Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ I
ՆՈՐ ՏԻՐՈՂԸ ԵՒ ՆՐԱ ՅԵՂԱՓՈԽԻՉ ԴԵՐԸ

1801 թ. յունուարի 18-ին Կայսերական հրովարտակով Վրաստանը յայտարարուեց ռուսական նահանգ։ Դա ռուսական նուաճողական քաղաքականութեան առաջին քայլն էր, որ հռչակուեց իբրեւ քրիստոնեական առաքինութիւն։ Այսօր միայն տղայամիտ քաղաքագէտներն են հաւատում այդ յորջորջմանը, իսկ բոլոր շատ ու քիչ շրջանկատ ուղեղների համար գաղտնիք չէ, որ քրիստոնեաների ազատագրումը պատրուակ էր ռուսական քաղաքականութեան համար, որ նրա բուն նպատակը կայանում էր Ռուսաստանի ընդարձակման մէջ։ Ռուսաստանը Մոսկովեան հին շրջանում իր կապը Արեւելքի հետ պահպանում էր Բիւզանդիոնի միջոցով։ Այդ քաղաքից նա ստանում էր փարթամութեան իրեր, գլխաւորապէս արեւելեան մետաքսի գործուածքներ։ Բիւզանդիոնի անկումից յետոյ առեւտրական այդ ուղին այլեւս փակուած էր Ռուսաստանի համար։ Արեւելքի հետ կապ հաստատուեց նոր գծով, Վոլգայի եւ Կասպիական ծովի վրայով մինչեւ Ղուբա, Բագու եւ Շամախի։ Վերջին քաղաքը Անդրկովկասի մետաքսագործութեան եւ մետաքսավաճառութեան հռչակուած կենտրոնն էր։ Նա խոշոր առեւտուր ունէր Ռուսաստանի հետ։ Դեռ եւս Իօհան Ահեղի ժամանակ հրահանգւում էր դիտել եւ ուսումնասիրել Շամախին ու նրա արդիւնաբերութիւնը։ Շամախիի եւ նրա միջոցով Անդրկովկասի առեւտրական գործառնութիւններն աւելի զարգացան Միքայել Ֆէօդորովիչ Րօմանովի թագաւորութեան օրերին եւ մանաւանդ Պետրոս Մեծի արշաւանքից յետոյ [1] ։ Պետրոս Մեծն աւելի լայն փառասիրական ձգտումներ ունէր. նրան գրաւում էր ոչ միայն Անդրկովկասը, այլ եւ Հնդկաստանը, որի ճանապարհը նա տեսնում էր ընկած Անդրկովկասով։ «Պարսկական հարուստ նահանգների միացումը Ռուսաստանին, գրում է պատմաբանը Պետրոս Մեծի 1723 թ. արշաւանքի առիթով, մի նպատակ ունէր՝ հարստացումն եւ ռուսական առեւտրի ծաւալումն մինչեւ Հնդկաստան եւ սրան կցորդ Ասիայի լայնածաւալ մասը [2] ։ Սակայն Ռուսաստանի ձգտումները գրաւել Անդրկովկասը, անմիջապէս հաղորդակցութիւն ունենալ Արեւելքի հետ՝ երկար ժամանակ մնում էին անկատար իղձեր։ Նա դեռ այնքան հզօր եւ պատրաստ չէր այդ նուաճողական քայլերի համար, բայց եւ չէր խզում իր կապն այն տարրերի հետ, որոնք կարող էին ապագայում գործիք դառնալ նրա ձեռքին։ Նա յուսադրում էր Պարսկաստանի հպատակ քրիստոնեաներին, վրացիներին եւ հայերին, թելադրում էր նրանց պատրաստուել ապագայի համար, խոստանում էր նրանց անկախութիւն ու հովանաւորութիւն եւ այլն։

Պետրոս Մեծի օրով Ռուսաստանը տիրեց Պարսկաստանի մերձ-կասպիական նահանգներին (Դերբենտ, Բագու եւ այլն), սակայն 10 տարուց յետոյ, 1735 թ. մարտի10-ի դաշնագրով նա հրաժարուեց այդ նահանգներից։ Ռուսների առաջխաղացումը Անդրկովկասի քրիստոնեաների (հայ եւ վրացի) կողմից նկատւում էր յօգուտ իրենց կատարած մի գործ։ Պետրոս Մեծի օրով այդ գործը յաջողութեամբ չըպսակուեց։ Վրաց թագաւորը ստիպուած եղաւ փախչել Ռուսաստան, իսկ հայերը հրաւէր ստացան գաղթել եւ վերաբնակուել ռուսական հողերի վրայ։ Հարկա՛ւ, այդ հրաւէրից օգտուողներ եղան, բայց հայութեան ճնշող մեծամասնութիւնը հրաժարուեց լքել իր հայրենիքը։ Պետրոս Մեծի քաղաքականութիւնը այն արդիւնքն ունեցաւ, որ հայերի միջոցով սերտ առեւտրական յարաբերութիւններ սկսուեցին Ռուսաստանի եւ Պարսկաստանի մէջ, այսինքն առաջ մղուեց ռուս պատմաբանի յիշած «հարստացման» գործը։ Այդ նոյն պատմաբանի տուած տեղեկութիւններով Ռուսաստանի առեւտուրը Պարսկաստանի հետ 1737-1745 թուականների ընթացքում արտայայտւում է հետեւեալ թուերով։

 

Ռուսաստանից ներմուծուել է Պարսկաստան

Ռուսների ձեռքով

416. 005 ր. 44 կ. ապրանք

Հայերի ձեռքով

2. 484. 024 ր. 51½ կ. ապրանք

Անգլիացիների ձեռքով

698. 133 ր. 92½ կ. ապրանք

Ընդամենը

3. 598. 163 ր. 88 կ. ապրանք

 

Պարսկաստանից արտահանուել է Ռուսաստան

 

Ռուսների ձեռքով

631. 510 ր. 31¾ կ. ապրանք

Հայերի ձեռքով

1. 597. 943 ր. 5 / 8 կ. ապրանք

Անգլիացների ձեռքով

200. 460 ր. կ. ապրանք

Ընդամենը

2. 429. 913 ր. 35 1 / 8 կ. ապրանք [3]

 

Թուերի լեզուն պերճախօս է եւ ապացուցանում է, թէ ինչու էին հայերը սիրաշահ խօսքեր լսում Պետրոս Մեծից։

Սիրաշահ խօսքերի մի ամբողջ շրջան բացուեց կայսրուհի Կատարինէ II օրով։ Նոյն ձգտումը դէպի Արեւելք, դէպի Հնդկաստան։ Նոյն ծրագիրները հայերից եւ վրացիներից առաջապահներ ստեղծել ռուսական պետութեան ծաւալման համար [4] ։

1783 թ. Վրաստանը, որոշ պայմաններով, ընդունեց Ռուսաստանի քաղաքական հովանաւորութիւնը։ 18 տարուց յետոյ նա ռուսական նահանգ էր։ Ամրացնելով իր դիրքը Վրաստանում՝ Ռուսաստանը կամաց-կամաց սկսեց իրագործել իր հին քաղաքական ծրագիրը։ 30 տարուայ ընթացքում այժմեան Անդրկովկասի խոշորագոյն մասը նրա սեփականութիւնը դարձաւ։

Տիրելով Վրաստանին՝ Ռուսաստանն անմիջապէս մտցրեց իր վարչութիւնը։ Նա ամեն կերպ ջանում էր արմատախիլ անել անկախ Վրաստանի յիշողութիւնը։ Իր անմիջական վարչութիւնը մտցրեց նա եւ Գանձակի խանութեան գրաւումից յետոյ։ Ապա այդ գործելակերպին դիմեց Երեւանի եւ Նախիջեւանի խանութիւններում, երբ վերջիններս Թիւրքմէնչայի դաշնագրից յետոյ ճանաչուեցին ռուսական երկիրներ։ Պարսկական խանութիւններից Ղարաբաղը, Շեքին եւ Շիրուանը որոշ ժամանակ, մօտ 15 տարի, պահպանեցին իրենց ստուերային անկախութիւնը, սակայն 20-ական թուականներին նրանք էլ հռչակուեցին ռուսական գաւառներ։ Բանը նրանումն է, որ այդ խանութիւնները 1805 թ. առանձին-առանձին պայմաններով ընդունեցին Ռուսաստանի գերիշխանութիւնը։ Ռուսները մեծ երկիւղ չունէին խաներից. նրանք կամենում էին իրենց նուաճման գործն առաջ տանել խաղաղութեամբ եւ ժամանակ շահելով։ Այդ պատճառով նրանք խաների նկատմամբ գործադրում էին իրենց ոյժի երկիւղը, սպառնալիքներ էին կարդում եւ զիջողաբար վարւում այդ մանրիկ բռնակալների թուլութիւնների հանդէպ։ Այդ տեսակէտից չափազանց հետաքրքրական է Վրաստանի կուսակալ իշխ. Ցիցիանովի վերաբերմունքը դէպի Ղարաբաղի Իբրահիմ-խանը։ Իր նամակների մէջ նա Իբրահիմ-խանի հասցէին գործ է ածում ամենանուաստացուցիչ դարձուածքներ. նենգ պարսկական հոգի, որի հաւատարմութիւնը նման է քամուն, վախկոտ եւ ծառի տերեւի պէս դողացող, երկչոտ նապաստակ եւ կեղծաւոր աղուէս, ճանճ, որ համարձակւում է արծուի հետ բանակցութիւններ վարել եւ այլն։ Նա սպառնում է խանին տալ այն հատուցումը, որ ստացաւ Գանձակի Ջաւադ-խանը, այսինքն «հողը կրծել տալ», սպանել [5] ։ Հարկա՛ւ, սրանք պարծենկոտի սպառնալիքներ չէին։ Պարսկական խանութիւնները չափազանց անզօր էին յաղթական Ռուսաստանի առաջն առնելու համար։ Եւ նրանք, ինչպէս ասացինք, 1805 թ. ընդունեցին ռուսական գերիշխանութիւնը։ Ղարաբաղի խանութիւնը, օրինակ այդ քայլին դիմեց հետեւեալ պայմաններով. Շուշին ստանում է ռուս բերդապահ զօրք, 500 հոգուց բաղկացած մի զօրամաս իր սպաներով. Ղարաբաղը համարւում է Իբրահիմ-խանի եւ նրա տոհմի ժառանգական ստացուածքը. երկրի ներքին վարչական կառավարութիւնը, դատն ու դատաստանն, ինչպէս եւ եկամուտների գանձումը մնում են խանի իրաւունքին, ռուսաց զօրքին նա տալիս է բնակարան, հասցնում է հացը որոշ վարձատրութեամբ, շինում է անհրաժեշտ ճանապարհները եւ բացի այդ պարտաւորւում է տալ 8 հազար ոսկի (червонецъ) տարեկան հարկ եւ պատանդ [6] ։ Համանման դաշնագրեր կռեցին նաեւ Շեքիի ու Շիրուանի խանութիւնները։

Խանութիւններն իրենց կիսանկախ գոյութիւնը պահպանեցին մինչեւ 20-ական թուականները։1819 թ. յուլիսի 24-ին Շեքիի Իսմայիլ-խանի մահից յետոյ կուսակալ Երմոլովը Շեքին հռչակեց ռուսական գաւառ եւ խանի սերունդներին զրկեց իշխանական իրաւունքներից։ Այդ միեւնոյնն արաւ նա 1820 թ. օգոստոսի 19-ին Շիրուանի եւ 1822 թ. նոյեմբերի 21-ին Ղարաբաղի նկատմամբ, երբ Շիրուանի Մուստաֆա-խանը եւ Ղարաբաղի Մեհտի-Ղուլի-խանը փախան Պարսկաստան [7] ։ Խաներն իրենց այդ քայլը յետոյ բացատրում էին նրանով, որ ռուսները սրբութեամբ չէին պահպանում 1805 թ. դաշնադրութիւնները, որ նրանք պատեհ-անպատեհ խառնւում էին նրանց ներքին վարչական, դատական եւ հարկային գործերին, որ ռուսական կոմենդանտները նսեմացնում էին խաների իշխանութիւնը եւ այլն։ Պարսկաստանին դիմելով՝ նրանք յոյս ունէին նրա զօրութեամբ յետ գրաւել ռուսներից Անդրկովկասը եւ տիրանալ իրենց հին իրաւունքներին։ Յայտնի է, որ վերջին ռուս-պարսկական պատերազմը վերջացաւ պարսիկների պարտութեամբ եւ 1828 թ. փետրուարի 10-ին Թիւրքմէնչայում կապած հաշտութեան դաշնագիրը խորտակեց փախած խաների ակնկալութիւնները։ Նրանք Կայսերական ողորմութեան դիմեցին եւ ներում ստացան, բայց չըվերահաստատուեցին իրենց հին իշխանական արտօնութիւնների մէջ։ Նրանք ճանաչուեցին, որպէս արտօնեալ բարձր դասի անդամներ, որպէս ազնուականներ եւ հողատէրեր եւ միայն այդքանը։ Այսպիսով 20-ական թուականներին Անդրկովկասն ամբողջացած ռուսական երկրամաս էր եւ ենթակայ Վրաստանի կուսակալին։ Դատարաններում դեռ տիրում էին հին օրէնքներն ու սովորութիւնները, հարկերը խոշոր չափով մնում էին հինը, նոյնիսկ վարչական անձնաւորութիւնները մնում էին նախկին մարդիկ՝ վրացի իշխաններ, թուրք բէկեր եւ աղալարներ, հայ մելիքներ, սակայն ամենուրեք նկատւում էր, որ երկիրն ապրում է անցողական շրջան, որ քայլ առ քայլ հրապարակ է գալիս նուաճողի պետականութիւնը, որ բոլորելով սահմանները՝ նա այլեւս դիմադրութիւն չի տեսնում իր գործառնութիւնների մէջ։

Անդրկովկասի պատմութեան եւ հասարակական փոխ-յարաբերութիւնների հին շրջանը փակւում էր։ Ռուսները հէնց թողնում էին այն, ինչ համապատասխանում էր իրենց պետականութեան ոգուն [8]. մնացածը մատնւում էր անուշադրութեան։ Նրանք իրենց նուաճող զէնքի հետ բերում էին «նոր վարք ու նոր բարք», որը յեղափոխականացնում էր հին լճացած իրականութիւնը եւ շարժման մէջ դնում բոլոր խաւերին։ Երկրի կառավարութեան մէջ առաջացած յեղափոխութիւնն այն էր, որ նախ ամենուրեք ձգտում կար ստեղծելու միօրինակ կարգեր եւ յետոյ իւրաքանչիւր բնակիչ իր եւ պետութեան յարաբերութիւնների մէջ նկատում էր գրած օրէնքի ներկայութիւնը ։ Անդրկովկասցին սովոր էր իր գլխին տեսնել մարդուն, որը բազմազան էր իր արտայայտութիւնների մէջ։ Հաստատուն օրէնքի ոյժը նրան անծանօթ էր, իսկ օրէնքն իբր զէնք գործածելու մասին տեղեկութիւն չունէր։ Այդ պարագան նոր կարգերի ամենաշփոթեցնող կողմն էր, որ միեւնոյն ժամանակ հնարաւորութիւն էր տալիս պետութեան պաշտօնեաներին ի չարը գործադրել օրէնքը, զեղծումներ անել, կողոպտել ժողովրդին։ Յեղափոխող դեր էր կատարում եւ հարկային նոր քաղաքականութիւնը, որը կամաց-կամաց բնական տուրքերի փոխարէն պատուաստում էր հարկերի դրամական հատուցումը։ Բայց որ գլխաւորն է, ռուսների նուաճումն Անդրկովկասեան զանազան հասարակական խաւերին խթանեց որոշելու իրենց տեղը նոր պետական կարգերի մէջ։ Այդպիսով նրանք ընդառաջ էին գնում պետութեան ցանկութիւններին, որ ձգտում էր մեր ծայրագաւառում ունենալ երկրի կենտրոնին համապատասխան հասարակական փոխ-յարաբերութիւններ, մի բան, որ բղխում էր պետութեան յարդարող քաղաքականութիւնից։ Ռուսները յեղափոխական դեր կատարեցին աւելի շատ այստեղ. նրանք մի հարուածով խախտեցին բնաշրջման կանոնը եւ հասունացած ճանաչեցին այն, ինչ որ սաղմային դրութեան մէջ էր եւ չէր կերպարանաւորուել դեռ եւս։ Այդպէս վարուեցին նրանք, օրինակ, հողի մասնաւոր սեփականութեան խնդրում։ Այսպէս վերաբերուեցին դէպի զանազան ցեղապետներ՝ ճանաչելով նրանց ազնուականներ եւ ճորտատէրեր։ Այստեղ խօսում էր ինքը Ռուսաստանը. ազնուական, ճորտատիրական, լուսաւորեալ ինքնակալութեան թելադրած օրէնքներով կառավարուող Ռուսաստանը։ Իր դասային-պետական կեանքը նա պատուաստեց եւ Անդրկովկասին։ Հին Արեւելեան դէմոկրատիզմը, ուր բոլորը հաւասար էին իրենց իրաւազրկութեան եւ յեղյեղուկ կեանքի մէջ, սկսեց տեղի տալ հաստատուն դասային հիմնարկութիւնների. նահապետականութեան փոխարէն՝ սկսուեց պատուաստուել «սպիտակ ոսկրի» պաշտամունքը, ջոկողութիւնը։

Մեզ մնում է նոյնպէս ջոկ-ջոկ ծանօթանալ ստեղծուած նոր դրութեան եւ հասարակական դասերի նոր կերպարանաւորման հետ։



[1]        Сводъ матерiаловъ по изуч. эк. быта госуд. кр. Закавк. кр., т. IV, Тифлисъ, 1888 г., ч II, Н. Н. Шавровъ, “Очеркъ шелководства въ Закавказiи”. Չմոռանանք յիշել, որ Ղարաբաղի մելիքներն ու Գանձասարի կաթուղիկոսը նոյն Շամախիի վրայով էին պահպանում իրանց յարաբերութիւնները ռուսական արքունիքի հետ։ Այդ ճանապարհով գնաց Իսրայէլ Օրին Պարսկաստան և այլն։

[2]        Бутковъ, ч. I, էջ 146։

[3]        Бутковъ, ч. I, էջ 222։

[4]        Անդ, ч. II, էջ 424-425։

[5]        Акты, т. II, N 1417, письмо кн. Цицiанова къ Ибрагимъ-хану, отъ 4 февраля 1804 г. N 79.

[6]        Նոյն տեղ, N 1436, Всеподданѣйшiй рапортъ кн. Цицiанова, отъ 22 мая 1805 г. N 19.

[7]        Иваненко, էջ 129.

[8]        Մեր Թաղիադեանցը մի սուր նկատողութիւն է անում ռուսական պետականութեան մասին։ Նկարագրելով այն ծանր վիճակը, որի մէջ գտնւում էին վրացի և հայ ճորտերը Վրաստանում՝ նա աւելացնում է, որ ռուսաց պետութիւնը ջատագով լինելով իր երկրի ստրկութեան՝ չի ջանում թեթեւացնելու Վրաստանի ճորտերի կացութիւնը և առհասարակ վերջ տալու տիրող անկարգութիւններին։ Թաղիադեանցի ասելով ժողովուրդն աւելի փառք էր տալիս պարսիկներին, քան թէ «Քրիստոնէիցս այսոցիկ գերչաց» (էջ 314)։