Վասպուրական. Նշանաւոր վանքեր - 2

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԵՐԻՆ ԵՒ ՆԵՐՔԻՆ ՎԱՐԱԳ
       Տեղադրութիւն - Վանից դէպի արեւելահարաւ, հազիւ 5 կիլոմետր հեռու բարձրանում են Վարագայ լեռները՝ ապառաժոտ գագաթներով։ Այս լեռներն երկու շղթայով ձգուելով հիւսիսից հարաւ, մի ձորակ են կազմում, ուր խոխոջում է մի առուակ, բաղկացած բազմաթիւ սառնորակ աղբիւրներից։ Այս ձորակի արեւմտեան լանջին գտնւում է Վերին Վարագի վանքը։ Այստեղից էլ մի սքանչելի տեսարան է բացւում արեւմտեան կողմում երեւում են Վանայ լիճը, Սիփան լեառը, իսկ արեւելեան կողմում ցցւում են Վարագայ լերան Գալիլիա եւ Աստղկան բերդ կոչուած քարաժայռերի կատարները, որոնք գրեթէ անմատչելի են։ Սրանցից առաջինը Վարագայ լերան արեւելեան ամենաբարձր կատարն է, ուր հինգ մարդ հազիւ հազ կարող է տեղաւորուիլ, կիսակարմիր գոյն ունի եւ նշանաւոր ուխտատեղի է համարւում, որովհետեւ աւանդութեան ասելով, ս . Հռիփսիմէ կոյսը իւր պարանոցից կախած Կենաց փայտը այստեղ է թագցրած եղել։ Հայ ժողովուրդը հաւատում է, թէ ով մի օրում ծոմ պահելով քառասուն անգամ կարողանայ բարձրանալ այս սեպացած քարաժայռի գլուխը, նա կեանքի մէջ միշտ յաջողութիւն կունենայ։
       Պատմում են , թէ անցեալ դարի եօթանասնական թուականներին Մալխաս անունով մինը 38 անգամ բարձրացել, իջել է, սակայն 39 անգամին գլուրուել է գետին եւ անմիջապէս հոգինաւանդել։
       Աստղկան բերդ կոչուածը հաւանօրէն Աստղկան մեհեան է եղել. սրա երեք կողմից ցցուած են ժայռեր , իսկ արեւելան բաց կողմում պատ է քաշուած։ Այս Աստղկան բերդի հանդէպ եւս կայ մի նոյնպիսի քարաժայռ, որ միեւնոյն անունն է կրում եւ որի մի կողմը եւս պատ է քաշուած։
       Վերին Վարագի վանքը բաղկացած է երկու եկեղեցիներից . - մինը , որ հաւանօրէն աւելի հին պիտի լինի, խաչաձեւ է եւ առանց խորանների, իսկ միւսը՝ որ սրան կից է՝ քառանկիւնի է եւ ունի երկու խորան ու երկու խորշ՝ արեւմտեան կողմում։
       Այս երկու եկեղեցիներից էլ կիսաւեր պատերն են միայն մնում։ Սրանց շուրջը կայ կիսաւեր պարիսպ եւ խցերի աւերակներ։
       Վանքից փոքր ինչ բարձր, մի մեծ ժայռ քարի տակ գտնւում է մի քարայր, ուր, աւանդութեան ասելով, ճգնել է Թոդիկ ճգնաւորը իւր աշակերտ Յովելի հետ։ Այս քարայրի մօտ դեռ եւս մնում են մի մատրան կիսաւեր պատեր, ուր Թոդիկ ճգնաւորը աղօթելիս է եղել։ Փոքր ինչ ցածր բղխում է մի սառնորակ աղբիւր՝ որ կոչւում է Քրիստոսի աղբիւր։ Կայ նաեւ մի ուրիշ աղբիւր, որ Կաթնաղբիւր է կոչւում։
       Վերին Վարագի վանքից փոքր ինչ հարաւ բղխում է «Ապարանջանների » կոչուած աղբիւրը, ապարանջանների տրամագիծն ունեցող երեք կլոր ծակերից։ Աւանդութեան ասելով այս երեք ծակերից երկուսի ջուր Սենեքերիմ արքան նուիրել է իւր դուստր Շուշանին, եւ մինչեւ այժմ էլ այս ջրից օգտւում են այդ դստեր կառուցած Շուշանց գիւղի բնակիչները։ Երրորդ ծակի ջուրը պատկանում է Ներքին Վարագին։
       Այս Ապարանջանների աղբիւրի մօտ եւս կայ մի կիսաւեր մատուռ, որ կոչւում է Ուրբաթևայր։
       Վերին Վարագի ո՛չ եկեղեցիների եւ ո՛չ մատուռների վրայ չկայ ո՛չ մի արձանագրութիւն, միայն եկեղեցիներից փոքր ինչ բարձր մի քարաժայռի կրծքի վրայ գրուած է.
       ԶՄիրջն յէք ի Քս.
       թվ, ՌԽԲ (=1593)։
       Ներքին Վարագ. Ներքին Վարագը բարձրանում է համանուն լերան արեւմտահայեաց լանջին, փոքրիկ, արհեստական հարթութեան վրայ, շրջապատուած հաստ պարսպով, որի անմիջական շրջակայքը ծածկուած են զանազան ծառերով, իսկ արեւմտեան կողմում խոխոջում է մի սաստիկ յորդ աղբիւր։ Մի սքանչելի տեսարան պարուրում է այցելուի հոգին, և արեւմտեան կողմում երեւում է Վանայ լիճը, ուր երեկոյեան վերջալուսին արեւի մայր մտնելը հրաշագեղ տեսք է ստանում, մի քիչ հեռու ցցւում է Վանի մերկ, ապառաժոտ բերդը, իսկ սրա կողքին՝ Այգեստանը՝ իւր բարձրուղէշ բարդիներով ու ուռենիներով։ Հեռուն երեւում է Սիփանը։ Արեւելեան կողմում ցցւում են Վարագայ ժայռապատ, ասեղնաւոր կատարները։
       Կառքի մի անյարմար ճանապարհ ձգւում է Այգեստանից մինչեւ վանքը։
       Ներքին Վարագը բաղկացած է եօթ, միմեանց կից եկեղեցիներից, այս պատճառով եւ թուրքերը նրան կոչում են Եատի քիլիսէ (եօթ եկեղեցի Սրա շուրջը կայ երկյարկանի մի ընդարձակ շինութիւն, պատած հաստ պարսպով, որի ստորին մասը կառուցուած է քարից, իսկ վերին մասը՝ անթրծել աղիւսից։ Սրա վրայ եղած արձանագրութիւններից երեւում է, որ 1777 եւ 1803 թուականներին այս վանքի Գրիգոր եւ Ղազար առաջնորդները վերանորոգել են տուել այս պարիսպը։
      

 

Այս եօթ եկեղեցիները դասաւորուած են այսպէս. - փոքրիկ նորաշէն նախագաւթից մտնում են ս. Գէորգ անունով գաւիթը (յատակագիծ 2. ) այստեղից՝ սրա արեւելեան կողմը շինուած ս. Աստուածածնի եկեղեցին (յատ. 1. ) սրա արեւմտահիւսիսային կողմի խորանից ս. Նշան եկեղեցին (յատ. 3. Ս. Գէորգ գաւթի հիւսիսային կողմը, հետեւապէս եւ՛ ս. Նշան եկեղեցու առջեւ, գտնւում է ս. Խաչ եկեղեցին, (յատ. 4), որ երկու դուռ ունի, մինը բացւում է ս. Գէորգ գաւթի մէջ, միւսը՝ արեւմտեան կողմից վանքի բակը։ Ս. Գէորգ գաւթի հարաւային կողմն էլ գտնւում է ս. Սիոն եկեղեցին (յատ. 5), որ նոյնպէս երկու դուռ ունի, մինը ս. Գէորգ գաւթի մէջ, դէպի վանքի բակը։ Ս. Յովհաննէս (յատ. 6) եւ ս. Սոփիա (յատ. 7), եկեղեցիները սրանցից անջատուած են, միայն միմեանց կից են։ Սրանք տեղաւորուած են ս. Աստուածածնի հարաւային եւ ս. Սիոնի արեւելեան կողմը, առաջնից մի եւ երկրորդից երեք մետր հեռու։ Երկու եկեղեցիներն էլ ունին իրենց արեւմտեան կողմերում մի մի դուռ, սակայն մի դռնով էլ հաղորդակցւում են միմեանց հետ։
       Ս. Աստուածածնի եկեղեցի. - (յատ. 1) Վարագի բոլոր եկեղեցիների մէջ ամենագեղեցիկը, թերեւս ե՛ւ ամենահինը, ս. Աստուածածնի եկեղեցին է, որի յատակագիծը միանգամայն նման է Աղթամարի ս. Խաչ եկեղեցու յատակագծին։ Սա շինուած է անտաշ մեծ մեծ քարերից, իսկ կաթուղիկէն՝ թրծած աղիւսից։
       Եկեղեցին խաչաձեւ է, անսիւն, չորս խորաններով, եւ զարդարուած 12 անկիւնանի գմբէթով եւ բրգաձեւ կաթուղիկէով։ Այս եկեղեցու առանձնայատկութիւնն էլ այն է, որ չորս պատերը ո՛չ թէ անմիջապէս միանում են, այլ անկիւններում մի մի մետրաչափ տրամագծով խորշեր են յառաջացնում, որոնց միջից բացւում են մի մի դուռ՝ խորանների մէջ։ Արեւմտեան կողմի խորշերի դռները, որ բացւում են խորանների մէջ, փակուած են , որովհետեւ այս խորշերից մինը Արծրունի թագաւորի, միւսը՝ թագուհու իբր աղօթատեղի է յարմարացրած եղել։
       Եկեղեցու բոլոր կամարները պայտաձեւ են։ Չորս փոքր եւ նեղ պատուհան աղօտ լոյս են սփռում։ Միակ, արեւմտեան դուռը բացւում է գաւթի մէջ, որ յայտնի է ս. Գէորգ անունով։ Եկեղեցու պատերն սպիտակացրուած են, մի անկիւնում միայն երեւում է մի գեղեցիկ խաչքար՝ որի տակ երկաթագրով արձանագրուած է.
      

 

Զայս տիպ պանծալի գերահրաշ նշան սուրբ խաչիս, յորում անպարագրելին Աստուած անմեղ մարմնով կամաւ Հաւր եւ սուրբ Հոգւոյն ի մահ պատարագեցաւ վասն փրկութեան աշխարհիս, զոր կանգնեցի ես Յովասափ կրօնաւորս վասն փրկութեան Հոգւոյ իմոյ. որք երկրպագանէք Քսի Յսի Աստուած զձեռ յիշեսցէ։
       Սուրբ Գէորգ գաւիթը. (յատ. 2) շինուած է սրբատաշ քարից եւ պատերը ծածկուած են իւղաներկ պատկերներով։ Գաւիթը քառանկիւնի է, 11, 5 մետր մեծութեան։ Չորս քառանկիւնի սիւների եւ ութ որմնասիւների վրայ բոլորում են նոյնպէս պայտաձեւ կամարներ, կրելով ութանկիւնի գմբէթը՝ բրգաձեւ կաթուղիկէով։ Երեք փոքր եւ նեղ պատուհանները բացւում են արեւմտեան պատի մէջ, ութ պատուհան էլ կայ գմբէթի վրայ։
       Այս գաւթի արեւելեան պատն ամբողջովին զարդարուած է սրբերի պատկերներով, եւ յաճախ այստեղ է կատարւում առաւօտեան եւ երեկոյի ժամասացութիւնը։ Սրա արեւելահիւսիսային կողմում գտնւում են միմեանց կից երեք տապանաքար, որոնք մի ժամանակ գաւթի յատակից փոքր ինչ բարձր են եղել, իսկ այժմ հաւասարուած են եւ փսիաթով ու գորգով ծածկուած, որովհետեւ այստեղ են կանգնում վանքի միաբանները՝ ժամասացութեան ժամանակ։
       Այս երեք տապանաքարի տապանագրերը ցոյց են տալիս, որ այստեղ են անփոփուած Արծրունեաց Սենեքերիմ թագաւորի, նրա կին՝ Բագրատունի Գագիկ թագաւորի դուստր՝ Խուշուշ թագուհու եւ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի մարմինները։
       Այս երեք տապանաքարերից երկուսի վրայ կայ հետեւեալ տապանագիրները։
       Թվին ԴՃՀԱ, Այս է հանգիստ Հեառն Պետրոսի կաթողիկոսին, որ ի Տրապիզոն զգետն Ճորոխ արգելեաց առաջի Վասիլ արքային։
       Սրա աջակողմը,
       Այս է հանգիստ Սենեքերիմ թագաւորին թվին ԴՃՀԸ.
       Երրորդ Պետրոս կաթուղիկոսի գերեզմանի ձախ կողմի տապանաքարը չունի տապանագիր միայն աւանդութիւնն ասում է, թէ այստեղ ամփոփուած է Սենեքերիմ թագաւորի կին Խուշուշ թագուհին։ Այս երեքտապանաքարերից փոքր ինչ հեռու, պատի մէջ ամրացած մի խաչքարի վրայ էլ կայ հետեւեալ տապանագիրը,
       ՉԾԲ. Այս արձան գերահրաշ կենսունակն… աւծեալ արեամբ Արարաչին Յի զոր կանգնեաց Խաչիկ ի վերայ գերեզմանի հաւրեղբաւրն… Պետրոսի առաջնորդի սբ, ուխտիս, զոր տարաշխարհիկ եղեալ փոխեցաւ… եւ վասն ոսկերաց իւրոց պատուիրեաց, եղբայրն իւր Վարդան մեծաւ աշխատանօք բերեալ հանգուցին ընդ հովանեաւ սբ՝ Նշանիս, որք երկրպագէք զվերջացեալս ի բարեաց զաշխատողս սորայ զԳորգ քահանայ յիշեսցիք ի Քր եւ Ած զձեզ…
       Այս գաւթի դռան ճակատին արձանագրուած է.
       Ի հայրապետութեան Տեառն Փիլիպպոս կաթուղիկոսի Եւ Յաբեթեան թուականին Ռ, Ղ, Է, ամին
       Եւ յօբելեան Ի, եւ մին, Խ, Է, ընդ նմին,
       Կամօք Տեառն բարերարին ,
       Եւ զօրութեամբն սուրբ Նշանին,
       Գմբէթայարկ խորանք նորին,
       Դարպաս եւ պարիսպ ընդ նմին,
       Շինեալք հաստատեն,
       Վերակացութեամբ Տէր Կիրակոս վարդապետին,
       Եւ իշխանաշուք խօճայ Ամիրխանին,
       Սարուխանին, Ռուհիճանին եւ Մարտիրոսին
       Եւ հաւասար ժողովրդեանն.
       Եւ մէյմար Տիրատուրին.
       Ցիշեա Քրիստոս յաւուր ահեղին,
       Սրանից փոքր ինչ ներքեւ
       Դարձեալ ի մեր Հայոց թուին,
       *
       Խօճայ մինասն Վանեցին
       Օրհնեալ որդիք եղբօր նորին.
       Առին կիւթան բոլորովին
       Ետուն ի դուռն սուրբ Նշանին.
       Որոց Քրիստոս ողորմեսցի
       Յաւուր մեծի դատաստանին ամէն.
       Սրանից ներքեւ
       Ի հայրապետութե Ածատուր կաթուղիկոսի շնորհոք ամենազօրին Աստուծոյ եւ առաջնորդութեամբ որ կուսին Մարիամու ես Վանեցի ի գիւղէն Շուշանայ։ Տրուպ Բարթուղիմէոս վարդապետս, աշակերտ Տն Կարապետ քաջ եւ անյաղթ վարժապետի որ մականուն Կալօ ասի գոլով աշակերտ ապրանցի Սիմէոնեանց վարդապետացն։ Տեսի զաւերումն քրիստոսաշէն մաւրն վանօրէից, որ ուխտս Վարագայ, վս ծովացեալ մեղաց մերոց, զի կամբէթներն սեղանքն ամենայն աւերեալ եւ եկեղեցւոյ ամենայն ինչս պակասեալ, եւ իմ յուսալով Ած. վերստին հաստատեցի ամ զարդիւք, թէ եկեղեցական անօթս թէ խաշինք եւ աջառք. եւ Բ կամարք դարպասին. մինչ կատարեալ եղեւ, եւ ամէն եղբարբք որք տր Մարկոսն, Աւետիս վրդպտն, Յովասափ վրդպտն, տէր Սարգիսն, տր Ովանէսն, տէր Կարապետն. Այս եղեւ թվին ՌՃՀԳ (-1724) ամին, տեղապահութե վազիր Աւդուլա փաշին։ Եւ օգնութբ Վանայ քաղաքի եւ գիղօրէից օրհնեալ ժողովրդեան, եւ պարտ է տեսողացն վայելել եւ ողորմիս ասել յամ ժամ ամէն։
       Եւ զսբ Խաչավանք եւս նորոգեցի Մուխսի Կարապետս Թվ ՌՃԽԶ
       Մի քիչ ներքեւ.
       Եւ շնորհօք սրբոյ Խաչին
       Եղեւ ծաղկեալ գաւիթ սորին
       Եւ շրջապատըս պարսպին
       Համայնգամայն բոլորովին
       Նորոգեցաւ ի զարդ սմին
       Ի ՌՄԻԶ թուականին
       Ի Սեպտեմբեր ամսոյ մէկին
       Էջմիածնի նուիրակին
       Տեառն Պաղտասար վրդպտին
       Ողորմութբ իշխանաց քաղաքին
       Գերապատուացն ամենեւին։
       Ս. Նշան (յատ 3)- Ս. Աստուածածնի եկեղեցու արեւմտեանկողմի ձախակողմեան խորանի վերեւ մի գաղտնի պատուհանաձեւ դռնակ կայ, որտեղից մի գաղտնի պահարան տարածւում է մինչեւ եկեղեցու գմբէթը։ Աւանդութեան ասելով այս գաղտնի պահարանի մէջ երկար ժամանակ պահուել է Վարագայ Աւագ սուրբ Նշանը։ Նոյն եկեղեցու աջակողմեան խորանից մի նեղ, երկար անցք տանում է մի փոքրիկ եկեղեցի, որ մի ժամանակ մի դուռ է ունեցել դէպի ս. Գէորգի գաւիթը, որ այժմ մի խաչքարով, ծածկւած է։ Այս փոքրիկ եկեղեցին կոչւում է ս. Նշան։ Այս եկեղեցին եւս պահպանել է նախնական չորս խորանային եկեղեցիների տիպը, միայն արեւմտեան կողմի երկու խորանները փոխուել են կամարակապ խորշերի, շնորհիւ բաւական յառաջացած որմնասիւների, իսկ արեւելեան կողմի արեւելահիւսիսային խորնը գաղտնի պահարանի։
       Սրա որմնասիւների վրայ եւս բոլորում են պայտաձեւ կամարներ, որոնց վրայ յանկարծ գմբէթը երկրաշարժից քանդուել է. այժմ փայտէ գմբէթ են յարմարեցրել։
       Ս. Խաչ. (յատ. 4)- Այս եկեղեցին հիմնովին վերանորոգուած է 1817 թ. Գրիգոր վարդապետի նախաձեռնութեամբ եւ Յակոբ տղայի ծախքով։ Վերանորոգութեան միջոցին աւագ խորանի մի գաղտնի պահարանի միջից գտնուել է մի տուփ, որի մէջ ամփոփուած է եղել այն Կենաց փայտը, որով Պետրոս Գետադարձ կաթողիկոսը Տրապիզոնում 1022 թ. յունաց Վասիլ կայսեր ներկայութեամբ ջրօրհնէքին կանգնեցրել է։ Եկեղեցին շինուած է մաքուր, սրբատաշ քարից, ունի մի կիսաբոլոր կողակ եւ երկու խորան. թաղակապ է, եւ մէջտեղում, ութանկիւնի փոքրիկ հերթիկի վրայ բարձրանում է մի փոքրիկ , փայտաշէն գմբէթ։ Երեք փոքրիկ պատուհաններ աղօտ լոյս են սփռում։ Եկեղեցին ունի երկու դուռն, մինը բացւում է ս. Գէորգ գաւթի մէջ, իսկ միւսը դէպի վանքի բակը, արեւմտեան պատի մէջ։ Վերջինիս կամարակալ քարը բեւեռագիր արձանագրութիւնով ծածկուած մի մեծ սալքար է։
       Ս. Խաչ եկեղեցու մէջ մի խաչքարի վրայ արձանագրուած է վերանորոգողի յիշատակարանը, որ չէ աւարտուած, որովհետեւ աւանդութեան ասելով, ժողովուրդը թոյլ չէ տուել, քանի որ միայն նրա ծախսով չէ կատարուել վերանորոգութիւնը։
       Այս արձանագրութիւնը հետեւեալն է.
       Թվ ՌՄԿԶ (=1817) սբ Խաչս բարեխօս է նորոգ շինեցեալ սբ Նշանից եկեղեցուս վսն փրկութեան հոգւոյն Յակոբ ածասէր աղային եւ որդոյն Գրիգոր աղային եւ միուս որդոցն, որ եղեւ պատճառ շինող սբ Նշանի եկեղեցւոյս. եւ օգնութեամբ.
       Այժմ այս եկեղեցին դարձուած է մատենադարան, եւ այստեղ են պահւում եկեղեցու 278 ձեռագիրները. այստեղ է դրուած նաեւ Խրիմեան Հայրիկի բերել տուած Գուտտեմբերգի մամուլը եւ եւրոպական ձեւի գութանները։
       Ս. Սիոն. (յատ. 5). - Այս եկեղեցին գտնւում է սուրբ Գէորգ գաւթի հարաւային կողմը։ Սրա կաթուղիկէն եւ պատերի մի մասը քանդուելու պատճառով, տեղը 1849 թուին ս. Սոփիա եկեղեցու քարերով ցորենի թաղակապ շտեմարան են շինել։ Սրա հարաւային դռան վերեւ կայ մի մեծ քար՝ սեպաձեւ արձանագրուծիւնով ծածկուած։
       Ս. Յովհաննէս. (յատ. 6 )- Այս եկեղեցին կոչւում է նաեւ Քառասուն Աբեղայից շինուած է սրբատաշ մաքուր քարից եւ բաւական գեղեցիկ տեսք ունի։ Երեքական որմնասիւներ ձգւում են հիւսիսային եւ հարաւային պատերին կից, որոնց վրայ բոլորում են պայտաձեւ կամարներ, կրելով ութանկիւնի կաթուղիկէն, որ զարդարուած է չորս պատուհանով։
       Եկեղեցին ունի մի կիսաբոլոր կամարակապ կողակ, կողքերին մի մի խորան իսկ արեւմտեան կողմում երկու քառանկիւնի խորշ։ Կողակի ինչպէս եւ սրա ու միջին որմնասեան միջի տարածութիւնը, կիսաբոլոր է։ Եկեղեցին ունի երկու դուռ, մինը արեւմտեան պատի մէջ, իսկ միւսը հարաւային, որ բացւում է Ս. Սոփիա եկեղեցու մէջ։
       Ս. Սոփիա (յատ 7)- Այս եկեղեցին աւանդաբար Բերդաւոր է կոչւում, ուստի եւ հաւանական է, որ վերին մասը յարմարացրուած է եղել պաշտպանութեան։ Այժմ կիսաւեր է, կանգուն են միայն պատերը։ Շինուած է անտաշ, չափազանց մեծ քարերից։ Հիւսիսային եւ հարաւային պատերին կից բարձրանում են երեք որմնասիւն, որոնց վրայ դարձեալ պատերին կից բոլորում են կիսաբոլոր կամարներ։ Աւանդաբար ասւում է, որ եկեղեցին ունեցել է գմբէթ։ Կողակը կիսաբոլոր է, կողքերին ունի մի մի խորան, իսկ արեւմտեան կողմում մի մի խորշ։
       Արեւմտեան պատի վրայ կայ հետեւեալ կարեւոր արձանագրութիւնը։
       ՆԼ (= 981) թվին. Ես Խուշուշ խաթունս դուստր Գագկայ յազգէն Բագրատունեաց կենակից Սենեքէրիմ ար... սրբ տաճարացս յիշեցէք ի մաքուր...
       Այս եկեղեցիների արեւելեան եւ հարաւային կողմը տարածւում է մի գեղեցիկ այգի , որ Խրիմեան Հայրիկը կոչել է Դրախտիկ։
       Վանքի շուրջը կայ երկյարկանի մի շինութիւն, բաղկացած 47 սենեակներից, փռից, բաղանիսից եւ 8 սենեականի դպրոցական շէնքից ինչպէս նաեւ Առաջնորդարան կոչուող երկու մեծ դահլիճից։
       Վանքի բակում բղխում է մի աղբիւր։
       Պարսպի դարպասի ճակատին գրուած է.
       Ի թվին ՌՄԾԲ (- 1803) ողորմութեամբն ԱՅ շինեցաւ պարիսպս ձեռամբ Տռն Ղազարու սրբզն. առաջնորդի։
      
       Վարագայ գերեզմանատան մէջ կան հետեւեալ տապանագրները։
      
       Կանգնեցաւ որ խաչս բարեխօս առ Աստուած վսն փրկութեան հոգոյ Գրիգոր վարդապետին, որ էր... աւագ սբ. Նշանին Վարագայ, թվ. ՌՄԺԸ (- 1769) նոյեմբերիի տօնի Հրեշտակապետին։
      
       Սբ. խաչս բարեխօս է առ Ած վսն փրկութե հոգոյ արքեպիսկոպոս Յարութի վարդապետին, որ է գէտ քաղաքին թվ. ՌՄԾԷ (1808)։
      
       Ծաղկեալ յարեւ մահ խաչին,
       Արեամբ անմահ Վան հայրենեաց,
       Սուր, սով ի հուր ազգային
       Ազատութեան զոհ անմոռաց
       Եկեղեցւոյ ախոյեան
       Ահաւորին փող անողոք
       Անբիծ վարուք լոյս բանին,
       Սիրոյ ծաւալ կենսանորոգ,
       Հոգեաշունչ բանաստեղծ
       Սրբութեան սուրբ յերգս աղի,
       Յիշատակաւ լից անկեղծ
       Զուգիս հայկեան շուք տաճարի,
       Այլ ծով արեան արտասուաց
       Ի վերջ սեւ սուգ զիւրսն համակեաց.
       Սիրտն ի ծոցին ի հարուած,
       Վան ի Վարագ աւանդ մընաց։
      
       Երեմիա եպիսկոպոս Տէր-Սարգսեան Տէվկանց ծընանի 1831 վախճանի 1885 Յուլիս 10։
      
       Պատմական տեսութիւն - Վարագայ լեառը իւր անմատչելի, սեպացած կատարներով փախստականների մի լաւ ապաստարան է ներկայացնում, ուստի եւ այստեղ են ապաստանել Սմբատ Բագրատունին Արտաշէս մանկան հետ , Հռիփսիմեան կոյսերը երկու քահանաների հետ, այժմ Ուրբաթայրք կոչուած մատրան տեղում եղած քարայրում ուրբաթ օրերը պատարագ են մատուցել եւ հաղորդութիւն են տուել ս. կոյսերին Հռիփսիմեանք Վարագի Գալիլեա կոչուած կատարում թագցրել են ս. Նշանի մասունքը եւ իրենք անցել Վաղարշապատ թողնելով այստեղ երկու քահանաներին մի քանի կոյսերի հետ՝ ի սպաս ս . Նշանին ։ Յետոյ ս. Գրիգոր Լուսաւորիչը եկել է այստեղ եւ սրանց համար շինել եկեղեցի հաւանականօրէն «Ուրբաթայրք » մատուռը։ Քրիստոնէութիւնը Հայաստանում պաշտօնական կրօն դառնալուց յետոյ այս լեռը գտնուելով Վան քաղաքի մոտ եւ ունենալով սքանչելի տեսարան, գրաւել է դէպի իրեն շատ ձգնաւորներ, որոնք լսած լինելով Հռիփսիմեանց այստեղ թագցրած ս. Նշանի մասին, սկսել են որոնել եւ ահա Է. դարում, Վարդ Պատրիկի իշխանութեան միջոցին Թոդիկ ճգնաւորի աղօթքով «յայտնի եղեւ որ խաչն եւ, զայն եկեղեցի , կամ զտունն աղօթից ուր եմուտ սբ խաչն, թռուցեալ ի վիմէ անտի լերին, ընդարձակեալ նորոգեցին եւ հաստատեցին վանս միանձանց՝ որ յանուն լերին կոչեցաւ Վարադ»։
       Նաեւ շինեցին ուրիշ տասներկու եկեղեցի «յանուն իւրաքանչիւրոցն ըստ տեսչութեան լուսաւորացն որ ցուցաւ» ։ Այս տասներկու եկեղեցիները, աւանդութեան ասելով, եղել են՝ 3 վերին Վարագում, 7 ներքին Վարագում, երկուս ս. Գրիգորում եւ մէկ Կարմրուորում։
       ՚Ի նկատի առնելով, որ Վարագայ վանքը երկար ժամանակ եղել է եպիսկոպոսանիստ եւ այստեղի վանահայրերը համարուել են Վան քաղաքի եւ նրա շրջակայքի առաջնորդ՝ հետեւապէս եւ բաւական մեծ ազդեցութիւն են ունեցել Վասպուրականի մտաւոր, հոգեկան եւ հասարակական կեանքի վրայ, կարեւոր ենք համարում գոնէ համառօտակի առաջ բերել սրա վանահայրերի պատմութիւնը ։
       Հաւանօրէն այս վանքի վանահայր եղել է նախ Թոդիկ ճգնաւորը եւ ապա նրա աշակերտ Յովելը, որին յաջորդել է Տաճատ։ Սա պատրաստել է այս վանքի վանահայրերի պատմութիւնը մինչեւ իւր ժամանակը, որի մի օրինակը ունեցել է հայր Փիրղալամեանը, որ խոստացել է հրատարակել, սակայն չի կարողացել ։
       Սրան յաջորդել է Գրիգոր վարդապետը։
       Իններորդ դարու սկզբին Վարագն ընկել է Ամիւկ բերդի տէր Ութմանիկ տաճիկների իշխանութեան ներքոյ, եւ Աշոտ իշխանը, մօտաւորապէս նոյն դարի երկրորդ կիսին, խլել է Վարագը նրանցից եւ նրա վանահայր Գրիգորին բանտից ազատել ։
       949 թուին Վարագայ վանքի առաջնորդ եղել է Անանիա Մոկացին, որ դարձել է Աղթամարայ կաթուղիկոս ։
       975 թուին Վարագի միաբանութիւնը բանադրել է Ապլղարիպ իշխանին, որ Անձաւացեաց Դերենիկ թագաւորի հրամանով զրկուելով սպարապետութեան պաշտօնից, դաւաճանութեամբ մատնել է նրան Հեր քաղաքի ամիրային ։
       981 թուին Սենեքերիմ թագաւորի կին Խուշուշ խաթունը կառուցել է Ներքին Վարագի Ս. Սոփիայի տաճարը, ինչպէս երեւում է արձանագրութիւնից։
       Հաւանօրէն նոյն ժամանակ Սենեքերիմ թագաւորը, ինչպէս ասում է Թովմա Արծրունին, «շինեաց ի նոյն տեղւոջ (Վերին Վարագում ) եկեղեցիս մեծածախս, եւ ի ստորոտ լերինն շինեաց զխոյակապ եւ զհռչակաւոր մայրաքաղաք մենաստանացն զՎարագ, եւ կարգեաց ի նմա արս հաւատարիմս, եւ զարդարեաց բազում կրօնաւորօք, եւ երկնագումար դասիւք սուրբ քահանայիւք. եւ կարգեաց նոցա ռոճիկս , եւ կէին ի խաղաղութեան ի գաւառն Վասպուրականի. ամենայն աշխարհուց անկելոց եւ գերելոց տեղի ապաստանի ի նա գտանիւր ։
       1022 թուին Վարագայ վանքում Սեբաստիայից բերել ամփոփել են Սենեքերիմ թագաւորի մարմինը, «ուր առաջին թագաւորքն Հայոց թաղեալ կան ի Վարագայ վանքն սրբոյ Նշանին եւ անդ թաղեցին զՍենեքերիմ ընդ հարսն իւր , ասում է Մատթէոս Ուռհայեցին, թէպէտ եւ՛ յայտնի է որ Արծրունեաց դամբարանը եղել է Աղբակի եւ Աղթամարի ս. Խաչ կոչուած վանքերը, գուցէ Ուռհայեցին շփոթել է։
       1421 թուին առաջնորդ է եղել «քաջ հռետոր եւ տիեզերալոյս վարդապետ » Մարգարէն, որ աշակերտել է Գրիգոր Տաթեւացուն։
       1440-ական թուականներին Վարագայ առաջնորդ յիշւում է Յովհաննէս եպիսկոպոսը, որ 1441 թ. մասնակցել է Էջմիածնում Կիրակոս կաթողիկոսի ընտրութեան ժողովին ։
       1085 թուին Անտիոքի Փիլարտոս իշխանի հրաւիրանօք Վարագայ վանքի վանահայր Պօղոս վարդապետը գնացել է Մարաշ եւ այստեղ կաթուղիկոս օծուել ամենայն Հայոց, մինչդեռ կային ուրիշ երեք կաթուղիկոսներ էլ։ Սա վեց ամսից յետոյ հրաժարուել է կաթողիկոսութիւնից եւ կրկին վերադարձել Վարագ, սակայն վախճանը եղել է Եդեսիայում 1093 թուին, ուր գնացել է ս. Նշանը վերադարձնելու ։
       1318 թուին, երբ Վարագայ առաջնորդ է եղել Պետրոս եպիսկոպոսը, թաթարները Ղարբանդաղուլն խանի հրամանով ծանր հարկերի են ենթարկել ընդհանրապէս բոլոր եւ մասնաւորապէս Վարագայ վանքը. նաեւ կապոյտ նշան են հրամայել կարել քրիստոնեաների թիկունքին։ Զաքարիա կաթողիկոսը գնացել է խանի մօտ՝ Բաբելոն եւ թոյլտւութիւն է ստացել վանքերը հարկից ազատելու, սակայն շուտով խանը մեռել է եւ նրա յաջորդը 1300 հոգի ուղարկել է կրկին անգամ հարկ հաւաքելու թէ՛ ժողովրդից եւ թէ՛ վանքերից։
       Սրանք մի երեկոյ գաղտնաբար եկել են Վարագայ վանքը։ Միաբաններն անմիջապէս փախել են, սակայն մի քանիսը բռնուել են եւ սոսկալի տանջանքների ենթարկուել։ Վանքը թալանել են, միայն Ղազար անունով փակակալը փակուել է ս. Յովհաննէսի եկեղեցում, փակելով երկաթէ դուռը, միւս միաբանները մեծ նեղութեամբ ձմրան ցրտին ապրել են լերան վրայ, մինչեւ որ թաթարները ամէն ինչ կողոպտելով հեռացել են ։
       1501 թուին յիշատակւում է ձեռագրների յիշատակարաններում Ատոմ անունով փիլիսոփայ եւ աստուածաբան վանահայրը եւ Զաքարիա երգիչը, որ Վարագի մասին մի ներբող է գրել։
       Իսկ կէս դար յետոյ Մարգարէ եպիսկոպոսը, որ միաժամանակ եղել է նաեւ վանի առաջնորդ։
       1534 թուին Շահթահմազը կողոպտել է ինչպէս Վանը, կոտորելով 15, 000 մարդ, այնպէս եւ Վարագը ։
       Սրա ժամանակ Վարագի միաբաններից մեծ հռչակ են ստացել Կարապետ վարդապետը՝ Ծագ կոչուած եւ Պօղոս վարդապետը Մոկաց Բար գիւղից, որ երկար ժամանակ շրջել է քարոզելով եւ շինել է Գողթնեաց աշխարհում մի քանի եկեղեցիներ ։
       Մարգարէ եպիսկոպոսին 1596 թուին յաջորդել է Ստեփաննոս արքեպիսկոպոսը, որի վանահայրութեան միջոցին Վարագայ միաբաններից Կարապետ եպիսկոպոս արարքեցին, Զամալ մանակունով, փիլիսոփայի հռչակ է ստացել, իսկ սրա եղբօրորդի Բարսեղ վարդապետը պատրաստել է մի տարեգրութիւն, որ դեռ եւս չէ հրատարակուած։ Նշանաւոր է եղել նաեւ Յովհաննէս վարդապետը, որ բաւական տաղեր եւ երգեր է յօրինել։ Ստեփաննոս արքեպիսկոպոսին յաջորդել է Մարտիրոս արքեպիսկոպոսը եւ սրան Կիրակոս վարդապետը։ Սրա վանահայրութեան միջոցին՝ 1648 թուին Վասպուրականում տեղի է ունեցել մի սոսկալի երկրաշարժ, որից կործանուել են նաեւ Վերին եւ Ներքին Վարագների եկեղեցիները, սակայն հետեւեալ տարին սկսել են վերանորոգել, այսպէս Վարագի այդ ժամանակուայ առաջնորդ Կիրակոս վարդապետը շինել է ժամատուն, վանեցիներ՝ Խօջայ Ամրխանը ս. Խաչի եկեղեցին, Մարխաս Չալապին՝ Աստուածածնի եկեղեցին, խօջայ Դիլանչին՝ ս. Սիոն եկեղեցին, եւ խօջայ Յովհաննէսը՝ սուրբ Նշանի եկեղեցին. մնացել է միայն Բերդով եկեղեցին եւ Քառասուն աբեղայից եկեղեցին.
       Այս երկրաշարժից հազիւ երեք տարի անցած՝ Խոշապ բերդի Սուլէյման բէկը, Չոմար անունով պաշտօնանկ փաշայի հետ յարձակուել է Վարագի վրայ, սոսկալի տանջանքներ տալով միաբաններից երեքին՝ չի կարողացել իմանալ վանքի իրերի թագստեան տեղը, սակայն յետոյ մրճով խփելով եկեղեցիների պատերին՝ գտել է թագստարանները եւ եղած բոլոր անօթները, գրքերը, սրբութիւնները տարել Խոշաբ, որոնց թւում նաեւ ս. Նշանը, որ յետոյ վանեցիները մեծ փրկանք տալով առել են եւ բերել դրել Վանի Տիրամօր եկեղեցին ։
       Կիրակոս վարդապետին յաջորդել է Պօղոս վարդապետը։ Սրա ժամանակ, 1654 թուին, Աղթամարի Մարտիրոս կաթուղիկոսն օգտուելով Օսմանցոց եւ Պարսից մէջ ծագած պատերազմից, հրովարտակ է ստացել Օսմանցոց Մահմուտ սուլթանից, որ օսմանեան պետութեան ենթարկուած Վան, Բերկրի, Արճէշ, Խլաթ, Բաղէշ, Մուշ, Հոշապ, մինչեւ Հաիթ ո՛չ թէ Պարսից իշխանութեան ենթակայ Էջմիածնի կաթողիկոսին, այլ Աղթամարի կաթողիկոսին պիտի ենթարկուին։ Ամենայն Հայոց կաթողիկոս Յակոբ Ջուղայեցին բողոքել է սրա դէմ եւ նրա հաւանութեամբ Պօղոս վանահայրը իբր Էջմիածնի վէքիլ Վանի դատարանում ապացուցել է, որ այս վիճակներն սկզբից ի վեր ենթարկուել են Էջմիածնի կաթողիկոսին, եւ 1848 ղուրուշ տալով Մարտիրոս կաթողիկոսին, նրանից գիր է առել, որ այդ վիճակները պատկանում են Վարագայ վանքին, որպէսզի այլեւս չկարողանան գրգռել օսմանցիներին, թէ այս վիճակների տուրքը պարսից երկիրն է գնում։ Սակայն սրանով վէճը չէ վերջացել, Աղթամար կղզու իշխող Ապդուլլայ Չէլեպին Պօղոս վարդապետի հետ դատ է սկսել, թէ Աղթամարի կաթողիկոսի համար ինքը բաւական գումար է ծախսել եւ հրովարտակ բերել տուել, որովհետեւ նա խոստացած է եղել տարեկան 300 ստակ Վանի բերդին եւ 10, 000 ստակ իրեն տալ, այժմ քանի որ վերոյիշեալ վիճակները մնացել են Վարագայ վանքին, այդ տուրքը պէտք է Վարագը վճարէ։ Պօղոս վարդապետը համաձայնել է եւ գիր առել նրանից ։
       Պօղոս եպիսկոպոսին յաջորդել է Յովհաննէս վարդապետ Թիւթիւնճին, որ Արեւելցի եւս է կոչւում։ Սա շինել է Վերին Վարագից Ներքին իջնող ջրանցքը, որ կործանուել էր 1648 թուի երկրաշարժից։ Այս բաղդախնդիրը իբր Էջմիածնի նուիրակ բաւական նուէրներ հաւաքելուց յետ՝ կաշառք է տուել եւ Պօլսոյ պատրիարք դարձել 1663 թուին ։
       Յովհաննէս վարդապետին յաջորդել է Յովասափ վարդապետ Ղափանցին եւ ապա Կարապետ վարդապետը Կալոյ մականուանուած, որ յայտնի է իբր փիլիսոփայ եւ աստուածաբան եւ վախճանուել է 1699 թուին։
       Սրա մահից յետոյ Վանի իշխանները հրաւիրել են Բաղէշից Ստեփաննոս վարդապետին, որ իր Վանի առաջնորդ, վանահայր է համարուել եւ՚ Վարագի։ Սա առաջնորդութիւն է արել 18 տարի, սակայն առանձին խնամք չէ տարել Վարագի վրայ , որի պատճառով եւ՛ վանքը բաւական անշքացել է եւ աւերուել։
       Ստեփաննոսին յաջորդել է Բարդուղիմէոս եպիսկոպոս Շուշանցին, որ եկել վերանորոգել է Վարագայ վանքը 1724 թուին.
       Սրան հաւանօրէն յաջորդել են Յովհաննէս եւ Սամուէլ վարդապետները, որոնց մասին յիշուած է Վանի Տիրամայր եկեղեցու մի ձեռագիր յայսմաւուրքի յիշատակարանում 1740 թուին։
       Վերոյիշեալ վանահայրերի անմիջական յաջորդը թերեւս Գրիգոր եպիսկոպոս Ճուճունկանցը լինի, որ 1747 թուից յետոյ յիշատակարաններում յիշւում է իբր Վարագայ վանահայրը։ Սա 1759 թուին Վանի ժամանակակից իշխաններ Ղարասէֆերեան Մահտեսի Թովմայ աղայի եւ Պարեկեանց Պարեկ աղայի հետ Վարագի ս. Նշան խաչը Վանի Տիրամայր եկեղեցուց փոխադրել է նոյն քաղաքի ս. Էջմիածին եկեղեցին, որ այնուհետեւ կոչուել է ս. Նշան։ Գրիգոր եպիսկոպոսը վախճանուել է Վարագում 1769 թուին։
       Սրան յաջորդել է Բաղդասար վարդապետը, որ 1779 թուին նկարներով զարդարել է Վարագայ վանքի դարպասի պատերն ու սիւները։ Ապա հրաժարուել է վանահայրութիւնից եւ քաշուել Կարմրուորայ վանքը, ուր մեռել է 1784 թուին ։
       Սրա անմիջական յաջորդը յայտնի չէ, իսկ 1801 թուին Վարագայ առաջնորդ է կարգուել Յարութիւն եպիսկոպոս Բաղիշեցին, որ վախճանուել է 1808 թ. առանց մի որեւէ նշանաւոր գործ անելու։
       Սրան յաջորդել է Գալուստ եպիսկոպոսը, վանեցի Լիմ անապատից։ Սա քակել է վերանորոգել է Վարագայ ս. Խաչ եկեղեցին, ուր եւ գտել է Գետարգել ս. Նշանը։ Սա վերանորոգել է նաեւ միաբանութեան բնակարանները։ Իբր միաժամանակ Վանի առաջնորդ նա գործել է մինչեւ 1820 թուականը ։
       Այս միջոցին Վանի առաջնորդ ընտրուել է Սարգիս վարդապետ Պարտիզակցին, որ միանգամայն համարուել է եւ Վարագայ վանահայր։ Սրա խնդրով Յոհան Վանանդեցին քահանան գրել է Վարագայ խաչի ներբողական պատմութիւնը ։ Սա կարճ միջոցից յետոյ հրաժարուել է առաջնորդութիւնից, որին տեղապահ կարգուել է Բարսեղ վարդապետը, մինչեւ որ Կարապետ պատրիարքի կոնդակով Վան առաջնորդ է եկել Մկրտիչ վարդապետ Գաղատացին , որին Վանի ապստամբ Թամուր փաշան հրաւիրեալ է Խոշապ եւ խեղդամահա անելով 1832 թ. գրաւել նրա ունեցածը։

      

 

Սրան յաջորդել է Ղազար վարդապետ Բերկրցին, որ շինել է Վարագի խարխալեալ պարիսպն ու առաջնորդարանը, ինչպէս նաեւ նորոգել եւ Քաղաքամիջի առաջնորդարանը։ 1836 թուին սա հրաժարուել է առաջնորդութիւնից, որովհետեւ Վանի մեծամեծները կեղեքելով հասարակութիւնն ու վանքերը հանգիստ չեն տուել սրան։ Սրա յաջորդ Յարութիւն վարդապետ Սարայլեանը կարողացել է ընկճել այդ մեծամեծներին եւ պաշտպանել հասարակ ժողովրդի շահերը, սակայն երբ 1839 թուին սա գնացել է Էջմիածին Յովհաննէս Կարբեցի կաթողիկոսից եպիսկոպոս ձեռնադրուելու, Վանի մեծամեծներն օգտուելով նրա բացակայութիւնից, մի մեծ բողոքագիր են կազմել ու ուղարկել Պօլսի Յակոբ պատրիարքին, որը եւ հրաժարեցրել է նրա Վանի առաջնորդական պաշտօնից։ Յարութիւն կաթողիկոսն յս լսելով Էջմիածնից ուղղակի գնացել է Պօլիս , իւր ամբաստանողների դէմ մաքառելու, սակայն երբ պատրիարքը սպառնացել է նրան աքսորել, ակամայից կաթոլիկութիւն է ընդունել։
       Սրա փոխարէն առաջնորդ Վանի եւ վանահայր Վարագի վանքի եկել են Պետրոս արքեպիսկոպոս Կուրապցին, որ Գլակայ վանքի վանահայր է եղել է Մկրտիչ վարդապետ Նարեկացին, որոնք առանց մի նշանաւոր գործ կատարելու, Վանի ներքին յուզմունքներից ստիպուած հրաժարուել են պաշտօնից։ Մկրտիչ եպիսկոպոսը վախճանուել է 1848 թուին Նարեկայ վանքում, որի վանահայն է կարգուել։
       Սրանից յետոյ առաջնորդ է կարգուել Մովսէս վարդապետը, Լիմ անապատից , որի ժամանակ տեղի են ունեցել խան Մահմուտ եւ խան Աւդալ եղբայրների եւ Բագր խան քիւրդ բէյի ապստամբութիւնը Ճզրայի եւ Պուխտանի սահմաններում, որից օգտուելով եւ Վանի թիւրք գլխաւորները նոյնպէս ապստամբել են եւ փաշա նշանակել իրենց կողմնակից կոյր Մուստաֆա-բէյին եւ սկսել կեղեքել հայերին, մինչեւ որ 1847 թուին Օսման փաշան զօրքով եկել է եւ վերջ դրել այս խռովութիւններին ու կողոպուտին։ Այսպիսի մի ծանր ժամանակ, առանց մի որեւ է նշանաւոր գործ անելու, Մովսէս վարդապետը ծերութեան պատճառով 1746 թուին հրաժարուել է առաջնորդական պաշտօնից եւ քաշուել ս. Բարդուղիմէոսի վանքը իբր վանահայր, ուր եւ վախճանուել է։ Սրան յաջորդել է Գաբրիէլ վարդապետ Շիրոյեանը, վանեցի, Լիմ անապատի միաբաններից։ Սա առանձին ուշադրութիւն է դարձրել Վանի կրթական վիճակի վրայի եւ տեսուչ է կարգել Թոփուզեան Յակոբ վարդապետին։ Իբր վանահայր Վարագի, նա երկրաշարժից կործանուած Սիոն եկեղեցին դարձրել է ցորենի շտեմարան։ 1850 թուին նա եկել է Էջմիածնի եւ եպիսկոպոս ձեռնադրուել, եւ Աղթամարի Խաչատուր կաթողիկոսի մահից յետոյ Աղթամարի կաթողիկոս է ընտրուել, սակայն յանձն չէ առել, որովհետեւ Ներսէս կաթողիկոսը, որ նրան եպիսկոպոս էր ձեռնադրել եւ Վասպուրականի առաջնորդ կարգել, ստիպել էր նրան ուխտադրուժ չլինել։ Սրա առաջնորդութեան վերջին տարին, այն է 1857 թուին Խրիմեան Մկրտիչ վարդապետը Յակոբ պատրիարքի կոնդակով եկել է Վարագ եւ մեծ ջանք գործ դնելով հանել է վանքը Վանի առաջնորդների իրաւասութիւնից եւ դարձրել մի անկախ վանք՝ ենթարկուած Կ. Պօլսոյ պատրիարքի անմիջական իշխանութեան եւ այսպիսով ազատել վանքը Վանի մեծամեծների շահատակութիւններից։ Խրիմեան այստեղ բացել է տպարան եւ շարունակել հրատարակել իւր «Արծուի Վասպուրական » ամսաթերթը, հիմնել է ժառանգաւորաց դպրոցը, որի յիսնամեակը շքեղօրէն տօնուեց անցեալ 1910 թ. եւ որը ունեցաւ մի քանի շատ նշանաւոր աշակերտներ՝ ինչպէս Գարեգին եպիսկոպոս Սրուանձտեան, Արսէն Թոխմախեան, Գրիգորիս եպիսկոպոս Աղուանեան, Արիստակէս վարդապետ Դեւկանց , Նշան Շիրվանեան, Տիգրան Ամիրջանեան, Մանուէլ Անանեան, Մանուէլ Միրախորեան, Պետրոս Գափամաճեան եւ ուրիշներ։
       Արծուի Վասպուրականը հրատարակուել է մինչեւ 1864 թ. եւ ապա կրկին՝ 1872 թուին իբր շաբաթաթերթ Մանուէլ Անանեանի խմբագրութեամբ, միայն մի տարի։
       1880 թուին ժառանգաւորաց դպրոցը վերածուել է երկրագործական վարժարանի Խորէն Խրիմեանի տեսչութեամբ, Եւրոպայից բերուել են երկրագործական նոր ձեւի գործիքներ եւ Խրիմեանի ջանքով գնուել է Սալախանէ ահագին կալուածք յատկապէս երկրագործական վարժարանի համար։
       Խրիմեանի հեռանալով վանքն սկսել է անշքանալ, իսկ 1896 թուին ենթարկուել է կոտորածի ու կողոպտման, որից յետոյ նորից սկսել է բարգաւաճիլ, միայն կրկին ենթարկուելով Վանի առաջնորդարանին եւ կառավարուելով մի առանձին հոգաբարձական մարմնով, որի 7 անդամները վերընտրւում եւ տասիաիւում են Պօլսոյ պատրիարքից այն 21 անձերի ցուցակից, որ կազմում է Վանի քաղաքական ժողովը։
       Վարագայ վանքում այժմ կան միայն երեք վարդապետ, որոնք ուտեստ եւ ամենաչնչին ռոճիկ են ստանում հոգաբարձութիւնից։
       Վարագայ վանքը այժմ ունի 619 չափ վարելահող, եւ ահագին արօտատեղի, չհաշուած Սալախանէ կալուածքը, որ քրդերից յափշտակուած լինելով՝ դեռ եւս վիճելի է։
       Վանքը 1910 թուին ունէր 1393 ոչխար եւ 121 տաւար, նաեւ դպրոցի յիսնամեակի առիթով կազմուել է 69191 ղուրուշի ( = 5535 ր. 28 կ ) մի դրամագլուխ՝ յատկապէս դպրոցի։