Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ VII
ԽԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ. ԽԱՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՏՆԱՅԻՆ ԲՆՈՅԹԸ. ԴՐԱՄԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԵՒ ԴԷՊԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՐՀԵՍՏԱՒՈՐՆԵՐՆ ԵՂԱԾ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐ ԵՒ ԿԱՊԱԼՆԵՐ. ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐ ԲԵՐՔԵՐՈՎ ՈՒ ԴՐԱՄՈՎ. ՀԱՐԿԱՀԱՒԱՔՈՒԹԻՒՆ

Պարսկական խանութիւնները՝ բացի Նախիջեւանի խանութիւնից եւ Օրդուբաթի շրջանից, որոնք ենթարկւում էին Թաւրիզի իշխանութեանը, ունէին իրենց առանձին մաքսային սիստեմները, դրամն ու չափերը։ Նրանց եկամուտները կազմւում էին մաքսից, խանական մենաշնորհը համարուող աղբիւրներից եւ հարկերից՝ բնական ու դրամական։

Խանական կառավարութիւնը, ժողովրդից արժէքներ գջլելու համար ստեղծուած այդ ցանցը՝ չէր կենտրոնանում բացառապէս խաների ձեռքում։ Նրանք անզօր էին անձամբ եւ մեն-մենակ հսկելու ամեն բանի վրայ եւ վերահասու լինելու բոլոր գործերին։ Ճիշտ է, նրանց կառավարութիւնը մի տնային կազմակերպուած մեծ տնտեսութիւն էր, բայց հէնց այն պատճառով, որ այդ տնտեսութիւնը խոշոր չափեր ունէր, նրա զանազան մասերի համար խաներն իրենց մօտ նշանակում եւ պահպանում էին համապատասխան պաշտօնեաներ, որոնք այդ մասերի հսկիչներն ու հաշուարարներն էին։ Այսպէս կային՝ խազնա-աղասի (գանձապետ), սանդուխտար-աղասի (մատակարար), ամբարդար-աղասի (մառանապետ) եւ այլն։ Դրանք էին այն պաշտօնեաներն, որոնց հսկողութեան տակ գանձւում եւ ծախսւում էին խանութեան հարկերը։ Դրանց գլխաւորութիւնն էին ճանաչում մահալների կառավարիչներն իրենց հաշիւների մէջ։ Հարկա՛ւ, խաների խոշոր տնտեսութիւնը պահանջում էր նաեւ ուրիշ, աւելի համեստ աստիճանի պաշտօնեաներ. օրինակ, գրագիրներ, հարկահաւաքներ եւ հսկիչներ։ Եւ այդպիսիների թիւը յաճախ մի քանի հարիւրի էր հասնում։ Պաշտօնեաների սանդուխքը պսակւում էր վեզիրով կամ նազիրով, որ արդէն խանի գլխաւոր խորհրդատուն եւ առաջին մարդն էր։ Խանի դռան այդ պաշտօնեաների մեծամասնութիւնը մանկութիւնից էր սկսում իր ծառայութիւնը, յաճախ նրա համար չիբուխ պատրաստելուց կամ տնային սպասաւորութիւնից [1] ։

Խանական կառավարութիւնն իր հարկային շահատակութիւնները սկսում էր վարչական կենտրոնից։ Նա աւելի քան ուշադիր էր դէպի վաճառականն ու արհեստաւորը, որովհետեւ գլխաւորապէս դրանց մօտ կարելի էր հնչուն դրամ գտնել, մի բան, որ գիւղացիների տուած բնական բերքերից աւելի էր յարգի։ Վերը խօսելով խաների դատական սովորութիւնների մասին՝ մենք տեսանք նաեւ, որ վաճառականների որոշ դատերով (խարդախութիւն) նրանք անձամբ էին զբաղւում։ Դա ունէր իր ներքին խորհուրդը. վաճառականը դրամի տէր էր եւ խաները չէին կամենում ձեռքից տալ այդ իւղոտ պատառը։ Որպէսզի վաճառականն ու արհեստաւորն անկարող լինէին թագցնելու իրենց շրջանառութիւնը եւ օգուտը, խանական կառավարութիւնը նրանց կենտրոնացնում էր որոշ վայրերում եւ թոյլ չէր տալիս ցրուելու քաղաքի այլ եւ այլ անկիւններում։ Դա գանձարանի տեսակէտից հեշտացնում էր հսկողութիւնը, ապա ունէր նաեւ այն օգուտը, որ արժան էր նստեցնում պահպանութիւնը։ Ընդհանրացած երեւոյթ էր, որ շուկայի խանութները պատկանում էին խաներին։ Քաղաքը մտած ամեն-մի ապրանք եւ բերք պիտի վաճառուէր շուկայում, որ կապալով էր տրւում [2] ։ Այսքան խիստ հսկողութեան տակ առնելով վաճառականութիւնը եւ արհեստը՝ խաները գլուխ չէին յոգնեցնում զբաղուելու նրանցով պարապողների ներքին հասարակական մանր ու մունր խնդիրներով։ Դա թողուած էր ինքնավար համքարութեանը։ Համքարութիւնն էլ, ինչպէս ասացինք, հարկատուական միաւոր էր։ Սակայն խանական կառավարութիւնը համքարութիւններին միայն պասսիվ, հարկերի, ներքին բարեկարգութեան եւ կարգապահութեան համար ստեղծուած համայքներ չէր ճանաչում։ Ո՛չ, նա ընդունում էր, որ այդ միութիւնները, որպէս հաւաքական մարմիններ, կարող են դիմումներ անել իշխանութեանը, խնդրել թեթեւացնելու հարկերի ծանրութիւնը կամ զիջելու նրանց մի մասը, բողոքել վարչական անձերի անիրաւութիւնների դէմ եւ այլն [3] ։ Համքարութիւններն էլ ուրիշ առաւելութիւններ չունէին։ Նրանց անդամները քրէական յանցանքների համար այն պատիժներն էին կրում, ինչ որ ընդունուած էր մնացած ժողովրդի համար։ Նրանք նոյնպէս պարտաւոր էին դուրս գալու բնական ծառայութիւնների, այսինքն պարտադիր կերպով եւ անվարձ օգնելու կառավարական շէնքերի, բերդերի եւ ճանապարհների կառուցմանը, ջրանցքներ անցկացնելու գործին եւ այլն։ Վաճառական դասն էր նաեւ մաքսային սիստեմի ցանցերում թփրտողը։

Մաքսային սիստեմը, որ կոչւում էր րախտար, ամեն մի խանութիւն դարձնում էր ինքնամփոփ մեծութիւն։ Միեւնոյն ապրանքներից մաքս էին վերցնում թէ արտահանման ու ներմուծման ժամանակ եւ թէ փոխադրման։ Մաքսի չափը փոփոխական էր, նայած թէ խանը ինչ յարաբերութիւնների մէջ էր հարեւան խանութիւնների հետ կամ թէ ինչ վերաբերմունք ունէր դէպի իր երկրի այս կամ այն մասը։ Մաքսից ազատ չէր եւ ոչ մի ապրանք, որքան էլ նա աննշան արժէք ունենար։ Խաների ագահութիւնը չափ չէր ճանաչում եւ դրամ ժողովելը նրանց մտահոգութեան գերագոյն առարկան էր։ Շեքիի խանութեան մէջ, օրինակ, մաքս գանձւում էր ոչ միայն այդ երկրի պատուական բերքից՝ մետաքսից, այլ եւ այնպիսի ցածրարժէք իրերից, ինչպիսին էին հասարակ թոկերը, մանկական օրօրոցները, սեղանները եւ այլն։ Մետաքսից այդ խանութեան մէջ վերցնում էին մի շարք տուրքեր. նախ բնական տուրք 1 / 5 - ի չափով, ապա դրամական տուրք մանուածարաններից. յետոյ միզանի տուրք՝ մի բաթմանի (20 ֆ. ) վաճառից 1 ր. 40 կոպ. (խանական). նոյն այդ քաշի իւրաքանչիւր նոր վաճառից 2 ր. 40 կ., արտահանման դէպքում 25 կ., ամեն-մի կշռելուց 20 կոպ., րախտարի տուրք՝ իւրաքանչիւր բեռից 2 ր. 50 կ. մինչեւ 3 ր. 50 կ., դարղայի տուրք՝ բեռից 40 կոպ. ։

Ղարաբաղի խանութեան մէջ կային ուրիշ չափեր։ Այստեղ րախտարը տալիս էր՝ մէկ բեռն մետաքսից 6 ր. 20 կ. խանական (խանական . 30 կ. հաւասար էր ռուսական 1 րուբլուն), տորոնի բեռից 5 ր. 20 կ. խան., բամբակի բեռից 5 ր. 20 կ., ճոթեղէնից 5 ր. 20 կ., երկաթից եւ պողպատից 5 ր. 20 կ., սրանց թեթեւ բեռից —2 ր. 60 կ., պղնձից 5 ր., պղնձի թեթեւ բեռից 2 ր. 60 կ., կաշուի բեռից 5 ր. 20 կ., թեթեւ բեռից 2 ր. 60 կ., եափընջու, մահուդի, գդակցու մորթիների բեռից 5 ր. 20 կ., սրանց թեթեւ բեռից 2 ր. 60 կ., շիբեղից 3 ր. 20 կ., նաւթից 1 ր. 60 կ., խանական եւ այլն։ Այս մանրամասնութիւններից յետոյ պարզ է միանգամայն, որ խանական վարչութիւնն աչքաթող չէր անում եւ ոչ մի իր ու շարժում, որից հնարաւոր էր մի բան գջլել։ Անապահովութեան տեսակէտից այդ աննախանձելի ժամանակներում ապրանքատէրն իր գլխին տարածած ունէր ոչ միայն մեծ ճանապարհի վրայ շահատակութիւններ անող աւազակի սուրը, այլ եւ նրա գրպանին վտանգ էր սպառնում խանի պաշտօնեայի ձանրձացուցիչ բազուկը։ Եւ ապրանքատէրը հնարաւորութիւն չունէր մանաւանդ ազատուելու վերջինիս պահանջներից։ Երկրի մէջ շարժուել կարելի էր միայն քարաւաններով։ Նրանց պահակ էր տալիս ինքը խանը։ Դա եւ ապահովութիւն էր դրսի կողոպտիչներից եւ մի լաւ միջոց անկորուստ գանձելու րախտարի տուրքը [4] ։

Խանական եկամուտների երկրորդ աղբիւրը կազմում էին մի շարք առետրա-արդիւնաբերական ձեռնարկութիւններ, որոնք մենաշնորհի բնոյթ ունէին։ Ղարաբաղում այդպիսին էին համարւում սպանդանոցը, տորոնի առեւտուրը, ներկարանը, սապնի եւ կաշուի գործարանները. Երեւանում՝ Կողբի աղահանքը, ներկարանները, սպանդանոցը, արքունի այգիներն ու ջրաղացները, բաղնիքները, քարաւանսարաները եւ այլն։ Սակայն խաներն աւելի բարուոք էին համարում հասոյթաբեր աղբիւրները չըկենտրոնացնել իրենց ձեռքում, այլ նրանց կապալով տալ իրենց մերձաւորներին եւ կողմնակի անձանց։ Նոյնիսկ մենաշնորհ համարուող ձեռնարկութիւնները շահագործւում էին կապալային սիստեմով։ Կապալառուն տալով որոշուած գումարը խանի գանձարանին՝ ազատ էր զգում իրեն որոշ սահմաններում աւելին ստանալու։ Սովորական երեւոյթ էր, որ կապալառուն իր հերթին զիջում էր վերցրած կապալը մի ուրիշին։ Դա գլխաւորապէս ծագում էր այն տարբերութիւնից, որ կար երկրի երկու ազգային հատուածների թուրքերի եւ հայերի իրաւական կացութեան մէջ։ Թուրք մի չափով արտօնեալ էր. շահուելու աղբիւրն էլ նախ եւ առաջ նրան էր յանձնւում, բայց նա յաճախ ձեռնտու էր համարում իր գլուխն ազատ պահել մանր-մունր հոգսերից եւ աշխատանքներից՝ ու ստացած կապալը մի աւելցուկով զիջել հային։ Ղարաբաղում, օրինակ, շիրախանէն (գինետունը), զերրաբխանէն (փողերանոցը) կապալով վերցնում էին թուրքերը, բայց անմիջապէս շահագործում էին հայերը։ Կապալային սիստեմը համապատասխանում էր խանական պարզ վարչական մեխանիզմին։ Այդ սիստեմը նրանց ազատում էր գլխացաւանքից եւ ծախսերից։ Ուրիշ հարց է, ինչպէս էր նա անդրադառնում երկրի տնտեսականի վրայ, բայց դա այնքան էլ մտահոգութիւն չէր պատճառում խանին, որ երկրից միայն ստանում էր եւ ոչինչ յետ չէր դարձնում։ Կապալը նրան տալիս էր հնչուն եւ կանխիկ դրամ եւ դա էլ ֆինանսական գիտութեան վերջին ընդունուած խօսքն էր նրա համար։

Հետաքրքրական է այժմ իմանալ, թէ ինչ հասոյթաբեր կապալներ կային խանութիւններում։ Ահա դրանք, րախտարխանէ (մաքսատուն), սպանդանոց, ղափան (կշեռք), դարղաբազար (տուրք) հրապարակի առեւտրից [5], տորոն, չիթեղէն, ապրանքներ, ներկարաններ, կաշուէ գործարաններ, սապնագործարաններ, ծխախոտ, գինեվաճառութիւն, փողերանոց, աղահանք, խանութներ, այգիներ, ջրաղացներ, քարաւանսարաներ, բաղնիքներ, ձկնորսարաններ եւ այլն եւ այլն։ Այս ամեն կարգի ձեռնարկութիւններն ունէին իրենց խանական կապալառուները։ Հարկա՛ւ, դրանք գլխաւորապէս քաղաքների աչքի ընկնող առեւտրականներից էին դուրս գալիս։ Առեւտրական դասի մէջ հարստութիւն դիզելն այսպիսով սերտ կապ ունէր պետական ֆինանսական գործառնութիւնների հետ։ Կապալներից ստացուած եկամուտները խանութիւնների, եթէ կարելի է այսպէս ասել, անուղղակի հարկերն էին։

Ուղղակի հարկերը խանութիւններում անմիջապէս գանձւում էին խանական պաշտօնեաների, այդ նայիբների, մելիքների, սեարքեարների, տանուտէրերի ձեռքով։ Այդ հարկերը բազմազան էին։ Նրանք վճարւում էին թէ բնական բերքերով եւ թէ դրամով։ Ղարաբաղի, Գանձակի, Շեքիի եւ Շիրուանի խանութիւններում բնական տուրք էր ընդունուած հացահատիկների 1 / 10, բամբակի եւ մետաքսի 1 / 5 ։ (Հացահատիկներ ասելով՝ մենք հասկանում ենք ցորեն, գարի եւ կորեկ)։ Բրինձից նոյնպէս ստացւում էր 1 / 10 ։ Բնական տուրք ժողովւում էր նաեւ խոտից, դարմանից եւ կենդանիներից։ Թափառական ցեղերից խանը ստանում էր իւղ, պանիր, գորգեր, բուրդ եւ այլն։ Նրա համար հաւաքում էին հաւ եւ ձու։ Ժողովուրդը պարտաւոր էր նոյնիսկ փայտ տանել խանի դուռը։ Նախիջեւանի խանութիւնում եւ Օրդուբաթի գաւառում հացահատիկներից բնական տուրք ստացւում էր 10 խալվարից խալվար։ Կէս խալվարն այստեղ ընդունուած էր յատկացնել հարկահաւաքներին (սեարքեարներին), սակայն խանական ագահութիւնը իւրացնում էր այն եւ ժողովուրդը ստիպուած էր ինքը վարձատրելու հարկահաւաքներին։ խալվարի չափը պարտաւորեցուցիչ էր թէ արքունի եւ թէ միւլքադարական գիւղերում։ Այս վերջին կարգի գիւղերում խալվարից երկուսը արքունի գանձարանի բաժինն էր, խալվարը միւլքադարի։ Յարդի տուրքը հաւասար էր ստացուած հացահատիկների չափին, այսինքն իւրաքանչիւր ցորենի եւ գարու խալվարի դիմաց տրւում էր մէկ խալվար յարդ։ Առւոյտից եւ մետաքսից ստացւում էր 1 / 5 ։ Երեւանի խանութիւնում բնական տուրք ստացւում էր բահրաքեար գիւղերի բոլոր հողային բերքերից 1 / 3 - ը, իսկ եարքեար գիւղերից ½-ը։ Միւլքադարական համարուող գիւղերի արքունական տուրքը 3 / 10 պատկանում էր միւլքադարին, 7 / 10 խանին։ Թիուլական գիւղերում տուրքն ամբողջովին գնում էր թիւլիստի օգտին։ Ընդունուած էր վաղուց, որ արքունական տուրքի 1 / 10 - ը յատկացուի հարկահաւաքին, սակայն խանն իրեն էր յատկացրել նաեւ այդ 1 / 10 - ը եւ գիւղացիներին թողել վարձատրելու իր պաշտօնեային։ Այս խանութեան մէջ հնձողին բաժին էր հանւում ցորնի եւ գարու 1 / 10. բամբակի եւ բրինձի 1 / 20 ։ Դա սրբագործուած կանոն էր, եթէ անգամ հնձողը լինէր ինքը գիւղացին, տնտեսութեան տէրը։ Խանն առանց տուրքի չէր թողնում նաեւ հնձողի բաժինը։ Նա ստանում էր այդ բաժնի 1 / 10 կամ 34 շայի (68 կոպ. ) մարդուց, որ նաեւ նպաստում էր նրան ստուգել բերքի քանակը։ Երեւանի խանութեան մէջ բնական տուրք ստացւում էր նոյնպէս բրդից եւ բրդէ գործուածքներից, ինչպէս եւ իւղ, փայտ, ածուխ, հաւ եւ ձու։

Դրամական որոշեալ հարկեր կային բոլոր խանութիւններում։ Դրանք բազմատեսակ էին եւ բազմանպատակ, թէեւ բոլորն էլ վերջ ի վերջոյ մտնում էին խանի կամ նրա մերձաւորների գրպանը։ Դրամական հարկերի հետ միասին հաւաքւում էին նաեւ որոշեալ հարկեր բնական բերքերով։ Դա հաւանօրէն տեղի ունէր այն պատճառով, որ այդ ժամանակ հնչուն դրամը դեռ չէր տիրում ամեն ծակ ու ծուկում։ Որոշեալ դրամական հարկի պէս մի բան էր եւ պարտադիր անձնական աշխատանքը խանական տնտեսութեան մէջ։ Մասնաւորելով մեր խօսքն այդ հարկերի մասին՝ տեսնում ենք նրանց հետեւեալ պատկերը. Շեքիի խանութեան մէջ կային այս հարկերը՝ թովջի դրամական հարկ, որի գումարն էր 15, 483 ր., մուստամիր 338 թաղար ցորեն եւ 311 թաղար գարի, փենջի-ղալամ անձնական ծառայութիւն, որով պահանջւում էր աշխատանքի հանել 500 արօր, 2484 հնձող եւ 2812 եզ՝ ծանրութիւններ տեղափոխելու համար, բայրամլըղ զանազան տեսակի եւ քանակի ընծաներ բայրամի տօնին, կուլլուխ-դըրնալըղ (հարատազ թարգմանութեամբ՝ եղունգների, այսինքն ոտների վարձ) կոպէկ հարկի իւրաքանչիւր րուբլուց յօգուտ հարկահաւաքների, դարղայի փող յօգուտ խանական պաշտօնեաների։ Դարղայի փողը գոյանում էր երկու աղբիւրներից. դըրնալըղ 25 կոպ., իւրաքանչիւր արօրից եւ դարղալըղ դրամական եւ բնական տուրք յատկապէս գիւղերի կառավարիչների օգտին։ Շեքիի խանութեան մէջ ընդհանուր առմամբ իւրաքանչիւր ծուխ երեք րուբլի հարկ էր վճարում խանին։ Այստեղ չպէտք է մոռանալ, որ բէկերին յանձնուած գիւղերում հարկերի մի մասը, բացի թովջիից, գնում էր նրանց օգտին։ Ինչպէս եւ նրանց օգտին էր գնում մալջէհաթը կամ բահրան, որ բնական բերքերի 1 / 10 էր հացահատիկներից եւ 1 / 5 մետաքսից ու բամբակից։ Արքունի գիւղերում մալջէհաթը տրւում էր խանին։

Շիրուանի խանութեան մէջ ընդունուած էին հետեւեալ հարկերը. թովջի 6000 ոսկի, խարաջ յատուկ հարկ հայերից կրօնական ազատութեան համար, ջութ-բաշի 60 կ. իւրաքանչիւր արօրից, բաղ-բաշի այգիների եկամտի 1 / 10 - ը, 60 կոպ. իւրաքանչիւր մետաքս ոլորող մեքենայից եւ 1 ր. 20 կ. շերամապահական սրահից, էրվէզ համայնական օգնութիւն երեք օր մի տարուայ ընթացքում։ Մալջէհաթի չափը եւ նրա պատկանելութիւնը համանման էր Շեքիի խանութեան մէջ տիրող դրութեան։ Խանական պաշտօնեաների համար որոշուած էին յատուկ տուրքեր. կուլլուխ դրամական հարկի 4%-ը, 60 կ. իւրաքանչիւր թաղար մալջէհաթից բերքերի հաշուարարի օգտին, դարղալըղ եւ այլն։

Համանման հարկեր ընդունուած էին նաեւ Ղարաբաղի ու Գանձակի խանութիւններում։ Ի. Բախտաձէն Գանձակի խանութեան համար առանձնապէս յիշում է տղայ եւ աղջիկ պատանիների հարկ, որ տալիս էին հայերը։ Մենք չգիտենք, ինչ աղբիւրից է առել Բախտաձէն այդ տեղեկութիւնը, ո՞րքան է ստոյգ նրա աղբիւրը, սակայն պիտի ասենք, որ այդ հարկը, եթէ նոյնիսկ նա օրինաւոր եւ հաստատ երեւոյթ չէր, բայց այնուամենայնիւ բոլոր խանութիւններում առեւանգման, յափշտակման միջոցով տարածուած սովորութիւն էր։ Գոնէ այդ են մեզ ապացուցանում խանական ընտանիքների տոհմագրութիւններ (տե՛ս այդ մասին Акты Кавк. Арх. Ком. Բոլոր խաներն էլ հայուհի կիներ ունէին։ Անկարելի է պնդել, թէ նրանք իրենց յօժար կամքովն էին մտել խաների հարեմները։ Պարզ է, որ բռնութիւնն էր նրանց իսլամացրել եւ հարճ դարձրել։ Կրկնում ենք, եթէ անգամ մարդկային հարկ, որպէս բնական երեւոյթ, գոյութիւն չունէր, նա կար առեւանգման միջոցով։ Իսկ դա ինքը բնականոն դարձած երեւոյթ էր բոլոր խանութիւններում։

Ղարաբաղում տիրող հարկերի մասին այդ երկրի բէկերը 1847 թ. մի հետաքրքրական ցուցմունք են տուել կառավարութեանը։ Բանը նրանումն է, որ բէկերը՝ 1846 թ. դեկտեմբերի 6-ի հրովարտակից եւ 1847 թ. ապրիլի 20-ի օրէնքից յետոյ էլ դժգոհ էին մնացել կառավարութիւնից, որ այդ օրէնքներով նրանց հողերի սեփականատէր էր ճանաչել եւ գիւղացիներին դրել կէս-ճորտական դրութեան մէջ. նրանք գտնում էին, որ իրենց արտօնութիւնները բաւարար չափով չեն ճանաչուել օրէնքի կողմից։ Նրանց ցուցմունքով այդ արտօնութիւնները հետեւեալներն էին. 1) դրամական հարկի իրաւունք իւրաքանչիւր ծուխից գիւղում՝ 4-5 ր., քաղաքում՝ 5-12 ր., նայած հարկատուի պարապմունքին, 2) մալջէհաթ, դարղալըղ եւ միրզայեանա. մալջէհաթը իբր թէ կազմում էր բոլոր հողային բերքերի 1 / 5, դարղալըղը հաւասար էր մալջէհաթի 1 / 5, միրզայեանան դարղալըղի կէսին։ (Դարղալըղը մեզ ծանօթ հարկ է. միրզայեանա նշանակում է՝ գրագրի համար)։ 3) Մանդըրլըղբաշի, մետաքս ոլորող մեքենայից 30 կոպ. եւ մէկ ստիլ (գրուանքայ) մետաքս։ 4) Չոբբաշի, արօտատեղիների համար, բէկի եւ գիւղացիների փոխադարձ համաձայնութեամբ. տնտեսութեան մէջ անհրաժեշտ լծկան կենդանիներից գիւղացիները չոբբաշի չէին վճարում։ 5) Բաղ-բաշի կամ մալջէհաթ ամեն կարգի այգիներից։ 6) Չան-բաշի, տուրք բրինձի հնձողներից իւրաքանչիւրից մէկ բաթման չալթուկ կամ 15 կոպ. 7) Սան-փուլի, 30 կոպ. ամեն մի արօրից։ 8) Թոյանա, ընծայ հարսանիքի առիթով, որ պիտի 1 ր. 20 կոպ. պակաս արժէք չունենար։ 9) Հով, համայնական օգնութիւն 6 օրով տարուայ ընթացքում։ Գիւղացիները պարտաւոր էին հերկել, ցանել եւ հնձել բէկի դաշտերը։ Կանանց հովը կայանում էր նրա մէջ, որ մաքրում էին չալթուկը, մանում բուրդը, գործում գորգեր եւ այլն։ 10) Միւզզիւր, ծառայ տալ. վաչկատունները տալիս էին հովիւներ, իսկ նստակեացները րաշպար եւ այգեպան։ Սպասաւորն իր ծառայութեան ընթացքում ազատւում էր բէկական տուրքերից։ Րաշպարն ու այգեպանը ստանում էին եկամտի ¼, իսկ հովիւները շոր եւ սնունդ։ Բացի այս բոլորից բնակչութիւնը պարտաւոր էր տալ. ա) փայտ, յարդ եւ խոտ, բ) պահանջի դէպքում՝ սայլ, մշակ եւ պահապան, գ) վաչկատունները ոչխարներ, իւղ, բուրդ, չուլեր, թոկեր, թաղիքներ, պարաններ, նստակեացները վարտիկներ ծառաների համար, ճուտ եւ ձու, դ) ջրաղացներից, ձիթահանքերից, դինկերից եկամտի որոշ մասը եւ ե) վերջապէս, բնակչութիւնը պարտաւոր էր հիւրասիրել բէկին եւ նրա ծառաներին, երբ նա դուրս էր գալիս այցելելու իր կալուածները [6] ։

Իւրատեսակ հարկեր կային Նախիջեւանի խանութեան մէջ եւ Օրդուբաթի շրջանում։ Նրանք ստորաբաժանւում էին հետեւեալ տեսակների. 1) բաշ-փուլի գլխահարկ արական սեռի բոլոր անդամներից, որոնք տարիքով բարձր էին 15 տարեկանից. գլխահարկ հայերը վճարում էին 4 ր., թուրքերը 2 ր. 20 կ., 2) էվ-փուլի տան հարկ. հայերից 4 ր. 20 կ., թուրքերից 4 ր., 3) քաղաքների բնակչութիւնից առանց կրօնի եւ ազգի խտրութեան 1410 թուման 9 մինալթիւն. (թումանը հաւասար էր 4 ր., մինալթիւնը 40 կ. ) 4) Դարալագեազի վաչկատուններից 2000 թուման, 5) Մալ-փուլի եւ գօիւն-փուլի (տաւարի փող եւ ոչխարի փող). իւրաքանչիւր ոչխարից առնւում էր մէկ փանա-բատ (20 կոպ. ), տաւարից (բացառութիւն էին կազմում գոմէշները, որպէս անհրաժեշտ հողագործին իր աշխատանքների համար) առնւում էր. էգ գոմշից 2 ր. 8 կ., կթի կովից 1 ր., հորթից 32 կ., բեռնակիր ձիուց 3 ր. 40 կ., մատակից 2 ր. 81 կ., որձ էշից 2 ր., էգ էշից 1 ր., ջորիից 2 ր. եւ այլն. 6) Մեղուների հարկ —իւրաքանչիւր փեթակից 32 կ., 7) Ջրաղացներից 2 թուման կամ 8 ր. տարեկան 8) Կտաւի ջուլհակներից 4 ր., 9) Մետաքսագործական մեքենաներից 8 րուբ., 10) Քրիստոնէական եկեղեցիներից 16 ր. 11) Քարաւանսարաների, բաղնիքների եւ խանութների եկամտի 1 / 5, ընդամենը մինչեւ 80 թուման տարեկան, 12) վճար յօգուտ քաղաքային պահապանների, 13) վճար դրամագլուխներից 1%-ի չափով, որ կազմում էր 400 թուման տարեկան, 14) վճար յօգուտ հարկային պաշտօնեաների՝ նուքերների եւ սեարքեարների։ Այդ վճարն երկու տեսակ էր. ա) «կուլլուխ-փուլի» եւ բ) «դարղափուլի»։ Կուլլուխ-փուլին վճարւում էր բնական տուրքերի գանձման ժամանակ, իսկ դարղա-փուլին դրամական։ Դարղա-փուլին հաշւում էր 20 կոպ. հարկի իւրաքանչիւր թումանից։ 15) վճար արքունի եւ սովորական կշռաչափերի տարբերութեան առիթով 1 ր. խալվարից։ Այգիներից եւ վարելահողերից առնւում էր ոչ միայն տուրք բնական բերքով, այլ եւ դրամական հարկ։ Պտղատու եւ խաղողի այգիներից գանձւում էր նրանց եկամտի 1 / 5 ։ Չալտուկի, վուշի եւ բամբակի խալվարաչափ դաշտերից առնւում էր 8 ր. ։ Սրանք էին Նախիջեւանի խանութեան եւ Օրդուբաթի շրջանի գլխաւոր հարկերը։ Բնական տուրքերի մասին մենք արդէն խօսել ենք։

Երեւանի խանութեան մէջ դրամական հարկերի ենթակայ էին 1) Երեւանի հասարակութիւնը, 2) Էջմիածնի վանքը (400 թում. ), 3) Մակուի խանը, 4) վաչկատունները, 5) գիւղացիները բինաչան (տասնակ) 10 թուման (40 ր. ) , 6) պարտադիր դարձած ընծաներ ստացւում էին զանազան հիմնարկութիւններից եւ անձերից (Էջմիածինը Նովրուզ-բայրամին (նոր- տարի) փէշքէշ էր տալիս խանին150 թում. կամ 600 ր., 7) վճարներ հայերին պատկանող այգիներից, 8) զանազան վճարներ ա) մահալների կառավարիչների,   բ) նրանց գրագիրների եւ գ) միրաբների ռոճիկի համար, դ) կուլլուխ-փուլի՝ բնական տուրքերը հաւաքողներին խրախուսելու համար, 9) վճարներ պահապանների համար, ա) Երեւանի հասարակութիւնից վճարներ շուկայի ապահովութեան նպատակով եւ բ) հնձողներից։ Պահապաններ տալը խանի պարտաւորութիւնն էր։ Այս աղբիւրներից խանը ստանում էր ուղղակի հարկեր 23. 076 թուման 7 մինալթիւն 12½ շայի։ Կապալները նրան տալիս էին 16. 632 թուման 5 մին. ։ Ուղղակի եւ անուղղակի հարկերով խանը դրամով ստանում էր 39. 709 թ. 2 մին. 12½ շայի կամ ռուսական դրամով 158. 837 ր. 5 կոպ. ։ Եթէ այս գումարին աւելացնենք եւ բնական բերքերով ստացուած տուրքերը հացահատիկ, խոտ եւ այլն Երեւանի խանութեան հարկերի քանակը կը հասնի 653. 150 ր. ։

Խանութիւնների մէջ տիրող հարկերին եւ տուրքերին մենք ծանօթացանք։ Նորից յիշենք, որ խանական կառավարական մեխանիզմը գլխաւորապէս յարմարեցուած էր այդ հարկերի ժողովման համար։ Քաղաքներում հարկատու միաւորներ էին համքարութիւնները, որոնք խանի պահանջներին բաւարարութիւն էին տալիս իրենց վարչական անձերի միջոցով։ Գիւղացիական շրջաններում հարկատու միաւոր էր գիւղական համայնքը, իսկ հարկաժողովն այստեղ կատարւում էր մահալի կառավարչի, տանուտէրի եւ գզիրի միջոցով։ Բնական տուրքերի ժողովման համար կային առանձին պաշտօնեաներ, սեարքեարները։ Չափազանց հետաքրքրական է ծանօթանալ նրանց գործառնութիւնների հետ եւ առհասարակ բնական տուրքերի ժողովման եղանակին։ Այդ մասին Երեւանի խանութեան համար մենք ունենք Շոպէնի եւ Հակստհաուզէնի վկայութիւնները։

Սեարքեարներն երկու կարգի էին լինում խանական եւ մահալի կառավարչի կողմից նշանակուած։ Առաջինների թիւն Երեւանի խանութեան մէջ հասնում էր 50-ի, վերջիններինը 150-ի [7] ։ Խանական սեարքեարը, նայած գիւղի բնակչութեան, ստանում էր ամսական 5-8 ր., իւրաքանչիւր կալից երեք բաթման հացահատիկ եւ 1 բաթման գարի ձիու համար, ապա գիւղացիներից հերթով լաւ ճաշ։ Նա գիւղերում մնում էր վեց ամիս։ Կառավարչական սեարքեարը ստանում էր 2-4 ր. ամսական, երեք բաթման կալից եւ սովորական սնունդ գիւղացիներից։ Գիւղի հաշուով սրա ձին իրաւունք չկար կերակրելու։ Գործի օգտի եւ ժրաջանութեան համար խանը եւ մահալի կառավարիչը յաճախ փոփոխում էին սեարքեարների տեղերը, անգամ փոխարինում խանական սեարքեարը կառավարչականով եւ ընդհակառակը։ Հէնց որ բացւում էր գարունը եւ դաշտերը սկսում էին հագնուել կանաչով՝ սեարքեարները շտապում էին գիւղերը։ Նրանց առաջին գործն էր լինում ստուգել եւ յայտնի դարձնել իւրաքանչիւր գիւղացու ցանքսերի չափը։ Իսկական գործը սեարքեարները տեսնում էին հունձի ժամանակ։ Նրանք պատուհասի պէս ծանրանում էին գիւղացիների գլխին։ Խաչ. Աբովեանն այսպէս է նրանց նկարագրել Հակստհաուզէնին. «Սեարքեարը հացից պետութեան մասը հաւաքելու համար ամեն տարի ամառը գալիս էր մեր գիւղը (Քանաքեռ)։ Այդ տուրքի համար, որ սակաւ ժամանակ է պահանջում, նա գիւղում մնում էր երեք-չորս ամիս։ (Ըստ Շոպէնի վեց ամիս Դ. Ա. Այդ ժամանակուայ ընթացքում նրան յատկացնում էին լաւագոյն բնակարանը. նա պահանջում էր ժիր սպասաւորութիւն եւ լաւ սնունդ իր ծառաների եւ ձիերի համար. նրա բնակարանն էին տանում ամեն օր լաւագոյն պաշարը՝ հաւ, ձու, իւղ, միս եւ այլն, մինչեւ իսկ գինի, որովհետեւ բոլորը չէին արհամարհում այս ըմպելիքը։ Գիւղական գզիրն ամեն օր պտտում էր տնէտուն խնդրելու եւ պահանջելու ինչ որ հարկաւոր էր։ Նրա հետ մտրակը ձեռին սովորաբար գնում էր սեարքեարի ծառան, որ յորդորում էր կամ պատժում յապաղելու ժամանակ։ Նա ծեծում էր նրան եւ առաջ քշում յիշոցների տարափի տակ, որով թուրքերէնը համեմատելով ուրիշ լեզուների հետ աւելի է հարուստ։ Երբ տանտէրը անմիջապէս չէր կատարում նրա բոլոր պահանջները, ապա այս մարդը գազանի կատաղութեամբ յարձակւում էր տան վրայ, կոտրտում ամեն բան, անխնայ ծեծում ամենին՝ առանց հասակի եւ սեռի խտրութեան։ Եթէ սա էր ծառան, ապա կարելի է եզրակացնել, թէ ինչ էր ինքը տէրը։ Սեարքեարի մօտ բնակիչները, որպէս թիկնապահներ, կանգնում էին նրա ետեւը, ակնածութեամբ հետեւում էին նրա հայեացքին եւ ջանում էին մեղմացնել նրա տհաճութիւնը կամ բարկութիւնը։ Գիւղացիները խուսափում էին նրան հանդիպելու։ Երբ նա խօսում էր՝ պատասխանում էին խոնարհութեամբ եւ մեծարանքով. օրինակ, «իմ իշխան, իմ աչքի լոյս»։ Վա՜յ թէ նա բարկանայ. մտրակ, թուր, դաշոյն, բոլորը, ինչ ընկնէր ձեռքը պատժի գործիք էր նրա համար։ Նոյն իսկ նրա ծառան, որ այլ բան չէր, քան իր տիրոջ երեսի ջուր ածողը կամ ծխափողի մաքրողը, նա էլ էր պահանջում նման վերաբերմունք եւ մեծարանք [8] ։

Հունձը վերջանալուց յետոյ սեարքեարը հաշւում էր խուրձերը եւ ջոկում հնձողի բաժինը, որ սովորաբար լինում էր տասը խուրձերից մէկը։ Հացը կալսելու ժամանակ նա նախօրէն տնդղում էր կալերի մանրամասնութիւնները, հետեւում էր, որ նրանք կենտրոնացած լինեն միեւնոյն վայրում եւ բաւականաչափ հեռու գիւղերից։ Կալատեղերի կենտրոնում բարձրանում էր նրա դիտարանը, որտեղից նա հսկում էր, որ բնակիչները տուն չը տանեն դեռ չը չափած հատիկը։ Ամեն երեկոյ, կալի վերջանալուց եւ հատիկը քամելուց յետոյ, նա իջնում էր իր դիտարանից, կնքում շեղջը եւ նշան դնում վրան։

Ապահովութեան համար կային նաեւ գիշերապահներ։ Առաւօտեան սեարքեարը ստուգում էր նշանները եւ նորից թառում իր դիտարանի վրայ։ Գողութիւնը հազուադէպ բան էր։ Եթէ այնուամենայնիւ պատահում էր դա, սեարքեարն այդ մասին տեղեկացնում էր մահալի կառավարչին եւ նրան էր յանձնում գողին գտնելու ու պատժելու գործը։ Երբ վերջանում էր կալսելը՝ գիւղացու ներկայութեամբ չափում էր ամբողջ բերքը, տալիս գիւղացուն նրա բաժինը, իսկ գանձարանի եւ միւլքադարի մասը թափում գիւղական արքունի ամբարը։ Ամբարն էլ շինուած էր լինում այնպիսի յարմարութեամբ, որ կարելի էր բերքը թափել նրա մէջ, բայց չհանել առանց դրոշմի լուծման։ Ամբողջ եկամուտը ժողովելուց յետոյ մահալի կառավարիչը կամ նրա գրագիրը կամ թէ խանից լիազօրուած մի ուրիշ անձն սեարքեարի, գիւղական տանուտէրի, քահանայի կամ մոլլայի, իսկ միւլքադարական գիւղերում նաեւ միւլքադարի ներկայութեամբ բանում էր ամբարը, նորից չափում, ջոկում միւլքադարի բաժինը, իսկ մնացածի համար կարգադրում գիւղացիներին իրենց կենդանիներով հասցնելու խանի ցանկացած տեղը։ Եարիքեար, փարաքեար (կային գիւղեր, ուր խանի համար յատուկ դաշտ էին ցանում) եւ րաշպարական գիւղերում սերմացուն մնում էր գիւղում տանուտէրի հսկողութեան տակ։ Մահալի կառավարիչը հսկում էր, որ այդ քանակն էլ անպայման ցանուի։

Բամբակի եւ ծխախոտի քանակը սեարքեարը որոշում էր դաշտում, արմատի վրայ։ Այդ բանը նա կատարում էր պատուաւոր բնակիչների աջակցութեամբ։ Բնակիչներից ստորագրութիւն էր առնւում, որ նրանցից սպասւում է տուրք այս կամ այն քանակութեամբ, որ եւ ժողովւում էր մաքրելուց յետոյ։ Սովորաբար մի խալվար (27 փ. 32 գր. 48 մսխալ) մաքուր բամբակի դիմաց պահանջւում էր եւ 2 խալվար սերմ։ Բամբակը սերմից զտող բանուորների (չղըրխչի) վարձը (մաքրածի 1 / 15 ) հանւում էր բնակիչների մասից։

Տուրքերը ժողովելուց եւ հաշիւները գիւղերում փակելուց յետոյ՝ բերքերը սեարքեարների թղթով յանձնում էին խանական ամբարդարներին (ամբարապետ), որոնցից ամեն-մի գիւղի համար ստացւում էր առանձին բարաթ (ընկալագիր)։ Այդ բարաթները յանձնում էին մահալի կառավարչին, որը՝ նրանց նորից ներկայացնելով ամբարապետին՝ ստանում էր իր գաւառի համար մէկ ընդհանուր բարաթ։ Ապա խանական վեզիրի միջոցով գաւառի բարաթը, որ միեւնոյն ժամանակ կառավարչի գործակատարութեան վկայականն էր, ներկայացւում էր խանին։ Վերջինս ստուգում էր հաշիւները, համեմատում էր նոր բերքի քանակը նախորդ տարուայ եկամուտի հետ եւ արժանաւոր ու անարժան պաշտօնեաներին ջոկում իր առանձին բարեացակամութեամբ եւ խրախուսանքով։ Այսպէս էր փակւում ել եւ մուտքի տարին։



[1]        Иваненко, 137, Гакстгаузенъ, ч. I, 185-187.

[2]        Шопенъ, էջ 878։

[3]        С. А. Егiазаровъ, “Изслѣдованiя по исторiи учрежденiй въ Закавказiи” ч. II. Городскiе Цехи. Казань 1891 էջ 252-253։

[4]        Խանական հարկային քաղաքականութեան մասին գրելիս գլխաւորապէս օգտուել ենք հետեւեալ աղբիւրներից. 1) “Сводъ матерiаловъ по изученiю Экон. быта госуд. кр. Закавк. края”, т. I, ч. II, Тифлисъ, 1887 г., էջ 33-34, 2) Акты Кавк. Арх. К. т. VI а, N 1305. 3) Обозрѣнiе Рос. влад. и пр., ч. I, С. П. Б., 1836 г., էջ 86-88, 4) Шопенъ, էջ 878, 967-986, 1131-1136, 5) Сводъ матерiаловъ и пр. т. I, ч. III, И. Л. Бахтадзе, “Податное обложенiе государственныхъ крестянъ Закавк. края”, էջ 23-32, 6) С. А. Егiазаровъ, “Городскiе Цехи” էջ 260 եւ այլն եւ այլն։

[5]        Ղարաբաղում այդ տուրքերը հետեւեալներն էին. մի-մի հատ՝ սեխի, ձմերուկի, խսիրի, թիերի, կաղամբի, վարունգի, ձկան բեռներից, մորթած անասուններից 20 կ., մի բեռը փայտից 2 կտոր և այլն։ Երեւանում հրապարակի տուքերը սրանք էին. ամեն մի բեռը շինութեան փայտից, յարդից և եղեգնից 1 շայի (2 կոպ. ), աղի բեռից 2 շ., ածուխի և բոյսերի բեռնից 4 շ., մի մեծ տիկ կովի կամ ոչխարի իւղից 5 շ., արտասահմանից բերած իւղի տկից ¼ բաթման (բաթմանը 12 ֆունտ), խնձորների բեռից 12 շ. ։ Բնական տուրքերը, առւոյտի և խոտերի բեռներից՝ 1 կապուկ, փայտից 2 կտոր, տախտակներից, փայտէ ամաններից, ձկնից, խսրից, կաւեղէն ամաններից, ձմերուկից, սեխից, նռնից, թիերից երկու երկու հատ։ Ամեն մի բեռը մեղրից, բէքմազից (խաղողի հիւթ), չամչից, ծխախոտից, խնձորից, տանձից, սերկեւիլից, փշատից, ընկուզից, խաղողից, դեղձից և այլ պտուղներից. ¼ բաթման։ Հրապարակի վրայ վաճառած կենդանիների դիմաց ստացւում էր. ուղտից 2 ր., ջորիից 1 րուբ., ձիուց 50 կ., գոմշից, եզից, կովից 32-ական կոպ., իշից 25 կոպ., ոչխարից եւ այծից 4 կոպ., գառնից 2 կոպ. ։ Բուն Երեւան քաղաքի արդիւնքները ազատ էին շուկայի տուրքերից։

[6]        Сводъ матерiаловъ и пр., т. I ч. II. М. Н. Кучаевъ “Поземельное устройство госуд. кр. и пр., էջ 33-34։ Ղարաբաղի բէկերը մոռանում էին, որ այս տուրքերը նրանք ստանում էին վարչական եւ դատական ծառայութիւնների համար եւ յետոյ նրանցից միայն նա, ով իսկապէս խանական ծառայութեան մէջ էր գտնւում։ Փոխուել էին ժամանակները եւ մի չնչին խումբ պաշտօնէութեան իրաւունքները հռչակւում էին արտօնութիւններ ամբողջ բէկական դասի։

[7]        Шопенъ, 1131-1136, Гакстгаузенъ, ч. I, 185-187.

[8]        «Կռունկ Հայոց Աշխարհին», 1862 թ., յունուար, էջ 27-29։