Դիւցազնուհին

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զ.

Այն օրերին շէնը արտասովոր շարժունութեան մէջ էր. կեանքը նոր արտայայտութիւններով հրապարակը գրաւել էր։ Գիւղում երեւում էին բազմաթիւ այր մարդիկ, զինւորականներ իրենց զէնքերով եւ ձիերով։ Սրանց պետը մի ուժեղ խմբակով կեդրոնացել էր գիւղապետի տանը եւ՝ այնտեղ զինւորական ատեանի փոխել։ Զինուորները իրենց ձիերով բաժանւած էին գիւղական տների վրայ. իւրաքանչիւր տուն, մէն մի շինական ընտանիք պարտաւոր էր կերակրել ու պահպանել իրեն բաժին տրւած զօրքերին եւ ձիերին։ Շինական համայնքի վրայ դրւած էր մի քանի հազար րուբլի տուգանք, որի գանձման համար ո եւ է միջոց չէին խնայում…։

Սուգն ու շիւանը բռնել էր գիւղը, նա ենթարկւած էր էկզէկուցիայի… համապատժի… Զօրախումբը եկել էր գործադրելու այդ, պատուհասելու ըմբոստ ժողովուրդը, որը յանդգնել էր կալւածատիրոջ դէմ ելնելու…։

Էկզէկուցիա՜… համապատի՜ժ…

Ի՞նչ սարսափելի հնչիւններով լսւում են այս անունները Ռուսաստանի գիւղերում։ Սա մի միջոց էր, մի գործիք էր ըստ ամենայնի սպաննելու, խեղդելու գիւղացու, մտածող մարդու իւրաքանչիւր ազնիւ ձգտումը, բարձր տենչերը։

Համապատի՜ժ…

Դա բռնապետների եւ շահագործողների յղացած ու սարքած մի մեքենան է, որով նրանք իրենց տիրապետութիւնը յաւերժացնելու, հարստահարելու համար իւղում են նրան օրէ օր, զարգացնում են…

Գիւղը վերածւած էր ընդհանրական մի բանտի, մի դժխեմ տանջարանի, ո´ւր ամէն ինչ վաճառքի էր հանւած, ուր մտրակների հարւածների տակ մերկամարմին     մարդիկն էին մեռնում, ո´ւր վայրենի գազանական կիրքերը բաւականացնելու զանազան ձեւերը գործադրում էին հրապարակով. կանայք, ամեն հասակի կանայք, բռնաբարւում էին գռեհիկների ձեռքով…

Գիւղը արիւն արցունք էր թափում, նա տքում էր, նա´ ցաւից ու վշտից գալարւում էր։

Կալւածատէրն ու իր արբանեակները, գիւղապետն ու տէրտէրը, զինւորն ու ոստիկանը, կոզակն ու սեւ հարիւրեակայինը գիշեր ու ցերեկ լիք սեղանների շուրջը, օղիի բաժակները ձեռներին, խնճոյքներ էին սարքում, խրախճանքներ անում, գոհաբանական աղօթք մատուցանում ամենակալ աստծուն, նրա կենացը բաժակներ կոնծում, նրան խունկ ծխում…

Նրանք սարքում էին եւ զոհի, կենդանի, մարդկային զոհաբերութեան սեղաններ, ընտրում էին գեղեցիկներին եւ երիտասարդներին իգական սեռից, նրանց մերկ շարքերով շրջապատում իրենց կերուխումի սեղանները, եւ հրամայում զինւորներին որ զւարճանան նրանցով… իրենց աչքերի առաջ, Աստծոյ աթոռի պատւանդանի տակ…

Մերկացնում էին ձեռք ընկած տղամարդներին, սառ ջուր ածում վրաները, կանգնեցնում կամ պառկեցնում սառոյցի վրայ եւ ծեծում անխնայ, թակում փայտերով, ճիպոտներով եւ կոզակի մտրակներով…

Շատ քիչերը մնացին գիւղում, փախա՜ն։ Ո՜վ կարողացաւ՝ հեռացաւ, իսկ մնացողների մեծագոյն մասը ընկաւ կառավարութեան ճանկը։ Դրանց մէջն էր եւ Գուրգէնը, որը երկար թափառումներից յետոյ դարձեալ եկել էր Բէլկաին օգնելու։

Բէլկան կրակ էր կտրել, նա ո´չ հանգիստ ունէր, ո´չ դադար, նա իր ջանքերն ու աշխատանքները բիւրապատկել էր, իսկ հոգեկան տանջանքները սաստկանալով աւելի եւս հրահրում էին նրա եռանդն ու բորբոքը…

Ձմեռն էր, Ռուսաստանի ձմեռ, սովատանջ գիւղ, սովի հետ էկզէկուցիա՜…

Օրը երեկոյանում էր։

Կոզակներից մէկը բռնած մի գիւղացու, դուրս քարշեց դրան շէմքից, ձգեց ոտների տակ եւ սկսեց հաստակրունկ կօշիկներով աքացիների հարւածներ թափել գլխին, երբ ոտները յոգնեցին նա գործ դրեց ձեռները եւ մտրակ-նակայկան… կաշւէհիւս դալար մտրակը դվդվում էր օդի մէջ, ոլորւելով ճեղքում եւ շփացնելով իջնում էր գետնատարած շինականի մարմնի վրայ…

Դէ՜հ, շո´ւտ արա, շո՜ւն, յիմա՜ր քեզի, գնա´ եւ շուտով ձիուս համար գարի ճարիր, թէ ոչ քո՝ սատանայի բաժին հոգուդ կտորները եղունգներիդ ծայրից դուրս կը քաշեմ, գոռում էր կոզակը։

Մի այլ տեղ մի քանի զինւորներ մի խրճիթից դուրս բերին տան վերջին անասունը՝ մի մատաղահաս երինջ, եղջիւրներից բռնած, սկսեցին ծեծելով տանել դէպի պահակատեղին։ Երինջի յետեւից վազ էին տալիս տիրոջ մանկահասակ փոքրիկները, աղիողորմ ձայնով լալիս էին, աղաչում էին խնայել իրենց, չտանել իրենց վերջին յոյսը, ապաւէնը, բայց ի զուր, նրանք անողորմ էին…

Խաղաղ, մարմանդ էր գիւղը, գերեզմանական անդորրութիւնը, դահիճների սիրած թագաւորութիւնը յաղթանակել, տիրապետել էր։

Հանգիստ չէր միայն Բէլկան. նրա վէս, ըմբոստ ոգին խռովւած էր, ինքնապաշտպանութեան սրբազան զգացումը, բնազդը դադար չէր տալիս նրան։

Ի՞նչ անել, մտածում էր նա, ի՞նչ անել… Մի աշխարհացունց շարժում, մի յեղաշրջող ցնցում պէտք է. ա´յդ պէտք է յոխորտացող շահագործողներին, արիւնարբուներին զսպելու, նրանց չափ ու սահման դնելու համար…

Նա ծրագրեց մի յանդուգն ձեռնարկ, վճռեց եւ գործի սկսեց։

Երեկոյ էր։

Շինական եկեղեցու զանգակները մեղմ ձայնով ղօղանջում էին, հրաւէր էին երգում, բարեպաշտներին երեկոյեան աղօթքի կանչում։

Զինւորական գլխաւորի տանը երաժշտախումբը նւագում էր ցարօրհներգը, յաղթական մարշը. զինւորները ուրրա՜ների աղաղակներով օդն էին թնդացնում, փողոցներում թափառում էին հատ հատ արբածներ, մերթ ընկնելով, մերթ մռլտալով։

Զանգահարումը յանկարծ արագացաւ, եւ սրա հետ միաժամանակ, թագնւած, հրապարակում չերեւացող գիւղականների երկսեռ խմբերը դէպի եկեղեցի դիմեցին։ Հրաւէր կոչնակը արտասովոր էր՝ աղէտի, վտանգի նշան…

Եկեղեցու գաւթում մեծ բազմութիւն էր հաւաքւած, տիրում էր զայրացկոտ եւ գրգռւած տրամադրութիւն, անհամբեր եւ սպասողական վիճակ։

Ժամերգութիւնը սկսւած էր, ուրախ էր տէրտէրը, ստամոքսը լիք, գլուխը տաք, գրպանը հարուստ, աչքերը կարմրած, նա կանգնած սեղանի առաջ ատեանում, բազկատարած, աչքերը առաստաղին յառած, լիաբերան եւ ջերմեռանդ աղօթում էր երկնաւոր հօրը, գոհանում նրանից եւ խնդրում որ նա… «յիշէ´, պաշտպանէ, զօրացնէ, երկար կեանք եւ երջանկութիւն տայ կայսեր, իշխաններին, զօրագլուխներին, ազնւականներին… խաղաղութիւն աշխարհին…»։

Տիրացուները բարձր ձայնով շարունակ կրկնում էին «ամէն»։

Այս ժամանակ եկաւ Բէլկան շրջապատւած մի խումբ կանանցով, հագին պարզուկ, անպաճոյճ մի շրջազգեստ կարմիր գոյնով, արձակ մազերը մի գունաւոր թաշկինակով կապած։

Տեղի ունեցաւ յոտնկայս մի խորհրդակցութիւն, եւ նախապէս կազմակերպւած ուղղութեամբ նրանք շարժւեցին։

Բէլկան խնամքով հանեց իր ծոցումը ծրարած կարմրագոյն մի չիթի կտոր, կապեց ձողի ծայրին, ընկաւ առաջ եւ դրօշակը բարձրացրեց։ Ժողովուրդը հետեւեց նրան ցնծալի աղաղակներով. իւրաքանչիւր մարդ հանեց իր քղանցքների տակ թագցրած տապարը, Ռուսաստանի գիւղացու սովորական զէնքը եւ առաջ շարժւեց։

Կարմիր դրօշակը ծփում էր եւ նրա վարդագոյն թեւերի վրայ կարած սպիտակ տառերը՝ զերթ անմեղունակ աղաւնիներ եւ կարապներ, իրենց շարւածքով ձեւացնում էին հետեւեալ պարբերութիւնները.

Անկցի՜ բռնապետութիւն։

Կեցցէ՜ ժողովրդապետութի՜ւն։

Անկցի՜ն դասակարգային խտրութիւնները։

Կեցցէ՜ հաւասարութիւնը։

Կեցցէ՜ Սօցիալ Դէմօկրատիան։

Եւ ճնշւած, հարստահարւած մարդկութեան հաւատքի հանգանակ մարսէլիօզի գոռ հնչիւնները իրենց խրախուսիչ ելեւէջներով լցրին օդը…

Ոտքի ելաւ թմրած գիւղը, ջարդւած, քաղցած պատիւը խլւած գիւղացին,

Ժողովուրդը գրոհ տւեց։

Զարթնեց պարզ սրտերի լայն խորշերում քնած առիւծը, եւ նա´ դարձեալ, որպէս անընկճելի մի տիտան, որպէս անմատչելի մի ժայռ, ցցւեց իր թշնամիների դէմ։

Տէրտէրը ժամից դուրս էր եկել եւ գնացել բազմել խնճոյքի սեղանի գլուխը։

Ամենքը խմում էին։

Շատերը արբած էին։

Ամենքը զւարճանում, պարում ու երգում էին…

Զինւորների մի խումբ՝ զէն ի ձեռին, ճամբորդելու պատրաստ, շրջապատել էր կալանաւորների մի խումբ։ Սպան մօտեցաւ, հրամայեց զինւորներին որ հրացանները փամփուշտներով լցրած, ուղղեն ձերբակալեալների վրայ. եւ այս ժամանակ զինւորներից մի քանիսը մօտեցան կալանաւորներին եւ սկսեցին խուզարկել։ Գործողութիւնը երկար տեւեց, ցուրտը սաստիկ նեղում էր անպատսպար ձերբակալեալներին, որոնց մերկացրել էլ էին։ Խուզարկումը վերջանալուց յետոյ նրանց երկերկու իրար շղթայեցին բազուկներից, ապա´ սպան դարձեալ մօտեցաւ եւ ասաց խստօրէն։

Խիստ մեծ զգուշութիւն ձեռք առէք, ո´չ մի կասկածելի շարժում չներէք նրանց, չթողնէք ճամբին ո եւ է մեկի հետ խօսեն կամ նայեն, այս չանսացողներին անմիջապէս հրացանազարկ կանէք… սպան ոտքի վրայ օրօրւում էր, օրօրւում էին եւ զինւորները…

Մութ էր, խաւարը կոխեց…

Ժողովրդական գրոհի ամենայաղթ շարքերը ոգեւորւած՝ որոտալից փոթորկւեցին…

Շատ չտեւեց այս փոթորիկը, նա եղաւ սաստիկ, ահեղ թափով, բայց եւ շուտով խաղաղւեց…։

Ամեն բան վերջացաւ…

Գիւղն այլեւս ազատ էր, յաղթական գիւղացիք շրջապատած իրենց ազատած հարազատներին կորովալի շեշտերով երգում էին…

Ազատւած էր Գուրգէնը։

Հրճւանքի մէջ էր Բէլկան…

Շէնը ազատւած էր պատուհասողներից…