Հեղինակ

Բաժին

Թեմա

/63/ ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ՀԱՆԳՐՎԱՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ


Նալբանդյանի փախուստը Մոսկվա: Լազարեւների հովանավորությունը։ Աղազադաների ազգատոհմը։ Ըմբոստացած վեքիլները։ Պաշտոնավարություն Ճեմարանում: Վեհազնյա նահանջ։ Կալանք եւ հեռացում Ճեմարանից։ Գրական արձագանքներ:

 

Նալբանդյանի փախուստն ավելի եւս սաստկացրեց նրա դեմ սկսված Հետապնդումները: Հրեղեն լեզու եւ անողոք գրիչ ունեցող պատանու մեջ նրանք նշմարում էին ճնշվող ու կեղեքվող ժողովրդի առավել մոլեգին պաշտպանին, որ ապահով հեռավորությունից կարող էր նույնիսկ ավելի վտանգավոր դառնալ համայնական հողեր հափշտակող ու հասարակական գումարներ գռփող մեծատունների ու սրանց սպասարկող տերտերների ու աբեղաների համար:

1853 թ. հուլիսին Նալբանդյանի հակառակորդներն արդեն տեղյակ էին նրա Մոսկվա գտնվելու մասին: Այդ երեւում է Սարգիս Ջալալյանի 1853 թ. հուլիսի 18-ին Քիշնեւից Մոսկվա՝ Մսեր մագիստրոս Մսերյանին ուղղած մի նամակից, որ գտանք վերջինիս ընտանեկան արխիվում.

«Միքայէլ դպիր Նալպանդեան, հաղորդում էր Ջալալյանը, որ առաքեալ է սրբազան վիճակավորն այդր ի Մոսկով առ ի ստանալ ի ձենջ զուսման վկայական, փախստական է դա ի վեհափառ կաթողիկոսէն… զի վասն յանդուգն եւ ժպիրհ գրութեանց դորա՝ պահանջեցան ի ձեռն փոխարքային Կովկասում, եւ երբ գտանէր դա ի Նախիջեւան՝ եհաս անդ եւ հրաման փոխարքային: Մինչ կամեցաւ ունել եւ առավել ի Տփխիս՝ ի ձեռն պահապանաց՝ փախեաւ անդի ձեռամբ Պատկանեանի, եկն աստ (որպէս գրէ քաղաքական գլուխն տեղւոյն). իսկ երբ հասին աստանօր պահանջմունք մագիստրոսի տեղւոյն՝ զի բռնութեամբ վերադարձուսցեն, աստ եւս փախեաւ այդը. վասնորոյ տամ ձեզ բարեկամական տեղեկութիւն, զի մի յապայն վշտասցի ի ձենջ նորին վեհափառութիւն»:

/64/ Թե ինչ վտանգ էր սպառնում այս պահին Նալբանդյանին, կարելի է կռահել նույն տարվա հուլիսի 17-ին Եկենյանի գրած մի նամակից։ Հաղորդելով Պատկանյանի հետ նրա ունեցած հանդիպման մասին, Եկենյանը հարում էր, թե Խալիբի համոզմունքով իր դեմ պատրաստված մահափորձը չէր կարող վճռված լինել առանց «ստահակ պատանու» դրդման: «Որպես կարծենք, ավելացնում էր Եկենյանը, անհնարին է, թե առանց նորա գիտության եւ հաղորդակցության իցե այս ամենայն»: Այդ նամակը Ջալալյանը ուղարկել էր Ներսեսին ի գիտություն [1]: Ակներեւ է, որ թշնամիները Նալբանդյանի համար եւս պատրաստում էին նույն չար հերյուրանքը, որին զոհ էր դարձել Պատկանյանը:

Նալբանդյանին օգնություն ցույց տալու մասին Պատկանյանը նամակներ էր գրել Լազարեւներին եւ Մոսկվայի ու Պետերբուրգի ազդեցիկ աղաներից երկուսին՝ Աղաֆոն Ակիմյանին եւ Ստ. Հովնանյանին: Վերջիններիս մասին Պատկանյանը գրում էր հետագայում, թե նրանք, որպես Ներսեսի կուսակիցներ, Սարգիս Ջալալյանի դրդմամբ Նալբանդյանի առաջ փակ պահեցին ոչ միայն իրենց սրտի, այլեւ իրենց տան դռները [2]: Լազարեւներն են միայն, որ պատրաստ եղան օգնելու նրան: Հարկավոր էր միայն, որ, հայոց լեզու դասավանդելու ցենզ ձեռք բերելու համար, նա հարցաքննվեր եւ ուսման վկայական ստանար Մսերից: Բայց Ջալալյանի կողմից նախազգուշացված Մսերը հրաժարվել էր հարցաքննել եւ ուսման վկայական տալ Նալբանդյանին, եւ վերջինս ստիպված եղավ մեկնել Պետերբուրգ, Հայոց լեզվի դասավանդության ցենզ ստանալու համար քննություն բռնելու համալսարանի հայագիտության ամբիոնի առաջ: , Տեղեկացնելով այս մասին Ջալալյանին, Մսերը գրում էր, որ Նալբանդյանի մասին ինքը Ճեմարանի վերատեսուչ Էմինի միջոցով գաղտնաբար հաղորդել է արդեն Ճեմարանի «կառավարչին», թե «ընդունելն զնա ի պաշտօն՝ անպատուութիւն մեծ բերէ ճեմարանին եւ մեր իսկ գլխովին»: իր հերթին այս մասին Ճեմարանի «կառավարիչը» (խոսքը Ճեմարանի դիրեկտոր գնդապետ Զելենոյի մասին է, Ա. Հ. ) խորհրդաբար հաղորդել է Պետերբուրգ «որում հարկն էր», հարում է Մսերը: Քանի դեռ ուշ չէ, գրում է Մսերը, «ջան դիք փութացուցանել արք յառաջ զպահանջողական գրութիւն Մագիստրատին առ պօլիցայն տեղւոյս կամ առ զինուորական գաւառապետին: Ոչ անօգուտ ինչ լինի, եթե դուք եւս Ձերով գրութեամբ փութասջիք գոնէ վերատեսչի ճեմարանին Մ. Յ. Էմինայ ծանուցանել մանրամասնաբար զանցս իրացն. զի այր խոհեմ է նա եւ /65/ Խորհրդապահ. եւ կարեք անկասկածաբար հաղորդել նմա զՁեր խորհուրդս» [3]

1853 թ. նոյեմբերի 17-ին Ջալալյան վարդապետը գրում էր Մսերին Նոր-Նախիջեւանից. «Տեղւոյս մագիստրատն պահանջեաց ի պօլիցայէն Մոսկուայի առաքել առ ինքն զստահակ Նալբանդեանն եւ զարմանամ՝ թէ զիարդ աղաեանք (խոսքը Լազարեւների մասին է, Ա. Հ. ) զսոյն օրինակ անարժանն կացուցանեն վարժապետ մատաղ եւ քնքոյշ մանկանց, որ չգիտէ ի՞նչ առնել, եթէ ոչ ապականել զբարոյականութիւնք սոցին գըլխովին, որ դառն է, քան զմահ»: Կաթողիկոսական դիվանի թղթերից տեղեկանում ենք, որ Ջալալյանը մեղադրում էր Մատթեոս Վեհապետյանին այն բանում, թե նա դյուրություն է տվել Նալբանդյանին մտնելու պետական ծառայության մեջ, առ այս տալով նրան օրինավոր ծննդյան վկայական, մինչդեռ նա «չէ օրինավոր ծնունդ եւ նույնպիսիքն չկարեն մտնել յո եւ իցէ ի կայսերական ծառայութեան» [4]:

Փոքր-ինչ հետո, դեկտեմբերի 8-ին, Ջալալյանը, հաղորդելով Մսերին Մոսկվայի ոստիկանության անունով մագիստրատի հղած թղթերի համարը, գրում է նրան. «Ես յուսամ, որպէս դուք, նոյնպէս նորին գերազանցութիւն Ն. Յ. Էմինեան շարժման հոգւով հայրենասիրութեան, փութասջիք հեռացուցանել զդոյնպիսի անձն ի վարժապետական պաշտոնէ, իմանալուլ միանգամայն ի մաքուր եւ յանարատ բարոյականութիւն արդարամատ մարդկանց»: Մսերի «Օրագրություն»-ներից պարզվում է, որ նա անընդհատ արձագանքում էր Ջալալյանի դիմումներին եւ իր հերթին կատաղի աշխատանք տանում Նալբանդյանի դեմ: Ըստ «Օրագրություն»-ների՝ Նալբանդյանի մասին Մսերը գրություններ էր ուղարկել Ջալալյանին 1853 թ. նոյեմբերի 2-ին եւ 23-ին, դեկտեմբերի 21-ին, 1854 թ. հունվարի 14-ին, 25-ին եւ 29-ին, փետրվարի 25-ին, մարտի 1-ին: Երեւում է դարձյալ, որ նույն այդ ժամանակամիջոցին նա նամակներ էր գրել Նալբանդյանի մասին նաեւ Պետերբուրգ՝ Իվ. Լազարեւին, Դելիանովին եւ Ալթունյան վարդապետին, այլեւ Թբիլիսի՝ Կարենյանին, Մովսես Սայաթնյան քահանային եւ Ներսես Աշտարակեցուն: 1854 թ. հունվարի 25-ին Մսերն արձանագրում է, օրինակ, «Առ Սարգիս վ. Ջալալեան ծանուցաք զՆալբանդեանի ըմբռնիլն»… Հունվարի 29-ին՝ «Առ Յովհ. Լազարեան ի ՍՊԲուրգ ազդումն զգուշացուցիչ: Առ Իվան Դավիթիչ Տելիանեանց ի Պ. Բուրգ ի նոյն միտս: Առ Սարգիս վ. Ջալալյան ի Նոր-Նախիջեւան ազդումն զանցից Նալբանդեանի» եւ այլն: Սակայն ավելի լավ գործադրության արժանի այս եռանդը անմիջական արդյունք /66/ չտվեց: Փետրվարի 5 թվակիր նամակում Ջալալյանը գրում է. «Փոյթ չէ, թէ թեթեւամիտն այն պաշտպան է ստահակին եւ բարեկամ նոյնպիսի առաքինազուրկ անարժան պատանւոյ, ուրեմն չէ ինքեան բարեկամ»: «Թեթեւամիտ»-ը, ըստ երեւույթին, Մսերի եւ Ջալալյանի երբեմնի բարեկամ Ստ. Նազարյանցն էր, որ հովանավորելով Ճեմարանում Նալբանդյանին՝ պաշտպանում էր նրան Ներսեսի եւ յուրայինների դաժան հալածանքների դեմ:

Մինչդեռ գնում էին այս գրագրությունները, Նալբանդյանը փայլուն քննություն բռնեց Պետերբուրգում եւ Մատթեոս Վեհապետյանի կողմից Լազարեւներին ուղղված հանձնարարականով 1853 թ. հոկտեմբերին Հայոց լեզվի կրտսեր ուսուցչի պաշտոն ստացավ Ճեմարանում:

1853 թ. օգոստոսի 3-ին Լազարյան ճեմարանի վարչությանը հասցեագրված իր գրության մեջ Ճեմարանի հոգաբարձու Իվան Լազարեւը, Հիմնվելով վիճակավոր Մատթեոս արքեպիսկոպոսի «թախանձագին խնդրանքի» վրա, առաջարկում էր Լազարյան ճեմարանում «անպատբառ» հայոց լեզվի ուսուցչի պաշտոն հատկացնել Նալբանդյանին: Չի կարելի անկատար թողնել այս խնդիրը, հարում էր Լազարեւը, քանի որ… Մատթեոս արքեպիսկոպոսը «մեր տոհմին մատուցել է մեծ ծառայություններ եւ լավ հարաբերության մեջ է մեզ հետ» [5]:

Վերջին տողերի մեջ մատնանշված է մի հանգամանք, որ կարեւոր՝ է Նալբանդյանի կենսագրության այս էտապի հասարակական հետնախորքը պարզելու համար:

Հայտնի է այն դժգոհությունը, որ անցել էր այդ պահին Լազարեւ եղբայրների եւ Ներսեսի միջեւ, ինչպես նաեւ այն բարեկամությունը, որ հաստատվել էր նույն ժամանակ Լազարեւների եւ Նալբանդյանին հանձնարարող վիճակավորի միջեւ: Խախտելով կանոնական իրավունքը, վերջինս 1852 թ. թույլ էր տվել Խրիստաֆոր Լազարեւի երկու աղջիկների եւ երկու քեռորդիների (Դելիանովի եւ Աբամելիքի) չհաս պսակը, որով կրկին բորբոքել էր իր դեմ Ներսեսի զայրույթը եւ միաժամանակ սրել սրա եւ Լազարեւների հարաբերությունները:

Մսերի հաղորդումների համաձայն, թաքցնելով իր Էջմիածին կանչ» վելու բուն պատճառը, Նալբանդյանը համոզել էր Դելիանովին, թե հալածվում է հենց նրա պսակի պատճառով, որի թույլտվությունն ինքն էր իբր գլուխ հանել: Մսերը հայտնում է, իբր թե, Դելիանովը միջոցների էր դիմել նույնիսկ կոլեժսկի ռեգիստրատորի աստիճան ձեռք բերելու Նալ/67/բանդյանի համար, դրանով միանգամայն անխոցելի դարձնելով նրան: «Եւ զայնոսիկ լսելով ստահակն, - ավելացնում է Մսերը, առաւել եւս համարձակութիւն առեալ շրջի ի քաղաքիս, եւ որ զգալի եւս ճանաչողաց զպատիւ եւ զանպատուութիւն համազգային՝ յանդգնագոյնս բարբառի զանձնէ, պարծելով եւ հրատարակելով ամենուրեք, թե «ոսոխն իւր Ներսէս չունի իրաւունս եւ ոչ իսկ իշխանութիւն՝ կոչելու զինքն յատեան իւր», եւ թե՝ «ինքը չէ նորա ծառայ, չէ ընդ իշխանութեամբ նորա եւ այլն: Եւ զձէնջ որպէս եւ զմեծարու աղա Յարութիւն Պողոսեան Խալիպեանց՝ անհամեստ ղողանջէ, զերկոսյանը համարելով ղիւր թշնամիս եւ այլն»:

Մսերի թղթերի մեջ կա նաեւ բամբասանքներով լի մի այլ գրություն: Ըստ երեւույթին, դա Դելիանովին ուղղած նրա նամակի սեւագրությունն է: Այստեղ ասված է, որ Նախիջեւանից, Էջմիածնից եւ Թբիլիսիից բազմաթիվ տեղեկություններ են ստացվել Նալբանդյանի մասին, որոնք միաբերան հաստատում են նրա դեմ եղած մեղադրանքները. նա մասնակից եւ խորհրդակից է եղել Խալիբի դեմ կազմակերպված մահափորձին, նախատական նամակներ է գրել կաթողիկոսի դեմ, կաշառք ստացել շատերից այս կամ այն գործը գլուխ բերելու համար, պատճառ եղել կաթողիկոսի եւ թեմակալի, ինչպես նաեւ տերտերների եւ ծխականների միջեւ ծագած խռովություններին, խուսափելով կաթողիկոսի հրավերից փախել է տնից տուն, քաղաքից, քաղաք եւ փոփոխել ընդսմին իր ազգանունը: Թաքցնելով այս հանցանքները, նա ջանք է գործ դնում ճարտարախոսությամբ Հավատացնելու, թե Էջմիածին կանչվելու պատճառը «չհաս» պսակն է եւ այլն: Եթե Նալբանդյանը պահվի Մոսկվայում, մեծ ամոթ է թե՛ Դելիանովի, թե՛ Լազարեւների եւ թե՛ Ճեմարանի համար, եւ կարող է առիթ տալ մեծամեծ խռովությունների, որ պիտի ծագեն «ի պատճառս անզգոյշ շատախոսութեանց, քսութեան եւ խռովասիրութեան նորա, որպէս արդէն իսկ սկսան երեւիլ նշանքն», գրում է Մսերը:

Աստվածաբան մագիստրոսը բացել էր շաղակրատ իր լեզվի բոլոր փականքները…

Հաս ու չհասի վեճը Էջմիածնի եւ Լազարեւների հակամարտության առիթն էր, բայց ոչ պատճառը: Արու ժառանգ չունեցող աղազադաների համար նրանց աղջիկների չհաս պսակը տոհմի փտած արմատից նոր ընձյուղ աճեցնելու եւ իրենց հարստությունը մերձավորների շրջանից դուրս չհանելու միջոց էր: Թույլատրելով չհաս պսակը՝ Մատթեոս Վեհապետյանը ասում էր, թե աչքի առաջ ունի աղազադաների կողմից ազգին մատուցված բարիքները, ինչպես եւ այն հանգամանքը, որ հակառակ դեպքում «մեծագործ օջախ»-ը սպառնում էր իր մտադրությունը գլուխ բերել հունադավան եկեղեցու գմբեթի տակ: Որչափ կային չար լեզուներ, որոնք պնդում էին թե թեմակալ առաջնորդի համար նման բո/68/լոր նկատառումներից առավել համոզիչ էին եղել աղազադաների մատուցած առատ աջահամբույրները, կարող էր թվալ, թե հրապարակ հանելով Վեհապետյանի դեմ եկեղեցական կանոնների սաստիչ հրահանգները, Աշտարակեցին հանդես էր գալիս որպես անեղծ տրադիցիայի պաշտպան: Սակայն ի մոտո դիտելով փաստերը՝ չենք կարող հետեւողական ու անխոցելի համարել նաեւ նրա դիրքը: Վեհապետյանը մատնանշում էր, որ իրենից առաջ անկանոն նման ամուսնություններ թույլատրել է Աշտարակեցին: Բերում է երեք օրինակ, որոնցից մեկը՝ Հենց Լազարեւների մերձավորների նկատմամբ: Հանրահայտ է, որ Խրիստաֆոր Լազարեւի կինը Մանուկ բեյի աղջիկն էր, իսկ Մանուկ բեյի տղան ամուսնացած էր նույն Խրիստաֆոր Լազարեւի քրոջ աղջկա հետ: Աշտարակեցին արդարացրել էր այս թույլտվությունը «շրջանկատ հեռատեսութեամբ յօգուտ ազգի եւ եկեղեցու» [6]:

Ակներեւ է, որ Ներսեսի եւ Լազարեւների բախումն ուներ ավելի խոր արմատներ, քան թվում էր առաջին հայացքից: Այստեղ, մի կողմից, արծարծված էր այն պայքարը, որ տեղի ուներ Ներսեսի եւ Վեհապետյանի գլխավորած խմբակցությունների միջեւ, մյուս կողմից՝ այն անբավականությունները, որ նախընթաց տասնամյակների ընթացքում կուտակվել էին Լազարեւների եւ Էջմիածնի միջեւ:

Լազարեւները ազգի եւ եկեղեցու «վեքիլներն» էին Ռուսաստանում: Նրանցից կախում ունեին Պետերբուրգի եւ Մոսկվայի հայ տերտերներն ու գանձապետները, նրանք էին հովանավորում կամ տապալում թեմի առաջնորդներին, եւ նրանք էին մեծ չափով առաջ քաշում կաթողիկոսացուներ եւ տիրապես ազդում եկեղեցու ընդհանուր քաղաքականության վրա: 18-րդ դարի վերջերին եւ 19-րդի սկզբներին, Արղությանի եւ Եփրեմի սռաջնորդության ժամանակ, նրանք քարտ-բլանշ էին ստանում վիճակավորների ստորագրությամբ եւ եկեղեցու ու ազգի անունից դիմումներ անում ռուս քաղաքական շրջաններին: Եփրեմի եւ, ըստ երեւույթին, նաեւ Կարբեցու կաթողիկոսության օրոք նրանք նույնիսկ «բաց ստորագրեալ կոնդակներ» էին ստանում Էջմիածնի գահակալներից:

Այլ էր դրությունը Ներսեսի ժամանակ: Ներսեսը միանձնորեն էր վարում եկեղեցու գործերն ու հենվում մեծապես կովկասահայ առեւտրա-վաշխառուական բուրժուազիայի վրա: Մոսկվայի եւ Պետերբուրգի «վեքիլներին» նա չտվեց բացառիկ այն իրավունքները, որ բանեցնում էին նրանք այդ անվան տակ նախորդ կաթողիկոսների ժամանակ: Եթե կարիք կար բարձրադիր հենարանի, այդպիսին Ներսեսի համար փոխարքա Վորոնցովն էր, որի ազդեցիկ գործակիցն էր նա եւ որի /69/ շնորհիվ միաժամանակ առաջադրում եւ լուծում էր հաճախ ազգային-եկեղեցական բարդ խնդիրներ: Այստեղից էր հիմնականում ծայր առնում Լազարեւների եւ Ներսեսի հակամարտը, որ շարունակվեց փաստորեն նաեւ նրա հաջորդների՝ Մատթեոսի եւ Գեւորգի օրոք, որոնք, կապված թյուրքահայ ամիրայական դասի ու կոմպրադորական բուրժուազիայի հետ, կարիք չզգացին դարձյալ Լազարեւների մենտորության:

Էջմիածնի այս դիրքավորումը հարվածում էր Լազարեւների «տոհմային շահերին: Սրանք օգտագործում էին մինչ այդ հայ կղերի եւ վաճառականության վրա ունեցած իրենց ազդեցությունը՝ Ռուսաստանում հարստություն, պաշտոն եւ անուն վաստակելու համար, ինչպես եւ, ընդհակառակը, շահարկում իրենց անունը, դիրքն ու հարստությունը՝ ազգը հմայելու եւ նրա գործերի վրա ազդելու նպատակով: Երկծայր մի արտոնություն էր այն, որ սնում էր նաեւ երկծայր մի մտայնություն: Լազարեւները «ազգասեր» էին եւ միաժամանակ նաեւ «օտարասեր»: «Ազգի բարերարների» համբավ ունեին, բայց եւ «դավադրող» ազգի ու եկեղեցու շահերի դեմ:

Իրանից Ռուսաստան ներգաղթած Լազարեւների որդիներն ու թոռները իրանական բաթմանն ու գազը վերածելով ռուսական փութ ու արշինի, հիմնականում կուտակում էին իրենց հարստությունը որպես ճորտատերեր:

Արդեն իսկ 1753 թ. Լազարեւների նախահայր Նազարեթի որդի Աղազարը Մոսկվայի մոտ գտնված Ֆեանովո գյուղում գնում է 500 շունչ ճորտ ունեցող կալված եւ այդտեղ կառուցում կտավի ու կերպասի գործարան: Այդ գործարանում բանում էին Եվրոպայից հրավիրված վարպետներ: Հետագայում նրանք ունեին արդեն 70 հազար դեսյատին կալված Պերմի նահանգում, տասնյակ հազարավոր ճորտեր, կտավի եւ կերպասի ֆաբրիկա: 18-րդ դարի ռուս վիճակագրագետ Շչերբակովի ասելով՝ նրանք մեկն էին Ռուսաստանի յոթ միլիոնատերերից: Հարստությունը սիրելի էր դարձնում սրանց Արեւելքի դռները բախող ցարիզմին: Ազնվական գերբի հետ միատեղ նրանց տալիս էին դիվանագիտական ու ռազմական բարձր աստիճաններ ու հանձնարարություններ: Անդրկովկասի կցման նախօրեին էր այդ, երբ ցարիզմը կապեր էր փընտրում հայ վերնախավերի հետ, եւ երբ վերջիններս օգտակար կարող էին լինել հենց իրենց՝ հայ իշխող խավերի հետ ունեցած սերտ կապերով եւ Հայ ազգային-կուլտուրական իրենց հատկանիշներով: Լազարեւ հայրերը դեռ չէին կորցրել այդ հատկանիշները: Ճիշտ է, նրանց գրագրությունների մեջ Ջուղայի կենդանի բարբառը տեղ էր արել մեռած գրաբարին, բայց հենց գրաբարն էր ազգի պաշտոնական գրագրությունների միջոցն այդ պահին:

/70/ Լազարեւ հայրերը պահպանել էին հայկական բարք ու վարք, ազգային կրոն ու ծես եւ միաժամանակ շահախնդիր էին հայերի քաղաքական եւ կրոնական-եկեղեցական ինքնորոշման հարցում: «Զարմանամ, գրում էր 1813 թ. հոկտեմբերի 20-ի թվակիր մի նամակում Եկիմ Լազարեւիչը իր որդիներին՝ Իվան եւ Խրիստաֆոր Եկիմիչներին, որ հայերեն գրութիւն ձեր դարձուցեալ էք ըռուսերեն, ոչ ապաքէն բարւոք է յինէն ձեզ ուաանիլ, որ լինիցէ թե՝ զոր ինչ հայր առնէ, որդին նման սմին գործէ» [7]:

Ընդառաջելով Ռուսաստանի քաղաքականությանը՝ Լազարեւ հայրերի հիմնադրած Ճեմարանը կարեւոր տեղ էր հատկացնելու նաեւ հայոց լեզվին, հարկավ, տիրող գրաբարի ոգով: Այստեղ է, որ ասպարեզ էին գալու իրենց հայկաբանությամբ կամ կենսագիտությամբ Ալամդարյանը, Սերովբե Կարնեցին ու Սալլանթյանը, ավելի ուշ՝ Էմինը եւ Մսերը: Գրաբարի տիրապետությունը չխանգարեց, սակայն, որ Ճեմարանը դառնար նոր «Հասարակաց լեզվի»՝ աշխարհաբարի, մշակման քուրաներից մեկը: «Շատ տարի էր, գրում էր Գաբրիել Պատկանյանը, որ վեհազնյա Լազարյանց ճեմարանը որպես օրենք է հաստատել, որ նորա աշակերտոքն խոսին պարզ Հայերեն լեզվով: Հանգուցյալ վեհազնյա աղա Հովակիմն գոլով աշակերտ գրոց՝ կարելի է համարձակ ասել, թե այն Ռուսաստանյայց գավառի հայերեն լեզվի նահապետն էր. նորա լեզվի եւ արտասանության ձեւերն, եւ հանգուցյալ ալա Մարգարա Խոջենցի պարզ հայերեն խոսակցությունն, այն երկուց մայրաքաղաքաց, եւ մանավանդ այժմյան ճեմարանի մեջ հասարակյալ հայերեն լեզվի հիմն դրին. եւ այն լեզուն կարելի է Արարատյան լեզու անվանել, որ հեռի է կոպիտ աշխարհաբար են եւ շատ մերձավոր գրոց լեզվին, բայց առանց խրթնության, յուրաքանչյուր բառն յուր սահմանավոր նշանակությունն ունենալով, եւ սրա պատճառն այն էր, որ ամենայն երկիրներեն այն ճեմարանը աշակերտք հավաքվեցան: Վարժապետքն ուշադրությամբ ականջ էին դնում աշակերտաց խոսակցությանը, եւ նոցա լեզվեն հեռացվում էին ամենայն խորթ ու անճոռնի գավառական բառերն եւ արտասանություններն, եւ այն, որ ախորժ եւ ըստ կանոնի, այն են թողնում. այս պատճառավ շուտ ժամանակի մեջ աշակերտաց զանազան գավառական պարզ հայերեն խոսակցությունիցն կազմվեցավ մի պարզ հայերեն լեզու, որն այժմ հասկանալի է թե՛ Օսմանցվոց, թե՛ Պարսից, թե՛ Քրդստանի եւ թե՛ Վրաստանի հայոց, եւ յուրյանց հատկությամբն ավելի մերձավոր լինելով Երեւանա հայերեն պարզ լեզվին, արժանապես կասվի Արարատյան լեզու» [8]:

/71/ Լազարեւ հայրերը ռուսահայ բուրժուական լուսավորությունը կան– խող ազնվական լուսավորության մեկենասներ էին: Շատ բան փոխվեց, սակայն, նրանց հաջորդների՝ Իվան եւ Խրիստափոր Եկիմիչների՝ Լազարեւ թոռների օրոք: Սրանց ժամանակ խունացավ ու թալկացավ տոհմի ազգային նկարագիրը: Եկիմ Լազարեւիչի բազմաթիվ տղաներից հայերեն շատ քիչ գիտեր միայն Խրիստափոր Եկիմիչը: Իվան, Լազար, Արտեմի Եկիմիչները խոսում եւ գրում էին գրեթե միայն ռուսերեն կամ ֆրանսերեն: Սրանց ստորագրությունը կրող հայերեն թղթերը գրում էին ուրիշները: Իվան եւ Լազար Եկիմիչներն ամուսնացան ռուս ազնվականուհիների հետ: Ռուս կամ ռուսացած ազնվականների գնացին Իվան եւ Եկիմ Լազարեւիչների եւ նրանց քրոջ՝ Աննա Լազարեւնայի աղջիկներից շատերը: Ձեռագիր իր «Օրապատում»-ի մեջ, հասնելով 1871 թվականին, կղերամիտ Մսեր Մսերյանն արձանագրում է «աղետալի» երկու անցք: Այդ տարվա հոկտեմբերին, գրում էր նա, Բրյուսելում մեռավ Լաբար Եկիմիչը՝ «ետ ընդունելոյ զսուրբ Հաղորդութիւն ի ռուս քահանայէ»: Իսկ մի երկու ամիս անց, Պետերբուրգում կնքեց իր մահկանացուն Խրիստափոր Եկիմիչը՝ տոհմի արվական վերջին շառավիղը՝ «առանց ընդունելոյ զսուրբ Հաղորդութիւն»: Լազարեւ թոռների եւ նրանց ռուս դա| uակիցների հաշվով՝ համապատասխան էվոլյուցիա պիտի կատարել նաեւ նրանց հիմնած Ճեմարանը: 1873 թ. ցարին ներկայացրած իր հաշվետվության մեջ Բենկենդորֆը՝ ժանդարմական կորպուսի շեֆը` եւ Լազարյան ճեմարանի գլխավոր հսկիչը, բնորոշում էր Ճեմարանը որպես մի այգի, որից վաճառականությունն ու քաղաքականությունը, ընտանեցնելով ասիական ժողովուրդներին, քաղում են իրենց պտուղները: Հայ մանուկները, զեկուցում է նա, դաստիարակվելով ճեմարանում, փութով միանում են բնիկ ռուսներին… Ճեմարանի վարչության գլխավոր հոգսը բարոյական տեսակետից այն է, որ դասատվության ոգին հեռու մնա ամեն տեսակի վնասակար ուղղությունից եւ սաների բարքերը պաշտպանված լինեն վատթար մոլորություններից» [9]:

Իրենց դիրքով Լազարեւ թոռները միայն մեծահարուստ ճորտատեր ու ֆաբրիկանտներ չէին, այլեւ պետական ծառայության մեջ գտնվող զինվորականներ ու բարձր պաշտոնյաներ: Արտեմի Եկիմիչը սպանվեց 1813 թ. Լայպցիգի ճակատամարտում որպես սպա: Լազար Եկիմիչը, որ 1828 թ. ղեկավարեց իրանահայերի գաղթն Անդրկովկաս, ուներ գնդապետի աստիճան: Իվան եւ Խրիստափոր Եկիմիչները, Լազարյան ճեմարանի աղազադա հոգաբարձուները, հասան կամերյունկերի եւ իս/72/կական գաղտնի խորհրդականի աստիճանի: Լազարեւների արխիվում պահվել են Սպերանսկու, Արակչեեւի եւ Բենկենդորֆի սրանց գրած մտերմական նամակները: Հայ աղազադաները մասնակցում էին պալատական խնճույքներին ու սարքում բանկետներ ցարի մերձավորների համար: Ազգային բարեբախտություն համարելով փարթամ կերուխումը, նրանք աճապարում էին, զուռնա փչելով, ծանուցում անել այդ մասին բարեհոգի ազգին: Այսպես, 1823 թ. մայիսի 28-ին գրած մի նամակում Իվան եւ Խրիստափոր Եկիմիչներն ավետում էին Ռուսաստանի հայ թեմակալ առաջնորդին, թե վերջին երկու ամսվա ընթացքում իրենց մոտ ճաշել են չորս անգամ Արակչեեւը, գրաֆ Կոչուբեյը, կնյազ Կուրակինը, մինիստր Լոբանովը եւ Գոլիցինը, Սպերանսկին, «որ զկնի կրաֆ Արակճեյովին է առաջին սիրելի եւ աջ բազուկ կայսերն, որ եւ զմեզ սիրեց իբրեւ զհարազատ եղբայրս իւր եւ է զօր հանապազ ընդ մեզ»: Նույն նամակում Իվան եւ Խրիստափոր եղբայրները հայտնում են, թե մտադիր են տնով-տեղով փոխադրվել Մոսկվայից Պետերբուրգ, «քանզի ի լինիլ մեր հուպ առ իշխանս՝ եւս դիւրին եղիցի մեզ ծառայել տէրութեան եւ բարձրանալ յաստիճանէ յաստիճան, օգտակար եւ հոգատար լինել ամենայն գործոց սիրելի հասարակութեան մերոյ եւ մերոյ եկեղեցւոյ սրբոյ, որոց ըստ շաւղաց ծնողաց մերոց նուիրեալ եմք զաւուրս մեր եւ կարողութիւն» [10]:

Լազարեւ եղբայրները կատարեցին, իրոք, իրենց մտադրությունը, եւ Պետերբուրգի շրջադրությունը նպաստեց նրանց կարիերային պետական ազդեցության բարձր ոլորտներում: Բայց որեւէ բան շահեցի՞ն դրանից «ազգը» կամ «եկեղեցին»: Հատկապես բնորոշ է Լազարեւների ընթացքն Անդրկովկասի գրավումից հետո: Արակչեեւի ու Բենկենդորֆի խնամակալության տակ դրին նրանք ազգի «չքավոր մանուկների» համար հիմնված Ճեմարանը, եւ երբ Էջմիածնի կաթողիկոսները պահանջում էին իրենց իրավասությանը ենթարկել ազգային այդ կրթարանը, Խրիստափոր Եկիմիչը հիմարական դիմումի վրա մակագրեց. «Oткaзано по неудобству и неприличию; соединить светское с духовным армянским заведением вредно. Тем более, что Лазаревский Институт процветает без всякого участия армян и их духовенства» [11].

Հոգեւոր եւ աշխարհական ճորտատերերի այս հակամարտի մեջ ներհակությունը Ճեմարանի վարչության շուրջը չէր միայն, այլեւ ազգայինեկեղեցական վարչության շուրջը: Խրիստաֆոր Եկիմիչի նամակների մեջ կան բազմաթիվ գրություններ, որոնք ամենասուր քննադատություն/73/ներ են պարունակում Էջմիածնի վարչական եւ տնտեսական սիստեմի մասին: Նա մերկացնում էր հատկապես սրանց նեպոտիզմը եւ եկեղեցական դրամների ու թանկարժեք իրեղենների կողոպուտը: Զայրույթով էր արձանագրում այն փաստը, որ մոռացության տալով իր տոհմի ծառայությունները եւ արհամարհելով իր հարստությունն ու դիրքը, կաթողիկոսներն իրենց շրջապատում են մարդկանցով, որոնցից օգուտ չկա ազգին կամ եկեղեցուն. «ибо бeз пpoсвещения в науках, без средств и без капиталов мало успеешь в одних только обманчивых надеждах и предположениях, когда ни те, ни другие не имеют законных оснований» [12].

Խրիստափոր Եկիմիչի կարծիքով՝ կաթողիկոսների վարքագիծն է հենց, որ պատճառ է դարձել եկեղեցու հեղինակության անկմանը, նրա կազմալուծմանը, (օրըստօրե ծավալվող դավանաբանական երկպառակություններին եւ այլն: Սրանով է բացատրում նա կաթոլիկ եւ բողոքական շարժման հաջողությունը Էջմիածնի քթի տակ՝ Շամախում, Շուշիում եւ այլուր [13]: Սակայն Լազարեւ թոռները չեն սահմանափակվում միայն այս քննադատությամբ: Նրանց զբաղեցնում է նաեւ եկեղեցու դավանաբանության էվոլյուցիան: Տակավին Եկիմ Լազարեւիչն է, որ ստորադրելով եկեղեցին ա զ գ ա յ ն ո ւ թ յ ա ն սկզբունքին, դատապարտում էր դավանաբանական խտրությունները եւ հանձնարարում ազգին հայ-լուսավորչական նեղմտության փոխարեն ազգային-քաղաքական լայնախոհություն: Նրա հրավերով Ճեմարանի ուսուցչական խմբում տեղ գտան հայ-գնչու Հարություն Ալամդարյանը եւ կաթոլիկ եկեղեցու ծոցից ելած Սերոբե Կարնեցի ու Սալլանթյան վարդապետները: Ուսուցչություն ստանձնելու հրավեր հղեց նա կաթոլիկ Հակոբ Շահան-Ջրպետյանին եւ մխիթարյան վանականներին: Վերջիններին ուղղած նամակում, 19-րդ դարի սկզբներին, Եկիմ Լազարեւիչը ազգի եւ կրոնի մասին հայտնում էր հայացքներ, որոնք քաղաքացիություն ստացան հայ կյանքում միայն նույն դարի երկրորդ կեսում:. Բնորոշ է, սակայն, որ նրա զավակների օրոք ազնվական լիբերալիզմը հայ եւ ռուս եկեղեցիները միացնելու մտայնության կերպարանք առավ: Իվան եւ Խրիստափոր Եկիմիչների թղթերում պահվել են մի շարք հայ գործիչների՝ Մ. Կյումուշխանեցու, Սալլանթյանի, Ալ. Խուդաբաշեւի, Կարապետ Շահնազարյանի եւ Ստ. Նազարյանցի՝ Լազարեւների հանձնարարությամբ գրած ընդարձակ տեղեկագրերը, ուր լուսաբանվում են հայ եկեղեցու դավանաբանության խնդիրները եւ շոշափվում առանձնապես հայ եւ հույն եկեղեցիների տարաձայնություններն ու նրանց շփման կետերը։ Ընդառաջելով իր ռուս բարեկամնե/74/րին, Լազարեւները կշռում էին եկեղեցիների միության հնարավորությունները, տնտղում դրա իրագործման միջոցները… Նրանք ելնում էին այն դրույթից, թե հայ եւ պրավոսլավ եկեղեցիների մեջ չկա դավանաբանական որեւէ տարակարծություն. տարակարծություն գոյություն ունի միայն ծեսերի, սովորույթների եւ ձեւերի մեջ [14]:

Լազարեւների եւ Էջմիածնի հարաճուն այս հակամարտն է ահա, որ օգտագործեցին Ներսեսի հակառակորդներն ու Նալբանդյանի բարեկամները՝ Վեհապետյանն ու Ստ. Նազարյանցը, կաթողիկոսի երեսից փախուստի դիմած «հեuտյալ» դպրի համար հանգրվան գտնելու նպատակով: Լազարեւների պաշտպանությունը վերին աստիճանի դժվարացրեց, իսկապես, Ներսեսի եւ արբանյակների վիճակը: Զրպարտություն բարձելով Պատկանյանի պարանոցին, Խալիբը կարողացավ անվտանգ դարձնել եռանդուն իր հակառակորդին: Հրապարակի վրա մնացել էին, սակայն, Վեհապետյանը եւ մանավանդ նրա հրահրիչը՝ «հանդուգն տիրացուն», որին հովանավորում էին Լազարեւները: Խալիբը տեղեկացնում էր Ներսեսին, թե Պատկանյանի «հանցագործությանը» մասնակից է հս մարում նաեւ Վեհապետյանին, բայց ստիպված է լռել, տեղի տալով կաթողիկոսի հրահանգին: «Զկարծիս մեր վասն մասնակցութեան նաեւ վիճակավորին, ի բաց հեռացուցաք ամենեւին ի բերանոյ մերմէ եւ ի մտաց ամենայն ակնածութեամբ սուրբ հրամանաց Ձերումդ վեհափառութեան», գրում էր Խալիբը Ներսեսին 1853 թ. սեպտեմբերի 18-ին [15], որով հայտնի է դառնում, թե եպիսկոպոսին հասցեագրված սուտ մեղադրանքը երկսայրի սուր էր, որ կարող էր հարված հասցնել նաեւ կղերի Հավաքական շահերին: Նման փափկանկատությունները չքանում էին, հարկավ, եկեղեցու փոքրավորների վերաբերմամբ:

***

Նալբանդյանի պաշտոնավարությունը Լազարյան ճեմարանում խոստանում էր կատարյալ մի շրջադարձ հայոց լեզվի դասավանդության մեջ: Ըստ երեւույթին, այս հողի վրա էր մասնավորապես, որ լարվել էին /75/ նրա ու Նազարյանցի հարաբերությունները Մսերի ու Էմինի հետ: Հայոց լեզվի դասավանդության բնագավառում Ճեմարանում մշակվել էր անասնամյակների տրադիցիա, որի սկիզբը դրել էր Միքայել Սալլանթյանը եւ որի շարունակողը եղան Մսերն ու Էմինը: Դասատվության հիմքը կազմում էր Սալլանթյանի սխոլաստիկական սկզբունքներով կազմված քերականությունը, որից չնչին չափով էր միայն տարբերվում հետագայում Էմինի հրատարակած քերականական ձեռնարկը: Ուսուցման բարձրակետը կազմում էր Սալանթյանի «Ճարտասանություն»-ը կամ Մսերի՝ նույն հիմունքներով գրված «Հրահանգ ճարտասանութեան» դասագիրքը: Ընթերցանության նյութ Ճեմարանի երրորդ եւ չորրորդ դասարանների համար մատակարարում էին Էմինի «Ընտիր հատվածներ»-ը: «Նա առաջինը եղավ, գրում է Հ. Բերբերյանը, որ քերականության դասերն սկսեց ավանդել ոչ թե գրքով, այլ տախտակի առաջ, վերլուծման ժամանակ թելադրելով» [16]:

Սկսելով իր դասերը, Նալբանդյանը բախվեց իշխող տրադիցիայի հետ: Նրա դեմ պիտի բորբոքվեր հին դասատուների թշնամանքը եւ միաժամանակ ջերմանար մանկահասակ սաների համակրանքը: Տգեղ իր է արտաքինով, նոր դասատուն կաշառող տվյալներ չուներ սրանց սիրտը գրավելու համար: Նրա նիհար մարմինը, թեք պարանոցը, խիստ դիմագծերը, աչքերի շեղ դրվածքն ու ուռած կոպերը ավելի շուտ կարող էին վանել, քան գրավել մանուկների հայացքը: Սակայն նոր դասատուն ուներ ներքին արժանիքներ, որոնք կոնտրաստ էին կազմում նրա արտաքինին: Սրանով է, որ նվաճելու եւ հմայելու էր նա մարդկանց սրտերը նաեւ հետագայում: Հետագայում նախկին լազարիստները պատմում էին անջնջելի այն տպավորությունը, որ թողել էր իրենց վրա «բարակ-բարակ, միջին հասակով» այն ուսուցիչը, որ հայոց լեզվի դասեր էր ստացել Ճեմարանի ստորին դասարաններում: «Նրա ձայնի մեջ, գրում էր դրանցից մեկը, անկեղծություն էր, որ շարունակ հնչում էր. յուր գաղափարներն արտահայտելիս այնպես զգացված եւ հմայիչ էր խոսում, որ յուր առաջ կանգնողը, ով էլ որ լիներ, կամա-ակամա ենթարկվում էր նրա հմայքին» [17]: «Ճշմարիտը խոստովանած, պատմում է նրա նախկին աշակերտներից մի ուրիշը, - նրա չոր կազմվածքը, դեմքի խոժոռ գծագրությունը, սափրած ընչացքով ու մորուքով երեսը եւ կարճ ֆրակը առաջին նվագ շատ էլ ախորժելի տպավորություն չարին մեր վերա: Բայց այդ անախորժությունը շարունակվեցավ մինչ տեսչի նորան մեզ ծանոթացնելու պաշտոնական ծիսակատարության վերջանալը, /76/ որովհետեւ, երբ որ տեսուչը գնաց եւ նա ամբիոն բարձրանալով սկսավ յուր առաջին դասը, նա կերպարանափոխվեցավ. նորա առանց այն էլ փայլուն աչքերը կրակով լցվեցան եւ երեսը մի այնպիսի գեղեցիկ ու գրավիչ արտահայտություն ստացավ, որ իսկույն հափշտակեց մեր սիրսը եւ ընդմիշտ կապեց մեզ յուր հետ: Նա խոսում էր ազատ այն ժամանակվա մաքուր աշխարհաբարով, չէր կմկմում, չէր կակազում, նա բառերը հնչում էր մաքուր առոգանությամբ եւ, որ գլխավորն է, նախադասությունները շատ ճարտարությամբ կրկնում էր եւ միտքը հայտնելու համար բառեր ու ոճեր չէր որոնում: «Տղայք, թողնենք գրաբարը, այսուհետեւ մենք աշխարհաբար պետք է սովորենք», այս խոսքերով նա սկսավ յուր դասախոսությունը: Եվ մենք սկսանք աշխարհաբար սովորել, Էմինի «Ընտիր՝ հատվածներ»-ի գրաբար հոդվածները մենք թարգմանում էինք աշխարհաբար: Խոսում էր ինքը եւ մեզ էլ խոսեցնում: Կարդացածներից պատմական նյութը նա լրացնում էր հայոց պատմությունից ամբողջ գլուխներ պատմելով, շատ անգամ էլ նյութից հեռանալով ուրիշ պատմություններ էր անում, որոնք բոլորը եւս հայկական կյանքին վերաբերելով՝ շարժում էին մեր հետաքրքրությունը եւ մեծ բավականություն տալիս մեզ: Այսպես անցնում էին օրեր ու շաբաթներ, եւ մեր դասերն ավելի նմանում էին ախորժելի եւ հետաքրքիր զրուցատրության, քան թե մեր սովորական դասերին: Մեկ անգամ ես, որ արդեն գրաբարի ճաշակը մասամբ առել էի, հարցրի «վարժապետ, ապա մենք ե՞րբ պետք է քերականություն, գրաբար ոճեր սովորենք»: «Ոճեր սովորելը մի ապարդյուն աշխատանք է, իսկ քերականությունը միայն միջոց է եւ ոչ նպատակ», պատասխանեց նա, եւ սկսավ այդ նյութի վրա երկար խոսել: «Մենք պետք է հայերեն մտածել սովորենք ահա մեր ուսմունքի գլխավոր նպատակը», ասում էր նա: Մենք, որ մինչեւ այդ ժամանակ հայոց լեզուն միայն գրաբարն էինք համարել, իսկ նորա քերականությունը համարյա նպատակ, հայտնի բան է, այդ ժամանակ չհասկացանք նորա ասածի միտքը. նա էլ ժամանակ չունեցավ մեզ հասկացնելու, որովհետեւ շուտով ստիպված եղավ թողնել ճեմարանի դասերը: Մենք հետո միայն հասկացանք, թե ինչ էր ուզում ասել նա, թե մենք պետք է հայերեն մտածել սովորենք…» [18]:

Երկար չտեւեց Նալբանդյանի ուսուցչությունը Ճեմարանում: Քաղաքապետի կարգադրությամբ տակավին 1854 թ. հունվարի 23-ին քաղաքամասի պետ Դեմիդովը ձերբակալել եւ ոստիկանատուն էր տարել Նալբանդյանին, Նոր-Նախիջեւանի մագիստրատի պահանջի համաձայն Հատուկ պահակախմբով նրան Էջմիածին ուղարկելու համար: Արդյոք /77/ ձերբակալվածի տկարության պատճառո՞վ էր, ինչպես ասված է մի տեղ, թե. Լազարեւների միջնորդության հետեւանքով, ինչպես հետագայում պնդում էին վերջիններս, բոլոր պարագաներում ոստիկանությունը ազատ է արձակում նրան, հենվելով Ստ. Նազարյանցի եւ Ալամխանյան քահանայի երաշխավորության եւ այն փաստի վրա, որ Սինոդի վճռով նա արձակված է հոգեւոր կոչումից, ուստի եւ ենթակա չէր հոգեւոր իշխանության [19]: Ջալալյանին ուղղած «թաքուն» մի գրության մեջ Մսերյանը Հայտնում էր, թե Նազարյանցի ջանքերով Նալբանդյանի պաշտպանությունն իր ձեռքն է առել Դելիանովը եւ համապատասխան կերպով ազդել Ճեմարանի հոգաբարձու Իվան Լազարեւի վրա. վերջինս հայտնել է Ներսեսին, թե «Նալբանդյանը տկար է մարմնով, եւ դրանից անկախ, որպես հոգեւոր կոչումից արձակված, ազատ է Սինոդի իրավասությունից»:

Խոսքը Իվ. Լազարեւի 1854 թ. փետրվարի 12-ին Ներսեսին ուղղած նամակի մասին է, ուր նա խնդրում էր հայտնել Նալբանդյանի հանցանքը: «Եթէ յիրաւի՝ վկայեալ յանցաւոր է, գրում էր Լազարեւը, արդարապէս ենթարկելի է նա յուղղութիւն ընդ պատժովք. թէ ոչ՝ ըստ խղճի մտաց, ասյօրէն է, ողորմածագոյն տէր, հալածել զնա ի Տփխիս յայժմեան ցրտային եղանակի, եւ առիթ բամբասանաց վիճակի հոգեւորականութեան ազգի մերում: Գրեցէք խնդրեմ Տփխիսկ քաղաքական կառավարութեան, զի նա իւրմէ կողմանէ հաղորդեսցէ Մոսկովու քաղաքական կառավարութեան, առ ի յանձնել զնա ի հաստատեալ դատաստանատեդին, ուր քննել զյանցանսն եւ զգործ յիշեալ Նալպանդեանի, թէ ճշմարտեսցեն ի վերայ նորա զայնոսիկ յանցանս, յայնժամ անշուշտ անկանի ընդ պատժովք, եւ գուցէ ի սալդադութիւն եւս մատնեսցի եւ կաս ի Սիպիր աքսորեսցի գաղթականութեամբ, եւ թէ ոչ, սրբազնագոյն տէր, այսու եղանակաւ որպէս այժմ ընդ ձեռն ներգործութեան նորուն պայծառափայլութեան պահանջելն ձեր զնա անդ ի Տփխիս՝ մերս որդիական հաւատարմութեամբ հաւաստի առնեմք զձեզ՝ համարի իսպառ անպատշաճութիւն եւ անվայելչական կարգի ընթացից հոգեւորական դատողութեան ազգի հայոց, եւս եւ անհամաձայն օրինաց եւ ի վերոյիշեալ հրովարտակի Սենատին» [20]:

/78/ Այստեղ խոսքն այն մասին է, որ Նալբանդյանը, որպես պետական պաշտոնյա, ենթակա չէ հոգեւոր իշխանության: «Թեպէտ յառաջին կոչում իր էր քաղաքացի, գրում էր Լազարեւը, այլ այժմ ըստ կառավարութեան արքունի Սենատին որ ի միջոցիս արձակեալ է զնա յայնմ կոչմանէ եւ Հաստատեալ է յուսումնական առարկայս ի ծառայութեան, ուրեմն՝ արձակեալ գտանի նա այժմ ի քաղաքացի (ասացեալ) կոչմանէ եւ ոչ ենթարէլի ի հոգեւորական դատողութիւն» [21]:

Իվան Լազարեւի նամակը խորապես վիրավորել էր Ներսեսին: Այդ երեւում էր Լազարեւի անունով արձակած 1854 թ. օգոստոսի 5-ի նրա կոնդակից: Ըստ կոնդակի՝ Լազարեւը, իբր թե, համարել էր նրան «անծանօթ պարտաւորութեանց ամենից իւրում կողմանաց, հալածիչ, անբարիշտ, անիրաւ, տգէտ օրինաց եւ կանոնաց հաստատելոց իւրում եկելեցական իշխանութեան»: Կաթողիկոսը խնդրում է չփոխանակել իրեն Մատթեոսի պես մի վիճակավորի հետ եւ «անարժան, համարել վասն Միքայէլ Նալբանդեանց անզգամեալ դպրի յանձնեցելոյ դատողութեանց կայսերահրաման ատենի Սինոդի Էջմիածնի պարտաւորիլ ղմեզ խնդրել զգերազօր հովանավորութիւն իւրոյ կայսերական մեծութեան առ պաշտպանութիւն մերում կաթողիկոսական եւ պատրիարքական արժանաւորութեանց, զոր ոչ բնաւ ներեցից ինձ իմով անհոգութեամբ թողնուլ ընդ ոտիւք Մատթեոս եպիսկոպոսի եւ հարազատի նորա Միքայէլ աղճատեալ դպրի, որ ի վեց ամաց հետէ գտանի հանդիսաւոր իւրումն յանդըգ-- նութեանց օժանդակութեամբ յանձնարարողին զնա պաշտպանութեան ձերում գերազանցութեան, զոր եթէ որպէս պաշտպանեալ ըստ ձերում գրութեան, ունեցիք պաշտպանել դարձեալ եւ ոչ բարեհաճեսցիք համաձայն խոստմանցն ձերոց վասն առաքելոյ զնա ի Սիպիր՝ առաքել զնա ի Սինոդն Էջմիածնի» [22]:

Ակներեւ է, թե որքան խորն էր Ներսեսի սրտում բորբոքված կիրքը, որքան բուռն նրա զայրույթը Վեհապետյանի եւ նրա զինակցի՝ «անզգամ դպրի» դեմ: Իր արժանիքը եւ իրավունքը պաշտպանելու համար կաթողիկոսն սպառնում էր դիմել ուղղակի ցարին, եթե վեհանձնյա աղաղադաները Էջմիածին չհղեն Նալբանդյանին: Խրիստաֆոր Լազարեւի վարը բերված մի գրությունից երեւում է, որ Ներսեսը իրագործել էր մասամբ իր սպառնալիքը՝ դիմում անելով Նալբանդյանի մասին Պետերբուրգ՝ մինիստրությանը: Այդ երեւում է նաեւ Ներսեսի՝ Մսերին գրած մի նամակից: Զարմայր Մսերյանը հավատացնում էր հետագայում, թե Նալբանդ/79/յանը «պիտի մարմնավոր դատի ենթարկվեր, եթե վրա չհասներ կաթողիկոսի մահը» [23]: Առայժմ չկան այս պնդումը հավաստող նյութեր: «Քաջափայլ հովանավորվողները շարունակում էին պաշտպանություն ցույց տալ «անզգամ դպրին»: Համոզված, որ Նալբանդյանը չէր Ներսեսի մասին գրված պարսավանքի հեղինակը, 1854 թ. Իվան Լազարեւը անհիմն ու անարդարացի էր համարում նրա դեմ ՝ եղած հալածանքը եւ շարունակում էր նյութական միջոցներ հայթայթել նրա ապրուստի համար [24]: Այնուամենայնիվ, Լազարեւները նպատակահարմար գտան արձակել նրան Ճեմարանի ուսուցչության պաշտոնից: Ներսեսից առավել նրանց վրա ազդում էր, ըստ երեւույթին, աղայական-կղերական դասի ճնշումը: Ինչպես պատմում է Ջալալյանին գրած իր նամակում Մսերը, Մոսկվայի ազդեցիկ հայերը հասկացնել էին տալիս աղազադաներին, թե որքան անհարմար է եւ վտանգավոր պաշտպանել կաթողիկոսի դեմ նրա սպասավորին: Ըստ երեւույթին, այս պատճառով է հենց, որ Լազարեւները խոհեմություն համարեցին հեռու պահել Նալբանդյանին Ճեմարանից:

1854 թ. սկզբին տեղի ունեցած ձերբակալությունից հետո վաստապես դադարեց Նալբանդյանի ուսուցչական գործունեությունը: Ջալալյանին ուղղած մի նամակում Մսերը գրում էր այդ առիթով. «Կայ այժմ Նալբանդեանն անգործ եւ անպաշտպան եւ բնակի ի միում ի տանց ճեմարանին՝ ստանալով ամսական ռոճիկս յապրուստ անձին, թէ եւ ինքն եւս ունի ասեն հարստութիւն դրամոց՝ առավել քան վեց հազար ռուբլի»: | Նալբանդյանի «հարստության» մասին արված ակնարկը ստերեոսիպ այն զրույցներից է, որ այնքան հաճախ պտտվում էին թեմական քարտուղարների մասին առհասարակ: Միաժամանակ շարունակվում էր ոստիկանական հալածանքը: Վորոնցովի դիմումով Տագանրոգի քաղաբապետությունը նորից պահանջում էր ձերբակալել եւ Կովկաս ուղարկել նրան: Հրահանգ ստանալով գտնել եւ ձերբակալել Մոսկվայում Նալբանդով հայ «դիակոնին»՝ ոստիկանական ագենտները գնում են հայոց եկեղեցին եւ հարցում անում նրա մասին Կեոկչեյան քահանային: Վերջինս՝ Նալբանդյանի համաքաղաքացին եւ անձնական բարեկամը, խուսափողական պատասխան է տալիս եւ նախազգուշացնելով նրան՝ պատսպարում իր հարկի տակ: Ոստիկանները դիմում են, այնուհեսեեւ, եկեղեցու գանձապետ եւ Ճեմարանի տնտես Եկուլովին: Նալբանդյանն ապրում էր Ճեմարանի շենքում եւ, ինչպես շեշտում էր /80/ Մոսկվայի քաղաքապետը, առանց անցաթղթի «без всякого письменного вида» եւ առանց գրանցված լինելու ոստիկանատանը: Ճեմարանի տնտեսը պատասխանատու էր այս զանցառության համար, ուստի եւ շահագրգռված մատնանշելու նրա տեղը: Նրա վրա ազդում էր, բացի այդ, Նալբանդյանի թշնամիների կարծիքը: Մսերի «Օրագրություն»-ների մեջ, 1854 թ. հունվարի 14-ի ներքո, կարդում ենք. «Առ Ս. վ. Ջալալեանց, ի Նոր-Նախիջեւան. պատասխանի գրութեան ի 23-էն դեկտեմբերի, անցեալ ամի: Գրեցի վասն Նալբանդեանին, զի գրեսցի առ Եկուլովն»: Փետրվարի 25-ին Մսերը գրում է. «Առ Ս. վ. Ջալալեանց, որ յ՚Օդեսսա կամ ի Գիշնեւ: Պատասխանի գրութեանցն ի 5-էն ամսոյս: Ծանուցաք զխօսիլն մեր ընդ հոգաբարձուին զկարեւորացն… Եւ սմին եդեալ զգիրն Եկուլովի, խնդրեցաք ծանուցանել զստացմանէ»: Գրելուց հետո, չգիտենք ինչու, Մսերը ջնջել է վերջին նախադասությունը: Պարզ է, համենայն դեպս, որ արդեն որոշ կապ էր ստեղծվել Ջալալյանի եւ Եկուլովի միջեւ:

Այս մանրամասները հետաքրքրական են այն տեսակետից, որ բանալի են ծառայում Նալբանդյանի «Hy, хoрoшо!» երգիծաբանական ոտանավորի համար, որտեղ նա անդրադառնում է իր դեմ եղած մետապնդումների զավեշտական էպիզոդներին: Եկուլովի խորշոմած դունչը, որ նկարագրված է այդ ոտանավորի մեջ, Նալբանդյանին հիշեցնում էր, երեւի, իր հետքերը հոտոտող հնօրյա մի այլ երեցփոխ -պաշտոնյայի մռութը: Եկուլովը, հարկավ, միլիոնատեր չէր, ինչպես վերջինս, բայց եկեղեցու եւ մեծատունների փոխհարաբերությունների մասին ուներ միեւնույն պատկերացումը: Նա մեկն էր Լազարեւների շուրջը վխտացող այն մարդկանցից, որոնք 1848 թ. արեւմտյան փոթորիկներից հետո արհամարՏում էին «ջահելների» հնարած «pecпубликa»-ն, ունենալով այն համոզումը, թե՝ Pecпублика ведь у нас не существует, «վեհանձնյա» խոսքեր, որ դնում է նրա բերանում «Нy, хoрoшо!» գրվածքի հեղինակը: Կես հայերեն, կես ռուսերեն խոսող ծերուկ Եկուլովը աղաների երկյուղած ծառան էր, տիրող կարգերի ու հարաբերությունների հլու սպասավորը: Մսերի պես նա եւս զգացել էր Նալբանդյանի «ճարտասանության», նրա «ածելու ոյես կտրուկ» լեզվի զորությունը: Սակայն Եկուլովը զուրկ էր հակառակորդի կայունությունից: Անձնապես վախկոտ ու գլխապատ՝ նա կցանկա-- նար նույնիսկ բարեկամ երեւալ սրալեզու երիտասարդին եւ ափսոսում էր, որ վերջինս փոխել է իր լավ վերաբերմունքը դեպի ինքը: Հակառակ դեպքում երիտասարդի վեգը ալչու էր կանգնելու աղայի մոտ եւ կռնակ տալով վեհազնյա մեծավորին, կարող էր երկյուղ չունենալ ոչ ոքից [25]:

/81/ Այնուամենայնիվ, Եկուլովը կատարեց այն, ինչ պահանջվում էր իրենից: Նալբանդյանն ընկավ ոստիկանական հսկողության տակ:

1854 թ. մարտին ոստիկանապետը փորձեց կատարել Տագանրոգից հղված պահանջը, բայց հանդիպեց Լազարեւների դիմադրությանը: Սակայն Ճեմարանի ներսում շարունակվում էին բախվել Նալբանդյանին թեր ու դեմ տրամադրությունները: Ձեռքից ձեռք էին անցնում «Нy, хoрoшо!» ոտանավորի ձեռագիր օրինակները, սպառնալով, ինչպես հավատացրել էին Ճեմարանի դիրեկտոր գնդապետ Զելենոյին, նալբանդկանական «խռովության» մասնակից դարձնել Ճեմարանի սաներին: Դիրեկտոր Զելենոյը, Նալբանդյանի թշնամիներից ազդված, Լազարեւներին ուղղած իր գրությունների մեջ առաջարկում էր հեռացնել Նալբանդյանին ոչ միայն Ճեմարանից, այլեւ Մոսկվայի սահմաններից: Տեղի տալով ստեղծված դրությանը՝ Լազարեւները համաձայնություն տվին, որպեսզի փաստապես Նալբանդյանը հեռացվի դասատվի պաշտոնից, թեպետեւ մինչեւ հաջորդ ուսումնական տարվա սկիզբը նա պիտի համարվեր պաշտոնի մեջ եւ ստանար համապատասխան ռոճիկ ու պարեն:

Նալբանդյանը շարունակում էր ապրել Ճեմարանի հանրակացարանում, ուր, ինչպես գրում էր Մ. Վեհապետյանը, նրա վիճակն ավելի լավ չէր, «քան զդրութիւն այնմ, որ փակեալ պահի ընդ յարկաւ բանտի» [26]: Այս պայմաններում Նալբանդյանն ինքն իսկ խնդրում էր Լազարեւներին իրեն ազատ արձակել Ճեմարանից եւ միաժամանակ միջնորդել, որպեսզի իրեն իրավունք տրվի ուսանող գրվել Մոսկվայի համալսարանում: Լազարեւներն ընդառաջեցին այդ խնդրանքին, օժանդակելով, որ նրան ազատ ունկնդրի իրավունք տրվի համալսարանում: Նրանք կարգադրեցին, որ մինչեւ 1855 թ. գարունը Նալբանդյանին որոշ նպաստ տրվի իրենց դրամարկղից:

Մատթեոս արքեպիսկոպոսին 1854 թ. հոկտեմբերի 14-ին հղած իր պատասխանի մեջ Խրիստափոր Եկիմիչը հայտնում է, թե ինքը տնօրինել է Նալբանդյանի գործն այնպես, ինչպես որ դա «առավել օգտակար էր ինքյան»: Կցելով այդ գրությանը Աշտարակեցուն ուղղած իր թղթի պատճենը, նա հաղորում էր, թե ջանացել է պաշտպանել վերջինիս կաթողիկոսի վայրագություններից: Միաժամանակ գրում էր, որ իր կարգադրությամբ Նալբանդյանն արձակված է Ճեմարանից, ապրում է եկեղեցական տոներից դուրս՝ քաղաքամիջում, եւ մտադիր է հիմա մտնել հա/82/մալսարան: Եթե Նալբանդյանը գործել է որեւէ հանցանք, որ արժանի է դատի տալ նրան, ապա «բարեհաճեսցիք զի ի քաղաք անդր ուր կայ, դատեսցի մինչեւ արդարացուսցէ զանձն եւ եթէ ոչ՝ այլ անկարանամք մեք զվախճան իրին նկատել նախատեսութեամբ, զի ըստ որում յոյժ վտանգեսցի ի կենաց, եւ կամ այլ ներհակ հետեւանք յառաջասցեն» [27]:

Չորս-հինգ տարի անց, երբ Նալբանդյանի գլխավոր աշխատակցությամբ սկսեց լույս տեսնել «Հյուսիսափայլ»-ը, Խրիստափոր աղան զղջում էր, որ ժամանակին ինքը եւ իր եղբայրը հովանավորել են «վնասակար» հրապարակագրին: 1858 թ. վերջերին, Ներսեսի «սիրելիներից» մեկին՝ բժ. Սողոմոն Տեր-Ղուկասյանցին ուղղած ռուսերեն մի նամակում Խրիստաֆոր աղան «Հյուսիսափայլ»-ի խմբագրի եւ նրա գլխավոր աշխատակցի մասին գրում էր. «Պ. Նազարյանցը գիտուն է, բայց անխոհեմ, աշխատասեր, բայց համառ ու կռվարար. իր իմացածներն օգտաշատ կերպով ցանելու փոխարեն՝ նա նորոգում է խռովություններ, հրահրում տարաձայնություններ ու ատելություն. պ. Մսերի, պ. Էմինի ու մյուսների պես մարդկանց իրեն արժանավոր աշխատակից ընտրելու փոխարեն, գործակցության է հրավիրել վնասակար Նալբանդյանին, մի մարդու, որին Ներսես կաթողիկոսը իշխան Վորոնցովի եւ մինիստրության միջոցով պահանջում էր ոստիկանության ձեռքով ուղարկել Թբիլիսի եւ Էջմիածին, եւ որին մենք հանգուցյալ եղբորս հետ միասին սխալաբար փրկեցինք եւ պաշտպանեցինք՝ տեղի տալով Մատթեոս արքեպիս։ կոպոսի թախանձանքին, խնդրանքներին ու նամակներին»:

Մի տարի անց, 1859 թ. օգոստոսի 10-ին, Մսերյանին ուղղած մի նամակում Խրիստափոր Եկիմիչը գրում էր. «Շատ ցավալի է, որ աշխատասեր եւ գիտուն պրոֆեսոր պ. Նազարյանցը պատանեության կրթությանը օգտաբեր լինելու փոխարեն, վատնում է իր գիտելիքներն ու ունակությունները իրեն եւ ուրիշներին վնասաբեր ձգտումների մեջ: Պիտի ցավել այդ մասին, բայց եւ համբերությամբ ու խելահասորեն տոկալ, քանի որ անհնարին է շտկել այն, ինչ վատ է ու վնասակար, մանավանդ առաջացած տարիքի եւ ասիական համառության դեպքում, որ քարացած վիճակ ունի գրեթե միշտ: Չեմ էլ հիշատակում նրա գործակիցներին. դրանցից ոմանք գիտաբար, մյուսները արատավոր ակնկալություններով, մարզվում են երկպառակությունների մեջ: Այդպիսիներին սլետք է հաղթահարել խորին արհամարհանքով, հեռանալ նրանց ընկերակցությունից, չունենալ հանդիպում նրանց հետ. արատավոր բարոյականությունը փոխել անկարելի է [28]: Խոսելով «արատավոր ակնկալություն/83/ներով» տարվածների մասին, նամակի հեղինակը աչքի առաջ ուներ անշուշտ Նալբանդյանին եւ նրա հետեւորդներին:

Գծագրելով իր դեմ եղած հետապնդումների կոնկրետ մի պատկերը՝ «Нy, хoрoшо!» ոտանավորը ծաղրում է ժամանակի դերակատարներին, երգիծանքի նշտարակ խրում արտոնյալների ու նրանց սպասավորների կարծր մարմնի մեջ: Եվ զուր չէ, որ հեղինակի համախոհներն ու Լազարյան ճեմարանի սաները բերան էին անում ոտանավորը եւ տարածում՝ խայթելով ազգի տերերի ու նրանց ծառաների ինքնասիրությունը: Հասարակական հասունացող զարթոնքի հայաբարբառ առաջին խոսքերից էին դրանք, որոնցից ցայտում էր մարտական շունչ ու կորով, քաղաքացիական արյուն ու թույն… Եվ պատահակա՞ն է միթե, որ շուրջ կես դար անցնելուց հետո իսկ ոտանավորի տողերը գրգռում էին ստրկահաճ էսթետների քնքուշ` լսելիքը…։

Այս պայքարի ընթացքում հակառակորդները եւս սկսում էին կռել գրական զենք: Անհայտ մեկը չափական տողերով նշավակում էր «Լազրովների բահով բրչով ազգի համար փոս փորող «չեպիսկոպոս Մատթեոսին» եւ չհաս պսակի խնդրով նրա Պետերբուրգ եւ Մոսկվա արձակած «դեսպանին»՝ Նալբանդյանին: Հատկապես ծաղրված է «Խաչուկ աղան»՝ Խրիստափոր Լազարեւը: Խրախուսելով Մատթեոսի հակականոն ընթացքը՝ նա ասում է.

 

Մենք կայսերին լավ ծանոթ եմք,

Եվ մեծերին նույնպես մոտ եմ,

Ինչ ձեր կամքն է եւ ցանկություն՝

Նոցա ձեռոք հեշտ կատարեմք:

 

Եկեղեցյաց եմք հոգաբարձ,

Իշխանք ազգի արժանապարծ,

Եվ Ռուսիո կայսերներից

Ունիմք պես-պես օրդեն ու վարձ:

 

Եթե Ներսես պատրիարքը

Վեր առնու ձեր վեղար կարգը,

Մենք ձեզ ապրուստ կտամք,

Չըպակսիր ձեր՝ անվան կարգը:

 

Թե չօրհնե ըզպսակը,

Մենք բաց կանեմք մեր քըսակը,

Ինչ որ ուզեմք՝ կըկատարվի,

Զի մեր կողմն է եւ Վասակը [29]:

«Нy, хoрoшо!»-ի նյութը գրական արձագանք գտավ նաեւ հակառակորդների բանակում: Մսերի թղթերում գտնում ենք ոմն Ստեփանյանի /84/ երկու ձեռագիր ոտանավորները, որոնցից մեկն ուղղված էր Նալբանդյանի, մյուսը՝ նրան պաշտպանող Ալամխանյանի եւ Կեոկչեյանի դեմ: Ընտիր հայհոյաբանության անդուռ մի տակառ է Ստեփանյանի գրական թմբուկը: Վատաբանելով անգամ Նալբանդյանի նորաձեւ (լութերական» գլխարկն ու ծնոտի բերքը, հեղինակը մեծարում է նրա հակառակորդներին՝ Ներսեսին ու Մսերին, եւ նշավակում նրան թեւարկողներին ու բարեկամներին՝ սպառնալով նրանց բանտ ու կապանք [30]:

Ստեփանյանին արձագանքում էր Քերթող կեղծանվան տակ թաքնված մի հեղինակ, որն ուղղում է իր ծաղրը Նալբանդյանին պաշտպանող Ալամխանյանի դեմ: Եվ դարձյալ՝ նույն բանտի ու կապանքի սպառնանալիքը, եւ ոչ միայն այս կյանքում, այլեւ հանդերձյալում, ուր իսպառ անզոր պիտի լինի Նալբանդյանի օգնությունը։

Թե մի անգամ մըտնուս բանտ,

Հայս աշխարհում եւ կամ անդ,

Թըշվառ լինին քո վիճակ

Եվ ոչ օգնե քեզ Նալբանդ:

«Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետում Նալբանդյանը որակելու էր Ստեփանյանին «փողոցի բանաստեղծ» անունով, ակնարկելով այն մասին, որ նրա գրածները սրբագրում էր ինքը՝ «գրականության դիվապետը», իմա՝ Մսերը [31]: Թվում է նաեւ, որ բուլվարային այս կարգի քերթողների գործեր նկատի ուներ Նալբանդյանը, երբ Պետրոպավլովսկի բերդում նստած, 1863 թ. ապրիլի 8-ին գրում էր մի նամակում. «Երեւի Անանիան (խոսքը Անանիա Սուլթանշահի մասին է, Ա. Հ. ), մոռացել է հայր Մովսեսին (իմա՝ Ալամխանյանին, Ա. Հ. ) հաղորդել իմ շնորհավորանքը՝ նրա հարեւանի գրական ժողովածուն ընդհատվելու առթիվ: Լավ է, որ նրանք դադարեցրել են, թե չէ, իրավ, հայր Մովսեսի բանը վատ կլիներ: Հա՛, հա՛, հա՛…» [32]: Ակնարկը վերաբերում է, երեւի, Մսերյանի «Ճռաքաղ»-ին, որի խմբագրատունը գտնվում էր Ալամյանյանի հարեւանությամբ, Մոսկվայի հայ եկեղեցու բակում, եւ որի հրատարակությունը դադար առավ 1863 թվականին՝ ազատելով, ինչպես կատակով հիշեցնում էր Նալբանդյանը, իր դեմ ուղղված երգիծանքների տպագրվելու վտանգից… [33]

/85/ Ժամանակի գրական այս արձագանքների պատմական-կենցաղագրական արժեքն ակներեւ է: Նրանք պարունակում են որոշ մանրամասներ Նալբանդյանի շուրջն արծարծված կռիվների մասին: Շարժը, բամբասանքը, ծխական իդիոտիզմը, խմբակցական կրքերի մոլուցքը իշխող տեղ են բռնում թշնամական վկայությունների մեջ: Գրականության չարախնդաց, հայհոյական ու ախտակիր ոճը ցույց է տալիս, որ Նալբանդյանը չէր հանդիսանում սոսկ հակառակորդների նշանախեցը այլեւ, հակադարձաբար, նեղում, հարվածում էր նրանց: Նա այն մարդը չէր, անշուշտ, որ նստեր հանգիստ եւ քարացած սարսափով սպասեր իր դեմ լարված դավերի իրացմանը: Գիտեր պաշտպանվել, հետեւաբար նաեւ՝ դիմել հակահարձակման, երբ պահանջում էր հարկը: Հակառակորդները հանգիստ չունեին հումորով ու երգիծանքով թրծված նրա սուր, «ածելու պես կտրուկ» լեզվից: Մոսկվայում պատսպարված՝ նա առիթ չէր փախցնում Հասարակական կարծիք հուզել Ներսեսի, Խալիբի, Ջալալյանի, Մսերի ու նրանց համախոհների դեմ: Մսերը, Նալբանդյանի դեմ գործող հակառակորդներից ամենից անմիջականը, Ճեմարանում կրոնի դասատու էր այդ պահին եւ միաժամանակ ավագ ուսուցիչ Հայկական դպրության: Վերը հիշատակված ոտանավորների վկայությամբ, Նալբանդյանը եւ Կեոկչեյանը ջանք էին թափում հեռացնել Ճեմարանից Մսերին եւ իրար մեջ բաշխել նրա դասերը: Այն, ինչ հայտնի է մեզ արդեն Լազարեւների եւ Նալբանդյանի հարաբերությունների մասին, ակներեւ են դարձնում այս մեղադրանքի անպատեհությունը: Սակայն ակներեւ է ոչ միայն փաստի անհեթեթությունը, այլեւ հակառակորդների անհանգստության առիթը:

Մսերի սխոլաստիկ աստվածաբանության եւ հայկաբանության հեղինակավորությունը աղաղադաների համար վեր էր կասկածից: Բայց, ինչպես միաբերան նշում են ժամանակակիցները՝ Քաջբերունին եւ Վ. Բաստամյանը, նա, ինչպես նաեւ Նալբանդյանին Ճեմարանում նախորդած հայերենի ուսուցիչ Ոսկան Հովհաննիսյանը, անպետք էր որպես դասատու եւ հիմք ուներ անհանգստանալու Նալբանդյանի ներկայություննից ու նրա աճող ժողովրդականությունից: Այդ մասին ակնարկներ կան նաեւ Մսերի օրագրությունների մեջ: Մատենադարանի արխիվում գտնվում է 1856 թ. հոկտեմբերի 8-ին Ներսես Աշտարակեցուն ուղղած Մսերի մի գրությունը, որից երեւում է, որ Նալբանդյանի դեմ սրա բռնած թշնամա/86/կան դիրքը բխում էր, մասամբ, ինքնապահովության բնազդից: Արժե կարդալ այդ գրությունը.

«Առանձին: Աղաչելով աղաչեմ եւ խնդրեմ ի ձէնջ, ով բարեգութ հայր իմ եւ տէր, զի եթէ կամիցիք ազատել զիս յանասելի վշտացն, զորս կրեմ հանապազ ի պատճառս որոմնացան դպրին Միքայէլի Ղազարեան Նալբանդեանց, տուք հեռացուցանել ի քաղաքէս, որով եւ իցէ եղանակաւ: Քանզի ցորչափ նա աստ գտանիցէ, անհնարին է ինձ յանդորր ու անխռով անցուցանել կեանս կամ տեսանել օր խաղաղիկ: Բազմակերպեան խարդախութիւնք նորա եւ հնարագիտութիւնք ի պատրել զայլս եւ յարկանել վրդովմունս, թշնամութիւնս եւ ատելութիւնս ի միջի բազմաց, երկարագունից կարօտի պատմութեանց, այլ ես միով բանիւ զբովանդակն յայտնեցից: Է նա միանգամայն յոտից ցգլուխ լեզու նենգաւոր»:

Հետագայում եւս, Նալբանդյանի գրություններից անհանգստացած, Մսերը պաշտպանություն էր որոնում հզոր հովանավորողների կողմից: Այսպես, 1857 թ. ապրիլին, Նալբանդյանի մի նամակից խայթված, նա ապավինում է Դելիանովի եւ Իվան Լազարեւի միջամտությանը: Դրան ի պատասխան վերջինս հրահանգով է Նալբանդյանին՝ չանհանգստացնել արժանահարգ Մսերին: Հակառակ դեպքում սպառնում է միջոցներ ձեռնարկել Նալբանդյանի դեմ՝ հեռացնել տալ նրան Մոսկվայից, իսկ եթե հանդգնի դատի կանչել Մսերին, կմիջամտի դատին եւ օրենքի խստությունը շուռ կտա Նալբանդյանի իսկ դեմ [34]:

Կասկած չկա, որ գրելով Նալբանդյանին Մոսկվայից «հեռացնելու» մասին եւ սպառնալով դատի կանչել նրան, կղերա-աղայական ռեակցիայի ներկայացուցիչները դարձյալ մտմտում էին նրան Սիբիր քշելու միջոցառման շուրջը:

Նալբանդյանի փախուստը, նրա պաշտոնավարությունն ու արծարծած հայացքները Ճեմարանում, նրա ինքնապաշտպանությունը հակառակորդների դիմաց եւ նրա հակահարձակումը սրանց վրա՝ վրդովել էին նաեւ Մոսկվայի հայ-լուսավորչական ճահճի գորտերին: Մասնավորապես, նրա «նենգավոր լեզուն» հանգիստ չէր տալիս ո՛չ Ճեմարանի սխոլաստիկներին, ո՛չ սրանց տերերին: Սկզբունքային պայքար էր այս, որի մեջ միայն կարճատես ժամանակակիցները կարող էին նշմարել անձնական շահախնդրություն:



[1]     ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 169, վավ. N 118:

[2]     Տե՛ս Գ. Պատկանյանի «Հիշատակարան»-ը, եր. 411:

[3]     ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 159, վավ. N 139:

[4]     Նույն տեղը:

[5]     С. Г. Арешян, Московский университет и некоторые вопросы формирования мировозрение Налбандяна, Երեւանի համալսարանի «Գիտ. աշխատություններ»-ի 34-րդ հատոր, եր. 197:

[6]     ՀՍՍՌ Մատենադարան, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 157, վավ. N 514:

[7]     Լազարյանների արխիվ, գիրք 107, վավերագիր 13:

[8]     «Արարատ», 1850, N 2, եր. 17 եւ հետ.:

[9]     „Собрание высочайших указов и актов относящихся до Моск. Арм. Лаз. института восточных языков“. СПБ, 1839, երջ 70 եւ հետ.:

[10]              Լազարյանների արխիվ, գիրք 26, վավերագիր 166:

[11]   Նույն տեղը, գիրք 1, վավերագիր 20:

[12]   Լազարյանների արխիվ, գիրք 1, վավերագիր 20:

[13]   Հմմ. նույն տեղը, վավերագիր 3:

[14]   ՀՍՍՌ Մատենադարան, Մսերյանի արխիվ, թղթ. N 202, վավ. N 1627: Հմմ. նաեւ Մատենադարանի N: 4999 ձեռագիրը: Մատթեոս Չուխաճյանի ժամանակ Խ. Լազարեւը գրավոր դիմում ուղարկեց Էջմիածին, պահանջելով համապատասխան փոփոխություններ մտցնել հայ եկեղեցական ծեսերի եւ արարողությունների մեջ: Մեր ձեռքի տակ կա Մատթեոս կաթողիկոսի 1860 թ. մայիսի 20 թվակիր պատասխանը՝ գրված վճռական ու խրոխտ մի տոնով, որ խորապես վիրավորական պիտի լիներ անընդհատ հայ ազգը եւ Հայ եկեղեցին «ապերախտության» մեջ մեղադրող պատվարժան աղայի համար:

[15]   Օգտվում ենք մեր ձեռքի տակ եղած պատճենից:

[16]   «Նոր-Դար», 1891, N 138:

[17]   Ա. Ինճիկյան, նույն տեղը, եր. 50:

[18]   Ե. Շահազիզ, Մ. Ղ. Նալբանդյանց, եր. 48:

[19]   Հմմ. նաեւ Մ. Նալբանդյանի «Ղազար Փարպեցու թղթի» թարգմանության Մ. Տ. Գրիգորյանի առաջաբանը, եր. XI եւ հետ., եւ Եր. Շահազիզ, Մ. Ղ. Նալբանդյանց, եր. 33 եւ հետո:

[20]   ՀՍՍՌ Մատենադարան, «Գրական աշխատությունների ժողովածու», N 1, եր. 204 եւ հետ.: Լազարեւի գրած ռուսերեն սկզբնագրում, որից Ալթունյան Եփրեմ վարդաալետը կազմել էր Ներսեսին հղված հայերեն վերսիան, Նալբանդյանի համար նախատեսվում էր Սիբիրոս տաժանակիր աշխատանքի դատապարտվելու հեռանկար (տե՛ս ՀՍՍՌ ԳԱ «Տեղեկագիր», 1954, N 7, եր. 91):

[21]   ՀՍՍՌ Մատենադարան, «Գրական աշխատությունների ժողովածու», N 1, եր»204 եւ հետո.:

[22]   ՀՍՍՌ Մատենադարան, Սինոդի ֆոնդ, 1852, Дело по pacпop., отд. No 12, թերթ 66:

[23]   «Փարոս Հայաստանի», 1881, եր. 14:

[24] С. Г. Арешян, Московский университет и некоторые вопросы формирования мировозрение Налбандяна (Научн. труды Ерев. Госунта, т. XXXIV, стр. 208 и 210).

[25] Եկուլովից զատ, ոստիկանական շների դեր էին կատարում, ըստ երեւույթին, նաեւ ոտանավորի մեջ ծաղրված Ճեմարանի ուսուցիչներից եւ վերակացուներից երկուսը՝ Կիստովն ու Ատամանովը: Քանի որ, ինչպես պարզվում է, 1854 թ. օգոստոսին Կիստովը մեռած էր արդեն (տե՛ս С. Г. Арешян, նույն տեղը, եր. 205). պիտի կարծել, որ «Нy, хoрoшо!» ոտանավորը գրված էր արդեն այդ տարվա առաջին կեսում:

[26] Տե՛ս Հայկական ՍՍՌ ԳԱ «Տեղեկագրում», 1954, N 7, եր. 86 եւ 100, տպագրված արխիվային նյութերը:

[27] ՀՍՍՌ Մատենադարանի արխիվ, Կաթողիկոսական դիվան, թղթապ. N 172, վավ. 126 եւ 127:

[28]   Նույն տեղը, թղթապ. N 202, վավ. N 1590:

[29] Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, եր. 317։

[30] Տե՛ս Մ. Նալբանդյան, Անտիպ երկեր, կոմենտարներ, եր. 332 եւ հետ.:

[31] Ե. Լ. Ժ., 1, եր. 216

[32] Նույն տեղը, եր. 189:

[33] Նալբանդյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի, I, եր. 520 ծանոթագրության մեջ Ստեփանյանի անձնավորությունը նույնացված է Խ. Ստեփանե անունով հայտնի դարձած Ստեփաննոս Ստեփանեի հետ: Դժվար է համաձայնել այս ենթադրությանը: Խ. Ստեփանեն, «Հյուսիսափայլ»-ի աշխատակից իշխան Բագրատունին, ինչպես պատմում են, իր ուսանողական տարիներին սաստիկ գովաբանում էր Նալբանդյանի «Հիշատակարան»-ը եւ իրեն հեռու պահում Նազարյանցից (տե՛ս Քաջբերունու հիշողությունները, «Արարատ», 1910, եր. 718): Եթե Խ. Ստեփանեի գրական-հասարակական հետագա գործունեությունը դժվար է հանգավորվում այս վկայության հետ, միաժամանակ չի հաշտվում՝ դրա հետ նաեւ այն ենթադրությունը, թե նա կարող էր եղած լինել Նալբանդյանի հակառակորդների ձայնատարը:

[34] Ա. Ինճիկյան, նույն տեղը, եր. 76 եւ հետ.: