Դիւցազնուհին

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա.

Ա… քաղաքի հարուստ թաղամասի ընդարձակ հրապարակի հարաւային կողմում, բազմայարկ, հոյակապ եւ շքեղաշէն բնակարանների շարքում, ամենապատւաւոր եւ աչքառու տեղ բռնում էր ծերունի, պաշտօնաթող հրամանատարի տունը, որը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ փոքրիկ մի պալատ։ Արտաքուստ՝ պատերը, դռների եւ պատուհանների շրջանակները, ներկայացնում էին բազմապիսի գեղազարդ շինւածքներ եւ կենդանանկարներ։ Ներսում, իւրաքանչիւր մի սենեակ իւր կարասիներով եւ զարդարանքներով, յափշտակում էր նայողի ուշք ու միտքը, եւ նրան ժամերով կաշկանդում, իրմով զբաղւելու, իրեն դիտելու համար միայն։

Երեկոյ էր։ Գիշերը իւր խաւարահիւս եւ համապարփակ վրանը ամրացրեց երկրի երեսի վրայ։ Խաւարը անթափանց էր, եւ վրանի տէրը՝ գիշերային թագաւորը, ասես, խղճաց, արհեստական կերպով մութի դէմ կռւելու միջոց չունեցողներին, վառեց վրանի կատարից, զարդարանքի համար կախ արած անհամար կանթեղները։

Ազնւականների բնակավայր հրապարակի ելեկտրական ճրագները լուսավառեցին եւ շրջապատը ողողեցին լիակատար կերպով։ Գոյնզգոյն փայլը անդրադառնալով երփներանգ ներկւած պատերի, լուսամուտների ապակիների եւ նկարուն դռների վրայից, կազմում էր հմայքոտ մի տեսարան, նման եօթներրորդ երկինքի եթերային լուսաւորութեան, ուր՝ ինչպէս եւ այստեղ, գեղեցկութիւնն ու մաքրութիւնը, հրաշքն ու արւեստը, իրար միախառնւած, ստեղծել էին երազ, երեւակայական հիանալի մի ամբողջութիւն։

Զինւորական ալեզարդ հրամանատարին տան ներքին փառահեղութիւնը աւելի էր շեշտւած։ Ելեկտրական լուսաթելերը եւ լեզւակները լուսամփոփող գոյնզգոյն եւ զանազանակերպ ապակիների չքնաղ եւ ակնախտիղ ճառագայթները՝ ճառճրագների շուրջկողքերից կախւած բիւրեղեայ շիթերը, զերթ սաստիկ ձմրան ծառաճիւղերին կապւած սառոյցի կտորներ, իրենց թափանցիկ կազմւածքի մէջ ընդունելով, կոտորակների էին վերածում, բեկբեկում, գունաւորում եւ ապա վերադարձնում տիրոջը, ընծայում շրջապատին։

Տանը տիրում էր անոյշ մի խաղաղութիւն, ասես, ինչ որ անիմանալի եւ անմատչելի մի աներեւոյթ ննջում լինէր, որի նինջն ու հանգիստը ո´չ ոք չէր յանդգնում խռովել։ Ծառաներն ու սպասուհիները՝ կոկիկ եւ սպիտակ հագնւած, մատների ծայրերով ուշիկ ուշիկ շարժւում էին. արագութեամբ մաքրում էին նախընթրիքի ճոխ ու բարելից սեղանը, ապակեայ եւ արծաթեայ բաժակները, ամանները սատափազարդ պահարանների մէջ տեղաւորելով, անխօս, անաղմուկ։

Դահլիճում, թաւշապատ գահաւորակի վրայ, ընկողմանել էր ծերունի զինւորականը։ Նա խաղում եւ կատակներ էր անում իր ծնկներին նստեցրած սպիտակաբուրդ շնիկի հետ։

Հռչակաւոր նկարչի վրձինով եւ գունագեղ գոյներով կենդանագրած երկու մերկ կիներ ներկայացնող պատկերների ոսկէքանդակ շրջանակների մէջտեղումը դրած էր նկարուն ժամացոյցը. նա միօրինակ եւ շարունակական տակտով պտտել եւ միաժամանակ ճամբայ կտրելով սլաքները հասցրել էր ութը թւանշանի վրայ, երբ յանկարծ իր մեքենայական փոքրիկ կառուցւածքը աղմկւեց, անիւների ատամները չխչխկացին, ապա թռչնիկի մի գլուխ դուրս թռչելով կատարից, ձայնեց՝ Ոչի՜նչ… ու դարձեալ անհետացաւ։

Քիչ յետոյ նա կրկին դուրս ցատկեց, այս անգամ կանոնաւոր եւ սրտագրաւ ձայնով կանչեց՝ կո՜ւ-կո՜ւ… կո՜ւ-կո՜ւ… եւ այսպէս ութը անգամ։

Շնիկը վար ցատկեց, պոչը շարժեց, գռմռաց եւ պլստուն աչքերով ուղիղ ժամացոյցին նայեց, ապա սուր, ճչուն ձայնով հաչմչեց։

Ոչի´նչ… Ուրեմն ժամի ութն է, ծանրօրէն ասաց հրամանատարը, ոտքի ելնելով նայեց իւր ծոցի ժամացոյցին էլ. Ճիշտ ու ճիշտ ութն է, կրկնեց նա, յետոյ մօտեցաւ պատին, հուպ տւեց փայլուն կոճակը եւ դառնալով շնիկին ասաց։ Հը՜ դուք էլ կը բարեհաճէք, սիրելիս, ընկերանալ տիկնոջ եւ ինձ ազնւականների ժողովարան պարահանդէսի գնալու։

Տակաւին շան պատասխանը չլսած, դուռը բացւեց, ներս եկաւ երիտասարդ սպասուհին, կիսամերկ կուրծքով

  ………………………………………

երեսուն եւ վերջապէս յիսուն հազար օժիտ-բաժին կ’ուզենք, եթէ չէք տալ, տարէք ձեր աղջկանը թթու դրէք բօրշի համար». բայց այս թողնե´նք, մի կարեւոր գործ մոռացութեան տւած մարդու նման ասաց Կօլեան, ուշացա´նք, շա՜տ ուշացանք։ Մանեա կառքը պատրա՞ստ է։

Պատրաստ սպասում են տէ´ր իմ, պատասխանեց սպասուհին, որ զբաղած էր տիկնոջ զգեստները եւ նրանց ծուռումուռ ծալքերը ուղղելով։

Բէլկան չի՞ գալու, Կատեա.

Ո´չ, նա սաստիկ զբաղւած է, պատրաստւում է վերջնական քննութեան, նա ո´չ միայն ակումբ չի մտաբերում, այլ շատ անգամ ճաշն ու թէյն է մոռանում։ Խե՜ղճ աղջիկս, ե՞րբ պիտի ազատւի այս չարաչար աշխատանքից, սատանան տանէ, հալւեց ու մաշւեց գրել կարդալով, երեսին գոյն ու ժպիտ չմնաց, ասաց Կատեան մայրական կարեկից խանդաղատանքով։

Լա´ւ է, իր տեղն է´, ես հազար անգամ նրան ասացի որ այդքան աշխատելը ի զուր է, չէ´ որ ամէն բան պիտի վերջանայ վկայականով, ոսկէ մեդալով, եւ բոլոր ջանքերը դրանց համար են միմիայն։ Գլխաւոր վերատեսուչը բարեկամս է, խօսքիցս դուրս չի գալ, կասիմ նրան, որ համ լաւ վկայական տայ՝ բոլոր ուսմունքների համար հինգուխաչ թւանշաններով եւ թէ առաջին աստիճանի ոսկէ մեդալ, եւ եթէ նա, վերատեսուչը համարձակւէր չեմուչում անել, այն ժամանակ պիտի մի հարիւրանոցի գլուխը ցաւցնէի եւ շատ շատ մի խանի շիշ թունդ օղի, ու ամեն բան կը վերջանար, բայց նա չլսեց, յամառեց, ասաց՝ թէ ես կաշառքով վկայական չեմ ուզում, դէ´ թող հիմա հացից էլ, խաղից էլ, զւարճութիւններից էլ զրկւի ու տանջւի։

Իմ Բէլկան չի ուզում գնւած վկայական ունենալ, նա ուրիշ աղջիկ է, հպարտութեամբ ընդհատեց կինը։

Մեզանում այժմ ամեն բան դառնում է կաշառքով, դրամով, մնացեալները բան չարժեն. սո´ւտ է, կաշառքով կարելի է մինչեւ անգամ Աստծուն այստեղ բերել։

Այր ու կին իրար յետեւից ցած իջան սանդուխքներից։ Զօրականի սուրը երբեմն երբեմն թոյլ կերպով դիպչում էր ո եւ է կարծր առարկայի եւ չխկում. տիկնոջ մետաքսէ նրբահիւս զգեստների խշշոցը, ինչպէս ցորենի հասուն հասկերի վրայով սուրացող մեղմիկ հովի ձայնը, լեցնում էր տան լուռ ու դատարկ մթնոլորտը, հազիւ լսելի աղմուկով։

Նրանք արդէն տեղաւորուած էին դրան առաջ կանգնած կառքում, երբ տիկինը մինչեւ այստեղ իրեն ուղեկցող սպասուհուն ասաց.

Մանեա, մենք կը վերադառնանք ժամը մէկին կամ երկուսին, սեղանի պատրաստութիւնները հիմակւանից սկսէք. ասա´ խոհարարին որ կերակուրներին լաւ ուշադրութիւն դարձնէ, ապա դառնալով կառապանին հրամայողական տօնով ասաց.

Քշի´ր եւ չափ քցիր ձիերը։

Կառապանը պատասխանեց՝ «այս րոպէին տիկի՜ն», շարժեց մտրակը, եւ ձիերը թռան ու անցկացան քառասմբակ։

Մանեան բաւական երկար ժամանակ նայեց սլացող կառքի ետեւից, գլուխը տարուբերեց, հառաչալից ձայնով, կամացուկ ասաց.

Գնացի՜ն բաղդաւորները, երջանիկները այս աշխարհի, շռայլելու եւ զւարճանալու, կեղծիքով, խաբկանքով եւ արեան առուտուրով ձեռք բերած հարստութեամբ։ Կործանւի´ս դու աշխարհ, որ շքանշաններով զարդարել ես ա´յն մարդու կուրծքը, գլուխը պսակել եւ գրպանները ոսկիով լեցրել ա´յն զօրավարին, որ հայրենիքն է ծախել ու դրամի փոխարէն հազարաւոր երիտասարդ զօրքերի թշնամու թնդանօթների առաջն է ձգել դաւաճանութեամբ։ Այս խօսքերի հետ նա ուժեղ թափով ձգեց դրան ծանրկէկ փեղկը եւ գոցեց, բարձրացաւ սանդուխքներից, մօտեցաւ մի սենեակի, մեղմիւ բաղխեց դուռը. ներսից լսելի եղաւ. «Մտէ´ք»։

Մանեան ներս մտաւ, ուշիկ-ուշիկ մօտեցաւ սեղանի մօտ նստած օրիորդին եւ ասաց. «Գնացի՜ն»։

Բայց ե՞րբ կը վերադառնան, իմ Մանեա, չգիտե՞ս, այդ մասին ոչինչ չասացի՞ն։

Ինչպէ´ս չէ, ժամի մէկից-երկուս պիտի վերադառնան, այսպէս ասաց տիկին մայրիկդ, պատասխանեց Մանեան։

Այդ շա՜տ լաւ եղաւ։ Այսպէս ուրեմն, մօտաւորապէս հինգից վեց ժամ ժամանակ ունինք։

Օրիորդը ծերունի զինւորականի միակ աղջիկն էր։ Նա հազիւ տասնեւութը տարեկան լինէր։

Սեղանի կողքին նստած, գլուխը դրած յենարան նեցուկ մի ձեռքի վրայ, մտախոհ ու թախծալի դէմքով, խորհրդաւոր եւ տպաւորիչ հայեացքները ուղղել էր Մանիաին։

Կապոյտ լուսաւորութիւնը, բեկբեկւած գունաւոր, լուսամփոփ ապակու մէջ, իւր անոյշ շողերով պայծառացնում էր նրա խոհուն դէմքը, աստւածացնում երկուստեք փոխանակւած լուռ մտքերը, րոպէի, տեսարանի անհուն անըմբռնելիութիւնը։

Բէլկան համակրելի էր, հմայքոտ եւ անպայման դիմացինի մէջ յարգանք, ազնիւ եւ վեհ զգացումներ արթնացնող, գեղեցիկը պաշտել տւող եւ այդ պաշտամունքը աստւածացնող արտաքինով։ Նրա հասակը միջակից բարձր էր, կազմւածքը անպակաս եւ բարեձեւ։ Գեղեցիկ գլուխը ծածկել էին հարուստ ծամերի հիւսքերը։ Ճակատը լայն էր, վերեւից եւ կողքերից եզերւած հերահիւս սեւաթոյր շրջանակով, վարից՝ երկու կիսալուսնաձեւ ունքերի կամարները, աննման վարպետի հրաշակերտող գրչի հոյակապ շինւածքների հանգոյն, հովանաւորել էին երկու կենսալի եւ նշաձեւ աչկունքը, որոնք զերթ եդեմական աղբրակների ակունք իրենց ճոթերում բռնած կայլակները, ասես ուզում էին արձակել, բայց չէին զօրում, խիտ արտեւանունքներից կազմւած պատնէշ թումբերը խորտակելու։ Աչքերից քիչ վար, սպիտակ եւ թաւշեայ զոյգ թուշերի վրայ անմահական աղբիւրների ջրերով սնւած, անարատ սպիտակութեան քնքոյշ սրտի վրայ բուսած, երկու վարդեր էին կոկոնել, կիսաբացւել, որոնք իրենց թերթիկների բաց կարմիրը, ճիպ-ճերմակ մարմարի վրայ, մեղմացրել, թուլացրել եւ ստեղծագործել էին մի նոր գոյն, որը տակաւին նմանը չի ունեցել։ Այս չքնաղատես ծաղկանոց գլուխը, նստած էր կարապի պարանոցի վրայ, նայում եւ մոգում էր շրջապատին։

Բէլկան մի քանի անգամ անցաւ դէս ու դէն, տնտղեց սեղանի վրայ դրւած գրքերն ու թղթերը, եւ նրանց ծալքերի միջից դուրս բերեց մի նկար եւ ագահութեամբ աչքերը սեւեռեց նրան։ Ներքին մի ուժեղ յուզում բորբոքեց նրա էութիւնը, եւ այդ անմիջապէս արտացոլաց նրա դէմքի վրայ։

Ա՜խ Մարուսա, իմ անգի´ն, իմ պաշտելի Մարուսա, սրտամորմոք ձայնով ասաց օրիորդը եւ նկարը բարձրացնելով համբուրեց ու հեկեկաց…

Մա´նիա, գնա քո բաժին գործը, կատարելիքդ յանձնարարիր ընկերներիդ, պատրաստւիր եւ շուտով այստեղ վերադարձիր, որովհետեւ միասին պիտի դուրս գնանք։