Յիշատակարան Կոմս Էմմանուէլի

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թ.

Հիւսիս Շահբէգի գերութիւնը Շամիլի խօսակցութիւնքը Շահբէգի երազը Արեւմուտք օրագիրը:

Հիւսիս… Մի ցուրտ եւ անհամբոյր աշխարհ. այդտեղ բնութիւնը զրկուած է այն բոլոր վայելչութենից, որով փայլում են բարեխառն գօտիների տակ գտանուած աշխարհները: Բոլոր արարածք, որոնց վիճակուել էր երեւել աշխարհի երեսին, այդ ցուրտ աշխարհի պայմանների տակ գոյանալով, կրում են իւրեանց ճակատի վերայ աշխարհի որպիսութեան կնիքը: Հիւսիսային սառուցեալ օվկիանոսը իւր խիստ շունչը փչում է մինչեւ շատ հեռի տեղեր, եւ ամենայն արարած, ենթարկուելով նորա ազդեցութեանը, բնական օրէնքներով ինքը իւր մէջ կենտրոնացած, ցուցակ է լինում մի ողորմելի վիճակի: Ի՛նչ ասել է կենտրոնանալ իւր մէջ: Կտրել ամենայն հաղորդակցութիւն այն առարկաների հետ, որ շրջապատում էին մի արարած: Ինչո՛ւ համար կտրել: Եթէ չկտրուի այդ յարակցութիւնը, այնուհետեւ այդ արարածը պիտի խաղալիկ լինի շրջապատող բնութեան ձեռքում, իսկ եթէ մի արարած կենդանանայ իւր մէջ, ասել է թէ, մատնում է իւր անձը մի յաւիտենական բանտարգելութեան:

Լա՛ւ է բանտում կենդանի մնալ, քան թէ բանտից դուրս մեռանել:

Սխալ է. լա՛ւ է ազատութեան մէջ մեռանել, քան թէ բանտում ապրել:

Ինչո՛ւ համար:

Նորա համար, որ եթէ զրկուած էր մարդս ընկերութենից, եթէ կտրւում է այն շղթայակապը, որ Նախախնամութիւնը կազմել էր մարդու եւ նորա կազմուածքից դուրս գտանուած առարկաների, մարդերի եւ նոյնիսկ բնութեան հետ, մարդը վերջանում է մարդութենից:

Հիւսիսը մի տխուր աշխարհ է, նոյն ինքը՝ արեգակը, տեսանելով այդ աշխարհի անհամբոյր բնաւորութիւնը, տեսանելով նորա փոթորիկներից խռովուած թանձր եւ մառախլապատ ամպերը, յետ է քարշում իւր ոգեւորիչ ճառագայթքը այդ աշխարհի վերայից՝ երբեմն երբեմն հետաքրքրութեան համար նայելով նորա վերայ: Բայց… Աւա՜ղ… Այդ ի՛նչ մեռելատիպ գունաթափութիւն է, որ բռնել է արեւի երեսը։ Ինչո՛ւ տխուր է նա, նա, որ ուրիշ աշխարհներում փեսայի պէս դուրս է ելանում ծովերի ծայրերից՝ իւր ոսկեղէն ճառագայթները ցոլացնելով կապոյտ ալիքների վերայ:

Հիւսիսում դաշտերը ծածկուած են յաւիտենական ձիւներով, ծովերը գտանւում են սառցապատ բանտերի մէջ: Հիւսիսում՝ արջային շրջանակի տակ, բնակւում է ցրտաշունչ եւ դաժան Բորէասը, որ խլում է աղքատ շինականների տան ծածքը, որի զօրութեանը չեն կարող դիմանալ շատ անգամ հարիւրամեայ կաղնիքը: Հիւսիսում, եթէ Յունիսի եւ Յուլիսի մէջ երկրի մակերեւոյթը, թեթեւանալով իւր սառն ծանրութենից, բուսուցանում է մի պարզ ծաղիկ, միւս օր ահա Բորէասը իւր մահաշունչ բեւեռային սառնութեամբ կտրում է այդ ողորմելի բուսականի կեանքը:

Այդ ի՛նչ ողբալի եւ տխուր աշխարհ է. մի՞թէ Նախախնամութիւնը յաւիտենական դատապարտութիւն է դրել դորա վերայ:

Չէ՛, եւ եղանակները փոխւում են, եւ ինքը՝ երկրագունդը, ենթարկւում է յեղափոխութենների, որի հետ, անտարակոյս, կապակից էին նորա շրջապատի յեղափոխութիւնքը: Զարմանալի ժամանակ է մեր ժամանակը. ասես թէ այս փոփոխութիւնքը սկսուած են արդէն, ասես թէ մեզ էր պահուած վկայ գտանուիլ դորա սկզբին, ասես թէ արեւը մի փոքր փոքրացել է այս աշխարհի վերայ. մի փոքր մեղմացած են երեւում կործանական փոթորիկների գնացքը եւ յարձակմունքը:

Ինչպէս յայտնի է մեր ընթերցողներին, բաղդը վիճակել էր իմ համար հիւսիսում հաստատել մի բնակութիւն, եւ ահա գտանւում եմ ես մի հիւսիսային գիւղում՝ ութ ամիս ձմեռը փակուած միայնակ եւ անմխիթար ողորմելի բնակութեան մէջ, իմ կոմսութեան ողբալի աւերակների վերայ: Այդ տունը, ուր այժմ բնակւում եմ ես, եւ որ երբեմն եղած է իմ պապերի բնակարանը, տեսել է շատ ցրտաշունչ փոթորիկներ, բայց այս րոպէիս նորա ճակատը փորձում է արեւմտեան խոնաւ եւ խառնափնդոր քամիների յարձակմունքը:

Մի քանի տարի է, որ ձմեռը այս կողմերում փոխել է իւր բնաւորութիւնը։ Այստեղ ներկայումս, փոխանակ չոր ցրտի, թագաւորում է մի խոնաւ եղանակ՝ մարդու կազմուածքը տրամադրող դէպի մի անտանելի Ռեւմատիսմուս: Ճշմարիտը պիտոյ է ասել. մեր համար, ըստ որում սովորած ենք, հիւսիսային Բորէասից շատ վատ են արեւմտեան խոնաւութիւնքը։ Անտանելի էր մեր վիճակը ներկայումս, եթէ չմխիթարուէինք՝ յուսալով, որ բնութեան համար այդ մի փոխանցական միջոց էր կոշտ խստութենից դէպի քաղցր մեղմութիւն:

Բայց այս մխիթարութիւնը հիմնուած է չոր յոյսի վերայ. նա չէ՛ կարող փարատել իսկոյն այն խաւար եւ տխուր տպաւորութիւնը, որ մի անպիտան եղանակ կարող էր յառաջացնել մի մելամաղձութեան անձնատուր հոգու մէջ:

Ի՛նչ անսիրելի ներդաշնակութիւն՝ եղանակի անախորժութիւն, ֆիզիկական տկարութիւն, տան անպիտանութիւն, մելամաղձութիւն, յաւելացո՛ւր սորա վերայ եւ մի տաղտկալի միայնութիւն, եւ ահա կը տեսանես ամենայն, որի մէջ կամ որպէս ապրում եմ ես:

Ահա, այս վիճակի մէջ անցուցանելով օրերս, ամենայն օր մի քայլ մօտենալով գերեզմանի բերանին, աչքս՝ դուռը, նստած եմ, թէ ո՛վ արդեօք շնորհ կը բերէ իմ մօտ կամ ո՛ր բարեկամս կը շտապէ մխիթարել ինձ իւր նամակով:

Բարեկամ շատ ունիմ, որոնք միշտ պատրաստ են ինձ նամակ գրել, եթէ ես եւս յանձն առնում նոյնպէս նոցա գրել, բայց արի տե՛ս, որ նոքա շատ են, իսկ ես՝ միայն, ժամանակը՝ փոքր. ո՛ր մինին գրես: Դարձեալ Աստուած կեանք տայ Պ. Շահբէգին, որ չէ մոռանում ինձ: Երեք ամիս է՝ ոչինչ լուր չունէի նորանից, երէկ ստացայ մի նամակ, որի բովանդակութիւնը, արժանի լինելով հարցասիրութեան, արտագրում եմ բառ առ բառ.

 

«Րեդուտկալէ, 14 Փետր., 1859 թ.

ՈՂՈՐՄԱԾ ՊԱՐՈՆ                         

Կոմս Էմմանուէլ.

«Խորհուրդ մարդկան, կամք Աստուծոյ», ասում է առածը. սորա ճշմարտութիւնը ինձ եւս պատահեցաւ փորձել, ինչպէս շատերը փորձել են:

Վերջին նամակովս խոստացել էի քեզ ցնծացնել քո Յիշատակարանը Յունուարի մէջ՝ զանազան ուշադրութեան արժանի լուրեր եւ ծանօթութիւններ հասուցանելով քեզ։ Բայց արի տե՛ս, որ այլապէս է եղած Նախախնամութեան կամքը, եւ ես այս րոպէիս երեք ամսական լռութենից յետոյ հարկադրուած եմ, փոխանակ զուարճալի բաների, ստորագրել քեզ այն տխուր անցքը, որ անցաւ իմ գլխից: Այսպէս, ահա, սկսանում եմ իմ պատմութիւնը, առանց ճարտար ներածութենների, եւ խոնարհաբար խնդրում եմ, որ դու եւ քո Յիշատակարանիդ սիրողքը առանձին ուշադրութեամբ եւ, մանաւանդ, համբերութեամբ կարդան այս տողերը:

Երբ Սեւ ծովի նաւարկութիւնը կապուեցաւ, երբ ես մի փոքր թեթեւացայ իմ առեւտրական անվերջանալի գործերից, մտածեցի ընթերցանութեան եւ մատենագրութեան պարապել, բայց երանի թէ կատարել էի սրտիս ցանկութիւնը: Մինչ այս խորհրդի վերայ էի, չգիտեմ՝ ի՛նչ չար հոգի դրդեց ինձ դուրս գալ Րեդուտկալէից դէպի Կովկասու սարերը… Ի՛նչ ծածկեմ պատճառը, մի փոքր արծաթի հաշիւ ունէի մի նայիբի հետ, որ ամենայն կամակորութեամբ յետացնում էր որպէս հաշուատեսութիւնը, նոյնպէս եւ պարտքը վճարելը: Ի՛նչ պիտոյ է առնել, վաճառականութիւն է… Ասացի, այս պարապութեան միջոցին գնամ նայիբի մօտ, գուցէ մի բան կարողանամ շինել, գուցէ մի բան ընկնի ձեռքս։ Եւ ճշմարիտն ասեմ, եթէ հասանէի նպատակիս, такъ и быть, была ни была, ինչպէս ասում է Ռուսը, այդ կորած ու գտանուած արծաթի հաշուից պիտի բաժանորդ դրուէի «Մասեաց աղաւնուն», «Մեղուին» եւ «Ճռաքաղին»:

Մինչդեռ ճանապարհում անցանում էի մի նեղ կիրճից, վերաս յարձակուեցան չորս զրահաւորուած արիւն-կզակ Լեզգիներ։ Տեսանելով, թէ իմ կողմից ամենայն որեւիցէ ընդդիմութիւն կարո՛ղ է ինձ մահ պատրաստել, իսկոյն, զինաթափ լինելով, անձնատուր եղայ… Լեզգիները կապեցին ձեռքս մի մազեղէն պարանով եւ սկսեցին յառաջ վարել: Երկար մտածութենից յետոյ որոշեցի նայիբի անունը տալ՝ յուսալով, թէ իմ՝ այդպիսի մարդու հետ բարեկամ լինելը կարող է մի փոքր կշիռ տալ իմ անձին, թէ կարող է մի փոքր մեղմել գերի վարողների կոշտ ընթացքը իմ հետ, բայց մի՛ ասա, այդտեղ է եղած իմ մեծ տարաբաղդութեան սկիզբը:

Խալիլ նայի՞բ, աղաղակեցին Լեզգիները միաձայն, նա, որ կամէր դաւաճանել Մեծ Մարգարէի փոխանորդի կեանքը եւ որ քանի ամիս սորանից յառաջ անարգ մահ ստացաւ դահճի ձեռքից: Լաւ ծանօթ ես ունեցել, վատ չէ, վատ չէ, մինչեւ այն աստիճան, որ այժմ առանց Շամիլի հրամանին չենք կարող քեզ արձակել, թէեւ մի մարդ քո կշռով ոսկի տալու լինէր մեզ:

Ուրեմն, ինձ պիտի տանէ՞ք…

Դէպուղիղ Շամիլի մօտ, խօսքս կտրեցին Լեզգիները:

Երկու օր երկու գիշեր ճանապարհ կատարելով՝ վերջապէս մի ուրբաթ առաւօտ, մինչդեռ նոր բաժանւում էր մութը լոյսից, մտանք Շամիլի աթոռանիստ քաղաքը: Ինձ հանգստացուցին Լեզգիները մի գոմի մէջ. փոխանակ մազեղէն պարանին՝ ձեռքս անցուցին մի ծանր երկաթի շղթայ եւ, երկու զրահաւորուած մարդիկ վերաս պահապան կարգելով, ինքեանք եւս գնացին հանգստանալու:

Լեզուագիտութիւնը շատ լաւ բան է. ապա ի՛նչ կը լինէր իմ վիճակը, եթէ ես չիմանայի նոցա լեզուն, եթէ հարկադրուած լինէի մի միայն կովի նման նայել նոցա երեսին:

Այսպէս ութ ժամը կը լինէր, մի պատանի գեղեցկադէմ եւ գեղեցկազգեստ մօտ եկաւ գոմի դուռին եւ կանչեց ինձ Խալիլ նայիբի բարեկամի անունով: Երբ մօտեցայ պատանուն, հրամայեց պահապաններին արձակել ձեռքիս շղթաները՝ ասելով, թէ անարժան է, որ Մարգարէի փոխանորդի աչքերը կապանք տեսանէ, յետոյ ասաց ինձ, որ հետեւեմ իւրեան:

Նա տարաւ ինձ Շամիլի բնակութիւնը:

Ի՛նչ աւելորդ գլխացաւ պատճառեմ՝ նկարագրելով նորա քաղաքը կամ տունը, այլ բանի զօրութիւնը միայն հասկացնելու համար կարճ ասեմ, որ ներս մտայ մի բաւական ընդարձակ սենեակ՝ մաքուր եւ զարդարած պարսից գորգերով եւ այլ ասիական կարասիքներով:

Սենեկի հիւսիսային պատի մօտ մի գեղեցիկ սօֆայի վերայ նստած էր Շամիլը, նորա երկու կողմում նստած էին նոյնպէս երկու ծերունի նայիբներ: Պատանին, որ առաջնորդեց ինձ, ցոյց տուեց աչքով երկու ծերունու մէջտեղը նստած մարդու վերայ՝ առանց ձայնի հասկացնելով, թէ նա է ահա Շամիլը:

Ես ողջունեցի խոնարհաբար եւ կանգնեցայ նորա առաջեւ. երկու ծերունիքը ոտքից մինչեւ գլուխս չափեցին իւրեանց աչքերով:

Ո՞վ ես դու, հարց արեց Շամիլը բաւական քաղաքավարութեամբ:

Հայ եմ, պատասխանեցի ես:

Ինչու՞ համար ներկայացած ես ինձ:

Ես չգիտեմ պատճառը, ձեր մարդիկը բռնեցին ինձ ճանապարհի վերայ եւ բերեցին այստեղ:

Ո՞ր տեղից, ո՞ւր էիր գնում:

Գալիս էի Ռուսսիայից՝ Րեդուտկալէից դէպի ձեր իշխանութեան սահմանը: Գուցէ ձեզ յայտնի չլինի, բայց վկայ է Աստուած խօսքիս ճշմարտութեանը, որ ձեր Խալիլ նայիբը, երկար ժամանակ իւր պարտքը չվճարելով, այլեւ ամենայն կամակորութեամբ իմ հետ օրինաւոր եւ հիմնաւոր հաշիւ տեսանելուց փախչելով, պատճառ է եղել այս իմ վատաբաղդութեանս:

Վատաբաղդութեա՞ն, մի՞թէ քո ներկայանալը ինձ՝ մեծ մարգարէի փոխանորդիս, վատաբաղդութի՞ւն է, եւ դու, այս րոպէիս գտանուելով իմ ձեռքում, յանդգնո՞ւմ ես այդ խօսքը ասել:

Խնդրում եմ չբարկանալ իմ վերայ, եթէ ես չկամեցայ կեղծաւորուիլ ձեր առաջեւ, մեր կրօնը սաստիկ արգելում է այդ մեղքը: Ես միշտ վատաբաղդութիւն կը համարեմ ինձ, եթէ ո՛րեւիցէ գնով խլուած էր իմ ազատութիւնը: Մեր կրօնի արդիւնքը ազատութիւնն է, եւ մեք, պարծանքով նայելով այդ բանի վերայ, չենք կարող ոչ մի բանի հետ փոխանակել նորան: Եթէ թոյլ կը տաք մի փոքր համարձակախօսել, ես տեսանում եմ, որ ազատութիւնը զրկուած է իւր սեպհական քաղաքացու իրաւունքից ձեր սահմաններում… Անտարակոյս, դեռեւս վաղ էր պահանջել… Բայց դուք, որ համարւում էք ձեր ազգի մէջ ձեր Մարգարէի փոխանորդ, Աստուծոյ առաջեւ պարտական էք ընթացք տալ օրինապատշաճ ազատութեան:

Մեղայ, մեղայ, ձայն տուեցին նայիբները քթերի տակից:

Ես կարծեցի, թէ ահա լարեցի Արամազդի շանթը դէպուղիղ գլխիս վերայ:

Հը՛մ… արեց Շամիլը, ձեր կրօնը, կորստական լինելով, պիտոյ է, անտարակոյս, եւ թիւր վարդապետութեան սկզբունք տնկէր ձեր մէջ: Ազատութիւնը ստեղծել է Աստուած միմիայն հզօր մարդերի համար, միւս անզօր մարդիկ զրկուած են նորանից: Եւ այդ է պատճառը, որ միները տիրողք են, իշխող եւ հրամայող, իսկ միւսերը՝ ծառայ, ստրուկ եւ հրաման կատար: Ամենայն գործողութիւն՝ հասարակ եւ անզօր մարդերի կողմից ազատութեամբ յառաջացուցած, մեք ճանաչում ենք ապստամբութիւն, իսկ ապստամբութիւնը՝ պատժի արժանի յանցանք: Դու այնքան երկար կը մնաս այդ մոլորական հասկացողութեան մէջ, որքան ժամանակ հաստատ էիր քո քրիստոնէական կրօնի վերայ, իսկ եթէ կամենաս ընդունել, մեծ մարգարէի ձեռքով քարոզուած ճշմարիտ հաւատը, եթէ յօժարիս մեր պէս թլփատել քո մարմնի անթլփատութիւնը, այն ժամանակ իսկոյն կը լուսաւորուիս եւ կը մոռանաս այն ազատութիւնը, որ սկզբից մինչեւ այսօր պատճառ է եղել արիւնահեղութեան, բանտի, հալածանքի, կապանքի, նոցա համար, որ ընկել էին այդ իւրեանց չպատկանած իրաւունքը ձեռք բերելու քամակից:

Ո՛ղջ լինիս, պատասխանեցի ես, եթէ կարելի է, խնդրում եմ չխօսել կրօնի վերայ. պատճառ, այդ բանը, շատ մօտ լինելով ամէն մի մարդու սրտի եւ հոգու, կարող է շատ անախորժ բաների տեղիք տալ: Ես, Խալիլ նայիբի պատճառով ընկնելով քո մարդերի ձեռքը, երբէք յոյս չունէի ձեզ տեսանել, բայց մանաւանդ չէի կարծում, որ, տեսանելով ձեզ, կարո՛ղ էի այդպիսի տհաս խօսքեր լսել ձեզանից: Ես ունիմ բանականութիւն, ունիմ գիտակցութիւն եւ ճանաչում եմ սեւը եւ սպիտակը: Կրօնափոխութիւնը իմ ախորժակի յարմար բան չէ, եւ, մանաւանդ, ներեցէ՛ք տարապայման համարձակախօսութեանս, ի՛նչ կարիք ունիմ ընդունելու ձեր կրօնը, որի կտակը գրուած է մեր չիք նզովեալ Սարգիս Բուխարացու ձեռքով: Ես ունիմ եւ պաշտում եմ մի այնպիսի կրօն, որ լոյս է եւ լոյս է տալիս իւրեան պաշտողներին, որի հիմքը դրուած է ազատութեան ապառաժի վերայ, որ ոռոգուած է Յիսուսի Քրիստոսի արիւնով: Ձեր կրօնի վարդապետութիւնը ազատութեան մասին, որ այժմ յայտնեցիք ինձ, ես ճանաչում եմ իշխանութեան չարաչար գործադրութիւն այն անզօր մարդերի վերայ, որ Նախախնամութիւնը յանձնել էր մի հզօրի՝ սորա սիրտը եւ խղճմտանքը փորձելու համար:

Խե՛ղճ մարդ, ասաց Շամիլը՝ կարեկցութեամբ գլուխը շարժելով, վկայ է Մարգարէի մօրուքը, որ մոլորուած ես դու: Այն, որ լերդապատառ որոնում էք դուք ազատութեան անունով, ձեր դատակնիքն է. պատճառ, ով չունի իւր ձեռքում մի իշխանութեան գաւազան, նա չունի եւ ազատութիւն, եւ ազատութիւնը չափակից է գաւազանին. որքան մեծ եւ անխորտակելի է գաւազանը, նոյնքան մեծ է եւ իշխանութիւնը: Դու, լինելով խեղճ եւ անզօր մարդ, միմիայն ազատութիւն որոնելով, արդէն մեղանչում ես ընդդէմ այն հզօրին, որի իշխանութեան տակ կայիր դու, եւ մեղանչելով այդպէս՝ գտանւում ես մահու պարտական:

Ամենայն օրինաւոր իշխանութիւն, որ Աստուծուց է կարգուած, ընդունում է եւ թոյլ է տալիս օրինապատշաճ ազատութիւն. ձեր տեսութիւնը սխալ է:

Դու այժմ ամենայն բան տեսանում ես որպէս հայելու մէջ, իսկ թէ ընդունիս մեր կրօնը, այն ժամանակ, դէմ յանդիման տեսանելով ամենայն բան, կը ճանաչես իմ քարոզութեան ճշմարտութիւնը:

Ես արդէն ասացի ձեզ, որ ախորժակ չունեմ կրօնափոխ լինելու:

Կրօնափոխութիւնը մի պարարտ խորոված չէ, որ կուշտ փորով դժուար լինէր ուտել, դա ոչինչ բան չունի ախորժակի հետ, կամեցար եւ կատարեցիր. մի րոպէի գործ է:

Մեք այնպէս դաստիարակուած չենք, որ կարողանայինք մի րոպէում փոխել մեր սրտի եւ հոգու վկայութիւնը։ Մեր համար շատ վատ է մահից, ճանաչելով եւ հասկանալով, խաւարը լոյս ասել, իսկ լոյսը՝ խաւար:

Նշանակում է՝ շատ անօգուտ դաստիարակութիւն է ձեր ստացածը, որ չէ թոյլ տալիս ձեզ օգտի եւ վնասի բանի մէջ ազատօրէն փոխել ձեր սրտի եւ հոգու վկայութիւնը: Եւ դորանից յետոյ ասում էք, թէ ազատութիւն էք ճանաչում, մինչդեռ չէք կարող ազատութիւն գործ դնել ձեր հասկացողութեան եւ վկայութեան վերայ:

Հասկացողութիւնը եւ սրտի վկայութիւնը խաղալիկ բաներ չեն, եւ մեր ազատութիւնը լաւ ճանաչելուցն է, որ չենք ծառայացնում մեր հոգին այս եւ այն հարկադրող հանգամանքների, որ, պաշտելով մեր անձին իրաւացի ազատութիւնը, չենք փոխում մեր ուղիղ կարծիքը:

Ուղիղ է թւում՝ որքան ժամանակ ունիս նորան, իսկ թէ փոխես, իսկոյն կը տեսանես նորա թերութիւնը: Մի կարճ բան իմ կեանքից պատմեմ քեզ օրինակի համար: Ես ծնած էի Սուննաթ, բայց, երեխայութենից դաստիարակուելով Շիյեաթների մօտ, սրտի վկայութեամբ ընդունել էի այդ վարդապետութիւնը: Ինձ թւում էր այն ժամանակ, թէ դորանից ճշմարիտ, դորանից ուղիղ կրօն չկայ աշխարհի երեսին: Ո՛րքան վէճ ունեցել եմ կրօնի մասին, ո՛րքան բան գրել եմ այդ առարկայի վերայ, բայց երբ… (քեզ հարկաւոր չէ իմանալ այդ բանի մանրամասն հանգամանքը) վերստին ընդունեցի Սուննաթի դաւանութիւնը, անդէն առ նմին հասկացայ, որ սխալուած էի՝ Շիյեաթների կրօնը պաշտպանելով:

Այս միջոցին նայիբներից առաւել ծերունին ասաց իւր ընկերին ցած ձայնով, որ ես, թէպէտեւ մօտ էի կանգնած, բայց հազիւ լսեցի, թէ. «Սորան նայի՛ր՝ ինչեր է խօսում. անծանօթ մարդ է գտել, քամիներ է փչում: Դա ո՛չ մի ժամանակ որդի չէ մուսուլման ծնողների, դա հրէի տղայ է եւ բաղդի բերելով ընկել է մեր կրօնի մէջ: Շիյեաթների դաւանութիւնը ուրացաւ ոչ այն պատճառով, որ ճանաչեց նորա մոլորականութիւնը, այլ, պաշտելով այդ կրօնը, երբէք կարողանալու չէր տիրապետել այդ գահին, որի վերայ նստել էին երբեմն մեծ մարգարէի հաւատարիմքը: Այս պատուելիու կրօնափոխութիւնքը հետեւանք է քաղաքական գաղափարների եւ ո՛չ բուն կրօնական խորհրդով: Ովի՞ն է խաբում սա:

Ուրեմն, պատասխանեցի ես Շամիլին, եթէ ձեր համար այդպէս հեշտ է կրօնափոխութիւնը, էգուց կարող էիք ընդունել եւ Բուդդականութիւն. ինչպէս տեսանում եմ ես (ներեցէք, որ համարձակւում եմ տեսանել, ըստ որում, անզօր մարդ լինելով, դուք ասում էք, թէ չունէի ոչինչ իրաւունք), շատ թոյլ է ձեր բարոյականութիւնը, եւ այդ վիճակում գտանուելով՝ դուք ընդունակ էք մինչեւ ձեր կեանքի վերջը փորձել աշխարհի երեսի բոլոր կրօնքը եւ դաւանութիւնքը: Ասել է մի խօսքով, թէ ոչինչ սուրբ բան չկայ ձեր համար աշխարհի երեսին, այլ ամենայն ինչ խաղալիկ է ձեր հզօր ձեռքում:

Սրտապնդելով ասացի այս խօսքերը բռնակալին՝ մտածելով, եթէ կը վնասէ ինձ, գլուխը քարը, թո՛ղ վնասէ. ո՞չ ապաքէն միանգամ պիտի մեռանիմ, գոնէ մինչդեռ ժամանակ ունիմ ձեռքումս, ճշմարտութեան մուրճի հարուածը հասուցանեմ դորա ճակատին: Բայց Շամիլը այդ մտքի վերայ չէր։ Նա իմ հետ վարւում էր ամենեւին այնպէս, որպէս մի որսորդ իւր որսի հետ, որի մասին հաւատացած էր, թէ ո՛չ մի կերպով չէր կարող ձեռքից դուրս գալ, եւ, այս կերպով ապահոված լինելով իմ ներկայութիւնը, թոյլ չտուեց իւր բարկութեանը վառուիլ, բորբոքուիլ, թէեւ մի տհաճութեան ամպ, ասես թէ փոթորիկից հալածուած, անցաւ նորա երեսի վերայով:

Ճշմարիտը պիտոյ է ասել, ես խիստ վարուեցայ՝ յանդիմանելով նորա անհաստատութիւնը կրօնի կամ սրտի վկայութեան մէջ: Ինձ՝ որպէս քրիստոնէի, պարտականութիւն էր ներողապէս նայել նորա յանցանքի վերայ, թողուլ նորա մեղքը, ըստ որում, երեխայութենից ուսել էի խնդրել Աստուծուց թողուլ իմ մեղքը՝ խոստանալով իմ կողմից թողուլ ուրիշներինը: Բայց աւա՜ղ… մարդկային թուլութիւնը շատ անգամ տիրապետում է նորա բանականութեան վերայ, շատ անգամ պատահում է մեզ արտասուքի հեղեղներով լուանալ եւ անհետացնել մի ամբարտակի մնացորդք, որի կազմուելու ժամանակ դուրս էին թռել մեր աչքից ուրախութեան արտասուք. մոռանալ մի գործ, իհարկէ՝ զզուելով նորա անպիտանութենից, որի գործելու ժամանակը համարել էինք մեր կեանքի ամենաերջանիկ րոպէներից մինը:

Բայց ո՛ւր էին այս մտածութիւնքը այն ժամանակ, երբ երես առ երես կանգնած էի Շամիլի առաջեւ, ո՛րտեղ մնացել էր իմ սառնարիւն դատողութիւնը, այն չափը, որով միայն ճշտապէս կարելի է չափել որպէս մի մարդու, նոյնպէս մի ազգի եւ ամբողջ մարդկութեան գործը: Կէս մի Շամիլի անարգ կարծիքը ազատութեան եւ մեր կրօնի վերայ, կէս մի իմ ատելութիւնը դէպի նորա ստրկական կրօնը, դէպի նորա անձը, որպէս դէպի մի բռնակալ եւ թշնամի Ռուսսիայի, որի խաղաղ քաղաքացիներից մինը լինել վաղուց վիճակել էր ինձ Նախախնամութիւնը. այս բոլորը միասին դղրդեցին իմ հոգին եւ պատճառ տուեցին այդ խօսքերը խօսելու:

Շամիլը պատասխանեց ինձ.

Սուտ չէ՛ քո կարծիքը իմ հայեացքի մասին կրօնի վերայ, ես այնքան լայն հոգի եւ լայն սիրտ ունիմ եւ այնպիսի բազմակողմանի մարդ եմ, որ կարող եմ ամենայն կրօն բովանդակել իմ մէջ:

Ափսո՛ս, որ կէս դար յառաջ չենք ծնած, ապա թէ ո՛չ, գուցէ դուք եւս ընկնէիք ֆրանսիական էնցիկլօպեդիստների կարգը, որոնք իւրեանց լայն հոգով, լայն սրտով եւ բազմակողմանի հայեացքով վերջապէս Աստուծոյ սեղանի վերայ դրեցին մի… Եւ պաշտեցին՝ այս է բանականութեան Աստուածը ասելով: Բայց մեք, այսպէս շարունակելով մեր խօսակցութիւնը, չմօտեցանք բուն խնդրին, որի մասին ինձ բերեցին ձեր առաջեւ։ Ես այսքան միայն ասում եմ, որ եթէ դուք փոքր ի շատէ յարգում էք ձեր անձը, ապա ուրեմն առանց ամենայն վնասի ինձ պիտոյ է արձակէք դէպի իմ աշխարհը, որովհետեւ ամենայն իշխանութիւն՝ չարաչար գործ դրուած, արժանի է դատապարտութեան: Դուք՝ որպէս իշխան մի աշխարհի, ուր ամենայն բան խառնիխուռն, անկարգ եւ անկանոն, ուր խաւարասէր մտքեր ամենայն օր գտանում էք ձեր անքրիստոնեայ գործերին եւ խորհուրդներին օգնական, կարող էք, իհարկէ, պատրաստել ինձ շատ անախորժութիւնք, բայց այն ժամանակ աշխարհը կը նայի ձեր վերայ որպէս մի խայտառակութեան դրոշմը ճակատին աւազակի վերայ, որ, նստելով մի անցքում, ձեռք է ձգում մարդիկ եւ վարւում է նոցա հետ, ինչպէս հրամայում էր նորա թշուառ հոգին եւ ամայացած սիրտը, որ, անիրաւաբար օգուտ քաղելով իւր պատահական դրութենից, չարաչար գործ էր դնում իւր ոյժը ձեռք ձգած մարդու վերայ, որ կանգնած էր նորա առաջեւ:

Հը՛մ, արեց Շամիլը, դու ուրախ կը լինէիր, որ ես իմ ձեռքով առնէի քո դատաստանը, բայց ի՛նչ հարկաւորութիւն ունիմ անհաւատի արիւնով պղծել իմ ձեռքը: Տարակոյս չկայ, որ դու յանցաւոր ես եւ մահու պարտական, որովհետեւ այս ծերունիների առաջեւ յանդուգն խօսքերով անարգեցիր ինձ, բայց ես քո դատաստանը կը յանձնեմ այն աշխարհի կառավարութեանը, որին հպատակ ես դու:

Միայն թէ արձակեցէ՛ք ինձ այստեղից, այնուհետեւ ինչպէս կամիք, եւ ես անչափ շնորհակալ կը լինիմ ձեզանից, եթէ առիթ տաք ինձ գործ ունենալ իմ աշխարհի կառավարութեան հետ, որ, անտարակոյս, բիւր անգամ լաւ հասկանում է մարդկութիւնը, քան թէ դուք:

Բայց մի՛ մոռանար, որ ես մի մեծ մարդ եմ եւ այնքան մեծ, որ ձեր կայսրը արժան է համարում իմ հետ պատերազմել: Իմ որդին, Պետերբուրգում կրթուած լինելով, ունի շատ մեծատուն բարեկամք, ինձ արժէ միայն մի նամակ արձակել դէպի Պետերբուրգ, այնուհետեւ աւարտուած էր քո ասպարէզը:

Խնդրեմ, որ դուք եւս չմոռանաք, որ մեր կայսրը վարւում է ձեր հետ որպէս մի բռնակալի հետ, որ, տիրապետելով մի աշխարհի, խռովում էր դրացի ազգերի խաղաղութիւնը: Նա ո՛չ եթէ յաղթութիւն կամի ստանալ ձեր վերայ, այլ պատուհասել ձեզ, ըստ որում, ձեր ժողովրդի անօրէնութիւնքը հասած են մինչեւ երկինք: Դուք պարծենում էք կամ մեծ յոյս ունիք ձեր որդու մեծատուն բարեկամների վերայ, բայց ես այդպիսի բարեկամների լինելութիւնը եւս ձգում եմ երկբայութեան տակ: Ձեր որդին գտել է իւր հետ խօսողք միայն, որ, քաղաքագէտ մարդիկ լինելով, մի կերպ վարուել են նորա հետ, բայց ներկայ ժամանակումս բարեկամ գտանել Պետերբուրգի մէջ, շատ կարծիքական մի բան է: Այս խօսքերը չեմ ասում ես այն պատճառով, որ արգելեմ ձեր գրութիւնը։ Ամենեւին ո՛չ, դուք կարող էք գրել իմ մասին ում կամիք, բայց այն մարդը, որին գրելու էիք, ձեր օրէնքի ընդդէմ պահանջողութեններին լռութեամբ միայն պատասխանելով, կ՚անարգէ ձեր կոչումը եւ անձը: Մեր կայսրը, որին հատուցել ենք մեր հպատակական երդումը, այնպիսի իշխան չէ, ինչպէս դուք, որ միմիայն բարբարոսութեամբ կամիք ցոյց տալ ձեր մեծութիւնը։ Դորա հակառակ, նա հայր է այն ազգերին, որոնց կառավարութեան ղեկը Նախախնամութիւնը հաւատացել էր նորան: Նորա սիրտը միշտ պատրաստ է կարեկից լինել իւր մի որեւիցէ անբաղդացած հպատակին, վասն որոյ բարի խորհուրդ տալիս եմ ձեզ արձակել ինձ՝ առանց հրապարակելու մեր խօսակցութիւնը մեր կառավարութեանը, որովհետեւ դորա հետեւանքը միմիայն խայտառակութիւն էր ձեր համար:

Դուք կարո՛ղ էք հասկանալ իմ ասածների ճշմարտութիւնը, եթէ մի փոքր մտածէք միայն: Ի՛նչ կ՚ասէ ձեր ազգը, ձեր ժողովուրդը, եթէ տեսանէ, որ ձեր գանգատը մի անզօր մարդու վերայ մնում է առանց մի չար հետեւանքի նորա համար։ Ո՞չ ապաքէն ձեր ոյժը եւ զօրութիւնը, որի մասին մեծ կարծիք ունին տգէտ մարդիկ, կ՚երեւի իւր վերին աստիճանի թուլութեամբ եւ ոչնչութեամբ:

Ո՞չ ապաքէն մեր աշխարհի կառավարութեան մէջ գտանուած մեծամեծքը, որ գուցէ մի փոքր լաւ կարծիք ունէին ձեր գլխի վերայ, պիտի այժմ հասկանան ձեր անխելութիւնը՝ նայելով, թէ մինչեւ ո՛ր աստիճան յիմար եւ բարբարոսական են ձեր պահանջողութիւնքը: Դուք տեսանում էք, որ ձեր ներկայութիւնը խափան չէ ինձ՝ առանց վարագուրելու խօսել ճշմարտութիւնը, բայց ո՛րչափ խօսք եւ զրոյց կը բարձրանայ մի այլ աշխարհում, ուր ո՛չ դուք, ո՛չ մինը եւ ո՛չ միւսը կարող չէին փակել խօսողի բերանը, ուր խօսք ասացեալը համազօր է կրակի եւ սուրի: Այո՛, ձեր անունը այդ աշխարհի մէջ կը դառնայ մի անարգութեան ցուցակ, եւ եթէ կամենան մի ատելի եւ անպիտան մարդ անարգել, կ՚անուանեն նորան ձեր անունով:

Այս խօսքերի վերայ Շամիլը ընկաւ մի փոքր մտածութեան մէջ. երեւում է, որ ասածներս նստում էին նորա խելքին: Նայիբները, որ նստած էին նորա մօտ, լսելով իմ խիստ խօսքերը, երբեմն երբեմն զարմացական «մեղաներով» շփում էին իւրեանց սպիտակ մօրուքը: Խօսակցութիւնքը կտրուեցան, եւ ես կանգնած սպասում էի լսել իմ դատակնիքը: Մտքումս դրել էի, թէ, անտարակոյս, մահը սպասում է ինձ Շամիլի շրթունքի տակ:

Բայց եւ այստեղ սխալուեցայ. չգիտեմ՝ ինչ էր պատահել այդ մարդուն, երեւի թէ իմ հաստատ եւ խիստ խօսակցութիւնը, հոգեբանաբար ներգործելով, թուլացուց նորա հոգին եւ մոռանալ տուեց մի ժամ իւր զօրութիւնը եւ իշխանութիւնը: Պատահում են րոպէներ, երբ ե՛ւ բարբարոսը, ե՛ւ աւազակը թուլանում է, եթէ յանկարծ եւ մեծ ուժով ներգործես նորա հոգու վերայ: Այդպիսի դիպուածում ազդու հոգու խօսքերը, մինը միւսի քամակից, կայծակի նման թափուելով դիմացը կանգնած մարդու վերայ, ձգում են նորան մի կաշկանդուած վիճակի մէջ: Աւազակի հոգին մոռանում է մի րոպէ իւր պատահական դրութիւնը, մոռանում է օգուտ քաղել նորանից՝ որպէս թէ յաղթահարուելով այն ազդու հոգուց, որից դողում է եւ սարսափում է, եւ ինքը, չնայելով որ մարդերի որսորդ էր, պակաս ուրախանալու չէր, եթէ ազատուէր այդ հոգու ներկայութենից: Շատ անգամ մի մարդու միայն լոկ կերպարանքը մեծ ազդեցութիւն է գործում նորա առաջեւ կանգնած մարդու վերայ. մի հայեացք կայծակի պէս թռչում է, մտանում է նորա մէջ եւ, ասես թէ տեսանելով նորա հոգու ամենածածուկքը, զինաթափ է առնում նորան:

Խաբեբայ մարդիկ այս հոգեբանական երեւոյթը մեկնում են շնչական մագնիսականութեամբ, որի լինելութիւնը եւ ազդեցութիւնը դեռեւս չէ ապացուցուած եւ ընդդէմ է մինչեւ այժմ յայտնի բնական օրէնքներին:

Ինչպէս եւ եղած լինէր, միայն բանը այս է, որ Շամիլը մի թրջուած կատուի նման վեր կացաւ սօֆայի վերայից եւ դուրս գնաց նայիբների հետ՝ հրամայելով ինձ եւս ելանել նորա քամակից:

Երբ ոտքս դուրս կոխեցի շեմքից, երկու զրահաւորուած մարդիկ բռնեցին ինձ եւ դարձեալ տարան եւ փակեցին գոմի մէջ:

Այսպէս անցաւ իմ առաջին տեսութիւնը:

Առանց ամենայն այցելութեան երկու շաբաթ մնացի գոմի մէջ: Ստանում էի մի շատ պարզ կերակուր, խմելիքս էր կորեկաջուր: Այդ երկու շաբաթական բանտարգելութիւնը առաջին անգամ փորձական կերպով շօշափելի կացուց ինձ արգելական մարդու թշուառութիւնը. ազատութեան արժէքը աւելի վեր բարձրացաւ իմ աչքում, եւ այդ օրից ուխտեցի վերջին արիւնս թափել ազատութեան անունի վերայ:

Այդ միջոցը դարձաւ իմ համար մի գեղեցիկ ուսման ժամանակ, այդտեղ աւելի հիմնաւոր կերպով սկսեցի մտածել մի քանի փիլիսոփայական խնդիրների վերայ: Այդտեղ վերստին նուիրեցի իմ անձը, իմ կեանքը մարդկութեան օգտին, այդ միջոցին, մանաւանդ, վեր բարձրացան դէպի երկինք իմ ջերմեռանդ աղօթքի խունկերը, եւ Ամենաբարձրեալը գթացաւ իմ վերայ:

Մի երեկոյ երկար մտածութեններից յետոյ քնեցայ… Ի՜նչ տեսակ երազներ, ի՜նչ պատկերներ ներկայացան իմ հոգու առաջեւ, բայց հարկաւոր չէ այդ բաները գրել այստեղ. ով գիտէ, մի՛գուցէ Յիշատակարանիդ ընթերցողքը ասեն, թէ մեք Շահբէգին մի մարդ էինք կարծում, բայց նա եւս շատախօս պառաւի նման երազներով է լցրել իւր նամակը:

Բայց գիտեմ, որ դու պիտի բարկանաս, եթէ չգրեմ, որովհետեւ կատարեալ գաղափար ստանալու չէիր այն տպաւորութենների մասին, որ գործուել էին իմ վերայ: Այս պատճառով իմ երազներից գլխաւորը ստորագրում եմ այստեղ, բայց այն պայմանով, որ դու միայն կարդաս, եւ Յիշատակարանիդ մէջ չերեւի. բարեկամութեան անունով հարկադրւում ես կատարել այս իմ ցանկութիւնը՝ իմ պատիւը ժողովրդի աչքումը պահելու համար [1]:

Եւ այսպէս, երկար եւ տեսակ տեսակ մտածողութեններից յետոյ քնեցայ:

Ինձ թուեցաւ, թէ գտանւում եմ մի գեղեցիկ դաշտում՝ կանաչ արօտի վերայ, թեք ընկած մի ծառի տակ։ Առաջեւիցս վազում էր մի քաղցր եւ պայծառ վտակ: Տեսայ, որ գալիս է հեռուից մի երիտասարդ մարդ՝ երկարահասակ եւ նիհար, տեսայ, որ շատ վաստակած, հազիւհազ փոխում էր քայլերը։ Նա չնկատեց ինձ, որովհետեւ ծառը խափանարկու էր նորան՝ ինձ տեսանելու: Թուլութենից համարեա թէ վայր ընկնելով՝ նստաւ արօտի վերայ: Նորա կերպարանքը տխուր, եւ, չնայելով նորա երիտասարդութեանը, արդէն խորշոմը դրել էր նորա ճակատի վերայ իւր կնիքը:

Հարցասիրութիւնը բռնադատեց ինձ մօտենալ այդ մարդուն, նորա մելամաղձոտ կերպարանքի մէջ գտայ ես մի համակրութիւն: Ինձ թուեցաւ, թէ այդ մարդը, շատ վշտերի ենթարկուելով, իրաւունք էր ստացել, որ ամենայն մարդ կարեկից լինի նորան:

Մօտեցայ եւ ողջունում եմ: Նա, փոխանակ իմ ողջոյնը ընդունելու, դէպի երկինք վեր բարձրացրեց իւր նիհար ձեռքերը եւ վշտահար աչքերը, եւ ասաց.

Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, այստեղ եւս հանգիստ չկայ մարդերից, այստեղ եւս չեմ կարող մոռանալ ինձ շրջապատող բնութիւնը եւ վեր բարձրանալ մտքով դէպի քեզ:

Այս խօսքերը ասաց՝ առանց ուշադրութիւն դարձուցանելու իմ վերայ։ Յետոյ, որպէս թէ կերպարանափոխ լինելով, շատ սառնութեամբ ողջունեց ինձ: «Սա ի՞նչ օտարոտի մի մարդ է, - մտածեցի ես, - արդեօք ի՞նչ է պատճառը, որ, աշխարհից բոլորովին յուսահատուելով, մխիթարութիւն է որոնում անապատում՝ միայնութեան մէջ»:

Խնդրեմ ներողութի՛ւն, ասացի ես, եթէ անպարկեշտութեամբ վրդովեցի քո առանձնական ժամերի խորհրդականութիւնը, բայց ես չեմ մեղաւոր, որ շտապեցի քո մօտ. դեռ նոր էի տեսել քեզ հեռուից, եւ ահա սիրտս սաստիկ սկսեց բաբախել կուրծքիս մէջ: Քո բանաստեղծական կերպարանքը, քո տխուր հայեացքը մօտ քարշեցին ինձ քեզ, իսկ թէ ինչ է քո մէջ այն, որ այդպէս ներգործեց իմ վերայ, չեմ կարող հաշիւ ու համար տալ ինձ:

Մի պարկեշտ ժպիտ խաղաց իմ անծանօթ հանդիպակացի շրթունքի վերայ:

Ես մի խեղճ մարդ եմ, ասաց նա, եւ իմ մէջ, բացի հիւանդութենից, ոչինչ չկայ: Դու զարմացնում ես ինձ՝ պատմելով, որպէս թէ իմ ներկայութիւնը այդպիսի տպաւորութիւն էր գործել քո վերայ: Առաջին անգամ տեսանում եմ ես մի մարդ, որ այդպէս քնքշութեամբ խօսում էր իմ հետ: Մինչեւ այժմ, բացի բամբասանքից, քսութենից, ատելութենից եւ անիրաւ հալածանքից, ուրիշ ոչինչ չեմ տեսել ես մարդերից: Տէ՛ր Աստուած, մի՞թէ վերջապէս ծագել է գթութեան օրը:

Վերջին խօսքերը ասելու ժամանակ դարձեալ վեր բարձրացրեց ձեռքերը եւ աչքերը, բայց սոքա արտասուքով փայլում էին այս անգամ:

Մի՞թէ մարդերի անարդարութիւնը պատճառ է եղել, որ այդպէս զզուել ես մարդերից։ Չէ՛ պիտոյ յուսահատուիլ, եթէ մի բարի խորհրդի վերայ ես, թո՛ղ ամենակալ Տէրը լինի քեզ օգնական:

Ամենակալ Տէրը՝ Նա, որ քննում է մեր բոլորի գաղտնիքը, որի աչքը համարում է մեր աղիքի խորհուրդները, գիտէ, որ ես լաւութիւն եւ բարի՛ եմ ցանկացել ամեն մի մարդու, գիտէ, որ այդ իմ սուրբ եւ մաքուր ցանկութիւնը պատճառ է եղել իմ հալածանքին անիրաւ եւ բռնակալ մարդերի կողմից:

Վերջին խօսքերը, թէ «անիրա՛ւ եւ բռնակալ մարդիկ հարստահարել են նորան», դղրդեցին իմ հոգին, թէեւ երազում չէի զգում, որ գտանւում եմ գերութեան մէջ, այլ այդ թշուառ վիճակի դառն տպաւորութիւնը մի մասնով դեռեւս անհետացած չէր իմ ուղեղից:

Անիրաւ եւ բռնակալ մարդերի կողմի՞ց, գանչեցի ես, եւ արիւնը գլխիս զարկեց, ես քեզ ընկեր մինչեւ ի մահ, ե՛կ խնդրենք այդ բոլոր անիրաւութենների վրէժը:

Ես քրիստոնեայ եմ, կտրեց խօսքս իմ անծանօթ սիրելին. ես չէ պիտոյ մտածեմ վրիժառութեան վերայ: Մի՞թէ Նա, որ մարդկութեան համար մեռաւ խաչի վերայ, վրէժխնդի՞ր եղաւ նոցանից, որ հասուցել էին Նորան այդ անարգ մահը: Նա չէ՞ր, որ դեռեւս Հօրից ներողութիւն էր խնդրում իւր չարչարողներին:

Մի սարսուռ զգացի ես՝ լսելով այս խօսքերը, յետոյ որպէս թէ մի եռացուցեալ ջուր թափեցին գլխիս վերայ: Թշերս այրւում էին ամօթից, որպէս կրակից:

Ես ուխտաւոր եմ թողուլ բոլորի մեղքը, եւ այդ ուխտը ամրացած է մի սարսափելի կնիքով՝ Քրիստոսի անպարտ արիւնով, շարունակեց նա:

Ես կարօտ եմ կարեկցութեան, ես հիւանդ եմ, եւ իմ հիւանդութեան պատճառը դուրս է իմ կազմուածքի միջից: Ցաւը, որ տանջում է ինձ, դեռեւս չէ ընկել եւ չէ եւս ընկնելու ոչ մի Պատօլօգիայի մէջ։ Բժշկութիւնը ճար չունի ընդդէմ այդ ցաւին, նորան կարող է բժշկել միմիայն Նա, որ ասաց, թէ իւր անունով մահ չկայ: Ես ունէի նորա կտակը եւ, ամեն օր եւ ամեն ժամ կարդալով նորան, ասես թէ մոռանում էի իմ ցաւերը, ասես թէ մի զովացուցիչ բալասան թափւում էր այդ կտակից իմ թարախոտ եւ փտած վէրքերի վերայ: Բայց նախանձոտ մարդիկ այստեղից ոչ շատ հեռի՝ ահա այնտեղ (այս խօսքերը ասելով՝ ցոյց տուեց մատով մօտակայ ուռիների անտառը), խլեցին իմ ձեռքից այդ կտակը…

Այստեղ հեկեկանքը եւ արտասուքը թոյլ չտուեցին շարունակել նորան իւր խօսքերը: Մի փոքրից յետոյ, մի սպիտակ թաշկինակով սրբելով արտասուքը, փոխուած եւ ողբալի ձայնով յառաջ տարաւ իւր պատմութիւնը.

Ինձ ասացին այդ խլողքը, թէ մահաբեր կը լինի իմ համար այդ կտակը, ինձ ասացին, թէ ես չեմ կարող հասկանալ նորան ինքս ինձանով, թէ կարօտ է նա մեկնութեան, թէ առանց առաջնորդի կը գայթակղուիմ եւ կը կորչիմ… Աւա՜ղ, որպէս թէ եգիպտական առեղծուածք կտակել էր մեզ Նա, որ, հերքելով ամենայն փարիսականութիւն, ամենայն խառնափնդորութիւն, արեւի լոյսի տակ ցոյց էր տուել Իզիսի երեսը: Ասացին, թէ ինձ հարկաւոր է այլ ճար… «Ո՜չ, ո՜չ», աղաղակում եմ ես: «Դու չգիտես, պատասխանում են սրբապիղծքը, դու, մեր հոգաբարձութեան տակ լինելով, պիտի լսես մեզ»: «Չկամիմ լսել, եւ ո՛վ դրել է ձեզ հոգաբարձու իմ վերայ. մի՞թէ Նախախնամութիւնը գայլին հոգաբարձո՞ւ կը կարգէ հեզ եւ անմեղ գառնիկների վերայ կամ բրէտը՝ տակառով մեղրի վերայ… Հեռի՛ ինձանից, դուք՝ գիշերադէմ մարդիկ»: Բայց ականջ դնող չեղաւ իմ բողոքին։ Նոցանից մինը, համարեա թէ բռնութեամբ յափշտակելով իմ մօտ գտանուած բոլոր արծաթը, տուեց ինձ ահա այս կապոցը՝ ասելով, թէ դորա մէջ կարող եմ գտանել իմ ցաւի ճարը: Ո՜հ, թէեւ շատ արտասուք թափեցի՝ բաժանուելով այն կտակից, բայց այնուամենայնիւ փոքր էր. նորա գրողը իմ արտասուքից շատ արիւն էր թափել այդ կտակը վաւերացնելու համար:

Ի՞նչ կայ այդ կապոցի մէջ, հարց արեցի ես:

Չգիտեմ, պատասխանեց խորհրդական ծանօթս եւ նետեց կապոցը իմ առաջեւ՝ նշանացի առնելով, որ բանամ նորան:

Երբ բացեցի, ո՛վ խայտառակութեանս, գտայ կապոցի մէջ հին եւ պատառոտուն հանդերձներ՝ հարիւր, հազար կարկատաններով։ Բացի նոցանից, ուրիշ այլ ոչինչ:

Տեսանո՛ւմ ես, ասաց իմ հետ խօսողը թոյլ ձայնով, այդ հազար կարկատաններով կցկցած պառաւական ձեռագործը տուեցին ինձ այն կտակի փոխանակ, որի գրողը եւ հեղինակը էր եւ այդ պառաւների արարիչը:

Այստեղ չկարողացայ դիմանալ, որ չարտասուեմ: Միւս կողմից՝ մի զմայլանք եկաւ իմ սրտի վերայ՝ տեսանելով, որ այդպիսի քնքուշ սրտի տէր էր այդ մարդը: Յետոյ, խօսելով մի քանի մխիթարական խօսքեր, ասում եմ.

Մեծ երջանկութիւն կը համարեմ ինձ, եթէ կարողանամ իմանալ, ովի՞ հետ շնորհել է ինձ բաղդը խօսակից լինել:

Ես Հայ եմ, պատասխանեց, եւ աւելի ոչինչ: Եթէ իմ մարդկութիւնը բաւական չէ քո համար, որ կարեկից լինիս ինձ, թո՛ղ գոնէ իմ Հայութիւնը շարժէ քո սիրտը եւ հոգին: Ես որդի եմ մի անբաղդ ազգի, որ երբեմն ունեցել է իւր քաղաքականութիւնը, իւր հողը, օրէնքը, սուրը եւ դրօշակը: Որ այս րոպէիս բեւեռից մինչեւ բեւեռ ցրուած աշխարհի երեսին գտանւում է խղճալի վիճակի մէջ, գերի եւ ստրուկ խաւար նախապաշարմունքների եւ ամենեւին անհոգ լուսաւորութեան մասին: Չգիտեմ, թէ ի՛նչ ազգից ես դու, բայց ով եւ լինէիր, մի՛ արհամարհիր իմ անձը, մի՛ անարգիր իմ ազգը այդ պակասութենների պատճառով, որովհետեւ նա է այն միակ առարկան, որ մօտ է իմ սրտին եւ հոգուն, որովհետեւ նորա արիւնը շրջանառութիւն է կատարում իմ երակների մէջ, որովհետեւ գիշեր ցերեկ նորանով զբաղուած է հոգիս: Ցաւի՛ր եւ ողբա՛ այդ ազգը, աղաչի՛ր գթած Աստուածը նորա համար, եւ այդ քո բարեմտութեան փոխարէն կը վարձատրէ քեզ Նա, որ խոստացաւ իւր անունով մի բաժակ ջուր մի աշակերտի տուողի վարձը եւս չմոռանալ:

Չկարողացայ դիմանալ, որ այլեւս խօսէր նա, արիւնը ապստամբուեցաւ երակներիս մէջ, փաթաթուեցայ նորա վզին՝ աղաղակելով. «Եւ ես Հա՛յ եմ, եւ ես Հայ, մեր սիրական Հայերին առ ի սրտէ բարի կամեցող»:

Բայց այնպիսի կրքով եւ սաստկութեամբ փաթաթուեցայ նորա վզին եւ այնպէս աղաղակեցի, որ իմ նոյն իսկ ձայնից զարթելով քնից, չէի կարող հաւատալ, թէ գտանւում եմ բանտում՝ գոմի մէջ, մի ապականեալ մսուրի մօտ:

Ձեռքիս շղթաները մերկացուցին աչքիս առաջեւ կախարդական վարագոյրը, եւ այդ շղթաների տխուր եւ միօրինակ ձայները զգացուցին ինձ, թէ երազում էի տեսել այս վերեւում պատմած բաներս: Առաւօտը վեր կացայ տեղից հոգու մեծ զօրութեամբ, թէեւ բաւական թոյլ մարմնով:

Նոյն օրը հրաման ստացայ ներկայանալ Շամիլին:

Ինձ դարձեալ ընդունեց նոյն սենեկի մէջ եւ մի քանի բառ խօսելուց յետոյ ասաց.

Անցեալ օրուայ խօսքերիցդ տեսայ, որ մոլորուած ես դու, ցաւում եմ քո վերայ. դու կարող էիր աւելի պիտանի մարդ լինել ե՛ւ քեզ, ե՛ւ քո ազգին, եթէ ծառայէիր իմ մօտ:

Իմ՝ ձեր մօտ ծառայութիւնը ի՞նչ յարակցութիւն կարող էր ունենալ իմ ազգի օգտի հետ:

Հը՛մ… Ես քեզ հնարներ կը տայի, որ ինձանից ուսած գաղափարքդ տարածէիր ձեր ազգի մէջ մեր լեզուով:

Ձեր լեզուո՞վ. Հայերի համար ձեր լեզուո՞վ: Այդ ի՞նչ խելացնոր բան է, մի՞թէ Հայք լեզու չունին:

Անպիտան է նոցա լեզուն, անկիրթ եւ անմշակ, բայց մեր լեզուն՝ կոկ կանոնաւոր եւ ամենայն լուսաւոր միտք եւ գաղափար հասկացնելու յարմարաւոր: Ի՛նչ ասեմ, Հայերը մինչեւ այժմ դեռ կռիւ ունին իւրեանց մէջ, հին, եթէ նոր ռամկական (jargon!) լեզուով պիտոյ էր գիրք շարադրել կամ օրագիր տպել: Եւ ո՛վքեր են կռուողքը, չկարծես հասարակ մարդիկ, այլ՝ ուսումնականքը:

Դուք ի՞նչ տեղից գիտէք այդ բաները:

Ես ամենայն բան գիտեմ:

Այդ գրողներից մինը եւս ես եմ, որ կանգնած եմ ձեր առաջեւ:

Ուրեմն, դու եւս պատերազմի մէջ ես այդ խնդիրների վերայ:

Անտարակոյս:

Մոլորութիւն մոլորութեան վերայ: Դուք, որ ուսումնականքդ, որ կարելի է ասել երկու եւ կէս մարդ էք, եթէ հաշտ չէք միմեանց հետ, դուք, որ պիտի օրինակ լինէիք ձեր ազգին, քարոզում էք բարոյականութեան ընդդէմը…

Ո՛վ է ասել ձեզ, թէ մեք քարոզում ենք ընդդէմ բարոյականութեան։ Այդ մի ցած զրպարտութիւն է, վեր առեցի ես:

Ձեր վէճ ու կռիւը, որպէս մի գայթակղեցուցիչ գործ, պատճառ է լինում անբարոյականութեան, թէեւ յատկապէս քարոզած չլինէիք անբարոյականութիւն, դուք պիտի հաշտուէիք նախ եւ յառաջ, որ ազգը եւս բաժին բաժին չլինէր:

Լոյսը չէ կարող հաշտուիլ խաւարի հետ, ճշմարտութիւնը՝ ստութեան հետ։ Այդ վէճը եւ պատերազմը հարկաւոր էր, որ մի օր յառաջանային մեր ազգի մէջ, հարկաւոր էր, որ լոյսը եւ ճշմարտութիւնը ոտաբոկիկ քշէին Հայաստանի ծխեալ աւերակներից խաւարի եւ ստութեան չար դեւը: Մեք բուն այդ վէճի մէջ տեսանում ենք լուսաւորութեան եւ խիստ բարոյականութեան սկիզբը: Մի՛թէ մի քայլափոխ չէ դէպի լուսաւորութիւն, եթէ սորա պաշտպանքը հրատարակեն սորա իրաւունքը իւրեանց ազգի այն բաժնի մէջ, որոնց առաւել սիրելի էր խաւարը: Հաշտուելով մեք՝ պիտի վերջանար այդ քարոզութիւնը, պիտի խաւարը դարձեալ տարածէր իւր մառախլապատ եւ մահադէմ վարագոյրը մեր ազգի վերայ. մի՞թէ սուտ է խօսածս:

Ձեր ամենայն բանը հակառակ է։ Ես տեսանում եմ, որ քեզանից մարդ դարձողը չկայ, տեսանում եմ, որ քեզանից օգուտ չկայ ո՛չ Մօհամմեդին, ո՛չ Ալիուն եւ ո՛չ նաեւ Այիշա–Ֆաթիմային։ Անհետացի՛ր իմ աշխարհից ինչ ճանապարհով որ եկար, միայն մի՛ մոռանար Շամիլի մեծահոգութիւնը:

Դուրս եկայ նորա սենեկից, արձակեցին ձեռքիս շղթաները, երկու օրից յետոյ հասայ Րեդուտկալէ բոլորովին հիւանդ: Մօտ իբր քսան օր ընկած էի մահճի մէջ, եւ բանագէտ բժիշկների հոգաբարձութիւնքը կարողացան այնքան թեթեւացնել ինձ, որ հնար ստացայ այս նամակը քեզ գրելու:

Ուրիշ ոչինչ նորութիւն չունիմ քեզ յայտնելու. լսւում է միայն, որ մեր նորընտիր Վեհափառ Հայրապետը Ապրիլի մէջ գալու է մեր կողմերը եւ գնալու Էջմիածին:

Ո՛ղջ եղիր ամենայն յաջողութեամբ, ամենակալ Տէրը թող առաջնորդէ ձեզ ձեր վտանգաւոր ճանապարհորդութեան մէջ: Մնաս բարով մինչեւ ցմիւս նամակս:

Քո անխարդախ բարեացակամ

Ս. Խ. Շահբէգ:

 

P. S. Լսում եմ, որ Փարիզում հրատարակւում է մի նոր ազգային օրագիր, թէ լրագիր՝ «Արեւմուտք» անունով, եւ թէ Մոսկուայի մէջ կամ գուցէ բոլոր Ռուսաստանի մէջ, այդ օրագրի գործակալ պիտի անուանուի Պ. Նալբանդեանցը: Ի՛նչ լաւ կը լինէր, գո՛նէ հնար կ՚ունենայի ես եւս ստանալու, ուրիշները եւս նոյնպէս, ըստ որում, մտածում եմ, որ այդ գործը բաւական արժանաւոր բան լինի: Հրատարակողներից մինը՝ Պ. Յ. Ոսկան, ունի բանաստեղծական ճոխ քանքար:

Շահբէգ:

 
   

 


Այս նամակով կնքում եմ այս անգամի Յիշատակարանս, ըստ որում, բաւական երկարացաւ. միգուցէ ձանձրացնեմ ընթերցողքս, որ մինչեւ այժմ սիրել են իմ Յիշատակարանը, ուստի թողնում եմ այլ բաների մասին խօսել մինչեւ մի այլ յաջող րոպէ:



[1] Այն բանը, որ ընդդէմ չէ հօրեղբօրս ճաշակին եւ հասկացողութեանը, անտարակոյս, ընդունելի է ժողովրդին, ըստ որում, հօրեղբայրս ունի լաւ ճաշակ եւ տէր է խիստ բարոյականութեան: Բացի սորանից, Պ. Շահբէգը պարկեշտութենից յառաջացած արգելանքը զրկանք ճանաչելով Յիշատակարանիս ընթերցողներին, արժան համարեցի ներս բերել Յիշատակարանիս մէջ նորա խորհրդաւոր տեսիլը՝ յուսալով մեր բարեկամի ներողամտութեան վերայ:

Ծան. Հեղ.