Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ձեւաւորւում է Մոսկուայի կովկասեան քաղաքականութիւնը

Երեւի թէ միակ խնդիրը, ուր բոլշեւիկ եւ հակաբոլշեւիկ ռուսները կարող էին համաձայն լինել իրարու հետ, դա Ռուսաստանի հողային տարածքի անձեռնմխելիութիւնն էր։ Այս մտահոգութիւնը դրսեւորւում էր նաեւ բոլշեւիկեան Ռուսաստանի ներկայացուցիչների արտայայտութիւնների մէջ՝ Միացեալ Հայաստանի գաղափարի մասին մտորելիս։

Միացեալ Հայաստանի գաղափարը առանցքն էր կազմում Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան Եւրոպայում վարած բանակցութիւնների։ Այդ առումով պատուիրակութիւնը փորձում էր շօշափել խնդրոյ առարկայ բոլոր երկրների տրամադրութիւններն ու դիրքորոշումը։ 1919-ի Մայիս 22-ին, երբ այնքան մօտ իրականութիւն էր թւում Ամերիկայի հովանաւորումը Հայաստանին եւ այնքան առարկայական՝ Դաշնակիցների խոստումները, Ֆրանսայի մօտ Ցարական Կայսրութեան դեսպան Մակլակովը եւ Ամերիկայի մօտ Ռուսաստանի Ժամանակաւոր Կառավարութեան դեսպան Բախմեդեւը հանդիպում են Հայաստանի զոյգ պատուիրակութիւնների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք պարզում են իրենց կառավարութիւնների անունից, թէ Ռուսաստանն էլ համաձայն է Միացեալ Հայաստանի գաղափարին, սակայն աւելացնում են անմիջապէս, որ Ռուսաստանը պիտի բողոքի գոնէ «ձեւականօրէն», եթէ Խաղաղութեան Խորհրդաժողովը իրագործի Միացեալ Հայաստանը «նախքան նոր Ռուսաստանի կազմակերպումը եւ առանց ռուս կառավարութեան հաճութեան»։ [1]

Երբեմնի ցարական կայսրութեան տարածքում կազմուած անկախ երկրների հանդէպ քաղաքականութիւնը միանշանակ էր՝ ժամանակաւորապէս հանդուրժողական։ Նոյն շրջագծի մէջ կարելի է տեսնել նաեւ Մոսկուայի իշխանութեան 1919-ի Մարտին Դաշնակիցների ներկայացուցիչ Ուիլըմ Բուլլիթթի հետ Մոսկուայում վերջաւորած համաձայնագիրը։ Այս համաձայնագրով, Դաշնակիցների ճնշումը Ռուսաստանի վրայ թեթեւացնելու միտումով, Սովնարկոմը ընդունում էր   de facto գոյութիւնը նախկին Ռուսաստանի սահմանների մէջ ստեղծուած անկախ պետութիւնների (դրանց մէջ՝ նաեւ Հայաստանի), սակայն նոյն համաձայնագրում Լենինը կարողացել էր տեղաւորել մի կէտ՝ ըստ որի, Դաշնակիցները համաձայնւում էին իրենց ուժերը դուրս հանել Ռուսաստանի ամբողջ տարածքից եւ ո՛չ մի օգնութիւն ցոյց չտալ Ռուսաստանի դէմ կազմուած որեւէ պետութեան (դրանց մէջ՝ նաեւ Հայաստանին)։ [2]

Մոսկուայի կովկասեան քաղաքականութեան մէջ, եթէ արտաքին ազդակներ էին Դաշնակիցներին ու նախկին ցարական կայսրութեան տարածքում գործող հակայեղափոխական ուժերը, ներքին իմաստով մեծ դեր էր կատարում Հայկական Գործերի Կոմիսարիատը (Կոմիսարիատ պօ Արմիանսկիմ Դելամ), որ կազմուել էր Ստալինի նախաձեռնութեամբ եւ գործում էր 1917-ի Դեկտեմբերից Խորհրդային Ռուսաստանի Ազգութիւնների Կոմիսարիատի կազմում (Նարկոմնաց)։ Կոմիսարիատի վարիչն էր Վարլամ Աւանէսովը, օգնական՝ Վահան Տէրեանը։

Իրականութեան մէջ, այս հաստատութիւնը կեանքի էր կոչուել հայ ազգային գործերի վերատեսչութեան եւ գաղթականներին նպաստ հասցնելու նպատակով, ինչպէս նաեւ համայնավարական գրականութիւն թարգմանելու եւ ցրելու հայ զանգուածների, մանաւանդ՝ արեւմտահայ գաղթականների մէջ։ Իր համար նախատեսուած այդ գործունէութեամբ, նախնական շրջանում այս հաստատութիւնը բնականաբար Սովնարկոմի հայկական քաղաքականութեան ձեւաւորման մէջ մեծ ազդեցութիւն չունէր։ Այդ շրջանում դաշնակցական գործիչները Պետերբուրգում եւ Մոսկուայում ուղղակի յարաբերութիւնների մէջ էին բոլշեւիկ բարձրաստիճան ղեկավարութեան հետ, եւ այդ յարաբերութիւնները հիմնուած էին անձնական ծանօթութիւնների ու մտերմութիւնների վրայ։ Օրինակ՝ Լիպարիտ Նազարեանցը «Դրօշակ»ի իր յօդուածում (որից նախապէս մէջբերումներ եղան), ինչպէս եւ Արշակ Ջամալեանը մի նամակում (որից նոյնպէս եղան մէջբերումներ) խօսում են Տրոցկու եւ Կարախանի հետ ունեցած իրենց հանդիպումների մասին։ Նրանք յիշում են, թէ այդ բոլշեւիկ ղեկավարները որքան բարեացակամ վերաբերմունք էին ցուցաբերում եւ օգնում Հայկական Հարցը հետապնդող հայ գործիչներին, մանաւանդ՝ նրանց համար դիւրութիւններ էին ստեղծում այդ օրերին բաւական դժուար դարձած երթեւեկի ու երկրից դուրս ճամբորդելու հարցում։

Նորաստեղծ բոլշեւիկեան իշխանութեան միջավայրում հետզհետէ աճում էր, սակայն, Հայկական Գործերի Կոմիսարիատը, ընդլայնում էր իր գործունէութեան դաշտը եւ Ստալինի հաւանութեան արժանի գործունէութիւն ծաւալելով՝ աստիճանաբար կարեւոր դեր էր ստանձնում Մոսկուայի ղեկավար շրջանակներում։ [3] Նպատակն էր բացասական կեցուածք եւ անհանդուրժողականութիւն առաջացնել Մոսկուայի հայաստանեան քաղաքականութեան մէջ։ Եւ դա կատարւում էր գլխաւորաբար Ստալինի խողովակով։ Եթէ սկզբնական շրջանում Սովնարկոմը, յանձինս Լենինի եւ Տրոցկու, աւելի բարեացակամ վերաբերմունք ունէր դաշնակցական գործիչների նկատմամբ, ապա այդ վերաբերմունքը փոխուեց շնորհիւ Հայկական Գործերի Կոմիսարիատի։ Օրինակ՝ նախապէս թոյլատրւում էր Մոսկուայի հայկական կազմակերպութիւններին՝ օգնութիւն եւ կամաւորական խմբեր ուղարկել Կովկաս։ Կառավարութիւնը թոյլատու էր նաեւ Մոսկուայում գործող Հայկական Կոմիտէի աշխատանքներին եւ այդ ծիրում՝ զէնք ու զինուոր Կովկաս ուղարկելուն։ Բայց յետագայում Հայկական Գործերի Կոմիսարիատի թելադրութեամբ լուծարքի ենթարկուեցին հայ մշակութային եւ բարեսիրական կազմակերպութիւնները, թերթերն ու դպրոցները։

Աւանէսովի եւ Տէրեանի յանձնարարութեամբ, Սովնարկոմը փակեց նաեւ Պետերբուրգի Զինուորական Բիւրոն, որի ղեկավարն էր զօր. Յովհաննէս Բագրատունին։ Այս հաստատութիւնների գանձն ու գոյքը փոխանցուեցին Հայկական Գործերի Կոմիսարիատի մասնաճիւղերին՝ Ռուսաստանի կենտրոնում եւ հարաւում, Ուկրաինայում եւ հիւսիսային Կովկասում։ Եթէ տեղում Կոմիսարիատը մասնաճիւղ չունէր, գոյքերը փոխանցւում էին զինուորների ու աշխատաւորների սովետներին։ Կոմիսարիատը Չեկայի միջնորդութեամբ իր ձեռքն առաւ նաեւ Մոսկուայի Լազարեան Ճեմարանը, որ մի տեսակ կենտրոնն էր դարձել Հայկական Կոմիտէի եւ ուր Հայաստան փոխադրուելիք զէնքերն էին պահւում։ Կոմիսարիատի գործուն անդամ Պօղոս Մակինցեանին կարգադրուեց արմատական փոփոխութիւններ մտցնել ճեմարանում, վտարել ամբողջ ուսուցչական կազմը եւ Կոմիսարիատի սկզբունքների վրայ հիմնուած նոր կազմով ու նոր դասածրագրով ճեմարանը վերաբացել։

Հայկական Գործերի Կոմիսարիատը փորձում էր քայքայել ու քանդել հայկական ազգային կառոյցները ամենուրեք չէ՞ որ դրանք միութիւն, դպրոց, կազմակերպութիւններ ազգային, այսինքն՝ հակաբոլշեւիկ եւ վերջին հաշուով դաշնակցական գաղափարաբանութիւն էին սերմանում հայ ժողովրդի մէջ։ Այս բոլոր հաստատութիւններն ու ազգային խորհուրդները լուծարման ենթարկելու Սովնարկոմի (Ժողկոմսովետ) վճիռը, որ արձակուեց 1918-ի Յուլիս 12-ին, այդ կազմակերպութիւնները դատում էր իբրեւ «Անդրկովկասեան հակայեղափոխական կառավարութեան հետ կապ պահպանող Թիֆլիսի Հայկական Ազգային Խորհրդի ֆիլիալ բաժիններ բուրժուական կազմակերպութիւններ …»։ Վճիռը ստորագրել էին Ժողկոմսովետի նախագահ Լենինը եւ Ազգային Գործերի Ժողովրդական Կոմիսարի փոխարէն՝ Հայկական Գործերի կոմիսար Աւանէսովը։ [4]

Հայկական Գործերի Կոմիսարիատի հրահրած մոսկովեան հակահայաստանեան քաղաքականութեան առաջացման մէջ մեծ ազդեցութիւն ունեցաւ նաեւ բոլշեւիկեան իշխանութեան արտաքին քաղաքականութեան աստիճանական բիւրեղացումը։ Նպատակադրուած էր Դաշնակիցներին ամէն գնով հեռացնել նախկին ցարական կայսրութեան սահմաններից եւ բոլշեւիկեան իշխանութիւնը տարածել ու ամրապնդել ամենուրեք։

 

 


[1] Աւետիս Ահարոնեան, «Սարդարապատից Մինչեւ Սեւր Եւ Լօզան», (Պոսթըն, «Հայրենիք»ի Տպարան, 1943), (այսուհետ՝ «Սարդարապատից»), էջ 22-23։

[2] The Republic of Armenia, vol. I, էջ 390-393։

[3] Հայկական Գործերի Կոմիսարիատի գործունէութեան մասին զեկոյցը տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 158, 247-254։

[4] Տես՝ «Սովետական Ռուսաստանը եւ Հայկական Հարցը», էջ 184-185։