Աւարայրի ճակատամարտից դէպի Նուարսակի պայմանադրութիւնը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ Ա
«ԶԻ ԹԷՊԷՏ ԵՒ ԵՄՔ ԱԾՈՒ ՓՈՔՐ…»

Ե դարում եթէ մէկը նպատակ դնէր անցնել Հայկական լեռնաշխարհը արեւմուտքից արեւելք, ապա նրա ճանապարհը ընկած էր լինելու մի քանի Հայաստանի վրայով: Ճանապարհորդութիւնը պիտի սկսուէր Փոքր Հայքից. այդ երկրին քաջ ծանօթ է եղել յոյն աշխարհագրագէտ Ստրաբոնը . ա. 65 - Ք. յ. 25): Նա նշում է, որ Փոքր Հայքը գտնւում է Եփրատ գետից դէպի արեւմուտք: Ժամանակին այստեղ առանձին թագաւորութիւն է եղել, սակայն Ք. յ. Ա դարում Փոքր Հայքին տիրել են Հռոմի դրածոները, ապա երկիրը միացուել է Կապադովկիային, որն այդ շրջանում եղել է պետութեան նահանգներից (provincia) մէկը: Դիոկղետիանոս կայսեր օրօք (284-305) Փոքր Հայքը դարձել էր առանձին նահանգ՝ համապատասխան վարչական կարգավիճակով, իսկ Թէոդոս կայսրը 378-386 թթ. արանքում բաժանել էր այն երկու հատուածի: Հիւսիսային մասը ստանում է Առաջին Հայք (Armenia Prima) անուանումը, եւ Սեբաստիան դառնում է նրա գլխաւոր քաղաքը, իսկ հարաւային Երկրորդ Հայքի (Armenia Secunda) վարչական կենտրոնն էր Մելիտինէն: Այդ բաժանման մասին հաղորդում է նաեւ Է դարի հռչակաւոր «Աշխարհացոյցը»:

Կտրելով սահմանը՝ մեր ուղեւորը պիտի մտնէր Մեծ Հայքի տարածքը: Այդ անուանումը եւս շատ հին է. հայերից բացի, երկիրն այդպէս է կոչուել նաեւ յունարէն եւ լատիներէն, այդ անունն օգտագործում էին հարեւան պարսիկները, վրացիները (Դիդի Սոմխեթի), հետագայում նաեւ ռուսները (Арменья Великая) [1]: Մեծ Հայքը ոչ միայն աշխարհագրական, այլեւ քաղաքական հասկացութիւն է: Այն եղել է Արշակունեաց պետութեան (66-428) պաշտօնական անունը, որը, դարձեալ քաղաքական առումով, հետագայում իւրացրել էին Բագրատունիները: Այն պետութիւնը, որը 886 թ. հիմնել էր Աշոտ Ա թագաւորը, եւ որը 1045 թ. գրաւեցին բիւզանդացիները, պաշտօնապէս կրել է Մեծ Հայք անունը: Այդ անուանումն էր ժառանգել, վերջապէս, այն ռազմավարչական միաւորը՝ բանակաթեմը, որն Անիի գրաւումից յետոյ կազմեցին բիւզանդացիները:

Ե դարի սկզբներին Մեծ Հայքի վարչական սահմանները զգալիօրէն կրճատուած են եղել: 387 թ. Պարսկաստանի ու Հռոմէական կայսրութեան միջեւ պայմանագիր էր հաստատուել, որի համաձայն՝ Հայաստանը բաժանուել էր երկու մասի. Արեւմտեանը անցել էր հռոմէացիներին, իսկ Արեւելեանը՝ պարսիկներին: Ձգուելով հիւսիսից հարաւ՝ սահմանագիծն անցնում էր Կարին (այժմ՝ Էրզրում) քաղաքի կողքով, ընդ որում այդ քաղաքը մնում էր Հռոմէական բաժնում: Արշակ Գ Արշակունի թագաւորը որոշեց տեղափոխուել յունաց բաժինը, այնտեղ էլ վախճանուեց 390 թ.: Հայաստանի Հռոմէական բաժնում թագաւորական իշխանութիւնը վերացաւ ընդմիշտ:

Բիւզանդական կայսրութեան կազմի մէջ մտած հայկական հողերը բաժանուել են տարբեր կարգերի: Հիւսիսային մասում, որի կենտրոնն էր Կարինը, կառավարում էին քաղաքացիական վարչապետները. «կացուցին Յոյնք կոմէսս իշխանս», _ կ՚արձանագրի հետագայում Մովսէս Խորենացին: Պատմիչի ասելով, «առաջնորդէր նախարարաց կողմանցն այնոցիկ» Գազաւոն Կամսարականը [Մով. Խոր., էջ 316. 6-7], սակայն Գազաւոնը շուտով հեռացաւ Յունահայաստանից, եւ տեղացի նախարարներն ամբողջութեամբ զրկուեցին արտօնութիւններից:

Հարաւային մասում, որը կազմուած էր հինգ թէ վեց նախարարական տիրոյթից, վիճակն այլ էր. անցնելով կայսրութեան հովանաւորութեան ներքոյ՝ երկրի այդ ծայրամասը, արդէն 299 թ. սկսած (տե՛ս ստորեւ), լրիւ չէր ենթարկւում Հայոց թագաւորին: Սակայն կայսրից էլ կախումը, կարելի է ասել, ձեւական էր: Տեղացի սատրապները, ինչպէս անուանում էին նախարարներին յոյները (այդ բառը խորթ չէր նաեւ հին հայերէնին), շարունակում էին օգտուել ինքնավարութեան իրաւունքներից, չնայած տուրք էին վճարում կայսրին եւ ճանաչում, անշուշտ, նրա գերագոյն իշխանութիւնը: Այդպիսի պայմաններում նրանք մնացին մինչեւ Զ դարի 30-ական թուականները:

Մեր ճանապարհորդը անցնում է վերջին սահմանագիծը, այն է՝ Մեծ Հայք թագաւորութեան ու Բիւզանդական կայսրութեան պետական սահմանը, որի մասին խօսուեց քիչ առաջ: Ե դարում Մեծ Հայքի տարածքը կրճատուած է եղել արդէն ոչ միայն Արեւմուտքում. մի շարք ծայրամասային հողեր միացուել էին Վիրքին (Արեւելեան Վրաստանին) եւ Աղուանքին: Խօսելով 387 թ. բաժանման մասին՝ Փաւստոս Բուզանդ պատմիչը նշում է. «Բազում գաւառք կրծեալք հատեալք այսր-անդր». Արշակ Գ եւ Խոսրով Դ թագաւորներին (որոնք տիրում էին իւրաքանչիւրն իր հատուածում) մնացել էր «սակաւ մասն յաշխարհաց» [Փաւ. Բուզ., էջ 266]: Տեսակէտ կայ, սակայն, որ հողերը յօգուտ Աղուանքի (Ուտիք եւ Արցախ նահանգները) կտրուել էին 428 կամ անգամ 451 թ. [2]: Հայաստանի մայրաքաղաքը դեռեւս Արտաշատն էր:

Այստեղ մեր երեւակայական ճանապարհորդը կարող էր տեսած լինել Մեծ Հայքի թագաւոր Վռամշապուհ Արշակունուն: Յիշենք, որ մեր խօսքը Ե դարի սկզբի մասին է, իսկ Վռամշապուհը գահակալել է 388-414 թթ.: Սակայն թագաւորական իշխանութեան տարիները հաշուած էին. երկիրը խոշոր փոփոխութիւնների առջեւ էր կանգնած: 428 թ. Արտաշէս Արշակունին հեռացուեց գահից, եւ Մեծ Հայքի պարսիկներին պատկանող մասը դարձաւ մարզպանութիւն, այն է՝ բուն Պարսկաստանից դուրս գտնուող վարչական միաւոր, որը ենթակայ էր անմիջապէս Սասանեաններին:

Հայերի բախտը բազմիցս կախուած է եղել հարեւան զօրեղ պետութիւններից: Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին էր, որ հակադիր ուժերի համար երկիրը դառնում էր ինչ-որ կռուախնձոր: Այդպիսի վիճակ ստեղծուեց յատկապէս Ա դարի կէսերին, երբ Հայոց երկրի համար կատաղի պատերազմ էին վարում Պարթեւստանն ու Հռոմը: Երկուսն էլ աշխարհակալական ձգտումներ ունէին, երկուսն էլ շահագրգռուած էին ամուր հաստատուել Հայաստանում: Այդ երկիրը, ուրիշ առաւելութիւններից բացի, հնարաւորութիւն էր տալիս գերագոյն տիրոջը իր իշխանութիւնը տարածել նաեւ այլ հողերի վրայ: Ղազար Փարպեցու ասելով՝ Պարսից հազարապետ Միհրներսեհը համոզում էր արքայից արքայ Յազկերտ Բ-ին (438-457)՝ «յորժամ Հայք սերտիւ մեր լինին՝ Վիրք եւ Աղուանք այնուհետեւ մեր իսկ են» [Ղազ. Փարպ., էջ 43. 8-9]: Նման գաղափար կարող էին յուշած լինել Պարթեւների Վաղարշ Ա թագաւորին (51-75), որը Հայաստանին տիրանալու համար երկարատեւ պատերազմ էր մղում հռոմէացիների դէմ (հայերն իրենք էլ կտրուկ հակահռոմէական դիրք էին ընդունել եւ, որպէս դաշնակիցներ, մասնակցում էին այդ կռիւներին): 54 թ. Վաղարշը իր եղբայր Տրդատին հռչակեց Հայոց թագաւոր: Սկզբնապէս Հռոմի դիմադրութիւնը թոյլ չէր տալիս նոր արքային լրիւ իրագործել իշխանութիւնը: Բայց երբ հռոմէական զօրքերը մի շարք պարտութիւններ կրեցին, կայսրութիւնը աւելի զիջող գտնուեց: Երկու պետութիւնները՝ Հռոմէական կայսրութիւնը եւ Պարթեւստանը, եկան համաձայնութեան, որ Տրդատը մնալու է Հայոց թագաւոր, բայց այն պայմանով, որ իշխանութեան նշանակները ստանայ կայսրից: Եւ ահա Տրդատը, իր պսակը դնելով Ներոն կայսեր անդրիի առջեւ, 9-ամսեայ ճանապարհորդութիւն է ձեռնարկում դէպի Հռոմ: Լինելով միաժամանակ քրմապետ՝ ջուրը չպղծելու համար Տրդատը չէր կարող ճամփորդել ծովով: Ցամաքով նա հասնում է Հռոմ, ուր կայսրը նրա գլխին դնում է այն պսակը, որը Հայոց թագաւորը հանել էր վերջինիս պատկերի առջեւ: Մայրաքաղաքում եւ արուարձաններում կազմակերպւում են խնջոյքներ, այնուհետեւ Տրդատը վերադառնում է իր երկիրը: Այսպէս 66 թ. Հայաստանում հիմք է դրւում Արշակունեաց հարստութեան հայկական ճիւղին [3]. Արշակունիները հանդէս եկան որպէս Արտաշիսեանների, մասամբ՝ ուշ շրջանի Երուանդունիների ժառանգորդ:

Թագաւորական հարստութիւնը (դինաստիա), որի գոյութեան պայմաններում իշխանութիւնը անցնում էր սերնդէսերունդ նոյն ազգատոհմի շրջանակներում, Հայոց երկրում սկզբնապէս չձեւաւորուեց: Նման աւանդոյթի մասին հաստատապէս կարող ենք խօսել միայն Բ դարի վերջերից, երբ Վաղարշ Բ Արշակունուց (186-198) գահն անցաւ իր Խոսրով Ա որդուն (198-215): Հետագայում եւս եղել են այդ սկզբունքի խախտումներ, այնուամենայնիւ, ընդհանուր առմամբ, գաղափարը յաղթական գտնուեց: Արշակունեաց երկու ճիւղերը (Պարսից եւ Հայոց) զգում էին իրենց հարազատութիւնը: Ագաթանգեղոս պատմիչի ասելով՝ երբ Սասանեանները Պարսկաստանում վերջ տուին այդ հարստութեանը, Հայոց թագաւոր Խոսրովը, քաջ յիշելով, որ նա Արշակունի է եւ սպանուած Արտաւան թագաւորին ազգական, վրէժխնդիր գտնուեց, ցոյց տալով, որ ինչպէս պարթեւ, այնպէս եւ հայկական ճիւղը մի արմատից են սերում: Մինչդեռ Հայաստանի Արշակունիները վաղուց հայացել էին, ասել է՝ հանդէս էին գալիս որպէս տեղական՝ հայկական շահերի ներկայացուցիչներ ու պաշտպաններ:

Պարթեւստանի եւ Հռոմի համաձայնութիւնը Հայոց աշխարհի վերաբերեալ, որի մասին ասացինք քիչ առաջ, փոխզիջման ծնունդ էր եւ չէր կարող ապահովել կայուն հաւասարակշռութիւն: Պարթեւները, ինչպէս նաեւ իրենք հայերը երբեմն փորձում էին անտեսել Հռոմի իրաւունքները, իսկ կայսրութիւնը, այդպիսի վարմունքից դրդուած, դիմում էր զէնքի: Վիճակը մնաց նոյնը եւ անգամ սրուեց, երբ 224 (կամ 227) թ. իշխանութիւնն անցաւ Սասանեաններին: Եթէ անցեալում ինչպէս քաղաքական, այնպէս էլ մշակութային ոլորտում հայերը կապուած են եղել Արշակունեաց Պարթեւստանի հետ, ապա փոխուած պայմաններում Սասանեանները հանդէս էին գալիս որպէս թշնամի, ձգտում էին տիրանալ Հայոց երկրին, ստրկացնել ժողովրդին՝ խախտելով նրա պատմամշակութային աւանդոյթը:

Միաժամանակ Հռոմի աչքում Հայաստանը ձեւականօրէն մնում էր «բարեկամ ու դաշնակից», եւ Գ դարի վերջերին այդ բանաձեւը կարծես իրական բովանդակութիւն ստացաւ:

296 թ., նպատակ ունենալով ետ վերցնել 288 թ. կորցրած Միջագետքը, արքայից արքայ Ներսեհը ռազմական գործողութիւններ սկսեց Հռոմի դէմ: Գալերիոս կայսրը պարտութիւն կրեց, իսկ պարսիկները մտան Միջագետք: Բայց յաջորդ՝ 297 թ. Գալերիոսին յաջողուեց (այս անգամ՝ Հայաստանի տարածքում) ջախջախել թշնամուն: Շահանշահի կանանոցն ու գանձարանը ընկան հռոմէացիների ձեռքը: 299 թ. Մծբին քաղաքում պարսիկները ստիպուած եղան ստորագրել հաշտութեան պայմանագիր, որի համաձայն՝ Միջագետքը, ինչպէս նաեւ Հայաստանի մի շարք հարաւային գաւառներ անցան կայսրութեանը: Պարսիկները ճանաչեցին նաեւ հռոմէացիների գերագոյն իշխանութիւնը Հայաստանի եւ Վիրքի նկատմամբ: Հայոց գահը գրաւեց Խոսրով Բ-ի որդի Տրդատ Գ Մեծը: Հօր սպանութիւնից յետոյ Տրդատին փախցրել էին Հռոմ. նա այնտեղ էր մեծացել, ապա ժամանել Հայաստան, որպէսզի, տիրանալով իր նախնիների գահին, միաժամանակ ապահովի իր երկրում հռոմէական քաղաքականութեան նուաճումները [4]: Այդ շրջանում Հայոց թագաւորի իշխանութիւնը տարածւում էր նաեւ Ատրպատականի ու որոշ չափով անդրտիգրիսեան այն մարզերի վրայ, որոնք ձեւականօրէն անցել էին կայսրութեանը:

Մինչեւ Դ դարի 70-ական թուականները թագաւորական իշխանութիւնը Հայաստանում կողմնորոշուած էր, անշուշտ, դէպի կայսրութիւնը: Քրիստոնէութեան ճանաչումը երկրում որպէս պետական կրօն եւս նպաստեց այդ մերձեցմանը: Կոստանդինոս Ա կայսրը դաշնագիր էր կնքել Տրդատ Գ (299-330) թագաւորի հետ: Երբ հիւսիսում բնակուող Մասքութների թագաւոր Սանեսանը ներխուժեց Հայաստան, նրա դէմ հայերի հետ դուրս եկան նաեւ հռոմէացիները: Մի ժամանակ Հայոց Տիրան թագաւորը (338-350) ապաստան էր գտել կայսրութեան սահմաններում: Կոստանդիոս Բ կայսեր (337-361) եւ Արշակ Բ թագաւորի բանակցութիւններն աւարտուեցին նրանով, որ շուրջ 358 թ. Հայաստան ժամանեց ու, Արշակի հետ ամուսնանալով, Հայոց թագուհի դարձաւ Ողոմպին (Օլիմպիա)՝ վախճանուած Կոստաս կայսեր նախկին հարսնացուն:

359 թ. Պարսկաստանի եւ Կայսրութեան միջեւ սկսուեցին ռազմական գործողութիւններ: 360 թ. Կոստանդիոս Բ-ը ժամանեց Արեւելք եւ Կեսարիա քաղաքում իր մօտ հրաւիրեց Արշակին: Դէպքերին ժամանակակից պատմիչ Ամիանոս Մարկելինոսն ասում է, որ կայսրը ընդունեց նրան սիրալիր. նա համոզում էր Հայոց թագաւորին մնալ հռոմէացիների «բարեկամն ու դաշնակիցը»:

Երբ իշխանութեան գլուխ անցաւ Յուլիանոս կայսրը (նա, որ մի անյոյս փորձ կատարելով, ջանաց թօթափել քրիստոնէութիւնը եւ վերականգնել հին հեթանոս հաւատը, ինչի համար եւ անուանուեց Ուրացող), ապա պարսիկների հետ ծրագրուած պատերազմում շատ ժողովուրդներ նրան օգնութիւն առաջարկեցին, սակայն կայսրը հրաժարուեց՝ պատճառաբանելով, որ հռոմէական տիրակալութեանը վայել չէ դրսից օժանդակութիւն ստանալ, նա ինքը կարող է պաշտպանել իր բարեկամներին ու դաշնակիցներին: Միայն Արշակին յանձնարարուեց զօրք գումարել ու սպասել հետագայ կարգադրութիւնների: Մի առ ժամանակ անց Արշակի ջոկատները անցան ռազմական գործողութիւնների:

Յուլիանոսի պարսկական ռազմարշաւը աւարտուեց պարտութեամբ. 363 թ. յունիսի 26-ին թագաւորը ընկաւ պատերազմի դաշտում: Ասենք, պարսիկների վիճակն էլ գրեթէ նոյնն էր, այնուամենայնիւ, երբ արքայից արքայ Շապուհ Բ-ը խաղաղութեան բանակցութիւններ սկսեց, Յովիանոս կայսրը (363-364) շտապեց ընդունել Պարսից բոլոր առաջարկները: Պարսիկները տիրացան այն երկրներին, որոնք երբեւէ նրանց էին պատկանում, նաեւ մի շարք բուն հայկական հողերի: Պատմիչը նշում է, որ պայմանագիրը ունէր մի յաւելուած, որը հռոմէացիների համար «կորստաբեր էր եւ ամօթալի», այն է՝ «համաձայնութիւնից յետոյ, եթէ մեր մշտական եւ հաւատարիմ Արշակ բարեկամը օգնութիւն խնդրի պարսիկների դէմ մաքառելիս, ապա նրան մերժել»: Այսպիսով, Հայոց թագաւորը, շարունակելով մնալ Կայսրութեան «բարեկամ ու դաշնակից», Պարսկաստանի դէմ կռուելիս կարող էր յենուել միայն սեփական ուժի վրայ: Բայց այդ ուժն էլ էր կրճատուել: 363 թ. դաշնագիրը աշխուժացրեց երկրում կենտրոնախոյս ձգտումները: Ծայրամասային մի շարք գաւառներ հրաժարուեցին ենթարկուել իրենց թագաւորին: Արշակ Բ-ի պայքարը Սասանեանների դէմ աւարտուեց նրանով, որ թագաւորը պարտութիւն կրեց եւ իր կեանքն աւարտեց Անյուշ բերդի զնդանում: Ե դարում այդ դէպքերի մասին գրել էր Փաւստոս Բուզանդը, ԺԹ դարում՝ վերակենդանացրեց Րաֆֆին:

368-369 թթ. Շապուհ Բ-ը մի շարք արշաւանքներ ձեռնարկեց դէպի Հայաստան: Այդ տարիներին էր, որ ուրացող նախարարներ Մեհրուժան Արծրունին եւ Վահան Մամիկոնեանը ասպատակում էին Հայոց երկիրը: Պարսից գերակշռութիւնը դառնում էր աւելի ակնառու: Կայսրութեան քաղաքականութիւնն իր հերթին զգուշաւոր երանգ էր ստանում: Երբ 369 թ. Վաղէս կայսրը Հայոց գահի վրայ հաստատեց Արշակ Բ-ի որդի երիտասարդ Պապին, սիրտ չարեց իսկոյն եւեթ նրան թագաւորական պատիւ պարգեւել: Միայն մէկ տարուց յետոյ, երբ Հայաստան մտան Արինթէոս կոմէսի զօրքերը, Պապը դարձաւ լիիրաւ արքայ: Նա պետութեան գլուխ մնաց մինչեւ 374 թ., երբ զոհ գնաց բիւզանդական զօրավարների կազմակերպած դաւադրութեանը:

Պապը Մեծ Հայքի այն վերջին թագաւորն էր, որը ձգտում էր ինչ-որ չափով ապահովել երկրի իրական անկախութիւնը: Նրա ժառանգները անզօր գտնուեցին թէ՛ Սասանեանների եւ թէ՛ Կայսրութեան առջեւ: Արդէն 375-377 թթ., պարսկա-բիւզանդական բանակցութիւնների ժամանակ, խօսք էր բացուել Հայոց երկրի բաժանման մասին: Իսկ շուրջ 387 թ. տեղի ունեցաւ բաժանումը:

Ինչպէս ասացինք վերեւում, երեւակայական մեր ճամփորդը ծանօթանում էր արդէն բաժանուած Մեծ Հայքին:

 

Հայերը մուտք գործեցին Ե դար՝ անցած լինելով հասարակական զարգացման երկար ուղի: Հայոց հողի վրայ էր առաջացել, հասել հզօրութեան եւ այնուհետեւ վերացել Բիաինելե-Ուրարտու պետութիւնը: Եթէ մենք չենք կարող նշել հայ ազգի (ինչպէս նաեւ այլ ազգերի) ձեւաւորման սկիզբը, ապա վստահ գիտենք, որ առնուազն Զ դարում Ք. ա. հայերը ճանաչուել են որպէս առանձին, միւսներից տարբերուող ժողովուրդ, ունեցել են տեղացի թագաւորներ: Մօտ երեք հարիւրամեակ հայերը մնացին Աքեմենեան պարսից աշխարհակալութեան կազմում՝ կամայ-ակամայ հաղորդակից լինելով հին պետականութեան հաստատութիւններին:

Անկախ իրենց նպատակից, Ալեքսանդր Մակեդոնացու նուաճումները հող պատրաստեցին հելլենիստական քաղաքակրթութեան տարածման համար: Ալեքսանդրի յաջորդներին (դիադոքոսներին) անցած երկրներում հիմք է դրւում բազմաթիւ նոր քաղաքների, աշխուժանում է միջազգային առեւտուրը, վերելք են ապրում գրականութիւնը, գիտութիւնը, արուեստը: Հայաստանը մի կողմ չմնաց այդ ընթացքից. հայ հասարակութիւնը որդեգրեց հելլենիստական դարաշրջանի մի շարք էական գծեր: Բ-Ա դարերում Ք. ա. զօրեղանում է պետականութիւնը, թագաւորական իշխանութիւնը երկրում կրկին դառնում է իրականութիւն: Տիգրան Բ-ին . ա. 95-55) որոշ ժամանակով յաջողուեց իր պետութեանը միացնել մի քանի հարեւան երկրներ: Հասարակական զարգացումը շարունակւում է, եւ Արշակունիների օրօք ձեւաւորւում է իւրայատուկ համակարգ, որը մենք անուանում ենք (զուտ պայմանականօրէն) աւատատիրական:

Փորձենք պատկերացնել Արշակունեաց շրջանի հայ հասարակութեան ընդհանրացուած պատկերը եւ նշել այն փոփոխութիւնները, որոնք տեղի ունեցան նոր կարգավիճակի, այն է՝ մարզպանութեան պայմաններում:



[1]      Ս. Տ. Երեմեան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», Երեւան, 1963, էջ 66: Վերջերս շրջանառութեան մէջ է մտել յուշարձանի մի նոր յաջողուած հրատարակութիւն` The Geography of Ananias of S irak (Աշխարհացոյց). The Long and the Short Recensions. Introduction, Translation and Commentary by Robert H. Hewsen, Wiesbaden 1992 (Beihefte zum Tհbinger Atlas der vorderen Orients; Reihe B, Nr. 77): Ի տարբերութիւն Երեւանի հրատարակութեան, որտեղ Աշխարհացոյցի երկու խմբագրութիւնները արհեստական եղանակով ենթարկուել են ձուլման, այստեղ նրանք, համաձայն գրաւոր աւանդոյթի, ներկայացուած են առանձին տարբերակներով:

[2]      Բ. Ուլուբաբեան, Հիւսիսարեւելեան Հայաստանի նախամարզպանական շրջանի վարչա-քաղաքական վիճակի հարցի շուրջը, ԲԵՀ, 1975, թիւ 2. Բ. Յարութիւնեան, Մեծ Հայքի թագաւորութեան հիւսիսարեւելեան մարզերի վարչա-քաղաքական կացութիւնը 387-451 թթ., ԲԵՀ, 1976, թիւ 2:

[3]      Տրդատի մասին խօսում են մի շարք յոյն եւ լատին պատմիչներ, նրանց թւում` Տակիտոսը, Յովսեպոս Փլաւիոսը, Դիոն Կասիոսը, Հայաստանին առնչող հատուածները թարգմանուած են հայերէն. տե'ս մասնաւորապէս` Տակիտոս, քաղեց եւ լատիներենից թարգմանեց Պ. Սոտնիկեան, Երեւան, 1941. Յովսեպոս Փլաւիոս, Դիոն Կասսիոս, թարգմանութիւն բնագրից, առաջաբան եւ ծանօթագրութիւններ Ս. Մ. Կրկեաշարեանի, Երեւան, 1976 (0տար աղբիւրները Հայաստանի եւ հայերի մասին. Հին յունական աղբիւրներ, հտ. Ա):

[4]      Մծբինի պայմանագիրը ստորագրուած է եղել ոչ թէ 298 թ., ինչպէս նշւում էր մինչեւ վերջին ժամանակներս, այլ յաջորդ` 299 թ.: Հէնց այս թուականից էլ պիտի հաշուենք Տրդատ Մեծի գահակալութիւնը: Գրականութեան մէջ նա յայտնի է որպէս Տրդատ Երրորդ: Սակայն հիմք կայ ենթադրելու, որ գուցէ նա եղել է Չորրորդը, եւ նրանից առաջ Հայաստանում իշխել է ոչ թէ նրա Խոսրով Բ հայրը, այլ Տրդատ Գ հօրեղբայրը: Կ. Թումանովի կարծիքով, հէնց նա է յիշատակուած Պայկուլիում գտնուած պարսկերէն յայտնի արձանագրութեան մէջ. միւսների հետ միասին Տրդատը ողջունում է շահանշահ Ներսեհի` Պարսից գահ բարձրանալը (տե'ս C. Toumanoff, The third-century Arsacids, REA, t. VI, 1969, էջ 257):