառնալ սեղանավոր կամ դրամագլխի տեր եւ այլն. [16]:

 

 

/404/ Սըվաճյանի այս մտքերը հատկանշական էին ազգի վարի այն խավերի համար, որոնց տենչերի ու ձգտումների թարգմանն էր հրապարակախոսը: Հասարակական այդ խավերը հաճախ երազում էին միայն իրենց կորցրածը վերստանալու կամ նույնիսկ՝ իրենց ճնշողների ու կեղեքողների դիրքերին հասնելու համար: Այդ խավերի մտայնության համար բնորոշ է նաեւ «Մեղու»-ի բարոյախոսական հայեցակետը, նրա քարոզած պուրիտանիզմը: Ազգի նախապաշարումների հետ միաժամանակ թերթը նշավակում է քաղքենի զեխություններն ու անպարկեշտությունները, կանանց ու տղամարդկանց «ալաֆրանկա» ծամածռությունները: Չափավորության քարոզը այդ, մորալի գլխավոր կանոնն էր. մարդկային թշվառության պատճառներն իսկ թերթը որոնում էր հաճախ «իրենց կենաց բուն պիտույքը չճանչելու» եւ «պետք եղածեն ավելին փնտրելու» մեջ [17]: Այս կապակցությամբ հասկանալի պիտի լինի նաեւ «Մեղվի» պայքարը «Արեւմուտք»-ի բուրժուական ազատամտության եւ «եվրոպական» լուսավորչության դեմ:

Թե հիրավի «Մեղու»-ն կապված էր արեւմտահայ մասսաների հետ՝ դրան ապացույց կարող են լինել նույնիսկ Մեչուխեչայի երգիծաբանական ոճը եւ անգամ նրա հանրամատչելի, տաճկաբանություններով եւ գավառաբանություններով լեցուն, արհեստական զարդ ու պաճուճանքից զերծ լեզուն: Ակներեւ է, որ «Մեղու»-ն գրում էր բացառապես հասարակ ժողովրդի համար: Հասարակ այդ ժողովուրդն էր նյութ մատակարարում թերթին եւ կազմում նրա ընթերցողների բուն կոնտինգենտը:

Թյուրքահայ դեմոկրատիայի գաղափարախոսը տակավին Սահմանադրությունից առաջ էր պաշտպանում էսնաֆների նվաճած ազգայինվարչական իրավունքները: «Ազգը, գրում էր նա, իր մեջեն հանճարովն ու առաքինությամբը երեւելի եղած մարդիկը կընտրե, իր օրենքներն անոնց ձեռքը կհանձնե եւ արտոնություն կուտա անոնց իր վրա իշխելու՝ զինքը երջանկացնելու նպատակով: Ազգն է դարձյալ, որ անոնց իշխանության ժամանակը կկարճե կամ կերկայնե՝ իրենց պաշտոնը գեշ կամ աղեկ վարելնուն համեմատ, եւ անոնց իշխանությունը ժառանգական իսկ կընե: Հետեւաբար, ազգ մը ամենայն իրավամբ կարող է իշխաններուն իրենց պաշտոնին մեջ խարդախությունը, անհավատարմությունը եւ անիրավությունը տեսած ատեն, զանոնք դատապարտելու եւ նախատելու. անոր ընծայած հարգանաց փոխանակ, ետքն ալ անարգելու վերջապես իրավունք ունի զինքը թշվառացնելու նպատակով իշխողը վանելու, հալածելու, եւ ամեն կերպ զանի թլված ընելու, միայն մարդկության պատվույն արատ չբերելու ուշադիր ըլլալով» [18]:

 

 

/405/ Ողջունելով էսնաֆների խոշոր նվաճումը՝ Ազգային սահմանադրությունը, Սըվաճյանը, այնուամենայնիվ, էսնաֆների սահմանափակ դասային տեսանկյունով չէր ընձեռում Սահմանադրությունը. նա կամենում էր կառուցել Սահմանադրության շենքը ժողովրդական լայն մասսաների— թյուրքահայ գյուղացիության եւ նրա հետ զոդված քաղաքացիության— արհեստավորության, բանվորների եւ մտավորականության մասսաների վրա: Նա պաշտպանում էր այն միտքը, թե ազգային օրինավոր կառավարությունը չպիտի ընտրված լինի ամիրայական կամ էսնաֆական կուրիաներից: «Ասկե 12 տարի առաջ, գրում էր Սըվաճյանը 1860 թ., ազգին մեջ երկու կարգ մարդիկ միայն կային ամիրաներ եւ էսնաֆներ: Մնացա՞ծը, ա՛հ, անոր խոսքը չըլլար, անի խաժամուժ ամբոխն է, օրագիր շինող, գիրք գրող, բեռ կրող, պատ հյուսող, պատկեր գրող, բժիշկ, երկրագործ, թարգման կամ ատաղձագործ ու վարժապետ. ասոնց զամենն ալ ամիրա կամ էսնաֆ ըսված երջանիկ արարածները ըստըկով ծախու կառնեն ու իրենց պիտոյիցը կծառայեցնեն: Բայց՝ երբ գիրք գրողը տերության պաշտոնատար եղավ, երբ օրագիր շինողը հարյուրավոր մարդոց պատգամատու հանդիսացավ, երբ երկրագործը կուրծքը պատվանշաններով զարդարելու չափ հարգ ու համարում գտավ, երբ բժիշկը տերության ժողովներու անդամ եղավ, երբ թարգմանը բաշա եղավ, վարժապետը՝ դեսպան, երբ ատաղձագործը՝ ամիրային չըրած առատաձեռնություններն իրավ՝ ալ ոչ ամիրա, ոչ էսնաֆ՝ պետք չէ որ ուրիշ ազգայիններու ունեցած իրավունքեն ավելի իրավունք պահանջեն» [19]: «Մեզ համար անկարելի է, շեշտում էր Սըվաճյանը, որ այդ ըսելով էսնաֆը միայն իմանանք, եւ իբրեւ ազգեն ընտրված համարենք ժողով մը, երբ միայն էսնաֆի կողմեն ընտրված է» [20]: Այս հիման վրա նա պահանջում էր, որ ընտրությունները տեղի ունենան ոչ թե ըստ համքարությունների, այլ ըստ թաղերի եւ ըստ գավառների: «Գրեթե ամեն թաղի ժողովուրդ, հարում էր նա, այն թաղին երեւելիներուն դեմ քանի-քանի անգամ մարտնչած է եւ այսօրվան օրը գրեթե ամեն տեղ անոնց լուծը թոթված է. իսկ էսնաֆներու մեջ ասանկ բան մը դեռ չէ լսված: Ուրեմն ընտրությունը թաղերուն ձգելով՝ ազատ եւ անկախ ընտրություն ըլլալու մեծ ապահովություն մը կշահի ազգը» [21]: Ինչ վերաբերում է գավառներին՝ դրանցից առնված ներկայացուցչությունն է միայն, ասում է Սըվաճյանը, որ կարող է ապահովել կառավարության ազգային բնույթն ու նրա կարգադրությունների օգտակարությունը:

Տեսանք, որ «թլպատված» Սահմանադրությունը հիմք ընդունեց /405/ հենց ընտրության թաղական սիստեմը. այդ չխանգարեց, սակայն, որ թաղական հավաքույթներում էլ խեղդվեր ժողովրդի ձայնը: Քննադատելով էսնաֆական սիստեմը՝ Սըվաճյանը չկարողացավ փոխարինել այն ավելի նպատակահարմար սիստեմով:

Որպես դեմոկրատ հրապարակագիր՝ Սըվաճյանը պիտի հարվածներ հասցներ ոչ միայն թյուրքահայ իրականության մեջ գերիշխող ֆեոդալական ուժերին, այլեւ նյութական տիրապետության հասած բուրժուազիային: Պատահական չէ, որ դեմոկրատական «Մեղու»-ի վրա ատամ էր կրճտացնում ոչ միայն թյուրքահայ կղերի եւ ամիրայության գաղափարախոս Չամուռճյանը, այլ հաճախ նաեւ լիբերալ «Մասիս»-ը՝ Կ. Ութուճյանի օրգանը: ««Մեղու»-ն, գրում էր «Մասիս»-ը, ազգին Հերակլեսը կամ Տոն Քիշոթն է, որ իրեն նպատակ դրած է հայոց աշխարհին վրա տիրող բռնությունները, հարստահարությունները եւ ուրիշ ամեն տեսակ անիրավությունները բնաջինջ ընել։ Ասոր համար կարծիք ընողներ կան, թե իր խայթոցը Մովսեսի գավազանին զորությունն ունի, ուր որ դպչի հրաշք կկատարե: Մենք Ճանճիկ աստվածին երկրպագուներեն չըլլալով՝ այսպիսի հրաշագործության մը չենք կրնար հավատալ. ընդհակառակն, մեր բանականության իրավունքը գործածելով՝ կծիծաղինք այն նորաձեւ իմաստուններուն վրա, որ ազգին վիճակն ու պիտույքը չճանչնալով` եւ հնարավորն ու անհնարինը չկրնալով որոշել, չնչին մուկեր ծնանող լեռներու պես ունայն աղաղակներով իրենց կոկորդը կպատռեն եւ ազգին ալ գլուխը կցավցնուն» [22] ։

Սակայն «Մեղու»-ի դեմոկրատիզմը չէր հասնում ռեւոլյուցիոն լարման: Այս տեսակետից հատկանշական է թերթի դիրքավորումը Ազգային սահմանադրության կապակցությամբ: Սըվաճյանը հավատացած էր, թե սահմանադրական վարչության ներքո «ամեն անհատ պիտի գտնեն իրենց հանգստությունը, եւ ասկե ավելի իրենց ազգության իրավունքը ու ան պիտի ճանչցնե անոնց իրենց պարտքերը, որով մեկը չպիտի կրնա անկե ավելին ալ պահանջելու…»: «Ազգային սահմանադրության համար, գրում էր նա, - Եվրոպայի մեծ ազգերը արյուններ թափեցին, մեծամեծ կորուստներ ըրին, տարիներով աշխատեցան եւ հազիվ անոնցմե մեկ քանին այսօր հաջողած են անոր արդյունքն ու շնորհքները վայելելու: Անգղիա, Պելճիգա եւ Զվիցերիա կատարյալ կերպով ունին շատ նեղություններե ետեւ այսօր՝ ազգային սահմանադրություն մը եւ Ֆրանսա տակավին չի կրցավ ձեռք բերել ասի, թեպետ քանի-քանի աշխարհ թնդացնող հեղափոխություններով ստացավ առժամանակյա վայելչությունն անոր: Հայերը այսօր ահա առանց արյունահեղության կընդունին զա/407/նի…» [23]: «Եթե մեր ազգը, ասում էր նա, բաղդատենք այն ազգերուն հետ, որ իրենց արյան գնով կվայելեն այս սահմանադրությունը՝ կտեսնենք, որ մենք զանի չընդունելու պատճառ մը կամ գործադրելու արգելք մը ունինք. վասնզի հոն ազնվապետություններ կար, բացարձակ ինքնակայություններ կար, մեր մեջը չկա ասոնք, եւ եթե մեկ քանի անձինք կան, որ ազնվապետության հավնած ըլլան՝ անոնք ալ պատրաստ են ազգին համար իրենց կարծիքը զոհելու» [24]: «Եվ դուք, կարոտյա՛լք ազգին, ծերք եւ տղայք եւ հարստահարյալք, ցնծացե՛ք եւ ուրա՛խ եղեք. տերն այցելություն ըրավ ձեզի, ազգն ամփոփեց իր զորությունը. հանճարն ու արդարությունը պիտի կառավարել ձեզ, սահմանադրության մը անթերի գործադրությունը պիտի խնամե ձեզ: Ծափ զարկեք եւ օրհնեցեք ազգի բարերարները» [25]:

1861 թ. ռեակցիան սառը ջուր ցանեց Սըվաճյանի բարեհոգության վրա: Տեսանք, որ «ներսեն-դուրսեն» պայքարի ժամանակ լիբերալ-կղերական բլոկը մի պահ նույնիսկ խափանել տվեց «Մեղու»-ն: Առաքինությունը պատժված էր, արատավորությունը խրախուսված: Սակայն Սըվաճյանն ընկճվող բնավորություն չէր: Նրա մեջքը կարող էր կորանալ հալածանքի կամ կարիքի տակ, բայց չէր կարող բեկվել՝ բռնելով սկզբունքների դավաճանության: ուղին: «Մեղուն առայժմ փեթակին մեջ ըլլալուն համար» Մեչուխեչան հրապարակեց Երուսաղեմի դեպքերը մերկացնող մի բրոշյուր՝ «Մատնություն» վերնագրով, որ ուղարկեց բաժանորդներին թերթի փոխարեն: Այդտեղ Մեչուխեչան մերկացնում էր պատրիարքի քսությունները: «Ազգին պատրիարքը, որ աստուծմէ ու տերութենեն պաշտոն առած է ազգն ի խաղաղության պահելու, որ իր թշնամիները սիրելու, իր հալածիչները պաշտպանելու եւ անիծիչներն օրհնելու պատվերն առած ի Քրիստոսե երեք անգամ ժողովրդին մորուքին կխնդա, անոր երեսները կշոյե եւ ետքը կերթա իշխանության առջեւ կամբաստանե նույն ժողովուրդը իբրեւ ապստամբ, իբրեւ հեղափոխական, իբրեւ տերության մեջ inերություն կանգնող… Ամեն տեղ իսթինթագի (հարցաքննության, Ա. Հ. ), աքսորի, բանտարկության բառեր կլսվին» [26]:

Սըվաճյանի կատարած շրջադարձի ու նրա սուր այս մերկացումների մեջ դժվար չէ տեսնել թյուրքահայ գավառում արծարծվող գյուղացիական տարերային հուզումների, գյուղացիների արտահայտած մասսայական տրտունջների եւ բողոքների արձագանքը եւ Ազգային սահմանադրության շուրջը հաճախացող բախումների սաստկացումը: Բայց չպիտի /408/ անգիտանանք նաեւ Նալբանդյանի իդեական ազդեցությունը, կազմակերպական այն աշխատանքն ու պայքարը, որ կատարեց ու ղեկավարեց Նալբանդյանը Սահմանադրության դրական հասումները հակասահմանադրական ռեակցիայի դեմ պաշտպանելու համար:

Նալբանդյանին էր արձագանքում Սըվաճյանը տակավին նրա հետ չհանդիպած, երբ գրում էր. «Միանանք ազգայնության փառավոր դրոշակին տակ, ի մի սիրտ եւ մի հոգի հոդյալ ամրացնենք, ստվարացնենք ազգին արմատը, անանկ, որ ոչ հյուսիսի (իմա՝ ցարիզմի, Ա. Հ. ) ցրտաշունչ ու թուփախիլ հովերը կարող ըլլան զանի հերկիր կործանելով անոր ճյուղերն ու տերեւները եւ պտուղները ցամքեցնելու, ցրվելու, ոտից կոխան ընելու, եւ ոչ հասարակածին (իմա՝ սուլթանիզմի, Ա. Հ. ) վրայի կիզող արեւը կարող ըլլա զանի չորացնելով փոշի դարձնելու եւ զեփյուռներու անգամ խաղալիք ընելու» [27]: Սակայն ավելի որոշ դարձավ Նալբանդյանի ազդեցությունն արեւմտահայ հրապարակախոսի վրա 1860 թ., նրանց անմիջական ծանոթությունից հետո: Ակներեւ է մանավանդ Սըվաճյանի վրա «Երկու տող»-ի ազդեցությունը:

Սըվաճյանն ընդարձակ արտատպություններ էր անում «Մեղվի» էջերում աղմկահույզ այդ պամֆլետից: «Երկու տող»-ի մերկացումներից եւ հավանորեն նաեւ Նալբանդյանից ստացած անմիջական ինֆորմացիաներից հետո «Մեղու»-ն սկսում է հոդվածներ տպել Այվազովսկու դեմ, լքելով վաղեմի իր բարյացակամ տոնը «ուսումնական վարդստ պետի» նկատմամբ: Ահա թե ինչ է ասում նա հիմա այդ «ուսումնականի» մասին. «Հնարից Տուփին մեջեն համարյա ամեն ազնիվ հնարքները գործածելով հոգնած, թալցած, շունչը բռնված, մեկ ոտքը բարեպաշտության եւ մյուս ոտքը ազգասիրության վրա դրած՝ իր ետեւն ալ մեկ ուրիշ ուժ մը ունենալով վար չընկնելու համար հասավ նպատակին, թեեւ ոչ բոլորովին…» [28]:

Նալբանդյանի մերկացումներից հետո Սըվաճյանի համար ակներեւ էր վարդապետի եւ ցարական ոստիկանության մտերիմ կապը: Այնուամենայնիվ, Սըվաճյանը շարունակում էր հավատալ, թե Թյուրքիան Ռուսսաստան չէ, թե Յիլդիզ Քյոսկի տրամադրության տակ չկա Սիբիրի այն սառնամանիքը, որ, ինչպես գրել էր «Երկու տող»-ի հեղինակը, «բարեխառնում» է ռեւոլյուցիոներների ջերմությունը… «Ինչ կարծեցեք, անզգամներ, գրում էր Սըվաճյանը, ռուսին հողին վրա չենք: Հոս անանկ մարդը բռնելուն պես ի բանտ չեն մատներ, աքսոր չեն ղրկեր եւ աղատամիտներու համար Սիպիրիա չունի օսմանյան տերությունը: Եվ ինչո՞ւ ունենա. հոս անոնք միայն հավատարիմ են տերության, որ նոր դարուս /409/ սկիզբներուն կծառայեն. զի նույնիսկ Եվրոպային մեջ ալ քիչ կա հիմա նման օսմանյան հողին, ուր այնքան համարձակություն եւ այնքան թույլտվություն շնորհված ըլլա: Հոս հառաջդիմության հեղափոխություն չեն ըսեր եւ ոչ ալ ազատամտության անհավատություն կըսեն: Հոս՝ կրոնամոլներն են միայն տերության թշնամի, զի իրենց կրոնքեն չեղողներ ալ ըլլան, կհալածեն իբրեւ որդի դժոխաց: Կրոնամոլ հայը իրեն վարձք կսեպե տաճկին ստակը գողնալ, տաճիկը խաբել, տաճիկին տունը փլցնել, մինչդեռ լուսավորյալ հայ մը ոչ առաքինություն, ոչ մեղք մը գործած ատենը գիտե ազգ կամ կրոնք խտրել»:

Այս ու նման ազդարարությունները մասամբ տուրք էին գրական դիվանագիտության եւ միջոց՝ գրչի ինքնապահության: Սակայն չպիտի մոռանալ այս առիթով նաեւ այն խոսքերը, որ ասել է Մարքսը «Կապիտալ»-ի մեջ ֆիզիոկրատներին քննադատելիս. ծախու հանվող գաղափարների պիտակը մյուս ապրանքների պիտակից տարբերվում է ի միջի այլոց նրանով, որ խաբում է ոչ միայն գնողին, այլ հաճախ նաեւ ծախողին…։

Բարեբախտաբար, 1860-1863 թվականների ընթացքում պոլսահայերի վերապրած կրիզիսը եւ սուր այն քննադատությունը, որին ենթարկեց Նալբանդյանը Ազգային սահմանադրության դեմ գործող ուժերին, փրկեցին Սըվաճյանին նման ինքնախաբեությունից: Պիտի նույնիսկ արձանագրենք, որ 50-ական թվականներին Սըվաճյանը հերկում էր այն հողը, որի վրա հասարակական գաղափարների նոր սերմեր պիտի աճեցներ 60-ական թվականների ընթացքում Նալբանդյանը: «Մեղվի» օրգանական կապը «հասարակ ժողովրդի» հետ, նրա պայքարը ազգային վարչության միջնադարյան մնացուկների լիկվիդացման համար, ազգային վաճառականության եւ երկրագործության մասին արծարծած նրա մտքերը եւ անգամ եվրոպական կապիտալի եւ «ալաֆրանկա» քաղաքակրթության ավերիչ ազդեցության դեմ նրա սկսած արշավանքը հող էին նախապատրաստում այն մտքերի ընկալման համար, որոնք տեսական հիմք եւ գործնական ընթացք պիտի ստանային Նալբանդյանի 60-ական թվականների գրվածներում եւ հատկապես «Երկրագործության» էջերում, հաղորդելով «Մեղվի» հրապարակախոսությանը ռեւոլյուցիոն ուղղություն, որակ, որից իսպառ զուրկ էր Սըվաճյանի 50–ական թվականների ազգային-դեմոկրատական հրապարակախոսությունը։



[1]     Հ. Գ. Մրմրյան, 19-րդ դար եւ Հովհ. Պրուսացի Տերոյենց, Կ. Պոլիս, 1898, եր. 110 եւ հետ.:

[2]     Չերազ-Տեմիրճիպաշյան, Դամբարան, Կ. Պոլիս, 1878, եր. 10:

[3]     «Արեւելյան Մամուլ», 1874, եր. 477 եւ հետ.:

[4]     Վրույր, Հայկական նամականի, եր. 259 եւ հետ.:

[5]     Հ. Ասատուր, Դիմաստվերներ, Պոլիս, 1921, եր. 130 եւ հետ.:

[6]     «Երեւակ», 1861, N 113:

[7]     «Մեղու», 1859, եր. 138 եւ հետ.:

[8]     Նույն տեղը, 1864, եր. 78:

[9]     «Մեղու», 1856, եր. 78:

[10]   Նույն տեղը, եր. 98:

[11]   Նույն տեղը, 1859, եր. 182:

[12]   «Մեղու», 1856, եր. 30:

[13]   «Մեղու», 1856, եր. 63։

[14]   Նույն տեղը, եր. 63 եւ հետ.:

[15]   Նույն տեղը, եր. 66 եւ հետ»:

[16]   Տե՛ս նույն տեղը, եր. 101:

[17]   Հմմ. «Մեղու», 1859, եր. 25 եւ հետ.:

[18]   «Մեղու», 1859, եր. 33 եւ հետ., հմմ. նաեւ նույն տեղը, եր. 234:

[19]   «Մեղու», 1860, եր. 27:

[20]   Նույն տեղը:

[21]   Նույն տեղը:

[22]   «Մասիս», 1859, N 412:

[23]   «Մեղու», 1860, եր. 113:

[24]   Նույն տեղը:

[25]   Նույն տեղը, եր, 189:

[26]   «Մատնություն», Կ. Պոլիս, 1861, եր. 5 եւ հետ.:

[27]   «Մեղու», 1860, եր. 139:

[28]   Նույն տեղը, 1861, եր. 118: