Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԵԹՈՒՄ  ՊԱՏՄԻՉ

 

Միջնադարյան հայ անվանի պատմագիրներից է Հեթումը, որը Գրիգոր պատմիչի նման գրել է աշխարհիկ բնույթի պատմական երկասիրություն։ Նա ապրել ու գործել է Կիլիկիայում XIII դարի երկրորդ կեսին եւ XIV դարի սկզբին։ Մահացել է հավանաբար 1307 կամ 1308 թթ․ Ֆրանսիայի Պուատյե քաղաքում։ Նրա պատմագրական ժառանգությունից մեզ են հասել՝ «Պատմութիւն թաթարաց», մի համառոտ «ժամանակագրութիւնք» եւ երեք փոքրածավալ ազգաբանական աշխատություններ։ Առաջինը նա գրել է Կղեմես Ե պապի հանձնարարությամբ, հին ֆրանսերեն լեզվով (ինքը թելադրել է եւ Նիկողայոս Ֆալկոնը գրի է առել 1307 թ․)։ Նույն թվականին էլ վերջինս այն թարգմանել է լատիներեն , 1842թ [1] լատիներենից հայերեն թարգմանել է Մ․ Ավգերյանը եւ հրատարակել Վենետիկում։

«Պատմութիւն թաթարացի» ֆրանսերեն բնագիրը կրում է “La flor de l’istoires de la terres d’orient” «Արեւելքի երկրների պատմության ծաղկաքաղաք» խորագիրը: Այն ըստ էության ոչ միայն թաթարների, այլեւ միջնադարյան արեւելքին նվիրված պատմություն է՝ բաղկացած 56 համառոտ գլուխներից: Որոնցից Ա-ԺԵ գլուխներում տրված է Ասիայի 14 երկրների պատմաաշխարհագրական տեսությունը, նրանց էթնիկական բնութագրումով եւ բնորոշ առանձնահատկությունների ընդգծումով (Չինաստան, Ույգուրիա-Տարաս, Թուրքեստան, Խորեզմ, Կոմանիա, Հնդկաստան, Պարսկաստան, Մարաստան, Հայաստան, Վրաստան, Միջագետք, Խալդիա, սելջուկների պետություն եւ Ասորիք), եւ որպես այդպիսին, այն միջնադարյան եվրոպական երկրների համար կարեւոր աղբյուր է ծառայել Ասիայի, Կովկասի, Հարավային Ռուսաստանի պատմության, աշխարհագրության, տնտեսության, քաղաքական կյանքի, մշակույթի, կենցաղի եւ մոնղոլների, նրանց արշավանքների ու տիրապետության հաստատման պատմության ուսումնասիրության համար:

XIV դարում Հեթումի ֆրանսերեն բնագիրը կորած է համարվել, այդ պատճառով 1351 թ. հոգեւորական Լելոնգը լատինական բնագիրը նորից թարգմանել է ֆրանսերեն: XV-XIX դարերում ֆրանսերեն երկու տեքստերը եւ դրանց լատիներեն, իտալերեն, անգլերեն իսպաներեն, հոլանդերեն, գերմաներեն թարգմանությունները տպագրվել են Արեւմտյան Եվրոպայի երկրների մայրաքաղաքներում եւ մշակութային այլ կենտրոններում: Արեւելագետ Ս. Միրնին նշում է, որ, եթե չհաշվենք Մարկո Պոլոյի «Ճանապարհորդությունը», ապա Հեթումի երկը միջնադարյան Եվրոպայում ամենից շատ է տպագրվել [2]: Նա միաժամանակ գրում է, որ Հեթումին գիտէին եւ ռուս պատմաբանները, որ ակադեմիկոս Դ. Յազիկովը նախատեսել էր տպագրել Հեթումի «Պատմության» ռուսերեն թարգմանությունը, սակայն չի հասցրել [3]: Ս. Միրնին նկատում է, որ լատիներեն թարգմանությունը բավական տարբերվում է ֆրանսերեն բնագրից, որ թարգմանիչը, ի հաճույս պապի, «ուղղել» է Հեթումին, նրան վերագրելով կրոնական ջերմեռանդություն, մի բան, որ չի համապատասխանում իրականությանը [4]:

«Պատմություն թաթարաց»-ում սկսած ԺԶ գլխից տրված է մոնղոլների նվաճողական քաղաքականությունը Չինգիզ խանից մինչեւ Խուբիլայը, մոնղոլական առանձին ուլուսների պատմական նկարագրությունը, Պարսկաստանի նվաճումը, իլխանության ստեղծումը, վերջինիս պայքարը Եգիպտոսի դեմ (1259-1305 թթ. ):

Նրանում ցույց է տրված մոնղոլական պետության այն դերը, որ նա խաղացել է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի ճակատագրում:

Համեմատաբար ավելի տեղ է տրված Կիլիկյան հայկական թագավորության քաղաքական պատմությանը: «Արեւելքի երկրներում պատմության ծաղկաքար» հազվագյուտ երկասիրությունն ավարտվում է Մերձավոր Արեւելքի XIII-XIV դարերի սահմանագլխում, ռազմաքաղաքական դրության նկարագրությամբ եւ Եգիպտոսի դեմ իլխանության եւ արեւմտաեվրոպական պետությունների միջեւ կնքված հարձակողական դաշինքի նախագծով:

Իլխանության քաղաքական պատմությունը շարադրելիս պատմագիրը ելակետ է ունեցել հայկական պետության եւ Հեթումյանների շահերը: Հենց դրանով էլ բացատրվում է, առանձին դեպքերում, երեւույթների եւ իլխաններից ոմանց գործունեության ոչ օբյեկտիվ գնահատումները:

Հեթումի «Պատմությունն» իր ժամանակի հասկացողությամբ հանրագիտարան է, Արեւելքի երկրների աշխարհագրությամբ չգերազանցված նկարագրություն:

Իր երկը գրելու համար Հեթում պատմագիրը առատորեն օգտագործել է Արեւելքի երկրների մասին առեւտրականների եւ ողղափառ միսիոներների պատմածները եւ իր երկու հորեղբայրներից՝ Հեթում Ա-ի եւ Սմբատ սպարապետի, հետ ունեցած ու գրի առած զրույցները: Երկու տեղ՝ մեկը Ռումի սելջուկների, մյուսը Ջալալ ադ-Դինի պարտոթյան կապակցությամբ, նշում է ոմն Գոդեփրետ Պասսագիոսի «Պատմութիւնքը» «... զսա յիշատակեն Պատմութիւնք» [5], «... որպէս լիով գտանի ի պատմութիւնս Գոդեփրետայ Պասագի» [6]: Ռումի թագավորության մասին խոսելիս, ասում է. «... ուսուցանեն մեզ պատմութիւնք կողմանցն արեւելից» [7]: Թաթարների նախնական բնակավայրերի կապակցությամբ նշում է՝ «... որ յիշի ի պատմութեան Աղեքսանդրի» [8]: Մոնղոլների սկզբնական շրջանում կրած նեղությունների առթիվ գրում է, թե «Այլ ըստ որում գտանի ի պատմութիւնս Թաթարաց» [9]:

Երկի 46-րդ գլխում, որ կրում է «Յաղագս որոշողութեանց մատենիս անդստին ի սկզբանէն» խորագիրը, կարդում ենք. «Ես եղբայր Հեթում առաջիկայ գտայ նախաճառելոցս, ի վաղուց ի մտի եդեալ առնուլ զսքեմ կրօնաւորական. այլ վասն դժուարին անցից թագաւորութեան՝ ոչ կարացի թողուլ զթագաւորոթիւնն. բայց սակայն ըստ տեսչութեան բարձրելոյն լցի զփափաք եւ զուխտ սրտիս, գնացի ի Կիպրոս, եւ առի զկարգ Պռէմոնսդրատեանց յամի 1305»: Այնուհետեւ նշելով, որ շնորհիվ Լեւոն թագավորի, թագավորությունը այդ ժամանակ լավ վիճակում էր գտնվում, շարունակում է իր միտքը՝ «Հաւատարիմ յօրինիչ գրոյս զայն իրս զորս պատմէ ի ժամանակէ Ճինկիզ խանին մինչեւ ի Մանգոյ Խան, էառ ի պատմութեանց Թաթարաց: Ի Մանգոյ խանէ մինչեւ ի մահ Հուլաւոնի պատմէ զոր միանգամ, լուաւ ի քեռւոյ իւրմէ՝ որ առաջիկայ գտաւ եղելոցն ամենայնի» [10]: « Ի սկզբնաւորութենէ Ապաղայ խանին մինչեւ ի վերջ գրոցս՝ ականատես եղեւ ամենայն գործոց: Մնայ այժմ պատմել որ ինչ գիտութեան արժանի կան յաղագս տէրութեան Թաթարաց եւ կարողութեան, մանաւանդ որ արդ կենդանի են [11]:

Պատմագիրը բացատրում է թե ինչու չի գրել Չինգիզ խանի՝ սկզբնական շրջանի նվաճումների «ժամանակն հավաստիի» մասին: Նա գրում է «Եւ մի՛ լիցի ումեք զարմանալ, զի չեդի ի պատմութեան աստ զժամանակն հաւաստի. զի թէպէտ եւ ի բազմաց խնդրեցիզհաւաստիս ստուգութեան, բայց չկարացի գտանել զոք, որ լիով տացէ ինձ տեղեկութիւն ղայդմանէ» ու ավելացնում է. «Եւ պատճառ զայն կարծեմ անգիտելի մնալոյ ստոյգ ժամանակի պատմութեանց, վասն զի ի սկզբանէ Թաթարք չունէին նշանագիրս, վասն որոյ ժամանակն եւ անցք իրաց անցանէին առանց նշանակելոյ յումեքէ, եւ այնպէս ի մոռացօնս լինէին» [12]:

Աբաղայի եւ նրա եղբոր թունավորման մասին նշելուց հետո, նա ավելացնում է՝ «... եւ ստուգթիւն բանիս ի նոցունց իսկ ապիրատաց խոստովանեալ եղեւ» [13]:

Հեթումը ականատես եւ գործող անձ է: Հեթում Բ-ի հանձնարարությամբ նա իլխանների արքունիքում դիվանագետի դեր է կատարել, մասնակցել է Եգիպտոսի դեմ մոնղոլա-հայկական արշավանքներին, շատ է ճանապարհորդել ու եղել բազմաթիվ երկրներում:

Գրելով Չինգիզ խանի օթոցի՝ գահի, մասին, նշում է. «Եւ ես երկիցս անձամբ առաջիկայ գտայ այսմ հաստատութեան առ ի յինքնակալէ» [14]:

Նկարագրում է Եգիպտոսի դեմ պատերազմում Ղազան խանի հաղթանակնե-րից մեկը եւ ընդգծում. « Ես եղբայր Հեթում զայս ամենայն աչօք տեսի, զի առաջիկայ էի: ... Ղազան այր փոքրահասակ եւ տգեղ դիմօք... » [15] էր:

Մոնղոլական եւ հայ-վրացական զորքերի՝ Դամասկոսի մոտ եգիպտացիներից կրած պարտությունից հետո նահանջի կապակցությամբ գրում է. «... այլք դարձան ի տեղիս իւրեանց. յորոց միջի գտաւ եւ պատմաբանս » [16]:

* * *

Հեթումի ժամանակակիցների կամ նախորդների՝ մոնղոլների մասին գրվածքների համեմատությամբ նրա «Պատմությունը » նշանակալից քայլ էր դեպի առաջ: Նրա երկրի կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն հարցերի ավելի լայն շրջանակ է ընդգրկում, ավելի խորն է բացահայտում համաշխարհային թատերաբեմում մոնղոլ նվաճողնեի հանդես գալու նախադրյալները, քան այդ արել են Կարպինին, Ռուբրուքը, Ասցելինը եւ ուրիշներ: Ճիշտ է նկատում Ս. Միրնին, որ չնայած Հեթումը մտել էր Պրեմոնտյան օրդենը, սակայն ազատ էր նշված այս ճանապարհորդների՝ կաթոլիկական դավանանքին նորանոր հետեւողներ հավաքագրելու պարտականությունից, որը եւ նրանց խանգարում էր ճիշտ լուսաբանել մոնղոլների եւ Արեւելքի պատմությունը [17]:

Հեթումը ունենալով ավելի լայն աշխարհայացք, քան Մարկո Պոլոն, Լրացնում   է նրան: Հեթումի «Պատմությունը» հնարավորություն է տալիս եվրոպացիներին ծանոթանալու Արեւելքի երկրների քաղաքական փոխհարաբերությունների պրոբլեմներին, որոնք դուրս են մնացել Մարկո Պոլոյի տեսադաշտից: Միջնադարյան հրատարակիչները հավանաբար հաշվի առնելով այդ հանգամանքը, Պոլոյի «Ճանապարհորդության» հետ տպագրում էին եւ Հեթումի երկը: Նրանք համոզված էին, որ Հեթումի հանգիստ ու պարզ ոճը եւ Արեւելքի իրադարձությունների մասին նրա շարադրանքը ավելի հավատ է ներշնչում ընթերցողների մեջ, քան «Ճանապարհորդութեան» զբաղեցնող, գրավիչ պատմվածքները [18]:

Ըստ Ս. Միրնիի, Հեթումը սերտ կապ է պահպանել իլխանության արքունիքում բարձր դիրքեր գրավող նեստորական ասորիների հետ եւ որ մոնղոլների պատմությունը գրելիս նա օգտվել է նաեւ ասորական աղբյուրներից [19]:

Հեթումի նոր մոտեցումը քաղաքակիրթ Արեւելքի պատմության նկատմամբ ու նրա քաղաքական ընդհանրացումները, մեծ ազդեցություն են ունեցել այն ժամանակվա Եվրոպայի՝ մոնղոլների մասին ունեցած պատկերացումների վրա: Ս. Միրնին գտնում է, որ Հեթումին առանձնապես բարձր են գնահատել XV-XVI դարերում, որբ Արեւելքի մասին հոգեւորականների գրվածքերը արդեն չէին բավարարում նոր ընթերցողներին:

Նա միաժամանակ ցույց է տալիս, որ Հեթումի երկը լայնորեն օգտագործել են արեւմտա-եվրոպական շատ արեւելագետներ ու ժամանակագիրներ, որոնք գրել են մոնղոլների մասին եւ գտնում է, որ արեւմտա-եվրոպական պատմաբանների՝ Հեթումի նկատմամբ մեծ հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ նա ավելի ստույգ տեղեկություններ է տալիս մոնղոլների մասին, քան իր նախորդներն ու հետնորդները:

Ֆրանսիացի արեւելագետ Պ. Պոլենը գտնում է որ Հեթումի «Պատմությունը » օգնում է մասնագետներին բացահայտել, վերծանել Մ. Պոլոյի «Ճանապարհորդության » մի քանի անհասկանալի տեղերը [20]: Խ. Թորոսյանը ընդգծում է, որ այն առաջնակարգ նշանակություն ունի առաջին հերթին թաթարների   պատմության ուսումնասիրության համար [21]: Հեթումի երկը բարձր են գնահատել այնպիսի ականավոր արեւելագետներ ինչպիսիք են հայազգի դ’Օհսոնը, Դյուլորիեն, Պատկանովը, Կլոդ Կայենը, Տիզենհաուզենը եւ ուրիշներ [22]:

Վ. Իկոնիկովը նշում է, որ եվրոպական երկրները երկար ժամանակ Ռուսաստանի, նրա տարածքի եւ նրանում բնակվող ժողովուրդների մասին տեղեկությունները քաղել են Հեթումի Պատմությունից [23]:

* * *

Հեթումի մասին գրած հոդվածում Միրնին ընգծված ձեւով Հեթումին ներկայացնում է իբրեւ Եգիպտոսի ու սելջուկների դեմ՝ մոնղոլների, պապի եւ Եվրոպայի քրիստոնյա պետությունների միջեւ կնքվելիք հարձակողական դաշինքի նախապատրաստողներից մեկը եւ հանգում է մի շարք կարեւոր եզրակացությունների:

Ըստ նրա, Հեթումը ազդեցիկ քաղաքագետ է եղել: Նա գտնում էր, որ անհրաժեշտ է նաեւ Եգիպտոսին տնտեսական բլոկադայի ենթարկել, որ նման դաշինքը կապահովեր Կիլիկյան հայկական թագավորության անվտանգությունը:

Եգիպտոսին տնտեսական չեզոքացման ու նրան գերիներ չվաճառելու Հեթումի գաղափարը հետագայում դրվել է խաչակիրների արշավանքի պլանի հիմքում, որ նախագծել էր իտալացի նշանավոր քաղաքագետ եւ պատմաբան ավագ Մարինո Սանուտոն [24]:

Ականավոր պետական գործչի եւ պատմագրի ռազմական ծրագրի հիմքում դրված է եղել հետեւյալ սկզբունքները՝ «Բանն պահանջէ, զի որ կամիցի սկսանել զպատերազմ, ունիցի զչորս պայմանս զայսոսիկ. նախ զիրաւացի պատճառս. երկրորդ զկարեւորս ի պէտս սկսանելոյ եւ յանգ հանելոյ զպատերազմ. երրորդ պարտի հետազօտել զվիճակ եւ զկարողութիւն թշնամւոյն. չորրորդ պարտի սկիզբն առնել մարտի ի դէպ ժամու: Քրիստոնեայք վասն գրաւելոյ զսուրբ երկիր՝ ունին զարդարացի պատճառ, վասն զի է ժառանգութիւն Քրիստոսի. եւ առաջինք մեր բազում՝ ինչ ստիպեցան կրել ի Սարակինոսաց, եւ ունին բաւական զօրութիւն, միայն թէ միաբան մխեսցին ի կռիւ» [25]:

Համայն քրիստոնյաների միաբանության, հարձակողական դաշինքի կնքման անհրաժեշտության գաղափարն է Հեթումի վերը տրված ծրագրի ուղն ու ծուծը   կազմում եւ պատահական չպետք է համարել, որ Հեթումը գրում է Չինգիզ խանի՝ իր որդիներին տված պատվիրանի մասին: Նա նշում է, թե Չինգիզ խանը մահից առաջ «... կոչեաց առաջի իւր զերկոտասանեսին որդիս իւր եւ խրատ ետ նոցա , զի լինիցին միշտ միաբանք եւ միախոհք. եւ ետ նոցա օրինակ այսպիսի. հրամայաց՝ զի իւրաքանչիւր որդիքն բերցեն մի մի նետ, եւ յորժամ կային ի միասին ամենեքին, հրաման ետ աւագին, զի խորտակեսցէ զամենայնն ի մի խուրձ միանգամայն՝ եթէ կարող ինչ է. եւ նորա առեալ զերկոտասան նետսն՝ ջանացաւ խորտակել զնոսին, այլ չկարաց բնաւին. ապա ետ զնոսա երկրորդ որդւոյն եւ երրորդին, եւ այլոց մի ըստ միոջէ. այլ ոչ ոք կարաց խորտակել. յայնժամ հրամայեաց կրտսեր որդւոյն, զի ուրոյն ուրոյն առեալ զնետսն բաժանեալս՝ խորտակեսցէ մի առ մի. եւ նա հեշտեաւ խորտակեաց զամենայն: Յայնժամ դարձաւ Ճինկիզ խան առ որդիս իւր եւ ասէ ցնոսա: Ընդէ՞ր, որդեակք իմ, չկարացիք բեկանել զնետս... եւ նոքա ասեն: Վասն, զի տէր, բազումք էին ի միասին: Եւ ընդ՞էր եբեկ զնոսին եղբայրն ձեր կրտսեր: Վասն զի, տէր, ուրոյն ուրոյն էին բաժանեալ: Եւ ասէ Ճինկիզ խան. Այսպէս լինիցի եւ ընդ ձեզ, ցորչափ լինիջիք մի սիրտ եւ մի ոգի, տեւեսցէ տոկուն ինքնակալութիւն ձեր հանապազ, այլ ընդ բաժանել ձեր յիրերաց՝ փութով յոչինչ դարձցին տէրութիւնք ձեր » [26]: Այնուհետեւ Հեթումը նշում է, թե շատ ուրիշ բարի խրատներ է տվել նա իր որդիներին, բայց թե ինչ խրատներ չի գրում: Նրան անհրաժեշտ է եղել միաբանության մասին խրատը մանրամասն ընդգծել. պատմագրի ապրած ժամանակն էր այդպես պահանջում: Անմիաբանությունը, աշխարհակալ այնպիսի մեծության, ինչպիսին Չինգիզ խանն էր, անհանգստացրել է եւ պատմագիրը նրա բերանով է ժամանակակիցներին հասկացնում, որ միաբանությունն է միայն հաջողության ու հաղթանակի երաշխիքը:

Ըստ պատմագրի Հեթում Ա-ի Կարակորում ուղեւորության նպատակն է եղել ոչ միայն հովանաւորութիւն խնդրելը Կիլիկիայի համար, այլեւ ներկայացնել Երուսաղեմը մուսուլմանների ձեռքից ազատելու մի ամբողջ ծրագիր: Այս վկայության կապակցությամբ Աշ. Հովհաննիսյանը  միանգամայն դիպուկ  նկատում է. «Հեթում պատմիչի» այս ու նման հավաստիացումների պատմական արժեքը խիստ կասկածելի են եւ դրանց հետապնդած քաղաքական տենդենցը խիստ ակնբախ» [27]:

Հեթում Ա-ի ժամանակակից պատմագիր Գրիգորը արքայի ճանապարհորդության մասին բավարարել է գրելով, թե նա իմանալով մոնղոլների՝ նվաճած երկրներում պատճառած արհավիրքների մասին «... վասն սիրոյ քրիստոնեից եւս առաւել վասն իոր սեփհակաան երկրիս, գնաց բազում դանձիւք առ Մանկուղանն, եւ հոգաց չթողուլ յերկիրս իւր զայսպիսի բարկութիւնս, եւ յորժամ հասաւ առ ղանն ... մեծարեցաւ ի ղանէն, եւ արարեալ ղանն մեծ պատիւ եւ հարկիս թագաւորին Հայոց, եւ զամենայն բան նորա հոգաց ըստ կամաց նորա եւ դարձոյց մեծ ուրախութեամբ յաշխարհն իւր» [28]: Այսքանը եւ ուրիշ ոչինչ, մինչդեռ, ըստ Հեթում պատմագրի, Հայոց Թագավորը մի մբողջ ծրագիր է թելադրում Մանգու խանին:

«Բայց այս ամենը միանգամայն ճիշտ նկատում է Աշ. Հովհաննիսյանը, - անպետք որպես պատմություն, պիտանի է որպես լեգենդ: Լեգենդ, որ անդրադարձնում էր այն տրամադրություններն ու սպասումները, որոնք առաջ էին եկել ավելի ուշ՝ պապի եւ մոնղոլ էլխանների միջեւ կայացած բանակցությունների եւ մասնավորապես՝ մոնղոլ էլխանների եւ Հեթում II-ի համագործակցության մթնոլորտում» [29]: Այդ է վկայում Գրիգոր պատմիչի վերը բերված հաղորդումը: Ամենայն հավաննականությամբ՝ այդ լեգենդը հրապարակ եկած պետք է լիներ Արղուն խանի տիրապետության օրերին: Երբ վերջինս ձգտել էր քրիստոնեությունը իբրեւ գաղափարական զենք, ավելի գոծարար ձեւով օգտագործել իր արտաքին դիվանագիտական բանակցություններթւմ, քրիստոնյա Եվրոպայի եւ Հռոմի պապի հետ լեզու գտնելու՝ ընդհանուր թշնամու՝ Եգիպտոսի, դեմ համատեղ պայքարելու գործում: Հռոմի պապի հետ Արղունի վարած բանակկցությունները հայ միջավայորում առաջ էին բերել այն հույսերը, որ նա՝ Արղունը, իրենց երազած թագավորը պիտի լինի, որ դաշնակցած Արեւմուտքի քրիստոնյա պետությունների հետ ազատություն կբերի հայերին:

Պատմագիրը գոհունակությամբ գրում է այն մասին, թե երբ հայերն ու վրացիներն իմանում են Արղուն խանի «քրիստոնյասեր» լինելու մասին, գնում են նրա մոտ «... ուստի արքան Հայոց եւ արքան Վրաց հանդերձ այլովք քրիստոնէիւք չոքան առ նա, եւ աղաչեցին զնա, զի խորհրդով եւ օգնականութեամբ իւրով առցէ զսուրբ երկիրն: Եւ նորա խորհուրդ արարեալ՝ ետ պատասխանի, զի արասցէ զամենայն հնարաւորս ըստ կամս նոցա» [30]:

Սակայն, ըստ Հեթումի, Արղունի մահը խանգարել էր իրականացնելու տված խոստումը:

Միանգամայն ճիշտ է նկատում Աշ. Հովհաննիսյանը, որ Արղունի ժամանակ մոնղոլ-հռոմեական բանակցությունները ըստ երեւույթին, խրախուսում էին հայ ֆեոդալներին:

Հեթումը գրել է, թե Արղունը պապին հայտնել է, որ իբր նրա կողմից նախապատրաստվող խաչակրաց արշավանքին կմիանան վրաց երկու թագավորները քսան հազար այրուձիով եւ պաշարով:

Աշ. Հովհաննիսյանը նշում է, թե Արղունը նկատի ուներ անշուշտ «հայոց եւ վրաց թագավորության» ենթակա ֆեոդալական ուժերը: Անդրկովկասի եւ Հայաստանի ֆեոդալական միջավայրից զատ, մոնղոլների եւ խաչակրաց համգործակցության գաղափարը ջերմ արձագանք էր գտնում մանավանդ Կիլիկիայի արքունիքում» [31], - եզրակացնում է Աշ. Հովհաննիսյանը: Մենք կավելացնենք՝ մանավանդ մեր այս պատմագրի մոտ:

Հայոց արքան իր հմուտ խորհուրդներով օգնել է Հուլավուի նվաճումներին: Վերջինս Ասորիք կատարելիք արշավանքի նախօրյակին հայոց թագավորին իր զորքով կանչում է Ուռհա, Հեթում Բ «... երկոտասան հազար հեծելովք եւ քառասուն հազար հետեւակօք ճանապարհ արարեալ, եկն առ Հուլաւոն եւ ասէ ցնա. Տէր, սուլդանն Հալէպու ի ձեռին ունի զբովանդակ երկիրն Ասորւոց զիշխանութիւն եւ յայնմ թագաւորութեան է քաղաքն Երուսաղէմ վասն որոյ պետք են նախ արկանել ի բուռն զգլխաւոր քաղաքն Հալեպու, եւ այնպէս եղիցիս տէր երկրին Ասորւոց ողջոյն» [32]: Հուլավուն հավանում է խորհուրդը. հրամայում է պաշարել Հալեպը եւ 9 օրից հետո գրավում է այն, իսկ քաղաքի միջնաբերդը՝ « ականահատությամբ»՝ 12 օրից հետո, սակայն ոչ թե 1250 թ., ինչպես գրված է «Պատմության» մեջ, այլ 1260թ. [33]:

Հակառակ Գրիգոր պատմիչի՝ Աբաղայի եւ նրա իշխած տարիների մասին դրվատական խոսքերին, Հեթում պատմագիրը նրան պատերազմների գրգռիչ է   համարում, մեղադրում Եգիպտոսի հզորացման եւ հայկական թագավորության թուլացման գործում: Դժգոհությամբ է գրում, թե Հեթում Թագավորը « բազում անգամ գուն գործէր յորդորել զԱպաղայ եւ զԹաթարս ի քակտումն նոցունց (Սարակինոսների Լ. Բ. ) այլ Ապաղայ վասն մարտին ընդ սահմանակիցս՝ հրաժարեաց յոլովակի» [34]: Հեթումին հաջորդած Լեւոն թագավորն էլ շատ ջանքեր է գործադրում Երուսաղեմի ազատագրման ողղությամբ, նա Աբաղային անգամ աղաչում է այդ մասին եւ վերջինս «... խոստացաւ, միանգամայն եւ խորհուրդ ետ թագաւորին Հայոց, զի դեսպանս արձակեսցէ առ պապն եւ առ ուղղափառ թագաւորս (վասն այսր բանի [35], այսինքն՝ Երուսաղեմի ազատագրման կապակցությամբ:

Հեթում պատմագիրը ոչ միայն հաստատում է ժամանակակից աղբյուրների վկայություններն այն մասին, որ Ղազանը ստանձնելով գահը, սկզբում խիստ հալածանք է սկսել քրիստոնյաների դեմ, այլեւ բացահայտում է դավանանքի հարցում քրիստոնյաների նկատմամբ Ղազանի վարած քաղաքականության մեջ տեղի ունեցած շրդադարձի հիմնական պատճառը: Նա գրում է. «Ղազան եղեւ տէր Թաթարաց. եւ կացեալ ի խոստման իւրում, խիստ եցոյց զանձն առ քրիստոնեայս. այլ յետ հաստատելոյ զտերութիւնն՝ սկսաւ պատուել եւ սիրել զքրիստոնեայս եւ եբարձ զմեծամեծս, որք հրապուրէին զնա ի դենն Սարակինոսաց: Յետ այնորիկ պատուէր ետ իւրոցն Թաթարաց վառիլ ի զէն. նոյնպէս եւ թագաւորին Հայոց եւ Վրաց եւ այլոց քրիստոնէից. քանզի խորհէր պատերազմ տալ ընդդեմ սուլդանին Եգիպտոսի » [36]:

Մղվելիք պատերազմներն էին Ղազանի անհետեւողական լինելու պատճառը: Ներքին ու արտաքին թշնամիների դեմ պայքարում նրան անհրաժեշտ էր վստահելի զինական ուժ եւ այդ ուժը նա տեսնում էր պարսիկների, ինչպես նաեւ հայերի, վրացիների եւ քրիստոնյա այլ ժողովուրդների մեջ: Հեթումի այս վկայությունը հնարավորություն է տալիս ճիշտ լուսաբանելու թաթար ամենաականավոր պետական-քաղաքական ու ռազմական գործչի՝ Ղազանի, ներքին քաղաքականության մեջ անհետեւողական լինելու պատճառը: Ստեղծված ներքին ու արտաքին բարդ իրավիճակը պահանջել էին հանդուրժողական լինել քրիստոնյաների եւ մյուս կրոնների նկատմամբ եւ Ղազանը ստիպված էր քայլել կյանքի հետ:

Հեթումը, սակայն, սխալվում է գրելով, թե Ղազանի կողմից մեծամեծներին   ոչնչացնելու պատճառը նոր (կրոնի) մեջ նրա հրապուրվելն է եղել: Ղազանը ոչնչացրել է գահակալական պայքարում իր հակառակորդներին միայն, կրոնական երանգը ոչ մի դեր չի կատարել:

Քրիստոնյաներին շատ « սիրելու եւ պատվելու » համար է, որ մեր պատմագիրը բավական բարյացակամ է արտահայտվում այս իլխանի մասին, մանրամասն նկարագրում նրա մղած պատերազմներն, ու հաղթանակները:

Գոհունակությամբ արձանագրում է. «Այն էր սքանչելի, զի Ղազան... ի միում աւուր խորտակեաց զթշնամիս, եւ յաւուր երկրորդի զամենայն ճոխութիւնս առատաձեռնօրէն բաշխեաց ի մէջ իւրոցն, պահեալ վասն իւր զմի եւեթ դաշոյն, եւ զգրուածս Եգիպտոոսի» [37]:

Հեթումի երկը կարեւոր աղբյուր է Ղազան խանի՝ եգիպտոսի դեմ մղած պատերազների եւ ներքին դավադիր ուժերի ճնշման պատմության համար, ինչպես նաեւ հայ-մոնղոլական զինակցության պատմության, քանի որ հեղինակը, իբրեւ ականատես, հաղորդում է մանրամասներ. որոնք չէն հանդիպում այլ աղբյուրներում [38]:

 

* * *

Հեթում պատմագիրը հարուստ ու հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում նաեւ Չինգիզ խանի եւ ընդհանրապես մոնղոլների մասին, որոնք, նույնպես, չկան ուրիշ աղբյուրներում եւ կատատում է իր, իրավամբ, դիպուկ ընդհանրացումը՝ «Գիտեն առնուլ զերկիր այլոց, այլ պահել ոչ» [39]: Ասված է կարճ, բայց շատ տեղին: Աշ. Հովհաննիսյանի խոսքերով ասած, մեր այս պատմագիրն էլ դրվատելով մոնղոլներին, հավանորեն ի նկատի ունի նախ եւ առաջ մոնղոլ «եասախի» կամ մոնղոլական բարոյագիտության ձեւական նորմերը: Նվաճողների հաջողությունը նա եւս վերագրում է ոչ միայն ղեկավարների «կորովամտությանը», «իմաստասիրությանը», «արդարությանը» կամ «քրիստոնեասիրությանը», այլեւ վերջին հաշվով, նրանց համայնակենցաղով պայմանավորված այն կարգապահությանն ու համերաշխությանը, որպիսին ինքը չի հանդիպում դասակարգային մարտերի ասպարեզ դարձած եւ քրիստոնեական հեզությանը ֆեոդալական հնազանդության նորմերը հեգնող հարազատ միջավայրում: Արեւելյան աշխարհներում տեղադրվող

 

Ֆանտաստիկ նման պատկերացումները հատուկ էին առհասարակ միջնադարյան Արեւմոտքին: Նման պատկերացումներից, ինչպես տեսնում ենք, ազատ չէր նաեւ միջնադարյան Հայաստանը [40]:

Հեթում պատմագրի երկը կարեւոր աղբյուր է մոնղոլական կենտրոնական պետության եւ իլխանության փոխհարաբերությունների պատմության համար:

Հեթումի չափազանց կարեւոր մի վկայություն հաստատում է մոնղոլների՝ սկզբնական շրջանում տարբեր կրոնների նկատմամբ հանդուրժողական քաղաքականության փաստը: Մանգու խանը Հեթում թագավորին ասում է, թե «Զաղաչանս քո յանձն առնումք. զիս տաց մկրտել, ընկալայց զքրիստոսական հաւատս, եւ խնամ կալայց՝ զի ընկալցին ամենայն հպատակք իմ, բայց առանց ամենայն բռնության » [41]:

Հեթումը հաստատում է Վարդանի եւ Կիրակոսի վկայությունները Հուլավուի կնոջ՝ Դոկուզ խաթունի, քրիստոնյա լինելու մասին: Նա մի տեսակ գոհունակությամբ գրում է, թե «Կինն Հուլաւնի Դուկոսսարոն անուն՝ քրիստոնեայ էր ...: Տիկինս այս յոյժ ջերմեռանդն քրիստոնեայ, խնդրէր հրաման կործանելոյ զտաճարս Սարակինոսաց. զոր եւ արար իսկ... եւ զՍարակինոսս յայնպիսի եդ ծառայութիւն, զոր ոչ ոք այլ իշխեաց թօթափել այնուհետեւ» [42]:

Պատմագիրը գոհունակությամբ է ընդգծում նաեւ Հուլավուի վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ: Ասում է, թե Բաղդադը եւ նրա շրջակայքը գրավելուց հետո, Հուլավուն հրաման տվեց՝ «... զի ամենայն ուրեք մարդասիրութիւն լիցի քրիստոնէից» [43]:

Հեթում պատմագիրը կարեւոր տեղեկություններ է հայտնում Եվրոպայում մոնղոլների նվաճողական նպատակների մասին: Ասում է Պայտունը (Բաթուն) հասել է մինչեւ Հունգարիա, այնտեղից շարժվել դեպի գերմանական թագավորությունը, առաջացել մինչեւ Ավստրիայի դքսության միջով հոսող մի գետի, նպատակ ունենալով անցենլ մի կամուրջով: Բայց Ավստրիայի դուքսը եւ նրա հարեւանեերը ամրացրել էին կամրջի պաշտպանությունը եւ չէին թողել մոնղոլներին նրանով անցնել: Բաթուն զայրացել է, հրամյել է զորքին գետն անցնել ձիերով եւ ինքն էլ օրինակ է տվել, սակայն հենց այդտեղ էլ խեղդվել է շատ շատերի հետ: Կենդանի մնացածերը ետ են   վերադարձել եւ այլեւս փորձ չեն կատարել խորանալու դեպի արեւմուտք [44]:

Հեթումն իր «Պատմությունն» ավարտում է XIII դարի վերջին եւ XIV-րդ դարի սկզբին Մերձավոր արեւելքի ռազմաքաղաքական դրության նկարագրությամբ:

Հեթումի «Պատմությունը» արժեքավոր աղբյուր է մոնղոլական նվաճումների ի տիրապետության, Մերձավոր արեւելքի երկրների՝ XIII դարի ռազմաքաղաքական վիճակի, Կիլիկյան հայկական թագավորության, հայ-մոնղոլական հարաբերությունների եւ շատ կարեւոր այլ հարցերի ուսումնասիրության համար եւ հնարավորություն է ընձեռում լուսավորելու այդ դարաշրջանի պատմության շատ մութ ու կնճռոտ ծալքերը:

Հեթումը նաեւ թարգմանել է «Պատմութիւն Քրոնիկոնին» եւ գրել ազգաբանական աշխատություններ: «Քրոնիկոնինը» 1294 տարվա իրադարձությունների նկարագրություն է՝ սկսած 1 թվից մինչեւ 1294 թվականը: Նրանում տրված են Հռոմի կայսրերի ու պապերի, ֆրանսիական պատմության Մերովինգյան եւ Կարոլինգյան շրջանների, խաչակրաց արշավանքների, նրանց հիմնադրած լատինակն թագավորույունների եւ իշխանությունների մասին տեղեկություններ: 1773 թվականից հետո տեղեկություններ են տրված նաեւ Կիլիկիայի հայերի մասին ընդ որում, XII դարի վերջին տասնամյակներից՝ դրանք ավելի ընդարձակ են ու մանրամասն:



[1]            Հեթումի «Պատմության» հեյերեն թարգմանության մասին Աշ․ Հովհաննիսյանը նշում է որ «Գրի առնելով իր երկը, Հեթումն ամենից քիչ մտածել էր «թաթարաց պատմիչ» լինելու մասին։ Գրվածքի «պատմական» մասը, ուր հեղինակը տեղեկություններ էր տալիս ասիական ժողովուրդների անցյալի եւ ներկայի մասին, աշխատության ներածություն էր սոսկ։ Հեթումի բուն աշխատությունը …խաչակրաց նոր արշավանքի ռազմաքաղաքական մի ծրագիր էր, որ Վենետիկի հայերեն թարգմանության մեջ դուրս է ձգված։ Երկը …անմիջապես թարգմանվեց լատիներեն՝ պապական դիպլոմատիայ նպատակներին ծառայեցնելու համար։ Սկզբնաղբյուրի եւ թե լատիներեն թարգմանության տեքստերը զետեղված են “Recueil des Histoires des Croisades”  1. 11, Paris, 1905, ժողովածուի մեջ: Տե՛ս Աշ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., հ. 4, էջ 175, 1, ծանոթությունը:

         Ստորեւ կտեսնենք, որ արեւելագետ Ս. Միրնին Հեթումի մասին հոդվածը գրել է ձեռքի տակ ունենալով «Պատմություն» ֆրանսերեն բնագիրը: Հոդվածում ասվում է այն մասին, թե խաչակրաց նոր արշավանքի ձախողումից հետո, Հեթումի ստիպված է եղել ապաստանել Կիպրոսում, դառնալ հոգեւորական: Որպես դաշինքին կողմնակից եւ հայ ֆեոդալների ներկայացուցիչ, 1306 թ. հրավիրվել է Կղեմես պապի մոտ, ուր եւ 1307թ. թելադրել է իր «Պատմությունը»:

 

[2]            С. М. Мирный, “La flor des istoires de terres d’orient” (Ветроград истории стран Востока), см. “Вопросы востоковедения”, 1956, т. стр. 73.

[3]            Նույն տեղում:

[4]            Նույն տեղում:

[5]            «Հեթում պատմիչ թաթարաց», Վենետիկ, 1842, էջ 27: (Այսուհետ՝ Հեթում):

[6]            Նույն տեղում, էջ 30:

[7]            Նույն տեղում, էջ 19:

[8]            Նույն տեղում, էջ 31:

[8]        Նույն տեղում, էջ 31:

[9]            Նույն տեղում, էջ 36:

[10]          Աշ. Գալստյանը ճիշտ նկատում է, որ Ավգերյանը սխալմամբ Սմբատ սպարապետին՝ Հեթումի քեռին է դաձրել, մինչդեռ վերջինս քեռի չի ունեցել, Սմբատը նրա հորեղբայրն է եղել եւ խոսքը վերաբերում է նրանից լսածների մասին: Սակայն ինչ վերաբերում է Աշ. Հովհաննիսյանի այն ենթադրությանը, որ իբր թե Սմբատը մի ամբողջ գիրք է գրել նվիրված Հեթում Ա-ի Մանգու խանի բանակցություններին՝ համոզիչ չէ: Այդպիսին լինելու դեպքում, Սմբատը իր «Տարեգրքում» գեթ մի ակնարկ կաներ, մինչդեռ Հեթումի եւ Մանգույի միջեւ կնքված պայմանագրի մասին «Տարեգրքում» ոչինչ չի ասված: Հեթումը որոշակի ասում է՝ «որ մի անգամ լսել է Սմբատից», թերեւս հավանականը այն կլինի, որ նա ինքն է գրի առել այդ լսածները եւ հետագայում օգտագործել «Տարեգիրքը» գրելու ժամանակ: Տե՛ս Աշ. Գալստյան, Սմբատ սպարապետ, Երեւան, 1961, էջ 98, 99, 96:

[11]          Հեթում, էջ 67-68:

[12]          Նույն տեղում, էջ 34-35:

[13]       Նույն տեղում, էջ 56:

[14]          Նույն տեղում, էջ 32:

[15]          Նույն տեղում, էջ 62:

[16]          Նույն տեղում, էջ 66:

[17]          С. Мирный, ук. ст., стр. 74-75

[18]          Նույն տեղում, էջ 75:

[19]          Նույն տեղում:

[20]          Նույն  տեղում, էջ 76:

[21]          H. Thorossian. Histore de la litterature arménienne, Paris, 1951, p. 170-171  

[22]          Եվրոպական մասնագետների կարծիքները Հեթումի «Պատմության» մասին մանրամասն տես Թորոսյանի նշված աշխատության մեջ:

[23]          В. Иконников, Опыт русской историографии, т. I, Киев, 1892, стр. 346.

[24]          С. Мирный, ук. ст., стр. 81.

[25]          Հեթում, էջ 71:

[26]          Նույն տեղում, էջ 36-37

[27]          Աշ. Հովհաննիսյան, նշվ. աշխ. հ. 1, էջ 175:

[28]          Մաղաքիա, էջ 22-23:

[29]          Աշ Հովհաննիսյան, նշվ. աշխ. , հ. 1, էջ 175:

[30]          Հեթում, էջ 58-59:

[31]          Աշ Հովհաննիսյան, նշվ. աշխ., հ. 1, էջ 171:

[32]          Հեթում, էջ 47:

[33]          Ընդհանրապես նկատենք, որ այս պատմագրի թվական տվյալները մեծ մասամբ սխալ են, ժամանակագրությունը խախտված է: Արղունը իշխել է մինչեւ 1291 թ. , ոչ 1288, Քեյղատուն՝ 1291-1295, ոչ թե 1290, Բայդուն՝ 1295 թ. ընդամենը 6 ամիս, Ղազանը մահացել է 1304 թ. եւ ոչ 1310 թ. եւ այսպես շարունակ: Վերջին թիվը բացահայտ թյուրիմացություն է, քանի որ գիրքը գրվել է 1307 թ. : Բացահայտ թյուրիմացություն է նաեւ 64-րդ էջում նշված 1350 թիվը:

 

[34] Հեթում, էջ52:

[35]          Նույն տեղում էջ 54:

[36]          Նույն տեղում էջ 60:

[37]          Նույն տեղում, էջ 62:

[38]          Նույն տեղում, էջ 31:

[39]          Նույն տեղում, էջ 70:

[40]          Աշ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., հ. 1, էջ 320:

[41]          Հեթում, էջ 43:

[42]          Նույն տեղում, էջ 46:

[43]          Նույն տեղում:

[44]          Նույն տեղում, էջ41: