Աւարայրի ճակատամարտից դէպի Նուարսակի պայմանադրութիւնը

Հեղինակ

Բաժին

Թեմա

Շուշուայ Ղազանչեցոց վանքի աւագ քահանայ տէր Առաքել Իւզբաշեանցի ծոռ, նոյն քաղաքի պատուաւոր քաղաքացի Եղոտենց Մովսէս - բէկի թոռ, հռչակաւոր ռէալականն աւարտած Մկրտիչ Իւզբաշեանի որդի, Թիֆլիսում ՝ ախալցխացի մօրից ծնուած, Երեւանում մեծացած ու ձեւաւորուած, կեանքիս մեծ մասը Ռուսաստանում անցկացրած ՝ ես իմ ողջ էութեամբ մնում եմ ղարաբաղցի ու նուիրում սոյն գիրքը Արցախի հպարտ ու խիզախ համերկրացիներիս:

ՆԱԽԱԲԱՆ

Յետադարձ հայեացք ձգելով մեր պատմական անցեալին, մտովի ընդգրկելով հազարամեակների ծանր ու բարդ ուղին՝ մենք յատուկ կանգ ենք առնում Ե դարի անցքերի վրայ: Այդ դարում է ստեղծուել ազգային գիրը, որով հայերն առաջին անգամ կարողացան ընթերցել Սուրբ Գիրքը մայրենի լեզուով: Այդ դարում է ծնունդ առել հայոց գրականութիւնը՝ առաջացնելով հոգեւոր զարգացման աննախընթաց վերելք: Այդ դարում հայերը կորցրեցին իրենց պետականութիւնը, բայց եւ, բարձրացնելով երկու յուժկու ապստամբութիւն, դրսեւորեցին անկախութեան հասնելու իրենց կամքն ու ձգտումը: Անկախ անմիջական արդիւնքներից, այդ շարժումներն ամրացրին ինքնավարութեան հիմքերը, դրանց շնորհիւ հայերը կարողացան պահպանել ազգային կերպարը:

Ե դարի մասին գրել են տակաւին ժամանակակիցները՝ դրսեւորելով իրենց դարաշրջանի հասարակական ինքնագիտակցութիւնը: Հետագայում ամբողջ միջնադարն առաջնորդուել է այդ գաղափարներով, եւ անփոփոխ ձեւով նրանք մտել են եռահատոր «Հայոց պատմութեան» մէջ, որը 1784-1786 թթ. լոյս է ընծայել Միքայէլ Չամչեանը (այդ հսկայից է սկսւում մեր նոր պատմագրութիւնը): Այնուհետեւ հատորներ են գրուել Ե դարի քաղաքական պատմութեան, Հայաստանի հասարակական կարգի եւ մշակոյթի մասին: Այդ շրջանի ձգողական ուժին ենթարկուել են լուրջ գիտնականներ ու սիրողներ, բանաստեղծներ ու վիպասաններ: Եւ Ե դարում ապրած իւրաքանչիւր հայ, որը յայտնի է մեզ թէկուզ միայն անունով, արձանագրուել է մէկ ուրիշ հսկայի՝ Հրաչեայ Աճառեանի «Հայոց անձնանունների բառարանում»:

Գիտութիւնն այժմ մեծ նիւթ է հաւաքել Ե դարի պատմութեան եւ մշակոյթի մասին: Խնդիր չկայ, որն այսպէս թէ այնպէս շօշափուած չլինի բազմաթիւ մենագրութիւններում եւ յօդուածներում: Հինգերորդ կամ հետագայ դարերի ծնունդ գրաւոր յուշարձաններին, որոնք ինչ-որ չափով լուսաբանում են այդ շրջանը, նուիրուած է վիթխարի գրականութիւն: Այնուամենայնիւ, պրպտումները շարունակւում են: Պատճառներից մէկն այն է, որ իւրաքանչիւր սերունդ իւրովի է մեկնաբանում այդ դէպքերը, նոր շեշտեր դնում եւ նոր տեսանկիւնից մօտենում դրանց: Դասական համարուող դարաշրջանը դասական վերլուծութեան չի ենթարկւում:

Հիմք չունենք պնդելու, թէ հէնց Ե դարն է կանխորոշել հայութեան շարունակուող զարգացումը. իրապէս, պատմական իւրաքանչիւր շրջանի համար նախապատմութիւն է լինում նախորդ ողջ ընթացքը: Սակայն ազգային գիտակցութեան ձեւաւորման համար Ե դարը իրօք որ հսկայական դեր է կատարել:

Այս փոքրիկ գրքում փորձ է արուած կրկին անգամ կերտել Ե դարի Հայաստանի կերպարը, լուսաբանել քաղաքական վիճակը եւ հասարակական յարաբերութիւնները, ազատագրական շարժումները եւ դարաշրջանի անկրկնելի մշակոյթը: Հեղինակի նպատակից դուրս է եղել այդ հարցերն արծարծել ամբողջութեամբ, շատ դէպքերում ուրուագծւում են միայն պատմական միտումները, բայց գրերի գիւտը եւ 450-451 եւ 482-484 թթ. ապստամբութիւնները շարադրուած են հնարաւորին չափ մանրամասն:

Աշխատութեան վերնագիրը պարունակում է երկու տեղանուն. Աւարայրը յայտնի է ամենքին. այստեղ 451 թ. մայիսի 26-ին տեղի է ունեցել այն ճակատամարտը, որը յաւերժացրեց Վարդան Մամիկոնեանի եւ նրա զօրակիցների անունները: Նուարսակ գիւղը գտնուելիս է եղել Հայոց երկիրը Պարսկաստանից անջատող սահմանագծի մօտերքում: Նուարսակում 484 թ. ապստամբ սպարապետ Վահան Մամիկոնեանը հաշտութեան բանակցութիւններ սկսեց Պարսից զօրապետ Նիխորի հետ՝ թելադրելով հակառակորդին իր կամքը: Վերնագիրն ինչ-որ չափով փոխաբերական է: Ծանր հարուածներ ստանալով Աւարայրի դաշտում՝ հայերը չընկճուեցին եւ, երկրորդ անգամ ապստամբելով, ապահովեցին երկրին լայն չափերի հասնող ինքնավարութիւն: Աւարայրից դէպի Նուարսակ տանող ուղին խորհրդանշում է Հայոց ողջ պատմութիւնը: Այդ եմ նկատի ունեցել՝ վերնագրելով աշխատութիւնը «Աւարայրի ճակատամարտից դէպի Նուարսակի պայմանադրութիւնը»:

Այս գիրքը առաջին անգամ հրապարակուել է 1989 թ., իսկ 2001 թ. լոյս է տեսել նրա ռուսերէն տարբերակը: Նման աշխատութեան գաղափարը ներշնչել էր ինձ Պարոյր Մուրադեանը, իսկ գիրքը՝ խմբագրել Կիմ Մուրադեանը: Որպէս պատասխանատու խմբագիր՝ Կիմ Մուրադեանը մեծ աշխատանք է տարել՝ ուշադրութեանս առաջարկելով անխուսափելի թերութիւններ. նա է տուել գրքին վերջնական տեսք: Աշխատութիւնը հրատարակութեան էին երաշխաւորել Գագիկ Սարգսեանը եւ Պարոյր Մուրադեանը: Պարծենում եմ նրանով, որ իմ աշխատանքին ընթացք են տուել արդի հայագիտութեան այդպիսի կարկառուն ներկայացուցիչներ, որոնցից երկուսը, աւաղ, ընդմիշտ հեռացել են մեզնից:

Գիրքը հասցէագրուած է ոչ միայն մասնագէտներին, այլեւ ընթերցողների լայն շրջաններին, ուստի գիտական գրականութեանը վերաբերող յղումները սակաւաթիւ են, սարուածքը՝ թեթեւացուած: Բացի այդ, մեծ մասամբ խուսափել եմ բանավէճի մէջ մտնել այն դէպքերում, երբ իմ մօտեցումը տարբեր է եղել միւս հետազօտողների կարծիքից: Գրքի նիւթը (յամենայն դէպս, զուտ հայագիտական մասում) քաղուած է անմիջապէս սկզբնաղբիւրներից: Նիւթը շարադրելիս յաճախակի պահպանել եմ սկզբնաղբիւրի լեզուն, ոճը: Շատ դէպքերում, բնականաբար, այդ հատուածները հարկաւոր է ընկալել ոչ թէ բառացի, այլ լոկ իբրեւ փոխաբերութիւն: Յուսով եմ, որ ժամանակակից ընթերցողը կը կարողանայ ճիշտ կողմնորոշուել եւ տարբերել իրականը երեւակայականից:

Ներկայ տարբերակի վրայ աշխատելիս մտցրել եմ մի շարք էական փոփոխութիւններ եւ լրացումեր: Պարոյր Մուրադեանը նայել է նաեւ նոր տարբերակը: Շնորհակալութեամբ հաշուի եմ առել նաեւ Բաբկէն Յարութիւնեանի՝ անտիպ մնացած գրախօսականի կարեւոր դիտողութիւնները՝ կատարելով համապատասխան ուղղումներ: Իսկ գիրքը վերջնականապէս ձեւաւորուել է Հայաստանի ամերիկեան համալսարանի «Հայ դասական մատենագրութեան թուային գրադարանում», եւ ես անչափ պարտական եմ այս հիմնարկութեան իմ երիտասարդ բարեկամներին [1]:

Ընծայականը, որով բացւում է գիրքը, կցուած է եղել նաեւ առաջին տարբերակի ձեռագրին, սակայն ինչ-ինչ պատճառներով համարուել է անընդունելի եւ, հեղինակի կամքին հակառակ՝ մնացել տպարանում:

Կ. Իւզբաշեան

Սանկտ Պետերբուրգ-Երեւան

6-ը դեկտեմբերի, 2004 թ.



[1]      Սոյն աշխատութիւնը արդէն ձեւաւորուած էր, երբ լոյս տեսաւ «Մատենագիրք հայոց» (Ա-Բ, Անթիլիաս-Լիբանան, 2003) շարքը, որն ընդգրկում է Ե դարի սկզբնաղբիւրները: Առաջիկայում, բնականաբար, հին հրատարակութիւնները իրենց ողջ արժէքով հանդերձ զիջելու են իրենց տեղը նոր հրապարակումներին: Սոյն աշխատութեան մէջ հաշուի առնել այդ հրատարակութիւնները, ցաւօք, չի յաջողուել` մէկ բացառութեամբ: