Հեղինակ

Բաժին

Թեմա

IV. ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԴԱՐԻ ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ

Այդ ժառանգութիւնը աչքի է ընկնում իր ճոխութեամբ եւ մեծութեամբ: Ընդգրկում է Հին եւ Նոր կտակարանների գրքերը, պատմագրութիւն, սրբերի վարքեր, չափածոյ խօսք եւ արձակ, ճարտասանութիւն, քերականական աշխատութիւններ, նամականի, բառգրքեր, աշխարհագրութիւն եւ տիեզերագիտութիւն, մաթեմատիկա, բժշկագիտութիւն, տօնացոյցներ եւ այլ տեսակի երկեր: Գրականութեան մի մասը թարգմանական է (գերազանցապէս յունարէնից, ապա՝ ասորերէնից), սակայն միջնադարեան գիտակցութիւնը տարբերութիւն Նոր շրջանի) այդ հանգամանքն առանձնապէս չէր արձանագրում՝ հաւասար ընկալելով դրանք: Ինչպէս արդէն ասուեց վերեւում, առանձին գրատեսակ էին կազմում ձեռագրերի յիշատակարանները, որոշ իմաստով նաեւ վիմագիր եւ դեղագիր արձանագրութիւնները: Անգամ վաւերագրերը կարելի է համարել իւրայատուկ գրատեսակ, սակայն հայ իրականութեան մէջ նրանք համեմատաբար քիչ են պահպանուած եւ շրջանառութեան մէջ մուտք են գործում ուշ շրջանում:

Գրաւոր երկերին զուգահեռ էին բանաւորները, փոքրիկ, մի քանի տող կազմող չափածոներից մինչեւ «Սասնա ծռեր» վիթխարի վէպը:

Սոյն բաժնի ընթերցողը պիտի հաշուի առնի, որ այստեղ բերուած են միայն առանձին հատուածներ, այն էլ ընտրութիւնը կարող է թուալ ինչ-որ չափով անհատական: Եւ իրօք, ո՛չ այս օրինակները, ո՛չ էլ համառօտուած շարադրանքը չեն կարող ներկայացնել (առարկային հաւասար) հայոց գրականութեան ողջ ծաւալը, զարգացումը, գրատեսակների բազմազանութիւնը: Այնուամենայնիւ, այդ հատուածներից կարելի է նոյնական պատկերացում կազմել հայոց միջնադարեան դպրութեան, նրա զանազանութեան ու ճոխութեան մասին, մի բնագաւառի, որը հսկայական դեր է կատարել հայ մտքի, հոգեբանութեան ձեւաւորման ընթացքում:

Հայոց միջնադարեան գրականութեան իւրատեսակ հանրագիտարան են հանդիսանում Ղեւոնդ Ալիշանի, Գարեգին Զարպհանալեանի, Մանուկ Աբեղեանի (1865-1944) աշխատութիւնները: Թէեւ այս գիտնականների որոշ տեսակէտներ կարող են թուալ վիճելի (իսկ ո՞ր գիտնականի տեսակէտներն են ընդունելի ամբողջութեամբ), նրանց ուսումնասիրութիւնները լրիւ պահպանել են իրենց նշանակութիւնը [IV. 1]: Որպէս հայ միջնադարեան գրականութեան ներածութիւն՝ յատկապէս յարմար է Մ. Աբեղեանի «Հայոց հին գրականութեան պատմութիւն» ծաւալուն գործը, որն առաջին անգամ լոյս է տեսել 1944-1946 թթ. եւ վերահրատարակուել [IV. 1]-ի տակ նշուած ժողովածոյի Բ հատորում: Կայ եւ գրքի ռուսերէն թարգմանութիւնը:

Իբրեւ մասնագիտական նոր գրականութիւնն ամփոփող տեղեկատու (մինչեւ XIVդարը ներառեալ) կարող է ծառայել ճանաչուած ֆրանսիացի հայագէտ Շառլ Ռընուի բաժինը Քրիստոնեայ Արեւելքին նուիրուած ժողովածոյում [IV. 2]: Վերջերս լոյս է տեսել երկու աշխատութիւն, որոնք եղած նիւթերի լայն ընդգրկումով տալիս են գրական յուշարձանի համառօտ բնութագիրը եւ նրան վերաբերող մատենագիտութիւնը [IV. 3-4]: Թարգմանական գրականութիւնը մեծ տեղ է գրաւում հայոց դպրութեան շտեմարանում, այդ բաժնի մասին տե՛ս [IV. 5]:

Հայոց գրականութիւնը սկիզբ է առնում Աստուածաշնչի թարգմանութիւնից: Մաշտոցի կենսագիր Կորիւնը վկայակոչում է հայերէն տառերով գրանցուած առաջին բառերը՝ Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ (Առակք Սողոմոնի, Ա 1): Ս. Գրքի սկզբնական թարգմանութիւնը կատարուել է ասորերէնից, այնուհետեւ խմբագրուել յունարէնի հիման վրայ: Խօսքը վերաբերում է Հին կտակարանի յունարէն այն օրինակին, որը կազմուել է Եգիպտոսում, Պտղոմէոս Եղբայրասէր թագաւորի օրօք (285-245 մ. թ. ա. ) եւ յայտնի է որպէս Եօթանասնից թարգմանութիւն: Աստուածաշունչը մեծ չափով ընդարձակում էր քրիստոնէութիւն ընդունածների մտահորիզոնը, դուրս հանում նրանց զուտ դաւանաբանական շրջանակից: Ասածս վերաբերում է մասնաւորապէս պատմութեանը եւ աշխարհագրութեանը, իրաւունքին, գեղագիտութեանը եւ բարոյագիտութեանը, տնտեսութեանը, օտար ազգերի սովորոյթներին: Գիտակցութեան մէջ մուտք էր գործում բարոյական արժէքների նոր համակարգ: Դարերի ընթացքում ծնունդ առած գրական յուշարձանները այս կամ այն չափով կրել են քրիստոնէութեան գլխաւոր գրքի ազդեցութիւնը:

Բառացի փոխառութիւններ Հին եւ Նոր Կտակարաններից հանդիպում են ամենուրեք: Աստուածաշնչի շնորհիւ հայերը ընտելացան մի շարք գրական տեսակների՝ պատմութեանը, կենսագրութեանը, նամականուն, խրատաբանութեանը, մարգարէութեանը, քնարերգութեանը: Աստուածաշունչը բերեց իր հետ գրական ոճաձեւեր, որոնք ուժի մէջ են առ այսօր:

Աստուածաշնչի հայերէն թարգմանութիւնը աչքի է ընկնում իր հաւատարմութեամբ բնագրին, ոճական արժանիքներով։ XVIII դարի ֆրանսիացի բանասէրներից մէկը անուանել էր այն «թարգմանութիւնների թագուհի»: Փոխադրութեան ոճը լրիւ համապատասխանել է գրական հայերէնի կանոններին. յունաբան կառուցուածքները, ինչի մասին ասուեց I մասում, դեռեւս քիչ էին թափանցել գրաւոր լեզուի մէջ: Բնական է, որ թէ՛ Ս. Գրքի, թէ՛ քրիստոնեայ գրականութեան այլ երկերի թարգմանութիւնը էապէս հարստացրեց հայերէնի բառապաշարը:

Աստուածաշունչը հսկայական ազդեցութիւն գործեց ողջ քրիստոնեայ գրականութեան վրայ. այդ առումով հայոց դպրութիւնը ամենեւին բացառութիւն չի կազմում: Ս. Գրքի կերպարները կարելի է գտնել հայոց միջնադարեան գրականութեան բոլոր երկերում, մէջբերումներ նրանից կամ վկայակոչումներ տարածուած են ամենուրեք, քրիստոնեայ գլխաւոր գրքի լեզուի նմանակումը սովորական երեւոյթ է:

Աստուածաշնչից յետոյ թարգմանուեցին բազմաթիւ «Եկեղեցու հայրերի»՝ Եւսեբիոս Կեսարացու, Աթանաս Աղեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Կիւրեղ Երուսաղէմացու, Գրիգոր Նազիանզացու եւ այլոց աշխատութիւնները: Զուգահեռաբար շրջանառութեան մէջ մտնում էին արարողութեան՝ ժամասացութեան գրքեր: Հայոց եկեղեցին լիովին օժտուած էր անհրաժեշտ գրականութեամբ՝ թէ՛ այն շրջանում, երբ կայսերականի հետ միացած պայքարում էր աղանդների դէմ, եւ թէ՛ այն ժամանակ, երբ արեւելեան այլ եկեղեցիների հետ միասին հեռացել էր նրանից: Այդ աշխատութիւնների թարգմանութիւնը ապահովեց Հայոց եկեղեցուն գիտելիքներ եւ համապատասխան բառապաշար, այնքա՜ն կարեւոր աստուծաբանական սուր վէճերի պահին:

Հայերի ազգային գաղափարները ամենից լայն ընդգրկումով արձագանք գտան պատմագրութեան բնագաւառում, որը ծնունդ առնելով V դարում, հասարակութեանը նուիրեց փայլուն օրինակներ: Հայ պատմագրական երկերը աչքի են ընկնում թէ՛ բովանդակութեան զանազանութեամբ եւ թէ՛ ձեւով: Նրանք ներկայացնում են ազգային եւ ընդհանուր պատմութեան անցքեր, առանձին դարաշրջանին, առանձին դէպքերին, իշխանական տոհմին, հեռաւոր գաւառին նուիրուած շարադրանք, համառօտ ժամանակագրութիւն կամ աչքի ընկնող անձնաւորութեան կենսագրութիւն: Իբրեւ օրէնք՝ այստեղ ներկայացուած են լինում նաեւ այլ ազգերին եւ այլ պետութիւններին վերաբերող տեղեկութիւններ, որոնց հետ, բախտի կամ դժբախտութեան բերմամբ, շփուել են հայերը: Պարսկաստանի, Մերձաւոր Արեւելքի պատմութիւնն ուսումնասիրելիս անհնարին է անտեսել այդ տուեալները:

Պատմութիւնը դիմում է իրական վիճակի նկարագրութեանը. մնալով այդ գրատեսակի կողմից թելադրուած նմուշօրինակների սահմաններում՝ նա ներկայացնում է եղելութիւնները որոշ պահանջներին համաձայն: Սակայն պատմական երեւոյթները, որչափ էլ նմանուեն իրար, սկզբունքօրէն անկրկնելի են: Հէնց այդ անկրկնելիութիւնն է ապահովում պատմագրութեան յուշարձանների, նրանց առանձին դրուագների եւ հատուածների իւրատեսակութիւնը:

Պատմագիտական գրականութիւնը մշակել է հայերի ծագման եւ յաջորդող անընդհատ զարգացման ըմբռնումը, ներգծել է ազգային պատմութիւնը միջազգային պատմութեան մէջ (անշուշտ, վերջինիս քրիստոնեայ ըմբռնումով): Լինելով ազգային անցեալին վերաբերող գիտելիքների աղբիւր, պատմական երկերը նպաստում էին ազգային գիտակցութեան հետագայ զարգացմանը: Միաժամանակ հին, կայուն մնացած գաղափարների կողքին, որոնք վերաբերում էին հայերի ծագմանը կամ դաւանական ընդհանրութեանը, դարերի ընթացքում կուտակւում էին նորերը՝ առաջ տանելով միտքը, լայնացնելով երեւակայութիւնը:

Պատմագրութեան առարկայի բնորոշումը ինքնին խառն է, այստեղից՝ այդ գրատեսակի սահմանների անորոշութիւնը: Այսպէս, շատ դժուար է զանազանել զուտ պատմական շարադրանքը ժամանակագրութիւնից: «Վարք Մաշտոցի» երկը սրբի կենսագրութիւն է եւ խստիւ հետեւում է քրիստոնեայ վարքագրութեան շատ որոշակի սահմանուած կանոններին: Միաժամանակ դա պատմագրութեան իւրատեսակ յուշարձան է, նուիրուած ե՛ւ անձնաւորութեանը, ե՛ւ նրա հետ կապուած եղելութիւններին, հետեւաբար այն ներկայացնում է իրենից Հայոց պատմութեանը վերաբերող շարադրանքի որոշակի դրուագ:

Պատմական եղելութիւնները, յատկապէս ողբերգական երանգ ունեցողները, կարող է ներկայացնել նաեւ բանաստեղծութիւնը: Պատմական շարադրանքի հատուածներ գտնում ենք ձեռագրերի յիշատակարաններում, երբեմն վիմագիր արձանագրութիւններում:

Ստորեւ տալիս ենք մի քանի դասական յուշարձանների բնութագրեր, որոնք հնարաւորութիւն կը տան որոշ պատկերացում կազմել հայոց պատմագրութեան մասին:

Այն պատմական երկը, որի հեղինակն է «Ագաթանգեղոսը», ստեղծուել է V դարի 60-ական թուականներին: Այս ծաւալուն աշխատութիւնը մեզ է հասել, ըստ երեւոյթին, փոփոխուած վիճակով, սակայն կարծիք կազմել նրա սկզբնական կորիզի մասին հնարաւոր է: Սա իւրատեսակ վէպ է Գրիգոր Լուսաւորչի եւ Տրդատ թագաւորի մասին, որոնց օրօք քրիստոնէութիւնը Հայաստանում ճանաչուեց պաշտօնական կրօն: Այստեղ խօսւում է բազմաթիւ հրաշագործութիւնների մասին, հեղինակը դնում է իր հերոսների բերանը երկար, իր իսկ կողմից յօրինուած ճառեր: Այդուհանդերձ, ճիշտ, գիտական մօտեցման դէպքում, երկը հնարաւորութիւն է տալիս թափանցել Հայաստանում տեղի ունեցած քրիստոնեայ քարոզի իրական ընթացքի մէջ, որը դիտուել եւ դիտւում է Հայոց պատմութեան ամենախոշոր եղելութիւններից մէկը: Ագաթանգեղոսի բնագրի գիտական վերջին հրատարակութիւնը եւ նորագոյն թարգմանութիւնները տե՛ս [IV. 6-10]:

Յաջորդ շրջանը՝ 330-387թուականները, հաւերժացուած են Փաւստոս Բիւզանդացու (Բուզանդի) երկում: Բիւզանդիոն անունն է կրել Արեւելեան Հռոմէական կայսրութեան մայրաքաղաքը, որը330 թուականին վերանուանուեց Կոստանդնուպոլիս: Բիւզանդացի նշանակում է Բիւզանդիոնի բնակիչ կամ այդ վայրի հետ ինչ-որ առնչութիւն ունեցող: Առայժմ անհնարին է բացատրել հեղինակի անուան եւ մականուան ծագումը: Ամէն պարագայի, քիչ հայ հեղինակներ կան, որոնք նոյնչափ խորը եւ նոյն անմիջականութեամբ կը ներկայացնէին իրենց հարազատ հայ հասարակութիւնը, ինչպէս դա յաջողուել էր անել այդ «բիւզանդացուն»: Փաւստոսը յաճախակի շփոթում է դէպքերը. նրա նկարագրութիւնները կարող են հեռու լինել պատմական բուն իրականութիւնից: Եւ այնուհանդերձ այդ յուշարձանը տեղական ծագում ունեցող գլխաւոր սկզբնաղբիւրն է IVդարի Հայոց պատմութեան, հայ կեանքի (իր զանազան դրսեւորումներով) ընկալման համար: Փաւստոսի Պատմութեան նորագոյն հրատարակութիւնը («Բուզանդարան պատմութիւնք» ուշ շրջանին պատկանող վերտառութեամբ) տե՛ս [IV. 11]: Աշխարհաբար թարգմանութիւն՝ [IV. 12], անգլերէն՝ [IV. 13]: Վերջերս լոյս է տեսել նաեւ իտալերէն թարգմանութիւնը՝ [IV. 14]:

Փաւստոսի երկը շարունակեց Ղազար Փարպեցին եւ հասցրեց պատմութիւնը մինչեւ 485թուականը: Ներածական բաժնում մենք յիշատակեցինք 450-451, 482-484 եւ 571-572 թուականների ապստամբութիւնները, ուղղուած Սասանեանների իշխանութեան դէմ: 450-451 եւ 482-484 թուականների եղելութիւններն են կազմում Ղազարի պատմական երկի երկրորդ եւ երրորդ դրուագների գլխաւոր բովանդակութիւնը, մինչդեռ առաջինում նա խօսում է գերազանցապէս Հայաստանի բաժանման մասին Պարսկաստանի եւ Բիւզանդիայի միջեւ 387 թ., ներկայացնում Սահակ Պարթեւ կաթողիկոսի գործունէութիւնը եւ գրերի ստեղծման պատմութիւնը: Փաւստոսի համեմատութեամբ Ղազարի երկի ոճը զուրկ է գունեղութիւնից. միաժամանակ իբրեւ պատմական սկզբնաղբիւր այն չափազանց արժէքաւոր է: Ասածս վերաբերում է առանձնապէս երրորդ դրուագին, որտեղ գրանցուել են 482-484 թուականների դէպքերը. որպէս բառիս իսկական իմաստով սկզբնաղբիւր՝ այդ բաժինը եզակի է: Ղազար Փարպեցին հեղինակն է նաեւ ապստամբութեան ղեկավար, սպարապետ Վահան Մամիկոնեանին ուղղուած Թղթի (նամակի): Լինելով սպարապետի մանկութեան ընկեր՝ նա զարմանալի պատկերաւոր եղանակով շարադրում է իր կեանքի ուղին եւ գլխին եկած փորձութիւնները: Ղազար Փարպեցու երկերի ժամանակակից հրատարակութիւնը՝ [IV. 15], անգլերէն՝ [IV. 16]:

V դարի միւս հեղինակը՝ Եղիշէն իր երկն անուանում է «Բան վասն Հայոց պատերազմին» (Խօսք Հայոց պատերազմի մասին). այն նուիրուած է 450-451 թուականների շարժմանն ու նրա հետեւանքներին: Դա մի բազմաշերտ շարադրանք է. աւանդական եղանակով կազմուած աշխարհիկ պատմութեան կողքին գտնում ենք քրիստոնեայ նահատակների տառապանքների նկարագրութիւն, ներբող եւ ողբ, բանավէճ եւ ջատագովութիւն: Եղիշէն քարոզիչ է, եւ նրա աշխատութեան խրատական եղանակը միանգամայն պարզ է: Այնուամենայնիւ ատաղձը կազմում է պատմութիւնը որպէս այդպիսին, պատմական ընթացքի նկարագրութիւնը, որի մասնակիցներն են առանձին անհատներ կամ նրանց խմբեր, ամբողջ ազգեր:

Հեղինակը հանդէս է գալիս որպէս դէպքերի ժամանակակից, որոշ իմաստով դրանց մասնակից, այնուամենայնիւ մի շարք խոշոր մասնագէտներ հրաժարւում են դիտել այդ երկը որպէս V դարի ստեղծագործութիւն: Գրական յուշարձանի թուագրութիւնը շատ անգամ դժուարութիւններ է առաջացնում, եւ երբ հեղինակը ներկայացնում է իրեն իբրեւ նկարագրուող դէպքերի ժամանակակից, ապա դա կարող է լինել լոկ գրական ձեւ: Սակայն տուեալ դէպքում, ելնելով մի շարք ցուցումներից, նախ եւ առաջ Գրիգոր Լուսաւորչի անուան բացակայութիւնից, որը կապուած է նրա՝ իսկական իմաստով պաշտամունքի համակարգի աւելի ուշ արմատաւորման հետ (այն դեռեւս չկայ Կորիւնի մօտ, բայց առկայ է հայերէն Ագաթանգեղոսում), կարելի է պնդել, որ «Բան վասն Հայոց պատերազմին» երկը (գոնէ իր նախնական վիճակով) շրջանառութեան մէջ է մտել ոչ ուշ քան V դարի 60-ական թուականներին, այսինքն՝ Ագաթանգեղոսից առաջ:

Եղիշէի վերջին հրապարակումը, նաեւ աշխարհաբար, անգլերէն եւ ռուսերէն թարգմանութիւնները տեսնե՛լ [IV. 17-20]:

Հայոց պատմագրութեան ամենից խոշոր դէմքն է Մովսէս Խորենացին: Եթէ այլ հեղինակների գործերն ընդգրկում էին առանձին (թէպէտ եւ երկարատեւ) շրջաններ, ապա Խորենացու երկը մի ամբողջական աշխատութիւն է, որն ամփոփում է Հայոց պատմութիւնը բիբլիական շրջանից մինչեւ V դարի կէսերը: Վաղուց ի վեր Խորենացուն անուանում են Հայոց պատմութեան հայր, եւ դա լրիւ համապատասխանում է նրա ստեղծագործութեան ոգուն: Մովսէս Խորենացին ներկայացնում է անցեալը նրա զանազան դրսեւորումներով: Նա առաջարկում է ընթերցողին ոչ միայն պատմութիւն որպէս այդպիսին, այլեւ որոշ առումով պատմութեան փիլիսոփայութիւն:

Պատմահայրը ճշմարիտ հայրենասէր է. նրա ոգին բնութագրելու համար բերենք մէկ նախադասութիւն միայն. Թէպէտ մենք փոքր ածու ենք, թուով սահմանափակ, զօրութեամբ տկար, շատ անգամ ուրիշ թագաւորութիւնների կողմից նուաճուած, սակայն մեր աշխարհում եւս քաջութեան բազմաթիւ գործեր են կատարուել, արժանի գրի առնուելու:

Մովսէս Խորենացու այդ վիթխարի երկի իսկական գիտական ուսումնասիրութիւնը սկսուել է XIX դարի վերջերից, եւ նրա թուագրութեան ժամանակին վերաբերող վէճը շարունակւում է մինչեւ օրս: Եղած կարծիքները տատանւում են V եւ IX դարերի միջեւ: Դժբախտաբար, այն վէճին, որի մասնակիցներն են խոշորագոյն պատմաբաններ, միացան նաեւ սիրողներ՝ մեծ վնաս հասցնելով իսկական, »ակադեմիական« վերլուծութեանը: Բայց ինչպէս էլ լուծելու լինենք այդ խնդիրը, պարզ է, որ Խորենացու աշխատութիւնը անմիջական ծնունդ է այն թռիչքի, որը պայմանաւորուած է եղել հայերէն գրերի ստեղծումով եւ դրան հետեւած մշակութային յեղափոխութեամբ: Հայոց միջնադարեան պատմագրութեան բնագաւառում Պատմահօր երկն ամենից բարդ յուշարձանն է:

«Հայոց պատմութեան» վերջին հրատարակութիւնն է [IV. 21], երկը թարգմանուել է բազմաթիւ լեզուների. նշենք միայն աշխարհաբարը, անգլերէնը, ռուսերէնը եւ ֆրանսերէնը [IV. 22-25]:

Ծնունդ առնելով V դարում՝ հայկական միջնադարեան պատմագրութիւնը շարունակում էր զարգանալ մինչեւ XVIII դարը ինչպէս բուն Հայաստանում, այնպէս եւ նրա սահմաններից դուրս, մասնաւորապէս՝ Կիլիկիայում:

 

«Գեղարուեստական գրականութիւն» գաղափարը մուտք է գործել գիտակցութեան մէջ միայն նոր շրջանում, այդուհանդերձ հին եւ միջնադարեան գրականութեան մէջ գտնւում են հսկայական շերտեր, որոնք այսօրուայ առումով լրիւ համապատասխանում են այդ բնորոշմանը: Խօսքը վերաբերում է ոչ թէ առանձին յուշարձաններին (դրանց մասին կը խօսենք ստորեւ), այլ որոշ իմաստով անգամ ամբողջ գրատեսակներին՝ պատմագրութեանը, հարանց վարքերին եւն: Այդ առումով աչքի են ընկնում հայոց պատմիչները: Նրանց երկերում գտնում ենք բազմաթիւ կտորներ, որոնք մշակուած լինելով համապատասխանօրէն, գալիս են ժողովրդական ստեղծագործութիւններից, անանուն պատումներից:

Իր «Հայոց պատմութեան» գլուխներից մէկում Մովսէս Խորենացին տեղաւորել է Վահագնի ծննդեան երգը: Հայ Վահագնը զուգահեռ է կազմում իրանական-հնդկական Վերետրագնա աստուածութեանը, որը Հայոց հողի վրայ դարձել էր ամպրոպի եւ կայծակի աստուած: Ինչպէս եւ մի շարք այլ դէպքերում, սոյն հատուածը բերում ենք հարազատ գրաբար ձեւով, այն յոյսով, որ սկսնակն անգամ կը հասկանայ երգի լեզուն (ծայրայեղ դէպքում դիմելով Խորենացու բերուած թարգմանութիւններից մէկին):

Երկնէր երկին,

Երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր.

Ընդ եղեգան փող բոց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

[Ապա թէ] բոց ունէր մաւրուս,

Եւ աչկունքն էին արեգակունք:

[Գիրք Ա, գլուխ ԼԱ(ԼԲ)]

Նոյն Խորենացու երկում գտնում ենք նաեւ ալանների արքայադուստր Սաթինիկի ողբը, ուղղուած Հայոց թագաւոր Արտաշէսին, որը գերեվարել էր Սաթինիկի եղբորը՝

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ հաղթեցեր քաջ ազգին Ալանաց.

Ե՛կ հաւանեա՛ց բանից

Աչագեղոյ դստերս Ալանաց

Տալ զպատանիդ.

  Զի վասն միոյ քինու

ոչ է օրէն դիւցազանց,

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել,

Եւ թշնամութիւն յաւիտենական

Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

[Գիրք Բ, գլուխ Ծ]

Հայոց թագաւորը սիրահարւում է Սաթինիկին եւ խնդրում է նրան ի կնութիւն: Ալանները հսկայական գին են պահանջում աղջկայ համար, եւ թագաւորն առեւանգում է նրան, որից յետոյ՝

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,

Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն:

[Նոյն գլխում]

387 թուականին Հայաստանը բաժանուեց Բիւզանդիայի եւ Պարսից թագաւորութեան միջեւ: Պարսկաստանին անցած մասի հայերը թագաւոր խնդրեցին, եւ Շապուհ արքան գահ բարձրացրեց Խոսրով Արշակունուն: Հայաստանի նախկին թագաւոր Արշակին, որը մինչեւ այդ փոփոխութիւնները տիրում էր ողջ Հայաստանին, դա խոր վիշտ պատճառեց: Նկարագրելով եղելութիւնը, դրա հետեւանքները՝ Ղազար Փարպեցին դիմում է վիպական ոճին: Պարսից բաժնում յայտնուեց Հայաստանի մեծ մասը՝ լաւը, պիտանին եւ արգաւանդը: Կռահելով, թէ նոր պայմաններում որչափ պիտի կրճատուեն իր իրաւունքները պարսից մասում, Արշակն անցնում է բիւզանդական բաժին: Սակայն տանջալի յիշողութիւնները հետապնդում են նրան: Աչքի առաջ է պարսից մասում մնացած Այրարատը, որն իր չափերով հաւասար է Արշակին անցած ողջ տարածքին: Այրարատը հոյակապ է, հռչակաւոր, ականաւոր, ամենաբարոյ, ամենաբուղխ, ամենալի: Ամէն ինչ կայ այստեղ մարդու կեանքը ապահովելու համար՝ միատարած դաշտեր եւ որսալից լեռներ, ոռոգման ջուրը, առատ լինելով, ապահովում է բնակիչներին հացի եւ գինու անպակասութիւն, անուշահոտ, մեղրահամ բանջարեղէնի քաղցրութիւն, իւղաբուղխ սերմերի զանազանութիւն: Այստեղի ծաղիկները թարմացնում ու նորոգում են մարդու ուղեղը: Միաժամանակ այստեղ կայ ոսկի, պղինձ, երկաթ, պատուական քարեր... Թւում է, որ նկարագրելով եւ գովերգելով Այրարատը, Ղազարը որոշ չափով կրկնում է յունական ճարտասանութեան տարածուած ձեւերը: Բայց գնահատական տալով այս էջերին՝ յիշենք միաժամանակ, որ Այրարատը Ղազար Փարպեցու բնիկ հայրենիքն է, այդ նահանգին էր պատկանում մինչեւ այժմ իր վեհութիւնը պահպանած Փարպի գիւղը: Հռետորականը եւ իրականը այստեղ միաձուլուել են:

Ընդհանուր առմամբ Ղազարի ոճը որոշ չափով ճոռոմ է, միաժամանակ ողջ աշխատութիւնը պարունակում է անչափ կարեւոր տուեալներ, որոնք վերաբերում են ամբողջ V դարին:

Փաւստոս Բուզանդի պատմական երկում կան Պարսից պատերազմին վերաբերող վիպական բազմաթիւ կտորներ, իսկ գրքի վերջին գլուխները հումորով լի ժողովրդական բանահիւսութեան էջեր են եւ դրանով առաւել չափով գրաւում են ժամանակակից ընթերցողի սիրտը: Դրանք իսկական զուարճապատում հատուածներ են։ Բերենք մէկը.

Մէկ օր Յոհան եպիսկոպոսը հանդիպում է ճանապարհին մի ձիաւորի, որը վերադառնում էր տուն հաւանաբար աւազակութիւնից: Ձին դուր եկաւ եպիսկոպոսին, ցանկութիւն առաջացրեց զաւթել այն: Յոհանը բռնում է ձիու սանձից եւ պահանջում, որպէսզի ձիաւորն իջնի՝ «Է՛ջ դու վաղվաղակի ի ձիոյ այտի, զի բանք են ինձ ընդ քեզ (խօսք ունեմ քեզ ասելու)»: Մի կողմ տանելով աւազակին՝ ծնկաչոք է անում եւ յայտարարում, որ ձեռնադրում է նրան երէց: Երիտասարդը հակառակւում էր՝ ասելով, որ աւազակ է եւ մարդասպան, սակայն եպիսկոպոսը իրենն է պնդում: Նա կարողանում է երիտասարդին գետին գցել, ստիպում ընդունել ձեռնադրութիւն, հանել աշխարհականի զգեստը եւ հոգեւորականի վերարկու հագնել: Ապա մօտենում է ձիուն եւ ասում. «Իսկ այս ձին էլ թող վարձ լինի, որ քեզ երէց ձեռնադրեցի»: Եւ այս բոլորի պատճառը ձին էր, եզրակացնում է հեղինակը:

Բայց պատմութիւնը դրանով չի աւարտւում: Վերադառնալով իրենց գիւղը՝ երիտասարդը դիմում է ընտանիքին. «Եկէ՛ք աղօթք անենք»: Ընտանիքը զարմանքով նրան է նայում, իսկ նա շարունակում է իրենը. «Եկէ՛ք աղօթք անենք, ես արդէն երէց եմ»: Լսելով այդ՝ կինը զարմանում է. «Չէ՞ որ դու մկրտուած չես»: Տանեցիներն ուղարկում են նրան Յոհան եպիսկոպոսի մօտ, վերջինս աւազակի գլխին կուժով ջուր է լցնում եւ ասելով՝ «Ահա մկրտեցի քեզ», յետ է վերադարձնում:

Փորձեցինք մի քանի նախադասութեամբ վերաշարադրել Փաւստոս Բուզանդի «Հայոց պատմութեան» VI դպրութեան Ը գլուխը. Յոհան եպիսկոպոսին նուիրուած են նաեւ յաջորդ երկու գլուխները: նրան վերաբերող էջերը շարադրուած են նոյն ոճով, հերոսը ներկայանում է ընթերցողին որպէս լկտի, անպատկառ մէկը: Կարելի է միայն զարմանալ, թէ ինչպէս է յաջողուել հայ հեղինակին V դարի երկրորդ կէսին ստեղծել մի դիմանկար, որը զուգորդութիւն է առաջացնում առ առաւելս Վերածննդի թունոտ-ծաղրական կերպարների հետ:

Պատմական երկից բերենք մէկ օրինակ եւս, այս անգամ՝ ողբերգական դէպքերի ընդհանրացում համապատասխան գունաւորումով.

Ժամանեցին մեզ աւուրք չարչարանաց,

Եւ գտին զմեզ նեղութիւնք անհնարինք,

Քանզի լցեալ զեղաց չափ մեղաց մերոց

Եւ ել աղաղակ մեր առաջի Աստուծոյ:

Ապականեաց ամենայն մարմին զճանապարհս իւր,

Եւ երկիր լցաւ յանօրէնութենէ.

Արդարութիւն նուազեաց, եւ անառակութիւն յաճախեաց.

Ժողովուրդ եւ քահանայ ստեաց Աստուծոյ.

Որոյ աղագաւ ազգք օտարածնաց

0տարացուցին զմեզ ի բնակութենէ մերմէ

Եւ դարձան փառք մեր յապականութիւն:

Շունչ ի մեզ ոչ մնաց,

Եւ կորեաք ի հատման յուսոյ մերոյ...

  [IV. 26, էջ 21-22]

Այս խօսքերով է սկսւում Արիստակէս Լաստիվերտցու Պատմութիւնը, առաջին հեղինակ-ականատեսի, որը նկարագրել է սելջուկ թուրքերի արշաւանքը XI դարի կէսերին:

Պատկերաւոր, ընդարձակ շարադրութիւնը յատուկ է միջնադարեան գրողներին, այդպիսի բազմաթիւ օրինակներ կարելի է գտնել նաեւ հայ հեղինակների երկերում: Միաժամանակ պատմագրական մի ընդարձակ շարք կազմող յուշարձաններում նիւթը դասաւորուած է գերազանցապէս ըստ ժամանակագրական կարգի, եւ այս դէպքում շարադրութիւնը աւելի կոնկրետ բնոյթի է: Որպէս օրինակ բերենք մի հատուած XII դ. հեղինակ Մատթէոս Ուռհայեցու Ժամանակագրութիւնից.

Եւ ի լինել թուականութեանս Հայոց ՆԼԴ (434/985 թ. ) մեռանէր Հայոց հայրապետն տէր Ստեփանոս, եւ ձեռնադրեաց յաթոռն իւր զերանելին զտէր Խաչիկ, վասն զի էր այր փառաւոր եւ տեղեակ աստուածային կտակարանացն: Առ սա եկեալ թուղթ ի Հոռոմոց պատրիարգէն ի Թէոդորոսէն, որ նստէր ի մայրաքաղաքն Մելտենի, վասն զի էր այր կորովի եւ հմուտ գրոց պատուիրանաց. եւ վարդապետն Հայոց Սամուէլ գրեաց ընդդէմ նորա զպատասխանիսն վայելուչ եւ ցանկալի բանիւք, որ եղեւ իսկ հաճելի թուղթն այն ամենայն լսողացն, եւս առաւել մեծարեալ եղեւ առաջի Թէոդորոսի պատրիարգին Հոռոմոց եւ առաջի Խաչիկ կաթուղիկոսին Հայոց [IV. 27, էջ 38-39]:

Հասարակ ժողովրդի մասին պատմիչները քիչ են խօսում, այն էլ ընդհանրացուած ձեւով: Միւս կողմից, նրանց երկերում կարելի է գտնել ազնուական դասին պատկանողների՝ աշխարհիկների եւ հոգեւորականների գրական դիմանկարներ: Սովորաբար դրանք երեւակայական են, բայց լինում են եւ այնպիսիներ, որոնք իրական, կենդանի անձնաւորութեան կերպարն են յաւերժացնում: Աւելին, հեղինակը մտցնում է շարադրանքի մէջ գործող անձանց խօսքեր: Այդ ճառերը առաւել եւս հնարովի են, այնումենայնիւ նրանք նոյնպէս կարող էին ընդհանուր եղանակով համապատասխանել իրականութեանը:

 

Պատմական երկերում յաճախ հանդիպում ենք թղթերի (նամակների)՝ կազմուած աշխարհիկ եւ հոգեւոր անձանց կողմից: Իբրեւ օրէնք՝ այդ գրութիւնները շինծու են, թէեւ լինում են նաեւ իսկագիրներ:

Թղթերը ոչ միայն անձնական, այլեւ հասարակական բնոյթի էին, նրանք լայն շրջանառութեան մէջ էին մտնում, դրանց ժողովածոները դիտւում էին որպէս առանձին գրական երկ: Ժառանգելով անտիկ գրական ձեւերը՝ նամակագրութիւնը դարձել էր առանձին գրական տեսակ նաեւ քրիստոնեայ դպրութեան ոլորտում: Լայնօրէն տարածուած էր Գրիգոր Մագիստրոս Պահլաւունու նամականին: Լինելով XI դարի խոշորագոյն քաղաքական գործիչ՝ Մագիստրոսը միաժամանակ դարաշրջանի ամենից կրթուած մարդկանցից մէկն էր, բազմաթիւ եւ բազմազան աշխատութիւնների հեղինակ: Նա իւրացրել էր թէ՛ բիւզանդական եւ թէ՛ հայկական գիտութեան նուաճումները, նրա թղթերի հիման վրայ կարելի է ճիշտ պատկերացում կազմել Հայաստանի մտաւորական ընտրախաւի մակարդակի մասին: Նամակագրութեան մասին իբրեւ գրական առանձին տեսակի տե՛ս մասնաւորապէս [IV. 28]:

Որոշ իմաստով պատմութեանը մօտ է վարքագրութիւնը: Քրիստոնեայ միտքը ճանաչում է սրբերին, վկաներին եւ խոստովանողներին: Առաջինները ամբողջ կեանքը նուիրել են աստուածահաճոյ գործերին եւ որպէս այդպիսիք ճանաչուել երախտապարտ շրջապատի կողմից: Վկաները հալածուել են այլակրօն թշնամիների կողմից, վկայել իրենց հաւատարմութիւնը հաւատքին ու սոսկալի մահապատժի ենթարկուել: Խոստովանողները եւս տառապանքներ են կրել, բայց մնացել են կենդանի: Վարքերը հետեւել են դեռեւս անտիկ աշխարհից եկած գրական ջատագովութեան աւանդոյթին (դրա մասին խօսեցինք Մաշտոցի վարքին վերաբերող մասում), իսկ վկայաբանութիւնները կարող են վերարտադրել նաեւ դատական արձանագրութիւնների ձեւերը: Հայոց վարքագրութիւնը ժառանգել էր յոյն եւ ասորի գրական աւանդոյթը եւ պահպանուել մինչեւ ուշ միջնադար: Տե՛ս[IV. 29] եւ այնտեղ յիշուած գրականութիւնը:

Սոյն ներածութեան II մասում արդէն խօսեցինք այն մասին, թէ ինչ տեղ էին գրաւել հայոց գրականութեան կառուցուածքում ձեռագրաց յիշատակարանները: Ինչ-որ առումով նրանք մօտ են պատմական շարադրանքին, բայց, անշուշտ, առանձին արժէք են ներկայացնում: Մեզ հասած յիշատակարանների մի զգալի մասը կազմուած է հետեւելով որոշ ձեւի: Ասուած է լինում, որ գիրքը արտագրուել է այսինչի ձեռքով, ընդ որում գրիչը «տգէտ է», «փծուն», «ապիկար» (նման ածականների թիւը հասնում էր 10-15-ի): Գիրքն արտագրուել է յանուն այսինչի հոգու փրկութեան եւ այս դէպքում՝ գովասանական մակդիրով: Նշւում են մատեանի արտագրութեան վայրը եւ ժամանակը, երբեմն՝ ըստ զանազան տոմարների, ապա յիշատակւում են ժամանակակից աշխարհիկ եւ հոգեւոր տէրերը, բերւում է այն մարդկանց ցուցակը, երբեմն՝ շատ երկար, որոնք արժանի են յիշատակութեան: Գրութիւնը աւարտւում է խնդրանքով՝ ընթերցողը աղօթելիս թող յիշի նաեւ գրչի անունը, սովորական մի խրատով եւ անէծքով նրանց հասցէին, ովքեր կը հանդգնեն վնասել գրչագիրը: Ժամանակի ընթացքում առաջացել էին յիշատակարանների մի քանի կայուն ձեւեր, որոնք եւ կազմում էին գրութեան հիմքը:

Բայց այդպիսիների կողքին կային նաեւ գրութիւններ, որոնց հեղինակները կամայ թէ ակամայ դուրս էին գալիս կայունացած սահմաններից: Յիշատակարանը ընդգրկում է կողմնակի տեղեկութիւններ, անձնական երանգ է ձեռք բերում, իսկապէս գրական ձեւ ստանում, կանոնացուած մասը կրճատւում կամ առհասարակ բացակայում է: Շեշտը կարող է տեղափոխուել այն հատուածի վրայ, որն առհասարակ գրչի ստեղծագործութիւն է: Յիշատակարանները կարող էին ձեւաւորուել արտագրութեան ընթացքում, բայց կարող էին մուծուել, երբ գիրքն անցնում էր նոր տիրոջը, մտնում շրջանառութեան մէջ: Քննական մօտեցումը հնարաւորութիւն է տալիս զանազանել ընդհանուր դրոյթներից այն տեղեկութիւնները, որոնք վերաբերում են տուեալ գրչագրի ծննդին: Սակայն բոլոր դէպքերում յիշատակարանը հետաքրքրութիւն է ներկայացնում իբրեւ գրական յուշարձան որպէս այդպիսին:

Յիշատակարաններում կարելի է գտնել տեղեկութիւններ, որոնք արձանագրում են գրչագրին ժամանակակից փաստեր՝ քաղաքական եղելութիւններ, թշնամու հերթական արշաւանք, բնակչութեան գերեվարութիւն, տարերային աղէտ: Քանի որ տեղեկութիւնները գալիս են ժամանակակիցներից, յաճախակի՝ ականատեսներից, որոնք արտայայտում են ոչ միայն անձնական, այլեւ հասարակական կարծիք, ապա այդպիսի գրութիւնները հնարաւոր է դիտել իբրեւ պատմական շարադրանք, թէկուզ եւ համառօտ: Միաժամանակ այդ գրառումները թոյլ են տալիս ներս թափանցել գրչագրի ստեղծողների եւ ընթերցողների հոգեկան աշխարհը, հասկանալ նրանց հոգեբանութիւնը: Այդ առումով յիշատակարանները ներկայացնում են իրենցից եզակի եւ (որ շատ կարեւոր է) բազմաքանակ սկզբնաղբիւր:

Այսպիսով յիշատակարանները բազմաթիւ նրբութիւններ են բացում՝ կապուած միջնադարեան գրչագրի, նրա ստեղծողների եւ օգտուողների հետ: Յիշատակարանները՝ ե՛ւ արձակ, ե՛ւ չափածոյ, աչքի են ընկնում իւրատեսակ գեղեցկութեամբ: Այդ յուշարձանները կարելի է համարձակ ձեւով ընկալել իբրեւ առանձին գրատեսակ: Ահա մի օրինակ դեռեւս չհրատարակուած գրչագրից, որը պահւում է Ռուսաստանի Ազգային գրադարանի (Սանկտ-Պետերբուրգ) ձեռագրատանը, հայկական նոր շարք հաւաքածոյ, N 0 48. ձեռագիրն արտագրուել է 1319 թ.

թթ. 240բ-241ա

[…] Արդ, վերաւարտեալ եղեւ սա ի թուաբերութիւնս ըստ Յաբեթականն տումարիս հնգետասան յոբելենիս, յաւելեալ եռակի թուով եւ ի յելանելոյն Նախաստեղծին ի վայելչութեան վայրէն եւ ի ծաղկազար[դ] բիւրաստանէն մինչեւ ցսոյն յարայբարդին միահամուռ միանգամայն ամք // ԶՌ (6000) եւ ՉԻ (720), յաւելեալ քառակի թուով, եւ ի կենարար յայտնութենէն Աստուծոյն Բանի մինչեւ ցսոյն ամ շարամանեալ պարփակին ամք ՌՅ (1300) եւ ԻԱ (21), որում եւ թուականս Հայոց ՉԿԸ (1319) էր:

Բայց գրեցաւ սայ ի մայրաքաղաքիս, որ կոչի Նախիջաւան, մեծ նահապետին Նոյի շինեալ ձեռամբ տունս իւր, կատարեցաւ սայ ընդ հովանեաւ Սուրբ Սարգսի Զաւրավարիս, ձեռամբ Յովսէբայ անարժան ծառայի նորայ: Խոշորութեան գրոյն եւ ծաղկացն մի՛ մեղադրէք, զի տղայ էի հասակաւ. աղաչեմ՝ յիշելոյ արժանի առնել զիս եւ զծնողն իմ զՅակոբ քահանայ եւ առ հասարակ զամենայն հաւատացեալս յիշեսցէ Քրիստոս յիւր միւսանգամ գալստեանն եւ ողորմութեան իւրոյ արժանի արասցէ զանարժանքս, եւ նմայ փա՜ռք յաւիտեան:

Յիշատակարանների գիտական հրապարակումը այժմ շատ առաջ է գնացել: Դրա մասին տե՛ս մասնաւորապէս [IV. 30-31]:

 

Վիմական արձանագրութիւնները, որոնց մասին խօսք է եղել II բաժնում, տեղեկատւութիւն են հաղորդում եկեղեցիների կառուցման, վանքերին ուղղուած նուիրաբերութեան, գիւղերի միջեւ եղած վէճերի, ուխտագնացութեան, նուիրատուների ճակատագրի, պատմական առանձին դէպքերի վերաբերեալ, թէպէտ շատ անգամ բաւարարւում են լոկ արձանագրութեան հեղինակի անուան յիշատակումով: Ճիշտ այնպէս, ինչպէս եւ ձեռագրաց յիշատակարանների դէպքում, այստեղ եւս աչքի է ընկնում ձգտումը որոշ կայունացած ձեւի: Վիմագրութիւններում հանդիպում ենք բազմաթիւ վրիպակների, անսովոր դարձուածքների, եւ այդուհանդերձ արձանագրութիւնները շատ անգամ զգալիօրէն լրացնում են մեր գիտելիքները հասարակական յարաբերութիւների, տնտեսական կառուցուածքի, կենցաղի մասին: Իբրեւ օրինակ բերենք բիւզանդական կառավարիչ Ահարոնի գրութիւնը, որը փորագրուել է Անիի Մայր տաճարի արեւմտեան պատի հարաւային անկիւնում: Վասպուրականի կառավարիչ Ահարոնը նոյն պաշտօնն էր ստանձնել Անիում: Թէոդորա կայսրուհու օրօք, այն է՝ 1055/56 թուականին, նա վիմագիր արձանագրութեան միջոցով հրապարակում է իր հրամանը: Այստեղ ասուած է.

Կամաւ եւ ողորմութեամբ բարերարին Աստուծոյ՝ ես Առաւնս մագիստրոսս մեծարեալ ի մեծափառ թագաւորութեանցն ի գեղ զարդու եւ ի տիս մանգութեան իմո եկի յԱրեւելս ի գեղեցկաշէն բերդս յԱնի, բարձրացուցի բաւանդակ զպարիսպ սորին կառկառակոյտ արձանաւք եւ հաստահեղոյս ամրութեամբ, եւ ի յիմոց մեծածախ գանձուց ածի ջանիւ ջուր յորդաբուխ ի մեջ ամրոցիս յուրախութիւն եւ ի զովացումն ծարաւեաց, բերի ոսկի մատանեաւ գիր ազատութեան զինքնակալ ծիրանեծին թագուհոյն վասն պախտից տանց քաղաքիս եւ թաստակին, զոր տաին ամ յամէ չափ ութից լտերց, [այ]լ եւ ի խնդրո իշխանաւորացս խափանեցի եւ զգիւտ երկուց լտերց, զոր տայր մութասիբն զայս ամեն…      [IV. 32]

Արձանագրութիւնը զերծ չէ տառասխալներից, այդ տեսակի գրութիւնների համար դա սովորական երեւոյթ է:

Միաժամանակ եկեղեցու պատերի վրայ կարելի է գտնել արձանագրութիւններ զուտ անձնական բովանդակութեան, ահա բազմաթիւ օրինակներից մէկը.

Ի թվ[ի]ն ՌՃՁԴ (1635 թ. ) ես Մարտիրոս գրեցի։

  [Նոյն տեղում, էջ 70, հմր. 217]

Քրիստոնէութեան տարածման, յատկապէս նոր ուսմունքի պաշտօնական ճանաչման հետ առանձին նշանակութիւն է ստանում եկեղեցական իրաւունքը: Նիկիոյ (325 թ. ) եւ Եփեսոսի (431 թ. ) տիեզերական ժողովների կանոնները, տեղական ժողովների սահմանումները բերուել էին Հայաստան եւ թարգմանուել հայերէնի: Հաւաքելով այդ նիւթերը, կցելով մի շարք վաւերագրեր, որոնք առաջացել էին հայկական հողի վրայ, կաթողիկոս Յովհան 0ձնեցին կազմեց մի ժողովածոյ, որը եւ հաւանաբար հաստատուեց Դուինում կայացած եկեղեցական ժողովի կողմից (719 թ. ): Այդ հաւաքածոն յայտնի է «Կանոնագիրք Հայոց» անունով: Աշխատանքն այդ ուղղութեամբ շարունակուեց դարեր, շրջանառութեան մէջ մտան Կանոնագրքի մի քանի խմբագրութիւններ:

Կանոնները որոշում էին հաւատացեալների վարքն ու բարքը, (հաշուի առնելով, անշուշտ, նրանց պատկանելութիւնը Հայոց եկեղեցուն) եւ պատիժներ նախատեսում խախտման դէպքում: Այդ օրէնքները նկատի են ունեցել նախ եւ առաջ հոգեւորականներին, սակայն տեսադաշտում էին գտնւում նաեւ աշխարհականները: Ընդգրկումը լայն է: Կանոնները վերաբերում են արարողութեանը, ձեռնադրութեանը եւ անպատեհ վարմունքի համար եկեղեցական բանադրանքին, առհասարակ հոգեւորականների բարոյականութեանը, հերետիկոսների նկատմամբ բռնած եկեղեցու դիրքին, ընտանեկան յարաբերութիւններին եւ բազմաթիւ այլ խնդիրներին:

Կանոնագիրքը իր մի շարք խմբագրութիւններով հրապարակուած է ժամանակի պահանջներին համապատասխան [IV. 33]:

Կանոնները տարածւում էին բոլորի վրայ, ովքեր պատկանոում էին Հայոց եկեղեցուն. վաւերացուած լինելով եկեղեցական ժողովների կողմից՝ նրանք գործում էին որպէս պաշտօնական փաստաթուղթ: Սակայն որոշ ժամանակ անց ասպարէզ իջան նաեւ աշխարհիկ օրէնքներ՝ դատաստանագրքեր, կազմուած առանձին հեղինակների կողմից: Պաշտօնապէս վաւերացուած չլինելով՝ նրանք լայն տարածում էին գտել առօրեայ կեանքում: XII դարից յայտնի են Դաւիթ Ալաւկայ որդու կազմած կանոնները: Շուրջ 1213 թուականին ի յայտ եկաւ Մխիթար Գօշի՝ իր ժամանակի ամենից գիտուն մարդկանցից մէկի հեղինակութեամբ մի ստուար դատաստանագիրք: Այն լայնօրէն տարածուեց թէ՛ հայրենիքում եւ թէ՛ գաղութներում: Աշխատութիւնը թարգմանուեց լատիներէնի, լեհերէնի, ղփչաղերէնի, վրացերէնի: Փոփոխուած ձեւով այն իր տեղը գտաւ Վրաց թագաւոր Վախթանգ VI-ի օրէնսգրքում, որն իր հերթին բաժին կազմեց Ռուսական կայսրութեան օրէնքների ժողովածոյում:

Մխիթար Գօշի հեղինակածը օրինակ ծառայեց նաեւ Կիլիկիայի հայկական թագաւորութեան մեծ իշխան Սմբատ Գունդստաբլի կազմած եւ 1264 թուականին հրապարակուած դատաստանագրքին: Նշանակալից է, որ նոյն դարաշրջանին է պատկանում նաեւ «Անտիոքի անսիզների» թարգմանութիւնը, որոնք եղել են Կիլիկիային հարեւան Անտիոքի իշխանութեան տարածքում գործող օրէնսգրքեր:

Մխիթար Գօշի Դատաստանագիրքը լոյս է տեսել դեռեւս 1880 թուականին [IV. 34] եւ հիմք ծառայել ռուսերէն թարգմանութեանը [IV. 35]: Այդ հրատարակութիւնը նկատի ունի Դատաստանագրքի այն տարբերակը, որտեղ աշխատութիւնը բաժանուած է երկու մասի: Մինչդեռ այժմեան տեսակէտից առաջնայինը միւսն է, որտեղ մասերը ձուլուած են: Այդ միաւորուածը եւս հրապարակուած է [IV. 36] եւ թարգմանուել է անգլերէն [IV. 37].

Ելնելով մնացած ձեռագրերի քանակից՝ կարելի է եզրակացնել, որ իրաւունքին վերաբերող աշխատութիւնները լայն տարածում են ունեցել: Հարստացնելով լեզուն՝ նրանք միաժամանակ ընդարձակում էին մտահորիզոնը, աշխուժացնում ընթերցողների միտքը:

 

Վերեւում ասացինք, որ միջնադարեան գիտակցութիւնը առանձին չէր ընկալում գրականութեան այն շերտը, որն այսօրուայ չափանիշներով մօտենում է գեղարուեստականին: Սակայն հնարաւոր է՞ր արդեօք անտարբեր մնալ պատմագրութեան, նրան մօտ կանգնած վարքագրութեան, ձեռագրաց յիշատակարանների առանձին գեղագիտութեանը: Նոյնը կարելի է ասել նաեւ քարոզների մասին, որոնք ազդում էին լսողի զգացմունքների վրայ, քարոզների՝ իրենց լայն թեմատիկայով: Յատուկ էր դա եւ խրատներ պարունակող առակներին՝ լինեն դրանք ինքնագիր թէ թարգմանածոյ: Բայց ամենից շատ ոգեւորում էր, անշուշտ, բանաստեղծական արուեստը, եւ այդ առումով հայերը նման էին բոլոր միւս ազգերին:

Չափածոյ երկը կարող էր տեղ գտնել արձակ աշխատութեան էջերում, դրա օրինակներից մէկն է »Վահագնի ծնունդը«, որը վկայակոչեցինք վերեւում: Բայց ժամանակի ընթացքում տարբեր տեսակի չափածոն երեւում է ձեռագիր առանձին մատեանում: Ի դէպ, միջնադարեան գրչագիրը հասցէագրուած է եղել ոչ այնքան ընթերցողին, որքան լսողին՝ լայնացնելով դրա շնորհիւ իր տարածման սահմանները: Նոր շրջանում չափածոյ նմուշները սկսեցին գրի առնել՝ ունկնդրելով պատմողին կամ հեքիաթասացին:

Հայ միջնադարեան բանահիւսութիւնն աչքի է ընկնում իր ճոխութեամբ եւ զանազանութեամբ: Ներկայ ձեռնարկում մենք կարող ենք վկայակոչել միայն առանձին օրինակներ: Սակայն այդ սակաւաթիւ օրինակներն անգամ պատկերացում են տալիս հայ միջնադարեան դպրութեան այս բնագաւառի մասին:

Քրիստոնէութեան ճանաչումը բերեց նրան, որ բանաստեղծութիւնը եւ երաժշտութիւնը մտան առօրեայ կենցաղ. սաղմոսասացութիւնը եկեղեցական արարողութեան անբաժան մասերից մէկն է: Սաղմոսասացութեան նմանութեամբ օրհներգութիւնը (շարականներ, գանձեր) կազմում է արարողութեան անհրաժեշտ բաժիններից մէկը, որն անընդհատ լայնանում ու ճոխանում է: Որպէս շարականների հեղինակներ հանդէս են գալիս եկեղեցական խոշորագոյն գործիչներ: Դժբախտաբար, միշտ չէ, որ հնարաւոր է լինում որոշել այս կամ այն շարականի իսկական հեղինակի անունը, մանաւանդ որ շարականներ պարունակող ձեռագրեր հասել են միայն XIV եւ յաջորդ դարերից: Ստորեւ բերում ենք հնագոյն շարականներից մէկի առաջին տողերը (հեղինակութիւնը վերագրւում է եկեղեցական տարբեր գործիչների, սկսած Յովհան Մանդակունուց՝ V դ. ).

Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր զաստուածային քո զօրութիւնդ. զքեզ փառաւորեմք, իմանալի լո՛յս:

Որ ըզճառագայթ փառաց քոց ցուցեր. արեգակնակեաց փայլմամբ զարարածըս լուսաւորեցեր. զքեզ փառաւորեմք, իմանալի լո՛յս:

Որ ահագին տեսլեամբ զարհուրեցուցեր ըզքո զաշակերտսն. ի թըմրութիւն հրաշիցն ի սէր աստուածային փառաց քոց. զքեզ փառաւորեմք, իմանալի լո՛յս:

Բանաստեղծական աշխարհը չէր բաւարարւում, անշուշտ, նման օրինակի օրհներգերով: Բանաստեղծութիւններ են ծնւում, որոնք հեղինակային են այսօրուայ իմաստով: VII դարից հասել է մի ողբերգութիւն՝ ներշնչուած Արեւելից աշխարհի մեծն իշխան Ջեւանշէրի մահուամբ: Դա մի ջատագովութիւն-ողբ է, որը կառուցուած է ճարտասանութեան օրէնքներին համաձայն, միաժամանակ՝ ակրոստիքոս, ընդ որում 36 տնից իւրաքանչիւրն սկսւում է հայոց այբուբենի համապատասխան տառով (բնագրի գիտաքննական հրատարակութիւնը՝ «Մատենագիրք Հայոց»-ի՝ Է դարի հատորեակում).

Աստուածային Բանին արուեստաւոր հոգի,
Յօրինեա՛ իմաստիւ զտխրական երգմունս,
Զի սգալի ձայնիւ անդադար ողբասցուք
Ի վերայ դժնդակ կորստեանս մերոյ:

Բեկումն մեծ, որ եղեւ Արեւելից աշխարհիս,
Եւ աղաղակ կործանման հնչեաց ընդ երկիր.
Ազգք եւ ազինք լուիցեն զբարբառս իմ,
Եւ երկրածինքս ամենայն ողբասցեն ընդ իս:

Գլորեցաւ վէմն կենդանի եւ հզօր,
Եւ պարիսպն ամրութեան խորտակեցաւ.
Աշտարակն բանաւոր տապալեցաւ,
Եւ ցանկն շինութեան խրամատեալ քակտեցաւ:
[IV. 38]

Հսկայական համբաւ է վայելել Գրիգոր Նարեկացի վանականը: Նա ապրել է X դարի երկրորդ կէսում եւ վախճանուել 1003 թուականին: Նրա գլուխ գործոցն է «Մատեան ողբերգութեան» ծաւալուն վիպերգութիւնը: Գրիգոր Նարեկացին խարազանում է իրեն բոլոր հնարաւոր թուլութիւնների համար: Փրկութիւն է ակնկալում՝ դիմելով միայն Ամենաբարձրեալին: 95 գլխից իւրաքանչիւրն սկսւում է հետեւեալ բանաձեւով. «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ»: Ահա թէ ինչպէս է ներկայանում հեղինակն իր իրապէս վիթխարի ստեղծագործութեան առաջին իսկ տողերում՝

Ձայն հառաչանաց հեծութեան սրտի՝ ողբոց աղաղակի
Քեզ վերընծայեմ, տեսո՛ղդ գաղտնեաց,
Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
Զպտուղ ըղձից ճեներոյ սասանեալ մտացս,
Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ:
Այլ հոտոտեսցիս, հայեսցիս, գթա՛ծ,
Քան ի պատարագն բոլորապտուղ,
Մատուցեալ ծխոյն բարդութեան:
Ընկա՛լ զսակաւամասնեայ բանիցս յօդուած
Քեզ ի հաճութիւն, եւ մի՛ ի բարկութիւն.
Ելցէ ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր
Վաղվաղակի ժամանել առ քեզ՝
Կամաւորական նուէր բանական զոհիս,
Ողջակիզեալ զօրութեամբ ճարպոյ՝
Որ յիսն է պարարտութիւն:

«Մատեանը» չափազանց բարդ է բոլոր առումներով: Հասկանալու համար հարկաւոր է լաւ ճանաչել Ս. Գիրքը, ծանօթ լինել քրիստոնեայ աստուածաբանութեանը եւ իհարկէ լրիւ տիրապետել դասական հայերէնին՝ գրաբարին: Եւ այդ բոլոր բարդութիւններով, զսպիչ հանգամանքներով հանդերձ այդ երկը վայելել է (եւ շարունակում է վայելել) անզուգական ժողովրդականութիւն: Գոյութիւն ունեն միջնադարեան մեկնութիւններ ու նմանակումներ: Հեղինակի անունով գիրքը ճանաչուեց որպէս «Նարեկ»: Հիւանդին բուժում էին՝ դնելով «Նարեկը» գլխի տակ:

Պահպանուել է յուշարձանի շուրջ 200 ձեռագիր: «Մատեանը» հրատարակուել է մի քանի անգամ, գիտաքննական բնագիրը լոյս է տեսել 1985 թուականին [IV. 39], նշենք նաեւ ռուսերէն եւ ֆրանսերէն թարգմանութիւները [IV. 40-41]: Վերջերս Անթիլիասում լոյս տեսաւ վերանայուած բնագիր՝ «Հազարմեակի հրատարակութիւն» որակմամբ [IV. 42]: Վերեւում բերուած տողերը քաղուած են այդ հրատարակութիւնից:

  Գրիգոր Նարեկացին կերտել է մի մենախօսութիւն, որն ուղղուած է Աստծուն: «Մատեանը» միջնադարեան միստիցիզմի, խորհրդապաշտութեան յուշարձան է եւ դրանով հանդերձ այստեղ նկատելի են նոր աշխարհընկալման, աշխարհիկ լաւատեսութեան առանձին սաղմեր: Միառժամանակ անց այդպիսի զգացմունքները կը սկսեն լայն տարածում գտնել:

Առաքել Բաղիշեցու (XIV-XV դդ. ) գրչին է պատկանում բլբուլի եւ վարդի տաղը, որից բերում ենք առանձին հատուածներ.

Բլբուլն ի վարդն ասաց. ի սէր քո եկի,
Զի սէր քեզ աւետեմ, սիրո՛յ դու տեղի,
Եւ սէրն սրբութեան ի քեզ բնակի,
Սիրով քո զարդարին ծաղկունքն ի յերկրի:

Վարդն ի բլբուլն ասաց. Թռչո՜ւն գովելի,
Որպէ՞ս միտք իմ բանից քոց հաւան լինի.
Դու ես թռչուն երկնից, եւ ես՝ բոյս երկրի
Զիա՞րդ իմ սէրս ի քոյդ միաբանեսցի:

Բլբուլն ի վարդն ասաց. Իմ բանիս լսէ՛,
Որ քո սիրտդ իմ սիրոյս այսպէս վկայէ,
Ես ցօղ բերեմ յերկնից՝ որ քեզ զարդարէ
Յայնժամ իմ սէր եւ քոյդ միաբանեալ է

Երկխօսութիւնը երկար է տեւում, դարձնելով ոտանաւորի ընթերցողին (կամ լսողին) կրքոտ սիրոյ վկայ: Բայց ի՞նչ է պարզւում ոտանաւորի վերջին տողերից.

Բլբուլն Գաբրիէլ հրեշտակապետն է,
Եւ վարդն Տիրամայր աստուածածինն է,
Թագաւորն երկնաւոր՝ Յիսուս Քրիստոսն է
Որ անթառամ վարդէն մարմին առեալ է:
[Տաղն ամբողջութեամբ՝ IV. 43, էջ 212-221]

0րինակներ, երբ շարադրանքը խորքում ընկած գաղափարի այլաբանութիւն է, կարելի է գտնել նաեւ արձակում: Ահա հռչակաւոր Վարդան Այգեկցու (XIII դ. ) առակներից մէկը.

Առիւծ մի կորիւն ծնաւ եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն. գայ աղուէսն ի մէնջ բազմամբոխին եւ մեծայհանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ ա՞յդ է քո կարողութիւնդ. զի մի կորիւն ծնանիս եւ ոչ բազում. պատասխանի ետ առիւծն հանդարտայբար եւ ասէ. այո՛յ, մի կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Ինչպէ՞ս է հարկաւոր հասկանալ այդ տողերը: Ահա առակի յաւելումը՝

Ցուցանէ առակս, թէ առաջի լաւ է մի այր բարէգործ քանց հազար անզեղջ մեղաւոր, եւ լաւ է մի աղքատ, որ չէ դժոխոց, քան Ռ (1000) թագաւոր, որ դժոխոց լինի, եւ լաւ է մի որդի բարի քան Ճ (100) որդի անաւրէն եւ չար։

[IV. 44, էջ 116-117, հմր. ՂԷ]

Այլաբանութիւնը լայն տարածում էր գտել, բայց նրա կողքին հնչում էր նաեւ պարզ խօսքը: Եւ ահա իսկական սիրոյ երգի օրինակ.

Արեւնըման շողշող կըտան,
Քանի սիրով զաչերդ ածես,
Թէ սէր յիշես ու թէ չյիշես,
Եւ կու սիրեմ սրտովս զքեզ:

Դու ըզվիմերըն խորտակես,
Դու ըզլերունքն ի հալ հանես,
Զով դու սիրով նատար անես,
Անանց կրակով զանձնիկն այրես:

Դու օրինակ ես աղէկնուն,
Այլ մայրն չէ բերէր զէտ զքեզ.
Սպիտակ ճակատ ու սեւ աչեր,
Լութֆ ու քարամով լուսերես:

Լար շրթընովդ վարդ թապես,
Ճօճան վզովդ բերդեր քակես.
Ամէն անձամբ ես գեղեցիկ,
Քեզ նմանակ միայն դու ես:
[IV. 45, էջ 125-127]

Սա բացայայտ աշխարհիկ սիրոյ երգ է՝ դուրս եկած Յովհաննէս Թլկուրանցու գրչի տակից: Շատերը դիտում են հեղինակին որպէս Սսի նոյնանուն կաթողիկոս (1489-1535). թւում է, սակայն, որ դա թիւրիմացութիւն է: Հեղինակը նուիրում է այս տողերն իր սիրած աղջկան. իր զգացմունքը մարմնական սէր է, որը կարող է խելահան անել թէ՛ աշխարհիկ մարդուն, թէ՛ հոգեւորականին: Դժուար թէ ոտանաւորի հեղինակը կաթողիկոս եղած լինի:

Նման տրամադրութիւն առաւել վառ կերպով արտայայտուած է հայրէններ կոչուող ոտանաւորներում: Մեծ մասամբ նրանք կառուցուած են 4 տողից (8 կիսատողից), բայց քիչ չեն նաեւ 6 եւ 8 տողանոցները: Դա եամբ-անապեստեան մի ոտանաւոր է, շեշտ ունենալով 2, 5, 7, 10, 12, 15 վանկերի վրայ, իսկ 2 եւ 12 վանկերը կարող են ազատ մնալ: Մէջտեղում հայրէնը դադար է ունենում, ուստի ոտանաւորի կարգն է՝ 2+3+2 // 3+2+3: Հայրէնները յայտնի են նախ եւ առաջ XVI դ. հռչակաւոր բանաստեղծ Նահապետ Քուչակի անունով, սակայն նոյն չափով գրել են եւ ուրիշները՝ եւ շատ աւելի վաղ:

Քուչակը խանդավառ երգում է սէրը.

Սէրն երբ ի յաշխահս եկաւ, եկաւ իմ
սիրտըս թառեցաւ.

Ապա իմ սրտէս ի դուրս՝ յերկրէ
յերկիր թափեցաւ.

Եկաւ ի գըլուխս ելաւ, եւ յըղեղս ելաւ
թառեցաւ,

Աչիցս արտասունք ուզեց, նա արիւն ի
վար վաթեցաւ:

Հեղինակն իր դարաշրջանի ծնունդ է. եկեղեցու գաղափարը նրան չի լքում անգամ այն պահին, երբ նա նուիրւում է մարմնական սէրը երգելուն.

Քո ծոցդ է ճերմակ տաճար, քո ծըծերդ
է կանթեղ ի վառ.

Երթամ ես ժամկոչ ըլլամ, գամ լինիմ
աճերիդ լուսարար:

Գնա՛յ, ծօ՛, տըղա տըխմար, չի վայլես
տաճարիս լուսարար.

Երթաս դուն խաղով լինաս, ու թողուս
տաճարս ի խաւար:

Երգիչն ամբողջութեամբ նուիրուած է իր կրքին. բացայայտ հեշտասիրութիւնը առկայ է բազմաթիւ տողերում, նոյնը յատուկ է նաեւ իր սիրած աղջկան.

Հա՛յ իմ փոքրիկ շամամ, քո ծոցուդ,
ա՜մ, ե՞րբ տիրանամ.

Քո ծոցդ է ի ծով նըման ծովն դեղ
կ'ասեն ի ջերման.

Փոքրիկ մրտիմնիկ լինամ ու մըտնիմ ի
ծոցդ ու լողամ.

Ծովերուդ ալ դուրս ելնում՝ ուներուդ
շուքն քընանամ:

[IV. 41]

Բայց Քուչակը (կամ այդ անունով ներկայացող այլ հեղինակը) երբէք չի կորցնում չափի զգացումը. նրա անկեղծութիւնը պատշաճ ձեւի է, այն չի վիրաւորում հաւատացեալին, երբ հեղինակը յիշում է եկեղեցու հետ առնչութիւն ունեցող որեւէ տիտղոս կամ առարկայ:

 

Պատմութիւնը որոշ տեղեկութիւններ է պահպանել հայոց հին բանաստեղծների եւ երաժիշտների մասին, որոնք ելոյթ էին ունենում թագաւորի եւ նրա շրջապատի առջեւ, իշխանների տանը: Դրանց մէջ եղել են եւ կանայք: Երգեր էին հնչում տօնակատարութիւների, հարսանիքների, ընտանեկան խնջոյքի ժամանակ: Կատարողները՝ վիպասանները, գուսանները, աշուղները, հանդէս էին գալիս որպէս մասնագէտներ, դրանով էլ ապահովում իրենց կացութիւնը: Աշուղներ երեւացին արդէն միջնադարում եւ մնացին մինչեւ XX դ.: Դրանց մէջ ամենից խոշոր դէմքը, անշուշտ, Սայաթ-Նովան է:

Նա ապրել է Թիֆլիսում, այդ բազմալեզու քաղաքում, տիրապետել մայրենի լեզուից բացի նաեւ վրացերէնին ու թուրքերէնին եւ ստեղծագործել այդ լեզուներով: Իմացել է նաեւ պարսկերէն եւ շատ դէպքերում հետեւել է Իրանի գրական աւանդոյթին: Նրա ստեղծագործութեան լեզուները տեղական տարբերակներ են (բայց աւարտելով կեանքը որպէս շուշտակ վարդապետ, նա տիրապետել է, անշուշտ, նաեւ գրաբարին): Սայաթ-Նովայի խօսքը հասկանալու համար անհրաժեշտ են այդ լեզուների (եւ բարբառների) համապատասխան գիտելիքներ: Բայց նրա ժառանգութիւնն ըմբռնելու համար ափսոս չէ ժամանակ յատկացնել՝ թափանցելու թէկուզ նրա բառապաշարի մէջ:

Հայերէն տաղերից պահպանուել են միայն 46-ը, աւանդական եղանակով մեզ է հասել նաեւ նրանց երաժշտութիւնը: Սայաթ-Նովան եղել է իսկական երգահան. ինքն է կազմել իր երգերի խօսքերը, ինքը ստեղծել երաժշտութիւնը եւ հսկայական համբաւ վայելել որպէս կատարող: Այս բոլորը հնարաւորութիւն է տալիս վերականգնել հայոց հանճարեղ յանկարծախօսի կերպարը:

Ահա նա դիմում է իր սիրածին՝

Աշխարումըս ախ չիմ քաշի, քանի վուր ջա՜ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի՛, էնենց սպանէ՝ Սուլթան ու Խան իս ինձ ամա:

Մեչկտ սալբու չինարի պէս, ռանգըտ Փռանգի ատլաս է.
Լիզուտ շաքար, պռոշըտ ղանդ, ակրեքըտ մարքրիտ ալմաս է.
0սկու մեչըն մինա արած, աչկիրըտ, ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավայիր, լալ-Բադեխշան իս ինձ ամա:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ի՞նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ-Նովու յար իս,
Շուխկըտ աշխարըս բռնիլ է՝ արեգակի դեմն փար իս. . . . . .
Հուտով խիլ, միխակ, դարիչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:
(24, ԺԸ)

Աշուղը եւ նրա գործիքը նոյնն են՝

Ամեն սազի մեչըն գոված դուն թամամ տա՛սն իս, քամանչա,

Նաքազ մաըթ քիզ չի կնա տեսնի, դուն նըրա պա՛սն իս, քամանչա,

Ղա՛ստ արա՝ է՛լ լավ օրերուն էդիվն հանիս, քամանչա,

Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի, աշուղի բա՛սն իս, քամանչա: , 1)

Իսկական վարպետ լինելով՝ նա քաջ գիտէ նաեւ իր գինը: Ահա ինչ խօսքեր է նա ուղղում իր սիրոյ առարկային (հաւանաբար, ազնուազարմ վրացուհի Աննային, կամ Տալիթա անունով կաթողիկէ մի հայուհու).

Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի՛ կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է:
Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է՝
Սելավի պես, առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի: (210, Ը)

Այդ տողերը նա կազմել է 1753 թ. ՝ ասես կանխագուշակելով իր ճակատագիրը: 1795 թ. Թիֆլիս ներխուժեցին պարսից Աղա-Մուհամմադ շահի զօրքերը: Սայաթ-Նովան վաղուց ի վեր կրօնաւոր էր դարձել՝ Տէր Ստեփանոս եպիսկոպոս անունով: Նա հրաժարուեց ուրանալ իր հաւատքը եւ սպանուեց հայ եկեղեցու շեմին [1]:



[1]    Վերեւում վկայակոչուած հատուածները քաղուած են Մօրուս Հասրաթեանի կազմած քննական հրատարակութիւնից [IV. 47], հմր. (24, ԺԸ), (1, Ա), (10, Ը): Թիւրիմացութիւններից խուսափելու համար պահպանել ենք հրատարակչի ուղղագրութիւնը: