Առաքել Դաւրիժեցու Պատմութիւնն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


Հայ դասական պատմագրության ժանրային զարգացման ընթացքը, շարունակվելով մինչեւ 17–18-րդ դարերը, այնուամենայնիվ, ընդհանրականության մեջ այդպես էլ չդրսեւորեց ավելի բարձր մակարդակ, քան այն, որ նվաճվել էր 5-րդ դարում: Հետագա դարերի հայ պատմիչների տարաբնույթ ընդգրկումներ, կառուցվածքներ ու գործառնականություն ունեցող երկերի արժեքայնության չափորոշիչը հիմնականում առանձին երեւույթների ու դրսեւորումների, այլ խոսքով` մասնավորությունների կայացման մեջ է: Դա վերաբերում է հատկապես արտապատմագիտական հատույթին` երկի ընդհանուր հյուսվածքին, կառուցվածքային յուրահատկություններին, պատումի կերպին, ժանրային նկարագրին, գեղարվեստական արտահայտչամիջոցներին եւ այլն, քանզի, այսպես թե այնպես, հայ գրեթե յուրաքանչյուր պատմիչ իր աշխատությունում պատմական կարեւոր իրադարձություններ այս կամ այն չափով վկայագրել է:

Այդ իմաստով բացառություն չէ նաեւ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին եւ նրա «Գիրք պատմութեանց» աշխատությունը [1]: Նա եւ ուշ միջնադարի մյուս պատմիչները, Մայիս Ավդալբեգյանի ձեւակերպմամբ` «ընթացել են V դարի պատմագրության մեջ արդեն դրսեւորված գիտական, գեղարվեստական, ժանրային եւ ոճական հիմնական հատկանիշները տարբեր ձեւերով շարունակելու եւ զարգացնելու ուղիով` ամեն անգամ տվյալ պատմիչ-գրողի դարաշրջանի, անհատականության եւ նրա առջեւ կանգնած կոնկրետ խնդիրներին համապատասխան» [2]:

Ավանդաբար «Գիրք պատմութեանց» աշխատությունն առանձնացվել ու գնահատվել է նախեւառաջ որպես պատմական կարեւոր սկզբնաղբյուր, թեպետ Դավրիժեցուն եւս Մանուկ Աբեղյանը դասում է իր իսկ բնութագրմամբ` «գրականության նորոգողների» շարքում: Անմիջապես նկատենք, որ այս կարգի մասնավոր արժեւորումները Դավրիժեցուն նվիրված սակավաէջ գիտական գրականության մեջ եւ նրա անվան ու գործի տարաբնույթ, երբեմն` հերթապահ արծարծումներում ընդհանուր առմամբ գերիշխում են, եւ հայ պատմագրության ընդհանրականության մեջ նրա տեղի որոշադրման ու արժեւորման առումով հանգեցնում են թյուր կամ ոչ ամբողջական ընկալումների: Հատկապես շատ է չարաշահվում «17-րդ դարի կամ ուշ միջնադարի խոշորագույն պատմիչ» բնորոշումը, որը, ճիշտ լինելով, այնուամենայնիվ, ընկալման մակարդակում փոքր-ինչ տարտղնված է եւ պահանջում է զգուշավոր կիրառություն: Հարցն այն է, որ այդ բնորոշումների ընկալողական տիրույթում երբեմն «17-րդ դար»-ը կամ «ուշ միջնադարի»-ն մղվում են ետին պլան եւ ընդգծվում է «խոշորագույն պատմիչ»-ը, ինչն էլ իր հերթին, պայմանավորելով անխուսափելի կանխակալություն, Դավրիժեցու աշխատության թեկուզեւ ընթերցման ընթացքն ուղեկցում է որոշակի հիասթափություններով: Սա հոգեբանական բնույթի խնդիր է եւ բացատրելի է ընկալման նրբություններով: Այս դեպքում էլ հարցն այն է, որ պատմագրական երկ ժանրային հասկացությունն անպայման առթում է ընկալման երկու, բայց համադրական ու անտրոհելի մակարդակներ` պատմագիտական եւ գրական: Եվ եթե պատմագիտական առումով Դավրիժեցու երկը տարակույսներ չի թողնում եւ բարձր է գնահատվել նաեւ այլազգի ուսումնասիրողների, մասնավորապես` պատմաբանների կողմից [3], ապա գրական առումով, անկախ իր արժանիքներից, այդուհանդերձ, կարծես թե չի արդարացնում խոշորագույն տարազումը, քանզի աշխատության տեքստի ու կառույցի բնույթն այնպիսին է, որ ակամա մղում է զուգադրումների ավելի վաղ շրջանի, մասնավորապես` ոսկեդարյան պատմագրքերի հետ, որոնք միշտ չէ, որ Դավրիժեցու օգտին են: Այնինչ, իբրեւ առանձին համակարգ դիտարկելիս` «Գիրք պատմութեանց»-ը անուրանալի արժանիքներ ու ինքնատիպություններ է հանդես բերում նաեւ այդ հատույթում:    

Վերը նշվածի առումով Դավրիժեցու աշխատությունն իր իրական նշանակությամբ ու արժեքով է ներկայացվում Լորետա Դանեղյանի հետեւյալ պարզ բնութագրման մեջ, որն ամենից ընդունելին է, քանզի նրանում ոչ աբեղյանական` հաճախակի դրսեւորվող քամահրանքը կա, ոչ էլ մյուսների չափազանցությունները. «Դավրիժեցին եղավ հայ միջնադարյան հարուստ պատմագրության վերջին խոշոր երախտավորը» [4]: Ընդհանրական այս ամփոփադրման ժանրային առումով ելակետային եզրից մեկնելով էլ` անմիջապես նշենք, որ միջնադարյան որեւէ հեղինակի աշխատությունը պատմագրության ընդհանրական համածիրի մեջ ընդգրկելն ինքնին ենթադրում է դրան գրական արժեքի վերագրում, քանզի այդպես է պահանջում պատմագրության ժանրային նկարագիրն ու ժանրային օրինաչափությունը:

Ընդհանուր առմամբ` հայ բանասիրության մեջ պատմագրական երկերի գրական արժեքի մասին խոսակցություններ ու վերլուծումներ շատ են եղել: Խնդրի գոյությունը, անշուշտ, վիճարկման ենթակա չէ, քանզի պատմագրության ժանրային նկարագրում գրական անքակտելի էատարր է: «Պատմագրական երկերին հատուկ են ոչ թե գրական ինչ-որ հատկանիշներ, այս կապակցությամբ նկատում է Մայիս Ավդալբեգյանը, այլ պատմագեղագիտական միասնական սկզբունք, հեղինակային հավատամք, որի դրսեւորմանն են ծառայում թե՛ պատմությունը, թե՛ գրականությունը միաժամանակ» [5]: Բայց, ցավոք, մեր գրականագետների ու բանասերների մեծ մասը, ինչպես մի առիթով նկատում է Կարապետ Մելիք-Օհանջանյանը` « Գրական արժեքի տակ... սովորաբար հասկանում են հեղինակի ոճը» (ընդգծումը մերն է–Ա. Ն. ), [6] կամ լավագույն դեպքում` պատմագրական երկերի գեղարվեստական կողմը: Եվ գրեթե միշտ երեւույթը դիտարկել ու քննել են ըստ այդ տրամաբանության: Այնինչ, գեղարվեստականությունը, լինելով կարեւոր էատարր, այդուհանդերձ, պատմագրական երկին գրական տարազումի առումով, որքան էլ զարմանալի հնչի, վճռական դեր չի խաղում: Սույն աշխատության խնդրադրությունում «իբրեւ գրական երկ» մասնավորումը կազմաբանվում է նախեւառաջ այլ էատարրերով եւ ապա միայն ու հաճախ ոչ պարտադիր` գեղարվեստական արժանիքներով: Այս իմաստով պետք է զգույշ ու տարբերակված կիրառել գրական երկ եւ գեղարվեստական արժեք հասկացությունները: Դրանցից առաջինը լայն ընկալում է, իսկ երկրորդը առաջինի մասնավորություններից մեկը: Մասնավորապես, Մանուկ Աբեղյանն իր «Հայոց հին գրականության պատմություն» երկհատոր հիմնարար աշխատության մեջ գրեթե յուրաքանչյուր պատմագրքի անդրադառնալիս անպայման խոսում է նաեւ դրա գրական արժեքի մասին` հաճախ կատարելով չափազանց ուշարժան դիտարկումներ, բայց միշտ չէ, որ տարբերություն է դնում վերը նշված հասկացությունների միջեւ, այն դեպքում, երբ, ինչպես նրա որոշ վերլուծություններն են վկայում, հստակ տարբերակել ու գիտակցել է այդ հասկացությունների սկզբունքային տարբերությունները [7]:                              

Խնդրին համակարգված մոտեցման առումով հիշատակելի է հատկապես Մայիս Ավդալբեգյանի` 1971-ին լույս տեսած «Հայ գեղարվեստական արձակի սկզբնավորումը» (V դար) մենագրությունը, որում ոսկեդարի հայ պատմագրության ընձեռած գրանյութի սահմաններում գրականագետը հայ գեղարվեստական արձակի ձեւավորման ակունքներում դիտարկում է նաեւ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի երկերը: Ավդալբեգյանը, ելնելով իր աշխատության խնդրադրությունից, իրավամբ շրջանցել է զուտ գրական մի շարք իրողություններ (ժանրային համակարգ, կառուցվածքային հարցեր եւ այլն), քանզի գիտակցել է, որ գրական դեռեւս գեղարվեստական չէ, թեպետ գեղարվեստական- ը պարտադիր նաեւ գրական է: Դրա լավագույն օրինակը հայ պատմագրության մեջ Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն» աշխատությունն է, որի գեղարվեստական արժեքի մասին խոսելը գիտական լրջության տեսանկյունից հեշտ խնդիր չէ, մանավանդ որ` Փարպեցին «արտահայտում է [5-րդ] դարավերջի պատմագրության բնորոշ ձգտումը դեպի զուտ գիտական, այսինքն գեղարվեստականությունից հեռացող եւ ճշգրտության հասնող պատումը» [8], սակայն հանգիստ կարելի է քննաբանել այդ պատմագրքի գրական արժեքի հարցը, հատկապես ժանրային ու կառուցաբանական մակարդակներում: Եվ բոլորովին պատահական չէ, որ Մայիս Ավդալբեգյանն իր վերը հիշատակված մենագրության տարաբնույթ խնդրադրություններում ընդհանրապես չի ներառել Ղազար Փարպեցու աշխատությունը:

Թեպետ «... V դարում դասականացված հայ պատմագրությունը հասել էր մի այնպիսի կատարելության, որ այլեւս կարիք չուներ ժանրային նորամուծությունների» եւ «Ժանրի կառուցվածքային տարողությունները միանգամայն հնարավորություն էին տալիս ներառելու նորացող, սակայն ճակատագրով ամենեւին չփոխվող ժամանակների պատմության տրամադրությունների տարերքը» [9], այդուհանդերձ, ուշ միջնադարում հայ պատմագրությունը որոշակիորեն փոխել էր իր ժանրային դիմագիծը, եւ գրական, գեղարվեստական ու պատմագիտական առանձնահատկությունները ժանրի երեւումներում ներկայանում էին այլ հարաբերակցությամբ ու համադրությամբ: Մասնավորապես` 12-րդ դարից սկսած, ինչպես նկատում է Մանուկ Աբեղյանը` «արվեստը պակասում է մեր պատմագրության մեջ, մինչեւ որ առաջ է գալիս ժամանակագրությունը կամ տարեգրությունն առանց անձնական ոճի նույնության» [10]: 17-18–րդ դարերի հայ պատմագրությունն արդեն յուրովի համադրում էր ոսկեդարյան ավանդույթներն ու 12-րդ դարից սկսած նկատվող ընդհանուր միտումները: Այդ զուգադրման արդյունքների առումով գուցե հետաքրքրական, բայց եւ որոշ առումներով վիճարկելի է նույն Մանուկ Աբեղյանի այն դիտարկումը, թե
«Վերածնության շրջանի մեջ (նկատի ունի 17-րդ դարի գրական-մշակութային զարթոնքը–Ա. Ն. ) պատմագրություն իսկական իմաստով գոյություն չունի: Մի քանի այդ անունը կրողները լոկ անարվեստ նկարագրողներ են... ... Այդ պատմագիրները (նրանց թվում Աբեղյանը դասում է նաեւ Առաքել Դավրիժեցուն–Ա. Ն. ) իսկապես գրականության նյութ չեն կարող լինել, որքան պատմության ուսումնասիրության համար իբրեւ աղբյուր կարող են ծառայել» [11]: Այսինքն` Աբեղյանը, ըստ ամենայնի, զանց է առնում պատմագրության էատարրերից մեկը` գրական կողմը, փաստորեն, ակամա հանգելով նաեւ բուն ժանրի գոյության գրեթե ժխտման ուշ միջնադարում:

Անդրադառնալով նույն խնդրին` Հենրիկ Բախչինյանն իր հերթին նկատում է, որ 17-րդ դարի պատմագրական բոլոր երկերն էլ «ընդհանուր առմամբ, մնում են գեղարվեստական գրականության համակարգում` ներկայացնելով ժամանակի գեղարվեստական արձակի մի առանձին յուրօրինակ ճյուղը: Անշուշտ, այս շրջանի պատմագիրների երկերը չունեն Ոսկեդարի պատմագրության ո՛չ պատմական, ո՛չ էլ գեղարվեստական բարձր արժեքը: Բայց դրանք, անտարակույս, իրենց ժամանակի պատմագիտական եւ գեղարվեստական մտքի արդյունք են, ուստի եւ` պատմագրության եւ գրականության փաստ» (ընդգծումերը` բնագրում–Ա. Ն. ) [12]:

Մեր կարծիքով` Բախչինյանն ընդհանուր առմամբ իրավացի է, իսկ Աբեղյանն այս խնդրի շուրջ իր դատողություններում նաեւ որոշակի հակասություններ է երեւանում: Նախ` ժամանակակիցների բազմաթիվ վկայություններ փաստում են, որ Դավրիժեցու պատմագրքի գործառնականությունը պայմանավորված է եղել ամենից առաջ նրա գրական-գեղարվեստական յուրահատկություններով, այն եղել է ընթերցանության սիրված գիրք: Մյուս կողմից` Աբեղյանն ինքն է Դավրիժեցուն դասում «գրականություն նորոգողների» շարքում, բացի այդ` վկայաբերում նրա աշխատության այնպիսի արժանիքներ ու ներբերում հատվածներ, որոնք զուտ գրական իրողություններ են: «Այսպիսի նկարագիրներ (նկատի ունի ջուղահայերի բռնի գաղթի տեսարանը–Ա. Ն. ) մեր պատմությանց մեջ քիչ կպատահենք Եղիշեի ժամանակից ի վեր» [13]: Ավելորդ է նշել, որ Եղիշեի հետ զուգադրումն իսկ գեղարվեստականության ցուցիչ է: Կամ` մեկ այլ առիթով էլ գրում է. «Խորենացու հայրենասիրությամբ, բայց եւ առանց Խորենացու ճարտասանության, պարզ ու բնական, Խորենացուց ավելի սրտառուչ է ողբում յուր հայրենիքը... ... որից ավելի գեղեցիկ չէր կարող ոչ մի իրեն ժամանակակից բանաստեղծ ողբալ » (ընդգծումը մերն է–Ա. Ն. ) [14]: Եվ միայն զարմանալ կարելի է հետեւվող եզրահանգմամբ. «Այսպիսի դեպքերում, անշուշտ, կարելի չէ խոսել Առաքել պատմագրի գրվածքի գեղարվեստականության մասին, գրական արժեքի մասին: Նրա ոճը միայն կենդանի է, որովհետեւ զգացմունքով գրված է... » [15]:

Մի փոքր տարտղնված ու տարօրինակ է Գարեգին Զարբհանալյանի տեսակետը, որում նաեւ հասկացությունների շփոթ կա: Ամեն դեպքում նա նույնպես Դավրիժեցու երկը, իբրեւ գրական իրողություն, զանց է առնում. «... ասոնց ալ (17-րդ դարի պատմագրքերի–Ա. Ն. ) գլխաւոր արդիւնքը պատմական աւանդից մէջ է, եւ միայն այս նկատմամբ կրնան ազգային գրականութեանց պատմութեանը մէջ յիշատակուիլ» [16]:

Փաստն այն է, սակայն, որ Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը հատկանշվում է նաեւ պատմական իրադարձությունների ներկայացման գեղարվեստական ոճով ու մոտեցմամբ, ինչպես նաեւ զուտ գրական իրողությունների, մասնավորապես` կառուցվածքային արտաքին ու ներքին օրինաչափությունների պահպանմամբ, տարբեր գրական ժանրերի կիրառությամբ, որոնց ընդհանրականությունը ապահովում է պատմագեղագիտական որոշակի միասնություն: Դա է պատմագրության ժանրաձեւի օրենքը, որը Դավրիժեցու պատմագրքում գիտակցաբար, թե ակամա պահպանված է հիմնովին` այն քննելի դարձնելով նաեւ գրական մակարդակում:

* * *

Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատության` գրապատմական արժեք ունեցող առաջին գնահատականը, թերեւս, Ոսկան Երեւանցու կողմից դրա լույսընծայումն էր` 1669 թվականին, Ամստերդամում: Դավրիժեցին, այդպիսով, դարձավ առաջին հայ պատմիչը, ում աշխատությունը լույս տեսավ նրա կենդանության օրոք: Բնականաբար, Ոսկան Երեւանցին հենց այնպես չէր ձեռնարկել այդ գործը, մանավանդ որ` այդ ժամանակ արդեն ուներ «հրատարակչական աշխատանքի շուրջ յոթ տարվա փորձ ու հմտություն» [17], իսկ Դավրիժեցու պատմագիրքը Ոսկանի հրատարակած թվով տասնյոթերորդ գիրքն էր [18]: Նա, անկասկած, տեղյակ էր այն հետաքրքրության մասին, որ տածվում էր Դավրիժեցու աշխատության հանդեպ եւ գիտեր, որ հրատարակում է
17-րդ դարի պատմագրության ամենամնայուն արժեքը:

Այնուհետեւ Առաքել Դավրիժեցու եւ նրա «Գիրք պատմութեանց» աշխատության մասին գնահատանքի ու արժեւորման խոսքեր, վկայակոչումներ ու հղումներ հանդիպում ենք նրան հաջորդած պատմագիրների ու ժամանակագիրների երկերում: «Չկա Դավրիժեցու «Պատմությունից» հետո հայ պատմագրության մեջ հանդես եկած շատ թե քիչ խոշոր որեւէ երկ, որտեղ XVII դ. առաջին կեսի պատմական իրողությունների նկարագրման համար լայնորեն օգտագործված չլինեն Դավրիժեցու հաղորդած տեղեկությունները» [19], գրում է Լորետա Դանեղյանը:

Այդ երկերում միեւնույն ժամանակ սկսում է իր դրսեւորումներն արձանագրել նաեւ Դավրիժեցու պատմագրքի գործառնականությունը, եւ սկսում է գործել նաեւ նրա «օգտակար գործողության գործակիցը», հասկացություն, որը Զավեն Ավետիսյանի կարծիքով` «մշակութային հուշարձանի գնահատման, արժեքավորման նոր չափանիշ ու մոտեցում է» [20], որի պարագային կարեւորվում է այն, թե ինչ չափով եւ ինչ կերպ են հաջորդող ժամանակներում օգտվել տվյալ մշակութային հուշարձանից: Առաջիններից մեկը Դավրիժեցուն անմիջաբար հաջորդող պատմիչ Զաքարիա Սարկավագ Քանաքեռցու եռահատոր «Պատմագրությունն» է, որ լեցուն է Առաքել Դավրիժեցու անձի ու գործի հիշատակումներով,
«Գիրք պատմութեանց»-ից տարաբնույթ քաղումներով, վկայակոչումներով, զուգադրումներով [21]:

Հետագայի «օգտակար գործողության գործակցի» ցուցիչներից հիշատակելի են հատկապես Հովհ. Թումանյանի «Թագավորն ու չարչին» բալլադը, որը գրվել է Դավրիժեցու աշխատության համապատասխան վկայագրումների ու դրվագների հիմամբ, ինչպես նաեւ Մուրացանի «Անդրեաս երեց» պատմավեպը, որում ոչ միայն օգտագործված փաստերն ու դրվագներն են դավրիժեցիական, այլեւ իրադարձությունների գաղափարական գնահատումի շատ կողմեր:

Առաջիններից մեկը, ով գիտականորեն զբաղվել է Դավրիժեցու պատմագրքով, անվանի հայագետ Քերովբե Պատկանյանն է: Նրա եւ հորեղբորորդու` անվանի բանաստեղծ Ռափայել Պատկանյանի նամակագրության մեջ Դավրիժեցու պատմագիրքը հաճախակի է հիշատակվում: Քերովբե Պատկանյանը ծրագրել էր ռուսերեն թարգմանել «Գիրք պատմութեանց»-ն ու հրատարակել: Ռափայել Պատկանյանի նամակների հատորի ծանոթագրություններում այդ առթիվ կարդում ենք հետեւյալը. «Драгоценние камни, их названия и свойстба по понятию армян в XVII веке» աշխատության առաջաբանում Ք. Պատկանյանը գրում է, որ ձեռնարկել է «Կայսերական Ակադեմիայի հանձնարարությամբ Առաքել Դավրիժեցու (Թավրիզեցու) շատ հետաքրքրական պատմության տեքստը հրատարակելու գործին» եւ որ «այս հրատարակությունը Կայսերական Ակադեմիայի կարգադրությամբ ժամանակավորապես ընդհատված է»: Հետագայում նա այլեւս չի անդրադարձել Դավրիժեցուն, կամ եթե ամբողջությամբ թարգմանել է, ապա մնացել է անտիպ» [22]:

Անշուշտ, արժե առանձնակիորեն հիշատակել նաեւ Ղեւոնդ Ալիշանի վերաբերմունքը: Նա նույնպես բարձր կարծիք է հայտնել Դավրիժեցու մասին` շեշտելով, որ «թէ՛ իրմէ առաջի երկու երեք դարուց պատմիչներէն եւ թէ՛ իրմէ վերջնոց ամենէն լաւագոյնն է եւ կ’արժէ օրինաւոր Պատմչաց դասակցել» (ընդգծումը մերն է–Ա. Ն. ) [23]:          

Առաքել Դավրիժեցուն ու նրա պատմագրքին վերաբերող մյուս տարաբնույթ անդրադարձները հանգամանորեն ներկայացրել է Լորետա Դանեղյանն իր «Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր» (1978) մենագրությունում` նկատի առնելով ոչ միայն իրեն անհրաժեշտ պատմագիտական արժեքի գնահատման հատույթը, այլեւ ընդհանրապես [24]: Դանեղյանն իրավամբ նկատում է, որ «Թեեւ շատ հեղինակներ են անդրադարձել Դավրիժեցուն, սակայն քիչ են փորձերը` հանգամանորեն վերլուծելու նրա գործը, աշխարհայացքը եւ «Պատմության» հետ կապված շատ հարցեր» [25]: Նաեւ այդ պատճառով դրանց այստեղ չենք անդրադառնում եւ կբավարարվենք միայն հղումով առ Լորետա Դանեղյանի աշխատությունը, մանավանդ որ` այդ աշխատությանը մանրամասն ուսումնասիրման առումով շատ քիչ բան է հաջորդել [26], թեպետ իրար հետեւից հրատարակվել են Դավրիժեցու պատմագրքի աշխարհաբար թարգմանությունը (1988 թ., թարգմանիչ Վարագ Առաքելյան) եւ գիտաքննական բնագիրը (1990 թ., աշխատասիրությամբ Լենա Խանլարյանի), որոնք ուսումնասիրության առումով անգնահատելի հիմք են եւ մեծապես կարող էին նպաստել ու նպաստում են Դավրիժեցու հանդեպ գիտական հետաքրքրության մեծացմանը:

Գիտաքննական բնագրի` Լենա Խանլարյանի հեղինակած «Առաջաբանը» հմտալից ուսումնասիրություն է, սակայն ենթարկված է առաջաբանային հղացքի բոլոր օրինաչափություններին, այսինքն` ներառում է Դավրիժեցու պատմագրքի վերաբերյալ հնարավոր բոլոր կարգի տեղեկություններ ու վերլուծումներ, հետեւաբար` առկա խնդիրների քննությունը առավել հաճախ մնում է մակերեսային կամ ոչ բավարար խորության մակարդակին:

Ընդհանրապես` Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը քննաբանվել ու կիրառվել է ոչ միայն պատմագիտական աշխատություններում, գրականության պատմություններում ու տարբեր անդրադարձներում, այլեւ կերպարվեստի, փիլիսոփայության, գեղագիտության հարթություններում: Լ. Սահակյանն, օրինակ, գրում է, որ «Պատմական իրավիճակի քննարկումը, որն իրականացվում է... [Առաքել Դավրիժեցու] ... կողմից, տալիս է նրան բոլոր հիմքերը գնահատելու նաեւ որպես խորաթափանց պատմիչ-փիլիսոփա: Բանն այն է, որ հայ պատմագիրը պատմական փաստերը վերլուծելիս, ըստ էության, կատարել է փիլիսոփայական հարցադրումներ եւ ըստ այդմ արտահայտել մտքեր, որոնք, մեր գնահատմամբ, առնչվում են նաեւ «աշխարհագրական դետերմինիզմի» տեսությանը» [27]:

Նկատի առնելով ջուղայեցի համբավավոր նկարիչ Մինասի մասին Դավրիժեցու վկայագրություններն ու գնահատումները [28], Հրանտ Ապրեսյանն իր «Հայ գեղագիտական մտքի պատմությունից» ռուսերեն աշխատության մեջ գրում է. «Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ Դավրիժեցին մեկն է նրանցից, որոնք կարողացել են առավելագույն խորությամբ հասկանալ արվեստի մարդագիտական հատկությունը եւ իրական մարդկանց ու նրանց գործերը պատկերելու նրա հնարավորությունները» [29]:          

Այսուհանդերձ, գրականությունը պատմագիտության հետ մեկտեղ այն տարածքն է, որ հնարավորություն է ընձեռում Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը քննել ոչ թե սոսկ մասնավորությունների մակարդակով, այլ համակարգված մոտեցմամբ:

* * *

Մանուկ Աբեղյանը «Հայոց հին գրականության պատմություն» աշխատությունում այն հարցն է բարձրացնում, որ «Հայ պատմագրության ուսումնասիրությունը պահանջվում է նաեւ գրական տեսակետով», եւ հստակորեն տարբերակում-սահմանում է գրականի սահմաններն ու տեսակները. «Նրա (հայ պատմագրության–Ա. Ն. ) մեջ կան իսկական գրական երկեր, որոնք հորինված են գեղեցիկ ձեւով, հարուստ են գեղարվեստական տարրերով, պատկերավոր արտահայտություններով: Կան այնպիսիները, որոնց մեջ խառն են գրական եւ ոչ-գրական տարրերը, բայց կան ամբողջ հատվածներ, որոնք գրական արժեք ունեն: Այդպես են մանավանդ այն կտորները, որոնք ծագում են կամ ազդված են ժողովրդական վիպական բանահյուսությունից, կամ լի են հեղինակի քնարական զեղումներով, կամ որոնց հեղինակները ձգտում են գեղեցիկ հորինել, ճարտասանական ձեւերով ու բանաստեղծական պատկերներով» [30]:

Աբեղյանի բարձրացրած այդ խնդիրն իրականացվել է մասամբ, առավել հաճախ` 5-րդ դարի հատույթում, երբեմն` շատ թռուցիկ կերպով, հիմնականում այլ ուսումնասիրությունների համատեքստում` մասնավոր խնդրառություններով:

Սույն աշխատությունն առաջին փորձն է ոչ միայն Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունն իբրեւ գրական երկ քննելու, այլեւ ընդհանրապես առանձին պատմագրական երկին նմանատիպ մոտեցման առումով: Մեր համոզմամբ` գոնե հայ պատմագրության հատույթում միջնադարյան հայ գրականության քննաբանության բանասիրական շրջանն ավարտվել կամ գրեթե ավարտվել է, եւ ժամանակն է լրջորեն զբաղվել այդ երկերի գրականագիտական ուսումնասիրությամբ ու գնահատմամբ, որը նոր վերլուծումների մեկնակետեր է պարունակում: Այդ առումով, այս աշխատության մեջ փորձել ենք առավելապես գնալ գրականագիտական վերլուծության, քան բանասիրական պրպտումների ճանապարհով: Առաջնահերթ նշանակությունը տրվել է առկա տեքստին, իսկ բանասիրական բնույթի քննություններն ու զուգադրումներն արվել են խիստ անհրաժեշտության դեպքում միայն: Վերլուծության համար կիրառվել են թե՛ ավանդական, թե՛ արդի գրականագիտական մեթոդներ` սկսած պատմա-համեմատականից մինչեւ տեքստաբանական ու կառուցվածքային:

Աշխատության կառուցվածքն ինքնին բացապարզում է բուն խնդրադրությունը եւ պայմանավորված է Առաքել Դավրիժեցու
«Գիրք պատմութեանց» աշխատությունն իբրեւ գրական երկ կազմաբանող հատկականություններով: Ելնելով այն հանգամանքից, որ գրական երկը կազմաբանվում է նախեւառաջ ժանրային համակարգով, գրական տարբեր ժանրերի համադրական կիրառությամբ, գրական երկերին բնորոշ կառուցվածքային օրինաչափություններով եւ, բնականաբար, գեղարվեստական արժեքով, աշխատության երեք հիմնական գլուխներում նյութի ընձեռած հնարավորությունների սահմաններում քննաբանվում են` Դավրիժեցու Պատմության ժանրային նկարագիրը, կառուցվածքը եւ գեղարվեստական արժեքը: Նկատի առնելով այն պարագան, որ պատմագրական երկը համադրական է ոչ միայն իր ընդհանրականության մեջ, այլեւ մասնավորությունների պարագային, որոշ հարցադրումներ դիտարկվել նաեւ առանձին ամբողջության մեջ, ուստի` առանձնացված գլուխները հարկ եղավ բաժանել նաեւ ենթագլուխների:



[1]       Առաքել Դավրիժեցու կյանքի ու գործի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Վարագ Առաքելյանի «Առաքել Դավրիժեցի» (մահվան 300-ամյակի առթիվ) հոդվածը, «Պատմա-բանասիրական հանդես», 1970, համար 3, նույն հեղինակի «Առաջաբանը» Առաքել Դավրիժեցու «Պատմություն» գրքում, Երեւան, 1988, էջ 3–16, ինչպես նաեւ Լենա Խանլարյանի ընդարձակ ու հանգամանալից «Առաջաբանը» Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» գրքում, Երեւան, 1990, էջ 5–52: Ավելորդ չէ այստեղ նշել, որ ըստ Հրաչյա Աճառյանի ունեցած տեղեկությունների` «Առաքել վարդապետի տունը եւ գերդաստանը մնում են այժմ (1930-ական թթ. վերջերին–Ա. Ն. ) Թավրիզում (Ղալայի Ս. Աստուածածին եկեղեցու նրբանցքում) եւ կրում «Պատմագրեան» ազգանունը» («Հայոց անձնանունների բառարան», հատոր Ա, Երեւան, 1942, էջ 216):

[2]       Մայիս Ավդալբեգյան, Հայ պատմագրության ժանրային մի քանի առանձնահատկություններ, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, Երեւան, 1984, էջ 14:

[3]       Այդ մասին մանրամասն տե՛ս Լորետա Դանեղյան, Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, Երեւան, 1978:

[4]       Լորետա Դանեղյան, Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, էջ 11:

[5]       Մայիս Ավդալբեգյան, Հայ պատմագրության ժանրային մի քանի առանձնահատկություններ, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, էջ 7–8:

[6]       Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Երեւան, 1961, տե՛ս «Առաջաբանը», էջ ԿԷ:

[7]       Մասնավորապես` Անանիա Շիրակացու մատենագրության առիթով իբրեւ գրական հատկանիշ է դիտվում «շարադրելու արվեստը», իսկ Սեբեոսի աշխատության պարագային Աբեղյանը նկատում է. «... չունի սպեցիֆիկ գրական նշանակություն, որովհետեւ դա չի հորինված գեղարվեստորեն: Բայց դրա մեջ կան վիպակներ, զրույցներ, որոնք ծագում են բերանացի բանաստեղծական ավանդություններից, դրա համար եւ պատմված են մասամբ կենդանի ձեւով: Այդպիսի հատվածների մեջ Սեբեոսի աշխատությունը գրական նշանակություն էլ է ստանում » (տե՛ս Մանուկ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք առաջին, Անթիլիաս, 2004, էջ 406 - 415, ընդգծումը մերն է–Ա. Ն. ):

[8]       Ժենյա Քալանթարյան, Հայ գրականագիտության պատմություն (5–19-րդ դարեր), Երեւան, 1986, էջ 25:

[9]       Զավեն Ավետիսյան, Խորենացին մշակույթի գիտակցության մեջ, Երեւան, 2001, էջ 16:

[10]      Մանուկ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք երկրորդ, Անթիլիաս, 2004, էջ 64:

[11]      Նույն տեղում, էջ 441:

[12]      Հենրիկ Բախչինյան, XVII–XVIII դարերի հայ գրականությունը, Երեւան, 1999,
էջ 111:

[13]      Մանուկ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք երկրորդ,
էջ 446:

[14]      Նույն տեղում, էջ 448:

[15]      Նույն տեղում, էջ 453:

[16]      Գարեգին Զարբհանալեան, Պատմութիւն հայերէն դպրութեան ի պէտս ուսման ազգային վարժարանաց, Բ. Նոր մատենագրութիւն, Վենետիկ, 1878, էջ 171:

[17]      Հրաչիկ Միրզոյան, Առաքել Դավրիժեցու Պատմության առաջին հրատարակության մասին, «Բանբեր Երեւանի համալսարանի», 1971, թիվ 2, էջ 190:

[18]      Տե՛ս Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Երեւան, 1972, էջ 530:

[19]      Լորետա Դանեղյան, Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, էջ 34-35:

[20]      Զավեն Ավետիսյան, Խորենացին մշակույթի գիտակցության մեջ, էջ 3:

[21]      Տե՛ս, օրինակ, Զաքարիա Սարկաւագի Պատմագրութիւն, հատոր Ա, Վաղարշապատ, 1870, էջ 4, 6, 20, 26, 53, 63 եւ այլն, հատոր Բ, Վաղարշապատ, 1870, էջ 96–97 եւ այլն, հատոր Գ, Վաղարշապատ, 1870, էջ 6, 29, 31, 39, 42 եւ այլն:

[22]      Տե՛ս Ռափայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 6, Երեւան, 1970, էջ 589, Քերովբե Պատկանյանին գրած 1874, մարտի 5 թվակիր նամակի 1-ին ծանոթագրությունը:

[23]      Ղեւոնդ Ալիշան, Հայապատում, մասն Ա, Վենետիկ-Սուրբ Ղազար, 1901, էջ 131:

[24]      Լորետա Դանեղյան, Առաքել Դավրիժեցու երկը որպես Սեֆյան Իրանի XVII դարի պատմության սկզբնաղբյուր, էջ 34–46:

[25]      Նույն տեղում, էջ 37:

[26]      Այս իմաստով խոսուն է այն հանգամանքը, որ Մինաս Թեոլոլյանի` 1986-ին հրատարակած «Ի՞նչ կ՛ըսէ Առաքել Դավրիժեցի` 17-րդ դարու պատմագրային իր վկայութեանց եւ հայ մշակութային- դաստիարակչական կեանքին սեւեռող ակնարկներուն մէջ» հոդվածում («Հայրենիք», օրաթերթ, Բոստոն, 1986, համար 90) որպես Դավրիժեցու աշխատության մասին գրված ամենածավալուն ու արժեքավոր ուսումնասիրություն ներկայացվում է Առաքել Առաքելյանի «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն» աշխատության` 1964-ին լույս տեսած երկրորդ հատորի 519-559 էջերը, որոնք պատմողական-նկարագրական բնույթ ունեն սոսկ:

[27]      Լ. Գ. Սահակյան, Աշխարհագրական դետերմինիզմի տարրերը Առաքել Դավրիժեցու Պատմության մեջ, «Բանբեր Երեւանի համալսարանի», 2005, համար 3, էջ 151:

[28]      Ի դեպ, Ոսկան Երեւանցու հրատարակության մեջ այդ հատվածը պակասում է: Դա Հրաչիկ Միրզոյանը բացատրում է նրանով, որ «Ոսկանը գործելով ժամանակի ամենազարգացած երկրում` Հոլանդիայում, լավ ծանոթ էր հոլանդական առաջավոր ու բարձրարվեստ գեղանկարչությանը, որի համեմատությամբ Դավրիժեցու պատմածները նրան, հավանաբար, թվացել են միամտություն, իսկ դրանց տպագրությունը` ավելորդ» (Առաքել Դավրիժեցու Պատմության առաջին հրատարակության մասին, «Բանբեր Երեւանի համալսարանի», 1971, համար 2, էջ 192):

[29]      Г. З. Апресян, Из истории армянской эстетическиой мысли, том 1, Ереван, 1973. стр. 252.

[30]      Մանուկ Աբեղյան, Հայոց հին գրականության պատմություն, գիրք առաջին,
էջ 155: