Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Թրքահայաստանի անկախութեան իրաւունքի հռչակումը

Բոլշեւիկեան յեղափոխութիւնը չընդհատեց Արեւմտահայաստանի հարցի վերջնական լուծման հասնելու համար դաշնակցական գործիչների աշխատանքը Պետերբուրգում: Զաւրիեւի եւ Ռոստոմի հետապնդումով, Ստեփան Շահումեանը համաձայնուել էր Արեւմտահայաստանի համար բարեխօսել Լենինի մօտ: Լենինին ներկայացուել էին մի շարք փաստաթղթեր, որոնք Արեւմտահայաստանի անկախութիւնն էին հիմնաւորում: Ներկայացուել էր նաեւ մի առաջարկ-նախագիծ՝ անկախութեան գործընթացը սկսելու համար:

Իբրեւ արդիւնք բոլշեւիկեան իշխանութեան եւ դաշնակցական ղեկավարների միջնորդուած համագործակցութեան, վերջապէս իրականութիւն դարձաւ Թրքահայաստանի անկախութեան իրաւունքը: 1917-ի Դեկտեմբեր 31-ին (Յունուար 13) հրապարակուեց Ժողկոմսովետի դեկրետը Թրքահայաստանի մասին:

Խորհրդահայ պատմագրութեան մէջ զանազան կարծիքներ կան այն մասին, թէ ո՞վ կամ ովքե՞ր են Լենինին առաջարկել կամ քաջալերել Թրքահայաստանի մասին հայանպաստ որոշում առնելու, եւ ո՞վ կամ ովքե՞ր են հեղինակել հրամանագրի նախագիծը ու Ժողկոմսովետի կողմից նրա որդեգրմանը սատարել: Այդ աշխատութիւնների մէջ դժկամօրէն եւ քննադատաբար յիշւում են անունները բժ. Զաւրեանի, Խատիսեանի եւ Ռոստոմի, որոնք նիւթեր ու փաստաթղթեր են հաւաքել եւ իշխանութեանը համոզելու համար ուսումնասիրութիւններ են ներկայացրել, բայց շեշտը, ի հարկէ, միշտ դրւում է Վահան Տէրեանի, Սարգիս Լուկաշինի եւ Ստեփան Շահումեանի դերակատարութեան վրայ: Դեկրետի նախագիծը ներառնուած է 1925-ին Երեւանում հրատարակուած Վահան Տէրեանի «Երկերի Ժողովածու»ի չորրորդ հատորում, որով խորհրդահայ պատմագրութեան կողմից հաստատւում է Տէրեանի հանգամանքը իբրեւ դեկրետի նախագծի հեղինակի: [1] Նոյն թուականին, Երեւանի «Նորք» պարբերականում լոյս տեսած «Լենինը Եւ Հայկական Հարցը» յօդուածում, Պօղոս Մակինցեանը հաստատելով, որ Վահան Տէրեանն ու Լուկաշինն են Լենինին ներկայացրել «Տաճկահայաստանի մասին» զեկուցագիրը, հետեւեալ մէջբերումն է կատարում զեկուցագրից. «մեզ թւում է, որ մեր ղեկավարներն ու ընկերները, որ այժմ իշխանութեան գլուխն են անցել ժողովրդական կոմիսարները կամրապնդէին մեր ոտքի տակի հողը եւ կաջակցէին մեզ, եթէ հնարաւոր դատէին հրատարակել այժմ իսկ մի դեկրետ, որով հաստատուէր բանուորական եւ գիւղացիական կառավարութեան հաստատ մտադրութիւնը՝ վճռապէս աջակցելու թրքահայերի ձգտումին դէպի ազգային լիակատար ինքնորոշում եւ միաժամանակ ընդգծուէր, որ ժողովրդական կոմիսարների կառավարութիւնը ամէն կերպ աջակցելու է՝ ստեղծելու այն երաշխիքները, որոնք Տաճկահայաստանի հայ ազգաբնակութեանը տային ինքնորոշուելու իսկական հնարաւորութիւն»: Մակինցեանը դիտել է տալիս, թէ այս զեկուցագիրը ստանալուց յետոյ էր, որ Լենինը հրապարակեց հռչակագիրը: [2] Այնուամենայնիւ, անժխտելի է այն երեւոյթը, թէ դեկրետի ոգին որքան համապատասխանում էր Թրքահայաստանի վերաբերեալ Ստոկհոլմի խորհրդաժողովին ներկայացրած Դաշնակցութեան յուշագրին: Ռոստոմը թէ՛ Ստոկհոլմում, թէ՛ Պետերբուրգում առաջ էր տանում Թրքահայաստանը թրքական լծից ազատելու գաղափարը: Եւ այժմ, երբ փոխուած էր Պետերբուրգի իշխանութիւնը, Ռոստոմը պատրաստ էր նոյն նախագիծը այս անգամ բոլշեւիկների մօտ յաջողեցնելու:

Լենդրուշ Խուրշուդեանը, հերքելով հանդերձ Խատիսեանի յիշողութիւնները դեկրետի նախագծի պատրաստութեան ընթացքի մասին եւ յատկապէս շեշտելով Ստեփան Շահումեանի մասնակցութիւնը, առաջադրում է Դաշնակցութեան, մանաւանդ՝ Ռոստոմի դերը եւ Շահումեան-Ռոստոմ համագործակցութիւնը դեկրետի յղացման եւ հռչակման գործում: [3]

Լենինի հրապարակած դեկրետը խորհրդահայ պատմագրութեան մէջ բազմիցս գովեստների է արժանացել: «Հոկտեմբերեան Սոցիալիստական Մեծ Ռեւոլիւցիան եւ Սովետական Իշխանութեան Յաղթանակը Հայաստանում, Փաստաթղթերի եւ Նիւթերի Ժողովածու» հատորի ներածութեան մէջ այս նախաձեռնութիւնը համարւում է իբր «պատմութեան մէջ նախընթացը չունեցող քաղաքականութիւն»: Գրքի նախաբանում ընդգծւում է այն պարագան, թէ երբ կապիտալիստական պետութիւնները խօսում էին միայն հայկական նահանգներում բարեփոխութիւններ կատարելու եւ հայութեանը տեղական ինքնավարութիւն շնորհելու մասին, «Հոկտեմբերեան սոցիալիստական մեծ ռեւոլիւցիան եւ նրա ծնունդ ռուսական բանուորա-գիւղացիական սովետական կառավարութիւնը կանգնեց ո՛չ թէ Արեւմտեան Հայաստանում ռեֆորմների պաշտպանութեան դիրքերում, այլ հռչակեց հայ ժողովրդի անկախութեան սկզբունքները»: [4]

Լենինի եւ Ստալինի կողմից ստորագրուած դեկրետը հրատարակուեց «Պրաւդա»ում՝ ընկերակցութեամբ Ստալինի յօդուած-մեկնաբանութեան: Յօդուածում Ստալինը բացատրում էր, թէ դեկրետը «պաշտպանում է Ռուսաստանի կողմից օկուպացուած «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրաւունքը ընդհուպ մինչեւ լիակատար անկախութիւն»: Եւ իբրեւ եզրակացութիւն դիտել էր տալիս, թէ «Ճնշուած ժողովուրդների ազատագրութեան ուղին անցնում է Ռուսաստանում Հոկտեմբերին սկսուած բանուորական յեղափոխութեան միջով: Այժմ պարզ է ամէնքի համար, որ Ռուսաստանի ժողովուրդների բախտը, իսկ առանձնապէս հայ ժողովուրդի բախտը, սերտօրէն կապուած է Հոկտեմբերեան ռեւոլիւցիայի բախտի հետ…. Թող ամէնքը իմանան, որ ազգային ճնշման իմպերիալիստական քաղաքականութեանը Ժողովրդական Կոմիսարների Սովետը հակադրում է ճնշուած ժողովուրդների լիակատար ազատութեան քաղաքականութիւնը»: [5]

Տարօրինակ է, որ Թրքահայաստանի հրամանագիրը հռչակւում էր անկախ այն բանից, թէ մի քանի շաբաթ առաջ Սովնարկոմը սրտառուչ խոստումներ էր տուել «Ռուսաստանի եւ Արեւելքի բոլոր մուսուլմաններին»: Այս կոչի մէջ, Թուրքիային դուր գալու եւ նրա համագործակցութիւնը ապահովելու համար, Սովնարկոմը բոլոր մուսուլմաններին խոստանում էր անկապտելի իրաւունք եւ մշակութային ու կրօնական ազատութիւն, ժխտում էր նոր տարածքներ գրաւելու որեւէ միտում եւ յայտարարում, «Կոստանդնոպոլիսը պիտի մնայ մուսուլմանների ձեռքում… Մենք չեղեալ ենք յայտարարում Պարսկաստանը բաժան-բաժան անելու դաշնագիրը… Մենք չեղեալ ենք յայտարարում Թուրքիան բաժան-բաժան անելու եւ Հայաստանը նրանից խլելու դաշնագիրը»: [6] Տարօրինակ է նաեւ այն պարագան, որ այս կոչից վերը կատարուած մէջբերումը իր ոգով հակասում է Լենդրուշ Խուրշուդեանի նոյն փաստաթղթից բերած տողերին: Խորհրդահայ պատմաբանը գրում է, «1917-ի Նոյեմբեր 20-ին (Դեկտեմբեր 3) «Ռուսաստանի եւ Արեւելքի բոլոր աշխատաւոր մուսուլմաններին» ուղղուած կոչում Ժողկոմսովետը պարզ եւ որոշակի յայտարարում էր, «Հենց որ դադարեն ռազմական գործողութիւնները, հայերին կտրուի իրենց քաղաքական բախտը ազատօրէն տնօրինելու իրաւունք»»: [7] Կարո՞ղ են արդեօք այս երկու հատուածները նոյն կոչին պատկանել:

Վերադառնալով դեկրետին պիտի նշել, որ Թրքահայաստանի անկախութեան իրաւունքը մնաց մեռած տառ. անգործադրելի՝ որովհետեւ այդ իրաւունքը ձեռք բերելու համար որեւէ միջոց չձեռնարկուեց, այլ հակառակը՝ թրքական ռազմաճակատից յետ կանչուեց ռուսական զօրքը, առանց որի օգնութեան անկարելի էր պահել Արեւմտահայաստանի հողերը: Եւ իրօք, հռչակագիրը հրապարակուեց այն ժամանակ, երբ ռուսական զօրքը քայքայուած, Կովկասի ռազմաճակատները լքած երկրի ներսում ամբոխի էր վերածուել: Լենինի խօսքի եւ գործի այս հակասութիւնը, ինչպէս երեւում է, բաւական մտորումների առիթ է տուել խորհրդահայ պատմաբաններին, որոնք փորձել են բացատրել կամ, աւելի ճիշտ, արդարացնել Լենինի քաղաքականութիւնը: Այս առիթով Լենդրուշ Խուրշուդեանը Վահան Տէրեանի նամակներից մէկից մէջբերում կատարելով՝ ներկայացնում է Լենինի տուած բացատրութիւնը այդ մասին. «…երբ ինքն [Լենինը] ասում է զօրքերը հանել Հայաստանից, սրանով ուզում է ասել, թէ երբ հայերը պահանջեն այդ, որպէսզի նրանց վրայ ճնշում չլինի Ռուսիայի կողմից եւ նրանք ստիպուած չլինեն ռուսական օրիենտացիա ընդունել: Իսկ հայերի ապահովութեան համար, եթէ նրանք այդ կամենան, նա բնաւ դէմ չէ, որ մնան հարկաւոր եղած զօրամասերը»: [8] Տարբեր է, սակայն, խորհրդահայ պատմաբան Բագրատ Բորեանի բացատրութիւնը հարցի էութեան մասին: Նրա կարծիքով, Ռուսաստանը դեկրետը անտեսելով եւ իր զօրքերը Թրքահայաստանից դուրս քաշելով՝ գալիս էր փաստելու թուրքերին, որ ինքը ցարական կայսերապաշտական քաղաքականութեան չի հետեւում: Լենինի համար կարեւորը Հայաստանն ու հայերը չէին, այլ բոլշեւիզմի յեղափոխական նպատակները. այդու «Հայկական Հարցը միջոց էր եւ ոչ թէ նպատակ… Հայաստանը Լենինի համար զէնք էր՝ խզելու դիւանագիտական կնճիռներն ու խաղերը»: [9] Բագրատ Բորեանը յետագայում զոհ դարձաւ ստալինեան մաքրագործումներին:

Տրուած մեկնաբանութիւնների մէջ մեծ տեղ է գրաւում դեկրետին կցուած Ստալինի բացատրողական-յօդուածը, ուր նա դիտել է տալիս, թէ գերմանեւթրքական իմպերիալիստական ձգտումները թելադրում են բռնութեամբ իրենց իշխանութեան տակ պահել նուաճուած շրջանները: Դա առիթ էր, որ յետագայում խորհրդահայ պատմաբանները Թրքահայաստանի կորուստը գերմանեւթրքական բռնութիւններին վերագրեն: Բայց, ինչպէս Վահան Մինախորեանն է շեշտում, այդ բռնութիւնը չէր, որ Թրքահայաստանի վերջնական վերացման պատճառը դարձաւ, այլ բոլշեւիկների՝ ռազմաճակատները պարպելու որոշումը: [10] Դեկրետը թէեւ չգործադրուեց, բայց մնաց որպէս փաստ Դաշնակցութիւն-Բոլշեւիկ համագործակցութեան, չնայած խորհրդահայ պատմագրութիւնը փորձեց վարագուրել կամ ամբողջովին հերքել այդ համագործակցութիւնը: Դաշնակցութիւնը հենց առաջին քայլից ցոյց էր տալիս իր պատրաստակամութիւնը՝ ի խնդիր Հայ Դատի համագործակցել բոլոր ուժերի հետ:
  Թրքահայաստանի անկախութեան իրաւունքի հռչակումից առաջ արդէն Լենինը աւելի կարեւոր մի հարց էր հետապնդում՝ Ռուսիան պատերազմից դուրս քաշել, ինչ գնով էլ որ դա լինի: Բոլշեւիկեան յեղափոխութեան յաջորդ օրն իսկ նոր իշխանութիւնը ընդունել էր «Հաշտութեան դեկրետ»ը եւ Նոյեմբեր 7-ին ձայնասփիւռով ընդհանուր հաշտութիւն կնքելու առաջարկով դիմել էր թէ՛ Քառեակ Զինակցութեան (Կենտրոնական Ուժեր) եւ թէ՛ Դաշնակիցներին: [11] Հակառակ Դաշնակիցների զգուշացումին, որ անջատ համաձայնութիւններ կնքելը բացասական հետեւանքներ կարող է ունենալ, խորհրդային իշխանութիւնը որոշեց գնալ այդ համաձայնութեան՝ չմտածելով հետեւանքների մասին: Եւ Լենինի պատուիրակները՝ Ադոլֆ Եօֆֆէի գլխաւորութեամբ, հաշտութեան եզր գտնելու համար սկսեցին Բրեստ-Լիտովսկում բանակցութիւններ վարել Քառեակ Զինակցութեան հետ:

Նման իրադրութեան մէջ որքա՜ն անիմաստ էր հռչակուած դեկրետը եւ որքա՜ն դիպուկ պատերազմի օրերի ֆրանսացի թղթակից Հենրի Բարբիի հարցադրումը այդ հռչակագրի վերաբերեալ. «Սա Լենինի եւ Ազգութիւնների Կոմիսարի պարզամտութի՞ւնն էր, տգիտութի՞ւնը, թէ՞ ցինիզմը»: [12] Վահան Մինախորեանի կարծիքով, ուղղակի Գերմանիայի հետ Բրեստ-Լիտովսկում տարուած նուաստացուցիչ բանակցութիւնները եւ մանաւանդ՝ Հայկական Հարցի վերաբերեալ ցուցաբերուած անտարբերութիւնը բացասական տպաւորութիւն էին ստեղծել Եւրոպայում: Այդ տպաւորութիւնը ցրելու համար էր, որ Լենինը հռչակում էր Թրքահայաստանի դեկրետը: [13]

Պարզ էր, որ Լենինը ամէն գնով ցանկանում էր վերջ տալ Ռուսաստանի մասնակցութեանը պատերազմին եւ առիթ էր փնտրում ռուսական զօրքերը Կովկասից հանելու: Բացի այդ, նրա համար կարեւոր էր բոլշեւիկեան յեղափոխութիւնը տարածել անմիջականօրէն Թուրքիայում եւ ապա ամենուրեք: Ուրեմն, Թուրքիոյ յեղափոխութիւնը դիւրացնելու որպէս մէկ միջոց, պէտք էր Թրքահայաստանում բոլշեւիկեան բջիջներ ստեղծել եւ Հ. Յ. Դաշնակցութեան մենաշնորհը խախտել. դա աւելի կարեւոր էր, քան այն հարցը, թէ վերջին հաշուով, թո՞ւրքը թէ հա՞յը կլինէր տէրը այդ հողերի. վերջապէս, չէ՞ որ դրանք Լենինի համար ժամանակաւոր բնոյթ կրող խնդիրներ էին: Այդ նպատակի իրագործման մտահոգութիւնից ելնելով էր, որ Լենինը, Սուերդլովը եւ Աւանէսովը ընթացք տուին արեւմտահայ բոլշեւիկ գործիչ Գուրգէն Հայկունուն, լսեցին նրա զեկոյցը Կովկասի մասին, եւ որ ինչպէս թէ՛ արեւմտահայ եւ թէ՛ արեւելահայ բանուորն ու գիւղացին իրենց յոյսերը խորհրդային իշխանութեան հետ էին կապել: [14] Արեւմտահայ կոմունիստ այս մտաւորականը կարողացել էր համոզել կենտրոնի ղեկավարութեանը, որ բացի ՌԿԲՊ Կովկասեան Երկրային Կոմիտէից պէտք էր հիմնել «Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն», որ կարողանար ուղղակի թրքահայերի մէջ աշխատանք տանել. պարզ էր, որ ղեկավարն էլ կլինէր ինքը:
Եւ կուսակցութեան Կենտկոմից լիազօրութիւն առած, 1918-ի Յունուարի վերջերին եկաւ Թիֆլիս: Նրան տուել էին «30 հազար ռուբլի գործը սկսելու համար»: [15] Վրացեանը վկայում է, թէ Հայկունին եւ իր ընկերները նախկին հնչակեաններ էին, որոնք կարողացել էին կենտրոնից մեծ գումարներ շորթել՝ նրան զեկոյցներ ներկայացնելով, իբրեւ թէ Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւնը բազմաթիւ մասնաճիւղեր ունի Արեւմտեան Հայաստանում: [16] Այդ օրերին, ի հարկէ, ազգային շեշտաւորումով կազմուած կոմունիստական կուսակցութեան որեւէ միաւոր գոյութիւն չունէր: Կային կոմիտէներ միայն, որոնք աշխարհագրական բաժանումներ էին ենթադրում եւ ո՛չ երբեք ազգային: Պէտք է յիշել նաեւ, որ Գուրգէն Հայկունու կազմած կուսակցական միաւորի մէջ «Հայաստան» յորջորջումը հիմնաւորում էր Արեւմտահայութեան մէջ աշխատանք տանելու նպատակը եւ յղում էր Արեւմտահայաստանին եւ ո՛չ Կովկասին: Այդ ժամանակ դեռեւս գոյութիւն չունէր Հայաստանի անկախ հանրապետութիւն, եւ Հայաստան անունը հասկացւում էր Արեւմտահայաստան իմաստով:

 



[1] Տես՝ Վարդգէս Ահարոնեան, «Վահան Տէրեան», «Հայրենիք» ամսագիր, 23-րդ տարի, թիւ 5, 6, Մարտ-Ապրիլ, 1945, էջ 45։

[2] « Նորք» պարբերականի (1925, թիւ 5-6, 413) յիշուած յօդուածում կատարուած զեկուցագրի մէջբերումը տես՝ Կարօ Սասունի, «Հայկական Հարցը Եւ Հայ Բոլշեւիկները», «Դրօշակ», 1927, թիւ 11 (Նոյեմբեր), էջ 326:

[3] «Սովետական Ռուսաստանը եւ Հայկական Հարցը»ի 16-54 էջերում Խուրշուդեանը մէջբերում է կատարում Ժողկոմսովետի Դեկտեմբեր 29-ի նիստի արձանագրութիւնից, ուր դեկրետի նախագծի մշակումը յղում է Ստալինին, Պռոշեանին եւ Զօրեանին (տես՝ էջ 40):

[4] «Հոկտեմբերեան», էջ 11-12:

[5] Հռչակագրի հայերէն թարգմանութիւնը տես՝ նոյն տեղում, փաստաթուղթ թիւ 110, էջ 156: Ստալինի յօդուածի հայերէն թարգմանութիւնը տես՝ նոյն տեղում, փաստաթուղթ թիւ 111, էջ 158:

[6] Տես՝ The Republic of Armenia, vol. I: 1918-1919, (Berkeley, Los Angeles, London, Univercity of California Press, 1971), էջ 438: Յովհաննիսեանը մատնանշում է իր օգտագործած թէ՛ արխիւային նիւթը եւ թէ՛ հրատարակուած աղբիւրը:

[7] «Սովետական Ռուսաստանը եւ Հայկական Հարցը», էջ 15-16: Հեղինակը որպէս աղբիւր նշում է 1957-ին ռուսէրեն լեզուով հրատարակուած փաստաթղթերի ժողովածուն:

[8] Նոյն տեղում, էջ 29-30:

[9] Տես՝ «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի եւ Թրքական Սալի Միջեւ», էջ 12. Վրացեանը մէջբերում է կատարում Բագրատ Բորեանի ռուսերէնով գրուած «Հայաստան, Միջազգային Դիւանագիտութիւնը Եւ Խ. Ս. Հանր. Միութիւնը» բ. հատոր, էջ 363 եւ 377-ից:

[10] Վ. Մինախորեան, «Հայկական Հարցը եւ իր Տարրերը», «Հայրենիք» ամսագիր, 12-րդ տարի, Հոկտեմբեր 1934, Թիւ 12, էջ 103:

[11] Հաշտութեան դեկրետին կապուող մանրամասները նկարագրուած են Ադոլֆ Եօֆֆէի յուշերում, որոնք 1927-ի Յունիսին տպուեցին «Նովիյ Միր»ում եւ որի մասին գրում է Ս. Մանսուրեանը «Բրեստ-Լիտովսկ» յօդուածում: Տես՝ «Հայրենիք» ամսագիր, Ե. տարի, թիւ 11, 1927 (այսուհետ՝ Ս. Մանսուրեան, «Բրեստ-Լիտովսկ»):

[12] Armenia on the Road to Independence, էջ 100:

[13] «Հայկական Հարցը եւ իր Տարրերը», էջ 103:

[14] «Սովետական Ռուսաստանը եւ Հայկական Հարցը», էջ 35:

[15] Նոյն տեղում, էջ 52։

[16] «Հայաստանը Բոլշեւիկեան Մուրճի եւ Թրքական Սալի Միջեւ», էջ 63-64: