Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻԱ
ՀԱՅՐ ԳԻՒՏԻ ՈՒ ՔՐԻՍՏՈՍԱՍԷՐԻ ՀԱՄԱՌՕՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԵՐԱՍԽԻ ԱՓԻ ՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

 

Ո~վ դու, [ընթերցող], առաջիկայ խօսքս անտեղի չհամարես եւ ինձ էլ շատախօս չկարծես. ընդհակառակն, սա համապատասխան ու յարմար է մեր այս ձեռնարկմանը: Քանի որ սկսեցինք շարադրել Սիսականաշխարհի պատմութիւնը, ուստի եւ անհրաժեշտ է ցոյցտալ այստեղ կատարուած բոլոր գործերն ու հրաշքները: Հէնց այնքան շատ աւելի լաւ բան չի եղել այս աշխարհում, ինչպէս սա, որի մասին սկսում ենք պատմել: Գողթան գաւառում կար մի բարեպաշտ իշխան` Շաբիթա անունով: Նա ունէր երկու թոռ` իր որդիների որդիները, որոնց անուններն էին Վասակ եւ Շապուհ: Սատանաննրանց միջեւ կռիւ ու նախանձ առաջացրեց` իրենց հայրենական ժառանգութեան բաժնի համար: Եւ կռուեցին  Որդուատ գեղեցիկ գիւղի համար: Զօրքերով միմեանց դէմ ճակատամարտելիս Վասակը մերձիմահ սրահարեց եղբօրը: Ապա զղջալով եղբայրական խղճմտանքով` գնաց նրա մօտ, ընկաւ վրան, լաց եղաւ սաստկագին` աղիողորմ ողբով հառաչելով, եւ ուխտեց Աստծուն, որ եթէ եղբայրը բուժուի, ինքը կհրաժարուի աշխարհիկ բոլոր բաներից: Եւ եղբայրը բուժուեց: Այնժամանակ Վասակը իր հոգու ազատութեան համար անսպասելիօրէն մէջտեղից անյայտացաւ, թաքնուեց ընտանիքից, ելաւ ու գնաց Բաղաց կողմերը: Եւ երբ հասաւ բարձր լեռանը, ապաւինեց հոգու շնորհներին, բերանն առնելով հետեւեալ սաղմոսը` անդադար ասումէր. «Իմ այս ճանապարհն ինձ համար ուղիղ դարձրու, Տէ~ր, ըստ քո խօսքի, եւ թող ինձ չտիրեն բոլոր մեղքերը»: Եւ գաւառներով անցնելով Աղաւնոյ գետի եզրը` այնտեղ անցկացրեց ձմեռային եղանակը, [ապա] անցաւ միւս վտակը, դէպի բերդի կողմը, Քաշունիք գաւառը, որ այժմ Բարկուշատ է կոչւում, եւ բնակուեց չոր ու անբերրի բլրում, մի հիւղակի մէջ երեք տարի ու վեց ամիս: Երկիրն անբնակ էր, աւեր, լի անտառախիտ ծառերով, ներքեւում դաշտ էր լայնատարած` մինչեւ Երասխի ափը: Իսկ Վասակի տնեցիները չգիտենալով, թէ նրան ո՞ւր յափշտակեց Հոգին, մարդիկ էին ուղարկում Հայաստան, Բիւզանդիա, Պարսկաստան, սաստիկ սգում ուողբում էին, բայց հետքը չիմացան:

Ապա մի օր էլ, երբ այդ սուրբ հայրը ազատուեց երեկոյեան աղօթքից եւ ուզում էր հանգստանալ, երգ ու պարի ձայներ լսուեցին: Դրանից զայրացած ասաց. «Չկարողացայ այնքան փախչել աշխարհից, որ նրա ձայները չլսէի»: Նոյն ժամին վեր կացաւ, այնտեղից հեռացաւ: Եւ ընկնելով դաշտը` հրեշտակի առաջնորդութեամբ գնաց մինչեւ արեգակի ծագելը: Հասնելով Երասխի ափը` մի ձորակ գտաւ` մէջը մի մեծ ժայռ, իսկ ներքեւում` փոքրիկ մենարան, որտեղ բնակութիւն հաստատեց տասը տարի: Նրա կերակուրն էին ընդեղէնն ու ծառապտուղները, որովհետեւ երկիրը ամառու ձմեռ Եգիպտոսի պէս էր: Ապա ըստ այն ասացուածքի, թէ. «Ճրագը չի վառւում ու դրւում ծածկոցի տակ»` Տէրը կամեցաւ յայտնի դարձնել իր սուրբ ծառայ Գիւտին, որ առաջ Վասակ էր կոչւում: Պարսից արքայի որդին որսի ելաւ մերձակայ լեռը, որ նայում է Մուղանի դաշտին: Նրա առաջ երեւաց մի որսի կենդանի` եղջիւրների մէջ լուսեղէն խաչ: Եւ երիտասարդին զօրախմբից Եւ Ստաթէի նման բաժանելով` եկաւ, բերեց մինչեւ Երասխի եզրը, Քարաւազ կոչուած տեղը, որը ջուրը երեք մասի է ճեղքում: Խաչը լուսեղէն մարդու կերպարանք առաւու վազեց գետի մէջ. երիտասարդը դա տեսնելով` լոյսից շլացած աչքերով ընկաւ գետն ու երկու ծառաների հետանցաւ: Եղջերուն, [նրանց] առաջնորդելով մինչեւ ժայռի ստորոտը, այնտեղից աներեւութացաւ: Այնուհետեւ վերեւ նայելով տեսան մի արջ` ահաւոր կերպարանքով նստած, մի թաթը սրբի ձեռքում, որի վէրքը բուժում էր [սուրբը]: Այն ժամանակ երիտասարդը խիստ վախեցաւ: Եւ քանի որ սուրբ հայրը երազում իմացել էր նրա գալը, ձայնեց. «Մի~ վախենայ, ե'կ ինձ մօտ»: Իսկ նա ասաց. «Դու ի՞նչ ես»: Պատասխանեց. «Քեզ նման մարդ եմ»: Երիտասարդն ասաց. «Այդ ի՞նչ են քեզ հետ»: Գիւտն ասաց. «Իմ շներն են»: Իսկ նա ասաց. «Դրանց հրամայիր հեռանալ»: Եւ հրամայեց: Ինքը` Գիւտը, վեր կացաւ, ժայռից իջաւ, քարոզեց Աւետարանը, ուսուցանեց Քրիստոսի հաւատը: Երիտասարդը շատ սիրեց եւ խնդրեց մկրտել իրեն: Եւ սուրբը, Տիրոջից իսկոյն հրաման ստանալով, մկրտեց երիտասարդին ու երկու ծառաներին: Երիտասարդի անունը դրեց Քրիստոսասէր: Եւ բազում օրեր ճգնակեցութեամբ մնալով` Քրիստոսասէրն ասում է. «Հա'յր, փափագում եմ եկեղեցուն եւ նրա լուսաւոր կարգ ու կանոնին, ուզումեմ տեսնել: Լաւ չէ, որ մենք միայնակ բնակուենք այս ժայռում: Թոյլ տուր, որ ես գնամ, արծաթ բերեմ, եկեղեցի կառուցեմ, միաբանութիւն հիմնեմ, որ կրօնաւորներ հաւաքուեն»: Եւ թոյլ տուեց նրան գնալ: Նա գնաց ու շատ արծաթ բերեց: Արհեստաւորներ կանչեցին, եկեղեցի կառուցեցին եւ հաւաքեցին բազմաթիւ կրօնաւորների:

Իսկ պարսից թագաւորը բազմաթիւյանձնակատարների միջոցով ծով ու ցամաքում փնտրեցիր որդուն: Եւ քանի դեռ նրա հետքերը չէին երեւում, գիշեր ու ցերեկ դառնապէս ողբում էր եւ երբէք չէրմխիթարւում: Ապա մի գիշեր երազում հրեշտակիցիմացաւ, որ իր որդին այսինչ տեղում է` քրիստոնեայ դարձած: Դրանից թագաւորը շատ ուրախանալով շտապով յանձնակատարներ ուղարկեց, որ որդուն բերեն: Նրանքեկան, որդուն գտան, բայց չկարողացան տեղահան անել: Դատարկաձեռն վերադառնալով ասացին. «Չեկաւ, այլաղաչում է քեզ, որ թոյլ տաս իրեն` մնալ: Ասում էր. «Ես[ուրիշ] Հայր ունեմ, որը ինձ վերածնեց լուսաւոր ուանապական ծնունդով: Չեմ կամենում սրան թողնել, որըխոստացել է ինձ թագաւորութիւն` քոնից բիւրապատիկաւելիե: Այնուհետեւ թագաւորն ինքը վեր կացաւ, եկաւ այնտեղ եւ ոչ ոքի չգտաւ, բացի միայն մի հիւանդից, որին հարցրեց. «Ո՞ւր է իմ որդին»: Նա ասաց. «Հրեշտակից իմացան քո գալը եւ փախան»: Ապա հրամայեց նրան սպանել, տեղն էլ աւերել ու այրել:

Թագաւորը այնտեղից վերադառնում է իրերկիրը եւ որդու կարօտից սաստիկ հիւանդանում: Դարձեալ յանձնակատարներ է ուղարկում ու աղաչում`պահանջել, ինչ որ պէտք է: Եւ որդին պահանջում է շատգանձեր ու արհեստաւորներ, որ աւերուած տեղերը նորոգի: Անմիջապէս ուղարկւում են հազար մարդ` հինգհարիւր քարագործ ու հինգ հարիւր փայտագործ: Տեղը փոխում են ժայռից վեր, հարթում քարքարոտ տեղերը, շինում են երեք եկեղեցի` Սուրբ Երրորդութեանանունով: Եւ սրա համբաւը տարածւում է ամբողջ աշխարհում: Գալիս են բազմաթիւ կրօնաւորներ, լցւում Աստծոյ տունը: Երեկոյեան դէմ սկսեցին ժամերգութիւնը. կէսգիշերին եկաւ մի լուսաւոր մարդ`խաչը ձեռքին, ու ասաց. «Հա'յր, երկնքի Թագաւորը քեզ օծեց հայրապետ այս տանը, որ երկրորդ Երուսաղէմն է, քո բարձրաւանդակ տեղն էլ` Գողգոթան. եւ նոյն անցքերը, որ անցան Երուսաղէմի գլխով, պիտի անցնեն նաեւ այս տեղի վրայով. սրա բնակութիւնը շարունակ չարիքների մէջ է լինելու, եւ այստեղի կրօնաւորները առաւել շատ պիտի օրհնեն, քան ուրիշ աշխարհներինը: Դու վե'ր կաց եւ օրհնի'ր այդ եկեղեցին»: Այս ասաց ուինքն աներեւութացաւ: Իսկ առաւօտեան սքողուած հայր սուրբը բեմ ելաւ ու օրհնեց սեղանը եւ տաճարը: Օծելիս հրեշտակների դասերը խորանի մէջ պատկառանքով գոչում էին օրհնութեան «ամէն»-ը, որից հաւաքուած մարդիկ զարհուրելով դուրս ելան: ԵւԱստուած այսպէս փառաւորեց այն տեղը երանելի հայր Գիւտի եւ Քրիստոսասէրի միջոցով: Այնտեղ հինգհարիւր կրօնաւորներ նշանակեցին, երկու հարիւրը վանքում, երեք հարիւրը` քարանձաւներում եւ մենաստանաւոր անտառներում, որոնք անտանելի ճգնութեամբ ու անդադրում աղօթքներով հրեղէն սեան նման կանգնած էին երկրից երկինք: Իսկ նախանձոտ սատանան, չկարողանալով հանդուրժել այս ամէնը, գրգռեց պարսից թագաւորին չար նախանձով: Եւ սա վերկացաւ, հարիւր յիսուն հազար հեծեալներովեկաւ-հասաւ այդ սուրբ տեղը, սպանեց կրօնաւորներից տասին, իսկ միւսները փախան: Ինքը` հայր Գիւտը, բռնուեց, որին հանեցին ժայռի վրայ ու վայր նետեցին, բայց Աստծոյ շնորհիւ չվնասուեց: Կամեցան նորից բռնել, բայց նրանցից ոմանք կուրացան, միւսներն էլ մեռան: Եւ զօրքն այս տեսնելով փախուստի դիմեց ուհեռացաւ այնտեղից: Ապա [մնացած] սուրբ կրօնաւորները հաւաքուեցին եկեղեցում, ողբալով ու համբուրելով սպանուածներին` նրանց թաղեցին եկեղեցու արեւելեան կողմում, ուր գլխաւոր դուռն է: Այն ժամանակ սուրբ Գիւտը կրօնաւորներից ոմանց ուղարկեց Գողթն` եպիսկոպոս Անաստասի ու իր հարազատների մօտ` հրաւիրելով տեսութեան: Նրանք, շատ ուրախանալով անսպասելի իրողութիւնից, եկան Գիւտի վանքը: Մայրը դեռ կենդանի էր, բայց կուրացած էր: Նա, որդու գրութիւնն ստանալով, դրեց աչքերի վրայ, եւ [աչքերը]լուսաւորուեցին, ու ինքը մեծապէս շնորհակալ եղաւԱստծուց: Սուրբ հայրը կրօնաւորների հետ եպիսկոպոսին դիմաւորելով տարաւ եկեղեցին եւ մեծ գոհութեամբ նրա իրաւասութեանը յանձնեց այն: Նա էլիբրեւ նուէր արտօնեց իւրաքանչիւր տարի ութ ու կէսօր Երասխից ձուկ [որսալ]: Այդպիսով Գիւտը հարազատութիւն ցուցաբերելով Գողթնի հանդէպ` եպիսկոպոսին այնտեղից վերադարձրեց իր տեղը: Ապա օրեր անց մկրտեցին պարսից նոյն թագաւորի եղբօրորդուն` Աբլ Աբաս անունով, նրան փեսայ դարձրին Աղուանքի արքայ Վաչագանին: Գետի ափին բերդ կառուցեցին, որ նա այնտեղ բնակուելով պաշտպանի կրօնաւորներին: Ապա Աբլ Աբասն ու Վաչագանը, Սիւնիքի իշխանին խնդրելով, վանքի համար սահմաններ առանձնացրին: Տուեցին հինգ գիւղ` այսպիսի սահմաններով` սկսած Սեւասարից մինչեւ Բոթիբոթեր, դէպի վար, որտեղ Թզենու գետն է, մինչեւ ուրկանոցի այգիները, այնտեղից մինչեւ Աղաւնոյ գետի պտոյտները, Նակորզանի եկեղեցու դիմաց, մինչեւ Աստծոյ տունը: Տնտեսութիւնն էլ փարթամացած էր, որովհետեւ ունէր հազար խոշոր եղջերաւոր անասուն, տասներկու հազար ոչխար, եօթ հարիւր ուղտ, վեցհարիւր ձի, չորս հարիւր էշ եւ հարիւր եօթանասուն այգեպան:

Ապա Բարկուշատում մեռնում են Վաչագան եւԱբլ Աբաս թագաւորները: Եւ Վռամշապուհի թոռն այդ լսելով բազմաթիւ զօրքերով գալիս ու առաւօտեան յանկարծակի մտնում է վանքը, կոտորում կրօնաւորներին: Աւագագոյններին կապում են, եկեղեցին քանդում, հիմնայատակ կործանում, քարն էլ թափում են գետը: Կէսգիշերին [երկնքից] հրեշտակ էի ջնում ու ազատ արձակում կապուածներին, եւ նրանք զարհուրած փախչում են: Ապա առաւօտեան վանականները հաւաքուելով սաստիկ ողբով լալիս են եկեղեցու համարու թաղում [սպանուած] կրօնաւորներին: Սկսում են Աստծոյ նոր տուն կանգնեցնել` առաջինից աւելի շքեղ: Հաւաքւում են վեց հարիւր վանականներ, այլ տեղում կառուցում են եկեղեցի, տալիս Մանակկա [անունը], որպէս եւ կոչւում է նոր վանքը: Հիմնում են ուրկանոցներ եւ վանքից առատօրէն հոգում նրանց կարիքները: Եւ Կապանից այստեղ եկաւ հայր Յովհաննէսը, վանականներին վերցնելով գնաց գետի ափը, Տիրոջից խնդրեց վանականների կարիքների համարձուկ շնորհել: Տեսիլքով մի լուսաւոր տղամարդ երեւաց, որ քայլում էր գետափով, գաւազանը կախել էր ջուրը, եւ գաւազանի ծայրից դուրս էին գալիս ձկներիանբաւ ու անհամար խմբեր. ինքն էլ նրան բացատրում էրորսի հանգամանքները: Եւ այսպէս վանքին արտօնուեց գետից ձուկ որսալ:

Իսկ երբ լրացաւ սուրբ հայր Գիւտի կեանքի ութսունչորս տարին, Քրիստոսասէրը երազ տեսաւ ուվեր կենալով պատմեց հօրը, թէ` «Ագռաւները պատել էին վանքը եւ ապա թռան, նստեցին իմ գլխին, այստեղից էլ իջան քո գլխին: Ապա սպիտակ աղաւնիներ իջան իմ գլխինու թռան դէպի քո գլուխը»: Սուրբ հայրն այս լսելով հասկացաւ, որ հասել է իրենց կեանքի վերջը: Նա բազում քաջալերանքներով սրտապնդում ու յորդորում էր Քրիստոսասէրին` չվախենալ, այլ ջանալ հասնել երկնային արքայութեանը: Եւ կերակուր վերցնելով` նրանք շրջեցին ճգնաւորների մէջ, կերակրեցին ու ողջունեցին նրանց եւ օրհնուեցին նրանցից: Եւ երբ սաղմոսելով Մախաղատափով գալիս էին դէպի վանքը, տեսան հեծեալների բազմութիւն, որը գալիս էր: Իրենք շտապեցին եկեղեցի: Նախ` մտնելով աղբիւրը` լուացուեցին, ապա անցան եկեղեցին, համբուրեցին սուրբ սեղանը, ողջունելով լաց եղան: Եւ ահա զօրքը շրջապատեց եկեղեցին: Ներս մտնելով` փնտրեցին Գիւտին ու Քրիստոսասէրին: Իսկ նրանք առաջ գալով` ներկայացան: Նրանց բռնեցին, կապեցին, տարան Գողգոթա ու [այնտեղից] վայր գցեցին: Առաջին անգամ ոչ մի վնաս չեղաւ, իսկ յետոյ Գիւտի գլուխը ճեղքուեց, եւ երբ պիտի շունչը փչէր, ձայն էր տալիս Քրիստոսասէրին. «Որդեա'կ, ջանա', դիմացի'ր ինձանից յետոյ»: Իսկ զինուորները Քրիստոսասէրին սրով սպանեցին քարի վրայ: Եւ այսպէս մեռան սրբերը քաղոց ամսի տասնհինգին: Այն ժամանակ եկաւ ամպածածկոցն ու վեց ժամ պատեց վանքը: Անօրէններն այս տեսնելով սաստիկ վախեցան ու դողալով փախան: Իսկ ցրուած վանականները հաւաքուելով մեծ սգով լաց ու կոծ արին եւ փարուեցին հօր ու Քրիստոսասէրի սուրբ մարմիններին. Գիւտին տարան, թաղեցին եկեղեցու գաւթում, Քրիստոսասէրին` եկեղեցում. տեղերն էլ գաղտնի պահեցին: Ահա այս հրաշալուր պատմութիւնը մեզ աւանդեց Յովհաննէսը` սուրբ միաբանութեան եկեղեցապանը, որը քսանհինգ տարի եկեղեցուց դուրս չելաւ ու ոչ ոքի հետ չխօսեց, միայն պաշտամունքային արարողութիւն կատարեց: Այդ սրբերի բարեխօսութեամբ թող մեզ հետ հաշտ լինի Քրիստոսը եւ խաղաղութիւն ու շէնութիւն տայ աշխարհին: