Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայ բոլշեւիկները Անդրկովկասում

Դաշնակցութեան եւ ընդհանրապէս բոլոր ազգային կազմակերպութիւնների դէմ պայքար էր մղում Սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան բոլշեւիկեան թեւը, որ կազմուած էր Լենինի քաղաքականութեան հաւատարիմ նրա հետեւորդներից։ Յեղափոխութեան առաջին ամիսներին, ի հարկէ, բոլշեւիկները աննշան ներկայութիւն էին Կովկասում եւ որեւէ ազդեցութիւն չունէին Անդրկովկասի քաղաքական կեանքում։ [1] Յամենայնդէպս, չմոռանանք, որ արդէն սկսուել էր բոլշեւիկեան քարոզչութեան տարածումը դէպի Կովկաս։ Հենց 1917-ի Մարտից Անդրկովկաս էին գործուղուել բոլշեւիկ գործիչներ (ինչպէս իրենք էին կոչում՝ ագիտատորներ)՝ Ժամանակաւոր Կառավարութեան եւ նրա նշանակած կովկասեան վարչամեքենայի դէմ քարոզչական աշխատանք տանելու եւ մանաւանդ՝ գիւղացիութեանը կառավարական պաշտօնեաների դէմ հանելու համար։

Ըստ բոլշեւիկ ղեկավարների, Ժամանակաւոր Կառավարութիւնը բուրժուական էր եւ մրցակից՝ սովետների տարածած իշխանութեան, ուրեմն ժամանակն էր երկրորդ յեղափոխութեամբ վերջ տալու այդ երկուութեան։ Բոլշեւիկները համոզուած էին, որ իշխանութիւնը, որքան կարելի է՝ արագ, պէտք է անցնի սովետներին։ Այս նպատակի իրագործմանը լծուած Կովկասի հայ եւ ոչ-հայ բոլշեւիկները խլրտումներ եւ Ժամանակաւոր Կառավարութեան դէմ ըմբոստութեան ելոյթներ էին կազմակերպում։ 1917-ի Մարտ 21-ին (Ապրիլ 3) գաւառապետի զեկոյցը Երեւանի նահանգային կոմիսարիատին եւ դրան յաջորդող Պապաջանովի հեռագիրը Երեւանի նահանգ-գործկոմի նախագահին, Անդրկովկասում, մանաւանդ՝ Երեւանի նահանգում կազմակերպուած բոլշեւիկեան խլրտումների մասին են խօսում։ Այս փաստաթղթերը պարզում են նաեւ, թէ այդ խլրտումները լռեցնելու համար առնուած միջոցները որքան անբաւարար էին։ [2]

Բոլշեւիկեան նոյն նպատակադրուածութեամբ, Ստեփան Շահումեանը Բաքուի Սովետում առաջարկում է անվստահութեան քուէ տալ Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան, բայց չի յաջողում։ Բաքուի Սովետը 166 ձայնով իր հաւատարմութիւնն է յայտնում Ժամանակաւոր Կառավարութեան (դէմ են լինում 9, իսկ ձեռնպահ՝ 8 հոգի)։ Ստեփան Շահումեանի այս խիստ կողմնորոշման պատճառով Բաքուի Սովետը պաշտօնանկ է անում նրան։ Նոր նախագահ է ընտրւում սոցիալ-յեղափոխական Սաքօ Սահակեանը։ [3]

Աննշան էր հայ բոլշեւիկների ազդեցութիւնը հայ իրականութեան մէջ եւս։ Այնուամենայնիւ, նրանք, իբրեւ լենինեան գաղափարաբանութեան հաւատարիմ հետեւորդներ, միշտ հակադրուած մնացին ազգային կուսակցութիւններին, մանաւանդ՝ Դաշնակցութեան։ Նրանց այս կարծր դիրքորոշումը խոչընդոտ դարձաւ եւ խափանեց երկարաշունչ համագործակցութիւնները երկու կուսակցութիւնների միջեւ ու դարձաւ կարեւոր գործօններից մէկը՝ խանգարելու եւ ձախողութեան մատնելու անկախ Հայաստանի կառավարութեան ջանքերը՝ Հայաստանի համար ապահովելու խորհրդային իշխանութեան օգնութիւնն ու համագործակցութիւնը։

Բոլշեւիկները մեծ մասամբ դէմ էին Անդրկովկասում ազգագրական սկզբունքներով առաջարկուած մասնաբաժանումներին։ Դա խոտոր էր նրանց միջազգայնական գաղափարաբանութեան։ Ահա այս մտայնութեամբ էր, որ հայ բոլշեւիկները բոյկոտի ենթարկեցին Արեւելահայոց Համագումարը՝ տրամաբանելով, որ հայերը այդտեղ փորձում են ազգային շահերի վրայ հիմնուած խնդիրներ լուծել, իսկ դա դաւաճանութիւն է ռուս պրոլետարիատին եւ ռուսական յեղափոխութեան։

Նոյն օրերին, երբ Թիֆլիսում տեղի էր ունենում Արեւելահայոց Համագումարը, տեղում գումարւում է նաեւ բոլշեւիկների առաջին շրջանային ժողովը (Կովկասեան Երկրային Համագումար)։ Զանազան հարցերի կողքին, համագումարում արծարծւում է ազգային հարցը, որ Կովկասի ժողովուրդների մէջ շեշտուած պայքարի բնոյթ էր ստացել։ Ազգային հարցի մասին ելոյթ է ունենում Ստեփան Շահումեանը եւ առաջարկում է ընդունել «մարզերի աւտոնոմիա» Անդրկովկասի համար։ Ըստ Շահումեանի Անդրկովկասը պիտի բաժանուէր երեք մարզերի. «1) Արեւմտեան Անդրկովկաս Քութայիսի, Բաթումի նահանգները եւ Թիֆլիսի նահանգի մի մասը. 2) Արեւելեան Անդրկովկաս Երեւանի, Կարսի, Ելիզաւետպոլի նահանգները եւ Թիֆլիսի նահանգի մի մասը. 3) Բաքուի, Ելիզաւետպոլի մի մասը եւ Դաղստանի մարզը»։ [4] Ազգային բաժանումների մասին ակնարկութիւն չկայ։ Արդեօք իրաւացի կլինի՞ ենթադրել, թէ Շահումեանը Արեւելեան Կովկասի մարզը հայերի համար էր նախատեսում։

Ազգային հարցի վերաբերեալ հանուած բանաձեւը պահանջում էր «Կովկասի ինքնավարութիւն՝ սէյմի ստեղծումով», անհրաժեշտ էր համարւում «Կովկասի նոր վարչատնտեսական միաւորների կազմակերպում»ը, գլխաւորապէս ըստ տնտեսական եւ կենցաղային յատկանիշների՝ հնարաւորին չափ համընկնելով, ինչպէս բանաձեւն էր նշում, «ազգային կազմի համասեռ շրջաններին՝ այդ շրջանների բնակչութեան ցանկութեան համաձայն»։ Բանաձեւը շեշտում էր նոյնիսկ «բոլոր ազգերի ինքնորոշման իրաւունքը ընդհուպ մինչեւ նրանց պետական անջատումը» եւ Ժամանակաւոր Կառավարութիւնից պահանջում էր «անյապաղ, բացայայտօրէն հռչակել այդ իրաւունքը Ռուսաստանում բնակուող բոլոր ազգերի համար, այդ թւում՝ Կովկասի ժողովուրդների համար»։ Յստակ էր, որ այս բանաձեւը Կովկասում ապրող զանազան ազգութիւններին դուր գալու քաղաքական մի խաղ էր միայն։ Դրա մէջ ազգային շեշտաւորման բացայայտ նախընտրութիւն չկար. այնուամենայնիւ, դրանով խաբուել էին ազգային ջիղ ունեցող հայ բոլշեւիկները։

Իրականութիւնը աւելի բացայայտօրէն երեւան էր գալիս բանաձեւը եզրակացնող տողերում, ուր նշուած էր, թէ այդ բոլորով հանդերձ, համագումարը «կովկասեան ազգութիւններին չի յանձնարարում ո՛չ անջատում, ո՛չ էլ ֆեդերատիւ պետութիւնների կազմակերպում… Ընդհակառակը, ելնելով Կովկասում բանուորական շարժման շահերից», համագումարը կոչ էր անում «Կովկասի դեմոկրատիայի ամենասերտ միաւորման եւ մերձեցման առանց ազգային խտրութեան»։ Դարձեալ, որպէս հակասութիւն բոլշեւիկեան դաւանանքներին եւ դարձեալ կովկասեան ազգութիւններին սիրաշահելու նպատակով, համագումարը իր համաձայնութիւնն էր տալիս «յօգուտ պետական լեզուի արտօնութիւնների ոչնչացման եւ յանուն լեզուների լիակատար իրաւահաւասարութեան պետական ու հասարակական բոլոր հիմնարկներում»։ [5] Այս համագումարի ընթացքում էր, որ Միկոյեանը իր շրջանի՝ Լոռիի եւ Հաղպատ-Ալլահվերդիի զեկոյցը ներկայացնելիս, խոստովանում էր, թէ Դաշնակցութեան ազդեցութիւնը գիւղացիութեան մէջ անմրցելի է։ [6] Համագումարից ընտրուած կոմիտէն, որի հայ անդամներն էին Ստեփան Շահումեանը, Ասքանազ Մռաւեանը եւ Հմայեակ Նազարէթեանը, գործի անցաւ բոլշեւիկեան քարոզչութիւն տանելու եւ Պետերբուրգի Ժամանակաւոր Կառավարութեան դէմ Անդրկովկասում խռովութիւններ նախապատրաստելու։



[1] Սահմանադրական Ժողովի քուէարկութեան արդիւնքը Անդրկովկասում ցուցանիշն է բոլշեւիկների թուական պատկերի։ Ըստ Րիչըրդ Յովհաննիսեանի, բոլշեւիկներին վստահուած էր 93, 581 քուէ (տես Armenia on the Road to Independence, էջ 108), իսկ ինչպէս յիշուած է այս աշխատութեան թիւ 3 ծանօթութեան մէջ, նոյն ընտրութիւնների ընթացքում Դաշնակցութեան անուանացանկը շահել էր 558, 400 քուէ։ Պէտք է աւելացնել, որ բոլշեւիկներին տրուած քուէների մեծ մասը եկել էր Անդրկովկասում հաստատուած կարմիր բանակայիններից։

[2] Տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 3 եւ 4, էջ 34-35։ Կազմակերպուած խլրտումների եւ խանգարումների նմանօրինակ փաստեր են ներկայացնում նաեւ թիւ 5, 6, 7, 12, 13, 14, 15, 17 եւ մի շարք այլ փաստաթղթեր։

[3] Armenia on the Road to Independence, էջ 75 եւ ծանօթ. թիւ 29։

[4] Տես՝ «Ստեփան Շահումեան», հատոր երրորդ- 1915 Հոկտեմբեր 1917 Հոկտեմբեր (Երեւան, «Հայաստան» Հրատարակութիւն, 1978 (այսուհետ՝ «Ստեփան Շահումեան»), էջ 270։

[5] Բանաձեւի հայերէն թարգմանութիւնը տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 52, էջ 83։

[6] Նոյն տեղում, էջ 85։