Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Անյաջողութիւն ռազմաճակատներում

Հայաստանի այս ճգնաժամային պահին հայ կոմունիստների խափանարար աշխատանքները ռազմաճակատներում անպտուղ չէին մնացել։ Նախարար Արտաշէս Բաբալեանը, որպէս ականատես Կարսի անկման, վկայում է, թէ հանրապետութեան գնդերը օգնութեան չհասան, իսկ բոլշեւիկեան քարոզչութեան պատճառով արդէն բարոյալքուած զօրագունդը լրիւ կազմով գերի ընկաւ թշնամուն: Բաբալեանը նկարագրում է իր խօսակցութիւնը Կարաբեքիրի օգնականներից՝ Ռուշտի փաշայի հետ, որն ասել էր, թէ թրքական բանակը նպատակ ունի Ալեքսանդրապոլը գրաւել եւ կապ հաստատել խորհրդային բանակի հետ: Նա յարել էր, թէ բոլշեւիկները գիտեն այդ մասին եւ չեն կարող արգելել առաջխաղացումը: Բաբալեանը նկատել է տալիս, թէ այս իրողութեան ի տես՝ ինքը խորհուրդ էր տուել Հայաստանի կառավարութեան՝ վերջ տալ զինուորական գործողութիւններին եւ բանակցութիւններ սկսել թուրքերի հետ: [1]

Կարսում գերի ընկած ժամանակ Բաբալեանը տեսել էր, թէ ինչպէս հայ բոլշեւիկները, որոնց մէջ նաեւ յեղկոմների անդամներ, յոյս ունենալով, որ թուրքերը Կարսը բոլշեւիկեան իշխանութեան պիտի յանձնեն, համագործակցում էին նրանց հետ: Այդ համագործակցութիւնը նշանակում էր մատնութիւններ կատարել, պահեստի տեղերը ցոյց տալ եւ հայկական պաշտպանութեան մասին տեղեկութիւններ փոխանցել թուրքերին: Ըստ երեւոյթին, այդ համագործակցութիւնը ըստ արժանւոյն չէր փոխյատուցուել, քանի որ Բաքուի հայատառ «Կոմունիստ» թերթը, նկարագրելով թուրքերի՝ Կարսում կատարած վայրագութիւնները, սպանդն ու թալանը, աւելացնում էր, թէ տաճիկները «չէին խնայում նոյնիսկ կոմունիստների, որոնք իրենց կոմունիստ լինելը ապացուցանող վկայագրեր էին ներկայացնում»: [2]

Հակակառավարական քարոզչութիւն էր տարւում ամենուրեք: Ալեքսանդրապոլի կոմունիստական կուսակցութեան կոմիտէն կոչ էր անում զինուորներին, գիւղացիներին եւ գաղթականներին չհաւատալ «Դաշնակցական խայտառակ կառավարութեան.... ստերին», իբրեւ թէ թուրքերը գալիս են թալանելու եւ սպանելու, որովհետեւ «եկողները ո՛չ թէ թալանի աւազակներ են, այլ հայ գիւղացիների, զինուորների եւ բանուորների ընկերներ՝ թուրք աշխատաւորներն են: Նրանք գալիս են ո՛չ թէ ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակների ձեռքից ազատելու»։ [3] Եւ իրօք յամառ շշուկներ էին տարածւում քաղաքում, թէ բոլշեւիկները ներսից պիտի պայթեցնեն քաղաքի ինքնապաշտպանութիւնը՝ «զինուած ապստամբութեամբ քաղաքը խլելու կառավարութեան ձեռքից եւ «եղբայր» տաճիկներին յանձնելու»: [4]

Կովկասեան բոլշեւիկեան մարմինների ճնշումների տակ կառավարութիւնը Նոյեմբեր 5-ին բանտից ազատում է հայ բոլշեւիկներին, որոնք խոստանում են հանդարտ մնալ եւ հակակառավարական աշխատանք չտանել: Ազատութիւն գտնելով՝ սրանք դրժում են խոստումը եւ քաղաքի զինուորական պաշտպանութեան պետ գնդ. Արսէն Շահմազեանից պահանջում իշխանութիւնը իրենց յանձնել: Շահմազեանը տեղի չի տալիս. այդուհանդերձ, բոլշեւիկները յայտարարում են, թէ տեղի է ունեցել «բանուորագիւղացիական յեղափոխութիւն» եւ իրենք զէնքի ուժով եւ «յեղափոխական» ճանապարհով տապալել են դաշնակների կառավարութիւնը: [5] Սեպուհի Ալեքսանդրապոլ մտնելով փոխւում է դրութիւնը: Բոլշեւիկները զինաթափ են լինում: Դարձեալ կարգ ու կանոն է տիրում քաղաքին: Իսկ ճակատներում շարունակւում է կատաղի կռիւը:

Թուրքերը հայկական պաշտպանութիւնները խորտակելով առաջ են շարժւում: Ռուսաստանի, Թուրքիոյ եւ Ազրբէյջանի դաշնակցած ուժի դէմ մենակ մնացած Հայաստանի կառավարութիւնը փորձում է դիմադրել արտաքին ճակատներում եւ միաժամանակ սաստել բոլշեւիկների խլրտումները երկրի ներսում:

Յատկանշական է, որ մի կողմից բոլշեւիկ գործիչների միջոցով տարւում էր Հայաստանի խորհրդայնացման քարոզչութիւնն ու գործնականացումը, իսկ միւս կողմից, պաշտօնական յարաբերութիւնների ծիրի մէջ, Չիչերինը թուրք եւ հայ հանգոյցը լուծելու համար Ռուսաստանի միջնորդութիւնն էր առաջարկում: Նա հեռագրել էր Անգարա եւ Երեւան ու պատրաստակամութիւն յայտնել իր լիազօր-ներկայացուցիչ, վրաց բոլշեւիկ, Բուդու Մդիվանիին, որպէս միջնորդ ուղարկելու: [6]

Ռազմաճակատներում կրած անդադար պարտութիւնները եւ մանաւանդ հայկական զօրքերի քայքայուած իրավիճակը պարտադրում էին Հայաստանի կառավարութեան ամէն միջոցի դիմել՝ պատերազմին վերջ տալու համար: Այդ ծիրի մէջ նաեւ օգնութեան դիմում՝ Դաշնակիցներին: Բէկզադեանը Թիֆլիսում Անգլիոյ ներկայացուցիչ գնդ. Ստոքսին զեկուցելով ռազմաճակատի իրավիճակի մասին՝ աղաչում էր օգնութիւն հասցնել հայերին: Յորդորում էր միջամտել եւ Հայաստանը փրկելու համար, Խորհրդային Ռուսաստանի փոխարէն, Թուրքիայի մօտ միջնորդի դեր ստանձնել: Բէկզադեանի տպաւորութեամբ Ստոքսը դրական տրամադրութիւն ունէր այս ուղղութեամբ, սակայն Լոնդոնը լուռ էր: Ստոքսի զեկոյցներն ու միջամտութեան առաջարկը անպատասխան էին մնում: Հայաստանին օգնելու եւ նրա օգտին Կովկասում դեր վերցնելու ու միջամտելու մտադրութիւն չկար, եւ Հայաստանի կառավարութիւնը անելի առջեւ կանգնած՝ տեղի էր տալիս թուրքերին:

Հոկտեմբեր 30-ին, մի վերջին կենաց մահու ճակատամարտից յետոյ ընկաւ Կարսը, եւ թուրք բանակը անյապաղ դէպի Ալեքսանդրապոլ շարժուեց: Նոյեմբեր 3-ին Համօ Օհանջանեանը հեռագրում է Անգարա եւ պատրաստակամութիւն յայտնում հաշտութեան բանակցութիւններ սկսելու՝ միեւնոյն ժամանակ զինադադար առաջարկելով Կարաբեքիրին: Վերջինս, սակայն, ձգձգում է պատասխանը՝ Հայաստանի հողի վրայ աւելի առաջանալու համար: Վերջապէս, Նոյեմբեր 18-ին, յաւելեալ պարտութիւններ կրելուց յետոյ, Հայաստանի կառավարութեան յաջողւում է զինադադար ստորագրել, բայց այդ զինադադարի պայմանները այնքան ծանր ու աղետալի էին Հայաստանի համար: Կարաբեքիրը Ալեքսանդրապոլ էր մտել եւ մտադիր չէր դուրս գալ իր գրաւած հողերից: Նա դեռ Հայաստանի կառավարութիւնից պահանջում էր հսկայ քանակութեամբ զէնք, զինամթերք ու գրաստ:

Դէպքերի այս արագընթաց թաւալումի մէջ Հայաստանի կառավարութիւնը կարո՞ղ էր արդեօք ուրոյն մի քաղաքականութեամբ կանխարգիլել հայ-թրքական պատերազմի աղետալի վախճանը: Նոյեմբեր 11-ի խորհրդարանի նիստին կառավարութիւնը սուր քննադատութեան ենթարկուեց թուրքերի հետ յարաբերութիւնը նման վախճանի յանգեցնելու համար: Նրա վրայ մեղադրանքներ տեղացին մայիսեան ապստամբութեան օրերին թոյլ տուած բռնարարքների եւ ապստամբութիւնը խեղտելուց յետոյ չհրաժարուելու համար: Հայ-թրքական պատերազմի ընթացքում Բիւրօ-կառավարութեան վարած քաղաքականութիւնը քննադատութեան նիւթ դարձաւ նաեւ Հ. Յ. Դ. 10-րդ Ընդհանուր Ժողովում: Բիւրոյի գործունէութեան մասին ընդունուած բանաձեւի մէջ ասւում էր, թէ Բիւրօ-կառավարութիւնը հայ-թրքական պատերազմի մէջ «բոլոր միջոցները եւ դիւանագիտական հնարաւորութիւնները չէ սպառած: Ան գերագնահատած է մեր ուժերը եւ ընդհակառակը ստորագնահատած է թշնամիին ուժերը»: [7]

 


[1] Կարսի անկման նկարագրութիւնը տես՝ Արտաշէս Բաբալեան, «Մի Տարի Գերութեան Մէջ», «Հայրենիք», Բ. տարի, թիւ 6, Ապրիլ, 1924, էջ 54-65:

[2] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 480-481:

[3] Կոմունիստական (Բոլշեւիկների) Կուսակցութեան Ալեքսանդրապոլի Գաւառի Կոմիտէի կողմից Նոյեմբերի սկզբին ստորագրուած ու տարածուած այս կոչի բնագիրը, տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 262-263:

[4] «Մօտիկ Անցեալից», էջ 73: Այդ օրերի Ալեքսանդրապոլի իրավիճակի վկայութիւնը, տես՝ նոյն տեղում, էջ 73-77:

[5] «Հայ-թրքական Պատերազմ», էջ 157:

[6] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 250, էջ 398:

[7] Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Դ., թղթածրար թիւ 1549, փաստաթուղթ թիւ 13: