Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայաստանի խորհրդայնացած միջավայրում

Նոր խորհրդայնացած Հայաստանի կոմունիստ ղեկավարների վրայ մեծ ազդեցութիւն էին գործում նրանց ազրբէյջանցի գաղափարակից-գործակիցները, որոնք պահանջում էին չխնայել դաշնակներին՝ բանտարկել, գնդակահարել նրանց։ Եւ ինչպէս Սիմոն Վրացեանն է վկայում, հայ ղեկավարները դուր գալու համար Նարիմանովներին եւ Հուսէյնովներին եւ ցոյց տալու համար, որ իրենք պակաս յեղափոխականներ չեն, դեռ աւելիով էին կատարում պահանջուածը։ Դարձեալ Սիմոն Վրացեանի վկայութեամբ, այդ հայ բոլշեւիկները՝ «Հայաստանը աստիճանաբար վեր էին ածում դժոխքի, մինչ նոյն այդ ժամանակ Ազրբէյջանի մուսաւաթականները վայելում էին նոյն Նարիմանովների եւ Հուսէյնովների բարեհաճ հովանաւորութիւնը»։ [1] Այս նոյն ազրբէյջանցի ղեկավարները, որոնք եղբայրութիւն էին քարոզում եւ Հայաստանի խորհրդայնացման առաջին օրերին Ղարաբաղը նրա իրաւունքն էին համարում, յայտարարեցին, թէ իրենք երբեւէ նպատակ չունեն հրաժարուելու Ղարաբաղից, եւ մինչեւ վերջ էլ իրաւունք չտուեցին հայ գիւղացիներին Ղարաբաղ վերադառնալ. ընդհակառակը, ազգաբնակչութեան համեմատութիւնը խախտելու համար, թուրք գիւղացիներին տեղաւորեցին ամայացած հայ գիւղերում։

Խ. Հայաստանի կոմունիստ պաշտօնէութեան մի կարեւոր առաքելութիւնը եղաւ նաեւ քանդել անկախ Հայաստանի կառավարութեան ստեղծած կառոյցները։ Ըստ Սիմոն Վրացեանի վկայութեան, կառավարութեան զանազան նախարարութիւնների արխիւները, որոնք այնքան պատմական նիւթեր էին պարունակում, որպէս վառելանիւթ գործածւում էին կոմունիստ ղեկավարների բնակարանները տաքացնելու։ Այդ թղթերից մի մեծ քանակութեամբ ուղարկուել էր Պարսկաստան՝ ի դիմաց ապրանքափոխութեան։ Դրանց մի փոքր մասը գտնուել էր պատահաբար, գնուել եւ պահուել էր՝ որպէս ճիգ անցեալի պատմութիւնը փրկելու ու վերականգնելու։

Հակադաշնակցական մոլուցքը այնպէս էր կուրացրել հայ կոմունիստներին, որ նրանք թուրքերի կողմից գրաւուած Ալեքսանդրապոլում միթինգներ կազմակերպելով, նոյնիսկ գովում էին Կարաբեքիրին, որ իր զօրքով եկաւ Հայաստանը դաշնակներից ազատելու։ Մինչդեռ հենց նոյն ընթացքում Կարաբեքիրի զօրքերը թալանում էին Ալեքսանդրապոլն ու Շիրակի գիւղերը։

Հակառակ տարուող այս լայնածաւալ հակադաշնակցական գործունէութեան, Դաշնակցութիւնը հաւատարիմ դիրքորոշում պահեց կառավարութեան հանդէպ, պատրաստ՝ անկեղծ համագործակցութեան։ Խորհրդայնացումից յետոյ Դաշնակցութիւնը իբրեւ կառոյց եւ կազմակերպութիւն մի որոշ շրջան յարատեւեց Հայաստանում։ Դեկտեմբեր 19-ին Երեւանում կեանքի կոչուեց երկրի կուսակցական ղեկավար մարմինը՝ «Հայաստանի Կոմիտէ»ն՝ Սիմոն Վրացեանի ղեկավարութեամբ։ Կոմիտէին մաս էին կազմում Մրգաստանի Կ. Կ. ի երեք անդամներ՝ Եփրեմ Սարգսեանը, Յակոբ Տէր-Յակոբեանը եւ Յովակիմ Բուդաղեանը, առաւել, արեւմտահայեր Յովհաննէս Տէւէճեանը եւ Ռուբէն Քաջբերունին։ [2] Կոմիտէն կեանքի էր կոչուել յուսալով, որ պիտի կարողանայ համագործակցութեան եզրեր գտնել Հայաստանի նոր իշխանութեան եւ Դաշնակցութեան միջեւ։ Վրացեանի վկայութեամբ, նոյնիսկ շրջաբերական էր յղուած շարքերին, երկրի մէջ ամենուրեք, եւ կոչ էր արւում համագործակցել բոլշեւիկների հետ ու դժուարութիւններ չստեղծել։ Վրացեանը այս կեցուածքը մեկնաբանում է նրանով, որ Դաշնակցութիւնը, ժամանակի պայմանների մէջ, հաւատում էր բոլշեւիկ Ռուսաստանին յարելու գաղափարին։ Համոզուած էր, որ այդ միջոցով կարելի պիտի լինէր երկիրը հանել ներքին խլրտումներից ու արտաքին յարատեւ պատերազմներից եւ կարգաւորել սահմանները։ Յետոյ, չէ՞ որ Ռուսաստանը խոստացել էր պարէն եւ օգնութիւն ուղարկել Հայաստանը վերականգնելու համար։ [3]

Դէպքերի գահավէժ թաւալումով, սակայն, Դաշնակցութիւն եւ բոլշեւիկեան իշխանութիւն համագործակցութիւնը դարձաւ անհնար։ Կուսակցութիւնը անցաւ ընդյատակ՝ Հայաստանի Կոմիտէի ղեկավարութեան տակ, եւ յետագայում այդ մարմնին վիճակուեց վարել հայ ժողովրդի տարերային ապստամբութիւնը՝ երկրում տիրապետող բռնակալութեան, այսինքն՝ իշխանութեան եւ համայնավար վարչակարգի դէմ։



[1] Ս. Վրացեան, «Էջեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 5, Փետրուար, 1924։

[2] Տես՝ «Ուրուագիծ Հ. Յ. Դ. Պատմութեան 1919-1924 Հնգամեակի», էջ 48։ Նաեւ՝ «Փետրուարեան Ապստամբութիւնը», էջ 72։

[3] Տես՝ Ս. Վրացեան, «Էջեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 4, Փետրուար, 1923, էջ 33։