Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ձեւաւորւում էր ռուս-թրքական դաւը՝ Հայաստանի դէմ

Մուստաֆա Քեմալը անհամբեր սպասում էր պատեհ առիթի՝ Հայաստանի դէմ յարձակման դիմելու: Այս գործողութեան նախապատրաստական փուլի մէջ, 1920-ի ամառուայ ընթացքում, թուրք գործիչները Բաքւում ապահովում էին բոլշեւիկների համագործակցութիւնը, իսկ Թիֆլիսում շօշափում էին Վրաստանի բռնելիք դիրքը այդ յարձակման պարագային: [1] Յետագայում, Ալեքսանդրապոլի հաշտութեան բանակցութիւնների ընթացքում Կարաբեքիրը յայտնել էր Խատիսեանին, թէ Եուսուֆ Քեմալ բէյը եւ Ալի Ֆուատը վրաց կառավարութեան հետ դաշն էին կապել, որ հայ-թրքական պատերազմի պարագային Վրաստանը չէզոք մնար եւ դրա փոխարէն ստանար Բորչալուի ու Ախալքալաքի գաւառները եւ Արդահանի շրջանը: [2]

Երկար բանակցութիւններն ու դիւանագիտական առեւտուրը արդէն հող էին պատրաստել Հայկական Հարցը ռուս-թրքական համաձայնութեան ոլորտում լուծելու համար: Որպէս վերջին փուլ, 1920-ի Օգոստոս 24-ին կնքուեց Խ. Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի համագործակցութեան դաշինքը Մոսկուայում: Եօթը կէտերից բաղկացած այս համաձայնագիրը թոյլատու էր կողմերին որեւէ միջոցի դիմելու՝ երկու երկրների մէջ շուտափոյթ կերպով անձերի եւ ապրանքի տեղափոխութիւնը կարելի դարձնելու համար: Մոսկուան խոստանում էր չճանաչել այն համաձայնագրերը, որոնք վերաբերում էին Թուրքիային եւ չէին վայելում ազգայնական Թուրքիոյ համաձայնութիւնը. այդ համաձայնագրերի շարքին էր, ի հարկէ, Սեւրի դաշնագիրը, որ կնքուել էր միայն երկու շաբաթ առաջ եւ դաշնագրի տակ ստորագրել էին Թուրքիոյ նախկին տէրերի ներկայացուցիչները: [3]

Դաշնագրի ստորագրումից յետոյ էլ շարունակուեցին Բեքիր Սամիի եւ Չիչերինի հանդիպումները, որոնց ընթացքում մանրամասնութիւններ էին ճշտւում ազգայնական Թուրքիային տրուելիք զէնքի ու դրամի օժանդակութեան, իսկ մանաւանդ՝ Հայաստանի սահմանների եւ Կովկասից Թուրքիա երթեւեկութեան ազատ ճամբաների ապահովման վերաբերեալ: Այս բանակցութիւնների մէջ բոլորովին անտեսուած էր Սեւրի դաշնագիրն ու Հայաստանին հասանելիքը. Հայաստանի սահմանների ճշտորոշիչ գործօնը ռուս-թրքական համաձայնութիւնն էր:
  Բանակցութիւնների ընթացքում Չիչերինը առաջարկել էր, որ գոնէ Վանի ու Բիթլիսի նահանգների մի մասը տրուի Հայաստանին, եւ կարգադրութիւն կատարուի՝ տեղի մահմեդականներին մի այլ տեղ տեղափոխելու: Բեքիր Սամին միանգամայն դէմ էր գնացել այդ առաջարկին, տրամաբանելով, որ հայերը երբեք մեծամասնութիւն չեն եղել այդ վայրերում եւ նման մէկ կարգադրութիւն բռնութիւն է մահմեդականների դէմ եւ շեղում՝ բոլշեւիկեան սկզբունքներից: Ինչպէս երեւում է, Մոսկուայի իշխանութիւնը նպատակ ունէր Հայաստանի համար մի փոքրիկ տարածաշրջան ապահովել, եւ եթէ ճիշտ է Բեքիր Սամիի տուած բացատրութիւնը Անգարայի կառավարութեան, Մոսկուան փորձում էր իր ուզած ձեւով լուծել Հայկական Հարցը, միայն թէ լուծել, որպէսզի Դաշնակիցների ձեռքով չկատարուի այդ: Իր բացատրողականի մէջ Բեքիր Սամին դիտել էր տալիս, որ Մոսկուայի իշխանութեան մէջ բարձրաստիճան հայեր, ինչպէս Կարախանն ու Աւանէսովը, Թուրքիայից հողեր խլելու հարցում ազդում են Մոսկուայի քաղաքականութեան վրայ: Ընդգծում էր, թէ որքան մեծ լինի Հայաստանին տրուելիք բաժինը, այնքան Ռուսաստանի օգտին է, որովհետեւ Ռուսաստանը այդպիսով սիրաշահած կլինի հայ զանգուածներին, դաշնակների կառավարութեան տապալումը դիւրին կլինի եւ Հայաստանը հենց այդ մեծ տարածքով էլ կը խորհրդայնանայ, այսինքն՝ ի վերջոյ Ռուսաստանին կը կցուի:

Պաշտօնական սակարկութիւններից բացի գոյութիւն ունէր մի այլ պարագայ, որին մեծ կարեւորութիւն ընծայեցին թուրքերը: Լենինը թուրք պատուիրակութեան հետ հանդիպման ընթացքում խոստովանել էր, թէ հայերի հետ իրենց համաձայնագիր ստորագրելը սխալ էր: Նոյնիսկ մտերմաբար դիտել էր տուել, որ թուրքերը կարող են այդ սխալը սրբագրել: Թուրք պատուիրակները հեռացել էին այն տպաւորութեամբ, որ եթէ Հայաստանի վրայ յարձակում գործեն, Մոսկուան չպիտի առարկի: Նոյն տպաւորութիւնն ունէին նաեւ Խալիլ, Ջեմալ եւ Էնվէր փաշաները, որոնք իրենց հերթին մօտիկ յարաբերութիւններ էին ստեղծել Մոսկուայի իշխանաւորների հետ: Նրանք խորհուրդ էին տալիս սկսել զինուորական գործողութիւնները Հայաստանի դէմ:

Ռուս-թրքական դաշինքը առաջին քայլն էր Հայաստանի ապագան ճշտող: Միւս որոշիչ ազդակը Սեպտեմբեր 1-ին Բաքւում կայանալիք Արեւելեան Ազգերի Համագումարն էր, որ ապագայի քաղաքականութեան վերջնական հունը պիտի ճշտէր: Արդարեւ, մեծ կարեւորութիւն ունէր այս համագումարը, որ հրաւիրուած էր կոմունիստական ինտերնացիոնալի կողմից եւ որի ղեկավարներն էին Զինովեւը, Ռադեկը եւ Բելա Քունը: Մեծ թուով մահմեդական ներկայացուցիչների կողքին, համագումարին մասնակցում էին նաեւ Լեգրանը եւ Հայաստանից փախած հայ բոլշեւիկներ՝ Նուրիջանեան, Կասեան, Միկոյեան, Մռաւեան եւ ուրիշներ: Համագումարին ներկայ էին նաեւ իթթիհատական երբեմնի ղեկավարներ եւ հայկական ջարդերի գլխաւոր պատասխանատուներ՝ Էնվերը, Խալիլը եւ Բեհաէդդին Շաքիրը: Այս խորամանկ դիւանագէտները իրենց ելոյթներում բոլշեւիկեան վարչակարգն էին ջատագովում եւ ռուս-թրքական համաձայնութիւնը ապագայի մեծ բարեկամութեան ու համագործակցութեան գրաւականը համարում: Ներկայ էին նաեւ Մուստաֆա Քեմալի ներկայացուցիչները՝ Իբրահիմ Թալին եւ դեսպանի պաշտօնով Մոսկուա ուղեւորուած Ալի Ֆուատ փաշան: Վերջինիս վկայութեամբ, «Հայ բոլշեւիկները, թուրք իսլամ պետութիւններէն ամէն կողմէ շրջապատուած ըլլալով, կողմնակից դարձած էին թուրքերու հետ համաձայնելու»: [4]

Եւ այս համագումարի մէջ, հայ բոլշեւիկների անտարբեր աչքերի առջեւ, ձեւաւորւում էր ռուս-թրքական դաւը՝ Հայաստանի անկախութիւնը խորտակելու: Աւելին, Հայաստանում տիրող իրավիճակի մասին հայ բոլշեւիկների ներկայացրած զեկոյցը հարազատ պատկերն էր գծում նրանց մէկ ու միակ նպատակի, այն է՝ տապալել դաշնակցական կառավարութիւնը եւ խորհրդային կարգեր հաստատել Հայաստանում: Այս նպատակը պիտի իրագործէին, թէկուզ ում հետ էլ զինակցելու լինէին: Նրանք յայտարարում էին, թէ Դաշնակցութիւնը «Բանդիտ-մաուզերիստների օգնութեամբ . թաղեց Թուրքահայաստանի աշխատաւոր գիւղացիութեանը եւ . նոր Գողգոթա է կառուցում անդրկովկասեան Հայաստանի բանուորագիւղացիական մասսաների համար»: [5] Իսկ իրենք առաքելութիւն էին ստանձնել այդ զանգուածներին փրկելու:

Համագումարի աւարտին պատերազմի կոչ էր արւում աշխարհի բուրժուազիայի եւ մանաւանդ՝ անգլիական ու ֆրանսիական իմպերիալիստների դէմ: Անգարայում լոյս տեսած մի տեղեկագրի մէջ գոհունակութեամբ նշւում են համագումարից հանուած մանիֆեստի տողերը Հայկական Հարցի մասին. «Մինչեւ հիմա Եւրոպան խաբել է հայերին, եւ այս քաղաքական խայծի մէջ այնքան է յառաջացել, որ հայերին խոստացել է հողեր, որոնք պարզապէս թուրքերին են պատկանում: Հայերը աւելի տրամաբանական պիտի լինեն ու գոհանան իրենց իրաւունքներով եւ տրամաբանութեամբ կատարեն իրենց պարտականութիւնները»: [6]

Արեւելեան Ազգերի Համագումարի փակման ուղերձում Հայաստանին առնչուող պարբերութիւնը հարազատ արտացոլքն է այդ համագումարում Հայաստանի տնտեսական ու քաղաքական դրութեան մասին հայ բոլշեւիկների ներկայացրած «Հայաստանի Աշխատաւոր Մասսաների Ներկայացուցիչների Կոչ» վերտառութիւնը կրող զեկուցումի: Ուղերձում ասուած է՝ «Ի՞նչ է անում Անգլիան Հայաստանում եւ Վրաստանում: Իր ոսկու միջոցով գիւղացի եւ բանուոր զանգուածներին դաշնակ եւ մենշեւիկ վարձկան կառավարութիւնների ատելի լուծի տակ է պահում. իսկ այդ կառավարութիւնները ահաբեկում ու ճնշում են ժողովրդին եւ պատերազմի մէջ են ներքաշում նրանց, պատերազմ՝ ընդդէմ Ազրբէյջանի եւ Ռուսաստանի ժողովուրդների, որոնք ազատագրուել են բուրժուական լծից»: [7]


 


[1] Վրացեանը «Հայաստանի Հանրապետութիւն»ում (էջ 464-465) խօսում է Պոլսում լոյս տեսնող «Ժուրնալ Դ’Օրիան» թերթի մի թղթակցութեան մասին, ուր Կարաբեքիրը կարծիք էր յայտնում Հայաստանի վրայ յարձակուելու պարագային Վրաստանի բռնելիք դիրքի մասին:

[2] «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 307:

[3] Համաձայնագրի բնագիրը, տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 255: Թուրք-ռուսական բանակցութիւնների մանրամասնութիւնը տես՝ նոյն տեղում, էջ 241-255:

[4] «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 243: Ալի Ֆուատի յուշերը «Մոսկովա Հաթրալարի» (Մոսկուայի Յուշեր)-ից մէջբերումներ է կատարուած «Հայաստան Եւ Հայ Դատը»ում, էջ 241-255:

[5] Զեկոյցի բնագիրը, տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 243, էջ 375-378։ Համագումարի Մանիֆեստը, տես նոյն տեղում, փաստաթուղթ թիւ 245, էջ 379-389:
Հայ բոլշեւիկների խմբագրած «դեկլարացիա»ի եւ ընդհանրապէս համագումարի մասին, տես՝ Ա. Բ. Յարութիւնեան «Արեւելքի Ժողովուրդների Առաջին Համագումարը», (Երեւան, Հայպետհրատ, 1960): Հետաքրքիր է նշել, որ լայն տեղ տալով հանդերձ համագումարի մանիֆեստին եւ ուղերձին, Յարութիւնեանը չի խօսում Հայաստանին ու հայութեան առնչուող հարցերի մասին եւ ոչ էլ յիշում է Զինովեւի դերը այդ համագումարում:

[6] Խոսրօ Շաքերի, Le premier congres des peuples de l’Orient, Baku-1920, Documents inedits avec une introduction historique de Cosroe Chaquerie (Tehran, Iran, Publication de L’Institut Sultanzadé Pour La Recherche Ouvriere, 1982), էջ 205:

[7] Ուղերձի ֆրանսերէն թարգմանութիւնը տես՝ նոյն տեղում, էջ 264-268. մէջբերումը էջ 266-ից: