Դիւցազնուհին

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ե.

Հիւսիսային երկիրներին յատուկ երկարատեւ, շնչասպառ ձմեռը գնալով սաստկանում էր եւ վերջանալու յոյս չկար ասես, մինչդեռ սովը իր սուր ճանկերը խրում էր գիւղացու մինչեւ սրտի խորքը եւ այնտեղից դուրս բերում ճանկերը՝ արիւնաներկ, կենսատու հեղուկի կաթիլները եղունգների ծայրերից թափթփում երկրի ձիւնաթոյր երեսի վրայ։

Մի քանի օր էր որ Իվանի ընտանիքի գրեթէ բոլոր անդամները ոչինչ չէին կերել, մեծ ու փոքր միասին մնացել էին անսնունդ, անսւաղ, գետնախնձորի վերջին հատն էլ սպառւած էր։

Իվան եւ իր ամուսին Մանեան նայելով իրենց անսւաղ փոքրիկների դալուկ երեսներին, լսելով նրանց «հայրիկ անօթի եմ», «մայրիկ քաղցից մեռնում եմ» հոգեխորով խօսքերը, նրանք կորցրել էին ուժեղ, անտանելի տանջանքների տակ եւ իրենց բանականութիւնը, շւարել եւ խենթացել էին, չգիտէին ի՞նչ անելնին։ Է´լ միջոց չէր մնացել, դուռ չէր մնացել, որ չէին բաղխել, բայց զո՜ւր, անօգո՜ւտ…

Մա´մա, հա՜ց… մի կտոր գետնախնձոր…

Այս տխուր, կերկերաձայն յանկերգը, որ ընդունակ էր ապառաժի կարծր կուրծքի մէջ թափանցելու, լսւում էր յաճախակի Իվանի աղքատիկ յարկի տակ։

Իվա´ն, մի անգամ ասաց նրան ամուսինը, էլ հնար չկայ, ե´կ տէրտէրին գնա, գուցէ նա յանձն առնէ քեզ հետ գալ եւ միջնորդել մեծ պարոնի մօտ, որ պարտք տայ, թէկուզ ի՞նչ գնով էլ որ լինի։

Ի զուր կը լինի Մանեա, բոլորովին անօգուտ, մեր տէրտէրը էն բարեհոգի ծաղիկներից չէ, նա վարձկան է եւ այն էլ շա՜տ կեղտոտ տեսակի։ Ես երէկ էլ գնացի նրա մօտ, նկարագրեցի վիճակս, աղաչեցի եւ խնդրեցի իրեն, նա անսիրտ կերպով զայրացաւ վրաս եւ ասաց. «Գնացէք ձեր տեղն է, դեռ այս քիչ է, մեր Աստւածը տակաւին խնայում է, դուք, սուրբ Ռուսաստանը պղծող, աստւածախաչ Հրէաների, հերձւածող Լատիշների, կաթոլիկ Լեհերի, բողոքական Ֆինների, ոչ ուղղափառ Հայերի եւն. ի հետ միացած էք ընդդէմ նրան, նրա աստւածահաստատ սուրբ միապետի եւ ուղղափառ եկեղեցու, գնացէ´ք թող նրանք կերակրեն ձեզ։ Եւ նա լիաբերան մի հայհոյանքով թեւիցս բռնեց եւ տան դուռը ցոյց տւեց…

Գնա´ ուղղակի մեծ պարոնի մօտ, թերեւս նա գթայ, ասաց կինը։

Մի քանի փոքրիկներ, որոնք անկանոն կերպով պառկած, իրար վրայ էին թափւել, հազիւ էին շարժւում, երբեմն երբեմն աչքերը թարթելով, կեանքի վերջին վայրկեանները ընդառաջող մահամերձների նման, արդէն ուժասպառ, հոգեվարքային հիւանդների պէս, ինչ որ եղերերգ էին մրմնջում։ Այս մրմունջները գալիս, նրանց չորցած կոկորդների մէջ խեղդւում ջարդուկոտոր լինելով մարում էին, որով միայն նրանց բեկբեկումի շշուկն էր լսելի լինում։ Ձայնատար թելերի անզօրութիւնից առաջացած ընթացքի խզումը էր հնչում, նրանք էլ անկարող էին կրել իրենց մշտական բեռը, առնել թոքերից մինչ բերան երկարող ճամբան, եւ դեռ տեղը չհասած, կէս շաւիղի վրայ, ճնշւում էին բեռան ծանրութեան տակ ու ընկնում…

Մայրիկ հա՜ց… հա՜ց…

Իվանը դուրս եկաւ տնից եւ անգիտակցաբար քայլեց դէպի մեծ պարոնի բնակավայրը, որը գիւղական տներից բաւական հեռու ընկած, մի ընդարձակ եւ հիանալի շինութիւն էր։ Նրան մի կերպ, հազար ու մի դժւարութեամբ, հազիւ յաջողւեց ներկայանալ մեծ պարոնին։

Տէ´ր, ասաց Իվանը, գթա´, խղճա´ մեզ, չորս հինգ օր է ոչինչ չենք կերել, զաւակներս մահւան դուռն են հասել… պարտք տո´ւր, հոգու պարտք, քո ստրուկը, քո գերին կը դառնամ մինչեւ կեանքիս վերջը, հա´ց տուր մեզ, հա´ց տուր, մէկի փոխարէն տասը կը վերադարձնեմ առաջիկայ կալոցին։

Ես ի՞նչ անեմ, հօ´ ես պարտաւոր չեմ… միայն քեզ մի բարութիւն կարող եմ անել, եթէ ունիս կանոնաւոր գրաւական բե´ր մի բան կը տամ, էլի´ քրիստոնեա եղբայրներ ենք։

Չկա՜յ, ոչի՜նչ չմնաց, ամեն բան, ինչ որ ունէի վաճառքի հանեցի յետնեալ տուրքերի փոխարէն, մնացածն էլ մինչեւ այսօր ծախծխելով կերանք, այժմ ոչի՜նչ, ոչի՜նչ չունինք։

Եթէ այդպէս է, տալ չեմ կարող, եւ ո՞ր մէկիդ տամ, գնացէք հող ու քար կերէք, ինձ ի՞նչ…։

Յուսակոտոր եւ գլխահակ վերադարձաւ Իվանը, եւ չգիտէր ինչպէ՞ս տուն գնար, ի՞նչ պատասխանէր հաց աղաղակող իւր զաւակներին։ Այս մտորումներով՝ ինքիրան մոռացած, նա իրեն գտաւ գիւղական հրապարակում։ Ահագին բազմութեամբ շրջապատւած, քաղցած ամբոխը վայրենի աղաղակներով որոտում էր, եկեղեցու զանգակները անդադար եւ արագութեամբ հարում էին։ Իվանը առանց ուշադրութիւն դարձնել կարենալու, շարունակեց ճամբան եւ տուն հասաւ։

Փոքրիկները դարձեալ իրար վրայ թափւած, անշարժ, մարած աչքերով նայում էին։ Նրանց բերաններից դեղնաւուն մի հեղուկ կամաց կամաց ծորում էր, քաղցահոտը անախորժ էր դարձրել տան օդը։ Մայրը գրկած էր նրանցից մէկին եւ առանց լաց լինելու արտասւում էր, ասես մարմարիա արձան լինէր եւ աչքերից կախ ընկած արցունքները՝ ալմաստի հատիկներ։ Մանեան զաւակը գրկում, լացակում հայեացքով նայեց ամուսնուն, տեսաւ նրան ձեռնունայն, կործանւած յուսով եւ ապա սուր մի ճիչ արձակելով՝ ասաց,

Իվա՜ն, Վանեան մեռա՜ւ… մեռա՜ւ, հա՜ց… քաղցա՜ծ եմ… հայրի՜կ. եւ հոգեհան վերջին խօսքերը չորացան նրա սպիտակ շրթունքների վրայ…

Իվանը մօտեցաւ, տնտղեց դիակնացած որդուն, ապա ծունկի իջաւ, վերցրեց նրա պաղած թաթիկը, հպեց շրթունքներին, մի քանի րոպէ անձայն, անմրմունջ մնաց այդպէս, յետոյ ոտքի ելաւ սրբազան լռութեամբ եւ խորհրդաւորութեամբ… Մանկահասակ սովամահի յաւիտենական նինջը ո եւ է կերպով խանգարել, կամ վրդովել չէին ուզում որդեսէր ծնողները։

Հայրը սկսեց դատարկւած խրճիթի այս ու այն կողմը պրպտել։ Գտաւ կարկատած մի ջւալ եւ մի տապար, վերջինս տեղաւորեց տոպրակում, դրեց ունթի տակին եւ դուրս գնաց։

Բազմութիւնը դարձեալ մնում էր միեւնոյն տեղում։ Մի հողակոյտի բարձրութեան վրայ կանգնած երիտասարդ մէկը ոգեւորուած կերպով խօսում էր, նրա իւրաքանչիւր մի պարբերութեան, մէն մի կոչին պատասխանում էին համաձայնութեան աղաղակներով։

«Ի՞նչ լռել ես ու հանգիստ նստել, դո´ւ աշխարհաշէն շինական, դո´ւ մեծ համր, ասում էր երիտասարդը, մի՞թէ բաւական չեղաւ, միթէ յաւիտենական պիտի դարձնես քո ստրկութիւնը։ Ոտքի´ ելէք, շարժեցէ´ք ձեր բազուկները աշխատաւոր գիւղացիներ։ Զարթի´ր դու խորունկ քնիցդ երկրի աղն ու ծուծ, զարթիր, Ռուսաստանի քնած աստւած գործաւոր, տէր դարձիր աշխատանքիդ, քո քրտինքով ոռոգւած հողը խլիր յափշտակողների ձեռքից, արեանդ սնունդով ուռճացած հացահատիկները վերադարձրու քեզ…

Հեռետորը շարունակում էր իր ճառը տալով նրան պատմական, տնտեսագիտական եւ մանաւանդ գիտական բնաւորութիւն։ Նա պատմում էր՝ թէ ի´նչպէս եղել է մի ժամանակ, երբ հողը եւ արդիւնաբերութեան բոլոր միջոցները պատկանելիս են եղել հասարակութեան, երբ գոյութիւն չի ունեցել մասնաւոր սեպհականութեան դրութիւնը, բայց յետոյ աւելի ուժեղները, բռնաւորները յափշտակել ու խլել են բոլորը եւ դարձրել գոյք իրենց անհատի, որ այդ յափշտակիչ փոքրամասնութիւնը մինչեւ անգամ սեփականացրել է եւ մարդ արարածներին իբրեւ արդիւնաբերող գործիքներ։

Կենդանի փաստերով եւ կարկառուն օրինակներով նա հաստատում էր՝ թէ ի´նչպէս այլեւս գոյութիւն չի կարող ունենալ եւ չպիտի ունենայ հողի էլ մասնաւոր սեպհականութիւնը, որ այդ ձեւը ամենալաւ միջոցն է շահագործողների ձեռքին շարունակելու զրկումի, յափշտակութեան եւ հարստահարութեան գործը, որ շնորհիւ այս հանգամանքի, իրենց ձեռքը կեդրոնացած խոշոր դրամագլխի, կառավարական օրէնքի դրած ամենատեսակ հարկերի եւ սեղմումների, նրանք արագութեամբ ոչնչացնում են եւ մանր սեփհականատիրութիւնը եւ հողը կեդրոնացնում, որով եւ հիմք դնում, սաղմնաւորում ապագայ հասարակութեան ընկերական կարգերին։

Նա ասաց՝ թէ ինչպէս պիտի կազմակերպւել ինքնապաշտպանութեան կռւի համար տրամադրելի բոլոր ազնիւ միջոցներով, յետ ստանալ արդիւնաբերութեան բոլոր միջոցները՝ հողը, գործարանները, դրամագլուխները եւն. եւն., եւ այդ բոլորը վերադարձնել տէրերին, հասարակութեան, իրականացնելու համար աշխատանքի, հաւասար աշխատանքի թագաւորութիւնը, որը դրախտ կը դարձնէ երկիրը եւ կերջանկացնէ ողջ մարդկութիւնը…։

Շինական եղբայրնե´ր, գիտակից եւ ազնիւ աշխատաւորներ, Ռուսաստանի ծանր բեռը ձեր ուսերին էք կրում, նրա լինել չլինելը ձեզնից է կախւած, նրա բաղդը դուք պիտի վճռէք, ցնցւեցէ´ք մի անգամ, ուժգին ահաւոր մի ցունցով, շարժեցէք ձեզ կաշկանդող շղթաները եւ նրանց ձայնից անգամ կը սարսի բռնակալութիւնը, շահագործողների վոհմակը, որ ամեն տարի սովը չկանգնի ձեր դրան առաջ, եւ նրա սեւ ուրւականը չթափառէ մեր երկրի վրայ։

Իվանն էլ մինչեւ վերջ համբերութեամբ լսեց, եւ երբ ճառախօսը լռեց, նա բարձրացաւ հողակոյտի վրայ եւ գոռաց կատաղի կերպով.

Զաւակներս քաղցից ընկան անսւաղ, թպրտացին, ա՜յնքան աղաղակեցին, բայց ոչի´նչ, ի զո՜ւր… մէկը քիչ առաջ մեռաւ, միւսները ճամբայ են ընկնում նրան հասնելու… Դարձեալ գնացի մեծ պարոնին, մերժեց ինձ, արտաքսեց տնից, այժմ էլի պիտի գնամ, եկէք միասին գնանք. այն ժամանակ գրաւական չունէի տալիք մեծ պարոնին, իսկ այժմ գտայ եւ տանում եմ…

Վերջին խօսքերը ասելիս նա հանեց տապարը, բարձրացրեց եւ շարունակեց։

Ահա´, թանկագին գրաւականը՝ խօսուն եւ ուժեղ մի մուրհակ, որ պիտի թողնեմ մեծ պարոնին, նրա ինձ տալիք ցորենի փոխարէն… դէ´, այժմ ժամանակն է, ո՞վ չի ուզում իրեն եւ հարազատներին սովամահ անել, թո´ղ հետեւի ինձ…

Մի քանի րոպէից յետոյ ամբոխը զինւած բահերով ու բրիչներով, տապարներով ու մահակներով հետեւում էր Իվանին, բարձրաձայն երգելով

Երթա´նք, ախպէրնե´ր՝ բանւոր շինականք,

Երթա´նք քանդելու դաժան ապարանք,

Ուր ստրկութեան շղթան են կռում

Եւ մեր գերութեան պատանն են հիւսում։

Երթա´նք, գիւղա՜ցիք, կործանե´նք կուռքեր

Կանգնած մեր ձեռքով՝ դժխեմ հրէշներ,

Երթանք տէր դառնանք մեր աշխատանքին,

Որ ամբարւած է մառան պարոնին։

Անվերջ զրկանքին սով ն էլ միացաւ,

Ձիւն, սաստիկ ձմեռն օգնութեան հասաւ.

Ելէ´ք կռւելու դէմ դաժան սովի

Վայրագ հեղինակ մեր ոսոխների…

Երգի կորովի հնչիւնները տարածւում էին օդի շերտերում եւ հոգատար, սիրայօժար աշխատանքով իրար էին տալիս, իրար հաղորդում ձայնի աներեւոյթ մասնիկները, մինչեւ որ տարան հասցրին մեծ պարոնի ականջին եւ այնտեղ ձայնեցին աւելի ուժեղ կերպով։

Երգի որոտընդոստ հնչիւնները զերթ կատաղի առիւծների հռնդիւններ, լցնում էին օդը եւ կլանում ուրիշ ամեն ձայն։ Քաղցած մարդն էր զայրացել, եւ գնում էր յագենալու, գնում էր կշտացնելու իր ստամոքսը։

Սովատանջ մարդկանց գրոհը, փոթորկատար եւ ամպրոպածին հողմի նման, շարժում, առաջ էր քշում շարքերը։

Մարդ անօթիների բազմութիւնը ծփում էր, լափին էր տալիս ինչպէս փոթորկայոյզ եւ խռովւած ծովի դէզադէզ կոհակները, եւ մշտական յորձանք տալով նա գնում էր կերակուր ճարելու, սնունդ որոնելու։

Յա ռ ա´ջ. օ´ն, յառա´ջ, գեղջուկ ախպէրներ,

Մեր ոսկի ցորնի փոխան աղաներ

Վառօդ եւ գնդակ են առաջարկում

Եւ մեր սուրբ վաստակն են շահագործում։

Կալւածատիրոջ ընդարձակ ագարակը դրսից ու ներսից շրջապատւեց գիւղացիներով։ Պարոնը իւրայիններով արդէն կծկել էր, ժողովրդական ցասման սարսափից ազատւելու համար։

Շինարար գործիքներ, որոնք երբեմն կերտել էին այդ գեղեցիկ դղեակը, այժմ սկսեցին անխնայ քանդումի գործը։ Բահ ու փէտատ, բրիչ, քլունկ, տապարն ու մահակը հարւածում, ծակում, փշրում եւ փորում էին։ Մարմարեայ քարերը, թանկագին հայելիները փշուր փշուր եղան, նկարուն եւ գունազարդ աղիւսները, արձանները կոտրւեցան, շինութիւնը դարձաւ մի վայրենի աւերակ, մոլոզներով եւ կռէթներով ծածկւած, փոշու ամպերով շղարշւած։

Եւ մարդիկ վայր ու վեր էին անում ինչպէս մրջիւններ. բաւականութեան եւ վրէժխնդրութեան աղաղակներ արձակելով։ Միւս կողմում բազմութեան ամենամեծ տոկոսը դատարկում էր շտեմարանների ցորենները եւ գիւղ փոխադրում։

Այս տակաւին բաւական չէ´. պէտք է կրակ տալ, այրել ու մոխիր դարձնել աւազակ գողերի այս որջի վերջին մնացորդներն անգամ։ Զաւակիս հոգէառ հրեշտակի սեւ ուրւականը թո´ղ էլ տեղ չգտնի, չցցւի աչքիս առաջ, չյիշեցնէ ինձ այն ահաւոր րոպէները, ասում էր Իվանը, որի ձայնը յուզմունքից դողդողում էր, իսկ աչքերը ուժգին զայրացումից կարմրատակել էին,

Կրա՜կ… հրդե՜հ. գոռում էր նա։

Կրակի բոցերը միայն կարող են մաքրել այն աղտեղութիւնը, որ դարերի ընթացքում այստեղ է ամբարւել. ամենակուլ հրդեհի կերակուր պիտի դարձնել այս անիծեալ շինութեան աննշան բեկորն անգամ, ուր գանակոծ եղաւ մինուճար որդիս, եւ վայրագի մտրակի հարւածի տակ իր շունչը աւանդեց, աւելացրեց մի հասակաւոր գեղջուկ, եւ լուծեց իւղի մէջ տզկած լաթի մի կտոր եւ շպրտեց դէպի խոտի ու վառելափայտի դէզերը…

Ծխումը սկսւեց, մուխի ամպերը դանդաղօրէն բարձրացան օդի մէջ, եւ բամբակի սեւաներկ քուլաների նման իրար վրայ շարւելով, իրարու յենլով ելնում էին եթերաշէն սանդուխների աստիճաններով, որպէս զի տանել հասցնել կարողանային վրէժի եւ ցասման աստծու գահոյքին, նրան մատուցանէին, հրդեհ բուրվառի մէջ այրւող, իր ցանած սերմերի փոխարէն գոհունակութեան խունկը, նրա բուրմունքը։ Բոցերը, հրեղէն սիւները ինչպէս գալարւող օձ, ոլորւելով սաստկութեամբ դուրս էին ժայթքում հրէշի երախից, մերթ ընդ մերթ նրանք այնպէս էին թշշացնում, որ շրջակայքը զարզանդ էր բռնում։

Հրդեհաձիգները շուրջանակի բոլորած, նայում էին շար, ափսոսացող եւ զայրագին կերպով, ասես նրանք մտածում էին թէ ինչո՞ւ այս ամենը այսպէս, ինչո՞ւ ոչնչացնում են իրենց աշխատանքը, իրենց արդիւնաբերածը, իրենց ձեռակերտը, ինչո՞ւ են այս բոլորը կրակի ստամոքսը լցնում։

Բոցերի կարմիր հեղեղը լափում էր ամեն բան. ծուխը, թանձր մթագին մուխը, պալան պալան բարձրանում էր, եւ ականատես ժողովուրդը քրքջում էր…։