Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ IX
ՀԱՒԱՔԱԿԱՆ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ

Արդ՝ մենք գիտենք հայութիւնը ներկայացնող խաւերի նկարագիրը։ Մենք ծանօթացանք հայ մելիքներին ու տանուտէրերին [1], հայ գիւղացուն իր համայնքի մէջ, հայ վաճառականին եւ արհեստաւորին իրենց համքարութիւններում եւ հայ եկեղեցականին իր ստեղծած կազմակերպութեամբ։ Հիմա ինքնին հարց է ծագում, այդ զանազան խաւերը ներկայացնո՞ւմ էին արդեօք մի հաւաքական անհատականութիւն, մէկ հանուր կամքով եւ գործելակերպով շարժուող մարմին, արդեօք նրանք գիտակցո՞ւմ էին իրենց մէկ հանրութեան պատկանելիութիւնը, ձգտո՞ւմ կար ստեղծելու այդ հանրութիւնը։

Այս հարցերին պիտի պատասխանենք բացասաբար։ Եւ դա հետեւեալ պատճառներով։

Մէկ հանրութեան, հաւաքական անհատականութեան զգացումը կարող էր գոյութիւն ունենալ հայերի մէջ այն ժամամանակ, երբ նրանք իրենց բնակած երկրների ամբողջ տարածութեան կամ գոնէ նրա մի խոշոր մասի վրայ ապրէին փոխադարձ տնտեսական-հասարակական շատ ու քիչ նկատելի սերտ յարաբերութիւններով։ Այդ հանգամանքը գոյութիւն չունէր։ Ամեն մի խանութիւն կամ իշխանութիւն ինքնամփոփ մի միաւոր էր. նրանք բոլորը ներհակութեան մէջ էին իրար հետ։ Տնտեսական եւ հասարակական սերտ յարաբերութիւններ չկային նրանց մէջ եւ չէին էլ կարող լինել, որովհետեւ այդ երկրները գերազանցապէս գիւղացիական էին՝ տոգորուած իրենց տեղական եւ սահմանափակ շահերով։ Այդ մանր տիրապետութիւնների ոյժը կը խորտակուէր, եթէ երկրում նկատելի չափով գոյութիւն ունենար առեւտրա-արդիւնաբերական մի դասակարգ, եթէ քաղաքային բնակչութիւնն իր քանակով շօշափելի մեծութիւն լինէր։ Սակայն ո՛չ առաջինը կար, ո՛չ վերջինը։ Երկուսն էլ սաղմնային դրութեան մէջ էին եւ կորած գիւղացիական ծովի մէջ։ Մանաւանդ աննշան էր հայերի թիւը խանական քաղաքներում (Երեւան, Նախիջեւան, Շամախի, Նուխի եւ այլն)։ Ի՞նչ էր այդ քաղաքների արդիւնագործութիւնը. ներկարարութիւն, կաշուէգործութիւն, օճառի արդիւնաբերութիւն, տնայնագործական մետաքսագործութիւն, բրուտութիւն, ձիթահանք, դինկ, ջրաղաց եւ այլ այսպիսի աննշան արհեստներ ու արդիւնատեղիներ։ Արդիւնագործական այդ ճիւղերն էլ զարգանալու հնարաւորութիւնից զուրկ էին, որովհետեւ կենտրոնացած էին կապալառուների ձեռքում եւ ծանրաբեռնուած հարկերի ու մաքսերի պահանջներով։ Այսպիսով արդիւնաբերութիւնը եւ առեւտուրը, որ տուեալ երկրում մտցնում են կենդանութիւն, շարժում, բարդ յարաբերութիւններ ու բաղխումներ, մեր քննութեան ենթակայ երկրներում գտնւում էին աննախանձելի ստոր մակարդակի վրայ։ Հարկաւ, նման պայմաններում ո՛չ առեւտրականը եւ ո՛չ արդիւնաբերողը չէին կարող մտածել ստեղծելու կազմակերպուած եւ իրենց կամքի հետ հաշուի նստող հասարակական-քաղաքական մարմիններ։ Այդ մտածութիւնը մանաւանդ հեռու էր հայ առեւտրական եւ արհեստաւորական դասերից։ Հանուր հայկական անհատականութեան խորհուրդը չէր յուզում նրանց թմրած ու ճնշուած մտաւորը։       

Եթէ քաղաքների առեւտրականներն ու արհեստաւորներն անկարող էին ապրել այդ գաղափարներով, ապա աւելի եւս այդ միտքն անմատչելի էր հայ գիւղացիութեանը։ Համայնական եւ նահապետական կենցաղով ապրող գիւղացիութիւնը հեղինակութեան գերի է, նա ինքն անկարող է ստեղծել իր քաղաքական ներկայացուցչութիւնը։ Նրա անջատուած եւ մեկուսացած գոյութիւնը պարարտ հող չէ քաղաքական գաղափարների սնուցման համար։ Հայ գիւղացին չէր կարող իր վրայ առնել հայութեան հաւաքման գործը։ Դրա համար նա չունէր եւ ոչ մի տուեալ։

Գուցէ այդ մասին մտահոգո՞ւմ էին հայ մելիքներն ու տանուտէրերը։ Մենք գիտենք, որ Ղարաբաղի մելիքական դասը երկար ժամանակ բանակցութիւն էր վարում ռուսական արքունիքի հետ։ Սակայն նախորդ դարի սկզբում մելիքների ոյժը միանգամայն ջլատուած էր. նրանք միայն խանական պաշտօնեաների դեր ունէին եւ նիւթական կարողութեամբ ու թուով էլ շօշափելի մեծութիւն չէին կազմում։ Տհաս, տգէտ, նոյն գիւղացիները համարեա, նրանք իրենց մէջ չէին փայփայում որեւէ քաղաքական-փառասիրական ձգտում, այլ միայն շնորհներ ու դիւրութիւններ էին հայցում հրապարակի տիրողներից։ Հաւաքական հայութեան գաղափարը նրանց համար գոյութիւն չունէր նոյնպէս։

Մնում է հայ եկեղեցականութիւնը։ Մենք տեսանք, որ նա էր միայն հայ ճիւղաւորուած կազմակերպութիւնը, որ հէնց դրա համար էլ ճանաչւում էր, որպէս ազգի ներկայացուցչութիւն։ Սակայն տեսանք նաեւ, որ այդ դասի անդամները գտնւում էին գիտակցական եւ բարոյական ամենաստոր աստիճանի վրայ, որ եկեղեցին, չնայած իր համատարած գործակալներին որպէս կենդանի ապարատ գոյութիւն չունէր։ Կազմալուծուած մարմինն անկարող էր մոբիլիզացիայի ենթարկել իր ոյժերը եւ պատուար կանգնել իր հօտի համար։ Որպէս ամբողջութիւն նա աննշան մի կազմակերպութիւն էր, սակայն իր մէջ ունէր անդամներ, որոնք ջանում էին շունչ փչել նրա ընդարմացած գոյութեանը, դուրս բերել նրան դարեւոր նիրհից եւ դարձնել քաղաքական գործօն։ Բայց այդ անհատների ջանքերը զարնւում էին եկեղեցական դասի մռայլ անտարբերութեանը եւ նրանք էլ կամայ-ակամայ դառնում էին գործիք օտար քաղաքագիտութեան ճանկերում։

Արդ՝ այսպիսի հասարակական կազմ ունեցող մի ցեղի համար կարելի՞ է ասել, որ նա ներկայացնում էր մի կուռ հաւաքական մարմին, որ նա ունէր իր ամբողջականութիւնը, գէթ իր մի խաւի ամբողջութիւնը յուզող ինքնորոշման գաղափարը։ Ո՛չ։ Հայութիւնն ազգութիւն չէր իր մէջ եւ իր համար, նա իր ազգութիւն լինելը չէր գիտակցում։ Նա ազգութիւն էր ուրիշների, տիրողների աչքում, նա ազգութիւն էր, որպէս ուրոյն շահագործման առարկայ, որպէս տարբեր, կաշկանդիչ պայմանների մէջ ապրող հպատակների մի մասսա։ Այդ տարբերիչ հանգամանքներն էին, որ անողոք կերպով խթանում էին այդ անկազմակերպ ժողովրդին զգալու իր բացառիկ դրութիւնը։ Սակայն զգացումը նրա հոգին լցնում էր լոկ անորոշ յուսացումներով եւ սպասումներով։ Այդ զգացումը գործ չէր դառնում։ Շատ-շատ նա ստիպում էր մուրալ, դիմումներ անել, աղերսել եւ էլի սպասել։ Իր բացառիկ դրութեան զգացումը, կրկնում ենք, հայ ժողովրդին գործի չէր կոչում, այն գործին որ իր վառվռուն, լայն եւ ազատագրական հեռանկարներով ծառացնէր ամենին, մեծին եւ փոքրին, արտօնեալին եւ զրկուածին։ Այդպիսի մի գործ, մի լայն շարժում կարող կը լինէր սթափեցնել հայերին եւ նրանց միացնել ու հաւաքել, նա կարող կը լինէր ծնեցնել հերոսական առաքինութիւններ, նա կը վերամկրտէր հայի բարոյական աշխարհը, ստրուկ եւ գծուծ արարածից նրան կը դարձնէր լայնասիրտ եւ լայնախոհ, սակայն, ինչպէս ասացինք, ազգութիւն կազմելու տուեալները հայերը չունէին։ Պարսկական լծի տակ նրանք բաժան-բաժան եղած անմռունչ եւ անլեզու հօտ էին։ Ռուս նուաճողներին նրանք դիմեցին, որպէս մուրացիկներ, որպէս հասարակական լայն բնազդներից զուրկ արարածներ, որպէս շահախնդրութեան եւ գծուծութեան մոլի երկրպագուներ։ Եւ զարմանալի չէ, որ դա այդպէս էր։ Մի ազգ, որ դեռ միջին դարերում արտաքին ճնշումների շնորհիւ ստեղծել էր իր համար այս բարոյական ուղեցոյցը, թէ՝

Կ՚ուզե՞ս որ յազիզ կենաս որ ամեն մարդ զքեզ սիրէ,

Դուն հողուն նման կեցիր որ ամեն մարդ զքեզ կոխէ, -

(Նահապետ Քուչակ)

այդ ազգը չէր կարող բարձր առաքինութիւններ սնուցանել իր ծոցում։

Այսօր մեր մտքին խորթ է թւում հայերի բնաւորութեան այն նկարագիրը, որ թողել են նախորդ դարի առաջին կիսի հեղինակները։ Նախիջեւանի գաւառը հետազօտող Վ. Գ. [2] գրում է, որ հայերը սաստիկ երկչոտ են, գծուծ, քծնող, ստրկահոգի, որ խօսքով նրանք ռուսական տիրապետութեան ջերմ կողմնակիցներ են, բայց գործով չեն կամենում որեւէ զոհաբերութիւն անել, որ նրանք իրենց հոգեւորականութեան հետ թաղուած են նախապաշարմունքների մէջ եւ այլն։ Վ. Լեզգոբըտովը Շամախիի հայերի մասին ամենաաննպաստ կարծիքն է յայտնում։ Ըստ այդ հեղինակի հայերի շահասիրութիւնը սահման չէ ճանաչում։ Նրա ասելով թուրքերն իրենց բարոյականով շատ ու շատ բարձր են հայերից [3] ։

Թիֆլիսի հայերի մասին մենք գտնում ենք հետեւեալ վկայութիւնը. նա դիմազուրկ է եւ կոսմոպոլիտ, նրա հայրենիքն այն երկիրն է, ուր նա շահաւէտութեամբ եւ ապահովութեամբ կարող է գործադրել իր ճկուն ուղեղը։ Այստեղ էլ նրա ոգին երկչոտ է. անհրաժեշտ է խիստ ակնյայտնի, խիստ դրական օգուտ, որ հայի մէջ զարթնէ որեւէ կարեւոր առեւտրական շրջանառութեան ազդակ, սակայն նոյնիսկ այս դէպքում ունեցածը կորցնելու վախը հէնց սկզբից ջլատում է գործը։ Խորամանկութիւնը, նենգութիւնը հայերի յատկանիշն է, խաբէութիւնը, շահաստացութեան բոլոր միջոցները նրանք օրինաւոր են գտնում։ Շահասիրութիւնը նրանց բոլոր խորհուրդների եւ վարմունքների շարժիչն է [4] ։

Հակստհաուզէնը բոլոր հայերին վատ եւ արատաւոր չի համարում։ Հայ գիւղացիութեան մասին նա խօսում է ջերմ սիրով եւ բարեացակամութեամբ։ Սակայն քաղաքային բնակչութեան մասին, չնայած իր բոլոր համակրանքներին դէպի հայերը, գործ է ածում կշտամբիչ արտայայտութիւններ։ Նրա ասելով հայերը չափազանց շահասէր եւ անյուսալի առեւտրականներն են [5] ։ Բոլոր յիշուած հեղինակները հայերի յատկութիւնները, ի հարկէ, բնածին տուեալներ չեն համարում։ Նրանց կարծիքով հայի արատաւորութիւնն արդիւնք է նրա նախկին ծանր քաղաքական վիճակի։ Անշուշտ, դա արդարացի տեսակէտ է։ Այդ մասին առարկութիւններ չեն կարող լինել։ Եւ այդ չէ հիմա մեզ հետաքրքրողը։ Այլ այն, որ նման արատների տէր մի ցեղ չէր կարող ընդգրկել հասարակական մի բարձր գաղափար։

Այդ չէր կարող նա անել եւ այն պատճառով, որ չունէր հասարակական յարաբերութիւնների համար անհրաժեշտ հատու զէնքը, զարգացած լեզու։ Գիրն ու գրականութիւնն աննշան ծաւալ ունէր եւ գրուած էր մի հին ժանգոտած եւ անհասկանալի լեզուով։ Եղած գրականութիւնն էլ իր բովանդակութեամբ առնչութիւն չունէր աշխարհիկ շահերի հետ. նա հոգու փրկութեան մասին էր խօսում, այնինչ մարմինը գալարւում էր ստրկութեան լծի տակ եւ բորբոսնում աղտեղութիւնների մէջ։ Հայը գրքերից դուրս իր գործածական լեզուն ունէր, բայց այնպիսի լեզու, որ մի հատուածի բերանի խօսքը դժուարամատչելի էր միւսի համար։ Նրա բաժան-բաժան մեկուսացած դրութիւնն առաջ էր բերել զանազան բարբառներ։ Լեզուն նրա անմխիթար իրականութեան մի բեկորն էր։ Նա ջերմացնող բան չէր տալիս նրա սրտին։ Հակստհաուզէնը նկատում է, որ հայերը մեծ դիւրութեամբ են սովորում լեզուները. վրացու հետ նրանք խօսում են վրացերէն, թուրքի հետ թուրքերէն եւ այլն։ Լեզուն մի միջոց է բարեկեցութիւն ստեղծելու համար։ Տիրող լեզուների միջոցով էր հնարաւոր հասնելու դրան։ Եւ հայերը ընտրում էին տիրող լեզուների զէնքը։ Նրանց համար իրենց լեզուն շահաստացական գործառնութիւնների համար անօգուտ էր։ Բայց զարմանալին նա է, որ այդ լեզուն անգործադրելի էր համարւում եւ աշխարհիկ զգացումների արտայայտութեան համար։ Նոյն Հակստհաուզէնը ժողովրդական երգիչների մեծամասնութիւնը հայ է համարում, բայց արձանագրում է եւ այն իրողութիւնը, որ այդ հայերը երգում են թուրքերէն, վրացերէն եւ այլն, բայց հայերէն երբէ՛ք [6] ։ Այդ տարօրինակ երեւոյթի բացատրութիւնը մենք գտնում ենք մի այլ հեղինակի մօտ։ Դուրս է գալիս, որ արմատացած կարծիք է եղել, թէ հայ լեզուն էն գլխից նշանակուած է փառաբանելու Աստծուն եւ սրբերին, որ ժողովրդի «մարմնապաշտ եւ մեղսաբեր» ցանկութիւններին նա արձագանքելու իրաւունք չունի [7] ։ Հայ լեզուի այդ թլփատութեան, հայ ժողովրդի զգացումների այդ ներքինացման ամբողջ ծանրութիւնը, հարկա՛ւ, ընկնում է հայ եկեղեցական դասի շլինքին։ Այդ դասը պիտի եղած լինի նման հասկացողութեան տարածողը, որովհետեւ նա էր լեզուի եւ գրականութեան խնամակալը։ Ինքը կտրուած աշխարհից, թէեւ ծանրացած այդ աշխարհի վրայ, նա կամեցել է ունենալ եւ իր ապրումներով շարժուող մի հօտ, մի ժողովուրդ, որ ապրէ աղօթքի, քաւութեան եւ ապաշխարութեան համար։ Իսկ թէ դրանով նա հային տանում էր դէպի ապշութիւն, դէպի բուսական մի կեանք, այդ նրա հոգը չէր։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ հայի կենտրոնախոյս յատկութիւններին աւելանում է եւ մի խոշոր արատ, հարազատ լեզուի ոտնահարումը կամայ թէ ակամայ։

Արդ՝ ծանօթանալով նախորդ դարի սկզբում գոյութիւն ունեցող հայ հասարակական կառուցուածքի նիւթական եւ բարոյական մանրամասնութիւնների հետ՝ մենք նորից կրկնում ենք. կարո՞ղ էր հայութիւնը ինքն իր մէջ համարուել հաւաքական անհատականութիւն, կարո՞ղ էր նա ունենալ հաւաքական անհատականութեան պատշաճ ձգտումներ եւ իդէալներ, կարո՞ղ էր նա հաւաքական գործ կատարել։ Դրա պատասխանը պիտի լինի. ո՛չ, չէր կարող։

Եւ երբ ընդհարուեցին երկու քաղաքական միաւորներ ազնուական եւ լուսաւորեալ բացարձակապետական Ռուսաստանը եւ աւատական-ցեղապետական Պարսկաստանը հայութիւնն իր սեփական քաղաքականութիւնից զուրկ էր, նա միայն գործիք էր առաջինի ձեռքում։ Ռուսաստանի տիրապետութիւնը հայերի համար ձեռնտու էր ինքնստինքեան։ Սակայն մեր խօսքն այդ մասին չէ։ Մենք կամենում ենք շեշտել, թէ հայութիւնն այդ պատմական մոմենտին գլխակորոյս հօտ էր եւ չունէր որեւէ առանձին նպատակ։ Նա մուրացիկ էր եւ նրան «փրկում էին»։ Միայն այդքանը։

Մի լուսաբանութիւն եւս։ Հետաքրքրական է իմանալ, թէ ի՞նչ քանակական մեծութիւն էր ռուսական հպատակութեան տակ մտնող հայութիւնը։ Դա աւելորդ չէ, ուստի ծանօթանանք ստորեւ դրած թուերի հետ։ Պիտի ասել, որ այդ թուերն էլ վերաբերում են զանազան տարիների, սակայն բոլորը մերձաւոր ժամանակամիջոցի, նախորդ դարի 20-30-ական թուականներին։ Վրաստանի համար (բուն Վրաստան, թաթարական դիստանցիաներ, Բորչալօ, Ղազախ, Շամշադիլ եւ Շորագեալ, ապա Գանձակի նախկին խանութիւնը) Երիցեանցը տալիս է հետեւեալ թուերը. քաղաքաբնակ հայեր 4. 826 ծուխ, գիւղաբնակ 7. 054 ծուխ, ընդամենը —11. 880 ծուխ։ Այդ բնակչութեան դասային պատկանելիութեան մասին Երիցեանցը յիշում է, որ հայերի մէջ կային 119 ծուխ գիւղաբնակ ազնուականներ եւ 737 կղեր [8] ։ Երիցեանցն այստեղ հայերի քանակը տալիս է ծուխերով։ Եթէ ընդունենք, որ իւրաքանչիւր ծուխ բաղկացած էր 8-10 հոգուց, մի թիւ, որ չափազանց չպիտի լինի այդ նահապետական ժամանակների համար, ապա XIX դարի քսանական թուականներին Վրաստանում կունենանք 100, 000 հոգուց բաղկացած մի հայութիւն։

Շեքիի խանութեան մէջ հայերի թիւը 1824 թ. հասնում էր 15. 300 հոգու, որոնցից ազնուական դասին պատկանող 51 հոգի, եկեղեցական 75 ընտանիք կամ 315 հ. [9] ։ Շիրուանի խանութեան մէջ 1831 թ. հայերի թիւը 11 հազար էր, Ղարաբաղում (1823 թ. ) 30 հազար [10] ։ Ղարաբաղում 1832 թ. բոլոր ազգերից բաղկացած բնակչութեան թիւը հասնում էր 20. 456 ընտանիքի. բէկերը կազմում էին1. 190 ընտանիք։ Դրանց մեծամասնութիւնը թրքական էր, բայց նշանաւոր էր եւ հայ բէկերի քանակը։ Երեւանի խանութեան մէջ 1829-1832 թ. թ. հաշուով հայերը կազմում էին 20. 073 բնիկներ եւ 45. 000 նորեկ գաղթականներ Պարսկաստանից եւ Թիւրքիայից։ Նախիջեւանում 2. 690 բնիկներ եւ 10. 670 գաղթ. ։ Օրդուբաթի շրջանում 2. 388 բնիկներ եւ 1. 340 գաղթ. ։ Բնակչութեան այդ քանակի մէջ հաշւում էին հայ ազնուականներ 48 ընտանիք կամ 434 հոգի, եկեղեցականներ 135 հ. կուսակրօն, ոչ-կուսակրօն 261 ընտանիք կամ 1. 894 հոգի [11] ։ Մահտեսիների թիւն էլ հաւասար էր133 հոգու։

Մնում է մեզ իմանալ այն հայերի քանակը, որոնք՝ գաղթելով Թիւրքիայից՝ տեղաւորուեցին նախկին Ախալցխայի փաշայութեան մէջ։ Ախլցխայի բնիկ հայերի մասին մենք տեղեկութիւններ չունենք։ Գիտենք միայն, որ Ախլցխայի եւ Ախալքալաքի գաւառները թիւրքահայ գաղթականներից նշանաւոր բնակչութիւն ստացան։ Թիւրքահայ գաղթականութիւնը հասնում էր 80 հազարի։ Այդ քանակից 22 հազար հոգի տեղաւորուեցին Երեւանի եւ Նախիջեւանի խանութիւններում։ Ուրեմն 58 հազար հոգին տեղ պիտի գտած լինեն Ախալցխայի փաշայութեան մէջ եւ Անդրկովկասի ուրիշ վայրերում, գլխաւորապէս թաթարական նախկին դիստանցիաներում։

Ի մի գումարելով թուական բոլոր տուեալները, որոնք, հարկա՛ւ, շատ անկատար եւ թերի են, այն էլ վերաբերեալ զանազան տարիների, մենք Անդրկովկասի բնիկ եւ գաղթական հայերի քանակը գտնում ենք 300 հազար։ Որ այս քանակը պէտք է համապատասխան համարել իրականութեան՝ դրա համար մենք ունենք մի ուրիշ վկայութիւն։ Կալկաթայում հրատարակած Մ. Թաղիադեանցի «Ազգասէր Արարատեան» պարբերականի մէջ [12] տպագրուած է մի վիճակագրական աղիւսակ, որից ի միջի այլոց երեւում է, որ1841 թ. հայերի թիւը Ռուսաստանում եղել է. Բեսսարաբիայի թեմում 24. 521 հոգի (երկսեռ), Վրաստանի թ. 105. 567 հոգի, Աստրախանի թ. 18. 349 հ., Երեւանի թ. 113. 237 հ., Ղարաբաղի թ. 62. 287 հ., եւ Շամախիի թ. 12. 847 հ., ընդամենը՝ 336. 808 հ. (երկսեռ)։ Ըստ թեմերի վիճակագրելը ցոյց է տալիս, որ «Ազգասէր Արարատեանի» աղիւսակը կազմուած է հայ բարձր հոգեւոր իշխանութեան ձեռքով։ Յամենայն դէպս 1841 թ. վերաբերեալ թուերը կողմնակի ապացոյց են, որ այդ թուականից 10 տարի առաջ հայերը կարող էին կազմել 300 հազարանոց մի ժողովուրդ։ Եւ այսպէս՝ ռուսական տիրապետութիւնն իր հետ 300 հազար հայերի համար բերում էր քաղաքական կեանքի նոր պայմաններ։ Այլեւս այդ 300 հազարանոց բազմութիւնը սկսում էր զարգանալ միեւնոյն հասարակական եւ քաղաքական կարգերի տակ, մի առաւելութիւն, որ գոյութիւն չունէր հին՝ իրարից բաժան-բաժան եւ իրար բզկտող մանր-մունր իշխանութիւնների մէջ։

Հայերի համար ստեղծուած նոր դրութեան հետ մենք կը ծանօթանանք այս աշխատութեան երկրորդ մասում։



[1]        Մի ռուս հետազօտող՝ . Г. “Статистическое описанiе Нахичеванской провинцiи”, С. П. Б. 1833 г. ) խօսելով թրքական գաւառների բարձր դասի բէկերի եւ աղալարների մասին՝ ասում է, որ խանական իշխանութեան աչքում հայ մելիքներն ու տանուտէրերը համաստիճան չէին թուրք բէկերին, թէեւ նրանք հայերի կողմից նոյն յարգանքն էին վայելում, ինչ եւ թուրք բէկերը։ Որովհետեւ մենք խօսում ենք հայութեան ծոցում ստեղծուած փոխ-յարաբերութիւնների մասին, ուստի ռուս հեղինակի այս նկատողութիւնն ինքնին չի ներհակում հայութեան ստորաբաժանման իմաստին։

[2]        В. Г. “Статистическое описанiе Нахичеванской провинцiи”, С. П. Б. 1833 г.

[3]        Обозрѣнiе россiйскихъ владѣнiй за Кавказомъ, ч. III С. П. Б 1836 г.

[4]        Նոյն տեղ, ч. I, էջ 197-199։

[5]        Гакстгаузенъ, ч. II, էջ 37։

[6]        Гакстгаузенъ, ч. II, էջ 51-52։

[7]        Սայեաթ-Նօվայ լուս գցած աշխատասիրութէնով Գէորգայ Ախվերդեան, Մօսկվա, 1852, էջ Դ. ։

[8]        Երիցեանց, «Ամենայն Հայոց Կաթուղիկոսութիւնը և այլն», էջ139-141։

[9]        Иваненко, էջ 130, 132 եւ 133։

[10]       Иваненко, էջ 144 եւ 146։

[11]       Шопенъ, էջ 539-642, 690-693։

[12]       «Ազգասէր Արարատեան», 1850 թ., N 45, էջ 360։