Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Շահումեանը Բաքւում

Շահումեանը Բաքու հասաւ 1918-ի Փետրուարի կէսերին եւ դարձաւ Բաքուի առաջին դէմքն ու ղեկավարը։ Սէյմի գումարումից յետոյ Բաքուի Խորհրդի մէջ աւելի ազդեցիկ ուժ դարձան բոլշեւիկները։

Դաշնակցութիւն-բոլշեւիկ համագործակցութիւնը շարունակուեց այս հանգրուանում եւս։ Հետաքրքիր է այն երեւոյթը, որ եթէ Թիֆլիսում երեք ազգութիւնների մեծ կուսակցութիւնները գործում էին գոնէ առերեւոյթ համերաշխ՝ միացած մէկ ընդհանուր թշնամու, այսինքն՝ բոլշեւիկեան իշխանութեան դէմ, ապա Բաքուի մէջ Դաշնակցութիւնը համագործակցում էր բոլշեւիկների հետ ընդդէմ Թուրքիոյ յարատեւ վտանգի։ Այս համագործակցութեան մէջ Դաշնակցութիւնը տեսնում էր Բաքուի հայ բնակչութեան ապահովութիւնը եւ այն յոյսն ունէր, որ բարի կամեցողութեան այս փաստը պիտի համոզի Շահումեանին՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի օգտին միջամտելու Մոսկուայի բոլշեւիկ իշխանութեան մօտ։ Շահումեանն էլ իր հերթին Դաշնակցութեան մէջ տեսնում էր զինուորական ուժ եւ մեծ ազդեցութիւն Բաքուի հայ բնակչութեան վրայ եւ օգտագործում էր այդ պարագան։ Դաշնակցութեան եւ Ստ. Շահումեանի միջեւ եղած համագործակցութեան մասին խօսելով՝ Լենդրուշ Խուրշուդեանը մէջբերում է կատարում Ասքանազ Մռաւեանից, որը վկայում է, թէ «երբ 1918 թուականին Բաքուն կռւում էր թուրքերի   դէմ, եւ հիւսիսային Կովկասում ստեղծւում էին դաշնակցական կոմիտէներ, Բաքուի համար կամաւորներ հաւաքագրելու նպատակով, ինքը՝ Մռաւեանը ընկ. Շահումեանից հրահանգ է ստացել աջակցել այդ դաշնակցական կազմակերպութիւններին՝ նրանց Բաքուի պաշտպանութեան գործում օգտագործելու համար»։ [1]

Ռոստոմի եւ Բաքւում գտնուող Բիւրոյի միւս անդամների համագործակցութիւնը Ստեփան Շահումեանի հետ շարունակուեց նոյնիսկ այն ժամանակ երբ բոլշեւիկները շրջանի իշխանութիւնը ամբողջովին իրենց ձեռքն առան։ Այս համագործակցութեան արդիւնքն էր նաեւ այն միացեալ զինուորական ձեռնարկութիւնը, որի մասին խօսուեց նախապէս, եւ ըստ որի, Կովկասում պիտի ստեղծուէր հայկական «կանտոն», իսկ Արեւմտահայաստանը պիտի ազատագրուէր եւ անկախ յայտարարուէր։ Ի հարկէ, ինչպէս տեսանք, Բրեստ-Լիտովսկի հաշտութեան համաձայնութիւնը եւ ռուս բանակի նահանջը կովկասեան ճակատներից խափանեց ծրագրի իրագործումը։

Թիֆլիսից կտրուած Բաքուի յատուկ իրավիճակում Ազգային Խորհուրդը գործում էր անկախ։ Այս իրողութեան թոյլատրած պայմաններում էր, որ Ռոստոմի առաջարկով զօրաշարժի էր ենթարկուել շրջանը մինչեւ Գանձակ։ Ռոստոմը թրքական յաւելեալ անհանգստութիւններ եւ ոտնձգութիւններ էր նախատեսում, մանաւանդ՝ դէպի Բաքու ուղղուած, իսկ այդ պարագայում վտանգի պիտի ենթարկուէին Բաքուի հայ բնակչութիւնը եւ նրա ազգային կառոյցները։ Հայկական զօրամասերի կազմակերպումը յանձնուած էր խմբապետ Համազասպին։ Հայկական երկրորդ պահեստի գունդը կազմուեց գնդ. Ս. Եղիազարեանի հրամանատարութեամբ։ [2] Նորակազմ բանակի մէջ առնուած էին նաեւ այն հայ զինուորները, որոնք տարբեր տեղերից Բաքու էին հաւաքուել եւ այնտեղ մնացել արգելափակուած։ Ի հարկէ, Շահումեանը, ուղղափառ կոմունիստ լինելով՝ դէմ էր թէ՛ ազգային խորհուրդների (հայ եւ այլ) գործունէութեան եւ թէ՝ ազգային բանակների կազմութեան։ Այս հարցով նա բազում անգամներ արտայայտուել ու կոչեր էր ուղղել՝ միայն խորհուրդների (սովետների) շուրջ համախմբուելու։ Այդպիսի մի կոչում նա ցաւ է յայտնում, որ «…ռեւոլիւցիոն սովետների փոխարէն մենք ունենք ռէակցիոն բուրժուական կամ կալուածատիրական ազգային խորհուրդներ [ընդգծումը՝ բնագրից], որոնք ազգային կառավարութիւնների դեր են խաղում։ Ինտերնացիոնալ սովետական կարմիր գուարդիայի փոխարէն մենք ունենք ռէակցիոն տարրերի կողմից ղեկավարուող ազգային գնդեր»։ [3] Յամենայնդէպս նա առայժմ հանդուրժում էր դրանք՝ մանաւանդ, որ Ստալինը արտօնել էր հայերի զօրաշարժը եւ նոյնիսկ ռազմամթերք խոստացել։ Թուրքերի ոտնձգութիւնները, հակաիշխանական գործունէութիւնն ու կոտորածները ուրիշ կերպ հնարաւոր չէր սաստել։

Հայկական բանակի իբրեւ հրամանատարութիւն, 1918-ի Մարտ 5-ին կազմուեց Գերագոյն Զինուորական Մարմինը՝ մասնակցութեամբ Վարդանի եւ ռուսական բանակի մէջ ծառայած երկու հայ սպաներ՝ գնդ. Բախտամեանի եւ գնդ. Ղազարեանի։ Այս մարմինը պիտի ղեկավարէր Բաքուի հայ բնակչութեան ինքնապաշտպանութիւնը թուրքերի դէմ եւ զբաղուէր հայ զինուորական ուժերի ռազմական պատրաստութեամբ։ Եռուզեռի մէջ էր Բաքուի Դաշնակցութեան ամբողջ կառոյցը իր կոմիտէներով եւ Կենտրոնական Կոմիտէով։ Ռումբեր էին շինւում, զինամթերք պատրաստւում, զինավարժութիւններ կազմակերպւում։

Ռոստոմի նախագուշակութիւնը իրականութեան էր մօտենում. գնալով աւելի յաճախակի էին դառնում Մուսաւաթի կազմակերպած հալածանքն ու կոտորածները, եւ Գործադիր Կոմիտէն որեւէ ազդեցութիւն չունէր դրանց վրայ։ Բազմաթիւ առիթներով Բաքուի Ազգային Խորհուրդը դիմեց Մահմեդականների Ազգային Խորհուրդին եւ Մուսաւաթին, բայց անօգուտ։ Թուրքերին նախազգուշացնելու եւ հայկական ուժը ցուցադրելու համար, ի հարկէ իշխանութեան արտօնութեամբ, Դաշնակցութիւնը մի զօրահանդէս կազմակերպեց, որ տեղի ունեցաւ Մարտի կէսերին Բաքուից դուրս՝ Հայկաւանի մօտ մի դաշտում։ Մասնակցում էին Համազասպի գումարտակներն ու դաշնակցական այլ մարտախմբեր։ Իբրեւ հակազդեցութիւն այդ զօրահանդէսին, յաջորդ Գործադիր Կոմիտէի նիստը բեմ դարձաւ մուսաւաթականների բուռն բողոքի։ Ռասուլզադէն ընդվզումով մեղադրեց նոյնիսկ Ստ. Շահումեանին, որ հայերի կողմն է պաշտպանում։ Դա մեծ զրպարտութիւն էր Շահումեանի դէմ եւ առաջին անգամը չէր։ «Իզուեստիա»ին ուղղուած մի նամակով Ռասուլզադէն դատապարտել էր Շահումեանին ազգերի ինքնորոշման հարցում խտրականութիւն ցուցաբերելու համար. «Բանից դուրս է գալիս, որ մեզ՝ մուսուլմաններիս չի վիճակուած աւտոնոմիա ունենալ, քանի որ այդ ընդունելի չէ Ռուսաստանի ո՛չ բանուորական, ո՛չ ազնուական-բուրժուական դասակարգերի համար…», - գրել էր նա։ Շահումեանը մի յօդուածով լուսաբանել էր, թէ «Բոլշեւիկները Հայաստանում նոյնպիսի պայքար են մղում հայ-նացիոնալիստների քաղաքականութեան դէմ ( ի միջի այլոց նաեւ հայկական ազգային գնդեր կազմակերպելու դէմ), ինչպիսի պայքար նրանք մղում են ամբողջ Կովկասում, այդ թւում նաեւ Բաքւում»։ [4] Եւ իրօք, Շահումեանը ազգային ինքնորոշման գաղափարի իր հասկացութիւնը պարզում է 16 (3) Մարտ, 1918-ին գրած մի յօդուածում, ուր Լենինից մէջբերումներ կատարելով՝ յարում է, թէ այդ հարցը «հակառակորդները բոլորովին խեղաթիւրուած ձեւով են մեկնաբանում, մեզ վերագրելով Ռուսաստանը մի շարք անկախ մարզերի ու ազգային միաւորների բաժանելու ցանկութիւն»։ Նա շեշտում է, որ բոլշեւիկները կողմնակից կլինեն, եթէ դա «աշխատաւոր մասսաների» շահերը պահանջեն։ [5] Եւ իհարկէ, «աշխատաւոր մասսաները» բոլշեւիկներն են, որոնք այդպիսի ազգային-բուրժուական բաժանումների չեն գնայ։

Իր շուրջ եղած թիւր կարծիքը փարատելու համար Շահումեանը խոստացաւ ցրել ո՛չ միայն հայկական զօրամասերը, այլեւ Հայոց Ազգային Խորհուրդը։ Ռասուլզադէին միանգամայն տարբեր կերպով հակազդեց ռուս Սուխարցեւը, որը բացայայտեց մուսաւաթականների հակաիշխանական եւ ընդհանրապէս թաթարների կործանարար գործունէութիւնը եւ յայտարարեց, թէ նրանց արարքները անպատասխան չեն մնայ։ Այդ ժողովից յետոյ էր, որ մուսաւաթականները աստիճանաբար լքեցին Գործադիր Կոմիտէն ու հեռացան՝ իրենց նպատակները այլ միջոցներով իրագործելու։

 



[1] Լ. Խուրշուդեան, «Սովետական Ռուսաստանը եւ Հայկական Հարցը», էջ 128. Խուրշուդեանը մատնանշում է արխիւային նիւթը։

[2] Նախապատրաստութեան եւ յետագայ ընդհարումների մանրամասները տես՝ «Ռոստոմ», էջ 317-344։ Նաեւ՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 158-166։ Տես նաեւ՝ «Բագուի Հերոսամարտը», էջ 118-128։

[3] Շահումեան, «Երկեր», էջ 66։

[4] Շահումեան, «Երկեր», էջ 100-101։

[5] Նոյն տեղում, էջ 121-123։