Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Համաժողովրդական ընդվզումի ազդեցութիւնը

«Հայաստանի փետրուարեան շարժման ազդեցութիւնը շատ աւելի լայն էր, քան Հայաստանի սահմանները», - գրում է Ս. Վրացեանը։ [1] Եւ իրօք, բացի այն, որ Հայաստանից դուրս վռնդուեց Յեղկոմը եւ ստոյգ մահապատիժներից փրկուեցին բանտարկուած հազարաւոր մտաւորականներ, հայ ժողովրդի ապստամբութիւնը դաս եղաւ բոլշեւիկ իշխանաւորների համար։

Ապստամբութիւնը խեղտելուց եւ բոլշեւիկեան իշխանութիւնը վերահաստատելուց յետոյ, Ապրիլ 14-ին Երեւան է հասնում Լենինի նամակը։ Վահան Մինախորեանի վկայութեամբ, Լենինը գրում է Հայաստանում գործուած «հին սխալների» մասին եւ մատնանշում է նոր ուղին։ [2] Նոյն ամսի 20-ին Երեւան է գալիս Օրջոնիկիձէն։ Նա ողջունում է կոմունիստական կարգերի վերահաստատումը, բայց ցաւ յայտնում մտաւորականութեան գաղթի համար։ «Այո՛, նախկին կոմունիստ կառավարութիւնը Հայաստանում անտակտ է եղել, պէտք է խուսափել ամէն հալածանքից ու ճնշումից», - խոստովանում է նա։ [3] Ապրիլ 25-ին հրատարակւում է առաջին «ներման դեկրետ»ը, որ տարածւում էր Երեւանից բոլոր գաղթածների վրայ, բացի Փրկութեան Կոմիտէի անդամներից, իսկ երկու օր յետոյ երկրորդ դեկրետը ներում է տալիս նրանց եւս։ [4]

Յետագայում Լենինի վարած քաղաքականութիւնը Անդրկովկասում, նրա վերաբերմունքը՝ զիջում եւ զգուշութիւն հանդէպ «մանր բուրժուազիան, մտաւորականութիւնն ու յատկապէս գիւղացիութիւնը», նրա թելադրանքները Անդրկովկասի կոմունիստ ղեկավարներին, ապացոյցն են այն ազդեցութեան, որ Փետրուարեան Ապստամբութիւնը գործեց Մոսկուայի իշխանութեան վրայ։ [5]



[1] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 567, նաեւ Վ. Մինախորեանի «Վերադարձը», «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 6, Ապրիլ, 1924։

[2] Տես՝ «Վերադարձը», էջ 48։

[3] Սիմոն Վրացեան, «Էջեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 4, Փետրուար, 1924, էջ 108։

[4] «Վերադարձը», էջ 48։

[5] Լենինի նամակի բնագիրը, տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 565-566։ Նաեւ՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 279-281։