Յիշատակարան Կոմս Էմմանուէլի

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԱ.

1859 թ. Սեպտեմբեր.

Վերսայլ Փարիզի Մուրադեան եւ ազգային վարժարանքը Ամբրոսիոս եւ Խորէն վարդապետք Լամարթինի ներդաշնակութիւնքը Հայերէն. ուրիշ գրքերի ձեռնարկութիւնք Հ. Ղեւոնդ Ալիշանեանց (Նահապետ). նորա նուագները (Հայրունի) Գրիգոր Վարդապետ Կապարաճի Կարապետեան «Ընծայ» «Ընծայի ընդունելութիւնը» Ընդունելութեան ընդդէմ մի թերթ Կարապետ Վարդապետ Շահնազարեանց Հին Հայ հեղինակների տպագրութիւնը՝ «Շար Հայ մատենագրաց» անունով Արամեան տպարան Փելիքս եւ Պաւլինէ Ազգային երիտասարդք Փարիզի մէջ «Արեւմուտք» կիսամսագիրը Թիւրքիայում, Հայ օրագրերի օրէ օր շատանալու յայտարարութիւնքը, Ցենսօր Թիւրքիայում տպելի գրքերի եւ օրագրերի վերայ:

 

Մի նոր քաղաք մտանելով՝ ես ոչ միայն անարժան, այլեւ ամօթ եմ համարում փողոցներ չափել դատարկ նորասիրութեան պատճառով: Ես չտեսած հաւատում եմ, որ կայսրների, թագաւորների եւ դուքսերի ապարանքները բոլոր մահկանացուների բնակարաններից ամենափառաւորքն են: Այո՛, ես գնացի Բեռլինի մուզէոնը, Լոնդոնի կենդանաբանական պարտէզը, բրիտանական հռչակաւոր մուզէոնը, Լոնդոնի համաշխարհական հանդիսարանը, բայց այդ դիպուածներում գնալու խորհուրդս եղած է մի բան ուսանել:

Շեկսպիրը՝ անգլիական թէատրոնի պարծանքը եւ բանաստեղծական մեծ կախարդը, վաղուց դրել էր իմ մէջ մի ցանկութիւն՝ Տօըր եւ Վինդզօրը տեսանելու, իսկ սորանց տեսանելուց յետոյ չէր կարելի չգնալ Վերսայլ, ուր դարերով դարբնուել է Ֆրանսիայի վիճակը: Վերսայլ… Այժմ հեշտ արտաբերելի բառ, բայց Լուդովիկոս Տասնեւչորսերորդի ժամանա՞կ… Վերսայլը էր բոլոր եւրոպական թագաւորների նախանձելու առարկան: Վերսայլի ճոխութիւնը, նորա ֆանտաստիկական շռայլութիւնը, նորա պատշաճի գաղափարքը երկար ժամանակ ազդեցութիւն են գործել եւրոպական պալատների վերայ:

Ես տեսայ այն ապարանքը, այն տները, ուր ապրում էր Ֆրանսիան, այո՛, Ֆրանսիան, որովհետեւ Վերսայլը էր այս գործական, բայց թեթեւամիտ ազգի պարծանքը: Ֆրանսիացին մի նուիրական հպարտութեամբ ցոյց էր տալիս Վերսայլը օտարներին՝ կամելով ասել, թէ ահա՛ այն գոգաւոր հայելին, որի կենդրոնում հաւաքուած են ֆրանսիական փառքի, պարծանքի, հասկացողութեան եւ կարողութեան ճառագայթքը: Թէեւ դոյն այդ պարծանքի առարկան ժամանակներից յետոյ դարձաւ ֆրանսիացոց համար մի խայտառակիչ վկայութիւն թագաւորների ազգավնաս շռայլութեանը, եւ յայտնի է, որ Ֆրանսիայի դրամական խնդիրները կարգի դնելու համար կազմած ժողովից դուրս ցոլացաւ Ռեւօլիւցիայի բոցը:

Պալատի զարդարանքի, շռայլութեան եւ միւս բոլորի արժէքը լիապէս գնահատելու համար պիտոյ է հարիւր տարիներով յետ երեւակայել իւր անձը, երբ ոչ այսչափ, ինչպէ՛ս այժմ, ծաղկած էին գիտութիւնքը եւ արուեստքը: Այսպիսի դատաստանով մանաւանդ կ՚երեւի Վերսայլի մեծութիւնը՝ չնայելով, որ, այժմեան եւրոպական լուսի տակ քննելով, ամենայն մարդ խոստովանում է զարմանալի: Վերսայլի պարտէզը զարդարած է հարիւրաւոր գեղեցիկ մարմարիոնեայ արձաններով. այնտեղ են բոլոր մարդերի եւ աստուածների արձանքը, որ պատկանում են Յունական եւ Հռովմէական հնութեններին: Ժամանակը, անձրեւի կաթիլները սեւացրել են եւ մաշել են այդ հոյակապ արձանների վերին մակերեւոյթքը, այնպէս որ այժմ, կորուսանելով իւրեանց փայլը եւ ծաղկաւեր դառնալով, շարժում են տեսանողի կարեկցութիւնը: Մարմարիոնը չէ՛ դիմանում ժամանակին… Ժամանակը թագաւորում է տիեզերքի վերայ. նա ե՛ւ անցողական է, ե՛ւ յաւիտենական, նորա ատամները պիտի մաշեն մեզ ամեններիս… Միայն մի բան, որ դիմանում էր ժամանակի հոսանքին, որի վերայ չէր կարող ժամանակը նոյն ազդեցութիւնը գործել, ինչ որ ուրիշ բաների վերայ, այդ բանը… էր ճշմարտութիւնը:

Այս՝ ժամանակի ազդեցութեան ենթարկուած արձանների մէջ կանգնած էր եւ մեր Արշակունի Տիգրանի արձանը՝ մեծ հմտութեամբ կատարուած քանդակագործութիւն: Սառն մարմարիոնը հոգի է ստացել ճարտարագէտ քանդակագործի ձեռքի տակ, եւ արձանի իւրաքանչիւր գծերից դուրս է երեւում բուն հայութեան տիպը: Նորանից ոչ շատ հեռի կանգնած էր Միհրդատի արձանը:

Ես ներս մտայ Վերսայլի այն բնակարանքը, ուր երբեմն եռ էր գալիս մի կեանք՝ թունաւորուած բիւր հրապոյրներով… Վերսայլը, արդարեւ, մեծապէս զանազանւում է Վինդզօրից: Սա թողեց մեզ մի սարսափելի յիշատակ իւր մէջ պատահած զարհուրելի գործերի, որոնց ամեն մինը եօթն հոգի է ստացել Շեկսպիրի արարչագործ գրչի տակ, բայց Վերսայլի հետ կապած է մի վերին աստիճանի շռայլութեան յիշատակ: Շռայլութիւն նիւթական կողմից, շռայլութիւն հոգու, սիրու եւ այլ ախտերի, Վերսայլի օդը միշտ վարակուած է եղած սիրու ախտով, Վերսայլի բնակիչքը եւ այցելուքը միշտ վիրաւորուել են դէպի սիրտը Աստղկի որդու նետերից…

Այն ամայացած տները, որոնց մէջ մնացել են այժմ նոցա նախկին բնակիչների պատկերքը եւ կահ կարասիքը, այն կանացի եւ խորհրդական առանձնարանքը… խուռն յորձանքով յիշեցնում են Լուդովիկոսները, Դիւբարրի, Մենթնոն եւ Փոմփադուր սիրուհիքը:

Ամեն մի սենեակ, ամեն մի յիշատակարան զարթեցնում էր իմ մտքի մէջ ֆրանսիական մրրկալից պատմութիւնը՝ սկսած Լուդովիկոս Տասնեւչորսերորդից մինչեւ պօլիտիկական մեծ աւազակը: Ամբողջ վեց ժամ ման գալուց յետոյ երեկոյացաւ, բայց ես որոշեցի գիշերել այնտեղ եւ նայել Վերսայլի վերայ գիշերի խոր եւ խորհրդական լռութեան մէջ:

Կէսգիշերն անցել էր: Մինչ ամենայն ոտք կտրուեցաւ, մինչ ամենեքին ցերեկի ջերմութենից թուլացած անկողին մտան՝ քնով զօրացնելու համար իւրեանց ոյժը, ես մտայ Վերսայլի ծառաստանը: Պայծառ էր գիշերը, զովարար քամին մխիթարում էր արեւից տանջուած ծառերի տերեւքը, որ այժմ աւելի ուրախ եւ զուարթ խշխշում էին: Լուսինը ամենայն փառահեղութեամբ լողում էր կապոյտ երկնքի վերայ: Գերեզմանակա՜ն լռութիւն… Բնակիչներից ամայացած պալատը սարի վերայից տխուր ճակատով նայում էր իւր ոտքում գտանուած լճերի եւ այժմ անջուր աւազանների վերայ: Այդ ժամերում բիւրաւոր ճրագներով լուսաւորած ապարանքը խաւար էր այժմ…

Հազար յիշատակներ եւ բիւր մտածութիւնք, ասես թէ պատերազմ ունէին ուղեղիս մէջ: Ես կոխում էի գետինը՝ այն ծառերի տակ, ուր պալատական տիկինները ժողովում էին ծնկաչոք ասպետների սիրու հաւաստիքը: Ես կանգնած էի մի այնպիսի տեղում, ուստի երեւում էին գլխաւոր պալատը եւ մեծ ու փոքր Տրիանոնքը: Եւ եթէ այն րոպէին հարիւրաւոր տարիներով յետ գնար ժամանակը, եթէ մտքիս եւ յիշատակիս մէջ կենդանացած մարդերի մարմինքը եւս կենդանանային, ապա ուրեմն պիտի տեսանէի անշուշտ, թէ ինչպէս անբաղդ Պոլոնիացի Մարիա Լեշչինսկին դուրս էր գալիս մեծ Տրիանոնից անտառի եւ գիշերի առանձնութեան մէջ՝ ողբալու իւր թշուառութիւնը, գիշերին, ծառերին եւ հովերին բանալու իւր սիրտը: Պիտի տեսանէի, անշուշտ, թէ ինչպէս փոքր Տրիանոնի պատուհանում դրւում էր թագաւորի սիրականի ձեռքով խորհրդաւոր ճրագը, եւ թէ ինչպէս թոյլ եւ մեղկ եւ կարդինալին ստրկացած Լուդովիկոս Տասնեւհինգերորդը դուրս էր գալիս պալատից՝ ոգեւորուած միմիայն այդ խորհրդական ճրագի լուսով…

«Հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ», - ընդհատեց լռութիւնը աւերակների ժառանգը: Ես հետեւեցայ ձայնին՝ տեսանելու Աթենասի նուիրականը: Նա թռել էր մի հոյակապ արձանի վերայ, որ կանգնեցուցած էր քարաժայռի տակ՝ մի բոլորակաձեւ հրապարակում: Նայեցայ չորս կողմս՝ կամելով հասկանալ, թէ ինչ տեղ էր այդ, եւ ահա յիշեցի ցերեկը ինձ առաջնորդող սպասաւորի պատմածը: Այդտեղ լինում էին երբեմն երաժշտական նուագածութիւնք, որ կարգում էր ֆրանսիական թագուհիներից ամենաթշուառը՝ Մարիա Անտուանետտան… Յիշատակը այս անունի մի կախարդական գաւազանի զարկուածքի պէս դղրդեց ուղեղս: Աչքիս երեւեցան իսկոյն ֆրանսիական Պուպլիցիստները, Մարաթը՝ իւր սպիտակ կեղծամով, որ խոստանում էր փրկել թագուհու կեանքը: Մի փոքրից յետոյ ասես թէ տեսանում էի խուռն բազմութիւն կատաղիների՝ ձայն, աղաղակ, խռովութիւն, էշաֆոտ, դահիճ եւ երկու կտրուած ու արիւնով շաղախուած գունաթափ գլուխներ: Ես ճանաչեցի Լուդովիկոս Տասնեւվեցերորդը եւ Մարիա Անտուանետտան… Նոցա կտրուած գլուխների յար եւ նման մոմեղէնքը տեսած էի Լոնդոնում մադամ Տիւսսօի մօտ:

Չէ պիտոյ մոռանալ, որ Վերսայլի փայլողութիւնը սկսեց շիկանալ այն ժամանակից, երբ ֆրանսիական ազգի սիրտը ցրտացաւ դէպի Լուդովիկոս Տասնեւչորսերորդը: Այս ցրտութիւնը հաւասար չափով աճում էր, որքան Հ. Լաշեզ, թագաւորի խոստովանահօր ազդեցութիւնը Լուդովիկոսի վերայ: Ասես թէ ազգը զգում էր դորա հետեւանքը եւ, արդարեւ, Լուդովիկոսը մեռաւ՝ Յիսուսեան (եզուիտ, ճիզուիթ) դարձած:

Առաւօտը վաղ վերադարձայ Փարիզ:

Փարիզի մէջ կան երկու ազգային վարժարանք. մինը՝ Մուրադեան, իսկ միւսը՝ Հայկական: Առաջինը գտանւում է Մխիթարեան միաբանութեան իշխանութեան տակ, եւ վարժարանի ներկայ կառավարիչը է Հ. Ղեւոնդ Ալիշանեանը: Վարժարանը գտանւում է Սէյնի միւս կողմում՝ քաղաքի ծայրում. բաւական գեղեցիկ շինուածք՝ երկու յարկով, որի վերայ կարելի է ժամանակով յաւելացնել եւ երրորդ յարկ, եթէ միաբան հիմքը կարող էր երաշխաւոր լինել յաւելուածի եւ ամբողջ շինուածքի ապահովութեանը: Գլխաւոր շինութեան մէջ բովանդակւում են մատենադարանը եւ մի փոքրիկ հաւաքոյթ ֆիզիկական գործիքների եւ հանքաբանական եւ կենդանաբանական օրինակների: Այնտեղ են դարձեալ հիւրընդունարանը եւ կառավարչի եւ վերակացու կամ դաստիարակ կրօնաւորների բնակարանքը: Գլխաւոր շինութեան աջ ու ձախ կողմից շինած են նոյնպէս բնակութիւնք, որոնցից մինի մէջ բովանդակւում են աշակերտների ննջարանքը՝ ամենայն աշակերտի համար առանձին, իսկ միւսի մէջ՝ դասատունքը՝ երեք կարգ բաժանուած: Վարժարանը ունի եւ մի բաւական գեղեցիկ եւ բաւական ընդարձակ մատուռ:

Աշակերտքը այդ դպրոցի որդիք են հռովմէական դաւանութեան Հայերի, եւ բուն հայկական կամ աւետարանական Հայերի զաւակները տեղ չեն կարող գտանել այդ դպրոցի մէջ: Աւելորդ է մի խօսք եւս ասել՝ դպրոցի ուղղութեան բնաւորութիւնը սահմանելու համար, ըստ որում, աշխարհին յայտնի է այսօր, թէ ինչ ասել է աբեղայական դաստիարակութիւն։ Վարժապետքը մեծ մասնով են Մխիթարեան աբեղայք, մնացածքը՝ մի երկու ֆրանսիացիք: Արժանահաւատ անձինք, որ շատ տարիներով բնակւում են Փարիզում, վկայեցին մեզ, թէ ոչ մի աշակերտ մինչեւ այժմ Մուրադեան վարժարանի մէջ ստացած կրթութեամբ չէ կարողացել մտանել որեւիցէ ֆրանսիական բարձրագոյն ուսումնարան: Եւ այսպէս, Սամուէլ Մուրադի բարի խորհուրդը չէ կատարուած եւ չէ կատարւում էապէս. սորա պատճառը դրած էր նորա նոյն իսկ կտակի մէջ, որով նա լինելոց դպրոցի կառավարութիւնը յանձնում էր Մխիթարեան աբեղաների տնտեսութեանը: Եւ չգիտենք, թէ ինչ է Մխիթարեանց իրաւունքը, որի վերայ հիմնուելով՝ ընդունում են միմիայն հռովմէական Հայերի որդիքը՝ չնայելով կտակողի վերջին, ուրեմն եւ նուիրական կամքին, որով աւանդում էր կտակը համօրէն ազգի օգտի համար: Ինձ պատահեցաւ խօսք բանալ պատուելի կառավարչի հետ, թէ կարո՞ղ էին արդեօք բուն Հայոց որդիքը մասնակից լինել Մուրադեան շնորհին, ինձ պատասխանեց, թէ այն պատահած անախորժութեններից յետոյ, որով կասկածելի էին երեւել Մխիթարեանք, որպէս ստիպողք աշակերտներին ուրանալ իւրեանց բուն եկեղեցին, հարկ են համարել, խոյս տալով յառաջանալու անախորժութեններից, չընդունել այլեւս բուն Հայոց որդիքը: Մեր կարծիքով, եթէ մաքուր էր Մխիթարեանց խղճմտանքը (կա՞յ), չէ պիտոյ ապերախտ գտանուէին ընդդէմ բարերարին, չէ պիտոյ պապականութիւնը որպէս մի պատնէշ կանգնեցնէին աղքատ Հայերի որբերի եւ հանգուցեալ Մուրադի շնորհի մէջ։ Նոքա պիտոյ է կամակար հրաւիրէին, որ բուն Հայոց կողմից գտանուի վարժարանի մէջ կրօնական դաստիարակ: Նոքա չեն արել այս եւ չեն առնելու. ապա եթէ Հայոց ազգը յայտնէ իւր իրաւունքը՝ մասնակից լինելու կտակին, օրէնքը պիտի ստորասաբար պատասխանէ Հայերի օգտի համար: Եւ մեզ այնպէս է թւում, որ մեր նորընտիր Հայրապետը չթողու այս խնդիրը առանց ուշադրութեան:

Ինձ պատմեցին Փարիզում, թէ Մխիթարեան միաբանութիւնը սորանից մի քանի տարի յառաջ շինել է մի աղօթք, որ Մուրադեան տղայքը երգեն երեկոյ առաւօտ: Աղօթքի բովանդակութիւնը է մի խնդիր առ Աստուած, որ բոլոր Հայերը, պապական դառնալով, միանան պապական փարախի մէջ: Այդ աղօթքը ներկայացուցուած է Պապին եւ արժանացած է ինդուլգենցիայի: Շատ եւ շատ ցաւեցայ՝ լսելով այս ոչ միայն տխուր, այլեւ զզուելի բանը, ոչ այն պատճառով, որ այս անբնական աղօթքով կարող էին նոքա բարկացնել անյիշաչար Աստուածը, այլ նորա համար, որ անմեղ աշակերտների սիրտքը կարող էին վարակուիլ ֆանատիկոսական կոյր ախտով, որի հետեւանքը, ցաւելի է ասել, եղած է եւ է կամակոր եղբայրատեցութիւն:

Ինձ շատ յարգելի է Հայր Ղեւոնդի անձը, այս պատճառով եւս թախանձելով խնդրեցի դադարեցնել այդ անբնական աղօթքը, բայց վերապատուելի Հայրը ուրացաւ եւ աղօթքի գոյութիւնը անգամ: Նա ասաց ինձ, թէ գուցէ որեւիցէ աղօթք եղած լինի դպրոցում Հ. Ռափայէլ Թրեանցի կառավարութեան ժամանակ, բայց իւր օրում՝ երբէք ոչ, եւ թէ որոշ տեղեկութիւն եւս չունի Թրեանցի օրով եղած աղօթքի մասին: Միւս կողմից այլ մարդիկ եւ երբեմն Մուրադեան վարժարանում գտանուած ազգային պատանիք, թերեւս Հռովմէական դաւանութենից, հաստատեցին մեզ, թէ արդարեւ եղած է մի այդպիսի աղօթք Թրեանցի ժամանակ եւ թէ մինչեւ այժմ եւս շարունակւում է: Ես չկարողացայ այս երկու տեսակ խօսքերը հաշտեցնել միմեանց հետ։ Մնաց, որ վերստին (Յիշատակարանիս միջնորդութեամբ) խնդրեմ վերապատուելի Հ. Ղեւոնդից շնորհ առնել դադարեցնել այդ վնասակար աղօթքը, եթէ չկամին առիթ տալ գայթակղութեան, եթէ չկամին բորբոքել մի մեծ տարաձայնութիւն: Ազգի միութիւնը եւ ազգային անդամների դէպի իրեար ունենալու եղբայրական եւ հարազատ արենակցութեան սէրը այնքան ծանր կշիռ, այնքան մեծ արժէք ունի իմ աչքում, որ այդ բանի համար թէ ինչի ասես պատրաստ եմ…

Չկարծեմ, որ անյայտ լինի Մխիթարեանց, թէ պապականութիւնը ուշացած է Հայերի համար, եւ այդ խորհրդով կատարուած աղօթքները չեն անցանում մթնոլորտից դէպի վեր:

Բուն ազգային անուանուած վարժարանը գտանւում է քաղաքից դուրս՝ Գըռընել ասացեալ արուարձանի Վիօլէ փողոցում: Վարձով բռնած տունը վարժարանի համար, անտարակոյս, չունի այն յարմարութիւնքը, որ ունի Մուրադեան վարժարանը, թէեւ միեւնոյն անյարմարութեան ենթարկուած են երկուքը եւս, այն է՝ քաղաքից հեռաւորութիւնը, որ ծանրացնելու էր, անտարակոյս, օրինաւոր վարժապետների այցելութեան եւ ուսուցչութեան գինը, եւ այս է մանաւանդ պատճառը, որ շատ հասարակ մարդիկ դասատու են այդ դպրոցներում: Ազգային վարժարանը բաղկանում է մի բաւական գեղեցիկ տնից, ուր գտանւում են արգոյ կառավարիչների բնակարանքը, հիւրընդունարանը եւ մի սենեակ, ուր կատարւում է աստուածային պաշտօնը: Տունը ունի մի բաւական ընդարձակ պարտէզ աշակերտների եւ կառավարիչների հանգստութեան համար պարապ ժամերում: Բացի ասացեալ տնից, նորա մօտ գտանւում են երկու փոքրիկ շինութիւնք, ուր բովանդակւում են դասատունքը եւ աշակերտների ննջարանքը:

Ընդ ամենն տասն եւ եօթն աշակերտ գտայ ես ազգային վարժարանում, որ պարապում էին նախակրթական պարզ առարկաներով, ինչպէս նաեւ Մուրադեան վարժարանի մէջ: Դպրոցը գտանւում է Ամբրոսիոս եւ Խորէն յարգելի վարդապետների անմիջական տեսչութեան տակ, որոնցից իւրաքանչիւրքը դասատու են նոյնպէս մի քանի առարկայի: Դպրոցը բացուած է Սարգիս, Գաբրիէլ եւ Ամբրոսիոս վարդապետների ձեռքով, երբ սոքա կտրուեցան պապականութեան հետ հաղորդակցութենից։ Դպրոցի ծանրութիւնը գտանւում է Կոստանտնուպօլսի Հայերի ուսերի վերայ: Որովհետեւ ընդդէմ է առողջ բանականութեան որեւիցէ գործ սկսանել՝ առանց մի հաստատ հիմք ունենալու, այս պատճառով եւս ազգային դպրոցը, որպէս արդիւնք մի պատահական կայծի, առանց որեւիցէ ապահովութեան, այս րոպէումս գտանւում է նեղութեան մէջ դրամական մասին: Մեք՝ Ռուսսիայի Հայերս, սովոր չենք այսպիսի գործ կատարել, բայց փորձերը, որ կատարուեցան քանի եւ քանի անգամ Տաճկաստանի, Կոստանդնուպօլսի մէջ, հաստատում են, թէ մեր՝ այնտեղ գտանուած ազգայինքը շատ դիւրավառ են դէպի այսպիսի գործեր, որ յետոյ շիջանում են շուտով՝ չլինելով հնարք պահպանութեան: Պէտք էր մի փոքր աւելի շրջանկատ լինել այսպիսի ծանրակշիռ գործերում. պատճառ, մի քանի տարի ոտքի վերայ պահել մի դպրոց եւ այնուհետեւ խափանել արդէն, յայտնի եւ բաւական զգալի վնաս է: Գումարը արծաթի, որ գործ էր դրուած այդ քանի տարու համար, կարելի էր աւելի շատ օգտի յուսով, հիմնաւորապէս գործ դնել, մանաւանդ, որ դպրոցի պէս բանը գոնէ վեց եօթն տարի ժամանակի է կարօտ, որ կարողանայ ցոյց տալ մի արդիւնք, մի պտուղ, իսկ եթէ նա փակւում էր դեռեւս մի անգամ չաւարտած իւր ուսման շրջանը, ի՛նչ օգուտ ազգին:

Փարիզեան ազգային վարժարանի պահպանելը կամ փակելը ներկայումս համարեա թէ հասարակաց խօսակցութեան նիւթ է Տաճկաստանում: Ոմանք համարում են օգտակար, իսկ ոմանք ուրանում են դրականապէս այդ դպրոցի օգուտը. երկու կողմը եւս յառաջ են բերում զանազան համոզիչ եւ ճշմարտանման փաստեր: Մեր դրութիւնը այսպէս է. ա) Դպրոց հարկաւոր է հիմնել եւ պահպանել այնտեղ, ուր է ազգը. բ) Դպրոցը հիմնելուց յառաջ ապահովել նորա մշտնջենաւորութիւնը, որ ազատ մնայ ամենայն պատահարների երեսից. գ) Դպրոցից յառաջ հոգաբարձութիւն գործել օրինաւոր ազգային դաստիարակներ պատրաստելու համար. դ) Ազգային դպրոցը, աշխարհական լուսաւորութիւնը չշփոթել կրօնի կամ կրօնաւորների հետ. ե) Դպրոցի կառավարութիւնը յանձնել ուսումնական աշխարհական անձերի. զ) Մերժել հոգեւոր վիճակից մարդերի իրաւասութիւնը որեւիցէ ազգային աշխարհական դպրոցի վերայից. է) Դպրոցը վարել ճիշդ եւրոպական ուղղութեամբ. ը) Դպրոցի մէջ աւանդուելու ուսմունքը եւ գիտութիւնքը յառաջ վարել եւրոպական երկրորդ դասակարգի վարժարանների ընթացակցութեամբ:

Օգուտը մի վարժարանի, որ հիմնուած էր այլ կանոնների վերայ, մեք ուրանում ենք դրականապէս եւ, ցաւելով ազգի կողմից զուր տեղը գործ դրուած արծաթի վերայ, բողոքում ենք այն մարդերի ընդդէմ, որ զանազան առիթներից եւ ախտերից ստիպուած համոզում էին ազգին ձեռք զարկել մի անհիմն գործի:

Արժանապատիւ Ամբրոսիոս եւ Խորէն Գալֆայեան վարդապետքը աշխատում են իւրեանց կարողութեան չափ դպրոցի վերայ՝ ինքեանք, մանաւանդ ենթարկուելով նեղութենների եւ ծանր ծանր պատասխանատուութենների, որ յառաջացած կամ յառաջանալու էին դպրոցի տնտեսական մասնում գտանուած անկարգութեան պատճառով: Շատ եւ շատ ցաւելի է նոցա վիճակը եւ ցանկալի էր, որ ազգը մի փոքր կարեկից լինէր նոցա՝ վճռելով նոցա ապագան եւ կորզելով այն վհատական դրութեան միջից, որի հորիզոնում արդէն իսկ երեւում են յուսահատութեան անմխիթար ամպերը: Գործ կատարել, ուսուցանել, հեղինակութիւն կամ թարգմանութիւն առնել առանց հոգու եւ սրտի անդորրութեան, անհնարին բան է, եւ եթէ վերջին զօրութիւնքը գործ դրուած թերեւս հնարաւորուի, այնուամենայնիւ, կարելի չէ յուսալ մի տիրապէս պտղաբերութիւն:

Արժանապատիւ Խորէն վարդապետը այս օրերումս դուրս տուեց Լամարթին ֆրանսիական բանաստեղծի՝ Les Harmonies մակագրով տաղերգութենների Հայ թարգմանութիւնը հին լեզուով: Ազգային բանասէրքը մինչեւ այժմ չկարողացան հասկացնել մեր բոլոր հեղինակներին, թէ մի հին եւ մեռած լեզու, որ կորուսել էր իւր իրաւունքը ընկերական կեանքում, չէ կարող միջնորդ լինել կենդանի ժողովրդի մէջ գաղափարք ներս բերելու համար: Անտարակոյս, աւելի հեշտ է հին լեզուով թարգմանել, մանաւանդ՝ ոտանաւորը, բայց մի՞թէ հեղինակի նպատակը պիտի լինի հեշտ կերպով կատարել մի գործ, երբ այդ եղանակը անօգուտ էր ժողովրդին: Արդարեւ, մեծ աշխատութիւն է յարգելի վարդապետի կողմից, ոտանաւորով թարգմանել ոտանաւորը, որ գրուած էր օտար լեզուով եւ ցաւում ենք, որ այդքան քրտինքով յառաջ եկած գործը մեռած է ազգի համար:

Մեք ցաւում ենք, մանաւանդ, արգոյ վարդապետի աշխատութեան, քան թէ այդ գործը մեր ազգին անհասկանալի մնալու վերայ։ Հայր Խորէնին չէ յաջողուել ընտրութիւնը թարգմանելու գործի մէջ: Աւելորդ չէ մի քանի բառ խօսել այս մասին եւ աւելի բացայայտ կերպով ասել մեր կարծիքը:

Ոչ ոք չէ տարակուսում, որ Պ. Լամարթինը մինն է արժանաւոր բանաստեղծներից, եւ թէ նորա գործերը արժանացած են լուսաւորեալ աշխարհի համակրութեանը, բայց Լամարթինի գործերը առաջին հարկաւոր բաները չեն մի ազգի համար, որի մատենագրական չքաւորութիւնը բարձրացած է մինչեւ ի կոկիւտոս Հայոց: Որեւիցէ անդաստիարակ ժողովուրդ միշտ անձնատուր է գտանւում միստիկականութեան։ Այսպէս եւ Հայոց ազգի մէջ, որքան մինչեւ այժմ յաջողել է մեզ քննել նորա հոգեբանական կողմերը, շատ առատացած է միստիկականութիւնը, որ միշտ խափան եւ արգելք է լինում ճշգրիտ լուսաւորութեան՝ վերացնելով, կորզելով մտքերը այս աշխարհից, ուր պահանջւում է գործունէութիւն եւ շարժողութիւն եւ ձգելով մի գաղտնածածուկ վերացականութեան մէջ, ուր դադարած էր ամենայն կեանք եւ շարժողութիւն, եւ ուր խոստովանուած կեանքը էր մի անշարժութիւն եւ անզգայութիւն:

Լամարթինի Les Harmonies տաղերգութենների իւրաքանչիւր տողերից փչում է միստիկականութիւն, որ ոչ միայն օգտակար չէ, այլ շատ եւ շատ վնասակար է, եթէ առողջ բանականութեամբ աչքի տակ ձգենք մեր ազգի վիճակը: Մեզ հարկաւոր է կեանք եւ շարժողութիւն, հարկաւոր է յոյս ունենալ մեր անձին եւ մեր ընկերի վերայ, եւ առանց լքանելու եւ վերացական բաների թողնելու մեր մասին հոգաբարձութիւնը, մեր ձեռքով վարել մեր հողը: Միստիկականութիւնը սեպհականութիւն է յուսահատ մարդերի. շատ անգամ երեւելի մարդիկ, անյաջող գտանուելով որեւիցէ նշանաւոր գործերում, փոխում են իւրեանց մտքերի տրամադրութիւնը ամենեւին անգիտակից, բնական ազդեցութեամբ եւ ընկնում են որոնել իւրեանց ցաւի ճարը վերացականութեան մէջ: Այս մի հոգու բարոյական հիւանդութիւն է, որով վարակուելով՝ կորուսանում են այնուհետեւ յոյս եւ հաւատը իւրեանց վերայ, հանդիսացնում են մի ողորմելի պատկեր մտաւորական մեռելութեան, մինչեւ զգացող մարդերի արտասուքը շարժել… Լամարթինի կեանքը անցած է եւ անցնում է այնպէս, որ դժուար էր նորան չընկնել միստիկականութեան մէջ: Չարաչար խաբուած է նա իւր կեանքում։ Խաբողը բնակւում է Տուիլերիու, Լուվրի եւ Սէն-Կլու պալատներում, իսկ Լամարթինի համար պիտոյ է ողորմութիւն հաւաքէին, որ ապրէր: Մի՞թէ ծանր չէր նորան ընդունել ապերախտ բռնակալից 14000 ֆրանկ որպէս ողորմութիւն: Մեր ընթերցողներին կը մատուցանենք շուտով Լամարթինի գանգատանքի թարգմանութիւնը, որով բողոքում է նա…

Այսպիսի հեղինակի գործը լինում է միշտ միստիկական, բայց մեր ազգին հարկաւոր է հեռի մնալ: Մեզ օրինակ չէ այս դիպուածում եւրոպացին. նորա բարոյական եւ լուսաւորութեան ոտքերը ադամանդից են շինուած, եւ միստիկականութիւնը տեղ չէ գտանելու հասարակաց սրտի մէջ, իսկ մեր ազգը, կաւեղէն ոտքերով թաւալգլոր ընկած չարաչար կործանութեան անդունդի մէջ, արդէն իսկ լցրել է խելապատակը այդպիսի գաղափարներով։ Կրակի վերայ կրակ յաւելացնելը մօտենում է Հօմէօպատների խելագար առածին՝ similia similibus curantur:

Լամարթինի գործի Հայ թարգմանութեան ճակատը զարդարած է մի այսպիսի փոքրիկ պատկերով: Երեւում է Արարատը, երկնքի վերայ՝ ծիածան, եւ աղաւնին թռչում է դէպի տապանը: Երկու հրեշտակ, որոնցից մինի գլխի վերայ աստղ եւ ձեռքում՝ քնար, ցոյց է տալիս բանաստեղծութեան ոգին, իսկ միւսի գլխի վերայ հրեղէն լեզու եւ աջոյ ձեռքում բռնած մի ջահ, լուսաւորում է Արարատը: Սորա տակ՝ մի դափնեայ պսակի մէջ, գրած են հետեւեալ տառերը՝ Ս. Գ. Ա. Խ.: Այս բոլորը (պատկերը եւ տառերը) նշանակում են, թէ Սարգիս, Գաբրիէլ, Ամբրոսիոս եւ Խորէն վարդապետքը, իւրեանց մէջ կենդրոնացնելով լուսաւորութիւնը, լեզուագիտութիւնը եւ բանաստեղծութիւնը, լուսաւորում են խաւարած Հայաստանը: Մեր համար ոչինչ աւելի դժուար բան չկայ, ոչինչ աւելի ծանր չգիտենք, քան թէ յետ պահել մեր ծիծաղը մի այսպիսի տղայական եւ պատուամոլ գործից: Ցանկալի էր իմանալ՝ ինչ է դոցա արածը, որ ապօթէոս են պահանջում մեզանից՝ դեռեւս չորս միլլիոն ազգի երեսփոխան քարոզելով իւրեանց [1] ։ Մեք բողոքում ենք:

Ամբրոսիոս եւ Խորէն վարդապէտքը պարապում են այժմ Ֆրանսիարէնից Հայերէն, Հայերէնից Ֆրանսիարէն ընդարձակ բառարանների վերայ, թարգմանել են ժողովրդական լեզուով Ֆենելոնի Տելեմաքը, որի կէսը արդէն տպած պատկերազարդ եւ հոյակապ Պ. Արամի տպարանում թողում են կիսակատար եւ այլ տպարանում նորուց պիտի սկսանեն տպել: Այս անբնական գործողութեան ստոյգ պատճառը մեք չկարողացանք հասկանալ: Պատուելի թարգմանիչքը ասացին, թէ աւելի դիւրագին կը լինի այլ տպարանում նորուց տպել, քան թէ Պ․Արամի տպարանում սկսուածը շարունակել: Երբ պատահեցաւ ինձ հարցանել Պ․ Արամից այդպիսի թանգութեան պատճառը, նա պատասխանեց, թէ բոլորովին այլ պատճառով հրաժարուեցան շարունակել սկսուածը, եւ այս է պատճառը, որ պատուելի թարգմանիչքը յառաջ էին բերել տպագրապետին, թէ նամակ են ստացած Հնդկաստանից, որով գրում էին, թէ ամօթ է վերապատուելի թարգմանիչներին բան տպել մի այնպիսի տպարանում, ուր տպւում էր «Արեւմուտքը»: Ահա մի նոր գաղափար Հայերի ասիական թանձր պղտորամտութեան, մինչեւ այս աստիճան մտքի եւ գաղափարի այլանդակութի՞ւն, չգիտենք՝ ինչ մտածել: Մնում է մեզ միայն զարմանալ, թէ ինչպէս այդ այլանդակ եւ տմարդի գաղափար յղացողը կամ այդ խրատաբանութեան հետեւողքը ապրում են միեւնոյն արեւի լուսի տակ, ինչպէս բնակւում են միեւնոյն մոլորակի վերայ. անգոսնելի կիրք:

Մուրադեան վարժարանի վերայ խօսելով՝ ասացինք, թէ վերապատուելի Հայր Ղեւոնդ Ալիշանեանց վարդապետը գտանւում է Փարիզում՝ որպէս կառավարիչ Մուրադեան վարժարանին: Այս արժանապատիւ անձը ծանօթ է Հայոց ազգին մանաւանդ Նահապետի անունով: Նորա «Աւագ եւ Փոքր Մասիս», «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Աւարայրի» տաղերգութիւնքը ջերմացուցել են շատ սրտեր Նահապետի անունի վերայ: Հ․ Ղեւոնդ Ալիշանեանցը իւր անունով եւ Նահապետ ստորագրութեամբ հրատարակած կամ մինչեւ այժմ դեռեւս չտպուած տաղերգութիւնքը տպել է առանձին՝ որպէս Նուագք, Հայրունի մակագրով: Հին լեզուով գրուածների մէջ տեսանում ենք գործ դրուած ամենայն ջանք եւ ճիգն մթնախօս լինելու, իսկ Նահապետի անունով գրուածքը, թէեւ աշխարհաբառ, բայց շատ յաղթահարուած հին լեզուից, եւ նմանել ցանկանալով մեծ Հայաստանի լեզուին, շատ անգամ մէջ խառնած այնպիսի տեղական բառեր, որ շատ սակաւ էին գործ ածւում: Հ․ Ղեւոնդ Ալիշանեանցը ունի բանաստեղծական քանքար, եւ այդ քանքարը կարող էր աւելի պարզ եւ վառ երեւել, եթէ աբեղայական սեւաթոյր վերարկուն չլինէր խափանառիթ: Միեւնոյն կերպով ցաւում ենք եւ Խորէն վարդապետի վերայ՝ քաջ գիտելով նոցա դրութիւնը եւ հայեացքի, շատ անգամ գուցէ ակամայ, սահմանքը: Շատ եւ շատ երախտապարտ կը կացուցանէ մեզ ծերունի Նահապետը, եւ խոստանում ենք, որ Հայաստանի լուսնակը իւր շողը կը կաթէ նորա գերեզմանաքարի վերայ, եթէ իւր այսուհետեւ երգելիքը երգէ աւելի հասկանալի (հասարակ ժողովրդի համար) լեզուով: Արժանապատիւ Խորէն վարդապետը խոստացել է մեզ այս իւր կողմից, ուստի եւ աւելորդ ենք համարում վերստին խնդրելով ձանձրութիւն պատճառել:

Չէ կարելի մի երկու խօսք չասել Փարիզում գտանուած մի ծերունի պապական Հօր մասին: Նորա վերտառութիւնը այսպէս է՝ Գրիգոր վարդապետ Կապարաճի Կարապետեան, համախոհ Մխիթարեանց Վենետկոյ: Այս վերջին բացայայտիչ խօսքերը թերեւս գրւում են այն մտքով, որ ընթերցողը իսկոյն հասկանայ, որ նա, թէպէտ արդէն քառասուն տարու չափ բաժանուած Մխիթարեան միաբանութենից, գտանւում է Փարիզում, որպէս ֆրանսիական քահանայ, բայց, այնուամենայնիւ, միեւնոյն ուղղութեան եւ սկզբունքի տէր է, ինչպէս Մխիթարեանք: Ուշ է զարթել այս ծերունու մէջ գրելու ցանկութիւնը, եւ Եղիշէն իւր խորին ծերութեան մէջ Ֆրանսիարէն տպելով՝ ձեռք է զարկել հրատարակելու մի այլ գիրք: Բայց այս գիրքը մինչեւ այժմ Հայերի մէջ տպուած գրքերին չէ նմանում, նախ՝ իւր բովանդակութեամբ եւ երկրորդ՝ հրատարակելու կերպով, որից առուած է եւ գրքի մակագիրը՝ «Ընծայ»:

Շնորհակալ ենք պատուելի ծերունուց, որ պատուասիրեց մեզ ընծաներով, բայց ճշմարտութեան յարգը չենք կարող ուրանալ, մեզ ոչինչ ընծայով չէ կարելի կաշառել: «Ընծայ» անունով գիրքը թող որ երկու յառաջաբան եւ մի վերջաբան ունի, սակայն շատ աղքատ է իւր բովանդակութեամբ: Գլխաւոր խորհուրդը «Ընծայի» յորդորել Հայերը դէպի միաբանութիւն, բայց այս միաբանութիւնը արգոյ ծերունու գրչի տակից երբեմն երեւում է կրօնական մտքով, որ Հայերը ընդունեն Պապականութիւն, իսկ երբեմն քաղաքական մտքով, որ Հայերը… եւ այլն, եւ այլն: Արգոյ հեղինակը նոյն յորդորը տալիս է ե՛ւ Յոյներին, ե՛ւ Հրէաներին եւ վերջապէս պատուիրում է Հայերին ամենեւին չխօսել այդ մասին: Եթէ վտանգաւոր չէ տպագրութեան միջնորդութեամբ տարածել մի գաղափար, մի՞թէ նորա մասին խօսելը է աւելի վտանգաւոր, եւ այդպիսի դիպուածում ո՞ր կողմից է վտանգը: Ո՛հ, մեք երբէք վախենալու չէինք այդ վտանգից, եթէ… եթէ… Վերջապէս, եթէ դրուած լինէինք այլ հանգամանքի մէջ, քան թէ գտանւում ենք:

Սորանից քանի տարիներով յառաջ բարձրացած կրօնական-սխօլաստիկեան վէճերի պատճառով Մխիթարեան միաբանութիւնը ուղղակի կամ անմիջապէս հրատարակեց քանի մի տետրակներ եւ յօդուածներ, որոնց թէպէտ եւ պատասխանուեցաւ, բայց «Ընծայի» վիճակը այլապէս էր վճռել ճակատագիրը: Շնորհակալ ենք «Ընծայից», որ առիթ տուեց կարդալու «Ընդունելութիւն Ընծայի» անունով գիրքը, որի իւրաքանչիւր տողերից դուրս է նայում մի ճոխ կատակերգական քանքար: Այդ գրքի հեղինակը որպէս շատերին, նոյնպէս եւ մեզ անյայտ է, ըստ որում՝ թագուցել է իւր անձը Թոռնակ Կըկռիկեան շինովի անունի տակ: Գրքի բովանդակութիւնը, ինչո՛ւ գիրքն եմ ասում, յառաջաբանը, կամ աւելի լաւ, գրքի ճակատում դրած պատկերը՝ «սկիզբն եւ վերջ ընդունելութեան» ստորագրով, շարժում են մի անզովանալի ծիծաղ:

Այդ գրքի մէջ երեւում է «Ընծան»՝ որպէս մի անօրինակ բան. նա գործում է հրաշքներ, նորան ցանկանում են ստանալ, ամենայն տեղից յառաջանում են թղթակցութիւնք, որոնց մէջ երեւում է եւ ճիշտ նկարագրւում է «Ընծայի» հոգին: Շատ եւ շատ անցքերից եւ նեղութենից յետոյ, որ կրել էր հեղինակը, զարթնում է քնից իւր մօր ձեռքով, ըստ որում՝ այդ բոլոր անցքերը պատահած էին երազում: «Ընծայի ընդունելութեան» վերջին երեսները արժանի են ուշադրութեան, ըստ որում՝ ցան ու ցիր բոլոր գրքի մէջ տարածուած մտքերը ամփոփուած են այնտեղ, վասնորոյ աւելորդ չեմ համարում ներս բերել Յիշատակարանիս մէջ:

«…Վերջապէս առինք ու կարդացինք», գրում է հեղինակը («Ընդունելութիւն Ընծայի», երես 123):

«Երկու յառաջաբան, եօթը յօդուած, վերջաբան մըն ալ ետեւէն, որը 1812-ին տպուած, որը՝ 1840-ին, որ մէկն ալ՝ օրագրաց ու ժողովոց մէջ արդէն կարդացուած, ուրիշ բան չկայ… Ասոնց ամէնուն տակը Համախոհ Մխիթարեանց Վինետկոյ ստորագրուած, հեղինակին ունեցած եւ չունեցած անուններն ալ ետեւէն կարգաւ շարուած: Այսպիսի նորակերպ տողի մը նշանակութիւնն ի միտ առնելը մեր կարողութենէ վեր ըլլալը կը խոստովանինք, վասնզի, եթէ Մխիթարեանց միտքը, գրքին պատասխանատուութիւնն իրենց վրան առնելով, ըստ սովորութեան (լռութեամբ) « ա՛ս ալ անցաւ» ըսել էր, եւ կամ թէ այս անունը փոխ տալով՝ Հեղինակը պատասխանատու կեցնելէն եւ հարկ եղած ատենը, անոր վրայ ցնդած ածականը դնելէն ետեւ, « անիկայ մեզնէ շատոնց ի վեր զատուած է» ըսելով, դարձեալ նոյն « ա՛ս ալ անցաւն» ըսել էր նէ, ինչո՞ւ համար կը թողուն զհեղինակ, որ անհամաձայն եւ անխոհեմ կերպիւ կ՚ելնէ` « ըսի, կըսեմ եւ ըսելէն չեմ դադարիր», ուրիշ տեղ մ՚ալ «գրեցի եւ կը գրեմ» կ՚ըսէ: Իսկ եթէ մինակ հեղինակն էր պատասխանատուն, ի՞նչ հարկաւորութիւն կար այդ Մխիթարեան պատկառելի անունը [2] յանդգնութեամբ մէջբերել ու անոր բարոյական պատիւն աղտեղել: Մխիթարեանց ու համախոհ ընկերին անել եւ պտուտաւոր ճամբուն եթէ քիչ մը մօտենանք դատելու համար, մենք ալ պիտի կորսուինք, թո՛ղ որ հեղինակը, կա՛մ վախէն եւ կա՛մ տկարութենէն առջի քաջութիւնը մոռնալով, ինքզինքը Մխիթարեանց զօրաւոր անուամբը պատսպարեր ու պատասխանատուութեան հրաժարականն ելեր ի սկզբանէ տուեր է. ասոր ի՛նչ ըսենք, ի՛նչպէս հասկնանք, հասկնանք ալ նէ, որի՛ պոչէն ըմբռնենք։ Այսպիսի գրքի մը կատակէն ուրիշ ի՞նչ պատասխան կրնայինք տալ: Դուք, որ այդ գիրքը կարդացիք եւ հեղինակին ըսածին համեմատ, անշուշտ, ամեն տողերուն մէջը մէյմէկ իմաստ գտաք ու դատեցիք, մենք ատոնց վրայ ծաղրէն ուրիշ ի՞նչ կրնայինք աւելցնել: Գիրք մը, որ Հայ, Յոյն, Հրէայ ազգ չթողուր, ամենուն ալ «սըկէց ելի հունա նստէ», «այդ կուժը ձգէ, միւսն առ» եւ ասոր նման հազար ու մէկ խրատներ եւ սպառնալիք՝ Հայերէն գրով, Հայերէն լեզուաւ խօսելէն ետեւ, «Յետ բանիցս» ըսելով՝ Հայոց բերնին կղպանք մը կը դնէ, որ այս բանին վրայ օտար ազգաց հետ ամենեւին չխօսին. այսպիսի համախոհական գիրք մը կատակէն ուրիշ ինչի՞ արժան էր:

Մխիթարեան համախոհ մը կ՚ելնէ հռովմէականութեան հրաւիրող գրութիւն մը կը հրատարակէ եւ պոչը նեղի մտած ատենը, «ես Հռովէական Հայոց համար գրեցի» կ՚ըսէ: Հռովմէական Հայերը հռովմէականութեան հրաւիրող ծաղրալի գրութիւն մը կատակէն ուրիշ ի՞նչ բանի արժան էր: Մխիթարեան համախոհը Հայոց վրայ ամեն չարիք կը դնէ, ու գրիչը Փարիզի Հայոց վրայ կը դարձնէ եւ առակ չթողուր իրենց կանչելէն ետեւ, անոր ալ գոհ չըլլար կ՚ելնէ (իբրեւ կարեկից) Էջմիածնայ վարդապետի մը խնդրոյ մէջը կը մտնէ, ու «գայթակղութիւն» բառը վերջապէս կ՚արտասանէ, քանի մը կէտ ետեւէ դնելն ալ չմոռանալով, Մուրադին կը հասնի: Պատասխաննիս ատոր իրաւ կամ սուտ ըլլալուն վրայ չէ, այլ այնչափը լաւ գիտենք, որ ժողովուրդք ամեն ատեն պատրաստ են գայթակղելու, եւ անոր համար իրենց արգելք մը չէ դրուած, բայց Վարդապետին պարտքն է չգայթակղեցնել զժողովուրդս, եւ իրեն այնպէս հրաման եղած է: Իսկ եթէ մեք զՄխիթարեան համախոհը դատելու միտք ունենայինք, պիտի հարցնէինք իրեն:

Նախ՝ մեր ընտանի խնդիրներուն մէջ մտնելու արտօնութիւնը ուստի՞ առած է:

Երկրորդ՝ նոյն արտօնութիւնը մեզ ալ կը տա՞յ, որ Մխիթարեան համախոհի մը Վենետիկէն փախուցած աղջկանը պատմութիւնը ընենք:

Երրորդ՝ արտօնութիւն կը տա՞յ, որ այն աղջկանը համար վանքի տպարանին մէջը (մեծաւորէն եւ միւս անդամներէն ծածուկ) տպուած շինծու անցագրին պատմութիւնն ընենք:

Չորրորդ՝ արտօնութիւն կը տա՞յ, որ ատեն անցնելէն ետեւ, աղջկան ոտքը Լոմպարտիա դպածին պէս կառավարութենէ բռնուելուն, եւ անոր անցագրին ինչ կերպով տպուիլը հաստատուելէն ետեւ… Մխիթարեանց շփոթ ատենին վճարած տուգանաց հաշւոյն հետը անուրանալի պատմութիւնն ընենք:

Հինգերորդ՝ արտօնութիւն կը տա՞յ, որ դատարկաշրջիկ եւ ծռաքայլ Մխիթարեան համախոհի մը տարիներով Փարիզի մէջ ըրած անառակութիւնները տեղերովն ու վկայութիւններովը ու մսխած ստկին հաշիւն ու պատմութիւնը ընենք:

Վեցերորդ՝ արտօնութիւն կը տա՞յ, որ Մխիթարեան համախոհի մը երիտասարդութեան ատենին երկու տեսակ հանդերձից նկարագրութիւնը ընելէն ետեւ, մէկովը ֆօպլասին, միւսովն ալ թառթիւֆին ունեցած նմանութեան պատմութիւնն ընենք, ու այս օրուան ունեցած իր պատուաւոր եւ Առաջակայ վիճակովը մերկանդամ ազգին առջեւը խայտառակենք…

Եօթներորդ՝ արտօնութիւն կը տա՞յ, որ Պօլիսի Մխիթարեան համախոհաց վրայ քիչ մը խօսինք ու ազգայնոց կամացը դէմ եւ մեր աչաց առջեւը, տներուն մէջ ելնել մտնելով, իրենց ըրած անզգամութեանց մանրամասն նկարագրութիւնն ընենք:

Բայց մենք այսպիսի խնդիրներու մէջ մտնելու եւ Մխիթարեան համախոհին օրինակաւը ժողովրդեան մէջ գայթակղութիւն ձգելու միտք չունինք, միայն թէ այս վերջիններուն համար Գերապայծառ Հասունին [3] խրատ կը տանք (ան ալ իրեն կրօնակցաց օգտին համար), թէ կա՛մ իւր իրաւասութեան տակը գտնուող քահանայքն (ըստ արեւելեան սովորութեան) ամուսնացնէ, կա՛մ անոնց համար վանք շինէ ու երկաթեայ պատուհաններուն առջեւն ալ մէյմէկ զինուոր կայնեցնէ, եւ կամ ամենքը ժողովէ Վենետիկ ղրկէ…

Բայց ինչո՞ւ մեր նպատակէն շեղելով՝ ուխտերնուս դէմ ըրինք. մեր գրութեան հիմը եւ միտքը դատել կամ պատասխան տալ չէր, այլ միայն կատակել զհամախոհս Մխիթարեանց, ուրեմն շարունակենք մեր խօսքը:

Անանուն Փեփէ Մարիձայի մը զաւակ ելաւ, տետրակ մը հանեց, որով անուն եւ ածականազարդ չարիք չթողուց, ազգին վրայ դրաւ, մենք ալ, զհամախոհս մարդիկ կարծելով, ելանք ինքզինքնիս (եթէ ոչ անուշութեամբ, գէթ իրաւամբ) բանաւոր կերպիւ պաշտպանեցինք եւ բացէիբաց մերժեցինք այն անարժան հայհոյութիւնքը, որ իրենց սքեմին եւ տպարանի մամուլներուն տակէն ելած էին, հիմա նոյնը նորոգող եւ ընծայի հագուստով դռներնիս նորէն չալող կաշիերես համախոհը կատակէն ուրիշ ի՞նչ պատուոյ արժանի էր:

Ասոնց ամենը մէկ դի:

Համախոհաց ծիծաղելի Աստուածաբանութեան առանց մատչելու (որն որ արհեստնիս չէ, մօտենալու միտք ալ չունինք) լուսաւորչական Հայերս բիւր անգամ ըսինք, թէ մեք զԲաբկէն անմեղ անձ, մանաւանդ հայրենասէր մարդ մը կը ճանաչենք, ա՛ն էր, որ իր ազգային ազատութիւնը պահել ուզեց, անոր ուզելուն եւ ի գործ դնելուն պատճառաւն է, որ մինչեւ հիմա Հայոց ազգը կանգուն կեցած աշխրքիս մէջ, գո՛նէ ընկճեալ ազգաց թիւը կը համարուի։ Ըսինք նաեւ, թէ մեք՝ լուսաւորչականքս, ոչ միայն հռովմէականութեան պատրաստ չենք, այլեւ Պապին անունը մեզի յիշած ատեննիդ վրանիս այնպիսի սարսափ մը կը գայ, որ շատ անգամ ամիսներով ալ հիւանդ կ՚ըլլանք… Մեր ըսածները չլսելու զարնող համախոհին ընծան ինչպէ՞ս կրնայինք ընդունել, եթէ ոչ կատակաւ:

Գիտենք, որ յանուն Բաբկէնի վերի գրած յիշատակութիւննիս, Մխիթարեան համախոհաց իրաւունք պիտի տայ ափեղ ցփեղ Աստուածաբանութեանց թերթերը նորէն դարձնելու եւ մեր մոլորութեան տարեգրացը վերջի հատորներն ընդարձակելու։ Բայց մենք ոչ այն կողմերն ենք եւ ոչ իրենց տրամաբանութեանցը մտիկ ընելու գլուխ ունինք: Մեզի պէտք եղածն ու ազգային իրաւունքնիս այն է, որ Բաբկէն իր ատենին երեւելի Հայրապետն էր եւ տասնը հինգ միլլիոն ժողովրդի կը տիրէր, այնպէս ժողովրդի մը, որ սրտերնին իրենց Հայրապետին ափը, միշտ արիւննին թափելու պատրաստ էին: Այսպիսի Հայրապետ մը, երբ որ իմացաւ, թէ Հայոց եկեղեցին ուրիշներէն կ՚արհամարհուի, լուսաւորչաց աւանդութիւնքն աղէկ մը բռնելուն ու իրենց կռիւներով քուէ ձգած Սահմանադրութիւնը չընդունելուն համար, ան ալ իր նախորդաց ճամբուն մէջը գտնուելուն իրաւամբ, ելաւ բանադրեց զարհամարհողս եւ աղեկ ըրաւ, իրաւամբ ըրաւ. այն ատենին համար իր պարտքն էր, չըներ նէ, շատերուն պէս ազգատեաց կ՚ըլլար եւ դժոխքը կ՚երթար…

Մխիթարեան համախոհք ասոր ըսելիք ունի՞ն. իրենց պապը սա՛ ժամանակիս միլլիոն մը հաւատարիմ ժողովուրդ ունի նէ։ Թո՛ղ հաստատեն, որ գրիչնի՛ս կոտրատենք ու մեկդի ձգենք…. Երկայն բարակ մտածել պէտք չէ. համախո՛հք, գրէ՛ք, քահանաներն ալ մէջը դրէք… Չը լեցա՞ւ… Կէս միլլիոն ա՞լ չեղաւ… Վա՜յ ձեր թշուառութեանը… Այդպէս ըլլալը շատոնց գիտէինք, այսուամենայնիւ, այս օրուան օրս կը դնէ, կը վերցնէ Հայաստանեայց Հայրապետ մը անկէց ինչ վար տեղ ունէր: Արդարեւ, կատակէն ուրիշ բանի արժանաւորութիւն մը չունիք եղեր:

Հայոց եկեղեցին Բաբկէնին ըրածը տարուէ տարի նորոգելէն շատոնց դադրեցաւ, իսկ Մխիթարեան համախոհաց սեւաներկ վարագոյրը տարին տասներկու ամիս քաշուած, մտիկ ընելով գլուխնիս դդում դարձաւ… Քաջութիւնը Մխիթարեան համախոհացը չէ, բայց յանցանքը Հայոցն է, որ, քանի մը Տիտայական տրամաբանութենէ վախնալով, կապուած մնացին ու հերձուած անունը միշտ մերժեցին։ Ի՞նչ կայ այդ հերձուած անունին վրայ եւ ի՞նչ ըսել է, որ այդ չափ խրտեր են ու չկրցին օր մը ոտքի վրայ ելնելով ըսել, թէ «այո՛, հերձուած ենք անոնցմէ, որք եկեղեցինիս կ՚արհամարհեն, ի՛նչ անպատուութիւն կայ այդ անուանը մէջ…»։ Եթէ այսպէս ըսէին, գուցէ իրենց պարծանք մըն ալ կ՚ըլլար այն անունը, որով ոչ միայն զՄխիթարեան համախոհս թաւալգլոր բերած ու անել անդնդոց մէջը ձգած եւ ի թշնամեաց անդառնալի կերպիւ հեռացած կ՚ըլլային, այլեւ Եւրոպան ալ առաւել որոշ կերպիւ եւ ըստ ամենայնի զատ ու առանձին ազգ մը կը ճանչնար զիրենք:

Հիմա դուն ըսէ, սրամի՛տ ընթերցող, այս մտքով շաղեալ ազգդ Հռովմէականութեան հրաւիրող անձանց սկաւառակներուն մէջ պճեղ մը խելք կա՞յ…

Կատակէն ալ ուրիշ արժէք ունի՞ն:

Մխիթարեան համախոհաց հազար անգամ գործքով ալ ցոյց տուած էինք, որ մեք՝ թէ՛ Լուսաւորչական, թէ՛ Հռովմէական եւ թէ՛ Աւետարանական Հայքս, մէկ սերունդէ, մէկ ընդանիքէ եւ եղբայր ենք, մեր երակներուն արիւնը մէկ տեղէ կը բղխի, եւ անոր անուամբը կը կանչուինք, զիրար ատելու միտք չունենալնիս դեռ քսան չորս ժամ չեղաւ, որ հրատարակեցինք եւ ըսինք, թէ մեք ձեզի գործիք ըլլալէն եւ եղբայրնիս ուրանալէն կամ սպանելէն դադրեցանք եւ ուխտ ըրինք՝ այսուհետեւ ձեր ծիծաղելի վէճերուն զոհ չըլլալու, վասնորոյ չենք ուզեր, որ Մխիթարեանց համախոհներն ելնեն որեւիցէ կերպիւ մեր ազգայնոց ներքին սէրն ատելութեան, կապակցութիւնը բաժանման եւ խաղաղութիւնը խռովութեան փոխելու պատճառ ըլլան։ Այսպիսի բանաւոր եւ պատկառելի բողոքնուս ընդդիմութիւն ընող Մխիթարեան համախոհը կրնայի՞նք կատակէն զատ ուրիշ բանով մը պատուել:

Թո՛ղ ընթերցողը «Ընծայի» յօդուածներն իրարու վրայ դիզէ ու խալկինի մը մէջ դնէ եւ ամենավարպէտ քիմիագէտի մը ձեռնտուութեամբ զտէ, թէ որ երիտասարդ բանասիրի մը ներքին համոզմամբը մերժուած Հռովմէական պարգեւը չելնէ նէ, կատակնիս ետ կ՚առնենք… Գնա՛, Մխիթարեա՛ն համախոհ, գնա՛, ներքին համոզման 29-երորդ երեսի վերջին հինգ տողերը կարդա… [4]: Ան թող ըլլայ քեզի պատասխան, եթէ ոչ այսուհետեւ քո արժէքդ կատակ է:

Մխիթարեան համախոհք.

Խօսքերնիս «Ընծային» չէ, վասնզի այն պատիւն անոր ընելու միտք չունինք եւ ուխտիւք կը խնդրենք, որ անոր նման քանի մը հատ գրքեր դուրս հանէք, որպէսզի ձեր ծիծաղելի դրութիւնը բոլոր ազգն աղէկ իմանայ եւ արժէքնիդ ճանչնայ: Բայց ձեզի վերջին խրատ ըլլայ ըսելիքնիս եւ երանի՜ թէ կարենայինք օգտել: Մեք՝ Հայկայ զաւակներս, համոզուած եւ մտքերնիս հաստատած ենք, թէ մեր ամեն թշուառութեանցը միակ եւ առաջին եւ վերջին պատճառ դուք (եւ ձեզի նման ազգատեաց թէ՛ Լուսաւորչական, թէ՛ Հռովմէական եւ թէ՛ Յունական քահանայքդ) եղած էք, դուք էք Հայաստանն աւերակ դարձնողը, դո՛ւք էք միլլիոնաւոր ժողովրդոց անհետ ըլլալուն պատճառը, դուք էք Հայկայ անմեղ զաւակներուն ետեւէն ու առջեւէն ընկնողը, որ գետերուն, սարերուն եւ գայլերուն բերանը բիւր հազարներով ձգելէն ետեւ, մնացածներն ալ իրենց մարցը գրկէն յափշտակեցիք ու, անոնց արտասուալից եւ սրտապատառ աղերսանացը ձայներուն ականջնիդ ու սրտերնիդ խփելով, տարիք ձեր փառասէր անկալութեանց իբրեւ փոխարէն, դժոխաորդոց ձեռքը գրաւ ձգեցիք…

Դո՛ւք էք, որ երեւելի եւ աներեւոյթ ծաղրալի խնդիրներով ազգը ճղակոտոր հանեցիք ու ընտանեաց մէջ հուր, սուր, բաժանում եւ ատելութիւն ձգելէն ետեւ, ազգութիւննիս մահուան եւ գերեզմանաց դռները հասուցիք: Դո՛ւք էք, որ մինչեւ ցայսօր չկշտացաք մեր արիւնը ծծելէն…

Ձեզ ասեմ, ո՛վ համախոհք եւ գիշատիչքդ Հայկեան սեռին, անմեղաց արեան շոգին Աստուծոյ կենդանւոյն առջեւն ելած « բնակութեան ձեր աւերակ լիցի» ըսելու վրայ է… Բայց մինչեւ այն ատենը կատակէն ուրիշ բանի մի՛ սպասէք, վասնզի անկէց ալ ուրիշ արժէք մը չունիք»:

Շնորհակալ ենք Պ. Կըկռիկեանից եւ, մանաւանդ, ուրախ ենք նորա կատակերգական քանքարի վերայ, բայց չենք կարող չասել, թէ այն շրջանակը, որի մէջ երեւեցնում է նա ընթերցողներին իւր տաղանդը, ամենեւին անարժան է նորան: Հոգով չափ ցանկանում ենք, որ արգոյ հեղինակը իւր մտքի ծնունդը աւելի պատշաճաւոր զգեստով հանդէս հանէ երբեմն մեր ընթերցասէրներիս առաջեւ:

«Ընծայի» հեղինակը, սաստիկ սրտնեղած Պ. Կըկռիկեանի ընդունելութեան վերայ, հրատարակել է մի փոքրիկ թերթ, որպէս մերժողական պատասխանի, բայց այդ թերթի իւրաքանչիւր տողերից դուրս է նայում մի ծերացած զօրութիւն, որ իւր մանկութեան ժամանակ եւս չէ յատկացած մի պնդութեամբ։ Ամենազօրաւոր պատասխանին, որ լսում ենք ծերունի հօր բերանից, այս է. «Պապեան եղիր, որ խալսիս»: Լսեցինք, թէ այս թերթը եւս ընդունել է իւր արժանի պատասխանը, բայց մեզ չյաջողեցաւ տեսանել եւ ընթեռնուլ:

Խօսելով այսքան հոգեւոր վիճակից մարդերի վերայ՝ հարկ համարում ենք հանդէս հանել Յիշատակարանիս մէջ արգոյ Շահնազարեանց Կարապետ վարդապետը՝ Թիֆլիսի թեմական ատենի երբեմնական նախագահ ատենակալը, որ գտանւում է այժմ Փարիզում: Քանի մի տարի սորանից յառաջ բարձրացած մրրիկը խլեց նորան իւր տեղից եւ, բաւական միջոց պտուտելով, ձգեց վերջապէս Ֆրանսիայի մայրաքաղաքի մէջ:

Արգոյ վարդապետը ձեռք է զարկած մինչեւ այժմ չտպուած Հայոց հին հեղինակների գործերը իւր ծանօթաբանութեամբ եւ մեկնաբանութեամբ տպելու: Այս գործերը տպւում են «Շար Հայ մատենագրաց» մակագրութեամբ եւ բաժանւում են նոցա, որոնք յառաջուց գրուած էին այս հրատարակութեան բաժանորդ: Լսում ենք, թէ տասն եւ չորս հատոր պիտի լինի բոլոր հրատարակութիւնը:

Որպէս հնութեան յիշատակարան՝ պատուելի է մեզ այս հրատարակութիւնը եւ այն ազգային դպրութեամբ պարապողների համար, թող արգոյ տպագրողը հաճի ընդունել մեր շնորհակալութիւնը: Ինչ որ վերաբերւում է տպագրողի սեպհական ծանօթութեններին, մեք գտանւում ենք մեծ տարակուսի մէջ, եւ անտարակոյս մի օր ազգային կրիտիկոսքը կը դատեն այդ բաները՝ աւելի զտելով եւ մաքրելով, ինչ որ դեռեւս մնացած էր խառն եւ շփոթ: Արգոյ վարդապետը այս բաները տպում է իւր առանձին տպարանում: Խօսելով տպարանի վերայ՝ պարտականութիւն ենք համարում մեզ լուռ չմնալ Պ. Ճանիկ Արամեանի տպարանի մասին:

Պ. Ճանիկ Արամեանը՝ Նիկոմիդիա քաղաքից, երկար ժամանակ Փարիզ բնակուելով եւ տպագրական արուեստին հմտանալով, բաւական հարստացուցել է իւր հայկական տպարանը բազմատեսակ տառերով: Այդ տպարանի մէջ գործածական տառերը սովորաբար են նոր ոճով շինուածք, թէպէտ եւ ոչ բոլորովին կատարեալ ճարտարութեան մասին: Բայց Պ. Արամեանի փոյթը եւ ջանքը, այլեւ պատրաստականութիւնը ընդունելու ամեն մի բարեմիտ խորհուրդ, իւր տպարանից այս կամ այն թերութիւնը վերացուցանելու համար, արդարեւ վկայում է, թէ մինչեւ ո՛ր աստիճան աշխատում է նա ծաղկեցնել հայկական գրատպութիւնը Եւրոպայի խորհրդաւոր մայրաքաղաքներից մինի մէջ:

Պ. Արամեանը վաճառում է իւր տպարանից թէ՛ մայրեր եւ թէ՛ ձուլեալ տառեր, եւ ցուցակը այդպիսի տառերի վաղուց հրատարակած է մի առանձին մեծ թերթի վերայ: Մեծ հաճութեամբ յաջողեցաւ մեզ լսել Պ. Արամեանից, թէ նա շուտով պատրաստւում է առնել մի հրատարակութիւն, թէ ամենայն ուղարկուած ձեռագիր կարելի է տպել նորա տպարանում, եւ այդ կարելութիւնը հիմնուած է միայն մի պայմանի վերայ։ Ինչ պայման է այդ. որ ընդդէմ չլինի տպելի բանը ֆրանսիական քաղաքականութեանը: Այս պայմանը շատ հեշտ յանձնառական է, մանաւանդ որ Հայք, յարակցութիւն չունենալով ֆրանսիականի հետ, ինչպէս ուրիշ կառավարութենների հետ, ուրեմն եւ նոցա օգուտը կապուած չէ մի վնասի հետ, որ պիտի վերաբերուէր ֆրանսիական կառավարութեան: Շնորհակալութիւն Պ. Արամեանին եւ առաւել շնորհակալ կը լինինք, եթէ բոլորովին ազատօրէն եւ անկախաբար լցուցանէ իւր խոստմունքը: Ազատ գրատպութիւնը մեծ քայլափոխ է դէպի յառաջադիմութիւն, եւ ամենայն մարդ, որ կարող էր որեւիցէ կերպով ընթացք տալ ազատութեան, արժանի՛ եւ արժանի՛ է մեծ շնորհակալութեան:

Մեր ներկայութեամբ դուրս եկաւ այդ տպարանից մի գիրք՝ «Փելիքս եւ Պաւլինէ»՝ Պ. Թորոսեանի ձեռքով իտալական բնագրից թարգմանուած: Բացի շնորհակալութենից, ուրիշ բան չունինք ասելու պարոն թարգմանողին, ներողամիտ աչքով նայում ենք թէ՛ լեզուի եւ թէ՛ թարգմանութեան թերութենների վերայ՝ յարգելով նորա ազնիւ ձգտողութիւնը իւր ձեռքից եկածի չափ հարստացնելու մեր ժողովրդական աղքատին դպրութիւնը: Բայց չէ կարելի մի քանի խօսք չասել այն մասին, թէ հեղինակը այդ գործի զուր տեղը աշխատել է՝ մի քանի բան այլապէս փոխելով. աւելի լաւ էր բառ առ բառ օրինակել Բեռնարդէն դը Սան-Պիեռի «Պաւլոս եւ Վիրգինէն», քան թէ նոյն բանը, բայց աւելի անշուք կերպարանքով հանդէս հանել որպէս մի նորութիւն. գոնէ աւելի հաճութեամբ կը կարդայինք դորան: Ամենայն մարդ, որ կարդացած էր «Պաւլոս եւ Վիրգինէ» անունով Բեռնարդէն դը Սան-Պիեռի գործը, «Փելիքս եւ Պաւլինէի» մէջ պիտի տեսանէ մի կոյր նմանողական ձգտողութիւն. ոչ թէ միայն գաղափարքը միեւնոյն, այլեւ շատ անգամ խօսակցութեան նիւթը եւս: Այստեղ եւս երեւում են երկու անբաղդ գերդաստանք, երկու աղքատ ու անմեղ սիրահարք եւ վախճանը գործի, մի փոքր այլապէս ընթացք տալու համար, կատարուած աւելի կոպիտ եւ անբնական կերպով:

Այդ գործը (բնագիրը) չունի ոչինչ մատենագրական արժանաւորութիւն: Աղաչում ենք մեր եղբայրակիցքը՝ թարգմանութեան ժամանակ ուշ դարձուցանել այն բանի վերայ, որ բնագիրը ունենայ մի հաստահիմն արժանաւորութիւն:

Մեք ուրախ ենք, որ ամենայն տեղ Հայերի մէջ երեւում է այժմ փոքրիշատէ շարժողութիւն: Ազգը եւ ազգութիւնը ասես թէ կամաց կամաց դառնալու են հասարակաց խօսակցութեան նիւթ, բայց մեր ցանկութիւնը այն է, որ այդ առարկայի վերայ ամուլ շատախօսութեամբ չհերիքանան:

Շատ փոքր է Փարիզում գտանուած Հայերի թիւը, բայց այս փոքրի մէջ երեւում է ազգայնութիւնը աւելի շատ, քան թէ այլ բազմահայ քաղաքներում, ուր շատ անգամ ձգել է մեզ բաղդը: Փարիզում գտանւում է քանքարաւոր Պ. Ս. Ոսկանեան ուսումնական ազգայինը, որ քանի մի ժամանակ սորանից յառաջ, հրատարակելով «Արեւելք» անուն օրագիր (խափանուած մի Հայ ճիզուիթի դարանագործութեամբ. ամօթ եւ խայտառակութիւն այդ սեւահոգի անպիտանին), այժմ հրատարակում է «Արեւմուտք» անունով կիսամսագիրը:

Ազգային արգոյ եւ պատուելի եղբայրակիցք՝ Պ. Թիւյսիւզեան, Պ. Քեաթիպեան եւ այլք, հոգաբարձու լինելով բոլոր տպագրութեան ծանրութեանը, հրաւիրած են Պ. Ոսկանեանին յանձն առնուլ միայն շարադրելը: Ազնիւ Հայը, զոհելով իւր ժամանակը, կամակար ընդունում է այս հրաւէրը, եւ ահա Արեւմուտքը երեւում է Հայերի աչքին: Մեք գիտենք մի ազատախօս հեղինակի վիճակը անկիրթ ազգի մէջ. այդպիսի հեղինակը ոչ թէ միայն պիտի կուրծք մաշէ, աչքի լոյսը թափէ ազգին նոր գաղափարք տալու համար, այլեւ պիտի տանի այն սեւ սեւ բամբասանքներին, որ անխորհուրդ խաւարասէրքը, անշուշտ, ուղղելու էին մի այդպիսի հեղինակի վերայ: Ասիացին չէ կարող մերկանդամ տեսանել ճշմարտութիւնը: Իզիսը պիտի քօղով ծածկուի միշտ եգիպտացու աչքից։ Այս պատճառով եւս տեսանում ենք զանազան խլրտմունք եւ թշնամական յարձակմունք՝ «Արեւմուտքի» թէ՛ հիմնադրերի եւ թէ՛ շարադրողի ջանքը եւ աշխատանքը ունայնացնելու համար: Չգիտենք, թէ մինչեւ ե՞րբ պիտի յարատեւէ Հայ-Ճիզուիթների ազդեցութիւնը մեր ազգի վերայ… Ո՛հ, օրերով, ամիսներով եւ տարիներով ողբալու նիւթ:

Մեք մի առանձին յօդուածով մասնաւորապէս կը խօսենք «Արեւմուտքի» վերայ եւ մի երկու բան մէջ կը բերենք «Արեւմուտքից» այդ յօդուածի մէջ՝ մեր ընթերցողներին մի փոքր ճաշակ տալու համար: Այժմ այսքան թող հերիք լինի ծանուցանել, որ այդ օրագիրը հրատարակւում է ամիսը երկու անգամ։ Իւրաքանչիւր համարը բաղկանում է մի քառածալ թերթից, տարեկան գինը Փարիզում է հինգ մանէթ, Մոսկուայի մէջ՝ վեց մանէթ, իսկ Ռուսսիայի այլ քաղաքների համար՝ եօթն եւ կէս մանէթ: Ցանկացողքը ստանալ այս օրագիրը կարող են՝ իւրեանց խնդիրը պատկանեալ արծաթով հանդերձ հասուցանել կամ Պ. Նազարեանցին, կամ Պ. Նալբանդեանցին: «Հիւսիսափայլը» յանձնառու է «Արեւմուտքի» գործակալութեանը Ռուսսիայի մէջ:

«Արեւմուտքի» ազնիւ հրատարակողը եւ հիմնադիրքը թող հաճին ընդունել մեր առ ի սրտէ հրապարակական շնորհակալութիւնը, որոնց ցանկանում ենք նոյնպէս ամենայն յաջողութիւն եւ յառաջադիմութիւն:

Հիմնադրերից մինը, ինչպէս ասացի, Պ. Թիւյսիւզեան արգոյ երիտասարդը Փարիզում՝ վաճառականութեան եւ երկրագործութեան դպրոցների մէջ, աւարտելով իւր ուսման ընթացքը, պարապում է ներկայումս առեւտրական գործողութեամբ: Այս պարոնը, ընկերանալով Պ. Գռէյլ (Grélle) Ֆրանսիացու հետ, կատարում է վաճառական աշխարհում մեծակշիռ գործեր: Այս երկու ընկերակիցքը ունին վաճառական տներ Փարիզում եւ Կոստանտնուպօլսում: Քառասուն տարուց աւելի տեւում է Գռէյլի վաճառական տունը եւ շահած է բոլոր Եւրոպայի եւ Ամերիկայի վաճառական տների հաւատը:

Ազգային վաճառականք ուրեւիցէ կարող են ամենայն ապահովութեամբ գործ կատարել այս տան հետ, մանաւանդ, Նախիջեւանցոց օգտակար էր այս տունը, որին գործակից էր մի ազգասէր Հայ: Եթէ շատ ցորեան կամ այլ ապրանք ուղարկուելու լինի Եւրոպա Մարսէյլի վերայով, այդպիսի դիպուածում Պ. Թիւյսիւզեանը եւ Պ. Գռէյլը պատրաստ են մի առանձին տուն բանալ Մարսէյլում: Ահաւասիկ Պ. Թիւսիւզեանի հասցէն:

59, Boulevard de Sébastopol. Paris, M. Tuysuzian.

Ամենայն հոգով ցանկանում ենք, որ մեր ազգային եղբայրակիցների մէջ բացուին զանազան կապակցութիւնք: Մի բարոյական կապակցութիւն, մի բարոյական ընկերութիւն աւելի հիմնաւոր է եւ հաստատ, եթէ յարակից լինին նորան այնպիսի հանգամանք, որ աղբիւր էին եւ նիւթական շահաստացութեան։ Այս խնդրին կարող է կատարելապէս պատասխանել առեւտրական կապակցութիւնը: Ես միանգամ Յիշատակարանիս մէջ (1858 Օգոստոս Հիւս. Հ. 8), խօսելով Նախիջեւանի հացի, իւղի եւ երկաթի վաճառականութեան մասին, յայտնել էի իմ խորին ցաւակցութիւնը այն բանի վերայ, որ Նախիջեւանցի արգոյ վաճառականք, անմիջական յարակցութիւն չունենալով Եւրոպայի հետ, հարկադրուած են հնազանդուիլ եւրոպական վաճառական տներին, որ գտանւում են Ռոստով եւ Նախիջեւան քաղաքների մէջ: Ինչպէս մեզ քաջ յայտնի է, Պ. Թիւյսիւզեան ազգայինը պատրաստ է բանալու ամենայն տեսակ յարակցութիւնք եւ իւր հետ գործ կատարել կամեցողներին միշտ յայտնել ապրանքի գները եւ հարկաւորութենների քանակութիւնքը: Մանաւանդ յարմարութիւն կայ մեր Հայ վաճառականներին, որ կարող են Հայ լեզուով թղթակցիլ, մինչդեռ օտար տների հետ գործ ունենալու ժամանակ պիտի նեղութիւն կրէին լեզուի կողմից:

Այդպիսի վաճառականքը Պ. Թիւսիւզեանցի հետ առաջին անգամ ծանօթացնելու եւ աւելի մանրամասն լուրեր եւ ծանօթութիւնք, առեւտրական գործողութենների վերաբերեալ, տալու համար պատրաստ է կոմս Էմմանուէլը, եթէ խնդրեն նորա միջնորդութիւնը:

Ազգային խնդիրներով պարապող եւ ազգի վիճակին ուշադիր եղող մարդը չէ կարող չտեսանել, որ Հայերի մէջ եւս օրէ օր առաւել շատ դուրս երեւելու վերայ են օրագիրք, լրագիրք կամ այլ բանասիրական հանդէսք: Թիւրքիայի Հայ օրագիրքը եւ լրագիրքը համարեա թէ ամենայն ամիս հրատարակում են այս կամ այն հրատարակուելու նոր օրագրի յայտարարութիւնք: Այո՛, ցաւելով խոստովանում ենք, որ շատ անգամ այդպիսի օրագիրք հազիւ թէ տեսած հրապարակի լոյսը եւ ահա շիջանում են ասուպների նման՝ մի տխուր յիշատակ թողնելով մեզ իւրեանց մի քանի համարը: Օրագրերի այսպիսի անհաստատութիւնը չէ պիտոյ յանցանք համարել հրատարակողներին։ Մեր ազգի մէջ, ինչպէս վերեւում ասացինք, օրինաւոր մատենագիրը կամ օրագրի հեղինակը պատերազմ ունի ոչ միայն ազգի՝ դարերով կարծրացած նախապաշարմունքի հետ, այլեւ խաւարապաշտների հետ եւ ոչ միայն այսչափ. փա՜ռք եւ պարծա՜նք մեզ՝ Հայերիս, նաեւ՝ հայկական ճիզուիթների հետ, որոնց պօլիտիկային ընդդէմ է ամենայն ճշմարտութիւն, որի հետեւանքը լինելու չէր մի օգուտ ճիզուիթներին:

Թիւրքիայում մինչեւ այժմ ազատ էր գրատպութիւնը, բայց այժմ լսում ենք, որ ամենայն ազգից կարգուած են ցենզօրք (քննիչք) եւ, ինչպէս պատմում են, մեր ազգից կարգուած պարոնը առաւել խիստ վարւում է հեղինակների հետ, քան թէ պահանջում էր Թիւրքիայի խարխալեալ կառավարութիւնը: Այստեղ երեւում է մոլի եռանդը… Մեք բողոքում ենք այդպիսի քննիչների ընդդէմ, եւ խնդրում ենք, ուշադիր լինելով մեր անբաղդացած ազգի վիճակին, տեղիք չտալ անձնական կրքերի եւ ախտերի, երբ որ պիտոյ էր կատարել իւր պաշտօնը:

Ուր չկայ մտքի եւ բանականութեան ազատութիւն, այնտեղ կայ հոգու ստրկութիւն, իսկ ուր ստրկութիւն, այնտեղ չկայ կեանք: Հայոց ազգը առանց նորան եւս քաղաքականապէս մեռած է ներկայումս․ մի վերանորոգութիւն, մի բարոյական վերածնելութիւն, եթէ կարելի էր երբեւիցէ յուսալ, ապա ուրեմն պիտի լինի այն ճշգրիտ եւ ստոյգ լուսաւորութեան միջնորդութեամբ: Լուսաւորութիւնն է միակ հնարը միմեանցից բաժանուած եւ շատ անգամ, կրքերի եւ ախտերի խաղալիկ դառնալով, իրեար հետ թշնամացած ազգային անդամքը միմեանց հետ անքակտելի կապակցելու եւ ազգային մարմնի ամբողջութիւնը դուրս երեւեցնելու համար: Լուսաւորութիւնն է այն աստուածային շունչը, որ աշտարակի օրերից բաժանուածքը միաւորում է դէպի մի կապ եղբայրակցութեան եւ սրտակցութեան։ Նա է այն աստուածային հուրը, որ ջերմացնում է ամենայն սառն սիրտ եւ պտղաբեր է գործում ամենայն ամուլ եւ անծին հոգի:

Բայց լուսաւորութիւն ստուգապէս, լաւ միտք առնելով այս մեծախորհուրդ բառիս նշանակութիւնը, առանց թոյլ տալու իւրաքանչիւր մարդու ազատօրէն խոստովանել իւր սրտի վկայութիւնը, մեք ճանաչում ենք կորստաբեր իմաստակութիւն՝ առաջնորդուած ճիզուիթական հոգով: Կեցցէ՜ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ:

Ազատ Աստուածն այն օրից,
Երբ հաճեցաւ շունչ փչել,
Իմ հողանիւթ շինուածքին
Կենդանութիւն պարգեւել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եւ իմ անզօր թեւերով
Ազատութիւնն գրկեցի:

Մինչ գիշերը անհանգիստ
Օրօրոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մօրս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատութիւնը սիրել:

Թոթով լեզուիս մինչ կապերը
Արձակուեցան, բացուեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խօսքն որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատութի՜ւն, դուրս թռաւ
Իմ մանկական բերանից:

Ազատութի՞ւն, ինձ կրկնեց
Ճակատագիրը վերեւից.
Ազատութեա՞ն դու զինուոր

 

 

 

Կամիս գրուիլ այս օրից:
Ո՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասէ.
Ազատութիւն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է:

Ազատութի՜ւն, գոչեցի,
Թող որոտայ իմ գլխին,
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դաւ դնէ թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչեւ անարգ մահու սիւն
Պիտի գոռամ, պիտ՚ կրկնեմ
Անդադար. ազատութի՜ւն:

                       Կոմս Էմմանուէլ:



[1] Տե՛ս Յաւելուած ի պատմութիւն վերադարձի, երես 86, տպած Փարիզ, 1858. «Թէեւ դուզնաքեայք ոմանք, բայց այս օրուան օրո չորս միլլիոն ազգի մը երեսփոխանք են ճանչցուած Գաղղիոյ կայսերանիստ մայրաքաղաքին մէջ»: Մինչ իսպառ բողոքում ենք այս ինքնակոչ երեսփոխանութեան ընդդէմ Արեւմուտքի հետ միասին (Կ. Էմմանուէլ):

[2] Չգիտենք, թէ Պ. Թ. Կըկռիկեանը ինչ խորհրդով Մխիթարեան անունի վերայ դնում է պատկառելի ածականը «պատկառելի»: Մխիթարեանց ո՞ր գործի համար վերագրւում է նոցա անունին այդ ծանրակշիռ խօսքը (Կ. Էմմանուէլ):

[3] Գերապայծառ Հասուն ասելով՝ հասկանում է պապական Հայերի պատրիարքը Կոսդանտնուպօլսի մէջ: Սա որպէս Փրոփականդացի թշնամի է Մխիթարեանց, եւ Մխիթարեանք փոքր ինչ ընդդիմութիւն ցոյց տալուց յետոյ խոնարհական եւ մեղայական նամակներով, թերեւս ընծաներով, ստիպուեցան նորա սիրտը առնուլ (Կ. Էմմ. ):

[4] Ներքին համոզումն, տպած 1853, Նոյեան աղաւնու տպարանում, երես 29. «Առ տպած գրքերդ, քեզ թող ըլլայ, վանքիդ մէջ պահէ զանոնք, որ ուրիշի մը ընծայ ընես Պապին կողմէն. մենք քեզմէ շնորհակալ ենք ու հռովմէական պարգեւի կարօտ չենք»: Արդարեւ, այս խօսքերը լսելուց յետոյ Մխիթարեան համախոհի վերստին ընծայ առնելը մեք եւս ճանաչում ենք վերին աստիճանի անհամութիւն: Եւ այսպիսի ընծան, համաձայն ենք Պ. Կըկռիկեանցին, որ կատակից աւելի ուրիշ բանի արժան չէ: