Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/287/ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

1859 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Արեւմտաեվրոպական տպավորությունների եւ հանդիպումների մթնոլորտում: «Հյուսիսափայլ»-ը արտասահման փոխադրելու մտադրության ձախողումը։ Տրտունջ «հայոց ազգից»: Իդեական բեկում: «Մեռելահարցուկ» վեպը: Պտույտ Լեհաստանում: Վերադարձ եւ կանդիդատական հարցաքննություն Պետերբուրգի համալսարանի արեւելյան ֆակուլտետում։ Պետերբուրգում հայերեն շաբաթաթերթ հրատարակելու հեռանկարի ավերումը։

 

Տեսանք, որ, Նալբանդյանը կարողանում էր օգտագործել քաղաքական պայքարի համար լեգալ մամուլի ընձեռած հնարավորությունները: Բայց ասացինք նաեւ, որ լեգալ մամուլը միանգամայն չէր գոհացնում ազատ խոսքի նրա կարիքը: Այդ կարիքին ունկնդիր՝ 1858 թ. վերջերին նրա մեջ հասունանում է որոշում՝ անցնել նորից արտասահման, այս անգամ հակառակորդների դեմ գրական բացճակատ պատերազմ սկսելու համար: Այդ մասին էր ակնարկում, ի դեպ, նաեւ «Մանկության օրեր»-ի բոցաշունչ վերջվածքը:

Ընդունած որոշումը վերածվեց գործնական հրահանգի, հենց որ հարցումներ սկսվեցին «Հյուսիսափայլ»-ի մասին Այվազովսկու գրած դանոսի կապակցությամբ: Նալբանդյանը պիտի հրաժարվեր այն մըտքից, թե ամսագրի լիբերալ մեկենասներն ի վիճակի են ազատելու ամսագիրը վերահաս փորձանքից՝ համապատասխան ճնշում գործ դնելով Այվազովսկու վրա, միտք, որ արտահայտել էր Հայրապետյանին ուղղած նամակում: Հիմք կար վտանգված համարելու ոչ միայն ամսագրի գոյությունը, այլեւ նրա ղեկավարների անձեռնմխելիությունը: Այվազովսկու դիմումը ներքին գործոց մինիստրությանը տեղի էր ունեցել 1858 թ. դեկտեմբերին: Այդ կապակցությամբ սկսված հարցաքննությունների ընթացքից նախազգուշացված՝ Նալբանդյանը հաջորդ տարվա փետրվարինանցավ արտասահման…

/288/ Ոմանց ասելով՝ այդ մի ուղեւորություն էր, որ ձեռնարկել էր Նալբանդյանը սոսկ Հեսսենի հանքային ջրերում բուժվելու համար: Նալբանդյանը քրոնիկական հիվանդությունից տառապում էր վաղուց: 1857 թ. մի նամակում նա գրում էր, հիրավի, թե մոխիր է դարձել հիվանդությունից հետո, օրինավոր առողջության երես չի տեսել [1]: Հետագայում պատմելով Նալբանդյանի 1858 թվականի կացության մասին, Հովհաննես Բերբերյանը բերում է նրա մոտ բարեկամներից մեկի, հավանորեն, Ա. Սուլթանշահի խոսքերը. «Այդ տարին Նալբանդի (այսպես էին նրան կոչում նրա մոտ բարեկամները, ամենալավ ժամանակներից մեկն էր: Նրա սրախոսությունների ու հանաքների վերջ չկար. ամեն տեղ մտնում-ելնում էր, ամեն տեղ հասնում, իսկ ամառվա վերջին օրերը նա պարապում էր միայն գրականությամբ. կարդում էր, գրում էր, պատրաստում էր հոդվածներ «Հյուսիսափայլ»-ի համար: Սակայն նրա դեղնած երեսը, նրա բարի եւ խելոք աչքերը, որոնք միշտ մտածություն էին արտահայտում, ցույց էին տալիս, որ նորա առողջությունը լավ չէ» [2]: Հրապարակորեն բժշկության կարիքով էր պատճառաբանում առաջիկա ուղեւորությունը նաեւ ինքը՝ Նալբանդյանը: Հիրավի, մեկնելով 1859 թ. արտասահման՝ նա որոշ ժամանակ բուժվում էր Էմսի, Հոմբուրգի եւ Զոդենի հանքային ջրերում: Կոմս Էմմանուելը հայտնում էր իր ընթերցողներին, թե հիվանդության պատճառով իր «Հիշատակարան»-ը մնացել է բարձիթողի [3]: «Դադարեցավ եւ ջերմ դեղանյութի շատրվանը, որ այնպիսի հորդությամբ դուրս էր զարկում թոքերից», եւ «ես սկսեցի ազատ շունչ առնուլ», ավելացնում էր հետագայում Կոմսն իր ապաքինման արդյունքների մասին [4]: Չէ՞ր խտացնում Կոմսը հիվանդության պատկերի գույները իր ուղեւորության բուն պատճառը քողարկելու նպատակով:

Բոլոր պարագաներում բուժվելու կարիքն ուղեւորության միակ եւ գլխավոր պատճառը չէր: Այդ, նախ եւ առաջ, նախազգուշության միջոց էր սպառնացող հետապնդումներից խուսափելու համար: Սակայն Կոմսի ցանած հոծ մառախուղը չմոլորեցրեց հակառակորդներին: Ժամանակին մեր տրամադրության տակ եղած ձեռագիր իր օրագրում 1859 թ. մարտի 24-ի ներքո Մսերը գրում էր. «Փախեաւ Նալբանդեանն ի Մոսկվայէ թէ ուր, չէ յայտ»: Մի այլ տեղ, փախուստի վայրը ճշտելուց հետո, նույն օրաթվի տակ Մսերն ավելացնում է. «Ելն Նալբանդեանի ի Մոսկուայէ, եւ չուիլն դեպի Փարիզ»: Թե, հիրավի, Նալբանդյանի մեկնու/289/մը մի տեսակ փախուստի բնույթ էր կրում, երեւում է այն նամակից, որ մեկնումից առաջ նա գրեց Սալթիկյանին: Այդտեղ հայտնում էր, թե գնում է արտասահման իր կյանքը փրկելու համար… «Իմ գնալուս համբավը, որ Նախիջեւան տարածվի գնալուցս հետո, խնդրեմ մերոնց միամտացնես, թե ես ողջ եւ առողջ եմ եւ թե բան ուսանելու գնացել եմ՝ զագրանից, որ խեղճ մայրս հոգս չառնե: Եվ գնալու մասին առ այժմս ոչ ոքին բան չասես, ոչ ոքին ամենեւին, ո՛չ թշնամու եւ ո՛չ ամենամերձ բարեկամի, այդպես հարկավոր է, մինչեւ որ ստանաս ստրախավոյ նամակս» [5]:

Ուշագրավ է, որ արտասահմանում բուժվելուց առաջ Նալբանդյանն այցելել էր Փարիզ եւ Լոնդոն: Նկատենք նաեւ, որ բուժմանը նա հատկացրեց միայն մի ամիս, մինչդեռ արտասահմանում մնաց 4-5 ամիս: Էմսի ջրերն այցելելուց հետո նա կրկին անցավ Փարիզ եւ Լոնդոն, դիտեց Տորրնը եւ Վինձորը, Վերսայլն ու Տրիանոնը: Պատմական ոստաններից ու հոյակառույց ապարանքներից ավելի՝ նրան զբաղեցնում էին թանգարաններն ու ցուցահանդեսները, կենդանաբանական այգիներն ու գիտական հիմնարկները: «Մի նոր քաղաք մտանելով, գրում էր Կոմսն իր «Հիշատակարան»-ում, ես ոչ միայն անարժան, այլեւ ամոթ եմ համարում փողոցներ չափել դատարկ նորասիրության պատճառով: Ես չտեսած հավատում եմ, որ կայսրների, թագավորների եւ դուքսերի ապարանքները բոլոր մահկանացուների բնակարաններից ամենափառավորն են: Այո, ես գնացի Բեռլինի մուզեոնը, Լոնդոնի կենդանաբանական պարտեզը, Բրիտանական հռչակավոր մուզեոնը, Լոնդոնի Համաշխարհական հանդիսարանը, բայց այս դիպվածներում, գնալու խորհուրդս եղած է մի բան ուսանել» [6]: Գ. Սալթիկյանին ուղղված նամակում՝ Փարիզում անցփած իր օրերի մասին, նա գրում էր. «Ես այնտեղ վերահասու եղա ամեն բանին, ճարեցի ազնիվ բարեկամք՝ թե հայ եւ թե ֆրանսիացի, քննեցի հիվանդանոցքը եւ ակադեմիան…» [7]:

Այստեղ ակնարկված ազնիվ բարեկամներից ոմանք, որոնց հետ Նալբանդյանն առիթ ունեցավ ծանոթանալու Փարիզում, հիշատակված են նրա ձեռատետրում: Հավանորեն դեռ այդ ժամանակ է, որ նա ծանոթացավ Փարիզի համալսարանում բժշկականություն ուսանող կամ ուսած թյուրքահայ այն երիտասարդների հետ, որոնց հետ նա շաղկապվելու էր ազգային-քաղաքական հետագա իր գործունեության ընթացքում: Մեր խոսքը արեւմտահայ մի շարք մտավորականների՝ Քյաթիպյանի, /290/ Նուրիջանյանի, Ռաֆայելյանի, Փեշտիմալճյանի եւ ուրիշների մասին է, որոնց հանդիպելու ենք արտասահմանյան հաջորդ ուղեւորության կապակցությամբ նրան զբաղեցրած ծրագրերին ու գործունեությանը ծանոթանալիս…

Սալթիկյանին ուղղված նամակներից պարզ է նաեւ, որ Նալբանդյանի տեսադաշտում գտնված հիմնական խնդիրը «Հյուսիսափայլ»-ի հրատարակությունն արտասահման փոխադրելու հարցն էր: Մի նամակում նա հույս էր հայտնում, թե Ռուսաստանի բարեկամները միջոց կտան իրեն՝ «Եթե Մոսկվա փակվի «Հյուսիսափայլ»-ը՝ նորից ուրիշ տեղ… վերանորոգելու եւ բոլոր մեր գլխից ու ձեր գլխից, այլեւ ազգի եւ եկեղեցու գլխից անցածները ճշմարտությամբ հրատարակելու համար… Մենք բոլոր բան հասկացողքս պարտական ենք ընդդեմ զինվորվել եւ ցույց տալ ժամանակով մեր ապագայից, որ ազգի թշնամիների հարձակմունքին դեմ ենք դրել մեր կուրծքն ու ճակատը, որ ազգի «օգտի համար զոհել ենք մեր հանգստությունը, - հայրենիքը» [8] եւ այլն եւ այլն: Վերջին խոսքերով Նալբանդյանն աչքի առաջ ուներ կամավոր այն վտարանդիությունը, որ հանձն էր առել արտասահման անցնելիս: Վերջնական որոշում ընդունելու համար նա «լուր» էր սպասում «Հյուսիսափայլ»-ի խմբագրից: Ակնարկելով դարձյալ Այվազովսկու քսությունը, որ հարկադրել էր իրեն լքել հայրենիքը, նամակի վերջում նա գրում էր. «Աղաչում եմ, եղբայր, չմոռանալ ինձ այս օտարության մեջ, չմոռանալ, որ ես այս բոլորը քաշում եմ ազգի համար մեր դժոխքի սպասավոր եզվիթ հոգեւորականներից, որոնց վերջին ջանքն է ազգը կուրացնելով՝ վայելել նորա բարիքը: Ես գիշեր-ցերեկ մտածում եմ ձեր բոլորի վերա ու մեր ողբալի ազգի խեղճ վիճակի վերա: Աստված տար, որ ես գերեզման չմտած տեսանեի մեր ազգի դրության բարվոքվիլը եւ հոգեւորականների բարբարոսությունից ազատությունը: Աղաչում եմ աստվածը (sic!) օգնել ձեզ, օգնել ինձ, պանդխտականիս…» [9]:

Նկատի առնելով Նազարյանցի՝ Աբել Մխիթարյանին գրած նամակները, կարելի է ենթադրել, որ Նազարյանցի եւ Նալբանդյանի միջեւ համաձայնություն է եղել Այվազովսկու կապակցությամբ սկսած պայքարը, որ վերջ ի վերջո հանգելու էր քաղաքական պայքարի, փոխադրել արտասահմանում հաստատվելիք «ազատ մամուլի» էջերը: Ճանապարհելով Նալբանդյանին արտասահման՝ Նազարյանցը, ըստ երեւույթին , պետք է որ շոշափած լիներ ամսագրի տեղափոխության նյութական հնարավորությունները. այդ մասին, ինչպես նաեւ Այվազովսկու դիմումից հե/291/տո սկսված հարցաքննության գործնական հետեւանքների մասին է, հավանորեն, որ Նալբանդյանը «լուր» էր սպասում Մոսկվայից:

Հայտնի չէ, թե ի՞նչ «լուր» ստացավ Նալբանդյանը Մոսկվայից: Հայտնի է միայն Նազարյանցի՝ 1859 թ. հուլիսի 1-ին Գ. Սալթիկյանին գրած նամակը, որտեղ կարդում ենք. «Նալբանդյանից ուրախաբեր տեղեկություն ստացանք Փարիզից. դոցա կծանոթանաք պ. Հայրապետյանի նամակից եւ գործ կկատարեք, ինչպես խորհուրդ է տալիս Նալբանդյանցը: Միայն հարկավոր է ձեզ քաջալերվել եւ այրաբար գործ կատարել եւ թողուլ դանդաղկոտությունը: Նալբանդյանն այժմ Փարիզ է եւ շուտով կվերադառնա դեպի Ռուսաստան, եւ ինչպես երեւում է, այսուհետեւ, ոչինչ վտանգ չկա, որովհետեւ կաթողիկոսը կամի պաշտպանել մեզ յուր հայրապետական արդարասիրությամբ եւ ճշմարտությամբ» [10]: Այս տողերից պիտի եզրակացնել, որ «Հյուսիսափայլ»-ի մեկենասները միջոցներ էին ձեռք առել ընդհանուր ճակատ հարդարելու Այվազովսկու դեմ, չհրաժարվելով նույնիսկ վերջինիս դեմ տրամադրված Մատթեոս կաթողիկոսի «հովանավորությունից»: Բացի այդ, ցենզորական կոմիտեի մեղ: վերաբերմունքից խրախուսված՝ Նազարյանցը եւ նրա համախոհներն անցած էին համարում արդեն վարդապետի քսության ազդած երկյուղը, ուստի եւ «ազատ մամուլ» կազմակերպելու հեռանկարը՝ անօգուտ ու ավելորդ:

1859 թ. մայիսի 11-ին Աբել Մխիթարյանին ուղղած նամակում, խոսելով Ֆրանսիայում իշխանացած բոնապարտիստական ռեժիմի խըս| տությունների մասին (այս տրտունջին գուցե առիթ էր ծառայել այն, որ Ֆրանսիայում Նալբանդյանին չէր հաջողվում «ազատ գրատպության» գործը), Նազարյանցը ասում էր. «Ռուսաստանի առողջամիտ ազատությունը տպագրության հանդեսի մեջ կարող չէր այն շնորհը զրկել մեր ռունահայ հեղինակներին, ինչ շնոր՝ վայելում են ընդհանրապես բուն ռուսազգի հեղինակքը: Օրենքը մի է. եւ այն է oրենք ինչ որ արկ է կացուցանում ամենայն անձն, առանց բացառության» [11]:

Այս տողերը կասկած չեն թողնում այն մասին, որ 1859 թ. ցարիզմի քաղաքականության մեջ ակնհայտ դարձած «լիբերալ էրան» ամրացրել էր Նազարյանցի մեջ այն հավատը, թե հնարավոր է պայքարել հակառակորդների դեմ «օրինապատշաճ» միջոցներով՝ առանց արտասահմանում կազմակերպվելիք մամուլի օգնության: Այդ մասին է վկայում նաեւ նույն տարվա նոյեմբերի 30-ին Նազարյանցի անտիպ մի նամակը՝ ուղղված Թբիլիսիի լիբերալ իր համախոհներին՝ Շահինյան եւ /292/ Հովհաննիսյան բժիշկներին: Խոսելով Ջալալյան եպիսկոպոսի կողմից «Հյուսիսափայլ»-ի Թբիլիսիի կուսակիցների դեմ սկսած արշավանքի մասին` Նազարյանցը գրում էր այդտեղ. «Չենք վախենում նորանից. դեռ կա եւս օրենք, եթե ոչ հայերի մեջ, գոնյա մեր երկրորդապատիվ հայրենի Ռուսաստանի մեջ, եւ այդ օրենքի պահապանը է ինքը Ալեքսանդր Նիկոլաեւիչը, մեր արդար, բարի եւ ազատասեր oգոuտոuափառ կայսրը. ոչ ես եւ ոչ հայոց ազգը, լինելով այդպիսի թագավորի քաղաքացի, կարող չենք լինել մի հայոց արքեպիսկոպոսի ստրուկ եւ ծառա» [12]:

Ակներեւ է, որ «ազատ մամուլի» մասին, Նազարյանցի ունեցած պատկերացումն ամենահպատակ լիբերալիզմից հեռուն չէր անցնում:

Նալբանդյանը հուսավրեպ վերադարձավ Ռուսաստան: Այլեւս նյութական միջոց իսկ չուներ օտարության մեջ մնալու համար: Կասկած չվերցնող տվյալներ կան այս մասին նրա ծոցատետրում: Նույն ծոցատետրում գտնում ենք նաեւ այն պահին գրված նրա «Անցած օրեր»-ը, ու ավաղում էր իր ավերված պարզամտությունը: Այստեղ նա նշմարում էր անգամ հուշիկ քայլերով մոտեցող ծերության ազդանիշները։

Կյանքիս օրերը

Մրրիկի նման

Թռան գնացին,

Ես ծերանում եմ,

Արծաթաջրած

Մազերի թելեր

Իմ գլխի վերա

Որոշ փայլում են:

Տակավին 1859 թ. մարտին էր գրում նա այն մասին, որ ինքը «Հյուսիսափայլ»-ի հրատարակողը չէ եւ ոչ իսկ նրա գլխավոր աշխատակիցը: Այս դիտակցությունն ավելի եւս պիտի սրվեր Նալբանդյանի մեջ` «Հյուսիսափայլ»-ի խմբագրի նահանջումերը քանիցս դիտելուց հետո: 1859 թ. հոկտեմբերի 27-ին Սալթիկյանին ուղղած նամակում Նալբանդյանը գրում էր, որ մեկնում է Պետերբուրգ՝ «կանդիդատի քննություն տալու», «որպեսզի մի արժանավոր տեղ ծառայություն գտանելով, կարողանամ օրական ապրուստ ճարել եւ բժշկությունը (իմա՝ բժշկական ուսումնառությունը, Ա. Հ. ) շարունակել: Պետք է, որ ես ինքս գտանիմ իմ ճարը, ըստ որում ոչ մի կոպեկ ստանալու հույս չունիմ ոչ մի կողմից: Հյուսիսափայլից ձեռք վեր առի, ըստ որում մի ժանգոտ կոպեկ չեմ ստանում: Ի՞նչ հարկավորություն ունիմ էշի նահատակ լինելու: Այդ ի՞նչ խելագարություն է, որ ես ուրիշից պարտք առնեմ ապ/283/րեմ, Հյուսիսափայլի համար տիվ եւ գիշեր աշխատեմ, բայց Հյուսիսափայլից մի կոպեկ չստանամ, այդ ո՞ր գրքի մեջ գրված է: Եվ ո՞ր մարդը, որ չուներ բնակություն, կերակուր եւ զգեստ, կարող է գործ կատարել եւ այն ձրի: Մինչեւ այժմ ես զոհ եղա, թող աստված ընդունել այդ զոհը, բայց տեսնում եմ, որ, այսուհետեւ, անկարելի է: Քեզ քաջ հայտնի է, որ ես բարոյապես թուլացած չեմ, կարող եմ շատ աշխատել, բայց աշխատելու համար հարկավոր են պայմանք, որ ես չունիմ եւ որի մասին չկամիմ ոչ ոքի բերան բանալ եւ բան խնդրել:

Այս պատճառով ոչինչ մասնակցություն չունիմ Հյուսիսափայլի հետ, ինչ որ օտար աշխարհից բերած տվել էի Հյուսիսափայլին, պիտի տպվի հոկտեմբերի տետրակի մեջ, եւ, այնուհետեւ, բարյավ մնա հայոց ազգը: Գրիչս պիտի կոտրեմ եւ ձգեմ, մյուս անգամ հայոց ազգի անուն տված ժամանակները եւս պիտի սիրտս խառնվի եւ փսխելիքս գա. ահա, եղբայր, այժմ իմ դրությունը եւ հուսահատության չափը:

Ափսո՜ս ինձ, որ ես երեւեցա հայերի մեջ մի այլ ազգի մեջ երբեք այս վիճակում գտնվելու չէի ես, անտեր եւ անօգնական, միայն հուսալով նախախնամության վերա, որ կերակրում է ճնճղուկները:

Սիրտս արյունի ծով է, բայց այնքան զորություն ունիմ, որ ոչ ոք չէի կարող իմ դրությունը կարդալ երեսիս վերա: Ուրախ եմ միայն, որ առողջ եմ եւ տկարությունս իսպառ փարատեցավ…» [13]:

Նշանակալից են ցասկոտ այս տողերը: Նալբանդյանն առաջիններից մեկն էր մեզանում, որի համար գրական աշխատանքը պրոֆեսիոնալ զբաղմունք էր ըստ էության: Մինչ այդ հայ գրական գործիչը տերտեր էր կամ վարդապետ, վարժապետ կամ չինովնիկ, որոնց համար գրական գործունեությունը հիմնական զբաղմունք չէր եւ ոչ էլ ապրուստի միջոց: Առաջադրելով հոնորարի հարց` Նալբանդյանն առաջինն էր, որ կամեցավ հասարակության կողմից վարձատրվող զբաղմունք դարձնել գրական աշխատանքը: Դրանով նա հուզում էր տողավարձի կոպեկներով ապրող գրչի մշակների գոյության, նրանց հասարակական ապահովության այն խնդիրները, որոնց համար հետագայում շարունակելով Նալբանդյանի սկսած կռիվը, ոտքի ելնելով գրողների ճորտական կացության դեմ՝ պայքարելու էին Րաֆֆին, Աղայանը, Թումանյանը եւ ուրիշներ: Սկսվող այդ պայքարը նոր կազմավորվող հայ բուրժուական հասարակայնության ծոցում առաջացող մտավորականության սկզբնավորման նշաններից մեկն էր: Գրականությունը եւ հատկապես օրագրությունը, դառնալով մտավորական այդ խավի համար գոյության միջոց, պիտի դրվեր զարգացման նյութական նոր պայմանների մեջ: Սակայն պատմե/294/լով «Հյուսիսափայլ»-ի մասին, տեսանք, թե նյութական որքան անձուկ վիճակի մեջ էր գտնվում նրա խանձարուրքը: «Հյուսիսափայլ»-ը ապրուստի միջոց չէր մատակարարում ոչ միայն գլխավոր աշխատակցին, այլ նույնիսկ խմբագրողին: Ասենք, բազմազավակ Նազարյանցը կարող էր մի կերպ ապահովված համարվել Լազարյան ճեմարանից ստացած ռոճիկով. Նալբանդյանը զուրկ էր ապրուստի մշտական աղբյուրից: Եթե մինչեւ 1858 թվականը նա որոշ նպաստ էր ստանում Լազարեւներից, 1858 թվականից մինչեւ 1860 թ. ամառը նրան որոշ օժանդակություն էին ցույց տալիս Նոր-Նախիջեւանի մեկենասները: Նա ձրի էր աշխատում ամսագրի համար այն հույսով, թե ապագայում կընդլայնվի բաժանորդների շրջանը, ապահովելով ոչ միայն «Հյուսիսափայլ»-ի տպագրական ծախսը, այլեւ գլխավոր աշխատակցի ապրուստն ու նրա երկերի հրատարակությունը: Ծանր էր, մանավանդ, «Հյուսիսափայլ»-ի վիճակը նրա գոյության առաջին տարում, երբ բաժանորդների թիվը հազիվ էր հասնում 280-ի: Հաջորդ տարում այդ թիվը բարձրացավ 350-ի՝ հետագա տարիներին նորից վար իջնելու համար: Իր գոյության հոգով պաշարված ամսագիրը դուրս չէր գալիս ճգնաժամի օղակից:

Հ. Սայաթնովյանին ուղղած մի նամակում, տրտնջալով ազգի հարուստներից, Նազարյանցը գրում էր, թե նրանք երես են դարձրել ամսագրից. նրանք, գրում էր նա, այնպես են վարվում, որ կարծես թե այդ օրգանի հաջողությունը հենց միայն իր՝ խմբագրողի պարծանքը լիներ: Նազարյանցը շատ լավ էր հասկանում, թե ո՞ւմ եւ ինչի՞ էր սպասարկում, առաջին հերթին, լուսավորական իր ծրագրով ու հրապարակախոսական իր եռանդով: «Ես ամենից առավել բեռնավորված եմ, գործ եմ կատարում տասը մարդու փոխարեն, այլ մյուս ի՞նչ անեմ. մի կտոր հաց, որ ունի ձեռքումս, կարող չեմ զավակիս ձեռքից առնուլ եւ տալ հայոց հարուստներին. այս ընդդեմ է ե՛ւ մարդկային, ե՛ւ աստվածային օրենքին» [14]: Պարբերականի բաժանորդավճարներից գանձվող միջոցները հազիվ բավականանում էին ամսագրի տպագրության ծախսերին: Որոշ նպաստ տալիս էին նրան նաեւ ազգի «մեկենասները», սակայն Նազարյանցի տրտունջը ցույց է տալիս հենց, թե որքան անբավարար եւ նվաստացուցիչ էին այն գրոշները, որ զոհաբերում էին գրականությանը «ազգասեր» հարուստներրը, որ ներկա դեպքում միեւնույն է, թե ազգասիրական ծամածռություններ անող բուրժուազիան: «Ազգը» ներկայացնելու հավակնություն ունեցող նույն այդ բուրժուական գործիչների մասին էր նաեւ Նալբանդյանի նամակում «Հայոց ազգի» հասցեով արտահայտված ցասումը: Նյութական ծանր վիճակի մատնված Նալբանդյանը մնաս բարեւի խոսք էր ուղղում /295/ ոչ միայն «Հյուսիսափայլ»-ին, այլեւ նույն այդ «հայոց ազգին»՝ «ազգի» բախտը տնօրինելու հավակնություններ ունեցող բուրժուազիային: Որչափ դրական զբաղմունքը դառնում էր գոյության միջոց, անբավարար ու անկանոն դրական վարձատրությունը պիտի դառնար արդար վրդովմունքի պատճառ: Գրականության նյութական վիճակը որոշ չափով անդրադառնում էր գրողի հասարակական դիրքավորման վրա: Աճում էր նրա դիմակայությունը բուրժուազիայի հանդեպ, որից կախման մեջ էր նյութապես, եւ միաժամանակ ավելի ընկալունակ դառնում «հասարակ ժողովըրդի» նկատմամբ, որին մոտենում էր նա նյութական անապահով իր վիճակով:

Իհարկե, միայն գրական հոնորարի խնդիրը չէ, որ ալեկոծել էր Նալբանդյանի հոգին: Նյութական անապահովությունը նրան հարկադրում էր վերադառնալ արտասահմանից՝ հրաժարվելով գրական ազատ խոսքի հետ կապված հույսերից: Ընդառաջելով ցենզորական կոմիտեի պահանջներին՝ Նազարյանցը պարտավորվել էր սանձ դնել ամսագրի բերնին: Այս է, որ հուզում էր խորապես Նալբանդյանին, հարկադրելով նրան գործունեության նոր ասպարեզ որոնել:

Բայց եւ անկախ այն հանգամանքներից, միշտ ավելի ու ավելի էր ընդլայնվում Նալբանդյանի հայացքների մեջ մինչ այդ իսկ եղած ճեղքը, անկամրջելի վիհ ստեղծելով հյուսիսափայլյան բարեխառնված լուսավորչության եւ ազգային-ռեւոլյուցիոն այն տրամադրությունների միջեւ, որոնք հասունանում էին նրա հոգում եւ դրական ելք գտնում նույն այդ պահին գրված «Ազատն աստված», «Մանկության օրեր», «Իտալացի աղջկա երգը» եւ այլ ազատաբաղձ բանաստեղծությունների մեջ:

Հայացքների խոր բեկումը չէ՞ր, որ ստիպեց կիսատ թողնել 1859 թ. «Հյուսիսափայլ»-ում տպվող «Մեռելահարցուկ»-ը: Վեպը կանգ առավ այն էջերի վրա, ուր պատկերվում էր ազգային մեծատունների զոշաքաղություններն ու բարոյական այլանդակությունները: Կար այն կարծիքը, թե հանձին Հովնաթանյանի Նալբանդյանը տալիս էր Խալիբի մոսկովյան կրկնակի՝ ռազմական կապալների միջոցով հղփացած հայ միլիոնատերերից մեկի, «ազգային բարերար» հռչակված Անանովի գրոտեսկը: Ժամանակակից աղբյուրների մեջ այս հանգամանքը մատնանշված է մասնավորապես Վ. Բաստամյանի անտիպ «Տարեգրություններ»-ի մեջ: Տարածված այդ կարծիքը բավական էր, հարկավ, որ միլիոնատիրոջ գործակալները միջոցների դիմեին վեպի շարունակությունը խափանելու համար: Բայց անհավանական չէ ենթադրել, թե «Մեռելահարցուկ»-ը թերատ մնաց հեղինակի վերապրած իդեական բեկման պատճառով: Դժվար է, հարկավ, վերջնական կարծիք կազմել վիպական այս մտահղացման բովանդակության կամ գեղարվեստական արժեքի մասին, որչափ կիսատ /296/ նյութը հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում ունենալու նրա մասին: Այն, ինչ տպված է եւ մատչելի ընթերցողին, մի տեսակ կենցաղագրական ընդարձակ ակնարկ է, որ 40-ական թվականներին ռուս գրականության մեջ «ֆիզիոլոգիական օչերկ» անունն էր կրում: Վիպական հետնախորքի վրա «Մեռելահարցուկ»-ում միախառնվում էին քննադատությունն ու գրական ակնարկը, իրական կյանքն ու նրա ծաղրապատկերը: Հետագա քննադատներից ոմանց վրա «Մեռելահարցուկ»-ը, որպես գեղարվեստական ամբողջություն, ձգձգված ու խայտաբղետ գործի տպավորություն է արել: Կարծել են, թե հեղինակը չի կարողացել գտնել վեպի կոմպոզիցիոն կենտրոնը, միահյուսել նրա մեջ նկարագրվող գործողությունները եւ ցույց տալ բնութագրվող դեմքերն իրարու կապող հանգույցները: Սակայն այդպիսի տպավորություն ստացվել է միայն այն պատճառով, որ վեպը մեզ հասել է մի վիճակում, երբ տակավին չէր ավարտվել նրա սկզբնական էքսպոզիցիան: Ցենզորական արգելառիթներից առավել, «Մեռելահարցուկ»-ի անավարտ մնալը պիտի բացատրել այն հանգամանքով, որ այդ երկի շարադրման ընթացքում հեղինակը վերապրում էր իդեական ճգնաժամ. ըստ երեւույթին, հեղինակին չէր գոհացրել վեպի նախագծված բովանդակությունը, նրա իդեական եւ գեղարվեստական մտահղացումը: Հեղինակը միջոց եւ ժամանակ չգտավ վերակառուցելու վեպը: Ընթացիկ կյանքի հորձանքը եւ դրա հետ կապված բուն խնդիրները այս պահին այնքան էին արդեն ներգրավել հեղինակին, որ «հնարավոր» կյանքի կերպագրումից, առավել նա հափշտակված պիտի լիներ իրական կյանքը վերափոխելու գործնական մտահոգություններով:

Նալբանդյանը մնաց արտասահմանում մինչեւ 1859 թ. հուլիսի սկըզբ. ները: Հուլիսի 7-ին նա գտնվում էր արդեն Վարշավայում, իսկ սեպտեմբերի վերջերին՝ Մոսկվայում: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին նս պտույտ կատարեց Լեհաստանում: Այդ մասին անցողակի մի նկատողություն կա «Երկու տող»-ում. «Լեհաստանի մեջ, ասված է այդտեղ, մեր ճանապարհորդության միջոցին (1859) շատ անգամ պատահեցավ մեզ տեսանել հոյակապ, բայց այժմ ամայի հայկական եկեղեցի, իսկ հայ եւ ոչ մի հատ, ի՞նչ եղան, ո՞վ գնացին: Հոգեւորականությունը յուր տղայական խնդիրներով, եզվիտների ձեռքում գործիք դառնալով, ճղակտոր հանեց ազգը, անդարձ կորուց նորան, հետեւաբար եւ ամենայն արհարությամբ ինքը եւս կորավ ու չքացավ Լեհաստանից» [15]: Կոմսի «Հիշատակարան»-ում հեղինակը լռության տվեց Լեհաստանում ստացած տպավորությունները: Պատահական է՞ր այդ լռությունը: Մենք դեռ պիտի անդրադառնանք ջերմ այն համակրանքին, որ «Երկրագործության» էջե/297/րում արտահայտելու էր նա դեպի երեք բռնակալությունների կրունկների տակ տրորված լեհ ժողովուրդը: Հրապարակախոսի նման տողերը սնունդ էին առնում, անշուշտ, այն տպավորություններից, որ ստացել էր նա Լեհաստանում իր ուղեւորության ժամանակ, եւ հասկանալի է, որ «Հյուսիսափայլ»-ում նա անկարող էր գրել այդ մասին:

Վերադառնալով Մոսկվա՝ Նալբանդյանը նույն տարվա նոյեմբերին մեկնեց Պետերբուրգի համալսարանի Արեւելյան ֆակուլտետում կանդիդատական քննություն տալու համար: Սալթիկյանին գրած նամակում այս մասին նա հայտնում էր. «Բժշկությունը ինձ ոչ միայն ատելի չէ, այլեւ դորանից ավելի սիրելի բան չունիմ, սակայն համաձայնիր ինքդ, որ հնար չունեի շարունակել. ի՞նչ անեի, ո՞ր քարին տայի գլուխս. մտածիր ինքդ եւ հետո դատապարտե: Այս բոլոր բաները դեռ անցյալ տարուց քեզ հայտնի է: Մտածեցի, մտածեցի, ուրիշ ճար չգտա, ասացի երթամ կանդիդատի (այսինքն՝ համալսարանական դիպլոմ ստանալու համար, Ա. Հ. ) քննություն տամ, գոնե մեկ տեղ կգտանեմ եւ կկարողանամ գլուխս ապրեցնելով իմ գործը շարունակել, եւ այս հույսով եկա Մոսկվայից, եւ ահա գտանվում եմ Պետերբուրգի համալսարանում: Իմացիր, որ ես մայիսին է կանդիդատ եմ (ասել է՝ համալսարանավարտ եմ, Ա. Հ. ) առանց այլեւայլի. թո՛ղ այս ստանամ, ինձ վնաս բերելու չէ, ընդհակառակը, շատ ու շատ օգուտներ ունի, որոնց մասին միմյանց տեսած ժամանակներս մանրամասն կխոսինք» [16]:

Նալբանդյանի հարցասիրությունը շարունակում էր, հիրավի, ուղղված լինել գերազանցորեն բնական-բժշկական գիտությունների կողմը: Զուր չէ, որ հետագայում Գերցենը կատակով «բժշկականության դոկտորի» տիտղոս տվեց նրան: Նալբանդյանի բաղձանքն էր՝ մի երկու տարով անցնել նորից Փարիզ եւ այնտեղի ակադեմիայում շարունակել ու ավարտել բժշկականության լրիվ դասընթացը: «Հավատացած կացիր, գրում էր նա Սալթիկյանին, որ այդ բանը ինձ մեծ ու մեծ չափով օգտակար կլինի եւ ճանապարհիս ոչ թե միայն շոսեյնի կշինե, այլեւ երկաթի… Հարկ չկա ասել, որ ֆրանսերեն կուսանում որպես ֆրանսիացի, եւ այն ժամանակ կցնծացնում ամեն բան» [17]:

Արեւելյան ֆակուլտետում, ինչպես երեւում է Պետերբուրգի համալսաբանի գործերից, Նալբանդյանը գրանցված էր որպես հայ-վրաց-թաթարական բաժնի «կողմնակի ունկնդիր» («посторонний слушатель» է: Կանդիդատական քննությունը նա բռնեց որպես էքստերն 1860 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում: Ֆակուլտետը նշեց հարցաքննվողի /298/ գիտությունը, մասնավորապես, հայերենից, ադրբեջաներենից, վրացերենից, ֆրանսերենից եւ ռուսերենից եւ աչքի առաջ ունենալով նրա ներկայացրած «Об изучении армянского языка в Европе и научном значении армянской литературы» ավարտական շարադրությունը՝ նրան կանդիդատի (այսինքն՝ համալսարանավարտի, Ա. Հ. ) վկայական տվեց:

Ճիշտ կլիներ ասել, թե Նալբանդյանը ո՛չ սկսել էր եւ ո՛չ էլ վերջացրել իր բարձրագույն կրթությունը Պետերբուրգի համալսարանում: Նա պատկանում էր այն մարդկանց թվին, որոնց ուսումնառության շրջանը չի գոցվում եւ չի չափվում ավարտական վկայագրով: Ապրել՝ նշանակում էր նրա համար ոչ միայն պայքարել, այլեւ զարգանալ ու մտավոր արժեքներ ստեղծ ծել անընդհատ: Համալսարանական դասախոսություններից առավել նշանակություն ունեցան նրա համար անդադար ու մտառու ընթերցանությունը, դասախոսների կամ դասընկերների հետ գիտական կամ հասարակական-քաղաքական հարցերի շուրջն ունեցած շփումները, մշտական պրպտումները եւ, դրանց զուգընթաց ու առավել քան դրանք, կյանքի ու պայքարի գործնական դպրոցը: Արգասավոր եղան, հատկապես, տպավորություններով ու հանդիպումներով հարուստ արտասահմանյան նրա ուղեւորությունները:

Իր մի հոդվածում («Պեշիկթաշլյան եւ կցորդ խնդիրներ») Ն. Ադոնցը ասում էր, թե Նալբանդյանը պատրաստվում էր հայագիտական ամբիոն ստանձնել Պետերբուրգի համալսարանում: Հնարավոր է, որ Ադոնցը տեղեկացել էր այդ մասին Նալբանդյանի գրչով Եզյանին հասցեագրված այն նամակներից, որոնց հրատարակությունը մնաց հանգուցյալ գիտնականի անկատար խոստումներից մեկը: Այնուամենայնիվ, Նալբանդյանը ծնված չէր կաբինետային գիտության եւ ակադեմիական թասակի համար: Ընկալուն միտքն ու «ահռելի հիշողությունը» (ինչպես լսել ենք, այդպես վկայել է նրա մասին Կ. Եզյանը), անդուլ ինքնաշխատության ու գործնական փորձի հետ համատեղվելով, լայնորեն բաց արին նրա գիտակցության դռները, դարձնելով նրան իր ժամանակի բազմակողմանիորեն կրթված մտածողներից ու բեղմնավոր գործիչներից մեկը:

Չենք կարծում, թե միայն համալսարանական դիպլոմ ստանալու հոգսն էր բերել Նալբանդյանին Պետերբուրգ: Հիմք կա ենթադրելու, որ «Մի պահ նրան զբաղեցրել էր նաեւ այդտեղ հայերեն նոր պարբերաթերթ ստեղծելու մտահոգությունը: Պատահական չէ, որ նրա բարեկամներից մեկը՝ Մովսես Բուդաղյանը, հենց այդ ժամանակ դիմում արեց ցենզորական գլխավոր վարչությանը՝ Պետերբուրգում հայերեն շաբաթաթերթ հրատարակելու իրավունք ստանալու համար [18]: Պաշտոնական իր պի/29/տակով թերթը, ինչպես գրում էր Բուդաղյանը, լինելու էր «հորդորիչ եվրոպական քաղաքակրթության եւ առաջնորդ լուսավորության», լուսավորություն, «որ պատվելի կկացուցանեն որեւիցե ազգ կամ առանձին ժողովուրդ ոչ միայն յուր պաշտպան տերության առաջն, այլեւ բոլոր Եվրոպայի»: Շատ հավանական է, որ հենց Նալբանդյանը եղած լիներ Բուդաղյանի կողմից հարուցված դիմումի գլխավոր խրախուսողը եւ որ հենց նա էլ լինելու էր հրատարակվելիք թերթի բուն ղեկավարը: Սակայն թերթ հրատարակելու ծրագիրը չիրագործվեց: Ցենզորական գլխավոր վարչությունը մերժեց Բուդաղյանի դիմումը, հայտնելով, թե «առանձին պատճառներն հորդորված լինելով», անկարող է արտոնել թերթի հրատարակությունը [19]:



[1]     Տե՛ս Ե. Լ. Ժ., IV, եր. 46:

[2]     «Նոր-Դար», 1891, եր. 138:

[3]     Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 386։

[4]     Նույն տեղը, եր. 412:

[5]     Ե. Լ. Ժ., IV, եր. 60:

[6]     Նույն տեղը, I, եր. 421:

[7]     Նույն տեղը, եր. 66:

[8]     Ե. Լ. Ժ., IV, եր. 62:

[9]     Նույն տեղը, եր. 63:

[10]   ՀՍՍՌ Գրականության թանգարան:

[11]   «Մուրճ», 1905, N 5, եր. 132:

[12]   ՀՍՍՌ Մատենադարան, Ալ. Երիցյանի արխիվ, թղթապ. N 149, վավ. We 6:

[13]   Ե. Լ. Ժ., IV, եր. 64:

[14]   «Հանդես գրականության եւ պատմության», գիրք VII, եր. 136:

[15]   Ե. Լ. Ժ., III, եր. 26 եւ հետ.:

[16]   Ե. Լ. Ժ., IV, եր. 65 եւ հետ»:

[17]   Նույն տեղը:

[18]   Տե՛ս «Մուրճ», 1905, N 4, եր. 87, Ռ. Պատկանյանի նամակը:

[19]   Տե՛ս «Հյուսիսափայլ», 1860, եր. 243 եւ հետ,: