Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/35/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ


ԲԱԽՈՒՄ ՌՈՒՏԻՆԱՅԻ ՀԵՏ


Տիրացու Մուխալը հոգեւոր կառավարության գրագիր։ Հասարակական ասպարեզ: Գ. Պատկանյանը որպես քաղքենի դժգոհությունների թարգման: Գյուղացիների եւ քաղաքատերերի բախումները: Ներսես Աշտարակեցի: Եկեղեցական վեքիլների ռեժիմը։ Նալբանդյանի ընդհարումը Եկենյանի հետ: Կեղծված նամակների պատմությունը։ Հոգեւոր եւ աշ, սարհիկ դպրոցական սիստեմների բախումը։ Գ. Պատկանյան եւ Խ. Աբովյան: Պատկանյանի դիրքավորումը Աշտարակեցու ընդհանուր քաղաքականության դեմ։ Պատկանյանի կալանքը։ Նալբանդյանը վերսկսված պայքարի ղեկավար: Մտրակի, գավազանի եւ ոսկեպարկի դաշինքը նրա դեմ։

Հինն ու նորը գրկախառնված էին տեր Գաբրիելի վարժական, ինչպես եւ իր՝ վարժապետի գրական-հասարակական գործունեության մեջ: Տեսանք պրոգրեսիվ այն ազդեցությունը, որ ունեցան Նալբանդյանի վրա Պատկանյանը, ու դրա հետ մեկտեղ նաեւ ռուս եւ օտար հեղինակների ընթերցումը, նրա ընդհանուր զարգացման, լեզվական ու գրական-պատմական գիտելիքների յուրացման, ինչպես նաեւ նրա գրական ունակությունների մշակման վրա: Դրա հետ միաժամանակ նա վարժապետից ներշընչումներ էր ստանում ազգային եկեղեցու եւ նրա դավանանքի պաշտպանության համար: Հատկանշական է, որ պատանի Մուխալը շարադրություն գրեց «Քրիստոսի մարդեղության» մասին: Պատկանյանը ոչ միայն ներշնչել, այլեւ շտկել էր աստվածաբանական նրա այդ թոթովանքը [1]: Առանց վարժապետի հորդորի չէր նաեւ, որ պատանի Մուխալը տիրացվության պաշտոն էր կատարում եկեղեցում եւ որոշել էր ընդունել հոգեւոր կոչում: Այս նշանակում է, որ Պատկանյանի աշակերտը մտադրվել էր շարունակել ուսումը, նվիրվել ոչ միայն եկեղեցուն, այլ, ուսուցչի օրինակով, նաեւ գիտությանն ու լուսավորությանը, որչափ հայ կյանքում հիմնականում դեռ եկեղեցուն էր վերապահված լուսավորության ու գիտության հոգսը: Տիրացվությունն ու փոխասացությունը ժամանակի ուսումնառու/36/թյան անխուսափելի ուղեկիցներն էին: Դպրոցական ուսումն ամենից առաջ համարվում էր եկեղեցու համար կադրեր ստեղծելու միջոց: Տիրացու Մուխալը առհարկի տուրք էր վճարում դարերի ընթացքում իշխած այդ իրադրությանը: Հաճախելով իրենց թաղի եկեղեցին, Մուխալը նրա սպասավորության համար ցույց էր տալիս նույնիսկ հատուկ ունակություններ: Ուներ նուրբ լսողություն, երաժշտական ճաշակ, բերանացի գիտեր շարականի երգերն ու եղանակները, խրոխտ ու բամբ ձայնով սիրում էր առաջ ընկնել ուրիշներից, փակելով անհաջողակ մրցակիցների ձայնը [2]: Ժամանակակիցներից մեկի վկայությամբ, թեպետեւ ձայնն էլ լավ չէր, բայց երգում էր «ոգեւորված» [3]:

Ժամանակի իշխող մտայնության տեսանկյունից դատելով, այս ամենը կարող էր դիտվել որպես խոստումնալից պատանու «փայլուն ապագայի» նախանշաններ: Այնուամենայնիվ, Նոր-Նախիջեւանի կոնկրետ իրադրության մեջ Պատկանյանից ստացած ներշնչումները միշտ չէ, որ հանգավորվում էին տիրող մտայնության հետ: Պատկանյանը սոսկ հայ եկեղեցու պաշտոնյա չէր եւ ոչ էլ միայն գիտուն կամ մանկավարժ: Նա միաժամանակ նաեւ ազգային-քաղաքական ուրույն հայացքների ու ձգտումների ներկայացուցիչ էր, հասարակական որոշ հոսանքի պարագլուխ: Չպիտի անգիտանանք, որ Պատկանյանն էր հենց այն մարդը, որ ներարկեց իր աշակերտին խոր ատելություն ոչ միայն դեպի ազգային եկեղեցու, այլեւ ժողովրդական շահերը ոտնահարող հիմնարկներն ու իշխանավորները: Սկզբնապես նա էր հենց բորբոքել եկեղեցական գումարների շուրջ առաջացած այն պայքարը, որ այնքան փոշի պիտի բարձրացներ Նոր-Նախիջեւանի համայնական կյանքի հրապարակում:

Նալբանդյանն աշակերտում էր Պատկանյանին այն տարիներին, երբ վերջինս սուր հակամարտության մեջ էր քաղաքի աղայական դասի հետ: Պայքարի առիթը Նոր-Նախիջեւանի եկեղեցական հոգաբարձության պատկանած գույքերի ու դրամների կառավարման խնդիրն էր:

Դեռեւս 1829 թվականին Ներսես Աշտարակեցին, իբրեւ Նոր-Նախիջեւանի եւ Բեսարաբիայի վիճակավոր, հանձնարարել էր Պատկանյանին, այն ժամանակ տակավին սարկավագ, պահանջել Նոր-Նախիջեւանի հոգեւոր կասավարության նախանդամ Գաբրիել Գաբրիելյանից քաղաքի եկեղեցական գումարների հաշիվը: Քաղաքի մեծավորները առանց դիմադրության չէ, որ հաշիվ էին ներկայացնում եկեղեցական գումարների եւ եկեղեցական գույքերի կառավարման մասին: Այս հողի վրա կռիվներ ու բախումներ էին լինում Նոր-Նախիջեւանում դեռ Հովսեփ Արղությանի, Եփ/37/րեմի եւ Գառնակերյանի առաջնորդության տարիներին: Պայքարը սրվեց մանավանդ Ներսեսի օրոք, ուղղվելով անմիջորեն նրա հավատարմատար Պատկանյանի դեմ, վերջինիս դեմ հուզելով Գաբրիելյան քահանաչի եւ հատկապես սրա մերձավոր բարեկամ աղա Խալիբի թշնամանքը: Պատկանյանի դեմ Խալիբը ոտքի հանեց քաղաքի աղաներին, հեռացնելով նրան ուսուցչական այն պաշտոնից, որ վարում էր 1827 թվականից ի վեր, հրավիրված լինելով Աստրախանից:

Վրդովված Խալիբի վարմունքից, 1832 թ. Ներսեսը քահանա ձեռնադրեց Պատկանյանին Նոր-Նախիջեւանի մայր եկեղեցու վրա՝ տալով նրան միաժամանակ գործակալի ու հոգեւոր վարչության քարտուղարի պաշտոն: Այս հանգամանքն ավելի հուզեց Պատկանյանի դեմ այն աղաների թշնամանքը, որոնց Ներսեսը իր մի գրության մեջ «Խալիբի սրիկայք» անունն էր տվել [4]: 1833 թ. ընտրվելով քաղաքագլուխ, Խալիբը գործ դրեց իր ուժն ու ազդեցությունը՝ գրգռելու Պատկանյանի դեմ, մի կողմից, եկեղեցիների պարտապաններին եւ մյուս կողմից՝ վիճակավոր առաջնորդ Ներսեսին: Նախանձելի չէր Պատկանյանի վիճակը հակամարտ ուժերի՝ Ներսեսի եւ աղաների արանքում: «Պատկանյանցը, գրում՝ է նրա կենսագրողը, դարձել էր մի միջնաթումբ, որին երկու կողմից էլ բախվում էին մրրկահույզ ծովի կատաղած ալիքները. նա եղել էր մի քավության նոխազ, որի գլխին երկու կողմից էլ թափվում էին հարվածները» [5]: Պերճաբան Պատկանյանը եկեղեցու բեմից ազգասիրություն էր քարոզում կրոնասիրության միջոցով եւ կրոնասիրություն՝ ազգասիրության միջոցով: Նա չէր սահմանափակվում վերացական խոհերով: Եկեղեցու բեմից նա լսելի էր անում իշխանավորներին քաղքենիների տրտունջներն ու բողոքները: ՝

Իր քահանայագործության ընթացքում Պատկանյանը սերտորեն կապված էր ոչ միայն Նոր-Նախիջեւանի, այլեւ Մակարիայի կամ Խարկովի հայ առեւտրականների հետ: Տոնավաճառատեղիների հայ վաճառականները նախապատվություն էին տալիս նրան եւ մեծապես շահում, քանի որ, ինչպես ասում էին, իր խելքով ու քաջ ռուսախոսությամբ նա «օտարների առաջ պատիվ է բերում իրենց» [6] ։

Հենվելով ազգային գործերին նպաստող վաճառականության վրա, Պատկանյանը սուր լեզու էր բանեցնում քաղաքի «իշխանների» դեմ (որոնց նա մի տեղ «իշի խանք» անունն էր տալիս) եւ նրանց գործիք դարձած գիշատիչ կղերի՝ եկեղեցու փարախը մտած «հովվազգեստ գայլերի» հասցեին: Հակառակորդների կողմից ազգի «միաբանությունը» /38/ խախտելու մեջ մեղադրված՝ հետագայում նա գրում էր. «Ուր ազգ կա, այստեղ միաբանությունը եւ անմիաբանությունը անդադար պիտի մեջերը վեր երեւին, որ իմացվի թե ազգը կյանք ունի, մեռած չէ, սորա զարգացումն սառած մնացած չէ. երբեմն առաջ է գնում, երբեմն կանգ է առնում՝ ըստ բերմանց հանգամանաց» [7]: Դիմադրելով ազդեցիկ աղաներին, մանվածապատ իր ոճով նա քննադատական դիտողություններ էր ուղղում նույնիսկ անմիջական իր պետին՝ Ներսեսին: Ներսեսը համարում էր Պատկանյանին անհնազանդ, ամետի եւ անողոք: Հրահանգում էր նրան չափ դնել իր գրություններին, զգուշանալ այլաբանական ակնարկություններից, խուսափել բառակույտերից, կատարել իր հրամանները եւ ոչ թե խորհուրդներ տալ իրեն: Շարունակ հանդիմանում էր նրան ինքնագլուփ քայլերի, կռվաբանության ու չարաբանության համար: Եթե չզսպի լեզուն եւ չփոխի գրելաձեւը, այլեւս թող որ չմեղադրի իրեն: Անգամ Պատկանյանի հարազատ եղբայրը՝ տեր Պետրոսն է մատնանշում նրա «անհաշտ ու խռովարար» բնավորությունը, «օձախայթ» ու «թունավոր» այն լեզուն, որով նա շանթահարում ու շփոթեցնում էր «խաղաղասեր հասարակությունը»: Եկեղեցու բեմը դարձնելով խռովահույզ քարոզների ամբիոն, Պատկանյանն ինքն իսկ ասում է, թե փորձում էր իր «որոտումներով» մերկացնել հակառակորդների գարշելի կերպարանքը, սաստել նրանց:

Թե ընդսմին սկզբունքային ի՞նչ դիրքերից էր մեկնում Պատկանյանը, կարելի է եզրակացնել թեկուզ այն մտքերից, որ փոքր-ինչ ուշ արծարծում էր նա իր խմբագրած «Արարատ» պարբերաթերթի էջերում: Առաջիններից մեկն էր Պատկանյանը, որ անդրադառնում էր հայ կյանքին «ազգի» տեսանկյունից: «Թե ճշմարիտն ասենք, գրում էր նա, հայոց ազգը պատմություն եւս չի ունեցած: Այդ պատմությունը ինչ որ ունի՝ ազգի պատմություն չէ, այլ միայն նահապետաց, իշխանաց, թագավորաց պատմություն է, եւ նրանով իմանում ենք, որ այսինչ ժամանաեւ հայոց ազգն ունեցել է այսինչ անունով թագավոր. այլ նույն ժամանակումն ազգն ի՞նչ է արել, ի՞նչ տեղե է եղած՝ հայտնի չէ: Թեպետ եւ շատ ազգերու պատմությունն եւս այսպես է»: «Ազգ» ասելով՝ Պատկանյանը հասկանում էր նախ եւ առաջ նրա վաճառականությունը: Ռուա զենքի օգնությամբ եւ իր աշխատասիրության շնորհիվ, ասում էր նա, հայ վաճառականությունը ստացավ հանգստություն եւ տեր դարձավ հարստության: «Հայոց ազգի մեջ հարուստը շատ է, քան թե աղքատը, եւ աղքատը միշտ տարաբախտիկ վիճակի պատահմանց տույժն կամ վնասն է քաշում» [8]:

/39/ «Այն քաղաքը, գրում էր Պատկանյանը հետագայում, դեռ հարուստ չէ կարող ասվել, եթե յուր մեջ ունի միայն քսան-երեսուն հոգի հարյուր հազարի տեր, իսկ մյուսները աղքատ են. ամեն աղքատ գյուղի մեջ կգտնվին մեկ քանի հարուստ, որոց միմյանց հետ հարաբերությունը ի՞նչպես է. կամ աղքատներու աղքատությունն է պատճառ հարուստներու հարստանալուն, կամ հարուստներ ու հարստությունն է պատճառ աղքատներու աղքատ մնալուն: Քաղաքը հարուստ կասվի այն ժամանակ, երբոր մեջը հարյուր հազար ունեցող թեեւ տասն հատ լինի, բայց հիսուն հազար ունեցող հիսուն հատ գտնվի, քսան եւ հինգ հազար ունեցող հաթյուր հատ գտնվի, տասն հազար ունեցող երկու հարյուր հատ: Հարյուր Հազար ունեցողները միայն բանի սկզբնավորություն կանեին, մյուսները՝ օգնություն, եւ գործը առաջ կերթար» [9]:

Հետեւելով Գ. Պատկանյանի մղած պայքարի ընթացքին, դժվար չէ համոզվել, որ հետագայում գրի առնված նրա տողերի մեջ մեծ չափով արտահայտվում էին այն հայացքները, որոնց պաշտպանության համար նա ասպարեզ էր մտել Ն. -Նախիջեւանում տակավին անցյալ դարի 30—40-ական թվականներին:

«Մեկ քաղաքի բնակիչ հայերը որովհետեւ կարող են լինել համ արիստոկրատ, համ վաճառական, համ արհեստավոր, կարե՞ն մեկ դասակարգության տակ մտնել. սոցա ազգությունը, լեզուն, կենցաղավարությունը մի եւ նո՞ւյն են, թե զանազան գույներ ունին, զանազան կերպեր ունին, զանազան նպատակներ ունին եւ զանազան կետեր» [10]:

Հետագայում իր իսկ դրած այս հարցին Պատկանյանը բացասական պատասխան է տալիս: Պայքարելով կղերա-աղայական պարիստոկրատիայի» դեմ՝ նա աշխատում էր ընդարձակել ազգային վաճառականության դերը, մարտական պայքարի ասպարեզ քաշելով քաղքենի արհեստավորությունն ու «աղքատ փոքրամասնությունը»:

Թվում է, թե Պատկանյանի որոտընդոստ քարոզների մեջ էր մշակվել հստակ ու պարզառակավոր ու պատկերավոր, հեգնող ու մտրակող հրապարակախոսական հետագա նրա խորհրդածությունների լեզուն: Այսպես, երգիծելով հայերի «անմիաբանությունը» նշավակողներին եւ այդ կապակցությամբ բերելով աղվեսի եւ օձի առակը, դրանցից մեկում նա գրում էր.

«Աղվեսը եւ օձը եղբայրական եւ գնում էին ընկերացած: Աղվեսը տեսավ, որ օձը անդադար գալար-գալար է գալիս, սկսավ թաթով գլխին ու գլխին տալ օձին, մինչեւ օձը շնչասպառ եղավ ու ուղղվեցավ. այն ժա/40/մանակ աղվեսը ասաց. ահա այսպես ուղիղ եղբայր էի ուզում տեսնել քեզ»:

Ազգին «միաբանություն» քարոզողները, հարում է Պատկանյանը, միայն այն ժամանակ պիտի միաբան համարեին հայերին, երբ սրանք կենդանության բոլոր նշաններից զրկված՝ ազգի տիրողների կույր ու հլու գործիք կդառնային: Սակայն քանի դեռ կենդանի է հայ ժողովուրդը, այդ քարոզները կմնան «ձայն բարբառո հանապատի, եւ խուլը ամեն անգամ կհաղթի շատախոսին». ժողովուրդը շատ լավ է հասկանում, որ քարոզված միաբանությունը չի կարող լինել ավելի հաստատ մի բան, քան գայլերի եւ ոչխարների «միաբանությունը» [11]:

Այս խորհրդածություններով Պատկանյանն անշուշտ ընդհանրացնում էր իր գլխավորած վաղեմի պայքարի փորձը:

Անշուշտ միայն եկեղեցական գումարների ու հոգեւոր վարչության խնդիրների շուրջը չէ, որ Պատկանյանի խոսքով կամ գրչով արտահայտվում էր քաղքենի օպոզիցիայի տրտունջը: Խալիբի քաղաքագլխության ժամանակ քաղքենի հարստահարությունը սաստկացել էր ոչ միայն եկեղեցական յուրացումների, այլեւ քաղաքային տուրքերի բազմաբարդման ճանապարհով: Այլեւայլ առիթներով ու պատրվակներով գանձվող դրամ - ները ծախսվում էին Խալիբի ցանկությամբ, առանց հաշվի ու հսկողության: Հետագայում լիբերալ Հայրապետյանի խմբակցությունը, վարչական-տնտեսական հաշվետվությունից զատ, ինքնիշխան քաղաքագլխից պահանջում էր նաեւ քաղաքապատկան այն հողամասը, որի վրա շինվածք էր կառուցել ու սեփականել վաղեմիության իրավունքով [12]: 40-ական թվականներին խոշոր դեր կատարեց Պատկանյանը մանավանդ քաղաքացիների գլխահարկը վերացնելու գործում: Քաղաքաբնակ աղաներն իրենց վրա էին առնում այլ քաղաքացիների տուրքերը, որոնք կհամաձայնեին բնակություն հաստատել նրանց կալվածներում եւ մշակել նրանց հողերը: Պատկանյանը ծառացավ քաղաքային մասսաները ճորտության անուրի տակ դնելու այս փորձերի դեմ: Նա ջանք թափեց վերացնել գլխահարկն առհասարակ եւ դրանով կտրել չքավորների ճորտացման ճանապարհը [13]: Մեր ձեռքը հասած իր երկերի մեջ եւս նա քննադատում էր Խալիբի եւ մյուսների ոչ միայն եկեղեցական, այլեւ քաղաքային-վարչական գործունեությունը [14]: Հարկավ, դրանով պիտի պոռթկար աղաների/41/ եւ նրանց ձեռք մեկնած կղերի ու իշխանավորների զայրույթը: Զրպարտություններ, չարախոսություններ, մեղադրանք՝ մի կողմից, հանդիմանություններ, եկեղեցական-վարչական պատիժներ՝ պաշտոնազրկում, կարգազրկում եւ անգամ կալանք՝ մյուս կողմից, այս եղավ ի վերջո ըմբոստ քահանայի անձնական վաստակը: Քաղքենիների հետամնացության ու անկազմակերպության եւ ցարական սաստկացած ռեակցիայի հանգամանքներում, Խալիբին ի վերջո հաջողվեց նրա չեզոքացումը [15]:

1845 թ. Ներսես Աշտարակեցին՝ ընտրված ու հաստատված ամեն նայն հայոց կաթողիկոս, ժամանեց Նոր-Նախիջեւան: Ինչպես պատմում է «Ճառ առ ազգս հայոց» իր ազդարարության մեջ Խալիբը, կաթողիկոսը պատվիրած է եղել իրեն մինչեւ նոր վիճակավորի ժամանումը հսկել թե՛ հոգեւոր կառավարության եւ թե՛ Նախիջեւանի երեցփոխների ելից ու մտից հաշիվները [16]: Պատկանյանի կողմից Խալիբին ցույց տրված ընդդիմությունը Ներսեսը համարեց անհնազանդություն իր կարգադրություններին եւ ժամանումի հաջորդ օրն իսկ Զենգին Կարապետի տանը դատաստանի ատյան բացեց Պատկանյանի գործերը քննելու համար: Քահանան քշվեց Թբիլիսի, ուր նրա վրա անմիջական հսկողություն պիտի ունենար ինքը՝ կաթողիկոսը [17]: Իր հիշողությունների մեջ Ստ. Սամվելյանը՝ Ներսեսի սպասավորը, գրում է, թե Նախիջեւանում այս պահին աղմուկ կար, շատ գանգատավոր էին Գաբր. Պատկանյան քահանայից, եւ կաթողիկոսը, կամենալով վերջ տալ դժգոհություններին, հրամայում է Թբիլիսի տեղափոխել Պատկանյանին [18]: Սամվելյանը չի տալիս աղմկողների ու գանգատավորների անունները, բայց կասկած չի կարող լինել, որ խոսքը տեղացի աղաների եւ ամենից առաջ Խալիբի մասին է:

Սակայն կաթողիկոսը չսահմանափակվեց միայն Պատկանյանին Թբիլիսի փոխադրելու կարգադրությամբ: | Հեռացնելով Պատկանյանին, պիտի գոցվեր նաեւ նրա վարժատունը ու ցաքուցրիվ լինեին նրա աշակերտները: Կաթողիկոսի հրամանով՝ նորընծա տերտերների ու մի շարք տիրացուների հետ նրա աշակերտները սլիտի հաճախեին քերականագետի համբավ վայելած Մկրտիչ Եկենյանի ընծայարանը: Ընծայարանի դասերը պարտադիր էին քաղաքի տիրացուների համար, քանի որ, ինչպես գրում էր Ներսեսը, «առանց վկայականի նորա (իմա՝ Եկենյանի, Ա. Հ. ) վասն ընթերցանութեան եւ վասն վարուց ու /41/ բարուց արժանավորութեանցս չկարասցին մտանել ի կարգ հոգեւորականութեան» [19]:

Այս անցքերի կապակցությամբ քաղաքում ստեղծվեցին տրամադրություններ եւ առաջացան բախումներ, որոնք ընդարձակ ծավալ ընդունեցին հաջորդ տարիների ընթացքում: Դեպքերն անդրադարձան մանավանդ Նալբանդյանի ճակատագրին: Նրա կյանքի ճանապարհին ցցվեց վիթխարի մի խոչընդոտ՝ Ներսես Աշտարակեցին:

Չի կարելի ուրանալ խոշոր այս եկեղեցականի վաղեմի ծառայությունները: Իր ձեռքն առած ազգի ղեկը՝ Ներսեսն այն մարդն էր, որ շարունակել էր 18-րդ դարի հայ երեւելի գործիչների՝ դեպի Ռուսաստան կողմնորոշված Օրիի եւ Դավիթ բեկի, Լազարեւի եւ Արղությանի, քաղաքական ուղեգիծը: Բնորոշ է, որ երբ 1823 թվականին անգլիական կառավարության ագենտ Վուլֆը խնդրեց Ներսեսի աջակցությունը հայերի հետ «մտավոր» կապեր ստեղծելու համար, վերջինս կտրականապես մերժեց նրա խնդիրը: Տնտեսական-շինարարական, տպագրական եւ դպրոցական իր ջանքերի ուղղությամբ նա շարունակում էր դարձյալ այն գործունեությունը, որի հիմքը նույն 18-րդ դարում դրել էին Սիմեոն Երեւանցին ու Արղությանը:

Դավիթ-Դանիելյան կռիվների ժամանակներից ի վեր եւ մինչեւ Սարդարաբադի ու Երեւանի գրավումը Ներսեսը մասնակցություն ունեցավ Անդրկովկասը Ռուսաստանին միացնելու ուղղությամբ ծավալված ձեռնարկություններին, նպաստելով հատկապես ռուսական բանակի պարենավորմանը, հայ կամավորական խմբերի ու գաղթականական գործի կազմակերպմանը եւ նորագրավ վայրերի կառավարմանը: Նշավակելով հայ դասալիքներին, նա գրում էր, որ եթե հայերը չունենան իրենց զինվորությունը, չեն կարող ստանալ նաեւ զինվորական կամ ազգային արտոնություն [20]: Նա համոզված էր, թե հայերի ազատությունը պիտի ձեռք բերվի ռուս կառավարության շնորհիվ եւ այդ ակնկալությամբ ջանք չէր խնայում նորանվաճ երկրում զսպելու ցարական վարչության դեմ հայերի մեջ խմորվող տրտունջներն ու բողոքները: Հաջորդած դեպքերը ցույց տվին, սակայն, որ ցարիզմի հաշիվների մեջ բնավ չէր մտնում Ներսեսի եւ յուրայինների ունեցած դասային եւ ազգային ակնկալությունների իրագործումը:

Անչափելի է այն եռանդը, որ սպառեց Ներսեսը իր որդեգրած ճանապարհով քայլելու համար: Սակայն նրան վարձահատույց լինելու փոխարեն, Երեւանի գրավումից հետո, Պասկեւիչի սադրանքով, ցարական /43/ կառավարությունը 15-ամյա պատվավոր աքսորի դատապարտեց հայկական պահանջների ձայնատար նկատված Ներսեսին:

Բլուդովին գրած իր բացատրականի մեջ Ներսեսը վերագրում էր Պասկեւիչի եւ իր տարաձայնությունը պարսիկների հետ կնքված հաշտության պայմանագրի այն կետին, որով որոշվում էր «Հայկական մարզի» սահմանների հարցը: Ներսեսը գտնում էր, որ Հայկական մարզի պաշտպանության համար անհրաժեշտ է մտցնել նրա սահմանների մեջ Մակուի շրջանը [21]: Պասկեւիչը եւ Պետերբուրգի նրա բարեկամները դրա մեջ տեսնում էին «հայկական սեպարատիզմի» նշաններ:

Հետագայում կաթողիկոս հաստատելով Ներսեսին, ցարիզմը կամենում էր շահագործել նրա հեղինակությունը թյուրքահայերի համակրանքը գրավելու նպատակով եւ միաժամանակ հայ եկեղեցու վարչության մասին 1836 թ. հրատարակված «Պոլոժենիյե»-ի միջոցով սահմանափակել նրա իրավունքները: Այնուամենայնիվ, որչափ հաշվի առնելով «Պոլոժենիյե»-ի մասին հայերի կողմից եղած բողոքները, կառավարությունը ստիպված էր հայտարարել, թե եկեղեցական այդ կանոնադրությունը ենթակա է վերաքննության եւ որչափ մինչեւ նոր կանոնադրության հաստատումը հնի գործադրությունը թողնված էր կաթողիկոսի «վերահայեցությանը», Ներսեսն ըստ ամենայնի զանց էր առնում «Պոլոժենիյե»-ի գործադրությունը եւ ձգձգում նոր նախագծի մշակումը: Նա չէր լրացնում «Պոլոժենիյե»-ի հիման վրա սահմանված Սինոդի կազմը, սլատրվակելով, թե չունի «արժանավոր թեկնածուներ», կամ ամլության էր մատնում Սինոդի գործունեությունը, չհաստատելով նրա արձանագրությունները: Ներքին գործոց մինիստր Լանսկոյը «բացատրություն» էր պահանջել կաթողիկոսից նրա մի կարգադրության առթիվ, որի մասին գանգատվել էին մինիստրությանը: Լի իր իրավունքների եւ արժանապատվության գիտակցությամբ, Ներսեսը հրաժարվեց ներկայացնել պահանջված բացատրությունը»: «Դուք, ողորմած Տէր, գրում էր նա Լանսկոյին, վերաբերէք առ իս որպէս առ ուղղակի եւ անընդմիջական ստորադրեցեալ Ձեզ աստիճանաւոր, քանզի ի հետեւումն այնինչ գանգատանաց աճիք գրել առ իս այսպէս՝ «հասուցանել ինձ բացատրութիւն», այլ կարծես, թէ ես եմ որպիսի եւ իցէ գիւղաքաղաքապետ Նախարարն կարէ եւ պարտ է պահանջիլ ի կաթողիկոսէն ոչ բացատրութիւն (объяснение), այլ միմիայն ծանոթութիւն, քանզի եւ գլխոց օծելոց կբացատրութիւն կարէ պահանջել, որպէս ինձ թուի, միմիայն թագաւորն եւ անուանանշան նորին հրաման» [22]: Կաթողիկոսը բողոքում էր Լանսկոյի /44/ միջամտության դեմ, որչափ մինիստրը Նախիջեւանի եկեղեցական գումարների խնդրում գրավել էր որոշ դիրք, առանց նախապես հարցնելու իր եւ Սինոդի կարծիքը:

Իրեն շրջապատող ընդարձակ ամայության մեջ կարճ իր հասակով Ներսեսը վեր էր ցցվում որպես բարձր թումբ: Սակայն բարձր այդ թումբն ուներ նաեւ իր ստվերները, որոնք նկատելի էին դառնում մանավանդ հետագայում: Երեւանի գրավումը համընկնում էր Աշտարակեցու վերելման գագաթին, բայց եւ միաժամանակ հանդիսանում նրա վայրէջքի սկզբնակետը: Դրանից հետո է հենց, որ ցայտուն կերպով դրսեւորվեց Ներսեսի քաղաքականության կղերա-ֆեոդալական նեղմտությունն ու սահմանափակությունը: Ներսեսը շահագործեց իր իշխանությունն ու ազդեցությունը՝ ամրացնելու ազգի պարանոցին վանքի եւ եկեղեցու իշխանության լուծը: Նա դիմադրում էր եկեղեցու ինքնավարության սկզբունքին, ձգտում հավերժացնել նրա հովանու տակ ժողովրդի կախումը կղերական ու աղայական դասից: Պատահական չէր Ներսեսի եւ Խալիբի, Ներսեսի եւ Վորոնցովի բարեկամությունը: Անձամբ հարուստ ճորտատեր՝ իր մահից հետո կաթողիկոսն ընդարձակ կալվածներ թողեց ազգականներին: Նա մոտ էր վաշխառուական եւ առեւտրական կապիտալի հայ մագնատներին, հասկանում էր նոր սաղմնավորվող կապիտալիստական արդյունաբերության կարեւորությունը եւ յուրովի ընդառաջում դրան: Որոնելով ու գտնելով ցարական վարչության օժանդակությունը, եկեղեցու եւ ազգի բուն նեցուկը նա տեսնում էր կղերի եւ առեւտրա-վաշխառուական բուրժուազիայի դաշինքի մեջ:

19-րդ դարի հայ գործիչների մեջ դժվար է նշել երկրորդ մի մարդու, որ վարած լիներ այնքան ընդարձակ գրագրություն եւ թողած ավելի խոշոր էպիստոլար ժառանգություն, քան Ներսեսը: Շատ լավ են բնորոշում նրան Նալբանդյանի տողերն այն մասին, թե «նորա ձեռքը պարապած չէ զանազան վիճակային գործերի մասին յուրահատուկ ձեռքով կոնդակներ գրելուց այս ու այն գործակալին» [23], կամ վկայությունն այն մասին, թե «ինչ կոնդակ որ կաթողիկոսը քսան անգամ գրելով ու ճեղքելով վերջապես գրում էր, նույն կոնդակը Մանդինյան Տեր-Ստեփանը (կաթողիկոսի գրագիրը) մատյան է անցուցանում» [24]: Հիրավի, կաթողիկոսությունից զատ, Ներսեսը փաuտապես կատարում էր նաեւ կաթողիկոսական դիվանապետի պաշտոն:

Կասկածամիտ ու հաչաղկոտ, ինքնահաճ ու բծախնդիր՝ ամեն մի գործ Ներսեսը կատարում էր ջղագար ձեռքով: Նրա կոնդակներն ու /45/ թղթերը հայրապետական հեզաբարո ցուցումներ չէին, այլ մտրակի անողոք ու ցասումնալից հարվածներ՝ տրված վիճակավորներին ու սինոդականներին, հոգաբարձուներին եւ երեսփոխաններին:

Անվերջ իր գրություններով Ներսեսն անկարող պիտի լիներ ընդգրկել ընթացիկ բոլոր գործերը կամ պատասխանել բոլոր թղթերին: Սինոդականները տրտնջում էին, թե նրա գրասեղանն ու գրասենյակի բոլոր լուսամուտներն ու անկյունները բռնված էին նամակների, օրագրությունների եւ արձանագրությունների կույտերով: Այս առթիվ Ներսեսը գանգատվում էր, թե Էջմիածնի աղքատությունը միջոց չի տալիս իրեն կանոնավոր գրասենյակ կազմակերպելու:

Ներսեսի վարչական ռեժիմը երեւան բերեց հիմնական իր առանձնահատկությունները մանավանդ վեքիլական սիստեմի միջոցով: Դեռեւս 18-րդ դարում է, որ Էջմիածնի կաթողիկոսները հարուստ առեւտրականների միջից վեքիլներ էին նշանակում տեղերում, տալով նրանց ֆինանսական լիազորություններ: Վեքիլները գանձում եւ շահեցնում էին Էջմիածնական հասքն ու տուրքը: Նրանց միջոցով կատարվում էին նաեւ բանկային օպերացիաներ. հայ առեւտրականներն Էջմիածնում անում էին մուծումներ, բանկային հիմունքով ետ ստանում համապատասխան գումարներ այն վայրերում, ուր լիազորներ ուներ կաթողիկոսը: Ներսեսի ժամանակ նման ֆունկցիաներին ավելանում են մանավանդ վեքիլների վարչական իրավունքները:

Իր կաթողիկոսության առաջին իսկ քայլափոխերին Ներսեսը ընդարձակեց կապալառուների ու լիազորների (այսպես կոչված «հոգեւոր գործերի վերատեսուչների» կամ «աթոռի գործակալների») ցանցը, որի միջոցով թեմական առաջնորդների հոգեւոր ապարատից անկախ նա ջանում էր թափանցել վարչական գործերի ծակոտիները, կենտրոնացնելով իր ձեռքում եկեղեցական հասույթները: Եկեղեցական կապալառուներն ու գործակալները կաթողիկոսի վեքիլներն էին եւ հաշվետու նրան:

Իր գրությունների մեջ Ներսեսը մատնանշում էր, թե ստիպված է դիմել վեքիլների օժանդակության, որչափ նախորդ կաթողիկոսի օրոք թեմական առաջնորդները յուրացնում էին «աթոռահաս» եկամուտները կամ անհաշիվ ծախսում տեղական պետքերի համար: Այս պատճառաբանությունը կարող էր միայն բացատրել վեքիլական սիստեմի ընդարձակման շարժառիթը, արդարացնել այն չէր կարող ոչ մի կերպ, որչափ եկեղեցական հարստահարիչներից ոչ պակաս աղայական դասին պատկանող վեքիլները եւս իրենց լիազորությունները դարձնում էին եկեղեցու հասույթները գռփելու եւ յուրացնելու միջոց: Կաթողիկոսի անունից նրանք տեղերում հրամայում էին եւ տնօրինում եկեղեցական վարչական գործերը, առանց հաշվի առնելու վիճակավոր առաջնորդի «Պոլո/46/Ժենիյե»-ով սահմանված իրավասությունները: Այսպես, Ախալքալաքում վիճակի գյուղերից քահանաները գալիս էին լսելու «հաճի աղայի»՝ կաթողիկոսի փոխանորդի հրամանները: Ժամանակամերձ Գեղամյանը գրում է. «Տեսել եմ քահանաներ, որոնք «հաճի աղայի» առաջ ծունկ չոքած, գլխաբաց եւ արտասվալից աչքերով՝ գութ եւ ողորմություն էին խնդրում նրանից: Եվ այդ ամենը ոչ թե ծածուկ, այլ հրապարակավ, եկեղեցում, եկեոլեցու գավթում, փողոցներում եւ քաղաքի դաշտերումն էին տեղի ունենում: Ոչ պակաս բարբարոսական էր «Հաճի աղայի» վարմունքը եւ այն աշխարհականների հետ, որոնք այս եւ այն հոգեւոր գործի համար նրան էին դիմում… Ամուսնալուծության գործերը քննելիս՝ մեղավոր կողմին, դիցուք կնոջը, յուր մարդու շալակն էր տալիս եւ մարդու ազգականներին հրամայում էր կնոջը ռոզգի տալով մինչեւ գեղ տանել: Պետք էր տեսնել, թե ինչ վայնասուն, ինչ աղաղակ եւ ինչ տմարդի սրախոսություններ եւ զրախոսություններ էին տեղի ունենում, երբ մանկամարդ կինը յուր տակ եղող մարդու գլուխն էր կծոտում, մարդը՝ յուր բեռան (կնոջ) ձեռքերը խածոտում, իսկ նրա ազգականները կնոջ ետքից խփում էին եւ խփում անդադար» [25]:

Ներսեսի վեքիլներից էին Սիմեոն աղա Սաճումյանը՝ Երեւանում, Սիրական աղա 9-որոյանը՝ Ալեքսանդրապոլում, Բարսեղ աղա Արծրունին՝ Նոր Բայազետում, Գալուստ աղա Շերմազանյանը՝ Տաթեւում, Սար. գիս աղա Վարշամյանը՝ Ղազախ-Շամշադինում, Դ. Թամամշով եւ Դ. Խերեդինով մոքալաքները՝ Թբիլիսիում, Հարություն աղա Խալիբը՝ Նոր-Նախիջեւանում, Թորոս աղա Տեովլեթյանը՝ Ղրիմում, Աստվածատուր աղա Ավետիքյանը՝ Բեսարաբիայում եւ այլն: Կաթողիկոսի անունից այս ու նման աղաները հսկում էին վիճակավորների եւ նրա ստորադրյալների գործունեությանը: Այսպես, «Հյուսիսափայլ»-ին Շամախուց հղված մի թղթակցությունից իմանում ենք, որ Ներսեսի ժամանակ Լալայով, Ներսեuով, Կաճկաճով եւ նման ուրիշ «իշխաններ» աստծո պատիժ էին Շամախու առաջնորդների համար: Պիտի ասել, հարկավ, որ վիճակավորների ու նրանց պաշտոնյաների գործունեությունից առավել Ներսեսին եւ նրա հավատարմատարներին զբաղեցնում էին նրանց արարքները:

Բնական է, որ եկեղեցական վարչության մեջ ծավալված առեւտրավաշխառուական այս սիստեմն առիթ տար բողոքի ու դիմադրության: Դժգոհ էին ոչ միայն նոր ծայր առնող կապիտալիստական հարաբեիությունների շնորհիվ աշխուժացած լիբերալ եւ դեմոկրատ տարրերը, այլեւ եկեղեցական վարչության կղերա-ֆեոդալական հնավանդ, գերազանցորեն շահագործության նատուրալ սիստեմի կուսակիցները: Ներ/47/սեսի վերջին տիպի հակառակորդներից էր, օրինակ, Ախալցխայի Կարապետ արքեպիսկոպոսը: Նման տիպի եկեղեցականներից էր նաեւ նրան թշնամացած Վեհապետյան Գեւորգ արքեպիսկոպոսը, որը Հակոբ Կարենյանի գործակցությամբ դանոսներ էր հղում այն մասին, թե իբր կաթողիկոսը ժխտում է տիրամոր կուսությունն ու Հիսուսի հրաշագործությունները, տրտնջացել է թագավորի դեմ, կապված է պարսից դեսպանի հետ եւ այլն [26]: Իր դեմ մղված պայքարը խլացնելու համար իր հերթին Ներսեսը հայաշատ վայրերում ստեղծել էր լրտեսների ցանց, որսում էր ու պատուհասում բողոքավորներին: Ինչպես գրում էր Գ. Պատկանյանը, Ներսեսի ազգական մի եպիսկոպոս՝ Նիկողայոս Շահազիզյան, Ալեքսանդրապոլից Թբիլիսի էր բերել 20-30 «ազգասեր երիտասարդներ», որոնց պաշտոնը պիտի լիներ քաղաքում լրտեսություն անել կաթողիկոսի համար [27]: Հոգեւոր ոստիկանություն էր այս, որի հետաքրքրական մի գործակալի՝ Օզի-Գելդի տիրացու Մկրտչի պորտրեն տվել է Ալ. Երիցյանը:

«Տիրացու Մկրտիչը Երեւանի կողմերից էր, պատմում է վերջինս: Երկար հասակով, խիտ մորուքով, կատվի աչքերով եւ ցրտատար՝ հիվանդ գետնախնձորի նման անճոռնի մավիացած քթով մի շատ անդուրեկան պատկեր: Քաչալ գլխին ծածկած ուներ վաղուցվա քահանայական մորթե տափակ մի գդակ, որի տակից մի հյուսած երկար ծամ էր իջնում կռնակի վրա: Հագնում էր նա ֆարաջայի նման, բայց ավելի կարճ զգեստ, որի տակից երեւում էր մավի շիլայի արխալուղը՝ տաճկական հին ձեւի լայն գոտիով կապված: Զգեստի տակից երեւում էին նորա սեւ սրունքները՝ կարճ մավի շիլայի վարտիկիցը դուրս ցատկված: Ոտքերին հագնում՝ էր միշտ մի ծանր ու անթիվ նալների ու մեխերի կտորներով կարկատված քողեր, որոնց տրոփ-տրոփալը հեռվից իմաց էր անում Օզի-Գելդու մոտենալը: Միմիայն վեհարանում ներկայանալու ժամանակ նա գործ էր ածում գուլպա, ապա թե ոչ քոշերը հագնում էր բոբիկ ոտքերի վրա: Գզգզված մորուքով, անճոռնի քթով, հարբեցողությունից լրջացած պատկերով, կեղտոտ եւ կիսապատռուն շորերով, ձեռքին հովվական մի կոսիտ, երկար գավազան ահա Օզի-Գելդու պատկերը, որ մի շատ հետաքրքրական նյութ էր նկարչի համար, որից օգուտ քաղեց հանգուցյալ Ներսիսյան նկարիչը, բայց որի հաջող նկարի այժմ ուր լինելը մեզ հայտնի չէ» [28]:

Իրապես Օղի-Գելդին եկեղեցական կոչում չուներ: Տիրացու էին անվանում միայն նրան շոյած լինելու համար: Նրա անունը սարսափ էր` /48/ ազդում քահանաներին եւ անգամ բարձրաստիճան եկեղեցականներին: Ներսեսի կաթողիկոսության ժամանակ սրանց գլխին ե՛ւ քննիչ, ե՛ւ մատնիչ, եւ դահիճ էր նա: Կաթողիկոսի հանձնարարությամբ քննում էր նրանց արարքը, լրտեսում նրանց վարք ու բարքը: Նրան էր հանձնարարվում հաճախ տերտերների փիլոնազրկումը կամ ապաշխարության համար նրանց վանք ուղեկցելու գործը: Տիրացուն անօրինակ արագաշարժ սուրհանդակ էր: Սունկի պես բսնում էր միշտ եւ ամենուրեք ու հեռագրի շտապողականությամբ տեղ հասցնում վեհարանին շահագրգռող լուրը կամ կարգադրությունը: Դրա համար էլ հենց նրան կոչում էին «Օզի-Գելդի», այսինքն՝ ինքնեկ, անակնկալ եւ ինքնակոչ հյուր:

Ուր չէր հասնում հայրապետական սաստիչ գավազանը, օգնության էր գալիս Աշտարակեցու վաղեմի բարեկամի՝ փոխարքա Վորոնցովի ահեղ խարազանը: Փոխարքայի եւ կաթողիկոսի բարեկամության միջոցով լիակատար էր եկեղեցու եւ ոստիկանական դաշինքը Ներսեսի օրոք: «Արքայական տունը հիշատակելու ժամանակ, գրում էր սրա մասին Ե. Շահազիզը, հրամայում է կայսր բառի տեղ «իմպերատոր» գործ ծածել, եւ ամեն մի խոսակցության սկիզբն ընտրում է բնաբան առաքյալի խոսքը՝ «Հնազանդ լերուք ամենայն մարդկեղէն ստեղծուածս վասն Տեառն, եթէ թագաւորի՝ իբրեւ առաւել ունէք»» [29]: Կասկածամիտ ու խանդոտ Ներսեսը չէր սիրում մանավանդ «ուսումնականներին», այն մարդկանց, որոնք ունեին նրա համեմատությամբ մտավոր գերազանցություն կամ կարող էին միաժամանակ պաշտպանել նրա դեմ իրենց արժանապատվությունը: Հանդիպելով ընդդիմության՝ նա ջանք չէր խնայում քմայքի ու իշխանության աղորիքով փոշիացնել ըմբոստներին: Հոգեւոր տիրոջից «սրդողած»՝ փախուստով գլուխ պրծեցրին Կարապետ Շահնազարյանն ու Աբել Մխիթարյանը. նրանից տուժեցին Ալամդարյանն ու Սալլանթյանը, Թաղիադյանն ու Աբովյանը, Շանշյանն ու Գաբրիել Պատկանյանը: Հալածանքի ենթարկվեց նաեւ վերջինիս հանդուգն աշակերտը՝ Նալբանդյանը [30]:

/49/ Նալբանդյանի դեմ սկսված հալածանքը ծայր առավ Եկենյանի հանդեպ նրա ի հայտ բերած ըմբոստությունից: Պատանու վերաբերմունքը դեպի նոր ուսուցիչը ակներեւ էր թեկուզ հենց այն փաստից, որ երբ 1846 թ. հունվարին Պատկանյանը հեռացավ Նախիջեւանից, Նալբանդյանը մինչեւ Թբիլիսի ուղեկցեց նրան [31]:

Նոր-Նախիջեւանում պահվել է աղոտ հիշողություն այն մասին, թե վերադառնալով Թբիլիսիից՝ Նալբանդյանը փորձ արեց ուղեւորվել Մոսկվա՝ Լազարյան ճեմարան մտնելու համար, բայց մերժում ստացավ ճեմարանից՝ մեծահասակ լինելու պատճառով: Այնուամենայնիվ, նրան շարունակեց զբաղեցնել կանոնավոր ուսում ստանալու միտքը:

է Հայաստանի Պետական Մատենադարանի արխիվում հանդիպում ենք Եկենյանի մի գրությանը՝ ուղղված Ներսեսին 1851 թ. մարտի 9-ին. նամակից տեղեկանում ենք, որ 1847-48 թ. թ. Եկենյանի մոտ ուղարկված են եղել սովորելու 5 նորընծա եւ 18 տիրացու: Նորընծաներից ոչ մեկը չէր հաճախել դպրոց: Տիրացուներից ոմանք հաճախում էին կանոնավոր, մյուսները՝ երբեմն, իսկ երկուսը՝ որոնց թվում նաեւ Նալբանդյանը, ինչպես գրում է Եկենյանը, «չերեւեցան երբեք»: Նալբանդյանին Եկենյանը բնորոշում է «ընդունակ», «չարաբարո եւ ստամբակ» բառերով: մ Պատմում են, որ Նալբանդյանը հրաժարվեց նրա դասերից, ասելով, թե ոչինչ չունի սովորելու նոր դասատվից եւ ինքը վաղուց արդեն գիտե նրա ավանդածը: Համարձակ լեզու բանեցնելու համար Եկենյան վարժապետը «տարօրինակ ծեքաբանությամբ» պահանջ դրեց Նոր-Նախիջեւանի հոգեւոր կառավարչության առաջ՝ ընծայարանի աշակերտների շարքից հանել Նալբանդյանին [32]:

/50/ Խալիբը չվարանեց այս ամենի մասին գրել Ներսեսին: Վերջինս կարգադրեց կա՛մ հնազանդության բերել հեստող տիրացուին, կա՛մ առաջարկել, որ նա հրաժարվի հոգեւոր կոչումից: Դրված լինելով այս երկընտրանքի առաջ, Նալբանդյանը որոշեց` հաճախել Եկենյանի քերականության, աշխարհագրության եւ պատմության դասերը: Սակայն դուրս եկավ, որ աշակերտը մի քանի անգամ ավելի լավ գիտեր այդ առարկաները, քան նրա վարժապետը: Կաթողիկոսը կարգադրում է հրապարակական մրցություն նշանակել աշակերտի եւ վարժապետի միջեւ: Դատավոր էին նշանակված քաղաքի տերտերներից երկուսը, «մրցությանը» ներկա լինելու համար հրավիրվում են քաղաքի «ուսումնականները»՝ Դ. Օդաբաշյանը, Թ. Խադամյանը, Ավագյան եղբայրները, Ս. Տիգրանյանը, Լազարյան ճեմարանի ուսանողներ եւ ուրիշներ: Քննասրահում դրված էր երկու գրատախտակ, որոնց վրա պիտի գրվեին առաջարկված «գաղափարի» (թեմայի) չափածո պատասխանները: Պատասխաններից մեկում Եկենյանը կարողացավ գրել միայն երկու տող: Նալբանդյանը` դրա դիմաց գրի առավ մեկն այն ոտանավորներից, որ հետո տպվեց Պատկանյանի «Արարատ»-ում: Նալբանդյանի գերազանցությունը ակներեւ էր: Սակայն մի այլ դեպքում նա թույլ տվեց իրեն չարաճճի մի կատակ, որի հետեւանքով տանուլ տվեց մրցությունը. «կաթողիկոս» անվան տեղ գրեց՝ «կնաթողիկոս», որի համար հուզեց իր դեմ Ներսեսի անդառնալի թշնամանքը [33]: Դժվար է, հարկավ, այս պատմության մեջ միմյանցից տրոհել փաստն ու առասպելը:

Ներսեսի զայրույթն ուներ նաեւ մի ուրիշ պատճառ: Նրան հանձնեցին երկու նամակ, որպես թե գրված Նալբանդյանի ձեռքով՝ 1846 թ. փետրվար եւ մարտ ամիսներին: Նամակագիրը պախարակում էր նոր-նախիջեւանցի աղաներին, անգամ քննադատում կաթողիկոսին: Նամակներից՝ շքեկում նա հայտնում էր իր մի «բարեկամին»՝ տիրացու Սարգիս Պապովին, թե ի հայտ բերելով կաթողիկոսի նշանակած «քերականագետ» Եկենյանի տգիտությունն ու կաթոլիկ ոգին, դադարել է հաճախել նրա դպրոցը: Նամակագիրը ծաղրում էր նրանց, ովքեր տխմար ու լատինադավան այդ մարդուն են վստահել իրենց զավակների կրթությունը: Մի այլ նամակում նա չարամտորեն հարցնում էր Պապովից համաքաղաքացիներից մեկի մասին, որ պարտատերերի երեսից փախել էր Էջմիածին ու պատսպարվել կաթողիկոսի լայն փեշերի տակ: Նամակագիրը չի թաքցնում, որ Պատկանյանի հեռանալուց հետո մնացել է «որբ ի բարեկամաց» /51/ է եւ որ ինքը, Պատկանյանի տնկած մի տունկ, չի կարող հանդուրժել Հռոմի անպտուղ ծառը՝ Եկենյանին: Նամակներն ընկնում են Նախիջեվանի հոգեւոր կառավարության անդամների ձեռքը եւ նրանց միջոցով հասնում Ներսեսին: Վերջինս առաջարկում է Խալիբին հատուկ դեպուտատի ներկայությամբ հարցաքննել դրա հեղինակին եւ պատժել նրա հանդգնությունը:

Նալբանդյանի մասին գրողներից ոչ մեկը չի կասկածել մինչեւ հիմա, թե նա էր իրոք նամակի հեղինակը:

Սակայն նամակների մասին կատարված քննության ուսումնասիրությունը համոզում է, որ կաթողիկոսի զայրույթը հուզած թղթերի հեղինակը Նալբանդյանը չէր իսկապես, այլ Պատկանյանի խմբակցության հակառակորդներից մեկը, հավանորեն՝ Նալբանդյանին ամբաստանող Պապովը: Գործի մեջ պահված նամակի բնագիրը չի մատնում Նալբանդյանի ձեռքը: Նախիջեւանի հայոց հոգեւոր կառավարությանն ուղղած իր գրության մեջ՝ թվարկված 1850 թ. մարտի 8-ին, Նալբանդյանն իրավացիորեն հայտնում էր, որ իրեն վերագրված նամակները կրում են «դպիր Միքայել Ուստայան» ստորագրությունը, մինչդեռ ինքը երբեք չի գործածել այդպիսի ազգանուն: Հայտնում է, որ ինքը ո՛չ ծանոթություն եւ ո՛չ իսկ նամակագրություն է ունեցել Պապովի հետ: Խնդրում է քննություն բանալ ստուգելու, թե ումի՞ց է ստացել վերջինս այդ գրությունները եւ ի՞նչ հիմունքով ենթադրել, թե Նալբանդյանն է դրանց հեղինակը: Հարցադրումներից նեղը լծված Պասլովը հրաժարվեց պնդել, թե իրոք Նալբանդյանն է եղել Ուստայան ստորագրված նամակների գրողը եւ խոստովանեց, որ նրա հետ բնավ նամակագրություն չի ունեցել ինքը [34]: Այս խոստովանությունը չի զարմացնի մեզ, եթե աչքի առաջ ունենանք Պապովի դիմապատկերը: Տակավին 1842 թ. Գաբրիել Պատկանյանի պահանջով նա արձակվել էր հոգեւոր կառավարության մեջ ունեցած պաշտոնից՝ իբրեւ մի անձնավորություն, որն իր բանսարկություններով կռիվ ու խռովություն էր սերմանում ինչպես եկեղեցականների, այնպես եւ աշխարէականների մեջ:

Բայց եթե կեղծ այս գրությունները չէին հեղինակված Նալբանդյանի ձեռքով, նրանք, այնուամենայնիվ, արձագանքում էին այն պայքարին, որ արծարծվել էր Պատկանյանի շուրջը եւ սրա Թբիլիսի քշ վելուց հետո կենտրոնացել էր Նալբանդյանի դեմ: Կեղծիքը կատարել էին անշուշտ Պատկանյանի հակառակորդները՝ Ներսեսի զայրույթը սրելու նպատա/52/կով: Նրանք լիովին հասան իրենց նպատակին, միաժամանակ քավության նոխազ դարձնելով Պատկանյանի աշակերտ Նալբանդյանին:

Նալբանդյանի մերձավոր բարեկամները նրա դեմ ձեռնարկված մետապնդումները կապում էին ոչ թե խալիբականների հերյուրած պարսավագրերի, այլ եկեղեցական գումարների հետ: Հետագայում Հովհ. Բերբերյանը գրում էր. «Նալբանդյանցի նշանակությունը օրըստօրե մեծանալով՝ սկսեց ծակել նրա հակառակորդների աչքերը: Սրանք օգուտ քաղելով Նալբանդյանցի եկեղեցական փողերի առթիվ ասած խոսքերից, որ ուղղված էին փողերը պարտկող քաղաքացիների դեմ, գրգռեցին վերջիններին եւ ընդհանուր ուժերով սկսեցին մատնություններ գրել անսանձ քարտուղարի մասին եւ ուղարկել կաթողիկոսին: Հայտնի է, որ այս մատնությունների մեջ վերջին դերը չեն խաղացել հոգեւորականները եւ այն ժամանակվա քաղաքագլխի կողմնակիցները» [35]:

Բախումը Ներսեսի եւ Պատկանյանի միջեւ արդյունք էր մասամբ դըպրոցական աշխարհիկ եւ հոգեւոր սիստեմների հակամարտության: Ժամանակին ինքը՝ Ներսեսը նշանակալից քայլեր էր արել դպրոցական հին, վանական-խալֆայական ցանցի կողքին ստեղծելու կրթության նոր մի օջախ, որ զգալապես համակերպվելու էր երկրում ամրակայվող ապրանքատիրական հարաբերություններին եւ սրանց հետ կապված ազգային-եկեղեցական պահանջներին: Հետաքրքրական է, օրինակ, որ կոնդակներից մեկում Ներսեսը կարգադրում էր «զփալախայն եւ զքարոզն դնել ի վառարանս եւ ազդել միայն աշակերտների «հոգու վրա» [36]: Ներսիսյան դպրոցի գործունեությունը աչքի ընկնող երեւույթ էր այդ տեսակետից: Սակայն թե՛ այդ դպրոցը եւ թե՛ դրան հաջորդած մյուս սեմինարիաները, տուրք տալով նոր իրադրությանը, ոչ միայն գործում էին եկեղեցական պիտակի տակ, այլեւ հիմնականում ստորադրված էին կղերի գաղափարական եւ վարչական Տեգեմոնիային: Հիմնադրի ռեգլամենտացիայի եւ վեքիլական ռեժիմի պայմաններում այդ դպրոցը դարձել էր «մի կատարյալ ավազականոց, մի հակակրթության տեղի» [37]: «Ներսես կաթողիկոսի միակ ցանկությունն էր, գրում էր Ղ. Աղայանը, որ իր ուսումնարանը փայլի, եւ նա փայլում էր մերթ պոչավոր աստղի լույսով եւ մերթ… լուսատիտիկի: Երբ փայլում էր պոչավոր աստղը, աներեւույթ անձինք երեւելի ձեռքերով կտրում էին նրա պոչը, եւ այնուհետեւ փայլում էր լուսատիտիկը» [38]:

/53/ Եթե ժամանակին Ներսեսն էր հենց վառել փայլուն այն «աստղը» որին ինքը կոնդակներից մեկում «համալսարան» անունն էր տալիս [39], ապա հետագայում նա էր հենց «աներեւույթ» այն անձերից մեկը, որ «երեւելի ձեռքերով» կտրում էր նրա պոչը: Ժամանակակիցները տրտնջում էին, թե խափանելով իր անվան դպրոցը, նա մտադիր է դրա փոխարեն կառուցել «ի մեջ մոծակաց Էջմիածնի» հազար մանկանց ուսումնարան, հարելով, թե հազար մանկանց մայրավանք լինելու փոխարեն նա զբաղված է հազար մանկանց մայրաքում եւ հազար գործոց մաքրագյոլ լինելու Էջմիածնում [40]: Այդ մի մեղադրանք էր, որի վերսիան կարելի է գտնել նաեւ Աբովյանի վերջին գրություններից մեկում: Հետագայում Նալբանդյանը ծաղրում էր այդ դպրոցը եւ ստվերի տակ դնում նրա ծագումը, համարելով այդ հիմնարկը մի «խրտվիլակ, պտուղ արտասվաց Եփրեմ կաթողիկոսի ի Հաղպատ» եւ անարժան օրինավոր կերպով եւ իրավունքով» կրելու իր վրա դպրոց անունը» [41]: Սեմինարիաների սիստեմը կցորդված էր կղերի պրոֆեսիոնալ պետքերին ծառայող ժառանգավորաց դպրոցներին եւ հոգեվոր ընծայարաններին: Վերջին տեսակի հիմնարկ էր նաեւ Եկենյանի վարժոցը: Միջնադարյան այս տիպի հիմնարկների դեմ էր հենց, որ նույն այս պահին պայքարում էր Երեւանի արքունական գավառային դպրոցի վերատեսուչ Աբովյանը: Այս տեսակետից որոշ նմանություն կար Աբովյանի եւ Պատկանյանի դիրքավորման միջեւ: Դորպատում սովորելիս Աբովյանը մտերմական նամակ գրեց Պատկանյան եղբայրներին [42]: Հետագայում մի հայտնի չափով Պատկանյանը մոտենում էր գրական լեզվի եւ դպրոցական սիստեմի մասին ծագած հարցերում Աբովյանի դիրքերին: Սինոդին ուղղած իր մի թղթում Ներսեսը հաղորդում է, որ ՆորՆախիջեւանի գավառային ուսումնարանի վերատեսուչը դիմած է եղել բաղաքի հոգեւոր կառավարությանը, արգելել Եկենյանի գործունեությունը: Հայտնում է միաժամանակ, որ ինքը կարողացել է հանգստացնել վերատեսչին ներքին եւ լուսավորության մինիստրների միջամտությունից հետո միայն [43]: Վերատեսչի դիրքը հիշեցնում է մեզ Երեւանի նրա պաշտոնակցի՝ Խ. Աբովյանի ընթացքը: Ինչ վերաբերում է Պատկանյանին, նրա կռիվն ու հայացքները Օգսենտի եւ Եկենյանի տիպի պատվելիների ու խալֆաների դեմ, Աբովյանի դպրոցական գործունեության պես, «նշան էր ժամանակաց»: «Սենեակք լայնանիստ, ուսմունք բարձրաբերձ, այլ բարեկարգութիւն ի նմին եւ ոչինչ». այս խոսքերով էր արտահայտվում Պատ/54/կանյանը Նոր-Նախիջեւանում Խռմաճյան աղաների կառուցած վարժարանի մասին, որի հիմնադիրներին փառաբանում էին ռեակցիոն կղերի ղեկավարները՝ Ս. Ջալալյանը եւ նմանները [44]:

Պատկանյանի եւ նրա խմբակցության մանկավարժական հայացքները ընդառաջում էին ըստ էության «եվրոպաբար» լուսավորված «քաղաքացի հասարակության»: Հետագայում նախագծերով քաղաքացիների կրթության ծրագիրը՝ Պատկանյանը ասում էր, որ ուսման առարկաները պիտի կարողանան աշակերտներին միայն այն շրջանի մեջ երեւելի հանդիսացնել, որո մեջ պիտի նոքա իրանց կյանքն անցուցանեն, այսինքն վաճառականության, եւ ընդհանրապես՝ քաղաքացի հասարակության» [45]: Մեկնելով դասատվության մասին արծարծած իր սկզբունքից՝ Պատկանյանն սկսում էր ընդառաջել այն հայացքներին, որ արծարծել եւ կենսագործել էր նախապես Աբովյանը: Քննադատելով Պողոս Ղարաբաղցու, Ջրպետյանի եւ անգամ Ալամդարյանի սխոլաստիկ, բազմառարկայական եւ անգործնական դասատվության սիստեմները, Պատկանյանը հակադրում էր դրանց ու դըրվատում Աբովյանի մանկավարժությունը: «Նա աշակերտին այն էր ասում, գրում էր Պատկանյանը վերջինիս մասին, ինչ որ նրա մանկական միտքը կարողանում էր ըմբռնել, նա յուր ուսումնատվությունն էր հարմարեցնում աշակերտներուն եւ ոչ թե աշակերտներուն էր հպատակեցնում վարժարանական կարգին եւ պրոգրամմային. նա աշակերտից այն չէր պահանջում, ինչ որ դեռ նորա մտքի մեջ սերմանած, տնկած եւ արմատացած չէ: Եվ լավն ու նախընտիրն էլ այս էր: Բնական կարգին պիտի մետեւիլ: սանդուղքի վրա պիտի առաջին ստորին աստիճանեն ոտք դնել։ ծառը լսռաջ պիտի հողի մեջ հաստատուն արմատ ունենա. շինվածքի հիմը պիտի լավ դրվի: Աշակերտաց մտաց կարողությունը պիտի լավ ճանաչվի, եւ նորա համեմատ ուսումն ավանդի: Որքան ցանկալի բան է ոսկին, նա էլ այնքան կմտնի քսակի մեջ, որքան որ նրա պարունակությունը կներե, քան զայն ավելի չի կարող տանել. գինու անոթը յուր չափով գինի կառնու եւ ոչ ավելի» [46]:

Այստեղ հնի ու նորի պայքարը դուրս էր գալիս նաեւ եկեղեցականդպրոցական խնդիրների նեղ շրջանից: Միշտ ավելի ու ավելի էր սրվում՝ ու դրսեւորվում հակամարտի հասարակական-քաղաքական աստառը: Որպես ցարիզմի քաղաքականության անհամակիր մարդ, իր խոսքով ու ընթացքով Պատկանյանը հուզում էր կաթողիկոսի քաղաքականության ու վարչական ողջ ռեժիմի դեմ ուղղված մտքեր: Ներսեսի կենսագրությանը նվիրած իր «Ծաղկաքաղ»-ի մեջ նա քննադատում է Ներսեսի գործունեու/54/թյունը սուր արտահայտություններով. «Ազգի իրավանց հիմը խախտող, ազգավնաս, դավաճան, հավիտենական վնասապարտ, հայոց եկեղեցվո հիմն դղրդող, Արղության Հովսեփ կաթողիկոսին թունավորող, Նեստոր, սատանա, խաբող աշտարակցի, Նուրսուզ (Ներսես անվան բառախաղը, որ թյուրքերեն նշանակում է «լուսազուրկ», Ա. Հ. ), հավատադրուժ, «Մատնիչ հայրենյաց» եւ այլն, ահա նրա որակումները [47]:

Փոխադրելով Պատկանյանին Թբիլիսի, Ներսեսը եւ նրա գործակալներ Որ այստեղ եւս հանգիստ չձգեցին նրան: Իր «Հիշատակարան»-ում Պատկանյանը պերճախոս փաստերով նկարագրում է այն հալածանքը, որին ինքը ենթակա է եղել Ներսեսի կողմից Թբիլիսիում, փորձելով քաղցի եւ կարիքի միջոցով հպատակեցնել նրան իր կամքին եւ մեկը մեկի հետեւից սեղդելով նրա կազմակերպած պանսիոնը, նրա եկեղեցական քարոզները եւ նրա գործունեությունը Ներսիսյան դպրոցում: Նույնը վկայում են նաեւ կողմնակի աղբյուրները: Երբ Պատկանյանը «Կովկաս» հայ լրագրի էջերից բանակռվի մտավ ռուս քահանա Բոգոմոլովի հետ, Վորոնցովը տուգանեց հայ քահանային եւ կարգադրեց միաժամանակ դադարեցնել «Կովկաս» լըրագիրը։ Ներսիսյան դպրոցում տեսուչ նշանակելու համար՝ Պատկանյանի համակրողները առաջ քաշեցին նրա թեկնածությունը: Ներսեսը չէր կամենում վստահել նրան այդ պաշտոնը, սակայն ի վերջո, ավելի հարմար մարդ չգտնելով, չառարկեց նրա նշանակման դեմ. այնուամենայնիվ, հրաժարվեց գրավոր հոժարությունից եւ պատասխանատու համարեց իր առաջ միայն դպրոցի հոգաբարձուներին: Պատկանյանը թույլտվություն ստացավ հրատարակելու Թբիլիսիում «Արարատ» անունով շաբաթա| թերթ: Ներսեսն այս դեպքում եւս խոչընդոտներ ստեղծեց քահանայի գործունեության առաջ [48]: Հինգ տարի Պատկանյանին Թբիլիսիում չարչարելուց եւ նրանից սրտապատառ «մ եղլայականներ» կորզելուց հետո կաթողիկոսն ի վերջո համաձայնություն տվեց, որ նա վերադառնա Նոր-Նախիջեւան: Ներսեսը գրում էր այդ մասին, թե Պատկանյանը կարողացավ գործ դնել այնպիսի հնար, որ նախիջեւանցիներից շատերը դիմելով Խալիբին՝ խնդրել են նրա միջնորդությունը «մշտափորձ յիւրումն» Պատկանյանին վերադարձնել նորից քաղաք ուսուցչություն անելու համար, եւ որ Խալիբը հարկադրված է եղել հարուցել այդ միջնորդությունը [49]:

/54/ Տարբեր կերպ է նկարագրում իր փոխադրությունը Պատկանյանը: Նրա ասելով, Ներսեսն ինքն էր կազմակերպել այդ փոխադրությունը, կասենալով վերջ տալ Թբիլիսիի նրա գործունեությանը եւ նորից արձակել նրա վրա Խալիբի կարիճներին:

Պատկանյանին չէր վիճակված անխռով եւ տեւական գործունեություն Դոնի ափերին նաեւ այս անգամ: Առհարկի հոժարելու նրա վերադարձին՝ Խալիբը եւ յուրայինները վերանորոգեցին նրա դեւ՝ հին հալածանքը: Նորից բորբոքվեցին քաղաքի ներքին կռիվները, որոնցից այս անգամ եւս Հեռու չմնաց Պատկանյանը: Հակառակորդները կանգ չառան նրա վերաբերմամբ ամենաստոր զրպարտությունների առաջ անգամ: Նրա վզին փաթաթվեց Խալիբի կյանքի դեմ մահափորձ կազմակերպելու սուտ մեղադրանք: 1853 թ. ամբաստանվածը կալանքի տակ առնվեց եւ 7 տարի շարունակ ենթակա էր եկեղեցական-քաղաքական ատյանների հարցաքըննության: 1860 թ. Պատկանյանը կարգազուրկ արվեց, աքսորվելով Վյատկա ու Կոստրոմա [50]:

* * *

 

Խալիբի եւ յուրայինների դեմ Պատկանյանի վարած պայքարը անշուշտ խոր հետքեր պիտի թողներ պատանի Նալբանդյանի հասարակական տրամադրությունների վրա:

Գ. Պատկանյանին Թբիլիսի քշելուց հետո Նալբանդյանն էր դարձել Ներսեսի եւ Խալիբի դեմ մղված պայքարի շարժիչ ոգին ու փաստական ղեկավարը: 1847 թ. Պատկանյանի հանձնարարությամբ նա քարտուղարի պաշտոն էր ստանձնել նախ՝ Ն. -Նախիջեւանի հոգեւոր կառավարության եւ ապա՝ Քիշնեւի թեմական կոնսիստորիայում: Անընդհատ գործուղումների մեջ լինելով Ղրիմի եւ Հարավային Ռուսաստանի հայաբնակ քաղաքներում, նա լայն հնարավորություն ունեցավ ծանոթանալու ժողովրդական մասսաների կարիքներին ու պահանջներին եւ ասպարեզ գալու ամենուրեք նրանց գործուն ու ազդեցիկ պաշտպանի դերում: Իր աչքաբացությամբ, ճարտար լեզվով ու գրչով նա վեր էր խոյանում էին հարաբերություններրի ու հասկացությունների ցանցում մխրճված տերտերների, տիրացու/54/ների ու ծխականների միջից: Շատերն արտակարգ ակնածությամբ էին նայում բանիմաց ու գործունյա տիրացվի ու գրագրի վրա, նրան հանձնարարում կարեւոր թղթերի խմբագրումը, նրա կարծիքն ու խորհուրդը հարցնում համայնական ու քաղաքային գործերի մասին [51]: Առաջնորդի քարտուղարը հանդես էր գալիս որպես հայ քաղաքային եւ գյուղական մասսաների մեջ կուտակված տրտունջների ու բողոքների ձայնափող: Նրա համակրանքը առեւտրական-կալվածատիրական մագնատների դեմ ըմբոստացած մասսաների կողմն էր անշուշտ: Հատկանշական է, որ Ներսեսին ուղղած մի գրության մեջ Մ. Եկենյանը նրան համարում էր «գլխավոր գործակատար եւ խելամուտ ամենայնի» [52]:

Նոր-Նախիջեւանում արծարծված պայքարից զատ, սկսում է լայն ծավալ ընդունել այն հակամարտը, որ սրվում էր այս պահին խալիբականների եւ քաղաքամերձ հայ գյուղական մասսաների միջեւ: Այս հակամարտի մեջ Նալբանդյանը հանդես եկավ գյուղացիների շահերը պաշտպանողի դերում:

Ն. -Նախիջեւանի հիմնադրությունից ի վեր ցարական կառավարությունը քաղաքի բնակչությանն ու շրջակա հայ գյուղացիներին հատկացրել էր 67 հազար դեսյատին հողային ֆոնդ: Փաստորեն բնակչությանը հատկացված հողերի նշանավոր մասը իրենց ձեռքն են առնում Խալիբը եւ, նրա հետ մեկտեղ, քաղաքի ուրիշ աղաները: 40-ական թվականներին, մատնանշելով գյուղի բնակչության աճը, գյուղացիները դիմում են մագիստրատին եւ պահանջում խուտորատեր աղաների կողմից ապօրինի յուրացված հողմասերը: Քաղաքագլուխ Խալիրը մերժում է նրանց պահանջը, մեծ խլրտում առաջացնելով գյուղացիների մեջ: Խլրտումը քննության նյութ է դառնում Ն. -Նախիջեւանի դատաստանական ատյանի կողմից: Խալիբի սադրանքով դատարանը բանտ է նստեցնում գյուղացիների ներկայացուցիչներին, իսկ նրանց «դրդիչներից» ոմանց քշում` Սիբիր: Դատական ատյանի վճիռը վրդովմունքի նոր ալիք է բարձրացնում քաղաքի եւ շրջակա հայ գյուղերի մեջ: Նոր-Նախիջեւանի գյուղացիները մինչեւ այսօր իսկ պատմում են, թե ինչպես աղայական դասի արարքների դեմ զայրացած իրենց պետերը այդ պահին այրում էին խուտորների շենքերն ու արտերը:

Մասսայական ըմբոստացման կերպարանք ստացած այս հարցը առիթ տվեց Թայլանի (Տագանրոգի) քաղաքապետին հատուկ պատժախմբեր հղել Նոր-Նախիջեւանի շրջանի Չալթը, Թոփթի, Մեծ Սալա եւ Սուլթան Սալա գյուղերը՝ բողոքավորների «կրամոլան» ճնշելու համար: /54/ Հետագայում Նոր-Նախիջեւանի շրջանի գյուղացիները նկատի ունեին Խալիբի կազմակերպած էկզեկուցիան, երբ պատմում էին Խալիբի բերել տված «կուցի սալդաթների» մասին, որոնք «խամչիներով» ծեծում էին նրանց եւ փախ տալիս «ֆողին վրայեն, որտեղ մենք եզ կարածուցնեինք»: Ի վերջո միջամտում է Նովորոսիսկի նահանգապետը, որը, չնայած Վnրոնցովի կողմից Խալիբի եւ մյուս հափշտակիչների օգտին արած միջնորդության, հարցը վճռում է ի նպաստ գյուղացիների: 1848 թ. հուլիսի 22-ին Պետական խորհուրդը, արդարադատության մինիստր գրաֆ Պանինի առաջադրանքով, ընդունում է վճիռ, որով Ն. -Նախիջեւանի գյուղացիների վրա վերահաստատվում է 67 հազար, Ն. -Նախիջեւան քաղաքի վրա՝ 12 հազար եւ ս. Խաչ վանքի վրա՝ 8 հազար դեսյատին հող: ՝

Մեր տրամադրության տակ կա 1849 թ. փետրվարի 25-ին վերը հիշատակված գյուղական համայնքների անունից կազմված մի թուղթ: Շարադրելով վերը բերված փաստերը, թուղթը ստորագրող գյուղացիները դիմում են Ներսես Աշտարակեցուն եւ խնդրում նրա բարեխոսությունը փոխարքա Վորոնցովի առաջ, որպեսզի նա իրենց ճանաչե «իսկապես նեղեալ եւ զրկեալ որդիք եւ ծառայք եւ ազգ անխնամ մնացեալ» [53]:

Գյուղացիների անունից 1849 թ. կազմված այս թուղթը գրված է Մ. Նալբանդյանի գրչով: Մինչեւ այժմ անտեսված այս վավերագիրը կարեւոր վկայություն է այն մասին, որ քսանամյա Նալբանդյանը անմիջական ու սերտ կապ ուներ Խալիբի եւ նրա արբանյակների դեմ պայքարի ելած Նոր-Նախիջեւանի գյուղացիական մասսաների հետ:

Դժբախտաբար, առայժմ չկան այլ վավերագրեր, որոնք հնարավորություն տային մեզ հետեւելու այս մարզում Նալբանդյանի գործունեությանը: Իր կյանքի պատանեկան շրջանին վերաբերող մինչեւ այժմ ի հայտ բերված նյութերը հիմնականում անդրադարձնում են միայն գործուն այն մասնակցությունը, որ ունեցել էր Նալբանդյանը Ն. -Նախիջեւանի եկեղեցագումարների համար Խալիբի եւ Պատկանյանի շուրջն արծարծված պայքարում:

1847 թ. ստանձնելով Նոր-Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմի հոգեւոր կառավարությունը, Մատթեոս Վեհապետյանը տեղացիների եւ /54/ ամենից առաջ իր մոտ քարտուղարի պաշտոն վարող Նալբանդյանի դըրդումով պահանջում էր Խալիբից եկեղեցական գումարների հաշիվը: Վերջինս իրեն պատասխանատու համարեց միայն կաթողիկոսի առաջ ու հրաժարվում էր հաշվետվությունից եւ բոլոր իր ազդեցությունն ու ուժը ուղղում «խռովարարների» դեմ: Ամենից շատ նրան պիտի հուզեր հիմա Նալբանդյանի «գրգռիչ» գործունեությունը: Ներսեսին ուղղած նամակներում նա անընդհատ վառում էր կաթողիկոսի հիվանդոտ ինքնասիրությունը՝ պահանջելով արժանի պատիժ տալ «ստահակ տիրացվին»: Սակայն, հանձնելով Նալբանդյանին վերագրված նամակների գործը քաղաքային մագիստրատին, Ներսեսը փաստորեն իրեն՝ աղա Խալիբին է վստահում նրա դատաստանը:

Կաթողիկոսի կարգադրությունները հանդիպում էին հակախալիբականների ցասկոտ դիմակայությանը: Վեհապետյան վիճակավորը ոչ միայն անհետեւանք թողեց նրա եւ Սինոդի հրամանը Նալբանդյանի մասին, այլեւ հեռացրեց հոգեւոր կառավարությունից այն անդամներին, որոնք Ներսեսի ձեռն էին հասցրել կեղծ նամակները: Հեռացվածների տեղը Մատթեոսը առաջին ատենակալ էր նշանակել Պատկանյանին, շնորհելով նրան խառափիլոն եւ ուսուցիչ կարգելով նրան «մանկանց եկեղեցականաց եւ ժողովրդականաց, քաղաքացիակ եւ գիւղացւոց»: Այս միջոցարկումներով նա ընդառաջում էր Նալբանդյանի բռնած դիրքին: Նալբանդյանին էր ընդառաջում նա դարձյալ՝ 1849 թ. հեռացնելով պաշտոնից նաեւ Մ. Եկենյանին, որպես զգուշալի մարդու» [54]: Այս ամենը Ներսեսը պիտի ընկալել որպես անհնազանդության ցույց: Անհնազանդության ամենախոշոր ակտ էր մանավանդ, որ վիճակավորը թեմական քարտուղարի պաշտոն էր հանձնարարել Նալբանդյանին, տալով նրան կարեւոր մի դիրք եւ, ինչպես գրում էր Ներսեսը, դարձնում նրան փաստորեն «ղեկավար իւրում վիճակային կառավարութեան» [55]:

Մի այլ տեղ Ներսեսը համարում էր Նալբանդյանին վիճակավորի «մտաց եւ գործոց» ղեկավար [56]:

Ուշագրավ է, որ Պատկանյանն իսկ Նալբանդյանին էր համարում 50-ական թվականներին Ներսեսից կրած իր հալածանքների սկզբնապատճառը. «Երբ որ Նալբանդյանի դարանակալությամբ, գրում էր նա, Մատթեոս արքեպիսկոպոս կամեցավ նորա (Ներսեսի) հայրապետական իշխանությունն նշկահել, այն ժամանակն, նորա արդար բարկությունն ոչ միայն փոխեցավ ի ցասումն, այլ եւ ի մոլեգնություն… եւ /60/ կամեցավ ոչ արդարությամբ, այլ անիրավությամբ դատապարտել Տեր-Գաբրիելին» [57]: Պատկանյանի այս տողերը հետաքրքրական են, որպես «Հայրապետական իշխանության» սկզբունքային պաշտպան Պատկանյանի եւ Նալբանդյանի հակաեկեղեցական դիրքավորումը բացահայտող վկայություն: Ակներեւ է, որ գեթ 40-ական թվականների վերջերից Նալբանդյանի եւ վաղեմի նրա վարժապետի մարտական դիրքերի միջեւ առկա էր սկզբունքային խոր անջրպետ:

Սինոդի տրամադրության տակ դնելով Մատթեոսի մասին Խալիբից ստացած նամակների պատճենները, 1852 թ. հունվարի 8-ին Սինոդի անունով արձակած կոնդակում Ներսեսը գրում էր. «Տեսցէ այժմ Սինոդն եւ նկատեսցէ թէ յանդուգն ներգործութիւնք Մատթեոս եպիսկոպոսի վիճակավորին Բեսարաբիոյ եւ Հոգեւոր կառավարութեան Նախիջեւանայ յոր աստիճան են բարձրացեալ, զի Տրամանաց ընդհանրական կաթողիկոսին իւրեանց հակառակ են եւ զկամս իւրեանց յառաջ վարեն»: Ներսեսն առաջարկում է Սինոդին «դարձուցանել զիւրն մտադրութիւն առ բարւոք կառավարութիւն եկեղեցեաց եւ արմատախիլ անել զամենայն անկարգութիւնս ի միջոյ հոգեւորականաց ատենական տեղեաց գտանողաց պաշտսլան չարագործութեանց հոգեւորականաց»: Պահանջում էր հրամանագրել Բեսարաբիայի կոնսիստորիային Էջմիածին ուղարկել Նալբանդյանին «վասն անձամբ անձին տալոյ զպատասխանիս Սինոդին Էջմիածնի» [58]:

Այս ամենից հետո չէր սխալվում, հիրավի, Ստ. Պալասանյանը, երբ Նալբանդյանի դեմ գրած իր մի հոդվածում ասում էր, թե եկեղեցական գումարների հարցը փողի հարց չէր միայն. «այն ամենայն գժտությանց հիմնական պատճառ, գրում էր նա, ոչ այնքան եկեղեցյաց դրամներուն շահը կամ վնասը փնտրելն էր, որքան որ հանգուցյալ Ներսես կաթողիկոսին, վիճակին առաջնորդ Մատթեոս արքեպիսկոպոսին մեջ ելած ցավալի վեճը, եւ ուրիշ տեղական, քաղաքական եւ անձնական հակառակություններ, որոնց պատմությունը հարկավ կելլե ըստ ժամանակին ի խրատ ապագայից» [59]:

Մեր բնութագրած այս ժամանակամիջոցը փորձանքների ու թափառումների շրջան էր Նալբանդյանի համար: 1848 թ. հունիսին վիճակավոր Մատթեոսը մի շարք այլ տիրացուների շարքին ջահնկալության աստիճան էր տվել նրան եւ ներկայացրել Սինոդին նրան հարկից ազատելու վկայականը, նրան հոգեւոր կոչման մեջ հաստատելու համար: Սակայն հենց այդ ժամանակ Նալբանդյանը վարակվում է Քիշնեւում ու /61/ Բեսարաբիայի նահանգում տարածված խոլերայով, որից հետո ընդերկար ենթարկված ինչ-որ «թուլության ախտի»՝ շարունակում էր դեգերել բժիշկների ու դեղավաճառանոցների շեմքերում: Ֆիզիկական տկարությունը անպետք էր դարձրել նրան եկեղեցու սպասարկության համար: Խնամք տանելով նրան՝ Մատթեոսը հանում է նրան Նախիջեւանից եւ քարտուղարի պաշտոնով տանում իր հետ Օդեսա (1848–49 թ. թ. ) եւ Քիշնեւ (1849-1853): Տարված խնամքը զուր չի անցնում, հիվանդն ապաքինվում է: Ականջ դնելով «ազգասեր» մարդկանց հորդորներին, 1851 թ. նա նորից է դիմում գրում Էջմիածին Հոգեւոր կոչում ընդունելու մասին: Դիմումը մնում է անհետեւանք, քանի դեռ ավարտված չէր կեղծ նամակների շուրջը լինելիք հարցաքննությունը:

Ներկայացնելով կեղծ նամակների մասին գրավոր բացատրություններ, Նալբանդյանը ջանք էր գործ դնում պաշտպանվելու կաթողիկոսի անիրավ հետապնդումներից: Հայտնում էր, որ 1848 թ. խոլերայի հետեւանքով տկար է տակավին եւ անկարող ուղեւորվելու Էջմիածին բացատրություննը տալու համար: Ճանապարհորդության համար կպահանջվեր, բացի այդ, 400 ռուբլու ծախս, մինչդեռ ինքը, որ քարտուղարի պաշտոն էր վարում Քիշնեւի հայոց կոնսիստորիայում, հազիվ 25 ռուբլի ռոճիկ է ստանում ամսական: Խնդրում է հաստատել իրեն հոգեւոր կոչման մեջ կամ, ակառակ դեպքում, վերադարձնել արձակման վկայագիրը՝ միջոց տալով իրեն մտնելու արքունական ծառայության մեջ կամ կպչելու որեւէ այլ գործի (դեկտ. 1852 թ. ): Վեհապետյանի միջնորդությամբ, Սինոդի 1853 թ. մայիսի 15-ի որոշման համաձայն ետ է տրվում նաեւ Նալբանդյանի արձակման թուղթը [60]: Այնուամենայնիվ, սրանով դեռ վերջ չառան Ներսեսի ձեռնարկած հալածանքները:

1853 թ. հոկտեմբերին Ներսեսը հայտնում է Սինոդին, թե ոստիկանության միջոցով Նալբանդյանին որոնելու եւ Էջմիածին ուղարկելու համար դիմում է արել փոխարքային [61]: Հիրավի, արդեն այդ տարվա մայիսին Քիշնեւի կոնսիստորիայում ստացվել էր Ներսեսի կարգադրությունը նրան ոստիկանությանը հանձնելու: Քաղաքացիական վարչության գծով Քիշնեւի ոստիկանությունը կարգադրություն էր ստացել նրան Էջմիածին հղելու: Նման կարգադրություն ոստիկանական օրգանների կողմից արվել էր նաեւ Նոր-Նախիջեւանի մագիստրատին: Հուլիսի 3-ին Սարգիս Ջալալյանին գրած նամակում Խալիբը հաղորդում էր, որ մագիստրատը հատուկ պահակ է նշանակել Նալբանդյանին ձերբակալելու, հենց որ /62/ երեւա քաղաքում: Միաժամանակ մագիստրատը, Քիշնեւի կոնսիստորիային հաղորդելով Նալբանդյանի մասին եղած կարգադրությունը, խնդրում է ոստիկանական հսկողության տակ նրան հղել Էջմիածին [62]:

Փոխարքայի՝ միջամտությունն ակներեւ էր դարձնում հայ-լուսավորչական եկեղեցու գերագույն վարչության եւ ռուս ռազմական ոստիկանիսկան ղեկավարող օրգանների ներքին կապը: Միաժամանակ երեւան էր գալիս այն մտերմությունը, որ շաղկապում էր Վորոնցովի մտրակը Աշտարակեցու գավազանի եւ Խալիբի ոսկեպարկի հետ: Ներսեսին ուղղած նամակներում Վորոնցովը հրճվանքով է խոսում իրենց «ընդհանուր բարեկամ Խալիբովի» հետ ունեցած հոգեպարար հանդիպումների մասին: Խալիբը, ըստ փոխարքայի, Նախիջեւանի «գլուխը» չէ միայն, այլեւ նրա «հիմքը» [63]:

Խուսափելով կալանքից, Նալբանդյանը անմիջապես ապավինում է Քիշնեւից Նախիջեւան: Սակայն պարզվում է, որ նրան Էջմիածին հղելու մասին կարգադրություն է ստացված նաեւ Նախիջեւանում, ուր տեղեկանալով նրա ժամանման մասին, Խալիբը, Սարգիս վարդապետ Ջալալյանը եւ Եկենյանը ջանում են նրան որսալ եւ մատնել ոստիկանության ձեռքը: Վարանման մեջ՝ Նալբանդյանը փորձում է թաքնվել Գ. Պատկանյանի բնակարանում: Բայց ոստիկանությունը ընկել էր նրա հետքի վրա, եւ Պատկանյանը, տրամադրելով նրան իր կառքը, միջոց տվեց` նրան խուսափել Ռոստով եւ այդտեղից փոստային կառքով թռչել` Մոսկվա [64]:



[1]     Ե. Շահազիզ, Տեր-Գաբրիել Պատկանյանց, եր. 140:

[2]     Ե. Շահազիզ, Մ. Ղ. Նալբանդյանց, Մոսկվա, 1897, եր. 16:

[3]     «Անահիտ», 1930, եր. 99:

[4]     Տե՛ս Ե. Շահազիզ, Տեր-Գաբրիել Պատկանյանց, եր. 56:

[5]     Նույն տեղը, եր. 52:

[6]     Օգտվում ենք Ա. Զամինյանի թղթերում պահված նշումներից:

[7]     «Հյուսիս» (պարբերաթերթ), 1863, եր. 104:

[8]     «Արարատ», 1851, N 19:

[9]     Վերջը կիմանաք, Հայոց ազգի ուսումնատվությունը, ուսումնարանները եւ ուսուցիչները:

[10]   «Հյուսիս» (պարբերաթերթ), 1863, եր. 106 եւ հետ»:

[11]   Գ. Պատկանյան, Միաբա՞ն են հայք, 1863, ՍԲՊ. տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Պատկանյանի արխիվ, թղթապ. N 136, վավ. N 27:

[12]   Ե. Լ. Ժ., II, եր. 268, ծան.:

[13]   Տե՛ս Ե. Շահազիզ, Մ. Ղ. Նալբանդյանց, եր. 71 եւ հետ.:

[14]   Հմմ., օրինակ, Գ. Բ. Պատկանյան, Պատմություն Նոր-Նախիջեւանի, եր. 96 եւ հետ., 108 եւ հետ.:

[15]   ЦГИАЛ, фонд дух, дел. Дело N 3191, 1858, лист 144–51։

[16] «Մասյաց Աղավնի», 1862, եր. 200:

[17]   Հմմ. Գ. f. Պատկանյան, Պատմություն Նոր-Նախիջեւանի, եր. 112:

[18]   «Բազմավեպ», 1904, եր. 405:

[19]   Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Ներսեսի գրությանց պատճենների մատյանը, եր. 272 եւ հետ»:

[20]   ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. Je 167, վավ. N: 56:

[21]   ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 156, վավ. N 88:

[22]   ՀՍՍՌ Մատենադարան, ձեռագիր N 2946, թերթ 125 բ:

[23]   Ե. Լ. Ժ., II, եր. 131:

[24]   Նույն տեղը, I, եր. 306:

[25]   «Լումա», 1902, N 1, եր. 126 եւ հետ., Հ. Գեղամյանի «Մանկական հիշողություններ»-ը:

[26]   ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 2946, թերթ 82բ եւ հետ., 85բ եւ հետ»:

[27]   «Հիշատակարան», եր. 241:

[28]   «Արձագանք», 1892, N 77:

[29]   Ե. Շահազիզ, Տեր-Գաբրիել Պատկանյանց, եր. 84:

[30]   Պահվել է 1848 թ. Դավիթ Խերեդինյանին գրած Ներսեսի մի նամակի սեւագրությունը, ուր ինքը՝ Ներսեսն իսկ անդրադառնում է իր հարուցած հալածանքների մասին եղած մեղադրանքին, առանց որեւէ չափով հերքելու այն: Ներսեսը մեջբերումներ է անում Թբիլիսիից ստացած իր մի գրությունից, որի մեջ իր դեմ հայտնված են եղել տրտունջներ, թե «գիտունքն ամենեքեանք անպատուած են ի քեն, որպէս հայր Սալլանդեան, բազմալեզու բազմագէտն Ստեփաննոս Նազարեանց, չնաշխարհիկ եւ անզուգական Մսուր Գուշարեան (Մսերյան), բազմահմուտ տէր Գաբրիէլ Պատկանեան, Յակոբ վարչապետ Կարենեան, Առաքել վարժապետ Արարատեան եւ այլք բազումք… Տես Թաղիադեանն Մեսրովբ որպես հանդիսանայ ի Կալկաթայ, Նազարեանն ի Ղազան, Աբել վարդապետն (Էջմիածին, Խաչատուր քահանայն (Ղալաբեկեան?) եւ Գրիգոր սարգաւագն (Տէր Ավագեան) յԱրցախ, Յակոբ Կարենեան ի Թիֆլիզ…»: Անհայտ նամակագիրը մեղադրել է Ներսեսին նաեւ այն բանում, որ նա դառնացրած է եղել Դավիթ եւ Հովհաննես կաթողիկոսների, Սերոբե եւ Զաքարիա (Գուկասպյան ) եպիսկոպոսների, Թովմա Ղորղանովի, Դավիթ խան Շահնազարյանի, Ջրպետյանի, Ալամդարյանի եւ այլոց հիշատակը: Այստեղ թվարկված անձանց կողքին նամակագիրը հիշատակել է նաեւ Ներսեսի պաշտած կամ նրա առաջ քաշած մարդկանց անունները: «Փոխանակ կայսերն երկար կեանք խնդրելու, գրված է եղել Ներսեսին ուղղված նամակում, դու կնիազ Վորոնցովն ի բերան առիր՝ «հայր է, հայր է, անօրինակ հայր է (ասելով), ողորմելի ամբոխին զմիտն որսացիր»: «Պատուեալք անձինք քո են, որք երեւելի են ի չարագործութեանն որպիսիք են իզմիրցի Մարկոսն, ալեքսանդրապոլսեցի Մարտիրոս Վեքիլովն, Սենատ Վառլամովն, տէր Բաղդասարն, Սարգիս Վարշամովն, օձալեզու իմաստիկ Սահառունին, հինավուրց սրբազան Մինասն» (ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 8916, թթ. 39 եւ 40 ): Հետաքրքրական այս նամակից եւս կարելի է հանգել այն եզրակացության, թե Ներսեսին մեղադրում՝ էին այն բանում, որ նա հալածում էր գիտության կամ նկարագրի տեր մարդկանց, իրեն շրջապատելով իր կամքին հլու գաճաճներով:

[31]   Գ. ք. Պատկանյան, Պատմություն Նոր-Նախիջեւանի, Նոր-Նախիջեւան, 1917, եր. 112:

[32]   Ե. Լ. Ժ., IV, եր. 2:

[33]   Տե՛ս Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 382 եւ հետ. եւ Մ. Տեր-Գրիգորյանի կազմած կենսագրությունը, որ կցված է «Ղազար Փարպեցու թղթի» թարգմանությանը, ՍՊԲ, 1868, եր. VII:

[34]   Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 151, վավ. N 68, եր. 5: (Հմմ. նաեւ «Սովետական գրականություն», 1941, N 4, էջ 89 եւ հետ. եւ «Գրական նյութերի ժողովածու, Երեւան, 1941, 1, եր. 197: )

[35]   «Նոր-դար», 1891, : 158. տե՛ս նաեւ Մ. Տեր-Գրիգորյան, Մ. Նալբանդյանի Համառոտ կենսագրությունը, եր. X:

[36]   «Արարատ», 1904, եր. 406:

[37]   Ղ. Աղայան, Երկեր, III, Երեւան, 1940, եր. 204:

[38]   Նույն տեղը, II, եր. 71:

[39]   Տե՛ս «Արարատ», 1904, եր. 404:

[40]   ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 144, վավ. 15։

[41]   Ե. Լ. Ժ., 1, եր. 244:

[42]   Տե՛ս «Դիվան Խաչատուր Աբովյանի», Երեւան, 1940, եր. 31 եւ հետ.:

[43]   ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Ներսեսի 1852 թ. մայիսի 3-ի գրությունը:

[44]   Ե. Լ. Ժ., I, եր. 419:

[45]   Վերջը կիմանաք, նույն տեղը, եր. 99:

[46]   Նույն տեղը, եր. 54:

[47]   «Արարատ», 1878, եր. 70 եւ հետ»:

[48]   Ա. Երիցյան, Պատմություն 75-ամյա գոյության Ներսիսյան Հ. Հ. դպրոցի, Թիֆլիս, 1898, 1, եր. 475 եւ հետ., 486:

[49]   ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Ներսեսի 1852 թ. մայիսի 3-ի գրությունը: Ոմն Խ. Ն. Տ. ստորագրությամբ մեզ հասած մի պարսավագրի մեջ ասված է, թե իբր Պատկանյանին Թբիլիսիից Նախիջեւան ետ բերելու գործը կազմակերպած է եղել Նալբանդյանը «կողմնակի ժողովրդականաց» ստորագրել տալով եւ Խալիբի ձեռքով կաթո ղիկոսին հասցնելով մի դիմում «գիտնական քահանային» Ն. -Նախիջեւան փոխադրելու խնդիրքով (ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 9137, թ. 16ա):

[50]   Նախընթաց ծանոթության մեջ հիշատակված պարսավագրի հեղինակը ակնարկում է այն մասին, թե իբր հենց Նալբանդյանն է թելադրած եղել Պատկանյանին հալիբին սպանելու միտքը… Տե՛ս նույն տեղը, թ. 17ա: Նման զրպարտությամբ խալիբականները, ըստ երեւույթին, մտադիր էին կալանքի տակ դնել ոչ միայն Պատկանյանին, այլեւ Նալբանդյանին:

[51]   Տե՛ս Մ. Տեր-Գրիգորյան, Մ. Նալբանդյանի համառոտ կենսագրությունը, եր. IX եւ հետ:

[52]   ՀՍՍՌ Մատենադարան, Կաթ. դիվան, թղթապ. M 157, վավ. N 473:

[53]   Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 145, վավ. N: 314: Հմմ. նաեւ նույն թղթապանակի N 290 վավերագիրը՝ ստորագրված Խ. Լազարեւի կողմից. վերջինս Ներսես Աշտարակեցուն ուղղված մասնավոր մի գրություն է, ուր Խ. Լազարեւը խնդրում է կաթողիկոսին՝ թույլ չտալ, որ Խալիբի սադրանքով փոխարքան հարց հարուցի Սենատի որոշումը վերանայելու մասին: «Թէեւ չէ մեր տեսեալ զայրն այն Ղալապով կոչեցեալ, սակայն լուեալ է մեր պատմութեամբ այլոց, թէ բազմատեսակ են արարք (նորա) ընդդէմ իրաւանց», գրում է 1849 թ. փետր. 7-ին թվագրված այդ թղթում Լազարեւը:

[54]   Ե. Լ. Ժ., 1, եր. 348:

[55]   ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Ներսես Աշտարակեցու 1852 թ. մայիսի 3-ի գրությունը:

[56]   ՀՍՍՌ Մատենադարան, ձեռ. N 8916, թ. 310:

[57]   Տե՛ս Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 746:

[58]   ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Սինոդի ֆոնդ, 1852, N 12, թերթ 12 եւ հետ.:

[59]   «Մեղու Հայաստանի», 1859, N 10, եր. 78։

[60]   Ե. Լ. Ժ., IV, եր. 24 եւ հետ.: «Գիտական նյութերի ժողովածու», 1, 1941, հր. 196 եւ հետ.:

[61]   Տե՛ս ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Սինոդի ֆոնդ, նույն տեղը, թ. 39:

[62]   Տե՛ս Ա. Ինճիկյան, Մ. Նալբանդյանի կյանքի եւ գործունեության տարեգրությունը, Երեւան, 1954, եր. 40:

[63]   Տե՛ս А. Эрицов, Патриарх всех армян Нерсес V, князь М. Ц. и княгиня Е. К. Воронцовы в их частной переписке, стр. 48 и сл. стр. 78.

[64]   Տե՛ս Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 409 եւ հետ.: Հմմ. նաեւ Պ. Սիմոնյանի հուշերը, «Լումա», 1901, Ա., եր. 284 եւ հետ.: