Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Սէյմը եւ կովկասեան ռազմաճակատը

Բոլշեւիկեան յեղափոխութիւնից եւ կովկասեան ռազմաճակատի պարպումից յետոյ, փաստօրէն ճակատի պաշտպանութեան ամբողջ բեռը ընկաւ հայ մարտիկների ուսերին: Ինչպէս Կարօ Սասունին է նկարագրում, կովկասեան ռազմաճակատի շուրջ կէս միլիոն ռուսական բանակի քայքայումով, հայկական առանձին գումարտակները, հազիւ վերակազմուած, դեռ չամրապնդուած, գործի անցան օրեցօր կուտակուող եւ նոր գրոհի պատրաստուող թրքական բանակի դէմ: [1] Ճիշտ է, 1917-ի աշնան թրքական բանակի կողմից մեծ գործողութիւններ չկային, բայց ասպատակութիւնները, յարձակումները եւ ոտնձգութիւնները յաճախակի էին: Պէտք էր հայ բնակչութեանը պաշտպանել՝ թրքական բանակին տեւականօրէն յետ պահելով, սահմանի միւս կողմից եկող թրքական եւ քրդական ոտնձգութիւնները չէզոքացնելով եւ ներսի մահմեդականների անհանգստութիւնները սաստելով: Եւ Գաբրիէլ Լազեանի վկայութեամբ, «Պատերազմին դաշտին վրայ, հայ ռազմիկներու անհաւասար դիմադրութիւնը այդ ընդարձակ ճակատին վրայ, Դաշնակցութեան դրօշին տակ, Երզնկայէն մինչեւ Բաքու, ղեկավարեցին Մուրատ, Սեպուհ, Անդրանիկ, Արամ, Նազարբէկեան, Դրօ եւ Ռոստոմ»: [2]

Տարիների պատերազմից արդէն յոգնած ու քայքայուած էր թրքական բանակը. ճիշտ է ռուսական զօրքի հեռացումը նոր հնարաւորութիւններ էր տուել թուրքերին, սակայն լուրջ գործողութիւնների պատրաստուելու համար ժամանակ էր պէտք, եւ այդ ժամանակը շահելու նպատակով Թուրքիոյ երրորդ բանակի հրամանատար Վեհիբ փաշան Կովկասի ռուսական բանակի հրամանատարին զինադադարի եւ հաշտութեան բանակցութիւնների դիմում ներկայացրեց: Դիմումը կատարուեց Նոյեմբեր 17-ին, երբ հաշտութեան բանակցութիւններ էին գնում բոլշեւիկների եւ Քառեակ Զինակցութեան միջեւ: Զինադադարի պայմանները ճշտելու համար Կովկասեան Կոմիսարիատը Երզնկա գործուղեց պատուիրակութեան մի կազմ, որին մաս էր կազմում նաեւ Արշակ Ջամալեանը: Զինադադարի ու հաշտութեան բանակցութիւնները տեղի ունեցան Դեկտեմբեր 2-5-ը (15-18) Երզնկայում. ստորագրուեց զինադադար, որ պիտի գործադրուէր Սեւ Ծովից մինչեւ Վանայ Լճի հարաւային ափերը տարածուող անդրկովկասեան ռազմաճակատում: Ըստ զինադադարի պայմանագրում ընդունուած սահմանների, ռուսական գրաւեալ տարածքի մէջ էր մտնում յետագայում հայերի համար նախատեսուած Ուիլսնեան Հայաստանը ամբողջութեամբ: [3] Հետաքրքիր զուգադիպութեամբ, Անդրկովկասի ռազմաճակատների զինադադարի կնքման նախորդ օրը եւրոպական ռազմաճակատների վրայ Ռուսաստանը արդէն զինադադար էր կնքել Քառեակ Զինակցութեան հետ:

Անդրկովկասեան ճակատի զինադադարին յաջորդեցին հաշտութեան բանակցութիւնների պատրաստութեան աշխատանքները: Հաշտութեան պայմանները ձեւակերպելու համար Սէյմի նիստեր տրամադրուեցին: Այդ պայմանները քննելիս արծարծուեց նաեւ Բրեստ-Լիտովսկում տարուող բանակցութիւնների հարցը, որ բնականաբար պիտի ազդէր անդրկովկասեան ռազմաճակատին վերաբերող բանակցութիւնների վրայ: 1918-ի Փետրուար 15-ի (Մարտ 1) Սէյմի նիստում խաղաղութեան յանձնաժողովի զեկուցաբեր Նոյ Ռամիշվիլին զեկուցում է Բրեստ-Լիտովսկի հաշտութեան ժողովի մասին: Նա անդրադառնում է, որ ըստ ստորագրուելիք համաձայնագրի, «Ռուսաստանը պէտք է անէ այն ամէնը ինչ որ անհրաժեշտ է Թուրքիայի համար ապահովելու Անատոլուի արեւելեան սահմանները եւ վերացնելու թուրքական կապիտուլիացիան»: Ռամիշվիլին իր արտայայտութիւնը մեկնաբանելով՝ հետեւցնում է, թէ Ռուսաստանը որեւէ պարտաւորութիւն չունի Թուրքիայի հանդէպ եւ իր զօրացրումը Կովկասեան ճակատից նրա կովկասեան քաղաքականութեան արդիւնքը չէ: Ռամիշվիլու կարծիքով, Ռուսաստանը պարզապէս անտեսում է Կովկասը, եւ Սէյմն է, որ պիտի պաշտպանի իր երկիրը: Ապա նա խօսում է «Տաճկահայաստանի կարգաւորման հարց»ի եւ հայ ժողովրդի իրաւունքների մասին ու դիտել տալիս, որ այդ իրաւունքները «ամրապնդուած են հայ ժողովրդի բազմադարեան պայքարով ընդդէմ այն հարստահարման, որին այդ ժողովուրդը ենթարկուած է եղել Թուրքիայի կայսրութեան սահմաններում»: Նա յայտարարում է, թէ «Տաճկահայկական հարցի լուծումով… ոչ նուազ չափով շահագրգռուած են նոյնպէս Անդրկովկասի ժողովուրդները»: [4]

Այս բոլորով հանդերձ, հակառակ Սէյմի ընդհանուր տրամադրութեան եւ Ռամիշվիլու յուսատու արտայայտութիւններին, Սէյմի վաւերացրած առաջարկուելիք պայմանների մէջ վճռական ոչինչ չկար Թրքահայաստանի իրաւունքների մասին: Այստեղ միայն նշւում էր, թէ կնքուելիք պայմանագրի հիմքը պիտի կազմի պատերազմից առաջ գոյութիւն ունեցած թուրք-ռուսական սահմանների վերահաստատումը: [5] Սէյմի հայ ներկայացուցիչները բաւարարուած չէին, բայց որոշել էին համաձայնուել, քանի որ առանձնանալ եւ առանձին պայքար տանել՝ կնշանակէր վտանգի ենթարկել հայ ժողովրդին: Հաշտութեան բանակցութիւնները վարելու համար ընտրուեց մի պատուիրակութիւն՝ նախագահութեամբ Ակակի Իւանովիչ Չխենկելու: Պատուիրակութեան հայ անդամներն էին՝ Քաջազնունին եւ Խատիսեանը, իսկ Ռուբէնը եւ պատմաբան Լէոն որպէս խորհրդականներ պիտի ուղեկցէին նրանց: Հաշտութեան խորհրդաժողովի գլխաւոր նիւթը լինելու էր Թրքահայաստանը, որի պաշտպանութիւնը, պարզ էր, վրացիների եւ թաթարների համար շատ էլ մեծ կարեւորութիւն չունէր: Ինչպէս Ալեքսանդր Խատիսեանն է վկայում, Չխենկելիի ընտրութիւնը, որպէս պատուիրակութեան նախագահ, ինքնին ապացոյց էր այդ անտարբեր վերաբերմունքի: Չխենկելին, հակառակ Գեգեչկորու, ռուսական հակումներ չունէր եւ շատ հարցերում թրքական կողմնորոշում էր ցուցաբերել: [6] Իսկ ինչպէս փաստուեց յետագայում, նա բանակցութիւնը վարում էր միայն վրացական շահերը նկատի ունենալով:

 



[1] Կարօ Սասունի, «Թրքահայաստանը Ա. Աշխարհամարտի Ընթացքին», էջ 158-162:

[2] Գաբրիէլ Լազեան, «Հայաստան Եւ Հայ Դատը», վերահրատարակութիւն (Թեհրան, Արմէն Հրատարակչական Մարմին, 1985), էջ 195:

[3] Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 63:

[4] Նիստի արձանագրութեան թարգմանութիւնը տես՝ ՀՀՊԿՊԱ ֆոնտ 222, ցուցակ 1, գործ 118:

[5] Մանրամասների համար տես՝ «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 77-80: Տես՝ նաեւ Զօր. Գաբրիէլ Ղորղանեան, «Հայերու Մասնակցութիւնը Համաշխարհային Պատերազմին Կովկասեան Ռազմաճակատին Վրայ», «Հայրենիք» ամսագիր, Զ. Տարի, թիւ 2, 1927, է ջ 153: Յօդուածը մաս է կազմում մի երկար շարքի, որ հրատարակութեան էր սկսել ամսագրի Ե. Տարի, 1927, թիւ 12-ից. տես՝ այս աշխատութեան գլուխ 2, ծանօթ. 16-ը:

[6] Տես՝ «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 37: