Նալբանդյանը եւ նրա ժամանակը(Ա)

Հեղինակ

Բաժին

Թեմա

/425/ ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՅԱՆ ԲԵՐԴՈՒՄ


Նալբանդյանի վերադարձն ու կալանքը՝ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ կապված լինելու մեղադրանքով: Գյուղացիական շարժումները Ռուսաստանի կենտրոնում եւ ծայրամասերում: Վերահաս ռեակցիան եւ «32–ի պրոցեսը»: Մեղադրանքի առանձնահատուկ մի մոմենտը: Հայերը Բակունինի ապստամբական պլանի մեջ։ Ռուս ռեւոլյուցիոն խմբակցությունների դիրքը ազգային խնդրում: «Լոնդոնի պրոպագանդիստները» Նալբանդյանի մասին: Նալբանդյանի կապը ռուս էմիգրանտների հետ: Նրա բացատրությունները քննիչ հանձնաժողովի առաջ:

 

Նալբանդյանը 1862 թ. մայիսի 25-ին կամ 26-ին . տ. ) վերադարձավ Պետերբուրգ, այն քաղաքը, ուսկից Հնդկաստան էր մեկնել մոտ երկու տարի առաջ՝ 1860 թ. հունիսի 14-ին: Հասնելով Պետերբուրգ, նա ձեռնարկեց անմիջապես Հայաստանի աշխարհագրական քարտեզի տպագրության հետ կապված աշխատանքին: Ենթադրում էր մի ամսից, Հնդկական իր առաքելության արդյունքների մասին Նոր-Նախիջեւանում համաքաղաքացիներին հաշիվ տալուց հետո, սկսել քարտեզի տպագրությունը, որի մասին «Հայտարարություն» զետեղեց «Հյուսիսափայլ»-ում: Հունիսի 24-ին կամ 25-ին նա մեկնում է Նոր-Նախիջեւան, ուր հասնում է հուլիսի 10-ին, ճանապարհին չորս օր Մոսկվայում դեգերելուց հետո: Դեռ նոր էր կարգի բերում իր թղթերը, կտակագումարների հաշիվները՝ Ն. -նախիջեւանի համայնական ժողովին ներկայացնելու համար, երբ հուլիսի 14-ի առավոտյան կայսերական շքախմբի գեներալ Դրենյակինի կողմից Պետերբուրգից արված գաղտնի կարգադրությամբ՝ ժանդարմական ագենտները խուզարկություն սկսելով Նալբանդյանների տանը, կալանքի տակ առան Մ. Նալբանդյանին: Գեներալ Դրենյակինը նույն այն անձնավորությունն է, որը ցարի հանձնարարությամբ վայրագորեն ճնշել էր Բեզդնայի գյուղացիական ապստամբությունը [1]: Նրա տված հրահանգները ժանդարմական ագենտները կատարեցին ամենայն ճշտությամբ:

/426/ Չորս օր անց՝ հուլիսի 18-ին, խուզարկության ժամանակ գրաված մի հակ նյութերի՝ թղթերի, գրքերի եւ լուսանկարների հետ, նրան հատուկ պահակախմբով ուղեկցեցին դեպի հյուսիս: Հուլիսի 27 -ին պատակախումբը հասցրեց կալանավորին Պետերբուրգ, ուր նրան առաջնորդեցին Պետրոպավլովյան բերդը: Նույն այդ օրը բերդի կոմենդանտ Սորոկինը գրավոր զեկուցում ուղղեց ցարին՝ «Նոր-Նախիջեւանի բնակիչ Միքայել Նալբանդովն այսօր ընդունված է եւ բանտարկված Ալեքսեեւյան ռավելինի 8-րդ կամերայում»: Զեկուցագրի լուսանցքում մակագրված է. «Թագավոր կայսրը շնորհ արեց կարդալ. 29 հուլիսի»:

Մոտ երեք տարի, մինչեւ 1865 թ. մայիսը, Նալբանդյանը փակված մնաց ժողովուրդների ազատության մարտիկների շնչառությունը կաշկանդող քարե այս կապարանում, քաղաքական խոշորագույն հանցագործներին հատկացված այն ամրոցում, որի լապտերների փայլտկոցը, ինչպես գրում էր ուկրաինական ժողովրդի մեծ բանաստեղծը՝ Շեւչենկոն, ասես կատվի չարագուշակ աչքեր, սարսափ էին փռում շուրջը գիշերային մառախուղի միջից…

Մ. Լեմկեի հրապարակած նյութերի շնորհիվ [2] բավականաչափ պարզված են արդեն Նալբանդյանի ձերբակալության անմիջական հանգամանքները: Նա մեղադրվում էր Լոնդոնի ռուսական էմիգրացիայի, կամ ինչպես ասված է համապատասխան թղթերում՝ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ հարաբերություն ունենալու մեջ:

Ոստիկանական դեպարտամենտի «Երկրորդ բաժանմունքի» ձեռքն էր ընկել Մ. Բակունինի՝ Նալբանդյանին Պետերբուրգ հասցեագրված երեք նամակ: Այդ նամակներից պարզվել էր, որ Սիբիրից Լոնդոն փախած նշանավոր ռուս էմիգրանտը Նալբանդյանին եւ հանրածանոթ ռուս գրող Ի. Ս. Տուրգենեւին էր հանձնարարել Իրկուտսկում թողած իր կնոջը՝ Անտոնի Բակունինային, Փարիզ փոխադրելու գործը [3]: Բռնվել էին նաեւ Բակունինի՝ զանազան այլ անձնավորությունների հղած նամակները: Բոլոր այս գրությունները գրավվել էին ռուսական սահմանագլխին, Լոնդոնից Պետերբուրգ ուղեւորվող՝ Պ. Ա. Վետոշնիկովի մոտ: Վերջինիս մոտ հայտնվել էին նաեւ Լոնդոնի այլ էմիգրանտների՝ Գերցենի, Օգարյովի եւ Կելսիեւի՝ Ռուսաստան հասցեագրված գրությունները:

Իր նամակներում Ա. Ի. Գերցենը նշավակել է անզգույշ ու թեթեւամիտ այն վերաբերմունքը, որ հայտնաբերվել է այդ գրությունների փոխադրու/427/թյան գործում Լոնդոնի ռուս բոլոր էմիգրանտների եւ մանավանդ՝ Բակունինի կողմից: «Ռեակցիան այն ժամանակ, գրում էր Գերցենը, ինկուբացիոն շրջանի մեջ էր եւ չէր դրսեւորել տակավին իր ներքին, թաքնված նեխումը: Ոչ ոք երկյուղ չէր կրում գալ մեզ մոտ: Ոչ ոք չէր վախենում վերցնել իր հետ «Колокол»-ը եւ ուրիշ հրատարակությունները. շատերը պարծենում էին փոխադրություն կատարելու վարպետությամբ» [4]: Նալբանդյանի եւ ուրիշների հասցեով ուղարկված նամակները, ինչպես պատմում է Գերցենը [5], հանձնվել էին Վետոշնիկովին Կելսիեւի կազմակերպած մի խնճույքի ժամանակ, որին ներկա էին եղել բազմաթիվ կողմնակի մարդիկ: Սրանցից մեկը, ըստ երեւույթին՝ ոստիկանության դեպարտամենտի ագենտ, Հեռագրում է Պետերբուրգ, նախազգուշացնելով տեղի ունենալիք փոխադրության մասին: Վետոշնիկովը ձերբակալվում է տակավին շոգենավից ափ չիջած: Այս դեպքը , որ հետագայում նյութ ծառայեց Պիսեմսկու «Взбаламученное море» վեպի համար, բաց արեց ոստիկանության դեպարտամենտի առաջ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ կապված մարդկանց գործի կծիկը: Բռնված նամակները միջոց` էին տալիս ոստիկանությանը՝ ձերբակալել եւ պատասխանատվության ենթարկել Լոնդոնի էմիգրանտների հետ կապված տասնյակ մարդկանց: Նալբանդյանը մեկն էր այդ մարդկանցից: Նրանից զատ, նույն գործով մեղադրվում էին Ն. Ա. եւ Ա. Ա. Սեռնո-Սոլովեւիչ եղբայրները, Նիչիպորենկոն, Վորոնովը, Լյալինը, Դե-Տրավերսեն եւ այլք, ընդամենը 32 հոգի: «32-ի պրոցեսի» կապակցությամբ ձերբակալվեց եւ Պետրոպավլովյան բերդ նետվեց նաեւ Ն. Գ. Չերնիշեւսկին, ռուս ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ղեկավարը, որի գործը, սակայն, քննվում էր առանձին: Նույն 1862 թ. Լոնդոնի պրոպագանդիստների գործով նախապես ձերբակալվել եւ շտապ կարգով տաժանակիր աշխատանքի էր դատապարտվել ռեւոլյուցիոն պոետ Մ. Լ. Միխայլովը:

Չերնիշեւսկու, Ն. Ա. եւ Ա. Ա. Սեռնո-Սոլովեւիչ եղբայրների, Նալբանդյանի եւ մյուսների դեմ սկսված կառավարական այս միջոցառումը 1859-1861 թվականներին ստեղծված ռեւոլյուցիոն կացությանը հաջորդող ռեակցիայի ազդանշաններից մեկն էր:

1861 թ. փետրվարի 19-ի մանիֆեստն անկարող եղավ անմիջապես զսպել ագրարային շարժման լեռնացող ալիքը: Ցարական ռեֆորմները չէին վերացնում նախկին ճորտատերերի արտոնյալ դրությունը: Նրանց ձեռքում էր մնում ոչ միայն քաղաքական իշխանության ղեկը, այլեւ ճորտերի ձեռքով մշակված հողերի 18-ից մինչեւ 44%-ը: Գյուղացիները զրկվում էին լավորակ վարելահողերից, անտառներից ու դաշ/428/տավայրերից: Նրանց մեջքին պիտի ծանրանար «փրկավճարումների» (выкупные платежи) բեռը: Դրանց պիտի ավելանային տուրքերը գյուղացիական ինքնավարության պետքերի համար: Հողի տեր դարձած գյուղացիների հոծ մասսան, զուրկ արտադրության այլ միջոցներից՝ պետք եղած լծկաններից, գյուղատնտեսական գործիքներից եւ այլն, պիտի դառնար շահագործման նոր եղանակների զոհ: Հին կալվածատերերը կամ նոր վարկատուներն ու վարձատուները հաստատելու էին նրանց պարանոցին կիսաֆեոդալական, կիսակապիտալիստական կեղեքման երկաթե լուծը: Այս ամենը քայքայելու էր մանր գյուղացու «ազատագրրված» տնտեսությունը՝ սոցիալապես տարբերակելով գյուղաբնակչությունը, դարձնելու գյուղացիության մեծ մասի տնտեսությունը անեկամըտաբեր ձեռնարկություն, աշխատանքի եւ ապրուստի մի տանջարան: «Ո՞ւր երթա 23 միլիոն ժողովուրդ անհող եւ անկայան, հարցնում էր Նալբանդյանը, ի՞նչ գործե, ի՞նչպես ապրի: Նույն հողը, որի վերա բնակվում էր եւ որ գործում էր, այժմ, ազատվելուց հետո, պիտի վարձու առնուր յուր պարոնից՝ ի՞նչ ազատություն էր այս, ո՞չ ապաքեն եւ առաջ նույնն էր գործում, միայն այս տարբերությամբ, որ տված դրամը կամ անձնական աշխատությունը փոխանակ դրամի՝ համարվում էր հարկ, իսկ այժմ նույնը պիտի անվանվեր վճար: Բայց շինականին ի՞նչ մխիթարություն անվանափոխության մեջ, քանի որ գործը նույնն է: Պիտի ասեն, որ այդ տեսակ ազատութենից շինականը եթե տնտեսական մասնում ավելի վնաս ունի քան թե օգուտ, գոնե կազատվի ստրկութենից եւ պարոնի իշխանության ու լուծի տակից: Այստեղ եւս մխիթարական բան չկար շինականին. այո՛, պիտի ազատվեր պարոնից, բայց դորա փոխանակ պիտի ընկներ կառավարության աստիճանավորների ձեռքը, այսինքն անձրեւի երեսից ծովը» [6]:

Ի վերուստ ստացված հողն ու ազատությունը ագրարային հարաբերությունների հեղաշրջում չէր, հարկավ, այլ սոսկ ճորտատերերի ձեռքով կատարված բուրժուական լղրճուկ ռեֆորմ:

Կառավարությունն իսկ երկյուղ ուներ, որ ձեռնարկված ռեֆորմը Հիասթափություն կարող էր պատճառել գյուղացիներին, եւ որ ռեֆորմից անմիջապես հետո երկրում կարող էր բարձրանալ վրդովմունքի հզոր ալիք: «Ո՞վ կարող է երաշխավորել, հարցնում էր Ս. Լանսկոյին Ալեքսանդր II ցարը, որ երբ գործադրության տրվի նոր օրինադրությունը, եւ ժողովուրդը տեսնի, որ իր սպասելիքները, այսինքն՝ իր հասկացած ազատությունը գլուխ չեկավ, արդյոք վրա չի՞ հասնի հիասթափության րոպեն: Այն ժամանակ արդեն ուշ կլինի հատուկ մարդիկ ուղարկել ժողովուրդը /429/ զսպելու համար: Պետք է, որ նրանք արդեն իսկ հիմա լինեն տեղերում» [7]:

Այս նախատեսությամբ՝ ռեֆորմների նախօրեին. կառավարությունը Հատուկ ռազմական ուժեր էր հղում նահանգները: Հրապարակված նյութերը [8] ցույց են տալիս, որ զուր չէր այդ «նախատեսությունը», եւ որ նահանգներում կենտրոնացված ռազմական հատուկ ուժերը ահագին եռանդ պիտի գործ դնեին հիասթափված գյուղացիության վրդովմունքը բռնի ուժով խեղդելու համար: Հիրավի, ռեֆորմից հետո նոր թափ ստացավ ագրարային ռեւոլյուցիայի «Հող եւ Ազատություն» մարտակոչը: «Ազատագրումից» հետո է հենց, որ տեղի ունեցավ գյուղացիների մասսայական «խլրտումը» Ղազանի նահանգի Բեզդինա գյուղում: Այս կարգի խլրտումները բացառիկ չէին: Ըստ պաշտոնական տվյալների՝ 1861 թ. ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում առաջացավ 647, իսկ հուլիսից մինչեւ տարվա վերջը՝ 137 ագրարային հուզմունք: 1862 թ. առաջին կիսամյակում ծագեց 300, իսկ երկրորդ կիսամյակում՝ 87 նմանօրինակ հուզմունք: 1861 թ. զինական ուժի միջամտությամբ լիկվիդացվեց 499 գյուղացիական կլըրտում, 1862 թ. ՝ 298 [9]:

1861 թ. փետրվարի 19-ի ռեֆորմից դժգոհ գյուղացիները սնվում էին այն հավատով, թե «ազատության» մանիֆեստի հրապարակումից երկու տարի անց՝ 1863 թ. փետրվարի 19-ին, ցարը տալու է նրանց նոր, իսկական ազատություն, որով նրանց սեփականություն է ճանաչելու ամբողջ հողը եւ գյուղացին ազատ է հռչակվելու Հողային ամեն տեսակի տուրքերից ու վճարումներից: Գյուղացիների այս հավատն էր հենց, որ վերին աստիճանի լարված, սպասողական տրամադրություն էր առաջացրել երկրում, նպաստավոր մթնոլորտ ստեղծելով ռեւոլյուցիոն ագիտացիայի համար: Թվում էր, թե երբ վրա հասնի տարածուն պատրանքից սթավելու ժամը՝ խաբված ճորտը, կացինն առած, պիտի ոտքի ելնի խաբեբա կալվածատերերի ու իշխանավորների դեմ: Շատերի մոտ հասունանում էր այն համոզումը, թե պետք է ընդառաջել գյուղացիներին եւ մտցնել մի շարք նոր ռեֆորմներ, որպեսզի չծավալվեն մասսայական «խլրտումները», որոնք կարող էին բռնկել առաջիկայում ավելի մեծ ուժով:

Գյուղացիական շարժմանը զուգահեռ բռնկում են ուսանողական «անկարգությունները», որոնք առանձնապես աչքի ընկան 1861 թ. ըն/430/թացքում Մոսկվայում, Պետերբուրգում ու Ղազանում եւ առիթ տվեցին ուսանողական «ինքնավարությունների» վերացմանը: Ժանդարմական օրգանները գանգատվում էին, թե ուսանողական «անկարգությունները» համակիր արձագանք են գտնում քաղաքացիական եւ զինվորական գրեթե բոլոր դպրոցներում [10]:

Չի կարելի անգիտանալ ռեֆորմներին կանխող կամ նրանց հաջորդող քաղաքական տրամադրությունների դրական նշանակությունը: Ճորտատերերի անբաժան տիրակալությանը, Նիկոլայ I-ի բռնապետությանը հաջորդեց քաղաքական ռեժիմի հարաբերական մեղմացում, երբ կառավարությունը, ինչպես ասում էր Նալբանդյանը, «մի փոքր թուլացրեց Ժողովրդյան սանձը» [11], երբ սկսում էր ասպարեզ բացվել հասարակական ուժերի ազատ զարգացման եւ անհատական ազատ նախաձեռնության առաջ: Այս պայմաններում է, որ հնարավոր դարձավ ճորտերի ելույթը տիրող ռեժիմի դեմ՝ հանուն ճորտատիրական կարգերի իրական ոչնչացման: Երկրի կենտրոններում ուժ ստացավ ռուս դեմոկրատական հասարակայնությունը՝ առաջապահ ունենալով այսպես կոչված ռազնոչին մտավորականների ռեւոլյուցիոն-դեմոկրատական խմբավորումները, նրանց մամուլն ու գրականությունը: Թվում էր մի պահ, թե շղթայազերծ ճորտերի համար չկա՝ այլեւս ոչինչ անկարելի՝ լիներ միայն գիտակցություն եւ շարժվելու, գործելու կամք:

Նույն այս փոթորկահույզ ժամանակաշրջանում երկրի ծայրամասերում՝ ճնշված ազգությունների ազգային-կուլտուրական եւ ազգային-քաղաքական շարժումները սկսում են ավելի եւ ավելի կապվել Ռուսաստանի գյուղացիության ծավալվող «խլրտումների» հետ: Նույն այս երեվույթը տեղի ուներ նաեւ Անդրկովկասում եւ, մասնավորապես, Հայաստանում :

Նվաճելով Անդրկովկասը, ցարիզմը չլիկվիդացրեց տեղական ֆեոդալներին: Ռուսաստանի զինվորական իշխանությունը մի առ ժամանակ համատեղվեց խաների ու նաիբների քաղաքացիական ու դատական իշխանության հետ: Շատ ուշ՝ 1840-41 թ. թ. է միայն, որ երկրում սահմանվեց սենատոր Գանի մշակած քաղաքացիական վարչաձեւը: Վրաստանում եւ Արեւելյան Անդրկովկասում, Հայաստանում եւ Ադրբեջանում պարբերաբար առաջացող մասսայական «խլրտումներին» ու տրտունջներին վերջ տալու նպատակով՝ մտցվում էր գաղութային վարչության «նորմալ» ստատուտ, լիկվիդացվում կամայականությունների դուռ բացող խաների ու նաիբների, աղալարների ու բեկերի, մելիքների ու քալանթար/431/ների քաղաքացիական իշխանությունը: Տեղական ադաթի ու օրենսգրքերի, դիվանխանաների ու դիվանբեկերի տեղ գործելու էին համապետական օրենսգրքերն ու դատարանները: Գանի նախագծով՝ Անդրկովկասյան գյուղացիները ազատվելու էին թիուլդարների հանդեպ ունեցած տուրքային անմիջական պարտավորություններից: Մի շարք վայրերում՝ Բորչալուի, Շամշադինի եւ Ղազախի դիստանցիաներում, աղալարները զրկվեցին իրենց կալվածներից. նույնը սպառնում էր նաեւ Արեւելյան Անդրկովկասի աղալարներին [12]:

Տեղական ֆեոդալները դիմավորեցին այս իրադարձությունը մեծ դժկամությամբ, հանգամանք, որ չէր նախատեսել Գանի նախագիծը, որի համաձայն՝ նախկին կալվածատերերը պիտի գոհանային սոսկ գանձարանից ստանալիք ռոճիկներով: Կենտրոնական կառավարությունը հարկադրված եղավ այս մարզում եւս վերանայելու իր քաղաքականությունը: Պասկեւիչը եւ իր համախոհները տակավին 1833-ին էին մատնանշում, որ Անդրկովկասում պիտի արմատավորել ռուս ազնվականությունը, միաժամանակ ձեւակերպելով տեղական ազնվականության իրավունքները: Բացի այդ, պետք էր լայն իրավունքներ տալ ռուս չինովնիկներին եւ ապահովել տեղական կալվածատերերի ապրուստը [13]: 1846 թ. հրատարակվեց Նիկոլայ I-ի դեսկրիպտը, որի համաձայն՝ խանական վարչության հետ լծորդված ժամանակավոր (թիուլական) հողատիրությունը վերածվելու էր ժառանգական (մուլքադարական) հողատիրության: Հիմք էր դրվում մի քաղաքականության, որի հետեւանքով փաuտապես վերահաստատվում էր ադրբեջանական եւ հայ գյուղացիության ճորտական կախումը տեղակայն «բարձր դասի» ներկայացուցիչներից եւ ենթարկվում սրանց ոստիկանական հսկողությանը [14]: Այս քաղաքականությունը, ինչպես բացատրում էր Վորոնցովը, կենսագործելու էր այն «արիստոկրատական սկզբունքը, որը պիտի պատնեշ կազմեր Կովկասում գլուխ բարձրացնող «դեմոկրատական ուղղության դեմ»:

Անդրկովկասի հողային ու վարչական մարզերում տեղի ունեցած իրադարձությունները խորապես ազդեցին երկրի ամբողջ կյանքի վրա եւ մասնավորապես անդրադարձան հայ գյուղական ու քաղաքային մասսաների կացությանն ու տրամադրությանը:

Ցարիզմի գաղութային քաղաքականության, ոստիկանական ռեժիմի եւ մուլքադարական իրավունքների վերականգնման ու ընդարձակման հետ էին լծորդված նաեւ այն տրամադրությունները, որ դրսեւորում էին /432/ 50-60-ական թվականների կովկասահայ գյուղացիական եւ արհեստավորական խավերն ու այդ խավերին մոտ կանգնած այն գրողներն ու գործիչները, որոնք հանդիսանում էին հետագայում ասպարեզ եկած գյուղագիրների ու նարոդնիկ մտավորականների նախակարապետները: Նրանց երկերի ու ելույթների մեջ անդրադառնում էին գյուղացիական եւ արհեստավորական մասսաների տրտունջները, կալվածատերերի, կապալառուների, վաշխառուների ու սպեկուլյանտների դեմ նրանց մղած տարերային կռիվը, մերկացվում գաղութային ոստիկանների շահատակություններն ու այլանդակությունները: Զուրկ պայքարի հստակ ծրագրից ու հեռանկարներից, նոր կարգերին ու հարաբերություններին նրանք հաճախ հակադրում էին նահապետական գյուղաքամայնքների ըմբռնումները եւ Համքարության հինավուրց կազմակերպությունների պահանջները: Երեւույթներ էին սրանք, որոնք վաթսունական թվականներին մեզանում զիտակից արտահայտություն ստացան եւ ռեւոլյուցիոն եզրակացությունների հանգեցին միայն Մ. Նալբանդյանի հրապարակախոսության եւ հասարակական-քաղաքական գործունեության միջոցով:

Ընդառաջելով ցարիզմի տապալման հեռանկարին՝ Նալբանդյանի 60 -ական թ. թ. հրապարակախոսությունը անդրադարձնում էր հայ հասարակական-քաղաքական մտքի ռեւոլյուցիոն խլրտումը: Այդ պահին էր, որ նրա հրապարակախոսությունը ստանում էր միշտ ավելի ու ավելի մարտական-ազատագրական ուղղություն: Հայ «հասարակ ժողովրդի» տրիբունն ու պարագլուխը ձեռնարկում էր ռեւոլյուցիոն ուժերի գաղափարական եւ կազմակերպական հավաքմանը:

Նալբանդյանը տանում էր այս աշխատանքը գրական-հրապարակախօսական իր գրվածքներով եւ ընդհատակյա-կազմակերպչական իր գործունեությամբ՝ ռուսահայ ռեակցիայի հետ սուր պայքարի մեջ մտած: Սակայն, ի վերջո, նա պիտի հաշվի նստեր նաեւ այն հակագրոհի հետ, որ արծարծվող ռեւոլյուցիայի դեմ ձեռնարկեցին ցարական կառավարությունն ու նրա ետեւ կանգնած համառուսական կալվածատիրությունն ու բուրժուազիան:

Անդրադառնալով Ռուսաստանում ծավալվող գյուղացիական բունտերին՝ 1862 թ. գարնանը Նալբանդյանը գրում էր. «Կառավարությունը զենք գործ դրեց նոցա վերա, բայց սպանվածների արյունը ոռոգեց եւ աճեցուց ընդդիմության տունկը» [15]: Սակայն ժամանակի խորունկ ողբերգնությունն այն էր հենց, որ «ընդդիմության տունկը» դատապարտված էր թալկացման: Գյուղացիությունը, խավար ու անկազմակերպ, ընդունակ էր տարերային բռնկումների, բայց անկարող տակավին ավերելու ֆեոդալա/433/կալվածատիրական կարգերի եւ նոր կապիտալիստական հարաբերությունների պատնեշը: Հին, կալվածատիրական իշխողները, օգտագործելով նոր, բուրժուական հասարակաշերտի օրորումները, ի վիճակի եղան հաղթահարել բռնկած հուզմունքը եւ կործանումից փրկել ինքնակալությունը: Գյուղացիական խլրտումների կոր գիծը, տեղի տալով կառավարական ուժերի բռնի միջամտությանը, իջնում էր վար, որի փոխարեն սպառնում էր բարձրանալ միայն ուսանողական «խռովությունների» ալիքը: 1861 թ. ոստիկանությունը փորձեց նաեւ կարգի հրավիրել քաղաքականապես աշխուժացած համալսարանական երիտասարդությանը: Ռեպրեսիաներն առաջացրին խլրտումներ, որոնք արձագանք գտան համալսարանական պատերից դուրս, քաղքենի հասարակության տարբեր ծալքերում, տեղի տալով, ի վերջո, ոստիկանական օրգանների նոր կամայականություններին: «1862 թ. սկզբներին, գրում էր ժամանակակիցներից մեկը, հասարակական մթնոլորտը ծայր աստիճան լարված էր, ամենաչնչին հանգամանքն անգամ կարող էր ուղղել կյանքի ընթացքը այս կամ այն կողմը: Այդ դերն է հենց, որ խաղացին 1862 թ. մայիսին Պետերբուրգում բռնկած հրդեհները» [16]: Հրդեհների առիթով մեղադըրում էին ուսանողներին: Պրովոկացիոն այդ մեղադրանքի առիթով էր, ի դեպ, որ Նալբանդյանին ուղղած նամակում Բակունինը գրում էր. «Այստեղ չգիտեն, թե ինչ ասեն ձեզ մոտ տեղի ունեցած հրդեհների մասին: Մի՞թե իրոք ուսանողները մասնակից են դրան: Հավատս չի գալիս» [17]: Ուսանող երիտասարդների հրապարակած «Молодая Россия» պրոկլամացիան, ուր անխնա եւ արյունահեղ կռիվ էր հայտարարվում տիրող կարգերին եւ այդ նպատակով նվիրագործվում ամեն միջոց, առիթ էր տալիս հավաստելու շրջող մեղադրանքը: Սակայն բավականաչափ պարզված է հիմա, որ Պետերբուրգի հրդեհները ոստիկանությանը մոտ կանգնած մարդկանց ձեռքի գործ էին փաuտապես [18]:

Ոստիկանությունը օգտագործեց հրդեհները ռեւոլյուցիոն շարժման դեմ հակագրոհի անցնելու համար: Կեղեքվում էր, մասնավորապես, այն պառակտումը, որ առաջացրել էր ռեւոլյուցիոն դեմոկրատիայի ներսում «Молодая Россия» խմբակի պրոկլամացիան: Միապետությունը դիմում էր «վրդովիչ խռովության» ախտահանմանը: Ռեակցիայի ինկուբացիոն շրջանին հաջորդում էր նրա բուն ճգնաժամը:

«Դեմոկրատական շարժման աշխուժացումը Եվրոպայում, լեհական խմորումը, դժգոհությունը Ֆինլանդիայում, քաղաքական ռեֆորմների /434/ պահանջն ամբողջ մամուլի եւ ամբողջ ազնվականության կողմից, «Колокол»-ի տարածումն ամբողջ Ռուսաստանով մեկ, հուժկու քարոզը Չերնիշեւսկու, որը գրաքննության բովից անցած հոդվածներով էլ կարողանում էր իսկական ռեւոլյուցիոներներ դաստիարակել, թռուցիկների հանդես գալը, գյուղացիների հուզումը, որոնց «շատ հաճախ» հարկ էր լինում զինվորական ուժի օգնությամբ եւ արյունահեղությամբ ստիպել ընդունելու «Կանոնադրությունը», ոյր մինչեւ վերջին թելը կողոպտում էր նրանց, ազնվական-հաշտարար միջնորդների կոլեկտիվ հրաժարումներն այսպիսի «Կանոնադրությունը» կիրառելուց, ուսանողական անկարգությունները— այսպիսի պայմաններում ամենազգույշ եւ զգաստ քաղաքագետը պետք է ռեւոլյուցիոն պոռթկումը համարեր միանգամայն հնարավոր ու գյուղացիական ապստամբությունը՝ միանգամայն լուրջ վտանգ: Այսպիսի պայմաններում ինքնակալական կառավարությունը… չէր կարող այլ կերպ վարվել, քան անխնայորեն ոչնչացնելով առանձին անձերի, բռնակալության եւ շահագործման գիտակից եւ անհողդողդ թշնամիներին (այսինքն՝ ռեւոլյուցիոն պարտիայի «պարագլուխներին»), վախեցնել եւ փոքրիկ զիջումներով կաշառել դժգոհների մասսային: Տաժանակրություն նրան, ով գերադասում է լռել, քան բթամիտ կամ կեղծավոր գովասանքներ արտազեղել «մեծ ազատագրման» հասցեին, ռեֆորմներ (ինքնակալության եւ շահագործող դասակարգերի համար անվնաս ռեֆորմներ) նրանց, ովքեր շնչասպառ էին լինում կառավարության լիբերալիզմից եւ հրճվում պրոգրեսիվ դարաշրջանով [19]:

  «Խռովությունը» փարատելու համար կառավարությունը փաստորեն ռազմական դրություն ստեղծեց մայրաքաղաքում: Սահմանվեց զինվոիական հատուկ կոմիտե, որին հանձնարարվեց «գտնել եւ գործադրել արտակարգ ներգործուն միջոցներ մայրաքաղաքի ապահովությունը վերականգնելու համար»: Քաղաքը բաժանվեց երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը դրվեց զինվորական նահանգապետի հսկողության տակ՝ «հրդեհաշիջներին» բռնելու եւ 24 ժամում ռազմական դատի տալու համար: Շուտով ռազմական դատարաններ մտցվեցին նաեւ հուզմունքի մյուս վայրերը՝ գյուղացիական բունտերը ճնշելու համար: Սրան հաջորդեցին մի շարք այլ ռեպրեսիաներ: Այսպես, կառավարությունը զինական ուժ գործադրեց անգամ ուսանողների դեմ, փակեց Պետերբուրգի համալսարանի դռները եւ ձերբակալեց ուսանող ցուցարարներից շատերին:

Ռեակցիոն մամուլը, Կատկովի գլխավորությամբ, գրոհի անցավ «Լոնդոնի պրոպագանդիստների» դեմ՝ ներկայացնելով նրանց գլխավոր /435/ հրձիգների դերում: Միաժամանակ արշավ սկսվեց Նեկրասովի «Современник»-ի եւ Բոգոսվետլովի «Русское слово»-ի դեմ: Հետեւանքը եղավ այն, որ ութ ամսով փակվեցին «Современник»-ն ու «Русское слово»-ն, եւ վերջինիս գլխավոր աշխատակից Պիսարեւը ձերբակալվեց: Մամուլի դեմք սկսեցին գործադրվել խիսո կանոններ:

Կառավարության անմիջական մտահոգությունը «Լոնդոնի պրոպագանդիստները» չէին, այլ երկրում գործող նրանց ձագենտները»: Սրանց դեմ հանված հալածանքով ցարիզմը ձեռնարկում էր ռեւոլյուցիոն կրամոլայի արմատական լիկվիդացիան: Զուր չէ, որ նրանց գործի քննությունը «ազատարար» ցարը հանձնարարեց կառավարական սենատին, որին կից ստեղծվել էր այդ նպատակով հատուկ հանձնաժողով՝ իշխ. Ա. Ֆ. Գոլիցինի նախագահությամբ: Հանձնաժողովի ծավալած հարցաքննության բուն ղեկավարները գտնվում էին, իհարկե, սենատի պատերից դուրս՝ ոստիկանության դեպարտամենտում: Այն փաստը, որ Նալբանդյանի կալանքի մասին անմիջապես զեկուցվում էր ցարին, ակներեւ է դարձնում, որ ինքը՝ ցարը հետեւում եւ հսկում էր ինքնակալությունը փրկելու համար գործադրվող արտակարգ այս միջոցառումներին: Հատկանշական է մասնավորապես, որ Նալբանդյանին գտնելու եւ ձերբակալելու գործը կառավարությունը հանձնարարեց ճորտերի ապստամբությունները վայրագորեն ճնշելու մեջ անուն հանած ժանդարմական գեներալ Դրենյակինին:

Նալբանդյանի ձերբակալությունը քաղաքական հատուկ նշանակություն էր ստանում նաեւ մի այլ տեսակետից: Հանձին նրա կառավարությունը գործ ուներ մի մարդու հետ, որի գործունեությունը ազդանշում էր հայերի մեջ ծայր առնող ռեւոլյուցիոն տրամադրությունների առկայության փաստը: 1862 թ. հունվարի 17-ին «Կովկասյան կոմիտեի» գործերի կառավարիչ ստատս-սեկրետար Վ. Բուտկինը Նալբանդյանի կազ«մած «Պոլսահայ լուսավորչական համայնքը» տեղեկագրի առիթով նիս մասին հայտնում էր արտաքին գործերի մինիստրին. «Նալբանդյանին ի մոտո ճանաչողները խոստովանում են նրա ընդունակությունները, բայց ցավ են հայտնում, որ նա գործ է դնում այդ ընդունակություններն ի վնաս իրեն եւ իր ազգին, եւ դիմում ինտրիգների ու այլ ոչ բարեվայելուչ միջոցների: Ասում են, թե նա սիրում է միջամտել ուրիշի գործերին եւ շարունակ ձգտում է ազդեցություն ձեռք բերել հայերի մեջ եղած այլեւայլ կուսակցությունների վրա» [20]:

Նալբանդյանի գործի քննության ընթացքը պարզում է մեր առաջ այն իրողությունը, որ կառավարությունը նրա մեջ տեսնում էր մի մարդու, որ կարող էր «վտանգավոր կապեր ունենալ Հարավային Ռուսաս/436/տանի եւ Կովկասի հայերի հետ եւ ազգային-ազատագրական գաղափարներ տարածել նրանց մեջ: Պատահական չէ, որ քննիչ հանձնաժողովի նախագահ Գոլիցինը 1862 թ. օգոստոսի 14-ին Կովկասի փոխարքայի պաշտոնակատար Օրբելիանիին իրազեկ էր պահում Նալբանդյանի թղթերում հայտնված Բակունինի նամակների մասին եւ առաջարկում միջոցներ ձեռք առնել «Լոնդոնի պրոպագանդիստների» հրատարակությունները Կովկասում տարածելու դեմ:

Նալբանդյանի այս կարգի «վտանգավորության» մասին էին վկայում, հիրավի, այն նամակները, որ գտնվել էին Վետոշնիկովի պայուսակում: Այդ մասին էին վկայում, մանավանդ, այն թղթերը, որ հայտնվել էին Նալբանդյանի մոտ՝ խուզարկության ժամանակ: Սրանց հիման վրա է հենց, որ ձերբակալվեցին «Լոնդոնի պրոպագանդիստների» գործով մեղադրվողներից մի քանիսը՝ Վորոնովը, Լյալինը, Դե-Տրավերսեն: Կարեւոր էին այդ թղթերի մեջ, մանավանդ, Բակունինի մի շարք նամակները, նրա կազմած ինստրուկցիան եւ պայմանական բառարանը, հայերեն մի շիֆր ու ծածկագիր բառարան՝ գրված Նալբանդյանի ձեռքով, եւ Նալբանդյանին ուղղված հայերեն մի նամակ, ուր պատմվում է հայկական ինչ-որ կոմիտեներ եւ լոժեր կազմակերպելու մասին, Բակունինի հրահանգները Լոնդոնի հրատարակությունները Կովկասում տարածելու մասին, նրա տպագիր կոչը՝ «Русским, польским и всем славянским друзьям» վերնագրով, Բակունինի, Մաձձինիի, Գարիբալդիի եւ ուրիշների լուսանկարները եւ այլն: Այս նյութերից զատ, հանձնաժողովի տրամադրության տակ կային Վետոշնիկովի մոտ գտնված նյութերը՝ Բակունինի նամակները Նալբանդյանին, նորատիպ «Երկրագործության» օրինակները, որ Բակունինն ուղարկել էր Նալբանդյանին, թյուրքահայ ընդարձակ մի ռեցեպտ՝ պայթուցիկ նյութեր պատրաստելու մասին, էմիգրանտ Կելսիեւի համար Նալբանդյանի գտած տաճկական մի անցագիր, Նալբանդյանի միջոցով Դե-Տրավերսեին հասցեագրված գրականագետ Ալբերտինի նամակը, ուր վերջինս հանձնարարում է Նալբանդյանին, որպես Լոնդոնի ռուսների հարգանքը վայելող մարդու:

Այս ամենից զատ բռնվել էին մի շարք թղթեր, որոնք ակներեւ էին դարձնում «Լոնդոնի պրոպագանդիստների» 1862 թ. գլխավոր մտահոգությունը՝ Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում եւ Ռուսաստանում ազգային-ռեւոլյուցիոն պրոպագանդ վարելու եւ ազգային-ռեւոլյուցիոն շարժում առաջ բերելու նրանց ծրագիրը: Վերը հիշատակված կոչի մեջ, որ հրապարակել էր Բակունինը Սիբիրից Լոնդոն հասնելուց հետո, նա հանդես եկավ Արեւմուտքում եւ Արեւելքում ազգային-ազատագրական շարժումներ կազմակերպելու ծրագրով: Իտալիայի ազատագրումը, ասում էր Բակունինը, մահացու հարված է հասցնում՝ Հաբսբուրգյան մոնար/437/խիային, որ կործանվելու է իտալացիների, հույների, ռումինների, հունգարացիների եւ բոլոր սլավոնների հավաքական ջանքերով, որի հետեւանքով խորտակվելու է նաեւ Թյուրքիան: Այս երկու պետությունների փլատակների վրա պիտի վերակենդանանա իտալացիների, հույների, ռումինների, հունգարացիների եւ բոլոր սլավոնների ազատությունը: Ռուսաստանը հասունանում է գյուղացիական ռեւոլյուցիայի համար, որը պիտի բռնկի, եթե գյուղացիությունը չստանա լիակատար ազատություն եւ հողի լիակատար սեփականություն [21]: «Колокол»-ի նույն տարվա ապրիլի 15-ի համարում «Несколько слов южным славянам» հոդվածում, խոսելով Թյուրքիայի եւ Ավստրիայի կրունկների տակ տրորված սլավոնների մասին, սրանց դաշնակիցների թվում Բակունինը նշում էր նաեւ հայերին [22]:

Ցայտուն գույներով Բակունինն ամփոփեց ազգային-ազատագրակսն ապստամբությունների այդ ծրագիրը 1862 թ. մայիսի 10-ին Գարիբալդիին ուղղած մի նամակում: Ռուս ժանդարմների ձեռքն ընկած այդ նամակում նա հայտնում էր գեներալին, որ ապարդյուն որոնումներից հետո կարողացել է վերջապես լեզու գտնել բուն Լեհաստանի երիտասարդ սերնդի հետ: «Մեր նպատակն է, գրում էր Բակունինը, Մոսկվա-Պետերբուրգյան կենտրոնացման (ֆեդերալիստ Բակունինի բերնում այս բառն ունի հատուկ երանգ, Ա. Հ. ) ոչնչացումը, էմանսիպացիա եւ կատարյալ ազատություն, ավտոնոմիա եւ անկախություն լեհական եւ ոչ-լեհական այն երկրամասերին, որոնք կազմում են Ռուսաստանի պետությունը: Կյանքի եւ մահու պատերազմ Ավստրիայի, ինչպես նաեւ Թյուրքիայի եւ մասամբ նաեւ Ռուսիայի դեմ որչափ վերջինս լեհական երկրամասերից է կազմված— եւ սլավոնական բոլոր ժողովուրդների ընդհանուր ֆեդերացիա… Այն, ինչ քարոզում եմ ես ներկայիս, դա սլավոնների եւ մաջարների անպայման միությունն է, անգամ եթե ապագային վերջիններս մեզ հակառակորդ դառնալու լինին, քանի որ նրանք երբեք էլ չեն կարող այնքան վտանգավոր ու զորեղ լինել, որքան ավստրիացիները»: Ընդհանուր թշնամու՝ Ավստրիայի, դեմ համերաշխության ձեռ պետք է մեկնել Իտալիային: Սլավոնների ատելությունը դեպի Ավստրիան ավելի ծավալուն է, քան իտալացիներինը, եւ այդ թշնամանքը հարկադրում է նրանց համապատասխան քաղաքականություն նաեւ Նապոլեոն III-ի հանդեպ. այսպես, եթե վերջինս հարձակվելու լինի Գերմանիայի վրա, սլավոնները տեսականորեն անարդարացի կհամարեին այդ, սակայն չեն դիմադրի դրան: Ընդհակառակը, նրանք կօգտագործեին այդ Ավստրիան խորտակելու, Պրուսիան գրավելու, լեհական հողերը ազա/438/տագրելու եւ Ռուսաստանում ռեւոլյուցիա սկսելու համար: «Որտեղի՞ց է սկսվելու շարժումը, հարցնում էր Բակունինը, արդյոք ազդանշան կտան Ֆրանսիայի փառասիրությունն ու ներքին հանգամանքները: Արդյոք առաջ կգա հանկարծական ապստամբություն իտալական, մաջար, սլավոն, հայ եւ հույն ժողովուրդների մեջ, թե՞, այնուամենայնիվ, տեղի կունենա ռուսական ռեւոլյուցիա ահա հարցը: Մենք առնվազն գործ կդնենք բոլոր միջոցները, որ այդ ապստամբությունները նպաստեն ու հանգեն մի նպատակի՝ Իտալիայի լիակատար ազատագրմանը, ամբողջ Արեւելքի ապստամբությանն ու ազատագրմանը: Թող կորչի Ավստրիան ու գերման տիրակալությունը, եւ դրա հետ միատեղ` թող կորչի՛ Ռուսաստանի ցարիզմն ու իմպերիան: Այդ բոլորի տեղ՝ ազատ ժողովուրդների ավտոնոմիա եւ ֆեդերացիա» [23]:

Իր մի այլ գրության մեջ Բակունինը ուրվագծում էր ապստամբական այս շարժումների հեռանկարները Ռուսաստանի ճնշված ժողովուրդների համար: «Մենք կամենում ենք, որ Լեհաստանին, Լիտվային, Ուկրաինային, ֆիններին եւ մերձբալթյան լատիշներին, ինչպես նաեւ Կովկասյան երկրին վերադարձվի լիակատար ազատություն եւ իրենց բախտը տնօրինելու իրավունք… Մենք կամենում ենք եղբայրական եւ եթե հնարավոր է՝ ֆեդերատիվ դաշինք Լեհաստանի, Լիտվայի, Ուկրաինայի, մերձբալթյան բնակիչների եւ Անդրկովկասյան երկրի ժողովուրդների հետ» [24]: Բակունինի այս էջերը անհատական մտահղացումներ չէին անշուշտ: Այս կամ այն չափով դրանք անդրադարձնում էին ազգային-ազատագրական շարժումների նկատմամբ Լոնդոնի մյուս «պրոպագանդիստների տրամադրություններն ու հեռանկարները»: Լոնդոնի ռուս նշանավոր էմիգրանտները նման խնդիրներ էին արծարծում եվրոպական դեմոկրատիայի պարագլուխների առաջ, որոնք դեռ հիսունական թվականների սկզբներին Մանձինիի, Կոշուտի եւ ուրիշների ստորագրությամբ ազատագրական կոչեր ու մանիֆեստներ էին ուղղում Եվրոպայի ու Ասիայի ճնշված ազգություններին եւ, մասնավորապես, առաջ քաշում թյուրքերին Եվրոպայից վտարելու եւ Թուրքիան «արեւելյան Շվեյցարիայի» վերածելու պահանջ: Բակունինի արծարծած ազգային-ազատագրական ծրագիրները ընդառաջում էին «Колокол»-ի էջերում արծարծված նման հայացքներին» [25]: Այնուամենայնիվ, պիտի շեշտենք, որ խոսելով Ռուսաստանի ազգային ազատագրական շարժումների մասին՝ Գերցենը եւ Օգարյովը դրանց մեջ առաջատար դեր էին վերապահում գյուղացիների ազատագրման խնդրին:

/439/ 1863 թ. Լեհաստանում գտնված ռուս սպաներին ուղղած իր դիմումի մեջ Գերցենը գրում էր. «Շատերը մեզ ասել են, թե հողային հարցին գերակշռություն ենք տալիս… Այս ընթացքը զարմացնում է, շփոթեցնում, այն անսովոր է, նրա մեջ չի կրկնված Արեւմուտքի ձեւը , ռեւոլյուցիոն ռուտինան, որին սովոր են հեղաշրջումների մարդիկ: Ի՞նչ արած: Կարող է պատահել, որ այս ճանապարհը ավելի դժվարին է ու նվազ հանգիստ, բայց դրա փոխարեն՝ այդ ճանապարհով չես հանգի «Հա՞ց, թե արճիճ» հարցին: Եվ ոչ էլ՝ «Ով արճիճ ունի, նա հաց ունի» պատասխանին: Հաց կլինի մեզ մոտ, քանի որ հողաբաժին պիտի որ լինի» [26] ։

Ազգային եւ սոցիալական խնդիրների սերտ առնչումը բնորոշ էր նաեւ Օգարյովի համար: «Եվրոպան չի հանգստանա, գրում էր նա, մինչեւ որ ժողովուրդների բնական դասակարգումը չսահմանվի ոչ թե նվաճման եւ մանր պետությունները խոշորներին զոհաբերող երեւակայական հավասարակշռության սկզբունքով, այլ ժողովուրդների ինքնուրույնության սկզբունքով, հիմք ընդունելով նրանց ցեղային միասնությունն ու աշխարհագրական հարմար պայմանները: Գիտության մեջ մեր դարը արհեստական դասակարգումից անցել է բնականին. նույն ձգտումն ունի նա նաեւ մարդկային ազգի դասակարգման նկատմամբ: Անհնարին է դադար տալ այդ ձգտմանը: Սակայն կգնա՞ այդ ձգտումը սոցիալական խնդրից տարբեր ուղիով. այդ դեռ կասկածելի է… Կարո՛ղ է պատահել, որ ազգային հարցը գնա առանձին ուղիով: Բայց ես պատճառ չեմ տեսնում, թե ինչո՞ւ նա չգնա սոցիալականի հետ միատեղ, մանավանդ, որ բոլոր պետությունները, որոնք նվաճման հետեւանքով տիրում են օտար ցեղերի, նույնքան հակառակ են սոցիալական, որքան եւ ազգային ինքնուրույնության: Իսկ երբ ես տեսնում եմ, որ ռուսական հարցը բնական եղանակով վեր է ածվում սոցիալական հարցի եւ ինքը՝ կառավարությունը, կամա-ակամա, Լեհաստանում մտցնում է գյուղացիական հողատիրության սկզբունք, ապա ինձ շատ ավելի հավանական է թվում, որ երկու հարցերն էլ, պաշտպանություն գտնելով սլավոնական մասսաների կողմից, կգնան ձեռք-ձեռքի տված» [27]: Կանգ առնելով, մասնավորապես, 1863 թ. լեհական ապստամբության կրած պարտության վրա՝ Օգարյովը ասում էր, որ լեհերի ազգային ապստամբությունը պարտություն կրեց հենց այն պատճառով, որ նրա մեջ բացակայում էր գյուղացիական նոարրը: Լեհ ժողովրդական կառավարությունը ուկազ հրատարակեց գյուղացիներին հողով ազատելու մասին, սակայն ոչինչ չարեց իրագործե/440/լու այդ, գլուխ բերելու գյուղացիների ազատագրումը: Այդ անելու դեպքում գյուղացիությունն անբաժան կլիներ ապստամբությունից [28]:

Գյուղացիական հարցի լուծման հետ «Լոնդոնի պրոպագանդիստները» սերտորեն լծորդում էին ազգային-ազատագրական շարժումները եւ, մասնավորապես, կովկասյան ժողովուրդների ազգային-ազատագրական խնդիրը: Թե որքան խոշոր նշանակություն էին տալիս նրանք կովկասյան շարժմանը, այդ ակներեւ է այն նամակից, որ ուղղել էր Օգարյովը Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին 1862 թ.: Նա հրահանգում էր վերջինիս՝ պատրանքներ չունենալ Պետերբուրգի մասին եւ գործունեության համար արմատ ձգել գավառում. «Եթե գավառներում արմատ չունեք, ձեր գործը բողբոջ չի տա», գրում էր նա: Գերցենը անհույս էր Պետերբուրգի կառավարական ռեֆորմների նկատմամբ. «Այդտեղ կենդանի կյանք չկա, ապագայի կառուցում չկա եւ արմատական շարժման ու բարեփոխման համար տեղ չկա»: Նա դժգոհ էր նաեւ ուսանող երիտասարդության «ձախության» նշաններից, եւ ամբողջ հույսը դնելով գավառի արթնացման վրա, հատկապես շեշտում էր կովկասյան ծայրամասի դերը. «Ցավալի է ինձ երիտասարդությունը, որին չեմ մեղադրում, որովհետեւ երիտասարդության համար մեղադրել չի կարելի. դա ֆիզիոլոգա-պաթոլոգիական երեվույթ է եւ վաղանցուկ: Ցավալի են ինձ ձեր քաղքենի կառապանները նրանք մեղավոր չեն: Վերնախավերի երկպառակությունն արդեն այնքան մեծ է, որ իրար չեն կարող հասկանալ, եւ նրանց մերձեցումն ամենից քիչ հնարավոր է Նեւսկի գետափի վրա կամ Մարսյան դաշտում. այն հնարավոր է միայն Սեւ եւ Կասպից ծովերի (մեջերքում գտնված Քուռ 1. Արաքս, Ա. Հ. ) գետերի եզրերին» [29] ։ Այս նամակին կցված են Գերցենի մի շարք տողերը Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին: Այդ տողերից ակներեւ է, որ Գերցենը կարդացել էր Օգարյովի գրածը եւ համամիտ էր նրա խոհերին:

Այս կապակցությամբ մտաբերենք նաեւ Նալբանդյանից առաջ Ալեքսեեւսկի ռավելանում արգելափակված ռուս ռեւոլյուցիոն գործիչ Բեյդեմանի մտարումներն Անդրկովկասի մասին: Ծրագրելով տեռորի տալ Ալեքսանդր II-ին, Բեյդելմանը ենթադրում էր ոտքի կանգնեցնել Ռուսաստանի նահանգներն ու ծայրամասերը, ի թիվս որոնց՝ նաեւ Վրաստանն ու Անդրկովկասը [30]: Նա տարված էր միաժամանակ նաեւ գարիբալդյան շարժումով, որի մեջ նշմարում էր Թյուրքիայում ապրող սլավոնների ապագա /441/ ազատության երաշխիքը [31]: Որտեղի՞ց էին գալիս այս մտքերը: 1860-61 թ. թ. Բեյդեմանն ապրել էր Լոնդոնում եւ շարում էր «Колокол»-ը: «Колокол»-ի ազդեցության տակ է, որ ձեւավորվեց նրա ռեւոլյուցիոն գիտակցությունը. մասնավորապես, Ռուսաստանի ծայրամասերին ու նահանգներին ինքնավարություն տալու նրա միտքը ներշնչված էր, ըստ երեւույթին, Օգարյովի կողմից [32]:

Լոնդոնի էմիգրանտների ազգային ազատագրական ընդհանուր հսյացքներն ու ծրագրերն այս կամ այն չափով բաժանում էին նաեւ ռա: ռեւոլյուցիոն դեմոկրատիայի երկրային խմբակցությունները: Այսպես է: «Великорусс» գաղտնի ընկերությունը կողմնակից էր Լեհաստանի ինքնորոշմանը [33]: Մոսկվայի համալսարանի ուսանողներ Զայնչկովսկու եւ Արգիրոպոլոյի շուրջը համախմբված «Молодая Россия» կոչված կազմակերպությունը 1861 թ. հրատարակած իր պրոկլամացիաների մեջ պահանջում էր Ռուսաստանի բոլոր մարզերի համար իրավունքի ազատորեն որոշելու իրենց հարաբերությունը ապագա ռուս ֆեդերատիվ ռեսպուբլիկայի հետ: Այս գլխից արդեն պահանջում էին Լեհաստանի եւ Լիտվայի անկախությունը, քանի որ այդ երկրներն արդեն իսկ արտահայտել էին իրենց վերաբերմունքը դեպի Ռուսաստանը [34]: Ակտիվ մասնակցություն ուներ Լեհաստանի շարժմանը նաեւ «Земля и Воля» կոչված կազմակերպությունը, որի գաղափարական ծնողներն էին Օգարյովը, Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչը եւ ուրիշներ: Այդ կազմակերպության՝ ազգային խնդրում գրաված դիրքի մասին բավականաչափ գաղափար է տալիս 1863 թ. Բակունինի մի ելույթը Ստոկհոլմում: Բակունինի ասելով՝ «այդ կազմակերպությունը ձեւական դաշն է կնքել Վարշավայի կենտրոնական կոմիտեի, ներկայիս լեհական ազգային կառավարության հետ, լայն եւ միաժամանակ արդարացի այն հիմքով, որ յուրաքանչյուր պրովինցիա, մեծ թե փոքր, բացարձակ եւ անսահմանափակ իրավունք կունենա վարվելու իր շահերի համեմատ: Նույն հիմքերով նա դաշն է կնքել նաեւ մալոռոս պատրիոտների հետ, եւ ֆինլանդացիների ցանկության դեպքում ձեռք կմեկնի նաեւ նրանց՝ դարձյալ նույն հիմքով: Այդ միության նպատակը միանգամայն մարդասիրական եւ պահպանողական է: Նրա նպատակն է փրկել Ռուսաստանը իմպերիալիզմի ոճրապարտ խելառությունից, կատարել անխուսափելի դարձած մեծ ռեւոլյուցիա, քաղաքական եւ սոցիալական անարյուն ռեւոլյուցիա» [35]:

/442/ Ծանոթանալով իր ձեռքն ընկած նյութերի հետ, ցարական ոստիկանությանը դժվար չէր նկատել «Լոնդոնի պրոպագանդիստների» արտակարգ խանդաղատանքն ու անսահման վստահությունը դեպի Նալբանդյանը: «Նալբանդյանը ոսկի հոգի ունի, գրում էր Օգարյովը Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին, նվիրված է անշահախնդիր, նվիրված է միամտորեն, սրբության հասնելու չափ»: Նամակին կցած երկտողում՝ Գերցենը «ազնվագույն մարդ» է համարում «արեւելյան բարեկամին», որին շարունակում է «հիշել ու սիրել» [36]: Տուրգենեւին գրած մի նամակում Գերցենը որակում է Նալբանդյանին «բժշկականության ազնվագույն եւ բարի դոկտոր» բառերով [37]: «Լոնդոնի պրոպագանդիստների»՝ Նալբանդյանի նկատմամբ տածած ջերմ վերաբերմունք է երեւում՝ նաեւ Բակունինի նրան գրած տողերից. հայտնելով, որ Գերցենը եւ Օգարյովը սիրով ընդունեցին նրա լուսանկարները, Բակունինը հարում է. «Ես վերցրի ինձ համար դրանցից երկուսը. մեկը կանգնած, մյուսը նստած (դիրքով) ահա թե ինչքան եմ սիրում ես Ձեզ. Դուք կուրախանայիք, եթե տեսնեիք, թե ինչպես ագահորեն Գերցենը եւ Օգարյովը ընդունեցին ինձնից Ձեր պորտրեները» [38]: Եղբոր կնոջը գրած նամակում Բակունինը հանձնարարում է նրան «ոսկի մարդ, ամբողջովին հոգի եւ անձնվիրություն» խոսքերով: «Դու կսիրես նրան առաջին անգամից, գրում էր Բակունինը: Ա՜յ, օրինակ, Ի. Ս. Տուրգենեւը ուրիշ բան է. նա նույնպես շատ բարի է, եւ աստված գիտե, որ աստված է, նա ե՛ւ, խելոք է, ե՛ւ սիրելի, բայց չի մոռանում իրեն —չունի այն սուրբ պարզությունը, ինչ որ ունի Նալբանդովը, որը գրավում է ոչ թե խելքով, այլ սրտով, թեն, գուցե, իբրեւ իսկական հայ մարդ, շատ խորամանկն է, երբ հարկավոր է լինում այդ» [39]: Տարիներ հետո Նալբանդյանի «բարությունը» նշում եւ վկայում էր նաեւ Տուչկովա-Օգարյովան՝ Օգարյովի, հետագայում, Գերցենի կինը: «Նա մի տգետ, անհամարձակ եւ ամաչկոտ մարդ էր, բայց բարի էր, խելոք եւ համակրող ամեն մի լավ բանի», գրում էր նա: «Երբ առաջին անգամ եկավ Ալեքսանդր Իվանովիչի (Գերցենի, Ա. Հ. ) մոտ, այնքան հուզված էր, որ չէր կարողանում խոսել, բայց հետո, խրախուսված Գերցենի սիրալիր ընդունելությունից, հաճախ լինում էր մեզ մոտ» [40]:

Գերցենի եւ Օգարյովի գրությունները հիմք չեն տալիս, կարծես, քաղաքական-կազմակերպական կապ ենթադրելու նրանց եւ Նալբանդյանի միջեւ: Գերցենը, կարծես, նույնիսկ համամիտ չէ եղել, որ նա կոնսպիրա/443/տիվ հանձնարարություններ ստանձներ «ցնորամիտ Բակունինից»: Նույն տրամադրություններն էր արտահայտում, ըստ երեւույթին, նաեւ Օգարյովը, ակնարկելով Նալբանդյանի «սուրբ միամտությունը»: Գերցենը կամենում էր նախազգուշացնել Նալբանդյանին. «Նալբանդովը, գրում էր նա, շատ եւ շատ ազնիվ ու լավ մարդ է։ Մի՛ թույլ տա, որ նա բերի այսեղ Բակունինի կնոջը… Առդիր նամակը հանձնիր Նալբանդովին, եթե նա չի մեկնել (Ռուսաստան, Ա. Հ. ): Եթե մեկնել է, ետ բեր քեզ Հետ (Լոնդոն, Ա. Հ. [41]: Նալբանդյանի ձերբակալության առիթով Ա. Ա. Գերցենը Գերցենի որդին նշավակում էր Բակունինի շաղակրատությունը, որ փորձանքի զոհ դարձրեց Նալբանդյանին: Գերցեն-հայրը բաժանում էր իր որդու տեսակետը եւ այդ առիթով զայրացած՝ ուղղում Բակունինին մեղադրանքով լի մի նամակ: 1863 թ. սեպտեմբերի 1-ին գըրված այդ նամակում նա ասում էր, ի միջի այլոց. «Կյանքից կտրված, երիտասարդ տարիներից ի վեր նետված գերմանական իդեալիզմի դիրկը, որից ժամանակը միայն առերեւույթը պատրաստեց ռեալիստական հայացք, անծանոթ Ռուսաստանին՝ ե՛ւ բանտ մտնելուց առաջ, ե՛ւ Սիբիրից փախչելուց հետո, սակայն տոգորված լայն ու խանդագին մղումով դեպի ազնիվ գործունեությունը՝ մոտ 50 տարի դու ապրել ես ցնորքների, ուսանողական սանձարձակության, մեծ ձգտումների եւ պլաստիկ թերությունների աշխարհում…. Տասը տարվա կալանքից հետո դու մնացել ես նույն տեսաբանը, որ խարխափում է անորոշ զգացմունքների մեջ, նույն շաղակրատը… բռնված ռեւոլյուցիոն գործունեության մարմաջով, որի մեջ չկա ռեւոլյուցիոնականություն: Շաղակրատությամբ միայն Նալբանդովին չէ, որ կործանեցիր, այլեւ, օրինակ, Վորոնովին. քո ավելորդ նկատողությունը նրա մասին Նալբանդովին գրած նամակում՝ շպրտեց նրան Կովկասից բերդ, իսկ հետտ՝ աքսորավայր» [42]:

Ավելի ուշ, 1865 թ. մայիսի 15-ին, տեղեկանալով սենատական դատավճռի մասին, Գերցենը գրում էր որդուն. «Սեռնո-Սոլովեւիչը եւ նրա հետ բոլոր ձերբակալվածները, հետեւաբար եւ Նալբանդովը, զարմանալիորեն պրծել են: Ս. Ս. -ին դատապարտել են 20 տարվա տաժանակիր աշխատանքի, մյուսներին նույնպես, բայց ավելի կարճ ժամանակով: Եվ հաստատված է աքսորել Ս. Ս. -ին կարծեմ Արեւելյան Սիբիր, մյուսներին՝ որին՝ հեռավոր քաղաքներ, որին՝ թողնել ոստիկանության հսկոհության տակ: Չլինի թե որդու մահն է ազդել (ակնարկը ցարորդու մասին է, Ա. Հ. ) հայտնիր իսկույն այս մասին Բակունինին» [43]:

/444/ Այս եւ հիշատակված մյուս գրությունները հաստատու. մ են, կարծես, հարցաքննության ժամանակ Նալբանդյանի տված ցուցմունքը՝ սոսկ իր եւ Գերցեն-որդու միջեւ եղած ծանոթության մասին, եւ նրա այն հայտարարությունը, թե քաղաքական շփում չի ունեցել Գերցեն-Հոր եւ Օգարյովի հետ: Նա ժխտում էր նաեւ Բակունինի հետ ունեցած քաղաքական կապերը եւ հաստատում գրեթե այն, ինչ ասում էր ինքը՝ Բակունինը հարազատներին գրած մի նամակում, որ հրատարակել էր Կոռնիլովը: «Ձեզ հանձնարարում եմ, գրում էր 1862 թ. Բակունինը, Նալբանդովին՝ իբրեւ պատվական մի մարդու. նա, ինչպես եւ դուք, քաղաքական ոչ մի համերաշխություն չունի ինձ հետ: Ասենք շատ բան չի էլ հասկանում քաղաքականությունից, քանի որ առեւտրի մարդ է: Բայց անպայման վստահ եմ նրա ազնվությանը, նրա անսպառ բարությանն ու բարի կամեցողությանը» [44]:

Կարող է թվալ թե Բակունինի նամակը նվաստացնում է Նալբանդյանի քաղաքական դեմքը: Բայց մոլորության մեջ չընկնելու համար պետք է աչքի առաջ ունենալ, թե ո՞ւմ էր գրում Բակունինը, ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններում: Հարազատները չէին բաժանում Բակունինի «տարապայման հայացքները» եւ հեռու էին փախչում նրա քաղաքական գործակիցներից, մինչդեռ Բակունինին անհրաժեշտ էր վստահություն ներշնչել նրանց դեպի Նալբանդյանը եւ միջոցներ ստանալ նրանցից՝ նրա ջանքերով կնոջը Սիբիրից Տվեր եւ Տվերից Լոնդոն փոխադրելու: Ոստիկանական օրգանների աչալրջությունը բթացնելու մտայնությամբ՝ նա «առեւտրականի» դիմակ էր հագցնում Նալբանդյանին նաեւ վերջինիս համար պատրաստած պայմանական բառարանի մեջ: Պատահական չէ, որ դատաքննության ժամանակ իսկ մեղադրվող Դե-Տրավերսեն, որը նամակներից մեկում իր «իսկական բարեկամ» է կոչել Նալբանդյանին, հայտնում էր, թե «իմ կարծիքը Նալբանդյանի մասին այն է, թե նա առեւտրով զբաղվող մարդ է միայն եւ չի կարող գործ ունենալ քաղաքականության հետ» [45]:

Սակայն անվանի հայ գրողին ու հրապարակախոսին «առեւտրակաի» դիմակով ներկայացնելու այս տենդենցը միայն մատնում է նրան վերապահված քաղաքական դերի կարեւորությունը: Մանավանդ, եթե նկատենք, որ ուրիշ սլայմաններում ինքը՝ Բակունինը քաղաքական, ռեւոլյուցիոն գործիչ էր համարում նույն այդ «առեւտրականին»: Նալբանդյանին ուղղած մի նամակում նա գրում էր. «Ինչպե՞ս են ձեր գործերը ընդհանուրը եւ մասնավորը… Ինքներդ մի շեղվեք փշոտ ճանապարհից. սիրեցեք, մի մոռացեք ձեզ անձնվեր Պ. Կուրդյումովին» [46]: Եվ դեռ ավե/445/լին. Նալբանդյանը Բակունինի համար այն մարդկանցից մեկն էր, որի գործունեությունը կարեւոր էր քաղաքական-ապստամբական շարժումներ կազմակերպելու համար [47]: Թե, հիրավի, Բակունինը քաղաքական հանձնարարություններ էր արել նրան, մասնավորապես «Колокол»-ի տարածումը Կովկասում կազմակերպելու մասին, երեւում է նաեւ «32-ի պրոցեսում» մեղադրվածների, օրինակ՝ Վորոնովի, ցուցմունքներից [48]:

Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչին գրած նամակում Գերցենի եւ Օգարյովի՝ Նալբանդյանին վերաբերող ջերմ հանձնարարականները հաջորդում են կովկասյան շարժման մասին նրանց արծարծած մտքերին: Դրանից իսկ ակներեւ է այն, որ ոչ միայն Բակունինը, այլեւ Գերցենը եւ Օգարյովը եւս նկատի ունեին Նալբանդյանի ղեկավարող դերն այդ շարժման մեջ:

Նրանք կամենում էին քաղաքական-կազմակերպական վտանգավոր հանձնարարությունից հեռու պահել Նալբանդյանին ոչ թե այն պատճառով, որ քաղաքական արժեք չէին տալիս նրա գործունեությանը, այլ որ, ընդհակառակը, խոշոր նշանակություն տալով նրա գործակցությանը, չէին կամենում անձնական վտանգի ենթարկելով նրան՝ տապալել այն գործը, որի մեջ նախատեսել էին նրա ղեկավար մասնակցությունը: Հենց դրանով էլ պիտի բացատրել նրանց զայրույթը Բակունինի նամակներում թույլ տրված «շաղակրատանքի» ու անզգաստ կոնսպիրացիայի մասին, վերջին դեպքում նկատի ունենալով այդ նամակներում հանդիպող ծածկագրերը: Նրանց տրտունջները Բակունինի մասին ցույց են Ալալիս միաժամանակ, որ Նալբանդյանը ստանձնած է եղել Բակունինի ինչ-ինչ հանձնարարությունները: Այս մասին ակնարկում է նաեւ Տուչկովա-0գարկովան, շեշտելով, որ Բակունինը «գրավեց եւ տիրեց նրան»: Մտքեր հուզող, գրավող եւ միաժամանակ հափշտակվող իր բնավորությամբ Բակունինը մտերմացավ Նալբանդյանի հետ, որին հատուկ էին բնավորության նույն այդ գծերը: Այդ մասին բավականաչափ նյութ են մատակարարում ուսումնասիրողին, մանավանդ, այն նամակները, որ 1862 թ. Բակունինը հասցեագրել էր Նալբանդյանին [49]:

/446/ Հետաքրքրական է, անշուշտ, նաեւ Նալբանդյանի գրաված դիրքը, ս։ յն բացատրությունները, որ տալիս էր նա քննիչ ժողովին մեղադրանքի կետերի եւ, մանավանդ, հիմնական կետի՝ «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ ունեցած քաղաքական կապերի մասին: Նա կտրականապես ժխտում էր մեղադրանքը, կետ առ կետ թեւատում եւ ետ մղում իր մասնակցությունը հավաստող փաստարկումները։ Չէր հերքում իր ծանոթությունը «պրոպագանդիստների» հետ, բայց դիպվածական հանդիպումների հետ կապում նրանց հետ ունեցած ծանոթությունը: Չէր ժխտում, որ խոստացած է եղել Սիբիրից Տվերի նահանգը փոխադրել Բակովնինի կնոջը, բայց պնդում էր, որ չի ունեցել Բակունինից քաղաքական որեւէ Հանձնարարություն: Կամենում էր հավաստիացնել, թե Համախոհ չէ եղել «պրոպագանդիստներին», քաղաքական զրույց չի ունեցել ո՛չ անձնապես նրանց եւ ո՛չ էլ նրանց հանձնարարած որեւէ մարդու հետ, անտեղյակ է առհասարակ նրանց գործունեությանը եւ այլն: Ուր համոզված էր, թե իր ցուցմունքին չի կարող հակադրվել շոշափելի որեւէ փաստ կամ վկայություն, միակերպ կրկնում էր՝ չեմ տեսել, չեմ ճանաչում, չեմ հիշում: Հակառակ պարագային աշխատում էր փարատել իր դեմ բերված. փաստերը «անմեղ» որեւէ բացատրությամբ:

Նալբանդյանն օգտագործում էր այն փաստը, որ Բակունինի նամակներում կենտրոնական տեղ է բռնում նրա կնոջ փոխադրության խնդիրը: Այդ խնդիրն էր, իսկապես, այն առանցքը, որի շուրջը հորդում էին Բասկունինի բարեկամական առատ զեղումները Նալբանդյանի հասցեին: Նույն խնդրի շուրջն են դառնում նաեւ Բակունինի այս շրջանի բազմաթիվ այն նամակները [50], որոնք լիակատար չափով արդարացնում են Մարքսի կարծիքը Բակունինի «սիրային խանդի» մասին [51]:

Նալբանդյանը համոզված էր, թե քննիչ հանձնաժողովի ձեռին չկա որեւէ ապացույց «Լոնդոնի պրոպագանդիստների» հետ ունեցած քաղաքական իր կապի մասին: Արտասահմանից վերադառնալուց հետո նա, ըստ երեւույթին, առիթ չէր ունեցել որեւէ գրություն ուղարկելու «պրոպագանդիստներին» կամ, համենայն դեպս, չէր գրել որեւէ բան, որը մատներ նրա եւ «պրոպագանդիստների» իդեական առնչությունը:

Ն. -Նախիջեւանում պատմում են, թե երբ 1862 թ. ժանդարմները /447/ եկել էին Նալբանդյանների տունը՝ Մուխալին ձերբակալելու եւ միաժամանակ նրա իրերը խուզարկելու, նա հայերեն հասկացրել է յուրայիններին, թե «պետք է պարտկել պատի պայուսակը», որը եւ կատարվել է. այդալիսով, իբր թե, ժանդարմների ձեռքը չեն ընկել առավել վտանգավոր նրա թղթերը: Հարկավ հնարավոր չէ ո՛չ ճշտել, ո՛չ հերքել այդ պատմությունը:

Քննիչ հանձնաժողովի տրամադրության տակ եղած նամակներն ու մյուս «իրեղեն ապացույցները»՝ ամբողջությամբ վերցրած, համոզիչ չէին դարձնում՝ Նալբանդյանի ինքնապաշտպանությունը: Սակայն առանձին կետերի դեմ առարկելիս Նալբանդյանը տալիս էր խուսափողական այնպիսի բացատրություններ, որոնք հնարավորություն չէին տալիս քննիչներին՝ հիմնավորելու մեղադրանքը: Նրա բացատրությունները թվում են այնքան տրամաբանական ու համոզիչ, որ կարող էին տպավորություն ստեղծել, թե նա անմեղ է միանգամայն: Նորերս փորձ եղավ տալ Նալբանդյանի կիրառած ինքնապաշտպանության ստրատեգիայի հոգեբանական բնութագիրը: «Քննչական վավերագրերից, գրում է Մ. Ս. Շահինյանը, բացառիկ ուժով ու պարզությամբ մեր առաջ կանգնում է իսկական ռեւոլյուցիոների ավարտված, կատարելության հասած բնավորությունը: Ընթերցողին համակող զարմանալի, ինքնավստահ հանգստություն. ոչ մի տեղ եւ ոչ մի բանում խուճապի որեւէ ատոմ, կամ շփոթմունք, կամ որեւէ իրարանցում. նաիվության փայլուն խաղարկություն, ոչ մի րոպե հումորին չդավաճանող արտակարգ ինքնիշխանության այն խաղարկությունը, որով Նալբանդյանը խայթում էր իր Բեկզադեին: Մինչ վերջին մանրամասները նա մտածել էր իր պատասխանները, իր ձայնը, իր ընդունելիք կեցվածքը, նախ քան տեղի ունեցան այդ հարցաքննությունները: Երեւում է, որ անսովոր իր հիշողության մեջ նա դրել ու վերցրել էր ժանդարմների ձեռքն ընկած յուրաքանչյուր դոկումենտ, որոշել էր, ինչ կարող էր իրոք հայտնի լինել հանձնաժողովին, զատել այդ նրանից, ինչ կարող էր հայտնի լինել միայն կիսով չափ կամ հայտնի չինել բնավ, եւ մտովին կառուցել ալատասխանն երի մի բուրգ, որի հիմքում ընկած էր այն, ինչ իսկապես հայտնի էր հանձնաժողովին, եւ որի ծայրը կազմում էր զրոյի հասնող այն մինիմումը, որ կարելի էր եզրափակել նրա պատասխաններից, սահող, օդային, մինչեւ անէությունը նոսրացող ամուր այն հիմքը, որին թվում էր, թե կարող էին հույս դնել քննիչ հանձնաժողովի անդամները: Ազնիվ եւ անկեղծ ճշմարտախոսության տեսքով հիշատակելով միայն այն, ինչ որ անկասկած հայտնի էր հանձնաժողովին, Նալբանդյանը հետագա բոլոր իր պատասխանները վեր էր ածում «արդեն ասվածին», առանց դրան որեւէ նոր բան ավելացնելու… եւ բոլոր փաստերը, որոնք այնքան անվիճելի էին թվում դոկումենտներում, նոր /148/ լուսաբանությամբ երեւում են այնքան նաիվ, անվնաս, սովորական» [52]:

Ցուցմունքների բնագրի վրա դատաքննիչների արած գունավոր ընդգծումներից ու նկարագրություններից դժվար չէ նկատել, որ պայծառափայլ սենատորները մեղադրյալի արգումենտացիայի մշուշում պաշարված՝ անօգնական կերպով դեգերում էին նրա մեղսակցության առեղծվածի շուրջը:

Չերնիշեւսկին բուռն արհամարհանքով եւ հեգնանքով էր արտահայտվում՝ նույն քննիչ հանձնաժողովի անդամների մասին, նշավակելով նրանց «բթամտությունը», «երեխայամտությունը», համարելով նրանց «անհասկացողների ճահիճ» եւ այլն [53]: Ըստ երեւույթին, Նալբանդյանն ավելի լավ կարծիքի չէր քննիչների մտավոր կարողության մասին եւ ըստ ամենայնի օգտագործում էր այդ հանգամանքը:

Ցարական դատաքննիչների առաջ պատասխանատվություն չստանձնելով «Լոնդոնի պրոպագանդիստների» ասածների ու արածների մասին, Նալբանդյանը միաժամանակ չէր ասում ոչինչ, որ կարող էր օգտագործվել մյուս մեղադրվածների կամ «պրոպագանդիստների» ընդհանուր գործի դեմ: Ինքնապաշտպանության նույն այդ եղանակն էին գործադրում նաեւ Չերնիշեւսկին եւ Ն. Ա. Սեռնո-Սոլովեւիչը: Նրանք եւս իրենց ռեւոլյուցիոն պարտքն էին համարում հրաժարվել «Հերոսական կեցվածքից», խուսափել ուժերի անմիտ վատնումից՝ համատեղելով խոր ծածկամտությունը ռեւոլյուցիայի պայծառ հեռանկարների հետ [54]:



[1]     Նրա արյունոտ սխրագործությունների մասին տե՛ս П. A. Зайончковский, Отмена крепостного права в России, M., 1954, եր. 158 եւ հետ.:

[2]     Տե՛ս журнал "Былое", 1906, N 7, июль, стр. 183 и сл., "Восемнадцать писем" М. А. Бакунина, այլեւ Мих. Лемке, Очерки освободительного движения шестидесятых годов СПБ, 1908, стр. 18 и сл., "Процесс 32-x" վերտառությամբ ափոփված փաստաթղթերը:

[3]     Այս նամակները՝ 1862 թ. հունիսի 16, հուլիսի 5 եւ 6 (նույն տեղը) թվագրությամբ, տե՛ս «Былое», 1906, N 7, եր. 204, 211 եւ 2012:

[4]     А. И. Герцен, Былое и думы, М., 1939, V, եր. 182:

[5]     Տե՛ս նույն տեղը, եր. 183 եւ հետ.:

[6]     Ե. Լ. Ժ., III, եր. 56 եւ հետ.:

[7]     „Крестьянское движение в 1861 году после отмены крепостного права“, M. и Л., 1949, ч. I и II, եր. 3:

[8]     Տե՛ս նույն տեղը:

[9]     Հմմ. "Отчеты о действиях III отделения", որը հրատարակեց Ցենտրարխիվը , "Крестьянское движение 1827-1869 гг. " ընդհանուր վերնագրով, M. եւ Л., 1931:

[10]   Հմմ. "Процесс Н. Г. Чернишевского", Архивные документы, под ред. Н. А. Алексеева, Саратов, 1939, եր. 12 եւ հետ., 21 եւ հետ.:

[11]   Ե. Լ. Ժ., III, եր. 57:

[12]   „Колониальная политика российского царизма в Азербайджане в 20—60-ых. roдax XIX cтолетия, M. и Л., 1936-1937, T. II, եր. 48 եւ հետ., 72 է 120:

[13]   Տե՛ս Ե. Լ. Ժ., 1, եր. 280:

[14]   Նույն տեղը, II, եր. 105 եւ հետ,:

[15]   Ն. Լ. Ժ., III, եր. 58:

[16]   Л. Ф. Пантелеев, Из воспоминаний прошлого, 1934, եր. 212:

[17]   "Былое", նույն տեղը, եր. 212։

[18]   Տե՛ս "Каторга и ссылка", 1932, N 10, С. А. Рейсер-ի "Петербургские пожары 1862 года" հոդվածը։

[19]   Վ. Ի. Լենին, Երկեր, V, եր. 44 եւ հետ.:

[20]   Հմմ. «Անտիպ երկեր», եր. 426 եւ հետ,:

[21]   «Колокол", NN: 122, 123.

[22]   Նույն տեղը, N: 129:

[23]   Лемке, նույն տեղը, եր. 86 եւ հետ.:

[24]   А. И. Герцен, П. C. C. и П., XV, եր. 406 եւ հետ.:

[25]   Հմմ., օրինակ, Օգարյովի հոդվածը «Колокол»-ի 1861, N 9-ում:

[26]   А. И. Герцен, П. C. C. и П., XV, եր. 518:

[27]   Н. П. Огарев, Избранные социально-политические и философские произведения, 1952, I, եր. 669 եւ հետ.:

[28]   Н. П. Огарев, Избранные социально-политические и философские произведения, 1952, I, եր. 668 եւ հետ. ։

[29]   Лемке, նույն տեղըխ եր. 22. հմմ. նաեւ Օգարյովի հոդվածը "Колокол", 1861, N 59։

[30]   П. Е. Щеголов, Алексеевский равелин, 1929, եր. 98։             

[31]   П. Е. Щеголов, նույն տեղը, եր. 142։

[32]   Հմմ. նույն տեղը, եր. 161:

[33]   Հմմ. "Историко-революционная хрестоматия", М. 1923, I, եր. 25 եւ հետ. ։

[34]   Նույն տեղը, I, եր. 55 եւ հետ.:

[35]   А. И. Герцен, П. C. C. и П., XVI, եր. 495 եւ հտ.:

[36]   Հմմ. Лемке, նույն տեղը, եր. 22:

[37]   А. И. Герцен, П. C. C. и П., XV, եր. 105:

[38]   Лемке, նույն տեղը, եր. 22:

[39]   Նույն տեղը:

[40]   Н. А. Тучкова-Огарева, Воспоминания, Ленинград, 1929, եր. 313 եւ հետ. ։

[41]   Հմմ. Лемке, նույն տեղը, եր. 110:

[42]   А. И. Герцен, П. C. C. и П., XV, եր. 491 եւ հետ., հմմ. "Литературное наследие" , N 41-42, եր. 78։

[43]   А. И. Герцен, նույն տեղը, XVIII, եր. 92:

[44]   "Былое", 1925, N 3 (31), եր. 38 եւ հետ. ։

[45]   ЦГИАМ, Дело, 1862, N: 17, հատոր IV, թերթ 178 եւ հետ.,

[46]   Лемке, նույն տեղը, եր. 28:

[47]   Հմմ. «Былое», 1906, N 10, եր. 81 եւ հետ.:

[48]   Տե՛ս «Անտիպ երկեր», եր. 773:

[49]   Մեզ հասած գրավոր վկայություններից զատ, չենք կարող որոշ նշանակություն չտալ նաեւ Նալբանդյանի մասին պատմվող այն հիշողություններին, որի հետքերը դեռ մինչեւ այսօր իսկ պահվել են նրա համերկրացիների շրջանում: Խ. Փորքշեյանը մեզ ուղղած մի նամակում հաղորդում է, որ 1904–1905 թ. թ. բժ. Հ. Բերբերյանը իրեն պատմում էր, թե «մինչեւ արտասահման գնալը «Մուխալն» հափշտակված էր Գրանովսկիով, իսկ արտասահմանից վերադառնալուց հետո՝ ամբողջովին տարված Գերցենով եւ քիչ մ'ալ մյուս էմիգրանտներով». «Մուխալի» ամենամեծ սրբությունը «Колокол»-ն էր եւ Գերցենը: Մեծ ոգեւորությամբ խոսելիս է եղել Գարիբալդիի մասին: Ծերունի Հովհաննես Բաբասինյանից Փորքշեյանը այդ նույն ժամանակ լսած է եղել, թե իբր կառա վարությունը պատժել էր Նալբանդյանին Գարիբալդիի հետ կապ ունենալու համար, երկյուղ կրելով, թե նա «պիտի ապստամբեցնել հայ ժողովրդին հօգուտ Ինկլիզին (Անգլիային)»: Վերջինս զավեշտական թյուրիմացություն էր անշուշտ: Այնուամենայննիվ, ուշագրավ է, որ ժամանակակիցների շրջանում պահվում էր Նալբանդյանի եւ Գարիբալդիի գաղափարական մերձավորության վերսիան:

[50]   Հմմ. «Былое», 1925, N 3 (31), եր. 34 եւ հետ.:

[51]   Տե՛ս Մարքսի 1863 թ. սեպտեմբերի 12-ին Էնգելսին գրած նամակը:

[52]   Журн. «Коммунист», 1954, N 17, եր. 71:

[53]   "Процесс Н. Г. Чернышевского", եր. 89, 93:

[54]   Հմմ. «Былое», 1922, No 18, եր. 89 եւ հետ., եր., 105 եւ հետ., 193 եւ հետ., այլեւ «Процесс Н. Г. Чернышевского», եր. 182 եւ հետ: