Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կողմնորոշուելու հրամայականով

Համառուսական յեղափոխութեան հետեւանքով աւելի սրուած անդրկովկասեան ազգութիւնների մրցակցութեան դաշտի մէջ Դաշնակցութիւնը ձգտում էր իրաւասութեան հաւասար կշիռ ապահովել հայութեան համար. դա պիտի պայմանաւորէր բարենպաստ իրավիճակ՝ հաւասար Կովկասի միւս ազգերի հետ։ Տիրող մթնոլորտում վարչական միատարր ուժ դառնալու համար կարեւոր էր կազմակերպել հայ զանգուածին եւ, մանաւանդ, ունենալ աշխարհագրական ներքին սահմաններ, ուր կենտրոնանար, ապրէր ու բարգաւաճէր հայ ժողովուրդը։ Այս հարցը կարեւորութեամբ արծարծուեց 1917-ի Հոկտեմբեր 11-ին գումարուած Արեւելահայոց Համագումարում, ուր մեծամասնութիւն էր Դաշնակցութիւնը՝ 203 մասնակիցների վրայ ունենալով 113 ներկայացուցիչներ [1] ։

Համագումարի ընթացքում դաշնակցական պատգամաւոր Գէորգ Խատիսեանը (Ալեքսանդր Խատիսեանի եղբայրը) բարձրացրեց Կովկասի վարչական նոր բաժանումների հարցը։ Նա Աւետիք Շահխաթունու (Շահխաթունեան) հետ նոյն ամառը Պետերբուրգում Ժամանակաւոր Կառավարութեանն էր ներկայացրել 1916-ին Հ. Յ. Դ. Շրջանային Ժողովում որդեգրուած անդրկովկասեան վարչական նոր բաժանումների նախագիծը։ Ըստ այս նախագծի, Արեւելեան Կովկասը բաժանւում էր թրքական եւ հայկական մասերի. հայկական մասը ընդգրկում էր Ղազախ, Գանձակ, Ջիւանշիր եւ Շուշի գաւառների լեռնային մասերը, որ հայաբնակ էին, եւ համարեա ամբողջ Զանգեզուրը։ Գանձակ գաւառը բաժանւում էր թրքական եւ հայկական մասերի, կազմւում էր Ալեքսանդրապոլի նոր նահանգը, որի մէջ մտնում էին Ախալքալաքը, Լոռին եւ Ծալքայի հայկական մասը։ Այսպիսով, Կովկասի հայկական բաժինը բաղկանում էր 4 նահանգներից՝ Գանձակ, Երեւան, Ալեքսանդրապոլ (Շիրակ) եւ Կարս [2] ։

Ժամանակաւոր Կառավարութիւնը այս գծով, ի հարկէ, որեւէ քայլ չձեռնարկեց. հարցը քննելու համար, նրա կարգադրութեամբ Օզակոմի նշանակած խառը յանձնաժողովն էլ մինչեւ բոլշեւիկեան յեղափոխութիւնը չկարողացաւ որոշակի եզրակացութեան յանգել։ Այս հարցը Արեւելահայոց համագումարում անգամ լուծում չստացաւ։ Սոցիալ-դեմոկրատ եւ Սոցիալ-յեղափոխական պատգամաւորները պնդում էին, թէ նման բաժանումի գաղափարին նոյնիսկ թշնամանքով պիտի հակազդեն թաթարներն ու վրացիները։ Անդրկովկասի ազգագրական խառը բնակչութիւնը, յիրաւի, մեծ խոչընդոտ էր, մանաւանդ՝ հայ-թաթարական սահմանների ճշտորոշման գործում։

Համագումարում արծարծուած զանազան հարցերի շարքում կարեւոր էր նաեւ կողմնորոշումը Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան հանդէպ։ Այդ ուղղութեամբ, իբրեւ արտայայտութիւն Դաշնակցութեան կեցուածքի, ելոյթ էր ունեցել Սիմոն Վրացեանը եւ յայտարարել. «Մեր մէջ եղած հոսանքները պէտք է ըմբռնեն պետութեան [Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան Ռ. Փ. ] եւ մեր ազգային շահերի ներդաշնակութիւնը եւ իրագործեն համերաշխութիւն. նոյն զգացումով տոգորուած պէտք է լինեն հայ, թուրք եւ վրաց աշխատաւոր զանգուածները»։ [3]

Արեւելահայոց Համագումարը աւարտելով իր աշխատանքը, մի ընդհանուր բանաձեւով իր գործունէութեան ծիրը ճշտեց եւ իր հաւատարմութիւնը յայտնեց Պետերբուրգի կառավարութեան։ Ժողովից ընտրուեց նաեւ Մեծ Խորհուրդը եւ դրա գործադիր մարմինը։

Յատկանշական է, որ այս համագումարում, հայոց ազգային շահերի մտահոգութեամբ եւ պատասխանատու պահի գիտակցութեամբ, ի մի էին եկել քաղաքական զանազան հոսանքների ներկայացուցիչները՝ հնչակեան, հայ ժողովրդական, սոցիալ-դեմոկրատ (մենշեւիկ), սոցիալ-յեղափոխական եւ դաշնակցական։ Միայն հայ բոլշեւիկները, որոնք շատ աննշան թիւ էին կազմում ամբողջ Կովկասում, բոյկոտի էին ենթարկել համագումարը։ ՌՍԴԲ (Ռուսաստանի Սոցիալ-դեմոկրատ Բոլշեւիկ) Կուսակցութեան Թիֆլիսի կոմիտէն, որի քարտուղարն էր հայազգի Անաստաս Միկոյեանը, 1917-ի Սեպտեմբեր 19-ին հրապարակած մի յայտարարութեամբ համագումարը համարել էր «խոշոր բուրժուազիայի կառքին լծուած ու ռէակցիոն հոգեւորականներից դեռեւս չխզուած մանր բուրժուազիայի նացիոնալիստական հնարքը»։ [4] Նոյն յայտարարութիւն-բանաձեւը եզրակացնում էր. «Հայ բուրժուազիայի հետ հայ պրոլետարիատի եւ գիւղացիութեան չքաւորութեան համաձայնողականութիւնն ու ազգային միաւորումը կնշանակի դաւաճանել ինտերնացիոնալիստական պրոլետարական տակտիկային եւ ռեւոլուցիային՝ ի հաճոյս հայ իմպերիալիստական բուրժուազիայի եւ նացիոնալիստական մանր բուրժուազիայի դաշնակցութեան [փոքրատառի գործածութիւնը՝ համաձայն բնագրին] պարտիայի գլխաւորութեամբ»։

Արեւելահայոց Համագումարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող վաւերագրերը, մամուլի էջերում լոյս տեսած խորհրդածութիւններն ու դիրքորոշումները, ինչպէս նաեւ համագումարում ընդունուած բանաձեւերն ու նիստերի արձանագրութիւնները, որոնք համայնավար վարչակարգի ժամանակաշրջանում փակուած էին մնացել արխիւներում, Խ. Միութեան փլուզումից յետոյ բացուեցին պատմաբանների առջեւ։ 1992-ին դրանք հրատարակուեցին «Բանբեր Հայաստանի Արխիւների» մատենաշարով՝ «Հայոց Ազգային Համախորհրդակցութիւն» վերնագրի տակ։ [5]

Արեւելահայոց Համագումարի աւարտին ընտրուեց 35 հոգիանոց Մեծ Խորհուրդը եւ նրանից բխած 15 հոգիանոց Գործադիր Մարմինը, որ կոչուեց Հայոց Ազգային Խորհուրդ։ Հայոց Ազգային Խորհուրդը ունէր կուսակցական ներկայացուցչական բնոյթ եւ բաղկացած էր Դաշնակցութիւն, Ժողովրդական, Սոցիալ-դեմոկրատ, Սոցիալ-յեղափոխական կուսակցութիւններից եւ չէզոքներից։ Անդամներն էին՝ Աւետիս Ահարոնեան, Արամ Մանուկեան, Նիկոլ Աղբալեան, Ռուբէն Տէր-Մինասեան, Խաչատուր Կարճիկեան եւ Արտաշէս Բաբալեան (դաշնակցականներ), Ստեփան Մամիկոնեան, Տիգրան Բէկզադեան եւ Պետրոս Զաքարեան (չէզոքներ), Սամսոն Յարութիւնեան եւ Միքայէլ Պապաջանեան (ժողովրդականներ), Միշա Ղարաբէկեան եւ Ղազար Տէր-Ղազարեան (սոցիալ-դեմոկրատներ), Հայկ Տէր-Օհանեան եւ Անուշաւան Ստամբոլցեան (սոցիալ-յեղափոխականներ)։ Մարմնի նախագահ ընտրուեց Աւետիս Ահարոնեանը։

Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի օրինակով, որոշուեց Ազգային Խորհուրդ կազմել նաեւ Երեւանում, որ նոյնպէս պիտի ունենար կուսակցական ներկայացուցչական բնոյթ եւ պիտի գործէր Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի ներքոյ։ Նախապէս արդէն կազմուել էին Նահանգային եւ Զինուորական Գործադիր Կոմիտէները եւ Հայ Զինուորական Միութիւնը՝ բժ. Յովակիմ Մելիքեանի նախագահութեամբ։ Երեւանի Հայոց Ազգային Խորհուրդը, որին Դաշնակցութեան կողմից մասնակցում էին Մարտիրոս Յարութիւնեանը, Արշալոյս Աստուածատրեանը եւ Թ. Նիկողոսեանը, կեանք ստացաւ եւ աշխոյժ գործունեութիւն ծաւալեց 1918-ի Յունուարից միայն, երբ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի յատուկ լիազօրութեամբ Երեւան եկաւ Արամ Մանուկեանը։

Հայոց Ազգային Խորհուրդները շարունակեցին գործել ամբողջ Ռուսաստանի տարածքում, բոլշեւիկեան տիրապետութեան շրջանում եւս, իսկ Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդին մեծ դեր էր վերապահուած։ Հայաստանի անկախութեան ստեղծման օրերին այն տէր պիտի կանգնէր հայոց ճակատագրին։


[1] Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 34։ Ըստ այս աղբիւրի, համագումարի պատկերը հետեւեալն է. Դաշնակցութիւն՝ 113 ներկայացուցիչ, Ժողովրդական՝ 43, Սոցիալ-դեմոկրատ՝ 9, Սոցիալ-յեղափոխական՝ 23, անկուսակցական՝ 7 եւ Արեւմտահայ Խորհրդի ներկայացուցչութիւն։

[2] Նախագծի մասին աւելի լայն բացատրութեան համար տես՝ նոյն տեղում, 22։

[3] Նոյն տեղում, էջ 36։

[4] «Հոկտեմբերեան Սոցիալիստական Մեծ Ռեւոլիւցիան եւ Սովետական Իշխանութեան Յաղթանակը Հայաստանում, Փաստաթղթերի եւ Նիւթերի Ժողովածու» (Երեւան, Հայկ. ՍՍՌ Ակադեմիայի Հրատարակութիւն, 1960) (այսուհետ՝ «Հոկտեմբերեան»), փաստաթուղթ թիւ 45, էջ 73-74։

[5] «Բանբեր Հայաստանի Արխիւների» Մատենաշար, «Հայոց Ազգային Համախորհրդակցութիւն», Թիֆլիս, 1917 թ., Սեպտեմբեր-Հոկտեմբեր, Փաստաթղթեր ու Նիւթեր» (Երեւան, 1992)։