Յիշատակարան Կոմս Էմմանուէլի

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԳ.

1860 թ. Մայիս:

Հասարակաբար խօսուածք ազգին վերաբերեալ Պ. Շահբէգի եւ Պ. Տիրատուրեանի նամակները Վեհափառ Կաթողիկոսի պատկերը:

 

Ազգութեան հաստարանը եւ լծակը է հասարակ ժողովուրդը: Մի ազգ թո՛ղ որքան կամի հարուստ լինի երեւելի մարդերով, այնուամենայնիւ, այդ ազգի ազգութեան մեքենան շարժւում է հասարակ ժողովրդի վերայ. սա է այդ մեքենայի առանցքը, լծակը եւ հաստարանը:

Ազգի մէջ երեւեցած մեծատունների, իշխանաւորների բարօրութիւնքը չեն կարող ասուիլ ազգային երջանկութիւն, եթէ մասնակից չէ դորան հասարակ ժողովուրդը: Հասարակ ժողովրդի երջանկութիւնը պիտի երեւի նորա ընտանեկան եւ տնտեսական ապահովութեան մէջ, նորա խղճմտանքի եւ բանականութեան ազատութեան մէջ: Մասնաւոր մարդիկ շատ անգամ ոչ թէ միայն չեն կորուսել իւրեանց բարօրութիւնը, երբ նոցա ազգը ենթարկուել է մի թշուառ յեղափոխութեան, այլ մանաւանդ օգուտ են քաղել դորանից եւ առաւել ապահովել են իւրեանց բարեկենդանութիւնը:

Երբեւիցէ խօսելով ազգի վերայ՝ միշտ մեր աչքի առաջեւ ունինք Հայոց հասարակ ժողովուրդը, եւ ազգ ասելով՝ չենք իմանում այն մի քանի մարդիկը, որ արծաթի սանդուղով վեր էին բարձրացել ազգի մակերեւոյթից, այլ այն խեղճ եւ կարեկցութեան արժանի ժողովուրդը, որի վերայ ծանրացել է ազգային ապաբաղդութեան հետեւանքը: Անմխիթար տխրութիւն է ձգել միշտ իմ սրտի վերայ մտածութիւնը, թէ աշխարհի երեսին գտանուած ամենայն ազգի մէջ հասարակ ժողովուրդը ենթարկւում է աւելի ծանր զրկողութենների եւ տառապանքի, մինչ խորտակուած էր նորա ազգութեան մեքենան, քան թէ մասնաւոր մարդիկ, այո՛, մեծատունք եւ մատնիչք։ Սորա հակառակ, ամենափոքր երջանկութիւնը վայելում է հասարակ ժողովուրդը, մինչեւ անգամ երբ ներգործում էր ազգութեան մեքենան, քան թէ մասնաւոր մարդիկ, որ, դուրս գալով հասարակաց շրջանից, բարձրացել էին սորա հորիզոնից:

Այս բանի պատճառները քննել եւ բերել Յիշատակարանիս մէջ՝ չունինք համարձակութիւն: Հարկադրւում ենք այսքան միայն ասել, որ հին բարոյական աշխարհի եւ հին խելքերի դրութիւնքը չէին կարող այլ հետեւանք դուրս դնել:

Ազգային շինութիւնը բնական կերպով պիտի յառաջանայ ցածից՝ հիմքից. այդ հիմքը է հասարակ ժողովուրդը: Այն մարդը, որ սիրում է ազգը, որ նուիրում է իւր անձը ազգի բարոյական սպասաւորութեան, պարտական է ծառայել ոչ ազգի կուռքերին, այլ՝ հասարակ ժողովրդի օգտին: Հասարակ ժողովրդից կազմւում է ազգութեան մեքենան. լուսաւոր մարդիկ կարող են եւ պարտական են միայն ուղղութիւն, զարկ եւ ընթացք տալ այդ մեքենային:

Մեր ազգութեան մեքենան ջարդուած է:

Անմտութիւն էր, եթէ մտածէինք զարկ տալ մեքենային, մինչ նա, խորտակուած եւ նորա գործարանքը՝ ցիրուցան եւ ժանգոտած, չունէր այն ամբողջութիւնը եւ կազմութիւնը, որ կարողանար շարժուիլ եւ գործ կատարել: Ազգութեան մեքենայի՝ հասարակ ժողովուրդի վերանորոգութիւնը հնարաւոր է միայն՝ գիտակցութիւն տնկելով նորա մէջ: Իսկ գիտակցութիւնը բղխում է լուսաւորութենից:

Լուսաւորութիւն. ահա մի մեծ եւ հոյակապ խնդիր, որ ազգի կարողքը եւ ուսումնականքը պարտական են լուծանել։ Չկայ աշխարհի երեսին մի այնպիսի բան, որ ահարկու լիներ խաւարից. սա մի զարհուրելի վարագոյր է, որի տակ իրաւունք ունին մարդիկ եւ մահ ենթադրել: Ազգը լուսաւորելու գաղափարը այն ժամանակ միայն կարող է իրագործուիլ, երբ հիմնած ու պահպանուած էին բուն ազգային դպրոցներ, որոնց մէջ պիտի լսուէր հայկական խօսքը, ուր Հայոց բառերով պիտի ներս մտանէին ազգի զաւակների մէջ զանազան լուսաւոր գաղափարք: Ազգային չենք ճանաչում այն դպրոցը, ուր հրամայւում է խօսել Ռուսերէն, Ֆրանսիարէն, սակաւ երբեմն՝ Հայերէն:

Թող շարժուին գերեզմանի մէջ մեր Արամ նահապետի ոսկերքը…

Իրաւունք ունի եղած Հայ բանասէրը մինչ սորանից քանի տարի յառաջ գրում էր հետեւեալ տողերը՝ նուիրուած Արամ նահապետի սուրբ յիշատակին.

Քեզ քո սիրական հայրենի բարբառ

Ձգում է անոյշ այս խնկի բուրվառ:

Յաւիտենական քո օթեւանից,

Այս խնկի բուրումը ընկալ նորանից,

Մաղթէ՛ նորան կեանք որպէս նահապետ,

Սիրական լեզուիդ իբրեւ արքուն տէր:

 

Նա նոր է զարթել

Դարաւոր քնից,

Հին փոշին նոր է

Թափել վերայից:

 

Քո օրից այսօր քանի՞ դար անցաւ,

Սիրական լեզուդ ի՛նչ օրեր տեսաւ,

Քանի՞ հալածանք, քանի՞ նեղութիւն.

Եթէ օտարից, դեռ այնքան ցաւ չէր…

Նոյն իսկ մեր եղբարք թշնամի էին

Այն նուիրական քո սուրբ աւանդին:

 

Բայց արդ բարձրացաւ

Հնութեան փոշուց,

Յաղթանակ կանգնեց

Սիրական լեզուդ:

………………………………………….

…………………………………………

Օրհնի՛ր, նահապետ, օրհնի՛ր, սիրական,

Քո սուրբ այս լեզու, ազգասէր Արամ:

 

Թող ծաղկի, աճէ,

Թող պտուղ բերէ,

Սուրբ յիշատակիդ

Նոր փառք պատրաստէ:

 

Դպրոցի ազգայնութիւնը կախուած չէ աշակերտների եւ վարժապետների լոկ Հայութենից. լեզուն է, որ միմիայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին: Անհիմն եւ ամենայն ընդունելութեան անարժան պատճառ է, թէ օտար լեզուներ խօսեցնելով ազգի զաւակներին, պիտի վարժեցնէին նորանց այդ լեզուների մէջ։ Առաջին հարկաւոր բանը չէ, որ ազգի զաւակը ուսանի օտար լեզուներ. դորա հակառակ պարտական է նա քաջանալ իւր լեզուի մէջ: Հայերը դեռ խօսել չգիտեն, թո՛ղ ուրեմն Հայ մանուկը նախ եւ յառաջ որպէս Հայի զաւակ ուսանի իւր սեպհական լեզուն եւ ապա՝ օտարինը:

Ազգութիւնը յառաջ է, քան թէ ընդհանուր մարդկութիւնը, եւ ամենայն մարդ իւր ազգութեամբ մտանում է ընդհանուր մարդկութեան մէջ: Սուտ է այն լուսաւորութիւնը, որ պիտի լինի օտար լեզուով. սորա վկայող դառն փորձեր շատ անգամ կատարել է մարդկութիւնը: Ազգի հոգին եւ ազգի սիրտը կարող են իւրեանց յատկութիւնը եւ որակութիւնը մաքուր պահել՝ միմիայն կերպարանագործուելով ազգային լեզուի ազդեցութեան տակ. այս ճշմարտութիւնս ուրացողը ուրացող է ազգութեան:

Դպրոցի օգուտը պիտի հետեւի նորա ուղղութենից. առանց խղճի եւ մտքի ազատութեան, չկայ լուսաւորութիւն:

Ազգի դպրոցը է այն գործարանը, այն արգանդը, որ յղանում է ազգի գալոց սերունդը։ Ինչպէս բնական աշխարհի մէջ ծնածը պահում է իւր ծնողի տիպը եւ բնական որակութիւնքը, այնպէս եւ աշակերտը կրում է իւր վերայ դպրոցի դրոշմը: Կառավարիչքը կամ դաստիարակքը դպրոցների, որ, չպահպանելով ազգի օգուտը, չարաչար էին գործ դնում իւրեանց պաշտօնատարութիւնը, յանցաւոր են լինում ազգի առաջեւ, եւ այս յանցանքի գաղափարը միմիայն կարող է բացատրել այս զարհուրելի բառը՝ ազգասպանութիւն: Եթէ դպրոցի խորհուրդը եւ նպատակը համաձայն չէ ազգի էական օգուտներին, եթէ նա մի մեքենայ է՝ Հայի զաւակի մէջ օտարութիւն պատուաստելու, լաւ է մանուկներին տգէտ Հայ մնալ, քան թէ դառնալ թերակիրթ չհայ:

Բայց մեր ազգի դրութիւնը այնպէս է, որ նա չէ կարող իւր ներկայ աւերանքի մէջ պատրաստել այնպիսի դպրոցք, որ կարող էին տիեզերական կրթութիւն տալ ազգի զաւակներին. սոքա հարկ եւ հարկ պիտի դիմեն օտարի դպրոցը եւ այնտեղ ուսանին: Այո՛, այս իրողութիւն է, բայց ազգային դպրոցները պարտական են բանալ մանուկների միտքը, պինդ տնկել նոցա մէջ ազգութեան սերմը, վառել նոցա սրտում Հայութեան կրակը, մի խօսքով՝ կատարել այն ընտանեկան պարտականութիւնը, որ ծնողք պիտի կատարեն իւրեանց ազգի օգտի համար, եւ որ մնացած է երեսի վերայ ընտանեկան դաստիարակութիւն չլինելուց մեր մէջ:

Ընտանեկան կամ մայրենի դաստիարակութեան մէջ է ազգի ապագայի սերմը, բայց մեր ազգի մայրերը տալիս են ազգին կեղեւով միայն Հայ զաւակներ:

Հայ կանա՛յք, ձեր պէս չէին ձեր մայրերը. նոցա սիրտը զարկում էր ազգութեան համար։ Ազգին հասած հարուածներին քաջութեամբ մասնակից եղան նոքա, իւրեանց ամուսինների հետ միասին: Նոքա չուրացան ազգի օգուտները, նոքա այրութիւն ցոյց տուեցին իւրեանց կանացի կերպարանքի տակ եւ երբէք չկամեցան, որ նայէին նոցա վերայ որպէս մի խաղալիկի կամ որպէս մի հագնուած, զուգուած պաճուճապատանքի վերայ: Հինգերորդ դարում, երբ Հայոց ընտիր որդիքը զոհ գնացին պարսկական վիշապին, նոցա մայրերը, կանայքը, քոյրերը եւ դստերքը պակաս չերեւեցան այն քաջերից, որ ազգի պահպանութեան համար քաջութեամբ ընկան պատերազմի դաշտումը: Նոքա մոռացան իւրեանց կանացի տկարութիւնը, իւրեանց փափկասնունդ կեանքը, դուրս եկան իւրեանց փառահեղ բնակարաններից եւ պարզ երկնքի տակ՝ գետնի վերայ տարածուելով, չարչարակից գտանուեցան առաքինի զինուորներին: Ինքեանք հոգացին իւրեանց պիտոյքը եւ աղախիններից չպաշտուեցան. մարդ չկար նոցա ձեռքին ջուր ածող կամ այն պարզ կերակուրը եփող, որով ապրում էին: Իւրեանց ձեռքի արուեստով կերակրուեցան նոքա եւ տէրութենից նշանակուած ռոճիկը ամբողջ հասուցին իւրեանց կտրիճ տղամարդերին: Փոշոտուեցան եւ ծխոտուեցան սենեակները եւ առագաստները նորահարսների, եւ սարդի ոստայն պատեց նոցա նախկին շքեղութեան վերայ: Շատ ձմեռներ անցան, շատ գարուններ եկան, նոցա հետ միասին՝ եւ գարնան ծիծեռնակներ, բայց նոցա տղամարդիկը յետ չդարձան, նոքա իւրեանց այրիութիւնը նախատինք չհամարեցին ինքեանց, այլ մանաւանդ՝ պարծանք, առաքինի ժուժկալութեամբ հարսնանալով երկնաւոր անմահ փեսային: Այսպէս էին մեր հին մայրերը եւ քոյրերը, այսպէս էին մեր կանայքը, բայց ի՞նչ մնաց այն օրից…:

Հա՛յ կանայք, ձեր հետ է այսօր իմ խօսքը։ Ազգի վերանորոգութիւնը եւ փրկութիւնը լոկ երազ է, եթէ փտած էր այդ ազգի ընտանեկան կեանքը: Տէրութիւնը բաղկանում է ընտանիքներից, եւ սոցա որակութիւնը ոչ թէ միայն ցոլանում է կառավարութեան վերայ, այլ մեծապէս պատճառ է նորա ապահովութեան կամ կործանութեան:

Մեր ընտանեկան կեանքը նման է մի կեանքի, որ միմիայն կարելի է անցուցանել պանդոկներում: Մեր ընտանիքների մէջ լսուած խօսքերը են կերակրի, հանդերձի, զբօսանքի եւ այլ զուարճութենների խօսքեր, եւ շատ անգամ այս տղայական բաները հերիք պատճառ են լինում ընտանիքների կարծեցեալ երջանկութիւնը եւս խանգարելու: Ո՛ր է այն ընտանիքը կամ, աւելի լաւ, այն մայրը, որ մօր պէս խօսում էր իւր զաւակների հետ. մեք չտեսանք դեռեւս, եւ չտեսնելու պատճառն այն է, որ մեր կանայք կորուսել են իւրեանց խորհուրդը: Մայրը պիտի ուսուցանէ իւր զաւակներին ազգային լեզուն, մայրը պիտի տնկէ տղայական սրտերի մէջ ազգութեան սերմը այնպիսի խնամով եւ հոգաբարձութեամբ, որ հիւսիսի ցրտաբեր մրրիկը կամ հարաւի այրող տօթը չկարողանային չորացնել նորանից ծլելու բոյսը: Զաւակների մայրը է գերդաստանի մայր, իսկ գերդաստանների մայրերը ազգի մայրն են: Բայց ի՛նչպէս են մեր ազգի մայրերը ներկայումս. արդեօք իւրեանց կեանքի մէջ մի օր, մի ժամ, մի վայրկեան մտածում են իւրեանց զաւակների մասին բարոյապէս։ Մեք պատասխանում ենք՝ ո՛չ:

Նոքա դեռ նոր աշխարհ բերած մանուկը, ըստ մեծի մասին, յանձնում են օտարազգի դայեակների, Հայի զաւակը աճում է օտարի կաթով, օտարի լեզուն եւ հոգին ներս է մտանում նորա մէջ այն կաթի հետ, որ սուրբ չէ մեզ: Հայ տիկինը ամօթ է համարում ինքեան ծիծ տալ իւր զաւակին։ Ի՛նչպէս կարելի է, որ նա երեխայի պատճառով յետ մնայ խրախճաններից, պարահանդէսներից եւ դիմակահանդէսներից, թող երեխան աճէ ուրիշի հոգաբարձութեամբ, եթէ Հայ չլինի, գոնէ մարդ կը լինի, եթէ Հայի կրօնը չիմանայ, գոնէ ուրիշինը կ՚իմանայ: Մեր շրթունքը այրւում են այս խօսքերը կրկնելու ժամանակ, եւ զայրացած ամօթապարտւում ենք մեր խղճմտանքի առաջեւ՝ մտածելով, թէ մինչեւ ո՛ր աստիճան աւերանքի եւ բարոյական զեղխութեան ընդունակ են դարձել մեր կանայքը:

Աւելորդ էր մի խօսք եւս ասել մայրաքաղաքներում գտանուած Հայ կանանց մասին. նոքա վաղ ուրեմն կորա՛ծ են մեր համար, կորա՛ծ են եւ նոցա զաւակները: Նոցա Հայութիւնը գուցէ երեւում է նորանից, որ տարին մի քանի անգամ գնում են Հայոց եկեղեցի եւ մինչեւ անգամ խոտովանութիւնը եւս կատարում են օտարի լեզուով: Մեք վերջացրել ենք մեր հաշիւը նոցա հետ։ Թողնում ենք, որ նոքա լողան իւրեանց քրինօլինների մէջ՝ մոլորութեան մի վէմից միւս ապառաժին զարկուելով։ Այլ իրաւունք չենք համարում երես թեքել բոլոր Հայոց ազգի կին մարդերից, որոնցից դեռեւս յոյս ունինք, եւ սոցա վերայ սաստիկ զարկում է մեր սիրտը:

Հա՛յ կանայք, անցան այն ժամանակները, երբ մարդիկ նայում էին կանանց վերայ որպէս ստրուկների վերայ: Անցան այն ժամանակները, երբ կանայք համարւում էին որպէս մի ապրանք, ինչ, կահ, կարասիք, գնելու կամ վաճառելու բան, անցան եւ յետ գալու չեն միւս անգամ այն ժամանակները, երբ օրէնք տուողները նայում էին կանանց վերայ որպէս մի ծննդարար գործարանի վերայ, որ զինուոր էր պատրաստում հայրենիքի համար: Անցան այն ժամանակները, երբ կանայք համարւում էին երբեմն սատանայ եւ երբեմն հրեշտակ։ Այժմ՝ այս մարդասէր դարում, լուսաւորեալ աշխարհը նայում է կանանց վերայ որպէս մարդու վերայ: Նա ճանաչել է այժմ այն մեծ եւ խորախորհուրդ պաշտօնը, որ վիճակել էր Աստուած կանանց ազգին լցուցանելու:

Հա՛յ կանայք, դուք որչափ եւս նոր ժամանակների ծնունդ, այնուամենայնիւ դուստր կամ թոռներ էք այն մեծահոգի եւ խնկելի քաջ արմենուհիների, որոնց մասին մի փոքր վերեւում խօսեցինք. մեծ եւ անմերժելի պարտականութիւն կայ ձեր վերայ՝ նմանել նոցա եւ հասկանալ ձեր խորհուրդը: Դուք ստեղծուած չէք, որ միմիայն հագուիք, ուտէք, խմէք եւ քնէք, այլ պարտական էք մայրութիւն առնել եւ ձեր Հայութիւնը երեւեցնել ձեր զաւակների մէջ. մեք անմահ ենք մեր զաւակներով, ինչպէս մեր նախնիքը կենդանի են մեզանով: Յիշեցէ՛ք ձեր ազգութիւնը, ձեր զաւակների գալոց օրերը, յիշեցէ՛ք ձեր հին մայրերի քաշածները եւ աշխատեցէք Հայեր տալ մեզ, ինչպէս ձեր նախնի մայրերը աշխատում էին: Ձեր ցանկութենից եւ աշխատութենից կախւում է ծաղկեցնել եւ փառաւորել այն, որ հազարների արիւնով եւ բիւրերի արտասուքով պահուել է մինչեւ այժմ, նոյնպէս ձեր ծուլութենից, անհոգութենից եւ չհայութենից է կախւում, որ ունայնանան մեր հօրերի եւ մօրերի քաշածները, եւ մեք բոլորեքեան անյայտանանք որպէս մի կաթիլ ջուր՝ ահագին ծովի մէջ:

Հա՛յ կանայք, մեր ազգը աւերուել է այժմ, նորան պիտոյ է վերանորոգել։ Նա թմրել է մի խոր քնով, նորան պիտոյ է զարթեցնել։ Բայց այս երկու դիպուածում եւս ամենայն ջանք եւ աշխատութիւնք զուր կ՚երթան, եթէ դուք չմերկանաք ձեր վերայից անհոգութեան դատապարտելի քօղը, եթէ դուք չհագնէք Հայութիւնը ոչ որպէս քրինօլին, այլ որպէս գոյն ձեր մարմնի, որ ոչինչ բան չէր կարող քերել հանել ձեր վերայից:

Ամենայն ուսումն եւ գիտութիւն՝ դպրոցներում աւանդուած, ուշացած են եւ դժուարաւ կը ներգործեն ձեր զաւակների վերայ, եթէ նոքա ստացած չէին ձեզանից մի ընդունական դաստիարակութիւն:

Չենք պահանջում ձեզանից այն ընտանեկան դաստիարակութիւնը, որ պահանջելի էր եւրոպացի կանանցից. առ ժամս, մինչեւ մեր ազգի նոր մայրերը, հերիք է մեզ եւ շատ շնորհակալ կը լինինք, եթէ դուք ձեր հայկական իստակ կաթի հետ տաք ձեր զաւակներին նախ՝ մեր լեզուն, երկրորդ՝ հոգով եւ սրտով Հայութիւն եւ երրորդ՝ անձնազոհ սէր դէպի ազգութիւնը, դէպի մեր ազատ կրօնը:

Աշխարհը յառաջ է գնում, վերստին ծաղկում են թառամած ազգութիւնք, եւ մեզ արժան է անհոգ չլինել այն պարծանքի մասին, որ սահմանուած է Հայութեանը մարդկութեան մէջ: Հայերը պարտական են լուսաւորուիլ եւ գործիք լինել Նախախնամութեան ձեռքում՝ ասիական ազգերի մէջ լուսաւորութիւն տարածելու:

Հա՛յ կանայք, մինչեւ այժմ ձեր աղջիկների մասին ձեր հոգաբարձութիւնը այն է եղել միայն, որ պահէք, մեծացնէք, պայծառ եւ փառաւոր զգեստներով զարդարէք եւ կօրսետի եւ քրինօլինի հարուստ պաշարներով օր յառաջ ամուսնացնէք նորանց, որքան կարելի է, մի հարուստ մարդու հետ: Շատ այն է եղել, որ ուշադրութիւն դարձուցած չէք փեսայացուի հասակի, բարոյականութեան, խելքի եւ բանականութեան վերայ, թողունք, որ շատ անգամ ձեր աղջիկը ոչ թէ միայն չէ սիրել իւր փեսայացուն, այլեւ տեսանել չէ կամեցել այն հարուստ, բայց անհաւանելի փեսայացուի երեսը: Այս չէր ձեր մայրենի պարտականութիւնը. դուք ձեր աղջիկներից պիտի նոր մայրեր պատրաստէք գալոց սերունդի համար, դուք ձեր աղջիկների մէջ պարտական էք տնկել եւ սնուցանել ազգութեան տունկը եւ ծնողական սուրբ իրաւունքներով պարտք դնել նոցա վերայ նոյնը՝ աւելի աճեցուցած, տալ իւրեանց զաւակներին: Տղաների մասին եւս աւելի լաւ չէ եղել ձեր հոգաբարձութիւնը. նոքա, ազգի եւ ազգութեան անունը անգամ չլսած ձեզանից, դուրս են եկել նիւթականութեան ծառայելու: Դուք պարտակա՛ն էք նոր հայրեր պատրաստել նոցանից եւ ազգութիւնը, լեզուն եւ կրօնը յանձնել նոցա որպէս մի սրբազան եւ անկողոպտելի աւանդ՝ կտակելով, որ տասնապատիկ շահեցուցած յետ տան այդ նուիրական աւանդը իւրեանց զաւակներին:

Հա՛յ կանայք, մեր ազգը մինչեւ այժմ ապրել է ողորմելի խեղճութեան մէջ. նա մոխիր է կերել հացի տեղ, եւ նորա խմելիքը խառնուած է եղած արտասուքով: Բռնակալութեան մուրճերը այնպէս սաստիկ ջարդել են մեր ազգը, որ մինչեւ այսօր չէ կարողանում զգաստանալ իւր ուշաթափ վիճակից, քննել իւր անձը, քննել իւր անցածը, իւր ներկան եւ հոգալ ապագայի մասին: Այս է գլխաւոր պատճառը, որ ամենայն թշուառ վիճակ տանելի է եղել մեր խեղճ եւ քարուքանդ ազգին. նա, երկար ժամանակ սովորելով այդպիսի դառն բաժակների, մոռացել է աւելի լաւը որոնելու գաղափարը: Ներկայումս աշխարհի լուսաւորութիւնը օրէ օր թուլացնում է ստրուկ ազգերի կերած ծեծերի սաստկութիւնը, այս դարու մարդասէր հոգին դարմանում է նոցա վէրքերը եւ, բռնելով ցանկացողի ձեռքից, հանում է ցեխից եւ ապականութենից դէպի վեր, դէպի մի երջանիկ կեանք:

Մեր ազգը վաղուց մոռացել է ցանկանալ. այո՛, նա ունեցել է եւ ունի այս զգացողութիւնը, բայց միմիայն արծաթի եւ ոսկու վերաբերութեամբ. դորա հակառակ մի բարոյական պարծանքի գաղափար, մի ընդհանուր ազգային շինութեան գաղափար նորա մտքով եւս չէ անցել: Մեզ մնում է ցանկանալ այդ աստուածատուր գաղափարին, իսկ թէ չյաջողի մեզ իրագործել, այն ժամանակ՝ մեզ յաջորդք պատրաստել եւ ուխտելով նզով առնել, որ նոքա աշխատեն իրագործել ա՛յն անդրդուելի հոգով եւ ցանկութեամբ, ինչպէս երբեմն Մովսէս ցանկանում էր հանել Աստուծոյ ժողովուրդը աւետեաց երկիրը:

Հա՛յ կանայք, դուք, ինչպէս եւ բոլոր արարածք, մահկանացու էք. ձեզ յիշատակ չեն, ձեզ փառք չեն ձեր փայլուն գոհարները կամ ուռած քրինօլինները։ Ձեր պարծանքը եւ յիշատակը են ձեր զաւակները: Նոցա ձեռքով եւ նոցա արժանաւորութեամբ պիտի փառաւորուին եւ անմահանան ձեր անունները. սորա հակառակ, նոցա անարժանութեամբ պիտի մեռանին եւ ոչնչանան:

Երանի՜ թէ լսելի լինէր ձեզ իմ ձայնը, երանի՜ թէ մի քանի զոհ փրկէին իմ այս արտասուախառն խօսքերը, որքա՜ն պիտի մխիթարուէի ես. յոյսիս արեւը մի գրկաչափ աւելի պիտի բարձրանար ազգային փրկութեան հորիզոնի վերայ:

Բայց ներկայումս, կրկնում ենք, մինչդեռ չկայ դեռեւս մէջտեղում ընտանեկան կամ մայրենի դաստիարակութիւն, այս պատճառով ազգային դպրոցք պարտական են կատարել այս պաշտօնը քնքուշ խնամով:

Մեր ազգին հարկաւոր է ընդհանուր լուսաւորութիւն, որպէսզի ազգը գիտակցութիւն ստանայ. այս կամ այն մասնաւոր գիտութիւնք չունին այն խորհուրդը, ինչպէս մտածում են ոմանք: Հայոց ազգը շատ տեղ գրել կարդալ չգիտէ, շատ տեղ կորած է մինչեւ անգամ եւ լեզուն. այս պատճառների հիման վերայ առաջին փոյթը պիտի լինի նախ եւ յառաջ կենդանացնել մայրենի լեզուն ազգի զաւակների սրտի, հոգու եւ բերանի մէջ, անհետացնել մեր միջից Թուրքերէնը, Մոլդովաներէնը, Վրացերէնը կամ ուրիշները, որ բռնել են ազգային լեզուի տեղը: Հայաստանի բոլոր գիւղերում եւ քաղաքներում հաստատել պարզ դպրոցներ, որոնց պաշտօնը էր լեզու եւ գիր ուսուցանել ազգի զաւակներին: Այնպիսի գեղերում, ուր ժողովրդի չքաւորութիւնը արգելառիթ է այս գաղափարի իրագործութեանը …………………………………………………………

Անգլիայի պէս հզօր եւ լուսաւոր տէրութեան մէջ գիւղական քահանան զրկւում է իւր ծուխից, եթէ յանկարծ մի տղայ կամ աղջիկ երեւէր նորա ժողովրդի մէջ, որ գրել կարդալ չգիտէր: Քահանան ունի իւր ծուխի ցուցակը, նա գիտէ, թէ ո՛ր գերդաստանի մէջ քանի զաւակ կայ, եւ եթէ ծնողք չկամենան իւր ժամանակին ուղարկել իւրեանց զաւակքը քահանային, սա իրաւունք ունի դատաւորի ձեռքով պահանջել:

Անտարակոյս, միմիայն Հայոց լեզու ուսանելը մի մեծ բան չէ, եւ դորանով դեռ ազգը չլուսաւորեցինք, եթէ հասանէինք եւս այդ նպատակին, բայց դա այն առաջին աստիճանն է լուսաւորութեան սանդուղքի, որի վերայ չկոխած, չէ կարելի հետեւեալները կոխել: Մեր ազգի մէջ ոչինչ չկայ, ամենայն բան հարկաւոր է նորից սկսանել, բայց թող չվհատուին փոքրոգի մարդիկ, թէ բան չլինելով, այժմէն իսկ կորած էին Հայերը։ Ո՛չ, նոքա կորած չեն, այլ միայն գտանւում են մի այնպիսի չար ճանապարհի վերայ, որի վերջը կորուստ է:

Մարդկութիւնը մի խմորուած վիճակի մէջ գտանւում է ներկայումս, մարդկութեան մէջ երեւում է մեծ գործունէութիւն, մեծ շարժողութիւն, եւ այն ազգը, որ չկամէր ինքնուրոյնաբար շարժուիլ եւ գործ կատարել, կուլ կ՚երթայ մի ուրիշ աւելի գործունեայ եւ խելացի ազգութեան. ասացինք, ով ականջ ունի, թող լսէ:

Մի կողմից՝ քահանաներից պահանջելով ազգի զաւակներին գրել կարդալ ուսուցանել, միւս կողմից՝ անհրաժեշտ են ազգային օրինաւոր դպրոցների հիմնարկութիւնք: Բայց այս րոպէիս ի՛նչպէս կարող են հիմնուիլ այդ դպրոցքը, մինչ ո՛չ արծաթագլուխ կայ եւ ո՛չ վարժապետք: Այս եւս մի ահաւոր խնդիր է, որի լուծումը որքան դժուարին եւ անհնարին է երեւում շատերին, դորա հակառակ՝ մեզ շատ հեշտ: Այստեղ հարկաւոր է ազգի կամքը. եթէ սա չէ մեռել կամ չէ դադարել ներգործելուց, ե՛ւ արծաթը կը կանաչի, ե՛ւ դաստիարակներ կ՚երեւեն: Տարակոյս չկայ, որ այսպիսի դիպուածներում հարկաւոր են վճռական հնարներ. կիսակտուր հնարները ոչ թէ միայն չեն հասուցանում այս նպատակին, այլ մեծապէս վնասակար են ե՛ւ նիւթական, ե՛ւ բարոյական կողմից:

Շատ անգամ բերանացի եւ նամակներով խօսած ենք զանազան մարդերի հետ մի ընդհանուր ազգային արծաթագլուխ գոյացնելու գաղափարի մասին, բայց մի այլ բան մէջ ընկնելով՝ խափանառիթ է եղել այս խնդրի մշակութեանը: Ի՛նչ էր այդ այլ բանը. այն, որ մեք չգիտենք դեռեւս մեր ազգի քանակութիւնը ստուգապէս: Այս բանի մասին եւս խօսքեր կան մեր մէջ եւ ճաշակ տալու համար մեր ընթերցողներին, թէ ինչ բարեխղճութեամբ աշխատում էին մի քանի երիտասարդք այս խնդրի վերայ, մէջ եմ բերում մեր բարեկամներիցս մինի նամակը, որի բովանդակութիւնը յարգելի է մեզ, թէ խնդրի վսեմութեան եւ թէ այդ խնդիրը լուծանելու մասին դիւրին ճանապարհներ մէջբերելու համար: Ահա այդ նամակի բառացի պատճէնը:

 

30/18 Մարտի 1860, Րէդութկալէն:

Սիրելի եղբայրս

Կոմս Էմմանուէլ.

Քո վերջին նամակը՝ Փետր. 1/13-ից, ինձ աւելի զարմացրեց, քան թէ համոզեց: Դու իմ առաջարկութենների ընդդէմ գրում ես ինձ, թէ անհնար է այժմ գլուխ բերել իմ խնդրած բանը, այսինքն՝ կազմել մի մատեան, ուր պիտի երեւէր երկրիս վերայ եղած Հայերի ստոյգ թիւը ներկայումս, եւ թէ որքան ո՛ր աշխարհում բնակւում է: Ես չգիտեմ՝ ինչ բան կար սորանից թեթեւ: Քո ասածը, թէ հարկաւոր է, որ մի քանի մարդիկ դուրս գային ու ճանապարհորդէին ամեն աշխարհ, ուր գտանւում էր Հայոց ազգ եւ այնտեղ ամենայն ճշդութեամբ արձանագրէին ոչ միայն բնակիչների թիւը, այլեւ մի քանի վիճակագրական եւ տեղագրական ծանօթութիւնք, ես ընդունում եմ, այո՛, եւ սրտով հաւատում եմ, որ անարդիւն լինելու չէր մեր ուսումնական ազգայիններին, մինչեւ Հայոց մոռացուած գեղերի եւ քաղաքների մէջ ներս մտանելը։ Բայց առանց այդ ճանապարհորդութեան եւս կարող ենք մեր ներկայ խնդիրը լուծանել, այսինքն՝ իմանալ ազգի ստոյգ քանակութիւնը:

Կատարեալ իրաւունք եմ տալիս քո գաղափարին, թէ թուի հետ հարկաւոր էին եւ մի քանի վիճակագրական եւ տեղագրական ծանօթութիւնք, որպէսզի, եթէ ժամանակով հոգ տարուելու լինի ազգին, իմանան հոգացողքը, թէ ո՛րտեղ ինչ էր պակաս կամ աւելորդ։ Տեղագրութիւնը նոյնպէս հարկաւոր է, որ հոգացողքը կարողանան բնութեան երեւոյթներին յարմարել իւրեանց գաղափարը, որ պիտի ծառայէր ժողովրդին որպէս աղբիւր նիւթական շահաստացութեան: Ըստ որում, մեր ազգին ուսման եւ լուսաւորութեան հետքից հարկաւոր է տալ եւ կանոնաւոր տնտեսական, գիւղական եւ վաճառական գիտութիւնք, որպէսզի հաստատ հիմքերի վերայ կանգնի նորա թէ՛ երկրագործութիւնը եւ թէ՛ վաճռականութիւնը: Բայց արի տես, որ, մեծի քամակից գնալով, կարող ենք եւ փոքրը կորուստնել: Ո՛վ է մեզանից ճանապարհ ընկնողը սարից սար եւ քարից քար, թէ ինչ է պիտի օգնէ այս խնդրի լուծմանը, ո՛ր ուսումնականը մեր մէջ վիճակուած է այնպիսի նիւթական ապահովութեան, որ կարողանար այսպիսի զոհ բերել ազգին: Հայք չունին ակադեմիա՝ ուսումնական ճանապարհորդք դուրս ուղարկելու համար: Աւելորդ է ասելը, որ ներկայումս ազգի կարողքը լսել եւս չկամին մի այդպիսի բան, ուստի մտածում եմ, թէ առ այժմս պիտոյ էր ազգի թուովը միայն շատանալ, որ հեշտ, գրաւոր ճանապարհով միայն կարելի է հոգալ:

Տարակոյս չկայ, որ կը զարմանաս եւ թեթեւամտութիւն կը համարես, երբ որ կը կարդաս « հեշտ ճանապարհով » խօսքը, բայց այն ժամանակ յիշիր, որ Հայերը ունին եւ պահպանում են դեռեւս մի կրօնական միութիւն, յիշիր, որ ամենայն տեղ կան քահանայք եւ պատկանում են մի վիճակի, մի իշխանութեան, այսինքն՝ ենթադրեալ են մի եպիսկոպոսի։ Եպիսկոպոսքը գտանւում են մասնաւոր պատրիարքների կամ Սսու եւ Աղթամարի կաթողիկոսների իրաւասութեան տակ, իսկ բոլորը միասին ունին եւ ճանաչում են մի հոգեւոր գլուխ, որի օրինաւոր հրամանները միշտ ընդունելի եղած են, ընդունելի են եւ պիտի լինեն հոգեւոր դասուն: Կարծեմ, որ այժմ հասկացար միտքս:

Գո՛նէ մի անգամ կը վերանային տարակուսութիւնքը, եւ կարօտ մնալու չէինք այնուհետեւ օտարների վկայութեանը:

Որքա՛ն մեծ ամօթ է մեզ, մեր ազգին ընդհանրապէս, որ մեք չգիտենք մեր թիւը, որքանութիւնը եւ վիճակը, եւ հարկադրուած ենք սուտ ու մուտ ծանօթութիւնք մուրալ այս կամ այն օտար հեղինակից կամ ճանապարհորդից, մանաւանդ երբ այդ վկայութիւնքը, լինելով շատ անհամեմատ միմեանց հետ, չունին իրաւունք մեզանից կատարեալ հաւատ պահանջելու:

Այս վերջին օրերումս մի քանի մարդ, չգիտեմ ինչ նպատակով, աշխատում են փոքր ցոյց տալ Հայերի թիւը, այսինքն՝ 3-4 միլիոն, մինչ մեր կարծիքով պիտի լինի 4-5 կամ հինգ միլիոնից փոքր պակաս: Յայտնի բան է՝ մեծ բազմութիւնը գտանւում է Տաճկաստան: Մինչ Սամսոն գնալու համար անցանում էի Սինօպից, պատահեցայ մի Տաճկաց պաշտօնէի, որ ծառայում էր տեղական փաշայի մօտ եւ որ պատմեց ինձ, թէ Տաճկի կառավարութիւնը Դիւանական կերպով համարում է իւր հպատակ Հայերը 3. 800. 000: Սորա վերայ շատ չանցաւ, ձեռքս ընկաւ Էդմոն Շերթիէ Ֆրանսիացու գիրքը [1], ուր Հայոց թիւը բարձրանում է մինչեւ 3. 900. 000, որոնցից, ասում է հեղինակը, 400. 000 բնակւում են եւրոպական Տաճկաստանում, իսկ մնացեալ երեք միլիոն հինգ հարիւր հազարը՝ ասիական Տաճկաստանի մէջ:

Համաձայնի՛ր ինքդ, թէ ինչպէս կարելի է ազգի յառաջադիմութեան վերայ խօսել, ազգի վերանորոգութեան վերայ մտածել, առանց ճիշդ տեղեկութիւն ունենալու ազգի վերայ, նորա որքանութեան եւ վիճակի մասին: Մինչեւ այժմ մեք, խօսելով այս բաների վերայ, համարեա՛ թէ խարխափել ենք մի խաւար գետնափորի մէջ, իսկ երբ երեւան հանուին վերոգրեալ տեղեկութիւնքը, այն ժամանակ կարելի է աւելի դրական կերպով խօսել՝ յարմարուելով ազգի քանակութեան հետ, նորա նիւթական եւ բարոյական կարողութեան հետ:

Մնաս բարով մինչեւ ցմիւս նամակս,

Քո Սերովբէ Շահբէկ:

 

Բերելով այս նամակը Յիշատակարանիս մէջ՝ կատարում եմ այն բարոյական պարտականութիւնը, որ մեր պատուելի թղթակիցը դնում էր մեր վերայ, եւ հոգւով չափ ցանկանում եմ, որ մի բարի հետեւանք ունենայ այս հրատարակութիւնը մեր ազգի վերաբերութեամբ:

Այս միջոցներում ստացած նամակներիս մէջ նոյնպէս նշանաւոր է մի նամակ, որ ստացայ Պ. Մեսրոպ Տիրատուրեանի ստորագրութեամբ: Այս արգոյ անձը մեզ անծանօթ է գլխովին, եւ գուցէ թէ ստորագրութիւնը եւս լինի մի շինովի անուն, ըստ որում, նամակի մէջ չէր գրում ամսաթիւը կամ քաղաքի տեղը: Նամակի պահարանի վերայ երեւում էր՝ 17 Փետր. 1860, Թիֆլիս:

Մեք շատ ուրախ ենք այսպիսի թղթակիցների վերայ եւ, եթէ կամենան, կարող են ծածկած մնալ հասարակութենից՝ երեւելով բոլորովին այլ զգեստով։ Միայն խնդրում ենք, որ մեզ հասուցած տպելիքը յարմարեցուցած լինին ազգի էական օգուտների հետ: Ահաւասիկ, վերոգրեալ նամակի բառացի պատճէնը.

 

Արգոյ Պարոն,

Կոմս Էմմանուէլ.

 

Տարակոյս չկայ, որ մարդկութեան պատմութեան մէջ ոչ մի ժամանակ այնպէս սաստիկ եւ որոշակի երեւեցած չեն ազգութիւնքը, ինչպէս ներկայումս: Ազգութիւնը ասես թէ դարձել է մի ամենօրեայ հաց, առանց որին չէր կարելի ապրել, մի ելեքտրականութեան պէս բան, որ փայլակի շուտութեամբ տարածւում է զանազան ազգութեան անդամների մէջ: Այս բանի խմորը ընկնում է եւ մեր ազգի մէջ, եւ մեզանում լսւում են ձայներ, եւ մեր մէջ սկսում է բաբախել մի կենդանի սիրտ:

Արդարեւ, Հայոց ազգը այնքան բարոյական եւ նիւթական դարաւոր աւերանքից յետոյ չէր կարող իսկոյն հասկանալ ազգութիւնը եւ պտղաբեր շինել նորան. այս մեր հասարակաց վատաբաղդութիւնն է։ Բայց, դորան նայելով, հրաժարուիլ գործունէութիւնից, մեր կարծիքով, ասել է՝ անձնասպան լինել:

Ահա, այս պատճառներից ստիպուած եւ ես իջանում եմ հայկական դպրութեան ասպարէզ, եւ ես կամիմ մի երկու քար դնել այնտեղ, որի վերայ գուցէ թէ բարձրանայ մի օր Հայ ազգութեան շինուածը:

Ներս մտանելով այս գործի մէջ՝ գուցէ շարժում էի ձեր հարցասիրութիւնը, թէ արդեօք ի՛նչ դպրոցի եւ ի՛նչ փիլիսոփայութեան հետեւող եմ: Առանց դատողութեան չեմ ընդունում ո՛չ Քանթը եւ ո՛չ Հեգելը. նախ, որ իմ մտածութիւնքը եւ խորհելու ազատութիւնը չկամիմ երբէք ստրկացնել այդ փիլիսոփաների իշխանութեանը՝ առողջ փիլիսոփայութեան առաջին ընդդէմ գործ համարելով ազատութեան կորուստը, երկրորդ՝ փիլիսոփայութիւնը, մի կենդանի, շարժուն եւ համօրէն մարդկութեան սեպհական բան լինելով, ուսանում եմ ներկայումս ազգերի ժամանակակից պատմութեններից եւ երեւոյթներից: Այսքան ծանօթութիւնը հերիք համարելով իմ հայեացքի եւ սկզբունքի մասին՝ շարունակում եմ խօսքս, թէ մեր ազգութիւնը զօրացնելու եւ ազգութեան գաղափարը հասարակաց դարձնելու համար ամենամեծ եւ զօրաւոր հնարներից մինն է նաեւ ազգային պատմութեան ուսումը:

Մինչեւ այժմ մեր ազգը չունի մի օրինաւոր պատմութիւն, մի այնպիսի գործ, որ արժանի լինէր եւ դիմանար եւրոպական քննութեան հրափորձութեանը: Զանց եմ առնում յիշել այստեղ պատմութեան անունով մեր մէջ ման եկած գրքերի թերութիւնքը եւ խակութիւնքը, զանց եմ առնում նոյնպէս հռչակել յառաջանալի օգուտը մի օրինաւոր պատմութեան երեւելուց։ Այս վերջինս, շատ հասկանալի լինելով, զուր տեղը պիտի ժամանակ կորուսած լինէի։ Այլ հարկաւոր եմ համարում մի երկու խօսք ասել այն մասին, թէ ինչ բաներ հարկաւոր էին ազգին նախ եւ յառաջ, որ յետոյ ազգի ուսումնականքը կարող լինէին ազգային պատմութիւն գրելու ձեռք զարկել:

1. Մեր ազգային մատենագրութեան վերաբերեալ գրուածք, որ ցեցակեր եւ հարիւրաւոր տարեկան մագաղաթների մէջ փտում են վանքերի կամ այս ու այն մատենարանի անկիւններում, ձգել տպագրական մամուլի տակ եւ այս ճանապարհով դարձուցանել նորանց հասարակաց ժառանգութիւն:

2. Այն գործերը, որոնց անունները միայն հասել են մեզ, իսկ ինքեանք կա՛մ ստուգիւ կորած են ձախողակի, կա՛մ թաղուած փոշիների եւ փլատակների տակ, պատշաճաւոր հոգողութեամբ որոնել: Անտարակոյս, եթէ տասնից հինգը դուրս գայ, այն եւս մեծ բան է:

3. Հաւաքել եւ տպել այն բոլոր կցկտուր յիշատակարանքը, որ աբեղայք կամ այլ մարդիկ սովոր էին գրքերի քամակներում գրել, եւ մեք կարծում ենք, թէ Էջմիածնի, Աղթամարի եւ Սսու կաթողիկոսական մատենարանների գրքերը հարուստ լինին այսպիսի յիշատակարաններով: Սոցա պաշտօնը պատմութեան մէջ այն է, որ շատ անգամ կարող են վկայ լինել ժամանակագրութեան մի երեւելի անցքի, որ անցել էր ազգի մէջ եւ որի թուականը գուցէ թէ կորած էր կամ ճիշդ չէր:

Մինչեւ որ այս բաները եղած չէին, Հայոց ուսումնականի գրած պատմութիւնը նոյն բանը կը լինի, ինչ որ մինչեւ այժմ եղած է եւ ինչ որ մի օտար եւրոպացի գրել է կամ կարող էր գրել, ըստ որում, չկային պարզ եւ նոր աղբիւրք:

Լուռ մնալ մի այլ հարկաւոր բանի մասին եւս չենք կարող: Մեր ազգի ուսումնականներին յայտնի է, որ մեր դպրութիւնը եւ լեզուի յիշատակարանքը սկսանում են չորրորդ դարուց, այսինքն՝ Լուսաւորչից, որի Յաճախապատում գիրքը սկիզբն դնում է քրիստոնէական Հայոց մատենագրութեան:

Բայց Հայոց տէրութիւնը Հայկի ձեռքով հիմնուեցաւ Քրիստոսից 2107 տարի յառաջ, ուրեմն՝ 2428 տարի նախքան Լուսաւորիչը: Նորանից յետոյ Պարոյր նահապետի թագ կապելով Քրիստոսից 749, ուրեմն Լուսաւորչից 1070 տարի յառաջ անցաւ օրինաւոր թագաւորութեան կարգ: Քրիստոսից 149, ուրեմն Լուսաւորչից 470 տարի յառաջ վերանորոգուեցաւ Հայոց տէրութիւնը, եւ այնուհետեւ սկսաւ Հայաստանը ծաղկել եւ բարեկարգուիլ: Այո՛, մինչեւ Վաղարշակը չեն եղել յիշատակարանք կամ գրուածք. եթէ լինէին, նա կարօտելու չէր Նինուէի դիւանին։ Բայց Վաղարշակի հիմք դնելով եւ նորա օրինակով պիտոյ է մտածել, որ մեր ազգի մէջ եւս մի բան մտած էր Պարսիկ, Ասորի կամ Յոյն գրերով:

Ինչ որ կար չկար՝ թէ՛ արքունական եւ թէ՛ մեհենական գրուածք կամ մատեանք, որ պատկանում էին Հայոց ազգի հեթանոսական կեանքին, Լուսաւորչի ձեռքով դատապարտուեցան դէպի կորուստ, դէպի կրակ՝ առանց ամենեւին խնայելու, կորան, կործանուեցան եւ այն գեղեցիկ արձանները, որ այսօր կարող էին հասկացնել մեզ Հայոց ազգի եղած ճարտարագիտութեան չափ ու կշիռը, եւ Քրիստոնէութիւնը մի անյայտութեան պարիսպ քաշեց մեր Քրիստոնէական եւ անցած հեթանոսական կեանքերի մէջ:

Այս պատճառներով ահա, մեզ յայտնի չեն շատ բաներ, չգիտենք մինչեւ անգամ, թէ ինչպէս էր մեր հայկաբանութեան ձեւ ու ոճը Քրիստոնէութենից յառաջ, որովհետեւ Քրիստոնէական ժամանակների հայկաբանութիւնը ստրկացած է յունականին ոչ բառացի, այլ տառացի մտքով, եթէ կարելի է այսպէս ասել, եւ այս բանը կ՚երեւի պարզ, եթէ օրինաւոր կերպով քննութեան տակ դրուի մեր Աստուածաշնչի թարգմանութիւնը:

Անմահ եւ երկնային յիշատակի արժանաւոր Խորենացին տալիս է մեզ մի քանի յիշատակարանք. այդ խնկելի ծերունին լսեցնում է մեզ մի քանի տող բան Գողթան երգիչներից, նա ցոյց է տալիս մեզ փոքր թէ շատ այն տեղերը, ուր պիտոյ էր մտածել, թէ կենդրոնացած էին մեր դպրութիւնը եւ կրօնը, կամիմ ասել՝ այն մեհեանները, որ գտանւում էին Աշտիշատ, Արտաշատ, Տարօն եւ այլ տեղեր:

Շատ ազգեր իւրեանց հեթանոսութեան ժամանակ սովոր էին իւրեանց մեռելների հետ թաղել զանազան յիշատակարանք, դրամներ, ոսկեղէն եւ արծաթեղէն զարդեր կամ թէ ուրիշ այնպիսի բաներ, որ գալոց օրերում լոյս կարող էին տալ պատմութեան. մի՞թէ չէ կարելի մտածել, որ Հայք եւս ունեցած լինէին այս սովորութիւնը: Գուցէ թէ եղած եւս լինի այս Հայերի մէջ, բայց սոցա անուսումնասիրութիւնը, որի մասին ինքը՝ Խորենացին, բողոքում է, յառաջ է, քան թէ այլ ամենայն սովորութիւն: Լուսաւորչից հարիւրաւոր տարիներ յետոյ կանգնեցան Բագրատունեաց եւ Ռուբենեաց թագաւորութիւնքը, չեմ ասում Արշակունեաց թագաւորութեան շարունակութիւնը Լուսաւորչից յետոյ, բայց եւ այս պայծառ օրերը Հայերի անցել են առանց մի ծառայութիւն ցույց տալու ազգին՝ քրքրելով եւ մշակելով հեթանոսական հնութիւնը կամ նորա մնացած եւ կամ կորած յիշատակարանքը:

Այո՛, հնախօս գիտութիւնը աւելի ծաղկած է այսօր եւ աւելի շատ գործեր է կատարում, քան թէ սորանից հինգ հարիւր տարի յառաջ, եւ արծաթը, ոսկին կամ այլ անփուտ բաներ, եթէ կային մեր մեռելների վերայ, գուցէ մնացին եւ մինչեւ այժմ, բայց բանը այս է, որ մեր մէջ ոյժ չմնաց ներկայումս այդ բաները փորելու եւ քրքրելու՝ չնայելով այն վերին աստիճանի կարօտութեան, որ զգում է մեր պատմութիւնը, որի շատ երեսները դատարկ են, եթէ եւրոպականի ակնոցով նայենք այդ պատմութեան վերայ:

Նամակիս խորհուրդը այն է, որ խնդրեմ Ձեզանից Յիշատակարանիդ միջնորդութեամբ առաջարկել մի խնդիր. մի՞թէ չէ կարելի մի ընկերութիւն կազմել մեր ազգի անդամների մէջ այսպիսի անունով՝ «Հայոց պատմութեան եւ հնութեան ընկերութիւն», այնպէս, որ անդամ լինելու ցանկութիւն ունեցող Հայը վճարէ ամենայն տարի երեք մանէթ արծաթ, մինչեւ որ ընկերութեան գանձարանը ոյժ առնու եւ կարողանայ ինքնօրէն գործ կատարել, առանց վերստին ծանրաբեռնելու իւր պատուելի անդամքը: Ես մտածում եմ, որ Տաճկաստանի Հայերի մէջ եւս կը լինին հազարաւոր մարդիկ, որ ուրախութեամբ սրտի կը ցանկանային մասնակից լինել մի այդպիսի ընկերութեան: Իմ կարծիքը այնպէս է, որ եւ Ռուսսիայի Հայք յետ մնալու չէին այս բանից, ըստ որում, պատմութեան չլինելը արդէն զգում են շատերը:

Եւ ի՛նչ ծանրութիւն էր Հայոց ազգի անդամների համար տարին երեք արծաթ վճարել, որ ներկայումս Տաճկաստանի հաշուով ասել է 54 ղուռուշ. մի՛թէ սակաւ են այն մարդիկը, որ ոյժ ունէին ամենայն թեթեւութեամբ վճարել այս քանակութիւնը արծաթի: Ես դարձեալ չեմ տարակուսում, եթէ միայն ընկերութիւնը հաստատուէր անխարդախ հիմքերի վերայ:

Ընկերութեան խորհուրդը կը լինէր իւր գոյացուցած արծաթով ամենայն խնամով եւ հոգաբարձութեամբ հոգալ այն բոլորը, ինչ որ պատմութեան համար անհրաժեշտ էին որպէս աղբիւրներ կամ նիւթեր, օրինակի համար.

1. Ընկերութիւնը կը հոգար հին ձեռագիրների տպագրութիւնը, յայտնի բան է՝ յանձնելով բանագէտ եւ ուսումնական մարդերի՝ քննել եւ համեմատել այդ ձեռագիրքը ուրիշ օրինակների հետ եւ այլն, եւ այլն:

2. Կը որոնէր ամենայն տեղ ազգի մէջ, թէ՛ իւր անդամների եւ թէ՛ յատուկ այս բանին նուիրուած առաքեալների ձեռքով, այն բոլոր գործերը, որոնց անունը միայն մեզ հասած լինելով գիտենք:

3. Կը հաւաքէր զանազան տեղերից ազգային պատմութեան կամ ժամանակագրութեան վերաբերեալ յիշատակներ եւ լոյս կը հանէր նորանց տպագրութեամբ:

4. Կը փորէր եւ կը քրքրէր այն տեղերը, ուր կարծիք կային, թէ պիտի լինին հեթանոս Հայերի մեռածների մնացորդքը:

5. Գտանուած հնութիւնքը՝ օրինաւոր եւ ուսումնական քննութեամբ, կը հրատարակէր համօրէն ազգի գիտութեան համար:

6. Բոլոր կամ կարելի եղածի չափ նիւթեր պատրաստելուց յետոյ մարդիկ կ՚ընտրէր՝ ազգային եւ եկեղեցական պատմութիւնքը գրելու:

7. Բոլոր ուսումնական անդամների հաճութեամբ եւ հաւանութեամբ ընդունուած եւ քննութեան դիմացած, նոր գրուած պատմութիւնը Հայոց կը տպէր երկու գլխաւոր Հայերէն բարբառներով՝ Ռուսսիայի եւ Թիւրքիայի:

8. Այս տպուած պատմութիւնքը պատշաճաւոր խնամով, հազարաւոր օրինակներով ձրի կը բաժանէր ազգի աղքատ եւ չքաւոր մարդերին՝ հարուստ մարդերից միայն ստանալով գրքի նիւթական արժէքը, որ ընկերութեան կարողութիւնը չթուլանայ ուրիշ այլ ազգային գործերի համար:

Եւ այլ այսպիսի բաներ, որ չգրեցի, եւ որ առողջ դատողութիւնը ինքնին հասկացնում է: Յայտնի բան է, եթէ ընկերութիւնը կազմուի, նա պիտի ունենայ մի կանոն, որով պիտի առաջնորդուի իւր բոլոր գործողութեան մէջ:

Կո՛մս, խնդրեմ, այս նամակը հրատարակելով Յիշատակարանիդ մէջ, մօտենալի կացուցանել նորան մեր ազգի անդամներին, որոնց չեմ կարող ամեն մինին առանձին առանձին նամակ գրել, թող որ շատերի հետ ծանօթութիւն եւս չունիմ, ըստ որում, ընկերական հոգին վաղուց թռած է մեր աչքից:

Աստուծոյ մի նոր շնորհը կը լինի մեր վերայ, եթէ այսուհետեւ գէթ աշխարհի լուսաւորութիւնը, մի փոքր ազդեցութիւն գործելով, միաբանեցնէ Հայերը մի ազգօգուտ ամենահարկաւոր գործի մէջ:

Հաւատարիմ առնելով Ձեզ իմ անդրժելի բարեկամութիւնը, մնամ եւ այլն

Մեսրոպ Տիրատուրեան:

 

Շնորհակալ ենք մեր անծանօթ բարեկամից նորա այս գովելի գաղափարի մասին, եւ չենք կարող չուրախանալ` Հայ մարդու բերանից լսելով այսպիսի խօսքեր: Օրհնեա՛լ է Աստուած:

Պարոն Տիրատուրեանի առաջարկած խնդիրը շատ մեծ յարգ ունի մեր աչքում. համաձայն ենք նորա թէ՛ գաղափարին եւ թէ՛ այդ գաղափարը իրագործելու կերպարին եւ հնարներին:

Պարոն Տիրատուրեանի նամակով կամէի այս անգամ վերջացնել Յիշատակարանս, բայց մի այլ նամակ՝ մի բարեկամից, տալիս է մեզ հետեւեալ լուրը, որի մասին չենք կարող զանց առնել:

«Պարոն Յովհաննէս Տէր-Գաբրիէլեան Պատկանեանցը, վիմագրութեամբ տպելով մեր Վեհափառ Կաթողիկոսի պատկերը, համեմատ լուսանկար օրինակին, որ ստացուել էր Կոստանդնուպօլսից, շնորհ է գտել՝ մատուցանելու Նոցին Կայսերական Մեծութեններին, Թագաւոր Կայսեր եւ Թագուհի Կայսրուհուն, այլեւ Նորին Կայսերական բարձրութեան, Թագաւոր Ժառանգի Տէրութեան:

Թագաւոր Կայսրը, շատ հաճութեամբ ընդունելով այս ընծան, պարգեւել է ճարտարագէտ Պ. Պատկանեանցին մի գեղեցիկ բռիլլիանտիայ մատանի, իսկ Թագաւոր Ժառանգը շնորհել է դրամական վարձատրութիւն»:

Պարտականութիւն համարելով մեզ հրատարակել այս իրողութիւնը՝ չենք կարող չյաւելացնել, որ այս կայսերական պարգեւը եւ հաճութիւնը, եթէ մի մասնով պիտի վերաբերուին ճարտարագէտ վիմագրողին, միւս եւ աւելի մեծ մասնով այն յարգութեանը, որ Ռուսաց Թագաւոր Կայսրը ունի դէպի ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը:



[1] Réformes en Turquie, par Edmond Chértier. Paris, 1858.