Առաքել Դաւրիժեցու Պատմութիւնն

Հեղինակ

Բաժին

Թեմա

դ) Ժամանակային ընդգրկումների ձեւերը


Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը բովանդակավորում է պատմական կոնկրետ ժամանակ` մեծ ու փոքր իրադարձությունների հոսքով` հիմնականում 1602–1662 թվականների ընդգրկումով: Սակայն, եթե տեքստը թեկուզեւ փոքր չափերով հավակնում է գրական տարազումին, ապա նրանում ընդգրկված ցանկացած ժամանակային չափում սկսում է ենթարկվել տեքստի օրենքներին` վերաիմաստավորելով այդ հասկացությունը: Երեւույթը հատկական է նաեւ միջնադարյան գրական տեքստերի պարագային: «Հայ միջնադարյան պատմագիրների գործերում, գրում է Զավեն Ավետիսյանը, ժամանակը ընկալվում է երկու չափումով` բնական եւ պատմական: Պատմական ռեալ ժամանակը նրանք գրանցում են իրադարձության կոնկրետ տարեթիվը եւ ամիսը նշելով: Դեպքերի «առօրեական» ընթացքը նկարագրելիս պարտադիր կերպով նշում են տարվա եղանակը` գարուն էր, աշուն էր, ձմեռ էր եւ այլն: Իսկ երբ պատմիչների համար չի ճշտվում անցյալում տեղի ունեցած իրադարձության ստույգ թվականը, օգտագործում է «անհիշելի ժամանակներից» ձեւը» [1]:

Որպես պատմագիտական աշխատություն եւ իբրեւ ժանրի դրսեւորման վերջին շրջանի արգասիք, երբ մեծ տեղ էր տրվում ստույգ ժամանակագրությանը, «Գիրք պատմութեանց»-ում, բնականաբար, ժամանակը առավելապես դրսեւորվում է կոնկրետ թվականներով: Դավրիժեցին հավատարիմ իր պատմագրքի «Նախադրութիւն... »-ում տված այն հավաստումներին, թե «մեք յոլով աշխատութեամբ խոյզ արարեալ` զորս գտաք, կարգեցաք ընդ պատմութեանն եւ զթուականն եւս, եւ զորս ոչ գտաք, առանց թուականի պատմեցաք» (էջ 55), յուրաքանչյուր առիթի դեպքում նշում է կոնկրետ տարեթիվ` «Եւ ամին, յորում ետ շահն զգանձս զայս ժողովրդեանն Հայոց` էր թուականն մեր ՌԾԲ. եւ հասին մինչեւ ի թուականն ՌԿԲ, եւ յայնժամ... » (էջ 149), «Եւ եղեւ յաւուրս ժամանակաց, յորում էր թուականն մեր ՌԿԹ. զի թագաւորն Շահաբաս... » (էջ 157), «Զայս քարինքս յորժամ հանեալ յԷջմիածնէ ուղեւորեցին գնալ ի Սպահան` թուականն մեր ՌԿԳ էր, եւ յորժամ եհաս ի Սպահան փոխեալ էր տարին եւ մտեալ էր ի ՌԿԴ... » (էջ 191) եւ այլն, առավել հաճախ նաեւ` ամիս-ամսաթիվ` «ի մերում թուականիս ՌԼԵ. ի փետրվար ամսոյ Ի. » (էջ 59), «ի թուականութեան մերում ՌԾԲ. յօգոստոս ամսոյ ԺԴ. » (էջ 62), «Պատերազմն ի Հոկտեմբերի քսան հինգն եղեւ, եւ ինքն գնաց ի յԱմիթ` եւ մեռաւ` ի Փետրվարի ամսոյ վեցն» (էջ 102) եւ այլն: Կոնկրետ ժամանակի հանդեպ Դավրիժեցու նման վերաբերմունքը հետագայում մղել է այսպիսի գնահատականի. «Առաքել Դավրիժեցու պատմությունը ժամանակագրական մի ճշգրիտ վավերագրություն է, որի հեղինակը քիչ է մնում հիշատակի կատարված պատմական իրողության նաեւ ժամը» [2]:

Սակայն այս կոնկրետության հետ մեկտեղ ժամանակը հաշվվում է նաեւ որեւէ կարեւոր դեպքի կամ իրադարձության հենքով, որը եւս խորքում ժամանակային կոնկրետ դրսեւորում է: Ժամանակի հաշվման այս կերպն անպայման ենթադրում է տվյալ դեպքի կամ իրադարձության նախընթաց վկայագրություն, հակառակ պարագային` դա կլիներ անորոշ ժամանակ: «Եւ յետ առնելոյ Օսմանցոցն զԿոստանդնուպոլիս» (էջ 57), «Ի ժամանակին` յորում շահն զմեծ սուրգունն արարեալ» (էջ 183), «Եւ յաւուր միում յորժամ հանդէս արարեալ էր շահն... » (էջ 192), «Եւ ի ժամանակին` յորում եկն Սարդարն Օսմանցւոց` որում անունն էր Օքուզահմատ փաշայ ի վերայ Երեւանայ բերդին... » (էջ 193), «Յետ փախստեան Սահակ կաթուղիկոսին յաշխարհ տէրութեան Օսմանցւոց» (էջ 207) եւ այլն:

Ժամանակային մյուս միավորը շատ տարածված է միջնադարյան տեքստերում եւ հաշվվում է ըստ թագավորի գահակալության կամ մահվան, ինչպես նաեւ` կաթողիկոսի գահակալության կամ մահվան փաստի. «Մինչ կայր Թամրազ թագաւորն ի յերկրի իւրում... » (էջ 144) եւ այլն: Հաշվման այս կերպը շատ հաճախ առաձգական է ու հարաբերական, քանզի կոնկրետ ամրագրումներ չի արձանագրում:

Քիչ չեն դեպքերը, երբ Դավրիժեցին հիշատակում ե՛ւ թվականը, ե՛ւ այն իրադարձությունը, որով նշանավորվել է այդ թվականը. «Յորժամ էր թուական Հայոց ՌԽԹ, մեծ Սիմոն խանն, թագաւորն Վրաց, ապստամբեցաւ յՕսմանցւոց տէրութենէն... » (էջ 72), «Եւ նոր էր փոխեալ թուականն Հայոց եւ մտեալ ի ՌԾԴ յառաջնում ամսեանն Հայոց նաւասարդի, որ քշեցին զերկիրն» (էջ 79) եւ այլն:

Երբեմն Դավրիժեցին մեկ նախադասության մեջ ժամանակը ներկայացնում է իբրեւ վերը նշվածներով համադրված ժամանակ ` «Ի ժամանակս առաջնորդութեան Մելքիսէթ կաթուղիկոսին, յետ մեծ սուրգունին... (էջ 167): Այս կերպ հաստատագրվում է նաեւ տվյալ ժամանակաշրջանի կարեւորությունը:

Դավրիժեցին հաճախ է վկայագրվող իրադարձությունների ժամանակը թվագրում իրեն ժամանակակից լինելու գործոնով` «յաւուրս մեր կատարեցաւ այս խորհուրդ եւ մտածութիւն» (էջ 62), «Եւ այս բանս Շահաբասին` զոր ասացեալ է ընդ մեծամեծս իւր` այժմու ժամանակիս լցեալ կատարեցաւ յաւուրս մեր» (էջ 95), «եւ կայ հաստատ մինչ ցայսօր» (էջ 217) եւ այլն: Նույն կերպ զուգադրվում-զուգահեռվում են պատմագրքի գրության եւ նրանում վկայագրվող պատմության ժամանակները. «Եվ մինչեւ ցայժմ» (էջ 113), «Եւ այժմ յարդեանս ժամանակիս` որ է թուական մեր ՌՃԷ, յորում գրէաք զպատմութիւնս» (էջ 138), «եւ կայ անդէն մինչեւ ցայսօր» (էջ 177) եւ այլն:

Երբեմն պատմիչը մեկ պարբերությամբ պարագրկում է ժամանակը եւ ապա տալիս դրա պատճառաբանումը: Այսպիսի դեպքերում ժամանակը, ըստ էության, սեղմվում է. «Եւ այս ամենայն եղեալ է ի մէջ երկուց ամաց. վասն զի գալն Սրապիոն կաթուղիկոսին յէջմիածին եւ լինելոյ կաթուղիկոս. եւ ի նոյն ամի գալն շահին եւ ունելոյ զԹարվէզ` եւ զՆախչուան` եւ զԵրեւան, եւ դառնալոյ Սրապիոնին ի տեղի իւր, եւ այլ բանք` զոր յայսմ ճառի պատմեցաք, ի մէջ երկուց ամաց եղեալ է, որ էր թուականն մեր ՌԾԲ եւ ՌԾԳ» (էջ 76) եւ այլն:

Իբրեւ գրական հատկականություններով օժտված երկ` Դավրիժեցու պատմագրքին բնորոշ է նաեւ գեղարվեստական ժամանակ հասկացությունը, երբ ժամանակը որոշարկվում-հստակեցվում է ըստ տեքստ-շարադրանքի: Այդպիսի դեպքերում պատմիչն է տնօրինում ժամանակը. «Եւ արդ յետ այսց ամենից զոր պատմեցաք» (էջ 89), «Եւ մինչ ցայսօր եւ ցժամանակս, յորում հասաք... » (էջ 97), «Յետ անցիցս այսոցիկ» (էջ 142), «Յետ ժամանակաց անցելոց պատմութեանցդ` զոր յառայջ պատմեցաք» (էջ 180), «Զկնի ամենայնի այսոցիկ... » (էջ 200), «Եւ յաւուրս յայսոսիկ... » (էջ 205), «Դարձեալ ի սոյն ժամանակի» (էջ 216) եւ այլն:

Նշվածներից բացի, Դավրիժեցու պատմագրքում հանդիպում են բազմաթիվ այլ ժամանակային չափումներ, որոնք հենվում են տարաբնույթ աննշան իրադարձությունների, տեքստային-բովանդակային որոշ դրվագների վրա, ինչպես` «Բայց յետ ժամանակաց... » (էջ 144), «Եւ ապա յետ... » (էջ 146), «Յետ այսօրիկ... »       (էջ 177), «Զկնի այսց գործոց... » (էջ 188), «Իսկ ի ժամանակին յայնմիկ... » (էջ 195), «Եւ ամաւ միով յառաջն... » (էջ 204), «Եւ յետ սուղ ինչ աւուրց հասեալ էր» (էջ 205), «Եւ յետ աւուրց» (էջ 205), «Յայնժամ» (էջ 208), «յետ բանալոյ դրան եկեղեցւոյն» (էջ 228 ) եւ այլն:



[1]       Զավեն Ավետիսյան, Հայ պատմավեպի պոետիկան, Երեւան, 1986, էջ 47–48:

[2]       Առաքել Դավրիժեցի, Պատմություն, տե՛ս «Առաջաբանը», էջ 9: