Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Վարդն է բացուէր առաւօտեան գոյնզգոյն,
Հոտն բուրէր անմահութեան զօրն ի բուն,
Խիստ գեղեցիկ, նման ծաղկի նռնենոյն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Առաւօտեան ժամուն ելայ հայեցայ,
Յորժամ տեսայ վարդն բացուած, զուարճացայ,
Խիստ անուշահոտութենէդ զմայլեցայ.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Րամից հանուրց ազգաց ի մէջ ծաղկունաց,
Գերագոյն վարդ, դու ցանկալի ես մանկանց,
Մի' պակասիր միշտ հանապազ իմ ձեռաց.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Դու բարունակ պայծառ եւ ծիրանագոյն,
Բուրաստանաց մէջն փայլես աստղագոյն,
Իմ գեղեցիկ, անուշահոտ, կարմրագոյն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Առաւօտուն հողմն հնչէր մեղմագոյն,
Պուլպուլ ձագուկն գայր իջնոյր մէջ այգոյն,
Քաղցրիկ խօսէր, ուրախանայր հետ վարդոյն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Նոր առաւօտ արեգական ծագելոյն,
Յայնժամ ի շուրջ գալով մէջն վարդենոյն,
Եղանակօք շարադրեցի քաղցրագոյն.
Մի' թափիր, վարդ մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Ի հասանել երրորդի ճաշու ժամուն,
Կրկին անգամ ընթացայ մէջ կոկոնուն,
Վարդ քաղելով ոչ յագեցայ ի հոտոյն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Էր ժամանակն հասարակ աւուր տօթոյն,
Վարդ թփենոյդ ներքեւ եղէ քաղցր ի քուն,
Վարդ, թափեցար ի վերայ սրտիս բազմագոյն
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Աղուորիկ վարդ, կու բուսանիս մէջ փշոյն,
Աղուոր մանկտիք գան ժողովին քո ճղոյն,
Ձեռվնին ծակոտես որպէս զէտ հերուն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Սրտովս յօժար զքեզ գովեմ, վարդ սիրուն,
Սիրելի, նազելի, պատուականագոյն,
Որչափ գովեմ արժանի ես բազմագոյն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Այլեւ բազմեալ, եղբարք, ի շուրջ սեղանոյն,
Ի միասին հրճուիմք ի վերայ վարդոյն,
Դրախտէն ընծայ բերեալ հօրն մեր նախնոյն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն
Մի' լափիր, վարդ:

Ցնծան մանկտիք, ուրախանան քո տեսոյն,
Առեալ միմեանց մատուցանեն սիրելոյն,
Այլ առաւել սիրով լցեալ աւելնուն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Ես թմրեցայ վարդի յանուշահոտոյն,
Զինչ խօսեցայ` անգէտ եւ յիմարագոյն,
Որն մարմնոյ, որն հոգեւորագոյն,
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Այլեւ մանկտիք, որք էք ինձ եղբայրագոյն,
Յորժամ կարդայք, զիս յիշեցէք ձեր հոգոյն,
Հայր մեղան մի խնայէք ձեր արեւուն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Լինիմ կարօտ, մնամ փափագ քո տեսոյն,
Վա'րդ, պակասեալ լինիս ի մէջ փշենոյն,
Եւ զիս թողուս խեղճ, ողորմուկ, տրտմագոյն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Քո ժամանակն պիտէր խիստ երկրագոյն,
Որ զուարճացեալ լինայի քո հոտոյն,
Գոհութիւն, փառք տայի ստեղծող աստծոյն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ:

Սա յարմարեալ թուականի մեծ Հայոյն,
Հազար հարիւր ութերորդ աւելորդոյն,
Ճանապարհին յԵրուսաղէմայ գալոյն,
Աբեղայի ծոյլ Վարդան անուանելոյն.
Մի' թափիր, վարդ, մի' թափիր,
Խիստ այրեցայ ես քո հոտոյն,
Մի' լափիր, վարդ: