Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Բ)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/197/ ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱԶԳՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋԸ


Ազգը եւ ազգությունը Նալբանդյանի երկերում: Բելինսկու ազդեցությունը։ «Ազգ» եւ «ժողովուրդ» տերմինների գործածությունը Նալբանդյանի մոտ: Դիրքավորում ազգային-քաղաքական ճակատ կազմակերպելու հարցում: «Ժողովուրդ» եւ «կառավարություն»։ Ժողովրդի բարեկեցությունը եւ «տնտեսական հեղափոխության» հեռանկարները: Ազգության խնդիրը դեմոկրատական հումանիզմի տեսանկյունով: Հայ ազգային-ազատագրական շարժման հեռանկարների լծորդումը ռուս գյուղացիական շարժման եւ արեւմտաեվրոպական ազգային–ազատագրական շարժումների հետ։

 

Նալբանդյանի գործունեությունը անդրադարձնում էր ոչ միայն Ն. -Նախիջեւանի, Մոսկվայի կամ Պետերբուրգի հայ հասարակախավերի, այլեւ համազգային կյանքում տեղի ունեցած ընդհանուր տեղաշարժերն ու դրանց արձագանքող մտքերն ու տրամադրությունները:

Այդ մտքերի ու տրամադրությունների արտացոլումն էր անշուշտ այն պայքարը, որ գնում էր Մոսկվայի եւ Պետերբուրգի հայ ուսանող երիտասարդության մեջ հայ ազատագրական շարժման հակամարտ կողմնորոշումների շուրջը: Առավել խտացած ձեւով այդ հակամարտը երեւան էր գալիս Ռ. Պատկանյանի եւ Մ. Նալբանդյանի գլխավորած խմբակցությունների իդեական բախումների մեջ, ակներեւ դարձնելով, թե որքան հեռու էր իրականությունից Կատկովի թերթը, երբ փորձում էր միեւնույն նժարի մեջ դնել Նալբանդյանի եւ նրա գաղափարական ախոյանի՝ «Մանուկ-Հայաստան»-ի երգչի հայացքները:

Ինչպես Նալբանդյանի ամբողջ աշխարհայեցությունը, այնպես եւ ազգային խնդրի նրա ընկալումը հանգեց ռեւոլյուցիոն-դեմոկրատական կողմնորոշման՝ անցնելով նախապես զարգացման ուրույն ուղի:

1858 թվականին գրված իր «Հիշատակարան»-ի մի ակնարկում Նալբանդյանը նշում էր, որ ազգը զուրկ է լուսավորության համազգային օրգաններից, ազգային անդաստանում, ասում էր նա, չի բսնում որեւէ /198/ տունկ, որ արդյունք լիներ ազգային համագործակցության [1]: Մինչդեռ ամեն մարդու վրա բարոյական պարտք կա հոգալու ոչ միայն անձնական, այլեւ հավաքական կամ ազգային բարօրության համար: «Հասարակության եւ ընդհանուր բարու համար ավելի հարկավոր է քրտնել եւ աշխատել, գրում էր Նալբանդյանը, քան թե յուր սեփականի, որովհետեւ մի անհիմն բան է մասնավորի երջանկությունը առանց ընդհանուրի եւ ՝ հասարակաց բարօրության» [2]:

Նալբանդյանը ընդհանրացած հայացքով այս խնդրին մոտեցավ նույն տարում «Նկատողությունք» վերտառությամբ գրած իր հոդվածում: «Ազգ ասացյալը, - գրում էր այդ հոդվածում Նալբանդյանը, է այն մեծ ույժը, այն կենդանի կապակցությունը մարդերի, որ առանց նորան, կամ նորանից դուրս, մասնավոր մարդը կլիներ մի անօգուտ անձնասեր эгоист, իսկ բոլոր մարդկությունը մի անպտուղ վերացականություն… Հասարակական կապակցության մեջ չեն ոչնչանում անձնավորությունքը, այլ միայն հրաժարվում են յուրյանց մասնավոր թենից, մի համաձայն ամբողջ կազմելու համար… Ազգին անհրաժեշտ է ինքնուրույն գործականություն, եւ ազգի բարոյական հաղթությունը կատարվում է ամբողջ ազգի ձեռքով» [3]: «Ազգը, հարում էր նույն հոդվածում հեղինակը, պիտո է ունենա ազգություն, այդ ազգի անձնավորությունն է, ինչպես մարդը չէ կարող լինել առանց անձնավորության, նույնպես եւ ազգը չէ կարող լինել առանց ազգության» [4]:

Ազգությունը որպես ազգի անձնավորություն ընկալումը հատկանշական է Նալբանդյանի ոչ միայն սկզբնական շրջանի, այլեւ հետագա նրա հրապարակախոսության համար: Այսպես, «Աշխարհաբարի քերականության» ներածության մեջ Նալբանդյանը գրում էր. «Ազգը ուրիշ բան չէ, եթե ոչ ժողով անհատների, որոնց մեջ կային հասարակաց բաներ, հասարակաց ըմբռնողությունը, հասարակաց ձեւ ու ոճ այդ ըմբռնողությանց համար, թող հատկությունը, որ շատ անգամ սխալ քան թե ուղիղ, որպես հասարակաց վերագրվում են այս կամ այն ազգին: Ուրեմն ազգը է մի մեծ ընտանիք, ուրեմն ազգը է մի մեծ եւ հսկա անձնավորություն: Այո, ազգությունը է մի վերացական անձնավորություն եւ երբ չկար այդ անձնավորությունը եւ ազգությունը չքացած էր…» [5]:

Ազգի եւ ազգության մասին արծարծված այս մտքերը գալիս էին առաջավոր այն հայացքներից, որոնք Ռուսաստան եւ Արեւմուտքում առա/199/ջանում էին տակավին Նապոլեոնի բռնատիրության դեմ ծավալված ազգային-ազատագրական շարժումների ժամանակ: Նույն այդ հայացքները մարտաշունչ գաղափարներ հանդիսացան ռեւոլյուցիոն այն պայքարի ժամանակ, որ տանում էր եվրոպական դեմոկրատիան ժողովուրդների ազգային ինքնությունը համահարթող մետերնիխյան ռեակցիոն կոսմոպոլիտիզմի դեմ:

Պատմական այս ընդհանուր հետնախորքի վրա դիտված՝ ազգային անհատականության մասին Նալբանդյանի գրած տողերը վերացական դատումներ չէին: Նա ելնում էր իր ժողովրդի վիճակից եւ հուզում նրա վերակենդանացման խնդիրը:

Ազգությունն իբրեւ հավաքական անձնավորություն, իբրեւ ազգային անհատականություն Նալբանդյանի մոտ նույնն էր ըստ էության, ինչ որ Ֆոյերբախի մոտ անհատականությունը որպես «հավաքական էակ». այնուհանդերձ, ազգությունը հավաքական անձնավորություն հռչակող իր կոնցեպցիան, ինչպես նաեւ այն հայացքը, թե ժողովուրդներն ու ազգերն աոանձին անձնավորությունների պես կենսագործում են պատմության մեջ իրենց վերապահված հատուկ դերը, բնորոշ մոդիֆիկացիայով Նալբանդյանը մշակում էր՝ Բելինսկու երկերից ստացած իդեական ներշն չտամների ազդեցության տակ:

«Այն, ինչ որ անձնավորությունն է մարդու գաղափարի վերաբերմամբ, նույնը ժողովրդայնությունն է (народность) մարդկության գաղափարի նկատմամբ, գրում էր Բելինսկին. այլ խոսքերով՝ ժողովրդայնությունը մարդկության անձնավորությունն է. առանց ազգությունների մարդկությունը տրամաբանական մեռած աբստրակտ կլիներ, խոսք՝ առանց բովանդակության, հնչյուն՝ առանց նշանակության… Մարդկայինր հպսոկ է մարդուն ա յն պատճառով, որ նա մարդ է. բայց մարդկակինը երեւան է գալիս նրա մեջ ոչ այլ կերպ, քան, առաջին՝ նրա սեփական անձնավորության հիման վրա եւ այն չափով նա կարող է տեղավորել իր մեջ մարդկայինը, իսկ երկրորդ՝ նրա ազգության հիման վրա… Մարդը ուժեղ է եւ ապահով միայն հասարակության մեջ, բայց որպեսզի հասարակությունը եւս լինի, իր հերթին, ուժեղ եւ ապահով, նրան անհրաժեշտ է ներքին, անմիջական, օրգանական կապ՝ ազգություն… Նույնիսկ այն դեպքում, երբ մի ժողովրդի պրոգրեսը տեղի է ունենում մյուսից փոխ առնելու միջոցով, այդ, այնուամենայնիվ, կատարվում է աղգորեն: Այդ կերպ չկա պրոգրես: Երբ ժողովուրդը տեղի է տալիս իրեն օտար գաղափարների եւ սովորությունների ճնշման՝ ուժ չունենալով վերամշակելու դրանք սեփական ազատության միջոցով, դարձնելով դրանք իր իսկ սեփական էությունը ապա այդ ժողովուրդը կործանվում է քաղաքականա/200/պես… Ինչ որ է մարդն առանց անձնավորության, նույնն է ժողովուրդն առանց ազգության» [6] ։

  «Ժողովուրդ» կամ «ազգություն» գաղափարների մասին խոսելիս Նալբանդյանն անդրադարձնում էր Բելինսկու ակնհայտ ազդեցությունը: Նրանից էր առնում նա այն միտքը, թե ժողովուրդն առանց ազգության նույնն է, ինչ որ մարդն առանց անձնավորության, եւ որ ազգությունը ոչ միայն չի սահմանափակում, այլեւ, մանավանդ, ընդարձակում եւ հարըստացնում է մարդկային անհատականությունը, կոնկրետացնելով մարդկության գաղափարը:

«Ազգային» տերմինը Բելինսկու մոտ ուներ ավելի համապարփակ նշանակություն, քան «ժողովրդական» տերմինը: «Ժողովուրդ ասելով՝ միշտ նկատի են ունենում բնակչության մասսան, պետության ամենացածր՝ ու հիմնական շերտը, - գրում էր նա, մինչդեռ «ազգ» ասելով՝ ամբողջ ժողովուրդը, բոլոր դասերը, ամենացածրից մինչեւ ամենաբարձրը, որոնք կազմում են պետական մարմինը» [7]: «Ժողովրդական պոետը նա է, ասում էր նա, որին ճանաչում է ողջ ժողովուրդը, ինչպես, օրինակ, ամբողջ Ֆրանսիան ճանաչում էր իր Բերանժեին. ազգային պոետ է նա, որին ճանաչում են բոլոր քիչ թե շատ կրթված դասակարգերը, ինչպես, օրինակ, գերմանացիներն են ճանաչում Գյոթեին եւ Շիլլերին» [8]:

Իր վերջին գրվածքներում ռուս մեծ քննադատը հանգում էր այն հայացքին, թե «ժողովրդին ու կրթված «հասարակության» մերձեցման Ճանապարհով են ստեղծվում այն ազգերը, որոնք արժանի են համաշխարհային-պատմական գոյության: Ժողովուրդը այդ դեպքում ազատագրվում է ստրկության կապանքներից, իսկ «հասարակությունը»՝ հրաժարվում մեկուսացումից, դառնում ժողովրդի հոգեւոր զինակիցն ու առաջնորդը:

Ինչպես Բելինսկու, այնպես եւ Նալբանդյանի հայացքները գտնվում էին «հոսուն վիճակում», նրանք առաջանում էին ու զարգանում՝ ենթարկվելով հաճախ հիմնական կերպարանափոխության:

«Նկատողությունք» հոդվածը գրելուց առաջ Նալբանդյանը դնում էր «ազգ» եւ «ժողովուրդ» տերմինների մեջ Բելինսկու հոդվածներում հանդիպող իմաստը: Մի՞թե հնարավոր չէ, հարցնում էր Նալբանդյանը 1854 թ. հայ մատենագրության մասին գրած գրաբար իր «Ճառ»-ում, որ ռուս ահայերը, որոնց մեջ կան հարուստ մեծատուններ, հարկավոր համարեին իբրեւ հարազատ մի գերդաստանի զավակների հոգ տանել, ժողովել ու գգվել թշվառ, ողորմելի վիճակում գտնված իրենց հայ ազգակիցներին /201/ որպեսզի նրանք օրվա հացին կարոտ լինելու պատճառով չշարունակեն ապրել ավելի շատ բնական, քան բանական կյանքով ու հնարավորություն ստանան լուսավորվելու եւ ապրելու ավելի շուտ բանական, քան բնական ազդեցությամբ [9]:

1858 թ. մարտի 27 -ին Կարապետ Հայրապետյանին գրած նամա -- կոմ նա նշում էր. «Եթե դուք ազգի իշխանքդ ու կարողքդ չօգնեք մեզ, մենք ոչինչ ենք, եւ ոչինչ գործ չենք կարող է առաջ տանել ազգի լուսավորության եւ դաստիարակության համար… Ձեզ հայտնի կլինի, թե ինչ անձնազոհությամբ գիշեր ցերեկ կուրծք կոտրելով եւ աչք խավարեցնելով աշխատում ենք գրելով եւ սրբագրելով, տպելով եւ չարչարվելով. այսքան կգա մեր ձեռքից, ապա նյութական հնա՞րը. այդ չունենք մենք եւ ազգը պիտի օգնել, եւ այդ ազգը չէ այն խաժամուժ ամբոխը, որ ոչ այս գիտն՝ եւ ոչ այն, այլ ընտրյալքը, որ ճանաչում էին յուրյանց անձը, յուրյանց: ազգը, նորա օգուտը եւ վնասը եւ բարի սիրտ ունեն օգնել նորան» [10]: Ինչպես Բելինսկու մոտ, այստեղ եւս «ազգը» տարբերանշված է «ժողովրդից»: «Ազգը» ժողովրդի տիրող խավերն են, իշխաններն ու մեծատունները, «գիտակից» ու «ազգասեր» «ընտրյալները»: Այս պահին Նալբանդյանը հույս էր կապում միայն լուսավորված վաճառականների (Թյույսյուզյանի, Հայրապետյանի) կամ բարեգործ աղաների ու հարուստների (Լազարեւների ու Սանասարյանի) ազգօգուտ գործունեությանը: _ Սակայն 1858 թ. երկրորդ կեսին գրած «Նկատողությունք» հոդվածում Նալբանդյանը շեշտում էր արդեն, որ ազգը նրա «ընտրյալքը» չեն միայն, այլեւ նրանց ընտրող բազմությունը, «հասարակ ժողովուրդը»:

Ազգին անհրաժեշտ է հավաքական ինքնագործունեություն, ասում էր հեղինակը, ազգի բարոյական հաղթությունը պիտի կատարվի ամբողջ ազգի ձեռքով, եւ օտարոտի բան է «բաժանել ազգը գիտուն եւ տգետբաժիններով»: «Սխալ է միշտ այն կարծիքը, թե ազգն է միայն հարուստը կամ փառավոր կոչումն ունեցողը. պատճառ, հասարակ ժողովուրդը է մի ազգի հասարակական շինվածքի հիմքը: Մասնավոր անձինք բարձրանալով նորա միջից, յուրյանց մասնավոր գործունեությամբ, մասնավոր գիտակցությամբ կարող են շատ կողմից ծառայել լուսավորության մեծ գործին եւ մարդկության առաջադիմությանը, բայց այն ժամանակ միայն կարող են նոքա մի բան ծառաջացնել, եթե արմատական հասարակ ժողովրդի մեջ, եթե նոցա անձնվիրության եւ հասարակ ժողովրդի մեջ լինի մի անընդհատ եւ կենդանի կապակցություն, այլեւ միմյանց հասկանալ» [11]:

Այստեղ տեղի ունի նույն մերձեցումը, որ հանդիպում ենք Բելինս/202/կու վերջին գրվածքներում: Նալբանդյանը եւս հրավեր է կարդում ազգի վերնաշերտերին՝ ծառայել ազգի լուսավորության եւ առաջադիմության գործին եւ «արմատանալ» «ազգի հասարակական շինվածքի հիմք կազմող» հասարակ ժողովրդի մեջ, կապվել հասարակ ժողովրդի հետ, եթե կամք ունեն առհասարակ «մի բան հառաջացնել»:

Նույն այն ժամանակ, երբ գրվում էր «Նկատողությունք» հոդվածը, Նալբանդյանի ազգային լուսավորության ծրագրի մեջ որոշ տեղ էր բըռնում վաճառականներին լուսավորելու հոգսը, եւ նույնիսկ կրթված եկեղեցականներ պատրաստելու. միտքը. «Գիտուն քահանայք դաշտում չեն բուսնում, գրում էր նա, գիտուն հոգեւորականներ ունենալուց հառաջ, պիտո է պատրաստել ուսումնարաններ, տպարաններ, որոնց միջնորդությամբ կարելի է ստանալ… մագիստրոսներ եւ վարդապետներ, գիտուն եւ խելացի եպիսկոպոսներ, լուսավոր կաթողիկոսներ, որ կարող էին հայր դառնալ ազգին, խնամել եւ հովվել ժողովուրդը, հոգալով նրա հոգեւոր պիտույքը. երանի էր մեզ, եթե ապառաժի վրա չլիներ մեր սերմանածը, երանի էր մեզ, եթե ցույց. տալով այս ազգային պակասությունքը կարողանայինք պատճառ դառնալ մեր ազգի հարուստներին եւ իշխաններին խորհուրդ կատարել այս բանի վերա» [12]:

Այս միտքը 1858 թ. արծարծում էր նաեւ Կոմս Էմմանուելի պերսոնաժներից մեկը, որ ասում էր, թե՝ «մեր հարուստ իշխաններն ոչ մինը Վռամշապուհ դառնալ չի ուզեր, բայց կուզեն, որ ամեն հոգեւորականք էլ Մեսրովբ դառնան։ Չէ՛ եղբայր. առանց վռամշապուհներ ունենալու մեսրովբներ չի ունենա մեր ազգը» [13]: Նույն ժամանակներում գրված «Ասվում է լսվելու համար» հոդվածում հեղինակը ավելի սրելով իր միտքը՝ գրում էր, թե՝ «հայոց ազգի մեծատունք» «պիտի մեկենաս լինեն ազգի լուսավորության եւ այլն, հակառակ դեպքում՝ սուտ է ամենայն լուսավորություն, զուր ջան եւ անօգուտ վաստակ» [14]:

Սակայն Նալբանդյանի հետագա գրվածքներում մեկենասների նկատմամբ երեւում է արդեն նրա հուսախաբությունը: Դիմելով մեղվական Իսահակյանին՝ Կոմս Էմմանուելն ասում էր. «Լսելով ձեղ, դիմել մեր բոլորովին մարմին դարձած մեծատունների մոտքը, ազգի անունով բան /203/ խնդրելու համար, հանձնառու չենք. մեք փորձ առած ենք, մեր մեծատունների տտիպ համը առել են մեր ատամները» [15]:

Արդեն իսկ 1858 թ. դեկտեմբերին Նալբանդյանը բնութագրում էր Լազարեւներին որպես մարդկանց, որոնք թշնամի են ազգային լուսավորության, որոնք «ձեռներից գալու դեպքում կխափանեին ազգային լուսավարության իդեական ղեկավարի՝ «Հյուսիսափայլ»-ի հրատարակությունը» [16]:

Նալբանդյանի հայացքների մեջ տեղի ունեցած բեկումը արտահայտություն է գտնում նաեւ նրա գրական երկերի մեջ, ուր հիմա նա շեշտոն էր ազգի սոցիալական տրոհումները։

 

Մեկը չունի հագին շապիկ,

Մյուսին ակնով մուճակը:

Դիմադարձ լինելով այն մարդկանցից, որ

 

«…միշտ թավիշ, կերպաս

Շոր կարում է յուր անձին,

Որ խորտիկներ համադամյայ

Կուտի հավուց փորոտին,

Ով սովոր է հրամայել

Ծառայից շատ բազմության,

 

նա պարզվում է դեպի ազգի վարի խավերը, դեպի ժողովրդական բազմությունը, որ

 

Չունի ապրուստ, տուն ու հանգիստ,

Չունի սակավ դյուր անձին:

 

Նալբանդյանը ըմբռնում էր, որ հարստությունը չի դիզվում արտարությամբ. «շատ անգամ արյունի գին է այն, շատ անգամ մեծ զոհողությունների գին» [17]: Միշտ ավելի ու ավելի խորն է թափանցում նա այն աշխարհակարգի էության մեջ, ուր, ինչպես բնութագրում էր Մարքսը, «մարդս ստրկանում է մյուս մարդուն կամ դառնում յուր սեփական գարջանքի ստրուկը», ուր «անգամ գիտության պարզ լույսը չի կարող, ըստ երեւույթին, ճառագել այլ կերպ, քան միայն տգիտական խավար հետնախորքի վրա», եւ որ «նյութական ուժերին հատկացվում է հոգեւոր կյանք, /204/ իսկ մարդկային կյանքը բթանում է մինչեւ նյութական ուժի աստիճանը» [18] ։

1858 թ. հոկտեմբերին «Հյուսիսափայլ»-ի հրատարակողին ուղղված նամակում Նալբանդյանը ծաղրում է հայ հարուստների ու իշխանավորների «ազգասիրությունը»: «Իշխանություն կա ձեռքումդ, հարուստ ես, ուրեմն ամենալավ, ամենապատվելի մարդը դու ես հայերի մեջ: զարկիր, խեղդիր, հալածիր, ինչ կամիս արա, անդատապարտ ես, որովհետեւ հարուստ կամ՝ իշխան լինելով, արդեն քո՝ կողմը գրավել էիր Հռովմի պապի անմեղանչականությունը: Քեզանից զարկվողը, խեղդվողը եւ հալածվողը է մեղավոր եւ դատապարտելի. դու դեռ ազգասեր անուն եւս կժառնգես հայերից, որ, երկար ժամանակ ստրկության մեջ մնալով եւ ստրկությունը դոցա համար երկրորդ բնություն դառնալով, ձանձրանում են, եթե մի րոպե պակասում է նոցա գլխից որեւիցե բանավորի գավազան» [19]:

Նույն հայացքը արտահայտված է նաեւ «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետում. այստեղ եւս բացահայտ կերպով կասկածի տակ է առնված հայ փողատերերի ազգասիրությունը: «Ազգասե՞ր. որտեղից որտեղ, հարցնում էր հեղինակը, ինչո՞ւ փողասեր, արծաթասեր չես կոչում քեզ. ինչ է, ականջիդ լա՞վ է եղել ազգասերի անունը, դու առանց զրկանքի կամիս առաքինի՞ լինել, ինչպե՞ս կարելի է այդ, մինչ առաքինությունը զրկանք է մի մարդու համար, որ առաքինություն էր գործում: Զրկանք հանձն առնո՞ած քա՛վ լիցի, դու երկու կոպեկով, ոչ միայն ազգասեր պատվանունը, այլեւ քո բոլոր ազգի եւ քո հոր ոսկերքը կհանես գերեզմանից եւ կվաճառեն» [20]:

«Շատ անգամ լսվում են օդի մեջ հարստահարված մարդերի ողբերը եւ հառաչանքը, - գրում էր Կոմս Էմմանուելը 1859 թ. տարեմուտին, - նույն միջոցին եւ օդը հնչեցնում է հարստահարող բռնակալների ուրախական բացագանչություն քն: Հավիտենական ամոթի ժառանգ նոքա, որ ճնշում են անզորի աչքերից մի քանի արտասուքի կաթիլներ» [21]:

Ազգային վերնախավերի նկատմամբ այսպիսի հայացք մշակելուց հետո, հրապարակախոսը հրաժարվում էր նրանց հետ կապել ազգի լուսավորության որեւէ հեռանկար: Եվ դեռ ավելին. նրա երկերում «ազգ» հասկացությունն իսկ սկսում է ստանալ նոր իմաստ:

60-ական թվականներին գրած իր հոդվածներում Նալբանդյանը չէր ասում արդեն, թե ազգ է «նաեւ» հասարակ ժողովուրդը: Նա չի պահանջում սոսկ «հասարակ ժողովրդի» գործակցությունը ազգության վերանո/205/րոգությունը, այլ միայն հենց «հասարակ ժողովրդին ինքնագործունեության մեջ է տեսնում այդ վերանորոգությունը:

«Ազգ» եւ «ժողովուրդ» հոմանիշ հասկացություններ են հիմա նրա համար: Ազգն «ընտրյալները» չեն, ազգային վերնախավերը չեն եւ ոչ իսկ ազգային վերնատան ու ներքնատան միասնությունը, այլ Հայրապետկանին գրած նամակում որպես «խաժամուժ ամբոխ» բացարկված «հասարակ ժողովուրդը»: «Ազգության հայտարանը եւ լծակը, գրում էր Կոմս Էմմանուելը 1860 թվականին, է հասարակ ժողովուրդը: Մի ազգ, թո՛ղ որքան կամի, հարուստ լինի երեւելի մարդերով, այնուամենայնիվ այդ ազգի ազգության մեքենան շարժվում է հասարակ ժողովրդի վերա. սա է այդ մեքենայի առանցքը, լծակը եւ հաստ արանը… Երբեւիցե խոսեչով ազգի վերա միշտ աչքի առաջ ունինք հայոց հասարակ ժողովուրդը, եւ ազգ ասելով չենք իմանում այն մի քանի մարդիկ, որ արծաթի սանգյուղով վեր են բարձրացել ազգի մակերեւույթից, այլ այն խեղճ ու կաթեկցության արժանի ժողովուրդը, որի վրա ծանրացել է ազգային ապաբախտության հետեւանքը: Անմխիթար տխրություն է ձգել միշտ իմ սրտի վերա մտածությունը, թե աշխարհի երեսին գտնված ամենայն ազգի մեջ հասարակ ժողովուրդը ենթարկվում է ավելի ծանր զրկողությունների եւ տառապանքի, մինչ խորտակված էր նորա ազգության մեքենան, քան թե մասնավոր մարդիկ, այո՛, մեծատունք եւ մատնիչք. սրա հակառակ ամենափոքր երջանկությունը վայելում է հասարակ ժողովուրդը, մինչեւ անգամ երբ ներգործում է ազգության մեքենան, քան թե մասնավոր մարդիկ, որ դուրս գալով հասարակաց շրջանից բարձրացել էին նորա հորիզոնից» [22]: Սրանք ոչ միայն չեն տուժում, երբ խորտակվել է ժողովրրդի, «ազգության մեքենան», այլեւ, ընդհակառակն, օգուտ են քաղում դրանից: «Ազգային շինությունը, եզրակացնում էր Կոմսը, բնական կերպով պիտի հառաջանա ցածից հիմքից այդ հիմքը է հասարակ ժողովուրդը: Այն մարդը, որ սիրում է ազգը, որ նվիրում է յուր անձր ազգի բարոյական սպասավորության, պարտական է ծառայել հասարակ ժողովրդի օգտին: Հասարակ ժողովրդից կազմվում է ազգության մեքենան. լուսավոր մարդիկ կարող են եւ պարտական են միայն ուղղություն, զարկ եւ ընթացք տալ այդ մեքենային» [23]: «Լուսավոր մարդկանց», ասել է՝ ազգի մտավորականության վրա ընկնող պարտավորության մասին գրված այս տողերից պարզ պիտի լինի բոցավառ այն խոսքերի իմաստը, ՝ որ դրոշմված է «Երկու տող» վերտառությամբ 1861 թվականին Նալբանդյանի հրապարակած պամֆլետում.

/206/ «Մեք ազատակամ նվիրեցինք մեր հասարակ ժողովուրդի իրավունքը: պաշտպանելու, գրում էր նա այդտեղ: Մեր անձը եւ գրիչը չնվիրեցինք հարուստներին, նորանք յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են, նաեւ բռնակալների իշխանության մեջ: Բայց այն խեղճ հայը, այն հարստահարված, ողորմելի, աղքատ, մերկ ու քաղցած հայը, ոչ միայն ճնշված օտարներից եւ բարբարոսներից, այլեւ յուր հարուստներից, յուր հոգեւորներից եւ կիսագրագետ, ուսոuմնական կամ փիլիսոփա ասվածներից, ահա այն հայը ամենայն արդարացի իրավունքով գրավում է մեր ուշադրությունը եւ նորան դարձյալ, առանց եւ վայրկյանական երկմտության, նվիրեցինք մեր բոլոր կարողությունը:

Պաշտպանել այն հայի առաթուր կոխված իրավունքը է մեր կյանքի բուն խորհուրդը եւ նպատակը: Եվ այս նպատակին հասնելու համար չէ պիտո ընկրկենք ոչ բանտի եւ ոչ աքսորի առջեւ, ոչ միայն բանիվ ու գրչով, այլեւ զենքով եւ արյունով, եթե մի օր արժանի լինենք զենք առնուլ մեր ձեռքը եւ մինչեւ այժմ քարոզած ազատությունը նվիրել եւ սրբել մեր արյունով:

Ահավասիկ մեր դավանությունը, որի մեջ տեսնում ենք ազգի փրկությունը» [24]:

Դեպի հասարակ ժողովուրդը, դեպի ճնշված ու հարստահարված մասսաների ազատության մեծ ու համապարփակ խնդիրը պարզված ուխտի հրաբորբ այս ազդով Նալբանդյանը վճռական ու լիակատար շրջադարձ էր կատարում դեպի ազգային հարցի ռեւոլյուցիոն-դեմոկրատական ըմբռնումը:

Լայնորեն զարգացրեց նա այդ ըմբռնումը 1862 թվականին լույս ընծայած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»-ի էջերում:

«Ազգ ասելով, ասում է Նալբանդյանը այդ գրվածքում, պիտի իմանալ հասարակ ժողովուրդը եւ ոչ նորա միջից, նորա քրտինքով եւ նորա արյունով հառաջացած մի քանի մեծատունք» [25]:

Հակադրելով ազգի ունեւորներին ժողովրդի աղքատ մասսաների նախաձեռնությունը՝ Նալբանդյանն ասում էր, որ ժողովրդի աղքատությունը ոչ թե խափանարար, այլ նախապայման է նրա ինքնագործունեության. «Նա՝ աղքատ է, բայց այդ աղքատությունը… միայն կարող է սթափեցնել նորան յուր թմրութենից, որպեսզի նշմարվի յուր մինչեւ այժմ բռնած ճանապարհի ուղղությունը եւ փոխել նրան, հառաջ քան թե հասել է մինչեւ նորա կորստական ելքը: Եթե հարուստ լիներ հասարակությունը, կարոսություն չկար մնար մտածելու, ճանապարհ փոխելու, նորա /207/ աղքատ լինելը միեւնույն ժամանակ, կարող է լինել նորա փրկությունը» [26]:

Նալբանդյանի հայացքների մեջ առաջացած արմատական փոփոխությունը պատահական չէր:

Հայ ժողովրդի ազգային կազմավորումը պատմական մի պրոցես էր, որ սկիզբ առնելով ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու ժամանակաշրջանոս՝ առանձնապես բուռն ընթացք ընդունեց անցյալ դարի 40-ական թվականներից հետո: Հանդիսանալով պատմական այդ ժամանակաշրջանի հայ ժողովրդի տնտեսական կյանքի, լեզվի, տերիտորիալ եւ կուլտուրական առանձնահատկություններով պայմանավորված նրա հոգեկան կառուցվածքի ընդհանրության արտահայտությունը՝ հայերի ազգակազմությունը մի պրոցես էր, որին իրենց դրական մասնակցությունն էին բերում հայ բուրժուական հասարակայնության բոլոր դասակարգերն ու խավերը: Հասկանալի է, որ ազգակազմության պրոցեսի վրա իրենց աղդեցության կնիքն են դնում այդ դասակարգերի ու խավերի ներհակություններն ու հակամարտերը:

Որքան էլ անվիճելի լինի այն հանգամանքը, որ հայերի ազգակազմության պրոցեսը սերտորեն կապված էր բուրժուական հարաբերությունների կազմավորման հետ կամ այն իրողությունը, որ ազգակազմության պրոցեսի մեջ սկզբնապես ակնառու մասնակցություն ուներ եւ ղեկավար դեր էր կատարում հայ բուրժուազիան, այնուամենայնիվ, այդ պրոցեսի գլխավոր շարժիչ ուժը հայ բուրժուազիան չէր, այլ ազգի մեծամասնությունը կազմող հայ «հասարակ ժողովուրդը, որ հիմնականում բաղկացած էր գյուղացիությունից: Հիմնականում «հասարակ ժողովուրդն» է, որ միահյուսվելով բուրժուական հարաբերությունների մեջ եւ ակտիվորեն պայքարելով ֆեոդալական վերապրուկների դեմ՝ հանդիսանում էր ազգակազմության պրոցեսի ամենագլխավոր զսպանակը: Նա է դարձյալ, որ կապված ազգային տերիտորիայի հետ՝ ազդեցության խոր կնիք էր դնում ազգակազմության շրջանում ձեւավորվող նոր գրական լեզվի վրա եւ առավել չափով դրսեւորում հայերի ազգային բնավորության դրական առանձնահատկությունները: Հայ «հասարակ ժողովրդին ցույց տված ակտիվ օժանդակությունը Արեւելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելուն, հայ հասարակ մարդկանց մասնակցությունը Ռուսաստանի վարած պատերազմներին, նրանց դիմադրությունը ցարիզմի ագրարային եւ գաղութային քաղաքականությանը, հայ գյուղացիների գաղթագնացության՝ հասարակական արձագանքները Ռուսաստանում եւ Թյուրքիայում, Զեյթունի ապստամբությունը եւ նրան հաջորդած՝ թյուրքահայ գյուղացիության ազատագրական շարժումները, անցքեր ու երե/208/վույթներ էին սրանք, որոնք վճռական դեր են կատարել հայերի մեջ ազգային գիտակցություն մշակվելու գործում:

Հատկանշական է, որ որքան ավելի էր ծավալվում ու խորանում հայջերի ազգային կազմավորման պրոցեսը, նույնքան ավելի էր թուլանում՝ հայ բուրժուազիայի դերը հայերի ազգակազմության մեջ: Հայ բուրժուազիան Հարստություն էր դիզում հայկական բնաշխարհից դուրս: Թուլանում էր նրա կապը ազգային լեզվի եւ կուլտուրայի հետ, խզվում նրա առնչությունը հայ ժողովրդական մասսիվի հետ: Հայ բուրժուազիան բռնում էր ազգային-էթնիկական դիմահեղման ասիմիլյացիայի ուղին:

Տակավին 19-րդ դարի 50-ական թվականների ընթացքում, ինչպես տեսանք, թե՛ արեւմտահայ եւ թե՛ արեւելահայ իրականության մեջ բուրժուազիան ընդառաջում էր կղերա-աղայական ռեակցիայի դեմ մղված Համաժողովրդական պայքարին եւ «հասարակ ժողովրդի» գլուխն անցած պաշտպանում ազգի կենսական շահերը: Սակայն այլ դրության առաջ ենք կանգնում 60-ական թվականներին: Թիկունք դարձնելով ժողովրդական մասսաներին՝ բուրժուազիան սկսում էր նահանջել կղերա-աղայական ռեակցիայի առաջ, սկսում էր կազմել կղերա-աղայական տարրերի հետ հակառեւոլյուցիոն, հակաժողովրդական ճակատ: Հասկանալի է, որ այդ ժամանակ ժողովրդական մասսաներն էին առավել չափով արտահայտում ազգի պրոգրեսիվ պահանջները, հանդիսանում նրա զարգացման առաջմղիչ ուժը, եւ չէր սխալվում Նալբանդյանը, երբ այդ պահին միայն «հասարակ ժողովրդին» էր նկատում «ազգաշինության հիմքը»:

Նալբանդյանի վերադիրքավորումն այս հարցում հեռազդու իր նշա| նակությամբ նոր դարագլուխ էր կազմելու հայ հասարակական-քաղաքական մտքի պատմության մեջ:

Պատմական վերելք ապրող յուրաքանչյուր դասակարգ, իր ձեռքն առնելով հասարակական շարժման ընդհանուր ղեկը, ոչ միայն անմիջապես իր, այլեւ բովանդակ հասարակության բախտը տնօրինելու համար, սահմանում է իրեն որպես ազգային դասակարգ, որպես ազգ: Այդ դասակարգը, որ ոչինչ էր, ձգտում է դառնալ ամեն ինչ, հենց որ ձեռք է մեկնում՝ ազգի ղեկավարության կամ սահմանվում որպես պետականորեն իշխող ազգային դասակարգ, որպես ազգ: Խոսել ժողովրդի եւ ազգության անունից, դա քաղաքականապես հեգեմոն դարձած դասակարգի իրավունքն է, որչափ այդ դասակարգը չի սպառել դեռ պատմականորեն պրոգրեսիվ իր միսիան՝ որպես հասարակական շարժման առաջնորդ:

Նալբանդյանի ազգության այն թեորիան, ուր ազգության իրավազուրկ տարրը հասարակ ժողովուրդը ձգտում է բարձրանալ հասարակական ներքնահարկից նրա վերնատունը, դառնալ ազգը ներկայացնող դասակարգ, հասարակ ժողովրդի պատմական հասունացման հայ/209/տարարն էր: Այդ նշան էր հայ հասարակ ժողովրդի պատմական ինքնագիտակցության, նրա ձգտման՝ դառնալ ամեն ինչ, պարզել հայ կյանքի վրա իր իշխանության դրոշը:

Ձգտելով «հասարակ ժողովրդի» գերիշխանության՝ Նալբանդյանը, այնուամենայնիվ, գիտակցում էր հայերի ազգային կոնսոլիդացման եւ Հայ ազգային-ազատագրական շարժման համազգային դերն ու նշանակությունը: Ազգի ունեւոր տարրերն իսկ, կարծում էր նա տակավին, որոշ շատ ունեն ազգի կոնսոլիդացման եւ նրա ազատագրման մեջ: Այդ է պատճառը, որ ֆեոդալ-կալվածատիրության եւ քաղաքական բռնատիրության լուծը թոթափելու համար նա անհրաժեշտ էր համարում պայքարի միասնական ճակատ ստեղծելու կոչ ուղղել հայ բուրժուազիային ու նրա պահպանողական եւ լիբերալ գործիչներին: Հայ բուրժուազիային ուղիղված համագործակցության դիմումներ կան նաեւ «Երկրագործության» էջերում [27]: Երբեմն այդ կարգի գործիչների առաջ նա դնում էր ազգային լուսավորության հետ կապված այս կամ այն կոնկրետ պահանջը: Այսպես նա հենց այս ժամանակաշրջանում լուծեց Հնդկական կտակագումարները ստանալու հարցը: Կամ հարց էր դնում այն մասին, որ Մոսկվայում ու Պետերբուրգում ապրող «բարեպաշտ ու առաքինի» հայ մասնավորները հոգ տանեն արհեստագիտություն սովորեցնելու հայ մանուկներին [28]: Անգամ 1865 թվականին գրած «Հիշենք» պարոդիայի մեջ Հայաստանի ազատագրման հույսը նա կապում էր ազգի «ընդհանրության» հետ՝

 

Աղքատ ու հարուստ տված թեւ թեւի՝

Այսպես թե միայն կա ճար փրկության:

 

Սակայն Նալբանդյանի այս կամ նման մտքերը չպիտի շփոթության առիթ տան մեզ: Հիմնականում ժողովրդական մասսաների ինքնագործության հետ է նա կասլում հիմա ազգի եւ լուսավորության ու ազատագրման ռեւոլյուցիոն իր հույսերը: «Հինգ, տասն հոգի ազգասեր, գրում էր նա, թերեւս կարողության տեր մարդիկ, դնենք թե կամ եկային զոհել յուրյանց ստացվածքը ազգի օգտին, բայց հինգ տասն ուժը ի՞նչ կարող է օգնել, ի՞նչպես կարող է դեմ դնել միլիոնավոր ժողովրդի կարոտության: Եվ մի՞թե կարող է արտաքին հոգաբարձությունը լուսավորել եւ կրթել մի ահագին բազմություն, եթե այդ բազմությունը ինքը չէ դիմում դեպի լուսավորության արեւը: Եվ այդ ահագին բազմությունը, որ առավոտը զարթելով պիտի մտածեն, թե ի՞նչպես սնանի կամ ի՞նչպես սնու/210/ցանե յուր ընտանիքը, որպես թե կարող էր մտածել լուսի կամ խավարի վերա» [29]:

Պատմական իր բովանդակությամբ՝ Նալբանդյանի ժամանակ հայ ազգային շարժումը բուրժուական-դեմոկրատական շարժում էր: Որչափ այդ շարժման մեջ եւ Թյուրքիայում, ե՛ւ Ռուսաստանում բուրժուազիայի պրոգրեսիվ տարրերը կարող էին կատարել կամ կատարում էին իրոք դրական դեր, Նալբանդյանը ջանում էր պայքարի ընդհանուր ճակատը ստեղծել նրանց հետ: Ընդսմին անընդհատ ելնելով «հասարակ ժողովրդի» շահից՝ Նալբանդյանը միաժամանակ անհրաժեշտ էր համարում ընդհանուր ճակատի տակտիկան՝ որպես մասսաների ռեւոլյուցիոն շարքերը կազմակերպելու քաղաքական զենքերից մեկը:

Ե՛վ Ռուսաստանում, ե՛ւ Թյուրքիայում Նալբանդյանը սուր քննադատության ենթարկեց բուրժուազիայի ռեակցիոն տենդենցները: Մերկացնելով ռեակցիոն տարրերի դեգերումները՝ նա ձգտում էր ակտիվացնել բուրժուազիայի պրոգրեսիվ տարրերին, խրախուսել սրանց մասնակցությունը ազգային ազատագրական պայքարին: Շեշտը դնելով «հասարակ ժողովրդի» վրա՝ Նալբանդյանը միաժամանակ անհրաժեշտ էր համարում ընդլայնել ու ամրացնել ազգային-քաղաքական պայքարի սոցիալական հենակետերը:

Միության կոչ ուղղելով ազգին՝ Նալբանդյանն ինչպես առաջ, այնպես եւ այս ժամանակաշրջանում հրապարակ չէր գալիս ազգամիջյան «խաղաղության» քարոզչի դերում, որչափ նա չէր դադարում մերկացնել բուրժուազիայի լիբերալ եւ ազգային-պահպանողական գործիչների խոսքերի եւ գործերի միջեւ եղած տարաձայնությունները, ծաղրել նրանց մեծախոս ազդերը ազգի ազատության կամ լուսավորության մասին… Անողոքաբար խարազանում էր նա բուրժուական այն ազգասերներին, որոնք «ազատության իղձը շրթունքի վրա»՝ փաստապես մնում էին «երդվյալ ծառա» եւ «հլու» ցարիզմին, որի հետ խուսափում էին գոտեմարտել, եւ սուլթանիզմին, որի դեմ երգում էին «գայլի շարական», եւ արեւմտաեվրոպական տերություններին, որոնց հովանավորությամբ, նրանց կարծիքով, հայ գյուղացին պիտի ոտքի ելնի թյուրքի եւ քրդի դեմ։ եւ վերագտնի ազգի համար նրա «կորցրած թագը»,

Նալբանդյանի համոզումով՝ մեսրոպյան գրերի օգնությամբ հեռուներից «հողեր վարող» այդ կարգի ազգասերները փաստորեն հայ գյուղացու հաշվին առատ հունձ էին խոստանում ազգի հարուստներին, առանց որ այս վերջինները որեւէ պարտավորություն ստանձնեին ազգի փրկության համար: «Երկրագործության» էջերում Նալբանդյանը որոշ պարտա/211/կանություններ էր առաջադրում արեւմտահայ բուրժուազիային: Ռ. Պատկանյանին ուղղած պարոդիայում նա նույն կարգի պարտականություններ առաջադրում էր նաեւ արեւելահայ բուրժուազիային: Սրանով Նալբանդյանը հակադրվում էր հեռուներից «հողեր վարող» հայ բուրժուական գործիչներին ու նրանց հայացքներին ընդառաջող ազգասեր գրողներին, որպես հայ ժողովրդի քաղաքական ղեկավար, որպես «համազգային ռեւո(յուցիայի» գործնական կազմակերպող ու պարագլուխ:

Լենինը գրում էր. «Բառի որոշ իմաստով հաղթական կարող է լինել միայն համազգային ռեւոլյուցիան: Այդ ճիշտ է այն իմաստով, որ ռեւտլյուցիայի հաղթանակի համար անհրաժեշտ է բնակչության հսկայական մեծամասնության միավորումը այդ ռեւոլյուցիայի պահանջների համար մղվող պայքարում» [30]: Լենինի մի այլ ասույթից ակներեւ է, որ «համազգային ռեւոլյուցիայի» նշաններ էր տեսնում նա նաեւ 19-րդ դարի հայկական շարժման մեջ: 1915 թվականին, «Ուրիշի դրոշակի տակ» իր հոդվածում նա գրում էր. «Ոչ միայն 1855, 1859, 1864, 1866, 1870 թվականների, այլեւ 1877 (ռուս-թյուրքական) եւ 1896—97 թվականների պատերազմների (Հունաստանի դեմ Թյուրքիայի պատերազմի եւ հայկական Հուզումների ժամանակ) պատմական երեւույթների հիմնական օբյեկտիվ բովանդակությունն են եղել ազգային-բուրժուական շարժումները կամ ֆեոդալիզմի տարբեր ձեւերից ազատագրվող բուրժուական հասարակության «ջղաձգումները» [31]: Լենինի նշած ժամանակաշրջանը կապիտալիզմի վերելման դարաշրջանն էր, երբ պայքարելով ֆեոդալիզմի դեմ՝ բուրժուազիայի պրոգրեսիվ տարրերը գլխավորում էին ազգային շարժումը եւ հանդես գալիս որպես համազգային շահերի ներկայացուցիչ: Այդ մի դարաշրջան էր, երբ բուրժուազիան դեռ չէր սպառել պատմականորեն պրոգրեսիվ իր դերը, եւ երբ նրա դասակարգային շահերն օբյեկտիվորեն համընկնում էին ազգային-ազատագրական շարժման շահերի հետ: Լենինը պարզաբանում էր, որ անգամ առաջավոր մի շարք երկրներում այս պահին դեմոկրատական ուժերը մեն-մենակ դեռ անկարող էին մեծամասնություն կազմելով ապահովել ռեւոլյուցիայի հաղթանակը: «Այն ժամանակ, հարում էր նա, խոսք անգամ չէր կարող լինել մի ամբողջ շարք առաջավոր երկրներում ժամանակակից դեմոկրատիայի որեւէ իսկապես ինքնուրույն եւ բուրժուազիայի գերհասունացման ու անկման դարաշրջանին համապատասխանող գործողության մասին: Գլխավոր դասակարգը, որն այն ժամանակ, այդ պատերազմների ժամանակ եւ մասնակցելով այդ պատերազմներին, գնում էր վերընթաց գծով եւ որը /212/ միայն ինքը կարող էր ճնշող ուժով դուրս գալ ֆեոդալական-աբսոլյուտիստական հիմնարկությունների դեմ, բուրժուազիան էր» [32]:

Հայաստանի պես ճնշված երկրների ազգային շարժումը Լենինը հնարավոր էր համարում դիտել որպես պրոգրեսիվ շարժում ոչ միայն նախաիմպերիալիստական, այլեւ իմպերիալիստական դարաշրջանում։ «Համենայն դեպս, գրում էր Լենինը, հազիվ թե մեկը վարանի ժխտել այն, որ անեքսիայի ենթարկված Բելգիան, Սերբիան, Գալիցիան, Հայաuտանը իրենց «ապստամբությունը» անեքսիա կատարողի դեմ կանվանեն «Հայրենիքի պաշտպանություն» եւ «ճիշտ էլ կանվանեն» [33]: Լենինը համաձայն չէր այն ընկերներին, որոնք առարկում էին նման ապստամբության դեմ այն պատճառաբանությամբ, թե ճնշված այդ երկրներում գոյություն ունի բուրժուազիա, «որը նույնպես ճնշում է օտար ժողովուրդներին կամ ավելի ճիշտը՝ կարող է ճնշել»: «Չդավաճանելով սոցիալիզմին, գրում էր Լենինը, մենք պետք է պաշտպանենք ամեն մի ապստամբություն մեր գլխավոր թշնամու դեմ, խոշոր բուրժուազիայի դեմ, եթե դա ռեակցիոն դասակարգի ապստամբություն չէ» [34]:

Ելնելով Լենինի ուսմունքից՝ հայ ազգային շարժումը ղեկավարող բուրժուազիայի դիրքավորումը բնութագրելիս անհրաժեշտ է խնդրին մոտենալ ոչ թե վերացաբար, այլ կոնկրետորեն, ամեն անգամ ելնելով նրանից, թե ինչ նշանակություն ունի այդ շարժումը մեր գլխավոր թրշ: նամու՝ ռեակցիայի դեմ մղվող մեր պայքարի համար:

Խնդրին ընդհանուր պատմական տեսանկյունից մերձենալու դեպքում հարցը այն չէ՝ արդյոք կարելի՞ է թե չի կարելի պրոգրեսիվ համարել Հայաստանի պես ճնշված, անեքսիայի ենթարկված երկրի ապստամբությունը իշխող բռնատիրության դեմ: Այլ այն, թե օբյեկտիվորեն ի՞նչ դեր է կատարում այդ ապստամբությունը համաշխարհային քաղաքականության մեջ. արդյոք պրոլետարիատի վարած ազատագրական ընդհանուր պայքարի տեսակետից պրոգրեսի՞վ թե ռեգրեսիվ դասակարգի ապստամբություն է այդ ապստամբությունը, կամ՝ ո՞ւմ ջրաղացին է ջուր ածում այդ ապստամբությունը՝ ռեւոլյուցիոն պրոլետարիատի՞ թե իմպերիալիստական բուրժուազիայի: է Լենինը նախազգուշացնում էր, որ «Համազգային ռեւոլյուցիա» արտահայտությունն ունի սոսկ «պայմանական ճշտություն»: Այդ, ասում է նա, նշանակում է միայն, որ ռեւոլյուցիայի հաղթության համար անհրաժեշտ է նրա ուժերի գերազանցություն, բայց ոչ մի կերպ նրա հետամտած բոլոր խնդիրների միասնություն: «Ռեւոլյուցիան կատարող ահա/213/գին մեծամասնությունը, ասում էր նա, բաղկացած է կա՛մ ամբողջովին մի դասակարգից, կա՛մ որոշ միատեսակ խնդիրներ ունեցող տարբեր դասակարգերից: «Համազգային ռեւոլյուցիայի» գաղափարը պիտի մարքսիստին մատնանշի տարբեր դասակարգերի այն տարբեր շահերի ճըշ գրիտ վերլուծության անհրաժեշտությունը, որոնք համընկնում են որոշ… խնդիրներով: Ոչ մի դեպքում այդ հասկացությունը չի կարող ծառայել այն բանի համար, որ քողարկի, հետ մղի դասակարգային պայքարի ուսումնասիրում այս կամ այն ռեւտլյուցիայի ընթացքում» [35]: Իբրեւ մատերիալիստ-դիալեկտիկ՝ Լենինը շատ լավ գիտեր, որ հակադրությունների միասնությունը պայմանական է, ժամանակավոր, անցողիկ, մինչդեռ բացարձակ է նրանց պայքարը, շարժումը, փոփոխությունը, զարգացումը:

Այսպես, օրինակ, մատնանշելով բուրժուազիայի կողմից գլխավորված ազգային շարժումների հատկանշական կողմերից մեկը, նրա ազգային բացառկությունը, որ հաճախ նացիոնալիզմի երանգ էր հաղորդում՝ այդ շարժումներին՝ Լենինը գրում էր. «Ճնշված ազդի յուրաքանչյուր բուրժուական նացիոնալիզմի մեջ կա համադեմոկրատական բովանդակություն ընդդեմ ճնշման, եւ հենց այդ բովանդակությունն է, որ մենք անպայման պաշտպանում ենք, խիստ զատելով իր ազգային բացառկության ձգտումը…» [36]:

Այս ամենից հետո հասկանալի պիտի լինի նաեւ Նալբանդյանի «Հիշենք» պարոդիայի այն քառատողը, ուր նա ասում էր.

 

Մեր հույսը սակայն մեր վրա լինի։

Այսինքն ազգի մեր ընդհանրության,

Աղքատ ու հարուստ տված թեւ թեւի՝

Այսպես թե միայն կա ճար փրկության: [37]

 

Ճար (որոնելով» ազդի ընդհանրության մեջ՝ Նալբանդյանը չէր անգիտանում «աղքատի» եւ «Հարուստի» տարբերությունը եւ ընդհանուր շարժման մեջ նրանց հետամտած խնդիրների ներհակությունը: Համազգային շարժման մեջ Նալբանդյանը չէր հրաժարվում «Հասարակ մարդկանց» առավել հեռամետ պահանջներից, որոնց իրագործման երաշխիքը նա որոնում էր /214/ Ռուսաստանում արծարծվող գյուղացիական շարժման եւ Արեւմուտքում սրվող «մարդու եւ հացի» խնդրի լուծման ռեւոլյուցիոն հեռանկարների մեջ:

* * *

«Ազգ» ու «ազգություն» գաղափարների հետեւողական ռեւոլյուցիօն-դեմոկրատական սահմանումները տալուց զատ, Նալբանդյանը նշմարեց նաեւ «ժողովրդի», «տերության», «ժողովրդի բարեկեցության» եւ այսպես կոչված «ազգային հարստության» մեջ եղած տարբերություններն ու ներհակությունները:

«Հարկավոր է իմանալ, գրում էր «Երկրագործության» հեղինակը, որ տերությունքը ազգ չեն, եւ տերությանց շահը ազգի շահի հետ բնավ վերաբերություն չունի, քանի որ տերությանց կազմությունը այնպես է, ինչպես որ կան այսօր»: Մասնավորելով խոսքը Անգլիայի մասին, որ կապիտալիզմի կլասիկ հայրենիքն էր, այն երկիրը, ուր հասարակ ժողովուրդը պրոլետարացած էր մաքսիմալ չափով, նա հերքում էր տարածուն այն կարծիքը, թե՝ «Անգլիան հարուստ է, ոչինչ տերություն այնքան արծաթ եւ ոսկի չունի ամենին փոխ է տալիս, ինքը բնավ նեղություն չունի, եւ այլն, եւ այլն»: Առարկելով այս կարծիքին՝ Նալբանդյանը գրում էր. «Եթե ասենք, թե Անգլիան հարուստ է, եւ Անգլիա ասելով հասկանա նք կառավարությունը եւ ազնվականությունը, այդ մի այլ խնդիր է եւ այն ժամանակ վերագրյալ հարստությունը չէ վերաբերվում անգլիական ազգին, այլ կառավարության եւ ազնվականության, որ Անգլիա չեն, որովհետեւ մինը անգլիական կառավարություն է, իսկ մյուսը անգլիական ազնվականություն: Այն ժամանակ միայն ստուգապես կարող ենք ասել, թե Անգլիան հարուստ է, երբ այն միլիոններ բաղկացնող անհատների մոտ տեսնենք որեւիցե նյութական կարողության նշմարանք» [38]: «Անգլիական ազգը ամեն ազգից աղքատ է եւ ամեն ազգից ավելի վտանգի ենթակա» [39]:

Կառավարությո՞ւնը… Ո՞վ է կառավարությունը, ազգը չէ՞:

«Չէ, պատասխանում է Նալբանդյանը, կառավարությունը կառավարություն է, ազգը ա՛յլ, կառավարությունը ա՛յլ»: «…Այն մարդիկը, պարզաբանում է նա, որոնց ազգությունը դողացնում է երկրագունդը բեւեռից մինչեւ բեւեռ, ստրուկ են յուրյանց կառավարության ձեռ/215/քում: Կառավարությունը նկատելով այդ, որ այդ ազգերն ինքյանք յուրկանց մեջ ազատ չեն տակավին, նկատելով, որ սնոտի նախապաշարմունքներ, փտած սկզբունքներ եւ առհասարակ գլխիվայր հասկացողությունք պաշտելի են նոցա, խորամանկությամբ օգուտ են քաղում նոցա թուլութենից, տիրում են նոցա վերա եւ նոցա անունով ներգործում են միմիայն յուրյանց անձնապահության համար:

Մարդը դեռեւս թովված է, կառավարության բժժանքը դեռեւս ազդում է նորաս վերա: Նա տանում է աշխատության ծանր լուծը, առանց հաշիվ տալու ինքը ինքյան, թե ինչ բանի համար են այն զրկանքը, որ հանձն է առնում» [40]: Պետության եւ նրա վարած քաղաքականության կապը տիրող դասակարգերի հետ ակնբախ է դառնում մանավանդ պետությունների զինված բախումների ժամանակ իշխող դասակարգերի շահերի համար նրանք թափում են հասարակ ժողովրդի արյունը:

  «Եվ խեղճ ազգը կրում է ծանր հարկեր, զոհում է յուր առույգ զավակները թշնամին վանելու համար, ոգեւորվում է հաղթությամբ, տաղեր է երգում, եւ գործը ավարտելուց հետո ուրախ ուրախ վերադառնում է յուր տեղը կարծելով ու հավատալով, թե մեծ գործ կատարեց, հայրենիքը փրկեց, հողը փրկեց, պատիվը պահեց: Սորանից ավելի կոպիտ եւ խոշտր հեգնություն մենք չենք կարող երեւակայել: Հասարակ ժողովուրդը դառնում է յուր բնակարանը եւ դարձյալ պիտի հարկ տա ազնվականին այն հողի համար, որ գործում է եւ որ ազատելու համար գնաց արյուն թափեց, խեղացավ, ջարդվեցավ, որդին, եղբայրը կամ հայրը զոհեց: Ազնրվականը հայրենիքի հողից բաժին ունի բյուրավոր մղոններ, իսկ հասարակ ժողովուրդը չունի մի ոտնաչափ տեղ» [41]:

Ազգային հարստության եւ ժողովրդի բարեկեցության միջեւ եղած կապի բնորոշումը Մարքսը տվել է կապիտալիստական կուտակման ընդSանուր օրենքի լուսաբանության մեջ: Արդյունաբերական պահեստի գնդի հարաբերական մեծությունը, ուսուցանում էր Մարքսը, աճում է հարստության ուժի աճմանը զուգընթաց: Այս երեւույթը, ասում էր նա, յուսովի դիտել էին անգամ 18-րդ դարի տնտեսագետները, արձանագրելով որպես օրենք հասարակական հարստության աճման ընդհանուր եւ բնական այն երեւույթը, որ ազգի հարստությունը համապատասխանում է նրա բնակչությանը, իսկ նրա աղքատությունը Հարստությանը: Հետագայում, նշում էր Մարքսը, բուրժուական սառնարյուն մի դոկտրինչոր, Destut de Tracy, կոպտորեն հայտարարեց նույնը. «Աղքատ ազգերը /216/ նրանք են, ուր որ ժողովուրդը լավ է ապրում, իսկ հարուստ ազգերը նրանք՝ ուր որ ժողովուրդը սովորաբար աղքատ է» [42]:

Դիտված այս փաստից բուրժուական կարգերի հակառակորդներն անում էին համապատասխան հետեւություններ:

Տակավին 19-րդ դարի սկզբին իր «Քաղաքակրթության ազդեցությունը եվրոպական պետությունների ժողովրդի վրա» աշխատության մեջ Չարլզ Հոլլը ապացուցում էր, որ ազգային հարստության աճմանը զուգընթաց ընկնում էր կապիտալիստական Եվրոպայի ժողովուրդների բարեկեցությունը: Այս ճշմարտությունը հետագայում նորանոր փաստերով ու օրինակներով հիմնավորվում էր անգլիական արտիստների ելույթների մեջ, ֆրանսիական մանր-բուրժուական տնտեսագետների (հատկապես Սիսմոնդիի) երկերում, Օուենի սոցիալիստ-ուտոպիստական առաջարկների մեջ եւ, վերջապես, Ֆուրյեի պաշտպանած այն դրույթի մեջ, թե «քաղաքակրթված» Եվրոպայում տարածված տնտեսական կրիզիսների ու չքավորության ծնողը «քաղաքակիրթ» ազգերի հարստությունն ու «լիարյունությունն է»:

Կապիտալիստական արեւմուտքի զարգացման՝ տռնացող նույն այդ հակասության օրինաչափությունը ցցուն կերպով նշվում էին, մանավանդ, ռուս ռեւոլյուցիոն-դեմոկրատների, հատկապես Գերցենի եւ Չերնիշեւսկու գրվածքներում, եւ կասկած չկա, որ եվրոպական երկրների հարստության եւ ժողովուրդների բարեկեցության մասին Նալբանդյանի «Երկրագործության» ձեւակերպած մտքերը եւս ընդառաջում էին արեւմտաեվրոպական սոցիալիստ-ուտոպիստների եւ անմիջորեն՝ ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատների հայացքներին:

Եթե աչքի առաջ ունենանք, որ «Երկրագործության» էջերում «ազգ» ասելով Նալբանդյանը նկատի ուներ «հասարակ ժողովուրդը», հասկանալի կդառնա, որ տիրող դասակարգերի կամ նրանց շահերը պաշտպանող կապիտալիստական «տերության» կամ «կառավարության» պատկանող հարստությունը նա եւս պետք է դիտեր որպես «ազգի» կամ «հասարակ ժողովրդի» աղքատության հակադարձ կողմը:

Միայն հասարակ ժողովրդի քաղաքական ազատագրման մեջ չէր տեսնում «Երկրագործության» հեղինակը հայ ազգային շարժման նպատակը, այլեւ ազգի գոյության ու զարգացման նյութական հենակետերի ամրակայացման մեջ: Այդ տեսակետից եւս վերին աստիճանի հատկանշական է Նալբանդյանի հրապարակախոսության մեջ տեղի ունեցած իդեական հեղաբեկումը: 1858 թվականին «Նկատողությունը» հոդվածի մեջ նա գրում էր. «Ազգությունը է մի կենդանի ամբողջություն, որ ունի /217/ յուր մեջ մի կյանքի պես անըմբռնելի բան. եւ հոգին, եւ ճարտարապետական արարչությունը, եւ մարդկային բնությունը, եւ մինչեւ անգամ տեղի «աշխարհին բնությունը մասնակից են այդ զորությանը» [43]:

Նալբանդյանն այստեղ դեռ շարունակում էր որոշ տուրք հատկացնել ազգության մասին մշակած իր վաղեմի իդեալիստական պատկերացումներին: Ազգությունը նրան պատկերանում էր որպես նյութական հիմքից կտրված վերացական հասկացություն: Սակայն այլ բան էր ասում նա «Երկրագործության» էջերում: Նա քննադատում էր հայ բուրժուազիայի լիբերալ եւ պահպանողական ղեկավարների քարոզած «վերացական ազգությունը», ազգության այն գաղափարը, որ չունի որեւէ կապ «հասարակ ժողովրդի» կենսական կարիքների հետ, արհամարհում է նրա նյութական բարեկեցության հարցը, նրա տնտեսական պահանջները: «Դու ինձ ասում ես, պահենք մեր ազգությունը, մեր լեզուն, մեր ավանդությունքը, եւ այլն, եւ այլն, շա՛տ բարի, պատասխանում եմ ես, բայց, ասա՛, խնդրեմ, ի՛նչ բանի համար պահենք, ի՞նչ է պահելու օգուտը եւ ի՞նչ է կորուսանելու վնասը… Չոր չոր ազգություն քարոզել առանց մեկնելու քո քարոզության պատճառները, ոչ այլ ինչ է, եթե ոչ կույր ֆանատիկոսություն, եւ այդ տեսակ քարոզությունը երբեք չի կարող արմատ արձակել մի ժողովրդի մեջ, որ վերացականից հառաջ, ամենայն րոպե զարկվում է իրական կարիքների հետ» [44]:

«Եթե ազգության ներքին եւ էական խորհուրդը չէ տնտեսական խընդիրը, գրում էր Նալբանդյանը, անհիմն է այդ ազգությունը, սո՛ւմ է այդ ազգությունը, եւ նա կկործանվի: Տնտեսական խնդիրն է այն զորությունը… նա է այն միակ ու հաստատ ույժը, որ ազգի անձնավորության մեջ ներգործելով, հավասարակշիռ է պահոամ արտաքին ուժերի ընդդեմ, որով եւ ազգությունը ապրում է» [45]:

Նալբանդյանի ծրագրած «տնտեսական հեղափոխությունը» լծորդված էր ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալական հեղափոխության հեռանկարի հետ: Նրա համոզմունքով՝ հայերի լիակատար ազգային ազատագրումը, նրանց ազգային վերածնունդը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հողային հարցը լուծվի հօգուտ գյուղացիության, եթե հայ հասարակ ժողովրդի հակաֆեոդալական պայքարի մեջ ներգրավվի հայ գյուղացիությունը եւ ազգային ռեւոլյուցիոն շարժումը դենարան գտնի գյուղացիական զինված ապստամբության կողմից: Հայ ապստամբ մասսաները պիտի ազատեի բռնակալների ձեռքից իրենց հայրենիքը, երկրի արգավանդ հողերը, այն գրավելու, համայնորեն սե/218/փականելու եւ հավասար իրավունքով ազատորեն մշակելու համար: «Այսօր, գրում էր «Երկրագործության» հեղինակը, եթե մի ժողովուրդ ստրուկ է, եթե նա հող չունի, եթե հաջողի նորան հող ձեռք բերել, իրավունքը եւ ժամանակը պահանջում է տնօրինել այնպես, ինչպես ցույց է տալիս ներկա հարկը, ինչպես ցույց է տալիս բանականությունը, եւ ոչ այնպես, ինչպես հին օրերից մնացած, ավանդական կառավարությունքը տնօրինել են մինչեւ այժմ, այսինքն՝ տերության կամ ազնվականության սեփականելով հողը եւ հասարակ ժողովուրդը զրկելով իրավունքից: Վերջին դիպվածում ազգությունը ազատություն չէ ժողովրդին, նա փոխում է միայն նորա լուծը, եւ մենք դրականապես թշնամի ենք այդպիսի ազգությանը, ինչպես թշնամի ենք բռնակալությանը, ուր կամ ինչ կերպով որ հայտնվի: Գիտենք, կան մարդիկ, եւ մեր իսկ սիրելի բարեկամների մեջ, որ պիտի ասեն թող` մի անգամ ձեռք բերվի հողը, թող ինչպես կամի լինի սկզբնական կառավարությունը եւ տնօրինությունը, հետո կուղղվի, կնորոգվի եւ այլն, եւ այլն: Չէ, այս տղայություն է. այս տեսակ - ուղղագործությունքը եւ վերանորոգությունքը հեշտ բաներ չեն եւ համար: ձակ կարելի է ասել, նոր ի նոր ձեռք բերելուց ավելի դժվար» [46]:

Իր այս տողերով Նալբանդյանը պաշտպանում էր այն միտքը, որ «Երկրագործություն»-ը տոլագրվելուց փոքր-ինչ հետո, 1862 թ. մայիսի 22-ին հանդիպում ենք Օգարյովի մոտ «Колокол»-ում զետեղված նրա «Куда и откуда?» հոդվածում. «Ոմանք ասում են, գրում էր այդ հոդվածում Օգարյովը, որ միեւնույն է՝ ինչպես էլ եկամուտները բաշխելու լինեն ժողովրդի մեջ, միայն թե լինի այնպիսի կառավարություն, որ չի ճնշի քմահաճորեն, չարգելի մարդկանց ազատորեն ապրել եւ վարվի ժողովրդի կամքի համեմատ: Մյուսներն ասում են, թե միեւնույն է՝ թող լինի  կառավարությունը ինչպիսին ուզում է, միայն թե եկամուտները այնպես բաշխվեն ժողովրդի մեջ, որպեսզի ամեն մի աշխատավոր մարդ իր ընտանիքի հետ միասին կուշտ լինի եւ ապրի իր վիճակից գոհ: Բայց չի կարելի այսպես ընկալել ընդհանուր գործի երկու կողմերը… Զատել իրարից ընդհանուր գործի երկու կողմերը կառավարման եղանակը եւ հողատիրության եղանակը միանգամայն սխալ է… Հողը ժողովրդին եւ կառավարությունը ժողովրդին սա անբաժանելի մի ամբողջություն է» [47]:

  «Հասարակ ժողովրդի» սոցիալական եւ ազգային-քաղաքական ազատագրման խնդիրների միատեղ առաջադրումն ու պաշտպանությունը ցույց են տալիս գլխավոր այն տարաձայնություններից մեկը, որ սուտ բնույթ էր ստանալու հայ կյանքում Զեյթունի ապստամբության ժամա/219/նակ: Զեյթունի եւ շրջակայքի գյուղացիները զենք էին բարձրացրել թյուրք կառավարության ու զորաբանակի դեմ՝ իրենց ղեկավար ունենալով հայ տեղական «իշխաններին» ու «կառավարիչներին», մարդկանց, որոնք այլ ինչ չէին, քան հայ գյուղացիներին ճնշող ու կեղեքող քրիստոնյա աշիրեթներ: Միջամտելով Զեյթունի ապստամբությանը՝ թյուրքահայ բուրժուական մտավորականները իրենց պաշտպանության տակ էին առնում ապստամբությունը ղեկավարող ազգակից աշիրեթներին: Նալբանդյանը եւ նրա հետեւորդները պահանջում էին, ընդհակառակն, որ հիմնականում հայ գյուղացիության պաշտպանության գործն առաջ տարվի ժողովրդական ուժերի վրա հենված, ժողովրդի շահերի համեմատ եւ այդ շահերը ներկայացնող տարրերի ղեկավարությամբ: Նրանք պահանջում էին, որ Հայ գյուղացու դատը պաշտպանվի ոչ միայն թյուրք կառավարության կամ թյուրք կալվածատերերի ու աշիրեթների դեմ, այլեւ հայ «իշխանների» ու «կառավարիչների», հայ կալվածատերերի ու չորպաճիների դեմ:

«Երկրագործության» համեմատությունը հեղինակի մինչեւ 1859 թվականը գրած երկերի հետ համոզում է մեզ, որ Նալբանդյանը եւս չէր ծնվել ոտից ցգլուխ զինված, ինչպես Աթենաս Պալլասը Զեւսի կառափից, այլ՝ ինչպես ծնվում են բոլոր մահկանացուները որպես մերկ մի մանուկ, որին պիտի սպառազիներ միայն կյանքի հարաճուն ընթացքն ու պայքարի մտառու փորձը:

1859–61 թվականների համառուսական ռեւոլյուցիոն կրիզիսի քուրայում վերաձուլվելով տեսականորեն՝ Նալբանդյանը կողմնորոշվեց դեպի «եւոլյուցիոն դեմոկրատիայի եւ ուտոպիստական սոցիալիզմի դիրքերը: Սրա մեջ պիտի որոնել նրա այդ տարիների կյանքն ու գրականությունը տարբերանշող նորը:

* * *

Ազգության խնդրին Նալբանդյանը նայում էր ոչ միայն «հասարակ ժողովրդի», այլեւ դեմոկրատական հումանիզմի տեսանկյունից:

«Անձնավորությունը ոչ թե միայն խափան չէ, գրում էր նա «Նկատողությունք» հոդվածում, այլ դորա հակառակ, նա միայն հնար է տալիս ազատ եւ կատարելապես հասկանալ մյուս մարդը, ուրիշ անձնավորությունք: Այսպես եւս մի ազգի սեպհական ազգությունը հնար է տալիս նորան հասկանալ ուրիշ ազգությունք, եւ ուրիշ ազգությունները հասկանալով եւ գնահատելով, չքանում է մի ազգության եսական, ֆանատիկոս եւ անմարդի բնավորությունը… Մի ազգության մասնավորութենից եւ եսականութենից ազատվելու համար, չէ պիտո ջնջե յուր ազգությունը, /220/ դորա հակառակ, հարկավոր է խոստովանել ամենայն ազգություն» [48]: Իր «Հիշատակարան»-ում Կոմսը շաղկապում էր «գիտակից ազգային կյանքը, ազգային շարժումը եւ ազգի գործականությունը» հանրամարդկային կյանքի, Մարդկության ընդհանուր զարթոնքի ու լուսավորության, նրա ընդհանուր ազատությունը նախապատրաստող շարժման հետ [49]:

Հումանիզմի սկզբունքներն անկաշկանդ ու պարզ արծարծված են մանավանդ «Երկրագործության» էջերում: Նալբանդյանը մտահոգված է էապես մարդու խնդրով, մարդու լիակատար ազատագրման հարցով: Սակայն, ասում է նա, «մարդը մինչեւ այժմ չի հասել այնտեղ, որ առանց երկրորդական ու պաշտոնական անունը հանդես գա միայն մարդու բնական անունով. մինչեւ այժմ մարդ չկա աշխարհի երեսին, մինչեւ այժմ ազգեր կան» [50]:

Միլիոնավոր մարդիկ «չեն երեւում որպես մարդ, այլ որպես անդամ այս կամ այն հավաքական անձնավորության», ազգության, որ ապրում է եւ կամենում է հարատեւել իբրեւ ուրույն բարոյական միավոր եւ «ունի յուր սեփական կյանքը, յուր լեզուն, յուր սովորությունը, յուր՝ ավանդությունը» [51]: Պատմականորեն ազգության հավաքականությունը մարդկության հավաքականությունից նախընթաց է, ամեն մարդ մտնում է ընդհանուր մարդկության մեջ յուր ազգությամբ» [52]: «Մեր ամենքի պարտքն է, գրում էր Նալբանդյանը, մինչեւ այն ժամանակ մնալ մեր ազգային դրոշակի տակ, որքան ուրիշը կրում է սեփական ազգության դրոշակը» [53]: Սակայն որքան տարբեր էր Նալբանդյանի պարզած ազգության դրոշակը այն դրոշակից, որի տակ մարդակեր իմպերիալիզմը մեր սերընդի աչքի առաջ երկու անգամ սպանդանոցի վերածեց երկրագունդը:

Ազգության խնդիրը կվերանա, ասում էր նա, եթե խոստովանվի ամենայն ազգություն, եթե վերանա ազգային-քաղաքական ամեն մի ճնշում ու հարկադրանք: «Այո, հայտարարում էր նա, եթե հավասար իրավունքն այսօր խոստովանվի բոլոր երկրագնդի վերա, եթե ներկա եղած պետական համակարգությունքը այսօր ոչնչանան, վաղը ոչ միայն չի մնում ազգության խնդիրը, այլեւ հարկավոր եւս չէ» [54]: Իբրեւ ռեալ իրողություն՝ ազգության խնդիրը գոյություն ունի որչափ բարձրապարանոց իշխող ազգությունները շարունակում են ճնշել, կեղեքել ու արհամարհել /221/ «չխոստովանված ազգությունները, որչափ կույր ու ֆանատիկական ազգությունը «յուր մի շամփուր խորովածի համար մորթում է մյուս ազգության եզը» [55]:

Նալբանդյանն ընկալում էր ազգությունը որպես պատմական երեվույթ եւ ազգային խնդիրը՝ որպես պատմական ընթացիկ խնդիր:

Նալբանդյանը հարկավ չէր կարող կանխել բուրժուական եւ սոցիալլիստական ազգերի մասին մարքսիզմի արծարծելիք պատմական-մատերիալիստական տեսությունը: Նա չէր կարող բնութագրել ազգերի համաշխարհային-պատմական այդ տարատեսակությունները որպես կապիտալիստական եւ սոցիալիստական դարաշրջանները հատկանշող կատեգորիաներ, որոնց առաջացումն ու չքացումը համընկնելու են հասարակական երկու տարբեր էպոխաների պատմական ընթացքի հետ:

Այնուամենայնիվ, ազգության խնդրի հեռաթափանց իր տեսությամբ հայ ռեւոլյուցիոն դեմոկրատիայի պարագլուխը ընդհուպ մոտենում էր մարքսիստական այն ժամ ոմն քին, որը ազգությունների վերացման հեռանկարը լծորդելու էր սոցիալիզմի համաշխարհային հաղթանակի հետեւանքով ստեղծվելիք նոր իրադրության հետ:

Նալբանդյանի ռեւոլյուցիոն-դեմոկրատական հումանիզմը հակադըրված է բուրժուազիայի մարդախոշոշ իմպերիալիզմին, որ վայրագ իր թափով ճնշում է սեփական ժողովրդի կրծքավանդակը եւ պատրաստ է մոլեգնած ցատկումով սեղմել բոլոր մյուս ժողովուրդների շնչափողը: Եվ կարծես թե ազգությունների ինքնորոշման իրավունքը մերժող հետագա իմպերիալիստական գանգստերներին էր կամենում նա նախազգուշացնել, երբ գրում էր, թե՝ «վնասակար եւ անիրավ է այնպիսի ազգությունը, որ ամեն ուրիշ կոչում է յուր կյանքին… Այսպիսի ազգությունը որչափ եւս կատաղի լինի, որչափ եւս մոլեգնի, ի վերա այսր ամենայնի ժամանակը կմաշե նորան, որովհետեւ մի կիրք կարող է տեղի տալ մյուս կիրքերի, որ հանգամանքը կարող է ծնուցանել: Ազգությունը հարկավոր է եւ օգտակար այն ժամանակ, երբ նա չի բորբոքվում իբրեւ րոպեական կայծ, իբրեւ պատահական եւ հանգամանքներից կախված մի բան, այլ, երբ որպես հետեւանք հասուն գիտակցության, հանդես է գալիս այրական հաստատամտությամբ, պահանջում է ուրիշների հավասար իրավունք ու ոչինչ չէ խնդրում ավելի» [56]:

Քաղաքականապես Նալբանդյանն ընկալում էր ազգության ինքնորոշման խնդիրը որպես բռնակալության դեմ ուղղված պայքարի լծակ: «Պահի՛ր քո ազգությունը, ասում էր նա, հաստա՛տ կացիր քո սիրու մեջ դեպի քո աշխարհը, սիրի՛ր քո եղբարքը, պահի՛ր քո լեզուն, որ է քո /222/ ազգության դրոշը, եւ այդ բոլորը քեզ իրավունք կտան մի կտոր հող ձեռք բերելու, որով կազատվես ստրկութենից եւ աղքատութենից» [57]:

Ազգային այս ինքնորոշումը ոչ միայն չի հակասում մարդկության գաղափարին, այլեւ ուղղակի նպաստում է նրա հաղթանակին: «Ազգությունն անմեղադրելի է եւ տոնելի իսկ, եթե նա ընդհանուր մարդկության գործը թեթեւացնել աշխատի, յուր հավաքական անձնավորության անունով իրավունք ձեռք բերելով եւ նույն իրավունքը եւ արտոնությունը հավասարապես յուր անդամներին բաշխելով» [58]:

Նալբանդյանի այս հայացքները հիշեցնում են մեզ Գերցենի խոսքերը. «Ազգությունը, որպես դրոշակ, որպես մարտակոչ, միայն այն ժամանակ է շրջանառվում` փառապսակով, երբ ժողովուրդը պայքարում է անկախության համար, երբ նա թոթափում է օտարերկրյա լուծը» [59]:

Հեռու մնալով բուրժուական պացիֆիզմից եւ քրիստոնեական անատամ այն «մարդասիրությունից», որը չի կամենում բռնությամբ հակած դակ կենալ չարին՝ Նալբանդյանի, ինչպես եւ նրա ռուս բարեկամների ներգործուն հումանիզմը բռնավորների դեմ պարզում է պայքարի դրոշ։

Օտարերկրյա նվաճողների ու բռնատիրությունների դեմ պայքարող Նալբանդյանը ճնշված ժողովրդի անունից դաշինք էր որոնում օտարերկրյա ժողովուրդների, օտարերկրյա աշխատավորների հետ: Անգլիական գաղութների մեջ ստրկացած ժողովուրդները, ասում էր «Երկրագործության» հեղինակը, պայքարում են անգլիական կառավարության դեմ, բայց կարող են մարտական զինակցություն կնքել անգլիական բանվորների հետ, բաժանել սրանց հետ իրենց նվաճելի հողն ու ազատությունը:

«Մի գործունյա մարդ, անդամ որեւէ ստրկացած ազգի, գրում էր նա, - թող այսօր առաջարկե Անգլիո մեջ անգործ եւ հուսահատ գործավարներին եւ ասե. «Եղբա՛րք, ահավասիկ երկրագնդի այս ինչ կերի վերա ես ունեի երբեմն հող եւ ազատություն, որ հետո ավազակները կողոպտեցին ինձանից, եկե՛ք գնանք այնտեղ հետեւյալ պայմանով. ձեզանից յուրաքանչյուր գնացող պիտի զենք ունենա յուր ձեռքում եւ հարկ դիպվածոմ պատերազմ պիտի մղե, իմ հետ հավասար, երկիրը ավազակի ձեռքից ազատելու համար. այս պահանջում եմ ձեզանից: Իսկ սորա փոխանակ, ես իմ ազգի անունով խոստանում եմ ձեզանից յուրաքանչյուր զենքով գնացել անհատին այնչափ հող, որչափ որ ինձ կամ իմ ազգի յուրաքանչյուր անհատին պիտի բաժին ընկներ… [60]:

/223/ «Երկրագործության» էջերում հանդիպող այս օրինակը, անշուշտ, պատահական չէր. դրա մեջ ամփոփված է ռեւոլյուցիոն-դեմոկրատ Նալբանդյանի քարոզած ազգության թեորիայի եւ նրա ազգային-քաղաքական ծրագրի էական մոմենտներից մեկը:

Կասկած չկա, որ սուլթանական բարբարոս կարգերը մերժող Նալբանդյանը անհրաժեշտ էր համարում Թյուրքիայի կողմից ճնշված ժողովուրդների, մասնավորապես հայ եւ թյուրք գյուղացիության, ազատագրական ջանքերի միակցումը: Տակավին իր «Հիշատակարան»-ում Կոմս Էմմանուելս ասում էր, թե՝ «Հայերը պարտական են լուսավորվել եւ գործիք լինել նախախնամության ձեռքում, ասիական ազգերի մեջ լուսավորություն տարածելու» [61]: Հետագայում Նալբանդյանը մտցնում էր իր հայացքների մեջ կոնկրետ քաղաքական իմաստ: Որպես «Земля и Воля» կազմակերպության ակտիվ գործիչ՝ նա պարտավորություն էր ստանձնել ռեւոլյուցիոն պրոպագանդ տանել Կովկասի եւ Թյուրքիայի ճնշված ժողովուրդների մեջ: Վերջապես, չմոռանանք, որ «Սոս եւ Վարդիթեր»-ի կրիտիկան գրելու պահին նա նստած էր Ալեքսեեւյան ռավելինի կամարների տակ հենց նրա համար, որ հայ ժողովրդի անունից հանդիգնել էր եղբայրական ձեռք մեկնել Ռուսաստանում ապրող մյուս ժողովուրդների ռեւոլյուցիոն շարժման առաջնորդներին, միանալով նրանց՝ ցարիզմի դեմ ուղղված ընդհանուր պայքարի դրոշի տակ:

Ժողովուրդների ռեւոլյուցիոն եղբայրակցության գաղափարը կարեւոր նվաճում էր հայ դեմոկրատիայի հասարակական-քաղաքական մտքի զարգացման ճանապարհին, որչափ Նալբանդյանը ոչ միայն շեշտում էր հայ եւ հարեւան ժողովուրդների կուլտուրական ըմբռնումների ընդհանրությունը, այլեւ հակադրում այդ ըմբռնումները գաղութարար Արեւմուտքի աշխարհատիրությանը, նրա նվաճողական քաղաքականությանն ու միջամտումներին ասիական ժողովուրդների ներքին գործերի մեջ:

Նալբանդյանը «ապերախտ» չէր «Եվրոպայից ստացած անխարդախ՝ լուսավորության մասին»: Նա պատրաստ էր երբեւիցե շնորհակալ լինել Կվրոպական լուսավորությանը, իրավունք նվաճելով ասելու նրան՝ «Ահավասիկ տալիս ենք քեզ տոկոսիքը քանքարի, որ դու մեզ տվիր, թեբեւս կորած համարելով Ասի անկյուններում»: Բայց պայքարելով «ասիական հետամնացության» դեմ՝ նա անհաշտ թշնամի էր այդ հետամնացությունը հավերժացնող «բռնարար ուժերին», որոնց գլխավորն էր հենց գաղութարար Եվրոպայի խարդախ «քաղաքակրթությունը»: Նա կամենում էր խելամուտ լինել շրջապատող իրականության «բնական օրենքներին», վերացնել «անբնականը», այն, ինչ խոչընդոտում էր ժողովուրդ/224/ների «աճելությանը», նրանց բարեկամությանը, նրանց լուսավորության ու ազատ զարգացմանը: Բռնարար, շահամոլ ու նենգ եվրոպական «քաղաքակրթության» դեմ Նալբանդյանը բարձրացնում էր «ընկճված ու հարստահարված» ժողովուրդների ազգության դրոշակը: Որչափ նա հանգել էր այն մտքին, թե ազգության կրողը «հասարակ ժողովուրդն է», նրա գրչի տակ լեզու էր առնում ռեւոլյուցիոն լուսավորչության եւ ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ազգային-ազատագրական հրապարակախոսությունը:

Միջնադարյան Հայաստանում իշխած մտայնության համար՝ կրոնն էր ազգության որոշիչ մոմենտը: Սկզբնապես Նալբանդյանը կրոնը համարում էր եթե ոչ ազգության միակ որոշիչը, գեթ մեկը նրա որոշիչ մոմենտներից: Սակայն հետագայում նա ջանում էր հաղթահարել իդեալիս. տական այդ տեսակետը: «Երկու տող» պամֆլետում նա գրում էր. «Եթե ազգը յուր կրոնը պահելով մնաց աշխարհի երեսին, այդ մասին շնորհակալություն մահմեդականության. սա բացասաբար պահպանեց հայերի կրոնը: Ազգը որչափ եւս թաղված լիներ խավար տգիտության մեջ, այնուամենայնիվ, եթե մի մասը գիտակցությամբ, մյուս եւ ավելի մեծ մասը ֆանատիկոսությամբ հեռի մնալով մահմետականությունից, պահեց յուր կրոնը, հետեւաբար եւ ազգությունը:

Թող հայոց ազգը, իր թագավորության կործանման օրից, ստրկանար որեւէ քրիստոնյա կառավարության, այն ժամանակ կտեսանեինք… բայց ի՞նչպես պիտի տեսանեինք. վասնզի մեք եւս ծնելու չէ ինք որպես հայ» [62]:

Հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին հայերի կրոնական հալածանքը որեւէ նշանավոր դեր չէր կատարում այլեւս: Դրանով գրեթե վերանում էր կրոնի ազգապահական ֆունկցիան: Երես դարձնելով կրոնից՝ Նալբանդյանը եւս ռեւոլյուցիոն-դեմոկրատական շրջանի իր գործերում չէր կարող դիտել կրոնը որպես ազգության որոշիչ մոմենտ: Դրա փոխարեն, որպես ազգության շաղախ, կրկնակի նշանակություն էր ստանում ազգային լեզուն, որի դերը նա առաջ եւս գիտակցում էր: Դրա հետ մեկտեղ, «Երկրագործության» հեղինակը շեշտում էր հողի նշանակությունը, որին պիտի կառչի, դեպի որը պիտի վերադառնա կամ որի համար պիտի զենք բարձրացնի իր փրկումին հետամուտ ժողովուրդը: Հայրենի հողին «տիրաբար» իշխելու համար է հենց, որ ժողովուրդը պիտի պարզի ազգության քաղաքական դրոշը, ուսուցանում էր Նալբանդյանը:

Նալբանդյանը յուրացրել է այն միտքը, թե չի կարող ազատ լինել ազգը, քանի դեռ նրա գիտակցությունը պարուրված է խավար նախա/225/պաշարումներով, եւ քանի դեռ՝ «հասարակ ժողովուրդը» չի ազատագրվել տիրող դասակարգերի իդեական բժժանքից: Չի կարող ազատ լինել հին հասկացությունների ու նախապաշարումների ծանրության տակ ճնշված ազգը, եթե նա տիրանում է լոկ ձեւական ազատության: Չկա ազատություն. առանց լուսավորության, բայց եւ չկա ազատություն առանց հողի: «Հողը եւ երկիրը տիրաբար ձեռք բերելու նպատակը եւ խորհուրդը փառք չէ, պատիվ չէ, դոքա երեխայական գաղափարներ են, այլ հնար գտնել յուր կյանքը եւ գոյությունը պահպանելու համար» [63]: «Երկրագործության» արծարծած «տնտեսական հեղափոխության» ծրագիրը, որ վերջին հաշվով պիտի լուծեր «մարդու եւ հացի» խնդիրը, պիտի ստեղծեր նաեւ աղգության տնտեսական կռվաններ, առանց որոնց Նալբանդյանի համար վերացական բան է, սուտ է եւ անխորհուրդ ազգությունը: Վերջապես ազգի (անձնավորության» տեսությամբ Նալբանդյանը վեր էր հանում ազգության հոգեկան-բարոյական համակեցության մոմենտը, որ արմատվում էր ազգի գոյության պայմանների ընդհանրության ու նրա ինքնապահության համար մղված բազմադարյան պայքարի մեջ:

Նալբանդյանը խոսում է «ազգի միության» եւ նույնիսկ ազգի «եղբայրական եւ հարազատ արենակցական սիրո» մասին, հակադրվելով ազգի՝ կղերի կողմից հրահրված` դավանաբանական խտրականություններին: Մերժելով մխիթարյանների քարոզած դավանաբանական խտրականությունը՝ նա գրում էր. «Ազգի միությունը եւ ազգային անդամների դեպի իրար ունենալու եղբայրական եւ հարազատ արենակցական սերը այնքան ծանր կշիռ, այնքան մեծ արժեք ունի իմ աչքում, որ այդ բանի համար, թե ինչի ասես պատրաստ եմ…» [64]: Մեծ եռանդով այս հայացքը շեշտված էր մանավանդ Թոռնակ Կըկդիկյանի «Ընդունելություն ընծայի» պամֆլետի մեջ, որից Կոմս Էմմանուելը ընդարձակ քաղվածք է զետեղել իր «Հիշատակարան»-ում [65]:

Նալբանդյանը ընդգծում էր ազգային համերաշխության, ազգային եղբայրության անհրաժեշտությունը: Օտարատիրությունից ազատվելու նպատակով նա մատնանշում էր ազգային ճակատ ստեղծելու կարեվորությունը: Նա ոչ մի հակում չուներ ազգային արյան, ազգային կամ ռասային «բնածին» հատկությունների մեջ տեսնելու ազգերի եւ ժողովուրդների բարոյական կյանքի աղբյուրը: Ազգությունը, Նալբանդյանի ըմբռնումով, ժողովրդի պատմական անհատականությունն է, պատմական հանգամանքների բերումով մշակված առանձնահատկությունների այն հանրագումարը, որ բռնատիրական համակարգության գոտում հա/226/ճախ ստրկացվում է եւ ճնշվում իբրեւ անհետանալու դատապարտված «անպատմական» կախյալ ու մանր մի հանրություն։

Նալբանդյանը հեգնում էր նաեւ ազգայնական այն մտայնությունը, որ օրորվում է ազգության վաղեմի մեծության, նրա մարած փառքի ինքնագոհ ճոճքի մեջ: «Եվ քաղաքական նավաբեկութենից ապրած մարդիկ, եթե հասկանում են ազգությունը մի ամբողջություն, որ երբեմն կար եւ որի դարավոր փոշով ծածկված հիշատակարանների վերա բարի ախում է նոցա կուրծքը, եթե նոցա ազգության հասկացողությունը յուր սկիզբը առնում է անցածի խայտաճամուկ ավանդություններից եւ չի հիմնվում ուղղակի ներկա սերունդի ու ներկա պայմանների վերա, եթե նոքա մտածում են երեւցնել յուրյանց ազգությունը այն շրջանակի մեջ, ինչպես էր ծառաջ, այն ժամանակ այդ ազգությունը կմնա միշտ իբրեւ մի ամուլ գաղափար…» [66]:

Նալբանդյանը վճռապես հակադրվում էր ռեակցիոն այն ազգայինրությանը, որի միակ հանգրվանը մեծարվող անցյալն էր կամ որի բ ալձանքը՝ անցյալի վերակենդանացումը: Նա ընկալում էր ազգությունն իբրեւ պատմական առաջահայաց երեւույթ, իբրեւ ժողովուրդների զարգացման անհրաժեշտ մի էտապ, որ տակավին չի բոլորել իր կյանքի շրջանը, բայց եւ չի կարող նկատվել որպես անձանց գոյավիճակ: Չկա «վերացական ազգություն»։ Ազգությունը տրամաբանական կատեգորիա չէ, այլ կենդանի մի փաստ, որ ունի սկիզբ եւ վախճան։ Նրա գոյությունը «Երկրագործության» հեղինակը պայմանավորում էր տիրող հարաբերությունների համակարգությամբ, նրա վախճանը պատկերացնում որպես այդ համակարգության կործանման հետեւանք: Ելնելով հումանիստական իր տեսանկյունից՝ նա գրում էր. «Ազգությունն իբրեւ պատմական իրողություն, իբրեւ հավաստի երեւույթ ընդհանուր կյանքի մեջ չի կարելի մերժել, թեեւ բանականությունը երբեք չի կարող արդարացնել նորան» [67]: Նալբանդյանի գիտակցության մեջ «բանականության» անունից ասված այս «թեեւ»-ն ու «երբեք»-ը 18-րդ դարի լուսավորչության վերջին նշանա ձողերից մեկն էր: Պատահական չէ, որ «բնության» եւ «ճշմարտության» մարդուն, Ռուսսոյին, նվիրած իր ոտանավորների մեջ նա ներբողում էր մեծ լուսավորչին՝ հենց նրա քարոզած մարդկության ազատագրման համապարփակ գաղափարի համար:

Հրապարակախոսը մատնանշել է ազգի ազատության մի շարք ներքին երաշխիքներ: Սակայն, որպես իսկական հումանիստ, ազգային-ազատության երաշխիքը նա չէր որոնում ո՛չ սահմանափակ ու ինքնա/227/բավ ազգայնության մեջ, ո՛չ էլ ուրիշներին տիրելու եւ հրամայելու նրա բացառիկ իրավունքների մեջ:

«Ազատ չէ ոչ միայն այն աղգը, ասում էր նա, որի ազգությունը խոստովանած չէ, այլ հաճախ նաեւ այն ազգը, որի անունը աշխարհ է դղրդեցնում»: «Նորա ազատությունը անվանական է, նա չի կերակրվում նյութով, - նորա կառավարությունը ներկում է նորա աչքերը յուր դրոշի փառքով, յուր զենքի հաղթությամբ, յուր սահմանների օրըստօրե լայնությամբ» [68]:

Այս կապակցությամբ եւս Նալբանդյանն ընդհուպ մոտենում էր այն մտքին, որ արծարծում էր մարդու ազատության մասին խոսելիս: Ազգության համար արժեք չունի «վերեւից եկած» ձեւականորեն «խոստովանած», «ազգային դրոշի փառքով պսակված» այն ազատությունը, երբ ազգը ինքն իր մեջ աղատ չէ փաստապես, կամ երբ նա, տիրանալով իշխանության, բռնանում է ուրիշ ազգերի ազատության վրա: Այս միտքի հեռու չէր ազգային խնդրի խոր այն ըմբռնումից, որ արծարծել էր Մարքսը, երբ շեշտում էր, թե չի կարող ազատ լինել այն ժողովուրդը, որ ճնշում. է ուրիշ ժողովուրդների: Այստեղ եւս նա ելնում էր այն հայացքից, թե քաղաքական ազատությունը լիակատար չէ առանց սոցիալլական ազատության, առանց մարդը մարդու ձեռքով շահագործելու իրավունքի վերացման:

Նալբանդյանի դավանած ուտոպիական սոցիալիզմի դեմոկրատական ռեալ բովանդակության տեսակետից 1859-62 թվականների նրա գոյծունեության մեջ վերին աստիճանի բնորոշ է ազգային-քաղաքական հարցերի արծարծումը: «Երկրագործության» հեղինակը չէր մերժում կապիտալիստական արդյունաբերության ստեղծած արտադրամիջոցների օգտագործում էր։ «Մարդու եւ հացի» խնդրի լուծման միակ արմատական հնարը, վերջին հերթին, նա եւս նշմարում էր անշուշտ այդ արտադրամիջոցների համայնացման մեջ: Բայց անմիջապես նրան զբաղեցնում էր եվրոպական կապիտալիստների գաղութային շահատակությունները հաղծ թահարելու հարցը, եվրոպական բուրժուազիայի գիշատիչ «քաղաքակիր» թությունը», նրա բռնի տիրակալությունն ու հարստահարությունները կասեցնելու խնդիրը: Առաջին հերթին ուղղված եվրոպական կապիտալիզմի եւ պետությունների գաղութային քաղաքականության դեմ՝ «Երկրագործության» ուրվագծած «տնտեսական հեղափոխությունը» նպատակ ուներ ոչ միայն նյութական պատվար ստեղծել հայ ժողովրդական մասսաների պաուպերացման առաջ, այլեւ հենարան՝ ցարական եւ սուլթանական բռնակալությունների դեմ մղվելիք ազգային-ազատագրական /228/ պայքարի համար: Սրտի արյունով գրված այս գրքի մեջ դրոշմված էր հայ գյուղացիության դարավոր երազը՝ փշրել ֆեոդալական ստրկության իր շղթաները եւ սահմանել «հավասար իրավունք» իր մի կտոր հողի վրա: Ֆեոդալական ու գաղութային ճնշումներն ու հարստահարումները վերացնող «հասարակ ժողովրդի» իշխանությունը ահա ազգային-քաղաքական հիմնական այն խնդիրը, որի լուծմանը անմիջորեն նվիրված էր Նալբանդյանի ռեւոլյուցիոն-դեմոկրատական գործնական աշխատանքը այդ ժամանակ:

* * *

Նալբանդյանի հրապարակախոսության առավել բեղուն շրջանում առաջ քաշված հանգուցային դրույթների մեջ արտացոլվում էին հայ կյանքի հիմնական երեւույթներն ու պահանջները: Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին նշանավոր չափով նախապայմաններ ստեղծեց հայերի ազգային կոնսոլիդացման համար, սակայն պատմական նշանավոր այդ ակտով միայն սկսվեց, բայց չավարտվեց հայերի ազգային կոնսոլիդացումը, որչափ հայ ժողովրդի արեւմտյան հատվածը քաղաքականապես պոկված էր Արեւելյան Հայաստանից եւ թյուրք բռնապետության պայմաններում կարեւոր իր մասով շարունակում էր զրկված լինել բուրժուական ազգ դառնալու տարրական նախապայմաններից: Հայերի կոնսոլիդացման պրոցեսի հետագա զարգացման առաջ խոշոր խոչընդոտներ կային նաեւ Արեւելյան Հայաստանում, որչափ ցարիզմի գաղութային քաղաքականությունը Անդրկովկասում բազմաթիվ փակուղիներ էր ստեղծում երկրի արտադրական ուժերի հետագա զարգացման, անցյալի ֆեոդալական մնացուկների եւ, առաջին հերթին, գյուղացիության կիսաճորտական վիճակի վերացման, ժողովրդական լայն մասսաների հետ ամնացության լիկվիդացման առաջ եւ ճնշում նրանց հասարակականքաղաքական ակտիվացման ջանքերը:

Սխալ կլիներ, այնուամենայնիվ, Նալբանդյանի պաշտպանած առաջավոր հայացքների գաղափարական ակունքները որոնել բացառապես Հայ կյանքի նեղ սահմանների մեջ՝ անգիտանալով խոշոր այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Ռուսաստանում Ղրիմի պատերազմից հետո, եւ հատկապես՝ մասսայական այն շարժումները, որ սկսվեցին Ռուսաստանում ճորտերի «ազատագրման» նախօրյակին եւ նրանց «ազատագրումից անմիջապես հետո: Նոր, կապիտալիստական Ռուսաստանում աճող արտադրական ուժերի պողպատը զարկվում էր արտադրական հին, ֆեոդալական հարաբերությունների՝ գայլախազին՝ դուրս թռցնելով ագրարային ու ազգային-քաղաքական ռեւոլյուցիայի կայծեր:

 

/229/ Կասկած չկա, որ Նալբանդյանի ռեւոլյուցիոն-դեմոկրատական տրամադրությունների ու հայացքների խորությունը ուղիղ հարաբերական էր երկրում արծարծվող ռեւոլյուցիոն ընդհանուր այդ կրիզիսի ծավալին: Հայ ժողովուրդը մեկն էր լայնածավալ Ռուսաստանի այն ժողովուրդներ րից, որոնք երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խոր ընդերքից սկիզբ առնող այդ կրիզիսի ժամանակ հասունանում էին ազգային-քաղաքական գիտակցության նոր կենսաշրջանի համար:

Նալբանդյանի շրջադարձը դեպի հայ ժողովրդի համար հասունացող ռեւոլյուցիոն խնդիրները լրացուցիչ մղումներ ստացավ 1857, 1859 եւ 1860-62 թվականներին արտասահմանյան նրա տպավորություններից՝ Հայ դեմոկրատիայի հրապարակախոսը հնարավորություն ունեցավ դիտելու այդ ժամանակ արեւմտաեվրոպական մի շարք ժողովուրդների զարթոնքը, «թառամած ազգերի վերստին ծաղկիլը» [69]:

  «Մարդկությունը մի խռոված վիճակի մեջ գտնվում է ներկայումս, գրում էր Կոմսը 1860 թվականին, մարդկության մեջ երեւում է մեծ գործունեություն, մեծ շարժողություն, եւ այն ազգը, որ չկա մեր ինքնուրույնաբար շարժվիլ եւ գործ կատարել, կուլ կերթա մի ուրիշ ավելի գործունյա եւ խելացի ազգության» [70]: «Տարակույս չկա, որ մարդկության պատմության մեջ ոչ մի ժամանակ այնպես սաստիկ եւ որոշակի երեւեցած չեն ազգությունքը, ինչպես ներկայումս: Ազգությունը ասես դարձել է մի ամենօրյա հաց, առանց որին չէր կարելի ապրել, մի էլեկտրականության պես բան, որ փայլակի շուտությամբ տարածվում է զանազան ազգության անդամների մեջ» [71]: «Այս բանի խմորը ընկնում է եւ մեր ազգի մեջ եւ մեզանում լսվում են ձայներ, եւ մեր մեջ սկսում է բաբախել մի կենդանի սիրտ» [72]: Հրապարակախոսը ազդանշում էր, որ ազգը գտնվում է «մի խորհրդավոր ժամանակամիջոցում (Նալբանդյանը աչքի առաջ ուներ իր ժամանակի ազգային-ռեւոլյուցիոն շարժումները, Ա. Հ. ) երբ նախախնամությունը կշռում է եւ չափում է ազգերը»: Եվ ահա, այսպիսի մի ժամանակ «մեր անիվը կանգնած է յուր դարձակետի վերա, որ վազե կամ դեպի փրկություն կամ դեսլի հավիտենական կորուստ» [73]: Նալբանդյան անընդհատ հրահրում էր հայ երիտասարդ սերնդի ռեւոլյուցիոն զարթոնքը, միշտ հիշեցնելով, որ շարժման դանդաղ ծավալումը պատճառ կարող է դառնալ նրա պարտության: «Տարիները վազում են փայլակի շուտությամբ, գրում էր նա «Երկու տող»-ում, օրերը թռ/230/չում են որպես մի վայրկյան: Վախենում ենք եւ իրավունք ունինք վախենալու, թե մի գուցե մինչեւ հայը կշտանա յուր մահանման քնից, լուսինը անդնդասույզ գնա հորիզոնից ներքեւ…» [74]: Մի տարի անց հրապարակախոսը հավատացած էր արդեն, թե՝ «մոտենում է ժամանակը, երբ ազգը պիտի սթափեր յուր դարավոր թմրութենից եւ պիտի զգար յուր անցածը իմաստասիրելու կարողությունը» [75]:

Արեւմուտքում արած դիտողությունները ավելի են խորացնում ու սրոպ Նալբանդյանի կապը հայ ժողովրդի ռեւոլյուցիոն զարթոնքի հետ։ Այս անգամանքը ցայտուն արտահայտություն է գտել տակավին Կոմս Էմմանուելի «Հիշատակարան»-ի 1859 թվականի դրվագներից մեկում:

  «Երկար եւ անդադար ճանապարհորդությունքը Եվրոպայում, գրում էր Կոմսը, ամսօրյա ժամանակով դեգերվիլը հանքային ջրերում, տկարության կատաղաբար զայրանալը եւ սորանից պատճառված աննկարազրելի ֆիզիկական թուլությունը համարյա թե զրկել էին ինձ կարողութենից գրիչ ձեռք վեր առնելու: Մյուս կողմից բյուր նորանոր տպավորությունք պատերազմ բռնելով ուղեղիս մեջ՝ աշխատում էին յուրաքանչյուրքը առաջին տեղը բռնել «Հիշատակարանումս». բայց ես թողնում եմ նորանց, մինչեւ որ մի փոքր նստի ջերմությունը, որպեսզի սառն աչքով կարողանամ նկատել նորանց, մանավանդ որ այդ բաները համարյա թե հարակցություն չունին իմ նվիրական ազգային խնդիրների հետ: Ի՞նչ օգուտ ինձ Լոնդոնի հսկայական կերպարան քից, ի՛նչ օգուտ Փարիզի փառավոր ու զեխ դեմքից, Բեռլինի եւ Գերմանիայի մտածող ու փիլիսոփայական պատկերից, մինչ նոցա հետ միասին աչքիս առաջ են գալիս ավերակ Հայաստանը, ցիրուցան ժողովուրդը, ան դաստիարակ ու նյութապաշտության հոգով գործնականապես տաշված ազգի զավակները, անխորհուրդ եւ տղայական փառասիրությամբ հիվանդ, միակողմանի, ուսումնական անվանված պարոնները, որ թիթեռնիկի պես թրթռում են ճրագի չորս կողմով,. երբ սա երեւում էր հայկական թանձր խավարով պատած խոնավ գետնափորի մեջ… Շատ պատահեցա գեղեցիկ եւ պատվական հոգու տեր մարդերի, որոնք դարձան ինձ շատ լավ ծանոթ, բայց նոքա ալարապում էին յուրյանց ազգային գործերով կամ ընդհանուր մարդկության գործերով: Օրերը եւ շաբաթները վազում էին ջրի պես, բայց եւ ոչ մի խոսք այն բաների համար, որոնց մասին խոսելու ծարավը խեղդում էր ինձ, խոսք, որ մոտ էր՝ իմ սրտին եւ հոգուն, որ վաղուց արդեն դարձել էր իմ կյանքը, իմ հոգին, իմ արյունը եւ ուղեղը» [76]: Մենք արդեն առիթ ենք ունեցել մատնանշելու, որ խոսելով արտասահմանում հանդիպած «գե/231/ղեցիկ եւ պատվական հոգու տեր մարդերի» մասին, որոնք անտարբեր էին. իրեն մտահոգող ազգային հարցի նկատմամբ, Նալբանդյանը, հակառակ ոմանց անհեթեթ ենթադրության, չէր կարող աչքի առաջ ունեցած լինել «Լոնդոնի պրոպագանդիստներին» [77]: Պիտի, ընդհակառակն, կարծել, որ խոսքն այստեղ կարող էր լինել արեւմտաեվրոպական սոցիալիստ-ուտոպիստների մասին. հավանորեն սրանց ուներ նա ի նկատ, այդ պահին Գ. Սալթիկյանին գրած նամակում, ուր հաղորդում էր, թե՝ «ճարեցի ազնիվ բարեկամք՝ թե հայ եւ թե ֆրանսիացի…» [78]:

Ճանա պարհորդելով Եվրոպայում՝ Նալբանդյանը անում է նույն դիտողությունը, որ ժամանակին արել էր նաեւ Բելինսկին: «Ներկայիս Երոպան զբաղեցնում են նոր մեծ հարցեր, գրում էր ռուս մտածողը։ Հետաքրքրվել դրանցով, հետեւել դրանց մեջ կարելի է եւ պետք է, քանի որ ոչինչ մարդկային բան չպիտի օտար լինի մեզ, եթե կամենում ենք լինել մարդ: Բայց միեւնույն ժամանակ մեզ համար անպտուղ բան կլիներ ընդունել այդ հարցերը որպես մեր սեփականը: Դրանց մեջ մերն է միայն այն, ինչ գործադրելի է մեզ համար, մնացած բոլորն օտար է մեզ… Մեզ մոտ եւ մ եր մեջ, մեր շուրջը, ահա թե ուր պիտի տրոփենք «մենք ե՛ւ հարցերը, ե՛ւ նրանց լուծումը» [79]:

Այս տեսակետից նշանակալից են նաեւ Գերցենի խոսքերն այն մասին, որ դեգերելով արտասահմանում՝ ինքը շարունակում է աշխատել միայն հայրենի երկրի համար, նրա ազատագրական գործի համար. «Այստեղ ես չունեմ այլ գործ, քան մեր գործը… Այստեղ ես ցենզորից ազատ ձեր խոսքն եմ, ձեր ազատ օրգանը, պատահական ձեր ներկայացուցիչը» [80]:

Նալբանդյանի «Հիշատակարան»-ն արտահայտում է նրա խոր ուսախաբ ությունը անտարբեր այն վերաբերմունքի համար, որ արեւմտաեվրոպական դեմոկրատիայի ներկայացուցիչներից շատերը երեւան էին բերում դեպի մանր ու ճնշված ժողովուրդների ազգային-քաղաքական վիճակն ու նրանց ազգային ազատագրական ձգտումները: Մանր ու ճնշված ժողովուրդների ազատագրական ջանքերից կտրված ուտոպիական նրանց սոցիալիզմը չէր ջերմացնում հայ հրապարակախոսի սիրտը: Վերացական կամ եվրոպակենտրոն նրանց իդեալներից առավել նրան հուզում էին հարազատ ժողովրդի ազգային-ազատագրական մոտավոր խնդիրները եւ դրանց լուծման համար հայ առաջավոր մարտիկների գործադրելիք միջոցառումները:

/232/ 1862 թվականի սկզբներին Նալբանդյանի շարադրած «Երկրագոոծություն։»-ից եւ նույն տարվա կեսերին սկսված նրա սենատական գործ ծի նյութերից պարզվում է այն իրողությունը, որ հրապարակախոսը հասել էր հաստատ այն համոզման, թե հայ ժողովրդի ազատագրական հեռանկարները սերտորեն լծորդված են Ռուսաստանում ծավալվող գյուղացիական, ռեւոլյուցիայի ընթացքի հետ: Նալբանդյանը ջանք էր անում: Հայ ազգային-քաղաքական խնդիրների լուծումը գործնականապես շաղկապել ռուս ռեւոլյուցիոն շարժման պարագլուխների նախաձեռնությամբ ստեղծվող «Земля и Воля» ընդհատակյա կազմակերպության հետ: Որպես այդ կազմակերպության կովկասյան լիազոր՝ 1862 թ. Նալբանդյանն արտասահմանից վերադառնում էր Ռուսաստան՝ Կովկասում, եւ մասնավորապես հայերի մեջ, ռեւոլյուցիոն աշխատանք ծավալելու համար:

Բազմասեռ էր եւ բազմերանգ Նալբանդյանի գործունեությունը՝ բանաստեղծ եւ վիպագիր, բանասեր եւ քննադատ, մտածող եւ լուսավորիչ, հրապարակախոս եւ ռեւոլյուցիոն առաջնորդ: Դժվար է տրոհել նրա մեջ բելետրիսը գիտնականից, փիլիսովան քննադատից ու հրապարակախոսից, լուսավորիչն ու հումանիստը քաղաքական տրիբունից եւ ռեւոլյուցիոն սյոաջնորդից: Նա պատկանում էր այդ բազմատեսակություններից կրաքանչյուրին եւ դրանցից ոչ մեկին բացառապես: Բայց նկատեցեք, որ ամենուրեք մարտնչում էր «ազատության գրված զինվորը»: Բարօրության ախտակիր, անսահման բաղձանք Հայրենիքի համար, նրա «հասարակ ժողովրդի» համար. վերջին հաշվով սրանով են ներշնչված ու տոգորված Նալբանդյանի այն ապրումներն ու խոհերը, որ ընթացք եւ ուղղություն են տալիս նրա եռանդին, կազմում նրա գործունեության զսպանակը, հանդիսանում նրա ուղենիշ ոգին, նրա կյանքի ու գործունեության բազմազան երանգավորումների հիմնական տոնը: Ազատաբաղձ հայրենասիրության պաթոսն է դարձյալ, որ կորով ու շունչ է պարգեւում Նալբանդյանի գրականությանն ու հրապարակախոսությանը, կազմում նրա հմայքի եւ ազդեցության խոր աղբյուրը:

Ազգի ազատագրումը ֆեոդալական կապանքներից-հանրադեմոկրատական այս խնդիրն է, որ զբաղեցնում է անմիջապես Նալբանդյանին: Ազգը ինքը՝ ճնշված ու հարստահարված «հասարակ ժողովուրդն» է, ազգությունը՝ այս ժողովրդի հավաքական դեմքը, նրա «վերացական անձնավորությունը», որի անհետացումը նրա համար համազոր է ազգի անհետացման եւ որի ապաճանաչումը՝ ազգի ապաճանաչում: Ճորտատիրական կապանքների խորտակման, «հասարակ ժողովրդի» սոցիալական եւ քաղաքական իրավունքների պաշտպանության, նրա լուսավորության նպատակին է ծառայում անմիջորեն Նալբանդյանի գործունեությունը, նրա ռեւոլյուցիոն հրապարակախոսությունը: Նա պայքարում է հայ մանր /233/ արտադրողների եւ, առաջին հերթին, հայ գյուղացիության նյութական բարեկեցությունն ազգային ուրույն զարգացման հեռանկարները խաթարող բոլոր տեսակի հարստահարությունների ու ճնշումների դեմ:

Ի տարբերություն իրեն ժամանակակից կամ հետագա տասնամյակների հայ ազգայնական բոլոր տեսակի հոսանքներին ու խմբավորումներ, րին հատկանշող դիրքավորման՝ հայ ժողովրդի ազգային կոնսոլիդացման ու ազատագրման հեռանկարները նա նշմարում էր ոչ թե օտարերկրյա զավթիչների դիվանագիտական կամ զինված ինտերվենցիայի, այլ իրենց ազգության համար մարտնչող ժողովուրդների ռեւոլյուցիոն համագործության ուղիներում:

Շեփորելով հարազատ ժողովրդի քաղաքական ինքնագիտակցության՝ եւ ինքնագործության վերարթնացումը՝ հայ «հասարակ ժողովրդին առաջնորդի արեւմտաեվրոպական կապիտալիզմի իր սուր քննադատությամբ եւ արեւմտաեվրոպական ուտոպիստ-սոցիալիստների մասին արած իր դիտողություններով ու ցուցումներով կողմնորոշում էր հայ ազգային-ազատագրական շարժումը դեպի ռուս գյուղացիական ռեւոլյուցիայի ուրույն ուղիները: Հոգու ամբողջ թափով փարվելով հայրենիքի «որոտընդոստ հարության» իդեալին, նվիրվելով նրա ազատության գաղափարի արծարծմանն ու կենսագործմանը՝ նա, ինչպես պիտի տեսնենք, այդ ուղիների մեջ էր նշմարում հայ ժողովրդի ազգային-քաղաքական ազատագրման ամուր երաշխիքը։



[1]     Ե. Լ. Ժ., 1, եր. 313։

[2]     Նույն տեղը, եր. 360:

[3]     Նույն տեղը, II, եր. 257: Տեքստը` ճշտված է ըստ «Հյուսիսափայլ»-ի:

[4]     Նույն տեղը, եր. 258:

[5]     Նույն տեղը, III, եր. 337:

[6]     B. Г. Белинский, Coбрание coчинений, M., 1948, III, եր. 662 եւ հետ։

[7]     Նույն տեղը, եր. 398:

[8]     Նույն տեղը:

[9]     Հմմ. Ե. Լ. Ժ., II, եր. 55:

[10]   Նույն տեղը, IV, եր. 491:

[11]   Նույն տեղը, II, եր. 257 եւ հետ.:

[12]   Նույն տեղը, II, Եր., 208, ծան.:

[13]   Նույն տեղը, I, եր. 393:

[14]   Նույն տեղը, II, եր. 408 եւ հետ.: Նալբանդյանի Երկերի լիակ. ժողովածուն մեկնաբանողը կատարյալ անտեղյակություն է հայտաբերել՝ ենթադրելով, թե «Ասվում է լսվելու համար» հոդվածը կարող էր գրված լինել 1863—64 թվականներին՝ Պետրոպավլովյան բերդում (նույն տեղը, եր. 450)։ Եթե ճիշտ լիներ այդ ենթադրությունը, հարկ պիտի լիներ գլխիվայր շուռ տալ Նալբանդյանի իդեական զարգացման մասին մինչ այժմ՝ ունեցած բոլոր մեր պատկերացումները:

[15]   Նույն տեղը, I, եր. 316։

[16]   Նույն տեղը, IV, եր. 57:

[17]   Նույն տեղը, 1, եր. 309:

[18]   K. Mapкc и Ф. Энгельс, Сочинения, т. XI, ч. I, եր.

[19]   Ե. Լ. Ժ., II, Եր. 266:

[20]   Նույն տեղը, 1, եր. 225:

[21]   Նույն տեղը, եր, 385:

[22]   Նույն տեղը, 1, եր. 452:

[23]   Նույն տեղը, եր. 453:

[24]   Նույն տեղը, III, եր. 23 եւ հետ.:

[25]   Նույն տեղը, եր, 72 եւ հետ.:

[26]   Նույն տեղը, եր. 67:

[27]   Հմմ. Ե. Լ. Ժ., III, եր. 93 եւ հետ. եւ 96:

[28]   Հմմ. «Անտիպ երկեր», եր. 213 եւ հետ., ծան.:

[29]   Ե. Լ. Ժ., III, Եր. 72:

[30]   Վ. Ի. Լենին, Երկեր, XII, եր. 492:

[31]   Նույն տեղը, XXI, եր. 175:

[32]   Նույն տեղը:

[33]   Նույն տեղը, XXI, եր. 447:

[34]   Նույն տեղը, եր. 448:

[35]   Նույն տեղը, X11, եր. 422:

[36]   Նույն տեղը, XI, եր. 513:

[37]   Այստեղ զանց ենք. աունում այն հանգամանքը, որ «Հիշենք» ոտանավորը, որից առնում ենք այս տողերը, հանդիսանում է պարոդիա՝ գրված, ինչպես արդեն պարզեցինք, 60-ական թթ. սկզբներին Պետերբուրգում կազմակերպվող Բարեգործական ընկերությունը Ռ. Պատկանյանի անբարյացակամության դեմ պաշտպանելու կոնկրետ նպատակով:

[38]   Ե. Լ. Ժ., III, Եր. 45:

[39]   Նույն տեղը, եր. 87:

[40]   Նույն տեղը:

[41]   Նույն տեղը, եր. 47:

[42]   K. Mapкc и Փ. Энгельс, Сочинения, XVII, եր. 721:

[43]   Ե. Լ. Ժ., II, Եր. 259:

[44]   Նույն տեղը, III, եր. 91:

[45]   Նույն տեղը:

[46]   Նույն տեղը, եր. 92:

[47]   Н. П. Огарев, Избранные социально-политические и философские произведения, 1952, т. I, եր. 568 եւ հետ.

[48]   Ե. Լ. Ժ., II, եր. 258 եւ հետ.:

[49]   Հմմ. նույն տեղը, I, եր. 487 եւ հետ.:

[50]   Նույն տեղը, III, Եր. 82:

[51]   Նույն տեղը, եր. 83:

[52]   Հմմ. նույն տեղը, 1, եր. 454:

[53]   Նույն տեղը, 11, եր, 82:

[54]   Նույն տեղը, եր, 81:

[55]   Նույն տեղը, II, եր. 82:

[56]   Նույն տեղը, III, եր. 90:

[57]   Նույն տեղը, եր. 91:

[58]   Նույն տեղը:

[59]   А. И. Герцен, Былое и думы, Л., 1946, եր. 284:

[60]   Ե. Լ. Ժ., III, եր. 47 եւ հետ.:

[61]   Նույն տեղը, 1, եր. 458:

[62]   Նույն տեղը, III, եր. 26:

[63]   Նույն տեղը, եր. 50:

[64]   Նույն տեղը, 1, եր. 425 եւ հետ.:

[65]   Նույն տեղը, եր. 435:

[66]   Նույն տեղը, III, եր. 91 եւ հետ.:

[67]   Նույն տեղը, եր. 82:

[68]   Նույն տեղը, եր. 87:

[69]   Նույն տեղը, I, եր. 474:

[70]   Նույն տեղը, եր. 460:

[71]   Նույն տեղը, եր. 463:

[72]   Նույն տեղը:

[73]   Նույն տեղը, եր. 474:

[74]   Նույն տեղը, II, եր. 30:

[75]   Նույն տեղը, II, Եր. 390:

[76]   Նույն տեղը, I, եր, 411։

[77]   Տե՛ս սույն աշխատությունը, գ. 1, եր. 455 եւ հետ. ։

[78]   Ե. Լ. Ժ., IV, եր. 66:

[79]   В. Г. Белинский, Собр. сочинений, III, եր. 666:

[80]   А. Г. Герцен, П. С. С. и П., V, եր. 390: