Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ III
ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԷՈՒԹԻՒՆԸ

Վրաստանից դուրս հայերը պարսիկների եւ թիւրքերի հպատակներն էին։ Ռուսները Վրաստանի սահմաններից ելնելով նախ եւ առաջ ընդհարուեցին պարսիկների հետ եւ, վերջապէս, նրանց նոր գրաւած երկրների մեծագոյն մասը պարսկական հող էր համարւում։ Մեզ էլ մնում է ծանօթանալ պարսկական գաւառներում տիրող հասարակական փոխյարաբերութիւններին եւ կարգ ու կանոնին, որոնց ենթակայ էին նաեւ հայ հպատակները։

XIX դարու առաջին քառորդի Պարսկաստանը մի բռնապետական երկիր էր։ Պետականութեան կապն ու զգացումը չափազանց թոյլ էր նրա մէջ։ Պետութիւնը դա «արքայից արքան» էր, ինքնամոլ եւ անզօր մի խրտուիլակ հարեւանների առաջ։ Եւ սակայն դրսում անզօր այդ խրտուիլակը կարող էր երկրի ներսում սարսափելի ոյժ դառնալ, երբ նա խուժանի հետ ելնում էր պատժելու որեւ է ըմբոստ կուսակալի, որը յանդգնում էր երկրի կենտրոնից եկած կարգադրութեան դէմ գնալ։ Ինչպէս «արքայից արքան» ողջ երկիրը համարում էր սեփական կալուածք եւ իրեն ազատ էր զգում կառավարելու իր գիտցածի պէս, այնպէս էլ նրանից նշանակուած կուսակալներն էին կալուածք համարում իրենց յանձնուած երկրամասերը, կալուածք՝ ազատօրէն կառավարելու եւ շահուելու, որովհետեւ այդ պաշտօնը ձեռք էր բերուած դրամով եւ ընծայաբերութիւններով, որովհետեւ այդ՝ կարգ ու կանոնի տեսակէտից անհաստատ երկրում անհրաժեշտ էր շտապել մի աւելցուկով ետ ստանալ ծախսուածը։ Այդ ժամանակաշրջանի (ինչպէս եւ մեր օրերի) Պարսկաստանը գերազանցապէս գիւղացիական երկիր էր, որի ժողովրդի մի խոշոր մասն էլ ընտելացած չէր նստակեաց կեանքի։ Այդ մասը պետութեան գլխաւոր ռազմական ոյժն էր։ Թափառական նոմադները պատրաստի զօրք էին, որոնցից հրոսակներ կազմելով՝ երկրի վարիչները սարսափի մէջ էին պահում խաղաղ երկրագործներին։ Իսկ վերջիններս հէնց միայն նրա համար, որ իրարից մեկուսացած եւ կղզիացած գիւղացիներ էին, անկարող էին զգացնել տալ իրենց կամքը եւ ուղղութիւն հաղորդել իշխանութեան վերաբերմունքին։ Ճանաչենք գիւղացուն։ Կ. Մարքսը մեզ տուել է գիւղացիութեան քաղաքական արժէքի նկարագիրը։ Ճիշտ է, նա խօսում է ֆրանսիական գիւղացիների մասին, բայց գիւղացին ամեն տեղ էլ գիւղացի է եւ այն, ինչ արդարացի է ֆրանսիացու նկատմամբ, թեթեւ տարբերութիւններով համապատասխանում է եւ հայ, պարսիկ եւ այլ գիւղացիների նկարագրին։ «Մանր հողատէր գիւղացիները, ասում է Մարքս, ներկայացնում են մի ահագին մասսա, որի անդամներն ապրում են նոյնանման պայմաններում եւ չեն մտնում իրար հետ եւ ոչ մի նուազ թէ շատ բազմազան յարաբերութիւնների եւ կապերի մէջ։ Նրանց արտադրելակերպը փոխադարձ յարաբերութիւններ եւ փոխանակութիւն առաջացնելու փոխարէն, մեկուսացնում, առանձնացնում է իրարից եւ այդ մեկուսացման նպաստում են նոյնպէս հաղորդակցութեան միջոցների վատ կացութիւնը Ֆրանսիայում (խնդիրը XIX դարի յիսնական թուականների Ֆրանսիայի մասին է, իսկ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանի Պարսկաստանի հաղորդակցութեան միջոցների մասին խօսք անգամ լինել չի կարող, այնքան նրանք անմխիթար դրութեան մէջ էին Դ. Ա. ) եւ գիւղացիների աղքատութիւնը։ Նրանց արդիւնաբերական ասպարէզը սահմանափակուած է փոքրիկ հողակտորով, ագարակով, իսկ այդ հողակտորի մշակումն անհնար է դարձնում ո՛չ աշխատանքի բաժանման որեւ է զարգացում, ո՛չ էլ գիտութեան սիստեմատիկ կիրառում։ Ուստի եւ այդպիսի ագարակային տնտեսութեան հետ չեն կապուած ո՛չ մտաւոր զարգացման եւ տաղանդի բազմակողմանիութիւն, ոչ էլ հասարակական յարաբերութիւնների պէսպէսութիւն։ Իւրաքանչիւր առանձին ագարակ, իւրաքանչիւր գիւղացիական ընտանիք գրեթէ լիովին գոհացնում է ինքն իրեն, անկախ եւ անմիջական կերպով արտադրելով իր համար կարեւոր գործածական առարկաների մեծ մասը, ուրեմն եւ ագարակը (այսինքն ընտանեկան համայնքը) ձեռք է բերում իր գոյութեան միջոցներն աւելի պարզ փոխանակութեան ճանապարհով բնութեան հետ, քան հասարակական փոխանակութեան ճանապարհով։ Մի գիւղացիական ագարակի, ծուխի, ընտանիքի կողքին տեղաւորւում է մի ուրիշ ագարակ, ծուխ, ընտանիք. մի քանի տասնեակ նման հասարակութիւնից կազմւում է ֆրանսիական դեպարտամենտը (նահանգ)։ Այսպէս, նոյնանիշ մեծութիւնների պարզ գումարումից կազմւում է ֆրանսիական ազգի մասսան, ճիշտ այնպէս, ինչպէս, օրինակ, մի տոպրակի մէջ ածած զատ-զատ գետնախնձորները կազմում են մի չափ, այսինքն՝ մի տոպրակ կարտոֆէլ։ Ուրեմն այն չափով, ինչ չափով միլիոնաւոր այդ ընտանիքներն ապրում են այնպիսի տնտեսական պայմաններում, որոնք կենցաղի, շահերի եւ կրթութեան տեսակէտով առանձնացնում են նրանց մնացած դասակարգերից եւ նրանց հակադրում են թշնամօրէն այդ դասակարգերին, ընտանիքների այդ մասսան կազմում է իր ուրոյն դասակարգը։ Բայց միւս կողմից, ինչ չափով գիւղացիները կապուած են իրար հետ միայն տերրիտորիայի կամ տեղի կապերով եւինչ չափով նրանց շահերի միատեսակութիւնը կամ նոյնութիւնը չի ստեղծում նրանց միջավայրում որեւ է ներքին համերաշխութիւն, որեւ է ազգային կապ եւ քաղաքական կազմակերպութիւն, նոյն չափով գիւղացիների այդ մասսան չի կազմում մի իսկական դասակարգ։ Այդ պատճառով իսկ նրանք իրենց անունից ո՛չ պարլամենտի եւ ո՛չ ազգային ժողովի (Կոնվենտ) միջոցով անընդունակ են պաշտպանելու իրենց դասակարգային շահերը։ Նրանք չեն կարող ունենալ եւ սեփական ներկայացուցիչներ (պատգամաւոր) եւ հետեւաբար պիտի փնտրեն իրենց համար ներկայացուցիչներ ուրիշ դասակարգի մէջ, դրսում։ Բացի այդ նրանց ներկայացուցիչն անհրաժեշտաբար միեւնոյն ժամանակ պիտի լինի նրանց իշխանաւորը, լիազօրուած անսահմանափակ կառավարական իշխանութեամբ, որպէս զի հնարաւորութիւն ունենայ պաշտպանել նրանց մնացած դասակարգերից եւ առհասարակ առաքել նրանց վերեւից ե՛ւ արեւ ե՛ւ անձրեւ։ Հետեւաբար ագարակատէր-գիւղացիների քաղաքական դերն ի վերջոյ միշտ արտայայտւում է նրանով, որ գործադիր իշխանութիւնն անփոփոխ հպատակեցնում է իրեն ողջ հասարակութեանը» [1] ։

Մեզ կառարկեն, թէ ֆրանսիացի եւ պարսիկ գիւղացուն անհնար է համեմատել իրար հետ, թէ նրանք, որքան էլ գիւղացի լինեն, այնուամենայիւ տարբեր քաղաքակրթական մակարդակների վրայ կանգնած ժողովուրդներ են։ Սակայն որքան էլ նրանց տնտեսական-հասարակական կեանքը տարբեր կողմեր ունենայ, այդ տարբերութիւնը չի կարող հերքել այն փաստը, որ նրանք՝ թէ՛ ֆրանսիացին եւ թէ՛ պարսիկը, իրենց արտադրելակերպի շնորհիւ փոխադարձ բարդ յարաբերութիւնների եւ փոխանակութեան մէջ չեն մտնում, այլ մեկուսանում, առանձնանում են իրարից։ Այդպիսով նրանք անզօր են գտնւում կազմակերպուած ոյժերով հրապարակ գալու եւ նպաստում են այն հանգամանքին, որ գիւղացիական երկրներում գործադիր իշխանութիւնը հասնում է ճնշող եւ հասարակական ոյժերը փոշիացնող ոյժի. պա՛րզ՝ գիւղացիները պատուանդան են ծառայում ոստիկանական-բռնապետական րեժիմներին։ Այդ մարդիկ, ինչպէս նկատել է Գլ. Ուսպենսկին, բնութեան բոլոր երեւոյթները կենտրոնացնում են Աստուծոյ մէջ, քաղաքականութեան ամեն կարգի պատահականութիւնները՝ թագաւորի։ Գիւղացին հեղինակութեան զոհ է. ճիշտ է ասում Մարքսը, թէ նրա ներկայացուցիչը միեւնոյն ժամանակ պիտի լինի եւ նրա իշխանաւորը, հովանաւորողը։ Եւ քանի որ նրա իշխանաւորը իրեն պատասխանատուութեան հրաւիրող ոյժ չի նշմարւում դրսից, քանի որ ընդհակառակն այդ փոշիացած զանգուածի մի մասը նա հեշտութեամբ կարող է հրապարակ հանել ճնշելու միւս մասին, ապա եւ այստեղ հնարաւոր են դառնում այնպիսի երեւոյթներ եւ պատահականութիւններ, որոնց համար դժուար է պատմական օրինաչափութիւն գտնել։ Միակ լուսաբանող օրինաչափութիւնը մնում է այն, որ գիւղացիական երկրում գործադիր իշխանութիւնը հնարաւորութիւն ունի ինքն իր կամքը թելադրելու հպատակներին, առանց հաշուի նստելու այդ հպատակների կամքի հետ։ Այդպիսի երկրների զարգացման ուղին քաղաքների, բուրժուազիայի բարգաւաճման մէջ պիտի փնտրել, իսկ մինչեւ այդ նրանք կարող են յայտնագործել շատ հակասական անցուդարձեր։ Արդեօ՞ք հակասական անցուադարձ չէ, որ 1848 թ. ֆրանսիական յեղափոխութիւնից յետոյ, նախ հիմնւում է հանրապետութիւն, ապա այդ պետական կազմը զարմանալի հեշտութեամբ փոխւում է կայսրութեան եւ գահը գրաւում մի բախտախնդիր։ Ֆրանսիական գիւղացին թեւ ու թիկունք դարձաւ Նապոլէոն III-ին, նա էր, որ հանրապետութեան գործադիր իշխանութեան ներկայացուցչին իրեն կայսր հռչակեց։ Եթէ XIX դարու առաջին կիսի Ֆրանսիայում գիւղացիութեան շնորհիւ կարող է տեղի ունենալ նման ապշեցնող երեւոյթ, ապա ինչե՞ր չէին կարող հրապարակ գալ դրանից առաջ այնքան յետամնաց Պարսկաստանում։ Այժմ մեզ համար պարզ պիտի լինի պարսիկ բռնակալութիւնը սնող ոյժը. դա դիմազուրկ դարձած գիւղացիութիւնն էր։ Պարսկաստանում ժողովորդական մասսայի մէջ միայն նոմադական կենցաղով ապրող ցեղերն էին զգում իրենց ազատ, բայց նրանք էլ ինչպէս վերը յիշեցինք, մեծ ու փոքր բռնակալների զինուորական ոյժն էին կազմում. օրինակ, Երեւանի խանութեան սահմաններում գաղթող քրդերը սարդարի հեծելազօրքն էին համարւում։ Այսպէս թէ այնպէս, ամեն երկիր, ինչպէս ասւում է, արժանի է իր կառավարութեան։ Պարսկաստանն էլ արժանացել էր իր բռնապետական կառավարութեանը բռնապետական թէ կենտրոնում եւ թէ ծայրերում։ Մեզ հետաքրքրում է ծայրերի կացութիւնը, ուստի ընդհանուր հիմնաւորումներից դիմենք դիտելու իրականութիւնը, ինչպէս որ նա կար։



[1]        К. Марксъ, “18-е Брюмера Луи Бонапарта”, էջ 115-116, հրատ. “Молотъ”-ի։