Ալեքսան Յակոբեան. Հայ էթնոսի կազմաւորման ժամանակը եւ պատմա-մշակութային առանձնայատկութիւնները

27.09.2013 00:00


ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՒ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հայկական լեռնաշխարհում բիացիների եւ խորենացիական Հայկեանների տարածման ուղիների ակնյայտ նմանութիւնը թոյլ է տալիս հայերի հետագայ ծագումնաբանական (էթնոգենետիկ) պատկերացումների մէջ դիտարկել խորենացիական «հայ ազգի» (էթնոսի) կազմաւորման գործում բիացիների նշանակալից դերի մասին յիշողութիւնների պահպանումը, ինչպէս համարում էին Յ. Կարագեօզեանը եւ Մ. Կատուալեանը, որոնք յենւում էին Թ. Գամկրէլիձէի եւ Վ. Իւանովի լեզուաբանական տեսութեան եւ էթնոկազմաւորման եղանակների մասին խորհրդային ազգագրական գիտութեան մեթոդաբանութեան վրայ (Եու. Բրոմլեյ եւն): Հայերի կազմաւորումն ընթացել է նոր էթնոսների առաջացման 3 հիմնական ճանապարհներից ոչ թէ առաջինով (էթնիկական մասնատում – էթնոսեպարացիա) կամ երկրորդով (էթնոէվոլիւցիա – յարակից էթնոսների տեւական կլանում), այլ երրորդով՝ էթնոհամախմբում – էթնոկոնսոլիդացիա, ընդ որում՝ նրա էթնոմիքսացիայի – էթնոձուլախառնման տարբերակով (երբ համախմբումն ընթանում է իրար ոչ ազգակից էթնոսների միջեւ): Այդ գործընթացին մասնակցել են Բիաինական պետութեան մէջ ընդգրկուած՝ առանձին ցեղային-ցեղախմբային կայուն ինքնագիտակցութեամբ ու ինքնանուանումներով աւելի մանր էթնոմիաւորները, որոնք ե՛ւ հնդեւրոպախօս էին (նախահայախօս, լուվիախօս, իրանախօս, թրակա-փռիւգախօս), ե՛ւ խուռի-բիաինախօս, ե՛ւ, թերեւս՝ սէմախօս ու քարթուէլախօս: 

Արդիւնքում կազմաւորուած՝ վերցեղային կայուն ինքնագիտակցութեամբ նոր էթնոսը (ժողովուրդ) ընդունել է *հայո- (>հայ) ինքնանունը (էնդոէթնոնիմ) եւ երկրում ծաւալային գերակշռութիւն ունեցած՝ նախահայերէնի բարբառներով խօսող ցեղերի լեզուի այն միջցեղային կոյնէն, որը Վանի շրջակայքի բիախօս միջավայրում հարստացուել էր խուռի-բիաինական բաղաձայնական համակարգով՝ դրանով վերածուելով հայերէնի: Հայ էթնանունը բխում է բիաինական բնագրերի Էթիու տեղանուն-ցեղանունից՝ տրուած հետագայի Այրարատ նահանգին եւ յարակից տարածքներին, որի ստուգաբանութեան հիմքում, մեծ հաւանականութեամբ՝ խուռիերէնում վկայուած ետի-ետո եզրոյթն է՝ «անձ», «մարդ» իմաստով: Այր-արատ – Ար-արատ տեղանուան (աքքադերէնում՝ Ուրարտու) «այր» բաղադրիչը եւս հայերէնով նոյն իմաստն ունի՝ «արու մարդ», «արի» (հմմտ. հնդ-իրանալեզուների մօտ՝ «արիացիներ»): Նման զուգահեռ է տալիս նաեւ բիաինական բնագրերի Շուրելէ երկրանունը՝ «զինուած ազատ մարդիկ», «զինուած ազատներ» ստուգաբանութեամբ (Բիաինելէի ընդլայնման պահին Այրարատ – «վաղ» Ուրարտու – Շուրելէ – Էթիունէ անունների տակ ներկայանում է մի էթնոլեզուական մետաէթնիկ ընդհանրութիւն, որը կարող է բնորոշուել հնդեւրոպական մայր էթնոսից սերող ցեղերի «մնացորդների»՝ դեռեւս ընկալուող ազգակցութեամբ): Հայ ինքնանուամբ նոր էթնոսի համար ընդունելի են եղել նաեւ հարեւանների կողմից իրեն տրուած արտանունները՝ արմեններ, Արմինա, սոմէխներ, ուրարտացի, Արարատ, Քարդու:

Բիաինելէ-Ուրարտուի բազմացեղ բնակչութեան հասարակական ինտեգրացիայի արդիւնքում հայ էթնոսի կազմաւորման աւարտը հաւանական է թուագրել Ք. ա. Է դ. առաջին կէսով: Տարալեզու բնագրերի վկայութեամբ՝ Ուրարտու պետութեան բնակչութիւնն այդ դարում հարեւանների կողմից ընկալւում է իբրեւ միասնական ամբողջութիւն, ընդ որում՝ այն արտանուններով, որոնց իմաստն այլեւս չի փոփոխւում հետագայ դարերում: Իսկ «վաղ» Ուրարտուն (Արամուի թագաւորութիւնը) ունէր շատ յստակ տարածք (Այրարատի հարաւային գօտուց դէպի Վանայ լճի արեւելակողմը), որը դէպի հիւսիս – հիւսիս-արեւելք էր ընկած Սալմանասար Գ-ի վիմագրերի «Նաիրեան» երկրներից եւ կապ չունէր Ուրուատրի երկրի հետ (ԺԳ-ԺԲ դարերում յիշատակուած Արեւելեան Կիլիկիայում):

Էթնոհամախմբման եւ էթնոձուլախառնման տարբերակներով կազմաւորուած էթնոսների կարեւոր առանձնայատկութեան համաձայն՝ հայ էթնոսի մէջ ձուլախառնուած էթնիկ նախկին բաղադրիչների մօտ փոփոխուել է լոկ էթնիկ ինքնագիտակցութիւնը, իսկ նրանց թէ՛ հոգեւոր, թէ՛ նիւթական մշակոյթի տարրերը (բացի լեզուից) տեւապէս պահպանուել են (էթնոէվոլիւցիայի եղանակով ձեւաւորուող էթնոսի մէջ կլանուող-ուծացող բաղադրիչները լոկ կենսաբանական-մարդաբանական լիցք են տալիս նրան): Ուրարտական եւ այսպէս կոչուած «վաղ հայկական» դարաշրջանների մշակութային տարրերի ակնառու նմանութիւնն ի յայտ է գալիս թէ՛ նիւթական մշակոյթով (տեղային առանձնայատկութիւնների տեւական պահպանմամբ), թէ՛ առատ տեղանուանացանկով, թէ՛ նախկին էթնանունների մատենագրական պահպանումով (Թրակացւոց իշխանութիւնը Մոկքում), թէ՛ հայերի ծագումնաբանական պատկերացումների մէջ ցեղային էթնոգենետիկ առասպելների (Հայկեաններ, Արմենոս Թեսալացի, Սանասար, Սէմի որդիներ) եւ դիցարանների (զրադաշտական՝ Բարձր Հայքում, Արայ Գեղեցիկի՝ Այրարատում եւն) արձանագրմամբ, թէ՛ ընդհանուր լեզւում սեփական բարբառային տարրերի թափանցումով:
Ուրարտուի «վախճան» կամ «անհետացում» տեղի չի ունեցել, իսկ Է դ. վերջի համար տարաբնոյթ աղբիւրներ նշում են նրա, իբրեւ արդէն Արարատեան թագաւորութիւն–Արմենիա–Հայք-ի վերստին հզօրացումը: Զ-Դ դարերի իրանական եւ միջագետքեան բնագրերում արձանագրուած է Ուրարտու – Արմենիա-ի յիշատակութիւնների մի ողջ հաւաքածոյ: Մարաստանի հետ միասին Է դ. վերջերին ընդունելով գիրը մերժող զրադաշտական կրօնը՝ Ուրարտու–Արմենիա-ն հրաժարուել էր ոչ միայն անհասկանալի դարձած սեպագրից, այլեւ նախկին սինկրետիկ դիցարանին բնորոշ «բիաինական» արքայանուններից՝ դրանք փոխարինելով զրադաշտական-իրանական անուններով: Հայերին Թորգոմից ծագեցնելը նոյնպիսի վաղ քրիստոնեական գրական յօրինուածք է, ինչպէս սկիւթներին բնորոշող հինկտակարանային Ասքանազից ծագելու մասին գրական յօրինուածքը, իսկ եբրայական աւելի հին աւանդոյթը հայերի ծագումը կապում էր սէմական Արամ նահապետի հետ: Ուրարտու–Արմենիա–Հայք-ը վերջնականապէս կորցրեց թագաւորական իշխանութիւնը լոկ Աքեմենեան տէրութեան մէջ՝ Դարեհ Ա-ի օրօք դառնալով նրա 20 սատրապութիւններից13-րդը, որն ընդգրկում էր հետագայի Մեծ եւ Փոքր Հայքերը:

Տեսանյութը

***
Առաջարկում ենք ծանօթանալ զեկուցման հիմնական թեզերին՝

ՅԱԿՈԲԵԱՆ ԱԼԵՔՍԱՆ, ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ԿԱԶՄԱՒՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՒ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1575&captn=18242&wrpg=0&aupg=0)

***

Ալեքսան Յակոբեանը Խուդափերինի կամրջի մօտ



***
Հայկական լեռնաշխարհը եւ Առաջաւոր Ասիան Ք.Ա. III-II հազարամեակներում։


***
Բիաինելէ թագաւորութիւնը IX-VII դարերում։


***

Աքեմենեան տէրութիւնը։


***
Հնագիտական հետազօտութիւնները Առաջաւոր Ասիայում։


***




***


***


***


Մեկնաբանություններ