Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Կարմիր Բանակը թիզ առ թիզ հայկական հողերն է խլում

Նոյն ժամանակ, երբ Լեգրանն ու Խալիլ փաշան Բաքու էին գտնւում, ազրբէյջանցիները Կարմիր Բանակի օգնութեամբ կռիւ էին մղում Դրոյի եւ Գարեգին Նժդեհի զօրագնդերի դէմ Նախիջեւանի, Ղազախի եւ Զանգեզուրի մէջ ու սպառնագին առաջանում: Մոսկուայի հրամանով, 11-րդ Կարմիր Բանակի Ռազմայեղափոխական Խորհրդի նախագահ Օրջոնիկիձէն ստիպուած էր եղել Կարմիր Բանակին յետ պահել Վրաստանի եւ Հայաստանի վրայ յարձակողականին մասնակցելուց, սակայն յետագայում, Կովկասի բոլշեւիկեան կառոյցների ղեկավարութեան հետ ձայնակցած, Մոսկուայի իշխանաւորներին կարողացել էր համոզել առնուազն Ղարաբաղ-Նախիջեւան միջանցքը գրաւելու: Մոսկուայի իշխանաւորները հաւատացել էին, թէ ինչպէս Կովկասից է զեկուցւում, այդ վայրերի հայ եւ մահմեդական բնակչութիւնը գրկաբաց է ընդունում Կարմիր Բանակին: Այս հապճեպ ռազմական գործողութեան համաձայն չէր միայն 11-րդ Կարմիր Բանակի հրամանատար Լեւանդովսկին, որն իրապաշտօրէն տեսնում էր տիրող իրավիճակը, հակախորհրդային խլրտումները խորհրդայնացած Ազրբէյջանում եւ յարմար էր նկատում նախ՝ խաների ու բէկերի անհանգստութիւնները լռեցնել, յետոյ ռազմական նոր գործողութիւնների դիմել: Բայց վերջապէս, Յունիս 22-ին կենտրոնից արտօնութիւն էր եկել Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջեւան, Ջուլֆա եւ Օրդուբադ գօտին գրաւման տակ առնելու եւ բոլոր տեղերում խորհուրդներ հաստատելու: [1]

Այն ընթացքում, երբ Հայաստանի կառավարութիւնը Մոսկուայից եկող իր պատուիրակներին էր սպասում եւ ձգձգում էր Լեգրանի հետ հանդիպումը Երեւանում, շարունակւում էր կատաղի կռիւը: Դրոյի ու Նժդեհի ուժեղ պաշտպանութեանը Կարմիր Բանակը հակադարձում էր աւելի զօրաւոր յարձակումով. «Ոչ մի գութ զինուած դաշնակներին: Մա՛հ բոլոր նրանց, որոնք զէնք կը վերցնեն Կարմիր Բանակի դէմ», - հնչում էր բանակի մէջ սփռուող նշանաբանը: Օգոստոս 7-8-ին Դրոն Գորիսը թողնելով՝ նահանջի ճամբան բռնեց, մէկ անգամ եւս յուսախաբ անելով Նժդեհին: Մինչեւ Օգոստոս 10-ը Սիսիանը գրաւուած էր արդէն, եւ թուրքերի առջեւ ազատ էր Նախիջեւանի ճամբան: Խալիլ փաշան հասել էր իր նպատակին:

Հայաստանի կառավարութեան համար այլեւս անհրաժեշտ էր ամէն կերպ կասեցնել Կարմիր Բանակի առաջ-խաղացքը, վերջացնել պատերազմը Խ. Ռուսաստանի հետ: Յուլիս 29-ին Լեգրանը Թիֆլիսից հեռագրել էր Երեւան եւ խորհուրդ տուել առանց Շանթի պատուիրակութեան վերադարձին սպասելու բանակցութիւնները վերսկսել: [2] Ժամանակը ձգձգւում էր: Շանթի պատուիրակութիւնը հազիւ կարողացել էր Օգոստոսի սկիզբներին դուրս գալ Մոսկուայից, բայց փոխադրական միջոցների չգոյութեան պատճառով ուշանում էր Երեւան հասնել: Վերջապէս որոշում է տրւում Լեգրանին հանդիպել Թիֆլիսում, միչեւ Մոսկուայի պատուիրակութեան Երեւան գալը: Եւ Հայաստանի կառավարութիւնը, որ Չիչերինի առաջարկած պայմաններով չբաւարարուած՝ պնդում էր Դաշտային Ղարաբաղի վրայ, պարտադրուած էր շուտափոյթ կնքել աւելի նուաստացուցիչ մի համաձայնագիր:
Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչներն էին Արշակ Ջամալեանը եւ Արտաշէս Բաբալեանը, Ռուբէն Իւզբաշեանին իբրեւ խորհրդական ունենալով: Թիֆլիսում Լեգրանին հանդիպելով՝ Հայաստանի պատուիրակութիւնը պահանջ է դնում Կարմիր Բանակից պարպելու Զանգեզուրն ու Նախիջեւանը. մինչդեռ 11-րդ Բանակը այդ վայրերը գրաւած, Գորիս-Նախիջեւան ճամբան բացած, վերջնագիր էր ներկայացնում եւ Մոսկուայից արտօնութիւն ուզում Հայաստանի վրայ շարժուելու: Ստեղծուած նոր պայմաններում դրուած պահանջները անիմաստ էին, եւ հայ պատուիրակները պարտաւոր էին զիջումներ կատարել: Հայաստանի կառավարութիւնը նոյն անզիջող կեցուածքով էր մօտեցել այս բանակցութիւններին եւս, ինչ որ Մոսկուայում: Անմիջական հաղորդակցութեան պակասը այնտեղ պատճառ էր դարձել համաձայնագրի վերջնականացման եւ ստորագրութեան առկախման, սակայն հարցը տարբեր էր Թիֆլիսում: Կարմիր Բանակի յառաջխաղացքի վտանգին վկայ էին ու հաղորդակից թէ՛ Հայաստանի կառավարութիւնը եւ թէ՛ նրա պատուիրակութիւնը: Եւ աւելին, Հայաստանի կառավարութիւնը կորցրել էր այն օրերի ինքնավստահութիւնը, որ ձեռք էր բերել Մայիսեան ապստամբութիւնները յաջողութեամբ սաստելով, ինքնավստահութիւն, որ փոխանցւում էր նաեւ Մոսկուայի պատուիրակութեանը: Այլեւս պէտք էր տեղի տալ։

Օգոստոս 10-ին կնքւում է առժամեայ համաձայնութիւնը՝ վերջ տալու զինուորական գործողութիւններին: Ըստ այդ համաձայնագրի, Հայաստանի զօրքերը գրաւելու էին Շահթախտ-Խոկ-Ազնաբերդ-Սուլթանբէկ եւ ապա Քիւկիից հիւսիս եւ Բազարզայից արեւելք անցնող գիծը, իսկ Ղազախի շրջանում՝ այն գիծը, որ բռնում էին Յուլիս 30-ին: Խորհրդային Ռուսաստանի զօրքերը գրաւման տակ էին պահում Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջեւան շրջանները: [3] Համաձայնագրի մէջ, հայկական պատուիրակութեան պահանջով ներառուել էր մի կէտ, ըստ որի խորհրդային ուժերի գրաւած շրջանների մասին որոշումը վերջնական չի, եւ Երեւանի մէջ ստորագրուելիք դաշնագիրը պիտի դրանց առնչութեամբ վերջնական որոշման յանգի: [4]

Հայաստանի կառավարութեան հետ ստորագրուած այս դաշնագրով, Խ. Ռուսաստանը իրականացնում էր թուրքերին եւ Ազրբէյջանին տուած իր խոստումը. չէ՞ որ հազիւ երկու շաբաթ առաջ, Կարախանը Մոսկուայում Թուրքիոյ Ազգայնական Շարժումի ներկայացուցիչ Բեքիր Սամիին յայտնել էր, թէ հրամայել են, որ Ղարաբաղի, Նախիջեւանի եւ Զանգեզուրի շրջանները գրաւուեն ի նպաստ Ազրբէյջանի: [5]

Ճակատագրի տարօրինակ խաղով այս համաձայնագիրը առաջին պաշտօնական փաստաթուղթն էր երկու պետութիւնների մէջ ստորագրուած: Մի իւրայատուկ հակասութիւն: Մի կողմից, դա նշանակում էր պարտութիւն եւ հողերի կորուստ Հայաստանի համար, միւս կողմից, փաստում էր Ռուսաստանի ճանաչումը Հայաստանի Հանրապետութեան:

Թիֆլիսում ստորագրուած այս առժամեայ համաձայնագիրը մեծ դժգոհութիւն առաջ բերեց Դաշնակիցների մօտ: Թէ՛ Անգլիոյ եւ թէ՛ Ֆրանսիայի ներկայացուցիչները, որոնք զլացել էին Խ. Ռուսաստանի դէմ Հայաստանի կառավարութեան տարած պայքարի մէջ որեւէ օգնութիւն ցոյց տալ, այժմ մեղադրում էին նրան՝ Դաշնակիցների թշնամիների հետ համաձայնագիր ստորագրելու համար:

Այնուամենայնիւ, այս համաձայնագրով կնքուած զինադադարը չյարգուեց Ազրբէյջանի կողմից: Թէեւ Լեգրանը հրահանգել էր Կարմիր Բանակի բոլոր զօրամասերին կռիւը դադարեցնել, բայց թուրքերը յաճախակի յարձակումներով փորձում էին ոչնչացնել Դրոյի պաշտպանութիւնը Դարալագեազում (Վայոց Ձոր) եւ Նժդեհի դիմադրութիւնը՝ Ղափանի լեռներում: Աւելին, այդ համաձայնագրով Հայաստանի տրամադրութեան տակ դրուած Երեւան-Ջուլֆա երկաթուղագիծն էլ, թուրքերի կամայականութեան ենթարկուած, երբեք չբացուեց: Կարմիր բանակը յաջողել էր Դրոյին չէզոքացնել եւ հիմա նպատակ էր դրել կործանելու դաշնակների վերջին ամրութիւնը Զանգեզուրում: Նժդեհը իզուր էր իր դիրքերի ռազմագիտական կարեւորութիւնը բացատրելով Երեւանի կառավարութեանը եւ Դաշնակցութեան բիւրոյին՝ օգնութեան կանչում: Կարմիր Բանակը իր ծրագիրը իրագործելու համար հատու գործողութիւններ էր ձեռնարկել:

Երեւանից կտրուած ու անօգնական երկար դիմադրութիւնից յետոյ Սեպտեմբեր 6-ին Նժդեհն էլ նահանջի ճամբան բռնեց եւ Խուստուփի լեռները քաշուեց: Ղափանը յայտարարուեց խորհրդայնացած: Այս անգամ Խուստուփի լեռներում ամրացած Նժդեհը իր պարտիզաններով կռւում էր թէ՛ թուրք բանակի, թէ՛ ազրբէյջանցիների եւ թէ՛ Կարմիր Բանակի դէմ:

Հայաստանի եւ Խ. Ռուսաստանի մէջ կնքուած համաձայնագիրը, որքան էլ նուաստացուցիչ հայերի համար, խախտուեց Կարմիր Ազրբէյջանի կողմից, չբաւարարեց նաեւ Ազգայնական Թուրքիային: Բեքիր Սամին, որ դեռ շարունակում էր բանակցութիւնները Մոսկուայում, բողոքում է Լենինին, մանաւանդ այն առումով, որ երկաթուղագիծը հայերի հսկողութեան տակ մնալով՝ յետաձգւում էր դէպի Թուրքիա ճանապարհի բացումը: Լենինը հանգստացնում է նրան յայտնելով, թէ սխալ է գործուել, շուտով նպաստաւոր կարգադրութիւններ կը լինեն եւ սխալը կսրբագրուի: [6]

Լենինը նպատակ ունէր Հայաստանի միջով ճամբայ բացել ու ձեռք երկարել Մուստաֆա Քեմալի զօրքերին, բայց նախընտրում էր Հայաստանի մասին որեւէ կարգադրութիւն կամ նախաձեռնութիւն իր ձեռքում պահել եւ համոզում էր թուրքերին սպասել:

 


[1] Տես՝ The Republic of Armenia, vol. IV, էջ 63-65:

[2] Լեգրանի հեռագիրը տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 235, էջ 360-361:

[3] Դրոյի եւ Նժդեհի դէմ տարուող Կարմիր Բանակի գործողութիւնների, Զանգեզուրում կատարուած բոլշեւիկեան վայրագութիւնների եւ Դրոյի Օգոստոս 7-ի նահանջի մասին տես՝ The Republic of Armenia, vol. IV, էջ 80-89:

[4] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 457:

[5] Մէջբերումը կատարուած է զօր. Ալի Ֆուատի յուշերից: Տես՝ «Հայաստան եւ Հայ Դատը», էջ 251:

[6] «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 253: