Հեղինակ

Բաժին

Թեմա

Թագաւորական իշխանութիւն

Պետութեան գլուխ, հասարակական սանդուղքի ամէնից բարձր աստիճանի վրայ կանգնած է թագաւորը կամ արքան (տարբերութիւնը հիմնականում ոճական է): Արամէական գրութիւններում նա հանդէս է գալիս իբրեւ մալիք, պարսիկների համար նա շահ էր, յոյները անուանում էին նրան basieuv", ինքը կարող էր հռչակել իրեն անգամ basileu; " tw՝n basilevwn (արքայից արքայ): Արդէն նշել ենք, որ թագաւորական իշխանութեան հաստատութիւնը վաղուց է գալիս: Իբրեւ օրէնք՝ թագաւորը Արշակունեաց տոհմից էր, չնայած դինաստիական սկզբունքը յաղթեց միայն Բ դարի վերջերին: Իշխանութիւնը պիտի անցնի հօրից որդուն: Տեսականօրէն թագաւորը վայելում է անսահմանափակ իշխանութիւն. ժամանակակից լեզուով ասած՝ պետական ոչ մի մարմին իրաւունք չունի սահմանադրական կարգով քննադատել նրան կամ ուղղում մտցնել նրա գործունէութեան մէջ: Պապ թագաւորին ամբաստանելիս Ներսէս Մեծ կաթողիկոսը հանդէս էր գալիս իբրեւ հոգեւոր տէր եւ ոչ թէ պետական պաշտօնեայ: Թագաւորը, սակայն, յաճախակի լինում է նախարարների կամակատարը եւ երբեմն զոհ գնում նրանց ոտնձգութիւններին, ինչպէս դա եղաւ Արշակունի վերջին թագաւորի դէպքում (տե՛ս յաջորդ գլխում):

Մովսէս Խորենացու «Հայոց պատմութեան» գլուխներից մէկը կրում է հետեւեալ վերնագիրը՝ «Յօրինուած թագաւորութեանն, եւ թէ ուստի՛ զնախարարութիւնսն կարգեաց, ո՛րպէս կամ զիա՛րդ կենցաղավարել հրամայեաց» [Մով. Խոր., Բ, 7]: Կարգերը եւ յօրինուածները տարածւում են տների (տուեալ դէպքում՝ առանձին աւատական տիրոյթների), տոհմերի, քաղաքների, շէների, դաստակերտների վրայ. դրանք ընդհանուր օրէնքներ են, որոնք վերաբերում են թագաւորական իշխանութեանը եւ նրան առնչուող զօրքերին, զօրապետերին, կողմնակալներին եւ նրանց նմաններին:

Այդ նորամուծութիւնները հեղինակը վերագրում է Վաղարշակ թագաւորին՝ Պարսից Արշակ թագաւորի եղբօրը, որը եւ Հայոց գահի վրայ էր բազմեցրել Վաղարշակին: Խորենացու ասելով՝ քաջ եւ խոհեմ Վաղարշակը «ընդարձակ տիրեաց ի վերայ սահմանաց իւրոց, եւ կարգս կենցաղականս, որչափ մարթէր, սահմանեաց աշխարհիս» [Մով. Խոր., էջ 104. 12-13]: Գիտութիւնը վաղուց պարզել է, որ Վաղարշակի կերպարը հաւաքական բնոյթի է, առաւել չափով նմանւում է Տրդատ Ա Արշակունուն: Նոր հարստութեան հիմնադրի հետ է առնչւում նաեւ բարենորոգչական գործունէութիւնը, չնայած շատ առանձնայատկութիւններ, որոնք Խորենացին վերագրում է Վաղարշակ-Տրդատին, իրականում մուտք էին գործել աւելի վաղ:

Մեր պատմիչի ասելով, նախ եւ առաջ «օրինադրէ թագաւորն զինքն եւ զտուն իւր, սկիզբն առնելով ի գլխոյ իւրմէ եւ թագէ» [II Է]: Պարզւում է, որ թագաւորի գլխին թագ դնելը յանձնարարուած է եղել Բագարատին, որն այնուհետեւ կոչւում է թագադիր. Խորենացին այդ Բագարատից է սերում Բագրատունի նախարարական տոհմը: Այդպիսի մի պաշտօն վկայուած է նաեւ Արտաշէս Ա . ա. 189-160) թագաւորի օրօք փորագրուած արամէական արձանագրութիւններից մէկում: Արշակունեաց Պարթեւստանում եւս գոյութիւն է ունեցել նման պաշտօն. այնտեղ թագադիր են եղել Սուրէն տոհմի ներկայացուցիչները: Լինելով թագադիր՝ Բագրատունիները կրել են նաեւ պատուաւոր ասպետ մականունը կամ տիտղոսը:

Հայոց թագաւորը ունեցել է, բնականաբար, թիկնապահների առանձին ջոկատ, որի պետը կոչուել է մաղխազ: Մաղխազութեան գործակալութիւնը յանձնուած է եղել Խորխոռունիներին: Սասանեան Պարսկաստանի համապատասխան պաշտօնը կոչուել է փուշտիպանան սաղար [Ղազ. Փարպ., էջ 128. 21]:

Մովսէս Խորենացին շարունակում է. թագաւորը նշանակում է «զգեցուցանողս իւր զձեռէս ի զաւակէ Քանանացւոց» [Մով. Խոր., էջ 110. 9]: Ձեռէք (հայց. ձեռէս) հին հայերէնում նշանակել է ձեռնոց, եւ շատ գիտնականներ կարծում են, որ յիշատակուած գործակալը (ժառանգաբար Գնթունիների տոհմից) թագաւորին ձեռնոց էր հագցնում: Գոյութիւն ունի, սակայն, նաեւ այլ կարծիք. այս նախադասութեան մէջ Խորենացին յիշել է պարզապէս Ձեռէս անձնանունը, որը, դժբախտաբար, այլուր չի վկայուած, միւս պատմիչները կրկնում են Խորենացուն՝ այս կամ այն չափով խմբագրելով տուեալ նախադասութիւնը, եւ հարցը մնում է առկախ:

Արծրունիները թագաւորի առջեւ կրում էին արծուանշան դրօշներ (թէ՝ պարզապէս արծիւներ), Գնունիները հոգում էին նրա ըմպելիքների մասին, եւ Խորենացին ստուգաբանում է այդ տոհմանունները՝ կապելով առաջինը արծուի, իսկ երկրորդը՝ գինի բառերի հետ [Մով. Խոր., էջ 111. 1-10]: Գեղամի ցեղից Գառնիկի որդի Դատին Վաղարշակը կարգում է «ի վերայ կուտից արքունականաց», իսկ ոմն Գաբաղին (ըստ հեղինակի՝ նրանից էր սերում Գաբեղեան նախարարական ընտանիքը) նշանակում է «ի վերայ կուտից», այսինքն՝ վստահում է ցորենի մատակարարումը արքունիքին [Մով. Խոր., էջ 111. 11-15]:

Ինչպէս տեսնում ենք, Խորենացին մի շարք դէպքերում ձգտում է կապ գտնել տոհմանուան ու գործակալութեան միջեւ, այսինքն՝ իւրովի մեկնաբանել տոհմանունները, ուստի նրա տեղեկութիւնները այս մասում կարող են լինել ոչ վաւերական: Սակայն ընդհանուր պատկերը ճիշտ է ներկայացուած, նման գործակալութիւններ եղել են ինչպէս Արեւելքի, այնպէս էլ Արեւմուտքի արքունիքներում:

Արքունի դռան պաշտպանութեան համար Վաղարշակը 4 գունդ է սահմանում, իւրաքանչիւրի անձնակազմը՝ 10. 000 հոգի: Խորենացին դրանց անուանում է բուն ոստան [Մով. Խոր., էջ 111. 16-18]: Պաշտպանների թիւը ահռելի է՝ 40. 000, եւ եթէ այդ թիւը իրական է, ապա արքունիքի պաշտպանութիւնը պէտք է, հաւանաբար, ընդլայնուած իմաստով հասկանալ եւ այդ ստորաբաժանումները կապել ամբողջ երկրի, այսպէս ասած, ներքին անվտանգութեան հետ:

Արքունիքի կեանքում (նաեւ նրանից դուրս) մեծ դեր էր կատարում Հայր-մարդպետը՝ աւագ սենեկապետը: Մարդպետի հսկողութեան ներքոյ էին թագաւորական գանձերն ու թանկարժէք զգեստները, բայց թագաւորը կարող էր յանձնարարել նրան որեւէ արտակարգ ծառայութիւն: Պապ թագաւորը նշանակում է Գլակ մարդպետին սահմանակալ կամ սահմանապահ: Գլակը դաւաճանում է իր տիրոջը, եւ թագաւորը դատապարտում է նրան մահուան: Որպէսզի առաւել խայտառակեն Գլակին, նրան սպանում են թագաց կամ պատմուճականաց տանը՝ այն առարկաների առջեւ, որոնց մասին եւ պիտի հոգար մարդպետը:

Տարածուած է այն կարծիքը, որ մարդպետները եղել են Մարդպետական գաւառի ժառանգական տէրերը, այսինքն՝ կազմել են նախարարական տոհմերից մէկը: Այդ տեսակէտը կասկած է առաջացնում. չէ՞ որ մարդպետները իսկական հայրեր երբեք չեն եղել: Կ. Թումանովի տեսակէտի համաձայն՝ մարդպետները, հետեւելով կայուն սովորոյթի, պարզապէս դառնում էին Մարդպետական գաւառի անձնական սեպհականատէրեր՝ իւրացնելով ժառանգական տէրերի ե՛ւ իրաւունքները, ե՛ւ տոհմանունը: Նման պաշտօնեաներ եղել են նաեւ Պարսից արքունիքում:

Արքունական գործակալների շարքում Խորենացին վերջապէս յիշում է Աբէլին, որը եղել է սպասարար եւ գահարար. պատմիչը այդ Աբէլից է սերում Աբեղեան տոհմը [Մով. Խոր., էջ 110. 17-19]: Սպասարար բառը տուեալ հատուածում անորոշ է. արդեօ՞ք նշանակել է արքունական սպասաւորների պետ եւ եղել է սպասկապետի հոմանիշը (յիշատակուած է իշխանն սպասկապետութեանն [1] [Ագաթ., էջ 460. 5-6]): Ինչ վերաբերում է գահարարին, ապա դա արարողապետն է՝ այն պաշտօնեան, որը հետեւում էր, որպէսզի ընդունելութիւնների ժամանակ հրաւիրուածները ճիշտ գրաւեն տեղերը եւ առհասարակ վարուեն ըստ հաստատուած կարգի: Բուն կարգի մասին կը խօսենք ստորեւ:



[1]      Ըստ Գ. Մուրադեանի` այդ բառը կարող էր փորագրուած լինել Գառնիի յունարէն արձանագրութեան վնասուած մասում. տե'ս Գ. Մուրադեան, Գառնիում յայտնաբերուած յունարէն արձանագրութիւնը, ՊԲՀ, 1981, թիւ 3, էջ 89: