Յիշատակարան Կոմս Էմմանուէլի

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ.

Մայիսի 1: Մտածում եմ, թէ մինչեւ ո՞ր աստիճան ողբալի էր կասկածամիտ մարդերի դրութիւնը. այդ բանի քանի օրինակները տեսած եմ: Խեղճ ողորմելիքը չէին կարող հաց ուտել հանգիստ, ամեն մի չնչին բան վրդովում էր նոցա փոքրիկ հոգու խաղաղութիւնը, ծառի տերեւների շարժողութիւնը կայծակնաբեր որոտմունքի նման բան է այդ մարդերի համար: Ով որ չէ նկատել այս բանը, թող ուշադիր լինի, եւ տարակոյս չունիմ, որ ցաւելու էր թէ ինչ պատճառով բնութիւնը այդպէս վշտացուցել է այդ մարդերին: Դոցա մէջ թագաւորուած է մի ստրկական երկիւղ, երկիւղ օտարից, երկիւղ ազգականից, երկիւղ ընտանիքից, երկիւղ բարեկամից, երկիւղ թշնամուց, հեռաւորից եւ մերձաւորից, եւ ասես թէ դոքա ինքեանք մի կերպարանուած երկիւղ լինէին, ասես թէ երկինքը այն պատճառով հաստատ պահել էր իւր կամարակապ տարածութիւնը, որ, կործանուելով մի այդպիսի մարդու գլխի վերայ, չքացնէր նորան: Ցաւելի մտածութիւն. արդեօք կա՞յ մի բնական պատճառ, որ այդ մարդիկը ստանում էին այդպիսի ստրկական ուղղութիւն հոգու: Եւ այդ պատճառը պիտոյ էր որոնել նոցա կազմուածքի՞ մէջ ֆիզիկաբար, թէ լոկ բարոյական պատճառների մէջ. արդեօք այդպիսի՞ մարդիկ շատ հարստահարուած էին, կամ շատ խաբուած, որ այժմ մատնուել էին այդ ողորմելի վիճակին, թէ չարագործ, նենգաւոր եւ այլ յանցանքների տէր լինելուց, մի խօսքով, հոգու անբարոյականութենից յառաջանում էր այդ կասկածամտութիւնը:

Մտածութիւնքս կտրուեցան թղթաբերի ներս մտանելով, եւ ահա ստացած նամակիս բառացի պատճէնը.

«Ողորմած Պարոն, Կոմս Էմմանուէլ. Ապրիլի 14, 1858. Րեդուտկալէ: Իմ ձեռքը հասած «Հիւսիսափայլ» անունով օրագրի մի քանի համարներից տեսանում եմ, որ դուք գործակից էք այդ օրագրին։ Ուրախ եմ եւ հոգւով չափ ուրախ, որ ձեր կոչումը եւ դրութիւնը աշխարհի երեսին խափան չէ ձեզ մի ազգային եւ բարի գործի մասնակից լինելու. երանի՜ թէ ես եւս կարողանայի մի կերպով օգտակար լինել այդ ընդհանուր ազգային գործի յառաջադիմութեանը։ Այո՛, ցանկանում էի երբեմն երբեմն տեղեկութիւնք տալ այդ պատուական օրագրին, բայց երկբայում եմ, մի գուցէ պարոն հրատարակողը տեղ չգտանէ իւր օրագրի մէջ իմ գրած բաների համար: Ես, ծանօթութիւն չունելով ո՛չ Պ. Հրատարակողի եւ ո՛չ Պ. Նալբանդեանցի հետ, որ, ինչպէս տեսանում եմ, պիտոյ է գլխաւոր աշխատակից լինի Պ. Հրատարակողին, գրում եմ ձեզ այս նամակը այն խորհրդով, որ դուք մի նամակով միջնորդ լինիք իմ եւ «Հիւսիսափայլ» օրագրի մէջ, որպէսզի ընդունէ իմ աշխատութիւնքը, եթէ պատահի ինձ ուղարկել: Ես կարդում եմ այստեղ «Մեղու Հայաստանի» անունով լրագիրը եւ շատ անգամ տեսանում եմ նորա մէջ այնպիսի բաներ, որ արժանի չէին բերանից հանելու, թող թէ պղծելով Գուտտենբերգի գիւտը հասարակութեան հրատարակելու: Չգիտեմ, արդեօք ստանո՞ւմ էք դուք այդ լրագիրը, թէ ո՛չ, բայց եթէ չէք ստանում, մի կորուստ չունիք. դորա գործակատարների մէջ չէ՛ երեւում մի հաստատ բնաւորութիւն, եւ ինքը՝ լրագիրը, չունի իւր համար մի ուխտեալ խորհուրդ, առաջեւումը մի նպատակ, որին հասանէր. դա մի առօրեայ բան է, եւ ճակատագիրը նոյն վիճակով վճռելու է դորա ապագան, որով վճռուեցան Կովկասը եւ Արարատը: Ես չեմ կարող տեսանել մի գործ, որ ազգային դիմակ ծածկելով երեսին, բայց էապէս հիմնուած լինելով նիւթական շարժառիթների վերայ, աշխատում էր յանձն առնուլ ամենայն տեսակ ցածութիւն, շողոքորթել ազգի թեթեւամիտ եւ կարճատես անդամների անձնասիրութիւնը եւ, այդ ճանապարհով հաճոյանալով ազգին, տարածել իւր անճոռնի լրագրի համարները՝ արծաթ ժողովելու աղագաւ: Այսպէս անմխիթար է իմ հայեացքը «Մեղուի» վերայ, եւ ես, անդադար գրագրութիւն ունենալով Թիֆլիզի հետ, տեսանում եմ, որ այնտեղ եւս խելացի եւ բանագէտ մարդիկ այդ աչքով նայում են դորա վերայ: Մի քանիքը իմ բարեկամներից, լսելով ինձանից, թէ կամենում էի երբեմն երբեմն քննութեան տակ ձգել դորա թերթերը, ասացին ինձ, թէ անպատշաճ էր ուշադրութիւն դարձուցանել այդպիսի մի չնչին գործողութեան վերայ եւ, խօսակից լինելով նորա գործակատարների հետ, անպատուել իմ անձը: Ես բոլորովին համաձայն եմ, եւ եթէ այդ գործը յարաբերութիւն չունենար մեր ազգի հետ, եթէ դա յիմար գաղափարներ չտարածէր ազգի մէջ, հաւատա՛, որ հետեւելով իմ բարեկամների խորհրդին, անունը եւս տալու չէի այդ գործին:

Ուղարկում եմ այժմ իմ մի քանի նկատողութիւնքը՝ «Հրաւիրակ հայրենասիրութեան» մակագրով, Պ. Իսահակեանցի յօդուածի վերայ, որ տպած էր այդ «Մեղուի» 14 համարում, Ապրիլի 5-ից:

Խնդրեմ շուտով ուղարկել ինձ այն երաժշտական նօտերը, որոնց մասին դեռեւս գրել էի Մարտի մէջ, դուք չգիտէք, թէ այսպիսի մի խուլ տեղում մինչեւ ո՛ր աստիճան զգալի է գեղեցիկ ձայների կարօտութիւնը ականջի համար: Գարունը բաւական շուտ սկսեց այստեղ: Հիւսիսային արեւելեան մրրիկները խռովում են անդադար Սեւ ծովի տարածութիւնը: Ողջ եղիք:

Միշտ պատրաստական խոնարհ ծառայ

Սերովբէ Խաչատուրեան Շահբէգ:       

 

P. S. «Այս րոպէիս ձեռքս հասաւ Մոսկուայում տպած «Նոր քնար Հայաստանի» անունով տետրակի չորրորդ համարը. թէ ինչ տպաւորութիւն կը գործէ իմ վերայ, այդ բանը կը գրեմ հետեւեալ փոստայով»:

Ս. Շ.      


Պ. Շահբէգի նկատողութիւնքը՝ Պ. Իսահակեանցի «Հրաւիրակ հայրենասիրութեան» մակագրով յօդուածի վերայ, որ տպած էր «Մեղուի» մէջ, նորա 14 համարում:


Պ. Իսահակեանցը իւր գրութեամբը յայտնում է իւր որպիսութիւնը։ Տեսանում եմ, որ դա բարեմիտ եւ աշխոյժ երեւակայութեամբ մի երիտասարդ է, բայց՝ շատ թոյլ դաստիարակուած, որովհետեւ նորա գրածի մէջ չէ երեւում մի հիմնաւոր դաստիարակութեան հետք: Շատ տեղ չարչարւում է լօգիկան, եւ այդ պատճառով Պ. Իսահակեանցը ինքն չէ իմանում կշռի ո՛ր թաթի վերայ դնէ իւր ծանրութեան քարը: Այդ պարոնը ազգի յետ մնալու պատճառ լուսաւորութեան կողմից դնում է այն բանը, որ բուն հնարն էր նորա յառաջխաղացութեան, այսինքն՝ այն մեղադրանքը, որ նորերումս լսւում է մի քանի պարոնների գրչի բերանից, ինչպէս վկայում է Պ. Իսահակեանցը ազգի անուսումնասիրութեան վերայ: Պ. Իսահակեանցը ասում է, թէ այն ժամանակ միայն պատշաճ էր այդ, «եթէ ազգայինք աղաւնեվաճառութեան եւ լոմայափոխութեան մէջ մոլորուած եւ ապականուած լինէին, եւ ազգային գիտութեան եւ յառաջադիմութեան տունը աւազակաց այր շինած լինէին։ Այս խօսքերից յետոյ, որ բաւական հանդարտութեամբ յառաջ է տարել, իսկոյն վայր է ձգում երեսի դիմակը եւ ասպարէզ է մտանում։ Այս ի՞նչ դատաստան է, որ մեր լեզուագէտները գործ են դնում: Այս ի՞նչ հայրենասիրութիւն է, որ կացին եւ մանգաղ վեր առած, լեզուները սրած՝ ազգը պախարակելու վերայ են եւ վէրք վէրքի վերայ դնելու։ Ա՜խ, մինչեւ ե՞րբ մեր խեղճ ազգը այս դաժանակիր լծոյ տակը ծնգի եւ տառապի։ Մինչեւ ե՞րբ պէտք է նախատանաց, բամբասանաց եւ զրպարտութեան պարսաքարեր եւ թուք ու մուր արձակուեն նոցա վերայ։ Ո՛վ Պարոններ, ազգը այս տեսակ կրթութիւն չի ստանալ, ազգը վայ ու վագլխով իրա կորուստը չի գտնիլ. մանկութիւնը սիրում է գգուանք, սիրում է փափկութիւն, սիրում է փաղաքշանք…»:

Չենք հասկանում՝ Պ. Իսահակեանց, թէ Հայոց ազգը ո՞ր տեղում ունի գիտութեան եւ յառաջադիմութեան տուն, որի մասին ասում էք, թէ չէ շինել նա այր աւազակների, ուրեմն եւ անպատշաճ էր զուր տեղը ազգը մեղադրել։ Մեք եւս, ինչպէս դուք, ազգի որդիք ենք եւ կցորդ դորա փառքին եւ անարգանքին, դորա հարստութեանը եւ կարօտութեանը, տեղեակ նորա կարողութեանը եւ տկարութեանը, բայց, չնայելով այս բոլոր բաների վերայ, ո՛չ մի տեղում չենք տեսանում մի բան, որ սեփական լինէր հասարակ ազգին, չենք տեսանում մի ծառ, որ ազգը միաբան գործակցութեամբ տնկած լինէր, եւ ազգային եղբարց կծու, բայց ճշմարտախօս մեղադրանքը ամենեւին յառաջանում է դոյն այդ բաների չլինելուց: Խնդրում ենք ցոյց տալ մեզ երկու Հայ, որ միասին խորհուրդ կատարած լինէին ազգի յառաջադիմութեան վերայ, հոգ տարած լինէին ազգի զաւակների կրթութեան եւ լուսաւորութեան վերայ։ Եւ ինչպէս է, որ, այս լուսափայլ ճշմարտութիւնը անտես արած, փորձ էք փորձում յարձակուիլ մի քանի Պարոնների վերայ, այն պատճառով, որ նոքա, ճշմարտութիւն քարոզելով, բամբասանքի տակ էին ձգում իւրեանց անձը հիւանդոտ եւ կարճատես մարդերի կողմից: Դուք ասում էք, թէ ա՛յն ժամանակ արժան էր դնել ազգի վերայ այն մեղադրանքը, եթէ ազգայինքը աղաւնեվաճառութեան եւ լոմայափոխութեան մէջ մոլորուած, ապականուած լինէին: Սիրելիս, աղաւնեվաճառութիւնը եւ լոմայափոխութիւնը դատապարտւում է Աւետարանի մէջ որպէս անպատշաճ գործ Աստուծոյ տան համար, եւ այժմեան բաների կարգը չէր թոյլ տալու, որ այդ հանդէսը բացուէր եկեղեցու մէջ, բայց եկեղեցուց դուրս։ Ի՞նչ մի պակաս բան է թռչնավաճառութիւնը։ Ձեզ յայտնի չէ՞, որ Անգլիայում ընկերութիւնք կան եւ այն՝ հարուստ ընկերութիւնք, որ պարապում էին թռչնավաճառութեամբ Հարաւային Ամերիկայի եւ Եւրոպայի հետ, եւ եւրոպացի երեւելի Բանկերը ի՛նչ մի պակաս արդիւնաբեր կամ անբարոյական գործ են, որ եթէ մեր Հայերը եւս պարապելու լինէին այդ գործերով, արժանի էին դատապարտութեան:

Մի՞թէ, ձեր կարծիքով, Հայերի վաճառականութիւնը մի երեւելի բան է։ Չէ՛, սիրելի՛ս, այդ վաճառականութիւն չէ, այդ ճանապարհով Հայոց ազգը երբէք յառաջանալու չէ վաճառականութեան մէջ, եւ մեք դատապարտելու չէինք Հայոց ազգը, եթէ նա եւրոպական կերպով աղաւնեվաճառութեամբ եւ լոմայափոխութեամբ պարապէր:

Ընդհանրապէս սկսանելով ձեր գրուածքը՝ խօսում էք ազգի հետ հասարակաբար, բայց յանկարծ տեսանում ենք յետոյ, որ գործ ունիք մի քանի պարոնների հետ. ցանկալի էր մեզ իմանալ այդ պարոնների անունները, որ այդպէս վրդովել էին ձեր հոգու խաղաղութիւնը եւ պատճառ էին տուել ձեզ այնքան խօսելու, մինչեւ որ Մուզան հարկադրուէր Մասեաց դարեւանդիցը դադարեցնել ձեր գոչիւնը…:

Եղբայր, սիրական, պարոն (ներեցէք ինձ, որ այսպէս ընտանեբար վարւում եմ ձեր հետ), ե՞րբ կամ ո՞ւր տեսաք, որ հայրենասէրքը ազգի վէրքերի վերայ վէրք էին յաւելացնում։ Դուք հարցանում էք, թէ «մինչեւ ե՛րբ պետք է նախատանաց, բամբասանաց եւ զրպարտութեան պարսաքարեր եւ թուք ու մուր արձակուեն ազգի վերայ։ Յառաջուց ասացէք՝ ո՞վքեր են այդ մարդիկը, որ անարգում էին ազգը եւ թքում ու մրում էին նորան։ Ոչ ոք չէ կատարել այդպիսի գործ։ Ես տեսանում եմ, որ դուք՝ Հայոց ազգի մի քանի այլ անդամների հետ միասին, ֆանատիկոսութեամբ եւ տենդային ջերմութեան մէջ խօսում էք, եւ այդ է պատճառը, որ չէք կարող զանազանել ազգի անմխիթար պակասութիւնքը բուն ազգիցը եւ ձեր աչքումը, ինչպէս յայտնի ցոյց էք տալիս, միեւնոյն կշիռ ու յարգ ունին թէ՛ ազգը եւ թէ՛ նորա պակասութիւնքը եւ, եթէ աւելի լաւը կամիք, պակասութիւնքը աւելի նախընտիր են, քան թէ բուն ազգը: Եթէ այսպէս չլինէր, դուք, ուրանալով ազգի ապագայ բարօրութիւնը եւ լուսաւորութիւնը, որ պիտոյ է յառաջանար պակասութիւնքը վերանալուց յետոյ, խունկ չէիք ծխելու այդ պակասութենների կուռքերին եւ չէիք ազգացուցանելու նորանց:

Ազգը էապէս անարգողքը չեն նոքա, որոնցից գանգատ ունիք, որովհետեւ մերկացնում էին ծածուկ պահած ազգի վէրքերը՝ վիրաբուժական դարմաններ մատուցանելով, այո՛, եւ բարոյական երկաթ ու կրակ գործ դնելով, այլ այն սուտ ազգասէրքը, որ խեղճ ողորմելի «Մեղուին» լծել են մի սայլի եւ, ինքեանք լծուելով մէջը, հարկադրում են նորան աւելի մեծ ասպարէզ կատարել աշխարհի երեսին, հայկական լուսաւորութեան մէջ, քան թէ բնութիւնը կարողութիւն էր տուել «Մեղուին»։ Այդ սուտ ազգասէրքը անարգում են ազգի անունը ամենայն եւրոպացի մարդու առաջեւ, որովհետեւ այն մարդը, որ չէր խոստովանում իւր պակասութիւնքը, չունէր ուրեմն եւ սեփական արժանաւորութիւն: Հայերի միջից շատ մարդիկ անպատճառ կամենում են, որ թագաւորէ սուտը եւ թաքնութիւնը, բայց ամենայն բանիմաց եւ ճշմարտասէր Հայի վերայ պարտականութիւն կայ պատժել եւ պատուհասել բերանով եւ գրչով ազգի պակասութիւնքը, հրապարակել նորանց այնքան, մինչեւ որ ազգը, տեսանելով իւր վերայի կեղտը, զզուի, գարշի եւ խնամ տանէ՝ լուանալու եւ մաքրելու իւր անձը, որպէս զի արժանի լինի լուսափայլ դէմքով մասնակից լինել եւրոպական մարդկութեան բարիքին: Եթէ մեք՝ որպէս անդամ ազգի, ճանաչում ենք մեր արժանաւորութիւնը, պիտոյ է ուրեմն խոստովանենք մեր ունեցած պակասութիւնքը, որովհետեւ նա միայն ուղղակի եւ կտրական կերպով կարո՛ղ է խօսել իւր պակասութենների վերայ, որ գիտակցաբար ճանաչում էր իւր արժանաւորութիւնը: Առանց որեւիցէ փոքրոգի կասկածաւորութեան, պիտոյ է հանդէս հանել ազգի առաջեւ նորա խաւար կողմերը՝ ապացուցանելու համար, թէ լաւութեան ոյժը չէր կարող յաղթահարուիլ չարութենից, այլ, դորա հակառակ, պիտոյ է յաղթէր նորան եւ կանգնեցնէր առաքինութեան դրօշակը ջարդ ու փշուր եղած չարագործութեան ամրոցի վերայ: Պարո՛ն Իսահակեանց, խնդրում ենք անհանգիստ չլինել, թէ Հայաստանի փլատակների տակից լսելու էիք մի իրաւացի անմռունչ գանգատանք, թէ «ի՛նչ օգուտ, որ ունիմ բիւրաւոր գիտնական որդիք եւ այլն»: Հայաստանը գիտէ իւր ընթացքը, ուստի եւ չունի ոչինչ ժամանակ, գանգատելու իրաւունք. դեռ Հայաստանը չունի գիտնական որդիք, որ իւր կաթով լինէր մեծացուցած։ Թո՛ղ այդ գաղափարական Հայաստանը յառաջուց մի ծննդարան պատրաստէ գիտնական որդիք ծնուցանելու համար, թո՛ղ կաթ պատրաստէ նորանց սնուցանելու համար, թո՛ղ հաց պատրաստէ նոցա ապրուստը ապահովելու համար, ապա թէ իրաւունք կը ստանայ ասել, թէ «գիտնական որդիք ունիմ»: Հայաստանի որդոց գիտութիւնը, եթէ կան այդպիսի մարդիկ ուրեւիցէ, այդ Հայոց ազգի շնորհքը չէ. մեզանից իւրաքանչիւր ոք, Գերմանական, Ֆրանսիական եւ Ռուսսիական Համալսարաններումը դեգերուելով օտարութեան մէջ, հազարաւոր նեղութենների համբերելով, օրը խաւարեցնելով, ստացել է մարդկութեան ընդհանուր լուսից իւր բաժին մի քանի ճառագայթ։ Եթէ գանգատ ունի Հայաստանը, թո՛ղ բարձրացնէ իւր մեծատունների եւ հոգեւոր իշխանների անփոյթութեան վերայ, եւ դուք՝ Պ. Իսահակեանց, տուեցէք այդ խորհուրդը Հայաստանին։ Մեք եւս կ’առնէինք այդ գործը եւ չէինք ծանրաբեռնելու ձեզ, եթէ մօտ լինէինք Մասեաց դարեւանդին եւ եթէ նորա Մուզան խօսակից լինէր մեր հետ: Եւ ձեր հետ խօսելու վերայ եւս կասկած ունինք. միգուցէ Թիֆլիզի վարձաւոր լալականների ձայնը համարած լինիք ձեր վառ երեւակայութեամբ Մուզայի Մասեաց դարեւանդից. պատճառ, մուզայք չեն բնակւում Արարատի վերայ, այդ քնքուշ արարածքը իւրեանց անզգուշութեամբ վտանգի մէջ կարող էին ձգել իւրեանց անձը՝ սաստիկ մրսելով եւ ջրային տենդ ստանալով, որ շատ անգամ պատճառում են Արարատի եւ Արագածի մէջ խաղացած սառն հողմերը: Մեք մուզաների բնակարան ճանաչում ենք Պարնասը, այլեւ գիտենք մեր ազգային աւանդութիւնը, որ Մասեաց ոտքումը կայ մի փոս՝ դժոխք անուանուած, ուր շատ անգամ ընկնում են մարդիկ…

Պարո՛ն, դուք, մեղադրելով ուրիշների դաստիարակելու կերպը, ցոյց էք տալիս ձեր վերին աստիճանի թուլութիւնը պեդագօգիայի մէջ։ Դուք ասում էք՝ մանկութիւնը պիտոյ է դաստիարակել գգուելով, փաղաքշելով, փափկացնելով եւ այլն։ Չգիտէք, որ իսկապէս այդ բաները այնպիսի թունաւոր տարերք են, որ մտանելով դաստիարակութեան մէջ, կտրում են նորա ընթացքը, եւ մի մարդ, ձեր կերպով դաստիարակութիւն ստանալով, կը դառնայ շատ անբարոյական մարդ: Խնդրում ենք, որ դուք մի փոքր աշխատութիւն յանձն առնուիք ծանօթանալ Պեդագօգիայի կանոնների հետ, եւ, առհասարակ, վատ չէր լինելու, եթէ մի բարեկարգ դպրոցում ստանայիք մի հիմնաւոր կրթութիւն, որովհետեւ Ներսիսեան դպրոցի շնորհքով շատ հեռի չէք կարող գնալ: Բայց այս մի խորհուրդ է իստակ սրտից, ինչպէս կամիք:

«Ահաւասիկ Պարոններ» հանդէս էք գալիս, պարոն Իսահակեանց, «եթէ մեք ազգասէր ենք, եթէ հայրենասիրութիւնը պարծանք ենք համարում, այսպէս առնենք կամ այնպէս առնենք», ինչ կամիք, արեցէ՛ք սիրելիս, եւ մեք հոգւով չափ ուրախ կը լինինք ձեր յառաջադիմութեան վերայ, եթէ յաջողի ձեզ ստանալ։ Բայց, լսելով ձեզ, դիմել մեր բոլորովին մարմին դարձած մեծատունների ոտքը, ազգի անունով բան խնդրելու համար, յանձնառու չենք։ Մեք փորձը առած ենք այդ բաների, եւ մեր մեծատունների տտիպ համը առել են մեր ատամները։ բայց եթէ դուք չէք փորձել, փորձեցէք, եւ կը գայ ժամանակ, որ ինքներդ կը խոստովանէք այս ճշմարտութիւնը, թէ Հայոց մեծատունը կերակրի, հանդերձի, գինու, փառաւոր ապրելու, սնոտի եւ անցաւոր փառք ճարելու համար թափում է իւր քսակից վերջին մանէթը, բայց ազգային գործի, մի վերացական առաքինութեան համար, որի վարձը իսկոյն երեւելու չէր նորա վերայ, նա շատ նեղութեամբ կը բանայ իւր քսակը։ Նորա ձեռքը սովորած չէ այդպիսի բաների համար՝ արծաթ ձգել ազգի գանձանակը: Այո՛, Պարո՛ն, բան խօսելու ժամանակ չէ պիտոյ մոռանալ այն շրջապատը, որի մէջ կատարւում էին այն իրողութիւնքը, որոնց վերայ են մեր խօսք ու զրոյցը:

Ճշմարտութեան պաշտօնեայ լինել մի հատիկ խորհուրդն է մի բարոյական մարդու, եւ վա՜յ այն մարդուն, որ պիտոյ է ուրիշի ճշմարտութիւնը չափէր բարեկամութեան կամ թշնամութեան չափով: Ստոյգ ազգասէրը պիտոյ է խօսի ճշմարիտը, այո՛, ճշմարտութիւնը շատ անտանելի է լինում այնպիսի մարդերի համար, որ իւրեանց ծնած օրից նուիրել էին իւրեանց անձը ստութեան սպասաւորութեանը, բայց ինչ պիտոյ է առնել. այդ նոր բան չէ աշխարհի երեսին, եւ մտածող մարդիկ վաղուց ահա փորձով իմացած են, որ ճշմարտութիւնը հալածւում է միշտ եւ պատճառ է լինում իւր պաշտօնէի հալածանքին։ Մի այդպիսի անբաղդ պաշտօնէի համար ճշմարտութիւնը շատ անգամ ճանապարհ է բացել դէպի գլխապարտութեան սիւնը (էշաֆօդ), շատ անգամ հանել է նորան փայտակուտի վերայ: Իհարկէ, կարդացած կը լինիք Լերմոնտովի Մարգարէն։ Նա մի տեղ ասում է.

«Սկսեցի սէր քարոզել,

Սուրբ ուսումը ճշմարտութեան,

Եւ իմ բոլոր մերձաւորքը

Կամէին ինձ քարկոծ առնել»:

Եւ, արդարեւ, ճշմարտութիւնը մի այնպիսի բան է, որ պատճառ է լինում մարդերի միմեանցից հեռանալուն։ Ինքը՝ ճշմարտութեան Վարդապետը, գուշակել էր, որ իւր քարոզութիւնքը, իւր ճշմարտութիւնը պիտոյ է բաժինք յառաջացնէին: Բայց ծածկել եւ վարագուրել ճշմարտութիւնը աշխարհին հաճոյանալու համար, սատանայի գործ է. հեռի՛ մեզանից, եւ մեք անպարտ ենք: Թող բամբասուինք ճշմարտութեան համար, փոյթ չէ, միայն թէ Աստուծոյ ձայնը չասէ մեր սրտի մէջ, թէ մեղանչել էինք ընդդէմ ճշմարտութեան:

Ձեր յօդուածը վերջացնում էք նորանով, որ ազգը վատաբանելը եւ ազգի վերայ կոծելը եւ ողբ կատարելը անօգուտ էք համարում ազգին։ Իբրեւ ապացոյց ձեր խօսքին՝ մէջ էք բերում Խորենացու ողբը Հայոց ազգի վերայ եւ ասում էք, թէ այդ չորս հազար տարուայ ողբը ոչինչ արդիւնք յառաջացուցած չէ եւ այլն։ Այսքան պիտոյ է իմանալ, որ ոչ ոք դեռեւս ճշմարտախօս հեղինակներից պարսաւապետ չէ, եւ այդ պաշտօնը՝ իւր պարծանքով հանդերձ, մնացած է Հայոց միակողմանի ուսումնականներին, որոնց թիւը բարձրացնում էք մինչեւ բիւր։ Գուցէ ձեր աչքումը շատ փոքր նշանակութիւն ունի բիւրը, բայց մեք տասն հազար համարում ենք մի բիւր: Նմանապէս մեք անարժան ենք համարում կանացի ողբ ու կոծը, որ յառաջանում են մեծ մասով յուսահատութենից, մինչ մեք՝ իբրեւ քրիստոնեայ, դատապարտւում ենք, եթէ, կորուսանելով մեր յոյսը, ձգէինք մեր անձը յուսահատութեան ծովը: Ասում էք, թէ Խորենացու ողբից բան չէ յառաջացել. դորա մեղաւորը Խորենացին չէ: Աշխարհիս երեսին ձայն ասացեալը լսողի համար է. ով ականջ ունի լսելու, թող լսէ, իսկ Հայոց ազգի համար շատ բաներ անցանում են որպէս «ձայն բարբառոյ յանապատի»: Դուք կամիք արդարացնել Խորենացու անձը՝ ասելով, որ հանգամանքը բռնի խլել էին նորա բերանից այդ ողբը։ Առաջինը՝ Պարո՛ն, Խորենացին անկարօտ է մեր նման փաստաբանների պաշտպանութեանը, մանաւանդ որ ոչինչ սուտ չկայ նորա ասածի մէջ, երկրորդ՝ ձեր այդ ընթացքով ցոյց էք տալիս ձեր թուլութիւնը Հայկական դպրութեան մէջ: Խորենացին, վերադառնալով Ալեքսանդրիայից, չգտաւ Հայաստանը այն վիճակի մէջ, ինչ վիճակում բարեա՛ւ մնա էր ասել նորան: Արշակունեաց թագաւորութիւնը եւ Հայրապետութիւնը Լուսաւորչի տնից վերջացել էին, երբ նա մեծամեծ յոյսերով ոտք էր կոխում Հայաստան՝ յունական լուսաւորութիւնը տարածելու, եւ պատահելով ազգի իշխանների անսիրտ ընդունելութեանը եւ հոգեւորների կոպիտ, խաւարասէր հալածանքին, ամենայն արդարութեամբ պիտոյ է գրէր, մանաւանդ, Խորենացու պէս երկնաքաղաքացի եւ տօնելի մարդը: Նա, բացի այդ ողբից, նզովք եւս գրել է Հայոց կաթողիկոսների վերայ, որ աբեղաների ձեռքով ոչնչացուցած է երեւում, ինչպէս եւ միւս նորա գործը՝ «Շարք կաթողիկոսաց» անունով։ Խնդրեմ կարդացէք Ղազար Փարպեցու նամակը, որ գրում է Մամիկոնեանց տիրոջ Վահանին (տպած Մոսկուա, 1853): Դուք կը տեսանէք այնտեղ, որ Հայոց աբեղայքը մինչեւ ի մահ հալածելուց յետոյ եւ մահից զկնի չեն հաշտւում այն պատկառելի ծերունու հետ, սեղանապիղծ ձեռքով մօտենում են նորա խնկելի ոսկրներին եւ, հանելով գերեզմանից, թափում են ջրի մէջ: Այստեղ աւելորդ չէ խնդրել ձեզանից, որ յայտնէք նոյնպէս, թէ դուք ո՞ր ժամանակից սկսանում էք ձեր տարեգրութիւնը, որ Խորենացուն շինել էք չորս հազար տարեկան. սովորական տարեգրութեանը նայելով՝ նա դեռեւս հազար երեք հարիւրի եւ հազար չորս հարիւրի մէջ է, որովհետեւ այդ մեծարգոյ յիշատակի արժանի մարդը կեցած է 370–489 Քրիստոսից յետոյ:

Եւ այսպէս, Պ. Իսահակեանց, մեք աւարտում ենք մեր նկատողութիւնքը, որ գուցէ թէ անախորժ թուին ձեզ, եւ եղբայրական (եթէ միայն հաճիք ընդունել) խորհուրդ ենք տալիս ձեզ՝ բան գրելու ժամանակ չպատկանել այս եւ այն հակառակող բաժիններին, խօսել սառն հոգով եւ հաւատարիմ մնալով լօգիգական կանոններին:


Բացի այս նամակակցութենից, ուրիշ արժանի ուշադրութեան բան չէ կարող այսօր զարդարել իմ Յիշատակարանը: Ներողութիւն, պիտոյ էր այստեղ գրել այն խօսակցութիւնը, որ պատահել է մի շինականի եւ մի վաճառականի մէջ:


Շինականը. «Պարո՛ն, քաղաք մտանելով՝ տեսանում եմ բարձր տների վերայ ձողեր, որոնցից վայր է գնում մինչեւ գետինը մի երկաթի լար, դոքա ինչացո՞ւ են»:

Վաճառականը. «Այդ շանթապահ գործիք է, որ հնարել է Բենիամին Ֆրանկլինը»:

Շին. «Ի՞նչ ասել է շանթապահ գործիք»:

Վաճ. «Կայծակից պահպանող. ուր որ կայ այդ բանը, այնտեղ կայծակը չէ կարող վնասագործութիւնք յառաջացնել, որովհետեւ այն, ձողի ծայրի մագնիսացուցած մետալ լինելով, անգործ է կացուցանում կայծակի զօրութիւնը: Այդ բանի համար փառաւորուեցաւ Բենիամին Ֆրանկլինը»:

Շին. «Այդպիսի ոչինչ բանի համա՞ր. դա ինչ է, որ մարդ փառաւորէ: Մեր գեղումը մի դրացի կին կար. նա շատ անգամ վայր էր քարշում կայծակը»:

Վաճ. «Ինչպէ՞ս»:

Շին. «Իսկոյն կ’ասեմ. միայն յառաջուց պիտոյ է իմանալ, որ այդ կինը վայր էր քարշում կայծակը՝ մի մարդու զարկել տալու համար, եթէ դա ունէր մի թշնամի: Եւ ահա այսպէս է դորա արարողութիւնը. ինչ մարդու կամենար, որ նա կայծակից զարկուէր, ստանում էր նա որեւիցէ ճանապարհով այդ մարդու հասակի (բարձրութեան) չափը, այդ չափով մոմ էր շինում եւ վառում էր եկեղեցում, բայց ոչ սովորական կերպով, այլ գլխիվայր։ Մոմի վերայ մի տեղում գրում էր ասեղով եւ շատ աննշմարելի այս բառը «ելդըրըմ»: Մոմը վառուելով մինչ հասանում էր այս խօսքին, որ կայծակ է նշանակում, իսկոյն երկինքը մթնում էր, որոտմունքը թնդում էին, փայլակները ջրի պէս սկսանում էին վազել եւ մի ակնթարթում կայծակը սեւացնում էր այն մարդը, որի չափով շինած էր մոմը»:

Վաճ. «Դու ինչ յիմար բաներ ես ասում. ի՛նչ յարակցութիւն կայ օդի ելեքտրականութեան եւ մի մոմի մէջ, թող գլխիվայր եւս վառէիր։ Ինչպէ՞ս կարելի է հաւատալ այդպիսի բաների: Եւ դու տեսա՞ծ ես մի օր, որ այդ կնոջ կամքով կայծակը մի մարդ չքացնէր»:

Շին. «Ճշմարիտը պիտոյ է ասել, չեմ տեսած, թէպէտ եւ այդ կինը շատ անգամ վառում էր եկեղեցում մի այդպիսի մոմ…»:

Ահա անկրթութեան եւ թեթեւամտութեան պտուղը. Աստուա՛ծ իմ, ի՛նչ ողբալի մարդիկ կան աշխարհիս երեսին: