Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԺԵ
ԹԷ ԻՆՉՊԷ'Ս ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵՍՐՈՊԸ ԳԱԼԻՍ Է ՍԻՒՆԻՔ ԵՒ ԳՈՂԹՆ, ՇՐՋՈՒՄ ԳԱՒԱՌՆԵՐԸ ԵՒ ԶԱՆԱԶԱՆ ՏԵՂԵՐՈՒՄ ԹԱՔՆՈՒԱԾ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՎԱՂԻՆԱԿ ԻՇԽԱՆԻ ՈՒ ՇԱԲԻԹԱՅԻ ՕԳՆՈՒԹԵԱՄԲ

 

Պիտի ցոյց տամ այս աշխարհի կրկին լուսաւորուելը այն սուրբ եւ բազմերանելի մարդու` Մաշտոցի ձեռքով, որը Մեսրոպ է կոչուել: Հայոց թագաւորութիւնը երբ թուլացաւ, ամէն ոք համարձակուեց ըստ իր բարքերի առաջնորդուել, ինչպէսեւ այստեղ: Քանի որ հեթանոսական աղանդը դեռեւս տեղ-տեղ թաքնուած մնում էր Սիսական եւ Գողթն գաւառներում, այժմ համարձակաբար երեւան հանեցին: Իսկ երանելի Մեսրոպը արքունիքի դիւանի դպիր էր. եւ նա ցանկացաւ մեկուսանալ այս խռովայոյզ կեանքից: Միայնակեացի տեսք ընդունելով` ձգտում էր իր նպատակին: Գալով Սիսականի կողմը` հաճելի համարեց բնակուել Գողթան գեղեցիկ գաւառում: Խստակեաց ճգնութեամբ շատ օրեր առաքինաբար ապրելով` իմացաւ կռապաշտական աղանդի կրկին երեւալը. սկսեց քարոզչութիւնը` մեծամեծ ու հսկայական հրաշագործութիւններով չտարբերուելով սուրբ Գրիգորից` Սիսական աշխարհը հաւատքի բերելիս: Սիւնիքի բարեպաշտ Վաղինակ իշխանի հրամանով եւ օգնութեամբ ջնջեց կռապաշտութիւնը` խորտակելով թաքցուած կուռքերը: Նոյնպէս եւ Գողթնը մաքրեց իրենց Շաբիթա իշխանի օգնութեամբ:

Եւ այնքան հալածեց դեւերի բազմութեանը, որ մարմնաւոր տեսքով ծխի նման ծառանալով ու խումբ-խումբ վեր բարձրանալով` վայնասունով ու աղաղակով փախուստ տուեցին. Երասխն անցնելով ընկան Մարաց կողմերը: Իսկ Աստծոյ այն սուրբ մարդը այն ժամանակ Սիւնեաց աշխարհում թողեց թարգմանիչ եւ ուսուցիչ իր ընտրեալ աշակերտներից Բենիամինին ուԱնանիային: Վերջինս էլ յետոյ ձեռնադրուեց եպիսկոպոս այդ աշխարհի համար, որ վերստին [մոլորութեան մէջ չընկնի]: Ինքն էլ գնաց սուրբ Սահակի մօտ: