Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ I
ՏԱՐԲԵՐ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԲԱՂԽՈՒՄ

Հայութեան գերագոյն դժբախտութիւնը կայացել է նրա մէջ, որ նա, որպէս մարդկային ցեղի մի հատուած, զրկուած է եղել հնարաւորութիւնից՝ ապրել եւ զարգանալ ազատ օտարի բիրտ ազդեցութիւնից. լինի դա քաղաքական թէ կուլտուրական։ Առհասարակ ինքնամփոփ հասարակական կեանք գոյութիւն չունի, բայց այլ բան է սովորել հարեւանից եւ առաջաւորից, այլ բան է ակամայից վիզը ճկել օտարի լծի տակ եւ դառնալ ստորադաս մի միջավայր, որի իւրաքանչիւր շարժումն ու քայլը յարմարեցրուած պիտի լինի վերադաս եւ տիրող խաւի կամքին ու ցանկութեանը։ Այստեղ մէկը կորցնում է իր ինքնութիւնը եւ մնում ակնածողի դերում, միւսն իր ամբողջութեամբ, բայց, իհարկէ, քանակական տարբերութիւններով իր զանազան ծալքերում, ընդգրկում է արտօնեալի իրաւունքը, ամբողջովին համակւում դրանով եւ իր տիրական կացութեան հետ սերտօրէն կապում հացկատակի դերը։ Այդպէս չէր մի՞թէ հայութիւնը պարսկական տիրապետութեան ժամանակ։ Հայութեան վրայ վերից վար էր նայում ոչ միայն թուրք աղայութիւնն ու բէկութիւնը, որոնք ուռճանում էին հայ ժողովրդի հիւթերով, այլ հայութեան վրայ իր բռունցքն էր փորձում եւ հասարակ թուրքը, այն թուրքը, որ պակաս կրակով չէր այրւում սեփական արտօնեալ դասերի ճիրաններում։ Տիրող դասերի առանձնայատուկ դրութիւնից բղխած վերաբերմունքը եւ հոգեբանութիւնը պատուաստւում էր եւ հասարակ ժողովրդի մէջ ու ստացւում էր մի կացութիւն, ուր ոչ միայն կան արտօնեալ դասեր, այլ կայ եւ արտօնեալ ժողովուրդ, որքան որ այդ վերջինի արտօնութիւնները չնչին լինէին եւ որքան որ իր հերթին նա արտօնեալ չը լինէր հարազատ ցեղի ծոցում հանդէս եկած խմբակցութիւնների դիմաց։ Ինչո՞վ պիտի բացատրել այս հանգամանքը, այսինքն այն դրութիւնը, որ միեւնոյն պետականութեան րեժիմին ենթարկուող ժողովուրդներից մէկը համարւում է առաջնակարգ համայնք, միւսը՝ ստորակարգ, որ պետութեան սահմաններում ապրող ժողովուրդները չեն ստորաբաժանւում ըստ հասարակական դրութեան, այլ նախ բաժան-բաժան են լինում ըստ ծագման եւ ապա հարազատ համայնքի ծոցում նոր միայն շերտաւորւում ըստ հասարակականի։ Այս երեւոյթի բացատրութիւնը պիտի փնտրել նրա մէջ, որ մի ազգ դժբախտութիւն ունենալով կորցնելու իր քաղաքական անկախութիւնը՝ միեւնոյն ժամանակ ստորադասւում է իրենից կուլտուրապէս բարձր կամ ցածր նուաճողին։ Տարբեր քաղաքակրթութիւնները զգացնել են տալիս իրենց։

Ճիշտ է, հաւասար քաղաքակրթական մակարդակի վրայ կանգնած ազգութիւններն եւս յաճախ հաշտ կեանքով չեն ապրում միեւնոյն պետականութեան հովանու տակ, բայց այստեղ ազգային հակամարտութիւնը չի ընդունում օտարակեր բնոյթ եւ, վերջապէս, այստեղ տարբեր ազգերի, աւելի ճիշտը՝ այդ ազգերի տիրող դասակարգերի հակամարտութիւնը գտնում է հակակշիռ ոյժ նրանց ծոցից ելած վարի գիտակից խաւերի մէջ։ Այս չկար հայութեան պատմական անցեալում։

Այո՛, եթէ գերագոյն դժբախտութիւն է, որ հայութիւնը չըկարողացաւ ապրել եւ զարգանալ ինքնանկախ կեանքով, ապա այդ գերագոյն դժբախտութիւնն աւելի եւս խտացաւ, երբ նրան վիճակուեց ենթարկուել կուլտուրապէս իրենից ցածր մի նուաճողի։

Զարմանալի բան։ Այբուբենական ճշմարտութիւն է համարւում, որ քաղաքակրթութիւնն ամենուրեք յաղթանակող է։ Սակայն, ինչպէս երեւում է, այդ ճշմարտութիւնն էլ, բոլոր ճշմարտութիւնների պէս, յարաբերական հասկացողութիւն է եւ իր արժէքն ու իմաստն ունի ժամանակի ու տարածութեան մէջ։ Իսկապէս։ Եթէ վերցնենք պատմական հային եւ պատմական թուրքին եւ մի համեմատական ակնարկ ձգենք այդ երկու ժողովուրդների կուլտուրական տուեալների վրայ, ապա կը տեսնենք, որ մեր օրերի ըմբռնումով կուլտուրա ասած բանը հայերի մօտն էր եւ թուրքերից շատ հեռու։ Հայը նստակեաց ապրում էր քաղաքներում եւ գիւղերում, նա ունէր արհեստ եւ վաճառականութիւն, նա ունէր ազգային գրականութիւն, ունէր օրէնքների ժողովածու, մի խօսքով՝ շատ ու քիչ բաւարար միջոցներ բնութեան հարստութիւններին հեշտ կերպով տիրելու եւ մարդկային բարձր հասարակարգ ստեղծելու։ Կուլտուրան էլ դա է։ Բայց եկաւ թուրքը, որը ոչ միայն քաղաքի բնակիչ չէր, այլ ո՛չ իսկ հասարակ նստակեաց գիւղացի, եկաւ անապատների այդ թափառականը, այդ աստանդական հովիւը եւ իր բռունցքի տակ փշրելով բարձր կուլտուրան, ոտնահարեց իսկութիւն համարուած ճշմարտութիւնը, թէ կուլտուրան յաղթանակող է շուռ տուեց պատմութեան անիւը։ Ինչո՞վ բացատրել։ Միմիայն նրանով որ, յաղթանակող է այն կուլտուրան, որ իր շուրջն օղակում եւ համախմբում է հոծ մարդկային զանգուածներ, որ յաղթանակող է այն կուլտուրան, որը ստեղծում է արժէքներ ոչ թէ հասարակութեան մի չնչին խաւի, այլ նրա մեծամասնութեան համար։ Այդպիսի մի կուլտուրա իրաւ որ յաղթանակող կարող է լինել. կուլտուրա ասածդ ոչ թէ պիտի բաժանէ, այլ միացնէ։ Այդպէս էր արդեօ՞ք պատմական հայի կուլտուրան։ Ո՛չ։ Ամեն գաւառակ իր տէրն ու շահն ունէր, ամեն դաս իր ձգտումները։ Հայը գերազանցապէս երկրագործ ժողովուրդ էր, թէեւ ունէր եւ գոված քաղաքներ։ Եւ որպէս գիւղացի-երկրագործ ժողովուրդ, այն էլ զանազան մանր ու մունր տէրերի կենտրոնախոյս ձգտումներին ենթակայ, նա չէր կարող մասսայական գործի կրող հանդիսանալ։ Նրա դժբախտութիւնն իր քաղաքակրթութեան մէջ չէր, այլ դրա նուազ զարգացման։ Եթէ հայութիւնը միջին դարերում ունենար զարգացած եւ ուժեղ քաղաքներ, նա անտարակոյս կարող կը լինէր՝ կոտրելով մանր իշխանների անջատողական եռանդը՝ ստեղծել կենտրոնացած մի պետութիւն, որը պատուար կը հանդիսանար թափառականների առաջ եւ հայ-հայրենիքը չէր ծուատուիլ նրանց գիշատիչ ճիրաններից։ Սակայն ակնարկածս հանգամանքը գոյութիւն չունէր։ Տոհմական եւ համայնական խիստ բնազդով տոգորուած թափառական հորդաների դիմաց հայը հրապարակ էր հանում իր պառակտուած ազգային դիմադրութիւնը։ Եւ համայնական գրոհի առջեւ նա ընկճուեց։ Հայաստանում կատարւում էր միեւնոյն բանը, ինչ որ տեղի ունեցաւ Հռոմում եւ Բիւզանդիայում։ Հռոմն ընկաւ գերմանական մարկայի (համայնքի) հարուածների տակ, Բիւզանդիան Տաճիկների տոհմական կազմակերպութեան։ Ոչ մի բերան չի կարող զօրել ասելու, թէ Հռոմի կամ Բիւզանդիայի քաղաքակրթութիւնը ստոր աստիճանի մի ստացուածք էր համեմատած Գերման ցեղերի կամ Տաճիկների քաղաքակրթութեան հետ։ Ընդհակառակը, գերմանացին եւ տաճիկը շատ բան ունէին սովորելու Հռոմից եւ Բիւզանդիայից։ Եւ այնուամենայնիւ քաղաքակրթական ստոր աստիճանի վրայ կանգնած ցեղերը յաղթեցին եւ շուռ տուին պատմութեան անիւը։ Այս մի փառաւոր ապացոյց է, որ քաղաքակրթութիւնն ամենուրեք յաղթանակող ոյժ չէ։ Քաղաքակրթութիւնն այդպիսի մի ոյժ է այն ժամանակ, երբ, ինչպէս ասացինք վերը, նա շահագրգռում է իր յարատեւութեան մէջ մասսաներին, իսկ երբ նա ծառայում է ընտրեալներին, երբ նա ընտրեալների ձեռքին մի միջոց է հպատակեցնելու եւ շահագործելու մասսաները, այն ժամանակ նա խորտակւում է մասսայական թեթեւ գրոհից։ Հռոմն եւ Բիւզանդիան ընկան իրենց դասակարգային խիստ շերտաւորման շնորհիւ։ Գերմանական ցեղերն ու տաճիկները յաղթեցին իրենց մէջ պահպանած համայնական եւ տոհմական կազմակերպութեան եւ բնազդների օգնութեամբ։ Արդ՝ Հայաստանն էլ ընկաւ Հռոմն ու Բիւզանդիան կործանող միեւնոյն պայմանների շնորհիւ։ Շուռ եկաւ մեր պատմութեան անիւը։ Օտարի լուծն երկար դարեր եկաւ սպանելու եղած քաղաքակրթական նուաճումներն անգամ։ Հայն այլեւս իր վիճակի տնօրինողը չէր։ Նա ստիպուած էր համակերպուել տիրողի կարգերին, վար իջնել քաղաքակրթական սանդուխքից եւ տիրապետող ցեղի հետ նորից վերապրել քաղաքակրթական այբուբէնը։ Հայութեան այն մասը, որն անկարող էր հանդուրժել երիտասարդի այդ տղայանալը, թողեց բզկտուած հայրենիքը եւ օտար հորիզոնների տակ փնտրեց իր երջանկութիւնը։ Այդպիսով առաջ եկան այն մեծ գաղթականութիւնները, որոնցից հիմա չնչին բեկորներ են մնացել Աւստրիայում, Հունգարիայում եւ այլն։

Հաւանօրէն այդ գաղթականութիւնները գլխաւորապէս գոյանում էին քաղաքային բնակչութիւնից։ Պատմութիւնն էլ մեզ ասում է ի միջի այլոց, որ գաղթողներն անեցիներն էին, այսինքն հայոց մայր քաղաքի բնակիչները։ Դա արդարանում է եւ պատմութեան տրամաբանութեան առաջ։ Քաղաքների փոխյարաբերութիւնների, նիստ ու կացին սովոր բնակչութիւնը տեղ չունէր խաշնարածների եւ հելուզակների պետութեան մէջ։ Եւ այդպիսով հայ քաղաքները դատարկուեցին, նրանց բնակչութիւնը ընդմիշտ կտրուեց հայրենիքից եւ այդ հայրենիքը մնաց բաժին միմիայն հայ գիւղացիութեանը, որի մի մասը՝ ամրանալով լեռնաստաններում՝ յարաճուն պայքար վարեց բնութեան եւ դրսի թշնամիների արհաւիրքների դէմ, իսկ միւս մասը ենթարկուեց բռնաւոր տիրապետողի քմահաճ կարգերին եւ դարձաւ նրան կերակրող գրաստը։

Հայ գիւղացին անկարող էր քաղաքացու պէս հեշտութեամբ բաժանուել հայրենիքից։ Նա հողի մարդ էր, մի սահմանափակ հորիզոն ճանաչող։ Եւ, վերջապէս, տիրապետող թուրք ցեղը խիստ տարբերութիւններ չէր մտցնում նրա տնտեսական եւ հասարակական կեանքի մէջ։ Եթէ արհեստներով եւ վաճառականութեամբ պարապուող քաղաքացին՝ շահ չունենալով հելուզակութեամբ եւ իր հօտերի արդիւնքներով ապրող թափառականից՝ միմիայն կողոպտւում եւ կեղեքւում էր նրանից, ապա իր փակ տնտեսութեան մէջ պարփակուած գիւղացին, որն ապրում էր ինքն իրանով եւ իր համայնքով, որը կարիք չէր զգում առանձնապէս գործ ունենալու դրսի աշխարհի հետ, ապա այդ գիւղացին աւելի հնարաւորութիւններ ունէր համակերպուելու նուաճողին։ Նա առաջ էլ ապրում էր իշխանաւորի բազկի տակ։ Նոր իշխանաւորը չէր խառնւում նրա ներքին համայնական գործերին։ Այդ իշխանաւորն անզօր էր ամեն ծակ ու ծուկ շօշափող պետական մեխանիզմ ստեղծելու։ Նա կամ կողոպտում էր կամ հարկ պահանջում, իսկ մնացածի մէջ հպատակն ազատ էր։ Այդպիսով գիւղացու դարաւոր հիմնարկութիւնը գիւղական համայնքը ազատ էր մնում դրսի ազդեցութիւններից։ Այդ հանգամանքը չափազանց նպաստաւոր էր հայ գիւղացուն հայրենի հողին կպած պահելու համար։ Իր տնտեսականով նա խիստ յեղաշրջող ոյժի չէր պատահել, իր ինքնամփոփ համայնքի մէջ նա ազատ էր։ Եւ այդ պայմանների շնորհիւ նա դարեր շարունակ համբերատար կրեց օտարի լուծը։