Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ III
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԴԱՍԵՐ՝ ԱՐՀԵՍՏԱՒՈՐ ԵՒ ԱՌԵՒՏՐԱ-ԱՐԴԻՒՆԱԲԵՐԱԿԱՆ

Քաղաքների եւ քաղաքային դասերի մասին մենք այս աշխատութեան առաջին մասում համառօտ խօսել ենք։ Վրաստանի անկախութեան ժամանակ եւ պարսկական տիրապետութեան օրերին քաղաքը Անդրկովկասում տնտեսական գերակշռող դեր չէր խաղում։ Այդ դրութիւնը երկար ժամանակ անխախտ մնաց եւ ռուսական տիրապետութիւնից յետոյ։ Գոնէ մեր ուսումնասիրութեան ենթակայ ժամանակամիջոցում հին կացութիւնը խոշոր փոփոխութեան չէր ենթարկուել, թէեւ քաղաքների զարգացումն ընդունել էր շօշափելի չափեր։ Այդ ժամանակաշրջանում քաղաքային բնակչութիւնն ամբողջովին չի կտրուած երկրագործութիւնից. քաղաքացին պարապում է նաեւ գիւղատնտեսութեամբ։ Նա վար ու ցանքս է անում, խաշներ ունի եւ այլն։ Նախորդ դարի երեսնական թուականների համար Ղարաբաղն ուսումնասիրող Զուբարեօվը յիշում է, որ Շուշիի բնակիչներից շատերը զբաղւում են հողագործութեամբ։ Եւ սակայն Շուշին բերդ էր. նա իր շուրջը յարմար վարելահողեր չունէր։ Ապա նա նկատւում էր, որպէս մետաքսագործութեան, կտաւագործութեան եւ կաշուէգործութեան ծաղկած կենտրոն. նրա մէջ կային 42 մետաքսագործարաններ, որոնք 1829 թ. արտադրել էին 14 հազարից աւելի կտորներ եւ թաշկինակներ, զբաղեցնում էին 132 ոստանների վրայ 324 ջուլհակ եւ բանուոր, կային 28 կտաւագործարաններ 80 ոստանով եւ 8 հազար կտորի արտադրողութեամբ, վերջապէս, 20 կաշուէգործարաններ, որոնք զբաղեցնում էին 40 մարդ եւ պատրաստում էին 5 հազար կաշի [1] ։ Այստեղից մենք տեսնում ենք, որ շուշեցին զուտ քաղաքային պարապմունքի հետ զբաղւում է նաեւ հողի անմիջական մշակութեամբ։ Նոյն այդ երեւոյթը տիրում է Ալէքսանդրապօլում։ 1837 թ. դեկտեմբերի 6-ին ալէքսանդրապօլցիները Բարձրագոյն անունով խնդիրք են մատուցանում, ուր նկարագրում են իրենց անմխիթար կացութիւնը։ Այդ խնդիրքը միեւնոյն ժամանակ լուսաբանում է նրանց պարապմունքները։ Ծանօթանանք այդ հետաքրքրական թղթի բովանդակութեան հետ [2] ։ «Թող յայտնի լինի քո Կայսերական Մեծութեանդ, գրում են միամիտ տոնով ալէքսանդրապօլցիները, որ մենք Գիւմրիի բնիկներս Ցիցիանովի ժամանակ միահոգի եւ միաբերան ընդունել ենք Քո պետութեան հպատակութիւնը։ Այդ ժամանակից յետոյ մեր դրութիւնն այնպէս է, որ կարծես մենք գերուած ենք եւ քշուած Թէհրան. մեր մեռելները մնում են անթաղ, որովհետեւ զինուորի հետ զինուորութիւն ենք անում, կազակի հետ կազակութիւն (Ալէքսանդրապօլցիները կամենում են ասել, որ իրենց ստիպում են զինուորական ծառայութիւն անել Դ. Ա. Ապա թող յայտնի լինի Քո Կայսերական Մեծութեանդ, որ մինչեւ օրս Գիւմրին գիւղ էր, իսկ այժմ քաղաք է դարձրուել, ուստի մենք կատարում ենք թէ գիւղական եւ թէ քաղաքային ծառայութիւններ։ Մեր գլխաւոր ցաւը նրա մէջն է, որ Քո նշանակած գլխաւորի համար հերկում ենք, հնձում, կալսում եւ հատիկը շտեմարան հասցնում։ Բացի դրանից նրան իւրաքանչիւր տարի վճարում ենք 40 չետվերտ ցորեն։ Հացից զատ նրան իւրաքանչիւր տարի տալիս ենք 6 փութ ձէթ եւ 6 փութ կովի իւղ։ Գլխաւորի համար կատարած այդ ծառայութիւնները մնացած տուրքերից ծանր են. նա նոյնիսկ մեզ վարչատան բակը չի թողնում։ Մենք մինչեւ հիմա չենք իմացել, որ Դու այդքան ողորմած ես. այժմ ենք միայն իմացել, որ Քո բարեսրտութիւնը անսահման է։ Աստուծոյ փառքի համար եւ յանուն Քրիստոսի անհետեւանք մի թողնիր մեր խնդիրք-բողոքը։ Իմացի՛ր այժմ, որ մենք ամբողջ Գիւմրաբնակ բնիկ ժողովուրդս ստրկութեան մէջ ենք գտնւում ոստիկանութեան ձեռքին։ Տգիտութեան պատճառով մենք քիչ գրեցինք, բայց Դու շատ հասկացի՛ր»։ Այս գրութիւնը բացի այն, որ պատկերաւոր կերպով պարզում է ալէքսանդրապօլցիների կրած նեղութիւնները ոստիկանական շահատակութիւնների շնորհիւ, միեւնոյն ժամանակ ցոյց է տալիս, որ այդ քաղաքի բնակիչները քառասնական թուին դեռ ամուր կապուած էին երկրագործութեան հետ, հերկում էին, ցանում, հնձում եւ կալսում։ Քաղաքային բնակչութիւնը խոշոր չափով գիւղատնտեսութեամբ էր պարապւում եւ 60 թ. թ. ։ 1865 թ. Երեւանի նահանգի քաղաքային բնակչութիւնը կազմում էր նահանգի բնակչութեան 9, 61%։ Այդ քաղաքացիների մեծամասնութիւնն իր նիստ ու կացով եւ պարապմունքներով շինական էր, երկրագործ կամ այգեպան։ Այդպէս էր Նոր-Բայազէդի ողջ բնակչութիւնը։ Նոյն էին Ալէքսանդրապօլի, Նախիջեւանի եւ Օրդուբաթի արուարձանների բնակիչները։ Երեւանի մէջ նրա Չոլմակչի թաղի բնակիչները (700 ընտանիք) զբաղւում էին երկրագործութեամբ, իսկ Թափաբաշ թաղի բնակիչները այգեպանութեամբ եւ պարտիզպանութեամբ [3] ։ Այս վկայութիւններն ու փաստերը ցոյց են տալիս, որ մեր ուսումնասիրութեան ենթակայ ժամանակաշրջանւմ Անդրկովկասի քաղաքների բնակչութիւնը ամբողջովին չէր պարապում քաղաքին պատշաճ պարապմունքներով արհեստով, արդիւնաբերութեամբ եւ առեւտրով։ Քաղաքացին ըստ մեծի մասին գիւղացուց զանազանւում էր նրանով, որ նա ապրում էր վարչական կենտրոնատեղում։ Քաղաքը գիւղի հետ համեմատած ունէր այդ տարբերութիւնը, որ նա աւելի մեծ էր իր չափերով եւ բացի այդ նրա բնակչութեան մի մասը կտրուած էր հողից։ Այդ մասն էր, որ շեշտում էր քաղաքի զարգացման ուղին։ Այդ մասի հասարակական դերն էլ այսուհետեւ պիտի լինի մեր զբաղմունքի առարկան։ Սակայն երկու խօսք էլ ասենք քաղաքների զարգացման մասին ընդհանրապէս։          

Անդրկովկասի քաղաքների զարգացման պատկերը ցայտուն կերպով բնորոշում է նրանց բիւջէն։ Այդ քաղաքների եկամուտները 1843 թ. եղել են [4] (մենք վերցնում ենք հայ բնակչութիւն ունեցող քաղաքները).

 

Թիֆլիս

78. 016 ր. կ.

Շամախի

14. 946 ր. 63 կ.

Գանձակ

7. 695 ր. 55¾ կ.

Շուշի

7. 367 ր. 45½ կ.

Երեւան

6. 898 ր. 34½ կ.

Նուխի

5. 759 ր. 57 կ.

Ախալցխա

5. 390 ր. 13 կ.

Ալէքսանդրապօլ

5. 217 ր. 63 կ.

Բագու

5. 149 ր. 78¼ կ.

Գորի

4. 832 ր. 90 կ.

Թէլաւ

4. 144 ր. 63 կ.

Նախիջեւան

4. 024 ր. 74½ կ.

Օրդուբաթ

2. 844 ր. կ.

Սղնախ

2. 834 ր. 23½ կ.

Դուշէթ

1. 284 ր. 20 կ.

Զաքաթալա

1. 202 ր. 53 կ.

Այս թուերը չափազանց պերճախօս կերպով պատկերացնում են մեզ քաղաքների զարգացման աստիճանը։ Աւելի հետաքրքրական է իմանալ, թէ ի՛նչ աղբիւրներից էին գոյանում քաղաքների միջոցները եւ ինչ քանակով։ Անդրկովկասի բոլոր քաղաքները 1843 թ. ունէին եկամուտների հետեւեալ աղբիւրները.

1)

Եկամուտ քաղաք. հանրական գոյքերից

4. 377 ր. 63½ կ.

2)

Եկամուտ քաղաքներին պատկանող կապալներից եւ վարձու աղբիւրներից

32. 413 ր. 63½ կ.

3)

Տոկոսական վճար անշարժ կայքերից

75. 940 ր. 51 կ.

4)

Վճար արդիւնաբերական ձեռնարկներից եւ արդիւնաբերողներից

9. 593 ր. 89 կ.

5)

Վճար առեւտուր անելու իրաւունքի համար

31. 164 ր. 61½ կ.

6)

Վճար արհեստաւորներից

9. 882 ր. 1 կ.

7)

2%-ական վճար մաքսային եկամուտներից

2. 076 ր. 83½ կ.

8)

20%-ական վճար ակցիզային եկամուտներից

4. 803 ր. 86 կ.

9)

¼%-ական վճար բողոքի տրուած մուրհակներից եւ պարտաթղթերից

3. 838 ր. 87½ կ.

10)

Պատահական եկամուտներ՝ տուգանքներ, աճուրդներից եւ այլն

2. 855 ր. 97 կ.

 

 

Այստեղից մենք տեսնում ենք, որ Անդրկովկասի քաղաքները միասին 1843 թ. ունեցել են 176. 947 ր. 83½ կ. եկամուտ։ Այդ գումարից 50. 640 ր. 51½ կ. կամ 30% գոյացել է արդիւնաբերողների, առեւտրականների եւ արհեստաւորների անմիջական վճարներից։ Այս հանգամանքն անուղղակի կերպով ցոյց է տալիս, որ արհեստաւոր եւ առեւտրա-արդիւնաբերական խաւերն իրենցով չէին նոյնացնում «քաղաքի բնակիչ» հասկացողութիւնը։

70 թ. թ Անդրկովկասի քաղաքների զարգացումը բաւականաչափ առաջ էր գնացել։ Այդ մենք տեսնում ենք թէ քաղաքների բնակչութեան աւելացումից եւ թէ նրանց բիւջէների խոշորացումից։ Այսպէս, նրանք ունին բնակչութեան քանակի հետեւեալ պատկերը [5] (տեղեկութիւններ տալիս ենք հայ բնակչութիւն ունեցող քաղաքների մասին).

 

Քաղաքներ

1862 թ.

1872 թ.

Թիֆլիս

60. 776

67. 770

Բագու

13. 392

15. 604

Երեւան

12. 170

15. 040

Գանձակ

15. 191

16. 167

Գորի

4. 482

5. 183

Թէլաւ

7. 003

6. 109

Սղնախ

9. 008

10. 320

Ախալքալաք

1. 339

2. 260

Շամախի

25. 148

24. 502

Ալէքսանդրապօլ

14. 933

20. 600

Նախիջեւան

6. 189

8. 772

Նոր-Բայազէդ

4. 160

4. 870

Օրդուբաթ

4. 001

4. 321

Շուշի

20. 297

19. 945

Ախալցխա

14. 722

13. 775

Դուշէթ

2. 320

2. 525

Նուխի

20. 533

24. 994

 

Քաղաքների բիւջէները հետեւեալ պատկերն էին ցուցադրում.

 

 

 

 

1862 թ.

1872 թ.

Քաղաքներ

մուտք

ելք

մուտք

ելք

Թիֆլիս

277. 993

235. 042

366. 029

368. 998

Բագու

32. 041

23. 293

60. 587

54. 310

Երեւան

26. 498

19. 878

52. 240

35. 305

Գանձակ

8. 761

10. 687

38. 045

33. 045

Ախալցխա

14. 592

9. 062

15. 308

17. 120

Շամախի

24. 631

22. 134

22. 784

18. 562

Ալէքսանդրապօլ

15. 103

10. 002

19. 891

11. 843

Նոր-Բայազէդ

2. 099

1. 538

5. 144

1. 606

Շուշի

16. 483

11. 755

29. 972

29. 395

Նուխի

12. 374

12. 648

33. 437

33. 437

 

Եթէ թեթեւ կերպով համեմատելու լինենք 1862 եւ 1872 թ. թ. բիւջէները 1843 թ. քաղաքների ունեցած եկամուտների հետ, ապա ակնյայտնի կը լինի եղած խոշոր փոփոխութիւնը. մի քանի հազար րուբլիների դիմաց այժմ մենք ունենք հարիւր եւ տասնեակ հազարներ։ Դա նշանակում է, որ քաղաքները մեծացել էին, որ բարդացել եւ զանազանակերպ էր դարձել նրանց տնտեսական եւ հասարակական կեանքը։

Այժմ դառնանք քաղաքների բնակչութեան այն մասի ճանաչողութեան գործին, որ դեռ մինչեւ ռուսների Անդրկովկասին տիրելը իր մէջ կրում էր քաղաքների զարգացման սաղմը, այսինքն զբաղուենք արհեստաւոր եւ առեւտրա-արդիւնաբերական խաւերի ուսումնասիրութեամբ։

Ի՞նչ արհեստներ էին տիրում Անդրկովկասում եւ ինչո՞ւմն էր կայանում նրա առեւտուրն ու արդիւնաբերութիւնը։ Վրաստանի անկախութեան օրերին եւ Պարսկաստանի տիրապետութեան ժամանակ երկրի բնակչութիւնը մեծ պահանջների տէր չէր. ճոխութիւնն ու փարթամութիւնն տիրող խաւի բաժինն էր, այն ինչ ժողովրդական խաւերն իրենց պահանջները բաւարարում էին սեփական տնտեսութիւնից գոյացած միջոցներով, սեփական աշխատութեամբ։

Արհեստաւորի կամ վաճառական միջնորդի աջակցութեանը նրանք դիմում էին ծայրահեղ դէպքերում, շատ կարեւոր պակասի առիթով։ Հարկաւ, այսպիսի հանգամանքներում արհեստը եւ առեւտուրը չէին կարող ծաղկած ու զարգացած լինել։ Երկրի անապահով եւ յեղյեղուկ քաղաքական կացութիւնն էլ գալիս էր աւելի դժուարացնելու նրանց բարգաւաճումը։ Արհեստն ու առեւտուրը բաւարարում էին միանգամայն անհրաժեշտ նկատուած պահանջները. նրանք իրենք նոր պահանջներ չէին ստեղծում։ Նրանք ընդունել էին մի կայուն վիճակ եւ ընդարմացել այդ աստիճանի վրայ։

Հետաքրքրական է իմանալ թէ ինչ արհեստներ էին տիրում, քա՛նի մարդ էին զբաղեցնում նրանք, ո՛րն էր երկրի արդիւնաբերութիւնը եւ այլն։ Դժբախտաբար այդ մասին մենք տեղեկութիւններ ունենք սկսած նախորդ դարի 30-կան թուականներից։ Այսպիսով բուն վրացական եւ պարսկական ժամանակաշրջանի մասին փաստերը բացակայում են։ Սակայն ի նկատի ունենալով, որ 30-ական թուականներին վրացական եւ պարսկական իրականութիւնները թարմ երէկի հանգամանք ունէին, մենք վստահանում ենք ասել, որ ինչ կար այդ ժամանակաշրջանում, դա աւելի պակասաւոր կողմերով գոյութիւն էր ունեցել դրանից առաջ։ Դիմենք այժմ փաստերին։

Նախորդ դարի 30-ական թուականներին Անդրկովկասի մայրաքաղաք Թիֆլիսի արհեստաւոր դասը քանակի եւ պարապմունքի հետեւեալ շերտաւորումն ունէր [6]. մուշտակագործ 24 հոգի, դերձակ 136, ժամագործ 5, մետաքս ոլորող 42, թամբագործ 34, կօշկակար 104, նկարիչ եւ ներկող 16, արծաթագործ 54, հրացանագործ 21, մաշիկագործ 43, կաշուէգործ 66, մոմագործ 59, գդակագործ 84, սափրիչ 40, գործուածքներ զարդանկարող 11, հացթուխ 58, լապտերագործ 2 , դարբին 74, փականագործ 33, հիւսն 63, որմնադիր 80, թոկ ոլորող 8, տիկ շինող 14, ջուլհակ 45, բրուտ 19, կաթսայագործ 14, թաղիքագործ 18, ատաղձագործ 60, անագող 11, թրեր պատրաստող 12, հրացանի փողը ներսից գծաւորող 11. Այս ժամանակակից վկայութիւնից մենք տեսնում ենք, որ Թիֆլիսում գոյութիւն ունի 32 տեսակի արհեստ, իսկ արհեստաւորների թիւը հաւասար է 1161 հոգու։ Յիշուած արհեստների մէջ մի քանիսը նորամուծ են երեւում, օրինակ, ժամագործութիւնը, լապտերագործութիւնը եւ ատաղձագործութիւնը։ Ժամացոյցը, լապտերը եւ տան կահաւորութիւնը հին անդրկովկասցու համար աւելորդ, անմատչելի եւ չտեսնուած շռայլութիւններ էին։ Նկատւում է, որ արհեստների եւ պարապմունքների ցուցակում չեն յիշուած մի քանիսը. օրինակ, մոռացութեան են տրուած ներկարարները, մսագործները, աղիւս պատրաստողները եւ այլն։ Ապա խօսք չկայ առեւտրականների մասին, այն ինչ այդ շրջանում արհեստաւորը եւ առեւտրականը կազմակերպուած էին համքարութիւնների մէջ. ամեն-մի արհեստ եւ առեւտուր սահմանագծուած էր միւսից եւ ամփոփուած որոշ շրջանակներում, այնպէս որ ուսումնասիրողը հեշտութեամբ կարող էր տեղեկանալ նրանց գործի մանրամասներին։ Չնայած այս պակասներին՝ այնուամենայնիւ պարզ է, որ կենտրոնական Թիֆլիսն իր արհեստով կանգնած էր աննախանձելի աստիճանի վրայ։

Նոյն 30-ական թուականներին Շուշին 5079 հոգի արական սեռին պատկանող բնակչութիւն ունէր։ Շուշիի բնակիչների 762 ընտանիքը հայ էր, 936 թուրք։ Այդ քանակի բնակիչներից արհեստով եւ առեւտուրով զբաղւող քաղաքացիները ստորաբաժանւում էին. ճոթեղէնի առեւտրական 94 հոգի, բանջարեղէնի, ուտելիքի եւ զանազան մանրունքների վաճառող 44 դեղերի եւ ներկերի 30, բուրդ ծեծող 6, կտաւագործ 28, արծաթագործ ―12, դարբին 25, պղնձագործ 6, անագող 3, թամբագործ 15, գդակագործ 24, դերձակ 30, կօշկակար 44, ձեռնոցագործ 4, հիւսն 4, համետագործ 10, թաղիքագործ 2, չուլագործ 1, ղայթան պատրաստող 2, զինագործ 22, սափրիչ 3, հացթուխ 6, տրխարար 2 [7] ։ Շուշիի առեւտրականների եւ արհեստաւորների քանակն այսպիսով հաշւում էր 417 հոգի։ Աստեղ պիտի յիշել, որ Շուշին ունէր եւ մետաքսագործարաններ, կտաւագործարաններ ու կաշուէգործարաններ։ Յամենայն դէպս Շուշիի առեւտուրն, արհեստը եւ արդիւնաբերութիւնը տեղական կարիքներին բաւարարող պարապմունքներ էին։ Արհեստաւորը գործում էր պատուէրով, վաճառականը գիտէր, թէ ո՛ր ապրանքից ի՛նչ քանակի պահանջ կայ հրապարակում եւ անգամ ո՛վ պիտի լինի նրա պահանջողը։

Հայկական շրջանի (նախկին Երեւանի ու Նախիջեւանի խանութիւններ եւ Օրդուբաթի գաւառ) առեւտրի եւ արհեստի մասին հետաքրքրական ու լրիւ տեղեկութիւններ տալիս է Շոպէնը [8] ։ Նա վաճառականներին բաժանում է չորս կարգի. 1) սովդաքեարներ, որոնք առեւտուրով զբաղւում են թոմառով եւ առանց խանութների, 2) բինախտարներ, որոնք առեւտրով զբաղւում են թոմառով եւ խանութներում, 3) բազազ մանր խանութպաններ եւ 4) չարչի-փերեզակ, որ շրջիկ առեւտրական է եւ իր ապրանքներով պտըտում է տնէ տուն եւ գիւղէ գիւղ։ Շոպէնը Հայկական շրջանում հաշւում է 895 վաճառական, որոնցից 708 հոգի, այսինքն խոշոր մեծամասնութիւնը, բինախտար եւ բազազ։ Գլխաւոր սովդաքեարները, ասում է նա, գաղթել են Պարսկաստան։ Նշանակում է նրանք գլխաւորապէս թուրքեր են եղել, որ չեն կամեցել ընդունել Ռուսաստանի տիրապետութիւնը։ Մնացած վաճառականները ստորաբաժանուել են հետեւեալ կարգով. միջնորդներ 27 հոգի, նպարավաճառ 22, մանր խանութպան 85, փերեզակ 51, հնավաճառ Շոպէնը գտնում է, որ նրանցից ամեն մէկը միջին հաշւով տարին 300 թումանի (1200 ր. ) շրջանառութիւն կունենայ, որից զուտ օգուտ ընդունում է 240 րուբլի։ Ամբողջ Հայկական շրջանի առեւտրական շրջանառութիւնը նա հաշւում է մօտ 4 միլ. րուբլի։ Նրա կարծիքով բնիկ հայերից ամենահարուստ վաճառականները գտնւում են Ագուլիսում։ Այդ վաճառականներից ոմանք, Շոպէնի ասելով, ամեն ժամանակ կարող էին հրապարակ բերել 20 հազար ոսկի։ Պարսկաստանից գաղթած հայերի մէջ նա հարուստ չի ճանաչում։ Թիւրքիայից գաղթածների մէջ այդպիսիներին գտնում է եւ յիշում է նրանցից մէկին, Մկրտիչ աղա Արծրունուն, որ շրջանառութեան մէջ ունէր 10 հազար թումանից աւելի գումար։

Գործարանային արդիւնաբերութիւնը գտնւում էր ստորին եւ նախնական վիճակի մէջ։ Հայկական շրջանում գործարանային արդիւնաբերութիւնը բաժանւում էր հետեւեալ ճիւղերի. օճառի արդիւնագործութիւն, որը քաղաքներում գտնւում էր կապալառուների ձեռքին, այսինքն պետական շահաստացութեան աղբիւր էր, կաշուէգործութիւն. ամբողջ շրջանում կային այդ կարգի 45 գործարաններ, ձիթահանքեր 285 ձեռնարկութիւն, ջրաղաց 1618, դինկ 138։ Գործարանային արդիւնաբերութեան մէջ Շոպէնը յիշում է նաեւ բաղնիքները, բրուտներին եւ ներկարարներին։ Հայկական շրջանի արդիւնագործական այս պատկերը կարօտ չէ լուսաբանութեան։ Պարզ պիտի լինի, որ ջրաղացն ու դինկն առնչութիւն չունին իսկական արդիւնագործութեան հետ, որ նրանք չէին կարող խոշոր եկամուտների աղբիւրներ լինել։ Հայկական շրջանի արդիւնաբերութիւնը կենտրոնացած էր ոչ թէ գործարանների մէջ, այլ մանր արհեստի։ Շրջանը 96 տեսակի արհեստներ ու պարապմունքներ էր ճանաչում, որոնց մէջ մանր արհեստը խոշորագոյն տեղ էր բռնում։ Երեւան քաղաքում արհեստի եւ առեւտրի մէջ զբաղուած էին 2349 հոգի, որոնցից թուրք 1625, հայեր 724, (բնիկներից 397 հոգի, գաղթականներից 327)։ Երեւանի գաւառներում արհեստաւորների եւ առեւտրականների թիւը հասնում էր 4743 հոգու, որոնցից 96 թուրք, իսկ հայեր 4647 (բնիկ 1192 հ., գաղթ. 3455)։ Գաւառական արհեստաւորների մէջ հաշուի են առնուած գիւղական սափրիչները, պայտառները, հիւսները եւ այլն։ Նախիջեւան քաղաքում առեւտրական եւ արհեստաւոր հաշւում էր 715 հոգի, որոնցից 363 հոգի թուրք, իսկ 352 հայ (բնիկ 111, գաղթ. 241)։ Նախիջեւանի գաւառում նրանց թիւը հասնում էր 1316 հ., որոնցից թուրք 69, հայ 1247 (բնիկ 126, գաղթ. 1121)։ Օրդուբաթ քաղաքում առեւտրական եւ արհեստաւոր կային 608 հոգի, որոնցից 569 թուրք, իսկ 39 հայ (բոլորն էլ գաղթականներից)։ Օրդուբաթի գաւառում նրանց թիւը հաւասար էր 417 հ., որոնցից թուրք 137, հայ 280 (բնիկ 208, գաղթ. 72)։ Այս թուերից մենք տեսնում ենք, որ քաղաքներում կային 3672 առեւտրական եւ արհեստաւոր, որոնցից 2557 հոգի թուրք, իսկ 1115 հայ (բնիկ 508, գաղթ. 607)։ Գաւառների համար ստացւում է հետեւեալ թիւը. առեւտրական եւ արհեստաւոր 6476 հոգի, որոնցից թուրք 302, իսկ հայ 6174 (բնիկ 1526, գաղթ. 4648)։ Ուրեմն Հայկական շրջանի առեւտուրը եւ արդիւնաբերութիւնը գտնւում էր 10. 148 հոգու ձեռքում, որոնցից թուրք 2858 հոգի, իսկ հայ 7289։ Հայերի այդ թիւը, ինչպէս տեսանք, ստորաբաժանւում էր 1115 քաղաքացիների եւ 6174 գաւառացիների։ Բացի այդ նրանք ստորաբաժանւում էին բնիկների եւ գաղթականների։ Վերջիններս բնիկների հետ համեմատած թւով աւելի շատ էին։ Այսպէս քաղաքացի առեւտրական եւ արհեստաւոր հայերից 508 հոգի բնիկ էին, իսկ 607 հ. գաղթականներ։ Գաւառացիների մէջ բնիկների թիւը հաւասար էր 1526 հոգու, գաղթականներինը 4648։ Այդ հանգամանքն անուղղակի կերպով գալիս է մատնանշելու, որ առհասարակ հայերի առեւտուրը եւ արհեստը չէր կարող բարգաւաճ վիճակի մէջ լինել, որովհետեւ գաղթականները նոր էին միայն գործի կպչում իրենց նոր հայրենիքում։ Տեղահան լինելով իրենց սովորական միջավայրից՝ նրանք կորցրել էին մի հաստատ շուկայ եւ այժմ պիտի ջանք չխնայէին նորը նուաճելու համար։

Շոպէնն իր աշխատութեան մէջ ոչ միայն տեղեկութիւններ է տալիս ընդհանուր առեւտրի եւ արհեստի մասին, այլ եւ թողել է պարապմունքների եւ արհեստների, նրանց մէջ զբաղուած մարդկանց քանակների ցուցակը։ Աւելորդ չենք համարում առաջ բերել այստեղ գլխաոր պարապմունքների եւ արհեստների մասին մի քանի լուսաբանող տեղեկութիւններ։ Հայկական ամբողջ շրջանի մէջ կային.

 

Պարապմունք եւ արհեստ

Թուրք

Հայ

Ընդամենը

Մանր նպարավաճառ

177

32

209

Մաշիկագործ

164

112

276

Սանր շինող

14

94

108

Երաժիշտ (զուռնա եւն)

11

85

96

Որմնադիր

33

80

113

Կաշեգործ (դաբաղ)

73

39

112

Դարբին եւ պայտառ

48

275

323

Առեւտրական

304

404

708

Ջրաղացպան

36

94

130

Մանր խանութպան

53

32

85

Լումայափոխ

14

6

20

Մսագործ

71

32

103

Զինագործ

1

69

70

Դերձակ

44

136

180

Այգեպան

629

90

719

Արծաթագործ

12

143

155

Ատաղձագործ

13

476

489

Ջուլհակ

323

3883

4206

Սափրիչ

142

101

243

Գդակագործ

135

18

153

Բուրդ գզող

53

359

414

Մետաքսավաճառ

31

48

79

Շիլա գործող եւ այլն.

4

87

91

 

Մենք այստեղ թուական տեղեկութիւններ տուինք 23 առանձին պարապմունքների եւ արհեստների մասին։ Հետաքրքրականն այդ տեղեկութիւնների մէջ այն է, որ բոլոր բարդ արհեստները գլխաւորապէս կազմում են հայերի պարապմունքները։ Այդօրինակ արհեստների մէջ հայերը միանգամայն գերիշխող են. նրանք են զբաղւում ըստ մեծի մասին դարբնութեամբ, զինագործութեամբ, դերձակութեամբ, արծաթագործութեամբ, ջուլհակութեամբ եւ այլն։ Թուրքերի գերիշխող պարապմունքն այգեպանութիւնն է, նպարավաճառութիւնը, գդակագործութիւնը։ Այդ պարապմունքներն էլ մինչեւ այսօր նրանց սիրած զբաղմունքներ են։

Այժմ մենք մերձաւոր գաղափար ունենք, թէ մինչեւ ռուսների նուաճումն ինչպիսի առեւտուր եւ արհեստներ կային Անդրկովկասում։ Այդ ժամանակ երկրի առեւտրա-արդիւնաբերական զարգացումը գտնւում էր նախնական աստիճանի վրայ։ Առեւտուրը եւ արհեստը մի նպատակ ունէին գլխաւորապէս՝ բաւարարել տեղական բնակչութեան համեստ պահանջները։ Առեւտրի եւ արհեստի առաջ լայն եւ բաց ասպարէզ չկար։ Իւրաքանչիւր խանութիւն մի ինքնամփոփ մաքսային միաւոր էր, որ խոչընդոտներ էր առաջացնում առեւտրի զարգացման համար։ Էլ չենք ասում, որ երկրի յեղյեղուկ կացութիւնը հիմնովին բացասում էր ամեն-մի կուլտուրական եւ յարատեւ գործ։

Դրութիւնը փոխուեց, երբ երկրին տիրացան ռուսները։ Նախ փլուեցին բոլոր խանական միջնապարիսպները, որ դժուարացնում էին ամեն մի փոխանակութիւն։ Ապա Անդրկովկասը մտաւ անմիջական յարաբերութիւնների մէջ մի լայնածաւալ եւ համեմատաբար բարձր կուլտուրա ունեցող երկրի հետ, ինչպիսին էր Ռուսաստանը։ Երրորդ՝ Անդրկովկասում մշտական բնակութիւն հաստատեց մի ստուար տարր ռուս պաշտօնէութիւնը եւ զօրքը, որը, որպէս սպառող, նոր պահանջներ առաջադրեց երկրի առեւտրին եւ արհեստին։ Եւ ի նկատի ունեցէք, որ այդ տարրը, որպէս սպառող, նման չէր նախկին պետական կազմի պաշտօնէութեան. նա միայն բաժին չէր ստանում երկրի արտադրած բարիքներից, այլ եւ վճարում էր ստացած բաժնի արժէքը։ Ռուսները խոշոր քանակութեամբ դրամ մտցրին Անդրկովկաս։ Մշտական պատերազմները խոշոր ծախքերի դուռն էին բանում։ Ծախքերի խոշոր մասը կատարւում էր Անդրկովկասում։ Բնակչութիւնն այդպիսով հնարաւորութիւն ունէր հնչուն դրամի վերածել իր մթերքները եւ արհեստի արդիւնքները։ Իսկ դա նշան էր, որ հին կայուն դրութիւնը տեղի է տալիս, երկրի բնական տնտեսութեան հիմքերը խախտւում են, որ ծայր է տալիս եւ յաղթական արշաւով հրապարակ գալիս ապրանքներ արտադրող, ապրանքներով փոխյարաբերութիւնները ստեղծող հասարակակարգը։

Ռուսական տիրապետութիւնն Անդրկովկասի տնտեսական կեանքի համար ունեցաւ յեղաշրջող նշանակութիւն։ Երկրի արհեստի եւ ձեռագործի դէմ նա հրապարակ հանեց բուն Ռուսաստանի եւ արտասահմանի գործարանների մրցակցութիւնը։ Դա մի հանգամանք էր, որ Անդրկովկասը դարձնում էր հասարակ շուկայ։ Մի շուկայ, որ սպառում է դրսից եկած ապրանքները, տալով դրա դիմաց կամ դրամ կամ թէ երկրի հում եւ մշակման կարօտ նիւթերը։ Այդ պարագան աւելի քան պարզ է, երբ համեմատում ենք Անդրկովկասի արտաքին առեւտրի թուերը։ Ահա նրանք [9].

 

 

Ներմուծուած է (րուբ. )

Արտահանուած (րուբ. )

Ընդամենը

Թուականը

Ապրանքով

Դրամով

Բոլորը

Ապրանքով

Դրամով

Բոլորը

Ապրանքով

Դրամով

Բոլորը

1822

825985

825985

463123

463123

1289108

1289108

1830

2518303

2518303

584680

584680

3092983

3092983

1840

3406735

2587

3409322

1019989

1513687

2533676

4426724

1515274

5941998

1850

3741211

68782

3809993

1005996

2829354

3835350

4747207

2898136

7645443

1860

5049758

82236

5131994

2318326

2006454

4324780

7368084

2088690

6456774

1870

11461384

1029820

12491204

3927344

504847

4432181

15388718

1534667

16923385

1875

8096141

877719

8973860

5887358

374794

6262152

13983499

1252513

15236012

 

      Այս թուերի համեմատութիւնը մեզ ցոյց է տալիս, որ 50 տարուայ եւ դեռ աւելի ժամանակամիջոցում Անդրկովկասը շատ ներմուծել է, պակաս արտահանել։ Սակայն Անդրկովկասն աւելի շատ առեւտրական կապեր ունէր Ռուսաստանի հետ։ Ինչպէս էին դասաւորուել այստեղի յարաբերութիւնները։ Մենք թուեր չունենք այդ մասին, բայց առանց սխալուելու կարող ենք ասել, որ յար եւ նման արտասահմանի առեւտրին։ Անդրկովկասը դարձեալ ստանում էր պատրաստի ապրանքներ եւ դրա փոխարէնը տալիս հում, անմշակ նիւթեր կամ դրամ, նա դարձեալ աւելի շատ ներմուծում էր, պակաս արտահանում։ Անդրկովկասը սպառող շուկայ էր. նա այնպիսի տնտեսական մեծութիւն չէր, որ իր գործարանային արդիւնաբերութեամբ պատնեշ կանգնէր դրսի արշաւի դէմ։ Այդ հանգամանքն Անդրկովկասի համար ունեցաւ շարունակական նշանակութիւն։ Նրա արդիւնաբերական կեանքը յարմարուեց դրսի պահանջներին. արդիւնաբերել եւ արտահանել այն, ինչ որ երկրի բուսական կամ հանքային թագաւորութիւնները տարբերիչ հանգամանք են ստեղծել եւ Անդրկովկասը դրել առանձնայատուկ պայմանների մէջ։ Այս պատճառով Անդրկովկասի արդիւնաբերութիւնը ձեռնամուխ չեղաւ երկրի մէջ ստեղծելու Եւրոպայի կամ Ռուսաստանի արդիւնաբերութեան այլ եւ այլ ճիւղերը։ Այստեղ նա հաւասար մրցակից չէր։ Նա գոհացաւ փարելով երկրի առանձնայատկութիւններին, որոնք մենաշնորհի նշանակութիւն ունէին։ Որպէս թոյլ արդիւնաբերութիւն՝ նրա փրկութիւնը մենաշնորհի մէջ էր։

      Ասացինք, որ Անդրկովկասն աւելի շատ առեւտրական կապեր ունէր բուն Ռուսաստանի հետ։ Թէ տարբեր ժամանակներում ինչ մեծութիւն էր ներկայացնում նրա այդ կարգի առեւտուրը՝ մենք դժբախտաբար այդ մասին կանոնաւոր եւ ճիշտ թուեր չունինք։ Անդրկովկասի Գլխաւոր Կառավարութեան 1843 թ. տարեկան հաշուէտւութեան մէջ այդ մասին կան մի քանի տեղեկութիւններ, որ մենք ներկայացնում ենք ընթերցողին։ Անդրկովկասի առեւտրական կենտրոնը, ասուած է այդ հաշուէտւութեան մէջ, ամենայն իրաւամբ կարելի է համարել Թիֆլիս քաղաքը։ Թիֆլիսի առեւտուրով զբաղուող քաղաքացիների թիւը հասնում է 400-ի, իսկ նրանց տարեկան առեւտրական շրջանառութիւնը չի գերազանցում 4 միլ. ր. ։ Առեւտրի գլխաւոր առարկաններն են այստեղ ռուսական ճոթեղէնը եւ գաղութային ապրանքներ։ Անդրկովկասի երկրորդ առեւտրական կէտը Շամախին է, մանաւանդ շրջանային կենտրոնական քաղաք դառնալուց յետոյ։ Գաւառական քաղաքներից իր մետաքսի առեւտուրով աչքի է ընկնում Նուխին, որը վճարում է պետութեանը տարեկան 16 հազար րուբլի ակցիզ։ Ապա նշանաւոր են Վերին եւ Ներքին-Ագուլիս գիւղերը։ Կայսրութեան ներքին նահանգների հետ Անդրկովկասն առեւտրի մէջ է մտնում Մոսկուայի եւ Նիժնի-Նովգորոդի միջոցով [10] ։

      Մի ուրիշ վաւերագիր գալիս է այդ երկու քաղաքների միջոցով կատարուած առեւտուրը թուերի վերածելու։ Այդ վաւերագիրը թուագրուած է 1846 թ. փետրուարի 28-ից եւ մատնանշում է, որ նախ՝ Անդրկովկասի առեւտուրը Ռուսաստանի հետ՝ գտնւում է բացառապէս հայերի ձեռքին, երկրորդ՝ թէ այդ առեւտուրը տարեկան հասնում է 5, 534, 600 ր. ։ Այդ վաւերագիրը տալիս է առեւտրի առարկայ եղող ապրանքների անունն ու արժէքը, այն է՝ բամբակէ գործուածքներ 2, 390, 800 ր., բրդէ 1, 380, 800 ր., մետաքսէ 308, 000, վուշէ 150, 000 ր., մետաղ 90, 000 ր., մետաղէ իրեր 399, 000 ր., յաղճապակէ եւ կաւէ անօթներ 60, 000 ր., զանազան ապրանքներ 505, 000 ր., Լեհաստանի մահուդ 50, 000 ր., թէյ 200, 000 ր. [11] ։

      60-ական թուականներին Անդրկովկասը միանգամայն մտել էր խաղաղ զարգացման ուղին։ Սահմանակից պարսիկ եւ թիւրք պետութիւնների հետ պատմական հաշիւները փակուել էին. բաղխումների նոր առիթներ առայժմ աչքի առաջ չկային։ Անդրկովկասի ներքին թշնամին էլ ըմբոստ Դաղստանը խոնարհուել էր ռուսական զէնքի առաջ եւ հրոսակների փոխարէն 40-60 հազար բանւոր էր տալիս տորոնի մշակութեան համար։ Լեզգիները զէնքի փոխարէն ձեռք էին առել բահն եւ թոխրը ("О прикаспiйской маренѣ", Тифлисъ, 1863 г. Եւ Կովկասի խաղաղացումը նշանակում էր առեւտրի ու արդիւնաբերութեան բարգաւաճում, աւելի առաջինի, քան երկրորդի։ Ռուսական արդիւնաբերութիւնը ի դիմաց Անդրկովկասի այժմ ունէր մի պատկառելի շուկայ։ Սկզբում այդ շուկան շատ էլ չէր արժանանում առանձին ուշադրութեան։ 1821 թ. կուսակալ Երմոլովի միջնորդութեամբ 10 տարուայ ժամանակամիջոցով բացառիկ արտօնութիւն շնորհուեց Եւրոպական ապրանքներն Անդրկովկաս ներմուծող առեւտրականներին. նրանք վճարում էին մաքս միայն 5% ապրանքների յայտարարած գներից։1832 թ. այդ արտօնութիւնը ջնջուեց եւ Անդրկովկասն էլ համայն Ռուսաստանի հետ ցանցուեց պաշտպանողական մաքսով։ Դա, ի հարկէ, չէր արւում յօգուտ Անդրկովկասի ներքին գործարանային արդիւնաբերութեան, որովհետեւ այդպիսին գոյութիւն չունէր։ Այդ մի պարզ միջոց էր, որով Անդրկովկասը, որպէս շուկայ, տրւում էր պետութեան ներքին նահանգների արդիւնաբերողներին։1846 թ. Փոխարքայ Վորոնցովը իջեցրեց Անդրկովկաս ներմուծուող ապրանքների մաքսերի չափերը։ Հինգ տարուց յետոյ, 1850 թ., նորից տիրեց մաքսային դրութիւնը [12] ։ Մաքսային այդ վարիվերումների քաղաքականութիւնը մի նպատակ ունէր. նախապատրաստել Անդրկովկասը զուտ ռուսական արդիւնագործութեան համար։

      Ռուսների Անդրկովկաս մտնելուց յետոյ Թիֆլիսին վիճակուեց դառնալ երկրի կենտրոնական քաղաքը։ Սկզբում նա սոսկ վարչական կենտրոն էր, սակայն ժամանակի ընթացքում դէպի այդ քաղաքը թեքուեց եւ տնտեսական կեանքի նժարը։ Թիֆլիսը՝ վարչական կենտրոն լինելուց զատ դարձաւ եւ տնտեսական կենտրոն. 60- ական թուականներին նա իր մէջ էր կենտրոնացնում երկրի ողջ տնտեսական կեանքի թափը։ Ծանօթանանք ուրեմն այդ քաղաքի առեւտրին եւ արդիւնաբերութեանը [13] ։

      Թիֆլիսի առեւտուրն այդ ժամանակ բաժանւում էր չորս ճիւղի. 1) ներմուծական եւ արտահանական առեւտուր Եւրոպայի հետ, 2) նոյնը կայսրութեան հետ, 3) ասիական երկրների հետ եւ 4) ներքին, զուտ քաղաքային առեւտուր։ Առաջին ճիւղի մէջ ներմուծւում էր շաքար, գինի, սուրճ, ներկեր, մետաքսէ, բրդէ եւ բամբակէ գործուածքներ, ապա փարթամութեան զանազան իրեր։ Ներմուծուած ապրանքների արժէքը հասնում էր 2 միլիոն րուբլու։ Թիֆլիսը կամ Թիֆլիսի միջոցով Անդրկովկասը արտահանում էր Եւրոպա հում մետաքս, շերամի սերմ, բամբակ, բուրդ, խաւիար եւ անմշակ կաշիներ։ Արտահանւում էր միլ. ր. ապրանք։ Այդ գումարից Թիֆլիսին բաժին էր ընկնում 900 հազար րուբլի։ Մնացած 1 միլ. 600 հազար րուբլու ապրանքը արտահանում էին Անդրկովկասի մնացած վայրերը։ Երկրորդ ճիւղի մէջ ներմուծական առեւտրի առարկաներն էին սպիրտ եւ օղի, թէյ, ճարպամոմ, անմշակ երկաթ եւ երկաթէ իրեր, պղնձէ, յաղճապակէ, կաւէ եւ ապակէ անօթներ, կաշուէ ապրանքներ, բամբակէ վուշէ եւ բրդէ գործուածքներ։ Թիֆլիսի եւ նրա միջով Անդրկովկասի ու Պարսկաստանի համար ներմուծուող ապրանքների արժէքը հասնում էր միլ. րուբլու։ Դրա դիմաց Թիֆլիսից արտահանւում էր 1 միլ. ր. ապրանք, որը բաղկացած էր լինում հում մետաքսից, բամբակից, գորգերից եւ այլն։ Երրորդ ճիւղի առեւտրի ներմուծական բաժինը հասնում էր 2 միլ. 800 հազար րուբլու, որից 2 միլ. Անդրկովկասի համար, իսկ 800 հազարը՝ Թիֆլիսի։ Այս ճիւղի մէջ ներմուծուող ապրանքներն էին ծխախոտ, կենդանիներ, գորգեր եւ թաղիքներ, մետաքսէ եւ բամբակէ գործուածքներ, տնային շորեր եւ չոր միրգ։ Այս բաժնի արտահանական մասի արժէքը հասնում էր 1 միլ. 300 հազար րուբլու։ Արտահանւում էին ռուսական գործարանների արդիւնքները։ Երեք առեւտրական ճիւղերի շրջանառութիւնն այսպիսով հասնում էր 11 միլ. ր. ։ Այս գումարից 1861 թ. Թիֆլիսում առեւտուր ունեցող օտարազգինները եւ օտարաքաղաքացիներն իրենց շրջանառութեան մասը ընդունել են 2 միլ. ր., ուրեմն թիֆլիսցիներին մնում է 9 միլ. ր. առեւտուր։ Թիֆլիսի առեւտրի չորրորդ ճիւղը կազմում էր զուտ քաղաքային առուծախսը։ Այստեղ ծաղկում էր առօրեայ պիտոյքների առեւտուրը, քանի որ քաղաքը 100 հազար սպառող ունէր։ Այդ սպառողները տարեկան ծախսում էին մինեւ միլ. րուբլի։ Ապա Թիֆլիսի տնատէրերը ստանում էին տարեկան 300 հազար բնակարանավարձ։ Քաղաքի մէջ էր շրջանառութեան մտնում եւ վարձով ծառայողների միլ. ռոճիկը եւ մօտ 500 հազար հասարակական պէտքերի վրայ ծախսուող դրամագլուխը։ Այս բոլոր պարագաները Թիֆլիսին տալիս էին վաճառաշահ քաղաքի բնաւորութիւն. նա Անդրկովկասի թէ վարչական եւ թէ տնտեսական կենտրոնն էր։ 1861 թ. քաղաքային տուրքերի եւ վարկի պատճառով տեղական առեւտրական դրամագլուխները հռչակուել են հաւասար 1, 988, 200 ր., որից 200 հազար րուբլի ունեցող 2 հոգի, 120 հազար ունեցող 2 հոգի, 100 հ. 1, 70 հ. ―1, 60 հ. 2, 50 հ. 2, 30 հ. 4, 25 հ. 2, 20 հ. 6, 10 հ. մինչեւ 20 հ. 30, 5-10 հ. 27, 1-5 հ. 43։ Դրամատէրերի այս ցուցակի մէջ միլիոնատէրեր չկան։ Հաւանօրէն Թիֆլիսում այդ ժամանակ եղած են աւելի խոշոր դրամագլուխներ ունեցող բնակիչներ, սակայն նրանք աւելորդ տուրքերից եւ խօսք ու զրոյցից ազատուելու համար բարուոք են համարել համեստ ցոյց տալ իրենց կարողութիւնը։ Այդպիսի գործելակերպը հին վաճառականութեան դասային առաքինութիւններից մէկն էր։ Յամենայն դէպս եղած դրամագլուխներն էլ բաւական են ցոյց տալու, որ Թիֆլիսի մէջ արդէն գոյութիւն ունէր կապիտալի որոշ կուտակում, որը պիտի դուրս գար առեւտրի անձուկ շրջանակներից եւ դառնար արդիւնաբերական։

        60-ական թուականներին Թիֆլիսի գործարանային արդիւնաբերութիւնը հետեւեալ պատկերն ունէր. մէկ արքունի թրաշող եւ քարա-կարտօնային գործարան, որը տարեկան արտադրում էր 12 հազար րուբլու ապրանք, մէկ թուջէ ձուլարան ջրաղացի հետ՝ 40 հազարի արտադրութեամբ, մէկ շոգէշարժ ունեցող ատաղձագործի արհեստանոց 15 հազարի արտադրութեամբ, 1 պղնձէ ամանեղէնի գործարան 4, 500 ր. [14], բամբակէ գործուածքների1 գործարան 24, 500 ր., 1 մեքենայական փուռ 3000 ր., 4 գարեջրի գործ 3000 ր., 2 ճարպամոմի գործ. 2000 ր., 19 սղոցարաններ 27, 500 ր., 1 փականագործի արհեստանոց 11, 000 ր., 10 կաշեգործարան 68, 000 ր., 8 օճառի գործ. 17, 000 ր., 5 բրուտանոց 2000 ր., 60 աղիւսագործարան 228, 000 ր., 11 կղմինտրի գործ. 11, 000 ր., 1 կիր պատրաստող գործարան 1000 ր., 7 ծխախոտագործարան 21, 000 ր., 4 կարէթի արհեստանոց 17, 000 ր. ։ Ընդամենը 138 գործարան եւ արհեստանոց տարեկան 507 հազարի արտադրութեամբ։ Գործարանների եւ արհեստանոցների այս ցուցակը պարզ ցոյց է տալիս, որ Թիֆլիսի ամբողջ արդիւնագործութիւնը նպատակ ունի բաւարարել տեղական պահանջները, որ նա մի բարգաւաճող քաղաքի զարգացման հետ համընթաց ստեղծուած արդիւնաբերութիւն էր՝ թոյլ եւ անկատար։

            Հետաքրքրական է այժմ իմանալ, թէ ինչ էր ներկայացնում արհեստաւոր դասը։ Արհեստաւորների խոշորագոյն մասը կազմակերպուած էր համքարութիւնների մէջ։ Նրանց մասին կարելի է հասկացողութիւն կազմել հետեւեալ աղիւսակից։

 

Համքարութիւն

Վարպետ

Վարպետացու

Զինագործ

38

16

Արծաթագործ

120

20

Դերձակ (աս. եւ եւրոպ. հագուստի)

142

121

Մուշտակագործ

21

9

Հացթուխ

200

Նպարավաճառ

193

Մսագործ

86

Կոշկակար

201

100

Դարբին

128

71

Փականագործ

27

6

Ընդամենը

1156

344

 

      Բացի արհեստաւորների այս խմբերը Թիֆլիսում աշխատում էին 10 ժամագործ, 6 ոսկերիչ եւ ակնագործ, 12 հացագործ, 6 կահագործ, 8 կարէթագործ, 3 թամբագործ, 7 փականագործ եւ դարբին, 4 պաստառող, 8 կազմարար, 2 զինագործ, 6 դերձակ, 12 կոշկակար, 3 խառատ, 8 վարսավիրայ, 10 լուսանկարիչ, 9 ոսկով կար անող, 57 ծխախոտ պատրաստող։ Հարկա՛ւ, մեր աղբիւրի մատնանշած տեղեկութիւններով չէր սպառւում Թիֆլիսի արհեստաւոր դասի քանակը, որ ընդհանուր առմամբ հասնում էր 5, 668 հոգու։

      Այդ աղբիւրը չի յիշում որմնադիրներին, հիւսներին, սափրիչներին, գդակագործներին եւ այլն։ Մոռացուած են նաեւ ջուլհակները, որոնց արհեստը հաւանօրէն վերացել էր գործարանային աժան ապրանքների շնորհիւ։ Այստեղ նկատենք, որ Թիֆլիսի արհեստաւոր դասի խոշորագոյն մասը բաղկացած էր հայերից։ Հայերն աննշան տեղ էին բռնում միայն նոր, եւրոպական նիստ ու կացի շնորհիւ յառաջացած արհեստների մէջ (կարէթագործ, ժամագործ եւ այլն)։

      Այժմ ծանօթանանք հայաշատ Երեւանի նահանգի քաղաքային առեւտրին, արհեստին եւ արդիւնաբերութեանը [15] ։ 60-ական թուականներին (ճիշտը՝ 1865 թ. ) Երեւան քաղաքի առեւտուրը կենտրոնացած էր վեց կարգի վաճառականների ձեռքում։ Առաջին կարգի վաճառականները կոչւում էին բազազ։ Նրանց առեւտրի ապրանքը ճոթեղէնն էր, որը ստացւում էր Մոսկուայից, Նիժնի-Նովգորոդից, մասամբ Պարսկաստանից եւ շատ քիչ Թիւրքիայից։ Բազազները 223 հոգի էին. 133 հայ, 90 թուրք։ Թուրք բազազի տարեկան առեւտրական շրջանառութիւնը 100 ր. մինչեւ 10 հազար ր. էր հասնում։ Ընդհանուր առմամբ նրանց առեւտրական շրջանառութիւնը տարեկան 60 հազարից ր. չէր անցնում։ Հայ բազազների առեւտրական շրջանառութիւնն աւելի խոշոր եւ շօշափելի էր։ Ամենից նուազ առեւտրական շրջանառութիւն ունեցող հայ բազազը վաճառում էր տարեկան 2 հազար րուբլու, միջին բազազը 5 հազարի, աւելի բարձրը՝ 25 հազարից մինչեւ 40 հազար։ Վերջին կարգի բազազները 5 հոգի էին։ Հայերի առեւտրական շրջանառութիւնը հասնում էր 250 հազարի։

      Երկրորդ կարգի վաճառականները եւրոպական արդուզարդի խանութների տէրերն էին, 30 հոգի եւ բացառապէս հայեր։ Նրանցից երեքը տարեկան շրջանառութիւն ունէին մօտ 8 հազարի։ Մնացածների շրջանառութիւնը 500-1500 ր. էր։ Ընդհանրապէս այդ կարգի վաճառականների տարեկան առեւտուրը հասնում էր 43 հազար ր. ։

Երրորդ կարգի վաճառականները տեղական արդուզարդի ապրանքներով առեւտուր անողներն էին, աթթար կոչումով։ Նրանք 52 հոգի էին, որոնցից 50 թուրք։ Նրանց առեւտրական շրջանառութիւնը լինում էր 20 ր. մինչեւ 3000 ր., ընդհանուր տարեկան շրջանառութիւնը 20 հազար էր։

      Չորրորդ կարգի վաճառականների առեւտուրը բաղկացած էր լինում գիւղատնտեսական մթերքներից։ Յայտնի էին նրանք ալաֆ անունով։ Նրանց թիւը 67 էր, 30 թուրք եւ 37 հայ։ Ալաֆի առեւտուրը սովորաբար 500 ր. չէր անցնում։ Միայն 4 հոգի ունէին 2 հազարից մինչեւ 3 հազար շրջանառութիւն։ Ընդհանրապէս ալաֆների շրջանառութիւնը հասնում էր16 հազարի։

      Հինգերրորդ կարգի վաճառականները չոր միրգ եւ ուտելեղէններ ծախողներն էին՝ բաղկալ անունով։ Բաղկալները 42 հոգի էին՝ երկու հայ, քառասուն թուրք։ Նրանց տարեկան շրջանառութիւնը լինում էր 30 ր. մինչեւ 300 ր. ։ 10 հոգի ունէին տարեկան մինչեւ 2, 500 ր. շրջանառութիւն։ Բոլորի առեւտուրը հասնում էր 14 հազարի։

      Վեցերրորդ կարգի վաճառականները օղի եւ գինի ծախող դուքանչիներն էին։ Նրանք բացառապէս հայեր էին, 63 հոգի։ Նրանցից 20-ի շրջանառութիւնը 300-ական րուբլի էր, 35-ի 500-ական։ Բոլորի առեւտուրը հասնում էր 34 հազարի։

      Այսպիսով Երեւանում կային 477 վաճառականներ (թուրք 210, հայ 267), որոնք միասին 437 հազար րուբլու առեւտուր ունէին։ Բացի աննշան թուով բազազներից՝ մնացած վաճառականների առեւտրական շրջանառութիւնը կատարւում էր քաղաքի շրջանակներում։ Բազազներից նշանաւորները (դրանց մէջ Խուդաբաշեան տունը) առեւտուր ունէին եւ նահանգի գաւառների ու արտասահմանի հետ։ Նրանք գաւառներին մատակարարում էին ճոթեղէն, իսկ դրա փոխարէն ստանում բամբակ, ցորեն, բրինձ, քունջութի իւղ, կաշիներ եւ օղի։ Այդ ապրանքներն ապա արտահանւում էին կամ Թիֆլիսի շուկան (բամբակ, բրինձ եւ այլն) կամ Թիւրքիան (կաշի) կամ թէ նահանգի Ալէքսանդրոպոլ եւ Նոր-Բայազէդ քաղաքները (օղի)։ Երեւանի բազազները բամբակ ստանում էին ոչ միայն նահանգից, այլ եւ Պարսկաստանի Մակուի խանութիւնից։

      Այդ ապրանքից ներմուծւում էր տարեկան մինչեւ 30 հազար փութ 80 հազար արժողութեամբ։ Բազազների գաւառական եւ արտասահմանեան առեւտուրը հասնում էր տարեկան մինչեւ 280 հազարի։ Այդ գումարից թուրք բազազներին բաժին էր ընկնում 40 հազար։ Մնացած 240 հազարի առեւտուրը կենտրոնացած էր հայերի ձեռքին։

      Երեւանի թէ առեւտրական եւ թէ արհեստաւոր դասն ըստ մեծի մասին կազմակերպուած էր համքարութիւնների մէջ։ Համքարութիւնները մանաւանդ ուժեղ էին հայերի մօտ։ Թուրքերից շատերը դուրս էին մնում այդ կազմակերպութիւններից։ Երեւանի համքարութիւններն ըստ պարապմունքի, արհեստի եւ կազմակերպուած անդամների ունէին հետեւեալ պատկերը.

 

Համքարութիւն

Վարպետ

Վարպետացու

Աշակերտ

Բազազ

233

117

Օղեվաճառ (դուքանչի)

63

45

Կաշեգործ

8

30

Պղնձագործ եւ անագող

27

Դարբին

20

45

Ալաֆ

6

42

Բրուտ

11

23

19

Արծաթագործ

6

8

21

Հիւսն եւ ատաղձագործ

49

90

150

Դերձակ եւրոպական

11

25

30

Դերձակ ասիական

18

55

20

Կոշկակար

60

90

150

Ծխախոտագործ

18

30

50

Մոմագործ

9

14

Երիզագործ

4

9

Գդակագործ

40

10

Փականագործ

40

3

Թամբագործ

8

12

19

Որմնադիր

25

60

70

Մաշիկագործ

10

5

15

Պայտառ

12

5

10

Սափրիչ

12

25

Հացթուխ

18

50

Թառ շինող

4

7

Բուրդ ծեծող

10

10

Ընդամենը՝

722

697

667 [16]

 

      Համքարութիւններից դուրս գտնւում էին զանազան պարապմունքի եւ արհեստի տէր 143 վարպետ, 84 վարպետացու եւ 43 աշակերտ։ Դրանք բացառապէս թուրքեր էին։ Այսպիսով Երեւանի առեւտրական եւ արհեստաւոր դասի մէջ հաշւում էին 2356 մարդ։

      Երեւանի գործարանային արդիւնաբերութիւնը հաշւում էր 86 գործարան, որոնցից ճարպի 3, օճառի 1, կաշեգործարան 29, ներկարարի արհեստանոց 46, գինու 3, բրուտի Այդ գործարանները միայն անունով էին գործարան հաշւում։ Նրանք մանր-մունր ձեռնարկութիւններ էին, յաճախ բնակարաններին կից շինուած։ Հարկա՛ւ, նման գործարանների արտադրական չափը չէր կարող համեստ չըլինել. նրանք ծառայում էին գլխաւորապէս տեղական պէտքերին։ Ներկարարն իր արհեստանոցից ստանում էր տարեկան 700 ր. եկամուտ։ Կաշեգործարանի տէրն այդքան էլ չունէր։ Աւելի նպաստաւոր պայմանների մէջ էին գտնւում գինու գործարանի տէրերը։ Այդ գործարանները տարեկան 10 հազար ր. ապրանք էին արտահանում Ալէքսանդրոպոլ եւ Նոր-Բայազէդ։

      Այժմ տեսնենք, թէ 1865 թ. որպիսի պատկեր ունէր Ալէքսանդրոպոլի առեւտուրը, արհեստն ու արդիւնաբերութիւնը, մի քաղաքի, որի բնակչութիւնը բացառապէս բաղկացած էր հայերից։ Ալէքսանդրոպոլի առեւտրականները չորս կարգի էին բաժանւում. բազազ, աթթար, բաղկալ եւ դուքանչի։ Բազազները, ինչպէս յայտնի է, զբաղւում էին ճոթեղէնի առեւտրով։ Ալէքսանդրոպոլում նրանք 300 հոգի էին։

      Բազազների առեւտուրը 290 հազարից պակաս չէր։ Իրենց առեւտրի մեծութեան համեմատ բազազներին կարելի էր բաժանել չորս կարգի. առեւտուր ունեցող 300 ր. մինչեւ 2000 ր., 2 հազարից մինչեւ 7-8 հազար, 10 հազարից մինչեւ15 հազար, 50 հազարից մինչեւ 70 հազար։ Վերջին կարգի առեւտրականներն երկու-երեք հոգի էին։ Արդուզարդի (Եւրոպական եւ Ասիական) վաճառողներն աթթար անունով մօտ 150 հոգի էին։ Նրանց առեւտրի գումարը հասնում էր 55 հազարի։ Բոլորը միեւնոյն շրջանառութիւնը չունէին։ Մեծամասնութիւնը առեւտուր ունէր տարեկան 70 ր. մինչեւ 300 ր., 30-ից աւելի հոգի 1500 ր. մինչեւ 3000 ր., մօտ 8 վաճառական 4 մինչեւ 5 հազար։ Բաղկալ անունով նպարավաճառները մօտ 120 հոգի էին։ Նրանցից ոմանք առեւտուր ունէին 50 ր. մինչեւ 150 ր. գումարի, ոմանք 200 ր. -800 ր., ոմանք էլ 1000-2000 ր. տարեկան։ Ընդհանուր առմամբ նպարավաճառների առետուրը 25 հազարի էր։ Խմիչքների առեւտրականները՝ դուքանչիները մօտ 100 հոգի էին։ Խմիչքների առեւտուրն Ալէքսանդրոպոլում աւելի էր զարգացած, քան Երեւանում։ Այդ կարգի առեւտուրը հասնում էր 60 հազարի տարեկան։ Դուքանչիները հաւասար առեւտրի տէր չէին։ Կային մարդիկ, որ ունէին 100 ր. մինչեւ 500 ր. առեւտուր, ապա 700-1000 ր., վերջապէս մինչեւ 3 եւ 4 հազար։ Այս պատկերն ունէր Ալէքսանդրոպոլի առեւտուրը։ Նրանով զբաղւում էին մօտ 670 հոգի, իսկ գումարը հասնում էր 430 հազարի։

      Արհեստն Ալէքսանդրոպոլում զարգացած վիճակի մէջ էր, տարեկան 160 հազարի արտադրութեամբ։ Նա ոչ միայն բաւարարում էր տեղական պէտքերին, այլեւ արտահանութեան էր ծառայում։ Ալէքսանդրոպոլի արհեստաւորների պատրաստած իրերն արտահանւում էին Թիւրքիա եւ Թիֆլիս։ Ալէքսանդրոպոլցիները նախկին գաղթականներ էին Թիւրքիայից եւ այժմ Ռուսաստանից շարունակում էին դեր խա՛ղալ Թիւրքիայի մերձաւոր շուկաներում։ Արտահանութեան առարկաներն էին մաշիկներ եւ ոսկեթել ձեռագործներ։ Մաշիկներ պատրաստող արհեստաւորները կոչւում էին հափափ։ Նրանց ձեռագործից արտահանւում էր Թիֆլիս եւ Թիւրքիա տարեկան 8 մինչեւ10 հազար րուբլու ապրանք։ Ոսկեթել ձեռագործները պատրաստում էին ղազազները։ Դրանք էին կազմում Ալէքսանդրոպոլի առաջնակարգ արհեստաւոր դասը։ Պայտառութիւնը նոյնպէս զարգացած արհեստ էր Ալէքսանդրոպոլի մէջ։ Դրա պատճառը եզան քարաւանութիւնն էր, այսինքն ծանրութիւնների եւ ապրանքների տեղափոխութիւնը եզների միջոցով։ Քարաւանի միջոցով էր պահպանւում յարաբերութիւնը Թիւրքիայի հետ։

      Ալէքսանդրոպոլի արհեստաւորները կազմակերպուած էին համքարութիւնների մէջ։ Համքարութիւններն այստեղ աւելի կատարեալ էին եւ իրենց մէջ պարփակում էին տուեալ արհեստի բոլոր ներկայացուցիչներին։ Նրանց մասին կան հետեւեալ թուական տեղեկութիւնները։

 

Համքարութիւն

Վարպետ

Վարպետացու

Աշակերտ

Երիզագործ (ղազազ)

89

32

97

Մաշիկագործ (հափափ)

48

92

88

Դերձակ եւ զարդարող

75

70

65

Գդակագործ

42

24

Որմնադիր

100

Մսագործ

45

25

30

Հիւսն, ատաղձագործ եւ սղոցող

44

48

34

Դարբին

70

80

80

Կոշկակար

31

32

30

Ջուլհակ

50

10

30

Արծաթագործ եւ ժամագործ

25

19

19

Պայտառ

40

36

38

Պղնձագործ

25

49

50

Ծխախոտագործ

50

18

100

Սափրիչ

25

18

32

Զինագործ

11

12

10

Թամբագործ եւ կապանագործ

10

8

12

Կաշեգործ

17

21

8

Ներկարար եւ ներկող

8

1

9

Կառապան

15

4

Բուրդ ծեծող

6

3

Թոկ պատրաստող

16

15

18

Աղիւսագործ եւ բրուտ

4

8

Փականագործ

4

5

3

Ընդամենը՝

850

603

780

 

      Այսպիսով Ալէքսանդրոպոլի արհեստաւոր դասը բաղկացած էր 850 վարպետներից, 603 վարպետացուներից եւ 780 աշակերտներից, ընդամենը 2233 հոգուց։

        Ալէքսանդրոպոլի գործարանական արդիւնագործութիւնը հետեւեալ պատկերն ունէր. 12 օճառի գործարան, 9 օղիի, 5 ճարպամոմի, 5 ձիթահանք, 3 կաշեգործարան, 1 աղիւսի եւ 1 բրուտի արհեստանոց, ընդամենը 36։ Օճառի արդիւնագործութիւնն Ալէքսանդրոպոլում առաջնակարգ տեղ էր գրաւում։ Արդիւնագործւում էր 25 հազար րուբլու ապրանք, որ մասամբ արտահանւում էր Թիւրքիա եւ Ախալցխա։ Օղիի գործարաններն արդիւնագործում էին Թիւրքիայից ներմուծած չամչից 16 հազարի ապրանք։ Շօշափելի էր եւ կաշեգործարանների արտադրութիւնը, սակայն պիտի ասել, որ ընդհանրապէս Ալէքսանդրոպոլի գործարանային արդիւնագործութիւնն աննախանձելի վիճակի մէջ էր։

      Մանրամասն նկարագրելով Թիֆլիսի, Երեւանի եւ Ալէքսանդրոպոլի առեւտուրն, արհեստն եւ արդիւնաբերութիւնը՝ մենք կամեցանք ընթերցողի համար պարզել Անդրկովկասի քաղաքներում (60-ական թուականներին) տիրող տնտեսական կեանքը։ Մեր նկարագրած տնտեսական կացութիւնը յատուկ պիտի համարել եւ մնացած հայաբնակ քաղաքների համար։ Մենք առանձնապէս կանգ չառանք այդ քաղաքներից (Շուշի, Շամախի, Նուխի, Գանձակ, Ախալցխա) իւրաքանչիւրի վրայ։ Դրա պատճառներն երկուս էին. նախ՝ չըկամեցանք մանրամասնութիւններով ծանրաբեռնել ներկայ աշխատութիւնը, մանաւանդ որ այդ մանրամասնութիւնները լուսաբանութեան տեսակէտից նոր փաստեր չէին աւելացնում, երկրորդ՝ այդ մանրամասնութիւնները կըցկտուր տեղեկութիւնների բնաւորութիւն ունէին եւ ցանկալի ամբողջութեամբ չէին կարող պատկերել մի քանի քաղաքների առեւտրա-արդիւնաբերական կեանքը։ Մեզ թւում է, որ վերը բերած տեղեկութիւններն էլ բաւական են ասելու, որ 60-ական թուականներին Անդրկովկասի քաղաքներում գերիշխող դեր էին կատարում առեւտրական դրամագլուխն ու արհեստը, որ այդ քաղաքները քաղքենիական բարեկեցութեան վայրեր էին առանց ապրուստի եւ պարապմունքի խոշոր տարբերութիւնների։

      Սակայն Անդրկովկասի արդիւնաբերական կեանքը մեն-միայն քաղաքներում չէր կենտրոնացած։ Այդ արդիւնաբերութիւնը որսական (добывающая) բնոյթ ունէր եւ կենտրոնանում էր այն վայրերում, ուր երկրաբանական, կլիմայական եւ այլ պայմանները արդիւնաբերութեան համար որոշ նախադրեալներ էին պարունակում կամ ընձեռնում։ Այդպիսի վայրերում ծայր տուած արդիւնաբերութիւնն իր վրայ կրում էր ծայրագաւառի տարբերիչ յատկութիւնները, այսինքն դա մի արդիւնաբերութիւն էր, որպիսին կամ արտադրում էր հում նիւթեր եւ այլն յղում պետութեան կենտրոնի գործարաններն եւ արտասահման, կամ թէ արտադրում էր այնպիսի արդիւնքներ, որոնք երկրաբանական եւ այլ պայմանների շնորհիւ պետութեան կենտրոնում գոյութիւն չունէին (նաւթ, մետաքս)։ Անդրկովկասը մշակող (обрабатывающая) արդիւնաբերութիւն չունէր, որովհետեւ ինչպէս ասել ենք վերը, ռուսական նուաճումից յետոյ նա բաց շուկայ դարձաւ. իր քաղաքակրթութեամբ նա չէր կարող գործարանային արդիւնաբերութիւն ստեղծել եւ մրցել ներքին Ռուսաստանի հետ։

      Եւ քանի որ այդպէս էր՝ նրան մնում էր հում կամ կիսահում նիւթերի արդիւնաբերութիւնը։ Նա ստանում էր պատրաստի ապրանքներ եւ դրա փոխարէնը տալիս հում նիւթեր կամ իր արտադրողական ոյժերը կենտրոնացնում երկրի առանձնայատկութիւնների շահագործման վրայ։ Այս դրութեան փառաւոր ապացոյցն երեւում է արդիւնաբերական կեանքի հետեւեալ տուեալներից։

      1843 թ. Անդրկովկասի մշակւող արդիւնաբերութիւնը գլխաւորապէս կենտրոնացած էր Շամախիի նահանգում (Շուշի, Շամախի, Նուխի եւ այլն), ուր տարեկան արտադրւում էր մետաքսէ գործուածքներ 870 հազար րուբլու, բամբակէ 160 հազարի, կաշիներ 36 հազարի։ Սա աննշան արդիւնագործութիւն է եւ, նկատեցէք՝ այնպիսի ապրանքների, որոնք արդիւնք են երկրի առանձնայատկութիւնների (մետաքս, բամբակ)։ Եթէ չըլինէր այդ առանձնայատկութիւնը՝ հաւանօրէն Արեւելեան Անդրկովկասն ոչ մի մշակւող արդիւնագործութիւն չէր ունենալ։ Այդ միեւնոյն 1843 թ. Անդրկովկասի լեռնարդիւնաբերութիւնը հետեւեալ պատկերն ունէր. Բորչալուի գաւառում ստացուել էր 5000 փութ 4 գրուանքայ պղինձ, որից գանձարանին եկամուտ հասնում էր 4, 400 ր., Գանձակի գաւառի Բանանց, Կուշչի եւ մի քանի ուրիշ գիւղեր օգտւում էին տեղական երկաթի հանքերից եւ վճարում պետութեանը 825 ր., Նախիջեւանի գաւառից եւ Կողբի աղահանքերից ստացուել էր 506, 469½ փութ աղ 41, 941 ր. 86 կ. արժողութեամբ, Շամախիի եւ Բագուի լճերից ստացուել էր աղ 299, 719 փ. 36 գր. 44, 287 ր. 52 կ. արժողութեամբ, Բագւում արդիւնաբերուել էր սեւ եւ սպիտակ հում նաւթ 229, 879 փ. 22 գր. 79, 633 ր. 66 կ. արժողութեամբ, Գանձակի գաւառի Զեագլիկ գիւղում շահագործուել էր շիբի հանքը, որից ստացուել էր 5 հազար փութ շիբ. հանքի շահագործողը գանձարանին վճարել էր կապալագին 4, 030 ր. [17] ։ Եւ այսպէս պղինձ, աղ, նաւթ եւ շիբ ահա այն հանքերը, որոնք շահագործւում էին Անդրկովկասում։ Այդ հանքերով Անդրկովկասը չափազանց հարուստ էր, այնպէս որ անշնորհք եւ նախնական տեխնիկայով էլ կարելի էր շօշափելի արդիւնքներ ստանալ։ Զարմանալի էր, որ Անդրկովկասի ձեռնարկողը բռնեց հեշտ ուղին, իր ուշադրութիւնը կենտրոնացրեց այդ հանքերի շահագործման վրայ, որ նա շարունակեց այդ միեւնոյնն անել եւ յետագայում, երբ երկրի կուլտուրական մակարդակը բաւականին բարձրացել էր։ Սակայն նոյն այդ պատճառներով Անդրկովկասի արդիւնաբերութիւնն ընդունեց միակողմանի կերպարանք։

      60-ական թուականներին Անդրկովկասի լեռնարդիւնաբերութիւնը միեւնոյն ճիւղերն էր շահագործում. նա մի չափով կենտրոնացած էր միեւնոյն վայրերում։ Աղի ստացման աղբիւրը Կողբն եւ Նախիջեւանն էին, նաւթինը՝ Բագուն։ Միայն պղնձի շահագործումն էր, որ բաւականին ընդարձակուել էր եւ նորանոր տեղեր գրաւել, ինչպէս, օրինակ, Գանձակի (Գետաբէկ), Զանգէզուրի (Կաւարտ, Ղաթար, Հալիձոր, Ագարակ) եւ Ալէքսանդրոպոլի գաւառներում։ Շիբը արդիւնաբերւում էր նոյն Զեագլիկից։1866 թ. դարձեալ ստացուել էր մի թուջէ ձուլարան, սակայն նա իր գոյութիւնը պահպանում էր գլխաւորապէս կառավարութեան աջակցութեամբ, իր արտադրութեամբ աչքի ընկնող տեղ չէր բռնում եւ վերջն էլ փակուեց։ Լեռնարդիւնաբերութեան մէջ յաջողութիւն էր գտնում պղնձի շահագործումը, որ գտնւում էր հայերի, յոյների եւ գերմանացիների ձեռքին [18] ։ Պղնձի արդիւնաբերութիւնը 60-ական թուականներին ընդունել էր հետեւեալ չափերը։

1861 թ.

17, 956 փ. 31 գր.

1862 թ.

12, 447 փ. 4 գր.

1863 թ.

16, 096 փ. 12 գր. զբաղեցնելով 1064 բանւոր

1864 թ.

16, 425 փ. 25 գր. զբաղեցնելով 1138 բանւոր

1865 թ.

16, 093 փ. 29 գր. զբաղեցնելով 1650 բանւոր

1866 թ.

18, 757 փ. 10 գր. զբաղեցնելով 1657 բանւոր [19]

      Պղինձն արդիւնաբերւում էր մասնաւոր ձեռնարկողների ջանքերով եւ միջոցներով։ Այստեղ հրապարակ էր գալիս մասնաւոր նախաձեռնութեան ոգին։ Այդպէս չէր լեռնարդիւնաբերութեան մնացած ճիւղերում՝ նաւթի եւ աղի շահագործման մէջ։ Նաւթահողերն ու աղահանքերը պատկանում էին պետութեան, աւելի ճիշտը՝ գրաւուել էին պետութեան կողմից։ Պետութիւնն ինքը այդ հանքերի շահագործողը չէր անմիջապէս. նա կապալով տալիս էր մասնաւոր ձեռնարկողների։ Այդ սովորութիւնը չէր նպաստում տնտեսական կեանքի զարգացմանը. մէկ-երկու հոգի դրւում էին բացառիկ կացութեան մէջ, նրանց առաջ բացւում էր հարստանալու դուռը, իսկ նման մենաշնորհի պատճառով տուժում էր երկրի ողջ բնակչութիւնը։ Կապալառուն՝ տիրանալով որեւէ կապալի՝ իր քմահաճոյքն էր թելադրում սպառողին։ Նա աշխատում էր շուտափոյթ յետ բերել իր վճարած կապալագինը, բայց չէր մտահոգում կայուն եւ զարգացած արդիւնաբերութեան մասին։ Այն էլ պիտի ասել, որ կապալային սիստեմը՝ շնորհիւ պետական տնտեսութեան ընդհանրապէս վիրաւոր կողմերին՝ գուցէ միակ նպատակայարմար միջոցն էր պաշտպանելու գանձարանի շահերը։ Այսպէս 1821-1824 թ. թ, նաւթահանքերը տրուած էին կապալով տարեկան 131 հազար րուբլիով։ 1825 թ. նաւթահանքերի շահագործումը անցաւ անմիջապէս գանձարանին եւ եկամուտը իջաւ 76 հազարի, նշանակում է կապալի տուածից 55 հազարով պակաս։ Այս երեւոյթի դիմաց նորից առաջ մղուեց կապալային սիստեմը։ Եւ նաւթահանքերը 1826-1834 թ. թ. շահագործւում էին կապալային սիստեմով, ըստ որում գանձարանը ստանում էր 91-97 հազար տարեկան եկամուտ։ 1835-1849 թ. թ. հանքերը նորից անցան գանձարանի անմիջական շահագործմանը։ Գանձարանի եկամուտը այդ տարիներում ընդհանրապէս հաւասար էր 100 հազարի տարեկան։ Ամենախոշոր եկամուտը նա ունեցել է 1844 թ., այն է՝ 125 հազար։ 1850 թ. մինչեւ 1872 թ. նաւթահանքերը դարձեալ շահագործւում են կապալային սիստեմով։ 1850-1854 թ. թ. (ապրիլից՝ ապրիլ) նաւթահանքերի կապալառուներն են՝ Կուկուջանեան, Բաբանասեան եւ Տէր-Ղուկասեան տարեկան 110 հազար կապալավարձով։ 1854-1862 թ. թ. կապալառու է միմիայն Տէր-Ղուկասեանը 117 հազար տարեկան կապալավարձով։ 1863-1866 թ. թ. կապալառու է Միրզոյեանցը 162 հազար տարեկան կապալավարձով։ 1867-1872 թ. թ. դարձեալ Միրզոյեանցը, որ վճարում է 136 հազար րուբլի տարեկան։

      1832-1850 նաւթ արդիւնաբերւում էր տարեկան 200 հազար փութ (քիչ աւելի կամ պակաս)։ Եւ առանձին ջանք չէր նկատւում զարկ տալու Անդրկովկասի լեռնարդիւնաբերութեան այդ ճիւղին։ Այդ շրջանում էլ ռուսական նաւթի ամենախոշոր սպառողը Պարսկաստանն էր։ Այսպէս՝ այդ երկիրն է արտահանուել. 1845 թ. 120150 փ., 1850 թ. 132186 փ., ուրեմն ամբողջ տարեկան արդիւնաբերած նաւթի կէսից աւելին [20] ։

      1859 թ. Բագուի գաւառի Սուրախանի գիւղում շինւում է սպիտակ նաւթի (կերոսինի) առաջին գործարանը։ Ձեռնարկողները ռուս Կոկորեւն ու Գուբոնինն էին, որոնք հում նաւթը փութը 45 կոպէկով ստանում էին կապալառու Միրզոյեանից։ Գործարանի հիմնումն եւ կերոսինի պատրաստելը զարկ տուաւ հում նաւթի արդիւնաբերութեանը։ Այդ ժամանակաշրջանի նաւթարդիւնաբերութիւնը հասնում էր հետեւեալ չափերի [21].

1863 թ.

340, 000 փ.

1864 թ.

  538, 000 փ.

1865 թ.

554, 291 փ.

1866 թ.

691, 820 փ.

1867 թ.

998, 907 փ.

1868 թ.

735, 764 փ.

1869 թ.

1, 685, 229 փ.

1870 թ.

1, 704, 465 փ.

1871 թ.

1, 375, 523 փ.

1872 թ.

1, 535, 981 փ.

1872 թ. վերջին վերացրուեց կապալային եղանակը։ 60-ական թուականներից արդէն դրա դէմ մաքառում էին Բագւում հաստատուած Կոկորեւն ու Գուբոնինը։ Նրանց ձայնակցում էր հռչակաւոր ուսուցչապետ Մենդելէեւը։ Նաւթային հողերը բաժանուեցին որոշ հողամասերի եւ վաճառուեցին աճուրդով։ Կառավարութիւնը Բագուի շրջանում 68 հողաբաժին գնահատել էր 552, 240 ր., սակայն աճուրդից ստացաւ 2, 980, 307 ր. ։ Այսպէս ասպարէզ բացուեց ազատ մրցութեան համար։ Հրապարակ եկան նոր դրամագլուխներ։ 1872 թ. նաւթահողերի աճուրդին մասնակցեցին՝ 12 հայ ձեռնարկողներ եւ մի հայկական ընկերութիւն, 9 ռուս, 3 վրացի եւ 2 թուրք։ Հայերը իրենց բաժին ընկած հողերի դիմաց գանձարանին վճարեցին 1, 467, 000 ր., ռուսները՝ 1, 457, 000 ր., վրացիները՝ 20, 000 ր. իսկ թուրքերը՝ 11, 000 ր. ։ Հայերից միմիայն Միրզոյեանը վճարեց 1, 222, 000 ր. ։ Ռուսներից Կոկորեւն ու Գուբոնինը վճարեցին 1, 323, 000 ր. ։ Յիշենք այստեղ, որ այս վերջին ձեռնարկողներն էին, որ կռւում էին կապալային սիստեմի դէմ եւ կերոսինի գործարան հիմնելով՝ սեւ նաւթ էին առնում Միրզոյեանից։ Աճուրդին հրապարակ հանած դրամագլուխները ցոյց են տալիս, որ հայերն ու ռուսները հաւասար մրցակից էին նաւթարդիւնաբերութեան մէջ։ Աննշան տեղ էին բռնում վրացիները եւ թուրքերը։ Այն էլ յիշենք, որ հայ աճրդախօսները իրօք ձեռնարկողներ ու վաճառականներ էին այս բառերի կատարեալ իմաստով։ Այն ինչ ռուսներից ոմանք պատկանում էին Կովկասեան պետական պաշտօնէութեան (Բենկենդորֆ, իշխ. Սվեատօպօլկ, գեն. Րերբերգ եւ այլն [22] ։

      1872 թ. աճուրդից յետոյ ձեռքերով փորուած հորերի, ձիերի ու պարկերի միջոցով առաջ տարուող արդիւնաբերութիւնը տեղի տուեց նոր մեխանիքական արդիւնաբերութեան առաջ։ Յետագայում նաւթը դարձաւ Անդրկովկասի արդիւնաբերութեան գլխաւոր առարկան։

      Կապալով շահագործւում էր եւ Անդրկովկասի աղը, որի հարուստ հանքերը կենտրոնացած էին Կողբում եւ Նախիջեւանի գաւառում։ Աղի արդիւնաբերութիւնը հետեւեալ թուական պատկերն ունէր [23].

1852 թ.

733, 403 փ.

1853 թ.

616, 855 փ.

1854 թ.

477, 593 փ.

1855 թ.

1, 164, 838 փ.

1856 թ.

810, 301 փ.

1857 թ.

1, 001, 369 փ.

1858 թ.

865, 542 փ.

1859-1861

տեղեկութիւն. չկան

1862 թ.

1, 267, 257 փ.

1863 թ.

1, 384, 188 փ.

1864- 65 թ.

տեղեկութիւն չկան

1866 թ.

1, 266, 131 փ.

      Սակայն ժամանակաշրջանին գոյն տուող արդիւնաբերութիւնն ոչ պղինձն էր, ոչ նաւթը եւ ոչ աղը։ Անդրկովկասի արդիւնաբերութիւնը գլխաւորապէս ճանաչում էր երկու ապրանք, որոնք շուկայում խիստ բարձր արժէք ունէին մետաքսը եւ տորոնը։ Երկրի դրամագլուխները, մասնաւոր ձեռներէցութիւնն ուղղւում էին դէպի այդ ապրանքների շահագործումը։ Դա ակնյայտնի է դառնում, երբ մենք ծանօթանում ենք արդիւնաբերութեան այդ երկու ճիւղերի մանրամասնութիւններին։ Մետաքսի արդիւնաբերութիւնն Անդրկովկասում հինաւուրց երեւոյթ էր։ Նա համեմատաբար ծաղկած վիճակի մէջ էր նոյն իսկ խանութիւններում, որոնց մէջ տիրող կարգն ու կանոնը, ինչպէս յայտնի է, առհասարակ նպաստաւոր չէին արդիւնաբերութեան համար։ Եւ դա հասկանալի է. մետաքսն անհրաժեշտ փարթամութեան պարագայ էր թէ տեղական տիրողների եւ թէ արտասահմանի սպառողների համար, ասել է նա բարձր արժէք ունէր, ուստի եւ օգտաբեր պարապմունքի առարկայ էր։ Ռուսները՝ տիրելով Անդրկովկասին՝ լուրջ ուշադրութիւն դարձրին մետաքսագործութեան զարգացման վրայ [24] ։ 1823-28 թ. թ. այդ ուղղութեամբ աշխատում էր Իտալացի Կաստելլան։ Նա կառավարութիւնից նպաստ ստանալով՝ ձեռնամուխ էր եղել հիմնել Թիֆլիսում նորագոյն տեխնիքական պահանջներին համապատասխան մի մետաքսագործարան, սակայն այդ գործը յաջողութեամբ չը պսակուեց։ Կաստելլան վախճանուեց եւ նրա գործը մնաց թերատ։ 1836 թ. կազմակերպուեց «Անդրկովկասում մետաքսագործութիւն եւ առեւտրական արդիւնաբերութիւն տարածող ընկերութիւնը»։ Այդ ընկերութեան հիմնադիրներն ու անդամները ռուս բարձրաստիճան անձնաւորութիւններ էին։ Ընկերութիւնն իր գործունէութեան համար կենտրոնական վայր ընտրեց Նուխին։ Նա իր գոյութիւնը պահպանեց 30 տարի, 1836 թ. մինչեւ 1865 թ. ։ Ընկերութիւնն այդ ժամանակամիջոցում խոշոր ծառայութիւն մատուցեց Անդրկովկասի մետաքսագործութեանը. նա նոր եւրոպական մշակման ձեւեր մտցրեց թէ շերամապահութեան եւ թէ թել պատրաստելու գործի մէջ։ 1845-1855 թուկաններին Եւրոպայում ամենուրեք տարածուեց շերամի հիւանդութիւն։ Անդրկովկասն ազատ էր այդ հիւանդութիւնից։ Եւրոպացիք սկսեցին շահագրգռուել Անդրկովկասի շերամապահութեամբ։ Մեր երկիրը դարձաւ լուրջ ուշադրութեան առարկայ, քանի որ շուկայում առողջ սերմ եւ մետաքս նա էր մատակարարում։ Առաջին եւրոպացի սերմավաճառն այցելեց Նուխին 1856 թ. ։ 1864 թ. Անդրկովկասում կային 200 սերմավաճառներ։ Որեւէ գիւղ մտնելով՝ նրանք այնտեղ շինում էին շերամի պահպանութեան բնակարան, իրենք խնամում եւ հսկում էին որդի առողջապահիկ աճեցման վրայ, ապա ստացած բոժոժը սերմահան անելով՝ փակում էին ձեռնարկութիւնը։ Սերմավաճառները շինում էին նաեւ թել պատրաստելու գործարաններ եւ այդպիսով արտահանում էին ոչ թէ հում նիւթ, այլ կիսամշակ ապրանք։ 1863 թ. սերմավաճառներն արտահանել էին 1, 700 փութ շերամի սերմ, որ ստացուել էր ոչ պակաս 50 հազար փութ բոժոժից։ Այդ ժամանակ Իտալիայից Անդրկովկաս փոխադրեց իր գործառնութիւնները Մոսկուայի յայտնի մետաքսագործ Ալէքսէեւը։ Նուխիում նա շինեց վիթխարի գործարան, որը 9 ամսուայ ընթացքում 452 ոստայների եւ 851 բանուորի գործակցութեամբ արտադրում էր մինչեւ 900 փութ մետաքս։ 1865 թ. որդերի հիւանդութիւնը սկսուեց տարածուել նաեւ Անդրկովկասում։ Հիւանդութիւնը սպանիչ հարուած հասցրեց շերամապահութեանը։ 50 հազար փութ մետաքսի բերքից տարեկան արդիւնաբերութիւնն իջաւ 5-10 հազարի։ 1851-56 թ. թ. ընթացքում Անդրկովկասը տարեկան արդիւնաբերում էր 25-30 հազար փութ մետաքս։ Այդ քանակի կէսից աւելին արտահանւում էր Մոսկուայ եւ միայն փոքր մասն արտասահման։ Արտասահմանի բաժինը հետեւեալ դրամական պատկերն ունէր։

 

1851 թ. արտահան. է

357, 876 ր. ապր.

1852 թ. արտահան. է

830, 304 ր. ապր.

1853 թ. արտահան. է

685, 628 ր. ապր.

1854 թ. արտահան. է

113, 462 ր. ապր.

1855 թ. արտահան. է

207, 777 ր. ապր.

1856 թ. արտահան. է

578, 777 ր. ապր.

Այս թուերից տեսնում ենք, որ Ղրիմի պատերազմն աննպաստ ազդեցութիւն է անում Անդրկովկասի առեւտրի վրայ։ 1853 թուականի 685 հազար րուբլու ապրանքից արտահանութիւնը 1854 թ. իջնում է 113 հազարի։ Սակայն դրութիւնը սկսւում է փոխուել 1856 թ. ։ 1857 թ. արտահանութիւնը բարձրանում է մինչեւ 826 հազարի։ 1857-1864 թ. թ. ընթացքում Անդրկովկասի մետաքսի արդիւնաբերութիւնը ծաղկած վիճակի մէջ էր, տարեկան 50 հազար փութի արտադրութեամբ։ Ապրանքի մեծագոյն մասը դարձեալ արտահանւում էր Մոսկուա։ Արտասահմանի բաժինը խոշոր չափով բաղկացած էր սերմից։ Ընդհանուր առմամբ արտասահմանի բաժինը գնահատւում էր։

 

1857 թ.

826, 719 ր.

1858 թ.

458, 362 ր.

1859 թ.

634, 812 ր.

1860 թ.

1, 173, 710 ր.

1861 թ.

745, 792 ր.

1862 թ.

1, 301, 868 ր.

1863 թ.

2, 617, 389 ր.

1864 թ.

2, 085, 063 ր.

1864 թ. որդերի հիւանդութեան պատճառով սկսւում է ճգնաժամը։ Արտահանութիւնը դէպի Մոսկուա համարեա թէ դադարում է։ Ստացուած մետաքսը գլխաւորապէս դուրս է հանւում արտասահմանի շուկան։ Բուն երկրի մէջ Անդրկովկասում մետաքսի գործածութիւնն իջնում է նուազագոյն չափերի։ 1864 թ. յետոյ արտասահմանի բաժինը հասնում է հետեւեալ թուերի։

1865 թ.

1, 694, 655 ր.

1866 թ.

1, 683, 576 ր.

1867 թ.

293, 727 ր.

1868 թ.

1, 026, 224 ր.

1869 թ.

477, 294 ր.

1870 թ.

919, 867 ր.

1871 թ.

1, 763, 780 ր.

1872 թ.

1, 929, 794 ր.

      1866-1870 թ. թ ժամանակամիջոցը շերամապահութեան վատթար տարիներն են։ 1870 թ. սկսած նա դարձեալ դառնում է շահաբեր պարապմունք եւ սկսում է խոշոր դեր խաղալ երկրի տնտեսական կեանքի մէջ։

      Անդրկովկասի արդիւնաբերութեան միւս խոշոր ճիւղը տորոնի մշակութիւնն էր, որ կենտրոնացած էր Դերբենտի, Ղուբայի, Քիւրայի, Տաբասարանի եւ Կայտաղի գաւառներում [25] ։ Տորոնը գործադրւում էր իբրեւ ներկող միջոց։ Նախորդ դարի 40-ական թուականներից այդ բոյսն արդիւնաբերութեան եւ առեւտրի շահաւէտ առարկայ էր դարձել շնորհիւ Վլադիմիրի գործարանատէր Բարանովի։ Այդ ձեռնարկողը հոլլանդական կրապի փոխարէն սկսեց գործածել տորոն եւ դրանով հիմք դրեց մի նոր արդիւնաբերութեան, որ յետագայում պարապմունք էր տալիս 40-60 հազար բանուորի եւ դէպի ինքն էր քաշել Անդրկովկասի համարեա բոլոր ազատ դրամագլուխները։ Տորոնի արդիւնաբերութեան ծաւալն երեւում է Դերբենտից ծովով Ռուսաստան արտահանած ապրանքի քանակից։ Ահա լուսաբանող թուերը.

 

Տարին

Փութեր

Գինը

Գումարը

1844

266

5-

1, 330

1845

236

5-

1, 180

1846

60, 970

4-25

259, 112-50

1847

41, 418

4, 75

196, 735½

1848

44, 790

5, 65

253, 063½

1849

66, 700

4, 10

273, 470

1850

62, 630

4, 50

326, 835

1851

79, 300

4-

317, 200

1852

141, 140

4, 25

599, 845

1853

131, 100

3, 80

498, 180

1854

130, 400

4, 50

586, 800

1855

123, 880

3, 50

433, 580

1856

154, 180

5, 50

847, 990

1857

180, 690

8-

1, 445, 420

1858

148, 880

7-

1, 042, 160

1859

125, 650

9-

1, 130, 850

1860

154, 980

9-

1, 394, 820

1861

213, 200

7-

1, 492, 400 [26]

1862

189, 492½

6-

1, 136, 955 [27]

1863

200, 764

4, 30

863, 285 1 / 5

1864

184, 827½

5-

924, 137½

1865

304, 211½

6-

1, 825, 269

1866

310, 237½

 

 

1867

292, 529

 

 

1868

290, 451½

 

 

1869

316, 666¾

 

 

1870

185, 126

 

 

1871

232, 198

 

 

1872

214, 028¼ [28]

 

 

           

Սկսած 1866 թ. մինչեւ 1872 թ., 7 տարուայ ընթացքում արտահանուել է 1, 840, 237 փութ տորոն։ Այդ ժամանակաշրջանում տորոնի գինը միջին հաշւով 6 րուբլի էր։ Ուրեմն պիտի ընդունել, որ 7 տարուայ մէջ տորոնի արդիւնաբերութիւնը ներմուծել էր Անդրկովկաս11, 041, 422 րուբլի։ Դա վիթխարի գումար էր այդ ժամանակի համար։ իսկ եթէ 1846 թ. սկսած հաշուի առնենք տորոնի արդիւնաբերութեան շնորհիւ Անդրկովկաս ներմուծուած դրամի քանակը, ապա կը ստանանք մօտ 26 միլիօն րուբլի։ 27 տարուայ ընթացքում ասպարէզ եկած այդ դրամագլուխը պիտի տեղահան անէր հինօրեայ կայուն յարաբերութիւնները։ Եւ իրօք տորոնի արդիւնաբերութիւնը խոշոր դեր է կատարել Անդրկովկասի տնտեսական եւ հասարակական կեանքում։ Նա 40-60 հազար լեզգի բանւոր էր զբաղեցնում։ Երեկուայ ըմբոստ ռազմիկն իր մահառիթ զէնքերի փոխարէն բահ էր բանեցնում։ Մի՞թէ դա հասարակական յեղաշրջում չէր։

      Տորոնի արդիւնաբերութիւնը մահացաւ 1873 թուականից։ Արհեստական ներկի (ալիզարին) գիւտը նրա մահաբեր թշնամին հանդիսացաւ։ Շատ ձեռնարկողներ կորցրին հողի մէջ դրած իրենց դրամագլուխները։ Միւսները, որ տորոնի շնորհիւ հարստացել էին եւ պահեստի դրամագլուխներ ունէին, չուեցին դէպի ուրիշ արդիւնաբերական ճիւղեր, գլխաւորապէս դէպի ծայր առնող եւ փայլուն ապագայ խոստացող նաւթարդիւնաբերութիւնը։

      Մենք Անդրկովկասի արդիւնաբերական պատկերը լիակատար նկարած կը լինենք, եթէ երկու խօսք էլ ասենք բամբակագործութեան մասին։ Արդէն տեսանք, որ վաթսունական թուականներին Երեւանում աչքի ընկնող առեւտուր կար, որ նա կենտրոնացած էր գլխաւորապէս հայ բազազների ձեռքին։ Այդ թուականներին Երեւանի նահանգի բամբակի արտադրութեան քանակը հաաւասար էր։

1861 թ.

  30, 000 փ.

1862 թ.

  60, 000 փ.

1863 թ.

150, 000 փ. [29]

      1870 թ. Երեւանի նահանգն արտադրել էր 300 հազար փութից աւելի մաքրած բամբակ, որ հաշուած 4 ր. մինչեւ 6 ր. գներով դառնում էր շուկայում միլիօն րուբլու արժէք ունեցող ապրանք։ Բամբակ սկսում էր նուաճումներ անել Անդրկովկասի արդիւնաբերական կեանքի մէջ։ Յայտնի դրամատէր Միրզոյեանցն 1870 թ. Թիֆլիսում հիմնում է առաջին բամբակէ գործուածքների ֆաբրիկը։ Լաւ յատկութեամբ նիւթ ունենալու համար նա բամբակագործներին բաժանում է ամերիկական սերմացու [30] ։

֍

      Մենք ծանօթացանք Անդրկովկասի առեւտրա-արդիւնաբերական կեանքին, սակայն մեզ անծանօթ մնացին իրենց ստեղծած հիմնարկութիւններով եւ հասարակական յարաբերութիւններով թէ առեւտրականը եւ թէ արդիւնաբերականը։ Մենք բաւականացանք ասելով, թէ Անդրկովկասի առեւտրի եւ արհեստի մէջ տիրում էր համքարական կարգը, թէ, վերջապէս, արդիւնաբերութեան որոշ աղբիւրները շահագործւում էին կապալային եղանակով։ Այս ցամաք յայտարարութիւնները բաւարար չեն ըմբռնելու մեր երկրի քաղաքային դասերի անցեալը։ Պէտք է մի յետադարձ հայեացքով ճանաչել համքարին եւ կապալառուին՝ մանաւանդ այն պատճառով, որ նրանք իրենց պայքարով գունաւորել են մեր հասարակական կեանքը։

      Համքարութիւններն Արեւելեան եւ մասնաւորապէս Անդրկովկասի քաղաքների մէջ ճանաչուած ինքնավար կազմակերպութիւններ էին, որ իրենց շրջանակներում ընդգրկում էին միեւնոյն արհեստի կամ պարապմունքի ներկայացուցիչներին [31] ։ Նրանք նման էին Արեւմտեան Եւրոպայի քաղաքների ցեխային կազմակերպութիւններին։ Համքարութիւնների գործառնութիւններն երկու կարգի էին. ա) պետական կեանքի հետ առնչութիւն ունեցող եւ բ) մասնաւոր, ինքնօգնական։ Առաջին կարգի գործառնութիւններով համքարութիւնները ճանաչւում էին որպէս հարկային միաւորներ եւ յետոյ ընդունւում էր, որ քաղաքացիական դատաստանական գործերի քննութիւնն ու լուծումը այդ կազմակերպութիւնների իրաւունքն է։ Համքարութեան անդամն առանձնապէս հարկատու չէր ճանաչւում։ Հարկատուն համքարութիւնն էր, որ իրեն բաժին ընկած հարկն ինքը բաժանում էր համայնքի անդամների մէջ, գանձում եւ հասցնում պետական մարմիններին։ Քաղաքացիական գործերի համար համքարութիւններն ունէին իրենց ատեաններն եւ պաշտօնեաները։ Պետական հաստատութիւնները չէին խառնւում համքարութիւնների ներքին գործերին։ Նրանք պաշտօն ունէին միջամտելու, երբ համքարական համայնքի անդամները քրէական յանցանք էին կատարում (սպանութիւն, աւազակութիւն եւ այլն)։ Նոյնիսկ այստեղ համքարութիւնների պաշտօնատար անձերը կամ իրենք համքարութիւնները հանդէս էին գալիս սեփական ջանքերով շտկելու եղած դէպքը եւ առիթ չըտալու դրսի եւ կողմնակի հաստատութիւններին միջամտելու նրանց գործերին։ Եւ դա յաճախ պսակւում էր յաջողութեամբ, որովհետեւ քրէական յանցանքն Արեւելքում չէր կազմում պետական մտահոգութեան առարկայ, այլ կրում էր մասնաւոր իրաւական բնոյթ։ Իսկ այս պարագայում միջնորդների, հաշտեցնողների դերը մեծ էր։ Եւ այդ դերի մէջ էին հանդէս գալիս համքարութիւններն ու նրանց պաշտօնատարները։ Համքարական դատարանի իրաւասութիւնը տարածւում էր քաղաքացիական կեանքի հետեւեալ երեւոյթների վրայ. 1) նա քննում էր եւ լուծում այն տարաձայնութիւնները, որ ծագում էին վարպետի եւ նրա վարպետացուի ու աշակերտի մէջ, տարաձայնութիւններ՝ վերաբերեալ վարձման ժամանակամիջոցին, աշակերտների խնամելուն, օրավարձին եւ առհասարակ անձնական ու արհեստակցական փոխյարաբերութիւններին. 2) նրա իրաւասութեանն էին ենթարկւում եւ վարպետների մէջ ծագած տարաձայնութիւնների վերացումը, ինչպէս՝ պարտամուրհակային վէճերի լուծումը, ապրանքների առման եւ սպառողներին շողոմելու առիթով հանդէս եկած թիւրիմացութիւնները, ապա խօսքով եւ գործով հասցրած վիրաւորանքները, բարի անուան եւ պատուի անուանարկումն եւ այլն. 3) նա էր վերահասու լինում վարպետների ընտանեկան փոխյարաբերութիւնների շուրջը ծագած վէճերին ամուսինների, հասակն առած զաւակների եւ ծնողների, համքարական վարպետների եւ նրանց ազգականների. 4) նրա հսկողութեան եւ քննութեանն էին ենթարկւում հաւատի պահանջների առիթով հրապարակ եկած թերացումները, ինչպէս խոստովանութիւնից եւ հաղորդութիւնից խուսափումը, պահքի եւ տօների չըկատարումը, սրբապղծութիւնը եւ համքարութեան մեռած անդամի թաղմանը չըներկայանալը. 5) նրա իրաւասութեանն էին ենթարկւում եւ համքարութեան անդամների այն գործերը, որոնք առնչութիւն ունէին հասարակական վայելչութեան ու կարգի խանգարման հետ. 6) նա լսում էր եւ բաւարարում սպառողների գանգատները համքարութեան անդամների դէմ, երբ խնդիրը վերաբերում էր պատուէրների թերի կատարման, անպէտք արդիւնքների եւ վատ իրերի վաճառման եւ այլն [32] ։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ համքարութիւնների անդամներն իրենց հասարակական յարաբերութիւնների մէջ խիստ զատուած են հասարակական միւս խմբակցութիւններից։ Համքարութիւնն ինքնամփոփ կազմակերպութիւն էր։ Նա իր անդամներին դիւրութիւն էր տալիս իւրայինների միջոցով վերջացնելու ամեն մի տարաձայնութիւն։ Նա զարգացնում էր համայնական ոգին եւ համքարական համայնքին ազատ էր պահում դրսի ազդեցութիւններից։ Համքարութիւններն Արեւելքում ունէին եւ մի կարեւոր իրաւունք, այն է համայնքով դիմել իշխողներին բողոքելու որեւէ կարգադրութեան դէմ կամ դարման խնդրելու որեւէ կարիքի համար։ Այդպիսի մի սովորութիւն չէր պատշաճում ռուսական օրէնքների ոգուն։ Եւ ռուսական իշխանութիւնն Անդրկովկասի կառավարման սկզբի շրջանում ստիպուած էր լինում տանել այդ անհաճոյ դիմումները, մինչեւ որ բնակչութիւնն ընտելացաւ նուաճողի նոր կարգերին եւ մոռացութեան տուեց աւանդական սովորութիւնը։ Այժմ պարզ պիտի լինի, թէ որոնք էին պետական կեանքի հետ առնչութիւն ունեցող այն գործառնութիւնները, որոնցով օժտուած էին համքարութիւնները։ Դրանք էին համքարութիւնների հարկային ուրոյն միաւոր լինելը, նրանց սեփական համարեա թէ համայնապարփակ դատաստան ունենալն ու դիմումների իրաւունքը։

      Որո՞նք էին համքարութիւնների ինքնօգնական գործառնութիւնները [33] ։ Նախ նրանք հոգում էին իրենց համայնքի անդամների կարիքները։ Այսպէս՝ օժիտ էին տալիս վաճխանուած անդամի որբին, ապահովում էին նրա զաւակների ապագան (վարժեցնում էին արհեստի մէջ, նպաստում էին շարունակելու հօր պարապմունքը) մխիթարում էին այրիին եւ նիւթական օգնութիւն հասցնում, յարգում էին իրենց ներկայութեամբ վախճանուած անդամի թաղումը՝ յաճախ իրենց վրայ վերցնելով թաղման ծախքերը, եթէ վախճանուածը չքաւոր էր լինում, ապա նրանց ինքնօգնական գործառնութիւնների մէջ մտնում էր միասին հում նիւթեր առնելու սովորութիւնն եւ նրա բաժանումը համքարութեան անդամների մէջ, որի ժամանակ չէին մոռացւում վարպետների այրիները, նոր վարպետները եւ այլն։ Վերջին հանգամանքն այն առաւելութիւնն ունէր, որ վերացնում էր մրցումը համքարութիւնների անդամների մէջ եւ թուլացնում էր նիւթեր մատակարարողի պահանջկոտութիւնը։ Այդ հանգամանքը միեւնոյն ժամանակ հնարաւորութիւն էր տալիս ընդհանուր վարկ ունենալու մատակարարողի առաջ։ Ոչ թէ առանձին արհեստաւորն էր պատասխանատու ապառիկ վերցրած նիւթի համար, այլ ամբողջ համքարութիւնը, որն աւելի էր յուսալի իր գործառնութիւնների մէջ։ Ուրեմն համքարութիւնն ընդհանուր երաշխաւորութեան կրողն էր։ Ինքնօգնութեան գործ էր եւ համայնքով խանութներ վարձելը։ Այստեղ բնակարանների տէրը ստիպուած էր լինում գործ ունենալ համերաշխօրէն եւ միաբան արտայայտուող համքարութեան հետ. նա իր կամեցածին համեմատ չէր կարող բարձրացնել բնակարանավարձը կամ հեռացնել վարձողին, իսկ վարձի անթերի ստացումը երաշխաւորում էր ամբողջ համքարութիւնը։ Այս կարգի ինքնօգնական գործ պիտի համարել եւ մեռած անդամի խանութը՝ որպէս համարում ունեցող մի ձեռնարկութիւն՝ մի այլ վարպետի յանձնելը, որ կատարւում էր որոշ վարձատրութեամբ յօգուտ վախճանուածի այրու եւ որբերի։ Բնակարանների եւ ձեռնարկութեան հետ կապուած այս սովորութիւնները կոչւում էին սարուկուպ։ Ինքնօգնութիւն էր եւ այն պաշտպանութիւնը, որ համքարութիւնը ցոյց էր տալիս իր անդամին, երբ վերջինս տարաձայնութեան մէջ էր լինում սպառողի կամ ուրիշ համքարութեան անդամի հետ։

      Ինքնօգնութեան կարգում պիտի դասել եւ համքարութիւնների կրօնական ջերմեռանդութիւնից բղխած բարեգործութիւնը։ Նրանք անձնուիրաբար օգնութեան էին հասնում ժանտախտի եւ խօլերայի ժամանակ, թաղում էին աղքատներին եւ պանդուխտներին, փրկանքով ազատում էին գերիներին եւ ճորտերին, եկեղեցիներ ու ճանապարհներ էին շինում, հաց էին բաժանում սով տարիները եւ այլն։ Այդ բոլորը հասարակական ծառայութիւններ էին, որ գալիս էին բարեկարգելու քաղաքների կեանքն ու մտերմութիւն մտցնելու մարդկային համայնակեցութեան մէջ, պարագաներ, որոնք աչքաթող էին արուած այն ժամանակուայ յոռի կարգերում։ Եւ այսպէս ինքնօգնութիւնը, մերձաւորին ձեռք մեկնելը համքարական կազմակերպութիւնների երկրորդ կարգի գործառնութիւնն էր, որ իմաստ եւ կենսունակութիւն էր բաշխում նրանց։ Եթէ չըլինէր այդ պարագան, եթէ համքարութիւնները ստեղծուած լինէին լոկ դիւրացնելու վարչական գործը, եթէ նրանք միայն ծառայէին հարկային պէտքերին կամ արտաքին ոստիկանական վայելչութեանը, ապա երկար չէին դիմանալ, չէին ունենալ իրենց ներքին հասարակական բարձր մղումները, փուլ կը գային չնչին հարուածներից եւ չէին դառնալ պատուար փոշիացնող կարգերի դէմ։ Կարելի է անվերապահ ասել, որ եթէ Անդրկովկասի քաղաքներում որեւէ կուլտուրայ կամ տանելի կենցաղ կար՝ դա տեղի ունէր համքարութիւնների շնորհիւ։

      Որեւէ կազմակերպութիւն իր նպատակների իրագործումը կարող է յաջողեցնել աշխատանքի նպատակայարմար բաժանումով եւ որոշ մնայուն օրգանների անդուլ գործառնութիւններով։ Անգլուխ կազմակերպութիւն չի կարող լինել։ Ամեն-մի կազմակերպութիւն պիտի ունենայ իր երարխիան։ Համքարութիւնները նոյնպէս իրենց օրգաններն ունէին։ Հիմնական եւ համքարական կեանքին ուղղութիւն տուող օրգանը վարպետների ընդհանուր ժողովն էր, որ որոշումներ էր կայացնում եւ ընտրում էր պաշտօնատար անձերին։ Վերջիններս կազմում էին վարպետագլուխը (ուստաբաշի), նրա օգնականները (աղսախկալ), գանձապահն եւ սուրհանդակները (իգիթբաշի), որոնք ի կատար էին ածում մեծերի կարգադրութիւնները։ Համքարական պաշտօնեաները ձրի չէին կատարում իրենց պարտականութիւնները. նրանց բաւարարում էին հիւրասիրութեամբ, ճաշով, ընծայաբերութեամբ կամ դրամական վարձատրութեամբ, նայած կրած նեղութիւններին եւ վատնած ժամանակին։ Այդ պաշտօնեաները հարկադրական իրաւունք չունէին, նրանք գլխաւորապէս միջնորդ հաշտարարներ էին։ Եթէ պատահում էր համքարական համայնքում մի յամառ անդամ, որ չէր ենթարկւում ոչ հաշտարարների եւ ոչ էլ ընդհանուր ժողովի որոշմանը, ապա համքարութիւնը, որպէս ելք, նրան արձակում էր անդամութիւնից կամ ենթարկում էր բանադրանքի։ Աւելի շատ գործադրւում էր տուգանելու սովորութիւնը, եթէ միայն մեղաւոր ճանաչուածն ընդունում էր համքարութեան հեղինակութիւնը։ Հասկանալի է ինքնըստինքեան, որ համքարական դատարանը կազմւում էր նոյն վարպետագլխից եւ նրա օգնականներից։

      Կազմակերպութիւն ասելը դեռ չի նշանակում շատերի գործակցութիւնն առանց նիւթական զոհաբերութեան։ Միութիւնն ոյժ է, բայց ապրանքներ արտադրող եւ ապրանքատէր հասարակակարգի մէջ ոյժ է նաեւ դրամը։ Համքարութիւնները համերաշխ գործակցութիւնից բացի պէտք է դրամական կարողութեան տէր լինէին, մանաւանդ որ նրանց ինքօգնական եւ բարեգործական ջանքներն առանց դրամական զոհողութիւնների չէին կարող իրագործուել։ Այս պատճառով համքարութիւնները մտահոգում էին համայնական կայքեր եւ գումարներ ունենալ։ Նրանց եկամուտների աղբիւրներն էին [34]. 1) օրհնանք վարպետի սկզբնական վճարը, երբ նա ընդունւում էր համքարութեան մէջ, 2) նիազ վճար առաջին անգամ առանձին խանութ բանալու համար, 3) դաստուրահաց վճար աշակերտութիւնից վարպետացու դառնալիս, 4) տարբեր չափով վճար նորածնունդ տղայ եւ աղջիկ երեխաների համար, քանի որ համքարութիւնը որոշ հոգս էր տածում նրանց ապագայի նկատմամբ, 5) ընծայաբերութիւն դրամով եւ բերքերով նորապսակների ազգականներից, 6) նուիրատւութիւն՝ համքարութեան կողմնակի անձերի թաղմանն յօժարակամ մասնակցելու համար, 7) վճար վարպետ օրհնուելու նախապատւութեան համար, 8) տուգանք՝   ա. ) վէճի, կռուի, հայհոյանքի, խաբէութեան եւ ստախօսութեան համար, լինի դա ընկերոջ թէ կողմնակի անձի հետ, բ. ) դէպի կինն ունեցած դաժան վարմունքի կամ ծնողներին պատշաճ յարգանք չըմատուցանելու համար, գ. ) խոստովանութիւնից եւ հաղորդութիւնից խուսափելու համար, դ. ) ընկերոջ կամ կողմնակի անձի (եթէ հրաւիրուած է համքարութիւնը) թաղմանը չներկայանալու համար, ե. ) եկեղեցական տօների խախտման համար, զ. ) վարպետի եւ ընդհանուր ժողովի որոշումները չկատարելու համար։ Համքարութիւնները հաւասար բարեկեցութեան ջերմ կողմնակիցներ էին։ Այդ պարագան աւելի ցայտուն երեւում է տուգանելու առիթների յիշատակումից։ Այստեղ նրանք միեւնոյն վարք ու բարքի մարտիկներ են, բացառիկ կացութիւնների ժխտողը։ Եւ հաւաքուած գումարներն էլ գործադրւում էին հաւասար բարեկեցութեան խախտումը կանխելու համար։ Համքարական եկամուտներն ամեն տեղ միեւնոյն չափերը չունէին։ Տեղի եւ հանգամանքների համեմատ նրանք փոփոխւում էին, սակայն մի դրութիւն մնում էր կայուն համայնքի անդամների բացը պիտի գոցուէր համայնական զոհաբերութեամբ։

      Համքարութիւնն իր մէջ ընդգրկում էր ոչ միայն ընտանիքների գլուխներին, այլեւ նրանց ամբողջ գերդաստանը։ Համքարութիւնը համայնապարփակ միութիւն էր։ Այդ պատճառով էլ նա զբաղւում էր երեխաների ապագայով, մտահոգում էր որբերի եւ այրիների ապահովութեան մասին, հսկում էր ընտանեկան պարկեշտութեան վրայ եւ այլն։ Սակայն պիտի ասել, որ համքարական գործերի ղեկավարութիւնը գտնւում էր վարպետների ձեռքին։ Նրանց ընտանիքների մնացած անդամները չէին մասնակցում համայնքի վարչական խնդիրներին։ Մեռնող վարպետ-անդամի տեղը բռնում էր որդին, եթէ նա հմտացած էր լինում հօր արհեստին։ Ընդհանրացած կացութիւնը սա էր. վարպետի որդին վարպետ է։ Այս իսկ պատճառով վարպետի ընտանիքը, նրա ժառանգը մի տեսակ արտօնեալ դրութեան մէջ էին։ Այդ արտօնութիւնը զլացւում էր նրանց, որոնք կամենում էին արհեստ սովորել եւ այսպէս ասած դրսեցի լինելով՝ որդեգրուել համքարութեանը։ Նրանք պիտի ամբողջ տարիներ աշակերտ եւ վարպետացու մնային, մի շարք պահանջների բաւարարութիւն տային եւ նոր միայն՝ վարպետ օրհնուելով՝ համքարութեան հաւասար անդամը համարուէին։ Նախանձելի չէր աշակերտի կամ վարպետացուի կացութիւնը։ Նրանք ոչ միայն արհեստ սովորող էին, այլ եւ յաճախ վարպետի տան սպասաւոր։ Ճիշտ է, նահապետական նիստն ու կացը մեղմում էին նրանց դրութեան մռայլ կողմերը, սակայն փաստը նա է, որ նրանք ըստ մեծի մասին ձրի, մի փոր հացով աշխատողներ էին։ Աշակերտութեան մտնելիս նրանց ծնողները կամ խնամակալները վարպետի հետ պայման էին կապում՝ «Որդուս յանձնում եմ քեզ, իսկ քեզ Աստծուն. նրա միսը քեզ, ոսկորն ինձ. պատժի՛ր ծուլութեան, անփութութեան ու անուշադրութեան համար եւ խիստ պատժի՛ր, միայն թէ հիմնովին վարժեցրու արհեստի մէջ» [35] ։ Աշակերտութիւնը նայած տեղին եւ արհեստի նրբութեանը շարունակւում էր 3-10 տարի։ Աշակերտների թիւը տեղ-տեղ ենթարկւում էր սահմանափակման։ Համքարութիւնը պահանջներ էր առաջադրում նաեւ հասակի եւ վարք ու բարքի նկատմամբ։ Վարպետը համքարութեան առաջ պատասխանատու էր իր աշակերտների ու վարպետացուների տգեղ եւ անթոյլատրելի արարքների համար։ Աշակերտութեան համար պահանջւող ժամանակամիջոցը անցկացնելուց յետոյ՝ աշակերտը վարպետի առաջադրութեամբ եւ վկայութիւնով դասւում էր վարպետացուների (քարգահ) կարգում։ Համքարութիւնը կարող էր քննութիւն նշանակել եւ փորձել նրա գիտութիւններն ու հմտութիւնը։ Վարպետացու դառնալուց յետոյ՝ արհեստաւորը կարող էր վարձուել եւ որոշ միջոցների ու լայն փորձառութիւնների տէր դառնալով վարպետութեան կոչում ստանալ համքարութիւնից։ Այսպիսով երկար ու ծանր օրեր մաշելուց յետոյ նա արժանանում էր համայնքի անդամութեան։ Հարկա՛ւ, թէ աշակերտներն եւ թէ վարպետացուները լուռ եւ մունջ չէին տանում իրենց լուծը։ Լինում էին եւ դժգոհութիւններ։ Դրա համար էլ մենք տեսնում ենք, որ համքարական դատարանն իրաւունք ունէր վերահասու լինելու վարպետի եւ նրա աշակերտների ու վարպետացուների մէջ ծագած տարաձայնութիւններին։ Սակայն Անդրկովկասի համքարութիւնների պատմութիւնը վարպետացուների ուրոյն (ազատ թէ գաղտնի) կազմակերպութիւններ չի ճանաչում կամ չի յիշատակում։ Տարաձայնութիւնները հաւանօրէն անհատական բնոյթ էին կրում եւ վարպետի կամ համքարութեան ջանքերով էլ լուծւում։ Պէտք է յիշել միայն, որ 60-ական թուականներին նկատւում էր վարպետացուների ուրոյն շարժում Ալէքսանդրոպոլում։ Այդ շարժումն ընդունել էր դաւանափոխ լինելու ուղղութիւն։ Դրա մասին խօսք կը լինի յետագայում։ Այստեղ նորից կրկնում ենք, որ չնայած այն տարբերութեանը, որ կար վարպետների եւ նրանց ստորադրեալների մէջ, չնայած նրան, որ համքարութիւնը այդ ստորադրեալներին հաւասար տեղ եւ ձայն չէր յատկացնում, նրանք իրենց ուրոյն շահերի շուրջը կազմակերպութիւններ չունէին եւ կանխամտածուած պայքար էլ չէին մղում։ Այդ երեւոյթի բացատրութիւնը պիտի փնտրել նրանում, որ Անդրկովկասի քաղաքներն ու նրանց մէջ հրապարակ եկած համքարութիւնները չէին հասել զարգացման բարձր աստիճանի։ 60-ական թուականներին նրանք շօշափելի ոյժ էին կազմում։ Գուցէ այդ շրջանից սկսուէր համքարութիւնների մէջ երեւան գալ ներքին ներհակութիւնը, սակայն հէնց այդ ժամանակ էլ երկրի մէջ խիստ զօրացած առեւտրական եւ մասամբ էլ արդիւնաբերական դրամագլուխը մահացու հարուած հասցրեց ողջ համքարական կարգերին եւ իր տիրական դրօշմը դրեց երկրի տնտեսական եւ հասարակական կեանքի վրայ։ Ծանօթանանք այդ նոր ոյժի հետ։

Մենք արդէն ասել ենք, որ ռուսական տիրապետութիւնն իր հետ բերաւ կեանքի եւ ինքչի ապահովութիւն։ Դա տնտեսական զարգացման համար կարեւորագոյն ազդակ էր։ Սակայն ռուսական տիրապետութիւնը միայն այդ չըտուեց Անդրկովկասի ժողովուրդներին։ Ռուսների նոր պետականութիւնը տնտեսական զարգացման ուժեղագոյն գործօններից մէկն էր։ Նրանք մի շարք պատերազմեր վարեցին Անդրկովկասում եւ ռազմական գործառնութիւնների հետ միասին մեծ ծախքեր անելով՝ խոշոր գումարներ մտցրին Անդրկովկաս։ Պարսիկն եւ Օսմանցին կարող էին պատերազմել եւ կողոպտել. Ռուսը պատերազմում էր եւ առեւտուր անում. կողոպուտը վերջինիս համար սիստեմ չէր։ Այս նոր դրութիւնն ասպարէզ էր բանում հարստանալու պետական կապալների միջոցով, որովհետեւ զօրքին պաշար մատակարարելը, պետական հաստատութիւնների համար շինութիւններ կանգնելը կատարւում էին կապալների եղանակով։ Եւ ոչ միայն այդ։ Անգամ տուրքերի գանձելը կապալային էր։ Սրանք հանգամանքներ էին, որ առեւտրի եւ արհեստի սովոր հայերի համար պիտի ունենային նշանակալից հետեւանքներ։ Եւ ունեցան էլ։ Հանդէս եկան հայ կապալառուներ։ Կապալառու լինելը նոյն իսկ դասային նշան դառաւ։ Որն էր նրանց զբաղմունքը, ի՞նչ բարեմասնութիւնների եւ առաքինութիւնների տէրեր էին նրանք, վերջապէս, ո՞վքեր էին այդ նոր մարդիկ։ Դիմե՛նք պատմութեան մատակարարած փաստերին։

      Հայերը կապալով վերցնում էին տուրքերի գանձումը։ Մի հին վաւերագիր [36] մատնանշում է, որ 1808 թ. յունիսի 30-ին Բագուի տուրքերը չորս տարի ժամանակով եւ 112, 500 րուբ. տարեկան կապալով տրւում են շուշեցի Բաբա Թառումեանին։ Վաւերագրի մէջ ասուած է, որ կապալառուն իր վճարածի փոխարէն կարող կը լինի գանձել 251, 430 ր. տարեկան։ Այդ գումարը պիտի գոյանար հետեւեալ աղբիւրներից. նաւթի շահագործումից, լճերի աղից, ներկարարների արհեստանոցներից, շուկայից, սպանդանոցից, խանական այգիներից եւ խանութներից, կշեռքից, օղիի եւ գինիի վաճառումից, երկու ձկնորսաններից, Արդիւնատեղիների այս ցուցակը պարզում է այն ազդեցիկ դերը, որ կապալառուն խաղում էր տեղական տնտեսական կեանքում։ Այդ կեանքի զարգացման սանձը նրա ձեռքին էր գտնւում։ Դիմենք ուրիշ փաստերի։ Վերը մենք տեսանք, թէ մետաքսը որպիսի տեղ էր բռնում Անդրկովկասի արդիւնաբերութեան մէջ։ Մետաքսն առանց պետական տուրքերի առեւտրական շրջանառութեան մէջ չէր մտնում։ Նրանից բնական տուրք էր տրւում եւ նրա գանձումը հայերի ձեռքին էր [37] ։ Գանձակի նախկին խանութեան մէջ մետաքսի կապալառուներ էին Շադինեան եւ Ջամալեան, Շեքիի գաւառում (Նուխի) Պրիդոնեան, Տէր-Գրիգորեան եւ Իզմիրեան, Շամախիի եւ Շուշիի գաւառներում հաւաքուած մետաքսը վաճառւում էր աճուրդով, իսկ Ղուբայի գաւառի կապալառուներն էին Լազարեան, Տէր-Ղուկասեան եւ Միրզոյեան։ Այսպիսով մենք տեսնում ենք, որ մետաքսի առեւտրով 1830-1850 թ. թ. զբաղւում էին մարդիկ, որոնք յետագայում Անդրկովկասի առեւտրա-արդիւնաբերական կեանքի մէջ խոշոր վարկի եւ անուան տէր էին (Միրզոյեան, Պրիդոնեան, Իզմիրեան եւ այլն)։

      Տուրքերի կապալից բացի կային եւ արդիւնաբերութեան որոշ ճիւղերի կապալներ, ինչպէս, օրինակ, նաւթի, ձկան եւ աղի։ Մենք արդէն տեսանք, որ նաւթի, կապալը 1808 թ. չորս տարի ժամանակով տրուել էլ Թառումեանցին։ 50-ական թուականներից մինչեւ 1872 թ. այդ կապալը գտնւում էր Կուկուջանեանի, Բաբանասեանի, Տէր Ղուկասեանի եւ Միրզոյեանցի ձեռքին։ Նոյն այդ ժամանակաշրջանում Քուռի ծովաբերանի հարուստ ձկնորսարանները կապալով շահագործում են Միրիմանեան, Արշակունի, ապա Անանեան։ Այս կարգի կապալառուներն այնքան համարում ունէին, որ 1854 թ. Կովկասի փոխարքայ Վորոնցովն իր յաջորդին թողած հրահանգի մէջ յատկապէս յիշում է յանձնարարում նրանց։ Նա գրում է. «Հայ առեւտրականների մէջ կան անձինք, որոնք արժանի են առանձին ուշադրութեան, ինչպէս, օրինակ, պատուաւոր քաղաքացիներ Արշակունի եւ Միրիմանեան, որոնք շահաւէտութեամբ իրենց եւ գանձարանի համար՝ վերցրած ունին Սալեանի ձկնորսարանի ահագին կապալը, տեղական (այսինքն՝ Թիֆլիսի Դ. Ա. ) քաղաքագլուխ Սվեշնիկեանը եւ մանաւանդ նահանգային քարտուղար եւ ազնուական Յովհաննէս Միրզոյեանը, փորձառու, ջանասէր մի մարդ՝ միշտ պատրաստ՝ որքան հնարաւոր է քիչ շահով իր համար՝ օգտակար լինել կառավարութեանը։ Նա մեզ (այսինքն՝ կառավարութեանը Դ. Ա. ) մատուցել է շատ խոշոր ծառայութիւններ, իր վրայ վերցնելով այնպիսի գործեր, որոնց համար ցանկացողներ չըկային, կամ թէ գտնելով այդպիսիները եւ աջակցելով նրանց իր գրաւականով։ Առհասարակ ես նրան յանձնարում եմ ձեզ, որպէս ամեն կողմից հաւատարիմ եւ օգտակար մարդու. այստեղի մարդկանցից ամենից աւելի նա ունի ծանօթութիւն եւ վարկ Մոսկուայում» [38] ։ Իր այս պաշտօնական գրութեան մէջ Վորոնցովը հայերի մասին դարձեալ գրում է, որ նրանք կառավարութեան գլխաւոր գործիքն են կապալների եւ յանձնարարութիւնների համար եւ որ փոխադարձ մրցումը նրանց մէջ՝ յօգուտ գանձարանի իջեցնում է գները։

      Հայ կապալառունների համար մի ասպարէզ եւս կար. դա զօրքին պաշար մատակարարելն էր։ Այստեղ գոյութիւն ունէր հարստանալու անսպառ աղբիւր։ Կապալառուն գործ ունէր պետական գանձարանի հետ եւ այն էլ ռուսական հռչակուած ինտենդանտութեան միջոցով։ Ճարպիկ, դիւրաթեք եւ կաշառատու կապալառուն բաց պիտի գտնէր իր առաջ շահատակութիւնների մի լայն հրապարակ։ «Նրանք (հայերը Դ. Ա. ) կարդում ենք մի հին հրատարակութեան մէջ [39], տիրել են Թիֆլիսի եւ ամբողջ Անդրկովկասի առեւտրին. կատարում են ամեն կարգի յանձնարարութիւններ, պահում են համարեա բոլոր կապալները. վերցնում են բոլոր ձեռնարկութիւնները, կատարում են մատակարարական յանձնաժողովների պարտականութիւնները։ Նրանք թարգմանիչներ են, զեկուցանողներ, գործակալներ. մի խօսքով, ուր շահուելու հնարաւորութիւն կայ, այնտեղ անպատճառ գտնւում են հայեր։ Շահաստացութիւնը նրանց խոհերի եւ գործերի միակ շարժիչն է»։ Այս վկայութիւնը հայերի մասին վերաբերւում է նախորդ դարի 30-ական թուականներին, երբ քիչ առաջ վերջացել էին ռուս-պարսկական եւ ռուս-թիւրքական պատերազմները. երբ դեռ եւս շարունակւում էին ռուսների բաղխումները Կովկասեան լեռնականների հետ։ Այդ նոյն ժամանակաշրջանի մասին հետաքրքրական եւ ճիշտ դիտողութիւններ է անում հայ պատմաբան Ալ. Երիցեանցը։ Նա էլ ընդգծում է պատերազմների շնորհիւ հայերի մէջ յառաջացած փոփոխութիւնները։ «Հարկ է ասել, գրում է Երիցեանը [40], որ Պասկեւիչը աւելի ձեռնտու էր համարում զօրաց թէ պաշարի մատակարարութիւնը եւ թէ տնտեսական միւս պահանջները յանձնել աճուրդով մասնաւոր անձանց, քան թէ կատարել առաջուայ ժամանակների պէս տէրութեան պաշտօնէից ձեռքով։ Շնորհիւ այս ներմուծուած կարգ ու կանոնների, օսմանեան պատերազմում Պասկեւիչի արած տնտեսական ծախքը հազիւ հասաւ վեց միլիօն րուբլի թղթադրամի, որ համեմատաբար շատ քիչ էր։ Այդ կարգ ու կանոնները ստեղծեցին եւ կազմակերպեցին ժողովրդի մէջ մի առանձին դասակարգ «փոգրաթչի) անունով, որ միանգամայն կայացած էր հայերից։ Սոցա էր յանձնուած զօրքերի մատակարարութիւնը, ճանապարհների յարդելը, շինութիւնների կառուցանելը, ծանրութիւնների տեղափոխելը եւ միով բանիւ այն ամենայն ինչ, որ կարեւոր էր բանակի տնտեսական կառավարութեան համար։ Հայ «փոդրաթչիները» շատ նշանաւոր ծառայութիւններ մատուցեն ռուսական զօրքին ու ոմանք պատուանշաններով պարգեւատրուեցան։ Իրանց ճարպիկութեամբ եւ աշխատասիրութեամբ նոքա գրաւել էին զօրապետաց ուշադրութիւնը եւ երբեմն այնպիսի փափուկ յանձնարարութիւններ էին կատարում, որ միանգամայն կը վերաբերուէին զինուորական եւ կամ քաղաքագէտ պաշտօնէից։ Ոմն Թիֆլիզեցի փոդրաթչի Քալինեան, որ բանակին միս մատակարարելով բաւականին հարստութիւն վաստակեց, մի խումբ լրտեսներ էր պահում եւ նոցա բերանով ամենաճիշտ տեղեկութիւններ էր հաղորդում սպարապետին թշնամու մտադրութեան մասին։ Միշտ զօրաց հետ լինելով եւ շատ անգամ էլ իւրեանց անձը վտանգի ենթարկելով, մի քանի փոդրաթչի հայք կարճ միջոցում նշանաւոր հարստութեան տէր եղան եւ շուտով փոդրաթը այնքան հրապուրիչ դարձաւ, որ արհեստաւորից սկսած մինչեւ աստիճանաւորը, թողնելով իւրեանց պարապմունքը, հետամուտ էին փոդրաթ գտնելու եւ այդ միջոցով հարստանալու։ Թէեւ փոդրաթի դիմողները ամենքը չհարստացան եւ շատ շատերն էլ միանգամայն վնասուեցին, բայց մի քանիսի օրինակների պատճառով հասարակաց բերանում «փոդրաթչի» եւ հարուստ բառերը հոմանիշ դարձան։ Այդպէսով ահա ժողովուրդի այս նոր դասակարգը իւր արտաքին փայլով պատուելի դիրք բռնեց եւ ռամիկների աչքում գերադասւում էր նաեւ ազնուականների կարգից։ Երիցեանցը սխալւում է, երբ կարծում է, թէ կապալառուները բարձր համարում ունէին միայն ռամիկների աչքում։ Ո՞չ։ Նրանք դրամատէր էին դարձել. դրամն ոյժ էր, որ հպատակեցնում էր եւ քայքայում։ Նա միեւնոյն ժամանակ յարգի էր եւ կառավարութեան աչքում։ Ամեն մի ընչազուրկ չէր կարող կապալներ վերցնել, իսկ կառավարութեան համար կապալառուներն անհրաժեշտ մարդիկ էին։ Մենք տեսանք, թէ ինչ վկայութիւն էր տալիս նրանց մասին ինքը Կովկասի Փոխարքայ իշխան Վորոնցովը։ Կապալառուններն Երիցեանցի համար ատելի էին, որովհետեւ նրանք «կոտրում էին ազգի անունը օտարների առաջ»։ Այդ մասին նա մտորում է. «Սակայն որքան որ մեծ լինէր փոդրաթների տուած օգուտը, այնքան աւելի եւս նշանաւոր էր յառաջացրած վնասը՝ անբարոյականացնելով նահապետական համեստութեամբ ապրող հայերին եւ կոտրելով ազգիս անունը օտարների առաջ։ Հետամուտ լինելով կարճ միջոցում հարստութիւն դիզելու, հայ փոդրաթչին կեղեքում էր երկրագործ գիւղացուն եւ քաղաքացի արհեստաւորաց ու ամեն ցածութիւն, անխղճութիւն սառնասրտութեամբ էր տանում»։ Կապալառուներն իրենց գործառնութիւնների մէջ պինդ բռնած ունէին կաշառքի փեշը։ Կաշառելը նրանց առաքինութիւնների շարքն էր անցել։ «Պաշտօնէիցը կաշառք տալով, նա լռեցնել էր տալիս իւր զրկած ազգայնոց բողոքները եւ կարծում էր ծածկել իւր սուտը, կեղծը, խարդախութիւնը անզուսպ շահասիրութիւնը։ Կաշառք առնողները կաշառք առնում էին եւ շնորհակալութեամբ թօթովում տուողի ձեռքը, բայց իւրեանց մէջ կազմում էին այն կարծիքը, թէ հայք խաբեբայք են, քսու, ցածահոգի, դրամ պաշտող եւ միով բանիւ անբարոյական ժողովուրդ» [41] ։ Երիցեանցը մեզ տուել էր զօրքին պաշար մատակարարող կապալառուների անթերի պատկերը։ Նրա հարազատութեան մասին կասկած չի կարող լինել։

      Այժմ մեզ համար պարզ է հայ կապալառուի դէմքը։ Նա առեւտրական դրամագլխի ներկայացուցիչն է, որ միջնորդի դեր է կատարում սպառողի եւ արտադրողի մէջ։ Այդ արտադրողն էլ քաղաքներում համքարութիւնն է, գիւղերում երկրագործը։ Սակայն կապալառու-միջնորդը չէր կարող մշտապէս բաւարարուել սոսկ միջնորդական դերով։ Այդ հասկանալի էր, երբ նա դեռ աննշան նիւթականի տէր էր։ Նիւթապէս ամրապնդելով իր դիրքը՝ նա պիտի ձգտէր աւելի զգալի ազդեցութիւն գործելու արտադրութեան եւ շուկայի վրայ, նա պիտի իր կամքը թելադրէր արտադրողներին եւ նոր ուղղութիւն տար ողջ տնտեսական կեանքին։ Աւելին։ Նա պիտի կամենար անձամբ մասնակցել արտադրութեանը։ Եւ դա ոչ թէ որպէս անմիջական աշխատաւոր, այլ որպէս աշխատանքի կազմակերպող, ուրիշների բանուորական ոյժը շահագործող։ Հէնց այդ ուղղութեամբ էլ ընթացաւ կապալառուների դասը։ Հիմնաւորուելով քաղաքներում նա նախ եւ առաջ ձեռնամուխ եղաւ գործ անելու առեւտրական հրապարակի վրայ։ Սակայն այստեղ տիրում էր համքարութիւնը։ Նրա միահաւասար գործառնութիւնները եւ ապրուստի առաքինութիւնները պատուար էին լայնածաւալ եւ ազատ ձեռնարկութիւնների դիմաց։ Նոր առեւտրականն իր համեմատաբար խոշոր դրամագլխով չէր կարող սեղմուել համքարական անձուկ շրջանակներում։ Նա իր հետ բերում էր մրցում եւ տիրապետելու անյագ պահանջ։ Շուկան պիտի մնար աւելի զօրաւորին եւ ոչ թէ զօրաւորը հաշուի պիտի նստէր ինչ որ կազմակերպութեան հետ։ Եւ զօրաւորները պիտի մերժէին ամեն մի կազմակերպութիւն, որ գալիս էր չափ ու սահման դնելու նրանց ախորժակին։ Հասկանալի է, որ պիտի պայքար սկսուէր փարթամացած կապալառուների եւ համքարութիւնների մէջ։ Այդ պայքարը սկսւում է ակնյայտի փաստ դառնալ 50-ական թուականներից։ Նա ընդունում է այնպիսի չափեր, որ իր վրայ է դարձնում եւ իշխանութեան ուշադրութիւնը։ Աւելի ճիշտը՝ նորելուկ բուրժուազիան կամենում էր իշխանութեան աջակցութեամբ եւ կառավարական միջոցներով լուծել համքարական կազմակերպութիւնները։ Այդ հանգամանքի վրայ իր յաջորդի ուշադրութիւնն է դարձնում Կովկասից հեռացող իշխան Վորոնցովը։ Նա գրում է [42]. «Հայ առեւտրական եւ արհեստաւոր դասերի մէջ կայ մի հիմնարկութիւն, որի մասին ես կարեւոր եմ համարում ձեզ մի քանի խօսք ասել, որովհետեւ երկու թէ երեք տարի առաջ շատ է խօսուել նրա մասին, շատ կշտամբանքներ եւ չափազանցութիւններ են եղել նրա առիթով։ Այդ դժգոհութիւնը բղխում է մի քանի հայ առեւտրականներից եւ աւելի շատ սեփական շահի արդիւնք է։ Ակնարկածս հիմնարկութիւնը համքարութիւնն է, որին՝ հինաւուրց սովորութիւններին համաձայն՝ անդամագրւում են տեղացի մանր առեւտրականներն ու արհեստաւորները։ Համքարութիւնները հին եւ մասամբ նոր եւրոպական կորպորացիաների նման օգտաւէտ են նրանց համար, որոնք անդամագրուած են նրան, բայց նրանք վնաս էին բերում այն պատճառով, որ հին սովորութիւնների համաձայն եւ առաջներում՝ ռուս եւ օտարերկրացի արհեստաւորների բացակայութեան շնորհիւ՝ ստեղծում էին կատարեալ մենավաճառութիւն եւ արգելում ամեն մի մրցութիւն՝ լինի դա օտարներից թէ անդամագրուածների մէջ։ Նրանք վարպետագլուխների միջոցով ստիպում էին ենթարկուել այն բոլորին, ինչ որոշւում էր համքարութեան կողմից եւ յայտնւում անդամագրուածներին, այսինքն ողջ մանր առեւտրական եւ արհեստաւոր դասին։ Թիֆլիզի բնակչութեան շատացումն եւ Ռուսաստանից ու օտար երկրներից տեղս եկած զանազան արհեստաւորների ներկայութիւնը հանդէս բերին նոր հանգամանք. համքարութիւնները ստեղծում են մեծ այնարմարութիւններ, իսկ նրանց վարպետագլուխները պատճառում են մեծ նեղութիւններ։ Շատ ծրագրներ է ներկայացրուել, որոնք համարեա թէ բոլորը տանում էին դէպի համքարութիւնների կատարեալ ոչնչացումը։ Ես դրան չէի կարող համաձայնուել»։ Վորոնցովը բացատրում է, թէ ինչու ինքը չէր համաձայնուել ոչնչացնել համքարութիւնները։ Նա ասում է, որ նա ձեռք չըբարձրացրեց այդ հինաւուրց հիմնարկութիւնների վրայ ի նկատի ունենալով նրանց հասարակական օգտակար դերը։ Նա մէկ-մէկ յիշում է համքարութիւնների առաւելութիւնները. նրանց ինքնօգնութիւնը, բարեգործութիւնը, բարքերի վայելչութեան եւ կարգի խաղաղութեան նպաստելը եւ այլն։ Ի միջի այլոց նա յիշում է, թէ ինչպէս համքարութիւններն ամբողջ համայնքներով եւ անձնական աշխատանքով նպաստեցին Կօջորի ճանապարհի շինութեանը։ Եւ աւելացնում է, որ համքարութիւնների վնասակար մենաշնորհի առաջն առնելու համար նա բաւականացաւ նրանով, որ կարգադրեց նրանց նեղութիւններ չպատճառելու այն բոլոր անձերին, որոնք կամենում են զբաղուել առեւտրով եւ արհեստով առանց անդամագրուելու համքարութիւններին։ «Համքարութիւնները, գրում է Վորոնցովը, այժմ էլ քաղաքի կարիքների համար նոյնչափ օգտաւէտ են, ինչ որ առաջ։ Այս գործի վրայ ես ծանրանում եմ այն պատճառով, որ համոզուած եմ, թէ իմ բացակայութեան ժամանակ ձեզ պիտի գանգատուեն համքարութիւններից եւ գուցէ խնդրեն նրանց ոչնչացման մասին»։ Նա խորհուրդ է տալիս անհետեւանք թողնել նման դիմումները եւ միայն հսկել, որ համքարութիւնները ազատօրէն առեւտրով եւ արհեստով պարապուողների համար չըձգտեն պարտադիր դարձնելու իրենց կանոնները։

      Վորոնցովը համոզուած էր, որ կարիք չկայ կառավարական մի հարուածով վերջ տալ համքարութիւններին, քանի որ նրանք ստիպողական իրաւունք չունէին իրենց շաղկապելու մի արհեստի կամ պարապմունքի բոլոր ներկայացուցիչներին։ Ճիշտ է, համքարութիւնները նման ձգտումներ ունէին եւ հէնց դժգոհութիւնները ծագում էին այդ հանգամանքից, բայց Վորոնցովը գտնում էր, որ դրա առաջը կարելի է առնել արգելելով համքարութիւնների նման պահանջները։ Միւս կողմից նա տեսնում էր, որ եւրոպական ձեւով արդիւնաբերութիւն եւ առեւտուր զարգանում են նաեւ Անդրկովկասում։ Այդ երեւոյթն ինքնին քայքայիչ պարագայ էր համքարութիւնների համար։ Համքարութիւնները յուզւում էին հէնց այն պատճառով, որ չէին կարողանում մրցակից հանդիսանալ նոր տնտեսական պայմաններում։ Հրապարակի վրայ ուժգին պայքար էր տեղի ունենում. կամ համքարական սահմանափակում եւ հաւասար բարեկեցութիւն կամ թէ ազատ առեւտուր եւ արդիւնաբերութիւն, ապա եւ տնտեսական զարգացման նոր փուլեր։ Վորոնցովը չէր կամենում թիկունք հանդիսանալ միջնադարին (այսինքն համքարութիւններին) եւ կասեցնել հասարակական զարգացման անիւը։ Նա միեւնոյն ժամանակ դէմ էր նրան, որ մի հարուածով ոչնչացնուին հինաւուրց հաստատութիւնները. նա կամենում էր, որ նոր տնտեսակարգը յաղթանակէ աստիճանաբար եւ առանց ցաւերի ու ցնցումների։ Այս պատճառով նա հակառակւում էր համքարութիւնների արտօնութիւններին, նա հսկողութիւն էր կազմակերպում նրանց վրայ եւ հարցի լուծումը թողնում էր իրերի զարգացման ընթացքին։

      Վորոնցովն իրաւացի էր իր կասկածների մէջ, որ նոր դիմումներ պիտի լինեն համքարութիւնների ոչնչացման համար։ Նա իր հրահանգը գրել էր 1854 թ. մարտի 1-ին։ Իսկ 1854 թ. հոկտեմբերի 24-ին Թիֆլիսի զինուորական նահանգապետը դիմում է փոխարքայի պաշտօնակատար գեներալ Րէադին եւ նրա ուշադրութիւնը հրաւիրում համքարութիւնների վրայ [43] ։ Զինւորական նահանգապետն իր թղթի մէջ նկարագրում է այն դժուարութիւնները, որ առաջացնում են համքարութիւնները առեւտրի եւ արհեստի մէջ։ Նա գտնում է, որ համքարութիւնների կատարեալ ոչնչացնումը կարող է առաջացնել անցանկալի խլրտումներ եւ խորհուրդ է տալիս այդ միջոցի իրագործումը յետաձգել աւելի խաղաղ ժամանակների, սակայն հնարաւոր է համարում առայժմ գոնէ արգելել առեւտրական համքարութիւնները։ Նահանգապետը միայն իր խելքի կտրածը չէր ասում։ Նա համերաշխօրէն գործում էր Թիֆլիսի քաղաքային ինքնավարութեան հետ, մի հաստատութեան, որի ղեկը գտնւում էր փարթամացած խոշոր բուրժուազիայի ձեռքին եւ որը համքարութիւնների անհաշտ թշնամին էր։ Թիֆլիսի կապալառուներից, խոշոր առեւտրականներից եւ տնատէրերից բաղկացած այդ ներկայացուցչութիւնը չէր հաշտւում այն հանգամանքի հետ, որ արհեստաւորական կամ առեւտրական շուկայում կարող է կազմակերպուած դիմադրութիւն լինել։ Կատաղած էին մանաւանդ տնատէրերը (աւելի ճիշտ՝ խանութների, քարւանսարաների տէրերը), որովհետեւ համքարութիւնների սովորութիւնը աշխատանոցներ վարձել ամբողջ համայնքներով սանձ էր դնում նրանց ախորժակին եւ թոյլ չէր տալիս քմահաճօրէն բարձրացնելու բնակարանների վարձը։ Դէպի համքարութիւնները տածած թշնամութիւնը հասնում էր այնպիսի չափերի, որ Ղրիմի պատերազմի շնորհիւ ստեղծուած կենսական մթերքների թանգութիւնը համարւում էր նրանց միացած ջանքերի արդիւնք։ Թիֆլիսի քաղաքային ինքնավարութիւնը հրապարակով չէր գործում համքարութիւնների դէմ. նա կամենում էր իշխանութիւնն իր ձեռքին գործիք դարձնել եւ լուծել աչքի փուշ դարձած կազմակերպութիւնները։ Նա օգտւում էր այն կապերից, որ ունէր կառավարական շրջաններում։ Վերջապէս, նա ինքը մի հեղինակաւոր հաստատութիւն էր եւ ամենեւին նման չէր հետ ընկած անկիւններում կուչ եկած արհեստաւորների եւ մանր առեւտրականների հրապարակով չըճանաչուած կազմակերպութիւններին։ Եւ համքարութիւնների համար այս տագնապալից շրջանում հանդէս եկան երկու ազդեցիկ մտաւորական Գէորգ Ախվերդեանն եւ Պետրոս Շանշեանը, որոնք իրենց սրտին մօտ ընդունեցին նրանց շահերը եւ իշխանութեան առաջ յատուկ զեկուցումներով պաշտպանեցին նրանց գոյութեան իրաւունքը։ Ախվերդեանն եւ Շանշեանը իրենց պաշտպանութեամբ հրապարակ եկան 1857 թ. երբ Կովկասի Փոխարքան էր իշխ. Բարեատինսկին։ Այդ ժամանակ էլ նորից սուր բնաւորութիւն էր ստացել համքարութիւնների խնդիրը։ Ախվերդեան եւ Շանշեան իրենց զեկուցումների մէջ պարզում են համքարական կազմակերպութիւնների էութիւնը, նրանց բարձր արժանիքները բարեգործութեան եւ առաքինի վարք ու բարքի ասպարէզներում եւ համոզում են իշխանութեանը մի խումբ դրամատէրերի սիրուն ձեռք չըտալ այդ հինաւուրց հաստատութիւններին։ Ախվերդեանն այդ նպատակով գրում է [44]. «Նրանք (այսինքն՝ համքարութիւնների թշնամիները Դ. Ա. ) չնայելով այն բանին որ այդ հանգամանքները (համքարական կազմակերպութիւնները Դ. Ա. ) նպաստում են միայն բարի կանոնների հաստատման եւ երբեմն մթերքների ընդունուած գների պահպանման՝ զայրացած են, որ համքարութիւնները սահմանափակում են նրանց կամայական վարմունքները։ Նրանք ձգտում են ոչնչացնել համքարութիւնները, որպէս հասարակական բարեկեցութեան եւ խաղաղութեան համար վնասակար եւ վտանգաւոր հիմնարկութիւններ, եւ գազազած՝ նոյնիսկ չեղած յանցանք են բարդում նրանց վրայ, անուանելով գաղտնի ընկերութիւններ։ Դրա համար նրանք պահանջում են իշխանութիւնից համքարութիւնների բռնի վերացումն եւ հալածանքը, այն ինչ համքարական կազմակերպութիւնը յայտնի է իշխանութեան եւ Թիֆլիսի բոլոր բնակիչներին։ Դրամատէրերը չեն համակրում, որ համքարութեան անդամները անգիտակցօրէն մի բախտաւոր դիպուածով իրար են զուգորդում ազատ մրցումը եւ օգուտի բաժանումն աշխատանքի եւ պարապմունքի մէջ։ Նրանց համար ցանկալի է իրենց ձեռքը կենտրոնացնել արդիւնաբերութեան եւ առեւտրի որոշ ճիւղերը, որոնք, նրանց տեսակէտով, Թիֆլիսում պիտի չափազանց շահաբեր լինեն։ Սակայն նրանք տեսնում են, որ համքարական ներկայ կազմակերպութիւնն անհնար է դարձնում նրանց ձգտումն ուժեղ մենավաճառութիւն ստեղծելու եւ աշխատում են բոլոր միջոցներով քանդել այն։ Յանուն արդիւնաբերութեան ազատութեան՝ նրանք պահանջում են նրա ոչնչացումը, որպէս մենաշնորհի աղբիւրի, որը հասարակական բարեկեցութեան վտանգողն է, եւ մի փոքր չեն մտահոգում, որ իրենց հարստացումով՝ տասնեակ հազար մարդիկ պիտի կայսրութեան ծայրագաւառում վերցնեն մուրացկի մաղախը եւ մշտական հոգս պատճառեն կառավարութեանը»։ Ախվերդեանն այստեղ պարզ ասում է, որ համքարութեան թշնամիներն իրենց նեղ շահերով տարուած դրամատէրերն են։ Նրանք պարապմունքի եւ արհեստի ազատութիւն են պահանջում, բայց մի նպատակով, որ իրենց նիւթական զօրութեան շնորհիւ հրապարակի միակ տէրը դառնան եւ ստեղծեն մենաշնորհներից վատթարագոյնը։

      Համքարութիւնների արտայայտուած հակառակորդներն էին պաշտօնեայ Իզմիրեանը եւ Կովկասի Գլխաւոր վարչութեան խորհրդի անդամ բարօն Նիկոլային։ Իզմիրեանը պաշտպանում էր Թիֆլիսի քաղաքային ինքնավարութեան տեսակէտը [45], որ համքարութիւններն պիտի արգելուեն։ Համարեա նոյն տեսակէտն էր պաշտպանում նաեւ բարօն Նիկոլային։ Վերջինիս կարծիքով կարելի էր թողնել արհեստաւորական համքարութիւնները, իսկ առեւտրական համքարութիւնները պիտի միանգամից արգելուէին եւ հալածուէին, որպէս գաղտնի ընկերութիւններ [46] ։ Նրանց կազմակերպողները պիտի պատժուէին, որպէս քրէական յանցաւորներ։ Բարօն Նիկոլայիի մէջ խօսում էր բիւրօկրատի խնամակալող ոգին։ Ախվերդեանն ասում էր, որ համքարութիւններն իրենց կազմակերպուած լինելը երբէք գաղտնիք չեն համարել, որ Թիֆլիսի բոլոր բնակիչները ճանաչում են նրանց պաշտօնատարներին եւ այլն, իսկ Նիկոլային խօսում է նրանց գաղտնի լինելու մասին։ Հարցը պարզւում է այն ժամանակ, երբ մենք ի նկատի ենք ունենում ոստիկանական-բիւրոկրատիական պետութեան կարգերը։ Այստեղ գաղտնի է այն բոլորը, ինչ իշխանութեան թոյլտւութեան կնիքը չի կրում իր վրայ։ Անդրկովկասում համքարութիւնները գոյութիւն ունէին ռուսական նուաճումից շատ առաջ։ Այդ նուաճումից անցել էր 60 տարի, որի ընթացքում նրանք ազատօրէն գործել ու արտայայտուել էին։ Եւ ահա 60 տարի անցնելուց յետոյ բիւրոկրատը նոր միայն գլխի է ընկնում, որ իր ամենահաս բազկից խուսափում են ինչ որ միութիւններ։ Ուրեմն՝ խնամակալե՜լ, հսկե՜լ. կարող է գաղտնիք լինել, կարող է վտանգ սպառնալ։ Եւ դա ձեռնտու էր փարթամացած բուրժուազիային։

      Անկախ այն հալածանքից, որ փարթամացած բուրժուազիան վարում էր համքարութիւնների դէմ, տնտեսական կեանքի զարգացումն էլ մահ էր նիւթում այդ միութիւններին։ Անդրկովկասի տնտեսական-հասարակական յարաբերութիւնները ամրացել ու սերտացել էին Ռուսաստանի եւ արտասահմանի հետ, որ նշանակում է, թէ մեր երկիրը տնտեսապէս կախման մէջ էր դրուել աւելի զարգացած աշխարհների հետ եւ դժուարացել նրա գործարանային-արդիւնաբերական մրցումը ընդհանուր շուկայում։ Այս երեւոյթը աւետում էր մանր արհեստի եւ տնայնագործութեան վերջը, այսինքն կործանում էր որոշ տնտեսական կայունութիւն եւ ապահովութիւն եւ հոգեկան շուարում ստեղծում հայ քաղքենիութեան միջավայրում։ XIX դարի 50-ական եւ 60-ական թուականները հայ-լուսաւորչական հօտի մէջ առաջ բերան կրօնական երկպառակութիւն, որ անդրադարձումն էր նիւթական յեղաշրջման՝ եւ մեր յետամնաց միջավայրում ընդունել էր կրօնական բնոյթ։

      Հ. Ղուկասեանց, որ գրել է բողոքականութեան ծաւալման պատմութիւնը հայերի մէջ [47], իբրեւ փաստ յիշում է, որ Շամախիում դէպի բողոքականութիւնը հակում էին ցոյց տալիս գլխաւորապէս արհեստաւորները։ Շամախիի «եղբայրների» գլխաւորներն էին զինագործ Գէորգ Համբարձումեանցը, հիւսն Ոսկանը, համետագործ վիզը ծուռ Եսային, կօշկակար Ծկըտ Ռոստոմը եւ այլն։ Զինագործ Գէորգի որդին Սարգիս Համբարձումեանց Էստլիանդիայում բողոքական դպրոցն անցած մի մարդ էր, պահում էր ուսումնարան եւ նոր դաւանանքի գլխաւոր մտաւոր ոյժն էր։ Հայ-լուսաւորչականների կշտամբանքներին, որ «եղբայրները» լքում են պապենական եկեղեցին եւ ազգային ինքնուրոյնութեան հիմնական կազմակերպութիւնը նորակոչ բողոքականները պատասխանում էին, թէ փախչում են շռայլութիւններից։ Ըստ բողոքականների շռայլութիւնը եւ անհամեստ կեանքը սերտ առնչութիւն ունէին լուսաւորչական դաւանանքի հետ։ Այդ պատասխանը տուին նրանք նաեւ Ամենայն Հայոց Կաթուղիկոսին։ Պարզ կեանքի եւ խնայողութեան երկրպագուներ հռչակելով իրենց, բողոքականները կազմակերպել էին նաեւ ընդհանուր փոխադարձ օգնութեան դրամարկղ, որից օգնութիւն էին ստանում չքաւորները։ Բողոքականների նման գործունէութեան ազդեցութեան տակ Շամախիի հայ լուսաւորչականները առաջնորդի հետ միասին համախօսական կազմեցին, որով խոստում էին անում հրաժարուել շռայլ ծախսէրից ու ծէսերից (հարսնախօսութիւն եւ այլն»։ Ալեքսանդրոպոլում բողոքականութեան խիստ հակառակութիւն էին ցոյց տալիս վարպետները, այն ինչ դէպի նոր դաւանանքը հակումն ունէին վարպետացուները (քարգահ) եւ առհասարակ ստորին ժողովուրդը։ Եւ այսպիսի վերաբերմունքը միանգամայն հասկանալի էր. վարպետները ապահով էին եւ շահագործող, այն ինչ վարպետացուները տնտեսական կախեալ վիճակի մէջ էին գտնւում։ Տնտեսական ներհակութիւնը այստեղ ընդունում էր կրօնական գժտութեան եւ անհամաձայնութեան կերպարանք։ Եւրոպական միջնադարը ճանաչում է քարգահների ուժեղ կազմակերպութիւններ եւ շարժում վարպետների դէմ։ Մեր մէջ համքարական կազմակերպութիւնները չնայած իրենց հնութեան՝ զանազան պատճառներով չըհասան իրենց զարգացման գագաթնակէտին նրանք մշտապէս տառապում էին թուլութիւնից։ Թոյլ համքարական կազմակերպութիւնները թոյլ եւ անկազմակերպ վիճակի մէջ պահեցին քարգահական խաւը։ Գոնէ մենք վկայութիւններ չունենք նրանց առանձին կազմակերպութիւնների եւ շարժումների մասին։ Միակ յիշատակութիւնը Հ. Ղուկասեանցի վկայութիւնն է, թէ Ալէքսանդրոպոլում քարգահները հակամիտ էին բողոքականութեան, որ նշանակում է, թէ նրանք զգում էին իրենց վիճակի առանձնայատկութիւնը եւ կրօնական անհամաձայնութեամբ էին դրսեւորում տնտեսական հողի վրայ մթերուած դժգոհութիւնը։

      Այո՛, բողոքականութեան ծաւալումը հայութեան մէջ մենք նկատում ենք, որպէս արդիւնք այն վտանգի, որ սպառնում էր մանր արհեստին առեւտրական խոշոր կապիտալը եւ ծայր առնող գործարանային արդիւնաբերութիւնը։ Շուարած քաղքենիները անկարող էին բացատրել բարդացած եւ դժուարացած կեանքի պատճառները եւ նրանք երկիւղածօրէն կառչում էին կրօնին, մանաւանդ որ նա պահեցողութեան, խնայողութեան, եւ ողորմածութեան ուսմունք էր նաեւ։ Սակայն եթէ Շամախիում եւ Ալէքսանդրոպոլում շնորհիւ այդ քաղաքների յետամնաց մթնոլորդի տնտեսական ներհակութիւնը ընդունել էր կրօնական գժտութեան կերպարանք, այդ միեւնոյնը չըկրկնուեց Թիֆլիսում, որը Անդրկովկասի առաջնակարգ տնտեսական կենտրոնն էր եւ իր մէջն էր ամփոփում նաեւ երկրի հոգեւոր աղը։ Արդէն տեսանք, որ այդ քաղաքում յիսնական թուականներից սկսած համքարութիւնները շարժման մէջ էին եւ հրապարակի վրայ ունէին թէ ուժեղ հակառակորդներ եւ թէ անձնուէր բարեկամներ։ Այստեղ համքարութիւնների հասարակական եւ տնտեսական դերը պարզ գիտակցւում էր երկու կողմերից եւ սկսուած պայքարը ու դժգոհութեան մթնոլորդը չէր քօղարկւում կրօնական զգացումներով ու խնդիրներով։ Թիֆլիսի քաղաքային վարչութիւնը, որ արտայայտում էր խոշոր առեւտրականների եւ տնատէրերի շահերը, սկսած 1859 թուից քայլ առ քայլ զանազան հրահանգներով ոչ միայն սահմանափակում էր առեւտրական համքարութիւնների գործառնութիւնները եւ դժուարացնում նրանց գոյութեան պայմանները, այլ եւ այդ նոյն քաղաքականութեան ցանցերի մէջ էր կամենում առնել նաեւ արհեստաւորական համքարութիւնները։ Քաղաքային վարչութիւնը իր նեղիչ քաղաքականութիւնը հասցրեց այնպիսի չափերի, որ համքարութիւններին հրապարակական ցոյցի հանեց իր դէմ։ 1865 թ. ամառը համքարութիւններին յարած առեւտրական եւ արհեստաւոր բազմութիւնը դադարեցրեց իր պարապմունքները եւ ամբոխով յարձակուեց քաղաքագլուխ Գալուստ Շերմազանեանի տան վրայ, որ քաղաքի այդ ներկայացուցիչին զոհ բերէ իր մախձին ու վրէժխնդրութեանը։ Շերմազանեանը կնոջ հագուստով մի կերպ ազատուեց կատաղած ամբոխի ձեռքից, իսկ նրա տունն ու կայքը ենթարկուեց ջարդ ու փշուրի։ Յագուրդ տալով իր վրէժխնդրական ծարաւին՝ համքարութիւնները դուրս ելան քաղաքից եւ բանակ դրին Խոջիվանքի գերեզմանատանը։ Քաղաքի խանգարուած կարգը վերականգնելու համար իշխանութիւնը ստիպուած էր զօրք կանչել։ Արիւնի սպառնալիքը խոնարհեցրեց համքարութիւններին եւ նրանք վերադարձան իրենց խաղաղ պարապմունքներին, հարկաւ, տալով պատասխանատուներ եւ զոհեր իրենց ցոյցի ու արարքի համար [48] ։ Համքարութիւնների հին հակառակորդ բարօն Նիկոլային հետեւեալն է գրում այդ ցոյցի մասին. «Թիֆլիսի 1865 թ. փողոցային անկարգութիւնները ցոյց տուին, որ այդ կերպ՝ առանց կառավարութեան կապի՝ միացած կորպորացիաները կարող են վնասակար լինել նաեւ հասարակական հանգստութեան համար [49] ։ Մնում էր հաստատել այդ կառավարական կապը, որ վերանար հասարակական հանգստութեանը սպառնացող վտանգը։ Եւ նա հաստատուեց 1869 թ. ապրիլի 5-ի օրէնսդրութեամբ։

      Նոր օրէնքի էութիւնը հետեւեալն էր. մօտ 80 համքարութիւններից գոյութեան իրաւունք ճանաչուեց միայն 17-ի համար, ըստ որում եղած միութիւններից ոմանք վերացրուեցին, իսկ ոմանք՝ միացրուեցին։ Ապա իրաւունք տրուեց համքարութիւնների մէջ մտնելու միմիայն արհեստաւորներին, բայց ոչ առեւտրականներին։ Ամեն համքարութիւն պիտի ունենար իր կառավարութիւնից հաստատուած արհեստապետը։ Բոլոր կառավարութիւնից ճանաչուած համքարութիւնները ենթարկւում էին Արհեստաւորաց վարչութեանը (Ремесленное Управленiе), որը իր հերթին մտնում էր քաղաքային վարչութեան կազմի մէջ։ Օրէնքը յատուկ կարգ ու կանոնի տակ դրաւ նաեւ համքարութիւնների ընտրական եղանակը եւ ներքին կեանքը։ Վերացնւում էին ուղղակի ընտրութիւնները եւ սահմանւում երկաստիճան ընտրութիւններ. ընդհանուր համքարական ժողովը բաղկացած էր լիազօրներից, ըստ որում 10 համքար տալիս էին մի ներկայացուցիչ լիազօր։ Նոյնպէս վերացնւում էր համքարական գործերի կօլլեգիալ վարման հին կարգը. այժմ արհեստապետը դառնում էր կենտրոնական լիազօր անձնաւորութիւն, որը իր գործավարութեան մէջ շատ-շատ կարող էր դիմել 2-3 վարպետ-արհեստակիցների աջակցութեան։ Արհեստապետի վճռահատական իրաւասութեանն էին ենթարկւում մանր-մունր գործեր եւ այնպիսի պահանջներ, որոնց արժէքը բարձր չէր 30 րուբլուց։ Արհեստապետը ունէր պատժի իրաւունք. տուգանք՝ մինչեւ 5 ր., բանտարկութիւն՝ մինչեւ 3 օր։

      Նոր օրէնքը սահմանափակելով կազմակերպման իրաւունքը եւ եղած միութիւններն էլ դնելով կառավարական հսկողութեան եւ խնամակալութեան տակ՝ ստեղծել էր այն «կապը», որի այնքան համոզուած ջատագովն էր բարօն Նիկոլային, սակայն հէնց այդ կապը եկաւ մահացու հարուած տալու համքարութիւններին։ Կաշկանդուեց նրանց ինքնագործունէութիւնը, վերացան ռամկավար ոգին ու վերաբերմունքը, նսեմացաւ բարոյական հեղինակութիւնը, թուլացան ինքնօգնութեան կապերը եւ հաստատութիւնները եւ աղմկայոյզ համքարական կեանքի փոխարէն տիրոց չոր ձեւականութիւնը, արտաքին կերպարանքը՝ առանց ներքին ջերմացնող ու ստեղծագործող կենդանութեան։ Ահա այսպէս տնտեսական կեանքի զարգացումը, որ զարգացումն էր խոշոր առեւտրա-արդիւնաբերական բուրժուազիայի, եւ պետական խնամակալող ոգին միաբանուած 60-ական թուականներին չէզոքացրին եւ միանգամայն անվնաս դարձրին աւատական հասարակակարգի բնորոշ հաստատութիւնից մէկը՝ համքարութիւնը։ Լայն եւ անխոչնդոտ ուղի բացուեց ազատ մրցման եւ պարապմունքի համար։ Թոյլ տնտեսականի տէրը կծկուեց իր անկիւնում առանց կազմակերպուած դիմադրութեան իրաւունքի, իսկ տնտեսապէս փարթամացածը՝ հրապարակի տէրը դառնալով՝ սկսեց յղել թոյլերին ե՛ւ արեւ ե՛ւ անձրեւ։

      Այժմ պիտի լուսաբանենք մի կարեւորագոյն հարց, թէ ի՞նչպէս անդրադարձաւ հաւաքական հայութեան վրայ նրա հարազատի, փարթամացած բուրժուազիայի գոյութեան փաստը, որպի՞սի մտայնութեան ծնիչ եղաւ նա եւ ինչպէ՞ս դասաւորեց այդ խաւը իր խմբակցական յարաբերութիւնները ազգի հանրական մարմնի հետ։ Այս հարցի պատասխանը իմանալու համար, մի պատասխան, որ միեւնոյն ժամանակ լուսաբանողը պիտի լինի փարթամացած հայ բուրժուազիայի հասարակական նկարագրի, մենք պէտք է մի թռուցիկ յետադարձ հայեացք նետենք այն ուղիների վրայ, որոնց միջոցով այդ բուրժուազիան դարբնեց իր զօրութիւնը եւ յաղթական դարձաւ 60-ական թուականներին։

      Ներկայ աշխատութեան որոշ Էջերից արդէն տեսանք, թէ ռուսական տիրապետութիւնից յետոյ հարստանալու որպիսի ուղի բացուեց հայ քաղաքային առեւտրա-արդիւնաբերական դասի առաջ։ Այդ ուղին էր կապալառութիւն բոլոր տեսակների. պաշարի մատակարարումն զօրքի համար, ճանապարհների եւ կառավարական շինութիւնների կառուցումն, պետական մենաշնորհ կազմող արդիւնատեղիների շահագործումն եւ այլն։ Հարստանալու այս ուղին ճանաչում էր պետութեան եւ հայ ձեռնարկողի մէջ որոշ փոխ-յարաբերութիւններ եւ ոչ մի հիմնական առնչութիւն այդ նոյն հայ ձեռնարկողի եւ հայութեան միջեւ։ Կամենում ենք ասել, որ հայ կապալառուն իր հարստութեան դարբնման գործում կարօտ չէր հայ տարրի աջակցութեան. պահանջուած բանուորական ոյժը նա կարող էր վարձել եւ ոչ-հայերից, ինչպէս եւ անհրաժեշտ մթերքներն ու նիւթերը նա կարող էր առնել դարձեալ օտար ազգերի ներկայացուցիչներից։ Հայ ժողովուրդը չէր, որ կապալառուի առաջ հարստանալու ասպարէզ էր բացել. դարձեալ նա չէր, որ բացառապէս պիտի դեր խաղար նրա գործառնութիւննեի մէջ։ Այս մէկ։ Ապա կարեւոր է նկատել, որ ռուսական տիրապետութիւնից յետոյ Անդրկովկասի տնտեսական կեանքի ծանրութիւնը թեքուեց նախ եւ առաջ դէպի երկրի վարչական կենտրոն Թիֆլիսը եւ յետոյ դէպի մերձ-կասպիական գաւառները։ Այս փաստի լուսաբանման համար մենք հարուստ տեղեկութիւններ տուինք։ Թիֆլիսի առեւտրա-արդիւնաբերական կեանքի մասին խօսելիս՝ տեսանք, որ այդ քաղաքը երկրի խոշոր դրամագլուխների կենտրոնն էր։ Տեսանք նաեւ, որ Անդրկովկասի խոշոր արդիւնաբերութիւնները (տորոն, նաւթ եւ այլն) զարգացան մերձ-կասպիական գաւառներում։ Իսկ Թիֆլիսը եւ մերձ-կասպիական գաւառները հեռու էին հայ բնագաւառներից, հայ ժողովրդի հոծ բնակութեան վայրերից։ Մի Ագուլիսում, մի Շուշիում հայ ձեռնարկողը հիմք էր դնում իր դրամագլխին, բայց նրա յետագայ ուռճացումը այլ եւս կատարւում էր հայ միջավայրից դուրս, առանց հայ ժողովրդի մասսայական գործակցութեան, առանց նրա սպառողական եւ բանուորական ոյժի օգտագործման։ Այս հանգամանքը հայ գաւառներից դուրս էր քաշում արդիւնաբերականի ձգտող դրամագլուխները եւ միեւնոյն ժամանակ անջատման ուղի էր բանում հայ ձեռնարկողի եւ նրա հարազատ ազգային մթնոլորդի մէջ։ Այո՛, թէ պետական կապալներով հարստութեան հասնելու եղանակը եւ թէ Անդրկովկասի տնտեսական զարգացման թեքումը դէպի հայութեան հոծ բնակավայրից հեռու կենտրոնները՝ կարող էին միայն հայ կենտրոնախոյս խոշոր բուրժուական խաւ ստեղծել, նպաստել այդ խաւի խորթացմանը ազգի հաւաքական մարմնից, այլ ոչ թէ կենտրոնաձիգ դարձնել նրան կամ մերձեցման ցանցերով կապել օտար հորիզոների տակ դեգերող հայ դրամագլուխները հայրենի երկնակամարի տակ ծուարած հայ չունեւոր ժողովրդի հետ։ Հայ ձեռնարկողը քանի նա երկրորդական առեւտրական էր եւ իր գործառնութիւնները կատարում էր հայ սպառողների շրջանում՝ հարկա՛ւ, չէր կարող ներդաշնակ համայնակեցութեան մէջ չըլինել հայրենի ժողովրդի հետ, իսկ երբ նա մնաս բարեւ էր ասում հայրենի նեղ հորիզոնին եւ աւելի լայն ասպարէզ փնտրում իր ձիրքերի համար, ասպարէզ, որը կամ ներքին Ռուսաստանումն էր կամ Անդրկովկասի հեռաւոր անկիւններում ապա այդ ձեռնարկողը արդէն սկսում էր օտար մարդ դառնալ հայրենի ժողովրդի ազգային հանրական կեանքի համար։ Հարստութիւնը իր յատուկ պահանջներն ու տրամադրութիւնն ունի։ Կարելի է մանուֆակտուրային ապրանքների ձեռնարկութիւն ունենալ հայ միջավայրում, առ ու ծախս անել, անգամ հարստանալ եւ գոհ լինել իր վիճակով, բայց չի կարելի տորոն արդիւնաբերել, նաւթային կամ պղնձի հանքեր շահագործել, կամ բանկային հաստատութիւն հիմնել եւ յոյս դնել, թէ հայութիւնը կարող է ապրեցնել այդ ձեռնարկութիւնները, այսինքն տալ անհրաժեշտ սպառողների կամ գործակալների քանակը։ Խոշոր դրամագլուխները ձգտում են միջազգայնութեան, նրանք իրենց ուռճացման համար պահանջում են լայն շուկաներ։ Հայ կապիտալը կարող էր հիւծուել, եթէ նա սկզբից կառչած մնար հայրենի միջավայրին եւ չըձգտէր թռիչքներ գործել Ղարաբաղից դէպի Բագու, Ագուլիսից դէպի Թիֆլիս եւ Մոսկուա։ Այդ թռիչքների հետ էլ նրանք ապազգայնանում էին եւ իրենց տէրերին ներարկում ապազգայնութեան ձգտումներ։ Այս երեւոյթին նպաստում էր նաեւ մի ուրիշ հանգամանք։

      Պարսկական տիրապետութիւնը հայերի համար ստեղծած ունէր բացառիկ հասարակական կացութիւն, որ նրանց մօտեցնում էր իրարու։ Ռուսական տիրապետութիւնը խորտակել էր բացառիկութեան կաշկանդիչ շղթաները, բայց նա բոլոր հայերին հարկադրաբար չէր կապել մի ազգային հաւաքական մարմնի մէջ։ Հայը կարող էր յարել իր ազգութեանը, նրա ներգործօն անդամը լինել, եթէ դրա համար գիտակցութիւն եւ պարտազգացութիւն ունէր, եթէ այդ բանը նրան շահագրգռում էր նիւթականի կամ բարոյականի տեսակէտից, իսկ եթէ չըկային այդ հանգամանքները, ապա ոչ մի ոյժ չըկար, որ Ս. Նազարեանցի արտայայտութեամբ «իշխանական գաւազան» շարժէր։ Արդէն հայի դժնդակ անցեալը նրանից դաստիարակել էր խիստ արտայայտուած անհատակութեան տէր մի արարած։ Ռուսական կարգերը՝ վերացնելով բացառիկ գոյութեան կաշկանդումները՝ նոր ոյժ տուին հայի կենտրոնախոյս անհատակութեանը։ Ճիշտ է, նոր տիրապետողը անխախտ պահեց եկեղեցու կապը, բայց այդ հաստատութիւնը հասարակական կեանքի զարգացման շնորհիւ չէր կարող լիուլի ծածկել ազգային հաւաքող կազմակերպութեան բացը եւ ընդհակառակը իր պահպանողական բնոյթով դառնում էր խորթացման մի նոր աղբիւր, երբ ազգութեան կրթուած անդամը երես էր դարձնում դաւանանքի կազմակերպութիւնից եւ չէր գտնում ազգի կազմակերպութիւնը։

      Ահա այսպէս՝ XIX դարի առաջին կիսում թէ տնտեսական զարգացումը եւ թէ հայութեան քաղաքական գոյութեան պայմանները ստեղծում էին մի մթնոլորդ, երբ սօցիալական սանդուխքի բարձր աստիճանի վրայ կանգնած նրա մի խաւը փարթամացած բուրժուազիան երես էր դարձնում սեփական ազգից։ Այդ բուրժուազիան բուռն հետաքրքրութեամբ եւ իբրեւ խիստ շահագրգռուած կողմն չէր միջամտում ազգային գործերին, չէր ձգտում որոշ հասարակական ծրագիր առաջադրել եւ այդ ծրագրի իրագործման ստորադրել ազգի հաւաքական եռանդը։ Նա օրէցօր մեկուսանում էր ազգից, պահպանելով միայն կրօնական կապը եւ շատ-շատ բարեգործ հանդիսանալով իր դաւանակիցների համար։ Չափաւոր կարողութեան տէր հայը դեռ ազգի հետ էր, որովհետեւ գլխաւորապէս գործում եւ շնչում էր ազգային միջավայրում, իսկ հէնց որ փոփոխութիւն էր կատարւում այդ նոյն հայի կարողութեան մէջ, փոփոխութիւն դէպի բարգաւաճումն եւ ուռճացումը, ապա սեփականութեան քանակի հետ փոխւում էր եւ նրա տիրոջ մտայնութեան որակը. նա սկսում էր վերից վար նայել հարազատ ազգի վրայ եւ ջանալ իր վրայից թօթափել նրա հոգեւոր առանձնայատկութիւնները։ Չափաւոր կարողութեան տէր հայ չէր խուսափում ազգի ընձեռած պաշտօններից. նա երէցփոխ էր, դպրոցական հոգաբարձու եւ այլն։ Եւ նրա հասարակական դիրքի համար անպատշաճ բան էր, որ հայ թերթում, օրինակ, լոյս տեսնէր հետեւեալ ծանուցում. «Մարդասիրական Ընկերութեան հիմնադիրները յանուն Ս. Գր. Լուսաւորչին մերոյ, Բարձրագոյն հաստատուած Բագու քաղաքում, ընտրեցին իւրեանց միջից պ. Գր. Թումայեանցին, որ կատարէ Բագու քաղաքում պատահեալ կոմիսիայքն՝ այսինքն ստանայ ամեն տեսակ ապրանք եւ կամ դրամ, ճանապարհ գցէ ինչպէս եւ որտեղ կամենան նորանց տէրերն այն պայմաններով, ինչպէս եղել է մինչեւ ցօրս վաճառականաց մէջ, եւ այս կոմիսիայից ինչ արդիւնք որ ստացուի, պիտի մտանեն վերոյիշեալ Մ. Ը. գանձարանը. վասնորոյ ընկերութեան հիմնադիրները խնդրում են վաճառականաց, որ իւրեանց յանձնարարութիւնքն կատարելու համար Բագու քաղաքում դիմեն առ պարոն Թումայեանցն, որն որ փորձուած է եւ առաջ եւս կատարել է այնպիսի յանձնարարութիւններ ճշտութեամբ եւ ուղղութեամբ։ Ի 28 Մայիսի 1865 թ. ի Բագու» [50] ։ Այս ծանուցումը մի լուսաբանող փաստ է, որ չափաւոր հարստութեան տէր հայը ազգային լուսաւորական-կուլտուրական հաստատութեան հիմնադիրն է դառնում եւ նրա բարգաւաճման համար էլ լծւում որոշ առեւտրական յանձնարարութիւնների։ Սակայն դրութիւնը փոխւում է, երբ այդ նոյն հայը, ինչպէս ասացինք, թառում է սօցիալական սանդուխքի բարձր աստիճանին։

      «Մեր մեծատունները, գրում է 60-ական թուականների գործիչներից մէկը, փողից գերազանց բան չեն ճանաչում եւ չեն էլ ուսանում ճանաչել. էնդուր համար էլ միւս բաները, թէ այս, գուցէ եւ այն աշխարհի մէջ եղածները, որոնց վրայ պէտք էր դարձնել աւելի մեծ ուշադրութիւն, սիրել փողից աւելի՝ մեռած են նոցա համար։ Շատ փող կայ նոցա սնդուկում, որով եւ իցէ հնարքներով լցուել է նոցա քսակները ոսկւով ու արծաթով, արդէն հարուստ են համարում իւրեանց՝ կարծում են թէ այդպիսով լի ու լի կատարել են իւրեանց մարդկային պարտականութիւնքը։ Ինչ որ արել են մեր մեծատունները, անում են դեռ եւս, եւ անելու են սրանից յետոյ էլի շատ երկար այլ որեւիցէ ասպարիզում, բացի շահաստացութեան՝ հարկադրանքով ու ստիպուելով է։ Մարդու համբերութիւնը սպառւում է համարեա բոլորովին, մինչեւ նոցա պինդ կնքած ու կաշկանդած քսակների բերանները եւ սնդուկների խուփերը բանալով, կը հանէ այնտեղից մի շատ փոքր գումար որեւիցէ ազգային գործքի համար… Երբ պատահում է ում եւիցէ ազգային պետոյքի համար փող խնդրել դոցանից, անխտիր ստանում է մի այսպիսի կամ սորա նման պատասխան, թէ. «Հա՛, ա՛… էլի չելա՞ւ… էլի փուղ… ասկ չըդառաւ միզ ամա, ցա՛ւ ու կրակ դառաւ էլի՛… ախպէր էդ քու ասկն ի՞նչ կուտայ ինձ, եփոր ջիբումս վունչինչ չի ըլի… ռադ էլէ՛ք պաժալստայ… է. էհ»… [51] Ազգ չդառաւ մեզ համար, այլ ցաւ ու կրակ դառաւ, ազգը ի՞նչ կըտայ ինձ, երբ գրպանս դատարկ լինի սրանք պատասխաններ են, որ յատուկ ուսումնասիրութիւնից աւելի պերճախօս են պարզում հայութեան անմխիթար հասարակական կացութիւնը, երբ ազգի անդամը խնդրանքներին զիջելով է բարեհաճում առնչութիւն պահպանել ազգային հանրութեան հետ։ Իսկ թէ ինչո՞ւ էր ազգի զարգացումը կանգնել նման փակուղիի առաջ՝ այդ մասին արդէն խօսեցինք վերը։

      Սակայն եթէ փարթամացած բուրժուազիան նիւթական բարգաւաճման շնորհիւ ազգային շրջանակները անձուկ էր գտնում իր համար՝ այդ նոյնը չի կարելի ասել հայ քաղքենիութեան, հայ մանր-առեւտրական եւ արհեստաւոր հոծ խաւերի համար։ Փարթամացած բուրժուազիան իր տնտեսական գործառնութիւններով ալեկոծման մէջ էր դրել հայ միջավայրը, սասանեցրել էր հին համեմատաբար կայուն հասարակարգի հիմքերը եւ հրաժարւում էր գլուխ կանգնել նոր հանգամանքների մէջ կաղապարուող հայութեան։ Նա կործանում էր, փորփորում աւատական միջավայրի հիմքերը եւ իրեն բաժանում ազգային հաւաքական ձգտումներից։ Կործանումն էլ մի դրական գործ էր, որ նա կատարում էր։ Մնում էր ազգահաւաքման, ազգաշինման նոր աշխատանքը։ Այդ աշխատանքին լծուեց աշխարհիկ մտաւորականութիւնը՝ ազգաշինութեան նիւթ ընտրելով իր համար հայ մանր բուրժուազիային, հայ խանութպանին եւ արհեստաւորին։ Ս. Նազարեանցը ազգաշինութեան այս ծրագիրը ամփոփել է հետեւեալ տողերի մէջ. «Շատ սխալւում են մեր սիրելի Հայերը որ, եթէ խօսք է լինում մի օգտակար ձեռնարկութեան վրայ, աչքերը դարձուցանում են մեծատունների եւ հարստականների վերայ, որպէս թէ դոցա էր միայնաբար պատկանում ազգը եւ դոքա միայն պիտի բանային իւրեանց առատութեան քսակը, բարեգործութիւն անելու. բայց դոքա շատ անգամ կուրացած անձնասիրական եւ փառասիրական ախտերով չըկամին եւս գիտել, թէ աշխարհիս երեսին Հայ ազգ կայ, ազգային յառաջադիմութեան կարիք. այդպիսիների ազգը եւ ազգային օգուտը իւրեանց անձն է, իւրեանց փառքը եւ վայելչութիւնը, իւրեանց քաղցր եւ դիւր կեցութիւնը իւրեանց համար միայն։ Աստո՛ւած իմ, մի՞թէ ազգը չգտանելով իւր մէջ համախոհ մեծատունք, պիտի բոլորովին ուրանայ իւր անձը, հրաժարուի ամենայն բարեգործութիւնից եւ այդպէս դատապարտէ ինքն իւր անձը դէպի տգիտութեան խաւարը, դէպի յետամնացութեան նախատինքը։ Յիրաւի, ազգը հաւասարապէս պատկանում է մեծատունին եւ հասարակին. բայց եթէ մեծատունը, Աստուծոյ չտուածից, այնքան չքաւոր է բանականութեամբ եւ բարոյականութեամբ, որ կարողանում չէ հասկանալ իւր պարտականութիւնքը դէպի ազգ եւ ընկեր, կամ թէ ամենեւին եւս չէ ընդունում որեւիցէ այդպիսի պարտականութիւնք, մի՜թէ դորանցից հետեւում է, որ եւ հասարակը պիտի յուսահատուի, ձեռքը գոգումը դնէ եւ բերանը բացած ասէ միշտ. եթէ մեծատունը, որ կարող էր, չկամի բարեգործութիւն, չկամի ճանաչել ազգային օգուտը, ուրեմն մենք, աղքատ մարդիկս, ո՛վ եւ ի՛նչ կարող ենք յառաջացնել մեր թոյլ կարողութեամբ։ Ամենեւին սխալ դատողութիւն։ Մի ազգի գլխաւոր ուժը եւ զօրութիւնը հասարակի մէջ է, որովհետեւ հասարակի բազմութիւնը հարիւր հազարաւոր, իսկ մեծատունների թիւը տասն ու քսան է. բացի դորանից, աշխարհիս բոլոր ականաւոր գործերը իմաստութեան եւ ճարտարութեան մէջ, յառաջացած են ժողովրդի միջակ եւ չքաւոր դասակարգերից. աշխարհաշէն գիւտերը եւ յայտնագործութիւնը արած են ժողովրդական կարգի մարդերի ձեռքով, որովհետեւ դոցա մէջ են ամփոփուած մի ազգի երեւելի քանքարքը եւ շնորհները։ Այսքանս թող բաւական լինի, պարզ եւ բացայայտ հասկացնելու մեր Հայոց հասարակին իւր իրաւունքը, իւր կշիռը, իւր խորհրդաւոր կոչումը ազգի մտաւորական եւ բարոյական վերաշինութեան համար։ Կրկնենք այստեղ դարձեալ միանգամ մեր սրտի անփոփոխելի վկայութիւնը, որ մի այլ տեղ մեր գրուածների մէջ ասած ենք մեր ազգին թէ. «Հայկազեան ժողովրդի լուսաւորութիւնը պիտոյ է լինի իւր յատուկ ձեռքի վաստակած վաստակը» [52] ։

      Երբ Ս. Նազարեանցը իր այս զգացուած ներբողն էր գրում հայ «հասարակին», հայ քաղքենիութեանը՝ այդ նոյն օրերին Պերճ Պռօշեանցը՝ երգիչ չըլինելով՝ երգ էր ձօնում նոյն «հասարակին»։ Ահա Պռօշեանի այդ ձօնը [53].

 

   Երգ հայկական թատերականաց

Նուէր Թիֆլիզու Հայ Համքարներին

Թատրոնիս սիրո՛ղք, Թիֆլիզի Հայ Համքարնե՛ր,

Հայաստան իր յոյսը ձեր վրայ է դրել,

   Թեւ թիկունք դարձէք մեզ

   Մտնել այս ասպարէզ,

Հայ անուան փառք ու պարծա՛նք,

Համքարնե՛ր, հաստատ մնաք։

Մեր սկսած գործը դուք շատ փառաւորեցիք,

Մեր սրտի եռանդը աւելի վառեցիք,

   Այսօր դուք ցոյց տուիք

   Թէ Հայ էք ճշմարիտ,

Հայ անուան փառք ու պարծա՛նք,

Համքարնե՛ր, հաստատ մնաք։

Թո՛ղ հասնի այս ձայնը Հայաստանի ականջը,

Իմանայ իր որդւոց մէջ զարթնած եռանդը,

   Վառի ողջ Հայերին

   Նմանիլ Թիֆլիզին,

Հայ անուան փառք ու պարծա՛նք,

Համքարնե՛ր, հաստատ մնաք։

 

      «Աստուա՛ծ իմ, մի՞թէ ազգը չգտանելով իւր մէջ համախոհ մեծատունք, պիտի բոլորովին ուրանայ իւր անձը», բացականչում էր Ս. Նազարեանցը։ Ազգը չուրացաւ իր անձը. նա դարձաւ ազգ հայ քաղքենիների, հայ խոնարհ խաւերի եւ իրեն առաջնորդ ընտրելով ժողովրդասէր մտաւորականներին՝ պայքարի դրօշակ պարզեց այն ոյժի դէմ, որը պատմականօրէն դարձել էր հայութեան ներկայացուցչութիւնը եւ իր ձեռքը հաւաքել ազգային գործերի ղեկը, մանաւանդ ազգային կրթութեան աշխատանքը։ Այդ ոյժը հայ հոգեւորականութիւնն էր, որ կարիքի դէպքում գիտէր դաշնակցել դաւանանքով հայ մնացած ազնուականների ու մեծատունների հետ։ Հայ աշխարհիկ եւ հոգեւոր դասերի պայքարին մենք կը դառնանք յետագայում։ Այստեղ մի անգամ էլ շեշտենք, որ տնտեսական կեանքի զարգացումը եւ հայութեան քաղաքական կացութիւնը խորթացման ուղի բացան փարթամացած հայ բուրժուազիայի առջեւ եւ ազգայնօրէն զարգանալու հոգսն ու աշխատանքը ծանր բեռով բարդեցին հայ քաղքենիութեան թոյլ ուսերին։

      Ազգայնօրէն դալուկ դէմքի տէր լինելով՝ փարթամացած հայ բուրժուազիան, իբրեւ դասակարգ, դալուկ էր նաեւ ընդհանուր տնտեսական ու քաղաքական հարցերի մէջ։ «Ազնիւ», այսինքն ազնուական դառնալու մարմաջը ցաւագարութեան էր հասցրել նրան։ Շքանշան ստանալը, այս կամ այն «կլասի» աստիճանաւոր համարուելը բացառիկ բախտ էր նկատւում այդ բուրժուազիայի շրջանում [54] ։ Հայ բուրժուաների «ազնիւ» դառնալու մարմաջը այնպիսի ակնբախ երեւոյթ էր, որ ստիպում էր իշխանութեանը յատուկ վերաբերմունք ստեղծել դէպի նա։ «Կան հայեր, գրում է փոխարքայ իշխ. Վորոնցովը իր տեղապահ գեն. Րեադին, որ ծառայութեան մտնելով աստիճաններ են ստացել, իսկ ոմանք անձնական եւ տոհմական ազնուականութիւն, ինչպէս եւ պատուաւոր քաղաքացիութիւն, եւ այս վերջինը, իմ կարծիքոմ, աւելի է օգտաւէր թէ նրանց եւ թէ երկրի համար, քանի որ տալով ազնուականութեան բոլոր գլխաւոր իրաւունքները՝ չի թոյլատրում նրանց տէր դառնալու բնակեցրած հողերի եւ գիւղացիների։ Այս բանում ես միշտ կանոն եմ ունեցել որքան հնարաւոր է հայ առեւտրական դասին խանգարել, քանի որ այդ դասի մարդկանց ճորտատէր լինելը ընդհանրապէս ծանր է նստում ճորտերին եւ խիստ անօգտաւէտ է այստեղի իսկական հին ազնուականութեան համար» [55] ։ Հայ բուրժուազիայի «ազնիւ» դառնալու մտահոգութիւնների վրայ կանգ է առնում նաեւ «Վաճառական» թերթը [56] ։

      «Էն վաղ էր, գրում է յիշեալ թերթը, որ արհեստները եւ վաճառականութիւնը չէին պատւվում, ինչպէս պէտք էր եւ վաճառականը իր անպատւութիւնը իր որդքերանցից վերացնելու համար աշխատում էր ուսում տալ իր որդուն եւ աստիճանաւոր շինել իր գործից հեռացնելով եւ իրանից խորթացնելով նրան։ Ամենից լաւերը եւ հարուստները թողնում էին վաճառականութիւնը, փոքրերը եւ խեղճերը անդադար փոխվում էին եւ էդպէսով գործը յետ էր մնում եւ բոլորովին չէր պատահում տեսնել որ եւ իցէ առեւտրական տան 100 տարով շարունակ գործունէութիւնը։ Բայց հիմի, երբ որ վաճառականների համար պատրաստված է մէկ արժանաւոր վարձատրութիւն պատուաւոր քաղաքացութիւնը եւ կառավարութիւնը իր կողմից ամեն միջոց գործ է դնում առեւտրական զօրութիւնը յարգելու եւ պատուելու, յայտնի բան է վաղուցվան բաները չեն կրկնվիլ. պատուաւոր քաղաքացին էնքան տեղը պատուած է, ինչպէս եւ աստիճաւորը։ Բայց Կովկասը դեռ շատ հեռու է էդ լսից։ Թէպէտ էստեղ էլ ստացան վաճառականներ եւ ստանում են իրանց գործունէութենի համար պատուաւոր քաղաքացիութիւնը, բայց էլի վաղուացվան բաները շարունակվում են անպակաս։ Վաճառականութիւնը եւ արհեստը մեզանումն էնպէս ցած են համարվում, որ մէկ նոր բան էդ գործումը, մէկ նոր փոփոխութիւն դէպի լաւը միայն ծաղր անելու առարկայ է դառնում մեր վաճառականների կողմից։ Շատ քիչ վաճառականի որդի կտեսնէք, որ ուսում ստանալուց յետոյ շարունակէ իր հօր պարապմունքը։ Ինչպէ՞ս կարելի է էդ ամբոխի հետ խառնվիմ, ասում է մեր ուսում առածը եւ գնում է ծառայութենումը աստիճաններ փնտրելու։ Բոլոր շնորհալի եւ արժանաւոր տղերքը հեռանում են վաճառականութիւնից եւ ասպարէզը թողնում են մանր մունր մարդկանց»։

      Հայ վաճառականը ոչ միայն աշխատում էր իր պարապմունքի «անպատւութիւնից» փրկելու իր սերունդներին, այլեւ նա հասարակական ասպարէզներում առաջնութիւնը զիջում էր «ազնիւներին» ու աստիճանաւորներին։ Մի խիստ բնորոշ փաստ։ 1864 թ. Բագւում հիմնուեց Մարդասիրական Ընկերութիւնը, որի 13 հիմնադիր անդամներից 3 աստիճանաւոր էին, իսկ 10 կապալառու եւ վաճառական։ Թւում է, թէ ընկերութեան ղեկը, նրա ներկայացուցչութիւնը պիտի հէնց էն գլխից գտնուէր առեւտրա-արդիւնաբերական դասի ձեռքին, քանի որ անդամների ճնշող մեծամասնութիւնը նրանցից էր կազմուած։ Սակայն իրականութեան մէջ դա տեղի չունեցաւ։ Ընկերութեան առաջին հինգ նախագահները (բժ. Դ. Ռոստոմեանց, մայիօր Մովսէս Զոհրաբեանց, Պ. Մէլիք-Բէգլարեան, Խ. Քանանեան եւ Ա. Մամիկոնեան), որ վարեցին նրա գործերը տասն եւ չորս տարի (1864-1878) «ազնիւներ» ու աստիճանաւորներ էին։ Հայ վաճառականը . Բաղիրեանց) արժանացաւ ընկերութեան նախագահի աթոռին, այսինքն հասարակական գործչի հասունութեան վկայական ստացաւ՝ միմիայն 1879 թ. ։

      Հինը խեղդում է նորին պիտի ասել այս վկայութիւններից յետոյ։ Մի պետութեան մէջ, ուր նախապատուութիւնը տրւում է ազնուական դասին, հասկանալի պիտի լինի, որ մնացած բոլոր դասերը, քանի նրանք չեն տոգորուել դասակարգային գիտակցութեամբ, պիտի ջանան գունաւորուելու առաջնակարգ դասի գոյնով, նմանուելու նրան, տեղ ունենալու նրա շարքերում։ Անդրկովկասի աւատական միջավայրում ապագան պատկանում էր հայ առեւտրա-արդիւնաբերական խաւին, բայց նա չունէր իր ոյժի կոչման գիտակցութիւնը եւ աշխատում էր յանձին իր փարթամացած անդամների խառնուել աւատականների երամին եւ լուծուել նրանց մէջ։ Այստեղից էլ հասկանալի պիտի լինի, որ նման մտայնութեամբ տոգորուած մի դասակարգ, ակամայ առեւտրա-արդիւնաբերական գործունէութեամբ զբաղւող մի խաւ, չէր կարող ոչ ցանկալի չափերով զարկ տալ երկրի տնտեսական զարգացմանը, ոչ էլ առանձնապէս յարգանքով վերաբերուել իր հարազատ ազգին, որը ըստ. Ս. Նազարեանցի համարեա թէ բաղկացած էր վաճառականներից, իսկ ըստ «Վաճառական» թերթի ազգային այդ պարապմունքը ապրում էր անպատուաբեր համարումի մթնոլորդում։ Յիշե՛նք, որ մի դասակարգ լիակատար կերպով դրսեւորում է պատմութիւնից իրենց վիճակուած զօրութիւնը այն ժամանակ, երբ գտնում է իրեն, այսինքն, երբ գիտակցում է իր ուրոյն դասակարգային առաքելութիւնը։ Հէնց դասակարգային գիտակցութիւնը պակասում էր փարթամացած հայ բուրժուազիային։

 



[1]        Обозрѣнiе Россiйскихъ владѣнiй за Кавказомъ, ч. III, С. П. Б., 1836 г., էջ 311-313։

[2]        С. А. Егiазаровъ, "Изслѣдованiя по исторiи учрежденiй въ Закавказьи”, ч. II Городскiе Цехи", Казань, 1891, էջ 254 (ծանօթութիւնը)։

[3]        “Сборникъ статистическихъ свѣдѣнiи о Кавказѣ”, Тифлисъ, 1869 г., էջ 12.

[4]        Акты, т. IX, ч. II, N 520.

[5]        Отчетъ по Главному Управленiю Намѣстника Кавказскаго за десятилѣтiе 1862-1872 г., Тифлисъ, 1873 г.

[6]        “Обозрѣнiе Россiйскихъ владѣнiй за Кавказомъ”, С. П. Б., ч. I, 1836 г., էջ 213-214։

[7]        “Обозрѣнiе Россiйскихъ владѣнiй за Кавказомъ”, ч. III, С. П. Б., 1836 г., էջ 308-309։

[8]        Шопенъ, էջ 843-850, 856-867, 876-877։

[9]        Н. Шавровъ, "Обзоръ производительныхъ силъ Кавказскаго Намѣстничества за 1879 годъ, Тифлисъ 1880, էջ 342-345. Շավրովը այստեղ տալիս է թուեր սկսած 1822 թ. մինչեւ 1877 թ. ։ Մենք այդ բոլոր թուերն անօգուտ համարեցինք առաջ բերել։ Մենք տուինք միայն տասնագլուխների թուերը։ Դրամական շրջանառութեան մասին առաջին տարիների համար թուական տեղեկութիւններ պակասում են։

[10]         Акты, т. IX, ч. II, N 520.

[11]       Акты, т. X, N 184. Отношенiе ст. -секр. Вронченки къ кн. Воронцову, отъ 28 февраля 1846 г. N 3545. Անդրկովկասի առեւտրական պատմութիւնից մի հետաքրքրական միջնադէպ։ Կովկասի Փոխարքայ իշխ. Վորոնցովն ամեն կերպ աշխատում էր, որ ռուս գործարանատէրերն եւ առեւտրականներն անմիջական առեւտրական հաղորդակցութեան մէջ մտնեն Անդրկովկասի հետ։ Դրանով նա ցանկանում էր վերջ տալ հայերի միջնորդ պարապմունքին, որով նրանք իրենց կամքն էին թելադրում ամբողջ առեւտրին եւ թանգացնում էին ապրանքները, ապա կամենում էր նաեւ իսկական ռուսների համար ընտանի դարձնել նոր նուաճած երկրամասը, առեւտրի միջոցով Անդրկովկասում բազմացնել եւ ամրացնել ռուսական տարրը եւ այլն։ Վորոնցով գործում էր, որպէս խելօք կառավարիչ։ Նա գիտէր սիրաշահել տեղական ուժեղ տարրերին, բայց միեւնոյն ժամանակ երբէք աչքաթող չէր անում զուտ ռուսական շահերը։ Վերի տեղեկութիւնները ժողոված են նրա ցանկութեամբ։ Նա կամենում էր իմանալ Անդրկովկասի առեւտրի որքանութիւնը Ռուսաստանի հետ, ապա ծայրագաւառ հրաւիրել Մոսկուայի ռուս գործարանատէրերին։ Վորոնցովի ցանկութիւնն իրագործուեց 1847 թ. ։ Այդ թուականին Թիֆլիսում բացուեց «Ռուսական ապրանքների դէպօ», որի բաժնետէրերն էին ի միջի այլոց՝ Բարանով, Գուչկով, Պրոխորով, Չետվերիկով եւ Մոսկուայի քաղաքագլուխ Լիպեօշկին։ Ռուս գործարանատէրերի Թիֆլիսում հաստատուելը ոտքի հանեց հայ վաճառականներին։ 30 առաջնակարգ առեւտրականների ստորագրութեամբ նրանք խնդրագիր մատուցին իշխ. Վորոնցովին (Акты, т. X, N 193, отъ 26 мая 1847 г. Իրենց խնդրագրի մէջ նրանք ասում էին, որ իրենք կարծել են, թէ Մոսկուայի գործարանատէրերը Անդրկովկասում պիտի առեւտուր անեն միայն թոմառով (оптомъ), այն ինչ նրանք զբաղւում են եւ հատավաճառով (розничная торговля)։ Վերջին հանգամանքը միանգամայն կործանիչ հետեւանք պիտի ունենայ թիֆլիսցիների համար, քանի որ դէպօն վաճառում է ոչ միայն գործարանային ցածր գներով, այլ եւ Անդրկովկաս ներմուծւող ապրանքների համար ստանում է յատուկ պրեմիա (նպաստ)։ Դա կը դրդէ տեղական վաճառականներին դիմել դէպօյին, իսկ թիֆլիսցիների ապրանքը կը մնայ առանց առնողների։ Թիֆլիսի առեւտրականները խնդրում են Վորոնցովից, որ նա կարգադրէ դէպօին իր գործառնութիւնները բանալու երկու տարուց յետոյ, երբ իրենք վաճառած կը լինեն իրենց բոլոր ապրանքները։ Նրանք աւելացնում են, որ վնաս պիտի կրեն եւ քարւանսարաների ու խանութների տէրերը, քանի որ իրենց գործերի փակումով՝ տնատէրերը զրկւում են եկամուտներից եւ այդ պարագան իր հերթին ծանր ազդեցութիւն պիտի անէ քաղաքի բիւջէի վրայ, քաղաքի, որ պահպանում է ոստիկանութիւն, բնակարան է տալիս զօրքերին եւ կատարում է ուրիշ քաղաքային պարտաւորութիւններ։ Թիֆլիսցիները խնդրագրի մէջ Վորոնցովի ուշադրութիւնն են հրաւիրում եւ մի այլ հանգամանքի վրայ։ Նրանք ասում են, որ դէպօի հիմնադիրները մեզ մխիթարում են նրանով, թէ տեղական արդիւնքների առեւտուրը կը մնայ մեր ձեռքին, այսինքն մեզ բաժին կընկնի մետաքսի, բամբակի, տորոնի, բրդի եւ այլ առեւտրուրը, սակայն, աւելացնում են նրանք, «դա մեզ համար առեւտրի նոր ճիւղ չէ։ Մենք այդ արդիւնքները վաճառքի ենք հանում շատ վաղուց եւ դա միշտ կենդանացրել է երկրի առեւտուրը։ Տեղական վաճառականները իրենց տներում չեն բազմել եւ միայն վայրենի լեռնականների հետ չեն վարել իրենց գործառնութիւնները, այլ ուղեւորուել են Ռուսաստան եւ այլ աշխարհներ տարածելու սեփական արդիւնքները, որով եւ վարժուել ու կրթուել են առեւտրի մէջ, որի հաստատութեան համար շատ զարմանալի օրինակներ կան։ Դրա վրայ իր ուշադրութիւնն է դարձրել եւ կառավարութիւնը»։ Թիֆլիսցիներն ի վերջոյ խնդրում են, որ եթէ չըյարգուի իրենց խնդիրքը, գոնէ Վորոնցովը ստիպէ դէպօյի տէրերին յետ վերցնելու եղած ապրանքները, որոնք գնուած են նոյն այդ Մոսկուայի գործարանատէրերից։

            Իշխ. Վորոնցովը Թիֆլիսի հայ վաճառականների խնդիրքը թողեց առանց հետեւանքի (Акты, т. X, N 194)։ Նա պատասխանում է. «Ռուսական ապրանքների դէպօի»։ հաստատումով հայ վաճառականները պիտի շահուին, քանի որ ստիպուած չեն լինել գնալ Մոսկուա եւ Նիժնի-Նովգորոդ եւ իրենց առեւտրական պատուէրներով կը դիմեն Թիֆլիսի բաժանմունքին։ Ապա իր պատասխանի մէջ նա գրում է. «Չեմ կարողանում հասկանալ, թէ ինչպէս Թիֆլիսի հայ վաճառական դասը եւ շատ պատուաւոր անձեր, որոն անունները ես կարդում եմ խնդրագիրը ստորագրողների թւում, որոնք այնքան ծանօթ են առեւտրական գործի հետ եւ ընդհանրապէս գիտեն ռուսական օրէնքները՝ կարող էին կարծել, թէ ես իրաւունք ունեմ իրագործել վերոյիշեալ միջոցներից որեւէ մէկը։ Արգելել անձնաւորութեան կամ ընկերութեան խանութ բանալ եւ վաճառել իրենց ցանկացածը՝ դա վեր է ամեն մի վարչութեան իշխանութիւնից։ Իսկ ստիպել ընկերութեանն առնել այն, ինչ նա չի կամենում, դա ոչ միայն վեր է այդ իշխանութիւնից, այլ եւ կը լինէր իսկական անարդարութիւն, քանի որ նշանակում է ստիպել առնելու այնպիսի իրեր, որոնք մնացել են ընկած վաճառականների մօտ եւ ոչ ոք չի կամենում ձեռք բերել»։ Ինչպէս ասացինք, Թիֆլիսի հայ վաճառականութեան դիմումը մնաց առանց հետեւանքի։ Հայ վաճառականներն իրաւունք ունէին վախենալու նոր մրցակցից։ Նրանց գործերն իսկապէս սկսեցին վատանալ։ Այդ հաստատում է իշխ. Բեհբուտեանի մի նկատողութիւնը վաճառականների հրապարակ հանած հարցի առիթով (Акты, т. X, N 200, отъ 20 мая 1848)։ Բեհբուտեանն ասում է, որ Մոսկուայի գործարանատէրերի ձեռնարկութիւնը նպատակ չունի նպաստելու տեղական ժողովրդի առեւտրին, այլ մրցում է տեղացիների հետ, իսկ այդ մրցութիւնը ուժեղների պայքար է թոյլերի դէմ, ուստի հայերն իրենց անբաւարար միջոցներով չեն կարող մրցել Մոսկուայի գործարանատէրերի հետ։ Մոսկուացիները չարդարացրին իշխ. Վորոնցովի սպասումները։ Նրանց Թիֆլիսում հաստատուելուց չորս տարի անց (Акты, т. X, N 207, отъ 2 мая 1850) նա գրում է դէպօի հիմնադիրներին, որ ռուս գործարանատէրերը Անդրկովկասում իրենց ապրանքները վաճառում են, բայց տեղական արդիւնքները չեն առնում Ռուսաստան արտահանելու համար։ Նա ասում է, որ ռուսները հասարակ փերեզակութիւնից բարձր խելք եւ ընդունակութիւն չը ցուցադրեցին, որ հայերն իրաւացի էին իրենց տրտունջների մէջ եւ որ այսուհետեւ ռուսները բարոյական իրաւունք չունին իրենից աջակցութիւն սպասելու եւ այլն։

          Նախորդ դարի 40-ական թուականներին կատարուած այս անցուդարձերը մենք հրապարակ ենք հանում, որպէս հայ վաճառական դասի կազմակերպուած դիմադրութեան մի փորձ դրսի ուժեղ կապիտալի արշաւի դէմ։ Այդ դիմադրութիւնը յաղթանակով չը վերջացաւ, որովհետեւ արշաւողը տիրող ազգութեան բուրժուազիայի կապիտալն էր։ Հպատակ ազգի բուրժուազիան, որպիսին էր հայկականը, ստիպուեց խոնարհուել։

[12]       Н. Шавровъ, էջ 334-335։

[13]       “Сборникъ статист. свѣдѣнiй о Кавказѣ”, т. I. Тифлисъ, 1869 г. отдѣл. IV, էջ 85-92։

[14]       Այս եւ յետագայ գումարները ցոյց են տալիս արտադրութեան չափը։

[15]       "Сборникъ", էջ 28-59։

[16]       Մեր աղբիւրը՝ բերելով համքարութիւնների մէջ կազմակերպուած վաճառականների եւ արհեստաւորների թուերը՝ գումարի մէջ ցոյց է տալիս 745 վարպետ, 692 վարպետացու եւ 763 աշակերտ։ Մեր գումարը տուաւ ուրիշ թուեր։ Հաւանօրէն տպագրական վրիպակներ կան, բայց թէ որ թուերի մէջ են նրանք սպրդել մենք անկարող եղանք ստուգելու։

[17]       Акты, т. IX, ч. II, N 520.

[18]       Сборникъ ст. св. о Кавказѣ”, от. II, էջ 77-89։

[19]       Сборникъ ст. св. о Кавказѣ”, от. II, էջ 91։

 

[20]       Ст. Гулишамбаровъ, "Очеркъ развитiя и современное состоянiе нефтяной промышленности Бакинскаго района". Сборникъ свѣдѣнiй о Кавказѣ. т. VII, Тифлисъ 1880, էջ 333-335։

[21]       Г. Е. Старцевъ, "Бакинская Нефтяная промышленность", Баку, 1901, էջ 6-13։

[22]       С. Гулишамбаровъ, էջ 344։

[23]       Сборникъ, էջ 94։

[24]       Сводъ матерiаловъ и т. п., т. IV, Тифлисъ, 1888 г., ч II, Н. Н. Шавровъ, "Очеркъ шелководства въ Закавказьи", էջ 137-175։

[25]       О прикаспiйской маренѣ, Тифлисъ, 1863.

[26]       1861 թ. համար Դերբենտից արտահանածին մենք միացնում ենք Կասպիական Ծովի միւս վայրերից (Բագու, Պետրովսկ եւ Նիզովայետ Պրիստան) արտահանածը՝ 15, 770 փութ։

[27]       1862-1864 թթ. համար տեղեկութիւնները վերցրել ենք Сборникъ ст. св. о Кавказѣ գրքից отд. II, էջ 106։

[28]       1866-1872 թ. թ համար տեղեկութիւնները վերցրել ենք Н. Шавровъ-ի "Обзоръ произ. силъ Кавк. Намѣстничества" գրքից, էջ 492։ Շավրովը իր բերած թուերը ստորաբաժանում է հում տորոնի եւ տորոնից պատրաստած կրապի։ Մենք այդ թուերը միացրինք։ Տորոնից կրապ տարեկան պատրաստւում էր 12 հազարից մինչեւ 36 հազար փութ։

[29]       Ст. Гулишамбаровъ, "Обзоръ фабрикъ и заводовъ Тифлисской губернiи. Отчетъ за 1886 г. ", Тифлисъ, 1888, էջ 80.

[30]       Отчетъ по Главному Управленiю Намѣстника Кавказскаго 1862-1872 г., Тифлисъ, 1873 г., էջ 252.

[31]       Անդրկովկասի համքարութիւնների հետ ծանօթանալու համար մատնանշում ենք հետեւեալ աղբիւրները. 1) Юр. Θ. Ахвердовъ (Գէորգ Ախվերդեան) "Тифлисскiе Амкары", Тифлисъ, 1883. 2) Сборникъ ст. св. о Кавказѣ, отд. III, էջ 30-32, 3) П. Шаншiевъ (Պետրոս Շանշեան) "Два слова объ амкарѣ", Тифлисъ, 1857. 4) Гакстгаузенъ, “Закавказскiй край”, С. П. Б., 1857 г., ч. I, էջ 105-108. 5)   С. А. Егiазаровъ, “Городскiе Цехи”, Казанъ, 1891։

[32]       Егiазаровъ, էջ 292-293.

[33]       Ахвердовъ, գլ. II.

[34]       Ахвердовъ, գլ. II.

[35]       Егiазаровъ, էջ 98.

[36]       Акты, т. IV, N 865.

[37]       Сводъ матерiаловъ, т. IV, ч. II, Н. Н. Шавровъ, “Очеркъ шелководства въ Закавказiи”.

[38]       Акты, т. X, N 71, Инструкцiя кн. Воронцова ген. Реаду, отъ 1 марта 1854 г.

[39]       “Обозрѣнiе Россiйскихъ владѣнiй за Кавказомъ”, С. . ., ч. I, 1836 г., էջ 199.

[40]       Ալ. Երիցեանց՝ «Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը եւ Կովկասի Հայք XIX դ. », հ. I, էջ 442-447։

[41]       Վաթսունական թուականներին Թիֆլիսում հրատարակւում էր «Վաճառական» շաբաթաթերթը, որի գլխաւոր աշխատակիցն էր Ալ. Երիցեանցը։ Այդ թերթի համարները լի են ծանուցումներով տրւող կապալների եւ աճուրդների մասին։ Ինչ դատապարտելի էր 30-ական թուականների համար՝ հաւանօրէն հանդուրժելի էր 60-ական թուականներին։ Եւ դա հասկանալի է։ Հին գիշատիչ կապալառուն երեք տասնեակ տարիներից յետոյ գոնէ արտաքուստ քաղաքակրթուած էր երեւում եւ հրող կերպարանք չունէր. նա արդի մտքով բուրժուա էր դառնում։

          Զօրքին պաշար մատակարարող կապալառու էր եւ Ներսիսեան դպրոցի բարերար Էֆենդեանցը, որի մահը ողբում էին 60-ական թուականներին։

[42]       Акты, т. X, N 71, Инструкцiя кн. Воронцова ген. Реаду, отъ 1 марта 1854 г.

[43]       Акты, т. XI, N 846, oтношенiе и. д. Тифл. военнаго губернатора полк. Колюбакина ген. Реаду отъ 24 окт. 1854 г.

[44]       Ахвердовъ, гл. I, էջ 2.

[45]       Վորոնցովին ներկայացրած իր զեկուցման մէջ Իզմիրեանը յիշում է, որ ինքը տնատէր է, իսկ համքարութիւնները թոյլ չեն տալիս նրան իր կամքով նշանակել խանութների վարձը։

[46]       Ахвердовъ, гл. II, էջ 30-32.

[47]       Հ. Ղուկասեանց, «Բողոքականութիւնը Կովկասու Հայոց մէջ», Թիֆլիս, 1886։

[48]       Համքարութիւնների ցոյցի մասին հետաքրքրական յիշողութիւններ ունի տպագրած Պերճ Պռօշեանը («Թատրոն» - 1899. N 2, էջ 64-70. «Մի անյայտ թատրոնական գործիչ»)։

[49]       Отчетъ по Главному Управленiю, էջ 118.

[50]       «Մեղու Հայաստանի», 1865, յունիսի 12-ի N-ը։

[51]       «Կռունկ Հ. Աշխարհին», 1862 նոյեմբեր, յօդուած Գ. Տ. . (Գէորգ Տէր-Աղէքսանդրեան)։

[52]       «Հիւսիսափայլ», 1863 դեկտեմբեր, էջ 2-3։

[53]       «Կռունկ Հ. Աշխարհին», 1863, N

[54]         Մի բնորոշ փաստ. 1838 թ. յունուարի 20-ին կուսակալ բարօն Րոզէնը հետեւեալն է գրում բարձր կառավարութեան. Սղնախի բնակիչներ Ամիրան եւ Արտեմ Շահվերդեանները 1812 թ. վրացական խլրտումի ժամանակ հաւատարիմ մնացին ռուսներին, ապա այդ քաղաքում շինել են բամբակի մանուածարան՝ ծախսելով 40 հազար ր., ջուր են բերել քաղաքի համար, իսկ 1833 թ. սովի ժամանակ չքաւորներին հաց են բաժանել, ուստի եւ արժանի են «14 կլասի» աստիճանով վարձատրուելու (Акты, т. VIII, N 927)։

[55]       Акты, т. X, N 71.

[56]       «Վաճառական», 1866, N 23։