Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ IV
ԽԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆ, ԴԱՏԱՐԱՆ ԵՒ ԶՕՐՔ

Ինչպէս եւ աշխատութեանս սկզբում յիշեցինք Ռուսաստանին զիջած պարսկական երկրներում հայերը բնակչութեան մէջ խոշոր տեղ էին բռնում Ղարաբաղի, Գանձակի, Շեքիի, Շիրուանի, Երեւանի եւ Նախիջեւանի խանութիւններում։ Այդ խանութիւնները կառավարւում էին կամ Պարսկաստանի կենտրոնական կառավարութիւնից նշանակուած պաշտօնեաներով (Երեւան եւ Նախիջեւան) կամ թէ Պարսկաստանի գերիշխանութիւնը ճանաչող ժառանգական խաներով (Ղարաբաղ, Գանձակ եւ այլն)։ Այս վերջին հանգամանքը չըպէտք է սխալ մեկնել, թէ ժառանգական խաների իրաւունքները սրբագործուած էին։ Ո՛չ։ Ե՛ւ պաշտօնեան ե՛ւ ժառանգական խանն այնքան էին մնում իրենց տեղում, որքան դա ցանկալի էր «արքայից արքային», որքան վերջինս սիրաշահուած էր կամ թէ թոյլ էր զգում իրեն նոր փոփոխութիւնների դիմելու։ Խաները Պարսկաստանի կենտրոնական իշխանութեան հետ իրենց կապերը պահպանում էին հարկերով եւ պատանդներով. հարկը հպատակութեան ապացոյցն էր, իսկ պատանդը հաւատարմութեան։ Եւ որովհետեւ «արքայից արքայի» երկրում ոչինչ հաստատ բան չըկար, որովհետեւ այսօրուայ խանը կարող էր վաղը իր աչքերը փակել կախաղանի վրայ կամ իր կեանքի մնացորդն անցկացնել անյայտութեան մէջ, ապա եւ նրանք իրենց իշխանութեան օրերին գլխաւորապէս գանձ ժողովելն էին դարձնում հոգսերի առարկայ։ Գանձով նրանք հնարաւորութիւն ունէին քաղցրացնելու կենտրոնական իշխանութեան քիմքը եւ իջեցնելու միապետի զայրոյթը, վերջապէս, գանձն ինքնին ապահովութիւն եւ փրկիչ զօրութիւն էր նոյն իսկ այն խաւար ժամանակներում։ Այս պատճառով էլ խաների կառավարութիւնը շատ միակողմանի էր. նա գլխաւորապէս հարկերի եւ տուրքերի, մի բան կորզելու շուրջն էր պտըտւում։ Վարչութեան գլխաւոր կոչումը հարկերի գանձման մէջ էր կայանում։ Եւ խանական բազմազան հարկերը լուսաբանում են թէ նրանց վարչութեան էութիւնը եւ թէ վճարող ժողովրդի հասարակական կազմը։ Սակայն մինչեւ հարկերի քննութեան դիմելը՝ մի քանի խօսք ասենք խանութիւնների վարչական եւ դատաստանական կառուցուածքի մասին, որ նոյնպէս հարցասիրութեան արժանի է։

Խանութիւնները բաժանւում էին իրենց հերթին մահալների։ Մահալը կազմւում էր, գլխաւորապէս, որեւէ գետի աւազանից։ Ջուրը Անդրկովկասում բացառիկ տեղ ունի գիւղատնտեսութեան մէջ եւ միայն նրա կանոնաւորումն ինքնին պահանջում է որոշ կազմակերպութիւն։ Այսպիսով ոռոգման կանոնաւորումն աստառ է դառնում ստեղծելու աւելի բարդ կազմակերպութիւն, որի կոչումն այժմ ջրի եւ առուների վրայ հսկելը չէ միայն, այլ եւ որ գոհացում տայ հասարակական մնացած պահանջներին։ Երեւանի խանութիւնը բաժանուած էր 13 մահալների, որոնք կրում էին իրենց միջով հոսող գետերի անուններն, օրինակ, Զանգի-բասար, Գառնի-բասար եւ այլն, այսինքն Զանգուից եւ Գառնիից ջրակոխ, նրանց ջրերով ոռոգուող։ Ջուրը, որպէս տնտեսական արժէք, մահալներ կազմելու մէջ գերակշռող դեր էր խաղում եւ մնացած խանութիւնների մէջ, որովհետեւ Գանձակը, Շեքին, Շիրուանն ու Ղարաբաղն իրենց խոշորագոյն մասերով առանց ջրի, առանց ոռոգման անարժէք են հաստատուն կուլտուրայի համար։ Յամենայն դէպս խանութիւններում մահալներ կազմելու մէջ աչքաթող չէին արւում շրջանի պատմականօրէն ստեղծուած տնտեսական եւ ազգային առանձնայատկութիւնները։ Ղարաբաղի խանութեան մէջ հինգ շրջաններ (Դիզակ, Վարանդա, Խաչէն, Ջրաբերդ եւ Գիւլստան) շնորհիւ միատարր բնակչութեան եւ աշխարհագրական առանձնայատուկ դիրքի ինքնուրոյն մահալներ էին կազմում։ Երեւանի խանութեան մէջ մահալի կառավարումը յանձնւում էր խաներին եւ բէկերին։ Նրանք միրբոլիւք կոչումն էին կրում եւ օժտուած էին աւելի կամ պակաս իշխանութեամբ։ Թափառական ցեղերն այդտեղ կառավարւում էին իրենց ցեղապետներով։ Քաղաքի կառավարիչն էր Դարղան կամ ոստիկանապետը, իսկ վերջինիս ենթարկւում էին իւզբաշիները (հարիւրապետ) եւ չաուշները (տասնապետ) [1] ։ Ուրիշ խանութիւններում մահալի պետը միրբոլիւք կոչման փոխարէն կրում էր զանազան անուններ, ինչպէս մահալի բէկ, մելիք կամ նայիբ [2] ։ Խանական այդ պաշտօնեաները ժողովրդի անմիջական իշխանաւորներն էին։ Նրանք նշանակւում էին պատուաւոր տոհմերից եւ կամ այդ երկրների նախկին իշխանաւորների սերունդներից։ Վերջին տեսակի մահալների պետեր էին Ղարաբաղի հինգ գաւառակների հայ մելիքները։ Մահալի պետն այնքան ժամանակով էր մնում իր պաշտօնի մէջ, որքան դա հաճելի էր խանին, թէեւ ընդհանրացած կանոն էր պաշտօնի ժառանգական լինելը։ Սակայն ամեն նոր փոփոխութիւն պահանջում էր բարձր իշխանութեան հաստատութիւնը։ Նման հաստատութեան մի վաւերագիր է իշխ. Մադաթեանի նախահայրերից մէկի ստացած ֆիրմանը շահից, որ մենք, նմուշի համար, բերում ենք այստեղ [3] . «Ի նշան մեր արքայական ողորմածութեան առ մելիք Բաղի՝ 1651 թ. 1-ի օրից Վարանդա երկրի մելիքութիւնը մենք յանձնել եւ շնորհել ենք մելիք Բաղուն, որ նա ամենայն արդարութեամբ եւ ճշմարտութեամբ գործէ եւ պահպանէ հաւասարութիւնը։ Հպատակներ, որ ապրում էք այդ երկրում, վերոյիշեալ Բաղուն ճանաչեցէք ձեզ վրայ մելիք. Ձեր բարեկեցութեան վերաբերեալ՝ նրա ուղիղ խօսքերից եւ խորհուրդներից դուրս չգաք եւ առանց նրա գիտութեան ժողովրդի վրայ ոչ մի հարկ կամ ծառայութիւն մի դնէք եւ ճանաչեցէք մելիքի պաշտօնը յանձնուած միայն նրան։ Իսկ այդ պաշտօնին պատշաճ եկամուտը, ինչպէս առաջուայ մելիքին տուել էք, նոյնպէս եւ նրան պարտաւոր էք տալ եւ այս մելիքը պարտաւոր է ժողովրդի հետ վարուել այնպիսի եղանակով, որ նա գոհ մնայ նրանից։ Էլ մի սպասէք այս մասին ուրիշ հրամաններ»։ Մահալի բէկերը տարբեր խանութիւններում ունէին տարբեր իրաւունքներ, բայց ընդհանրապէս նրանց պարտաւորութիւնները հետեւեալներն էին՝ 1) խանի կոմից ողջ մահալի համար որոշուած տուրքերը բաժանել գիւղերի վրայ, 2) ստիպել բնակիչներին անթերի մտցնել հարկերը, 3) պահպանել սահմանագլուխ մահալները գիշատիչներից, 4) քննել բնակիչների եւ գիւղերի մէջ ծագած վէճերը, պաշտօնեաների դէմ եղած գանգատները, օրինակ միրաբների դէմ, որոնք ջրի բաշխման վրայ էին հսկում, 5) ի կատար ածել դատարանական որոշումները, 6) դատել եւ պատժել մի քանի թեթեւ յանցանքների համար, որոնք չէին ենթարկւում հոգեւոր դատաստանին, օրինակ, պարտազանցութիւն, խուսափումն բնական ծառայութիւններից, գողութիւններ, 7) փնտրել, ձերբակալել եւ պատշաճ դատարանին յանձնել աւազակներին եւ այլ վնասակար ճանաչուած յանցագործներին եւ այլն։ Բէկերին շնորհած գիւղերում այդ պարտաւորութիւններից ոմանք անցնում էին անձնապէս նրանց կան նրանց նշանակած կառավարիչներին։ Վարչական սանդուխքը վերջանում էր խանից նշանակուած տանուտէրով, որ կոչւում էր իւզբաշի, քեթխուդա, մելիք կամ քեօվխա։ Սրան էին հպատակւում մի քանի տասնապետներ կամ եսաուլներ։ Տանուտէրն ազատ էր հարկերից եւ բացի այդ ունէր եւ մի քանի եկամուտներ։ Այդ պաշտօնին նշանակւում էին եւ բէկերը։ Բէկերին յանձնուած գիւղերում նրանք էին սովորաբար կատարում եւ տանուտէրի պաշտօնը, որովհետեւ բէկը նոյն գիւղացին էր, միայն մի չափով աւելի ունեւոր։ Սկզբունքով տանուտէրութիւնը ժամանակաւոր էր, բայց յաճախ նա դառնում էր եւ ժառանգական արտօնութիւն։

Խանական պաշտօնեաներից ոչ ոք ռոճիկ չէր ստանում։ Նրանք ծառայութեան համար կամ ստանում էին իրենց ձեռքով անցնող գանձարանի եկամուտների մի մասը կամ թէ բաւարարւում էին յատուկ իրենց շնորհած գիւղերի եկամուտներով։ Այդ գիւղերը նրանց ժառանգական սեփականութիւնը չէր համարւում. նրանք միայն եկամուտների մի մասի տէրն էին։ Վերջապէս՝ նրանց շնորհւում էր առանձին պարապ հողամասեր, որոնք բնակեցւում էին արտասահմանից դուրս շողոմած ժողովրդով։ Այստեղ բէկ-պաշտօնեան օգտւում էր առանձին իրաւունքներով, գլխաւորապէս բարձր եկամուտներով։ Խանի բոլոր շնորհները տրւում էին առանձին թալաղա կամ թալիկէ կոչուած թղթերով [4] ։ Ի՞նչ խօսք, որ պաշտօնեաները միայն օրինաւոր ճանաչուած տուրքերով չէ, որ բաւարարւում էին։ Անպատասխանատու ժողովրդի առաջ, մի ժողովրդի, որն անգամ չէր մտածում սանձ դնելու իր վաստակը գիշատողների երախին՝ նրանք գջլում էին այնքան, որքան կարող էին եւ հնարաւոր էր։ Նրանց վախը բարձրից էր, խանից։ Ահա ինչպէս էր պատժում Երեւանի խանն իր չափազանց ագահ պաշտօնեաներին. «Նրանց զեղծումներին նա նայում էր մատերի արանքով եւ կարիք էլ չունէր երկիւղ քաշելու. նրա պաշտօնեաները կողոպտում էին, բայց՝ ասիացիների մեծամասնութեան յատուկ ագահութեան շնորհիւ՝ չէին ծախսում կողոպտած դրամներն (ինչի՞ վրայ պիտի ծախսէին բնատնտեսական շրջանում ապրող այդ գիշատիչները Դ. Ա. ), այլ իսկոյն ձեռք էին բերում գիւղեր, տներ, այգիներ, եւ այլն։ Երբ սարդարը նկատում էր, որ զիջողութեան չափն անցել է, ծանր հարուածով սաստում էր գիշատիչին. նրա բոլոր կարողութիւնը մտնում էր սարդարի տունը, իսկ կալուածքները դառնում էին արքունի, այսինքն սարդարական։ Մէկ-երկու տարի դատապարտեալը մաշում էր սարդարի շէմքը, աղաչանք- պաղատանք էր անում նրա սիրելիներին եւ, վերջապէս, երբ նա արդէն հասնում էր ծայրայեղ անկման, ապա նորից արժանանում էր ողորմութեան։ Նրան հնարաւորութիւն էին տալիս նորից շահուելու, որ յետագայում նորից աղքատ դարձնեն յօգուտ տիրոջ» [5] ։

Ապահովութեան մասին մտահոգող, կարգապահութեան վրայ հսկող վարչական կազմակերպութիւնը սա էր, որ, ինչպէս առաջ էլ նկատեցինք, աւելի յարմար մի ապարատ էր ժողովրդի հիւթերը ծծելու, քան թէ որեւ է ծառայութիւն մատուցանելու նրան։ Աւելի բարձր կազմակերպութիւն չունէր դատաստանական մասը։ Նախ պիտի ասենք, որ Վրաստանի պէս, պարսկական խանութիւնների մէջ եւս ոչ մի յանցանք չէր համարւում ընդհանուր հասարակական բնոյթ ունեցող երեւոյթ։ Անձի եւ ստացուածքի դէմ գործուած յանցանքը համարւում էր մասնաւոր-իրաւական հարց։ Տուժած կողմը կարող էր փրկանք ստանալով ներել յանցաւորին, կարող էր եւ պատժել տալ տուգանքով, ծեծով կամ անդամազրկութեամբ։ Արիւնն արիւնով էր լուացւում կամ թէ արնագնով լուծւում։ Դատավարութիւնը գլխաւորապէս հոգեւորականութեան արտօնութիւնն էր։ Իսլամ ժողովուրդների ըմբռնումով Ղուրանը ոչ միայն ներքին կրօնական համոզմունքի եւ աստուածային յայտնութեան գիրք էր, այլ եւ պարունակում էր համակենցաղի համար անհրաժեշտ բոլոր կանոնները։ Ղուրանը մի նահապետական պարզ կենցաղով ապրող ժողովրդի համար իսկապէս եւ առտնին կեանքի օրէնսգիրք էր։ Իսկ ուր Ղուրանը, կեանքի եւ յարաբերութիւնների բարդացման շնորհիւ, չունէր իր պարզ թելադրանքը այնտեղ հրապարակ էին գալիս սովորոյթային իրաւունքը, իմամների եւ յայտնի հոգեւոր գիտնականների արձակած վճիռների, բացատրութիւնների ժողովածուները, որոնց ուսումնասիրողներն ու պահպանողները բացառապէս հոգեւորականներն էին։ Հասկանալի է ուրեմն թէ ինչո՞ւ դատավարութիւնը եւ դատաստանը կենտրոնացած էր հոգեւորականութեան ձեռքին։ Շարիաթն այստեղ իր մէջ պարփակում էր դատաստանական ամբողջ գիտութիւնը, իսկ նրա բանալին յանձնուած էր կրօնի ներկայացուցիչներին։ Յաճախ հոգեւոր դատարաններին ենթարկւում էին բոլոր քաղաքացիական պահանջներն ու վէճերը [6], խնամակալական եւ նոտարական գործերը, այն քրէական գործերը, որոնք աւելի վտանգում էին մասնաւոր, քան թէ հասարակական շահեր, ինչպէս օրինակ, ուրիշի սեփականութեան բռնի տիրացում, շնութիւն, նշանածի առեւանգում, վէրք հասցնել եւ հաշմացում, ոչ-կողոպտելու նպատակով սպանութիւն։ Գողութիւնը, աւազակութիւնը, առեւտրականների խարդախութիւնները, զինուորական, ինչպէս եւ վարչական անձերի յանցանքները դատւում էին խանի կամ նրա լիազօրած աշխարհիկ դատաւորների ձեռքով։ Դատավարութիւնը տեղի էր ունենում առանց ձեւականութիւնների եւ արձանագրութիւնների։ Եթէ որեւէ մէկը միւսից պահանջ ունէր կամ տուժած էր նրանից, ապա առանց գրաւոր խնդիրքի կամ փաստաբանի դիմում էր անմիջապէս դատաւորին։ Սովորութիւն չկար, որ մեղադրուողը խուսափէր դատարանից։ Դատաւորը տեղն ու տեղը հարց ու փորձի ենթարկելով կողմերին, լսելով վկաներին, եթէ այդպիսիները կային գործի մէջ, առանց ձգձգումների որոշում էր հանում եւ առաջարկում մեղաւոր կողմին գոհացում տալու խնդրատուին։ Անբաւական կողմը կարող էր դիմել խանին եւ խնդրել նրա դատաստանը։ Մեղաւորն ու արդարը ջոկելու ամենալաւ միջոցը համարւում էր երդումը, որին դատաւորը կարող էր ենթարկել երկու կողմերին էլ. կամ երդուելով մաքրուի՛ր կամ թէ հաստատի՛ր։ Իհարկէ, դա դատավարութեան բնականոն դրութիւնն էր, բայց պարսկական փոքրիկ բռնաւորները յաճախ տակն ու վրայ էին անում ամեն կարգ ու կանոն եւ այն ժամանակ թագաւորում էր խանի կամքն եւ քմահաճոյքը։ Շոպէնը, որ Երեւանի ռուսական գրաւումից անմիջապէս յետոյ կազմել է այդ նահանգի նկարագրութիւնը, հետեւեալ տեղեկութիւններն է տալիս խանի դատաստանի մասին. «Գործադիր իշխանութեան պատկանող քրէական դատաստանը ղեկավարւում էր չափազանց պարզ օրէնքներով. արիւնն արեան փոխարէն նրանց հիմքն էր կազմում. մարդասպանին տալիս էին սպանուածի մերձաւոր ազգականներին եւ նրանք իրաւունք ունէին վերցնել նրանից փրկանք արեան գինը կամ նրան կեանքից զրկել։ Գործավարութեան համար գոյութիւն ունէր շատ հասարակ ատենական կարգ. ո՛չ ցուցակներ էին ճանաչում, ո՛չ օրագրութիւններ։ Սարդարը (խանը) ընդունում էր զեկուցումներ կամ գանգատներ, լսում էր գործի հանգամանքները եւ վճիռ արձակում, որը տեղն ու տեղը ի կատար էր ածւում։ Եթէ պատժել էր պէտք, ապա սարդարի նշանով դուրս էին ցատկում փերրաշները եւ մի ակնթարթում մեղապարտը պառկեցւում էր մէջքի վրայ. երկու փերրաշ բարձրացնում էին նրա փալախկին կապած ոտքերը, իսկ այդ ժամանակ երկու ուրիշը կակուղ մասուրէ ճիպոտով հարուածներ էին իջեցնում յանցաւորի գարշապարներին։ Երբեմն, բայց խիստ սակաւ, զայրացած սարդարը հրամայում էր լուսամտից վայր գցել թշուառին Զանգուի ձորը, իսկ երբեմն էլ նրա հրամանով կտրում էին դատապարտեալի բազուկը, ոտքը, մէկ կամ երկու ականջները, լեզուն, դուրս էին հանում մէկ կամ երկու աչքերը եւ այդ բոլորը կատարւում էր կայծակի արագութեամբ։ Եթէ պահանջւում էր որեւէ կարգադրութիւն կամ գրաւոր հրաման, այդ դէպքում ատեանի գրագիրներից մէկը գօտուց հանում էր թանաքամանը, բանում մի թերթ թուղթ, եւ պատրաստ հրամանին մնում էր միայն ստորագրութեան փոխարէն դնել սարդարի անուանական կնիքը։ Երբեմն գործը հեշտացնելու դիտաւորութեամբ պատրաստւում էին կնքած թղթեր եւ գրագիրներին յաջողւում էր այդ բանից իրենց համար խիստ շահաբեր գործ ստեղծել։ Երբեմն էլ կնիքը յանձնւում էր վեզիրին, որ այդպիսի դէպքում լիազօրւում էր գործելու սարդարի անունից» [7] ։

Մենք արդէն ծանօթացանք խանութիւններում տիրող վարչական-կարգապահական եւ դատաստանական սիստեմների հետ։ Պետական, եթէ կարելի է այսպէս անուանել, այդ բռնաւոր կարգերը պատուանդան ունէին որոշ պատրաստի զինուորական ոյժ։ Դա մաաֆների դասն էր։ Մաաֆներն ազատ էին հարկերից եւ պարտաւոր ամեն ժամ զինուած եւ ձիաւորուած կատարելու խանի հրամանները, մասնակցելու նրա արշաւանքներին։ Մաաֆների մի աննշան մասը միշտ ապրում էր խանի դռան, ստանում էր նրանից հագուստ եւ սնունդ եւ կատարում էր առօրեայ վարչական կարգադրութիւնները։ Միւս խոշորագոյն մասը հանդէս էր գալիս միայն պատերազմական ժամանակներում։ Մաաֆութիւնը ժառանգական արտօնութիւն էր։ Նա տրւում էր այն անձերին, որոնց մասին բէկերն այս կամ այն նպատակից ու հանգամանքից դրդուած բարեխօսում էին խաների առաջ։ Խաների զինուորական ոյժը կազմւում էր այդ մաաֆներից եւ մահալի բէկերի հաւաքած ռազմիկներից։ Դրանք ծառայութեան մէջ մնում էին այնքան ժամանակ, որքան պահանջւում էր որեւէ ձեռնարկութիւն իր վախճանին հասցնելու։ Նրանք երկար ժամանակով երբէք չէին կտրւում հողից եւ գիւղատնտեսական պարապմունքներից։ Իրենց վարձատրութիւնն էլ գտնում էին կողոպուտի եւ մանր-մունր խանական նուէրների մէջ։ Շեքիի խանութեան մէջ մաաֆներ հաշւում էին 700 մարդ, որոնք իրենց ընտանիքների անդամների հետ կազմում էին 3400 հոգի։ Մաաֆների հետ միասին Ղարաբաղի խանը կարող էր դուրս հանել մինչեւ 5000 զինուոր, Շիրուանի եւ Շեքիի խաները իւրաքանչիւրը մինչեւ 3000 [8] ։ Դրանք էին կազմում այն գումարտակները, որոնք իրականութիւն էին դարձնում խաների եւ նրանց համհարզների կամքի թելադրութիւնները։ Ապա կար եւ վաչկատուն ցեղերի աջակցութիւնը։



[1]        И. Шопенъ, “Историческiй памятникъ состоянiя Армянской Области въ эпоху ея присоединенiя къ Россiйской Имперiи”, С. П. Б. 1852 г., էջ 457-458։

[2]        Иваненко, էջ 137։

[3]        Իշխ. Մադաթեանի համար Րաֆֆին («Խամսայի մելիքութիւնների» մէջ) ասում է, որ նա ամենեւին ազնուական ծագում չունէր, այլ Վարանդայի Մելիք-Շահնազարի ջորեպան Մըհրաբենց Գիւքու տղան էր, որ Պետերբուրգում զինուորական դպրոցն էր մտել Մելիք-Շահնազարի որդի Մելիք-Ջումշուդի տուած վաւերագրով, թէ նա ազնուական է եւ այլն։ Մեր այստեղ առաջ բերած վաւերագիրն Իշխ. Մադաթեանը ներկայացրել էր գեն. Երմոլովին, որպէս հաստատութիւն, թէ նա Վարանդայի ժառանգական տէրն է եւ խնդրում էր իր վրայ հաստատել Մեհտի-Ղուլի խանի «վերադարձրած» գիւղերն ու հողերը։ Մենք չըգիտենք, թէ որքան է արդարացի Րաֆֆին. յամենայն դէպս այդ ժամանակ կարող էր դիրք գրաւել ամեն մի աչքաբաց բախտախնդիր։

[4]        Иваненко, էջ 138-139։

[5]        Шопенъ, էջ 458։

[6]        Иваненко, էջ 141։

[7]        Шопенъ, էջ 456-457։

[8]        Иваненко, էջ 134 եւ 139։