Առաքել Դաւրիժեցու Պատմութիւնն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ա) Պատմության ոճական ընդգրկումները. պատմիչը, գրողը, ժամանակագիրը


Դավրիժեցու պատմագրքի ժանրային նկարագիրն ու կառուցվածքային օրինաչափությունները պայմանավորել են համապատասխան ոճական ընդգրկումներ: Վկայագրվող իրադարձության բովանդակությամբ, այդ իրադարձության շուրջ Դավրիժեցու տեղեկացվածության մակարդակով պայմանավորված` առաջ են մղվում կամ պատմիչը, կամ գրողը, կամ ժամանակագիրը: Թեպետ, ընդհանուր առմամբ, Դավրիժեցին թե՛ պատմիչ է, թե՛ գրող եւ թե՛ ժամանակագիր: Սա հատկապես ուշ միջնադարի պատմագրությանը բնորոշ ոճական ընդգրկումների համակարգ է:

Ոճական այդ ընդգրկումների տարբերությունները հատկապես ակնառու երեւում են աղբյուրներից օգտվելու դեպքերում: Դավրիժեցու աղբյուրները հիմնականում մանր ժամանակագրություններն են ու ականատեսների պատմությունները, որոնք նա գրի է առել: Եվ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Դավրիժեցին շատ հազվադեպ է նշում օգտագործած աղբյուրը եւ ապա` օգտագործելուց էլ փոփոխում է, լրացնում նրանում առկա տվյալները:

Հատկանշական է, որ «Նախադրութիւն... »-ում Դավրիժեցին ոչ միայն «Գիրք պատմութեանց»-ի կառուցվածքի յուրահատկություններն ու բովանդակային ընդգրկումներն է ներկայացրել, այլեւ ոճական սկզբունքները` հիմք ընդունելով ստույգ ժամանակագրությունը: Բայց բացի ստույգ ժամանակագրությունից, Դավրիժեցի-պատմիչին մտահոգում են նաեւ բազմաթիվ այլ գործոններ: Նա հոգում է, որ վկայագրված փաստն ու իրադարձությունը լինեն հավաստի, ինչպես նաեւ ունենան էական արժեք ու հետաքրքրեն թե՛ ժամանակակիցներին, թե՛ գալիք սերունդներին: Ճիշտ է նկատված, որ. «... պատմության մեջ չկա մի դեպք, որ իրողություն չլինի եւ չկրի ժամանակի համար էական լինելու պարտադրանքը» [1]: Հատկապես իր ժամանակակիցներին օգտակար լինելու հանգամանքով է պայմանավորված այն, որ Դավրիժեցին ակնհայտորեն չի խուսափում իր ժամանակը մատնող լեզվից ու ոճից, ինչը կարծես թե անհարիր պետք է լիներ հայ դասական պատմագրության հետեւորդի համար: Այնինչ, նկատում է Վարագ Առաքելյանը` «Գեղջկական այս պարզությունը արատ է գիտական պատմագրության համար, բայց սա չի ասված 17-րդ դարի համար... » [2]:

Դավրիժեցին նաեւ գրող է, քանզի պատմիչի պես պրպտելով ու գտնելով անհրաժեշտ նյութը` նա այն առավել հաճախ մատուցում է իբրեւ գրականություն` նկատի առնելով ժանրային պատկանելության ցուցիչները, ժանրային նկարագիրը, պատումի ոճն ու լեզուն եւ այլն: Բավական է համեմատել ցանկացած սկզբնաղբյուր, եւ Դավրիժեցու պատմագրքի` դրան համապատասխան հատվածը` ըմբռնելու համար նույն իրադարձության ներկայացման գաղափարագեղագիտական տարբերությունները, ինչպես նաեւ նյութը գրականացնելու Դավրիժեցուն բնորոշ նրբությունները: [3]

«... Գիտական «պայմանավորվածությամբ» պատմագիտական ժանրի սահմանները նեղ հատկանիշներով չեն եզրագծվում, այս առումով նկատում է Աշոտ Ալեքսանյանը, որովհետեւ պատմագրության մեջ, զուտ գեղարվեստական վերարտադրության ոլորտների ժանրային կառույցների հետեւողությամբ, ընդհանուր պատումի գեղաձեւման պրոցեսում էական տեղ է հատկացվում հեղինակային անհատականությանն ու անկրկնելիությանը: Եվ որքան էլ մի պատմիչը ձգտի նմանվել մեկ ուրիշին, միեւնույն է, նրա ստեղծագործությունը մշտապես միջնորդավորված է սեփական անհատական պատմագիտական ու ոճագիտական ըմբռնումների շրջանակով» [4]:

Բացի այս` Դավրիժեցին հաճախ է կատարում տվյալ պատմական դրվագին սեփական ներկայության վկայագրումներ` վերհանելով նաեւ աշխատանոցային մանրամասներ: Ինչպես` «Եւ դու այսու երկու բանիւս` զորս վասն օրինակի գրեցի քեզ` զամենայն կիրս վտանգիցն ի միտ ածեալ գիտասցես` զոր կրեն քրիստոնեայքն ի յօձաբարոյ ազգէն Պարսից» (էջ 96), «Արդ` աստանօր պարտ է մեզ սքանչանալ եւ հիացմամբ զարմանալ ընդ հատուցումն գործոցս` որ կատարեցաւ ի վերայ Մելքիսէթ կաթուղիկոսին» (էջ 188) եւ այլն: Սա այնպիսի հնարք է, որ յուրովի համադրում է պատմիչին ու գրողին, քանզի այդ կերպ Դավրիժեցին նախ` ցուցանում է սեփական վկայագրությունների հավաստիությունը պատմագիտական տեսանկյունից, մյուս կողմից` ստեղծում է իր` հեղինակի կերպարն ամբողջացնող մանրամասներ, որն արդեն գրական իրողություն է, գրական տեքստի ցուցիչ:

Ժամանակագրությունը Դավրիժեցու պատմագրքի առանցքն է: «Այլ եւ գիտելի է, զի ըստ պահանջելոյ հարկին աստանօր պարտ է դնել զթուականն իբր զհիմն, եւ ապա յարել ի նոյն զպատմութիւն որպէս զշինուածս, ըստ օրինի պատմագրաց: ... մեք յոլով աշխատութեամբ խոյզ արարեալ` զորս գտաք, կարգեցաք ընդ պատմութեանն եւ զթուականն եւս, եւ զորս ոչ գտաք, առանց թուականի պատմեցաք» (էջ 55), ընդգծում է պատմիչն իր պատմագրքի «Նախադրություն... »-ում:

Ժամանակագրության գերակայությամբ պատմության վկայագրության առումով Դավրիժեցին հետեւում է ոչ միայն Քերթողահոր պատվերին, այլեւ պատմագրության ժանրային տվյալ փուլի հանգրվանային կացության օրինաչափությունն է արձանագրում: Այլ հարց է, որ Դավրիժեցին ժամանակագրությունն ընկալում է երբեմն սոսկ թվագրումների արձանագրման մակարդակով: Այս առումով նրա պատմագրքում առկա պարսիկ թագավորների ու հայոց կաթողիկոսների գահակալության ցանկերը, մեր կարծիքով, ոչ այնքան չիրագործված հղացքի` մանրամասն հյուսվածքի նշագրումներ են, ինչպես գրեթե միշտ մեկնաբանվել է, այլ պարզապես նյութի մատուցման գիտակցված կերպ: Կարծում ենք` այս առումով փոքր-ինչ չափազանցված է այն տեսակետը, թե «Առաքել Դավրիժեցու երկի ուսումնասիրությունից հանգում ենք այն համոզման, որ այն բովանդակում է ոչ միայն XVII դարի առաջին կեսի պատմական իրադարձությունների ժամանակագրությունը, այլեւ կես դարից ավելի ընդգրկող պատմական ժամանակաշրջանը ներկայացված է խորը վերլուծությամբ, իմաստուն մեկնաբանություններով, ներկայի համար` արժեքավոր հետեւություններով» [5]: Չափազանցված` ժամանակագրության գործոնի ընդգրկման պարագային, քանզի այն, որպես այդպիսին, պարզապես թվագրություն է, ոչ թե վերլուծություն: Ժամանակագրություն տարազումից զերծ մնալու դեպքում` բերված տեսակետը իսկապես հատկանշական է Դավրիժեցու պատմագրքի համար:



[1]       Առաքել Դավրիժեցի, Պատմություն, տե՛ս «Առաջաբանը» էջ 8:

[2]       Նույն տեղում, էջ 15:

[3]       Հմմտ., օրինակ, մեծ գաղթի Դավրիժեցու նկարագրությունը «Գիրք պատմութեանց»-ի «Յաղագս ամենափարթամ գիւղաքաղաքն Ջուղայու յերկիրն Պարսից» վերնագրով Ե գլխում, եւ Ավգուստինոս Բաջեցու «Ճանապարհորդութիւն յԵւրոպայ» ուղեգրության համապատասխան հատվածները (տե՛ս «Նշխարք մատենագրութեան հայոց», Ս. Պետերբուրգ, 1884, էջ 6–9), որն, ըստ Աշոտ Հովհաննիսյանի` «հանդիսացել է Առ. Դավրիժեցու աղբյուրներից մեկը» («Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության», գիրք երկրորդ, էջ 85):

[4]       Աշոտ Ալեքսանյան, Հայ միջնադարյան նամակը (IV–XIV դարեր), էջ 112–113:

[5]       Լ. Գ. Սահակյան, Աշխարհագրական դետերմինիզմի տարրերը Առաքել Դավրիժեցու Պատմության մեջ, «Բանբեր Երեւանի համալսարանի», 2005, թիվ 3, էջ 150: