Հեղինակ

Բաժին

Թեմա

Զօրք


Պետութեան սահմանների անվտանգութիւնը ամէնից կարեւոր խնդիրներից մէկն է. այդ առումով Հայաստանը ոչնչով չէր տարբերւում միւս երկրներից: Ըստ երեւոյթին՝ սոյն պարտականութիւնը դրուած էր առաջին հերթին բդեշխների վրայ: Բդեշխները (թուով չորս) սահմանամերձ մարզերի տիրակալ-վարչապետներ էին, որոնք, ըստ Մեծ Հայքի պետական կարգի, գալիս էին թագաւորից անմիջապէս յետոյ: Պարսկերէնում այդ բառը նշանակում էր յատուկ պաշտօնեայ, իսկ հայերէնում դրա հոմանիշերն էին սահմանապահ, սահմանակալ, կողմնապահ, կողմնակալ անուանումները: Հնուց ի վեր բդեշխները սովորական նախարարների շարքից դուրս են եղել: Աւանդութիւնն ասում է, թէ երբ Տրդատ Գ-ը տեղեկանում է, որ հռոմէացիների կայսր Կոստանդինոսը քրիստոնէութիւն է ընդունել, Գրիգոր Լուսաւորչի հետ միասին ուղեւորւում է նրա մօտ: Ագաթանգեղոսը, որից քաղում ենք այդ տեղեկութիւնը, ասում է, որ թագաւորի շքախմբում առաջինները եղել են չորս բդեշխները [Ագաթ., ՃԻԶ 873]: Այստեղ խօսքը Նոր Շիրականի, Ասորեստանի, Արուաստանի եւ Մասքթաց կողմերի սահմանակալների մասին է: Ճանապարհորդութեան փաստը կասկած է առաջացնում, սակայն այն դերը, որը պատմիչը վերագրել է բդեշխներին, համապատասխանում է իրականութեանը:

  Այդ բդեշխութիւնները աստիճանաբար անջատուեցին Մեծ Հայքից: Վերջինը Գուգարքն էր, որը Մեծ Հայքի կազմից դուրս բերուեց 363-387 թթ. արանքում եւ հետագայում մտցուեց Վրաց մարզպանութեան մէջ: Այնուամենայնիւ, Գուգարքի կապը հայերի հետ մնացել էր ամուր: Գուգարքի բդեշխութիւնն իր դերն է կատարել ինչպէս 450-451, այնպէս էլ 482-484 թթ. շարժումների ժամանակ:

Բդեշխներից յետոյ գալիս էին նախարարները: Իւրաքանչիւր նախարար ունի իր իշխանազօրը: Մեզ է հասել մի կարեւոր վաւերագիր, որը կոչւում է Զօրանամակ: Այստեղ թուարկուած է 86 տոհմանուն, ընդ որում իւրաքանչիւրի դիմաց նշուած է իշխանազօրի մեծութիւնը: Պարզւում է, որ Մեծ Հայքը բաժանուած է եղել 4 դռների՝ Արեւմտեան, Արեւելեան, Հիւսիսային, Հարաւային: Ըստ այդ վաւերագրի՝ զօրքը ընդգրկել է 120. 000 հոգի: Սիւնեաց իշխանի տրամադրութեան տակ եղել է 19. 400 զօրական, Կադմէացիների՝ 13. 200 [1], Գուգարքի բդեշխի՝ 4. 500, Աղձնիքի բդեշխի եւ Ընծային տոհմի՝ 4. 000, Անգեղ տան զօրքի թիւը եղել է 3. 400, Կասպեցիք եւ Բզնունիները ներկայացրել են 3. 000 հազար հոգի: 16 նախարար գալիս էին պատերազմի՝ ունենալով 1000 հոգի, 2-ը՝ 600, 5-ը՝ 500, 20-ը՝ 300, 4-ը՝ 200, 16-ը՝ 100 եւ 14-ը՝ 50:

Զօրանամակը մեզ է հասել ուշ շրջանի ընդօրինակութեամբ, այն չի պահուել իր նախնական ձեւով: Այնուամենայնիւ, այդ վաւերագիրն ընդհանուր առմամբ ճիշտ է պատկերում զինուորական ուժերի բաշխումը առանձին նախարարական տոհմերի միջեւ: Այդ ուժերի կորիզը կազմում էին հեծեալ ազատները, այսինքն՝ նախարարական տոհմի ստորին շերտը: Բայց զօրքն, անշուշտ, չէր կարող կազմուած լինել զուտ ազնուականներից. զինուորական ծառայութիւնից ազատ չի եղել նաեւ հասարակ ժողովուրդը, ռամիկ-շինականները:

Զօրքի գլխաւոր հրամանատարը կոչուել է սպարապետ, զօրավար, ստրատիլատ (վերջին բառը փոխառութիւն է յունարէնից): Պետական գործակալութիւնների շարքում սպարապետութիւնը կարեւորագոյններից մէկն էր, եթէ ոչ ամէնից կարեւորը: Սպարապետութիւնը սովորաբար վստահուած էր լինում Մամիկոնեաններին: Դ-Ե դարերի սկզբին սպարապետ են եղել Արտաւազդ Մամիկոնեանը, նրա որդի Վաչէն, Վաչէի որդի Արտաւազդը, Արտաւազդի որդի Վասակը, նրա որդի Մուշեղը, ապա Արտաշէսի որդի Մանուէլը, Մանուէլի որդիներ Արտաշէսը եւ Համազասպը՝ ընդամէնը 8 հոգի: Յիշենք, որ Ե դարի ապստամբութիւնների հերոսները՝ Վարդանը եւ Վահանը, երկուսն էլ Մամիկոնեան տոհմից էին, երկուսն էլ եղել են սպարապետ:

Պարսկաստանում եւս եղել են սպարապետներ, կոչուել են սպահպատ:



[1]      Կարծիք կայ, սակայն, որ վաւերագրի մէջ սխալներ են սպրդել. իրապէս Սիւնեցիները ունեցել են միայն 9. 400 զօրական, Կադմէացիները` 3. 200: Ուղղումը թւում է տեղին, տարբերութիւնը միւս թուական տուեալներից շատ է աչքի ընկնում: