Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Մոսկուան դէպի Կովկաս է նայում

Քաղաքացիական կռիւները Ռուսաստանում մեծ չափով դադարած էին արդէն։ Բոլշեւիկ իշխանութեան մնում էր հարաւային Ռուսաստանում վերջնական պարտութեան մատնել Դենիկինի հակախորհրդային բանակին եւ ապա հաշուի նստել նախկին ցարական կայսրութեան հարաւային ծայրամասերում կազմաւորուած անկախ հանրապետութիւնների հետ։ Աստիճանաբար աւելի զգալի էր դառնում Կարմիր Բանակի վտանգը Անդրկովկասում. Դենիկինը անյաջողութիւնների մէջ էր։

Հայ բոլշեւիկները Հայկական Գործերի Կոմիսարիատի գլխաւորութեամբ եւ Անդրկովկասի բոլշեւիկեան կուսակցական կառոյցների ընձեռած միջոցներով գործի էին անցել՝ քայքայելու Հայաստանի սահմաններից դուրս գտնուող բոլոր ազգային հաստատութիւնները, իսկ նրանց քարոզչական մեքենան անդուլ գործում էր՝ վարկաբեկելու Հայաստանի ազգային իշխանութեան եւ քանդելու «Երեւանի նահանգում բուն դրած ազգային-բուրժուական հանրապետութիւնը», որ այնքան խոտոր էր բոլշեւիկեան միջազգայնական գաղափարաբանութեան։

Այսպիսի իրադրութեան մէջ, 1919-ի Նոյեմբեր 27-ին Բաքւում բոլշեւիկների եւ նախկին իթթիհատական ղեկավարների միջեւ կնքուած գաղտնի համաձայնութիւնը յաւելեալ մի հարուած եղաւ Հայաստանի կառավարութեան համար։ Խօսւում էր, թէ ըստ այդ դաշինքի, թրքական զօրքերը Հայաստանի վրայով զօր. Դենիկինի թիկունքը պիտի անցնէին։ Իսկ դա նշանակում էր նոր կոտորածներ Հայաստանում։ Այս համաձայնագրի լուրը Արշակ Ջամալեանին բացայայտել էր բոլշեւիկների Անդրկովկասեան Գերագոյն Մարմնի Թիֆլիսի շրջանային կոմիտէի մէկ անդամը։ Նա նշել էր, թէ իրենք, ի հարկէ, պիտի փորձեն առաջն առնել հայկական կոտորածների, բայց վստահ չեն, թէ պիտի կարողանան յաջողել։ [1] Հաղորդակցութեան նախարար Արշակ Ջամալեանը այդ համաձայնութեան եւ Հայաստանին սպառնացող վտանգի մասին ակնարկել էր 1920-ի Փետրուար 20-ի խորհրդարանական նիստում, բայց ռուսների համաձայնութիւնը իթթիհատական թուրքերի հետ վաղուց իրականութիւն էր արդէն։

Հայ բոլշեւիկները հերքում էին այս համաձայնութեան իրողութիւնը, ինչպէս եւ՝ որեւէ համագործակցութիւն թուրքերի հետ։ Անտեղեա՞կ էին եւ միայն Մոսկուայի կոյր գործակատար, թէ՞ պատուի հարց էր այդպիսի մի համագործակցութիւն բացէ ի բաց ընդունելը։ Համաձայնագրի գոյութիւնը, սակայն, չհերքեց Կոմունիստական Կուսակցութեան Կովկասեան Բիւրոյի (Կաւբիւրօ) ընդհանուր քարտուղար՝ Հմայեակ Նազարէթեանը, երբ Հ. Յ. Դ. Բիւրոյի անդամներ Արշակ Ջամալեանը, Ռուբէն Տէր-Մինասեանը եւ Սիմոն Վրացեանը այս հարցով մտահոգուած Թիֆլիս էին գնացել՝ նրա հետ տեսակցելու։ Նրանք յիշեցրել էին Դաշնակցութեան համագործակցութեան մասին Ստեփան Շահումեանի հետ, խօսել էին Հայաստանի անկախութեան վերաբերող Լենինի դեկրետի մասին, նշել էին, թէ հայ ժողովրդի շահերը պահանջում են, որ Հայաստանիի ղեկավար կուսակցութիւնը որոշ հասկացողութեան եզրեր գտնի բոլշեւիկների հետ։ Նազարէթեանը հեգնական ժպիտով էր միայն պատասխանել։ Ռուբէնի վկայութեամբ, նա նոյնիսկ անորոշ կերպով ակնարկել էր, թէ բոլշեւիկեան արեւելեան քաղաքականութիւնը այնուհետ պահանջելու է աւելի զօրեղ քարոչզութիւն Հայաստանում եւ ամբողջ Կովկասում։ [2]

Այս հանդիպումից քիչ առաջ, 1920-ի Յունուարի երկրորդ կէսին, Երեւանում գաղտնի կերպով տեղի էր ունեցել Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցութեան Հայաստանի կոմունիստական կազմակերպութիւնների առաջին «կոնֆերանցիա»ն։ Այդ համագումարի մէջ արծարծուել էր Հայաստանի կառավարութիւնը տապալելու եւ երկիրը անմիջապէս խորհրդայնացնելու հարցը։ Ասւում է, թէ այդ հարցի վրայ ամենաշեշտակի կերպով պնդել էր նախկին դաշնակցական, ապա ծայրայեղ բոլշեւիկ եւ կծու հակադաշնակցական դարձած Աւիս Նուրիջանեանը։ Համաձայն չէին, սակայն, աւելի փորձառու բոլշեւիկները։ Կուսակցական համեստ շարքերով ու փոքրաթիւ ղեկավարութեամբ եւ մանաւանդ երկրի տնտեսական խղճալի իրավիճակի մէջ պէ՞տք էր արդեօք խորհրդային կարգերի հաստատման համար պայքարել, եւ եթէ անգամ երկիրը յեղաշրջուէր, հնարաւո՞ր էր իշխանութիւնը պահել։ Այս ոգին է արտացոլում Սարգիս Կասեանի յետադարձ հայեացքով շարադրած մէկ յօդուածը («Նոր Աշխարհ» ամսագիր, 1922)։ Սիմոն Վրացեանը այդ յօդուածից մէջբերումներ կատարելով՝ հաստատում է, թէ անմիջապէս խորհրդայնացման գնալու գաղափարը Աւիս Նուրիջանեանից էր գալիս։ [3]

Համագումարը յամենայնդէպս եզրակացնում է, որ առանց դրսի օգնութեան Հայաստանում յեղաշրջում կատարել եւ կառավարութիւնը տապալել անհնար է։ Համագումարում ընդունուած բանաձեւը այնուամենայնիւ նշում է, թէ «Քաղաքացիական պատերազմը Հայաստանում տիրող կարգերի դէմ (ինչպէս ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ադրբէյջանում) եւ այդ դասակարգերի կազմակերպած դաշնակցական կառավարութեան դէմ, դաշնակների իշխանութեան բռնի ռեւոլիւցիոն տապալումը Հայաստանի կոմունիստական կազմակերպութիւնների առաջնահերթ խնդիրն է»։ [4] Րիչըրդ Յովհաննիսեանը այդ համագումարին կապուող փաստաթղթերը ուսումնասիրելով, սակայն, այն կարծիքն է յայտնում, թէ Հայաստանում անմիջապէս խորհրդային կարգեր հաստատելու կամ կառավարութեան դէմ անմիջապէս ապստամբութեան անցնելու որոշում չի կայացել եւ Աւիս Նուրիջանեանը իր ուզած մեկնաբանութիւնն է տուել համագումարից հանուած բանաձեւին։ [5] Ըստ Վրացեանի, սակայն, Հայաստանը անմիջապէս խորհրդայնացնելու բանաձեւը տպուած է «Իզվեստիա»ի 1922 թ. 25 Յունուար, թիւ 1-ում։ [6]

Համագումարից յետոյ իրօք շեշտուեցին բոլշեւիկեան խլրտումներն ու գրգռութիւնները, շեշտուեց նաեւ կառավարութեան հակազդեցութիւնը։ Ձերբակալուեցին մի քանի բոլշեւիկներ, Ասքանազ Մռաւեանը վտարուեց երկրից։ Սակայն, այդ բոլոր իրադարձութիւններից յետոյ անգամ, բոլշեւիկների դէմ առնուող միջոցառումների նկատմամբ միատարր չէր Երեւանի ղեկավարութիւնը։ Ոմանք պահանջում էին աւելի խիստ միջոցներ, իսկ ուրիշները դեռեւս համոզուած էին, որ պէտք է մեղմութեամբ վարուել։ Բողոքի ձայն էին բարձրացրել մանաւանդ սոցիալ-յեղափոխականները խորհրդարանում։ [7]

Բուքրէշի խորհրդաժողովում Բիւրոն քննադատուեց բոլշեւիկների հետ այդքան մօտիկ կապեր ստեղծելու եւ այդպիսով Դաշնակիցների կասկածը հրաւիրած լինելու համար։ Քննադատուեց նաեւ այն բանի համար, որ անհրաժեշտ կարեւորութեամբ չի ընկալել կովկասեան իրականութեան մէջ բոլշեւիկների ունեցած դերակատարութիւնը։

Փաստօրէն Դաշնակցութեան յարաբերութիւնները հայ բոլշեւիկների հետ առժամապէս սահմանափակուեցին միայն հակազդեցութիւններով, որոնք ըստ էութեան բաւարար չէին նրանց խռովութիւններին վերջ տալու համար։

 


[1] Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 381-382։

[2] Տես՝ Ռուբէն, էջ 268։ Նաեւ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 383։

[3] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 385։

[4] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 191, էջ 303։

[5] Րիչըրդ Յովհաննիսեան, The Republic of Armenia, vol. III, From London To Sevres, February August 1920, (Berkeley, Los Angeles, London, University of California Press, 1996), էջ 212։

[6] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 386։

[7] «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն ու Զարգացումը», էջ 208։